Ես մտա ընդարձակ պահի մեջ, եւ այն դարձավ
կրկնակի դատարկ՝ իմ ներսում ոչ մեկը չկար։
Աչքերս փորձում են լույսի
սերմեր ցրել անհայտի
մութ շավիղներում։ Սերմագող երամների աղու չվերթ։
Կենդանիների մեջ մարդիկ ամենադյուրին վարժվողներն են,
սովորեցինք անՍեւակ, անՍարյան, անՇիրազ,
անՍահյան, անՎազգեն, հիմա էլ՝
անՀրանտ Երեւանին... Այսպես
գնում ենք դեպի Երեւանն անԵրեւան,
Հայաստանն անՀայաստան։
Ամեն հայ արքա է, ասում են,
դրա համար դարեր շարունակ
Հայաստանը արքա չի ունեցել։
Թշնամիներ՝ որքան ուզես, եւ եթե Դավիթը զարկեր է
բաշխել Մսրա Մելիքին՝ միայն մեկը պահելով իրեն, ապա
մենք այդ մեկն էլ (ինչ շռայլ հոգի ենք՜) նվիրում ենք, որ
մեր մեջ ապրող մեր
ոսոխը մեզ զարկի մեզավարի. կուռդ՝ դալար։
Եթե ինքս ինձ հետ ես դաշնություն եմ կնքում մի քանի
վայրկյանով, հանգիստ եղեք, դա երբեք էլ
ուղղված չէ որեւէ երրորդի դեմ։
Պարամերկ օրեր։
Հրաբխի վրա
բացված ծաղիկ, բեր, համբուրեմ թերթիկներդ։