Jump to content

Ավերակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ավերակ


Որպես վաղեմի մի ավանդություն
Կամ շքեղ երազ անմեղ մանկության,
Կենդանանում է այսօր իմ մտքում
Խրոխտ ավերակն նախնյաց մեծության.
Այստեղ բեկորներ վսեմ արվեստի,
Այնտեղ հիշատակն արքունի փառաց,
Եվ վկայարան սրբազան ուխտի,
Եվ տխուր հետքը մեծաշուք կենաց...

Օ՜հ, այսպես ողջ մեր կյանքն է վաղանցիկ,
Ողջը լոկ ծաղր է անսիրտ բնության,
Եվ սեր, և հրճվանք համայն գեղեցիկ
Զոհ է ավերի և մոռացության,
Ինչպես պատրանքը հեշտասիրության,
Ինչպես գրգիռը պատանու արյան,
Խաբուսիկ ժպիտն աշնան արևու, —
Բոլո՛րը վաղն է անհետանալու։

1884