Արամբին/I

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բովանդակություն Արամբին

Ալեքսանդր Շիրվանզադե

II
[413]
Ա Ր Ա Մ Բ Ի Ն
Վ Ե Պ
I

Առավոտյան տասն ու մեկ ժամն էր։ Այրի Նատալիան զգուշությամբ բաց արավ յուր երիտասարդ կենողի սենյակի դռներն և հարցրեց․

— Պարոն Ռոստամյան, սուրճ կկամենա՞ք անուշ անել։

— Ուղարկեցեք մի բաժակ,— ասաց Ռոստամյանը, որ սեղանի մոտ նստած, զբաղված էր գրությամբ։

Այրին դռները ծածկեց և մի րոպեից հետո կրկին երևեցավ, երկու ձեռներով բռնած մի մատուցարան, որի վրա դրած էին մի բաժակ սուրճ և մի բուռ քաղցր պաքսիմատ։

— Այսօր ես եմ եփել, Պետրեն միշտ փչացնում է,— ասաց նա, և բաժակը վերցնելով, հանդիսավոր կերպով դրեց Ռոստամյանի առջև։

Մինչև բաժակն դատարկելն, այրին, նստած յուր կենողի դեմ ու դեմ, նայում էր նրա երեսին։

— Հավանեցի՞ք,— հարցրեց նա, երբ Ռոստամյանը շտապով խմեց սուրճն ու վերջացրեց։
[414]

— Շնորհակալ եմ, շատ լավն է,— պատասխանեց վերջինն և գրիչը վերցրեց։

Մի քանի րոպե, դատարկ բաժակը ձեռին, այրի Նատալիան անշարժ կանգնած էր և մտիկ էր անում յուր երիտասարդ կենողին։ Վերջինը, կարծես, մոռացած նրա ներկայությունը, գլուխը քաշ, մերթ գրում էր, մերթ մտածում։

— Ստեփան Գրիգորիչ,— արտասանեց այրին, բաժակը դնելով սեղանի ծայրին և ինքը նորից տեղավորվելով աթոռներից մեկի վրա։

Ռոստամյանը գլուխը բարձրացրեց և նայեց այրիի երեսին։

— Ստեփան Գրիգորիչ, բավական է, ասում եմ ձեզ, բավական է, մեղք եք, աստված վկա մեղք եք։ Ես չեմ ասում, թե մի գրեք ու կարդաք, է՜հ, ինչքան ուզում եք պարապեցեք, բայց մի քիչ էլ ձեր առողջության մասին հոգացեք։ Չէ՛, որդի, այդպիսով դուք վերջը ձեր սիրտը կմաշեք, ես ձեզ սիրելուց եմ ասում։ Ա՛յ, այդպես էր, իսկ և իսկ այդպես էր իմ Գիգոլն էլ, բայց վերջն ի՜նչ եղավ․․․ Ախ, Գիգո՜լ Գիգո՜լ․․․

Այրիի դեմքն արտահայտեց խորին դառնություն, աչքերի մեջ փայլեցին արտասուքի կաթիլներ։ Ռոստամյանը լուռ տհաճությամբ լսում էր նրա խոսքերը։

Երկարատև նստակեցությունը, ծանր մտավոր աշխատությունը, ձմեռային անքուն գիշերները միևնույն սեղանի քով, միևնույն գործով — երեսնամյա երիտասարդի դեմքի վրա դրոշմել էին ծերության առաջին կնիքը։ Նրա երեսի թուխ կաշին տեղ-տեղ — աչքերի ներքո, միշտ սեղմված բերանի անկյուններում — նշմարելի կերպով կնճռվել էին։ Իսկ ուղղագիծ, սակավ ինչ սրածայր քթի կողմերից սկսած դեպի վայր գծավորվել էին երկու խորշեր, իբրև տոկուն աշխատության և մտքերի հարատև լարման ապացույց։ Այս էր, որ մելամաղձային արտահայտություն էր տալիս նրա դեմքին։ Բայց արտաքուստ վաղաժամ թառամած երիտասարդի խոշոր մուգ-շագանակագույն աչքերի մեջ փայլում էր մի տեսակ մանկական անմեղություն, որ մանավանդ գրավիչ էր, երբ նա ժպտում էր կամ ծիծաղում։ Մարմնապես տակավին նա առողջ էր զգում իրան։ Աշխատում էր որպես լարված մի մեքենա։ Օրվա
[415]
մեջ տասն ու չորս ժամ պարապելը նրա համար սովորական էր, իսկ ձմեռը — երբեմն ավելի։

