Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անմեղ օրիորդ, կուսից թագուհի,
Ուստի՞ տվեցար պարգև աշխարհի.
Հրեշտակաց խմբե՞ն եկար դու աշխարհ,
Թե քեզ կի՞ն ծնավ, մարդն այն արհամարհ:
Ոչ այնքան սիրուն վարդիկը գարնան
Լցված նոր շաղով մարգարտանման,
Որքան քու այդ դեմք, ուր ինչպես աստղունք
Քո սեգ, սևաթույր կշողան աչկունք։
Այն ո՞ր նորափթիթ գարնան մանիշակ
Թո համեստության կելնի հակառակ
Եվ ո՞ր զարդարանք հարուստ բնության
Քո չքնաղ շնորհաց կփայլի նման։
Մերթ ինչպես կաքավ թեթև քայլերով
Եվ տատրակ ոստմամբ ճեմես անխռով,
Մերթ ինչպես զգույշ, երկչոտ եղջերու,
Աջ ձախ կնայես միշտ ինձմե հեռու։
Այդ զգուշություն չէ քո բնական,
Այլ պտուղ միամիտ խրատուց մայրական,
Որ բնության վառած սուրբ սերն անբիծ
Կջանա խլել քո մատաղ սրտից։
|
|
Թող հոգնեն զուր տեղ և թող անդադար
Քեզ կաշկանդելու որոնեն հնար.
Բայց քո այդ քնքուշ ու զգայուն հոգին
Խլել սիրո գրկից չեն կարող բնավին։
Գուցե ես միայն մնամ քեզնից զուրկ,
Սիրույդ ցողելով հորդահոս արցունք.
Քո սիրտը անշուշտ կգրկե զայլ ոք,
Ինձ թողլով հավերժ հուսահատ մորմոք:
2 մարտի, 1876
Շուշի
|
|
|
|