Jump to content

Արաղ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Արա՜ղ, արա՜ղ, ճաճի արաղ,
Ջանս կանեմ քեզի մատաղ,
Գինին ի՜նչ է, որ քեզ հասնի
Եվ քեզ նման գործեր տեսնի:

Դու ձեռաց մարդ կտաքացնես,
Մերկին շապիկ կհագցնես,
Թեպետ արժեքդ քիչ թանկ է,
Համա զորքդ մեծ մահանակ է:

Ճրագից զորեղ լույս կուտաս,
Փակված դռներից դուրս կուգաս,
Ով որ դարդից կտքտքա,
Նորան մեկ թասդ կյանք կուտա:

Օրհնյալ մնա էդ զավոդդ,
Ափսոս դառն է համդ, հոտդ.
Ինչ մարդ միշտ քեզ ուխտ է գալիս,
Նա շատ հեշտ է հոգին տալիս:

Մեջդ մի մեծ զորություն կա,
Կոնծող մարդը ջուխտ պար կուգա,
Թեև ճամփու լավ ընկեր ես,
Բայց թե փորձանք էլ կբերես:

Մեկն էլ գինին է շատ գովել,
Գինու տկճորն է թոթովել․․․
Թեկուզ արաղ, թեկուզ գինին,
Երկուսն էլ մեծ պատիվ ունին:

Շերամն էլ համիդ զուրկ մնաց,
Եկավ աշխարհ, դարձավ գնաց,
Ինչ որ ցանեց, այն չքաղեց,
Զուր ջանքերով սիրտը դաղեց:

1932