Ծով մը կապույտ կը ծավալի
Աչքերուդ մեջ, ուր չըկա սեր,
Ծով մը հանդարտ, ըզմայլեի,
Ուր կը ցոլան ցայտուն լույսեր.
Բայց ըզգացումն հոն կը հալի
Ինչպես տաքին՝ պատառ մը սեր:
Երբեմն անկե կ՚անցնին բարակ
Ճառագայթներ պայծառ ու ջինջ,
Ջըղուտ հոգվույդ ցոլքեր կըրակ
Երևույթով մ՚աղվոր, անջինջ.
Բայց կը մարին անոնք արագ,
Ինչպես հովին դեմ կայծ մ՚ոչինչ:
Մերթ ծաղիկներ կ՚ըլլան փափուկ
Գորշ կապույտով մանուշակին,
Այնքան նըրբին և խուսափուկ
Որ չունին գույն որոշակի.
Բայց կը թափին ինչպես հափուկ
Դաժան շունչին դեմ խորշակի:
Օր մ՚ալ տեսնես շատ են հոնգեր
Մեծ թախծի խոհով մ՚անանց.
Արցունքներու տակ կայլակներ
Թարթիչներդ կը մաղվին թաց.
Որ կը թըվին սև ժանյակներ
Գոհարներու շարքով բանված:
Աշխարհներ են աչքերդ անհուն,
Ուր կան լույսեր, հույզեր հըսկա․
Սառույց, հըրդեհ, բոցեր փայլուն,
Ժըպիտն ու հույս չեն բացակա․
Կուգան, կ՚անցին անկե սահուն
Գութն ու արցունք․ լոկ սեր չըկա։