Առավոտ (1908)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Դժար տարի Առավոտ

Հովհաննես Թումանյան

«Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար...»



ԱՌԱՎՈՏ


Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,

Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։


1908