Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ
Արաբ հայրենասերներուն
Ես ըլլայի պարման մը վառ,
Դուն ըլլայիր սիրունատես
Պարմանուհի արևավառ,
Ատելությո՛ւն, չէի նայեր
Ես երեսիդ քու հրակեզ։
Ես ըլլայի ճամփորդ ծարավ,
Դուն ըլլայիր ճամփուս աղբյուր,
Կյանքս ըլլար վաղազրավ,
Ատելությո՛ւն, չէի ըմպեր
Ես ջուրերուդ կաթիլն անգամ։
Նույնիսկ եթե նայադներու
Վարդ շուրթերուն ըլլայիր երգ,
Կարկաչեիր, որպես համերգ,
Ատելությո՛ւն, կը փակեի
Քու կանչիդ դեմ ականջներն իմ։
Այսօր սակայն, երբ կան մարդեր
Բնազդներով ավազակի,
Խուցերու մեջ մահահրավեր
Երբ կը նետվին տղաք լուսե,
Ազատության զինվոր արի,
Քաղաքներ կան ավեր, ավար,
|
|
Ու մահը երբ բռներ է պար,
Հոգիս քեզմով, միայն քեզմով
Մկրտվիլ կուզե այսօր
Օ՜, սրբազան ատելությո՛ւն։
Թեկուզ ըլլաս պոայի թույն,
Ատելությո՛ւն, ատելությո՛ւն,
Այսօր կուզեմ ունենալ քեզ
Բջիջներուս արևակեզ,
Որ բռնկիմ մոլեգնորեն,
Մոլեգնորեն որ բռնկին
Ազատության բոցերն ամեն,
Որ այն ատեն քեզի համար
Նաև անոնց, որոնք մեր մեջ
Քեզ ունենալ ստիպեցին՝
Դնենք անշուք տապանաքար…։
|
|