Jump to content

Արայն պատերազմի դաշտումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արայն պատերազմի դաշտումը
Արայն պատերազմի դաշտումը

(Առասպել)
Եվ զյուռութսն (Շամիրամայ) ի ծով,
Եվ բան ի նմանէ` ուլունք Շամիրամայ
Ի ծով: Այլ թէ ախորժես առասպէլ
և Շամիրամ քար` առաջին քան զՆիոբէ:


ԽՈՐԵՆԱՑԻ


Ա
Մութ գիշեր էր: Ոչ մի աստղիկ
Չէր երևում երկնքեն,
Եվ լուսինը՝ սգվորի պես`
Գունատված էր յուր դեմքեն:
Իսկ կայծակը հրեղեն սրով
Կտրատում էր ամպերը,
Եվ որոտը՝ գոռգռալով՝
Դղրդում էր լեռները:
Մրրիկը կատաղաբար
Մռնչում էր սոսկալի,
Ահ ու զարզանդ վեր էր բերում
Տարտարոսից լիուլի:
Հազարամյա ծերցած կաղնին
Խլում էր նա արմատեն,
Գազաններն յուրյանց որջում
Սարսափել էին արդեն:
Հեռու դաշտում, ծովակի մոտ7
Տեղ-տեղ վառվում էր կրակ,
Զինվորական վրաններում՝
Աղոտ փայլում էր ճրագ:
Բաբելական հաղթող զորքի
Զետեղված էր անդ բանակ,
Գիշերապահ զինվորներով
Պատած էր յուր շրջանակ:
Այն դաշտումը շատ դիադեզ
Ընկած էին դիակներ,
Քաղդեացի, հայ զինվորներ,
Ասորի և պարսիկներ:
Եվ այն տեղում անթիվ զենքեր՝
Տեգ և վահան, աղեղ, նետ,
Այն քաջերի դիակի մոտ,
Ընկած էին նոցա հետ:
Այն դաշտը ներկայացնում էր
Զարհուրելի տեսարան,
Մինը ձեռքով բռնած ուներ
Կրած վերքին լայն բերան,
Ողորմելի նա յուր ձայնով
Մորմոքում էր՝ ախուվախ,
Եվ յուր վերջին հանգստության
Նա կոչում էր անգութ մահ:
Մինն, արդեն հանգստացած
Խորին քնով օրհասին,
Յուր ընկերին գիրկն ածած,
Ննջել էին միասին...


Բ
Իսկ կռիվի ահեղ դաշտում
Թափառում էր Շամիրամ,
Հետն առած յուր նաժիշտներ —
Մանուկ կուսանց ողջ երամ
Նա տխուր էր... սգվորի պես,
Լաց էր լինում լուռ, մնջիկ,
Եվ առջևից աղոտ լապտեր
Քարշ էր տալիս մի աղջիկ:
Դիակների մեջը մտած,
Նա հուսահատ շրջում էր,
Եվ արյունը նորա ոտքերն
Կարմիր գունով թրջում էր:
Պտռում էր նա՝ մորմոքելով՝
Մինին ահեղ ալն դաշտում,
Որին սիրում էր թագուհին,
Որպես աստված էր պաշտում:
Հանկարծ վազեց մոլեգնաբար
Եվ նա գրկեց մի դիակ,
Հրաշագեղ էր այն քաջը,
Մանկահասակ պատանյակ:
Ներկված էր նա արյան մեջ,
Որպես կարմիր մի ծաղիկ,
Եվ մրահոն նորա աչեր
Դեռ ժպտեին քաղցրիկ:
Նա ձախ ձեռքով կրեր վահան,
Աջումը՝ տեգ ահագին,
Եվ պողվատից թանձր զրահ
Զգեցել էր յուր հագին:
Գլխին ուներ փետրազարդ
Արքայական սաղավարտ,
Հսկայատիպ էր այն քաջը —
Հզոր, ահեղ տղամարդ:
Չէր հասարակ նա մի զինվոր,
Կամ մի արի զորապետ,
Ոչ նախարար պատերազմող,
Ոչ թիկնապահ, ոչ ասպետ:
Արծվանիշ շքանշան
Կրեր նորա պարանոց,
Գոհարեղեն նորա քամար
Մթումը փայլեր որպես բոց:
Նորա դեմքն և կերպարանք,
Այնքան վսեմ, վեհաբար,
Արքայազարմ մի իշխանի
Բերեր հզոր ինչ տիպար:
Նա վավաշոտ Շամիրամի
Էր ցանկության ցնորքը,
Որո համար նա կոտորեց
Այնքան զինվորն ու զորքը:
Բայց անբախտի վառված իղձը
Մնաց նորա սրտումը,
Զի այն քաջը մահվան քնով
Ընկավ կռվի դաշտումը:


Գ
Իսկ թագուհին այն տարփավոր
Դիակից չէր հեռանում,
Առած նորան յուր գրկի մեջ
Մրմնջում էր, մեռանում...
Համբուրում էր նորա թշեր,
Համբուրում էր աչք և ունք,
Արնով ներկված գանգուրներին
Հպեցնում էր յուր շրթունք:
Եվ երբեմն մորմոքելով
Ճնշում էր պինդ յուր կուրծքին,
Լվանում էր նա արտասուքով
Արյունը նորա վերքեն:
Երկար այնպես մոլեգնաբար
Գրկած ուներ նորա դին,
Եվ վարդագեղ նորա արյամբ
Մարել կամեր հուր սրտին:
Մինչ վերջապես տվեց հրաման
Նաժիշտների նա խմբին,
Տանել շուտով դեպ յուր վրան
Ցանկալի գյուտն այն անգին:
Եվ աղջիկները մատղերամ`
Հավերժահարսունք գիշերային
Յուրյանց փափուկ կուրծքի վերան
Առին դիակը բոսորային
Շուտ հասուցին Շամիրամա
Ոսկեթելով գործած վրան,
Խունկ, կնդրուկ և ծաղիկներ՝
Շատ ցանեցին նորա վերան:
Իսկ թագուհին արեց հրաման
Ողջ նաժիշտներին հեռանալ,
Ոչ ոքին յուր մոտ չըթողուլ,
Յուր պատվերը չըմոռանալ:


Դ
Նա կախարդ էր, ուներ հուռութք
Եվ հուլունքներ դյութական,
Քաղդեացի քավդեայներից
Ուսավ արհեստը մոգական:
Նա վհուկ էր՝ սերտ բարեկամ
Աներևույթ դիվաց զարմին`
Եվ ախտարքին յուր զորությամբ
Շուտ կախարդեց քաջի մարմին:
Եվ շնորհիվ նորա հմայքին
Ահա իջան Հարալեզ դիք,
Ոսկիամորն Անահիտի
Էին դստերք և որդիք:
Եվ Հարալեզք սկսեցին
Լիզել վերքը դիակին,
Բժշկվեցան իսկույն նոքա,
Շունչ ստացավ քաջի հոգին:
Եվ շատ չանցավ, շուտ ջերմացավ
Այն սառուցյալ, մեռած դիակ,
Կարծես նորա երակներում
Կենդանության վառվեց կրակ:
Եվ ի՛նչ հրաշք, հզո՜ր աստված,
Նա բաց արեց աչքերը,
Որպես անուշ քնեն զարթնած,
Կանգնեցավ ոտքի վերա:
Ուրախացավ խիստ Շամիրամ,
Ցնծությանը չըկար չափ,
Ո՞վ կարող էր հայնժամ զսպել
Նորա սիրո թունդ և թափ...
«Փա՜ռք ձեզ, աստվա՜ծք, հանգստացավ
Այժմ իմ սիրտն, իմ հոգին,
Զի ես արդեն կարեմ կոչվիլ
Այս րոպեից Արայի կին:
Ասա՜, ասա՜, իմ նազելի,
Այժմ ինձի դու կըսիրե՞ս,
Մինչ ե՞րբ, անգութ, դու քո սիրով
Իմ սրտիկը պիտի այրես:
Ես քո կինն եմ այսուհետև,
Դու կատարե իմ ջերմ փափագ,
Քեզ կըբաշխեմ ես իմ երկիր,
Արքայական իմ գահն ու թագ:
Քեզ կըբաշխեմ Բաբելոնի
Օդակառույց իմ դրախտը,
Դու կատարե՜ իմ խնդիրքը,
Ինձ շնորհե անվերջ բախտը»:


Ե
Այդ խոսքերով նա մոտեցավ
Արդեն ապշած մեր Հայկազին`
Եվ տարփավոր յուր թևքերը
Կամեր փաթթել նորա վզին:
Իսկ քաջազուն վեհ հերոսը
Այդ խոսքերից խիստ զարմացավ,
Եվ կատաղի բարկությունն
Աչքերումը բորբոքվեցավ:
Եվ նա գոռաց սև ամպի պես,
— Կորչե՜ հեռու, լկտի դու կին,
Ի՞նչ չար բախտով ես քո այստեղ
Գարշելի դեմքը տեսա կրկին:
Իմ մանկական պսակն անարատ
Ես քո սիրով որպե՞ս պղծեմ,
Նինվեացի ես տրփուհիդ
Անարգությամբ իմ գիրկ ածեմ:
Գնա՜, կորե՜, չե՛ս ինձ պիտո,
Եվ ինձանից դու հեռացի՛ր,
Այդ ցնորամիտ բաղձանքներովդ
Դու ինձ համար մի՜ մտածիր:
Հայաստնի դուստրներից
Ես ունեմ թագուհի արդեն,
Որ սիրասուն ածեց զավակ
Ինձ կուսական յուր արգանդեն»:
Սպառնալից այդ խոսքերը
Շամիրամին չ’ազդեցին,
Սիրաբորբոք նորա սրտեն
Վառված իղձը չըզատեցին:
Բաբելական աստվածուհիք
Յուր օգնության նա կանչեց,
Խունկ և զոհեր շա՜տ խոստացավ,
Շա՜տ խնդրեց և աղաչեց.
Որ դիցական արբեցությամբ
Գինովցնեն այն քաջ հերոս,
Թափեն նորա երակներում
Սիրո հեղուկ՝ նեկտար, ամբրոս:
Գուցե դյութված աներևույթ
Հրապույրներով նորա հոգին,
Հակամայից նա կատարե
Վառված իղձն յուր փափագին:
Բաբելական աստվածուհիք
Յուրյանց ճիգը դրին ի գործ,
Սիրո ախտով կախարդելու
Նորա սիրտն՝ արին մեծ փորձ:


Զ
Հայր աստուծո, մեծն Արամազդ,
Արարատա գագաթեն
Այդ հանդեսը կռվի դաշտում
Վաղուց դիտում էր արդեն:
Նորա շուրջը Հայոց երկրի
Բոլորել էին ողջ դիք`
Հայկ, Անահիտ և Աստղիկ,
Հապետոսթե, յուր որդիք:
Խիստ բարկությամբ զննում էր
Նա այն դաշտը արյունոտ,
Ուսկից անթիվ կոտորածի
Դեռ փչում էր մահվան հոտ:
Հանկարծ նորա աչքին դիպավ
Շամիրամա մեծ վրան,
Բաքոսական այն հանդեսը
Զարմացք բերեց խիստ նորան:
Նա տեսնում է ախտաբորբոք
Նինվեացի թագուհին,
Որ աշխատում էր կախարդել
Ողջամիտ հայ դյուցազնին:
«Արմենակ», կոչեց Արամազդը,
Վառվեց աչքերը կապուտակ,
Թռի՜ր, գնա՜ և շուտ հասի՜ր.
Քաղդեացվոց դու բանակ,
Եվ ազատի՜ր Շամիրամից
Իմ գեղեցիկ, քաջ Արան,
Եվ մի՜ թող տուր, որ թագուհին
Յուր սիրով խաբե նորան»:


Է
Արմենակը կատաղաբար
Առեց լախտը ահագին,
Մի րոպեումը նա հասավ
Բաբելացվոց բանակին:
Շուտ նա մտավ Շամիրամա
Գեղեցկազարդ մեծ վրան,
Ուր կախարդիչ սիրո ցնորքով
Դեռ նոր արբված էր Արան:
Եվ Շամիրամը պատրաստվում էր
Սրտի կամքը կատարել,
Արմենակի երևույթը
Նորան ստիպեց դադարել:
Ձեռքը ձգեց նա Արային,
Բռնեց նորա գիսակեն,
Հափշտակած շուտ դուրս հանեց
Քաղդեացվոց բանակեն,
Եվ հողմերու թևքի վերա
Տարավ նորան Արարատ,
Շամիրամա չարեն մնաց
Նա միշտ մաքուր, անարատ:
Այնտեղ հայոց աստվածներին
Գիրկ է ածում քաջ Արան,
Քաղցրահնչյուն նվագներով
Ողջունում էին նորան:
Զի նա պահեց միշտ սրբությամբ
Մաքուր ողջախոհություն,
Եվ չաղարտեց յուր պատիվը՝
Դիցական անմահություն:
Այնտեղ յուրյան ընկերացավ
Եվ Նվարդն յուր սիրուն`
Թագն ու պսակը Հայաստանի
Շքեղագեղ կույսերուն:
Մինչ յոթն օր, յոթն գիշեր
Տոն կատարեն հայոց դիք,
Անուշ քնար հնչվում էր,
Երգում էին դիցուհիք:


Ը
Բարկությունը Շամիրամա՝
Սարսափելի, անպայման,
Հանկարեակր թանկ կորստից,
Ո՜չ չափ ուներ, ո՜չ սահման:
Նա դուրս թռավ յուր վրանեն,
Որպես առյուծ կատաղած,
Մռնչում էր վազվըզելով,
Որպես խելքից ցնորված:
Վազեց, վազեց այն դաշտումը,
Սար և ձոր էր թափառում,
«Արա՜, Արա՜» կոչելուցը
Նա բնավ չէր դադարում:
Ցնորվա՛ծ էր այն խղճալին...
Նա վազում էր դեպի ծով,
Եվ խորության նորա միջին
Մտնել կուզեր անվրդով:
Եվ նա ձգեց ծովի միջում
Յուր հուռութքն ոսկեգույն,
Ալեկոծվեց անհուն ծովը
Եվ լեղի դարձավ իսկույն:
Եվ մարեցան նույն րոպեին
Նորա կրքերը կատաղի,
Եվ Շամիրամ ձևակերպվեց
Անշարժ արձան մի աղի:
Երբ մարմնից բաժանվեցավ
Տարփավոր նորա հոգին,
Նույն րոպեում նա ստացավ
Կերպարանքն աղունակին:
Մինչև այսօր կոկորդային
Բարբառով ասորական
Դեռ կանչում է աղունակը՝
«Վա՛յ, Արա, իմ սիրական...»:
Մինչև այսօր աղունակը
Բորբոքվում է, մրմնջում,
Զի վավաշոտ Շամիրամա
Հոգին կրե յուր միջում: