Jump to content

Առյուծի սթափումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առյուծի սթափումը

Առյուծի սթափումը


Այդ ծանըր լուծը մինչև ե՞րբ կըրեք—
Դարավոր լուծը անգութ չար տաճկաց,
Ըստըրկի կյանքին մինչ ե՞րբ համբերեք
Ու ծանակ լինիք դուք օտար ազգաց։

Մինչև ե՞րբ ձեր սուրբ սեղան ու խորան[1]
Գերեզմանք, մատրունք[2], սուրբ եկեղեցիք—
Պիտ լինին քուրդի պիղծ ոտից կոխան,
Մինչ ե՞րբ ձեր վրա պիտ թըքնեն մարդիկ։

Մինչև ե՞րբ անմեղ, մաքուր հայ կույսեր,
Մինչև ե՞րբ պարկեշտ, ամոթխած կնանիք
Պիտ լըցնեն թուրքաց զազիր հարեմներ․—
Այս նըվաստ կյանքը մինչ ե՞րբ պիտ տանիք։

Մինչ ե՞րբ վաստակիր արյուն-քըրտինքով
Ու անտանելի բեռի տակ թեքվիր,
Մինչև ե՞րբ լըլկե[3] սոսկալի ձեզ սով,
Մինչ ե՞րբ կողոպտվիր, մինչ ե՞րբ կեղեքվիք։

Մինչև ե՞րբ պիտի պարզամիտ լինիք
Ու անասունեն օր անցնուք դուք վատ,
Մինչ ե՞րբ խոստմունքով դուք պիտի խաբվիք,—
Չի մընաց ձեր մեջ ոչ հույս, ոչ հավատ։

Չի հասա՞վ ժամը, ժամը սոսկալի
Սոսկալի վըրիժու, արդար հատուցման,
Վերջին ժամ՝ ամեն հայի ցանկալի,
Կենաց ժամ և կամ ժամ ազնիվ մահվան։

Դե՜հ, ելե՛ք, հայեր, ոտքի կանգնեցե՛ք,
Ահա թըշնամին կա ձեր հանդիման,
Ջըլոտ ձեր բազկաց ուժը փորձեցեք,
Ինչպես սովրեցուց ձեզ Քաջըն-Վարդան։

Գիտեմ՝ զենք չունիք․ բայց մի՛ սարսափիք,
Առե՛ք ինչ հանդեպ կա՝ կացին, խոփ, բահ,
Սուտ-պարծուկ և ոչ արի է տաճիկ,
Հուժկու ձեոքերով արե՛ք խեղդամահ։

Գիտեմ՝ անտեր եք, չունիք կարեկից,
Բայց մի՛ վըհատիք ու մի՛ սոսկացեք,
Սերն ազատության է ձեր զինակից,
Հուսով փըրկության քաջալերվեցե՛ք։

Ուր և կոխեք ոտք․ մահ սերմանեցե՛ք,
Ցըմահ կըռվեցեք, հարե՛ք անխընա․
Գոռ դաշտեն—մի՞թե երբեք լսած չեք,
Որ ստրուկն ազատ մարդ կըվերադառնա։

Ու գոռաց երկինք, գոռացին սարեր,
Հա՛, ծածանեցավ հայկական դրոշակ,
Արյամբ լըցվեցան հայրենյաց ձորեր—
Շուտ ազատության է բարի գուշակ։

Ահա՛ ոսոխներն իրար դիպեցան—
Վարձկան դահիճներն ու ազատ որեար[4]․․․
Հա՜յ, քեզ լըլկողին արա ցիր ու ցան
Հա՜յ, արագ շարժե մանգաղ ու տապար[5]։

Հա՛յ-մարդ՝ պըստիկ ճիգ, էլի պըստիկ գրոհ,
Ջարդ-բուրդ արա՛, մի՛ կորցնիլ հույս, հավատ,
Էլի՛ փոքր ինչ մահ, էլի՛ փոքր ինչ զոհ,
Եվ․․․ սուրբ Հայաստան կըկանգնի ազատ։



Տողատակեր

[խմբագրել]
  1. խորան (եկեղ․) — փոքրիկ սենյակ բեմի երկու կողմերում․ տաճարի բեմ, փոքրիկ վանք, մատուռ
  2. մատուռ- որևէ նահատակի թաղված տեղում կամ նրա հիշատակին կառուցված փոքրիկ եկեղեցի, առհասարակ՝ փոքրիկ աղոթատեղի․ մատրունք– մատուռներ
  3. լլկել- դաժան չարչարանքներ՝ տառապանքների ենթարկել
  4. որեար, որյար (հին բնստ․)- մարդկանց խումբ, մարդիկ․ մեծամեծներ, ավագանի
  5. տապար- կացին