Այրի Նատալիան ակնհայտ փաստերով հաստատում էր, թե երիտասարդը չպիտի այդ տեսակ կյանք վարի, թե «մարդ մի անգամ է ծնվում, ոչ թե երկու անգամ», թե հարկավոր է, որ նա աշխարհի զվարճությունների մասին էլ մտածի։ Եվ բարեսիրտ կինն ուղիղ չորս տարի էր, որ այսպես խրատում էր նրան, մայրական անկեղծ ցավակցությունից դրդված։ Հայտնի էր նրան, որ Ռոստամյանը մի պանդուխտ երիտասարդ է, զուրկ ծնողներից, հեռու ազգականներից, միայնակ, ինչպես լերկ ժայռի ճակատին բուսած մի վայրենի ծառ։ Այրին ինքը, բացի մի ամուսնացած աղջկանից, ուներ մի որդի, որ ուսանում էր Պետերբուրգի համալսարանում։ — Միայն մի արու որդի, իսկ մյուսը, որ անդրանիկն էր, մեռել էր ուսանող ժամանակ։ Այրին յուր Գիգոլի վաղահաս մահը վերագրում էր ուսմանն և գրքերին։ Մորմոքվում էր նրա սիրտն, երբ մտածում էր, թե նրա միակ Գաբոն ևս այժմ նույն կյանքն է վարում, ինչպես մյուս եղբայրն և ինչպես ահա այս երիտասարդը։ Ուստի, խրատելով Ռոստամյանին, նրան թվում էր, թե խրատում է և՛ յուր հարազատ որդուն, թե այն, ինչ որ ասում է առաջնին, հասնում է և՛ վերջնի լսելիքին։ Ո՛րպիսի քնքշությամբ նա աշխատում էր մեղմացնել այն պաղությունը, որով շրջապատել էր իրան այդ մենակյացը։ Բայց ապարդյուն, համառ մենակյացը, բացի յուր գրքերից, ձեռագրներից և սենյակի չորս պատերից, եթե սիրում էր մի ընկերություն, այդ յուր ներքին աշխարհն էր։

Ապարդյուն մնաց և այսօր այրի Նատալիայի մայրական հանդիմանությունը։ Նա մատուցարանը վերցրեց և լուռ դուրս գնաց, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով, որ արտահայտում էր և՛ սաստիկ տարակուսանք, և՛ անկեղծ սեր, և՛ երկյուղ։ Մի փոքր անցած՝ նա դարձյալ ներս մտավ, այս անգամ հագնված-պատրաստ ուր որ է գնալու համար։

— Ստեփան Գրիգորիչ, այս բանալին էլի թողնում եմ ձեզ մոտ,— ասաց նա, մի մեծ բանալի դնելով Ռոստամյանի սեղանի ծայրին,— ես գնում եմ Կատոյի մոտ․ Պետրեին էլ հետս տանում
[416]
եմ։ Եթե բնակարանն ուզող լինի, գինը խոմ գիտեք, մի կոպեկ էլ չպակասեցնեք հիսուն մանեթից։ Լսո՞ւմ եք, մի կոպեկ էլ։

