Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար

Վահան Տերյան


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...

Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չկանչել,
Ու չխռովել բերկրանքդ հստակ...