Սեւ ստվերների միջով սլացող
սեւ քաշին մատնեց ճերմակը կտցի՝
Սպիտակ մի ձու՝
գողացված վայրի հավքերի բնից։
Քարացա մի պահ
եւ րոպեական մի խոր լռությամբ
ես հիշատակն եմ հարգում այն հավքի,
որ պիտի մի օր դուրս գար այդ ձվից
ու իր թեւերով
զարդարեր ջինջ կամ ամպոտ երկինքը,
մեր անտառները ու ժայռերը մեր,
ինչու չէ՝ նաեւ մեր հանդիպումը
երկնքի տակ նույն։
Անտառը դրան նայում է անթարթ
ու սովորական.
վիրավորված եմ զգում ինձ սաստիկ։
Սրտիս ծակոցը
(անտառը չունի՞ նման ապրումներ)
ուր-որ է ասես սպանելու է ինձ.-
երեւի հեռվում
(ինչ գիտեմ՝ որտեղ),
տղան ուզում է առաջին անգամ
սիրած աղջկա շուրթերն համբուրել,
եւ աղջիկը իր դեմքը շրջում է։
Ամենաբարձր կետում ծմակի
վանքի հին պատին
իր ժամն է «խփում» քարին քանդակված
անխաբ արեւի ժամացույցը հին,
բայց ո՞վ է, արդյոք,
ո՞վ է նրանով իր ժամն ստուգում։
Սեւ ստվերներում՝ սպիտակ մի օր...