— Շատ լավ։

Այրին գնաց, Ռոստամյանը, յուր ընդհատված մտքերն ամփոփելու համար, մի քանի վայրկյան դժգոհ հայացքը ձգեց լուսամուտից դեպի դուրս։

Գեղեցիկ էր այն օրվա եղանակը։ Այդ — ձմեռավերջի այն օրերից մեկն էր, երբ մարդու սիրտը լցվում է անորոշ անձկությամբ, և նա հոգով ձգտում է օրով առաջ դեպի գարուն։ Պարզ, անխառն էր երկինքը․ մի շաբաթ էր, որ նա չէր սքողվում ամպերով։ Միայն հյուսիսից երբեմն բարձրանում էին մոխրագույն թուխպեր և տարածվում հորիզոնի ստորին կողմերում, բայց կեսօրվա դեմ, հանդիպելով օդի ջերմ հոսանքին, ինքն ըստ ինքյան արագ չքանում էին երկնային տարածության մեջ։

Նույն վայրկյանին, երբ Ռոստամյանը նայում էր դեպի դուրս, նրա լուսամուտը առջևով, զորեղ ձեռքից արձակված քարերի պես, սլանում էին սրաթռիչ ճնճղուկները, խաղաղ օդը շարժելով իրանց թևերի արագ հարվածներով։ Ախտաբորբոք աղավնիների մի երամ, դիմացի ցածրաշեն տան կտուրի վրա նստած, կտցահարում էր միմյանց։ Ամեն ինչ հրճվում էր գարնան մերձավորությամբ, անգամ մենակյացի սենյակի փոքրաթիվ ճանճերը, որոնք, սև բիծերի նման կպել էին լուսամուտի ապակիներին և ախորժելի թմրության մեջ չէին շարժվում իրանց տեղերից։

Հեռու տարածության մեջ երևում էր Թիֆլիսի հյուսիսային շրջակայքը — Կոլոնիան, Մուշտայիդի անտերև ծառերի սև խտությունը, օձապտույտ Քուռի գեղեցիկ հովիտը — և ապա հեռու ու ավելի հեռու լուսավորվում էին Կովկասյան լեռներն, որոնց մեջ թագավորում է Կազբեկն, ինչպես մի պատկառելի նահապետ, շրջապատված յուր զավակներով։ Նորեկ ձյունի թարմ ծալքերով ծանրաբեռնված բարձրագագաթ լեռան վրա, բացի մի քանի ուղղահայաց ժայռերից, որոնց վրա ձյուն չի նստում, չէին երևում այն սև գծերն և մեծ խորշերը, որ փորվում է նրա կրծքի վրա միջնամառային հրատապ շոգերից։ Յուր սպիտակ զգեստավորության մեջ նա նայում էր ուրախ, սառուցք դարձած ձյունի բյուրավոր աստղիկներով
[417]
ժպտալով արևի երեսին — ձմեռային արևի, որի ջերմությունը տակավին անզոր էր թափանցել նրա ստորոտային կեղևի մեջ անգամ։ Կարծես, օդի մաքրությունը սեղմել, կարճացրել էր հարյուր վերստ տարածությունը, այնքան հսկայական լեառը Ռոստամյանի լուսամուտից երևում էր պարզ ու որոշ, նկարված հակնթագույն երկնակամարի վրա։

Անցել էր կես ժամ այրի Նատալիայի դուրս գնալուց։ Ռոստամյանը նոր խորասուզվել էր յուր գործի մեջ։ Հանկարծ լսվեց փողոցային դռների զանգակի ձայնը։ Սկզբում Ռոստամյանը ուշադրություն չդարձրեց, բայց երբ ձայնը մի քանի անգամ կրկնվեց, տրտնջալով դուրս եկավ և մուգ-կարմրագույն փայտաշեն մաքուր սանդուղքով ցած իջավ։ Նա բաց արավ դռներն և պատրաստ էր բարկացած արտասանել, «ի՞նչ եք կամենում», երբ նրա առջև բացվեց մի պատկառելի պատկեր։ Նա, փոխանակ կոշտ հարցը տալու, հարգանքով հետ քաշվեց։

Դա մի բարեդեմ ծերունի էր, ալեխառն մազերով ու միրուքով, հագնված խիստ մաքուր և հարուստ։ Մի ձեռով հենված ձեռնափայտի վրա, մյուս թևի տակ նա սեղմած ուներ բազուկը մի երիտասարդ կնոջ, որի դեմքը կիսով չափ ծածկված էր նուրբ կինեմոնագույն շղարշով։

— Ասացեք, խնդրեմ, այստե՞ղ են բնակարան վարձով տալիս,— հարցրեց ծերունին դուրեկան ձայնով և քաղաքավարի կերպով գլխարկի ծայրը քիչ շարժեց։

— Այո,— պատասխանեց Ռոստամյանը, նույնպես գլուխ տալով։

— Կարելի՞ է տեսնել։

— Բարեհաճեցե՛ք։

Նա մի կողմ քաշվեց, որ ճանապարհ տա ծերունի տղամարդուն և երիտասարդ կնոջը։

Բնակարանր գտնվում էր պատշգամբի մյուս կողմում, ուղիղ Ռոստամյանի բնակարանի դեմ ու դեմ։ Երեք ամիս էր, որ նա դատարկ էր, և այս երեք ամսվա ընթացքում, գրեթե ամեն օր, այրի Նատալիան Ռոստամյանին խնդրում էր վարձողներ գտնել։ Տունը սեփական էր և մնացել էր այրիի հանգուցյալ ամուսնուց, իբրև
[418]
միակ ժառանգություն։ Մայր ու որդի ապրում էին այդ տան եկամուտով։ Ներքին հարկը վարձած էր մի ռուս պաշտոնյայի ընտանիք, վերին հարկի կես մասի երկու սենյակներում բնակվում էր ինքն այրին, իսկ մյուս երկուսում՝ Ռոստամյանը։ Դատարկ բնակարանը կազմում էր վերին հարկի երկրորդ կեսը։ Ուստի նրա պարապությունը բավական դժվարացնում էր այրիի ապրուստը։

Ռոստամյանն անծանոթներին առաջնորդեց դեպի վարձվելի բնակարանը։

— Խոնավ չէ՞,— հարցրեց ծերունին, առաջին սենյակը մտնելով և, ինչպես սովորաբար լինում է, առաջին հայացքն առաստաղին ձգելով։

— Ամենևին ոչ։

Երիտասարդ կինը շտապով մոտեցավ այս ու այն լուսամուտին, նայեց դեպի փողոց։ Դա մոտ քսան ու հինգ տարոք, ավելի բարձր, քան միջահասակ, դեմքի կանոնավոր գծագրությամբ, առողջ կազմվածքով մի էակ էր։ Տիկին էր նա, թե օրիորդ — Ռոստամյանը չկարողացավ որոշել։ Նույն վայրկյանին, երբ երիտասարդ կինն երեսը դարձրեց դեպի ծերունին, Ռոստամյանի հայացքը հանդիպեց նրա աչքերին, և նա, որ ամոթխած էր, անվստահ, մինչև անգամ երկչոտ կանանց վերաբերմամբ, շփոթված, աչքերը դարձրեց մյուս կողմ։

Ծերունին անցավ մյուս սենյակները։ Երիտասարդ կինը հետևեց նրան։

Առաջինն ուշադրությամբ զննում էր բնակարանի ամեն մի սենյակն և երբեմն ֆրանսերեն լեզվով յուր նկատողությունները հաղորդում էր երիտասարդ կնոջը։

— Խոհանոց ունի՞,— հարցրեց նա։

— Ունի։

— Մաքո՞ւր է։

— Տեսե՛ք։

Երբ խոհանոցը, պատշգամբը, գավիթը, ամեն ինչ ծերունին տեսավ և չորս սենյակները մի անգամ ևս զննեց, դարձավ երիտասարդ կնոջն և ասաց․

