Jump to content

Արարատին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐԱՐԱՏԻՆ


(Ներբող)
Երկնասլաց ու թեթև,
Նրբակապույտ ծածկած մեգ,
Դու հրեշտակ լուսաթև՝
Նյութեղեն չես դու երբեք։
Հայոց արնոտ աշխարհի
Հոգին ես դու անարատ,
Հուրը հար թող հրահրի
Սեգ ճակատիդ, Արարատ։
Եվ ավերվող մեր սրտում
Եռա անմար ու առատ,
Դո՛ւ, պահապան մշտարթուն,
Լուսակատար Արարատ...

Չեմ տեսել քեզ, բայց որպես
Անուշ ցնորք իմ հոգում
Պայծառ ես դո՛ւ, հրակե՛զ,
Հրապսակ ու կանգուն —
Արդար դրոշ հայության,
Սիրո սեղան հրառատ,
Դո՛ւ իմ երկրի հարության
Անխաբ վկա, Արարատ.
Որքան մնանք մենք նկուն,
Որքան խավարն իջնի խոր,
Ծիրանավո՜ր, մեր հոգուն
Դո՛ւ, պահապա՛ն զորավոր...

Որպես երազ լուսեղեն
Ձյունապայծառ ու շողուն՝
Դո՛ւ, անխորտակ ապավեն
Հրաճարակ մեր հոգուն.
Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ,
Եվ հավատա՛, և տոկա՛.
Կա քո վշտում վեհ խորհուրդ
Եվ Խաչվածին մահ չկա.
Պարզվի՛ր պայծառ դեպի վեր,
Ցոլա՛ հրով անարատ,
Երկրիս մոխիր ու ավեր,
Դո՛ւ անմահ սիրտ, Արարա՛տ...

1915