— Հարմար է։
[419]

Խոսեցին գնի մասին։ Ծերունին նորից սկսեց խորհրդակցել երիտասարդ կնոջ հետ։

Այդ միջոցին Ռոստամյանն ուշադրությամբ սկսեց դիտել նրան։ Ոչ մեկն և ոչ մյուսն յուր արտաքին տեսքով Թիֆլիսեցու նման չէր։ Պարզ էր, որ եկվորներ էին։ Նրանց դեմքերի գծագրությունն և գույնը հայկական էին, թեև խոսում էին Ռոստամյանի հետ մաքուր ռուսերենով, մանավանդ երիտասարդ կինը։ Տեղ-տեղ ծերունու արտասանությունը շեղվում էր բուն ռուսականից, հիշեցնելով հյուսիսային Կովկասի հայերին հատուկ արտասանությունը։ Բայց հետաքրքրելին այս չէր Ռոստամյանի համար։ Հենց առաջին հայացքից նա երիտասարդ կնոջ խոշոր, պարզագույն աչքերի մեջ նկատել էր մի խորին թախիծ։ Այդ ոչ խոնջության նշան էր, ոչ և անցողիկ մի դառնություն․ ինչ որ ծանր մտախոհության կամ հոգեկան մի անբաժան վշտի արտահայտություն էր այն, որ նշմարվում էր երիտասարդ կնոջ դեմքի բոլոր գծերի մեջ։

Ծերունին, խորհրդակցելու միջոցին, անկնածությամբ մտիկ էր անում նրան և թվում էր երբեմն, որ նա չի համարձակվում ուղիղ նրա տխուր աչքերի մեջ նայել։

Երիտասարդ կինը խոսում էր հոգնակի դեմքով, իսկ ծերունին — եզակի։

«Երևի հայր ու դուստր են»,— մտածեց Ռոստամյանը, միևնույն ժամանակ նկատելով այդ կանացի և այդ այրական դեմքերի մեջ արյունակիցների նմանություն, որ տարիների և սեռերի տարբերությունը չէր քողարկում փոքր ի շատե դիտող աչքերից։

— Ահա ձեր կանխավճարը,— ասաց ծերունին, մի հատ տասը ռուբլիանոց թղթադրամ տալով Ռոստամյանին,— մենք կտեղափոխվենք վաղը։

— Բայց, ասացե՛ք խնդրեմ,— խոսեց այս անգամ երիտասարդ կինը, մի ուշադիր հայացք ձգելով Ռոստամյանի վրա,— այս գավթում կամ հարևանության մեջ աղմուկ լինո՞ւմ է։

— Այդ կողմից կարող եմ երաշխավոր լինել, որ ոչ ոք ձեզ չի անհանգստացնիլ։

— Գիտեք, իմ աղջիկն աղմուկ չի սիրում,— մեջ մտավ ծերունին,
[420]
— այս պատճառով էլ մենք քաղաքի կենտրոնում չենք վարձում բնակարան։

— Երևի նորեկներ եք դուք,— ասաց Ռոստամյանը։

— Այո, այո, մի ամիս չկա, որ եկել ենք Ռուսիայից։ Հյուրանոցում երկար բնակվել անհնարին է, մանավանդ այստեղի հյուրանոցներում։ Իսկ դուք այս տան տե՞րն եք։

— Ոչ, կենող եմ։

— Ձեր ազգանո՞ւնը։

— Ռոստամյան։

— Մեզ հարկավոր է ծանոթանալ միմյանց հետ,— ասաց ծերունին, Ռոստամյանի ձեռը սեղմելով,— Մինաս Կիրիլլիչ Քիրիշչիյեվ․․․ սա էլ իմ աղջիկն է, Վարվառա Մինայեվնա։

Դուրս գալու ժամանակ երիտասարդ կինը մի անգամ ևս լուսամուտից հայացք ձգեց դեպի քաղաքի հեռավոր շրջակայքն և արտասանեց․

— Ի՜նչ հրաշալի տեսարան է։

Ռոստամյանը լսեց նրա ծանր և երկար հոգոցը։ Երբեք նա մի կնոջ երեսին երկու անգամ միմյանց հետևից նայած չէր, ո՛չ դրսում, ո՛չ մի տան մեջ, եթե երբևիցե նա գտնվել էր մի տան մեջ կանանց շրջանում։ Բայց այդ ավելի նիհար, քան թե գեր, սակավ ինչ գունատ թախծալի դեմքն, այդ խոշոր, տխրափայլ աչքերը մի քառորդ ժամ կաշկանդեցին նրա ուշադրությունը։ Գուցե պատճառն այն հետաքրքիր հայացքներն էին, որոնց նա արժանացավ երիտասարդ կնոջ կողմից — չգիտեր։ Չգիտեր նույնպես, թե ինչու ծերունին և դուստրը դուրս գնալուց հետո, ինքը մի քանի րոպե անշարժ կանգնած էր փողոցի լուսամուտի առջև և նայում էր մոտակա եկեղեցու արծաթափայլ գմբեթին, որ պսպղում էր արևի ճառագայթների ներքո։

Վերադարձավ այրի Նատալիան։

— Էէ՜, Նատալիա Պետրովնա, ի՞նչ կտաք, որ մի ուրախալի լուր հայտնեմ ձեզ,— դարձավ Ռոստամյանը ուրախ դեմքով յուր տանտիրուհուն։

— Ով գիտե, վարձել են բնակարանը․․․

— Հենց այդ է․ ահա՛ կանխավճարը։

[421]— Օ՜հ, փառք աստուծո․․․ ապրի՛ս, ապրի՛ս, որդի,— գոչեց Նատալիա Պետրովնան, կարմիր թղթադրամը ծալելով և գրպանը դնելով։— Ո՞վ վարձեց։

— Մի ծեր մարդ յուր աղջկա հետ։

— Երկու հոգի՞ միայն։

— Երկու էլ ծառա— մի աղախին և մի խոհարար։

— Իսկ և իսկ իմ ուզածն է։ Լա՞վ մարդիկ են։

— Աստված գիտե, գոնե դեմքով լավ երևացին ինձ։ Ահա անունները գրված են այս թղթի վրա։

Նատալիա Պետրովնան ուրախությունից պատրաստ էր գրկել և համբուրել Ռոստամյանին։ Բայց Ռոստամյանն, ինչևիցե, օտար էր, իսկ ինքը չնայելով յուր պատկառելի տարիքին, տակավին երիտասարդ էր համարում իրան։

Ճաշից հետո այրին անմիջապես հրամայեց ծառային վարձված բնակարանի լուսամուտներն ու հատակը լվանալ, պատերն ու առաստաղը մաքրել սարդի ոստայնից։ Նա շտապեց յուր աղջկա մոտ, որ նրան հաղորդի ուրախալի լուրը, վերադարձավ և կրկին շնորհակալություն հայտնեց Ռոստամյանին։ Ամբողջ օրն այրին ուրախությունից ոտքի վրա էր։

Իսկ Ռոստամյանի առջև մերթ ընդ մերթ պատկերանում էին ծերունու պատկառելի և նրա դստեր տխուր դեմքերը։ Այդ անծանոթ անձինք ինչ-որ տարօրինակ և ախորժ տպավորություն էին գործել նրա վրա։ Երբեք մենակյաց յուր կյանքում տեսած չէր ծնողի ու զավակի այնքան ներդաշնակ և գրավիչ զույգ, որպես այդ նորեկները — հայր ու դուստր․․․