Jump to content

Արաքսիա կամ վարժուհին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արաքսիա կամ վարժուհին




Ձ Ո Ն

Առ սիրեցյալդ իմ Տոռին.

Դո՛ւստր իմ, քեզ կը նվիրեմ այս երրորդ և գուցե վերջին երկս։ Տղա հասակեդ սկսե սիրել զաշխատություն՝ իբրև զԱրաքսիա, լուսավորե՛ միտքդ միշտ, կոխե՛ աներկյուղ ընկերական նախապաշարմանց վրա, լե՛ր արդար սկզբանց պաշտպան, բարեկամ տկարին, թշնամի գոռոզին։ Լե՛ր դու, քեզմով և սեռիդ արժանապատվությամբը. բարոյապես գույն մ՚ունեցիր, ու այդ գույնով ապրե՛ մինչ ցվերջ կենացդ։ Հայնժամ պիտի գտնեմ ի քեզ փոխարինությունն այն անբավ մայրենի սիրույն զոր ձոնած եմ քեզ, զավակդ իմ սիրելի։

ԱՐԱՔՍԻԱ
ԿԱՄ
ՎԱՐԺՈՒՀԻՆ


ԳԼՈԻԽ Ա.

188… տարվան Բարեկենդանի օր մ՚ էր։ Բերայի փողոցաց մեջ տարօրինակ շարժում կար։ Անհամար դիմակներ խումբ–խումբ կանցնեին զիրար ընդհարկանելով, իրարու գրգռիչ խոսքեր ուղղելով, խնդալով, գլորելով, երգելով, ճիչեր արձակելով։

Բարեկենդանը կարծես մասնավորապես կարգադրված է ի սփոփանս ընկերային խոնարհագույն դասուց, որպեսզի իրենց աննպաստ վիճակը ճանաչելով՝ անոնք ջանադիր լինին ուրանալու զայն, պահվելով վայրիկ մի այլ և այլ զգեստուց ներքև, և առժամանակյա տարբեր վիճակ մի փոխ առնելով՝ ուրիշ անձնավորություն մի ձևանան, և այսպես իրենց աղքատությունն ու դժբախտությունը մոռնան կեղծ երանության դիմակին ներքև։ Ուստի Բարեկենդանի նյութական կատակերգության մեջ բարոյականի կատակերգություն մ՚ալ կը գոյանա, այնչափ մարդիկ իրենց եղածեն այլ և այլ տարբեր երեվույթներ կը ներկայեն։

Եթե նույն պահուն և սահմանյալ ժամանակի համար միայն աղքատն յուր տխուր վայրկյանները կը մոռնա կենդանության և խրախճանաց հոսանքեն մղյալ, հարուստը կենաց ճոխ միօրինակությունը կը ճգնի ընդհատել, յուր ձանձրույթը փարատել, և պարապո նեղանալի ժամերը գոնե ձայնիվ, աղմկով, նվագարանով, հացկերույթով, պարով, շարժմամբ և տարօրինակ կենդանությամբ զբաղեցնել։ Մինչ փոխ առնված անշուք զգեստուց ներքև աղքատը յուր չքավորությունը կը ծածկե, ինչպես և դեմքը կսքողե կեղտոտ դիմակի ներքև, նույն միջոցին գեղեցիկ տիկնայք, փայլատակող աչոք, գոհ իմն կերպարանոք զոր կազդե իրենց դիմական շնորհաց գիտակցությունը, և հանդերձյալ զվարճության մուտալուտ հուսով, այլ և այլ խանութներ կը խռնին. մին ծաղիկ մի կը գնե, մյուսը մետաքսյա կերպասներ, երրորդ մի՝ ծպտվելու զարդեր, և չորրորդ մի՝ դիմական աղքատությունը ծածկելու և կամ շքեղություններն ավելցնելու արվեստական միջոցներ որոնելու համար, երեկույթի և կամ այլ և այլ ազգային ու տարազգային պարահանդեսից մեջ փայլելու ու զոհեր ընելու տրամադրությամբ։

Հո՛ս՝ որմին վրա կպած Ազդ մի՝ նոր հանդես մի, նոր զվարճության աղբյուր մի կավետե հագեցած հարուստին։ Հո՛ն, նոր թատերական ներկայացում մի կը խոստանա գրգիռ տալ հյուծյալ ու մաշած կրից և զգացմանց։ Երրորդ Ազդ մի վիճակահանություն մի կիմացնե ճակատագրին զոհից ի նպաստ։ Այդ հանդեսին մեջ բազմաթիվ չքնաղ և շնորհալի տիկնայք իրենց սրտին գանձուց վսեմ թելադրությանց անսալով՝ ժպտով, քաղցր բառով, ազնվական և քնքուշ ձևով ի պայքար կը մտնեն զիրար գերազանցելու հոժարությամբ, ի պետս թշվառաց ստվարացնելու համար այն լումաներն որք հարուստին գրպանեն պիտի ելնեն, և կամ գթոտ սրտերե պիտի բխին։

Երկնային է արդարև կնոջ նազանքը՝ երբ այն կը ծառայե աչքեն լեղի արտոսր մի ջնջելու, անոթութենե ծնած հառաչը խափանելու, և կամ մայրենի սիրտը կրծող վիշտը թեթևցնելու։ Հայնժամ գթությունը գեղեցկության ու շնորհաց ներքև անթառամ ծաղիկ մ՚է որ կը ծլի մարդկային՝ մանավանդ կնոջ սրտին արտին մեջ։

Մինչ ուրեմն ամեն կողմ գոհունակության աղմկալից ձայներ, շաչյուն կառաց, շարժում և երթևեկություն կային, ընդհակառակն Բերայի առանձնացյալ ու անշուք փողոցի մեջ երեք փոքրիկ սենյակներե բաղկացյալ կիսավեր տան մի մեջ՝ արտասվաց ու հառաչանաց բարեկենդանը կը տոնվեր։

Ո՜վ սրտաճմլիկ հակապատկեր կենաց. մերձ այնչափ խնդության ու խրախճանաց՝ այնչա՛փ սուգ և հուսահատություն։

Այդ տնակին մեջ կը բնակեր տարաբախտ Վարսամյան ընտանիքը՝ երեք անձերե բաղկացյալ։ Հայր մի կաթվածահար՝ ոչ այնչափ ամաց բեռեն ճնշված, որքան բախտին հալածանքեն։ Այդ մարդը բարեսիրտ, զգայուն և քաղցրաբարո էր, բայց մտավորական կարողությամբը սովորական կարգի անձերեն շատ վեր չէր բարձրանար։ Փառք գործունեության ու խնայողության՝ հաջողած էր գոհացուցիչ հարստություն մի հավաքելու։ Բայց զայն կրկնապատկելու տենչն դրդեց զՊ. Վարսամյան՝ Պորսայի խաղերուն դիմել։ Մեծամեծ հույսերով մտավ նա հայդ դրամական վայր անիծից՝ ուր մեկ վայրկյանի մեջ ահագին հարստությունք կը քայքային, և ուսկից ընչավետը դուրս կելնե կատարելապես աղքատ՝ հոգվույն մեջ մահը կրելով. և հայնժամ նա յուր անդորրավետ ընտանիքը ճոխության և առատության մեջեն հանելով՝ հանկարծ կը գահավիժե զայն զրկանաց և անոթության գոգը։

Նայն տխուր բախտին վիճակվեցավ և Պ. Վարսամյան, հայսերը փշրված, քսակը պարպված, պարտավորեցավ ունեցածները վաճառել պարտքերը գոցելու համար. և այսպես զյուր րնտանիք մատնեց կատարյալ աղքատության, ինչպես ե զյուր անձ անգործության՝ կաթվածահար լինելով հուսահատությանն սաստկութենեն։

Բայց ինչ որ Պ. Վարսամյանի վիշտը կը զայրացներ՝ այն գաղափարն էր որ կնոջը մերձավոր աղգականաց մին, ի մահիճ մահու, իրեն հանձնած էր յուր որբ որդվույն նյութական շահուց վրա հսկելու նվիրական պաշտոնն. և ահա պատանեկին հարստության մեկ մասը կոչնչանար Պորսային մեջ երբ ինքն ի կորուստ կը դիմեր։ Սակայն գումարին մեծագույն մասը ազատելու հաջողելով, Պ. Վարսամյան փութացած էր հանձնել զայն Սիսակ երիտասարդին որ ի Փարիզ կը գտնվեր նույն պահուն՝ ուսմունք առնելու համար, և որ հարկ եղած տարիքն ուներ յուր շահուց վրա ինքն անձամբ հսկելու համար վերջապես։

Բայց այդ տառապելույն կինը թեև աղքատության զավակ էր այլ մեծամիտ և ամբարտավան բնություն մ՚ուներ։ Ուստի հուսահատությամբ կը մաշեր առանց համակերպիլ ուզելու այն տխուր վիճակին որ դեպքերը պատրաստած էին իրեն։ Ոչ ամուսնույն դժնդակ դիրքը, և ոչ ալ աղջկանը տառապալի կացությունը կարող կը լինեին հաղթել յուր գոռոզության, և դրդել զինքը աշխատության մեջ ապրուստի միջոց մ՚որոնելու։

Իսկ այս երկու ամոլից դուստրն՝ Արաքսիա, կարծես չնաշխարհիկ ծաղիկ մ՚էր որ օդե և լույսե զրկված տեղվո մի մեջ կը բողբոջեր գեղանազ և կը բուրեր անուշ։

Բնության հրաշալյաց մեջ ընտրելագույնն է կույսն որ գեղով ու պարկեշտությամբ կը փայլի։ Երբ Արաքսիա կը նայեր՝ աչերեն արև կը ցոլար, իսկ երբ կը ժպտեր՝ կարծես թե շրթունքը կոկոն մ՚էր որ ի լույս կը բացվեր։ Իսկ գլուխը ծռած սև երկայն մազերն երբ կուրծքեն վար կը կախվեին, կարծես թե սգո արձան մ՚էր տխուր ուռենյոք սքողյալ, ա՛յնքան յուր ճերմակ կանոնավոր գծագրությունը այդ մութ շրջանակեն առավել պայծառ դուրս կը ցայտեր։ Երբ կույսն կը քայլեր՝ թվեր թագուհի մի որ կընթանար ի գահակալություն սրտերու, այնչափ յուր բարձր հասակը հինքն ուներ վսեմ պարզություն։

Սքանչելի ինչ է ըստ ինքյան գեղեցկությունը․ բայց կրկին հարգ կստանա այն՝ երբ կինը կանգիտանա յուր առավելությունը և կը ներկայանա զուտ պարզությանը մեջ, առանց արվեստական սեթևեթի խոսքերու, շարժմանց և նայվածոց, ինչպես որ էր մեր օրիորդը։ Բայց որպեսզի նա բնության կատարյալ հրաշալիք լիներ, օժտված էր խելքով և սրտով նաև, ինչպես և զորավոր կամքով․ իրեն համար ուզելը՝ կարենալ էր։

Էակներ կան որք դաստիարակված կը ծնանին կարծես, հետևաբար մտավորական կամ բարոյական որևէ խնամք այնպիսի զարմանալի արդյունք կարտադրեն այնպիսյաց վրա որ անհամեմատ կերպիվ կը գերազանցեն չափն իրենց մատակարարված խնամոց։

Արաքսիայի ծնողքն՝ երբ տակավին իրենց նյութական կարողությունը կը ներեր, ջանադիր եղած էին տալ իրենց դստեր այն դաստիարակությունը որ սովորական ինչ եղած է արդի ժամանակ, այսինքն ոչ թե միտքը ստուգապես ճոխացնելու նպատակավ, այլ լոկ արտաքին զարդ մի տալու համար։ Հայերեն գրել և կարդալ չափավորապես, նույնպես և գաղղիերեն՝ այդ բավական համարված է ի մեզ պանծալու համար թե օրինավոր դաստիարակություն մի շնորհված է օրիորդի մի։

Բայց ոչ այնպես մտածեց Արաքսիա, զի անոր խոհուն միտքը անհագ էր ուսման մասին։ Գիտությունը հանք մ՚էր իրեն համար որ հետզհետե անոր խավերը պեղելով ևս քան զևս կուզեր խորն իջնել. ու որչափ խորը թափանցեր՝ նույնչափ կը ճգներ հառաջ երթալ, մերձենալ գիտության անհատակ հատակին որ շարունակ խույս կուտար իրմե։

Ետ ավարտման մայրենի լեզվին հետևեցավ գաղղիերենին, օգնությամբ գիտուն դասատուի մի որ ուսման օվկիանը կը ծավալեր անոր հետաքրքիր մտաց առջև։ Օրիորդն ուսումնասիրեց մանավանդ հին և նոր փիլիսոփայությունը. բաղդատեց, քննեց, մտածեց, և վերջապես այդ ընթերցումն նպաստեց իրեն, փոխանակ բոլոր հաստատված սովորությանց, կարծյաց և նախապաշարմանց կուրորեն հետևելու, ինքնիրեն աղղու կամք մը գոյացնելու և այլոց վրա ներգործելու։ Գծեց անձին շավիղն ուր պիտի ընթանար. մտածելու և գործելու ազատությունն ուզեց ունենալ, և նույն ազատության մեջ սակայն արժանապատվությամբ վեր կանգնիլ իբր կին առաքինի, և անգոսնել ընկերային գաճաճներն որք հօրիորդս կը պարսավեն՝ մտածելու, խոսելու և սրբությամբ սիրելու ազատությունն, քանի որ մարդս ազատություն և սեր վայելելու համար ծնած է։

Արաքսիա կուզեր բնութենեն շնորհված իրավունքն պահել անձին. կուզեր օգտակար անհատ մ՚ըլլալ՝ առանց իբր լոկ ընկերային զարդ հանդիսանալու․ թեև մորը հետ հակապատկեր մի կը ձևացներ կարծյաց և զգացմանց մասին, սակայն առանց բնավ վհատելու կը մրցեր մորն ընդդեմ և անդեդևուն քայլյուք կը հարատևեր նույն շավղին մեջ որ գծած էր ինքզինքին։


ԳԼՈՒԽ Բ․

Ոչինչ այնչափ մարդս կը ճմլե որչափ ուրախության ձայները հուսահատության մեջ։ Հոգին կզգա տարբերությունն այն որ կը տիրե գոհ էակաց և յուր նսեհ վիճակին մեջ, և այդ բաղդատությունն առավել ևս ցավոց բեռը կը ծանրացնե։ Բարեկենդանի երկարաձիգ վանկերը երբ Վարսամյան ընտանյաց ականջը կը հասներ՝ իրենց հոգվույն վերքն առավել ևս կարյուներ։ Մեն մի հառաչ սրտի՝ փոխանակ ազատորեն դուրս ելնելու դույզն սփոփանք պաաճառելով, ընդհակառակն յուր ընթացքին մեջ կիսատ մնալով հետս կընկրկեր, և այն հառաչը՝ իբր շիթ տառապանաց, սրտին վրա սառելով անոր շարժումը կը դանդաղեցներ։

Զգայուն հայրը կը լսեր այդ խրախճանաց հնչյուններն, և ցավալից ակնարկ մի կը նետեր յուր սիրելի դստեր վրա, որուն ոչ միայն ուրախություն չէր կրնար պատճառել այդպիսի ուրախառիթ տոներու միջոցին, այլ և նույնիսկ սեղանի պարզ խնջույք մի անկարող էր մատակարարել անգամ։ Գորովագութ հայր մի առ ոչինչ կը համարի յուր ցավերը, ամեն բանի կարող է համբերել, միայն թե յուր սիրույն ծնունդը զերծ մնա վշտերե և զրկմանե։

Պ. Վարսամյան իբր հանցավոր կը նայեր կնոջը, և իբր թե ինքն կամավոր պատճառ լիներ իրենց թշվառ կացության, ոչինչ կը համարձակեր ըսել ե ոչ իսկ ողբալ բացարձակապես։ Ինքն իրեն կը հյուծեր, և դստերը սիրո նայվածքին և գուրգուրալից խնամոց մեջ կը գտներ մխիթարություն, մանավանդ այն դառն պարագայից մեջ որք հետևանք էին կնոջը կծու հանդիմանությանց։

Կան այնպիսի կանայք որք գոգցես կուզեն բախտակից լինել իրենց ամուսնույն բարեբաստ ավուրց, և չեն ներեր որևէ դժբախտություն ուսկից իրենք բաժին պիտի ունենան։ Իբր ընտանյաց սատան սրտմտություն և դառնություն կը շնչեն, և դժգոհության թույն կարձակեն իրենց շուրջը։

Այդ կարգի կանանց կը վերաբերեր և տիկին Վարսամյան։ Հակակրությամբ կը նայեր ամուսնույն առանց ի նկատ առնելու այդ հեգին թշվառ կացությունը։ Նամանավանդ այդ հակակրությունն առավել ևս կարծարծեր հաստատելով յուր անկարողությունը զավկին մատակարարելու կենաց անդորրն ու շքեղությանը։ Տիկինը եթե անսիրտ ամուսին էր, ընդհակառակն մայր էր գորովագութ։

Կինը շատ հակառակորդներ, թշնամիներ, զրպարտիչներ ունեցավ. բայց ո՞վ արդյոք համարձակած է մոր սուրբ անունը սրբապղծելու։ Կինը ամբողջ յուր սիրտն ու հոգին մայրենի զգացման մեջ բովանդակած է, այսինքն յուր էությունը ուրիշ փափուկ էության մեջ ամփոփած է, և անով վսեմ անձնուրացության պատկերը հանդիսացուցած է։ Անոնք որ չար մայրեր են պարզապես մայրության ճիվաղներն են, անարժան մոր սրբազան անունը կրելու. հրեշներ են սոսկ որք կը հղանան և ծնունդ կուտան։

Տիկին Վարսամյան կը լսեր ցնծության աղաղակները փողոցին մեջ, և անոնք նույնչափ խայթոցներ էին յուր մայրենի սրտին, և նույնչափ սլաքներ յուր սրտմտության։ Աննպատակ կերթար կուգար մեկ սենեկեն մյուսը հուզյալ կերպարանոք և քայլյուք։ Վերջապես իբր թե ընկճյալ ցավոց սաստկութենեն, նստավ աթոռակի մը վրա իրենց գրեթե կիսամերկ սենեկին մեջ ուր բազմած էին այրն ու դուստրն, և աչերը հառելով աղքատիկ սեղանի մը վրա որ մաքուր բայց հին ճերմակ կտավով ծածկված էր, հուսաբեկ ըսավ.

— Արաքսիա՛, ահա՛ և քու Բարեկենդանդ. ահա՛ քեզ մեր տրտունջներն և արտասուքը իբր զվարճություն և խնջույք… կանգ առավ, կլլեց հեծկլտանք մի, և ապա հարեց— ահա՜ քեզ, դո՛ւստր իմ, քիչ մը հաց ու պանիր,— սեղանը ցույց տալով։

Արաքսիա հորը քովեն ելնելով ի հապճեպ դեպի մորն ընթացավ, և ձեռքը բռնելով ու համբուրելով զայն, ըսավ.

— Մա՛յր, բավ է ինձ որ դուք ողջ առողջ լինիք և լավագույն Բարեկենդան չեմ խնդրեր։ Ես երիտասարդ եմ, քսան տարի ապրած եմ տակավին, կյանքն ինձ համար է, ժամանակ ունիմ վայելելու զայն։ Բայց դո՛ւք, մա՛յր իմ, դո՛ւք պետք ունիք կենաց վայելմանց։

— Զայդ հորդ ըսե, որդյա՛կս։

— Մա՛յր, մի՛ ընդ վայր հանդիմաներ հայրս. ինքը չեղա՞վ արդյոք առաջին զոհն յուր տարապայման վիճակին։

— Թո՛ղ առավել լրջամիտ չիներ, և յուր դրամներն ընդ վայր վտանգի չենթարկեր։

— Բայց, մայրի՛կ, այնչա՛փ գործունյա և կարող անձինք նույն դժբախտության չհանդիպեցա՞ն արդյոք։

— Թող ավելի զգույշ լիներ, և խաղի երազոց չմատներ յուր հարստությունը։ Պարզամիտ մարդուն վերջն անշուշտ այս կը լինի։ Անոնք որ անկարող են իրենց ընտանյաց հաջող ապագա մի պատրաստելու գոնե չամուսնանան և շատ մը անմեղներ դժբախտության թող չդատապարտե։

— Սակայն, մա՛յր, փառք հորս՝ բազմաթիվ տարիներ երջանիկ ապրեցանք։ Եթե ինքն անկարող է արդ մեր ապրուստը հոգալու, իմ պարտքս է աշխատիլ և ըստ կարողությանս, հանգիստ կացություն մը ապահովել ձեզ։

— Դարձյա՞լ աշխատության խնդիրն հառաջ կը բերես, Արաքսիա՛։

— Մի՛ նեղանար, մա՛յր, բայց այս պիտի լինի հանապազօրյա խոսակցության նյութս մինչև որ թույլ տաս ինձ մեր առօրյա ապրուստը հոգալու։

— Ցավոք կը նկատեմ մինչև այդ աստիճանի նվաստանալու հոժարությունդ, Արաքսիա։

— Արք՝ որք երկրային իշխաններ են, կը նվաստանա՞ն արդյոք գործելով, մա՛յր։

— Բայց այդ տարբեր խնդիր է․ զի արք ծնած են իշխելու համար։

— Ուրեմն աշխատությունը ուժ մ՚է քանի որ անով զորավոր եղած է հակառակ սեռը։

— Բայց անոնք մեծ պաշտոններու կիրառությամբն է որ մեծ հանդիսացած են, աղջի՛կս։

— Եթե արանց ամենքն ալ բարձր դիրքերու ձգտեին, որո՞նց արդյոք սահմանյալ պիտի լինեին անշուք պաշտոնները, մայր։ Մարդկությունը սանդուղ մ՚է որ ամենեն ստորին աստիճանեն կսկսի մինչև ցբարձրագույն հասնելու համար․ առաջին աստիճանը արհամարհելի չէ քանի որ մյուսներուն ներդաշնակության կը ծառայե։

— Դո՜ւստր իմ, դո՞ւ կուզես լինիլ ուրեմն այդ առաջին աստիճանը ուսկից մարդիկ արհամարհոտ քայլիվ անցնին երթան բարձրագույն կետի մ՚ելնելու համար։ Դու ուրեմն կը կամի՞ս անգոսնելի լինիլ, եպերելի լինիլ, այլոց հրամաններն ընդունիչ և անոնց քմահաճոյից խաղալիք լինիլ։

— Եթե մտավորական կարողությունքս կամ գիտությանս չափավորությունը զիս համեստ աշխատության կը հրավիրեն, ինչո՞ւ կուզես որ նվաստանամ այլոց հրամանատարության ներքև լինելով։

— Զայդ, չգիտեմ, դո՛ւստր իմ։

— Դիտե՛, մա՛յր, ամեն աստիճանի պաշտոններն պատասխանատվության մ՚ենթարկված են, նամանավանդ գործին կարևորության աստիճանին կը համապատասխանեն մարդկանց ստանձնած պատասխանատվությունքը։ Թագավորներեն անգամ համար կը պահանջվի կը տեսնես ուրեմն որ ոչ ուրեք կա կատարյալ անկախություն դիրքի։

— Բայց դու ինչպե՞ս կը խորհիս․ չե՞ս զգար որ եթե ընտանյաց մեջ դասատվության երթաս, աղախնո մ։աստիճանին պիտի իջնաս։

— Նախ, մա՛յր, ուսյալ միտք մի որ ուսմունք կը սովրեցնե, ոչ երբեք կը նվաստանա։

— Եվ սակայն քանինե՜րն կարհամարհեն զայն տրված թոշակն ի նկատի առնելով։

— Ինչ որ օրինավոր վարձատրություն մ՚է խղճամիտ աշխատության, պատվավոր է ամեն ժամանակ հաչս իմաստուն և լրջամիտ անձանց։ Իսկ բթամտաց դատողությունը կանգոսնեմ, մա՛յր։

— Եվ սակայն ամենքր իմաստուն չեն, և տկարամիտք կը կազմեն մարդկության ստվարագայն մասը։

— Ինչ որ խելացի անձանց հավանության և ծափահարության արժանի է, անմտաց հակակրության և թշնամանաց առարկա է ընդհանրապես։ Քանի որ կա՛մ առաջին կա՛մ երկրորդ տեսակ մարդկանց ջատագովության կա՛մ պարսավանաց պետք է վերջապես ենթարկվիլ, անտարակույս որ նախապատիվ կը համարիմ գովվիլ հառաջիններե և չհավնվիլ երկրորդներեն։

— Բայց չե՞ս մտածեր որ տունեդ դուրս այլուր բնակելովդ ընկերային վիճակդ կը խոնարհի, հետևապես՝ եթե հարկ է որ ազատորեն խոսիմ քեզ, անշուք ամուսնություն մի կրնաս երազել միայն։

— Մա՛յր, չեմ փափագիր ամուսնանալ ինձ ապագա մի ապահովելու համար միայն. ես կարող եմ աշխատությամբս թե՛ զքեզ և թե զիս ապրեցնել։ Այլ թույլ տուր ինձ հայտնել քեզ թե ոչ երբեք բախտակից կը լինիմ անձի մի որ փոխանակ հարգելու զիս, գործելու և աշխատելու տրամարությանցս համար ընդհակառակն կարհամարհե զիս։ Այդպիսի գաղափարաց տերերն ես կայպանեմ, որով անհնարին է ինձ ամուսնուսնալ այնպիսյաց հետ, մա՛յր։

— Ինչ որ կուզես ըսե, ես չեմ ներեր քր մեր ընտանյաց անունն իբր վարձկան ստանձնելով՝ տնե տուն շրջիս։

— Անոթութենե կուզե՞ս օր մի մեռնիլ ուրեմն, մա՛յր։

— Մինչև ցարդ չմեռանք փառք այն դույզն օգնության որ մեր բարեկամուհին կը հասցնե մեզ։

— Նախ, մա՛յր, այդ տիկինը բավական հարուստ չէ, հետևապես անհնար է անոր օգնության վրա վստահիլ միշտ։ Երկրորդ՝ մի՛ մոռնար թե ճշմարիտ մուրացկանի դեր կը խաղանք քանի որ դրամ կընդունինք առանց որևէ ծառայություն մատուցանելու ի փոխարեն։

— Բայց ո՞վ պիտի իմանա թե մենք այլոց օգնությամբ կապրինք քանի որ այդ տիկինը չի հայտներ զայդ մեկու մի։

— Մա՛յր, ի՞նչ հարկ, որ ուրիշները գիտնան երբ մենք գիտենք, թե ապօրինավոր օգնության առարկա ենք․ մեր խիղճը, մեր արժանապատվությունը բողոք չի՞ բառնար արդյոք։ Բաժին կունենանք ուրիշի գույքեն առանց արդարացի իրավունք մ՚ունենալու այդ գույքին վրա։ Պարգևատու տիկնոջ առջև մեր դիրքը նվաստ չէ՞ արդյոք երբ կարող ենք գործելու և կը վարվինք իբր թե անկար լինեինք։ Դու ինքդ դատե և վճռե։ Հիշե՛, որպիսի՜ խոնարհ ձև մի կառնուս մեն մի անգամ որ մեր բարերարուհին յուր լուման ձեռացդ մեջ կը սպրդե։ Պարգևատուին փափուկ և ազնվական ընթացքը արդյոք մեր խոնարհիլը կրնա՞ քողարկել նույն միջոցին։

ԳԼՈԻԽ Գ.

Մինչ այս խոսակցաթյունը տեղի կունենար, ահա ստվար խումբ մի դիմակավոր մարդկանց որք փողոցեն կանցնեին զվարթ աղաղակներով օդը թնդացնելով։

Օրիորդն բնազդմամբ պատուհանեն դուրս նայելով տեսավ հանկարծ թե յուր ընկերուհիներեն մին դեպ՝ իրենց տունը կուղղվեր, և զայդ փութաց մորն իմացնելու։ Տիկինը հուզվելս էք բնթացավ ի հապճեպ դեպի սեղանն ուր գրված էր հացն ու պանիրը, և զանոնք մեկտեղեն վերցնելով ընդ փույթ՝ զվարթ դիմոք ընդունեցավ զհյուր յուր դստեր։

Սա պարզ ու սիրուն երիտասարդուհի մ՚էր, խարտյաշ և թարմ, խոսքերուն և զգացմանց մեջ անկեղծ։ Բախտն այնչափ իրեն ժպտած էր մանկութենեն իվեր որ կարծես թե պետք չէր ունեցած երբեք ստել կենաց ու մարդկանց։ Գոհ կույսն էր որ լիաթոք կը վայելե գարունը յուր բուրմունքով և կը հրճվի նորա երգերով ու գույներով ինչպես և կը վայելե կյանքն յուր հանդարտ զվարթությամբ։ Միակ զավակ հարուստ ծնողաց՝ նոցա հույսն էր և լույսը։ Անդորր կենաց և գոհունակություն, չափավոր ձիրքեր մտաց և առատ գանձեր սրտի, միշտ զվարթ կերպարանք մի, ահա պատկերացած կը լինի մասամբ մեր աչաց՝ օրիորդ Վարդանույշ Երանյան։

Մանկության ընկեր Արաքսիայի՝ բարեկամությունն աճած էր իրենց հետ։ Երբ Վարդանույշ բացառիկ զվարթ օր մ՚ուներ տոնելու՝ աոաջին հրավիրյալն Արաքսիան էր։ Եվ երբ սա տխուր էր, բարեսիրտ կուսին աշխույժ կերպարանքին վրա վայրկենական մութ քող մի կանցներ։

Հոգի մի որ չէ տառապած չըմբռներ ըստ բավականի այլոց ցավը քանի որ հազիվ անոր մակերևութին կը հասնի։ Ու՞ր գուշակե նա թե մեն մի ծալք սրտի վշտով ձևացած է, թե փոխանակ լուսատու և հարթ հատակի՝ սիրտը խավար և խորունկ խոռոչներ կը պարունակե, քարանձավներու նման ուսկից բանտարկյալ հողմը սաստիկ սուլելով դուրս կը ցայտե, նույնպես և բանտարկյալ հառաչը սև խրբշերեն վիժելով, մռնչելով շուրջ կը ժայթքե։

Թեև տիկին Վարսամյան ամեն ճգամբ կը ջանար ծածկել իրենց չքավորությունը օտար աչքերե, սակայն խիստ անկատար կերպիվ կը հաջողեր զի աղքատությունն հրեշ մ՚է որ յար սոսկալի գլուխը կը ցցե ակռաները կրճտելով, այնչափ զրկանքն և նոթությունը կը գրգռե զայն։

Բայց եթե նշմարելի էր ամենուն սույն ընտանյաց նեղ վիճակը, ոչ ոք կը գուշակեր սակայն թե հետին աղքատության հասած էր այն, այնչափ տիկինը մեծամեծ խոսքերով ջանադիր էր յուր բուն վիճակը ծածկել։

Ուստի օրիորդ Վարդանույշ ընդոստ քայլով սենեկեն ներս մտնելով, և տիկինը ու իր ամուսինը բարևելե վերջը, մոտեցավ յուր րնկերուհվույն անհամբեր լինելով անոր հաղորդելու ուրախությունն որ լիապես գրաված էր յուր սիրտը։

— Գիտե՞ս, սիրելիս, ինչու եկած եմ,— ըսավ։

— Ոչ,— պատասխանեց Արաքսիան։

— Ուրեմն կիմացնեմ քեզ թե այս գիշեր մտերմական երեկույթ մ՚ունինք ու երեսուն կամ քառասուն անձինք ներկա պիտի գտնվին, և եկա այժմեն զքեզ տուն տանելու, եթե տիկին մայրդ չընդդիմանա։

— Մանավանդ որ սիրով կընդունիմ հրավերդ, աղջիկս, ըսավ տիկինը։ Արաքսիան ոչինչ ունի ընելիք հոս, ազատ է նա․ թող երթա զվարճանա, զի մենք յուր հորը հիվանդոտ վիճակին պատճառավ ոչ հացկերույթ տալու և ոչ երեկույթ մ՚ունենալու կարող ենք։

— Որչա՜փ ուրախ եմ,— գոչեց Վարդանույշ,— ուրեմն պիտի ընկերանա՞ս ինձ արդ, Արաքսիա։

— Գիտես, սիրելիս,— հարեց խեղճ կույսն,— որչա՜փ հաճելի է ինձ հետդ գտնվիլ ոչ թե այլոց ընկերությունը վայելելու համար, այլ պարզապես քուկինդ, բայց անհնար է ինձ սիրուն հրավերդ ընդունիլ այսօր, քանի որ հայրս անկարող է տեղեն շարժիլ, և մայրս ինձ ընկերանալ։ Այսպիսի խորհրդավոր գիշեր մի անպատշաճ է որ աղջիկ մի յուր ծնողքը թողու աոանձին՝ այլուր զբոսանք որոնելու համար

Հայրն ու մայրն միաբերան բողոքեցին։ Վարդանույշ բյուրիցս կրկնեց յուր աղերսանքր, բայց Արաքսիա հաստատ մնաց յուր որոշման մեջ։

Վերջապես երբ Վարդանույշ տեսավ թե անհնար է յուր բարեկամուհվույն միտքը փոխել՝ տխուր դիմոք ելավ տեղեն մեկնելու դիտավորությամբ։ Կը հիանար անոր ծնողասեր զգացմանց վրա իրոք, բայց կը ցավեր զայն մասնակից չընելուն յուր ուրախության։

Մինչ հրաժեշտի ողջույնը կուտար երիտասարդուհին, տիկին Վարսամյան ըսավ անոր. – Եթե հրավիրյալներ չունենայիք այս գիշեր զքեզ վար կդնեի մեզ հետ Բարեկենդան ընելու

Օրիորդն շնորհակալ եղավ այդ քաղաքավարական բառերուն համար առանց մտքեն անցընելու թե յուր սիրելի ընկերուհին հանդերձ ընտանյոքն միայն պանիրով ու հացով պիտի հանդիսադրեին Բարեկենդանի վերջին գիշերը։

ԳԼՈԻԽ Դ.

Երբ առանձին մնացին, հայրն քաղցր կշտամբանոք մեղադրեց զյուր դուստր զբոսանաց գնացած չլինելուն համար, և հայտնեց թե յուր տխուր հոգին պիտի ցնծար գիտնալով թե յուր սիրելի զավակը գոնե նույն գիշերն ուրախ ժամեր կանցներ:

Հայնժամ տառապելույն կինը ոտք ելնելով և իբր վագրուհի անոր առջև կանգնելով ըսավ անգութ եղանակավ.

– Եթե կուզեիր զավակդ գոհ ու երջանիկ տեսնել, թո՛ղ ջանայիր այսպիսի աղքատության չմատնել զմեզ։ Ի՜նչպես կուզեիր որ մեր աղջիկն երեկույթի երթար երբ այլոց գգեստուց շքեղության չէր կրնար հավասարիլ իրենները։

Երկու լուռ արտասուք սահեցան խեղճ մարդուն աչերեն, և գլուխը խոնարհեցնելով կուրծքին վրա անխոս մնաց, ինչպես սովորություն ուներ ընելու. զի մեն մի անգամ որ կնոջն առջև խոսելու փորձ կըներ, նա կը պապանձեցներ զյուր բերան խիստ հանդիմանությամբ։

Արաքսիա դեպ՚ յուր հորն ընթանալով անոր գլուխը բազկացը մեջ առավ ըսելով.

– Հա՛յր, վստահ եղիր որ զգեստուցս պատճառով չէ որ ընդունեցա ընկերուհույս հրավերը. զի իմ զարդուցս պարզությունը ինձ ամոթ չբերեր, ընդհակառակը կը պարծիմ անավ այլ եթե մերժեցի՝ պատճառն այն է որ չուզեցի ձեզմե հեռու անցնել այսպիսի գիշեր մի։

– Այսպիսի՜ գիշեր մի, պանիր հա՞ց ուտելու համար, աղջի՛կս, — գոչեց մայրը դառնությամբ, մինչ աչերն տարօրինակ կերպիվ կը փայլեին, և այտերն կարմիր էին իբր զհուր։

– Մա՛յր, մեր համեստ սեղանը նախապատիվ կը համարիմ քան այլոց մեծահաց կոչունքները։ Սնունդն որ ձեզ կը բավե՝ ևս առավել կը բավե ինձ։

Այս խոսքերն արտասանելեն վերջը կույսը գլուխը կռթնցուց հորը ուսին վրա ուսկից վերուցած էր խոսելու համար, և զգաց թե լուռ արտոսր մի՝ իբր շիթ լուռ ցավի, լուր դեմքին վրա կը գլորեր լռին։

— Հա՜յր, հա՜յր․ ո՜հ, մի՛ լար, հոգիս կը ճմլես,— գոչեց հուսահատորեն աղջիկն, նորա պարանոցին վրա իյնալով։

Իսկ տիկինը քթին տակեն քանի մի խոսքեր մրմռալով հեռացավ, և ուրիշ սենեկի մեջ առանձնանալով անկողնույն վրա տարածվեցավ։

Արաքսիա քիչ մի ետքը մորը ետևեն գնաց տեսնելու համար թե ի՜նչ կըներ նա։ Բայց սենեկին դուռը կիսաբաց լինելով տեսավ զյուր մայր տարածված, և կարծելով թե կը ննջեր առանց բնավ ձայն հանելու հորը քով վերադարձավ։

Տառապյալ մարդը նոթութենե նեղվելով սակավ ինչ ուտեստ խնդրեց։ Արաքսիա փութաց վերջապես բերելու պանիրն և հացը զորս յուր մայրը մեջտեղեն վերուցած էր օտար աղջկան այցելությունն իմանալով։ Եվ մինչ այդ համեստ ճաշը հորն առջև կը զետեղեր, կույսն կարեվեր հոգվով, բռնի իմն զվարթությամբ գոչեց. «Հայրի՛կ, փույթ չէ եթե մենք ևս այլոց նման մեծափարթամ սեղան չունինք այսօր. բավ է որ ողջ լինինք և ամեն ինչ լավ է ու գոհացուցիչ։ Բայց վստահ եղիր որ հետևյալ տարին՝ եթե ապրիմ, լավագույն Բարեկենդանի գիշեր մի կանցընես»։

Խեղճ մարդն ոչինչ պատասխանեց, այլ անխոս և անհառաչ, իրեն ներկայացվածը կերավ, մինչ յուր դուստրն ամեն ճիգ կը թափեր զվարթադեմ երևալու, ու կատակներովն ջնջելու նույն պարագային տխուր ազդեցությունը։

Տիկին Վարսամյանի բացակայությունն երկարելով՝ օրիորդն վերստին գնաց ակնարկ մը նետելու մորը սենեկին, ամենայն զգուշավորությամբ սակայն զինքը չարթնցնելու համար եթե ի քուն էր։ Բայց մեծ եղավ յուր զարմանքն երբ ականջին հասան խեղդված կոծեր ու ձայներ։ Սիրտ ի թունդ խեղճ աղջիկը մորը քով ընթացավ և հուզյալ եղանակավ «Մա՛յր, գոչեց, դու կը տառապի՞ս առանց զիս կոչելու»։ — Բավական չէ՞ դատապարտությունդ այդ ծերը խնամելու, հարկ է քեզ ուրի՞շ ծանրություն մ՚ալ արդ։

– Ա՛հ, մա՜յր, պարտքս չէ՞ արդյոք հոգալ զձեզ. դուք ինձ համար որչա՜փ զոհեր կատարեցիք․ ամեն ծառայություն և ամեն սեր փոխարինություն չի՞ պահանջեր արդյոք։

ԳԼՈԻԽ Ե.

Տիկինը սաստիկ մարմնական ցավերովն ու գալարմամբը, խոսակցությունն ընդհատեց։ Խեղճ Արաքսիա ամեն խնամք կը մատակարարեր հիվանդին, զինքը կը շփեր, կը ծածկեր, կանացի դեղեր կը պատրաստեր։ Բայց ի՞նչ են այդպիսի տկար միջոցներ ախտի մ՚առջև, որ զորավոր և էական դարմաններու կը կարոտեր։

Բժշկի ստիպողական պետքը զգալի կը լիներ, բայց զնա վարձատրելու միջոցը կը պակսեր։ Արաքսիա անմիջապես իրենց բարերարուհին հիշեց, և երկտող մ՚ուղղելով անոր իրենց անհնարին վիճակն իմացուց։ Բայց նամակն ապարդյուն մնաց, զի այդ տիկինը բացակա էր, և ազգականի մր տան մեջ կը տառապեր այնպիսի հիվանդությամբ իմն որ զինքն մեկ շաբթվան մեջ ի մահ տարավ, բոլորովին անպաշտպան թողլով Վարսամյան ընտանիքն՝ անոնց հուսո վերջին նշույլն ևս շիջուցանելով։

Սակայն տառապելույն վիճակը կը ծանրանար. տենդ, զառանցանք, ոչինչ կը պակսեր ողորմելի Արաքսիան սարսափեցնելու համար։ Վերջապես երիտասարդուհին դիմեց յուր սիրելի բարեկամուհվույն, և Վարդանույշ մորն ի միասին սուրաց հօգնություն ահաբեկ կուսին։

Այս վերջինը առանց իրենց աղքատությունը ծայրահեղ լինելն հայտնելու՝ իմացուց թե նեղը կը գտնվին։ Եվ եթե այդպիսի զգուշավորության կը դիմեր՝ ոչ թե մեծամիտ խորհուրդներե դրդյալ էր առ այդ, ոչ թե աղքատութենեն ամաչելուն համար էր, այլ մորը գոռոզ խորհրդոց հպատակելու մտոք էր պարզապես, թեև ներքնապես պարսավելով՝ կը հարգեր զանոնք։

Բավական օրեր տևեց հիվանդին ծանր կացությունը։ Բայց փառք Վարդանույշի անձնվեր օգնության, Արաքսիային ծառայության բեռը կը թեթևնար, զի նա հիվանդ տիկնոջ մոտ գիշերները կը տքներ, և ցերեկները ամեն խնամք թե՛ տիկնոջ և թե՛ անոր կաթվածահար ամուսնույն կը մատակարարեր։

Եթե կա ինչ վսեմ աշխարհիս վրա՝ ճշմարիտ բարեկամության պատկերն է, հորում երկու ազնիվ հոգիներ հանդարտ և միօրինակ հուրով կը վառին առանց փայլատակաց, առանց շռնդյունի և առանց ցույցի։ Բարեկամության տևողությունն հնարավոր է նույնիսկ չափավորությանը պատճառավ, զի ինչ որ անչափ է և տարօրինակ՝ կսպառի յուր սաստկությամբն իսկ, ինչպես է զոր օրինակ բուռն և այլանդակ սերը։

Բարեկամ մի կը նվիրե զյուր զգացում անձի մի մասնակցելով նորա ուրախության ինչպես և վշտին։ Իսկ սիրահարյալ սիրտը կը միանա պաշտած անձին հետ, անոր հետ կը ձուլվի, այնպես որ յուր պաշտելույն համար գործելովն՝ անձին համար կը գործե դարձյալ։ Բարեկամության մեջ կատարյալ անձնվիրություն կա, իսկ սիրո մեջ վսեմ անձնասիրություն։

Վարդանույշի մոր թափանցող աչքը շուտ վերահասու եղավ այն աղքատության սոսկալի աստիճանին, որուն քողին ներքև կը մաշեր տարաբախտ ընտանիքն Վարսամյան։ Տիկին Երանյան առանց զգացնել տալու հոգաց ամեն պիտույքը սույն չքավոր անձանց՝ իբր թե յուր հասուցած դրամական օգնությունը պարզապես փոխատվություն լիներ և ոչ թե ողորմություն։

Եթե մեծ է ողորմած սիրտը, ևս առավել մեծ է յուր նվերը մատուցանելու ազնիվ եղանակավը, երբ կը ջանա չվիրավորել այն դյուրազգաց հոգին որ նվաստանալը կիմանա շնորհապարտ մնալու ժամանակ։

Արաքսիա ոչ ևս կարենալով ծածկել ընտանեկան գաղտնիքը զոր տիկին Երանյանի փափուկ ընթացքն անգիտանալ կը ձևացներ, խոստովանեցավ վերջապես իրենց գտնված թշվառ կացությունը հայտարարելով յուր հաստատ դիտավորությունն ընտանյացն ապրուստը հոգալու, քանի որ բնավ հուսո նշույլ չկար իրենց համար ոչ ուրեք։

— Ո՜հ, — գոչեց Վարդանույշ,— ինչո՞ւ գանձեր չունիմ քու վրադ թափելու համար, Արաքսիա՛։ – Սիրելի՜դ իմ,– պատասխանեց երիտասարդուհին,– կրնա՞ս հավատալ թե ես այդ գանձերը կընդունեի քեզմե առանց փոխարինության։ Արդեն սրտիդ գոհարներն առատապես կը վայելեմ, բայց ստույգ է որ ի մասին գորովո կատարելապես վարձատրված ես ինձմե:

– Արաքսիա՛, ի՞նչ է իմ ըրածս երբ դու այդչափ դյուցազնությամբ կը հանդուրժես անտանելի վիճակիդ։ Երբեք գանգատ մի չեմ լսած քու բերնեդ, և հակառակ այն մտերմության որ կը տիրե մեր մեջ, դու ծածկեցիր ինձմե մինչև ցարդ քու բոլոր տառապանքդ և զրկումներդ։ Վստահությանդ արժանի չի համարեցի՞ր զիս արդյոք։

– Վարդանո՜ւյշ, մի՛ այդպիսի ծանր մեղադրանոք հոգիս վիրավորեր։ Եթե լուռ կեցա մինչև ցարդ մեր ներքին դառն վիճակին վրայոք՝ պատճառն այն է որ ընտանեկան գաղտնիքն ինձ չվերաբերիր․ հետևապես իրավունք չունիմ երևան հանելու ինչ որ իմս չէ։

– Բայց,— հարեց տիկին Երանյան,— գաղտնիքդ հաղորդելով մեզ մատնություն մ՚ըրած չէիր լիներ, քանի որ լավ կը ճանաչես մեր բարեկամական տրամադրությունքն ձեզ նկատմամբ։

– Տիկի՛ն, ոչ երբեք կասկած մ՚ունեցած ենք այդ մասին, և ձեր արդի ընթացքը շատ իսկ հայտարարեց ձեր խոսքերուն ճշմարտությունը։ Եթե մայրս յուր վիճակր ծածկելու ջանադիր եղած է, գուցե յուր բարեկամաց տագնապ չպատճառելու համար լիներ,— ըսավ, եղանակավ մի՝ որ յուր համոզման հակառակ խոսիլը կը մատներ։ Բայց ներելի էր այդ ընթացքը, զի խեղճ աղջիկն յուր մորը վարմունքն արդարացնելու կաշխատեր։

Տիկին Երանյան այդ փշոտ նյութին վրա ընդ փույթ սահելով քաջալերեց զօրիորդն ապագա բարելավության հույսը փայլեցնելով աչացը։

– Տիկի՛ն,— պատասխանեց Արաքսիա,— լավ կըմբռնեմ թե մայրենի սրտի մ՚ամեն փափկությամբ կաշխատիք զիս հուսադրելու։ Բայց ես բնավ վհատյալ չեմ քանի որ առջևս կը պարզի աշխատության ասպարեզը։ Ուստի հարկ է, որ գործունեությամբս փրկեմ ծնողքս անպատճառ։ — Հիանալի աղջիկ,— մրմնջեց տիկինը հուզվելով, և վայրիկ մի լռելե վերջը հարցուց գորովանոք․

— Բայց ի՞նչ կը խորհիս ընել. խոսե՛ անկեղծապես, որպեսզի գոնե ջանամ քեզ օգտակար լինելու։

— Դժբախտաբար, տիկի՛ն, որոշում մի տալու համար հարկ չկա միտքս հոգնեցնել, զի ասպարեզն աշխատության խիստ սահմանափակ է կանանց մասին։

— Իրավացի է ըսածդ,— պատասխանեց տիկինը։

— Տոմարակալության մեջ բավական հաջողակ եմ, — հարեց օրիորդը.— և եթե ընկերային պայմանները ներեին հաշվակալության կը հետևեի, քանի որ մասնավոր ձգտումն ունեցած եմ այդ ճյուղին համար։ Բայց իմ սեռս կը խափանե ամեն երազ այնպիսի ասպարեզի մեջ մտնելու ուր հառաջադիմությունը չէ արդարացի վարձատրություն խղճմտավոր և կանոնավոր աշխատության, այլ պարզապես խնդիր մ՚է սեռի:

— Ո՜վ չգիտեր քու հաջողակությունդ ոչ միայն հաշվակալության այլ և գիտությանց մեջ,— հարեց Վարդանույշ։ Կը հիշեմ որ դասատուդ որ իմս էր նաև, իբր նախանձելի օրինակ իմն ցույց կուտար զքեզ, ու կը հաստատեր թե լավ ապագա մի կարող էիր ունենալ եթե հակառակ սեռին վերաբերեիր։ Մինչ ես… ավելորդ է խոսիլ այդ մասին,— ըսավ խնդալով:

— Դո՛ւ, սիրելիս,— պատասխանեց Արաքսիա, — դրական էակ չես․ դու բանաստեղծ ես, համայն սեր ես, անձնվիրություն և վսեմ երազ։ Հոն թիվերը ու հաշիվը գործ չունին։

— Այսինքն բանաստեղծ եմ զգացմամբ ու խանդիվ բայց ոչ տաղանդիվ։

— Բանաստեղծ հոգի ունենալը գեղեցկին և ճշմարտին հարազատ զավակը լինելը կը հաստատե. այսինքն կը հայտնե ունենալն այնպիսի նուրբ և ազնիվ թելեր որք շատ առավել ընդունակ են թրթռալու լավին ու վսեմին ցնցմամբ՝ քան թե հասարակ հոգիները։

— Ուրեմն եթե կուզես որ այնպես լինի, ընդունե և դու այն առավելությունն որ ունիս իմ վրաս բանաստեղծ հոգվո մի դրական միտք մը միացնելու։ Դու գեղեցկին իրականությանը մեջ կամփոփիս առանց անոր երևակայական ձևեր տալու և անոր փայլն ավելցնելու ջանադիր լինելու սին երազներով:

– Բայց չգիտե՞ս, սիրելիս, թե գաղափարականն երիտասարդ հոգվո սնունդն է և թե ոսկեզօծ երազներով կը սնանի ու կաճի։

– Միթե դու երիտասարդ չե՞ս, Արաքսիա:

– Դժբախտությունը ծերացուց զիս արդեն. զի դժբախտությունը ծանր դպրոց մ՚է ուր ժամանակ չկա երազելու, և ուր իրականության դասը կը տրվի միայն։ Հոն կյանքը կը ներկայանա մեզ զուրկ յուր բոլոր զարդերեն սոսկալի մերկությամբ կմախքի կերպարանաց ներքև։ Այդ կմախքն երկբայության տեղի չտար, զի մեր աչաց առջև կը պարզե յուր ծալքերը, խոռոչները ու սևությունները։ Հոն աչքը կը վարժի այդ խիստ ու դժնդակ տեսարանին, հոգին կարիանա, և իբր քաջ զինվոր՝ կենաց ճակատամարտին մեջ կը հառաջանա։

Տիկին Երանյան ըմբռնելով այդ արի բայց կարեվեր աղջկան։ Հոգվույն դառնությանը, խոսակցության տարբեր ուղղություն մի տվավ հարցնելով անոր թե աշխատության ո՞ր ճյուղն կընտրեր վերջապես անձին։

- Տիկի՛ն,— հարեց պատանուհին, — կընտրեմ ա՛յն միակն որ կը ներկայանա ինձ արդ․ այսինքն պատվավոր ընտանյաց մի քով դասատվություն ընելը։

— Երանի՜ թե փոքրիկ մի քույր ունենայի,— գոչեց Վարդանույշ,— որպեսզի անոր դաստիարակության հոգը քեզ հանձնվեր։

— Առանց այդ պայմանին՝ Արաքսիա մեզի հետ կրնա բնակիլ իբր զավակս,— հարեց տիկին Երանյան, ու կերպով մի օգնել յուր ծնողաց իսկ։

— Դուք երկու թանկագին հոգիներ եք,— պատասխանեց Արաքսիա, լիովին հուզյալ. երախտագիտական զգացումները։— Բայց ներեցեք որ մերժեմ ձեր ազնիվ առաջարկն զի կը փափագիմ արժանավորապես վարձատրվիլ իմ ծաոայությանցս համար, և ոչ թե մարդասեր սրտի ողորմության լումա ընդունիլ:

— Որչափ խիստ ես քեզ նկատմամբ, Արաքսիա՛,– ըսավ Վարդանույշ վշտացած իմն կերպարանոք։ — Խիստ չեմ, այլ արդար, բարեկամուհի՜ս, զի ով որ կարող է գործել և ընդհակառակն ուրիշի ձրի օգնության կը դիմե՝ այն կը հափշտակե անկարող աղքատաց իրավունքը, ընկերային գողություն մի կը գործե։

Վարդանույշ լռեց զի համոզվեցավ թե անհնարին էր անոր խորհուրդներն այլայլել։

Իսկ տիկին Երանյան հարեց.

— Լսեցի թե հարուստ ազգային ընտանիք մի՝ որուն հետ բնավ հարաբերություն չունիմ սակայն, ուսյալ վարժուհվո մի կը կարոտի, խոստանալով ըստ արժանվույն վարձատրություն հատուցանել։

— Տիկի՛ն, խնդրեմ առանց ժամանակ կորսնցնելու առաջարկել տվեք զիս,— թախանձեց Արաքսիա։

— Բայց մորդ հավանությունն ստացա՞ծ ես, աղջիկս,- հարցուց տիկինը։

— Պարագա կա, տիկի՛ն, որ ընդվզիլն առաքինություն է, և հնազանդությունը վատություն։ Որոշած եմ առաքինի լինել:

— Ուրեմն անհոգ եղիր,— ըսավ բարեսիրտ տիկինը, և այս խոսակցությունն որ տեղի կունենար հիվանդին քունին միջոցին՝ ընդհատվեցավ բժշկին այցելությամբը։

Բժիշկը զտիկին Վարսամյան լավ քննելե և ամեն սովորական հարց ու փորձերը կատարելե վերջը, հայտնեց թե հիվանդին վիճակը բավական ծանր էր, առանց սակայն վարանմունք ցույց տալու անոր բժշկվելուն վրայոք։

Արաքսիայի վախերը փարատվելով մորը նկատմամբ սփոփարար շունչ մ՚առավ, և փառք Երանյան տիկնոջ դրամական օգնության, հիվանդն ամեն նյութական և բարոյական սփոփանք կը վայելեր։

Երկու շաբաթ վերջը տիկին Վարսամյան ապաքինության վիճակի մեջ մտնելով՝ Վարդանույշ հանձն առավ վերջապես վերադառնալ յուր տունը, հետը տանելով բարեկամուհվույն անկեղծ երախտագիտական արտահայտությունքն՝ զոր առավել արտասվոքը կը հայտներ քան թե խոսքերովը։
ԳԼՈԻԽ Զ.

Տիկին Վարսամյան անգիտանալով զմահ յուր բարեկամահվույն՝ անոր վերագրած էր այն առատությունն որ շուրջը կը տեսներ։

Արաքսիա կը պատրաստեր աստիճանաբար զյուր մայր՝ ընդունելու այն հարվածն որ յուր ամեն հույսերուն վերջ կը դներ։ Եվ երբ այդ տխուր լուրը գուժեց անոր ականջին.

— Ո՜հ,— գոչեց տիկինը հուսահատորեն,— երբ մեր վերջին ապաստանը կը լքանե զմեզ, ոչ այլ ինչ կը մնա բայց մեռնիլ:

— Այսպես չէ՜, մայր, հետին նեցուկ մ՚ ունիս ցորչափ ես ողջ եմ և առողջ,— ըսավ կույսն։

— Դո՞ւ, որդյա՛կ։

— Ե՛ս, մայր։

— Դարձյալ աշխատելու առաջարկդ մեջտեղ պիտի դնե՞ս արդյոք։

— Այսինքն պիտի գործադրեմ զայն վերջնական կերպիվ այս անգամ։

— Շնորհիվ հորդ, ահա որպիսի՜ դիրք մ՚երազելու կը դատապարտվիս:

— Մա՜յր, կը թախանձեմ քեզ, մի՛ հարձակիր հորս վրա, ինքը բավական թշվառ է արդեն, որով ավելորդ է յուր վիճակը առավել ծանրացնել կշտամբանոքդ։ Հիշե, սի՛րելի մայրս, որ բազում տարիներ գոհ և հանգիստ ապրեցանք անոր շնորհիվ. և եթե դժբախտության մեջ անկանք՝ անդարմանելի չէ վիճակն. ընտանյաց անդամոց մեջ համերաշխություն կա, զի կարողը միշտ անկարողին հաջորդելու է ապրուստի միջոցը հոգալու համար։

— Կրնա՞ս հավատալ թե ես ճակտիդ քրտամբը քաղած հացն ուտեմ առանց խղճի խայթ զգալու, աղջիկս։

— Եվ սակայն այդպես պիտի լինի. արդեն ամեն ինչ պատրաստ է, և աշխատությանս օրն ընդ փույթ կը հասնի։

— Ի՞նչ կըսես, հաստատապե՞ս կը խոսիս։

— Այո՛, մայր:

– Չեմ հասկնար թե ինչ կուզես ըսել։

– Բացատրեմ ուրեմն։ Հարուստ տան մի մեջ, գոհացուցիչ պայմաններով իբր վարժուհի պիտի երթամ երկու փոքրիկ աղջկունք դաստիարակելու համար։

— Ո՜հ, ի՞նչ ըրիր, որո՞ւ հաղորդեցիր մեր գաղտնիքը, որպիսի հիմարություն ըրիր,— գոչեց սրտմտյալ մայրը։

— Մի՛ նեղանար խնդրեմ, այլ անսա՛ խոսքերուս, մա՛յր։

— Ըսելիքդ գիտեմ։

— Երբ դու հիվանդանալով վիճակդ օր ավուր ծանրացավ և սպառնացող կերպարանք մ՚առավ, դիմեցի մեր սովորական օգնության աղբյուրին։ Բայց բարեպաշտ տիկինը մերձ ի մահ լինելով հույսերս փշրվեցան, հետևապես պարտավորեցա դիմել Երանյան ընտանյաց որ փոխատվության եղանակավ մեր պիտույքն հոգաց։

— Վա՜յ ինձ, անոնք մեր գաղտնիքն իմացան. ուրեմն անոնք մեզ ողորմությո՞ւն տվին։

— Հանգիստ եղիր, մայր, ընդունածս պիտի հատուցանեմ օր մի։

— Ի՜նչ դժբախտություն է այդ ինձ համար այսպես խայտառակության առարկա լինելը։

— Ամաչելու պատճառ մի չունինք, մայր, զի աղքատությունը անպատվություն չէ։

— Ըստ քեզ գուցե։

— Այո՛, մայր, ըստ իս աղքատությունը փշոտ ճանապարհ մ՚է ուր արիաբար մարտնչելու է ընդդեմ խոչընդոտից որք մեն մի քայլի կը ներկայանան։

— Զքեզ լսողը պիտի կարծե թե չքավորությունը կը պաշտես։

— Ոչ, մայր. չեմ պաշտեր զայն քանի որ զրկանաց կը դատապարտե զձեզ, այլ կը պատրաստվիմ դիմադրել անոր՝ վիճակ մ՚ապահովելով մեզ։

— Վստահ եմ որ այդ մասին ևս Երանյանց դիմեցիր դարձյալ։

— Անշուշտ, մայր։

— Ո՜վ գիտե որչափ արհամարհեցին զքեզ։

— Ընդհակառակն տիկինը հիացավ։

— Կը փափագեի ուրեմն որ անոնք ևս մեր վիճակն ունենային օր մի բացարձակապես հայտնելու համար քեզ որ քու քաջությունդ չպիտի ունենային ընկերական սանդուղներեն վար իջնելու համար։

– Մա՛յր, երբ անոնք այնչափ հիանալի իմն անձնվիրությամբ մեզ օգնելու փութացին, դու անե՞ծք կը կարդաս իբր փոխարինություն։

– Այո՛, նպաստեցին մեզ խոնարհեցնելու մտոք։

– Ո՜հ, ինչ կըսես, մա՛յր, խնդրեմ լռե՛։

– Դու պարզ աղջիկ մ՚ես, և չգիտես տակավին ո՜րչափ չարություն կա մարդկանց սրտին մեջ։

– Մա՛յր, կը հայցեմ զքեզ, դադրե՛ այդպես խոսելե զի հոգվույս մեջ անոնց նկատմամբ իրավացի երախտագիտության մի կա որ ընդդեմ խիստ խոսքերուդ կը բողոքե։

– Կը տեսնեմ որ դու ինձ դեմ ըմբոստ կերպարանք մի կառնուս։

— Ե՞ս, մայր։

— Այո՛, դու։ Զոր օրինակ առանց իմ հրամանիս կը պատրաստվիս տունես հեռանալու։ Ուսկի՞ց հառաջ կուգա այդ բաղձանքդ անկախ դիրք մ՚առնելու արդյոք։

– Մայրի՛կ, նույնիսկ հորդիական սիրույս հառաջ կուգա․ ղի ձգացի թե քաջության ունենալու եմ ընդվզելու ընդդեմ քեզ՝ սիրելի ծնողքս փրկելու և դույզն ինչ հանգիստ մատակարարելու համար անոնց։

Եվ զայս ըսելով կույսը մորը գիրկն ընկավ և լալով գոչեց.

— Մա՜յր, մի՛ մեղադրեր զիս և հավատա՛ որ զքեզ պատվելով կը սիրեմ։

Մայրն յուր արտասուքը աղջկան արտասվաց խառնեց, սեղմեց զայն հոգվույն վրա և ապա հարեց․

— Ո՛հ, դո՛ւստր իմ, ամենքն զմեզ պիտի արհամարհեն այսուհետև։

— Մա՜յր, կը կրկնեմ քեզ թե խելացի և զգոն անձինք առավել ևս պիտի հարգեն զմեզ, զի աշխատությունրըմղիչն է ընկերության և հառաջադիմության։
ԳԼՈԻԽ Է․

Հասավ վերջապես օրն հորում Արաքսիա պարտավորեցավ ընտանիքեն բաժնվելու։ Յուր խեղճ հայրն այդ բաժանման դառնությունը սաստկապես կզգար, զի կնոջը խիստ վարմունքը աղջկանը գորովագութ խնամոքը կը մեղմանար դույզն ինչ։ Ամեն ծանր խոսք, ամեն անիրավ կշտամբանք գրգիռ մ՚էր միշտ կուսին սրտին գանձերեն նոր սիրո ապացույց մի երևան հանելու։ Ուստի դյուրին է երևակայել թե թշվառ մարդուն համար որքան տառապեցուցիչ էր առանձին մնալու հարկն ամուսնո մի հետ, որուն համար ինքն անհանդուրժելի բեռ մ՚էր։

Զայդ լավ կըմբռներ Արաքսիա, կը ցավեր հորը վրա, արգահատանք կզգար, և կը ջանար նույնն զգացնելու և յուր մոր, բայց իզո՜ւր։ Այո՛, կը մեկներ, և յուր հոգին կարյուներ ոչ այնչափ զյուր մայրն թողլուն համար՝ որչափ յուր տառապյալ հայրն, որուն դժբախտ կացությունր հօդ մ՚ավելի էր զյուր սիրտ առավել ևս գորովով կաշկանդելու։ Բայց չկար ուրիշ միջոց ապրուստի և հարկ էր մեկնիլ անպատճառ։

Բավական չէր հեգ հոր համար տեսնել զյուր որդին որ կը թողուր հայրենի հարկն՝ այլ դատապարտված էր անսալ և յուր կնոջ որ անընդհատ զինքը կը հանդիմաներ իբր իրենց դժբախտության պատճառ։

— Այր մարդուն պարտքն է,— կըսեր կինը,— դրամ վաստկիլ և ընտանիքը խնամել։ Իսկ դու ոչ միայն զայդ անկարող ես գործելու այլ և կը պարտավորես իմ միակ զավակս տունեն դուրս ելնելու։ Քեզ նման այրեր լավագույն է որ չի ծնանին, զի պարզապես բեռ մ՚են աշխարհիս վրա։

Ողորմելի զոհը կը լռեր ընդհանրապես․ բայց օր մի ոչ ևս կարողանալով տոկալ այդ հանապազօրյա հանդիմանությանց, հիշեցուց կնոջ թե անցյալ դյուրակեցիկ օրերն իրեն կը պարտեր, և թե ինքն ճոխությանը վարժ չէր յուր հայրենի հարկին ներքև մինչ աղջիկ էր տակավին։

Հայնժամ գոռոզ կինը մարդուն վրա հարձակեցավ բոցավառ աչերով, փրփրալից բերնով, որոտացող ձայնիվ, ու պատասխանեց թե յուր գեղեցկությամբն իրավունք ուներ ամենեն շքեղ բախտերու ակնկալել և թե նա պատճառ եղած էր հետն ամուսնանալով որ ամեն պերճանքե ու մեծութենե զուրկ մնա, և այժմյան տխուր կացության մեջ ինքն զավակովը տառապի։

Երբ ոք արդարութենե շեղի ի՞նչ կշտամբանաց կարող չէ։ Վա՜յ անոր որ տկարությամբը կամ պարագայից բռնի զորությամբ սահմանված է անիրավ մեղադրանաց հպատակ լինելու:

Երկու ամուսնոց խավարապատ աշխարհին մեջ լուսավոր թել մ՚էր Արաքսիա, որ կը ջանար հօդ միության լինելու նոցա մեջ։ Գնաց կույսն, բեկավ թելը, շիջավ լույսն։ Այդ կնոջ սիրտը կամոքեր միայն մայրենի ցնցման ներքև։ Արարածն այն որ կարծես ամեն արգահատական զգացումե զուրկ էր երբ ամուսնույն կը վերաբերեր խնդիրը, ընդհակառակն գորով էր անձնվիրություն յուր որդվույն նկատմամբ։

Ուստի նույն օրն հորում Արաքսիա մեկնեցավ սաստիկ հարված մի կրեց Վարսամյանի կնոջ հոգին ու անձնասիրությունը։ Տիկին Երանյան ու աղջիկը ներկա էին ողջերթի վայրկենին։

Տիկին Վարսամյան մասամբ հաջողած էր ցորչափ աղջիկն յուր մոտն էր, տեսակ մ՚ անվրդով կերպարանք մի պահելու՝ շնորհիվ յուր գոռոզության։ Բայց երբ կույսն՝ դյուցազնուհվո մ՚ անխռով դիմոք, հորն և մորը ձեոքերը անհուն գորովանոք համբուրելուց հետո, և ակնածու ձևով զտիկին Երանյան ողջունելե ու զյուր բարեկամուհին սրտին վրա սեղմելե վերջը տունեն դուրս ելավ, հայնժամ անմխիթար մայրը հորդառատ արտասվոք սկսավ լալ դառնապես։

Նույն վայրկենին որչա՜փ դժվարին էր տիկին Երանյանի դիրքը որ կզգուշանար զգայուն կամ սփոփարար բառով իմն այդ կնոջ գոռոզությանն ընդհարկանելու։ Ի՞նչ ըսեր, երբ նա կը կրկներ անդադար թե զավկեն կը բաժնվեր ամուսնույն մերձավորութենեն հեռացնելու համար զայն միայն։

Անմիտ գլուխներ կան որք կը կարծեն խաբել զուրիշներն երբ իրաց բուն վիճակին տեղյակ են անոնք։ Գուցե մարդս յուր անձը խաբելուն մեջ վայելչություն մի կզգա։

Նույն միջոցին հայրն՝ ըստ յուր սովորականին, անխոս կը գալարեր յուր անկյան մեջ, և երախտագիտությամբ կը հանդիպեր համակրալից նայվածոց տիկին Երանյանի՝ որ առավել աչերովն քան թե բերնովը կը համարձակեր մխիթարել թշվառ մարդը ի ներկայության յուր կնոջ։

Իսկ Արաքսիա՝ մոռանալով բոլոր յուր դյուցազնական արիությունը, կը կարծեր թե ճամփուն վրա պիտի նվաղեր: Սիրտը յուր բաժինը կը պահանջե միշտ. և եթե վայրիկ մի կընկճի խոնարհելով քաջության առջև, ընդհուպ հաղթահարելով՝ յուր վսեմ տկարությամբը կը ներկայանա դարձյալ։

ԳԼՈԻԽ Ը.

Պ. Աբգարյան հարուստ վաճառական մ՚էր։ Յուր մատաղ տիոց մեջ գավառեն Պոլիս եկած էր, ու հայրենակցի մոտ ապրելով վաճառականության արվեստին հետամտած էր, վարժությամբ զայն ուսումնասիրած, հառաջացած սույն ասպարեզին մեջ, և տիրոջն օժանդակութենեն ու պաշտպանութենեն օգտվելով՝ հաջողած էր անկախ և հաջող դիրք մ՚ապահովելու անձին։

Մարդուս առաջին մտածությունը՝ երբ բարքերը խանգարյալ չեն, ամուսնության մեջ հանգիստ վիճակ մի վայելել է: Մարդս կարծես ընկերոջ մի կը կարոտի, թե երանության և թե թշվառության մեջ։ Երանութենեն երբ ուրիշ մի ևս բաժին ունենա՝ թվի թե կը կրկնապատկվի այն, կընդլայնի, կը զարգանա և կուռճի։ Իսկ թշվառությունը կը թեթևնա ուրիշի վրա հենլով, և յուր ընկճող ծանրությունը մասամբ կը կորսնցնե:

Պ.Աբգարյան համեստ և պատվակիր ընտանյաց միածին դուստրն առած էր ի հարսնություն։ Սա անձ մ՚էր առանց նշանավոր գեղեցկության, բայց բնությամբ ազնիվ էր, պարկեշտ և լրջամիտ։ Նա կը վայելեր անձայն և անշշուկ ամուսնույն վիճակն՝ որ օր ավուր զարմանալի կերպիվ կը զարգանար, և ընկերակցին երջանկությունը կապահովեր յուր հանդարտաբարո ընթացքովն ու անընդհատ ջանյուքը զինքը գոհացնելու։ Ողորմած էր հոգվով, ձեռքը միշտ պատրաստ ընկերային վերք մի բուժելու, արտոսր մի սրբելու, կարեվեր սրտի մի օգնելու։ Զայս ամենայն կը գործեր ոչ թե յուր անունը ամենուրեք հնչեցնելու համար, այլ պարզապես, վասնզի բարեգործությունը յուր հոգվույն սնունդն էր։

Կան այնպիսի չնաշխարհիկ արարածներ որք իրենց անձը կը մոռնան որպեսզի այլոց համար ապրին: Իրենց գործած բարյաց բնավ կարևորություն չեն ընծայեր զանոնք անբավական համարելով, բայց կը հիշեն ամեն ծառայություն՝ նույնիսկ աննշանը, զոր ընդունած են իրենք։ Մատուցած բարյաց փոխարեն ապերախտության կը հանդիպին, և զայն իսկ կը ներեն առարկելով թե բարեգործությունն նպատակ ունենալու է լոկ մարդկության ծառայելու հոժարությունը, առանց վարձատրության բաղձանքը տածելու։

Ուստի տիկին Աբգարյան ոսկիներն առատապես կը քաղեր յուր ամուսինեն ի պետս թշվառաց, ու կապրեր գոհ ընդ մեջ յուր բարեգործությանց ու ընտանեկան անդորրավետ կենաց, երբ ահա արու զավկի մի ծնունդը ամբողջացուց յուր երանությունը։

Մանկիկ Ներսեսը ծնողացն հույսն էր և երջանկությունը։ Գեղեցկադեմ, առույգ, աշխույժ, համայն կյանք էր և շնորհք։ Ո՞րն է արդյոք մայրն այն՝ որ երբ այդպիսի արարած մի սրտին վրա կը սեղմե, սքանչելի բացառիկ երազներ չտեսներ անոր նկատմամբ: Մեծագործություն, փառք, հռչակ, այս ամենայն կուրվագրվի շլացուցիչ կերպիվ մայրենի աչաց առջև։ Եվ մայրը կը ժպտի ապագային, մինչ մանուկը կը ժպտի յուր մոր։ Մայրն ու զավակը մեկ հոգի կը կազմեն և կամբողջանան երկրորդ անձով մի որ ամուսինն է միայն, ու հայրն երկրորդին։

Տարիները դյուրասահ կանցնեին և հանզգաստս՝ իբր բարեբաստ տարիներն․ կաճեր Ներսես գեղեցկությամբ, առողջությամբ և իմաստությամբ, ու կը հառաջանար խելացի և գորովագութ մոր մ՚առաջնորդությամբ։ Մայրը զավկին սիրտը կը կրթեր հաստատուն սկզբանց հիմունքը դնելով, իսկ ընտիր դասատուաց կը թողուր անոր միտքը մշակելու հոգը։

Երբ Ներսես տասն և ութ տարեկան եղավ, կը ներկայանա իըբր հրաշագեղ պատանյակ, ծանրաբարո, ազնվասիրտ, լրջամիտ, և ուսմանց մեջ հառաջացած։ Կը սիրեր զյուր հայր, կը պաշտեր զյուր մայր, կը հիանար լավին ու բարվույն վրա: Մայրը կը նայեր անոր իրավացի հպարտությամբ իմն, մտածելով թե այդ չնաշխարհիկ արարածն յուր սեփականությունն էր։

Մեծ գոհունակությունը կարծես ճակատագրական օրինաց հակառակ է։ Աբգարյան կենաց հորիզոնը խիստ պայծառ էր երկարատև շարունակություն մ՚ունենալու համար, հետևապես մթագնեցավ։ Ահարկու սև ամպ մ՚անցավ այդ ընտանյաց վրայեն, որոտաց, փայլատակեց, ու շանթահարեց վերջապես զտիկին Աբգարյան։

Ազնվասիրտ կինն ութ օրվան միջոցին մեջ հիվանդացավ ու մեռավ բժշկական ամենայն ազդու մջոցաց դեմ ըմբոստ մնալով։ Մեռնելու ժամանակ տիկինն յուր գորովալից երախտագիտությունն ամուսնույն նվիրեց, իսկ զհամայն հոգին՝ յուր որդվույն։ Այդ սիրո փարոսը նվաղեցավ հանդարտորեն ինչպես փայլած էր երբեմն մեղմիկ և անշշուկ։

Մեռավ տիկին Աբգարյան մինչև երեսուն երեք տարեկան էր, տակավին յուր ամուսինն անմխիթար կերևար, և մեն մի անգամ որ կնոջը բարեմասնությանց հիշատակությունը կը լիներ, ցավը կը սաստկանար ու չարաչար կը հուսահատեր։

Իսկ Ներսես՝ որ նույն միջոցին տասն և ութերորդ տարին լրացուցած էր, առանց հոգվո մարմին մի դարձավ։ Յուր մորն աչքերեն ու հոգիեն կը քաղեր եռանդն աշխատության ու բարեգործության։ Երբ նա մեռավ՝ ինքը ջլատեցավ, վհատեցավ, գոգցես դիակնացավ։ Ջախջախված էր էլեկտրական թելն որուն մեկ ծայրը մորը սրտին կապված էր և մյուսն յուր սրտին, և ուսկից սիրո և խրախուսանաց հորձանք մի կանցներ անդադար։ Պարապ մի կը նկատեր տան մեջ, պարապ մի սրտին մեջ՝ որ մեն մի օր կընդլայներ։

Քանիո՜ն դառն է սիրամաշ հոգվո համար չտեսնել ու չփայփայել գանձն այն որ համայն գութ էր իրեն համար, որ սեր էր, ներշնչումն և անձնվիրություն։ Ոչինչ կա յուր տեսության համար, ոչինչ՝ յուր լսողության համար։ Եվ սակայն նայվածքն է որ զմեզ կոգևորե, ձայնն է որ «Հառաջ» կը գոչե:

Հիշատակ մի կար միայն Ներսեսի համար, և այդ հիշատակն յուր վրա կը ներգործեր իբր սրբանվեր թանկագին պատկեր մի որ մութ գույներով նկարված է, և որ առավել տխուր քան թե սփոփարար ազդեցություն մ՚ունի։

Աշխարհ անապատ մի դարձած էր մեր երիտասարդին համար, օրն ի բուն գրեթե առանձին կանցներ յուր գրյանց մեջ նստած, մեծ մարդկանց օրինակավն ջանալով հաղթել յուր վշտին։ Բայց դյուրի՞ն է արդյոք հաղթահարել թշնամվո մի՝ հանգույն վշտի՝ որ մինչ ընկճյալ կը թվի, վեր կը կանգնի հանկարծ ու զհոգին վերստին գալարելով կը վիրավորե։ Համակերպիլ բախտին հարվածոց բժշկվիլ չի նշանակեր, այլ պարզապես սգո հետ եղբայրանալ է՝ և լռության մեջ շոյել՝ ինչ որ զհոգին կը մաշեցնե անընդհատ և անձայն: Այդ վիճակին մեջ կը գտնվեր Ներսես։

ԳԼՈԻԽ Թ.

Պ. Աբգարյան հայր էր գորովալից, պատրաստ ամեն ինչ կատարելու զավակը գոհացնելու համար։ Կը տառապեր երիտասաարդին տխուր կերպարանքը նկատելով, կը փափագեր մխիթարել զնա, բայց անկարող էր հաստատել այն սքանչելի հարաբերությունքն որք ընդ մեջ երկու հոգիներու տիրած էին երբեմն՝ այսինքն մոր ու յուր զավկին, և կամ լավ ևս է ըսել, ընդ մեջ երկու հոգիներու ի մի ձուլած։

Սիրելու զգացումն նույնչափ նրբություններ կը պարունակե որչափ երաժշտական ներդաշնակությունը։ Գորովո մեն մի բաբախում մաս մ՚է սիրո, ինչպես մեն մի գեղեցիկ մեղեդիք մաս մ՚է ընդհանուր ներդաշնակության. և սակայն ամենքն իրարմե կը տարբերին, կը զանազանին, նոր ձևերու, նոր գույներու, նոր նրբությանց ներքև հանդիսանալով։ Ձայներն երբ իրարու հետ համաձայնին ներդաշնակություն մի կը կազմեն. նույն է և զգացմանց մասին։

Պ. Աբգարյան կը սիրեր բոլոր սրտովն զյուր որդին, առատապես փոխարինված լինելով անկե։ Բայց քանի որ զգալու, մտածելու և դատելու ահագին տարբերություն կար երկուքին միջև՝ անհնարին էր հաստատել հոգիներու և մտաց կատարյալ համաձայնություն։ Երկու մեղեդիք էին որուն մին կարգավորյալ էր և ըստ կանոնի հորինյալ, իսկ մյուսն ավելի թարմ էր, ավելի խորունկ, ավելի վսեմ նրբություններ կը պարունակեր։ Մին էր սովորականը, մյուսն՝ անսովորը։ Ինչ որ միույն համար բավական էր, մյուսին համար անբավական էր։ Ինչ որ էր հորն համար կանոնավոր աշխատությունը, որդվույն համար էր օգտակարը, լավը և սերը։

Պ. Աբգարյան կը հայթայթեր որդվույն ամեն խնամք, ամեն արգահատանք և ցույց սիրո։ Զայդ ամենայն կընդուներ Ներսես երախտագիտությամբ, բայց կզգար միշտ պարապ մի շուրջը որ իրեն անհնար էր լեցնել․ առանձին կզգար յուր անձն երկրիս վրա, և հինքն ամփոփվելով, ուսման մեջ կուզեր գտնել սփոփանք յուր սրտին՝ ու մտացը ճարակ։

Պ․ Աբգարյան դառնապես զգաց նախ կնոջը կորուստը, բայց վերջապես մտածեց թե մեռյալը ետ չէր կարող բերել վշտովն, հետևապես ջանաց մխիթարվիլ և ստուգապես մխիթարվեցավ։ Ուստի հազիվ երկու տարիներ անցած էին յուր այրի կացության վրա, և ահա մտադիր էր հաջորդ մի տալ յուր հանգուցյալ կողակցին։

Բնական օրենք դարձած է գոգցես, որ այրի մարդիկ ամուսնության ձեռնարկեն։ Եթե բարեբաստ էին առաջին ամուսնությամբ, կը կրկնեն զայն վերստին երջանիկ լինելու տրամադրությամբ։ Իսկ եթե դժբախտ՝ լավագույն ամուսնության հուսով երկրորդ պսակադրության կը դիմեն։

Պ. Աբգարյան որուն ամուսնական երանության վրա տարակույս չունեինք, երբ սգո պատշաճողական ժամանակը լրացավ, և օրինավորապես ու ամենայն խղճմտությամբ ողբաց զյուր հանգուցյալ ըրնկերուհին, երկրորդ անձ մ՚որոշեց իբր տիրուհի յուր բախտին։

Հույս ուներ թե բախտը նույնչափ նպաստավոր պիտի լիներ իրեն երկրորդ անգամ որչափ առաջինն։ Հետևապես հավանեցավ առնուլ ի կնություն չքնաղ որբ երիտասարդուհի մի որ անշուք ընտանյաց կը վերաբերեր, առանց որևէ խուզարկությունը մ՚ընելու անոր բնավորության վրայոք։

Երբ իմացավ Ներսես հորն ամուսնանալու ըրած որոշումն կարծես թե հիմարեցավ։ Չէր բավեր իրեն զմայրն յուր կորսրնցնել, և ահա օտարական մի կուգար անոր տեղը գբավել։ Սաստիկ սրտմտություն զգաց հորն ընդդեմ, և յուր անձը հիվանդ դավանելով առանձնացավ խուցին մեջ հայտնելով հարկավորությունը զոր կզգար բնավ մարդ չընդունելու: Հայրը հպատակեցավ որդվույն կամացը զի լավ կըմբռներ այդ հակառակության պատճառը։

Երբ ամուսնության օրը մոտեցավ, Ներսես իբր թե օդավախության մտոք տունեն հեռացավ, բնավ ակնարկություն հորն ամուսնական խորհրդոց։

Պ. Աբգարյան իրոք կը ցավեր հույժ որդվույն հայտնած հակառակության վրա առանց սակայն յուր դիտավորությունն այլայլելու։ Նամանավանդ կը մտածեր թե ամեն ինչ ժամ հառաջ կատարելու էր որպեսզի նոր տիրուհին տան մեջ յուր տեղը գրավելով հարկադրե զերիտասարդն հպատակելու լմնցած իրողության մ՚առջև։ Ուստի մեր հիսնամյա փեսան փութացուց է ամուսնության խորհուրդը քսան և հինգ տարեկան հարսին հետ, և ի պատիվ հանգուցյալ կողակցին և որդվույն՝ անշուք կերպիվ կատարեց զայն՝ հակառակ կամացն յուր հարսնացուին։

ԳԼՈԻԽ Ժ․

Նոր տիկին Աբգարյան շքեղապես գեղեցիկ անձ մ՚էր։ Մորթին փափկությունն ու սպիտակությունը, դիմական գծերուն կանոնավորությունն և հասակին վայելչությունը զինքը նշանավոր կը հանդիսացնեին։ Յուր սևաթույր վայրենի աչերն առավել կամք և հանդգնություն կը հայտնեին քան թե քաղցրություն։ Ուսմամբ գրեթե ոչինչ էր, և զուրկ ամեն նուրբ ու ազնվական զգացումե։ Հնարամիտ էր, ճարպիկ և հեշտասեր։

Նույն վայրկյանեն որ ամուսնացավ՝ տիրող դիրք մ՚ստացավ յուրն հեզաբարո ամուսնույն վրա, և սա խոնարհելով այդ իշխող ձևերուն առջև՝ հպատակի կերպարանք մ՚առավ իսկույն։

Ոչինչ զկին այնչափ հանդուգն կընե՝ որչափ ամուսնո մի բնության տկարությունը։ Հայնժամ մեն մի օր նոր քմահաճության ծնունդ կուտա, և անոր գործադրությունն ապահովելու համար կինը մերթ հրամայական ձևերու կը դիմե և մերթ փաղաքշանաց։ Այր մարդն որ վայրիկ մի քաջություն ունեցած է կնոջը դիմադրելու՝ զամեն ինչ կը մոռնա հանդեպ նազելանաց գեղանվույն, կը թուլանա կատարելապես, և կինն օգուտ քաղելով այդ տկարության վայրկյաններեն՝ յուր իշխանությունն ևս քան զևս կը հաստատե։ Մարդս նույն դյուրությամբ կը վարժի բռնության ինչպես հպատակության. առաջին պարագային մեջ գոհունակություն կա, իսկ երկրորդին մեջ կամավոր համակերպություն։

Տիկին Աբգարյան յուր ունեցած իշխանութենեն օգուտ քաղեց ստանալու համար գեղեցկագույն զարդերը, ադամանդները և կարասիները։ Բերայի բնակությանն այնպիսի շքեղ կերպարանք մի տվավ որ ճոխությամբը կրնար մրցիդ ընտրելագույն տանց հետ։ Սպասավորաց բազմությունն և մանավանդ կառաց շքեղությունը զինքը նշանակելի կընեին ամենուրեք։

Չարալեզու վերջին ծայր՝ այդ կինը կը մեղադրեր այլոց վրա ինչ որ անձին առատորեն կը ներեր, ու արվեստավորյալ պարկեշտության քողին ներքև ջանադիր կը լիներ ծածկել բոլոր թեթևություննեըը։ Գլխավոր հաճույքներեն մին էր զարդարվիլ, զարմացողացն թիվն ստվարացնել, ու սրտի զոհեր կատարել։

Յուր խոսակցության հաճոյական նյութն էր նորաձևությունն։ Երբ տիկնոջ մի հանդիպեր, գլխեն մինչև ոտքն աչքե կանցըներ զայն, նոր քննադատության նյութ հայթայթելով անձին. զգեստուց խնդիրն էական պայման մ՚էր իրեն համար, ու կնոջ մի արժանապատվության աստիճանը հագածներեն կը դատեր ինչպես և ունեցած ընկերական վիճակեն։

Իսկ Ներսեսի գալով երբ հորը թախանձանքեն շարժյալ հաճեցավ վերստին հայրենի հարկը վերադառնալ, անզուսպ հակակրություն մ՚զգաց մորվին դեմ, և այդ աննպաստ զգացումն ևս քան զևս սաստկացավ, թեև երբեք քաղաքավարական պահանջմանց դեմ չգործեց։ Ստույգ է որ դժգոհ լռությամբ իմն կը դատապարտեր հորը տկարությունը կնոջը նկատմամբ։

Երիտասարդին ծանր և վայելուչ վարմունքն առաջի օրեն պատկառանք ազդեց տիկին Աբգարյանի, և տարիներ բոլորելով Ներսեսին ազդեցությունն ևս քան զևս սաստկացավ անոր վրա։

Պ. Աբգարյան երկու էգ գավակներ ունեցավ երկրորդ կնոջմեն, որոց երիցագույնը տասներկու տարեկան էր, և կրտսերը՝ ինն՝ նույն ժամանակին որ Արաքսիա կոչված էր անոնց հետ ծանոթանալու։

ԳԼՈԻԽ ԺԱ.

Արաքսիա՝ հաղթելով հետզհետե այն յուզման որ գրաված էր զինքն ընտանիքեն բաժնվելեն հետո, մինչ կը քայլեր փողոցին մեջ, ջանաց մտացը տարբեր ուղղություն մի տալ, ու սլատրաստվիլ յուր նոր կացության։

Զտիկին Աբգարյան բնավ չէր ճանաչեր, նույնպես և անոր շուրջը գտնված անձինքը։ Թեև արի էր նա բնությամբ, հանդերձ այսու սիրտը թունդ ելած էր և սաստիկ բաբախում մ՚զգաց երբ տան դռան մոտեցավ զայն բախելու համար։ Կանգ առավ վայրիկ մի հոն, ձեռքը սրտին տարավ իբր թե անոր թրթռալն արգիլելու մտոք, ճիգ մ՚ըրավ հանդարտ կերսլարանք մ՚առնելու, զանգակը քաշեց, և երբ դուռը բացվեցավ՝ տեսավ հանդեպ իրեն լավ հագված սպասավոր մի որուն գոռոզ ձևերը շատ իսկ կը հայտարարեին թե նա կ՚արհամարեր յուր զգեստուց անշքությունը։

— Տիկին Աբգարյանի տունը ա՞յս է արդյոք,— հարցուց օրիորդը։

— Այո՛,— պատասխանեց սպասավորը սեգ կերպիվ։

— Տիկինը կրնա՞ ընդունիլ զիս արդյոք։

— Ո՛վ գիտե։

— Իմացուցեք իրեն թե օրիորդ Արաքսիա յուր տրամադրության ներքև է։

— Սպասված վարժուհին դո՞ւք եք։

— Այո՛։

— Իմ ետևես եկեք։

Սպասավորին առաջնորդությամբ անցավ օրիորդն մարմարիոնե ընդարձակ բակե մը որ լի էր ծաղկոք զարմանազան և երփներանգ, վեր ելավ լայն շքեղ սանդուղե մի նույնպես մարմարյա. հիասքանչ սրահի մի մեջ մտավ ահագին հայելիներով և ոսկեզօծ կարասյոք զարդարյալ, որուն որմերեն վար կախված էին երևելի հեղինակաց նկարներն, ու ձեղունին մեջտեղ կը ցոլար ճաճանչալից փառավոր ջահ մի։

Արաքսիա գոհունակությամբ նայեցավ բոլոր այդ ճոխությանց, զի կը գնահատեր ինչ որ արդյունք էր լավ ճաշակիդ և մանավանդ ինչ որ երևելի հանճարի մտաց արտադրություն էր։

Փոքրիկ վայելուչ սենեկի մ՚առջև հասան․ սպասավորե հրավիրեց զինքը ներս մտնելու և սպասելու մինչև որ, կըսեր, տիկինը հրամանները տա իրեն, և ապա մարդն անհայտ եղավ։

Տիկին Աբգարյան երջանիկ էր մեն մի անգամ որ կրնար իբր թագուհի ներկայանալ խոնարհագունից աչաց, շլացնել զանոնք յուր հարստությամբն, ու պատկառանք ազդել ձևերուն գոռոզությամբը։

Հետևապես երբ սպասավորն ներկայացավ տիկնոջ իմացնելու համար վարժուհվույն գալուստը, նա սեգ եղանակավ պատասխանեց․

— Թո՛ղ սպասե։

Գրեթե կես ժամ անցավ և ապա տիկինն ոսկեզօծ արևելյան կերպասե առավոտյան զգեստ մի հագած տարածվեցավ սրսկապանին (boudoir) մեջ գտնված բազմոցներեն միույն վրա՝ որ նույնպես արևելյան ճաշակին համեմատ կարմիր ու դեղին մետաքսյա կերպասով շինված էր։ Որմերն զարդարված էին թանկագին գորգերով որոնց վրա սփռված էին կլորաձև փոքրիկ արծաթապատ հայելիներ, նույնպես և գետինը ծանրագին գորգ մի տարածված էր։ Աստ և անդ փոքր սեղաններ՝ արուսյակով զարդարված՝ հնության վերաբերող այլ և այլ նյութերով բեռնավորված էին, միույն վրա արծաթյա խնկաման մի կար որ անուշաբույր հոտեր կը ծավալեր շուրջ, հեշտության զարմանալի ազդեցություն մը ներգործելով։

Սենեկին մեկ անկյունը չափավոր մարմարիոնե ավազան մի կը շողշողար․ հո՛ն կը լվացվեր տիկինը, երեսը սրբելով բարակ կտավներով ոսկեզօծ ջուրքերով բանված։

Բայց այս արևելյան ոճով սենեկին գեղեցկագույն զարդն՝ բնական մեծությամբ տիկնոջ կենդանագիրն էր որ անմիջապես սենեկին դռան հանդեպ կախված էր։ Այդ տիկինը ներկայացված էր տաճկական կապույտ զգեստով մի, վիզն ադամանդյա մանյակ, և գլուխը նույնպես ծանրագին ադամանդյա պսակ մի կրելով։ Հոտն կեցած էր որպեսզի հասակին գեղեցկությունն ի հանդես բերե։ Նկարին մութ հատակը ի լույս կը բերեր ամբողջ գեղեցկությունը կնոջ դիմաց ու զարդուց։

Անդ բնավ հետք չկար որևէ գրյանց, կարծես թե խորան մ՚էր Աստղկան նվիրյալ, այնչափ ամեն ինչ աչքերը շլացնելու և զգայարանքը գրգռելու կը նպաստեր։

Երբ Արաքսիա սրսկապանին դռան առջև հասավ, բոլոր ուշադրությունը գրավվեցավ այդ շքեղ կենդանագրեն։

Տիկին Աբգարյան գոհունակությամբ նկատելով զայդ հիացում, մինչդեռ երիտասարդուհին կը նայեր սքանչացմամբ պատկերին առանց ներկայացնող անձը տեսնելու, պատրաստվեցավ թագուհվո ձևեր առնուլ այն անձին նկատմամբ զոր արդեն իբր յուր հպատակը կը նկատեր։

Սայզ երր օրիորդր նշմարեց հանկարծ զտիկին, նկարին նմանութենեն անմիջապես հասկցավ թե կենդանագիրն զնա կը ներկայացներ։ Հայնժամ երիտասարդուհին ազնվական ձևովը մոտեցավ տիկնոջ ու բարևեց զայն ամենայն արժանապատվությամբ առանց որևէ խոնարհության նշան տալու։

Տիկին Աբգարյան որ գոհունակություն զգացած էր նախ աղջկան հայտնած զմայլմանեն ի տես յուր կենդանագրին, հանչափս դժգոհ եղավ հաստատելով անոր անտարբեր ձևերն այնչա՛փ ճոխության առջև, ինչպես և անոր մեծանձն դիրքն հանդեպ իրեն։

Անշուշտ այդ անտարբերության եղանակը կը նեղացներ զտիկին քանի որ անկար էր նախանձու զգացում մի զարթուցանել, և հետևապես իբր ստրուկ խոնարհեցնել զօրիորդն յուր առջև։ Բայց այդ կնոջ գոռոզ հոգին փութաց հայտնել այն մեծ ընկերական անջրպետն որ կար իրեն և աղքատ աղջկան միջև, ուստի արհամարհոտ եզանակավ մ՚ըսավ.

— Դուն հանձնարարված ես ինձ արժանահավատ անձե մի. ջանա զիս գոհ ընել զավակացս պետք եղած խնամքը տալով։ Ավելորդ է ըսել թե քեզ համար մեծ բախտ մ՚է այսպիսի հարուստ տան մի ծառայելով։

Եվ ապա դառնալով սպասարկու կնոջ մի՝ հարեց.

- Այս աղջիկը առաջնորդե տղայոց սենյակը։

Ողորմելի Արաքսիան սաստիկ հարված մ՚զգաց ի լուր այդ գոռոզ խոսքերուն, և անմիջապես վերահասու եղավ որպիսի անձի հետ գործ ունենալուն։ Բայց ի՞նչ կրնար ընել. յուր ծնողքը նպաստի պետք ունեին որով պարտավոր էր համակերպիլ յուր նոր վիճակին, մանավանդ երբ խիստ գոհացուցիչ նյութական վարձատրություն մի խոստացված էր իրեն։

Տարին զինքն ընդարձակ սենյակ մի ուր կարասիք պարզ էին, մաքուր և վայելուչ, և ուր երեք անկողին կային որոց երկու փոքրիկներն մակաբերեց թե ներկա գտնվող երկու տղայոց կը վերաբերեին․ իսկ երրորդ մեծը՝ իրեն հատկացյալ էր անշուշտ։ Երկու աղջկանց համակրելի դեմքերը լավ տպավորություն մ՚ըրին վրան, ջնջելով մասամբ իրենց մորն ըրած աննպաստ ազդեցությունը:

Իրեն առաջնորդող կինն երկու տղայքը ցույց տալով ըսավ.

— Օրիո՛րդ, ահա աշակերտուհիներդ, նայե որ աղեկ հոգ տանիս անոնց։ Այս մեծ տուն մ՚է, մեզի պես դուն ալ բախտ ունեցար հոս մտնելու։

Ի՞նչ զգաց խեղճ Արաքսիա երբ տեսավ զանձն յուր դատապարտված աղախնո մ՚աստիճանին հավասարելու երբ այնչափ եզական դաստիարակություն մ՚ստացած էր։ Բայց ինքը որդիական սիրո զոհն էր, հետևապես ամեն ինչ հոժարությամբ պիտի տաներ։

ԳԼՈԻԽ ԺԲ.

Երկու տղայոց քաղցր և անմեղ կերպարանքը վարժուհվույն վրա ախորժելի տպավորություն մ՚ըրավ։ Մին էր խարտյաշ ոսկեթել մազերով, ճերմակ մորթով, ու կապույտ երազուն աչերով։ Կարծես երկինք կը ցոլային այդ երկու վճիտ աղբյուրներուն մեջ։ Այդ մանկան ձայնն երաժշտություն մ՚էր, շարժումը նազելանք, և նայվածքը՝ փայփայանք։ Իդեական այն երևույթներեն մին էր որ ծնած էր կարծես սիրելու, սիրվելու, տառապելու և մեռնելու համար։ Այդպիսի բնությունք խիստ ազնիվ են այս աշխարհիս վրա ապրելու համար, զի դառնությանց թեթև ընդհարումը կը բավե զանոնք տառապեցնելու, ճնշելու և հալածելու համար իսպառ։ Այդ գողտրիկ էակին անունն էր Աղավնի։

Իսկ երկրորդն՝ Արմինեն, հակառակն էր ըստ ամենայնի յուր երիցագույն քրոջ։ Թուխ էր կերպարանքը, աչերն հրավառ, բնությամբ աշխույժ, անհանդարտ, չարաճճի, զվարթ, շատախոս իբր զթռչուն գարնանային, բարի և սիրուն։ Կարծես սա ծնած էր ընդհակառակն բախտին հարվածոց դիմադրելու և նույնիսկ հաղթելու անոնց։

Երկու ներհակ տեսակներ կը ներկայեին այդ երկու փափուկ և համակրելի արարածներն որք աղախիններու ձեռաց էին մատնված՝ զուրկ մայրենի ամեն հոգատարութենե։ Ճաշի ժամանակ միայն տղայք սեղանակից կը լինեին իրենց մոր, և ի ներկայության անոր բոլորովին երկյուղիվ համակվելով, մին յուր նայվածքին քաղցրությունը կը կորսնցներ, և մյուսր յուր աշխույժը։ Կարծես թե երկու հանցավորք էին որ լռին կաշխատեին մայրենի դատապարտության վճռույն խստությունը մեղմացնելու։

Հայրն՝ թեև լի էր գորովով տղայոց նկատմամբ՝ սակայն կնոջմե վախնալով, չէր համարձակեր զանոնք յուր սիրույն բացարձակ առարկան ընել։ Անմիջապես որ երկու քույրերն իրենց ճաշն ավարտած էին կը փութային իրենց խուցը քաշվիլ ընկերակցությամբ խնամակալ կնոջ մի, փոխանակ կենդանություն, շարժում և նվագ տարածելու։

Վա՛յ այն կնոջ որուն հոգին զուրկ է մայրենի բանաստեղծութենե, և որ անկարող է կարդալ որդեկացը սրտին մատյանին մեջ, հո՛ն՝ ուր մեն մի օր նոր տառ մի կը գծագրվի ժամանակին պարագայից և դաստիարակության ազդեցությամբը։ Այդ տառը մերթ պայծառ է, մերթ սև, մերթ հստակ, մերթ ծածկված, բայց կաթոգին մոր մի համար միշտ իմանալի։

Սակայն ուրիշ անկախ ազդեցություն մի կը տարածվեր այդ մանկանց վրա, այն էր ազդեցությունն Ներսեսի որ կը ջանար յուր լրջությամրն այդ երկու մատաղ տունկերուն ուղղություն մի տալ։ Շատ անգամ տղայոց սենյակն երթալով անոնց կընկերակցեր, ու խոսքերովն կաշխատեր այդ թարմ մտաց մեջ զարթուցանել նշույլ մի բանականության, և անոնց սրտին մեջ արծարծել սիրո կայծն։ Երկու քույրերն կը ներկայանային հանդեպ իրենց եղբոր ինչպես էին իրոք, այսինքն զույգ մի հրեշտակ։

Զրկել տղայն ազատ դիրքովն հանդիսանալու իրավունքեն, զրկել է գարունը յուր ծաղիկներեն, առվակը յուր մրմունջեն, երկինքը յուր լույսեն։ Եվ երբ երկու մանկունք կը տեսնեին իրենց եղբայրը, մին կը վարձատրեր զայն երկարատև անուշ նայվածքովը, և մյուսն որոտալից ճիչովը։

Բայց Ներսես նկատելով թե ինքն առանձին անկարող էր ստանձնել հոգը կրթելու յուր երկու նազելի պաշտպանյալներն, առաջարկեց մորվին արժանավոր վարժուհվո մի հանձնել անոնց դաստիարակության փափուկ պաշտոնը, ազատելով այդ գողտրիկ էակներն անկիրթ աղախիններու թունավոր ազդեցութենեն։

Տիկինն՝ որ սովոր էր անսալ Ներսեսի խրատուց, հավանությանը տվավ, որով վարժուհի մը փնտրվելով իբր այդ ներկայացավ մեր օրիորդ Արաքսիան։

Ուստի նույն միջոցին որ երիտասարդուհին տեսավ յուր երկու աշակերտուհիներն ինչպես ըսինք արդեն մխիթարիչ ազդեցություն մ՚ունենալով, մոտեցավ անոնց, գգվեց զանոնք, անուշ ձայնիվն ու ժպտուն աչովը խոսեցավ, այնպես որ կարծես հանկարծական լուռ դաշնադրություն մի համակրանաց գոյացավ անոնց միջև։

Հազիվ հազ երկու օրեր անցած էին, և արդեն սիրո երրորդություն մի կը ներկայեին մանուկներն իրենց վարժուհվույն հետ։ Երկու քույրերը՝ զուրկ ի գորովո մայրենի, գտան հանկարծ ինչ որ կը պակսեր իրենցմե, տկար պատկերը մայրենի սիրո։

Գթո կարոտ մանկան համար կնոջ սերը անհրաժեշտ է Արանց անձնվիրությունը կը կորուսի մանկան սրտի նրբությանց մեջ զորս կանացի հոգին կըմբռնե ամբողջովին, և զգուշավորությամբ ուղևորելով այդ նրբությանց մեջ առանց ոչինչ ավրելու և քանդելու, կը հասնի մինչ ցհոգին մանկան զայն սնուցանելու համար կազդուրիչ սիրով։

Տիկին Աբգարյան և ոչ իսկ կուզեր իմանալ թե որոնք էին հարաբերությունքն զավակացն իրենց վարժուհվույն հետ։ Տղայոց դաստիարակ մի պետք էր, զայն շնորհեց անոնց, ուստի առավելն հոգալու հարկ չէր համարեր։

Մայրեր կան որք կը կարծեն իրենց պարտականությունը կատարած լինել երբ որդվոցն նյութական պետքերը հոգացած են։ Տիկին Աբգարյանի աղջիկները միշտ լավ զարդարված էին, արժանավոր շքով շրջագայության կերթային, ահա դաստիարակ մ՚ալ իրենց, ի՞նչ կրնար գործվիլ առավել քան զայս՝ ըստ տիկին Աբգայանի։ Բայց եթե հարկ լիներ այն տիկնոջ սրտին խորը թափանցել գուցե հաստատվեր թե բոլոր այդ նյութական խնամքը ցուցամոլության հետևանք էին՝ և ոչ թե մայրենի սիրո։

Բայց Ներսեսի հետազոտող նայվածքը շուտ թափանցեց օրիորդին բարոյական հանգամանաց, որով ապահովվեցավ թե յուր սիրած քնքուշ էակներն արժանավոր ձեռաց հանձնված էին։ Մեծ էր շնորհաց ներգործությունն Արաքսիայի մեր երիտասարդին վրա, նամանավանդ կը սաստկանար այն օր քան զօր անոր բարոյական և մտավորական ձրիցն առավելությամբը։

Թեև երիտասարղն ոչ այնչափ հաճախ կերթար մանկանց սենյակն որպես հանցելումն այլևայլ անախորժ ենթադրությանց տեղի չտալու համար, սակայն ամեն առթե օգուտ կը քաղեը վարժուհվույն հետ տեսնվելու, և անոր թե իմաստալից խոսակցությամբն և թե պարկեշտ ներկայությամբը կենդանանալու։ Թվեր Ներսեսի թե զյուր մայր կը գտներ վերստին, և թե օրիորդին մոտենալ փափագելով յուր անցյալ օրերուն հիշատակը կը նորոգեր։

Միթե ոք կրնա՞ միշտ ուսումնասիրել ծագումն յուր զգացմանց։ Ինչ որ Ներսեսի համար սրբազան հիշատակի կենդանությունը կը թվեր, ոչ այլ ինչ էր բայց պարզապես նորածիլ սիրո սկզբնավորությունը։

ԳԼՈԻԽ ԺԳ.

Շաբաթները բավական դյուրասահ կանցնեին մեր վարժուհվույն համար։ Եթե յուր ծնողացը հեռավորության դառնությունը, կամ անոնց երկուքի հարաբերությանց մասին զգացած երկյուղը, ինչպես և հորն համար ունեցած արգահատանքը չլիներ, կրնար ըսվիլ թե նա բավական գոհացուցիչ կացություն մի ապահոված էր անձին, նամանավանդ որ ընդունած թոշակավն կրնար չափավոր հանգստություն մի վայելել տալ ընտանյացը, և այդ էր իրեն համար գլխավոր կետն յուր բաղձանաց։ Աշխատությունն այն զոր կերազեր՝ թույլ կուտար վերջապես իրեն իրականացնել գործելու սկզբունքը, և այնչափ գոհացուցիչ կերպիվ վայելել անոր արդյունքը ի նպաստ յուր սիրելյաց։ Թվեր իրեն թե ինքն նոր անձնավորություն մ՚էր, թե օգտակար անհատ մ՚էր, թե վերջապես կարող էր ըսել անձին «Ես ևս ի հաշիվ կրնամ մտնել ես ինձմով, զի կամեցա, կարողացա, աշխատեցա»։

Բայց եթե այդպիսի գոհունակություն իմն կզգար օրիորդն, ոչ այնպես էր անոր մորն նկատմամբ։ Տիկինն անկարող էր համակերպելու այն հարկին որ կստիպեր զյուր դուստր օտար իշխանության հպատակելու, նամանավանդ կանգիտանար գոռոզ և արհամարհոտ ձևերը տիկին Աբգարյանի յուր դստեր նկատմամբ, զի Արաքսիա՝ ի մխիթարություն ծնողացն, յուր վիճակը նկարագրած էր միշտ իբր մին ի լավագունից:

Բայց եթե օրիորդն գրեթե սեղանի ժամանակ տեսնելով զյուր տիրուհին կենթարկվեր անոր արհամարհանաց, ուներ ի փոխարեն ամեն վայրկյանի գողտրիկ սերը յուր աշակերտուհյաց՝ որոնց համար ստիպողական պետք մի դարձած էր ինքն։

Իսկ Պ. Աբգարյանի վարմունքը քաղցր էր վարժուհվույն նկատմամբ բայց խիստ զգուշավոր. զի եթե սովորականեն ավելի քաղաքավարություն մ՚ըներ՝ տիկնոջ խոժոռ նայվածքը կը հրամայեր շուտով վերջ տալ այդ ընթացքին։

Իսկ Ներսես պատկառ համակրությամբ կը շարունակեր յուր վարմունքը երիտասարդուհվույն հետ, նույն համակրությամբ փոխարինվելով անոր կողմանե:

Թվեր Արաքսիայի թե Ներսեսի վայելուչ ձևերն ու իմաստալից խոսակցություններն էին պատճառ յուր զգացած գոհունակության ի ներկայության անոր, ու կանգիտանար թե սերն յուր հիմունքը հաստատորեն կը ձգեր յուր անարատ սրտին մեջ։ Երբեմն երիտասարդին հետ խոսած ժամանակը հանկարծական ջերմութենե դեմքին ողողվիլը կզգար, ինչպես և, թեթև շփոթություն մի։

Ներսես կը նշմարեր զայդ, և ինքն յուր կողմանե կը հուզվեր։ Երբեք երկուքն առանձին չէին գտնված ազատորեն խոսելու համար, և գուցե հանգետս փոփոխակի իրենց սրտերուն վիճակն իրարու հայտնելու։ Երկու հրեշտակներն որք միշտ իրենց վարժուհվույն անբաժանելիներն էին, կարծես պատվարն էին որք երկու հոգիներու սիրո ընդհարումը կարգիլեին։ Բայց պիտի հասներ վերջապես օրն՝ ուր երկու երիտասարդներն փոփոխակի իրենց դիրքն պիտի զգային։

ԳԼՈԻԽ ԺԴ.

Տիկին Աբգարյան ընդունելության մասնավոր օրեր ու երեկույթներ ուներ, ուր ինքը կը գահակալեր իբր թագուհի զինքը պաշտող անձանց ու խնկարկուաց մեջ։ Յուր գլխավոր հաճույքն էր երիտասարդաց սիրտը վրդովել, անոնց մեջ նախանձու սերմեր սփռել, և մերթ միույն և մերթ մյուսին շնորհել քաջալերիչ ժպիտներն ու նայվածքներն։ Ասոնց մեջեն ոմանք կը խոնարհեին անոր քմահաճությանց առջև, և իբր ստրուկ կը վարվեին, այնպես որ տիկինն իբր խաղալիք գործածելով զանոնք անխիղճ կերպիվ կր նկատեր անոնց սրտին արյունիլը։ Գեղեցկության այդ երկրպագուաց մեջ կային սակայն այնպիսի ճարպիկ անձինք որ արվեստավորյալ անտարբեբությամբ կը պատասխանեին տիկնոջ փոփոխամիտ ձգտմանց, և ամեն առթե օգուտ կը քաղեին անոր սրտմտությունը շարժելու և նախանձը բորբոքելու՝ ի վրեժխնդրություն այն կանացի մեքենայությանց որոնց ենթարկված էին իրենք։

Աշնան եղանակն էր, Աբգարյան ընտանիքը վերադարձած էր գյուղեն, ուր անցուցած էր ամառվան եղանակը։ Տիկինը հացկերույթ մ՚առաջարկեց երիտասարդաց խումբի մի, որոնց թվույն ավելցուց քանի մի տիկնայք բամբասանաց առիթները խափանելու մտոք։ Այդ տիկնայք ոչ միայն իրեն հետ ի պայքար մտնելու անկարող էին գեղեցկության մասին, այլ ընդհակառակն առավել ևս զայն ի լույս բերելու կը նպաստեին։ Մութ հատակն էին մանավանդ ուսկից տիկին Աբգարյանի դիմական առավելությունքն դուրս պիտի ցայտեին հաղթական կերպիվ։

Տան տիկնոջ հաշվույն մեջ չկար ոչ յուր ամուսինն և ոչ յուր զավակները մասնակից ընել այդ դաշտային խնջույքին։ Բայց Ներսես այլօրինակ մտածեց, որով անտարբեր մայրը պարտավորեցավ միատեղ առնուլ երկու աղջիկներն իրենց վարժուհվույն հետ ի միասին։ Իսկ Պ․ Աբգարյան ընդդիմացավ տղուն թախանձանաց, գուցե կնոջ լուռ հրամանացն հպատակելու համար։

Թեև շլացուցիչ էր Արաքսիայի գեղեցկությունն, այսուհանդերձ տիկինը կարհամարհեր զայդ, զի կը մտածեր թե ի՜նչ էր վարժուհի մի որպեսզի անձն ի նկատի առնվի, մանավանդ ի ներկայության յուր, երբ այնչափ շքով և զարդով կը փայլեր ինքն։ Հետևապես և ոչ իսկ ուշադրություն ըրավ անոր՝ ըստ յուր սովորականին։

Զվարճության իբր վայր ընտրվեցավ Ֆլորիան՝ Սան-Ստեֆանոյի զբոսավայրը, որ Մարմարա ծովուն վրա կը տարածվի։ Այդ սիրուն դաշտը հովանավորյալ է ալևոր ծառերե, և անոնց մրմուջը հարատև պատմությունն է գոգցես այն նշանավոր պատմական արկածից որոնց ականատես եղան իրենք։ Ծառոց շքուն ներքև ընդարձակ ավազաններ իրենց խաղաղ ջուրերը կը տարածեն, և հոն ի խաղ կը մտնեն թափառական անհամար տերևներ՝ երիտասարդ և փախստական սերունդ ալևոր ծառաստանին։ Հույլք թռչնոց կապաստանին այդ տերևազարդ շարժուն շենքերուն մեջ, ծառոց խորհրդավոր բարբառին միացնելով իրենց քաղցրալուր վանկերն ու հորինելով սիրո ներդաշնակությունը. նվագ և թռիչ թռչնոց հարատև կենդանություն կը կազմեն այդ ծառաստանին մեջ որ նախասահմանյալ է լինելու բույն անմեղ զբոսանաց։

Մինչ խուռներամ բազմություն մի մարդկանց, կանանց և տղայոց կը խռնին դալարյաց վրա իրենց խնջույքը կատարելու, երգելու և պարելու համար, հանկարծ կը լսվի մոտակա պայթյունը հրացանի մի որ կուղղվի ընդդեմ անմեղ թռչնոց՝ երկյուղ ազդելով խաղաղասեր հանդիսականաց ։

Արեգակն ամառն ի բուն պայծառ ճառագայթներովը փայլելե հետո, և բնության վրա տարած հաղթանակեն հոգնած։ թանձր ամպերով կը վարագուրեր յուր փայլուն երեսը: Ծառերը՝ դալկահար ու կորագլուխ իրենց անցյալ երիտասարդությունը կողբային, մինչ իրենց ոտիցն առջև գոս տերևները՝ որք երբեմն լուսով և կյանքով թրթռացած էին, հովուն խաղալիք եղած կը հալածվեին իրենց բնիկ ոստեն հեռու, ի սպառ անհետանալու համար զերդ օրհասական պանդուխտք:

Երբ դաշտն Ֆլորիայի՝ աշնանային տխրությամբ համակված, կողբա յուր կորուսյալ թարմ դալարաց և զարմանազան ծաղկանց վրա, հայնժամ խուռներամ զինյալ բազմություն մ՚որսորդաց սույն վայրեն անցնելով որոտացող կենդանություն մի կուտան իրենց շուներուն հաչյուններովն ու հրացաններուն պայթմամբը։

Գիրուկ լորամարգը մինչ օդին մեջ յուր ճարտար և օձապտույտ թռիչը կը փորձե հաղթանակի ճիչեր արձակելով շուրջ, ահա զարնված անգութ որսորդին գնդակեն՝ յուր երգն կընդմիջե ու բարձրեն գլորելով դաշտի չորցած խոտերուն մեջ կիյնա։ Շուները զվարթ աղաղակներով թռչնույն մահը կավետեն իրենց սեգ տիրոջն որ խրոխտալով գետնեն կը վերցնե յուր ավարը, ու նույնչափ կը փառավորվի որչափ մեծ հաղթության մի վրա։

Ուրեմն կիրակի աշնանային գեղեցիկ բայց մելամաղձային առավոտ մի իբր քսան հրավիրյալք մասնավոր կառքերով մեկնեցան Բերայեն Պոլիս երթալու համար, ուսկից շոգեկառք մտնելով հասան ի Ֆլորիա։

Ամենքն առավել կամ նվազ զվարթությամբ դաշտին այլ և այլ մասանց մեջ շրջագայեցին, վայրիկ մի իրարմե հեռացան զանազան ճամփաներե իրարու միանալու համար դարձյալ խնդալով և խոսելով։ Տիկին Աբգարյան աղու կամ խիստ նայվածքով կամ գրգռիչ բառով հույս մի կոգևորեր կամ կը փարատեր։ Տիկնոջ այդ ընթացքը նախանձորդներու մեջ եղած հակառակությունը կամ նախանձը վառ պահելու դիտավորությամբ էր պարզապես։

Արաքսիա ծառի մի ներքև նստած էր երկու աշակերտուհյացն հետ առանց այդ ընդհանուր շարժման մասնակցելու, մտածելով թե գուցե տհաճո լիներ տիրուհվույն յուր հրավիրելոց ընթացքին հետևելովն։ Երիտասարդներեն ոմանք նկատելով հրաշագեղ գեղեցկությունը աղջկան, ինչպես և համեստ ու վայելուչ բարմունքը, մոտեցան աստիճանաբար անոր ու սկսան հետը խոսակցիլ։ Վարժուհին՝ առանց զանոնք քաջալերելու և սակայն առանց անքաղաքավարություն մի գործելու, ազնիվ բայց համառոտ կերպիվ պատասխանեց, և օգուտ քաղելով վառվռուն Արմինեի խաղերուն հարուցած աղմուկեն, թողուց երիտասարդներն ու ոչ ևս անոնց մոտեցավ, իբր թե աշակերտաց վրա մոտեն հսկելու դիտավորությամբ։

Ներսես առանց օրիորդին քովն երթալու կը դիտեր զայն ի հեռուստ։ Երբ երիտտսարդներն շրջապատեցին զվարժուհին՝ նախանձու խայթվածք մ՚զգաց, ինչպես և սփոփում անոր հեռանալը նշմարելով, ու ինքնիրեն զարմացավ այդ տարօրինակ զգացմանց վրա։

Իսկ երիտասարդներեն մին՝ ի վրեժխնդրություն տիկնոջ բռնավոր ընթացից յուր նկատմամբ, հարմար առիթ դատեց արտասովոր հիացում մի հայտնելու օրիորդին շնորհաց, ինչպես և անոր խոսակցության եղանակին վրայոք, և այսպես հաջողեցավ սեգ նախանձը շարժելու։

Ի խոր խայթվելով այդ գովասանությունքն լսելով՝ այլագունեցավ, ակռաներովը շրթունքը չարչարեց և ապա արհամարհոտ եղանակավ մ՚ըսավ տիկինը.

— Կը զարմանամ որ կը խոնարհիք վարժուհվո մի վրա աչք դարձնելու։

— Կը կարծե՞ք,— պատասխանեց երիտասարդը,— թե կին մի շնորհալից ու ախորժելի չէ վարժուհի լինելուն պատճառավ։ Ընդհակառակն աղջիկն այն որ յուր աշխատությամբը կապրի՝ նոր փայլ մի կավելցնե անձին։

— Գուցե,— ըսավ սրտմտյալ կինը,— ձեզ նման անձանց համար վարձկանի վիճակը հրապույր կունենա, իսկ իմ մասիս կը խոստովանիմ որ մեծությանը և ճոխությանց մեջ ապրելու վարժ անձինք պարզապես կարեկցություն կրնան զգալ, և պատառ մի հաց հայթայթել անոնց որպեսզի՝ անոթութենե չի մեռնին։

Երիտասարդը սաստիկ բարկանալով այդ ուղղակի ակնարկութենեն յուր համեստ ընկերական վիճակին, ըսավ բորբոքելով.

- Տիկի՛ն, խոստովանեցեք սակայն որ ձեր շնորհաց հացի պատառը ոչ թե արգահատական փափուկ զգացումե հառաջ եկած է, այլ պարզապես վարձատրություն է այն թանկագին խնամոց համար որ օրիորդը կը մատուցանե ձեր զավակաց:

- Սպասավորուհիներես առավել ի՞նչ կը գործե նա արդյոք։

- Զարմանալի՜ նմանություն։ Ի՞նչպես կուզեք, տիկին, որ անուս գլուխ մի նույնչափ օգտակար լինի որչափ մշակված միտք մի և սիրտ մի որք տղայոց թե՛ մտաց և թե՛ սրտին ուղղություն կուտան։

— Եթե,— հարեց տիկին Աբգարյան, ևս առավել բորբոքելով,— եթե դաստիարակությունն այդչափ օգտակար ինչ լիներ՝ պետք չէր որ այդ աղջիկը հրամանատարությանս ենթարկվեր իբրև աղախին։

— Տիկի՛ն, ուսմունքը հարստության դուռ չի բանար միշտ. այլ զմարդ կազնվացնե, անոր սիրտը կը կրթե, միտքը կը բարձրացնե, և զգոն ու խելացի անձանց համարման արժանի կընե։

Տիկինն այդ խոսքերուն մեջ յուր ուսման չափավորության ուղղակի ակնարկություն մի նշմարելով կր պատրաստվեր դառնապես պատասխանելու՝ երբ դիտելով թե վարժուհին քանի մի քայլ հեռու նստած՝ երիտասարդի մը հետ կը խոսակցեր, բոլոր յուր սրտմտությունը անմեղ աղջկան վրա թափելով ըսավ․

— Օրիո՛րդ, զքեզ հոս բերած եմ որպեսզի զավակացս ծառայես և ոչ թե երիտասարդաց հետ խոսակցիս։

Աղջիկը շանթահար եղած այդպիսի անակնկալ ու անիրավ կշտամբանքե որ զյուր արժանապատվությունը կը քարկոծեր, ոտք ելավ և մեծանձն եղանակավ մ՚ըսավ.

– Տիկի՛ն, կարծեմ թե տղայոց նկատմամբ պարտազանաց չեմ գտնված քանի որ անոնք իմ քովս են. իսկ եթե այս պարոնին քանի մի խոսքերուն կը պատասխանեի՝ բնական հետևանք է այն ակնածության զոր հարկ է ինձ զգալ նկատմամբ այն ընտանյաց որուն հետ կը բնակիմ: — Մի՛ մոռնար սակայն,— ըսավ գոռոզ կինը,— որ քու պաշտոնդ տանս մեջ սպասավորել է և ոչ թե հյուրերս մեծարել. այդ վերջին հոգը ինձ կը պատկանի միայն։

Ներսես՝ ի լուր այգ արհամարհոտ բառերուն յուր մորվին, զգաց որ արյունը գլուխը կելներ, նկատելով մանավանդ հուզյալ վիճակը վարժուհվույն՝ առավել ևս բորբոքեցավ և տիկնոջ մոտենալով ըսավ դառնությամբ.

— Տիկի՛ն, իրավունք չունիք այդպիսի անարգանոք վարվիլ օրիորդին հետ։ Նա ձեր տունը եկած է իբր դաստիարակ և ոչ իբր աղախին, ապացույցն ալ այն է որ ձեզ ընկերակից և սեղանակից է. հետևապես իրավունք ունի ձեր հյուրերուն հետ խոսակցիլ ցորչափ վայելչության կանոնները կը ներեն։ Իսկ այս մասին կրնամ ապահովել զձեզ թե օրիորդն ամենայն արժանապատվությամբ վարվեցավ մինչև ցարդ։

Տիկնոջ արյունը սկսավ եռալ երակացը մեջ նկատելով թե Ներսես այդչափ եռանդյամբ կը պաշտպաներ զվարժուհին։ Անկարող լինելով անոր վրա արձակելու գոռոզության ու դժգոհաթյան հարվածները, կռնակը դարձնելով հեռացավ մրմռալով հետևյալ խոսքերը.

— Չգիտեի թե այս անամոթ վարժուհին այսչափ լավ սորված էր երիտասարդները շահելու արվեստը։

Այդ նախատական բառերն ամենուն իմանալի եղան։ Արաքսիայի դեմքը կարմիր ներկվեցավ։ Իսկ Ներսես արձակեց յուր մորվին արհամարհանաց ակնարկ մի զոր չտեսավ նա սակայն. և ապա օրիորդին դառնալով նայեցավ անոր այնպիսի գորովով որ կարծես թե փոխարինեց զկույսն նույն պահուն կրած բոլոր հալածանացն համար։

ԳԼՈՒԽ ԺԵ.

Բարեբախտաբար սպասավորին գալուստը նախաճաշը պատրաստ լինելն իմացնելու համար տարբեր ուղղություն մի տվավ շփոթ մտաց։ Ամենքը պետքն զգալով դիմեցին դեպի ընդարձակ սեղանն որ դալարյաց վրա կը տարածվեր, և որ արեգական ջերմութենեն հովանավորված էր թավուտ ծառոց շուքեն։

Տիկին Աբգարյան այդ գյուղային կոչունքին ճոխ կերպարանք մի տված էր արծաթե ամաններ ու այլ և այլ սեղանի թանկագին սպասներ քաղքեն հետը փոխադրել տալով։ Բազաթիվ ընտիր խորտիկներ հետզհետե իրարու կը հաջորդեին, ու սպասավորաց կարգավորյալ ծառայությունը կը հայտարարոր թե տիկինը ստեպ հացկերույթներ տալու սովորություներ։

Հայդ վայր գտնվող օտարականք որք նույնպես եկած էին զբոսաանաց օր մ՚անցընելու մտոք, զարմացմամբ կը նայեին այդչափ ճոխությանց վրա և այդ զարմացումը գոհունակություն կազդեր տիկնոջ փառասիրության, որով մասամբ կը ջնջվեին ի նա քիչ հառաջ զգացած ցասման հետքերը։

Կերակուրներն, գինին և աշխույժ խոսակցությունք հետզհետե ընդհանուր կենդանություն ազդեցին ամենուն, այնպես որ յուրաքանչյուր ոք զվարթ բառի զվարթագույնը հաջորդել տալու կը ճգներ։ Տիկին Աբգարյան սքանչելի էր յուր սիրուն ձևերով, նայվածքներով և խոսքերով․ վագրուհին տեղի տված էր նազելի կնոջ որ կը ջանար ուրիշ գեղանվո մ՚ըրած ազդեցությունը ջնջել ի սպառ։

Մանավանդ տիկնոջ մասնավոր ուշադրության և քաղաքավարության առարկան էր երիտասարդն այն զոր գոռոզ խոսքերովը վիրավորած էր քիչ առաջ։ Բայց նա շատ ի խոր խոցված էր այնչափ շուտ մոռնալու համար արհամարհանաց այդ ցույցերը։ Եվ որչափ յուր անտարբերությամբը կը պատժեր տիկնոջ քաղցր ու ազդու ձևերը, նույնչափ այդ քմահաճ արարածը ևս առավել կը սրեր զենքերն՝ երիտասարդին սրտին զորավոր սլաք մ՚արձակելու համար։

Երկուքին միջև լռին մրցում մի կար։ Երիտասարդը կը պաշտեր այդ կինն, ու մինչև նույն վայրկենին շատ անիրավությանցն հանդուրժած էր, գանգատած էր, վշտացած էր, վայրիկ մի հեռացած՝ բայց միշտ վերադարձած էր առ նա իբր հավատարիմ ստրուկ։ Նույն օրն այդ վիրավորյալ հոգին մտադիր էր վերջնական կերպիվ հեռանալ այդ հարստահարիչ զորութենեն, բայց հեռանալ՝ այդ գոռոզ և անխիղճ էակին սիրտը նախանձով չարչարելեն վերջը Արաքսիայի շնորհիվ։

Երիտասարդը թեև չէր համարձակեր սեղանի վրա վարժուհվույն խոսք մ՚ուղղել՝ անախորժ պատահարի մի տեղի չտալու համար դարձյալ, սակայն խիստ ստեպ ակնարկներն դեպ անոր ուղղեց սքանչացման եղանակավ մի։ Զայդ ամենայն լավ նշմարեց տիկինն:

Այդ վիրավորյալ երիտասարդին անտարբեր ձևերը այնպես սիրելի ըրին զինքն հանկարծ բռնավոր գեղանվույն, որ ուզեց անպատճառ յուր լուծին ներքև պահել զայն։ Եվ հաջողելու համար ոչինչ խնայեց. բոլոր յուր զենքերը շարժեց ամբողջ գրավելու զորությունն ի մի կետ ամփոփեց, լեզվին նոր անուշություն, խոսքերուն նոր հրապույր տվավ, աչերուն կրկին անդիմադրելի հուր, շարժմանցը տարբեր նազելանք, վերջապես այնպես դյութեց, կաշկանդեց զխեղճ երիտասարդն որ սա անհնարին տրիփով այրիլն զգաց վերստին, իբր թե առաջին անգամի համար սիրած լիներ այդ կինն։

Երբ տիկին Աբգարյանի սիրտն այդ կողմանե վերջապես հանգստացավ, սկսավ ուրիշ երիտասարդաց ևս մաս մի շնորհել յուր ժպիտներեն, նայվածքներեն և հառաչանքներեն։ Այդ արվեստավորյալ արարածին համար բնավ դժվարություն չկար՝ ըոտ քմաց և կամ ըստ բերմանց պարագայից, փափուկ թե խիստ, տխուր թե ժպտուն երևալու։ Ուստի օրվան մնացորդ մասն անցավ ծառոց ներքև հանգչելով, աստ և անդ շրջելով, խոսելով, երգելով, մինչև որ հասավ վերջապես ժամն վերադարձի պատրաստություններն ընելու համար։

Արաքսիա ճնշող ծանրություն մի կզգար սրտին վրա նույն վայրկենեն որ հրապարակավ տիրուհիեն անգոսնեցավ: Յուր արժանապատվությունն ոտից կոխան եղած էր, և սակայն ինքն ոչ այլ ինչ կարող էր ընել եթե ոչ լռել, համբերել, և գուցե հանդիսականաց արգահատության առարկա լինիլ իբր անձ ողորմելի։ Յուր արյունը կեռար, գլուխը կայրեր, արժանապատվությունը բողոք կը բառնար․ կուզեր նույն պահուն թողուլ զամեն ինչ, հեռանալ, վերադառնալ ընտանյացր գոգը: Բայց հանկարծ անոնց թշվառ վիճակն աչացն առջև ներկայանալով՝ կը տեսներ անոնց զրկումներն, անոնց հուսահատելու ցուցիչ վիճակը, կը հիշեր մորն հակառակությունն աշխատելու սկզբան դեմ, կը մտածեր թե նոր ուժ պիտի տար այդ հակառակության, կը խորհեր յուր ստանձնած փրկարար պաշտոնին վրա, ու ձեռնաթափ կը լիներ, կը մաշեր ընդ մեջ յուր սրտմտության և որդիական պարտականությանց։

Օրիորդն գրեթե ուտելիքներեն բան չճաշակեց, և եթե քիչ մի բան կերած էր բռնազբոսիկ կերպիվ՝ անձին ձև մի տալու և այլոց աչերեն ծածկելու նպատակավ էր՝ զգացած ներքին պատերազմը։

Վարժուհին ընդ մեջ երկու տղայոց նստած էր: Իրմե քիչ հեռու էր Ներսես որ սաստիկ կը տառապեր օրիորդին տագնապները նշմարելով, զի սիրահարաց հատուկ նուրբ տեսությամբ իրեն սիրելի եղած անձին սրտին խորը կը թափանցեր արդեն։

Թեև երիտասարդն ամենայն զգուշությամբ կը վարվեր Արաքսիայի հետ սեղանի ժամանակ, խորթ մորը կասկածաները չգրգռելու համար, այսուհանդերձ յուր գաղտագողի նայվածքներովը վշտացելույն կարեվեր հոգին կաշխատեր մխիթարել հայտնելով իրեն թե հինքն ուներ բարեկամ մի։ Իսկ Արաքսիա երախտագիտությամբ կը նայեր անոր հիշելով մանավանդ թե քիչ հառաջ որպիսի քաջությամբ զինքն պաշտպանած էր։

Տիկին Աբգարյան ևս զայդ չէր մոռցած. ու թեև կը լրտեսեր Ներսես, սակայն բավական ազատ վայրկյաններ չունենալով նշմարելու համար անոր զգուշավոր նայվածքները, ու մասնավոր կասկածանաց բան չտեսնելով, մակաբերեց թե Ներսես զարմանալի անձ մ՚էր, և թե գուցե ինքնաբերաբար հնազանդած էր յուր սովորական տրամադրության աղքատները ջերմաբար պաշտպանելու։

ԳԼՈԻԽ ԺԶ.

Հետ ավարտման նախաճաշի մեկուսացավ վարժուհին աշակերտուհյաց հետ, և ոչ ևս կարողանալով համբերել, ազատություն տվավ արտասվացն հոսելու։ Երկու տղայք իրենց սիրեցյալ օրիորդին ցավը նկատելով գիրկը նետվեցան ու երկուքը լալով միաբերան ջանացին զինքը մխիթարել, յուրաքանչյուրն զգալու եղանակին համեմատ։ Ի տես այդ արգահատական ու համակրալից զգացման Արաքսիա հուզվելով, զանոնք ուժգին սրտին վրա սեղմեց, ու արիանալով և աչերը սրբելով ըսավ.

— Օ՜ն, սիրուն և սիրեցյալ էակներս, չեմ ուզեր որ լաք․ այսօր պետք է ուրախ լինիլ, զվարճանալ և նոր ուժ առնուլ ձեր դասերը լավ ևս շարունակելու համար։ Ես ոչինչ ունիմ, նայեցեք, ես ևս ուրախ եմ։ Ոտք ելավ, առավ երկու մանկունքը ու սկսավ շրջագայիլ դեմքին շինծու զվարթություն մի տալով։

Ծառի մի ներքև առանձնացած էր Ներսես իբր թե քնանալու համար, և այսպես ամեն ընկերութենե հեռու էր։ Յուր սիրտն ևս կարյուներ Արաքսիայի կրած նախատանաց համար, ու կը բաղձար մոտենալ անոր ըսելու համար.

— Օրիո՛րդ, ես քու պաշտպանդ եմ, բնավ երկյուղ մի՛ ունենար։

Բայց այդ վարմունքը խոհեմություն չհամարելով, հողին վրա ընկողմանյալ մնաց, ու կը տեսներ զվարժուհին ինքն անտես մնալով։ Ուստի նշմարելով սրտաշարժ տեսարանը զոր կը ներկայեին տղայք հանդերձ օրիորդավն, բնազդմամբ ոտք ելավ հանկարծ ու սուրաց դեպ այն կողմն ուր կը գտնվեին մեր երեք անձինքն։

Անմիջապես որ երկու քույրերն տեսան իրենց եղբայրն, անոր ընդառաջ երթալով՝ անհամբեր Արմինեն ըսավ․

— Գիտե՞ս, եղբայր, մեր սիրելի օրիորդը կարտասվեր քիչ հառաջ. մեր սիրտն այնպես ցավեցավ որ մենք ևս սկսանք լալ իրեն հետ։

Իսկ Աղավնի անխոս ու աչերը գետինը հառած՝ այդ զրույցը հաստատեց արտասուքի շիթով մի որ յուր աչերեն վար գլորեցավ։

Արաքսիա նկատելով թե յուր տկարությունը կը մատնվեր այդ երկու անմեղ մատնիչներեն, այլագունելով ըսավ․

— Իրոք հանցավոր եմ երկու հրեշտակացս ուրախությունը խափանած լինելուս պատճառավ։ Բայց պիտի ջանամ քավել լիովին իմ հանցանքս։

Նկատելով թե իրենց սիրելի վարժուհին առանձին չէր, հորդորանոքն Ներսեսի՝ տղայքը քանի մը քայլ հեռացան դաշտային ծաղկանց փունջ մի կազմելու դիտավորությամբ։ Աղավնին ծռած էր դալարյաց վրա, բայց հոգին այլուր էր, աչերն խոնավ էին, դեմքին վրա տխրության հետք մի կար։ Արաքսիայի ցավոց մանկական հոգի մի երկարաձիգ արձագանք կուտար։

Իսկ Արմինե ցնցվեցավ, զգացվեցավ, լացավ իրոք, բայց մեկ վայրկենի մեջ տխրության ամեն հետք ջնջված էր։ Ինքը գարնան ծաղիկն էր որ աշնանային ծաղիկը կը քաղեր։ Եռանդյամբ կը խոսեր յուր քրոջ, ցույց կուտար թիթեռնիկը՝ որ իրեն նման ընդոստ պարով կերթար կուգար մեկ ծաղկեն մյուսը, յուր հեղհեղուկ հոժարությունները մեկ բույսեն մյուսին տանելով։ Ցույց կուտար վազուկ ջուրերն ուր թռչունը՝ հանգույն իրեն, կերթար զանոնք գրգռելու յուր թևերովը։ Ցույց կուտար ծառերը, երկինքը, մարդիկը, կենդանիները. վերջապես լեզուն, աչերը, մարմինը, ամեն ինչ կը շարժեր։

Աղավնի կը լսեր քրոջը ձայնը, կը նայեր ծաղկանց բայց սև էր յուր հոգին, միտքն այլուր էր։ Կը հիշեր անընդհատ արտասուքը յուր պաշտելի վարժուհվույն, և եթե կարող լիներ պիտի զայրանար մորն ընդդեմ նույնիսկ որ պատճառած էր զայդ վիշտ։

Տղայք մտաց զարմանալի նրբություն ունին. կըմբռնեն ակնթարթով, կը հասկնան ինչ որ իրենց չէ բացատրված։ Թեև Աղավնին կիմանար թե յուր մայրն վիրավորած էր զօրիորդն, բայց համայն սեր և քաղցրություն լինելով անկարող էր սրտմտելու։

Երբ Ներսես առանձին մնաց երիտասարդուհվույն հետ կարծես լեզուն պապանձեցավ։ Եկած էր հոն, տղայքը հեռացուցած էր խոսելու նպատակով, և ահա բառ մ՚անգամ արտասանելու անկարող էր։

Արաքսիա՝ ոչ նվազ շվարյալ քան զերիտասարդն, ինքն ևս լուռ կը կենար։ Բայց այդ նեղացուցիչ վիճակին վերջ տալու՝ և մանավանդ երախտապարտ սրտի մի պարտքը լրացնելու համար ըսավ․

— Պարո՛ն, թույլ տվեք ինձ հաղորդել ձեզ բոլոր իմ շնորհակալիքս ձեր դյուցազնական պաշտպանության համար ինձ նկատմամբ, երբ դժբախտաբար տիրուհվույս հարվածոց ենթարկվեցա։ Գիտեմ որ աղքատը բարեկամ չունի, ու արդարև մեծ հոգի մի միայն հրապարակավ կրնա պաշտպան կանգնիլ անոր։

Այդ խոսքերն ուժգին ցնցեցին զՆերսես, գտավ վերստին բոլոր յուր կորովը, և արժանավոր կերպիվ ու ծանր եղանակավ պատասխանեց․

— Օրիո՛րդ, այս պարագային մեջ ըրածս ոչինչ բան մ՚է ըստ ինքյան։ Կը խնդրեմ ձեզմե չի խնայել զիս մեն մի անգամ որ ինձ պետք կունենաք։ Ինձ համար աղքատ կամ հարուստ չկա, մարդ կա միայն. չարը կարհամարհեմ, ազնիվը կը հարգեմ պաշտելով։ Դո՛ւք, օրիո՛րդ, ազնիվն եք, որով պաշտամանցս իրավունք ունիք։

Վարժուհին կարմրեցավ, ու առավել աչերովը քան թե խոսքերովն հայտնեց յուր շնորհապարտ սրտին զգացումները։

Նույն միջոցին երկու տղայք իրենց կը մոտենային։ Արմինե կընթանար ձեռքերն լի ծաղկոք և զանոնք երկու մասի բաժնելով՝ մին եղբորը տվավ, իսկ մյուսը՝ օրիորդին։ Բայց Աղավնի ծանրաքայլ կը հառաջանար միայն փոքրիկ ծաղկի փունջ մի հետը բերելով, և զայն մատույց յուր վարժուհվույն տխուր աչոք նայելով անոր։

— Ինձ ոչի՞նչ կը բերես,— ըսավ երիտասարդն, ժպտելով։

— Դո՛ւ թշվառ չես,— պատասխանեց տղան ու Արաքսիայի նայելով աչեն արտասուք մի գլորեցավ դարձյալ փափուկ այտիցը վրա։

Օրիորդն զինքը բազկացը մեջ առնելով ըսավ.

— Իմ հրեշտակս, զվարթացի՛ր, ես ապերջանիկ չեմ։

Ներսես այնպես ի գութ շսյրժեցավ, այնպես հուզվեցավ որ ինքզինքը ոռնալով գոչեց,

— Ո՜վ իմ հրեշտակս անգամ սիրելի Աղավնիս, այո, իրավունք ունիս պաշտելու այս օրիորդը։

— Հապա ե՛ս,— բողոքեց մյուս գողտրիկ էակը,– մի՞թե ես չեմ պաշտեր զինքը։

— Այո՛, դու ևս անշուշտ կը սիրես զնա, սիրուն քուրիդ կըս,— ըսավ երիտասարդն։— Սիրեցեք զինքն և ես զձեզ կրկին սիրովս պիտի փոխարինեմ։ Ներսես զղջաց արդեն այդչափ եռանդյամբ խոսած լինելուն համար, ու հեռացավ ի հապճեպ թե՛ յուր հուզմունքը ծածկելու և թե՛ յուր մորվին ուշադրությունն յուր վրա չգրավելու մտոք․ զի նույն միջոցին տիկին Աբգարյան հյուրերովը կը շրջագայեր, և հառաջ քան անոր վերադարձին հարկ կը համարեր երիտասարդն յուր նախնի վայրն դառնալու՝ իբր թե հանգստյան պետքն արդարացնելու դիտավորությամբ։

Արաքսիա այնչափ հափշտակված էր լսածեն ու տեսածեն որ անկարող էր խորհելու և զգացմանցը շփոթությունն իմանալու։ Բայց հետզհետե ուշաբերելով՝ Ներսեսի մեն մի բառը կրկին ու կրկին անգամ հիշեց, երկրորդեց ինքնին, ամեն խոսքին ճիշտ նշանակությունն ուսումնասիրեց, և ամեն մեկը սրտին խորը կարգավ և անջնջելի կերպիվ դրոշմեց։ Յուր կրած արհարհանքը, ցավը, թափած արտասուքը, վերջապես զամեն դառն հիշատակ կորույս այդ վայրկենին անբացատրելի քաղցրության մեջ։ Յուր սիրտը կը գոչեր իրեն թե սիրված էր այդ ազնիվ, գեղեցիկ և խելացի երիտասարդեն։ Տարակուսանաց տեղ կը մնա՞ր արդյոք երբ նա այնչափ ազնվությամբ զինքը սլաշտպանած էր, ու նույն միջոցին դեռ այնչափ քաջալերած էր զաղայս զինքը սիրելու։ Հայտնի կը լիներ թե մանկանց միջոցով յուր զգացումներն ուզած էր հայտնել։

Մինչդեռ այդ հեշտալի տպավորության ներքև էր, ահա սև կասկածը յուր երանության լույսը մթագնեց։ Ո՞ գիտե, մտածեց վարժուհին, թե այդ երիտասարդին գեղեցիկ վարմունքն արգահատության զգացում չէ պարզապես։ Քիչ հառաջ ինքն համայն երանություն էր, և նույն պահուն կարծես ջղերը քարացան, սրտին բաբախումները դադրեցան, ու ինքն ալ արձանացավ սրտին սառույցներուն մեջ։ Բայց մեծ ճիգ մ՚ընելով այդ մահացուցիչ վիճակեն դուրս ելավ և գոչեց.

— Ո՜հ, կուզեմ վայելել այս հեշտագին վայրկյանը, կուզեմ հավատալ որ սիրված եմ, կուզեմ ապրիլ աննման կյանքով, րոպե մի հավիտենական ցավեր կրելու համար հետո։ Այո՛, կուզեմ հավատալ հալածելով ամեն տարակույս։

Ապա հափշտակության մի քանի վայրկյաններե վերջը մոտեցավ տղայոց որ քանի մի քայլ իրմե հեռու կը գտնվեին, բուռն եռանդյամբ առավ բազկացը մեջ զԱղավնին՝ որուն համակրական արտահայտությանց կը պարտեր գլխավորապես Ներսեսի գորովանաց ցույցերը։

ԳԼՈԻԽ ԺԷ.

Օրն կը հառաջանար և Տիկին Աբգարյան բնավ հոժարություն չէր հայտներ վերադարձի նշան տալու, այնչափ ինքն գոհ կերևար ծառոց, բնության և երիտասարդաց ընկերութենեն։ Մերթ միույն թևն առնելով պտույտ մի կըներ և մերթ մյուսին։ Ոչ կը ձանձրանար և ոչ ալ կուզեր վերջ տալ յուր զվարճությանց եթե կարելի լիներ արեգակն իսկ պիտի կասեցներ։

Բայց վերջապես հասավ ժամն վերադարձին, զի Ներսես բռնաբարեց կերպով իվիք տիկնոջ կամքն, հիշեցնելով անոր թե խոհեմությունը ձեռքե թողլու չէ աշնան եղանակի մեջ, և թե հարկ է ճամփա ելնել հառաջ քան արևուն մայրը մտնելը: Տիրուհին ակամա հնազանդեցավ, որով քիչ մի ետքը ամենքը հանգստորեն նստած էին ընդարձակ նավակին մեջ զոր չորս առույգ նավավարք հառաջ կը վարեին ի ձայն երգոց արանց և տիկնանց։

Այդ ընդհանուր ուրախության ցույցերուն մեջ Արաքսիա և Ներսես լուռ կը կենային միայն։ Կույսն խռովահույզ՝ կը ջանար ցորչափ պարկեշտությունը կը ներեր իրեն, կարդալ ըստ կարելվույն, երիտասարդին աչաց մեջ յուր կյանքը կամ մահը։ Եվ մեն մի անգամ որ երկյուղած աչերն կուղղեր դեպ անոր որ իրեն հանդեպ նստած էր, կը հանդիպեր նայվածոցն որք անբացատրելի պերճախոսություն մ՚ունեին, ու կը հաստատեին սիրված լինիլն անկե։ Արաքսիա այնպիսի անբացատրելի վայելք մի կզգար որ թվեր իրեն թե յուր գլխույն վրա տարածված կապույտ անծիրը, ինչպես և յուր գոգին մեջ զինքն օրորող հեղուկ անսահմանությունն անբավական էին յուր հոգվույն խանդը բովանդակելու։

Արեգակն իբր հսկա բոցավառ, ջրոց մեջ կիջնար հանգչելու համար և ծովն թվեր իբր ոսկեփայլ մեծատարած անկողին հարդարված ի պետս ցերեկվան իշխանին որ հետզհետե ամփոփվելով չուր փայլուն մեծության մեջ, ննջեց Հետո ջրողն ի գոգ ինքզինքը ծածկելով։

Լուսինն երևցավ երկյուղալից, մերթ թեթև և մերթ թանձր ամպերե քողարկված, իբր թե ապահովվելու համար թե զինքը նսեմացնող իշխանն ոչ ևս հերկինս կը տիրապետեր, և թե ազատ էր ինքն ևս զերդ աստեղաց թագուհի, արշավել երկնից գիշերամած անջրպետաց մեջ։

Կը սուրար նավը միշտ արագընթաց իբր նետ մի ալյաց մակերևույթին վրայեն։ Բայց ծովն որ հարթահատակ էր, սկսավ հետզհետե ելևէջներ ունենալ, ու աստեղազարդ երկնից երեսը պղտորեցավ։

Նավավարաց աչերն դեպի վեր կուղղվեին անդադար, իրենց նայվածոց մեջ անհանգստության մի կար զոր իզուր կը ջանային ծածկել. իրենց թիավարությունն այնպիսի արագություն մ՚ստացավ որ հայտնի էր թե կուզեին քաղաք հասնիլ հառաջ քան փոթորկին պայթումն։

Ամպերն աստիճանաբար իրարու մոտենալով սև պատնեշներն հետզհետե թանձրանալով սպառնացող մութ զորություն մի կազմեցին։ Հողմն որ մինչ նույն պահուն բավական սանձված էր, յուր ուղղությունը փոխելով՝ հանկարծ հյուսիսային կողմանե սրարշավ եկավ, և իբր թե յուր հանգուցները ջախջախելով՝ գազանի նման սկսավ սուլել, վազել, ջուրերը տակն ու վրա ընել, ու խնդալ ահարկու կերպիվ ի տես յուր չարագործությանց։

Երկինք կերկներ որոտալով, ու գալարելով աղիքներն ահագին ճայթմամբ ծնունդ կուտար շանթին՝ որ իբր հրային հրեշ նորածին, ծովուն կատաղի կոհակաց մեջ կը վիժեր խորասույզ անհետանալով։ Ալեկոծություն մ՚էր բոլոր յուր սաստկությամբը։

Նավակն՝ իբր փրփրադեզ խաղալիք մռնչող կոհակաց, կարծես մերթ ծովուն խորը կիջներ, և մերթ ջրոց ահարկու բարձրության վրա ելնելով՝ վերստին ծովուն անդունդը թվեր թաղվիլ։

Նավավարաց ճիչերը, հուսահատական բացականչությունները, մթությունը, անապավեն վիճակ մի, մահվան տեսարանը, վերջապես ամեն ինչ սարսափ կազդեր նավուն մեջ գտնվող անձանց։ Ոմանք հուսահատորեն ճիչեր կարձակեին, ոմանք կուլային, ոմանք կաղոթեին, և ամենքն իրենց վերջին վայրկյանը հասած կը համարեին։ Երկու տղայք մանավանդ իրենց սիրելի օրիորդին կը պլլվեին լալով և իրմե օգնություն խնդրելով։ Աղջիկն չուներ բառ մխիթարության զի ինքն նույն բանի կը կարոտեր։

Բայց ահագին կոհակ մի այնպես գահավիժեց զնավակ ծովուն մեջ որ ամենքը միաբերան աղիողորմ ճիչ մ՚արձակեցին իբր մնաս բարյավ կենաց։ Սակայն նավը վերստին ջրուց գագաթն ելավ իբր թե հրաշյուք։

Հայնժամ Արաքսիա բռնելով աղերսագին Ներսեսի ձեռքերը, լալյոք խնդրեց իրմե, որ եթե այդ փոթորկեն կարողանար ազատիլ շնորհիվ լողալու կարողությանն, երթա յուր ծնողաց և հայտնե անոնց թե Արաքսիա իրենց նվիրեց յուր վերջին մտածությունները։

Նույն պահուն կրկին անգամ նավակն թվեցավ ծովուն ալյաց մեջ իջնալ. դարձյալ աղիողորմ ճիչ մ՚ելավ, և դարձյալ նավն վեր բարձրացավ։

Ներսես որ օրիորդին ձեռքը բռնած էր այդ վտանգի վայրկյաններու մեջ, զայն սեղմելով սրտին վրա ըսավ.

— Կամ միատեղ փրկվինք և կամ միատեղ մեռնինք։

Ահավոր էր սիրո այդ դաշնադրությունը մահվան վտանգին մեջ։

Հուսկ հետո վերջացավ մահու և կենաց զարհուրելի խաղը գրեթե կես ժամ տևելե վերջը։ Հողմն՝ հոգնած էր ծովուն ալիքները խառնակելեն և գալարելեն, ու բավականացած՝ ազդած սոսկմանեն ու սրտահուզութենեն, հանդարտեցավ վերջապես: Ծովն որ վայրագորեն կը մռնչեր ու փրփուր կը ժայթքեր, նույն վայրկենին հեզահամբույր կը մրմնջեր նավուն կողերը փայփայելով, իբր թե ի նշան զղջման յուր գործած անօրենությանց համար: Իսկ երկինք հետ որոտմանցն և պայթմանց կը հանգչեր լռությամբ։ Մինչ լուսինն որ դեմքը ծածկեր էր կարծես չուզելով յուր վճիտ նշույլյուքն ավերման ու կործանման տեսարանաց գործակից լինել, փայլեցավ ամենայն գեղեցկությամբ ամպերն իրմե արտաքսելով։

Երբ ամեն ինչ հանդարտեցավ և սրտերը հանգչեցան, ամենքը միատեղ փառաբանության ձայներ կարձակեին։ Ոչինչ այնքան հոգիները կը միացնե որչափ մեծ վտանգը․ և երբեք կյանքն այնչափ հեշտագին չերևար որչափ մահը խիստ մոտեն տեսնելեն վերջը։

Հորժամ տիկին Աբգարյան հանգեբձ ընտանյոքն հասավ յուր տունն արդեն գիշերը հառաջացած էր և Պ․ Աբգարյան անտանելի մտատանջությանց ենթարկված։ Փոթորիկը, խավարը, բոլոր սիրելյացը վտանգի մատնված լինելուն գաղափարը զինքը մահվան դուռը հասուցին։ Բայց երբ տեսավ յուր կինն հանդերձ զավակոքն, սիրտն անհնարին տագնապե ազատեցավ։

Հանդարտելեն անմիջապես վերջը՝ մարդս բնական բերմամբ կը փափագի կշտամբանոքն առ հեղինակն յուր չարչարանաց կրած տառապանացը վրեժն առնուլ։ Բայց այդ մխիթարությունն ներելի չէր Պ. Աբգարյանի, թեև մտադիր եղած էր մանավանդ զկինն հանդիմանել։ Անմիջապես որ տեսավ զնա՝ կորույս յուր քաջությունն և շատացավ յուր գոհունակությունն հայտնելու իրենց հաջող վերադարձին համար։

ԳԼՈԻԽ ԺԸ.

Նույն գիշերն Ներսեսի համար անհնարին եղած էր ննջելը, զի Արաքսիայի պատկերն աչացը ներկա էր անընդհատ։ Վերահասու եղավ վերջապես յուր սրտին բուն վիճակին, և զգաց թե բուռն սիրով կը սիրեր զկույսն շնորհալի։ Բայց ինչ որ կը տագնապեցներ զինքն յուր անորոշ վիճակն էր որուն կուզեր ընդ փույթ վերջ դնել։ Օրիորդին սիրտն ազա՞տ էր արդյոք, և եթե ազատ՝ փոխադարձ զգացմամր պիտի փոխարինե՞ր յուր սիրտը։ Այս այլ և այլ մտածությունքն գիշերվան մեծ մասը տառապեցուցին զինքը։ Եվ երբ վերջապես միտքն ու սիրտը հոգնած՝ թմրեցավ ու քնո մեջ քիչ մի հանդարտեցավ մեկ կամ երկու ժամ, հանկարծ սրտի բաբախմամբ արթնցավ և նկատելով թե արևն արդեն յուր շրջանն սկսած էր, անկողնեն ելավ, հագվեցավ փութով ու անմիջապես պարտեզ իջավ ուր վստահ էր գտնել զվարժուհին։ Տիկին Աբգարյան մասնավոր խնամոք զարդարել տված էր յուր Բերայի տան պարտեզը, թեև ընդարձակությամբն զարմանալի չէր այն, սակայն ծառաստաններովը, կանաչ թանձր հովանիներովն ու մասնավոր ճաշակավն, սքանչելի էր ու ամեն հիացման արժանի։

Ամեն առավոտ վարժուհին պարտեզ կը տաներ տղայքը մաքուր օդ ծծել տալու և սակավ ինչ մարմնամարզություն ընել տալու համար։

Նույն գիշերն Արաքսիա ևս երկար ժամանակ անքուն մնացած էր մտացն ու սրտին մեջ հերյուրելով օրվան և գիշերվան պարագաները, և բյուրիցս երկրորդելով Ներսեսի խոսքերը։ Կը մտածեր թե տարակուսանաց պատճառ չկար այլևս, քանի որ վտանգի ժամանակ նույնիսկ երիտասարդն իրեն խոստացած էր ապրիլ և մեռնիլ իրեն հետ։ Թող թե Ներսես ազնվասիրտ անձ մ՚էր, այլ անհնար էր կեղծել վտանգի ատեն երբ մահն այնչափ մերձ էր։ Այդ ապահովությունը կը բավեր զԱրաքսիան աղջկանց երջանկագույնն ընելու համար։ Ի՜նչ երջանկություն, կենակից լինել այդպիսի անզույգ երիտասարդի մի որուն սրտին ու մտաց գանձերն գնահատելու համար վեց ամսվան միջոց ունեցած էր անոր հետ նույն տան մեջ բնակելով։ Կը խորհեր թե հոգի մի որ այնչափ հավատարիմ մնացած էր մոր մի հիշատակին, որպիսի հավատարմությամբ ուրեմն և հաստատամտությամբ պիտի սիրեր կենացն ընկերը։

Ասկե ի զատ վարժուհին ցնծությամբ կը մտածեր թե յուր ծնողացը կենաց բարելավությունը պիտի հաստատեր, թե հայրն ոչ ևս յուր մոր մեղադրանաց առարկա պիտի լիներ երբ ինքն գեղեցիկ վիճակի մի հասներ, և այս վերջին պարագան մանավանդ զինքն անհուն գոհունակությամբ կը համակեր։

Արաքսիա կը բաղձար արթուն մնալ յուր երանության ամեն մեկ մասը հանդարտորեն վայելելու մտոք գիշերային առանձնության և լռության մեջ։ Բայց վիշտն ինչպես երջանկությունը զմարդ թմրեցնելով կը հոգնեցնե, որով վերջապես քնո մեջ իյնալով կը հանգչի և կը վերականգնի։
ԳԼՈՒԽ ԺԹ.

Առավոտյան զարթումն Արաքսիայի բոլորովին տարբեր եղած էր Ներսեսինեն, զի կույսն արթնցավ գեղեցիկ հույսին ժպտելով։ Որչա՜փ հեշտագին է սիրո առաջին մաքուր շողը լուսավորե կույս սիրտը, ուր ամեն ինչ վճիտ է, հավատք և վստահություն ուր պատրանքն յուր սև դրոշմը չէ թողած, և ուր զգացման անարատ հատակը սիրո ակոսը կընդունի առաջին անգամի համար։

Երբեք արեգակն այնչափ զվարթագեղ չէր փայլած աչացն կուսին։ Երբեք կյանքն այնչափ տենչալի չէր թված և երբեք այնչափ եռանդ չէր զգացած ծնողացը համար աշխատելու և զանոնք գոհ ու երջանիկ տեսնելու։ Արաքսիա կզգար թե գործելու և սիրելու բոլոր հանգամանքն առավել ևս զորացած էին, բայց ոչ այնպես էին սակայն և յուր խորհելու կարողությունքն, զի մտացը մեջ անհնարին շփոթություն մի կը տիրեր ու խորհուրդք խառն ի խուռն իրարու կր հաջորդեին։ Երբ սիրտը կը տիրապետե՝ միտքը երկրորդական դեր մի խաղալու կը դատապարտվի։

Նույնիսկ տղայոց նկատմամբ կրկին աշխուժիվ համակված էր վարժուհին, մանավանդ Աղավնիի մասին որ առաջին օրեն ի վեր առավել ևս սիրելի էր իրեն քան զյուր քույր։

Ուստի անմիջապես որ արթնցավ նա՝ քիչ մի ժամանակ աչքե անցուց վերստին նախընթաց օրվան սիրային պարագաները, և երբ ոսկեզօծ երազներու ընդ երկար գերի լինելն հաստատեց՝ ճիգ մ՚ըրավ ու ելավ տեղեն։

Կարծես բնազդմամբ առաջին գործն եղավ Աղավնիի անկողնույն մերձենալ, և նորա այտից կարմրությունը նշմարելով ինչպես և շնչառության սակավ ինչ դժվարությունն՝ երիտասարդուհին հուզյալ՝ ձեռքը մանկան ճակտին տարավ և զգաց թե սակավ ինչ ջերմություն կար հոն։

Նույն միջոցին գողտրիկ արարածն աչերը բանալով տեսավ որ վարժուհին յուր քովն էր ու կը նայեր իրեն անհանգիստ գորովով մի։ Փոքրիկը ժպտեցավ անոր հայտնելով թե ունեցածն ոչ այլ ինչ էր բայց գլխու ծանրություն և թեթև ցավ մի։

Արաքսիա սակավ ինչ սփոփեցավ տղուն այդ հայտարարութենեն և խնդրեց որ օրն ի բուն անկողնո մեջ մնա իբր խոհեմության միջոց։ Սիրով հնազանդեցավ սիրուն էակն, և ահա վարժուհին որ քիչ մի ետքը նստավ հիվանդին սնարին մոտ հսկողության պաշտոնը վարելու համար, հետևապես նույն առավոտ Արմինեն աղախնո մի խնամոց հանձնվեցավ պարտեզ իջնալու համար։

Ուստի երբ Ներսես սրտահուզությամբ կը դիմեր հայդ վայր վերջնական կերպիվ յուր բախտը վճռելու համար, մեծ եղավ զարմանքն երբ փոխանակ երիտասարդուհվույն աղախին մի նշմարեց։ Իսկ Արմինե ընդ առաջ երթալով եղբորն, փութավ իմացնել քրոջն անհանգստությունն յուր սովորական անհամբերությամբը:

Ներսես սուրաց դեպի սենյակն հիվանդին, բացավ դուռը սակավիկ՝ առանց բնավ ձայն հանելու, և տեսավ զօրիորդն որ գորովանոք կը հսկեր աշակերտուհվույն քունին վրա։ Ներս մտավ ամենայն զգուշությամբ, և սենեկին մեջտեղ կեցած սքանչացմամբ կը նայեր այն անձնվեր էակին որ մոր պաշտոնը կը վարեր այնքան անկեղծությամբ։

Բայց թեթև ձայն մի լսելով վարժուհին գլուխը դարձուց և տեսավ երիտասարդն որ հիացմամբ իրեն կը նայեր՝ թևերը կուրծքին վրա խաչաձև։

Այլայլեցավ, այլագունեցավ կույսն, մինչ սիրտը պայթելու աստիճան սաստիկ կը տրոփեր։

Ներսես անոր շփոթությունն նշմարելով ըսավ.

— Ներեցե՛ք, օրիո՛րդ, հանկարծական գալստյանս և այս դիրքիս: Զձեզ քրոջս անկողնույն քով տեսած ժամանակս՝ հիշեցի մանկությանս այն պարագաներն ուր մայրս քունիս վրա կը հսկեր այնչափ խանդաղատանոք, և սքանչացած կեցա անշարժ, զի ի ձեզ զմայրս թվեցավ ինձ պաշտել:

— Պարո՛ն,— պատասխանեց Արաքսիա, յուր հանդարտ կերպարանքն առնելով,— խիստ հաճելի է ինձ հիշեցնել ձեզ պարագա մի որ ձեր որդիական սրտին համար կարևորություն ունի. զի գիտեմ արդեն թե որչափ սրբանվեր է մայրենի հիշատակը ձեզ համար։

— Եվ արդյոք թույլ կուտա՞ք ինձ որ նվիրական մեռյալի մի հիշատակը ձեզ նման ազնիվ անձի մի գաղափարին հետ խառնելով, և երկուքն ի մի ձուլելով պաշտամանցս հանապազօրյա առարկան ընեմ։

Արաքսիա հուզման սաստկութենեն լուռ կը կենար։

— Ո՜հ,— գոչեց Ներսես ցավելով,— ձևի սիրտը տ՞եր մ՚ունի արդյոք։

Վարժուհին նկատելով անոր վրդովմունքն, և ինքն նույն չափ վրդովելով պատասխանեց.

— Պարո՛ն, սիրտս ազատ է բոլորովին։

— Ներելի՞ է ինձ հուսալ արդյոք թե ես պիտի լինիմ անոր բացարձակ տերը։

Աղջկան սիրտն այնչափ ուժգին կը բաբախեր որ բերնեն բառ չէր ելներ։

— Պատասխանեցեք շուտ,— աղերսեց Ներսես,— զի այսչափ անձկություն բավ է ինձ արդեն․ խոսեցեք ազատորեն առանց խնայելու ինձ։

Վարժուհին աչերը վեր առնելով ու քաղցրությամբ նայելով անոր ըսավ.

— Պարո՛ն, խիստ մեծ է պատիվն որ կուզեք ընել ինձ։ Խնդրեմ նկատեցեք ո՛րչափ անհամեմատ կերպիվ կը տարբերին մեր ընկերային վիճակները։

— Սերն, օրիո՛րդ, կը քանդե ամեն ընկերային խտրոց, թող թե ձեր դաստիարակությամբ արժանի եք ամենեն փայլուն վիճակաց։ Նամանավանդ այն ընկերային խտրոցք պարզապես նախապաշարմունք են և ոչ այլ ինչ։

— Քաջություն ունի՞ք ոտնակոխ ընելու ընկերային նախապաշարմունքն որ մտքերու վրա այնչափ կը բռնանան, դո՛ւք, հարուստ երիտասարդ, անշուք վարժուհվո մի բախտակից լինելով։

— Օրիո՛րդ, նախապաշարման խոսք կընեք երբ ձեր վարմունքն ամեն համարման և հիացման արժանի է։ Դու՛ք փոխանակ չքավոր ծնողաց բեռ լինելու՝ ընդհակառակն անոնց դառն վիճակը կամոքեք ձեր աշխատությամբ ու ծնողաց գուրգուրանաց հրաժեշտ տալով անսիրտ օտարականաց քամահանաց կենթարկեք ձեր փափուկ անձը։ Դուք կենաց սեթևեթից ճոխությանց չեք ակնակառույց, զի փոխան զարդուց մեջ երանություն փնտրելու՝ ձեր պարզությամբը կը փայլիք և գոհ կը լինիք ձեր ծնողաց հանգստությունն ապահովելու։ Արհամարհանաց խոսք կընեք դուք երբ ձեր անձնուրաց վարմունքով պաշտվելու արժանի եք։

Արաքսիա այնպիսի երախտագիտական ու պերճախոս աչոք նայեցավ անոր առանց բնավ խոսելու, որ երիտասարդը քաջալերվելով այդ լուռ բարբառեն՝ մոտեցավ անոր, ու ձեռքը ձեռացը մեջ առնելով ըսավ.

— Ո՛հ, Արաքսիա՛, բերնովդ հաստատե ինչ որ աչերդ կը հայտնեն ինձ արդեն։ Ըսե՛ թե համայն սիրտդ ինձ կր նվիրես հավետ։

— Ո՜րչափ հեշտին է սրտիս համար այդպիսի խոստում մ՚ընելը։

— Ո՜վ հրեշտակային արարած, ո՜վ կենացս լույսը, ապրինք ուրեմն միատեղ,— գոչեց Ներսես խանդավառ։

Եվ կուրծքեն մանրանկար կենդանագիր մի հանելով ու զայն ցույց տալով աղջկան ըսավ.

— Կերդնում առաջի մորս որ ոչ ոք՝ բացի քեղմե, ինձ ընկերակից պիտի լինի, Արաքսիա՛։

Եվ սեղմելով սրտին վրա ճերմակ և փափուկ ձեռքն աղջկան զոր բռնած էր տակավին, շրթանցը տարավ զայն ըսելով․

— Այս վայրկենես սկսյալ՝ ես կենացդ անբաժանելին եմ։

— Ո՛վ աստված իմ, — մրմնջաց աղջիկն աչերը գոցելով.— մարդկային սիրտը բավական զորավոր չէ այսչափ երանության տոկալու համար։ Ներսե՛ս, ընկճիլս կզգամ երջանկության բեռին ներքև։

Նույն միջոցին Աղավնին փոքրիկ շարժում մ՚ըրավ։

Երկու սիրահարներն իրարու ձեռք թողուցին, ու վարժուհին ընթացավ մերձ տղուն անկողնույն։ Ոայց առանց արթննալու յուր քունը շարունակեց գողտրիկ պատանուհին։

— Տե՛ս,— ըսավ Ներսես,— անմեղության հրեշտակը մեր սիրույն վկան է։

— Կը պաշտեմ այս սիրուն արարածը, Ներսես, զի անոր պատճառավ հնչեցիր ինձ երեկ առաջին խոսքերն որք զհոգիս այնչափ հրճվեցուցին։

Մեր երկու երիտասարդներն իրենց սիրային խոսակցությունն բավական ժամանակ շարունակելեն վերջը՝ Ներսես մասնավորապես խնդրեց որ իրենց խոստումն բոլորովին գաղտնի մնա, և մանավանդ տիկին Աբգարյանի կասկածները հարուցանելու համար ամեն ճիգ թափվի. վասնզի համոզված էր որ այդ չար կինն ամեն միջոց ի գործ պիտի դներ յուր ամուսնությունն արգիլելու համար։

Ներսես մեկ տարի պայմանաժամ տվավ Արաքսիայի որպեսզի կարողանա ամեն ինչ կարգի դնել և ըստ արժանվույն իրենց բնակության համար վայելուչ տուն մի ևս պատրաստել։

Երիտասարդը թեև հորը հետ գործողություն կըներ, սակայն յուր հաշվույն համար ևս զատ առևտրական զբաղմունքներ ուներ, որով անկախ վիճակ մի հաստատած էր անձին։

Բայց ինչ որ զվարժուհին անբացատրելի երախտագիտությամբ համակեց՝ Ներսեսի խոստումն էր զպ․ և զտիկին Վարսամյան իրենց տան մեջ բնակել տալու իրենց հետ միասին: Չգիտեր կույսն ի՜նչ բառերով շնորհակալ լինիլ այդ ազնիվ հոգվույն որ յուր ներքին իղձերն այնչափ լավ կը գուշակեր: Ինքն արդարև կր պաշտեր զՆերսես, սակայն եթե հարկ լիներ զոհել յուր սեր ի պետս ծնողացն՝ զայդ ապահովապես կը կատարեր աղջիկն առանց վայրկյան մ՚իսկ դեդևելու։

Արաքսիա հաճություն խնդրեց իրենց փոխադարձ խոստումն յուր ծնողացը միայն հայտնելու և անոնց օրհնություն ստանալու, զի վստահ էր անոնց հաճելի ինչ գործած լինիլ: Առ այդ հավանեցավ երիտասարդն։

Նույնիսկ պ․ Աբգարյան պիտի անգիտանար իրենց սիրային դաշնադրությունը։ Թեև հարց լավագույնն էր նա, հանդերձ այսու Ներսես կը ճանաչեր անոր տկար կողմը կնոջը նկատմամբ, որով կը վախնար թե հակամայս այդ գաղտնիքը կը մատներ յուր ամուսնույն:

Նույն միջոցին սենեկեն ներս վիժեց որոտալից Արմինեն, և հարուցած աղմուկեն արթնցավ քնքուշն Աղավնին տեսնելով առ սնարավ զյուր եղբայր և զյուր վարժուհին։ Ժպտեցավ երկուքին անուշ ժպտով ու հաստատեց լավագույն վիճակ մ՚ունենալ։

Քիչ մի ժամանակ երիտասարդը քրոջը մոտ կեցավ, խոսեցավ անոր, խնդաց, կատակներ ըրավ, և մեկնելու ատեն հորդորեց զինքն հանդարտ կենալու օրն ի բուն, և խոստացավ երեկոյան վերադարձին ընծաներ բերել իրեն եթե օրիորդին ամեն կամաց հնազանդեր առանց զինքը նեղելու։

— Մի՞թե հարկ է այդ վարձատրության ինձ նվիրական եղած անձին հնազանդելու համար,— պատասխանեց սիրուն արարածը:

Արաքսիա ձեռքը դնելով մանկան ճակտին վրա անոր ջերմության աստիճանը հաստատելու մտոք, և երիտասարդն ևս այդ օրինակին հետևելով, իրենց ձեռքերը միացան սրբության այդ հատակին վրա` իբրև ուխտ հավիտենական միության: Իսկ Արմինե երգերովն ու զվարթությամբը կարծես երկու սիրահարաց սրտին տոնը կը խմբեր։

ԳԼՈԻԽ Ի.

Սիսակ որուն վայրիկ մի հանդիպեցանք Պ. Վարսամյանի հարստության կործանման առթիվ, Արաքսիայի հետ երկու եղբոր թոռունք էին մոր կողմանե, և ինչպես գիտենք արդեն Փարիզ գնացած էր փաստաբանություն ուսանելու դիտավորությամբ։ Բայց փոխանակ այդ ճյուղին նկրտելու հեշտագույն գտավ զբոսանաց հոսանքի մեջ անկանիլ, ու այդ մեծ մայրաքաղաքին հրապուրանաց զոհ լինիլ։ Թատրոններու կողմանոցներե (coulisse) կանցներ հմայիչ սրսկապանները (boudoir) ու այդ զեխության մեջ կը մսխեր ոսկին և կը կորսնցներ ժամանակը, ուսման նվիրելով այն ժամերն միայն զորս կը հաջողեր գողնալ վայելից վայրկյաններեն։

Այդպիսի շռայլ կենաց համար երկար ժամանակ չէր կրնար տևել անշուշտ չափավոր հարստություն մի. ուստի մեր հեշտասեր երիտասարդը վաղ ընդ փույթ մսխեց գրեթե բոլոր գույքը, որով փաստաբանության շրջանն ընդմիջելով վերադարձավ ի Պոլիս հետն բերելով փչացած ժառանգության մի մնացորդները, անկատար ուսմունք մի ու շատ հավակնություններ։

Նույն պահուն Սիսակ հազիվ քսան և վեց տարեկան էր, թուխ էր, ազդու և համակրական դեմք մ՚ուներ, աչերը հրավառ, գծագրությունը կանոնավոր, հասակը բարձր և վայելուչ։ Սրտովն ու մտքովն օտարացած էր հայութենեն. ազգային զգացումը բառ մ՚էր իրեն համար, հայ անունը նախատինք մի և հայ բարբառը բարբարոսական լեզու մի. վերջապես կարհամարհեր ինչ որ հայ էր։ Սքանչացմամբ կը խոսեր ընդհակառակն ամեն նյութերու վրա որ օտարազգյաց կը վերաբերեր. կը գովեր անոնց մեծագործությունքն, անոնց հատկությունքն, ինչպես և անոնց թերությունքն ու մոլությունքն: Ձայնն էր ներդաշնակ, և խոսելու եղանակը փայլուն, պերճ և ազդու։

Ամեն նյութի վրա կը ճառեր, մատենագրության վրա հախուռն դատաստան կըներ ինչպես գեղարվեստից և գիտությանց։ Պոլսո իրավագետք, բժիշկք, պաշտոնակալք, մասնագետք, ամենքն ալ ոչինչ էին իրեն համար։ Ինքն Փարիզ գնացած էր և այդ կը բավեր զամենքն արհամարհելու համար։ Նույնիսկ արևելյան գեղեցկությունը խստիվ կը քննադատեր, ինչպես կանանց ձևերը, խոսելու, զարդարվելու և վարվելու եղանակը։

Տեսակ մի թեթև և շողշողուն խելք մ՚ուներ նա, այսինքն մասնավոր ճարտարություն մ՚ամեն բառի երկդիմի նշանակություն տալու, զամեն ինչ հեգնելու, խելք բանեցնելու մտոք, ծանր թե աննշան իրերը կամ առարկաները անխտրաբար նյութ ընտրելով ու այլոց ծաղրը գրգռելով։

Կարգ մ՚անմիտ անձանց համար Սիսակ հանճար մ՚էր խելքի և ուսման մասին, զի տիեզերական կը նկատվեին յուր հմտությունք քանի որ ամեն նյութի վրա կը խոսեր գիտությամբ թե անգիտությամբ։

Զտիկնայս շլացնելու համար ևս մասնավոր տաղանդ մ՚ուներ։ Այնպիսի վստահ կերպիվ կը խոսեր Փարիզու ազնվական դասուն վերաբերող գեղեցիկ սեռին վրա, որ թվեր թե բոլոր օրերն անոնց հետ անցուցած էր, երբ փողոցաց մեջ հանդիպած էր անոնց միույն։

Իսկ տիկնայք նկատելով իրենց նկատմամբ գործած ծանր բայց քաղաքավարական ձևերը, ինչպես և մեծաբարբառ խոսքերը, իրեն հմտությունը ճաշակի և հագուստի մասին, վառվռուն ու հեգնող խոսակցությունը, տիկնայք ուրեմն գոգցես մագնիսական ազդեցությամբ երիտասարդեն կը գրավվեին։ Երբ Սիսակ ընկերության մի մեջ կը գտնվեր՝ կանացի իղձերն առ նա կը ձգտեին: Գեղանիք գաղտագողի ջանյուք կը ճգնեին անոր ուշը գրավել և կերպով իվիք կը հպարտանային անոր նույնիսկ չափավոր ուշադրության առարկա լինելով։

Ինչ որ նոր է և փայլուն՝ մտաց վրա անդիմադրելի հրապույր մ՚ունի։ Բայց այդ շողշողուն երևութին ներքև ծածկված սև կետերն հետզհետե երևան ելնելով՝ այդ շլացուցիչ առարկային ազդեցությունը կը տկարանա ժամանակին օգնությամբ, ինչպես և խելացի անձանց լուրջ դատողությամբն և անոնց դատապարտությամբը։

Սիսակ հետ յուր վերադարձին Փարիզեն արդարև կատարյալ հաջողություն մ՚ունեցավ ընկերությանց մեջ, թեև զգոն մասը շուտով վերահասու եղավ անոր ունեցած արժանյաց:

Արաքսիա կը ճանաչեր զՍիսակ տղա տիոցն ի վեր, ու իրենց միջև եղբայրական ընտանություն մի գոյացած էր ի վաղուց անտի։ Երբ վերադարձավ երիտասարդն Եվրոպայեն՝ աղջիկն շուտ իսկ հասկցավ ազգականին կարողությունքն՝ փառք յուր մտաց կորովին ու ստացած հաստատուն ուսման: Շատ անգամ մանավանդ իմաստալից կատակներ կըներ որոնց ներքև կծու դասեր կային յուր ազգականին նկատմամբ։ Բայց եթե Սիսակ կը նեղանար երբեմն աղջկան կատակներեն՝ այդ դատապարտող լեզուն չէր կարող սակայն իրենց փոխադարձ մտերմական հարաբերությունքն այլայլելու։

Հանդերձ բոլոր թերություններովն՝ Սիսակ սիրելի էր Արաքսիայի, նամանավանդ որ սա կը զվարճանար անոր ծաղրող և գրգռիչ խոսակցության ունկն դնելով։ Իսկ երիտասարդն պատկառանք կզգար օրիորդին համար ու նույն չափ համակրանք, թող թե անոր ազդեցությունը կը կրեր շատ պարագայից մեջ։ Երբեմն Սիսակ կըսեր Արաքսիայի.

– Եթե ամուսնանայի քեզ նման անձ մի կընտրեի։

Իսկ կույսն խնդալով կը պատասխաներ.

– Շնորհակալ եմ ըրած պատվույդ համար. բայց վստահ եղիր որ ինձ նման մտածող անձը հետդ ամուսնանալու հանձն չէր առներ երբեք։ Այդ խոսքերը լսելով Սիսակ կը բողոքեր, թեև Արաքսիա ըսածին վրա հաստատ կը կենար դարձյալ։

Շատ անգամ երիտասարդը կը պատմեր ազգականին յուր տարած հաղթությունները կանացի աշխարհին մեջ, և աղջիկը կափսոսար այն գեղանիներուն վրա որք թեթևաբար իրենց սիրտը կը ձոնեին իրեն։

Սակայն երբ Արաքսիա նշմարեց թե յուր սիրելի Վարդանույշն ևս կը կախարդվեր յուր ազգականեն՝ սարսափեցավ ու ամեն ջանք ըրավ անմեղ կուսին սիրտն սպառազինելու մտոք անոր դեմ։ Բայց Սիսակի հրապույրներն հաչս Վարդանույշի վեր էին քան զամեն իմաստություն և զգուշություն։

Օրիորդը բազմիցս առիթ ունեցած էր հանդիպիլ երիտասարդին այլ և այլ տեղեր, հետը պարել ու խոսակցիլ։ Ի բաց առյալ անոր դիմական շնորհքներն և փայլուն խոսակցության ազդեցությունն ու պարելու մասնավոր հաջողակությունը, կույսն գրավված էր մանավանդ երիտասարդին ծանր և անտարբեր ձևերեն։

Կանայք կը սիրեն ընդհանրապես ով որ անփույթ կը ձևացնե զանձն իրենց նկատմամբ. և որչափ անտարբերությունը մեծ լինի՝ նույնչափ կաճի և իրենց եռանդն այդ անձեն սիրվելու համար։

Իզուր Արաքսիա կը հորդորեր զյուր մտերմուհին խույս տալու այն վտանգավոր անձեն։ Ի զուր կը խնդրեր Սիսակեն որ խնայե բարեկամուհվույն յուր անձնասեր թեթևությանց այլուր հագուրդ տալով։ Ցորչափ ինքը ներկա էր՝ այդ սիրային հարաբերությանց հառաջ երթալուն արգելք կանգնեցավ։ Բայց Վարդանույշի սիրո զգացմանց արգելք չի մնաց երբ Արաքսիա յուր տունեն հեռացավ։

Նույն ժամանակ որ մեր վարժուհին Աբգարյան ընտանյաց քով գնաց, Սիսակ առժամանակյա կերպիվ բացակա էր Պոլսեն, որով ինքն հուսաց թե չորս ամսվան բացակայություն մի գուցե կարող լինի ջնջելու նորածին սիրո հետքերը․ բայց այնպես չէր։ Այն ինչ վերադարձավ Սիսակ ի Պոլիս` Վարդանույշ բեկանելով սանձահար զգացմանը լուծը հախուռն ընթացավ սիրո ասպարեզին մեջ։
ԳԼՈԻԽ ԻԱ.

Արաքսիա փութաց հաղորդել ծնողացն լուր յուր ապագա հույսերուն։ Երբ պ. ու տիկին Վարսամյան իմացան խնամության մի ապահովությունը փայլուն ընտանյաց մի հետ` ինչպես էր Աբգարյան ընտանիքը, կարծես պիտի հիմարեին իրենց չափազանց գոհունակութենեն։

Անկար հայրը քիչ մնաց որ ուրախությանը զոհ երթար։ Նա կը մտածեր թե դուստրն այն որ յուր անկարողության պատճառավ աքսորված էր հայրենի հարկեն, պիտի վերադառնար առ ինքն լի մեծությամբ և պատվով։

Իսկ Տիկին Վարսամյանի դառնությունն ընդդեմ ամուսնույն ոչ միայն ամոքեցավ, այլ խեղճ մարդը տեսակ մ՚արգահատության իսկ առարկա եղավ։

— Կը տեսնե՞ս, մա՛յր,— կըսեր Արաքսիա,— թե աշխատությունը փոխանակ զիս նվաստացնելու պիտի բարձրացնե ընդհակառակն:

— Աղջի՛կս,- կը պատասխանե աշխատության թշնամի կինը,— աստված վարձատրեց քու անձնվեր հոգիդ։

— Ի՞նչ գործեցի արդյոք այդպիսի մեծ վարձատրության արժանի լինելու համար։

— Ի՞նչ կըսես, Արաքսիա՜ս։

— Անշուշտ, մա՛յր։

— Բայց տեսնենք թե քու բարեկամներդ պիտի ուրախանա՞ն, երբ զքեզ իբր նվաստ դաստիարակ հանձնարարելեն վերջը, դու պիտի ներկայանաս անոնց աչաց ընկերական դիրքով մի որ իրենցը պիտի գերազանցե անհամեմատ կերպիվ:

— Մա՛յր, մա՛յր, մի՛ այդպես անիրավաբար խորհիր անոնց նկատմամբ զի անոնք մեր բարեկամներն են։

Տիկինը չէր համոզվեր՝ թեև վարժուհվո պաշտոնը մեծ բախտի դուռ բացած էր իրենց, ու կը համառեր պնդելու թե Երանյանք զիրենք խոնարհեցնելու մտադիր եղած են միշտ, թեև ոչ մեկ փաստ մ՚ուներ առ այդ։

Տիկին Վարսամյան կատեր Երանյանները զի թվեր իրեն թե անոնց հանգիստ կացությունը կանգոսներ յուր աղքատ վիճակը։ Ուստի դյուրին է երևակայել թե որպիսի՜ խրոխտմամբ կը ցնծար նույն պահուն զանոնք յուր փեսայովը խոնարհեցնելու ակնկալությամբ։

Իսկ խեղճ հայրը շարունակ զերկինս կը փառաբաներ ըսելով.

— Փա՜ռք քեզ, աստված, ողորմեցար դու իմ զավկիս, այսուհետև կրնամ հանգիստ սրտով մեռնիլ:

Երբ Արաքսիա հետևյալ այցելությունն ըրավ հորը տան, ներկայացուց զյուր խոսնայր ծնողացն՝ որք լիովին գրավվեցան անոր վայելուչ ու համակիր ձևերեն և ցույց տված ընտանութենեն։

Ներսես կրկին և կրկին անգամ կատարյալ լռություն խնդրեց իրենց ամուսնական խորհրդույն նկատմամբ, և զայդ խոստացան պ. ու տիկին Վարսամյան, թեև սա վերջինն անհամբեր էր այդ բարձր խնամության լուրը տարածել ամենուրեք, նամանավանդ Երանյանց հասցնել զայն։ Բայց պարտավոր էր զգույշ լինիլ քանի որ յուր թույլբերանությունը կրնար չար հետևանք ունենալ, թեև ստույգ է որ լռելու դատապարտությունը զինքը չարաչար կը նեղեր։

Արդեն հպարտանալով կը մտածեր թե յուր ընկերական հարաբերությունքն բոլորովին պիտի փոխվեին, և թե զինքն արհամարհող անձինքն յուր առջև պիտի խոնարհեին։ Ինքը կանխավ յուր վրեժխնդրությունը կը պատրաստեր, խոստանալով անձին խոնարհեցնել ձևերովն զանոնք որք յուր նկատմամբ անտարբեր կամ սեգ դիրք մ՚առած կը համարեր։

Սիրտն ուրախությամբ կը տրոփեր մանավանդ մտածելով թե Երանյանք՝ հանդերձ իրենց հարստությամբ, չէին հաջողած տակավին այդպիսի շքեղ խնամություն մի ձեռք ձգեր:

Սակայն խիղճ կրներ Արաքսիա պարտավորված լինելուն յուր Վարդանույշ մտերմեն գաղտնի պահելն իրենց ամուսնության որոշումը։ Գիտեր թե նա ո՛ր աստիճան պիտի ուրախանար զայդ լուր առնելով. բայց ի՞նչ կարող էր ընել երբ Ներսես բացորոշ կերպիվ խնդրած էր իրմե որ ոչ ումեք իրենց գաղտնիքը հաղորդե։
ԳԼՈԻԽ ԻԲ.

Արաքսիա երջանիկ էր որչափ հնարավոր էր լինել մահկանացուի մի։ Անհունապես կը սիրեր ու սիրված էր. ընտանիքն երջանիկ էր. երկու տղայքն յուր ավուրց թռչուններն էին որք իրենց սրտագին և ուրախ դայլայլիկներով Ներսեսին անունը բյուրիցս կը հնչեցնեին յուր ականջին օրվան շրջանին մեջ։ Առավոտուն և երեկոյին զյուր սիրելին կը տեսներ՝ ու փոխադարձաբար իրենց սրտին կարոտն ու սերը կը հաղորդեին իրարու։

Տիկին Աբգարյանի գոռոզ ձևերը միայն զվարժուհին կը նեղացնեին, բայց այնչափ լուսավոր երջանկության հատակի վրա քանի մի մութ կետեր շուտով կանհետանան։

Մեր երկու սիրահարներն ունեին այն վստահությունն որով կապրին սիրահարներն, այսինքն կարծելով թե իրենց սիրային հարաբերությունքն ոչ մեկե մի նշմարված են։ Եվ երբ իրարու մերձենալու առիթ մի կը կորսնցնեն՝ թվի իրենց գերագույն կարգի զգուշավորություն մ՚ըրած լինիլ։

Յոթն ամիսներ անցած էին արդեն նույն օրեն ի վեր հորում Ներսես հավատարմություն ուխտած էր Արաքսիայի։ Ձմեռն անցած էր, և ահա գարուն կը ներկայանար յուր դալարներով, ծաղիկներով, թռչնոց երգով ու քաղցրաշունչ սյուքով։

Երբ վարժուհին առավոտուն պարտեզ կիջնար երկու աշակերտուհիներովը, ի տես բնության գեղեցկությանց յուր հոգին կը գրգռվեր, սերը կը զայրանար, ու կը փափագեր զգացման սաստկությունը մեղմացնելու յուր սիրահարին ներկայությամբը։ Շուրջը կը նայեր տեսնելու համար եթե կուգար յուր Ներսես. բայց այդ խուզարկությունն երկար չէր տևեր զի երիտասարդը կը հետամտեր իսկույն աղջկան՝ երբ նորա պարտեզ իջնալը կը նշմարեր։

Մինչ երկու քույրերր կը վազվըռտեին և կամ կը շրջեին՝ մեր երկու սիրահարները թավուտ ծառերե վարագուրյալ ու իրարու մոտ նստելով, կըսեին ինչ որ երկու մաքուր ու գգայուն հոգիներ կը խոսին ի սիրո և ի բնութենե ներշնչվելով։

Կը կարծեին մեր երկու երիտասարդներն ազատ լինել բոլորովին տիկին Աբգարյանի նայվածքներե, զի նա կես օրվան մոտ կելներ անկողնեն։ Եվ արդարասեր լինելու համար՝ խոստովանելու է թե չուներ նա այն նողկալի սովորությունը շատ մի կանանց՝ որք սպասուհիները լրտեսի կը վերածեն իմանալու համար այլոց գաղտնիքը։ Գուցե յուր գոռոզությունն միակ պատճառն լիներ աղախնյաց հետ մտերմական ձևեր չառնելու։ Բայց փույթ չէ գիտնալ թե ինչ էր անոր շարժառիթը։ Սա ստույգ է որ զերծ էր ամենաչն հետաքրքրութենե յուր տան մեջ անցած դարձածն իմանալու։

Առավոտ մի տիկին Աբգարյան անձնական անհանգստության պատճառով պարտավորեցավ միջոց մի անկողնեն ելնելու։ Պատահմամբ աչերն ուղղվեցան դեպի պարտեզ, և հոն տեսավ զՆերսես որուն ընդառաջ կուգար վարժուհին զգուշավոր միջոցներ ձեռք առնելով սակայն։ Այդ բավեց յուր կասկածները զարթուցանելու համար. փոխանակ երթալ տեղն հանգչելու ինչպես մտադիր էր ընելու, նստավ պատուհանին առջև, ու ի շնորհս փեղկերուն՝ վկա եղավ անոնց տեսակցության որչափ որ ծառոց խիտ տերևները կը ներեին։ Ի վերջո Ներսեսին հեռանալը տեսավ, և քիչ մի վերջը հաստատեց վարժուհվույն իրեն հատկացյալ խուցը քաշվիլը հանդերձ աշակերտոքն։

Տիկին Աբգարյանի կատաղությունը չափ չուներ։ Սխալած չէ՜ր ուրեմն Ֆլորիայի զրոսանաց օրը. իրոք Ներսես զվարժուհին կը սիրեր, և երկուքր հաջողած էին զինքը խաբելու։ Ուստի խորհեցավ թե անպատճառ վրեժն պետք էր առնուլ անոնցմե:

Չէր ներեր Արաքսիայի աչերն բարձրացնել մինչև այն անվան որ ինքը կը կրեր։ Այդ բոկոտն արարածը, յուր վարձկանը, տիկին Աբգարյան կոչվի․ ոչ երբեք, զայդ հանձն չէր առնուր։

Յուր առաջին մտածությունն աղջիկը տունեն վանելն եղավ։ Բայց հետո միտքն փոխեց մտածելով թե նախ Ներսես իրեն թշնամի պիտի դառնար. և երկրորդ որ նախանձու զգացումը երևան պիտի ելներ։ Ինքը շատ հպարտ էր հայտնելու թե որևէ անձ յուր նախանձուն առարկա կրնար լինել՝ մանավանդ վարժուհի մի։ Իսկ երրորդ պատճառ մ՚ալ ուներ, ու այն զորավորագույնն էր։ Հաշվեց որ եթե զԱրաքսիան տունեն հեռացներ՝ երիտասարդին ունեցած հարաբերությանց աղջկան հետ անտեղյակ պիտի մնար, ու անոնց սիրային ընթացքը հաստատելու անկարող։ Ուստի խորհեցավ թե հարմարագույն միջոցն էր վարժուհին տան մեջ պահել, կատարելապես անգիտանալ ձևացնել ամեն ինչ, հսկել երկուքին վրա, ու ամեն միջոց գործածել զերիտասարդն աղջկեն բաժնելու։

Բայց հապճեպիվ չգործելու համար և ուզելով կատարելապես ապահովվիլ երկու երիտասարդաց մտերմության աստիճանին վրայոք, քանի մ՚օր առավոտուն կանուխ ելավ քունը զոհելով, և մեն մի օր առավել ևս հաստատվեցավ թե երկու երիտասարդները զիրար կը սիրեին բուռն կերպիվ:

— Այս բոկոտն,— գոչեց դարձյալ տիկին սրտմտությամբ,— իմ կրած անունս կրե, երբեք, երբեք, ես եմ ապահովողը զայդ։ Մինչ քանի մ՚օր միտքը կը տանջեր չար հնարք մի ստեղծելու Արաքսիայի երջանկության շենքը տապալելու համար, ահա բախտը ճամփուն վրա դրավ Սիսակ երիտասարդը: Այդ նոր ծանոթը զոր ընկերության մի մեջ ճանաչեց, առանց վրեժխնդիր ձգտումներն այլայլելու, տիկնոջ քմահաճ սրտին բուռն սնունդ մատակարարեց։

ԳԼՈԻԽ ԻԳ.

Պ. Երանյանի դստեր զգացումներն օր ավուր սաստկանալով, բոլոր երազներն, հույսերն ու բաղձանքները Սիսակի բախտակից լինելու գաղափարին մեջ բովանդակեց։ Սիրակեզ կը տանջվեր, և զգացման սաստկությունն հինքն կը ջանար ամփոփել մինչև որ փոխադարձաբար սիրվելուն ապահովությունն ունենալով թույլ տար երիտասարդին կատարելապես իմանալու յուր սրտին գաղտնիքը։

Սիսակ քաջալերվելով Վարդանույշի քաղցր և համակրելի ձևերեն՝ մտերմության աստիճանը հետզհետե բարձրացուց. և օր մի՝ երեկույթի մ՚առթիվ, երբ յուրաքանչյուր ոք զբաղյալ էր մասնավորապես զվարճանալու, փայլելու և հաջողելու, մեր երիտասարդն ևս օգուտ քաղեց այդ առթեն բացարձակապես հայտնելու համար Վարդանույշին թե ինքն եղած է յուր սիրույն առարկան: Սիրահարյալ օրիորդն նախ թոթովեց, կարմրեցավ, շփոթեցավ, բայց հուսկ հետո թե՛ լռությամբն և թե՛ քանի մի բառերովը մատնեց այն բուռն զգացումն որով համակված էր։

Եթե կը փափագեր Սիսակ Պ. Երանյանի դստեր հետ ամուսնանալ՝ դրդյալ էր առ այդ պարզապես շահախնդիր ակնկալութենե. զի Վարդանույշ միակ զավակ էր հարուստ ծնողաց։ Հետևապես անոր հետ ամուսնանալով դյուրակեցիկ վիճակի կը հասներ, թող թե օր մ՚ալ ժառանգ կը կանգներ պ. Երանյանի։ Ահա գեղեցիկ ու դյուրամատչելի ապագա մի որ կը ներկայանար իրեն այնպիսի դյուրությամբ։ Ինքն կը մտածեր սքանչելի առևտուր մ՚ընել. միթե ամուսնությունն առևտուրի խնդիր չէ՞ դարձած այսօր։ Ահա ինքն պիտի կատարեր ուրեմն մեկ հարվածով ինչ որ այլք ճակտի քրտամբ ձեռք ձգելու հազիվ կը հաջողին՝ այսինքն գեղեցիկ հարստություն մի։

Բայց դժվարություն մի կար որուն հաղթելու էր, այն էր անձին կարևոր կերպարանք մի տալ ընկերային դիրք մը ստանալով, որպեսզի Երանյանց մերժման չենթարկվի։

Ստույգ է որ Փարիզեն վերադարձի միջոցին Սիսակ աղմուկ հարուցած էր իբր անձ բազմահմուտ. սակայն փորձը շուտով հայտնեց թե ույք էին յուր կատարելությունները։ Սկսավ նախ որոտալից հոդվածներ շարադրել լրագրաց համար ընդդեմ իրավագիտաց։ Բայց տկար և անիմաստ քննադատությամբ յուր կարողության չափն հայտնեց, ու տեղի տվավ այլոց արդարացի և արժանավոր դատաքննության իրեն նկատմամբ։

Թեև ինքզինքն ուզեց ծանոթացնել իբր մեծ փաստաբան, անշուշտ հաճախորդաց բազմությունը չէր որ զինքը անհանգիստ կըներ. զի մերթ ընդ մերթ միայն փոքրիկ դատերու համար իրեն կը դիմեին։ Դատերուն զոմանս կորույս, ու զոմանս հաջողեցավ շահելու, որով յուր հաղթանակն ի ձայն թմբուկի հռչակեց՝ պարզամտաց վրա տպավորություն ընելով սակայն։

Առանձին սենեկի մեջ կապրեր Սիսակ ընտանիք չունենալուն պատճառավ, ու իր ժառանգության փշրանքներն հազիվ կը բավեին անձնական պիտոյիցը։ Միշտ լավ ճաշակավ զարդարված էր, և ջանադիր էր փայլիլ առատաձեռնությամբ այն պարագայից մեջ որոնցմե անկարող էր խույս տալու։ Պ. Երանյան դրական մարդ էր, խաբուսիկ հույսերե չէր շլանար, զայդ լավ գիտեր Վարդանույշ, ուստի հորդորեց զյուր սիրահար համբերելու մինչև որ հաջողությամբը վստահությունը ազդեր յուր հոր։

Այդ հարկը լավ կըմբռներ մեր երիտասարդը, որով աղջկան տված խորհրդույն կատարելապես հավանիլն հայտնելով՝ մտադիր եղավ սակայն կուսին զգացման աստիճանն այնպիսի սաստկության հասցնել՝ պարտավորելու չափ անոր ծնողքը զինքը փեսա ընտրելու առանց ի նկատի առնելու յուր դրամական սահմանին անձկությունը։

Եթե հմտության մասին հրաշալիք մի չէր Սիսակ, կանացի սրտերն որսալու կետին հանճար մ՚էր սակայն։ Ուստի նույն օրեն հորում Վարդանույշ հավատարմություն խոստացավ երիտասարդին՝ յուր սիրահարական զգացումն ծայրահեղ տրիփի կերպարանքն առավ։ Ոչ ուրուք իրենց գաղտնիքն հաղորդելու դաշինք ըրած էին մեր երկու երիտասարդները, միայն թե Արաքսիայի նկատմամբ բացառություն մի կար։

Խորհրդապահ վարժուհին երդմամբ խոստացավ պահել զյուր մտերմին գաղտնիքն, որևէ ստիպողական առթի մեջ անգամ լռություն պահելու պայմանավ։

Արաքսիայի խիստ անհաճո էին հոդերն որք գոյացած էին երկու երտասարդաց միջև. բայց ի՞նչ կարող էր գործել, նամանավանդ երբ քիչ ժամանակ վերջը ինքը ևս լավ ճանչցավ սիրահարության անբռնաբարելի իշխանությունը։

Հազիվ հազ քանի մի շաբաթներ անցած էին մեր վարժուհվույն բերանացի նշանտվութենեն իվեր, երբ օր մի՝ ի մեծ յուր զարմանս, հեռվեն նշմարեց Սիսակի գալուստն Աբգարյան ընտանյաց տան մեջ։ Անբացատրելի դժգոհություն մ՚ունեցավ առանց կարենալ բացորոշ կերպիվ անոր պատճառը մեկնելու։ Գուցե կը կասկածեր տիկնոջ ազդեցութենեն կամ յուր ազգականին թեթևամտութենեն. կամ թերևս նախազդմամբ վտանգ մի կընդնշմարեր ի վնաս յուր սիրելի բարեկամուհվույն։
ԳԼՈԻԽ ԻԴ.

Սիսակի շնորհալի կերպարանքը, քաղաքավար ծանրությունն, յուր սովորական ճարտար և արվեստավորյալ անտարբերությունը գեղեցիկ սեռին շնորհաց արժանանալու, ինչպես և անոր փայլուն խոսակցությունը զարմանալի տպավորություն մ՚ըրին տիկին Աբգարյանի վրա։ Սա միտքը դրավ որսալ զերիտասարդն, ու նույնիսկ անոր հանդիպած առաջին գիշերն երեկույթի մեջ հրավիրեց զնա այցելել յուր տունը։

Սիսակի թեթև փառասիրությունը կը գոհանար նկատելով թե մեծափարթամ անձ մի հանգույն տիկին Աբգարյանի, կը փափագեր յուր ընկերությունը վայելել։ Ուստի առաջին և երկրորդ պաշտոնական այցելություններեն վերջը տիկինն առավել մտերմական ձև մ՚առնելով խնդրեց երիտասարդեն որ հաճախ այցելե յուր տունը։ Մեր երիտասարդը խոսքով հավանեցավ այլ ոչ գործով, զի չափավոր կերպիվ շարունակեց յուր հարաբերությունները։ Տիկին Աբգարյան շուտով հասկացավ թե ճարտար հակառակորդի հետ էր յուր սրտին կռիվը, որով սկսավ ինքն ևս, իբր կարող ռազմագետ, բոլոր կանացի միջոցներն ի գործ դնել լռելյայն։ Այդ գաղտնի կռվույն մեջ երկուքն ալ կը հառաջանային հետզհետե իրենց ճարտարությունը կորսնցնելով սիրո լուծին ներքև. երկուքն ալ ընկճեցան վերջապես ծայրահեղ կերպիվ՝ ինքզինքնին կատարելապես մոռնալով։

Տիկին Աբգարյան մեկուսի թողլով բոլոր մյուս սիրահարները, իբրև անձ արբյալ տրփանաց մոլեգնութենեն, ոչինչ կը տեսներ շուրջը, ու ոչինչ կուզեր իմանալ, մեկ անշարժ գաղափարով համակված էր լիովին։

Պ. Աբգարյան կատարելապես անտեղյակ էր կնոջը ամոթալից ընթացից։ Առավոտուն խիստ կանուխ գործին կերթար, ուշ ժամանակ տուն կը վերադառնար, առանց համարձակելու ամուսնույն հարցնել յուր ժամանակին գործածությունը։ Եթե տիկին Աբգարյան հաճեր ժպտուն դիմոք ներկայանալ իրեն՝ նա երջանկագույնն էր արանց։ Եվ զայդ սիրուն կերպարանք կառնուր խորամանկ կինը մեն մի անգամ որ պետք ուներ ամուսնեն ծածկելու կենացն անվայել ընթացքը: Թեև տկար էր բնությամբ Պ. Աբգարյան, սակայն յուր պատվույն խիստ նախանձախնդիր էր, ու զայդ լավ գիտեր յուր կինն, որով սա ամենայն զգուշությամբ կը գործեր ամուսնույն նկատմամբ։

Խեղճ մարդը կը նկատեր զյուր կողակից իբր կանանց պատվավորագույնն, ու անոր կը ներեր զարդուց և զվարճությանը սերը, երիտասարդությանը վերագրելով զայդ ճաշակ։

Հասակավոր ամուսիններն չափազանց բարեսրտությամբ կը ջանան մոռցնել տալ իրենց տարիքոտ լինելը, որով իրենց կանանց քմահաճ ձգտումներն կը քաջալերեն, և ի վերջո անոնց հպատակները կը դառնան։ Նույնը հանդիպած էր Պ. Աբգարյանի։ Բայց սա հոգվով չափ կը սիրեր զյուր կին, ու չափազանց հպատակությամբն իսկ գոհ կապրեր։

Սակայն ոչ այնչափ դյուրին էր խաբել բոլորովին նաև զՆերսես, թեև տիկինն ամեն զգուշություն կըներ անոր կասկածները չհարուցանելու։ Երիտասարդը գործողության գնացած ժամանակ բնավ տեղեկություն չուներ տան հաճախորդաց ու տիկնոջ վարմունքի մասին։ Սակայն լավ իմացած էր անոր սնապարծ ու թեթևսոլիկ լինելը։ Բայց քանի որ ապացույց մի չուներ հորը պատվույն արատավորած լինելուն վրա՝ անպատշաճ կը դատեր մահացնել ծնողքը անոր կասկածներն արթնցնելով կնոջ մի վրա զոր կը պաշտեր։

Արաքսիա թեև տիկին Աբգարյանի հետ նույն հարկին ներքև կը բնակեր, ոչ երբեք հետաքրքրություն ունեցած էր գիտնալու թե ո՞ւյք էին տիկնոջ մասնավոր բարեկամներն ու բարեկամուհիները. ստույգ է որ այս վերջիններն ստվար թիվ մը չէին ներկայացներ։ Պչրանույշ[1] կինը կզգուշանա ընդհանրապես կանացի պարիսպ մ՚ունենալե շուրջը. մեն մի կին՝ հաչս յուր, թշնամի մ՚է որ յուր վարմունքը կը քննադատե ու խորհուրդները կը խափանե շատ անգամ տանելու հաղթանակացն ընդդեմ արգելք կանգնելով։

Արաքսիա որ միշտ անփույթ եղած էր տիկնոջ կյանքն ուսումնասիրելու՝ սկսավ ոչ այնչափ անտարբերությամբ նկատել Սիսակի խիստ հաճախ այցելությունները։ Տիկինը գիտեր թե յուր սիրահարն ազգական էր վարժուհվույն. և ի պատիվ անոր ոչ միայն չքամահեց զօրիորդն ի ներկայության անոր այլ տեսակ մի քաղաքավարություն մ՚ալ ունեցավ նկատելով մանավանդ պատկառելի վարմունքն երիսասարդին աղջկան նկատմամբ։

Արաքսիա կը մահանար հաստատելով Սիսակի այցելությանց բազմանալն օր ավուր, մինչև գրեթե հանապազօրյա դառնալու աստիճան։

Ներսես ոչինչ գիտեր այդ հարաբերությանց մասին, և ոչինչ՝ երիտասարդին ունեցած կապերուն վրայոք Վարդանույշի հետ։

Մեն մի անգամ որ վարժուհին կը հանդիպեր յուր ազգականին՝ կուղղեր նմա ակնարկ մի լի դառն ու պերճախոս հանդիմանությամբ։ Երիտասարդը կզգուշանար ենթարկվելե այդ լուռ կշտամբանաց, զի թեև անսանձ սիրո հորձանաց մեջ էր ալեծուփ, հանդերձ այսու ներքին տկար ձայն մի կը բողոքեր մերթ ընդ մերթ Վարդանույշի նկատմամբ ըրած անհավատարմաթյանը դեմ, և զնա կերպով մի լքման դատապարտած լինելուն համար։ Իսկ Արաքսիա կը ներկայանար յուր աչաց իբր անձնավորությունն իսկ դատապարտության։

Վարժուհին հոգվովն կը փափագեր առանձին տեսություն մ՚ունենալ Սիսակի հետ. բայց ի՜նչ եղանակավ կրնար հաջողիլ առանց տիկնոջ կասկածներն զարթուցանելու, նամանավանդ երբ հանցավոր երիտասարդը խույս պիտի տար անշուշտ այդ տեսության առթեն։

ԳԼՈԻԽ ԻԵ.

Անակնկալ պարագայի մի բերմամբ տիկինը պարտավորեցավ օր մի դուրս ելնել տունեն, և յուր վերադարձին իմացավ թե յուր սիրահարն եկած էր, և թե նույն միջոցին պարտեզն էր՝ օրիորդին հետ միատեղ։

Տիկինը դժգոհություն զգաց այդ տեսակցության մասին, թեև ոչինչ ուզեց հայտնել յուր տարփածուին։ Մոտեցավ անձայն դեպ հայն վայր ուր երկուքը միատեղ նստած էին ծառի մի ներքև՝ հեռու երկու տղաքներե։ Եռանդոտ ու հուզյալ կերպիվ կը խոսեր աղջիկը, մինչ երիտասարդն ակնկոր լուռ կը կենար։

Արաքսիա յուր սրտին համայն պերճախոսությամբը սիրո դատը կը պաշտպաներ, ազգականին խղճին կը խոսեր, անհույս զգացման մ՚անհաստատությունն երևան կը հաներ, ու կը մեղադրեր զինքն հավատարիմ և սուրբ զգացման դեմ ըրած անհեթեթ ոճրույն համար։

Երիտասարդն ի խոր խոցված էր, մտահույզ էր, և երերածուփ երկու տարբեր զգացմանց մեջ։ Մին էր սերն յուր սաստկությամբն և ալեկոծությամբն. իսկ մյուսն էր պարզ համակրություն մի փայլուն և ապահով ապագայով մի։

Վարժուհին կը հուսար վերջնական պատասխան մ՚առնելով հեռացնել գուցե զերիտասարդն այն վհեն որուն եզերաց վրա արբյալ կը տարուբերեր։ Մտադիր էր վերջապես կամ զինքը վերադարձնել Վարդանույշի, և կամ հեռացնել բոլորովին յուր բարեկամուհիեն։

Տիկին Աբգարյան ծառե մի ծածկված, անոնց շարժումները կը տեսներ, աղջկան այլայլությունը կը նշմարեր ինչպես և յուր տարփածուին ճնշյալ դիրքն, առանց անոնց ամբողջ խոսակցսւթյունը ճշտիվ իմանալու։ Այս չափը գուշակեց լսած խոսքերեն միայն՝ թե յուր վարժուհին ուրիշ աղջկան մի դատը վարելով ջանադիր էր զերիտասարդն հեռացնել իրմե։

Իբր վագրուհի որուն ձեռքեն կուզեն հափշտակել յուր ավարը, այդ կինը մռնչեց ներքնապես երդում ընելով կրկին վրեժ առնուլ այն աղջկեն, որ դառնության ու դժգոհության պատճառներ հայթայթած էր իրեն։ Չուզելով առավել երկար ժամանակ ենթարկել զյուր սիրահար ազգականին ազդեցության, ու սրտմտությունը ծածկելով իբր թե ոչինչ լսած լիներ, մոտեցավ անոնց ու ժպտուն դիմոք բարևեց զՍիսակ։

Վարժուհվույն սիրտն արյունեցավ նկատելով յուր ջանից և հորդորանաց ապարդյուն մնալը։ Հեռացավ վշտաբեկ, ու տղայոց խաղացած տեղին մոտենալով նշմարեց զՆերսես ի մեծ զարմանս յուր։

Ստիպողական պատճառավ մի Արաքսիայի խոսնայրը տուն վերադարձած լինելով՝ ուզած էր օգտիլ այդ առթեն զյուր սիրելին բարևելու համար։ Ուստի պարտեզ երթալով օրիորդն հոն գտնելու մտադրությամբ՝ հանդիպած էր տղայոց ու անոնցմե իմացած իրենց վարժուհվույն Սիսակին հետ գտնվիլը։

Ներսես՝ կարծես օձեն խայթված, փոխանակ հառաջ կամ ետ երթալու, արձանացավ կեցավ, ու ի վերջո ծառի մի ներքև նստելով՝ նախանձալից անձկությամբ Արաքսիայի գալստյան սպասեց։

Սիրահարաց համար ոչ ազգականություն կա և ոչ ալ բարեկամություն։ Ամեն ոք թշնամի մ՚է որ իրենց պաշտած անձին սիրտը գողնալու կը հառաջադրե։

Իզուր Ներսես կը մտածեր թե Արաքսիայի նման սուրբ և վսեմ հոգի մի անկարող էր զյուր ուխտ դրժելու։ Իզուր կարդարացներ հարկն զՍիսակ ընդունելու քանի որ յուր մերձակա ազգակիցն էր։ Մյուս կողմանե կը մտածեր, թե տղայքն ինչո՞ւ այնչափ հեռու էին անոնցմե։ Անշուշտ իրենց խոսակցության վկաներ չունենալու մտոք էր․ ինչո՞ւ ուրեմն առանձնանալու այդ պետքն։ Այս տարբեր մտածությանց մեջ կը տարուբերեր մեր երիտասարդն երբ նշմարեց Արաքսիայի գալուստն։

Եթե քիչ հառաջ նեղացավ աղջիկը տիկին Աբգարյանի վրա հասնելուն համար, նույն միջոցին շանթահար եղավ Ներսեսի դժգոհ կերպարանքը դիտելով։ Բայց մաքուր խղճի քաջությամբ վարժուհին մոտենալով յուր խոսնայրին հարցուց.

— Ինչո՞ւ չավետեցիր ինձ այս առավոտ թե սովորականեն հառաջ պիտի վերադառնայիր այսօր։

— Եթե զայդ գիտնայիր,— պատասխանեց Ներսես սակավ ինչ դառնությամբ,— գուցե ուրիշները հյուրընկալելու չէիր փութար։

— Ներսե՛ս,— ըսավ աղջիկը հուզվելով,— եթե ճանաչեիր խոսակցությանս նպատակը՝ գուցե զիս պաշտեիր։

Այդ խոսքերն արտասանելու պարզ ու անկեղծ եղանակն ապահովություն ազդելով երիտասարդին, ու անոր սրտին բեռը թեթևցնելով, ըսավ սիրահորդ ակնարկով.

— Եվ մի գուցե զքեզ հանչափս չե՞մ պաշտեր արդեն. առավելի՞ն կը փափագիս արդյոք։ Ինչո՞ւ չես գանգատիր ուրեմն արևուն լույսին անբավականութենեն, և անծիրին սահմանափակ լինելեն։ Մեն մի բաբախում սրտիս`զսերն իմ ունի իբր շարժառիթ, ամեն մտածությունս առ քեզ ուղղյալ է, ամեն բաղձանացս առարկան դու ես, Արաքսիա՛ս, և տակավին չե՞ս բավականանար։

— Այդ մասին անհոգ եմ, Ներսե՛ս։ Սե՜ր, սե՛ր, սե՜ր. այդ բառին մեջ ամփոփված է բոլոր էությունս։

— Եվ դու կը կարծես թե ես տարբե՞ր կերպիվ կզգամ արդյոք. և կուզես որ առավե՞լ ևս պաշտեմ զքեզ։ Լավ ուրեմն, պատմե ինձ խոսակցությանդ նյութն, և եթե ստուգապես այնչափ հիացման արժանի ես, ինչպես որ քիչ հառաջ հաստատեցիր, ամեն ճիգ կը թափեմ,— ըսավ կատակով,— զքեզ քիչ մ՚ալ ավելի պաշտելու։

— Լուր ինձ, Ներսե՛ս, քեզ նկատմամբ անձնական գաղտնիք մ՝ունենալս ոճիր կր համարիմ. բայց ինչ որ այլոց վերաբերի, թույլ տուր ինձ որ գիտնամ հարգել զայն խորհրդապահությամբս։

Ներսեսի դեմքը կասկածանաց ամպովք մթագնեցավ դարձյալ. բնավ բառ չ՚արտասանեց, այլ լռությամբն յուր դժգոհության սաստկությունն հայտնեց։

Վարժուհին յուր նշանածին ձեռքբ բռնեց ու արտասվաթոր աչոք ըսավ.

— Զիս մեռացուր՝ բայց մի՛ կասկածիր ինձմե, մի՛ նվաստացներ զիս անվայել ընթացք մի վերագրելով ինձ։ Կերդնում քեզ առաջի երկնից թե կը սիրեմ զքեզ ծայրահեղ սիրով և հավատարմությամբ, ու կը հաստատեմ թե անկարող եմ որևէ պարագայի մեջ քեզ ուխտածս դրժել։ Բայց հարգե՛, Ներսե՛ս, կը հայցեմ քեզմե, գաղտնիք մի որ իմս չէ, և զոր ուխտած եմ և ոչ մեկու մի հաղորդել։

— Ինչո՞ւ ուրեմն ինձ նկատմամբ բացառություն չըրիր։

— Կրնայի՞ գուշակել հայնժամ թե դու հոգվույս իշխանը պիտի լինեիր օր մի, այդպիսի բացառություն մ՚ընելու համար։

Ներսեսի սիրտն ապահովվելով Արաքսիայի անմեղության մասին, անփույթ եղավ այնուհետև այլոց գաղտնի խորհուրդներն իմանալու։ Հորդորեց զյուր սիրելին ոչ ևս նեղվելու ինքզինքն՝ արդարացնելու համար ու խնդալով հարեց. — Երբ այսուհետև լռելու խոստումն ընես. մի՛ մոռնար հիշել թե դու և ես մեկ հոգի կը կազմենք։

— Հարկ չկա այդ հանձնարարության,— պատասխանեց մյուսն,– զի սիրտս մեն մի վայրկյան կը հիշեցնե ինձ զայդ արդեն։

Ի վերջո երկու նշանածները խաղաղությամբ բաժանվեցան, տիկին Աբգարյանի ուշադրությունը իրենց վրա հրավիրելե վախնալով։

ԳԼՈԻԽ ԻԶ.

Օրերն օրերու կը հաջորդեին ու շաբաթներն շաբաթներուն, Արաքսիայի կենաց հորիզոնին վրա մաքուր սիրո շողն արձակելով։ Իսկ տան տիկին յուր վրիժառու հոգվույն սևությունը ծածկելով հանդարտ կերպարանքի ներքև, ամենայն անձկությամբ կսպասեր այն հարմար առթին ուսկից կուզեր օգտիլ վարժուհվույն բախտին վճռողական հարվածը տալու համար։

Մայիսի գեղեցիկ առավոտ մի մինչ վարժուհին պարտեզին մեջ կը շրջագայեր հանդերձ աշակերտներովն, տեսավ որ Ներսես դեպ իրեն կը հառաջանար։ Երկու երիտասարդաց կերպարանքն ու սիրտն այնչափ գոհ ու գվարթ էին որ կարծես անոնք ևս սիրո մայիսը կը տոնեին հանդեպ բնության որ յուր շքեղությունները կը հանդիսադրեր։

Նույն վայրկենին վարդենիի մի մերձ կեցած էին որուն վրա երկու կարմիր կոկոններ մեկ ճյուղի վրա գեղանազ կը ծածանեին, Արաքսիա անոնց նայելով ըսավ:

— Տե՛ս, Ներսե՛ս, ահա մեր սերն անձնավորյալ իրարու կցորդ այս երկու կոկոններուն մեջ։

— Արդարև,- պատասխանեց Արաքսիայի խոսնայրը,— մին դուն առ պահե ի հիշատակ այս հեշտագին վայրկյաններուն, իսկ մյուսն ես կառնում՝ հառաջադրելով զայն պահել մինչև ցվերջ կենացս իբր առհավատչյա իմ սիրույս։

Մինչ Ներսես կը փորձեր երկու կոկոնները քաղել, մեծկակ փուշ մի մատին մեջ մտնելով արյուն հոսեց անկե։

Արաքսիայի դեմքը տխրությամբ վարագուրեցավ։ Մեծ դժվարությամբ կաշխատեր փուշն հանել, մասամբ հաջողեցավ միայն, որով զգացած վարանմունքը սաստկացավ։ Ներսես նկատելով աղջկան հուզմունքը՝ ժպտելով ըսավ.

— Չգիտե՞ս արդյոք որ առանց փշո վարդ չկա։

Այդ կատակն հազիվ կարողացավ փարատել այն անհանգստությունն որ հառաջ կուգար այն գաղափարեն թե փուշին մեկ մասը մատին մեջ մնացած էր։

Իզո՜ւր Ներսես կը ջանար ապահովել զինքը թե ոչ ևս կզգար զայդ։ Վարժուհվույն դեմքը տրտում մնաց. կարծես թե բնազդմամբ կիմանար թե տառապանաց աշխարհ մի ընդ հուպ պիտի բացվեր իրեն համար։ Այդ տրամադրությամբ բաժնվեցավ յուր նշանածեն՝ տղայոց հետ դասարան մտնելու համար։ Հազիվ հազ ժամե մի վեր աշակերտուհիներովը կզբաղեր նա, երբ ահա նամակ մ՚ի կը բերեն իրեն ուղղյալ: Կբ բանա զայն, կը կարդա, և կը հաստատե հոգվո մի հուսահատական ճիչն որ առ ինքն կը դիմեր անհապաղ օգնություն խնդրելով։ Հոգվո այդ հառաչքն Վարդանույշեն կարձակվեին։

Արաքսիա՝ անհնարին ցավով համակված փութաց յուր տիրուհիեն հրաման ուզելով օրն ի բուն գուցե տունեն բացակա լինելու համար, առանց բնավ այդ բացակայության պատճառ մի վերագրելու։

Տիկին Աբգարյան թույլտվություն ըրավ այդ մասին մտածելով թե Սիսակի հետ չպիտի կարողանար տեսնվիլ եթե նույնիսկ այդ լիներ յուր նպատակը, զի երիտասարդն իրեն պիտի նվիրեր օրվան մեծագույն մասն։ Իսկ եթե նա խոստմն զանց գտնվեր՝ հայնժամ առիթ մ՚էր երիտասարդեն բացատրություն խնդրելով իրեն դեմ եղած մեքենայության տեղեկանալու։

Բայց օրիորդին մեկնելեն քիչ մի ետքը Սիսակ ներկայանալով տիկնոջ սիրտն հանգստացավ, որով բնավ հարկ չեղավ աղջկան բացակայության ակնարկություն ընելու, և ոչ իսկ խոսք մ՚արտասանելու անոր վրայոք։

Իսկ Արաքսիա սիրտ ի թունդ և շնչասպառ ընթացավ դեպի բնակարան յուր բարեկամուհվույն։ Հոն առաջին անձն որուն հանդիպեցավ տիկին Երանյանն եղավ. ողորմելի մոր վշտագին կերպարանքը շատ իսկ կը հայտարեր յուր ներքին մտահուզությունը։ Տիկինն առաջնորդեց օրիորդին, ու դստերը սենյակը տանելով զնա՝ ցույց տվավ արտասվալից աչոք զՎարդանույշ ոը անկողնո վրա տարածված էր այլակերպյալ դիմոք։

ԳԼՈԻԽ ԻԷ.

Արաքսիան անկեղծ ու խորունկ վշտակցությամբ մոտեցավ հիվանդին, ու ձեռքն անհուն արգահատությամբ սեղմելով՝ յուր չարչարանաց տեսակն հարցուց։

Տառապյալ աղջիկը շինծու պարագայից վերագրեց յուր նեղությունն, անհամբերությամբ սպասելով այն վայրկենին ուր մայրը սենեկեն դուրս ելնելով զինքն առանձին թողուր յուր մտերմին հետ։

Քանի մի վայրկյաններե վերջ՝ որք անվերջանալի թվեցան հիվանդին, վշտաբեկ մայրը սենեկեն դուրս ելավ, և հայնժամ Վարդանույշ աչերեն բոց արձակելով ու զարհուրելի եղանակավ մ՚ըսավ,

— Լո՛ւր ինձ, Արաքսիա՛ս, մահու կամ կենաց խնդիր կա ինձ համար։ Եթե կուզես որ ապրիմ, օգնե ինձ առանց հապաղման, եթե կը կամիս որ ինձ մատուցած նպաստդ ապարդյուն չի մնա․ զի կզգամ որ ոչ ևս կարող եմ տոկալ այն ցավոց որք հետևանք են իմ տաժանելի անձկությանցս։

— Վարդանո՛ւյշդ իմ սիրեցյալ,— գոչեց երիտասարդուհին հուզվելով,— գիտես որ պատրաստ եմ քեզ ծառայելու ամեն ժամանակ, բավական է որ խնդրածդ կարողութենես վեր չլինի։ Խոսե՛ շուտ ուրեմն։

— Լու՛ր ինձ, լո՛ւր ինձ, սիրելի՛ս,— ըսավ տառապյալն հեղձամաղձուկ ձայնիվ․— Սիսակ զիս մոռցավ, մեկ կողմ թողուց, և ես առանց անոր չեմ կարող ապրիլ։

Արաքսիա լավ կը ճանաչեր այդ լքման պատճառը, բայց ի՞նչպես կարող էր իմացնել խեղճ արարածին թե յուր սիրույն առարկան այլուր նվիրած էր յուր սիրտն։ Հետևապես ոչինչ խոսեցավ այդ նյութին վրայոք ու հարցուց միայն եթե պատճառ տվա՞ծ էր երիտասարդին իրեն դեմ նեղանալու։

— Ե՞ս,— պատասխանեց հեգն,— գիտությամբ հանցանք չի գործեցի անոր դեմ. եթե սակայն հակամայս զինքը վիրավորեցի, պատրաստ եմ հանցանքս քավելու։

— Ես հետը կը խոսիմ, անփույթ եղիր, սիրելի՛ս։

— Կը հայցեմ, մի՛ դատապարտեր զիս եթե հակառակ կամացդ հարվեցա Սիսակի և արդ միջամտությունդ կը խնդրեմ։

— Ինչպե՞ս կուզես որ մեղադրեմ զքեզ երբ սերն անդիմադրելի զորություն մ՚է որուն դեմ մրցելով հանդերձ կը հաղթվինք մեր տկարությունն երևան հանելով։

— Ուրեմն կը ներե՞ս ինձ, Արաքսիաս, եթե ես ըմբոստ լինելով քու խորհրդոցդ՝ այսօր քեզ պաղատիմ վերադարձնելու համար ինձ այն սիրտն զոր կուզեիր հեռացնել ինձմե։

— Ոչ միայն կարդարացնեմ զքեզ, այլ հոժարամիտ եմ քեզ ծառայելու։ Ցորչափ կարելի է չարիքը մեզմե հեռացնելու, պարտինք աշխատիլ հաջողելու։ Բայց երբ անոր հպատակած ենք արդեն՝ դժվարին է հալածել զայն մեկեն ի մեկ. ամոքելով բուժելու ենք զսեր։

— Այսինքն կուզես ըսել, Արաքսիա՛, թե տրամադիր ես բուժելու զիս սրտիս հիվանդութենեն։

— Եթե կարող լինեի՝ անշուշտ առ այդ կաշխատեի։ Թեև կը ճանաչեմ Սիսակի քանի մի բարեմասնությունները, բայց անկեղծորեն խոսելու համար, նույնչափ ալ ծանոթ են ինձ և յուր թերությունները։

— Բայց ո՞վ արդյոք թերություն չունի, բարեկամուհիս։

— Անշուշտ ոչ ոք կատարյալ է. բայց սա կետն ի նկատի առնելու է որ բարեմասնությո՞ւնք թե թերությունք առավել ծանրակշիռ են անձի մի վրա։

— Մի՛ դատապարտեր զիս, Արաքսիա՛ս, բայց այնչափ պաշտելի է ինձ Սիսակ որ նույնիսկ յուր թերությունքն շնորհալի կը թվին ինձ։ Եթե ոք փորձեր այդ պակասությունները ձիրքերու վերածել՝ կընդդիմանայի վախենալով թե իրմե մաս մի կը պակսեր, որով ոչ այնչափ սիրուն կը ներկայանար նա իմ աչաց։

— Համարելով որ թեթևամտութենե շարժյալ զքեզ լքաներ ուրիշ մի սիրելու համար, ա՞յդ ևս հաճելի պիտի թվեր քեղ արդյոք, Վարդանո՜ւյշ։ — Ո՛հ, այդ սոսկալի պարագան բացառություն մ՚է:

— Եթե թվարկեի շատ մի մոլություններ որք զքեզ կրնան դժբախտ ընել՝ պիտի համառեի՞ր արդյոք զինքը դարձյալ համակրելի գտնելու։

— Սիրտը չի տրամաբաներ, այլ կը սիրե կուրորեն. և կարծես որչափ զինքը չարչարեն՝ նույն համեմատությամբ կը պաշտե զչարչարողն։

— Եթե չեմ սխալիր, կուզես հայտնել որ երբեք այնչափ չէիր սիրած զՍիսակ որչափ արդ երբ նա զքեզ կը տանջե։

— Ստույգ է այդ, Արաքսիա՛, զի կզգամ որ եթե Սիսակ չի վերադարձնես ինձ անհապաղ, կյանքս շուտով կը կնքեմ:

Զայս ըսելով աղջիկն, սկսավ արտասվել դառն հուսահատությամբ, ու բազկատարած՝ օգնություն խնդրել յուր բարեկամուհիեն։

Մարդս լավ կըմբռնե ինչ որ ինքը կը ճանաչե։ Անշուշտ ոչ ոք այդչափ արգահատանք կրնար զգալ սիրո մասին որչափ Արաքսիան, որուն սիրտը նույնչափ անսահման կերպիվ ի սիրո գրավված էր։

Հետևապես զՎարդանույշ բազկացը մեջ առնելով, ու յուր արտասուքը անոր արտասվաց խառնելով, այնպիսի կարեկցություն մ՚զգաց այդ ծայրահեղ ցավոց պատկերին առջև, որ ազնիվ հոգվո բուռն խանդիվ խոստացավ վշտացելույն տեսնել ընդ փույթ զՍիսակ և հետը խոսիլ։

Բայց անհամբերն Վարդանույշ ուզեց գիտնալ թե ե՞րբ արդյոք պիտի ունենար յուր պաշտելույն պատասխանը։

— Կը խոստանամ ամեն ջանք ընել զնա ընդ փույթ տեսնելու,— պատասխանեց վարժուհին։

Վշտահար կույսն յուր մտերմին երկու ձեռքերն կը համբուրեր եռանդագին, իբր ձեռքերն փրկչի մի որ յուր կորուսյալ գանձը իրեն պիտի վերադարձներ։ Եվ աչերն աղերսագին հառելով Արաքսիայի երեսին վրա.

— Ո՛հ,— գոչեց անձկությամբ,— խոստացիր ինձ զինքն այսօր իսկ տեսնելու, զի չեմ կարող այլևս սպասել։

— Եթե կարելի է, անտարակույս։ Բայց խոստացի՛ր և զի հանդարտ լինել, զի այդ արտասովոր այլայլությունս վիճակիդ սաստկությունը կրնա ավելցնել։ — Ես կը խոստանամ քեզ ինչ որ ուզես, բավ է որ այսօր, գոնե վաղը անպատճառ ինձ պատասխան մի բերելու հոժարիս է։

— Պիտի ջանամ, սիրելի՛ս, զա մեն ինչ գործել զքեզ գոհ ընելու համար։

– Ո՛հ, կարծես թե պիտի մեռնիմ սրտահուզութենես։

– Տե՛ս, ինչպե՜ս այտերդ հրաբորբոք են․ եթե չհանդարտիս, հոգիս կը վիրավորես։

— Ամեն կամացդ կը հպատակիմ, Արաքսիա՛, միայն թե վերադարձնես ինձ զՍիսակ։

— Սակավ ինչ համբերե։

— Ուրեմն այսօր իսկ զինքն պիտի տեսնես։

— Պիտի աշխատիմ առ այդ։

— Անոր պատասխանը կրնա՞մ ընդուիլ այսօր։

— Այդ անհնար է, Վարդանո՛ւյշ։

— Իսկ վա՞ղն առավոտ։

– Գուցե։

— Կը հայցեմ քեզմե, ապահովե՛ զիս, խոստացիր մանավանդ կանուխ գալու, զի հյուծիլս կզգամ։

— Ամեն ճիգ պիտի թափեմ վաղը առավոտ գալու։

— Ավա՜ղ,— գոչեց Վարդանույշ,– քանի՜ մաշեցուցիչ ժամեր, քանի մահաբեր վայրկյաններ պիտի անցնին մինչև այն տենչալի րոպեն որ զքեզ հոս պիտի բերե վերստին․ պիտի ապրի՞մ արդյոք մինչև վաղն առավոտ։

– Տե՛ս,– ըսավ Արաքսիա,— ո՛րչափ հույսերուդ կատարման մերձենաս, նույնչափ անհամբերությունդ կը սաստկանա։

– Սիրող սրտի վիճակն է,— պատասխանեց կույսն սիրակեզ։

– Սակայն ըսե ինձ, Վարդանո՛ւյշ, ծնողքդ վերահասու չեղա՞ն արդյոք քու հիվանդությանդ բուն պատճառին։

– Ամենևին, սիրելիս։

— Զարմանալի՜ բան։

– Տե՛ս ինչ կա մեջտեղ։ Հարուստ երիտասարդ մի, զոր կը ճանաչեմ, կուզեր զիս ի հարսնություն։ Ես բնականապես մերժեցի զինքը, մայրս ջանաց զիս համոզելու, համառեցավ մանավանդ հաջողելու համար։ Ես մերժմանս մեջ հաստատ մնացի, ու այդ ամուսնության ստիպմանց վերագրելով հոգվույս թախիծն ու ցավը, ոչ ևս փույթ ըրի ծածկել սրտիս հուսահատությունը։ Վիճակս օր ավուր սաստկացավ, որով ծնողքս իրենք զիրենք իմ տառապանացս պատճառն համարելով՝ դադարեցան գոնե առ այժմ այդ երիտասարդին խոսքն ընելե։

— Ո՛վ Վարդանույշդ իմ, ո՛րչափ խիղճ կընեմ ծնողացդ տեսությանց հակառակ գործելու, և այսպես չար կերպիվ փոխարինելու այն վստահությունն զոր կը հայտնեն ինձ անոնք:

— Կը զղջա՞ս արդյոք ըրած խոստմանդ վրա։ Թո՛ղ ուրեմն զիս նսեհ բախտիս. թո՛ղ որ մեռնիմ։

Զայս ըսելով հեգ աղջիկը դեմքը ծածկեց վերմակովն ու լացավ կողկողագին։

Արաքսիան անոր մոտենալով հեռացուց վերմակն, ու հուսահատ կուսին դեմքը փայփայելով խոստացավ անհնարինը գործել հետևյալ առավոտ առ ինքն վերադառնալու համար։

Տառապյալ էակը ժպտեցավ այնպիսի քաղցրությամբ մի որ վարժուհվույն հոգին կատարելապես ճմլեց։

Որպիսի՜ երկնային սեր անարժան մարդու մի համար, կր մտածեր վարժուհին ափսոսալով:

Երկու բարեկամուհիք զիրար ողջագուրելով, մեկնեցավ Արաքսիան։ Առաջինը սիրո հույսերով և երկյուղներով էր համակյալ։ Իսկ երկրորդը կը հեռանար մտացը մեջ որոճալով Սիսակի հետ տեսություն մ՚ունենալու եղանակին վրա։ Հակառակ յուր տեսությանց, ձգտմանց և զգացմանց պիտի գործեր, ստույգ է այդ. բայց կրնա՞ր արդյոք ձեռնտու չլինել յուր ողորմելի բարեկամուհվույն, և աջակցությունը մերժելովն անոր մահ պատճառել գուցե։ Մտածությանցը մեջ խորասույզ` Արաքսիա հասավ վերջապես Աբգարյանց տան առջև` երբ նույն միջոցին փողոցի դուռը բացվելով հոնկե դուրս ելավ Սիսակ։

ԳԼՈԻԽ ԻԸ.

Վարժուհին տեսնելով զերիտասարդն ցնծաց այդ հարմար առթին համար զոր բախտը կը հայթայթեր իրեն։

Մարդս կուրախանա երբեմն երբ կը գործե հակառակ յուր կամաց, որչափ որ պիտի ուրախանար եթե յուր անձին հաճելի եղած նպատակի համար աշխատեր իսկ. այնչափ պարագաներն և զգացումները կը ներգործեն յուր վրա անդիմադրելի կերպիվ։

Ուստի Արաքսիա թեև կը փափագեր ի սրտե ջախջախել ամենայն հարաբերություն Վարդանույշի և Սիսակի միջև, հանդերձ այսու կաշխատեր նույն միջոցին անոնց հարաբերությանց հոդերն ամրապնդել։

Տեսնելով ուրեմն զՍիսակ կանգ առավ անոր առջև ու ըսավ.

— Ես ալ կուզեի քեզ հանդիպիլ հարցնելու համար թե ե՞րբ արդյոք կրնամ հետդ խոսակցություն մ՚ունենալ։

— Տրամադրությանդ ներքև եմ,— պատասխանեց երիտասարդը, մարմինն և գլուխը ծռելով, շինծու պաշտոնական վայելչությամբ մի։

— Այդ հրապուրիչ ձևերդ այլոց պահե,— ըսավ Սիսակին այնպիսի եղանակավ մի որ կասկած չէր թողուր յուր դժգոհ տրամադրությանց վրայոք։

– Ինչո՞ւ այդպես խոժոռադեմ ես այսօր, Արաքսիա՛։

— Վասնզի գլխավոր պատճառներ ունիմ այդպես լինելու։

— Թույլ կուտա՞ս ինձ հարցնելու թե ուսկից հառաջ կուգան նեղություններդ։

— Նույնիսկ քեզմե, պարո՛ն։

— Ինձմե՞,— հարցուց Սիսակ անկեղծ զարմացմամբ։

— Այո՛, քեզմե։

— Ի՞նչ կրնամ գործել քեզ նկատմամբ ակամա հանցանքս քավելու համար։

— Առանց հապաղման, և որչափ կարելի է շուտ հայթայթել ինձ առանձին տեսություն մի։

— Նույնիսկ այս վայրկենիս ուրեմն։

— Բայց ո՞ւր։ Կը փափագիմ որ մեր տեսությունը վկա չունենա և մանավանդ գաղտնի մնա։

— Խիստ իրավացի է խնդրածդ։

— Կը խոստանա՞ս ուրեմն բնավ մեկու մը չհաղորդել մեր ժամադրությունը։

– Պատվույս վրա կերդնում։ — Ուրեմն վաղ առավոտ խիստ կանուխ կը տեսնվինք։

— Անհնարին է ինձ կեսօրեն առաջ հրավերդ ընդունիլ․ և դարձյալ ապահովապես չեմ կրնար խոստանալ զայդ։

— Բայց ստիպողական հարկ մի կա, Սիսա՛կ։

Երիտասարդը շփոթած քիչ մի մտածելեն վերջը՝ փութաց ըսել․

— Եթե կը հաճիս նույնիսկ այս գիշեր տեսնվինք։

— Ինչպե՞ս, ա՞յս գիշեր,— հարցուց աղջիկը վարանելով։

—Եղանակը շատ պարղ է։ Երբ ամենքը տան մեջ կը քնանան, ես կես գիշերեն երկու ժամ վերջը պատուհաններուդ ներքևեն անցնելով կերգեմ եղանակ մի որ ծանոթ է քեզ։ Դու կը պատասխանես ինձ լույս մի բերելով պատուհանիդ առջև։ Ես կանգ կառնում փողոցի դռան առջև, դու վար կիջնես դուռը կը բանաս։ Ներս կը մտնեմ ու սենեկի մի մեջ առանձնանալով ազատորեն կը խոսինք։ Եվ այսպես հետդ սիրահարի դերը խաղացած կը լինիմ հակառ քու կամացդ։

— Կատակի ժամանակ չէ արդ։ Չգիտեմ եթե առաջարկած եղանակդ վտանգի չենթարկեր զմեզ։

— Ի՞նչ վտանգ։

– Ի՞նչ գիտնամ։

— Բավ է որ լրտեսվելու երկյուղ չլինի,— ըսավ երիտասարդն, եղանակավ մի որ կր հայտներ թե նույնչափ և ինքն պատճառներ ուներ յուր կողմանե անտես մնալու։

— Սովորական օրերն,— ըսավ աղջիկը,— տունը կես գիշերեն առաջ քնո մեջ թաղված է։ Կը հիշեմ որ մեկ քանի անգամ տղայոց անհանգստության պատճառավ մինչև բակն իջա, վերստին վեր ելա, մի քանի անգամ գնացի եկա առանց մեկու մի ուշադրությունը գրավելու։

— Ուրեմն ի՞նչ կը վարանիս, ընդունե՛ առաջարկս։

— Լավ, քանի որ ուրիշ միջոց չկա։

– Մի՛ մոռնար, ժամը երկուքին։

— Հանգիստ եղիր իմ մասիս։ Դու միայն ջանադիր եղիր ժամադրությանդ հավատարիմ մնալու։

—Կրնաս ապահով լինիլ ևս այդ մասին։ Եվ եթե հանկարծ Բերա հուր բոց դառնա, նույն իսկ հրակեզ պիտի ներկայանամ քեզ։ — Ամեն պարագայի մեջ կատակն ախորժելի չէ վստահ եղիր։ Եվ եթե ներես ինձ՝ խորհուրդ կուտամ քեզ որ առավել խնայողությամբ խելք բանեցնելու ջանադիր ու քիչ մ՚առավել սիրտդ կրթելու տրամադիր լինիս։

— Պատրաստվիմ ուրեմն այս գիշեր բարոյականության վրա դասախոսություն մի լսելու,— ըսավ Սիսակ քիթը բերանը ծռմռտկելով։

Վարժուհին ընդհատելով յուր ազգականին խոսքերն ըսավ․

— Ուրեմն այս գիշեր, ի տեսություն։

Եվ փողոցին դռնեն ընդ փույթ ներս մտնելով տղայոց քով գնաց։ Երկու հրեշտակներն զինքն ընդունեցին անհնարին ցնծությամբ, ու անոնց գգվանքներն սփոփեցին մասամբ յուր հոգվույն տագնապը։

Տղայք արշալույսն են մարդկության։ Բնությունն ուրախ լինի թե տխուր՝ այն կը փայլի անկասկած նույնչափ կենաց որչափ ավերակաց վրա։ Կյանքն ինչպես ավերակը լուսո ազդեցության կենթարկվին. առաջինն առավել կը գեղեցկանա կենսական հանգամանոքն, իսկ մյուսն առավել խորհրդավոր վսեմությամբ կը տարածվի յուր մահվան մեջ։

ԳԼՈԻԽ ԻԹ.

Սպասե՜լ։ Ի՜նչ անձկություն սպասելուն մեջ։ Կարծես թե մարդս մեծ դղրդմամբ կը ցնցե բոլոր զանգակներն յուր սրտին և բանականության, և եթե հայնժամ արյունը յուր շրջանը փութացնելով կսպառնա խորասույզ ընել հախուռն ընթացքին մեջ ամեն գործիք զգալու և մտածելու, այնչա՛փ սիրտն ուժգին կը տրոփե, և այնչա՛փ գլուխը շփոթ մտածությանց անընդհատ հաջորդությամբը կը կարծե ցնորիլ։

Սպասե՜լ։ Ժամանակը կարծես խարիսխ նետած տարածության մեջ կը հանգչի, մինչ անհամբեր հոգին ակնդետ կը հյուծի, և կսպասե որ ժամերն իրենց կասեցուցած ընթացքը շարունակեն, հառաջ քայլեն, ընթանան, մինչև որ հնչե տենչալի վայրկյանն որ մեր երազոց իրականությունն հաստատե։

Սպասող անձն հանդեպ իրեն կը տեսնե բարդվիլն ամեն խոչընդոտից, վտանգաց և ակնկալությանց, որք իբր թումբ կը կանգնին ընդդեմ յուր տենչանաց։ Ալետանջ հոգին կընդհարկանի այդ թումբին դեմ, հետս կընկրկի վիրավորյալ, վերստին հառաջ կը դիմե հուսահատ՝ դարձյալ նահանջելու համար արյունլվա, մինչև որ այդ կենաց ու մահվան խնդրույն մեջ ոգեսպառ կենա հոգին յուր անկարողության մեջ թաղված։

Վարդանույշ հիմարելով կսպասեր. թվեր իրեն թե կյանքն հինքն կսպառեր, աչնչափ արագորեն կընթանար յուր շրջանին մեջ։ Ցորչափ Արաքսիա յուր քովն էր, կը կարծեր թե նա հաշտության ոգին է որ առ ինքն պիտի վերադառնար ձիթենյաց ճյուղն ի ձեռին։ Թվեր իրեն թե նա ավետաբեր հրեշտակն էր որ պիտի գոչեր «Ահավասիկ քեզ կը վերադարձնեմ սիրահարդ»։

Բայց երբ Արաքսիա հեռացավ՝ կասկածն և վհատությունն իրենց մահաբեր իրականությամբն եկան կանգնեցան հանդեպ Վարդանույշի։

Աղջկան արյունն հուր բոց կը թավալեր պայթում սպառնալով, և հուսահատության մեջ կը մխիթարվեր այն դառն մտածությամբ թե մահը գոնե կը մնար իրեն իբրև վճռողական դարման, եթե Սիսակ լքաներ զինքն։

Կուզեր, կը ճգներ ինքզինքն հանցավոր հանդիսացնելով յուր աչաց առջև՝ զՍիսակ արդարացնել անբացատրելի անտարբերությանն համար յուր նկատմամբ։ Զանձն յուր կը քններ, կը դսրովեր, կը դատապարտեր, զյուր սիրելին անբասիր ընելու համար։

Անուրանալի է որ սիրահար մի կը մոռնա զյուր անձ՝ պաշտած էակին համար, քանի որ ուժն ու կյանքն անկե կը քաղե։

Վարդանույշ սիրո ալեկոծության մեջ կը տարուբերեր ու կը կարծեր թե յուր բարեկամուհվույն բերնով կենաց վերջին հնչյունը պիտի արձակվեր իրեն համար։ Նույնիսկ երբ կենսատու հույսն անոր սրտին ու մտաց քաոսին մեջ վայրկյան մի լույս կը տարածեր, այդ սփոփարար շողն անգամ կարծես զինքը պիտի շանթահարեր, այնչափ յուր ներքին վիճակը հուսահատական էր։ Երբ տիկին Երանյան կը մերձենար աղջկանը, սա կրկին անհանգստություն կզգար, զի անհանդուրժելի էր իրեն ամեն ճիգ որ կը փորձեր զյուր վարանմունք ծածկելու մայրենի թափանցող աչերեն։

Սիրահարն յուր տագնապոց մեջ կորոնե այն անձը միայն որուն յուր բուն կացությունը կրնա հայտնել։ Մոր մի ներկայությունն իսկ անտանելի է երբ հոգվո հրատապ վիճակը քողարկելու հարկավորություն կը լինի։

Տիկին Երանյան կը մաշեր աղջկանն անդարմանելի վիճակը նկատելով. և զայդ քիչ ժամանակ առաջ ըրած ամուսնական առաջարկին վերագրելով՝ ամեն ջանք կըներ համոզելու համար զյուր դուստր թե երբեք յուր կամքը չպիտի բռնաբարեր։

Վարդանույշ թեև կը պաշտեր զյուր ծնողք, հանդերձ այսու տաժանելի էր իրեն՝ ներկայությունն մայրենի։ Հետևապես աչերը կը գոցեր իբր թե ի քուն լիներ, և այդ եղանակավ կը հաջողեը հեռացնել զվշատահար տիկինն, ու առանձնության մեջ ազատ կը մնար տառապանաց մեջ ընկղմելու լիովին: Բայց երբ գիշերն վրա եկավ, հեգ աղջկան վիճակն առավել ևս ծանրացավ։

Արեգական լույսը դառնալից և հուսահատ րոպեներու մեջ անգամ յուր բարերար ներգործությունը կընե մեր սրտին ներքին մութ խավերուն վրա իսկ, յուր շողն մինչև հոն թափանցել տալով կարծես։ Բայց երբ խավարը կը տիրե՝ սարսափահար աչքը սև գաղտնի թշնամիներ կը կարծե տեսնել շուրջն, ու սիրտը՝ մթության մեջ թավալգլոր՝ թվի ընդհարկանել աննշմարելի խոչընդոտից, և երկյուղով համակվելով՝ նոր հիմարեցուցիչ արագություն կստանան վշտերը։

Խավարն աներևույթ հրեշն է որ մեր կոկորդեն ուժգին բռնելով զմեզ խեղդամահ ընելու կսպառնա։ Ողորմելի Վարդանույշն մթության հետ դեմ առ դեմ մնալով՝ ծայրահեղ սաստկությամբ կասկածանաց ու վարանմանց մատնվեցավ գիշերն ի բուն։ Եվ երբ առավոտուն արեգակը փայլեցավ պայծառ, կարծես թե տառապանաց անդունդեն վեր բարձրանալուվ՝ աչերն ի լույս ցավոց բացավ վերստին։
ԳԼՈՒԽ Լ․

Հետ ժամադրության Արաքսիա ներքին անհանգստություն մի կզգար որուն իզուր կը ջանար հաղթել։ Ստույգ է թե կը խորհեր որ սրտի պարտավորություն մ՚էր կատարածը, թե ներելի չէր անապավեն թողուլ սիրելի բարեկամուհի մի, թե նվիրական պարտք մ՚էր օգնել իրեն. և թե Ներսես իսկ հօգնություն տառապելույն պիտի մղեր զինքն անշուշտ եթե ազատ լիներ խորհուրդ հարցնել անոր։ Բայց այդ խորհրդատություններն ոչ միայն զվարժուհին չէին սփոփեր, այլ ընդհակառակն յուր անձկությունն անբացատրելի կերպիվ կը սաստկանար՝ որչափ ժամադրության վայրկյանը կը մերձենար։ Այդ թաքուն գիշերային հյուրընկալությունը խիստ անախորժ տպավորություն մի կըներ յուր վրան, թեև ապահով լիներ թե ոչ ոք տեղյակ պիտի լիներ այղ տեսության։ Ինքը վստահ էր որ Սիսակ ոչ միայն շահ չուներ մատնելու այդ գաղտնիքն, այլ նաև մանավանդ այնպիսի հարգալից համակրություն մի հայտնած էր իրեն ամեն ժամանակ որ իրավունք կուտար իրեն վստահ լինել անոր բարեկամության մասին։

Խոր լռության ու գիշերակին թանձր մթության մեջ Արաքսիա սարսուռ կզգար, երբ հանկարծ լսեց փողոցեն աոաջին խաղերը իրեն հաճելի եղանակի մի, զոր Սիսակ բազմիցս երգած էր իրեն։

Տղայքն արդեն անմեղության քնով կը ննջեին, ամեն շարժում թե տան և թե փողոցին մեջ ժամերե ի վեր դադրած էր: Իսկ վարժուհին նստարանի մի վրա տարածված, ճրագի մի լուսով, իզուր ջանք ըրած էր կարդալու՝ յուր շփոթած մտացը սակավ ինչ սփոփում տալու համար։ Գրքին առաջին էջին վրա կեցած էր երկար ժամանակե իվեր առանց հաջողելու լրացնել զայդ։ Աչերը շարունակ ժամացույցին կը դարձներ. ու թե կը փափագեր որ վերջապես հասնի ժամադրության րոպեն, և թե կուզեր խույս տալ անկե։ Բայց երբ ժամացույցր վճռողական և խորախորհուրդ ձայնիվ հնչեցուց յուր երկու վանկերը, քստմնեցավ կույսն իբր թե յուր դատապարտության հնչյունը լիներ այդ։ Նույն վայրկենին լսվեցավ նաև Սիսակի երգն որ նույնչափ աղետաբեր թվեցավ իրեն։

Սարսափելով տեղեն ցատկեց աղջիկն, մոտեցուց ճրագը պատուհանին՝ որոշյալ նշանն ընելու համար, ու հետո ամենայն զգուշությամբ սենեկեն դուրս ելավ։ Մեն մի քայլին կը թվեր իրեն թե Ներսես յուր առջև պիտի կանգներ. կարծեց իսկ անոր դռան ճռնչելը լսել, և բոլորովին զարհուրած ուզեց խույս տալ յուր սենյակը վերադառնալ, ու ազգականին հետ տեսնվելու դիտավորութենեն ետ կենալ։ Բայց երբ վայրիկ մի ետքն հաստատվեցավ թե ոչ շարժում և ոչ ձայն կար յուր շուրջն՝ ոգևորեցավ, հուզյալ երևակայությունն հանդարտելով, ու հիշելով խոստումն առ յուր տագնապյալ բարեկամուհին՝ արիաբար վար իջավ, բացավ փողոցին դուռն, ու զՍիսակ ներս առնելեն վերջը ամենայն զգուշությամբ փակեց զայն վերստին։ Համրաքայլ մեր երկու երիտասարդները վեր ելան, և մեկ փոքրիկ սենյակ մի մտնելով հոն քովե քով նստան դուռը կիսաբաց թողլով։

Արաքսիայի սիրտը թեև կը տրոփեր ուժզին՝ սակայն հանդարտեցավ աստիճանաբար նկատելով թե յուր բարեկամուհվույն դատը պիտի վարեր նույն միջոցին։ Ուստի քաջությամբ զինեցավ մարտ մղելու համար ընդդեմ հողդողդ զգացմանց յուր ազգակցին։

Երբ երիտասարդն ինքզինքն ապահով համարեց սենեկին մեջ, հաղթական եղանակավ մի գոչեց՝ ժամացույցը ցույց տալով.

— Դիտե՛, Արաքսիա, թե ո՛ր աստիճանի խոսքիս գերին եմ. նայե, ժամը ճիշտ երկուքն է։

— Տայր երկինք որ ամեն պարագայի մեջ նույն ճշտությունը պահեիր,— պատասխանեց վարժուհին։

— Կասկածելովս հանդերձ որ կշտամբանացդ պիտի ենթարկվիմ, կը տեսնես որ խույս չտվի քեզմե։

— Ուրեմն կզգաս մեղապարտ լինելդ։

— Մեղապա՜րտ։

– Այո, մեղապարտ, մանավանդ թե ոճրագործ։

– Ո՜հ,— ըսավ Սիսակ խնդալով,— բառերն հետզհետե զորավորագույն բացատրությամբ կը հաջորդեն իրարու։ Նախ մեղապարտ էի, և քիչ մի վերջը ոճրագործ դարձա։

— Ժամանակը սուղ է, ըսելիքս շուտ խոսիմ, և դու գործելիքդ փութով վճռե։

— Մեղք որ դատավոր չես, Արաքսիա՛, գործերը կայծակի արագությամբ պիտի կատարվեին։

— Խնդրեմ, Սիսա՛կ, վերջ տուր կատակներուդ։ Ոչ այս գիշերային ժամն, ոչ իմ տրամադրությունքս, և ոչ խոսակցությանս նյութը կարդարացնեն ծաղրելու հոժարությունդ։

— Ե՞ս, զքեզ ծաղրե՜մ, օրիո՜րդ, երբ հանչափս կը սիրեմ ու կը հարգեմ զքեզ։

— Լա՛վ, լավ, բայց խոսքի սկսինք։

— Առանց և ոչ իսկ հառաջաբանի․ վստահ եմ որ խնդիրը Վարդանույշի կը վերաբերի. օ՜ն ուրեմն, ի՞նչ է հրամանդ։

— Հրամանս այն է որ որոշապես հայտնես թե որո՞նք են տրամադրությունքդ այդ խեղճ աղջկան մասին, որ դժբախտաբար քու թեթևությանցդ մարտիրոսն եղած է։

— Թեթևությո՜ւն, մարտիրոսությո՜ւն, ի՞նչ բառեր են ադոնք։

— Խնդրեմ, Սիսա՛կ, զգաստ կերպիվ մտածե ու պատասխանե։

— Պատրաստ եմ ամեն հարցմանցդ պատասխանելու։

— Լավ, բայց հուսամ որ անկեղծությամբ կը պատասխանես։

— Ամենայն անկեղծությամբ, այսինքն որչափ որ կարելի է ինձ։

— Կը գուշակեմ որ այս վայրկենիս ևս խարդախ պիտի լինիս։

— Շնորհակալ եմ, սիրուն ազգակիցս, ինձ շռայլած քաղաքավարությանցդ համար․ և ի նշան երախտագիտությանս կը հառաջադրեմ անկեղծ լինել։

— Պատասխանե՛ ուրեմն, քանի՞ օրե իվեր Վարդանույշի այցելության չես գնացած։

— Կարծեմ տասն և հինգ օրե իվեր։

— Տասն և հի՛նգ օր։ Եվ ինչո՞ւ այդչափ ժամանակ զինքը լքյալ թողուցիր։ — Ես զինքը չթողուցի, ինքն ուզեց զիս հալածել։

— Ո՞վ, Վարդանո՞ւյշ ուզեց հալածել զքեզ։

— Այո՛։

— Խոստովանե, Սիսա՛կ, թե այս վայրկենիս ճշմարտախոս չես։

— Ի՞նչպես կրնաս զայդ գիտնալ։

— Անշուշտ գիտեմ քանի որ ողորմելի աղջիկը զքեզ չարաչար կը սիրե։

— Եթե սիրեր զիս ստուգիվ առաջարկս կընդուներ։

— Ո՞ր առաջարկդ։

— Պարզապես զինքն առևանգել։

— Սքանչելի խորհուրդ արդարև։

— Ինչո՞ւ խորհուրդս կը դատապարտես։ Եթե Վարդանույշ զիս իրոք սիրեր, այդ առաջարկս խիստ գործադրելի պիտի թվեր իրեն։

— Գերագույն մտածություն մ՚ունեցեր ես իրոք։ Կերևա թե քեզ համար պատվո խնղիրը բառ մ՚է պարզապես։

— Ինչպես և քեզ համար սերը բառգրքի բառերեն մին է և ոչ այլ ինչ։

— Կը բաղձայիր ուրեմն որ Վարդանույշ անջնջելի արատով մի դրոշմեր թե՛ ընտանիքն և թե՛ բոլոր յուր կյանքը։

— Դու ևս նախապաշարմանց գերին ես կը տեսնեմ։

— Եմ այդ մասին, և կուզեմ լինել միշտ։

— Ուրեմն քանի որ զիրար չենք հասկնար, ավելորդ է մեր խոսակցությունն առաջ մղել,— ըսավ Սիսակ ճարպիկությամբ։

Բայց Արաքսիա առանց այդ խոսքերուն ուշադրություն ընել ձևացնելու՝ երիտասարդին ըսավ․

— Խոստովանե՛ անկեղծաբար, ինչո՞ւ այդչափ ջանադիր ես փութացնել ամուսնությունդ օրիորդ Երանյանի հետ։

— Վասնզի կը սիրեմ զինքն, և կը փափագիմ որչափ հնարավոր է կենացս բոլոր րոպեներն անոր հետ անցընել։

— Սիսա՛կ, մեկ կողմ թող այդ արվեստավորյալ խոսքերն, և հիշե թե հոգվույդ խորը կը կարդամ ես։

— Ինչո՞ւ ուրեմն կը նեղվիս հարց ու փորձի ենթարկելով զիս։ — Վասնզի կը փափագիմ քու վերջին որոշումդ ճանաչել։

— Քանի որ դու չես հավատարիմ սիրույս էության, ի՞նչպես կարելի է ինձ որևէ վճիռ տալ։

— Մեծ պատճառներ ունիմ սիրույդ չհավատալու,— ըսավ աղջիկը, մասնավոր կերպիվ նայելով անոր։

Երիտասարդն անմիշապես հասկցավ թե տիկին Աբգարյանի կակնարկեր, և անտարբեր ձև մ՚առնելով ըսավ.

— Ես երիտասարդ մ՚եմ, և բնական է որ հուսով միայն չեմ կարող ապրիլ։

— Բայց հույսերն իրականության վերածելու համար կը բավե որ նվազ հեշտասեր լինիս ու առավել աշխատասեր։ Ւսկ դու կը փափագիս տիրանալ հանգիստ վիճակի մի առանց աշխատության. և այս է պատճառն որ կուզես ամուսնությունդ փութացնել օրիորդ Վարդանույշի հետ և ոչ այլ ինչ։

— Ուրեմն ես չե՜մ սիրեր զՎարդանույշ,— գոչեց Սիսակ, իբր թե սրտմտելով։

— Եթե սիրեիր զինքը, չէիր դատապարտեր այդ խեղճ աղջիկն անկողնո մեջ տառապելու և կասկածով ու կարոտով մաշելու։

— Ստո՞ւյգ է ըսածդ արդյոք։

— Կրնաս դու անձամբ երթալ և ըսածս հաստատել։

— Դու ազատ ես դատելու զիս ինչպես որ կը կամիս, բայց սա ստույգ է որ ճշմարիտ զգացում մ՚ունիմ Վարդանույշի նկատմամբ. կը սիրեմ զինքն և կուզեմ ստանալ զինքն ժամ հառաջ որևէ կերպիվ, հավանությամբ ծնողացն կամ թե առանց անոնց հավանության։ Եթե այդ պայմանր կընդունի օրիորդը, պատրաստ եմ նվիրել նմա բոլոր հոգիս։

— Հուսամ թե առանց այլոց բաժին հանելու սակայն, զի այդ մասին խիստ առատաձեռն ես արդարև։

— Ես տակավին ամուսնացած չեմ։ Հետևապես արդարացի չէ կարծեմ հավատարմություն ուխտել առ այն որ տակավին կինս չէ։

— Եվ սակայն դու չես ներեր որ ամենափոքրիկ համակրություն մ՚ունենա Վարդանույշ ուրիշի համար կարծեմ։

— Անշուշտ։

— Կը տեսնե՞ս ուրեմն որչափ անիրավ լինելդ։ Եթե հարցնեմ քեզ թե ի՞նչ բանի վրա կը հիմնես քու առանձնաշնորհություններդ, ի՞նչ պիտի պատասխանես ինձ։

— Պիտի պատասխանեմ քեզ թե կը վայելեմ պարզապես սեռիս իրավունքը։

— Եվ դու կը կարծես այդ անիրավ խոսքերով արդարությա՞ն դատը վարել արդյոք։ Հարցուր խղճիդ և ըստ այնմ խոսե։ Եթե դու սիրեիր զՎարդանույշ, նույնչափ սրբանվեր պիտի լիներ քեզ նա որչափ օրինավոր կինդ։

— Սիրո խնդիրը տարբեր եղանակավ կըմբռնեն երկու սեռերը։ Կանայք կուզեն որ արք իրենց համար զոհվին և իրենք ոչինչ գործեն փոխադարձաբար։

— Արդարև խիստ իմաստալից են խոսքերդ,— ըսավ Արաքսիա, ծաղրող եղանակավ։— Դու կը զվարճանաս, կյանքը կը վայելես, մինչդեռ քեզի համար Վարդանույշ կը տառապի, կը հյուծի սենեկին մեջ առանձին։ Եվ այդ չի բավեր, ու կսկսիս ամենայն հանդգնությամբ զանգատիլ անկե։

— Անշուշտ, քանի որ նա կը զոհե զիս ընտանեկան կամ ընկերական սնոտի պատշաճությանց։

— Գանք բուն խնդրույն,— ըսավ վարժուհին դժգոհ եղանակավ։

— Ինչպես կուզես։

— Վարդանույշ երբեք չամուսնանար առանց ծնողացն հավանության, զայդ լավ գիտցիր։

— Եթե այդպես է, բնավ կատարելիք բան չի մնար ինձ Վարդանույշի նկատմամբ. ուրեմն այս վայրկենեն օտար մ՚եմ իրեն համար։

— Սակայն չէր այդ քու խոստումդ։ Դու հառաջադրած էիր անձիդ պարկեշտ վիճակ մ՚ապահովել․ և մինչև այդ խորհրդույդ գործադրությունը, Վարդանույշ հանձնառու եղած էր սպասել համբերությամբ։

— Լավ, բայց եթե այդ վիճակը ցկյանս ապահովելու չհաջողիմ, հարկ է ինձ ուրեմն սպասել մինչև վերջը վտանգի ենթարկելով իմ ապագաս։

— Իսկ ի՞նչ ընե Վարդանույշ որ ընտիր բախտեր կը մերժե քեզ հավատարիմ մնալու համար։

— Եթե կուզե, զինքն արձակեմ ուրեմն յուր խոստմանեն։ — Խոստմանեն կարձակես, այո՛, բայց սրտին հոդերեն ի՞նչպես պիտի արձակես զինքն։

— Այդ իրեն գիտնալիքն է։

— Մեկուսի թո՛ղ ավելորդ վեճերը և լուր ինձ դու ու հնազանդե։

— Խոսե՛ տեսնենք։

— Քու ընելիքդ այդ աղջկան այցելության երթալ է, զի կրնաս հեգ արարածին մահ պատճառել խիստ միջոցներովդ։

— Պետք է որ մտածեմ։

— Սաստիկ պիտի վիրավորես զիս եթե չխոստանաս բարեկամուհվույս այցելության երթալու, զի նա ամենայն սրտահուզությամբ քեզ կսպասե, յուր լքման պատճառն իմանալու համար։

— Ինքն է պատճառն իմ հեռանալուս և մինչև որ չխոստանա անմիջապես ծնողացն հավանությունն ստանալու չեմ վերադառնար առ ինքն։

— Կը տեսնեմ որ շահերդ լավ գիտես պաշտպանել, Սիսա՛կ։

— Մեն մի մարդու պարտ է յուր վիճակն ապահովել։ Հավանական է որ Երանյանք հաջողին իրենց դուստրն հեռացնել ինձմե, և ես հետզհետե սաստկագույն սիրով համակվելով, դատապարտվիմ օր մի թշվառ լինելու։

— Սիսա՛կ, դու պարզապես կուզես սիրո վաշխառուն լինիլ, և երիտասարդուհին նեղի դնելով ծայրահեղ ու վերջնական միջոցներու դիմելու հարկադրել զինքն։ Ըրածդ անօրենություն է ու անարգ պատրվակ մի ապօրինավոր սերդ ծածկելու համար։ Եթե այդ խիստ վարմունքովդ ողորմելի օրիորդն Երանյան սպաննես, վստահ եղիր որ ես դատախազ պիտի կանգնիմ՝ զքեզ իբր մարդասպան հանդիսացնելով ի լուր աշխարհի։

Արաքսիա այնչափ սրտմտած էր որ աչերեն հուր կը ցայտեր և բերնեն փրփուր։

Սիսակ նկատելով որ պահանջողության չափն անցուցած էր՝ յուր ազգականին երեսին ժպտելով ըսավ.

— Ես չեմ հաճիր որ իմ պատճառավս այդպես բարկանաս․ հանդարտե՛, ու կը խոստանամ երթալ Երանյանց։ Միայն թե ամիս մի պայմանաժամ կը թողում Վարդանույշի որպեսզի հաջողի համոզելու զյուր ծնողք մեր ամուսնության մասին։ Հետ լրման տված պայմանաժամիս եթե վերջնական խոստումն չընդունիմ, ես ապահովապես կը հեռանամ օրիորդեն զի հոժարամիտ չեմ խաղալիք լինիլ երիտասարդուհյաց ձեռքը։ Դու ուրիշները կը հոգաս, Արաքսիա՛, միայն ինձ նկատմամբը անտարբեր ես, կը դիտեմ։

— Դու ուրիշի պետք չունիս, ավելորդ է զքեզ հոգալ։

— Անշուշտ, եթե օր մի սրտիս զոհը լինիմ՝ փույթ չէ քեզ այդ։

— Այդ կողմանե երկյուղ չեմ կրեր, վստահ եղիր, Սիսա՛կ։ Միայն թե ըսե ինձ եթե այցելությունդ կրնամ իմացնել օրիորդ Երանյանի։

— Եթե կուզես առավոտուն իսկ կերթամ կամ կես օրեն վերջը։

— Այդ անհնար է վասնզի ինքն անկողնո կը ծառայե։ Նախապատրաստելու է զնա, որով ես առավոտուն կերթամ և վաղվան համար այցելաթյունդ կիմացնեմ։

— Ուրեմն համաձայն ենք. ես վաղն անպատճառ կերթամ, բայց դու քու կողմանեդ պայմաններս մի՛ մոռնար։

— Լավ, լավ։

Եվ այս վերջին որոշման վրա Արաքսիա ոտք ելնելով ըսավ․

— Ժամանակն է որ մեկնիս արդ։

Եվ վերստին ճրագն առնելով առաջնորդեց նա երիտասարդին մինչև փողոցի դռան առջև, և ամեն արարողություն դուռ բանալու և գոցելու լրացնելեն վերջը, յուր սենյակը վերադարձավ սրտի անբացատրելի թեթևություն մ՚զգալով, զի կը մտածեր թե առանց վտանգի հաջողած էր կատարելու յուր հաշտարար պաշտոնը։

Արաքսիա գոհունակության կզգար աչացն առջև պատկերացնելով այն ուրախությունը զոր պիտի զգար յուր բարեկամուհին՝ իմանալով բանակցության հաջող ելքբ։ Բայց մյուս կողմանե ի սրտե կը ցավեր ճանաչելով Սիսակի հողդողդ բնավորությունը ինչպես և անոր շահախնդիր դիտավորությունները։ Սակայն ի՞նչ կրնար գործել սիրահորդ և բռնավոր սրտի մի դեմ որ ամեն զդոն խոբհրդոց ականջ կը գոցեր։ Ոգեսպառ եղած տքնութենե, ու ևս առավել այլ և այլ հուզումներե այդ գիշերվան, անկողին մանելով քնացավ անմիջապես։

ԳԼՈԻԽ ԼԱ.

Վարժուհին չէր գիտեր սակայն թե յուր գիշերային տեսությունը վկաներ ունեցած էր։ Երբ նա կերթար ընդունիլ զՍիսակ, ոտից քայլերն որչափ ալ թեթև լինեին աննշմարելի չանցան տիկին Աբգարյանե։

Մինչդեռ երիտասարդուհին տան տիկնոջ սենեկին առջևեն անցնելով կրկին զգուշություն կըներ քայլիցը ձայնը ևս առավել հեղձամղձուկ ընելու, հանդերձ այսու միջոց մի ճռնչյունը տախտակին որուն վրա կը կոխեր, ուշադրությունը գրավեց տիկին Աբգարյանի որ արթուն էր նույն պահուն, որ անհանգստությամբ կուսումնասիրեր վարժուհվույն նախորդ օրվան բացակայության պատճառը։ Կը մտածեր թե գուցե դավ մի պատրաստեր նա զյուր հոմանին իրմե հեռացնելու համար դարձյալ, ինչպես որ ապացույցն ունեցած էր, մինչդեռ աղջիկը պարտեզին մեջ առ այդ կաշխատեր Սիսակի հետ տեսնված ժամանակը։

Տիկին Աբգարյան հետաքրքիր լինելով ստուգելու թե ուսկից կուգար լսած ձայնը, տեղեն ցատկեց անմիջապես, դուռը բացավ անձայն, ու տեսավ վարժուհին որ ճրագ ի ձեռին վար կիջներ։ Սանդուղները բոլորաձև լինելով տիկինը կեցած տեղեն մինչև բակը կը տեսներ։ Հետևապես ականատես եղավ օրիորդին գրեթե մեն մի քայլին, անոր վերադառնալուն Սիսակի հետ, ու մասնավոր խուցի մեջ առանձնանալուն։

Երբ տիկին Աբգարյան ճանչցավ զյուր սիրահար, հոգին մռնչեց վայրենորեն, և այնպիսի սրտմտություն մ՚զգաց ընդդեմ աղջկան որ եթե հնար լիներ հոշ հոշ կըներ զայն նույն միջոցին։ Անմիջական վրեժ երդվավ, և խոստումն իրոք կատարեց։

Երբ տեսավ թե ո՛ր սենեկին մեջ մտան անոնք, մթության մեջ առ խարխափս քայլելով մոտեցավ փոքրիկ սենեկին ուր երկու երիտասարդը կը խոսեին, ու դուռն կիսաբաց լինելով լսեց անոնց բոլոր խոսակցությունն, ու անգամ մի ևս համոզվեցավ թե Արաքսիա կը ճգներ վերջնական կերպով հեռացնել իրմե զյուր հոմանին։

Ուզածն իմանալեն ետքը, և նկատելով թե անոնց խոսակցությունը վերջանալու վրա էր, հոգվույն բուռն վրեժեն առաջնորդյալ գնաց զարկավ սենեկի դռան Ներսեսի որ հեռու չէր ժամադիր երիտասարդաց գտնված տեղեն։

Ներսես իմանալով որ յուր դռան կը զարնեն՝ արթնցավ երկյուղալից, որ հարցուց թե ո՞վ էր զարնողը։

Տիկին Աբգարյան պատասխանեց ցած ձայնիվ.

— Ես եմ, փութա՛ գալ շուտ առանց ժամանակ կորսնցնելու, և մանավանդ առանց շշուկ հանելու։

Ներսես տեղեն ցատկեց անմիջապես և հարցուց եթե անմիջական վտանգ մի յուր օգնությունը կը պահանջեր։

— Գործելու պետք չկա, տեսնելու խնդիր է,— ըսավ չարաթույն կինը.— շուտ եկու կըսեմ, մանավանդ զգուշացիր լույս վառելե։

Ներսես արագաբար ուսերուն վրա նետելով վերարկուն որ մերձ էր անկողնույն, բացավ դուռը, սրտահույզ հարցնելով.

— Ի՞նչ կա, ի՞նչ եղավ։

— Սպասե՛ հոս առանց հեռանալու, և անձամբ կը դատես եղածն։

Հայտնի է որ վրեժխնդիր կինը կը փափագեր որ Ներսես տեսնե երկու երիտասարդներն առանց սակայն անոնց խոսակցությունը լսելու, զի հայնժամ Արաքսիա անբասիր կը հանդիսանար, մինչդեռ կուզեր զայն արատավորել։

Բայց Ներսես անկարող լինելով սպասելու մթության մեջ մանավանդ այդ անորոշ դիրքին մեջ, ուզեց լույս վառել ու հառաջ երթալ, բայց տիկինը ձեռքեն բռնելով կասեցուց ըսելով.

— Ո՞ւր կը փափագիս երթալ։

— Իմացուր ինձ ի՞նչ կա որ կը բռնադատես զիս հոս անգործ մնալու։ Եթե գողեր կան չեմ հանդուրժեր որ հոս մնամ առանց անոնց դեմ քայլելու։ — Իրոք գողեր եկած են ոչ թե մեր ինչքը այլ մեր պատիվը գողնալու։

Մինչ այս խոսակցությունը տեղի կունենար մեր երկու անձանց միջև, ահա դուռ մի կը բացվի, ու Արաքսիա դուրս կելնե հոնկե ճրագը բռնած, և Սիսակ կը հետևեր անոր։ Երկու լրտեսներուն կեցած հակառակ կողմանեն հառաջացան երկուքը միատեղ, ու անհայտ եղան բոլորովին։

Ներսեսի բոլոր արյունը քամվեցավ կարծես նույն վայրկենին․ առավելն տեսնելու կամ հարցնելու հարկ չհամարեց․ յուր սիրտը կատարելապես ջախջախված էր, զի սև մատնության խաղալիք կը կարծեր զանձն յուր։

Կը ցնծա տիկին Աբգարյանի հոգին որ օձերու բույն մ՚էր։ Խավարին մեջ չէր տեսներ զՆերսես, բայց անոր արձակած հառաչանքեն շուտ ըմբռնեց թե որպիսի սլաքով ծակած էր երիտասարդին հոգին։

ԳԼՈԻԽ ԼԲ.

Տիկին Աբգարյան չէր ներած Ներսեսի իրեն դեմ ըրած բողոքն ի պաշտպանություն վարժուհվույն՝ Ֆլորիա եղած օրերնին. բայց լռած էր միշտ առանց երբեք համարձակելու յուր սրտմտությունն հայտնել, զի երիտասարդն պատկառանք ու տեսակ մի երկյուղ ազդած էր իրեն ամեն ժամանակ։ Ահա ուրեմն մեկ հարվածով թե թաքուն դժգոհություն մի կը գոհացներ Ներսեսի մասին, և թե վրեժը կը լուծեր աղջկան մի նկատմամբ որ զյուր սիրահար կուզեր հափշտակել իրմե, և զյուր կրած անունը ստանալ։

Վրիժառությունը գազանային հեշտություն մ՚ունի չար հոգվո մի համար և զայդ հեշտություն լիաթոք կը վայելեր Ներսեսի մորուն։ Այդ վրիժառության գգացումը շանթի արագությամբ ներգործելով յուր վրա՝ առանց ժամանակ կորսնցնելու ըսավ կիսամեռ երիտասարդին.

- Ներսե՛ս, ահա աղջիկն զոր պաշտպանեցիր օր մի ի Ֆլորիա։ Դատե՛ թե որպիս՞ լրբությամբ կը հանդգնի ժամադրություն ունենալ մեր տան մեջ իսկ։ Կարելի է որ առաջինը չլինի այդ բայց սա ստույգ է որ երկրորդ ժամադրություն մի պատրաստված է վաղն առավոտյան համար, թո՛ղ թե այսօր օրն իբուն բացակա էր այդ անամոթ վարժուհին։

Չըսավ սակայն թե գրեթե ամբողջ օրն Սիսակ իրեն մոտ էր։

– Ես լսեցի,– հարեց տիկինը,- իրենց ամբողջ խոսակցությունը որ ոչ ևս երկբայության տեղի կուտա իրենց մեղսակից հարաբերությանց մասին։ Հետևապես անհնար է ինձ այլ ևս որդվոցս քով պահել այդպիսի անբարոյական անձ մի։ Սակայն ես ոչինչ գիտնալ կը ձևացնեմ ի պատիվ տանս, ու որևէ պատճառ առարկելով այդ աղքիկը քովես կը վանեմ։

Տիկին Աբգարյան իբր թե ոչինչ գիտեր Ներսեսի հաբաբերությանց վրայոք վարժուհվույն հետ, և թե կը գործեր պարզապես նախանձախնդրությամբ տանը պատվույն։

Երիտասարդն այնպես ապշած, կործանած, մեռած էր գոգցես, որ ոչինչ պատասխանեց, ու յուր սենյակը մտնելով և դուռը գոցելով, անկավ գետինն, ու հոն մնաց իբր մարդ հորմե խլած էին զգալու և մտածելու կարողությունքն։

Ապագան որ այնչափ վարդագույն ներկված էր իրեն համար՝ հանկարծ սև վարագուրով ծածկվեցավ։ Քաոսը կը տիրեը սրտին մեջ, քաոսը մտացը մեջ։ Բայց հետզհետե խառնաշփոթությունը տեղի տվավ լուրջ մտածությանց. տեսավ աչացն առջև պատկերացած սև մատնություն մի հանձին Արաքսիայի, զգաց զայդ մատնության բոլոր դառնռւթյամբն հոգվո մի որ ամիսներե իվեր վարժ էր ծայրահեղ երջանկություն վայելելու, և որ երանության բարձունքեն կը գահավիժեր դժբախտության վհին մեջ։ Ոտք ելավ, գտավ սեղանն որուն վրա ճրագ մի կար, վառեց զայն Իբր թե լույսի ազդեցությամբ կարողանար չար երազի մի ներգործութենեն ազատիլ։ Բայց լույսը ոչ միայն ոչինչ ցրվեց, այլ մատնության երևույթն աստիճանաբար հսկայացավ։

Սկսավ անցելույն նայիլ, ու փնտրել և գտնել դատապարտության կետեր ընդդեմ աղջկան։ Հիշեց օրն այն ուր Արաքսիա կը խոսակցեր Սիսակի հետ պարտեզին մեջ. հիշեց անոր շփոթությունն երբ զինքն տեսավ, ինչպես անոր համառությունը գաղտնի պահելու իրենց խոսակցության նյութը մտածեց թե նախընթաց իրիկունն իսկ վարժուհին անհանգստության մի մատնյալ էր զոր ի զուր կը ջանար քողարկելու. և կը հետևցներ թե այդ անհանգստության պատճառն ոչ այլ ինչ էր եթե ոչ անձկությունը զյուր սիրահարն ընդունելու նույն գիշեր։

Երիտասարդն ընելիքն անմիջապես վճռեց, այն էր ի սպառ արտաքսել հոգիեն և կյանքեն զԱրաքսիան։ Որչափ ծանր էր հարվածն որով յուր սիրտը պիտի մեռցներ, նույնչափ ալ ուզեց որ արագ լինի ևս գործադրության միջոցը։ Բոլոր գիշերն հուսահատության բուռն տառապանոքն անցուց։ Ի վերջո սիրո հեշտագին հիշատակներուն վերջին մնաս բարյավը տալով, մոտեցավ փոքրիկ տուփի մի, հոնկե դուրս հանեց չորաբեկ վարդ մի, և զայն թուղթի մի մեջ բոլորեց որուն վրա գծած էր հետևյալ տողերը։

«Նույն օրն, Արաքսիա՛, որ այս վարդն գեղով ու թարմությամբ կը փայլեր, պահեցի զայն ի հիշատակ մեր սիրույն։ Նույն օրն և զքեզ իբր այդ վարդն թարմ, և գեղեցիկ առաքինությամբ օժտված կը կարծեի։ Իսկ այսօր գիտեմ որ իբր այս վարդն թարշամյալ ես տգեղությամբ ու սև մատնությամբ ընդդեմ խոստացյալ սիրույդ։ Այսուհետև ազատ ես, մնաս բարյավ»։

Պահարանի մեջ դրավ այդ թուղթը։ Արաքսիայի հասցեն գրեց, ու դրավ զայն գրասեղանին վրա։ Ամեն ինչ լմնցած էր հավետ ուրեմն։

Բայց ծանր էր սիրո մարտիրոսին բնակիլ հայդ վայր որ վկա եղած էր յուր երջանկության։ Ուստի միտքը դրավ հաջորդ առավոտուն իսկ մեկնիլ տունեն Անգլիա երթալու համար յուր գործողություններն պատճառ բռնելով։

Թեթև պատրաստություններ ըրավ ճամփորդելու համար, ու առավոտուն ամեն ինչ պատրաստ էր ուղևորությանն համար։

Իջավ պարտեզ ուր յուր երկու քույրերն կը խաղային ընդ հովանավորությամբ աղախնո, և օրիորդին բացակայությունը նկատելով հաստատվեցավ տիկին Աբգարյանի տված տեղեկությանց ճշտության վրայոք՝ այսինքն թե վարժուհին երկրորդ ժամադրություն մի պիտի ունենար նույն առավոտուն Սիսակի հետ։ Մոտեցավ տղայոց, համբուրեց զանոնք կրկին և կրկին անգամ անսովոր գորովանոք, ու իմացուց անոնց յուր ուղևորելու դիտավորությունը։ Տղայք զայդ իմանալով հանչափս հուզվեցան և սկսան լալ դառնապես։ Բայց երիտասարդն զանոնք մխիթարելու դիտավորությամբ խոստացավ վերադառնալ շուտով։ Մինչ Ներսես կը պատրաստվեր հրաժեշտի ողջույն տալու, Աղավնին ըսավ.

— Եղբա՛յր, մեր օրիորդը հոս չէ, դու չե՞ս սպասեր անոր վերադարձին զինքն բարևելու համար։

— Ոչ, քո՛ւյրս, ժամանակ չունիմ. միայն թե յուր ձեռքը հասցնես այս նամակս,— ըսավ Ներսես, որուն պարունակությունը ծանոթ է մեզ։

Արմինեն հափշտակելով եղբորը ձեռքեն թուղթը, խնդրեց անկե որ ինքը կատարե այդ պաշտոնը, խոստանալով գործել ամենայն ճշտությամբ ու ապահովությամբ։

Մինչդեռ երիտասարդն կը վարաներ յուր հաճությունը տալու, բարեսիրտ Աղավնին երաշխավոր կանգնեցավ քրոջն համար, իբր թե բնազդմամբ զգար թե ինքն սահմանյալ էր յուր սիրելի վարժուհվույն միայն բարիք ու գոհունակություն ազդելու, և ոչ թե տխրություն ու աղետք։

Ուստի փոքրիկն Արմինեն նամակը ձեռքը պահելով, ըսավ․

— Եղբայր, վստահ եղիր կըսեմ որ զայս մեր օրիորդին անվտանգ կը հանձնեմ։

— Լավ ուրեմն,— պատասխանեց երիտասարդն։

Մինչ գողտրիկ էակը կարևորության ձև մի կուտար անձին՝ նկատելով իրեն տրված վստահության նշանը, Ներսես վերստին համբուրելով տղայքը անբացատրելի հուզմամբ, հազիվ կարողացավ հնչել այս քանի մի բառերը․ «Զիս մի մոռնաք, այլ ամեն օր հիշեցեք»։

Ընդ փույթ կը հեռանար Ներսես այն տունեն որ երբեմն երջանկության բույն եղած էր իրեն համար, և որ նույն վայրկենին վայր աղետից դարձած էր, կարծես թե անհամբերության տենդն զինքն գրաված էր, և թե կուզեր ահագին անջրպետ մի դնել ընդ մեջ իրեն և Արաքսիայի։

Գնաց Պոլիս ի գրասենյակն պ. Աբգարյանի՝ որ ըստ յուր սովորականին խիստ կանուխ դիմած էր հոն։ Այդ աշխատասեր հայրն առաջիններեն մին էր գործի երթալու, և հետինը յուր գրասենյակը թողլու։ Պ. Աբգարյանի համար կենաց գլխավոր պայմաններեն մին էր զբաղիլ, հառաջադիմել, հարստանալ։ Որչափ յուր հարստությունը կը զարգանար, նույնչափ ալ յուր արժանավորության վրա կը հաստատվեր, ու օրինավոր գոհունակություն կզգար անդուլ ջանիցն հաջողությունը նկատելով։ Աշխատությունն յուր մեծագույն զբոսանքն էր, անով կը բավականանար, ու այլոց կը թողուր կենաց այլ և այլ վայելքը։

Պ. Աբգարյանի որդին պատճառելով նախընթաց օրվան հեռագրալուրի մի գալուստը, իմացուց հորը թե յուր ներկայությունն անհրաժեշտ էր ի Մանչեսթըր․ և հույս տալու համար գործի վերաբերյալ մանրամասնությանը վրայոք հաշիվ տալու հարկեն, ու կասկածելի երևալու վտանգեն, փութաց հեռանալ ծնողքեն առարկելով ուղևորությանն համար կատարելիք քանի մի հարկավոր արարողությունները:

Պ. Աբգարյան զարմացավ յուր որդվույն հանկարծական ճամփորդության վրա. բայց կատարյալ վստահություն ունենալով անոր թե լրջամիտ խորհրդոց և թե խոհեմության վրա, մակաբերեց թե այդ անհապաղ չուն անհրաժեշտ էր անշուշտ։ Ու թեև սաստիկ ցավեցավ երիտասարդին հեռանալուն համար, մխիթարվեցավ սակայն մտածելով թե գործերն ամեն բանե հառաջ էին։

ԳԼՈԻԽ ԼԳ.

Մինչդեռ Ներսես ամեն սիրո հոդ ջախջախելով՝ Արաքսիայի սիրտը պիտի հոշոտեր, ողորմելի աղջիկն անգիտանալով իրեն հասած աղետքը, կանուխ գնացած էր Վարդանույշին հոգին կենդանացնելու, Սիսակի մոտակա այցելության լուրն հաղորդելով անոր։

Թեև վարժուհին ոչ նպաստավոր և ոչ ալ խիստ աննպաստ կերպիվ ներկայեց երիտասարդին հեռանալու պատճառն, օրիորդ Երանյան հաջողեցավ զՍիսակ կատարելապես արդարացնելու սիրահարաց հատուկ ճարտարությամբն, ու մինչև անգամ ամուսնությունը փութացնելու պահանջողության մեջ գորովանաց ապացույց մի տեսավ։ Ստույգ է որ ոչինչ գիտեր երիտասարդին ստեպ այցելությանց մասին առ տիկին Աբգարյան ու անոնց ունեցած հարաբերությանց վրայոք բնավ կասկած չուներ։

Վարդանույշ յուր ծայրահեղ վհատութենեն և տկարութենեն մեկեն ի մեկ առ կյանս վերադարձավ։ Մոռցավ թե հիվանդ եղած էր, այնչափ մեծ էր հինքն աշխույժը։ Անկողնեն ելավ, ու անհամբեր սկսավ սպասել հաջորդ օրվան որ հատկացյալ էր յուր սիրելվույն գալստյան։

Իսկ Արաքսիա ուրախ էր ոչ թե հակամայս կատարած գործին վրայոք այլ վասնզի կը նկատեր յուր բարեկամուհվույն չափազանց երջանկություն։ Ուստի հրաժեշտի ողջույնը տալեն՝ ու մտերմին խառն երախտագիտական խոսքերն ընդունելեն վերջը, մաքուր խղճի գոհունակությամբ փութաց վերադառնալ տուն, հուսադիր լինելով հասնելու հոն հառաջ քան զզարթումն Ներսեսի, որով յուր բացակայությունն արդարացնելու չէր հարկադրվեր, նամանավանդ նոր կասկածներ հարուցանելու առթե մ՚ալ կազատեր, զի լավ կը ճանաչեր երիտասարդին կասկածոտ բնավորությունը և մեծ զգուշությամբ կը վարվեր միշտ անոր նկատմամբ։

Կասկածոտությունն ու նախանձը հատուկ ախտերն են բոլոր սիրահարաց։ Ամենեն դրական մարդը բանաստեղծ կը դառնա երբ սիրահարյալ է, այնչափ զարմանալի իմն հաջողակությամբ կասկածանաց ծնունդ կուտա, և գուրգուրալով ու նախանձախնդրությամբ զանոնք կը սնուցանե, այլ և այլ գույներով կը զարդարե, և ոչնչեն ահագին շենք մի կը կառուցանե։

Երբ վարժուհին աշակետուհյացը սենյակը մտավ, երկուքը միատեղ դեպ անոր ընթացան, և անհամբերն Արմինե գոչեց.

— Օրիո՛րդ, գիտե՞ք մեր եղբայրը մեկնեցավ։

Արաքսիան այլայլեցավ չարաչար․ ինչպես, մտածեց, արդե՜ն Ներսես արթնցած և տունեն դո՞ւրս ելած է։

Բայց Արմինե առանց անոր ժամանակ թողլու որևէ հարցում մ՚ընելու, ու տղայոց մասնավոր նախանձախնդրությամբ շուտով կատարելու իրենց հանձնված պաշտոնը, փութաց գրպանեն հանել եղբորը նամակն, և յուր վարժուհվույն հանձնելով զայն՝ իմացուց միանգամայն Ներսեսի Մանչեսթըր երթալը։

Երիտասարդուհին առավ թուղթը ամբողջ մարմնովը դողալով, բացավ, կարդաց, ու անկավ գետինը նվաղյալ։

Երկու տղայք սարսափահար եղած այդ տեսաբանեն՝ սկսան բարձր ճիչեր արձակել օգնություն խնդրելով։

Վազեցին աղախնայք, տիկին Աբգարյանն իսկ մանկանց հարուցած աղմուկեն արթննալով սենեկեն դուրս ցատկեց, և փութաց այդ արտասովոր այլայլության պատճառն իմանալու։

Ի տես ողորմելի վիճակին վարժուհվույն՝ վագրակերպ սիրտն այդ չար կնոջ տրոփեց բերկրությամբ, զի շուտ հասկցտվ թե կարևոր դեպք մի տեղի ունեցած էր Ներսեսի և անոր միջև։ Այդ կարծիքը շուտով հաստատություն գտավ երբ գետնեն քաղելով երիտասարդին նամակր որ նվաղյալ աղշկան ձեռքեն գլորած էր, կարդաց անոր պարունակությունն, և յուր տղոցմեն իմացավ իրենց եղբորը մոտալուտ ուղևորությունն։

Այդ կնոջ ուրախությունն չափ չուներ․ նախ կազատեր ամուսնույն որդիեն, զի կը նկատեր զայդ երիտասարդ իբր տհաճո և վտանգավոր վկա մի յուր մեղադրելի կենաց, որ լռությամբը կը դատապարտեր խստիվ յուր հանապազօրյա վարմունքր։ Հետո երկու սիրահարաց ամուսնությունը կարգիլեր որ մահու չափ ատելի էր իրեն։ Հասած էր ուրեմն վերջապես ժամն ուր պիտի վաներ զաղջիկն այն որ յուր սիրային խորհրդոց դեմ դավակցած էր։

Երբ վարժուհին ինքզինքը գտավ, յուր մոտ տեսավ երկու քույրերն որք անմեղ հոգվո ամենայն անկեղծությամբ իրենց մանկական խնամքը կը հայթայթեին իրեն, ինչպես և աղախին մի որ դժգոհ կերպարանոք կաշխատեր զինքն սթափելու, ժամ հառաջ հեռանալու տրամադրությամբ։

Աղախնայք կատեն վարժուհիներն, և անոնց չեն ներեր բացարձակ առավելությունն որ ունին իրենց վրա բարձրագույն դիրք մի գրավելով տանց մեջ։ Կը խորհեին թե վարժուհին ինչպես իրենք՝ թոշակավոր անձինք են, ու չեն ուզեր ըմբռնել մշակյալ մտաց հայթայթած առավելությունները։ Արաքսիա թեև քաղաքավարությամբ կը վարվեր սպասավորաց հետ, ասոնք իրեն դեմ հակառակության ոգվով լի էին, և ամեն առթի մեջ այդ հակառակությունը կը հայտնեին։

Ուստի անմիջապես որ օրիորդն սթափեցավ՝ աղախինը փութաց սենեկեն մեկնիլ մրմռալով «ո՞վ գիտե ինչ ունի»։ Բայց հեգ աղջկան առաջին մտածությունն եղավ փնտրել այն նամակն որ զինքը շանթահարած էր։

Տիկին Աբգարյան առանց ումեք ուշադրությունը գրավելու կարդացած էր զայն և վերստին նույն տեղը թողած, իբր թե ոչինչ տեսած լիներ։

Ուստի տղաչք թուղթբ գետնեն վերցնելով մատուցին վարժուհվույն։ Դողդոջուն ձեռամբ առավ զայն թշվառ արարածը և պահեց երկյուղածությամբ։ Իմանալով տան տիրոջ ներկայությունն սենեկին մեջ մինչդեռ ինքն նվաղյալ էր, մեծ անձկությամբ տեղեկացավ եթե կարդացած էր նա յուր նամակը։ Տղայք ոչինչ տեսած էին, որով հաստատեցին թե իրենց մայրն ոչինչ տեսած էր։

Աբաքսիան այնչափ տկարություն կզգար որ անկարող էր տեղեն շարժելու։ Թշվառ աղջկան կենսական գործիքը փշրված էր կարծես։ Երկու քույրերը՝ երկու մաքուր սիրո աղբյուրները, իրենց գթովն ու խնամքովը կը ջանային վերակենդանացնել զվարժուհին։ Աղավնի կը հարցներ թե մի գուցե եղբորը նամակն այդչափ հուզմունք պատճառած էր իրեն, և կը զարմանար որ նա երբ այնչափ բարի էր, կրնա՞ր այդչափ վիշտ պատճառել իրենց սիրեցյալ օրիորդին։

Բաչց վարժուհին կը ջանար հավտացնել անոր թե չէր Ներսես պատճառ յուր անհանգստության, և թե առավոտուն մեծ սրտահուզություն մ՚ունեցած էր մինչդեռ բացակա էր, և որուն հետևանքն էր յուր նվաղումն։ Տղայք կը հավատային այդ զրույցին, անիծելով իրենց օրհնյալ բերնով նույնիսկ եղբայրն այն զոր կը պաշտեին։

Բայց Արաքսիա կարգիլեր այդ անեծքը վախնալով կարծես թե անմեղության անեծքը չար ներգործություն մ՚ունենար իրեն այնչափ պաշտելի եղած անձին վրա։

Ննջելու և լռության պետքն առարկելով՝ վարժուհին խնդրեց աշակերտուհիներեն որ անցնին յուր գտնված խուցին կից սենյակն որուն հետ հաղորդակցության դուռ մի կար։ Կր փափագեր առանձին մնալ առանց տղաքներե բոլորովին հեռանալու։ Կրնա՞ր ննջել երբ սրտին մեջ ահագին ալեկոծություն կար։ Կուզեր միայն հինքն ամփոփվիլ մտածելու, խորհելու և Ներսեսին իրմե հրաժարելուն պատճառն ուսումնասիրելու համար։ Գոցեց աչերն իբր թե ի քուն լիներ, և խոր լռության մեջ աչացն առջև բերավ ամեն դեպք, ամեն պարագա որ նախընթաց գիշերեն ի վեր տեղի ունեցած էր։

Գրեթե վստահ էր թե ոչ ոք յուր ժամադրությունն իմացած էր։ Բայց համարելով իսկ, կը մտածեր կույսն, թե Ներսես լրտեսած լիներ զիրենք, հայնժամ անցած գնացածը պիտի գիտնար, իրենց խոսակցության տեղյակ պիտի լիներ, որով յուր անմեղ վարմունքը բոլորովին կարդարանար:

Բայց ընդհակառակն եթե լրտես մի իրենց գիշերային տեսությունը մատնած էր երիտասարդին, անհնարին էր որ նա կուրորեն հավատք ընծայեր այդ զրույցին առանց իրմե տեղեկություն խնդրելու և գործն ստուգելու. ուսկից կը հետևցներ թե գիշերային դեպքը բնավ շարժառիթ չէ եղած Ներսեսի վարմունքին։

Կր մնար նույն առավոտուն տունեն կանուխ և անսովոր ժամանակի, դուրս ելնելու խնդիրը։ Գուցե կասկածելի թվեր երիտասարդին այնպիսի հանկարծական կերպիվ տունեն հեռանալու պարագան առանց ոչ ումեք բան մի հայտնելու։ Բայց պարզ կասկած մի կը բավե՞ր արդյոք այդպիսի խիստ միջոցին դիմել զինքը մատնիչ անվանելով, և ջախջախել անգթաբար սիրո ամրապինդ հոդերը՝ դրժելով հավատարմության նվիրական ուխտը։

Ստույգ է թե Արաքսիա զգուշացած էր յուր առավոտյան բացակայության վրա խոսելու Ներսեսի, քանի որ պատճառն անկարող էր հաղորդել անոր. նամանավանդ կը հուսար որ ժամանակին տուն վերադառնալով դուրս ելած լինելն աննշմարելի կանցներ։

Խիստ անախորժ էր Արաքսիայի գաղտնիք մ՚ունենալը հայտնել շարունակ Ներսեսի, առանց կարողանալու եղածն խոստովանելու։ Արդեն պարտեզին պատահարը չէր մոռցած կույսը, և կզգուշանար, ինչպես ըսինք, ամեն առթե որ նորանոր կասկածներ կրնար հարուցանել։ Եթե այդ բացակայության պարագայեն դրդյալ ներշնչված էր Ներսես, զնա դատապարտելի կը նկատեր Արաքսիա։ Հանդերձ այսու սիրահարաց սովորական ներողամտությամբ՝ նախանձը շարժառիթ համարեց յուր խոսնայրին անիրավ ընթացքին, առանց վայրկյան մ՚իսկ համարձակելու փոփոխամտության վերադրելու զայդ։

Ուստի հուսաց նա որ երբ նախանձու առաջին բուռն ազդեցությունն անցներ, նույնիսկ Ներսես՝ պիտի համոզվեր կասկածանաց անհիմն լինելուն վրա, և զղջալով առ ինքն պիտի վերադառնար։ Այդ հույսը՝ իբր նավաբեկչային դյուրաբեկ տախտակն ընդ մեջ ալեկոծության, կարգիլեր զԱրաքսիան հուսահատության անդունդին մեջ կորսվելու անդարձ։ Վերջապես զղջացյալ սիրահարի մ՚ակնկալությունը սակավ ինչ ոգևորեց տառապյալ կույսն, և թույլ տվավ իրեն հոտս կանգնիլ իբր թե քունեն զարթնելով, ի մեծ գոհունակություն երկու մանկկանց որք շարժելու անգամ չէին համարձակած վախնալով որ օրիորդին անդորրը կը վրդովեր։

ԳԼՈԻԽ ԼԴ.

Տիկին Աբգարյան մակաբերելով որ եթե յուր սիրահարին հայտներ դիտավորությունը արտաքսելու զվարժուհին՝ նա ամեն միջոց պիտի գործածեր արգիլելու համար զայդ, փութաց արձակել զԱրաքսիան հառաջ քան զգալուստն Սիսակի։ Աղախնո մի միջոցավ իմաց տվավ օրիորդին որ երթա ծնողացը տունը հանգչի քանի որ անհանգիստ էր։ Բայց օրիորդն հայտնելով թե վայրկենական նվաղում մ՚ունեցած էր տխուր պարագայի մի ներգործությամբ, և թե բոլորովին առողջ համարելով զանձն յուր ավելորդ էր հանգստյան դիմելու տղայքն առանձին մնալու ենթարկելով։ Տիրուհին պնդեց ըսածին վրա, ու վարժուհին պարտավորեցավ անոր հրամանին հնազանդելու, ոչ սակայն առանց փոքրիկ կասկած մ՚զգալու տիկնոջ համառության ինչպես և անոր ներքին դիտավորությանց վրայոք։

Կրկին և կրկին անգամներ համբուրելեն վերջը երկու քույրերն և ընդ փույթ վերադառնալու խոստմամբ, Արաքսիա կառք մի բերել տվավ ու մեկնեցավ ծնողացը տունը՝ վերադառնալու համար։

Այն ինչ տեսավ տիկին Վարսամյան յուր դստեր նվաղյալ վիճակն այլայլեցավ ուժգին։ Բայց Արաքսիա յուր քաղցր ժպտովը մխիթարեց զնա հաստատելով թե զգացածը ծանր բան չէր, ու պարզապես հետևանք էր անախորժ դեպքի մի, կըսեր, որ տան մեջ տեղի ունեցած էր և իրեն հուզմունք պատճառած։

Հավատացին ծնողքն այդ զրույցին։ Եվ մինչ գրեթե ժամե մ՚իվեր մորը գուրգուրանաց առարկա էր Արաքսիա, ահա տիկին Աբգարյանի սպասավորը նամակ մի կը բերե, և թողլով զայն կը մեկնի անմիջապես։

Այլադունեցավ կույսն, գուշակեց դժբախտությունն որ իրեն կսպառնար, ու անհամբերությամբ բանալով թուղթը կարդաց հետևյալ տողերը.

«Տիկին Աբգարյան կիմացնե Արաքսիա վարժուհվույն՝ թե յուր անվայել վարմունքին պատճառավ ոչ ևս կրնա պահել զնա տանը մեջ, և թե սույն վայրկենեն ազատ է նա ուրիշ տեղ փնտրելու»։

Հանցավոր կինը կապտակեր զանմեղ աղջիկն, երբ սա ամենայն իրավամբ կրնար հարվածել զնա պարսավելի վարուցն համար։ Ինչպես ամեն թեթև կին որ հանդուգն հանձնապաստանությամբ ուրիշները մեղադրելով զանձն յուր անբասիր ընել կը փորձե, և պատվո ջերմ նախանձախնդիր ներկայանալ կաշխատի, նույնպես կը հանդիսանար և տիկին Աբգարյան։ Որչափ մարդիկ խստապահանջ լինին տյլոց նկատւթյամբ, նույնչափ ներողամիտ են իրենց համար․ և որչափ խորամանկ լրջմտությամբ հասարակաց գործոց դատավոր կանգնին նույնչափ կը կարծեն թե այլք բթամիտ են ու անկարող զիրենք հասկնալու և դատելու համար։

Թեև Արաքսիա յուր տիրուհուն հետ չէր անցըներ ժամանակը, սակայն տեսածներեն կը մակաբերեր թե բարոյականության տիպար մի լինելու չէ անշուշտ նա։ Բայց քանի որ ինքն տիկնոջ հետ գրեթե վերաբերություն չուներ, ու տղայոց նվիրած էր յուր սերն և Ներսեսի մոտ կապրեր, փույթ չէր բներ տան տիկնոջ վարմունքը մանրամասնաբար ուսումնասիրելու, և ոչ ալ խղճմտություն կըներ անոր տան մեջ ապրելու քանի որ ընդ հովանավորությամբ յուր խոսնայրին կը գտնվեր։

Ոչ միայն վարժուհին երբեք ակնարկություն չէր ըրած Ներսեսի յուր մորվին թեթևսոլիկությանց վերաբերմամբ, այլ ծնողացն իսկ աննպաստ խոստովանություն մ՚ըրած չէր բնավ։ Չար լեզվի պաշտոնն անշուշտ Արաքսիայի նման բարի հոգի մ՚ունեցող անձի մի դերը չէր կրնար լինել։

Երբ աղջիկն նամակն կարդաց՝ արձանացավ։ Զինքը կարձակեին ուրեմն անարգանոք իբր նվաստ և խայտառակ արարած մի, երբ ինքն նպատակ ունեցած է յուր արժանապատվությունը ի վեր քան զամենայն նկատելու։ Բայց նույն միջոցին մտքեն անցավ թե յուր գիշերային հյուրընկալությունը վկա մ՚ունեցած էր գուցե, և թե այդ կրնար լինիլ Ներսեսի դժգոհության պատճառը ինչպես և տիկին Աբգարյանի նախատալից ակնարկության։ Գանգը կարծես ջախջախեցավ այդ մտածությամբ, ու քիչ մնաց որ երկրորդ նվաղում մ՚ունենար։

Տիկին Վարսամյան նկատելով ղստերն անհանգստությունը սուրաց առ նա, ու պետք եղած հոգն հայթայթեց անոր, մինչ անդամալույծ հայրն անկարողությամբ կը գալարեր։ Երբ կույսն սակավ ինչ ոգևորելով կարողացավ խոսիլ, այլայլյալ մայրն ուզեց այդ նամակին պարունակությունը ճանաչել, քանի որ ինքն յուր տգիտության պատճառավ անկարող էր ընթեռնուլ զայն։

Ի՞նչ կրնար հայտնել սրտաբեկ Արաքսիան. ինչպե՞ս կարելի էր իրեն կատարյալ խոստովանություն մ՚ընել առանց դրժելու յուր խոստումն առ Վարդանույշ, նամանավանդ երբ մայրն անիրավ հակառակություն մ՚ուներ ընդդեմ այն ընտանյաց։ Հետևապես հայտնեց պարզապես թե յուր տիրուհին զինքն կարձակեր օգուտ քաղելով Ներսեսի ուղևորութենեն․ զի, կը հարեր կույսն, ենթադրելի է թե տիկինր վերահասու եղած էր իրենց սիրային հարաբեբությանց, և ջանադիր էր իրենց ամուսնությունն արգիլել։

Արդեն Ներսեսի հանկարծական ուղևորությունն իմացուցած էր Արաքսիա յուր ծնողացն առանց անոր դժգոհության վրայոք բան մի խոսելու, մանավանդ որ կզգուշանար անոնց կասկածը զարթուցանելու, հուսադիր լինելով երիտասարդին սիրտը վերստին շահիլ ամեն թյուրիմացության հետք ջնջելով, և այսու եղանակավ ավելորդ սրտահուզություն խնայել ընտանյացը։

Վարժուհվո ծնողքն ոչ միայն չցավեցան տիկին Աբգարյանի կարգադրության վրայոք այլ չափազանց ուրախացան իրենց դուստրը քովերնին պահելու հուսով։ Ապահով էին որ իրենց փեսայացուն հրաման պիտի չտար Արաքսիայի ուրիշ ընտանյաց քով իբր վարժուհի երթալու, որով իրենց զավակը պիտի պարտավորեր ընդունելու այն նյութական նպաստը զոր միշտ համառած էր մերժել ընտանյացը համար։

Բայց այդ գոՀունակության ցույցերուն շուտով վերջ գրավ Արաքսիա Հայտնելով թե ինքն ոչ երբեք նպաստ կընդուներ մաըդե մի որ յուր ամուսինր չէր տակավին։

— Մեծ ենք,— կըսեր աղջիկն,— ցորչափ մեր աշխատությամբ կապրինք. զի այնու եղանակավ անկախ դիրք մի կը ստանա մարդն ընկերության մեջ ու բարձրահոն կը քայլե։ Ընդունող ձեռքը կորագլուխ քայլելու դատապարտված է, և ես, մա՛յր, կզգամ որ նույն օրն որ արժանապատվությանս վրա կոխեմ, նույն օրեն ես ինքս լինելե կը դադրիմ։ Եթե անձս չհարգեմ նախապատիվ կը դասեմ մեռնիլ։ Երբ մարդս յուր ընթացքեն գոհ է, ամեն դժվարությանց կը դիմադրե և ամեն աղետից կը հանդուրժե։

Արաքսիայի խոսելու եղանակը շատ իսկ կը հայտարարեր թե իրեն դեմ հակառակիլն ավելորդ էր այս մասին։ Հառաչեց պ. Վարսամյան, իսկ լուռ կեցավ տիկինը, զգուշանալով յուր ատելությունն հայտնելու վարժապետության պաշտոնին դեմ որուն շնորհիվ շքեղ փեսայացու մի կակնկալեր։

Տառապյալ բայց արի աղջկան առաջին մտածությունն եղավ Ներսեսի անմիջապես նամակ գրել յուր վարմունքն արդարացնելու համար և ցայդ խորհուրդ գործադրեց իսկույն։ Ուստի առանց բնավ հայտնություն մ՚ընելու Սիսակի ու Վարդանույշի վերաբերող հարաբերությանց վրայոք, երդում ըրավ առաջի երկնից որ յուր վարմունքը՝ թեև դատապարտելի կրնար թվիլ զանազան պարագաներու մեջ, պատվավոր էր սակայն և գնահատելի ըստ ամենայնի, և թե զայդ գուցե քիչ ժամանակեն ինքն անձամբ կարողանար հաստատել։ Բնավ գիշերային ժամադրության ակնարկություն չէր ըներ նա, մտածելով թե այդ պարագային գուցե տեղյակ չլիներ երիտասարդն։ Գրեց բուռն սիրո արտահայտությամբ, ու մեծ հոգվո արժանավայել մեծանձնությամբ խնդրեց որ չբեկանե երկու անկեղծ սրտերու սուրբ և նվիրական հոդերն, և մանավանդ անհապաղ պատասխանե՝ մտատանջության տագնապներե զինքն ազատելու համար։

Հետ ավարտելու նամակն, ինքն անձամբ թղթատունը տարավ, Մանչեսթըր ղրկվելու համար։ Առավոտուն կառքով եկած էր հայրենի բնակարանն, իսկ նույն պահուն այնպես ոգևորած էր որ ամենայն քաջությամբ մինչև թղթատուն քայլեց։

ԳԼՈԻԽ ԼԵ.

Հետ քանի մի ժամերու Արաքսիայի մեկնելեն վերջը Աբգարյանց տունեն՝ ահա Սիսակ որ կը ներկայանա տիկին Աբգարյանի իբր բոլորովին անտեղյակ թե Ներսեսի և թե յուր ազգականին վերաբերյալ անցից։

Տան տիկինը դժգոհ կերպարանք մ։առած էր գրգռելու համար զերիտասարդը պատճառն հարցնելու։ Եվ իրոք սա դիտողություն ըրավ տիկնոջ յուր դժգոհ կերպարանքին վրա։

— Կը ցավիմ խոստովանելու,— պատասխանեց խորամանկ կինը,— թե ազգականդ անպատվություն մտցուց տանս մեջ, իբր թե ոչինչ գիտնար անցած գացածին վրա։

— Ո՞ր ազգականս, տիկի՛ն։

— Չգիտեմ եթե ձեր տոհմային ճյուղագրությունը մեծ է, բայց սա ստույգ է որ շատ գոհ լինելու իրավունք չունիք Արաքսիայեն։

— Ինչո՞ւ, ի՞նչ է պատճառը։

– Առանց երկար խոսք ընելու սա չափս հայտնեմ ձեզ թե այս գիշեր այդ անամոթ աղջիկը մարդ մի հյուրընկալեր է գաղտագողի։ Սպասավորաց մին տեսեր է մարդն մինչ կը մեկնի եղեր, առանց սակայն ո՜վ լինելը գիտնալ հաջողելու։ Մտածեցեք ի՜նչ անպատվություն տանս համար։

— Սովորական բաներ են ադոնք,— ըսավ երիտասարդն, հատուկ նշանակություն մի տալով բառերուն։ Բայց տիկինը իբր թե վերահասու չլիներ այդ ակնարկումթյան որ ուղղակի իրեն կը վերաբերեր, ու յուր դառնությունը ծածկելով հարեց․

— Բնականապես այդպիսի գայթակղական դեպքե մի վերջը ոչ այլ ինչ կը մնար ինձ ընել եթե ոչ վանել այդ վարժուհին իմ տունես։

— Վանե՜լ։

— Անշուշտ։

— Արաքսիան ո՞չ ևս հոս է։

– Ոչ ևս։

— Եվ դուք քաջությունն ունեցաք անմեղ մի իբր հանցավոր դատապարտելու և արտաքսելու,— գոչեց Սիսակ բարկությամբ, նամանավանդ երբ ինքն էր պատճառն այդ ցավալի եղելությանց։

— Ո՞վ կապահովե զձեզ թե անմեղ մ՚էր այդ աղջիկը։

— Ե՛ս։

— Անմեղությունը խավարին շնորհիվ չգործեր։

— Շատ անգամ, տիկին, խավարն անմեղության վրա կը տարածվի, մինչ լույսն հանցանքը կը լուսավորե։

— Պարո՛ն,— պատասխանեց կինն ի մեծ զայրույթ,— եթե ինձ կակնարկեք, ես ազատ եմ իմ բնակարանիս մեջ գործել ինչպես որ հարմար թվի ինձ․ սակայն պատճառ մի չէ որ վարձկաններ նույն ազատությունն ուզեն վայելել հոս։

— Եթե կը մտածեք թե օտարական մի ձեր տան պատիվը պահելու պարտքն ունի, ձեր վրա առավել ևս կը ծանրանա ձեր ամուսնույն պատիվը պահպանելու նվիրական պարտականությունն։

— Ինչպե՞ս կը համարձակիք, դո՛ւք, պարո՛ն, բարոյական կարդալու, երբ զիս մոլորեցնելու ամեն ջանք ըրիք,– ըսավ կինն, ինքզինքեն դուրս ելնելով։

— Խղճիս վրա ոչինչ կա, զի զձեզ մոլորեցնելու համար բնավ ճիգ չըրի։

— Ինչպե՞ս կը համարձակիք այսպես խոսելու։

— Ճշմարտությունը միշտ համարձակապես կը բարբառի, և եթե ներեք, տիկի՛ն, ձեզ առավելն ալ պիտի խոստովանիմ։

— Ոչինչ կուզեմ լսել ձեր բերնեն։ — Եվ սակայն պետք է որ խոսիմ իմացնելու համար ձեզ թե օրիորդ Արաքսիայի և ձեր մեջ ահագին անջրպետ մի կա. կակնարկեմ այն անջրպետին որ կա ընդ մեջ անմեղության ու հանցավորության։

— Կուզե՞ք ուրեմն պնդել թե այդ աղջիկն յուր սիրահարը չընդունեց գիշերվան մեջ. ի՞նչ փաստ ունիք զայդ ուրանալու համար,— ըսավ կինը խոսքերուն տարբեր դարձվածք մի տալով։

— Սիրահա՞ր մ՚ընդունած չլինելուն, այո՛, վկա մ՚ունիմ։

— Ո՞վ է այդ վկան։

— Ե՛ս, տիկին,— ըսավ Սիսակ, երբ հասկցավ թե ինքզինքը ծածկելն անհնարին էր։

— Դո՞ւք,— հարցուց տան տիկինը, շինծու զարմացմամբ։

— Ես, այո՛, ես։

– Եվ կը հանդգնի՞ք խոստովանելու զայդ։

– Արդարև չեմ ըսեր որ լավ գործ մ՚ըրի ձեր տան մեջ սպրդելովս մթության շնորհիվ, բայց պետք էր որ տեսնվեի օրիորդ Արաքսիայի հետ, և այդ միջոցը կը մնար ինձ միայն։

— Խոստովանեցե՛ք ուրեմն թե այդ աղջկան սիրահարն եք։

— Ե՞ս, սիրահա՞րը, երբեք։

— Ուրեմն ի՞նչ գործ ունեիք հոս գիշեր ժամանակ, միթե լույսի լուսով անոր հետ չէի՞ք կրնար տեսնվիլ։

— Նախ ժամանակը սուղ էր, ստիպողական հարկ մի կար, երկրորդ ինչպե՞ս կրնայի ազգականիս հետ բանակցիլ առանց ձեր կասկածանաց տեղիք տալու։

— Ուրեմն, պատճառնե՞ր ունեիք իմ կասկածներես վախնալու։

— Տիկի՛ն, հայտնած եմ ձեզ արդեն թե Արաքսիայի հայրն իբր ազգականս, ինձ բարերարություն ըրած է յուր հաջող ժամանակին թող թե երախտագիտության բնական զգացումը կը կրեմ սրտիս մեջ, այլ գիտնալու եք նաև թե զԱրաքսիան միշտ իբր քույրս նկատած ու սիրած եմ, զինքն հարգելով և արգահատելով։

— Մի՞թե պատճառ մ՚է այդ որ ձեր անվայել ընթացից հանդուրժեմ։ – Կերդնում ձեզ պատվույս վրա, տիկի՛ն, որ Արաքսիա տեսնվեցավ հետս գործո մի համար որ բնավ վերաբերություն չունի իրեն հետ։

— Որո՞ւ ուրեմն կը վերաբերի։

— Զայդ չգիտեմ։

— Անշուշտ եթե իրեն համար չէ, ուրիշ աղջկան մի համար կը գործե։

– Գուցե։

— Օրիորդ ազգականդ գիշեր ժամանակ այնչափ եռանդյամբ միջամտելու համար, ո՞ գիտե ինչ ազնվական շահեր ունի։

— Տիկի՛ն, եթե կուզեք որ հոս կենամ, դադարեցեք պախարակելե ազգականս, զի կը կրկնեմ ձեզ պատվույս վրա, որ օրիորդ Արաքսիա պատվակիր անձ մ՚է և ամեն մեծարանաց արժանի։

— Ուրեմն հայտնեցեք ինձ թե ո՞րն է աղջիկն որուն համար այնչափ երկնային անձնվիրությամբ կը գործե ձեր պաշտելի ազգականն,— ըսավ կինը հեգնությամբ։

— Այդ անունն անկարող եմ հայտնելու,— պատասխանեց Սիսակ,— նախ պատվակիր անձի դիրքն առնելու համար և երկրորդի կասկածելով թե այդ կինն յուր ամուսնական առևտուրը կրնար ավրել, զի բնավ մտքեն չէր անցներ թե յուր գաղտնիքը անոր համար գաղտնիք մի չէր։

— Կը տեսնե՞ք ուրեմն որ անկարող եք այդ անունը ինձ հայտնելու։

– Տիկի՛ն, մի՞թե ձեր վստահության արժանի կրնամ լինիլ եթե թույլբերանության օրինակ մի տամ,— ըսավ երիտասարդն, չար ակնարկությամբ։

Տիկին Աբգարյան շրթունքները չարչարեց ակռաներովն ու ապա հարեց.

— Բայց գոնե խոստովանեցեք թե այդ անանուն աղջիկն ի՞նչ կը պահանջե ձեզմե։

— Հետս ամուսնանալ,— պատասխանեց սնապարծ երիտասարդն հպարտությամբ։

— Հետևապես կը սիրե զձեզ:

— Կը զարմանա՞ք։ – Ամենևի՜ն

– Ուրե՜մն։

– Բայց դուք մտադի՞ր եք հետն ամուսնանալու։

— Չգիտեմ։

— Զարմանալի՜ պատասխան։

– Ի՞նչ կա զարմանալու։

— Գուցե սակարկության խնդիր կա, և առ այդ անշուշտ կաշխատի ձեր առաքինի ազգականը։

— Չգիտեմ. սակայն եթե առ այդ իսկ աշխատեր օրիորդ Արաքսիա, ոչ միայն պախարակելի գործ մի չէր կատարեր այլ ընդհակառակն կը նպաստեր երիտասարդուհվու մի երջանկությունն ապահովելու։

— Այդչա՞փ ստիպողական հարկ մի կար մինչև գիշերային ժամադրության կարոտելու։

— Այո՛, տիկի՛ն, խիստ ստիպողական:

— Կը սիրե՞ք դուք այդ աղջիկը։

— Եթե սիրեի ուրիշի չէի կապվեր։

Տիկին Արգարյան այդ պատասխանեն գոհ եղավ, սիրտ առավ, ու վերստին յուր հրապուրիչ ձևերուն դիմելով ըսավ․

— Խոստացե՛ք ուրեմն վարժուհվույն հորդորանաց չանսալու, կամ լավ ևս զինքն չտեսնելու, ու նույնչափ խոստացեք ամուսնական խորհուրդեն հրաժեշտ տալու։

— Տիկին, անհնար է զօրիորդ Արաքսիա չտեսնել․ չբավեր որ թշվառ աղջիկը կը զրկեմ յուր ապրուստի միջոցեն, այլ կուզե՞ք որ իրմե ու իմիններես հրաժարիմ. ոչ։

— Կը մերժե՞ք ուրեմն թախանձանքս։

– Այսինքն ինչ որ ազգականիս կը վերաբերի։

– Բայց չամուսնանալ կը խոստանաք։

— Նույնչափ այո՛, որչափ ո՛չ։

— Միթե զիս կը ծաղրե՞ք։

— Երբեք։

— Ուրե՜մն։

— Եթե խոստանաք հետս ամուսնանալու,— ըսավ չարաճճի երիտասարդը,— հայնժամ կը խոստանամ և ես ուրիշ ընկերակից չընտրել անձիս։

— Կուզեք որ կրկնամուսնությո՞ւն մ՚ընեմ։ — Դուք ուրիշի կին եք, ու չե՞ք ուզեր որ ուրիշ մի իմ կինս լինի,

— Երբ զձեզ սիրեցի, ամուսնացած էի արդեն։

— Ո՞վ կապահովե զիս որ ընդհուպ հաջորդ մի չի պիտի ունենամ։

— Կը նախատե՞ք զիս։

— Բնավ ամենևին։ Անձս այնքան անդիմադրելի չեմ համարիր մինչև հավատալու համար թե առաջին և վերջին տեղը գրաված եմ ձեր սրտին մեջ։

— Իսկ եթե հավատայի՞ք:

— Ես ինքս լինելե կը դադարեի, ուրացած կը լինեի բոլոր փորձառությունս կնոջ փոփոխամտության մասին։

— Միթե արք առավե՞լ հաստատամիտ են։

— Ուրեմն եթե երկու սեռերն հավասարապես փոփոխամիտ են, երկուքն ալ իրարմե կասկածելու իրավունք ունին։

— Սակայն եթե խոստանամ բոլոր կյանքս ձեզ նվիրելու՝ կը հրաժարի՞ք հայնժամ ամուսնանալու դիտավորութենեն։

— Գուցե ես ձեր քմահաճությանց առարկան եմ արդ. բայց ո՞վ կապահովե զիս անոր տևողության վրա։

— Ես։

— Դուք ուսկի՞ց կը քաղեք ձեր հավատքը, տիկի՛ն։

— Սրտես։

— Ինչ որ սիրտ կանվանեք դուք, անոր օրինաց գերին եք, առանց անոր օրենք կարենալ կարդալու։ Նույն դյուրությամբ որ ինձ խոստում կընեք՝ նույն դյուրությամբ ուրիշի ևս ըրած եք անշուշտ առանց զանոնք դրժելու խիղճ ընելու,— ըսավ երիտասարդն երկդիմի եղանակավ։

Տիկին Աբգարյան շուտ հասկցավ թե երիտասարդն յուր նախորդ սիրային հարաբերությանց վաղանցկությանն ակնարկություն կըներ, որով խնդիրը փոխելով հանկարծ, հարցուց

— Ուրեմն խնդրածս չե՞ք խոստանար։

— Ոչ։

— Եվ կուզեք որ զձեզ սիրե՞մ։

— Կրնա՞ք դադրիլ արդյոք զիս սիրելե։ — Ի՞նչ կա անհնարին,— պատասխանեց կինը վերջին աստիճանի դառնությամբ։

— Ուրեմն ձեր սիրտը չէ այնքան գրավված որչափ կը հայտարարեիք. հետևապես մնացեք բարյավ, տիկին,— ըսավ, ոտք ելնելով ու մեկնելու պատրաստվելով։

Տիկին Աբգարյան այդ սպառնալյաց առջև յուր սրտին տկարությունն հաստատելով սիրահարին ձեռքը բռնեց փութով, ու քովը նստեցնելով զնա, ըսավ.

— Ես ոչինչ կը խնդրեմ ձեզմե, կը գոհանամ միայն զձեզ սիրելով։

— Լավ ուրեմն,— պատասխանեց երիտասարդն հաղթական ձևով։

Սիսակ նպատակին կը հասներ վերջապես։ Առանց ոչինչ խոստանալու յուր հարաբերությունք անփոփոխ կը մնային տիկնոջ հետ ցորչափ հարկավոր դատեր։ Յուր տրիփը կորուսած էր սաստկությունն, հետևապես ամենայն դյուրությամբ կրնար ջախջախել յուր հոդերը սիրուհվույն հետ ի պահանջել հարկին՝ այսինքն եթե ամուսնության խնդիրը կարգադրվեր: Իսկ եթե այդ կողմեն հույսերն ի դերև ելանեին՝ տիկնոջ հետ յուր հարաբերությունները շարունակելու արգելք չկար։

Երիտասարդն, իբր ճարտար ռազմագետ, լավ ըմբռնած էր թե կանանց հետ բռնավոր ու արհամարհոտ ձևերով շատ առավել հաջողելու հույս կա, քան թե հպատակությամբ ու արտասովոր սրտահուզությամբ։

Ուստի Սիսակի խիստ եղանակը տիկին Աբգարյանի նկատմամբ փոխանակ զայն իրմե հեռացնելու՝ ևս առավել ամրապնդեց անոր սրտին շղթաները։

ԳԼՈԻԽ ԼԶ.

Ներսես թողուց ուրեմն Վոսփորի ափունքն ի տար երկիր ուղևորելու համար, ու այդ հեռավորությամբ ուզեց արտաքսել ամեն հիշատակ սիրո, օտարանալ յուր անցելույն հետ, ինքն լինելե դադրիլ և ապա վերածնիլ:

Բայց խորհուրդ ընելը շատ առավել դյուրին է քան թե անոր գործադրությունը կատարել և զայդ շատ իսկ հաստատեց Ներսես. զի հակառակ յուր անդուլ ճգանցն՝ Արաքսիայի պատկերը սրտեն ջնջելու, այդ պատկերն ամրապինդ կը կենար գրաված տեղին մեջ։ Իզուր Ներսես տեսած նորանոր տեսարաններեն, ծովուն անհունութենեն, ճամփորդության բազմազբաղ դեպքերեն օգտելով՝ կաշխատեր անպատճառ մտացն ու զգացմանցը տարբեր ուղղություն մի տալ. իզուր կը մտածեր թե խաբված էր և մատնված. կարծես թե ներքին ձայն մի կը բողոքեր իրեն դեմ անպարտ աղջկան դատը վարելով։

Վերշապես Ներսես հասավ Մանչեսթըր։ Դժբախտությանն առաջին օրեն իսկ կորոճար վաճառականության ձեռնարկին մասնավոր ուղղություն մի տալ, ընդլայնել ըստ կարելվույն գործողությանցն ասպարեզր, հոգնեցնել միտքը, մաշեցնել զգացումները, միով բանիվ թաղել լիովին յուր անցյալն։ Առանձին էր սենեկին մեջ, առանձին էր հիշատակացն հետ, և որչափ ջանք կըներ մտքեն հեռացնել յուր անցյալ երջանիկ օրերուն գաղափարը, նույնչափ հանգետս հոն կը վերադառնար, և անիծելով յուր դառնությանց հեղինակը՝ կը պաշտեր զայն սակայն։

Այն ինչ տեղավորված էր վարձած սենեկին մեջ քանի մի ժամերե ի վեր և ահա կը հասնի իրեն նամակ մի որ իրեն հետ ճամփորդած էր նույն շոգենավով։ Կը նայի գրին, կը ճանաչե զայն, կը հասկնա Արաքսիայեն լինելը, կը զարմանա, դողդոջուն ձեռամբ կը բանա պահարանը, կընթեռնու նամակը, սիրտը կը տրոփե, կը տկարանա, պատրաստ է հռչակել զյուր սեր, երբ հանկարծ աչացն առջև կը պատկերանա Արաքսիա որ կառաջնորդեր Սիսակի գիշերվան մթության մեջ։

«Մատնությո՜ւն, սև՜ մատնություն» կը գոչե, թուղթը կտոր կտոր ընելով։ Կը տեսնե նաև թե աղջիկը թող թե չէր ուզած լուսաբանել յուր գիշերային ժամադրության խնդիրն, այլ ամենափոքր ակնարկություն մ՚անգամ չէր ըրած այդ մասին։ Կասկածներն ևս առավել կը զորանան, դառնությունը կը հսկայանա։

Երիտասարդին հաշտարար վայրկենական տրամադրությունքը տխուր անդրադարձություն մ՚ունեցան, զի դառնությունը սև ատելության գույներ առավ, և վիրավորյալ սիրահարն յուր արհամարհանքն ուզեց հայտնել աղջկան նամակն անպատասխանի թողլով։

ԳԼՈԻԽ ԼԷ.

Մինչ Արաքսիայի երանության շենքը կը կործաներ, ընդհակառակն Վարդանույշ սիրո ազդեցությամբ կը վերածներ։

Սիսակ, ըստ յուր խոստման, գնացած էր հայցելություն օրիորդին որոշյալ օրն, ու ջանացած էր սրտագրավ ձևերովը ջնջել հետքերն այն դառն վայրկյաններուն զորս պատճառած էր յուր անտարբերությամբը։

Վարդանույշ պատկառելի սիրով սիրած էր միշտ զյուր մայր, առանց զայն հաղորդ ընելու երբեք յուր սրտին գաղտնյաց։ Բայց ստիպողական հարկի մ՚առջև, այսինքն յուր պաշտելվույն պայմանաժամին առջև մինչև մեկ ամիս ամուսնության խնդիրր լուծելու, ոչ այլ ինչ կը մնար եթե ոչ քաջությամբ զինվիլ ու բանալ լիովին սիրտն առ յուր մայր։

Սերը հրաշք կը գործե. անով տկարը քաջ կը դառնա, և երկչոտը՝ հանդուգն. և զայդ շուտ իսկ հաստատեց մեր սիրահարյալ կույսը։

Կան շատ մայրեր որք կը կարծեն արթնցնել ու զայրացնել իրենց որդվոց զգացումները սրտի բնական պահանջմանց վրա խոսելով, և մանավանդ այդ մտերմությամբ կը վախնան իրենց մայրական ազդեցությունը վտանգի մատնել։ Համառ որոշմամբ խույս կուտան սիրո վերաբերող ամեն խնդիրներե՝ հարկադրելով իրենց զավկները գաղտագողի գործելու և մայրենի աչքեն ծածկելու նվիրական զգացում մի երբ իրենց սիրտը կսկսի խոսիլ։ Այսու եղանակավ մայրն որ որդվույն խորհրդակիցը պետք է լինիլ, նմա առաջնորդ կանգնիլ, ուղղել նորա զգացումներն ու քայլերը կենաց մեջ, ընդհակառակն կատարելապես օտար կը մնա յուր որդվույն մտածությանց ու զգացմանց։

Օր մի տիկին Երանյան զարմացմամբ դիտեց թե յուր դուստրն որ միշտ ազատ ու բնական ձևով առ ինքն կերթար, ընդհակառակն կը մոտենար կարմրելով և շփոթելով առանց գիանալու թե ինչպիսի՞ սկզբնավորություն տա յուր խոսքերուն։ Որչափ Վարդանույշի մայրն յուր զարմացումը կը հայտներ այդ անորոշ դիրքի մասին, նույնչափ կույսը բառերը կը ծամծմեր։ Բայց ի վերջո սերն հաղթելով երկչոտության՝ օրիորդն սկսավ տակավ առ տակավ յուր խոստովանությունն ընել, հայտնել յուր սրտին վիճակն, հիվանդությանը պատճառը, Սիսակի դրած պայմանները և վերջապես իմացնել որ եթե մերժեն իրենց հավանությունն յուր ամուսնության մասին Սիսակի հետ, ինքն պիտի համակերպեր այդ խիստ վճռույն, բայց երբեք ուրիշի հետ չի պիտի ամուսնանար, եթե յուր երիտասարդությունն արտասվաց պիտի նվիրեր, կը հաստատեր թե այդ էր յուր անխախտ որոշումը։

Տիկին Երանյան գայթակղյալ դիրք մ՚առավ նկատելով թե յուր աղջիկն այնպիսի համարձակությամբ սիրո անմատչելի խնդրույն վրա կը խոսեր։ Բայց նկատելով որդվույն հուզյալ վիճակն որ ամենայն անձկությամբ կարծես մահու թե կենաց վճռույն կսպասեր, ի գութ շարժեցավ, և հաղթելով յուր առաջին բուռն զգացման՝ մեղմ կերպիվ հայտնեց դստերն յուր դժգոհությունը հաստատած գաղտագողի հոդերուն նկատմամբ, դատապարտեց այդ ընտրությունն, առարկելով թե այդ տեսակ երիտասարդներն ոչ միայն անկարող էին կին մի պահելու և զայն երջանիկ ընելու, այլ թե իրենք իսկ այլոց խնամոց պետք ունեին կարենալ ապրելու համար։

Մինչև նույն պահուն կույսն ամենայն համբերությամբ մտիկ ըրավ։ Բայց երբ տիկինը ակնարկելով երիտասարդուհյաց սիրային ցնորաց և անոնցմե հետևած թշվառությանց սոսկալի պատկեր մի ներկայեց աչացն Վարդանույշի, հորդորելով զնա հրաժեշտ տալու յուր սիրային խորհրդոց գործադրութենեն, հայնժամ աղջիկն այնպիսի հուսահատ պերճախոսությամբ և զարմանալի կորովով իմն ու վճռողական կերպիվ հայտարարեց թե զինքն Սիսակե հեռացնել փորձելն կը ծառայե միայն յուր կյանքը փշրելու՝ որ սարսափած մայրն ոչ ևս հակառակեցավ այլ խոստացավ ամուսնույն ծանոթացնել իրաց վիճակը։
ԳԼՈԻԽ ԼԸ.

Օրերը, շաբաթները կանցնեին ու Արաքսիա իզուր կսպասեր ակնկալած պատասխանին․ նամակն ապահովագրած էր որով անպատճառ ձեռք անցած էր այն։ Վշտահար կույսը կը հետևցներ թե ինքը մոռցված էր Ներսեսեն, քանի որ և ոչ տող մի կուղղեր իրեն․ ապշած էր, տարակուսած էր, և չգիտեր ի՞նչ միջոց գործածել երիտասարդին դժգոհության պատճառն իմանալու համար։

Վերստին գրե՜լ անոր․ ոչ, զալդ կը մերժեր յուր արժանապատվությունը զի ինքն անմեղ լինելովն հանդերձ՝ խոնարհած էր մինչև հանցավորի դիրք առնելու, և աշխատած էր յուր անձն արդարացնել նախկին նամակավն, և ամեն ապահովություն տալ յուր անմեղության նկատմամբ․ իսկ ի փոխարեն և ոչ մեկ տող կընդուներ։

Մտածեց, խորհուրդ խորհուրդի վրա բարդեց, և ի վերջս տապալեց մտքին կանգնած շենքը, զի անկարող էր հաշտեցնել ի միասին թե սրտին և թե արժանապատվության պահանջմունքը։ Ուրեմն մտադիր եղավ համբերությամբ սպասելու որ ժամանակը զյուր անմեղություն երևան հանե, եթե սակայն Ներսես՝ զինքն անարժան համարելով յուր սիրույն, ուրիշի չձոներ զյուր սիրտ։

Սիրել, սիրվիլ և հալածվիլ առանց հալածանաց պատճառն գիտնալու, մարդուս վիճակված դրից ծանրագույններեն մին է։ Անորոշություն, կասկած և երկյուղ, ասոնք են հարակից պայմանքն սույն անտանելի դիրքին, և այդ տանջանքներե կը կրծվեր մարտիրոս կույսը։

Արաքսիա չուներ խորհրդակից մի զինքն առաջնորդելու յուր շփոթ տրամադրությանց մեջ, և ոչ մեկը կար սրտին բեռը թեթևցնելու համար։ Կը լռեր, կը տագնապեր առանց ծնողացն ոչինչ հայտնելու յուր դառն կացության վրայոք։

Բայց սրտի մարտիրոսությունը չէր բավեր թշվառ աղջկան, հարկ էր նաև հայթայթել ծնողացը միջոց ապրուստի։ Աշխատության գաղափարը, ընտանյացը օգտակար լինելու հույսը կարծես փրկության խարիսխ մ՚էր այն հուսահատության օվկիանին մեջ ուր ինքը կը ծփար իբր խաղալիք բախտի։ Վարդանույշ ակամա պատճառն եղած էր աղետիցն Արաքսիայի, և սակայն սա սքանչելի մեծանձնությամբ ոչ միայն երբեք կասկած չէր տված յուր բարեկամուհվույն այդ մասին, այլ կուզեր տակավին անոր պաշտպան կանգնիլ Սիսակի գործած անհավատարմությանը դեմ բողոքելով անդուլ։

ԳԼՈԻԽ ԼԹ.

Սիսակ եկած էր զԱրաքսիան տեսնելու հետ յուր խոստացյալ այցելության։ Ցավակցություն հայտնեց յուր ազգականին անակնկալ արձակմանն համար, առանց որևէ ուղղակի կամ անուղղակի բաժին մ՚ունենալուն ակնարկություն ընելու տիկնոջ այդ որոշման մեջ։ Ընդհակառակն զանձն յուր անտեղյակ ձևացուց տիկին Աբգարյանի գրած նամակին ինչպես և յուր արտաքսման պարագայից, իբր թե համոզված լիներ թե տիկինն ոչ ևս պետք ուներ հայ վարժուհվո, և թե եվրոպացի կնոջ մի մտադիր էր հանձնել որդվոցը դաստիարակության պաշտոնը։

Սիսակ անձնասեր էր կատարելապես, թեև չար սիրտ չուներ։ Եթե կարենար որևէ ծառայություն մատուցանել խոսքով կամ աննշան աշխատությամբ՝ զայդ կը կատարեր։ Բայց եթե հարկ լիներ գործել սակավ ինչ հոգնությամբ՝ չեզոք և կամ կատարյալ անտարբեր դիրք մի կառնուր։

Ինքն պաշտպանած էր զԱրաքսիա՝ ընդդեմ տիկին Աբգարյանի, և զայդ բավական հատուցում կը համարեր հանգետս հասուցած չարյաց համար ազգականին։

Սիսակ զյուր անձ մինչև մեկ աստիճան պատճառ ճանաչելով վարժուհվույն արձակման խնդրույն մեջ, կերպով մի պարտուց ներքև կը մնար անոր նկատմամբ, և կը հարկադրվեր չափով մի փոխարինություն մ՚ընել նոր ապրուստի միջոց փնտրելու աշխատելով։ Այդպիսի նեղություններ ստանձնելու համար ծնած չէր մեր երիտասարդը։

Իսկ Ներսեսի սիրային հարաբերությանց վրայոք ոչինչ գիտեր Սիսակ, զի բնականապես տիկին Աբգարյանի շահուցն ընդդեմ էր այդ խոստովանությունը։ Նկատելով Արաքսիայի ցաված կերպարանքը՝ զայդ տխրություն աղջկան նա վերագրեց առանց պաշտոնի գտնվելու պարագային, և այդ նյութին վրա շուտով սահելով անցավ, և ուրախ եղավ երբ առանձին մնալով անձնվեր կույսն հարցուց իրեն եթե խոսքին հավատարիմ եղա՞ծ էր և գնացա՞ծ հայցելություն Վարդանույշի։

Արաքսիա անոնց ուրախառիթ տեսության մանրամասնություններն իմանալով, գոհունակության զգացում մ՚ունեցավ յուր դժբախտության մեջ. զի ազնիվ հոգիներն ոչ այնչափ ինքզինքնուն համար կապրին որչափ այլոց։

Բայց աղջիկը պահանջեց Սիսակեն որ յուր տեսությունները դադարեցնե տիկին Աբգարյանի հետ մինչև որ Երանյանց վերջնական որոշումն իմանար։

– Ես,– կըսեր նա,— խիղճ կընեմ քողարկել Վարդանույշեն քու մտերմական հարաբերություններդ այնպիսի ժամանակի մեջ ուր անոր ապագան պիտի վճռվի։ Հետևապես իմ լռությունս արդարացնելու համար պետք է որ վերջ տաս այցելությանցդ առ տիկին Աբգարյան, և մանավանդ կը պահանջեմ,– հարեց,– որ երդումն ընես բնավ այդ տիկնոջ հետ չտեսնվելու եթե երբեք բախտակից լինիս Երանյանց դստեր։

Սիսակ խոստացավ կատարել այդ օրինավոր պահանջումն եթե երբեք յուր ամուսնությունը կատարվեր։ Իսկ մինչև ի լրումն Վարդանույշի տրված մեկ ամսվան պայմանաժամին, յուր բացակայությունն արդարացնելու համար հայս տիկին Աբգարյանի՝ օգուտ քաղեց առթե մի որ շահաբեր լինելու կը խոստանար, ու մեկնեցավ փութով Պոլսեն ամսե մի վերջը վերադառնալու դիտավորությամբ։ Եվ ստիպողական հարկ մ՚առարկելով՝ հրաժեշտի նամակ մ՚ուղղեց առ տիկին Աբգարյան, որուն մեջ յուր հավատաբմությունն առ նա կը հայտներ, յուր վաղ վերադարձը, և յուր ցավն առանց զինքը տեսնելու մեկնելու պարտավորյալ լինելուն։

Այս ձևով եթե Սիսակ հաջողեց ամուսնանալու օրիորդ Երանյանի հետ, բաժանման սկզբնավորությունն ըրած կը լիներ․ իսկ եթե չհաջողեր խիստ բնական կերպիվ կը շարունակեր յուր այցելություններն տիկնոջ՝ առանց անոր որևէ կասկած մ՚ազդելու յուր ունեցած խորհրդոց վրայոք։
ԳԼՈՒԽ Խ.

Երբ տիկին Աբգարյան յուր սիրահարին հրաժեշտի նամակն ընդունեցավ, մռնչեց վայրենաբար. և շուտ վերահասու լինելով թե ուսկի՞ց կուգար իրեն այդ հարվածն, անձին խոստացավ Արաքսիայի ջանքերն ապարդյուն թողլու Սիսակի և Վարդանույշի ամուսնությունն արգիլելով անպատճառ։

Չար մտքերն և անխիղճ սրտերը շատ նախանձախնդրություն չեն հայտներ իրենց վրիժառու խորհրդոց կատարման մասին. բավական է որ հաջողին իրենց նպատակին հասնելու, ամեն միջոց լավ է և պատվավոր։

Տիկին Աբգարյան ոչ զոք սիրած էր այն հարատև եռանդյամբ որով համակված էր Սիսակին համար։ Կը պաշտեր զերիտասարդն, և զայն չկորսնցնելու համար պատրաստ էր ամեն ինչ ի գործ դնել։ Երեք շաբաթներ անցած էին և Սիսակեն տակավին լուր չէր ընդունած, և ոչ իսկ գիտեր անոր ուր գտնվիլը։ Հասկցավ թե երիտասարդն իրմե կը հեռանար։ Մտածեց ուրեմն թե առանց հապաղման պարտական էր գործել եթե կուզեր անձին պահել զյուր սիրահար։

Տարիներե ի վեր տիկին Աբգարյան տրամադրությանը ներքև ուներ կին մի՝ որ թեև տանը մեջ չէր բնակեր այլ գրեթե միշտ հոն կը գտնվեր, ու տիկնոջ թե՛ առտնին և թե՛ արտաքին հանձնարարությունները կը կատարեր։

Այդ կինը ժամանակավ Վարդանույշի դայակն եղած էր նախ, և հետո զայն տարիներով խնամած էր, որով միշտ գորովանոք կը խոսեր յուր մեծցուցած սիրելի մանկան վրա որ գեղեցիկ երիտասարդուհի մ՚եղած էր։ Փափագանոք և անհուն երջանկությամբ կերթար միշտ այցելության Երամյան ընտանյաց՝ ուր թվեր իրեն տեսնել հանձին Վարդանույշի մանուկն զոր խնամած էր երբեմն։ Այդ Իսկուհի անվանյալ կինն անկեղծաբար կը բաղձար յուր խնամած էակին բախտավոր լինելը, և աղոթիցը մեջ չէր մոռնար երբեք զինքն հիշել։

Տիկին Աբգարյանի խիստ ծանոթ էր ի լրո Երանյան ընտանիքը քանի որ Իսկուհիին խոսակցության մշտատև նյութն էր այն. ուստի այդ տիկինը զԻսկուհին որոշեց իբր գործիք յուր մեքենայությանց։ Օր մի տիկին Աբգարյան խորհրդավոր ձև մ՚առնելով իմացուց այդ կնոջ թե յուր Վարդանույշը մեծ վտանգի ենթարկված էր չարաչար սիրելով երիտասարդ մի որ կը խաբեր զինքն, և որ ուրիշ աղջիկ մի սիրելովն հանդերձ մտադիր էր Վարդանույշի հետ ամուսնանալ մի միայն հարուստ լինելուն պատճառավ։

Իսկուհին զայդ զրույց լսելուն պես սարսափեցավ, և յուր առաջին մտածությունն եղավ փրկել յուր դիեցուցած արարածն այդպիսի մեծ փորձանքե։

Բայց վայրկյան մի ետքը անդրադառնալով հարցուց,

— Տիկի՛ն, վստա՞հ եք արդյոք ձեր ըսածին վրայոք։

— Վստա՜հ, ի՞նչ կըսես, Իսկո՛ւհի։

— Ո՞վ տվավ այդ լուրը ձեզի, հավատարմության արժանի՞ է տվողը։

— Երբ ես եմ հաստատողը քեզ ոչինչ կը մնա խոսելու։

— Տիկի՛նս, պետք է ամեն բան գիտնամ, ես ալ ընելիքս ունիմ։

— Ի՞նչ է ընելիքդ։

— Խոսիլ Վարդանույշիս, եղածն իմացնել, բտյց պետք ունիմ…— ըսավ կինն ու կանգ առավ, վախնալով որ տիկինը կրնա նեղանալ։

— Ստույգ տեղեկությանց հարկ ունիս, կիմանամ,— ըսավ տիրուհին, իբր թե զկին նեղանալի վիճակե մ՚ազատելու բաղձանոք, մինչդեռ ինքն անհամբեր էր հառաջ վարել յուր խոստովանությունը։

— Այո՛, տիկի՛նս, միտքս աղեկ հասկցաք։

— Ուստի կիմացնեմ քեզ թե ես անձամբ տեղեկացա ամեն բանի։

— Դո՞ւք, տիկին։

– Այո՛, ես։

— Շնորհք կընե՞ք պատմելու, տիկի՛ն։

— Ես անձամբ քաղեցի ամեն տեղեկություն, ես ականջովս լսեցի զամեն ինչ, դեռ կը տարակուսի՞ս դու։

— Երբ դուք գործին մեջ եք, ամեն բանի կը հավատամ։

— Մտիկ ըրե ուրեմն, քեզ ամեն ինչ պատմեմ։ - Խոսեցե՛ք, խոսեցե՛ք, տիկի՛ն,— ըսավ Իսկուհին անձկությամբ։

- Ես բնավ շահ չունիմ միջամտելու ինձ անծանոթ եղած աղջկան մի գործոց մեջ։ Բայց նախ մարդկության նվիրական պարտք մի կը համարիմ որևէ չարիք կամ դժբախտություն խափանելն. երկրորդ զքեզ կը սիրեմ և չեմ ուզեր որ սիրտդ ցավի զավկի նման մեծցուցած արարածդ թշվառ տեսնելով,— հարեց խորամանկ կինը։

- Աստված վարձատրե ձեր բարի սիրտը, տիկի՛նս։

- Ես իմ վարձատրությունս կատարելիք բարի գործիս մեջ կը փնտրեմ միայն։

- Բայց ըսեք, տիկի՛ն, ի՞նչ է անունն այն երիտասարդին որ կուզե խաբել Վարդանույշս։

- Պատմեմ քեզ զամեն ինչ ուրեմն, Իսկո՛ւհի։

- Կաղաչեմ, տիկի՛նս։

- Բազմիցս հանդիպեցար հոս երիտասարդի մի պ. Սիսակ անվանյալ։

- Այո՛, տիկի՛ն, գիտեմ որ անոր շատ պատիվ կընեք։

- Իրոք այդ երիտասարդը կը մեծարեի վասնզի ամեն պատվո արժանի կը համարեի, և զինքը կընդունեի վասնզի աղջիկ տալու դիտավորություն չունեի։

- Մեր երկու օրիորդները տղա են. անոնց կարգվելու ատենը չէ։

- Եթե տղա ալ չլինեին անոնք՝ չէի տար դարձյալ։ Վասնզի պ. Սիսակ լավ ամուսին լինելու համար ամեն պետք եղած հատկություններեն զուրկ է։ Իրավ է որ ընկերության մեջ շատ վայելուչ կերպով կը վարվի, ու ինքն ուսյալ և խելացի անձ մ՚է, և այդ էր պատճառն որ մասնավոր պատվով կընդունեի զինքը։

— Տե՜ր Աստված, հասկցա՞ծս է։

- Ի՞նչ հասկցար, Իսկուհի։

- Պ. Սիսա՞կն է Վարդանույշիս հավնածը։

- Ստուգապես այն է։

- Վա՜յ ինձ, քանի որ կըսեք, տիկի՛ն, թե աղեկ ամուսին չի կրնար ըլլալ։

- Իրոք աղետք մ՚է աղջկան մի համար սիրահարվիլ երիտասարդի մի որ ոչ այլ ինչ գիտե բայց յուր հաճույքը։ Պ. Սիսակ ամուսնության երկրորդ օրն ապահովապես յուր նորապսակ հարսը պիտի թողա նորանոր ապօրինի զվարճություններ փնտրելու համար, թող թե արդեն սիրահարություն մ՚ալ ունի անբարոյական աղջկան մի հետ։

– Տիկինս, ո՞վ է այդ չխպնած աղջիկը։

– Երբեք չես կրնար գուշակել անոր ով լինիլը։

— Մտքես բան մի չանցնիր, ո՞վ է ըսեք կաղաչեմ։

— Նույնիսկ վարժուհին որուն հանձնած էի երկու որդվոցս դաստիարակությունը։

— Օրիորդ Արաքսիա՞ն։

— Ինքն իսկ։

– Խելքս տեղեն թռավ։ Արաքսիան իմ Վարդանույշիս ընկերուհին է։

—Այդ պատճառ մ՚ավելի է վերահասու լինելու համար այդ էակին չարության աստիճանին։ Չի բավեր որ անպատվությունը տանս մեջ կը մտցնե, այլ և հրեշային մատնություն մ՚ալ կընե բարեկամուհվո մի նկատմամբ։

— Որո՞ւն մտքեն կանցներ որ այդ պարկեշտ աղջիկն այսչափ անամոթ է եղեր։

— Չգիտե՞ս արդյոք որ այդչափ համեստ երևցողներն ամենեն մեծ կեղծավորներն են։

— Իրավ այնպես է։ Բայց դուք, տիկի՛ն, ինչպե՞ս եղածը չեղածը իմացաք։

— Մանրամասնաբար պատմեմ քեզ զամեն ինչ։

— Ա՛հ, տիկի՛նս, պատմեցե՛ք, պատմեցե՛ք։

— Գիշեր մի, ուշ ժամանակ, մինչ ամենքը կը քնանային, ես արթուն էի։ Ոտքի ձայներ լսեցի հանկարծ կասկածելով թե գողեր մտած էին մեր տունը՝ քաջությամբ զինյալ տեղես ելա, և ամենայն զգուշությամբ դուռս բանալով տեսա Արաքսիան որ ճրագ մի բռնած սանդուղներեն վար կիջնար, ու քիչ մի ետքը վեր կելներ պ. Սիսակին առաջնորդ կանգնելով։

- Վա՜յ անամոթ աղջիկ։

— Տեսա մտած սենյակնին, և ես գնացի ստուգելու թե ի՞նչ կընեին։ Լսածներես ու տեսածներես զզված՝ ետ քաշվեցա բուռն սրտմտությամբ։ Թեև մտադիր եղա նախ ներկայությամբս շանթահարել զանոնք, բայց ապա խորհեցա թե ինձ նման տիկնոջ մի համար անհաճ էր այդպիսի անվայել պատահարաց մեջ խառնվիլ. ու գայթակղություն չհարուցանելու համար լռեցի և սենյակս վերադարձա առանց աղմկի։

— Վայլածն ալ այդ էր, տիկին. անճոռնի՜ները։

— Բայց անհնար էր ինձ աչերս գոցել ցորչափ կզգայի որ այդ անպատիվ աղջիկը սիրահարին հետն էր։ Եթե պ. Սիսակ հանցանք կը գործեր տանս մեջ անպատվություն մտցնելով՝ միայն սա տեսակետով կարդարանար որ ինքն երիտասարդ մ՚է, և այդ մարդը բավական է որ զվարճանալու հույս մ՚ունենա որպեսզի ամեն միջոց հարմար դատե։

— Տիկի՛նս, պ․ Սիսակ թող ուրիշ տեղ փնտրեր զվարճությունները. կը վայլե՞ր որ ասանկ բան մ՚ըներ ձեր տանը մեջ։

— Եվ կը տեսնես, Իսկուհի, որ զնա պատմելու համար իմացուցի իրեն թե ոչ ևս կրնամ հյուրընկալել զինքն։

— Ըսել է որ իմացուցիք պ. Սիսակին որ եղածը գացածը գիտեք։

— Կրնայի՞ լռել արդյոք երբ խնդիրը տանս պատվույն կը վերաբերեր,— ըսավ տիկին Աբգարյան եղանակավ մի որ կարծես թե ինքն տիպար մ՚էր առաքինության։

— Բայց, տիկի՛ն, չըսիք որ ինչպե՞ս լմնցավ ադոնց տեսությունն։

— Ինչպես պատմեցի քեզ արդեն, սենյակս վերադարձա. բայց կասկածելով որ տունն հրո ճարակ կրնա լնիլ և մենք մեջը կայրինք անոնց գործելիք մեկ անխոհեմութենեն, գնացի վերստին այն սենեկին առջև ուր կը գտնվեին երկուքն, և անոնց ձայնը լսելով կանգ առի դռան առջև և լսեցի ամբողջ խոսակցությունը զզվանոք, զի վախցա որ դավադրություն մ՚ալ չի պատրաստեն ընդդեմ մեզ, քանի որ այնպիսի անձինք ամեն բանի կարող են։

— Անանկ է, տիկի՛ն, ամեն բան կընեն ասանկ անօրենները։

— Բայց ի՞նչ կըսեին իրարու, տիկի՛նս։

— Կուխտեին զիրար միշտ սիրել հավատարմությամբ. սակայն քանի որ երկուքն ևս աղքատ էին, անխղճմտաբար կը դավակցեին ընդդեմ Վարդանույշիդ։ — Աստված պատժե երկուքն ալ։

— Արաքսիա պիտի միջամտեր համոզելու համար զՎարդանույշ փութացնելու զյուր ամուսնություն Սիսակին հետ, նամանավանդ միայն ամիս մի միջոց պիտի տար անոր որպեսզի համոզե զյուր ծնողք։ Հետ ավարտման այդ պայմանաժամին՝ հանուն Սիսակի պիտի սպառնար Արաքսիա թե երիտասարդը պիտի լուծեր ամեն հավատարմության խոստում։

—Խե՜ղճ Վարդանույշս․ գիտեի որ այդ օձ Արաքսիան անոր բարիքը կուզեր։

— Ըսելիք չկա, ըստ ամենայնի հազվագյուտ բարեկամուհի մ՚է,— ըսավ տան տիկինն հեգնությամբ։— Երևակայե՛, Իսկո՛ւհի, պ․ Սիսակ Երանյանց աղջիկն պիտի առնու ի կնություն՝ անոր դրամովը զԱրաքսիան խնամելու համար։

— Աստուծմե՜ գտնան։

—Արաքսիա յուր կողմանե կը խոստանար երբեք ուրիշի հետ չամուսնանալու։

— Մա՜հը վերցնե այդ անճոռնի աղջիկը։

— Տես թե ինչո՞ւ այդպես փութով ճամփեցի զվարժուհին։

— Տիկի՛նս, քիչ մի հիվանդ ըլլալուս համար երկու շաբաթ է տանես դուրս չելա․ իմացա որ ձեր վարժուհին ճամփու դրած եք, բայց պատճառը չգիտեի։

– Իրոք բավական օրերե իվեր զքեզ չեմ տեսած։

– Բայց, ապրիլ՜, տիկինս, զիս չի մոռցաք ամենևին

— Հավատարմությունդ ճանաչելով կը ջանամ միշտ վարձատրել զքեզ։

— Աստված օրեր տա ձեզի։

— Բայց լո՛ւր ինձ, Իսկո՛ւհի։ Ուրեմն անմիջապես որ առավոտն հաջորդեց այդ ամոթալից գիշերվան՝ Արաքսիան մեկնեցավ Վարդանույշին երթալու և հանուն պ․ Սիսակի անոր այցելությունը խոստանալու համար։ Լսածներես հետևցուցի թե աղջիկը նեղը դնելու մտոք է որ երիտասարդը դադրեցուցած է այցելությունները տան Երանյանց, և իրոք առ այդ հաջողած է։ Ուստի Արաքսիա իբր միջնորդ պիտի ներկայանար՝ զպ․ Սիսակ Վարդանույշիդ վերադարձնելու համար։

— Այս ի՜նչ սատանայական խաղեր են։ — Բայց չգիտեմ թե ի՛նչ դարձավ երբ Արաքսիա Երանյանց գնաց հաջորդ օրը. սա չափս գիտեմ որ երբ վարժուհին տունս եկավ, նվաղելով անկավ։

— Աստված պատիժը կուտար այդ անիծված աղջկան։

— Ես երբ առավոտուն սենեկես դուրս ելա, վարժուհին նվաղում են սթափած էր, որով զինքն անմիջապես տունես վանեցի։

— Տիկի՛նս, այս ի՞նչ բաներ են. խելքս գլխես գնաց։ Թողուցեք որ երթամ շուտ Երանյանց տունն ու ամեն բան իմացնեմ անոնց։

— Ես ընդհակառակն կը կարծեմ որ ծնողաց ոչինչ ըսելու ես, զի անոնք անտեղյակ են իրենց աղջկան սիրույն, և գուցե չարաչար վարվին անոր հետ և յուր անտանելի վիճակն առավել ևս ծանրացնեն։

— Իրավ ատանկ է, տիկի՛ն։

— Գիտցածներդ միայն Վարդանույշին հաղորդե։ Աղջիկը վերահասու լինելով սիրահարին ու բարեկամուհվույն խաբեության, հրաժեշտ կուտա անշուշտ պ. Սիսակին հետ ամուսնանալու խորհրդեն, և առանց տարաձայնության չարիքը կը խափանի։

Հավանեցավ Իսկուհին, նամանավանդ խիստ խոհեմ գտավ գործելու այդ եղանակը։

Տիկին Աբգարյան չէր ուզեր սակայն բացարձակ դեր խաղալով յուր անունը թշնամյացը բերանը մատնել. ուստի պահանջեց վարձկան կնոշմեն որ Երանյանց դստեր միայն հայտնե յուր անունն, այնու պայմանավ որ երիտասարդուհին յուր կողմանե նույն խորհրդապահությունը խոստանա։ Մանավանդ հասկցուց կնոջ որ եթե աղջիկը թույլբերանություն մ՚ըներ յուր մասին, ինքն՝ Իսկուհին, պիտի տուժեր զայդ, տանը մեջ ոչ ևս մուտք գտնելով։

Այդ սոսկալի սպառնալիք մ՚էր աղքատ կնոջ համար, զի մեծավ մասամբ տիկին Աբգարյանի շնորհիվ կապրեր նա. բայց Վարդանույշի արգահատական և ազնիվ զգացմանց վրա կատարելապես վստահ լինելով ապահովեց զտիկին՝ երիտասարդուհվույն խորհրդապահության մասին, և ապա փութաց երթալ առ Վարդանույշ, զայն բացարձակ աղետքե մի ազատելու դիտավորությամբ, ինչպես որ անկեղծորեն կը հավատար նա։

ԳԼՈԻԽ ԽԱ.

Երեք շաբաթներ անցած էին ու տակավին Արաքսիա լուր չէր առած Ներսեսեն. հայտնի էր որ նա պատասխանելու դիտավորություն չուներ։ Երիտասարդուհին կը հալեր, կը մաշեր ինքնիրեն. և յուր դժնդակ վիճակն առավել ևս կը ծանրանար մոտակա չքավորության տեսարանով, քանի որ փոքրիկ գումարն այն որ յուր խնայողության արդյունքն էր, սպառելու մոտ էր։ Ինչպե՞ս կրնար հանձն առնուլ ականատես լինելու վերստին յուր ծնողաց զրկման ենթարկվելուն․ մանավանդ որ խեղճ հայրը հանգիստ գտած էր նույն օրեն որ տիկին Վարսամյան զՆերսես փեսա ունենալու հույսն ունենալով՝ զնա խայթելե դադրած էր։ Ծերունին բազում հաճույքներ վայելած էր ևս յուր փեսայացուին ղրկած ուտեստի այլ և այլ նվերներով՝ որոնց նկատմամբ Արաքսիա հակառակություն չէր ըրած, թեև ուժգին ընդդիմացած էր ոևէ դրամական օգնություն ընդունելու ծնողացը տան մատակարարության համար, յուր խոսնայրին կողմանե։

Իսկ նույն պահուն ոչ միայն զրկված էին Վարսամյանք այդ նվերներեն որք ծերոց համար կենաց գլխավոր հաճույքներեն մին են, այլ գուցե հարկավորն իսկ չունենային ընդհուպ։

Սրտահար կույսը կը պարտավորեր՝ գոնե որչափ ժամանակ որ կարելի էր, ծածկել ծնողքեն իրենց երազած գեղեցիկ ապագային ոչնչանալը։ Բայց եթե այդ մասին առժամանակյա դարման մի կը գտներ, ոչ այնպես էր նյութական պիտոյից նկատմամբ։

Երբեք այնքան սիրելի և սփոփիչ չէր երևցած Արաքսիայի աշխատության գաղափարն. անով մասամբ կը վերականգներ և ուժ կզգենուր կենաց դժվարին դաշտին մեջ մարտնչելու՝ իբրև ձախորդության քաջ զինվոր։ Կր մտածեր թե ո՞ր եղանակավ հնարավոր էր նոր աշխատության դուռ մի բանալ անձին, կը մտածեր, և նույն պահուն ոչինչ կը ներկայանար աչացն առջև իբրև խարիսխ փրկության։

Որչա՛՜փ հույս, որչա՜փ սեր փշրված էին մեկ վայրկենի մեջ։ Ներսես հանկարծ լքած կը զինքն. և ակնթարթի մեջ կորզած էին իրմե երկու հրեշտակները զորս ա՛յնքան սիրած էր։ Ինքն ըստ ամենայնի անմեղ էր, և անշուշտ իբր հանցավոր կը հանդիսանար թե՛ Ներսեսի և թե՛ փոքրիկ քույրերուն առջև։ Ո՜հ, կը ձայներ կույսն դառնագին, հա՞րկ էր ուրեմն երրյակ հոդեր սիրո կազմել, զանոնք մեկ օրվան մեջ կորսնցնելու համար։

Աղավնին մանավանդ մասնավոր հրապույր մ՚ուներ իրեն համար, զի սիրո այլ և այլ հիշատակներ կը զարթուցաներ յուր հիշողության մեջ։ Միթե անոր մաքուր ճակտին վրա յուր ձեռքը չէ՞ր միացուցած Ներսեսին հետ։ Միթե երիտասարդր չէ՞ր պատվիրած անոր սիրել զյուր վարժուհին բոլոր հոգվովը։ Չտեսնե՜լ իսկ տղայքն որոնց այնքան համակրած էր։ Սիրո քայքայումն հոգվո զորության քայքայումն նաև չի՞ նշանակեր արդյոք երբեմն։

Թռած երջանիկ օրերն յուր առշև կր ներկայանային, ու կույսին հոգին կեղեքելով կր կենդանացնեին։ Անցյալն առավել հեշտալի կը սահեր, յուր ներկան սպառնալից և սևադեմ կարձանանար հանդեպ իրեն։

Երբեք մարդս չէ վայելած յուր բարեբաստիկ ներկան զգալու ամբողջ կարողությամբը, զի կարծես երջանկությամբ արբշիռ՝ սիրտն ու միտքը զննելու, քննելու և ուսումնասիրելու հանգամանքը կը կորսնցնե։ Բայց երբ սուգն հաջորդե ուրախության, հայնժամ խուզարկու միտքը կսկսի զննել բոլոր մանրամասնությամբը մեն մի երանավետ զգացում որ սրտին խլրտում և բաբախում պատճառած էր, և գյուտեր ընել այնպիսի դեպքերու վրա որք անզգալի անցած էին երջանկության արագընթաց շրջանին մեջ։

Շվարած, վշտահար բայց ոչ վհատյալ, Արաքսիան երերածուփ էր կենաց ալեկոծության մեջ, երբ անձ մի որ մասնավոր կերպիվ կը գնահատեր զօրիորդն, կուգա իմացնել անոր թե պատվավոր հայազգի տիկին մի՝ յուր խանգարյալ առողշության պատճառավ՝ առ առավելն երեք ամիս ճամփորդելու դիտավորություն ուներ, և թե խիստ գոհացուցիչ պայմաններ խոստանալով, վայելուչ ընկերուհի մի կը փնտրեր յուր ուղևորության համար։

Արաքսիա մասնավոր շնորհք մի բախտին տեսավ այդ անակնկալ պարագային մեջ, ու անմիջապես հաճեցավ ուղեկցելու սույն տիկնոջ՝ զոր ի համբավո կը ճանաչեր խիստ նպաստավոր կերպիվ։

Տիկին Վարսամյան ոչ միայն նույն հոժարությունը չէր հայտներ, այլ ընդհակառակն կը ջանար խափանել ուղևորելու խորհուրդն, առարկելով յուր աղջկան թե գուցե տհաճո ինչ գործեր Ներսեսի նկատմամբ։

Բայց Արաքսիայի կամքն ամեն արգելից կը հաղթեր, և մանավանդ քանի որ հաջողած էր Աբգարյանի որդվույն նման նշանած մի ձեռք ձգել՝ կրկին հարգ ստացած էր յուր մոր առջև, որով Տիկին Վարսամյանի ընդդիմության ոգին շուտով կը նահանջեր աղջկանը տրամադրությանց առջև։

Այդ առաջարկն լինելե ութ օր վերջն՝ Արաքսիա մեկնեցավ հայրենի տունեն տիկին Հարթմանյանի հետ ճամփորդությունն սկսելո համար Եվրոպայի այլ և այլ կողմերը։

ԳԼՈԻԽ ԽԲ.

Տիկին Երանյան մոր մի ճարտար պերճախոսությամբ հայտնած էր ամուսնույն իրենց դստեր սիրահարությունը Սիսակի համար, և հարկն զնա պսակելու անոր հետ։

Պ․ Երանյան ընդդիմացած էր ուժգին, նեղացած, զայրացած, առաջարկի մ՚առջև որ բոլոր յուր տեսություններն ի հիմանց կը քանդեր. զի ինքն մտադիր էր տալ զյուր դուստր ի հարսնություն այն հարուստ երիտասարդին որ արդեն ներկայացած էր իբր փեսայացու։ Զոհել աղջիկն անձի մի որ ոչ դրամ ունի և ոչ իսկ որոշ պաշտոն մի, զայդ հիմարության մեծագույնը կը համարեր։

Եթե խղճալի մայրը մեկ կողմանե կը հաստատեր ամուսնույն դիտողությանց իրավացի լինելն, մյուս կողմանե կը նշմարեր սոսկալի վտանգն իրենց միակ որդին կորսնցնելու՝ նորա սիրույն դեմ արգելք հարուցանելով։ Պ․ Երանյան, հետ երկար ընդդիմության, ուրեմն համոզվեցավ վերջապես, և հավանությունը տալով աղջկան ամուսնության, որոշեց օգնել Սիսակի, հառաջացնել զայն, և ըստ կարելվույն անոր ապագան հաստատել։

Ծնողաց հաճությունն ստանալով կարծես Վարդանույշ պիտի հիմարեր, եթե երբեք երջանկությունը կարենար հիմարեցնել։ Ի՜նչ գեղեցիկ երազներ կըներ, ամեն ինչ վարդագույն և լույս էր իրեն համար։ Արաքսիայի հետ կը խոսեր ապագային վրա անձանձիր և անձնասեր առատախոսությամբ որ հատուկ է երջանիկ անձանց, առանց ի նկատ առնելու թե աղջկան ճակատը տխրությամբ կը վարագուրվեր մեն մի անգամ որ յուր մոտալուտ ամուսնության վրա կը խոսեր։

Ոչ թե Արաքսիա կարող էր որևէ նվաստ զգացում մ՚ունենալ ի տես երանության յուր բարեկամուհվույն, այլ կը հիշեր թե ինքն ևս նույն երազներն ըրած էր քիչ ժամանակ հառաջ, և թե անհետացած էին անոնք իրականանալե հառաջ։

Վարդանույշ նշմարած էր արդարև Արաքսիայի տխրությունն որ անհայտ չէր կրնար անցնիլ յուր չափազանցության պատճառավ իսկ։ Եվ երբ նա պատճառն ուզած էր հասկնալ աղջիկը վերագրած էր զյուր ցավ անգործությանն, և զայդ հավատացած էր Վարդանույշ, թեև տարօրինակ թվեր իրեն այդպիսի ծայրահեղ վիշտ մի։ Բայց այնչափ մեծ էր վստահությունն յուր մտերմին վրա որ բնավ մտքեն չէր անցած ուրիշ պատճառ մ՚ալ փնտրել։

Ուստի երբ մեկնեցավ Արաքսիա՝ կույսն երջանիկ թե՛ ուրախացավ և թե՛ ցավեցավ։ Գոհ եղավ, վասնզի յուր բարեկամուհին մտատանջութենե կազատեր նյութական վիճակն ապահովելով. տրտմեցավ՝ որովհետև կը բաժնվեր այն միակ էակեն որուն առջև սանձարձակ ազատությամբ յուր սիրտը կրնար բանալ։ Բայց մխիթարվելու համար ժպտուն հույսն ուներ իբր ընկեր, և մոտակա ակնկալությունն իմացնելու յուր Սիսակին թե ոչ ևս արգելք կար իրենց միացման, թե ապագան իրենցն էր, թե երանության աշխարհ մի կը պարզվեր իրենց առջև։

Շաբաթ մի ևս, կր մտածեր գոհ կույսն, և ահա յուր սիրելին կը վերադառնար անշուշտ, զի հայնժամ կը լրանար անոր դրած պայմանաժամը։ Բայց այդ շաբաթն որչափ երկարատև պիտի թվեր իրեն, մանավանդ երբ ոչ ևս ուներ զյուր բարեկամուհին ակնկալության ժամերու անձկալից երկարությունն համառոտելու համար։

Ըսինք արդեն որ Վարդանույշ մորն հետ ընտանությամբ չէր խոսեր սրտի խնդիրներու վրա. ու բացի այս պարագայեն կույսն թեև ծնողացը հավանությունն ստացած էր յուր սիրային վեպին հաջողությանն համար, այսուհանդերձ անհանգիստ կացության մեջ կը գտնվեր զի լավ գիտեր թե այդ հավանությունը բռնազբոսիկ էր։

Մինչ Վարդանույշ սենեկին մեջ առանձին էր՝ ու մտացը մեջ կը հեղհեղեր հաճելի տեսարաններ և պատրաստություններ, ահա Իսկուհին որ ներս կը մտնե։ Կույսն ցնծությամբ կողջագուրե զնա, զի անոր գորովագութ սիրտը մաս մի գիտեր հատկացնել անոնց որք յուր վրա անկեղծորեն կը գուրգուրային։

Ազնիվ հոգիներու հաճույքն սիրել է, և պատրանք անոնց համար մահու չափ դժնդակ է։

ԳԼՈԻԽ ԽԳ․

Պատշաճողական քանի մի խոսքերե հետո Վարդանույշ հատկապես խորհրդավոր ձևով մ՚իմացուց յուր դայակին թե իրեն ուրախառիթ լուր մ՚ուներ տալու։

Իսկուհի շուտ վերահասու եղավ այդ լուրին տեսակին վրա. և նկատելով այն մեծ զվարթությունն որ աղջկան դեմքին վրա ծավալած էր՝ ցավեցավ ստուգապես զայն ջնջելու հարկին առջև։ Կը հասկնար կինն որ սոսկալի հարված մի պիտի տար յուր պաշտած աղջկան, ու յուր սիրտը կը ճմլեր։ Բայց ներելի՞ էր իրեն դեդևիլ արդյոք ծանր պարագայի մ՚առջև ուր Վարդանույշի բախտը վտանգի մատնված էր. և առժամանակյա ցավ մի չպատճառելու համար, կրնա՞ր զաղջիկը թշվառության մատնել ցկյանս։ Հիշեց թե եկած էր զյուր սիրեցյալ էակ վտանգե փրկելու համար, և պիտի խոսեր ապահովապես։

Այս խորհրդածությունք շանթի արագությամբ տեղի ունեցան կնոջ մտացը մեջ, որով Վարդանույշի դառնալով ըսավ.

— Խոսե տեսնեմ, գաղտնիքդ ըսե՛, աղջի՛կս։

— Զքեզ առանց տանջելու երանությանս մասնակից ընեմ ուրեմն. զի գիտեմ, սիրելի՛ Իսկուհի, որ իբր մայր վրաս կը գուրգուրաս։

— Այդ բանը աղեկ գիտես։

— Գուցե մեղադրես զիս ընդ երկար պահած լինելուս համար գաղտնիքս քեզմե. բայց չուզեցի զքեզ մասնակից ընել անորոշ վիճակի մի, դառնությամբ լի։

— Գիտես, աղվո՛ր աղջիկս, որ ես աղեկ ու գեշ օրերդ կը սիրեմ, ու քեզի հետ ինչ ըլլամ թող ըլլամ։

— Միշտ բարի ես, Իսկուհի՛ս։ Քու զգայուն սիրտդ լավ ճանչցած լինելուս համար ավելորդ հուզումներեն ուզեցի խնայել զքեզ։

— Ա՛հ, աղջի՛կս, ինծի գեշ չընելու համար ինքզինքիդ գեշ ըրիր վախնամ։

— Ընդհակառակն, ամեն ինչ ի կատար հասուցի, հուսամ։

— Բացեն խոսե նայիմ, աղջիկս։

— Ինչպես մորմես նույնպես քեզմե ծածկած էի, Իսկուհիս, սիրո զգացում մի որ կը տածեմ գրեթե մեկ ու կես տարիե ի վեր ազնիվ և պատվական երիտասարդի մի համար՝ որուն միակ հանցանքն՝ հաչս աշխարհի գուցե, հարուստ չլինելն էր։

— Աստված տար որ մինակ այդ ըլլար հանցանքը։

— Կը տարակուսի՞ս։

— Աղջիկներու համար ամեն երիտասարդ չի գտնված է։

— Բայց դու ինչպե՞ս կրնաս դատապարտել անձ մի որ չես ճանչնար, նամանավանդ երբ ոչ իսկ գիտես անոր ով լինիլը։ Միայն իմ Արաքսիաս տեղյակ էր գաղտնյացս, և երեք շաբաթե ի վեր ծնողքս տեղեկություն ունեցան այդ մասին։ Մի՞ գուցե տեսար մայրս, և եղածն իմացար անկե։

— Ո՛չ, աղջիկս, շիտակ քու քովդ եկա։

— Ուրեմն բնավ իրավունք չունիս խոժոռադեմ հանդիսանալու երբ պաշտելի ընտրելվույս վրա կը խոսիմ։

— Ա՛հ, աղջի՛կս, չգիտես որ Սիսակը ինչ կաժե նե, այնչափ ալ Արաքսիադ կաժե։

— Ինչպե՞ս գիտես դու թե Սիսակն է սրտիս տերը, և ինչու՞ աննպաստ կերպիվ կը խոսիս անոր և Արաքսիայիս վրա։

— Ես ալ գիտցածս գիտեմ։

— Ի՞նչ է գիտցածդ տեսնենք։ Հավատա՛, Իսկուհի՛, որ եթե դու չլինեիր՝ երբեք չպիտի ներեի որ չարախոսիս իմ երկու ընտրելագույն սիրելյացս վրա։

— Իրավունք ունենա՞մ ալ պիտի գեշ գան խոսքերս քեզի։

— Բայց անհնար է որ իրավացի լինին, բայց բարեկամուհվույս նկատմամբ հուդայություն կը համարիմ ամենափոքր կասկած մ՚անգամ ունենալը։

— Եկու նայե որ այդ երկու երեսով աղջիկը քեզ կը խաբե, խեղճ զավակս։

— Ի՞նչ փաստ ունիս Արաքսիան մեղադրելու համար։

— Ինչպե՞ս ըսեմ քեզի։

— Շուտ խոսե, կը պահանջեմ զայդ քեզմե։

— Խոսք տուր, զավա՛կս, որ սիրտդ թունդ չի պիտի ելնե։

— Կը խոստանամ։

– Երդում ըրե որ տիկնոջս տալու անունը ամենևին բերնեդ չի պիտի հանես։

— Կերդնում առաջի երկնից։ Սակայն եթե հարկը պահանջե ի՞նչ ընեմ հայնժամ։

— Բերանդ գոց պահես։ Մտածե՛ որ եթե իս մատնես, տղաներուս հացը բերներնուս կը կտրես։

— Լավ ուրեմն, կը խոստանամ լռելու։

— Երդում ըրե։

— Կերդնում։

— Անանկ է նե մտիկ ըրե հիմա։ Քու սիրած Արաքսիան սիրուհին է քու Սիսակիդ։

— Ո՜հ, ի՜նչ սոսկալի ամբաստանություն է այդ։

— Եկու տես որ եղածն ալ այս է։

— Ի՞նչ կըսես, Իսկուհի՛, Արաքսիան ջանաց ամեն ինչ կարգադրել երբ Սիսակ թվեր ինձմե հեռանալ, և կուզե՞ս որ նա ինձ դեմ դավակցի։

— Այո՛, գործդ կարգի դնելով իրենց գործը կը շտկեր, կիմանա՞ս։

– Ոչինչ կը հասկնամ, բացարձակապես խոսե։ – Արաքսիա գիշերով Սիսակը ներս առավ Աբգարյաններուն տանը մեջ։

— Այո՛, տեղյակ եմ։ Այդ ժամադրության շարժառիթն էր իմ վրդովյալ սրտիս ապահովություն տալու անշահախնդիր բաղձանքը։

— Դուն այդպես գիտցիր, խեղճ աղջիկ։ Այդ երկուքր չամչնալով գիշերվան մեջ քեֆ կընեին։ Այդ խայտառակ Արաքսիան քու հավնած աղջիկդ է, տե՛ս։

— Կր հայհոյես, Իսկուհի՛, լռե՛։

— Չեմ կրնար լռել, պետք է որ ամեն բան գիտնաս։

— Խեղճ բարեկամուհիս ամուսնությունս հաստատելու կաշխատի, և դու զայն իբր նենգավոր կուզես ներկայել։

— Եվ է։

— Ո՞վ կը վկայե։

— Տիկին Աբգարյանը, ավե՞լին կուզես։

— Տիկին Աբգարյա՞նը։

– Հիմա հավատացի՞ր, թե կուզես եկու քեզ այդ տիկինին տանիմ, ու ամեն բան անոր բերնեն իմանաս։

— Այդ չի բավեր ինձ տակավին, մանրամասնաբար պատմե գիտցածդ, զի կըմբռնես անշուշտ որ տիկին Աբգարյանի տունը ես չեմ կրնար երթալ։

Հայնժամ Իսկուհին պատմեց րոլոր մանրամասնությամբը զոր ինչ իմացած էր տիկին Աբգարյանեն։ Թե Սիսակ կուզեր յուր հետն ամուսնանալ մի միայն հարստութենեն օգտելու և Արաքսիայի հետ հարաբերությունները շարունակելու համար. թե տիկին Աբգարյան ունկնդիր եղած էր բոլոր իրենց խոսակցության, և ականատես իրենց անվայել վարմունքին. որով նույնիսկ հետևյալ օրն՝ որ կը հաջորդեր այդ ամոթալից գիշերվան, տիկինը վանած էր զյուր վարժուհին և պատվիրած էր Սիսակի ոչ ևս յուր տան մեջ ոտք կոխելու։

Վարդանույշ բառ չուներ արտասանելու այդպիսի վճռողական տեղեկություններե վերջը։ Մանավանդ որ հիշեց այն տարտամ և բռնազբոսիկ պատճառաբանությունքն որոնցմով կը պատասխաներ Արաքսիա մեն մի անգամ որ հարցուցած էր անոր յուր հանկարծական մեկնելուն պատճառն Աբգարյանց տունեն։ Երանյանց վշտահար աղջիկը կը կարծեր ճշտիվ ըմբռնել Արաքսիայի տխրության պատճառը, նամանավանդ երբ ապա դա երջանկությանը վրա կը խոսեր։ Կը մտածեր կույսն թե տարակուսելու իրավունք ոչ ևս ուներ երբ տիկին Աբգարյանի նման վկա մի կար մեջտեղ։

Վարդանույշ ամեն կարեկցության արժանի էր․ զի որչափ մոտ կարծեց ինքզինքն երջանկության, նույնքան այդ հեռացավ իրմե։ Մեկ հարվածով երկու սեր կը ջախջախվեին, հավատքը, հույսը կը փշրվեին, և կը մնար դեմ հանդիման հրեշային մատնության մի հանդեպ։

Ի պահանջել հարկին Վարդանույշ կրնար ըմբռնել անհավատարմության օրինակ մի Սիսակի կողմանե, զի այդ անկարելի ինչ չէր երիտասարդի մի համար։ Բայց խաբվի՜լ բարեկամուհիե մի զոր իբր քույր նկատած էր միշտ, զայդ չէր ըմբռներ նա։

Վարդանույշ ոչ լացավ և ոչ ալ հուսահատության ցույցեր տվավ ի ներկայության այդ կնոջ. միայն թե հայտնեց մտադիր լինելն խզելու ամեն հոդ սիրո և բարեկամության եթե յուր կասկածները ցրվելու չի հաջողեր։ Սակայն որոշեց ոչինչ հայտնել ծնողաց թե՛ Սիսակի և թե՛ Արաքսիայի նկատմամբ, քանի որ երկուքն ալ բացակա էին, և մանավանդ երբ Սիսակ զինքն չէր խնդրած ի կնություն տակավին։ Նույն լռությունը պահանջեց Իսկուհիեն ևս այդ ցավալի դեպքին վրայոք։

Երբ կույսն առանձին մնաց սկսավ լալ դառնագին յուր կարծած կրկին մատնության վրա։ Հուսահատությունը չափ չուներ նախ, բայց ապա սկսավ մտածել թե գուցե Իսկուհին սխալ հասկնալով կերպարանափոխ ըներ տիկին Աբգարյանի խոսքերը, զի կասկածիլ սույն տիկինեն մտքեն անգամ չէր անցներ, քանի որ զայն ամեն հարգանաց արժանի կը համարեր, երբ մանավանդ Արաքսիա երբեք չէր չարախոսած անոր վրա։

Սակայն կասկածոտ անձանց հատուկ բերմամբ ուզեց այցելել ծնողաց Արաքսիայի, մտածելով թե գուցե անոնց խոսքերեն հաջողեր աղոտ լույս մ՚ստանալու պատահած մութ խնդրույն վրա։ Եվ իրոք անմիջապես գնաց հայցելություն Վարսամյան ընտանյաց։ Տենդը զինքը գրաված էր, քայլեց արագորեն, հասավ տան դռան առշև, ուժգին ցնցեց զանգակը, չվան մի քաշվեցավ ներքնապես, դուռը բացվեցավ, ներս մտավ աղջիկը փութով, դուռը գոցեց, վեր ելավ, և տեսավ որ պ. Վարսամյան առանձին էր, զի կինը դուրս ելած էր։

Վարդանույշ ուրախացավ այդ դեպքեն հուսալով օգտիլ ծեր մարդուն պարզմտութենեն։ Հայց իզուր հարց ու փորձ ըրավ, իզուր մանրամասնությանը մեջ մտավ, ոչինչ իմացավ, ոչինչ հասկցավ, եթե ոչ Արաքսիայի յուր անկեղծ բարեկամուհին լինելը։

Վարդանույշ կարծես սիրտ առավ ծերունվույն անկեղծ խոսակցութենեն, և ոտք ելնելով հրաժեշտի ողջույնը տվավ նմա և մինչ կանցներ Արաքսիա յի սենեկին առջևեն՝ գուցե նախանձու գաղտնի դրդմամբ, ներս մտավ առանց ինչ որոնելը գիտնալու․ գնաց մերձ խոնարհ գրասեղանին, նշմարեց անդ այլ և այլ գրյանք, ու անոնց մեջ տեղեն դիտեց թե նամակի մի ծայրը դուրս կելներ։ Սիրտ ի թունդ մոտեցուց դողդոջուն ձեռքերն անոր, բացավ, կարդաց, և քիչ մնաց որ նվաղեր։

Այդ թուղթն տիկին Աբգարյանի առ Արաքսիա գրած նամակն էր։ Կասկածանաց տեղի այլ ևս չէր մնար ուրեմն, մտածեց հեգ աղջիկն, յուր դժբախտությունը լիուլի հաստատված էր։ Առավ զայդ նամակ, գրպանը դրավ, և դարձավ ի տուն մահը հոգվույն մեջ կրելով։

ԳԼՈԻԽ ԽԴ.

Երբ Իսկուհի հաղորդեց տիկին Աբգարյանի յուր հաջողությունը Վարդանույշի քով՝ դրուժան կինը ցնծաց ի սրտե։ Եթե ուրիշներն իրեն վնասելու զբաղյալ էին՝ գոնե ինքն անոնց ջանքն ապարդյուն կըներ իրապես կործանելով զանոնք։ Ուրիշներն իրմե կը հեռացնեին յուր սիրահարն, և ինքն ուրիշներու սիրահարները կը հալածեր փոխադարձաբար։ Ինքը լքյալ էր, է՞ր ուրեմն ուրիշներն ևս չլքվեին, կը մտածեր։

Չար հոգիները կր մխիթարվին այլոց թշվառությամբ ու աղետքներ բարդելով կը հրճվին։ Ուստի տիկին Աբգարյան վայրենի գոհունակություն մի կզգար ցորչափ սիրո ավերներ կը դիզեր շուրջը։

Բայց ինչ որ զինքն անհունապես կը բերկրեցներ, մանավանդ ապահովությունն էր Սիսակի շահախնդիր խորհուրդները կործանած լինելը։ Երիտասարդը զոհած էր զինքն յուր շահուց, բնական էր ուրեմն որ ինքն ևս զոհեր գնա յուր վրեժին դրության։

Վրիժառության գործադրությունն այնպիսի սոսկալի և գազանային վայելք մի հինքն կը պարունակե, որ այդ վայելքն դժվարավ կրնա գերազանցվիլ որևէ ուրիշ բերկրալից զգացու մե։ Ուստի տիկին Աբգարյան կը հագենար վրիժառության պատճառած հաճությամբն, և զինքը մաշեցնող տառապանաց մեջ դառն մխիթարություն մի կը վայելեր։

Այդ դժոխային սփոփանքե իսկ զուրկ էր Վարդանույշ, զի առանց վրեժխնդիր խորհուրդներ կազմելու, ընկղմեցավ հուսահատության անհատակ վհին մեջ։

Որևէ խորհուրդ որոճալը մտաց և սրտի զբաղում մ՚է դարձյալ։ Բայց կատարյալ և լուռ համակերպությունը բախտին անողոքելի հարվածոց առջև՝ կը նշանակե հանձն առնուլ ճաշակելու մինչ ցմրուր և ամենայն խղճմտությամբ ցավոց բաժակին մեն մի դառնալից կաթիլը։ Թվեր Վարդանույշի թե բնավ փույթ չէր իրեն նույն վայրկենեն եթե Արաքսիա կամուսնանար կամ թե չէր ամուսնանար Սիսակի հետ, քանի որ կը կարծեր թե երկուքն ալ իրեն համար ոչ ևս էին։

Թեև կույսն հաստատ որոշում մի տվավ՝ մի անգամ ընդմիշտ հալածել երիտասարդին հիշատակն յուր սրտեն, սակայն վաղ ընդ փույթ զգաց թե այդ որոշման գործադրությունը չէր ինչ այնքան դյուրին։ Իզուր կը ճգներ ջնջել զայդ պատկեր իսպառ յուր հոգիեն, բայց նա կենդանի և չքնաղ կը հանդիսանար յուր առջև որպես միշտ։

Սրտի բռնության հավասարող ուրիշ բռնություն մի կա՞ արդյոք։ Անձն այն որ հոգվո արտասովոր արիությամբն ի վեր քան զայդ զորություն կը բարձրանա՝ մարդկության մեծագույն դյուցազուններեն մին է անշուշտ։ Սակայն չորրորդ շաբաթն՝ այսինքն Սիսակի հատկացուցած պայմանաժամը լրացավ, և նա տակավին չէր վերադարձած ի Պոլիս։ Չգիտեր կույսն թե ուրախանար կամ ցավեր անոր չերևալուն վրայոք։ Եթե երիտասարդը վերադառնար՝ անշուշտ Երանյանց դուստրը մերժողական պատասխանավն ամեն հարաբերությանց վերջ պիտի տար իրեն և սիրահարին միջև, ու այդ մահու չտփ ծանր կը թվեր իրեն, թեև ամրապինդ էր որոշմանը մեջ երբեք չներելու երիտասարդին։

Սիրտը զարմանալի հակասություններ ունի որոնց անկարելի է թափանցել։

Բայց եթե հանգետս կուրախանար Վարդանույշ երիտասարդին վերադարձին հապաղման վրա՝ մյուս կողմանե դժոխմբեր կասկած մի կուգար զինքը չարչարել․ կը խորհեր թե գուցե Սիսակ հաջողած էր Արաքսիայի ուղեկից լինելու։ Այդ մտածությունը զինքը մահու չափ կը չարչարեր երբ ողորմելի կույսը կը կարծեր անտարբեր լինիլ երիտասարդի մասին։

Ո՞վ արդյոք կարողացած է մինչ յուր սրտին հատակն իջնել և թափանցել անոր իրական վիճակին։

ԳԼՈԻԽ ԽԵ.

Ներսես Մանչեսթըր կը գտնվեր միշտ, հոն բազմազբաղ կյանք մի կանցուներ, և անդուլ աշխատությանց մեջ կը ճգներ Արաքսիայի հիշատակը թաղել։ Գործողություններե դուրս պարապո ժամերն ուսման կը նվիրեր. գիտությանց անսահման դաշտին մեջ կը կորսվեր, կը հետախուզեր, կուսումնասիրեր, կուսաներ, և միտքր չարաչար հոգնեցնելով կը կարծեր սիրտն հյուծել, և մի անգամ ընդմիշտ անշարժության դատապարտել զայն։

Երիտասարդը կզգուշանար սակայն սրտին վիճակին վրա որոշ գաղափար մ՚ստանալե։ Դատապարտած էր զայն առանց անոր դատը լսելու տրամադրության. ինքն մահվան ենթարկած էր զյուր սիրտ իրոք։ Բայց պատճա՞ռ մ՚էր արդյոք որ յուր սիրտը չբողոքեր ու մեռներ։

Ներսես կը խաբվեր ինքզինքն ի սիրո բուժած համարելով. նույնիսկ ճգունքն զոր կըներ մտացն անընդհատ ճարակ մատուցանելու համար՝ ապացույց մ՚էր աչն երկյուղին, որով համակված էր սրտին իշխանությանն հպատակելու։ Աբգարյանի որդին կը թղթակցեր յուր երկու փոքրիկ քույրերուն հետ. այդ թղթակցությունը թեև հաճոյալից էր իրեն, վասնզի անկեղծ և սիրահորդ զգացմանց արտահայտությունը կը տեսներ հոն, մյուս կողմանե յուր աննպաստ կողմն ևս ուներ. զի տղայք՝ որոնց սրտին մեջ վառ մնացած էր իրենց վարժուհվույն գաղափարն, ամեն անգամ անոր վրա կը խոսեին անմեղ հոգվո մի մասնավոր գորովանոքն և խանդիվը։ Զհիշատակ անցյալ օրերու կը զարթուցանեին Ներսեսի մտաց մեջ, հիշատակելով այն բարեբաստ ժամանակն ուր իրենք երջանիկ կապրեին երկու սիրելյաց ընկերությամբ։

Երիտասարդ Աբգարյանը կը հուզվեր ընթեռնլով զայդ տողեր, և այդ հուզումն առավել արգահատական զգացում մի կը համարեր քույրերուն նկատմամբ քան թե վաղեմի համակրության մի հետքը։ Բայց սա ստույգ է որ տղայոց նամակները միշտ տխրախառն գոհունակություն մի կազդեին իրեն, որում կը հաջորդեր զգալի մելամաղձոտություն մի։

Ներսես խույս կուտար ընկերութենե և ամեն երիտասարդական հեշտություններե։ Զինքն իբր վայրենի անձ մի կը նկատեին ի Մանչեսթըր, թեև ամենուրեք յուր գործունեությունը կը գովեին և յուր հաջողակությունը՝ խորհրդոցն ու անոնց գործադրության մեջ։

Երիտասարդը կը հառաջադիմեր, ապագան զգալի կերպիվ կը բարվոքեր, յուր անձնասիրությունը գոհ կը լիներ նկատելով զարդյունքն աշխատության, բայց յուր սիրտն օտար կը մնար այդ գոհունակության։ Քանի մ՚ամիս առաջ փափագող էր Ռոչիլտի հարստության, բայց նույն պահուն սիրտը նպատակ չունենալով՝ բախտին խորթ զավակը կը համարեր ինքզինքը։

Կյանքը կը նկատեր իբր բռնավոր տեր մի որուն ծառայելու պարտավորած էր դասալիք չլինելու համար։ Թվեր իրեն թե պիտի սկսեր ապրիլ նույն վայրկենեն որ մահվան զանգակն հնչեր ականջին։ Դառնությամբ կը նայեր կենաց, սրտին դատարկութենեն կը գանգատեր, երբ ընդհակառակն սիրահորդ էր այն. և երբ զյուր անձ մեռած կը համարեր սիրո համար, չգիտեր թե կենդանությամբ լի էր տակավին։

Արաքսիա յուր կողմանե կը տառապեր, զի կիմանար թե ինքն թյուրիմացության խղճալի զոհն էր եղած։ Կը հուսար տակավին, զի վստահ էր յուր սիրեցյալ անձին ազնիվ զգացմանց վրա. բայց սոսկալի կասկած մի կը նեղեր զինքն. այն էր թե գուցե Ներսես նվիրեր վերջապես զյուր սեր ուրիշի, յուր անմեղության վրա անտեղյակ մնալով։ Եթե այդ դեպքը պատահեր, մտադիր էր նա ծնողացը նվիրել ամբողջ յուր կյանքն, առանց որևէ ուրիշ ամուսնության խորհուրդ ընելու։

ԳԼՈԻԽ ԽԶ.

Տիկին Հարթմանյան՝ որուն կուղեկցեր Արաքսիա, վայելչագեղ անձ մ՚էր, ազնիվ հոգի մի, պատվակիր և զգայուն արարած մի։ Կը սիրեր հոգվով չափ ամուսին մի որ պարտազանցությունը քողարկելու բնավ փույթ չէր ըներ։ Շնորհալի մանկամարդը չէր գանգատեր, այլ սիրտր կարյուներ լռին և մարմինը կը վատթարանար զգալի կերպիվ. բժիշկներն հորդորած էին զսրտաբեկ տիկին ճամփորդություն մ՚ընելու. նա հեռացած էր ամուսինեն՝ սերն ու վիշտն հետը տանելով։

Տիկին Հարթմանյան և Արաքսիա կապվեցան իրարու այն համակրանոք որ տեղի կունենա երկու վշտահար հոգիներու միջև։ Երկուքն ալ իրենց տառապանաց վրայոք խոսելե կզգուշանային, բայց երկուքն ալ փոփոխակի իմացան թե բախտեն հալածյալի մի ընկերացած էին։

Ցավը լուռ պերճախոսություն մ՚ունի զոր շուտ կըմբռնե սգահար սիրտ մի։ Ուստի երկու կանանց մեջ կարծես սգո համերաշխությունն հաստատվեցավ, իրարու համար արգահատություն ունեցան, թեև իրենց գաղտնիքն իրարմե պահեցին։

Եվրոպիո գլխավոր մայրաքաղաքաց կայցելեին մեր երկու երիտասարդուհիք, այլ և այլ առարկաներ կը տեսնեին, կը զննեին, կը զարմանային, բայց ամեն ինչ անոնց համար սևով նկարված էր կարծես։

Հասան Լոնտոն ու հոն Արաքսիա մասնավոր հուզմամբ գրավվեցավ գիտնալով յուր մերձավորությունը Ներսեսի։ Կը խորհեր թե բախտը գուցե զերիտասարդն յուր ճամփուն վրա կը դներ, և թե ինքն ուղղակի առ այն երթալով կը հաջողեր ինքզինքն արդարացնելու։ Բայց իզուր շուրջը կը նայեր, իզուր հոգին կը տրոփեր երբ հեռվեն յուր պաշտած անձին նմանող մեկը կը նշմարեր. Ներսես ոչ ուրեք էր, պատրա՜նք։

Բուռն անձկութենե մղյալ՝ Արաքսիա վայրկյան մի հոժարություն ունեցավ հայտնել տիկին Հարթմանյանի յուր հոգվույն գաղտնիքն, և խնդրել անկե որ մինչև Մանչեսթըր ուղևորին։ Վստահ էր որ յուր ազնվամիտ տիրուհին կը կատարեր յուր բաղձանքն, հենլով այն համերաշխության վրա որ վշտակիր քույր հոգիներու միջև կը տիրե, բայց մտածեց թե գուցե Ներսես ոչ ևս կը գտնվեր ի Մանչեսթըր. և եթե էր տակավին, երկյուղ զգաց հաշտության փորձն ապարդյուն մնալուն վրայոք, որով յուր արժանապատվությունը մեծ հարված մի կընդուներ տիկնոջ առջև։

Արժանապատվության վերաբերող փափուկ խնդիրներ կան, զորս մարդ ոչ միայն այլոց կը դժկամակի հայտնել, այլ եթե կարելի լիներ անձեն իսկ կը ծածկեր։

Մինչ կը տատաներ Արաքսիա այդ առաջարկն ընելուն կամ չընելուն վրա, ահա տիկին Հարթմանյան որ հաշիվ շաբթվան մի այցելութենե վերջը, Լոնդոնի հրաժեշտ տալու դիտավորությունն հայտնեց, առարկելով սույն մայրաքաղաքին չար ներգործությունն յուր առողջությանը վրա։

Ամեն հույս մեռած էր ուրեմն Արաքսիայի համար, ու վայրկյան մի Ներսեսի հետ հաշտության հույսն աչացը փայլելեն վերջը մթագնեցավ վերստին։

Անգլիո մայրաքաղաքին մեջ ամեն ինչ ահագին դղրդում և կենդանություն էր. բայց Արաքսիայի թվեր ընդհակառակն թե բոլորովին ամայություն էր յուր շուրջը։ Հեռի էր իրմե յուր պաշտած անձն, որով զուրկ էր կենսական տարրեն։

ԳԼՈԻԽ ԽԷ.

Հետ արձակման Արաքսիայի՝ ավելորդ համարեց տիկին Աբգարյան հայ լեզվին ուսմունքն հառաջ վարել յուր որդվոց համար, քանի որ կը համարեր հայերենն իբր մեռյալ բարբառ մի, որ օգտակար կրնար լինիլ միայն վարժապետի պաշտոնը վարելու սահմանված անձանց, և ոչ թե ընկերության մեջ փայլելու վիճակված մեծատոհմ օրիորդաց․ զի ըստ տիկին Աբգարյանի կը բավեր հարուստ լինիլ տոհմային ցեղի մի բոլոր հավակնություններն ունենալու համար։ Ուստի գաղղիացի դասատուի հանձնեց յուր երկու աղջկանց գաղղիերեն սորվեցնելու հոգն, ինչպես գերման վարժուհվո մի զանոնք կրթելու և անոնց մոտ ապրելու պաշտոնն։

Գերմանուհին հասակավոր աղջիկ մ՚էր, անախորժ ու ցուրտ արարած մի, որ ոչ այլ ինչ գիտեր բայց մեքենայի ճշտությամբ հառաջ վարել կյանքն, իբր թե պարզ նյութական գործիք մի լիներ այն։ Հագվելու, քայլելու, խոսելու և գործելու եղանակն, ամեն ինչ մեկ խոսքով, կարծես կարկինով չափած էր։ Երբեք չէր հայտներ հանկարծական բաղձանք մի, պետք մի, խնդություն մի, տխրություն մի։ Յուր կիրքերն այնպես կարգադրած թվեր լինել որ միշտ չափաբերական ճշտությամբ կը շարժեին առանց իրենց ընթացից մեջ անկանոն շարժում մ՚ընելու։ Բացի դասախոսության ժամանակեն, բառերը խիստ սակավ էին, և բերանը կը բանար միայն երթ հարկը պահանջեր, դիտողություն մ՚ընելու և կամ պատվեր մի տալու համար։

Այդ հասակավոր աղջիկն երբեք գորովո բառ մի չուներ տղայոց համար, կարծես զինվորական մ՚էր որ զորացն հպատակության և ճշտության ակնդետ էր միայն։

Տարիքոտ աղջիկները գոգցես չեն ներեր ուրիշ կանանց իրենց ամուսնական և մայրական երանությունն, ու ինքզինքնին արհամարհած համարելով ոչ մեկու մ՚ուշադրությունն ու սերը գրաված չլինելուն համար, իրենց դառնությունն ընկերության վրա կը ժայթքեն, ու այնու եղանակավ իրենց վրեժը կը լուծեն։

Հետ սրտագրավ վարմունքին Արաքսիայի՝ դժվար էր տղայոց հաշտ աչոք նայիլ և առանց զգածվելու իրենց նոր վարժուհվույն խիստ ձևերուն։ Բայց խեղճ արարածները բնավ համարձակություն չունեին իրենց մոր գանգատ մ՚ընելու գերման վարժուհվույն խստության վրայոք, քանի որ մեն մի անգամ որ տիկին Աբգարյան յուր դժգոհությունն ուզեր հայտնել մանկանց, կըսեր. «Անշուշտ Արաքսիայի նման բնավորությամբ թույլ վարժուհի մ՚ունենալնուդ համար է որ անկիրթ եղաք»։

Թող թե տիկին Աբգարյան անտարբեր էր գիտնալու թե ո՛ր եղանակավ կը վարվեր վարժուհին յուր զավակացը հետ, այլ եթե նույնիսկ ճանաչեր խստությունն գերմանուհվույն, գոհ կը չիներ մանավանդ, զի այնպես կը մտածեր թե տղայք խարազանավ կը կրթվին և ոչ թե քաղցրությամբ։ Մանավանդ որ մասնավոր գոհունակություն մ՚ալ ուներ նոր վարժուհվույն նկատմամբ, այն էր անոր տգեղ և հասակավոր լինելն, որով ի նա դարձյալ նախանձորդ մի գտնելու երկյուղեն ազատ էր։

Բայց Աղավնի՝ իբր փափուկ տունկ որ պետք ունի արեգական ջերմության, կը գունատեր ու թարմությունը կը կորսնցներ այդ կնոջ սառած շունչին ներգործությամբ։ Արաքսիայի սիրալիր և ջերմ մթնոլորտին շնորհիվ աղջիկն աճած էր և բարգավաճած. այգ կենսատու մթնոլորտեն զրկվելով՝ գլուխը ծռած ակնկոր կը քայլեր կենաց մեջ։

Արմինե թեև ցավ կզգար Արաքսիայեն հեռանալովն՝ այսուհանդերձ ոչ յուր զվարթությունը կը կորսնցներ, և ոչ ալ յուր առողջության վնաս կը հասցներ։ Փոքրիկը կը համակերպեր ամեն վիճակի, կերգեր, կը խայտար, կը ցատքռտեր, որչափ որ կարելի էր խիստ հրամանատարության ներքև։

Զգայուն բնությունները քան զսովորական կազմություններն ավելի կզգան ամեն ինչ, և մանավանդ վիշտ։ Ցավը վայրենի ու դառն հաճույքներ ունի որ զհոգին պեղելով կը հրճվեցնե։ Տառապանքն ունի յուր բանաստեղծությունն ինչպես և ուրախությունը։ Մին աշնանային մութ գիշերվան եղերերգն է մյուսը գարնանային լուսազարդ և գեղեցկաբույր առավոտյան զվարթ երգն է։ Խավարն ունի յուր խորախորհուրդ և մութ հեշտությունն, ինչպես լույսն ունի յուր սրտագրավ և ուրախալից վայելքն։ Առաջինն առավել դժվարըմբռնելի է, զի փափուկ և զգայուն հոգիներու առանձնաշնորհությունն է. մինչ մյուսը ամենուն դյուրամատչելի է։

Աղավնին կը մաշեր յուր նախկին վարժուհվույն կարոտիվ. բայց ապահով էր թե անհնար էր տեսնել զնա, քանի որ մայրը բացարձակ հակառակությամբ կը խոսեր անոր դեմ։ Գո՜նե եթե եղբայրն ունենար. բայց անկե ևս զուրկ էր։ Ուստի այդ կանխահաս մանուկն հինքն ամփոփվելով տառապանաց դպրոցին կաշակերտեր առանց ոչինչ հայտնելու քրոջն, որ յուր տարիքին սեփական անտարբերությամբը կապրեր։

Աղավնին հասուն աղջիկն էր որ կը մտածեր, կը խորհեր, կը ցավեր ու կը համակրեր։ Արմինեն տղայությունն էր յուր անհոգությամբն և աշխուժիվը․ տղան չափահաս մտաց բարձրության չի հասնիր երբեք։ Հետևապես Աղավնին կը թողար յուր քրոջ խինդն, աղմուկն և գոհունակությունն, անձին վերապահելով կարոտն ու սուգը։

Մելամաղձոտությունը գրավեց զԱղավնին և հետզհետե զորանալով, տկարությունն հաջորդեց մելամաղձային այդ վիճակին, բայց վարժուհին յուր խստությանը մեջ ամփոփվելով տղուն կացությունը բնավ չէր նշմարեր։ Իսկ տիկին Աբգարյանի գալով ուշադրություն անգամ չէր ըներ։ Եվ երբ յուր ամուսինը, ճշմարիտ հոր մի անձկությամբ, ահով կը հայտներ զավկին վտտիլը, տիկինը կը պատասխաներ թե Աղավնի ոչինչ ուներ, և թե տղայք աշնան ժամանակ ենթարկված են այլ և այլ թեթև անհանգստությանց։

Աղավնի եղբորն ոչինչ գրած էր յուր վիճակին վրայոք, մտածելով թե նա դառն կասկածանաց կրնար մատնվիր։ Եվ սակայն Ներսես միակ անձն էր որ զինքը կրնար հասկնալ ու յուր պետքը լրացնել։ Այսպես ուրեմն կը ցանվեին սերմունքն հյուծող հիվանդության մի որ աղիտաբեր պիտի լիներ շնորհալի մանկան։

ԳԼՈՒԽ ԽԸ.

Գրեթե երեք ամիսներ հաջորդած էին Սիսակեն հատկացյալ պայմանաժամին, և երիտասարդը տակավին վերադարձած չէր ի Պոլիս։ Ի՞նչ հանդիպած էր նմա։

Փոքր Ասիո կողմերը գավառացի մը դատ մ՚ուներ, ու այդ դատ գնացած էր շահիլ Սիսակ։

Գավառացի պ․ Գրիգորը զյուր փաստաբան ընդունեց մասնավոր մեծարանոք ու հյուրընկալեց զնա յուր տան մեջ, հաշվելով թե մեծարանաց սաստկությունը կրնար նպաստել դրամ հատուցանելոլ մասին նվազ առատաձեռն լինելու։

Պ. Գրիգոր հասակավոր այրի մարդ մ՚էր որ յուր երրորդ կնոջմեն միայն զավակ մ՚ունեցած էր․ բայց տղուն ծնունդը մորը մահը պատճառած էր։

Պ․ Գրիգոր իրեն հասակակից այրի քրոջը հանձնած էր որդվույն խնամատարության պաշտոնն յուր տան մեջ. ու մանուկն աճեցավ այնպիսի գեղով, որ շնորհաց իբր հրաշալիք կը ներկայանար երբ տասն և հինգ տարեկան էր՝ այսինքն նույն ժամանակին ուր Սիսակ զինքը տեսավ առաջին անգամ, գավառացվույն հյուրը լինելով։

Բազում փեսայացուներ խնդրած էին զօրիորդն ի կնություն, բտյց Պ. Գրիգոր մերժած էր զամենքն ալ, մասնավոր նպատակ ունենալով յուր դուստրը բախտակից ընելու այնպիսի մարդու մի՝ որուն փայլուն վիճակեն ինքը կարենար մեծ շահեր ակնկալել։ Այդ մարդը միակ գլխավոր նպատակ մ՚ուներ երկրիս վրա՝ այն էր ոսկի դիզել փառք, պատիվ, արժանապատվություն, զամեն ինչ կը զոհեր յուր արծաթապաշտ ճաշակին։ Միշտ այլոց դեմ դատ բանալու առիթ կը փնտրեր, ու չկար որևէ միջոց զոր արհամարհեր իրավունք ստանալու համար։

Ահա բավական մեծ գումար մի վտանգի ենթարկած էր նույն պահուն, ու մեր գավառացվույն հակառակորդն ազդեցությամբ զորավոր մարդ մի լինելով, պ․ Գրիգոր խոհեմություն համարեց հանձնել զյուր դատ պոլսեցի փաստաբանի մը ճարտարության, ու այդ նպատակավ Պոլսո ծանոթներեն խնդրեց մի մասնագետ՝ այնու պայմանավ սակայն որ պահանջումները չափավոր լինեին։

Սիսակ հանձանրարվեցավ ուրեմն պ. Գրիգորի, ու ներկայացավ նմա իբր օրինավոր փաստաբան, ձևերն առնելով անձի մի որ վստահ էր ըրածին վրա, ու տեղյակ արվեստի ամենայն նրբությանց։

Մեր փաստաբանն այն ինչ տեսավ զերիտասարդուհին, շլացավ անոր գեղեցկութենեն ու մտադիր եղավ գրավելու զայն։ Դժվարին փորձ մի չէր անոր համար երբ գեղեցիկ սեռն որսալու արվեստին մեջ նշանավոր հանդիսացած էր, նամանավանդ որ անմեղ աղջիկ մի գլխե հանելու վրա էր խնդիրը։

Իրոք հազիվ երկու շաբաթներ անցած էին, ու անփորձ գեղանին սիրահարության ալեկոծության մեջ անկած էր արդեն։ Սիսակ խոստացավ անոր հետն ամուսնանալ, ու հայտնեց թե մասնավոր պատճառներու համար հարկադրած էր նշանտվությունն հետաձգելու։ Առանց դժվարության հավատացուց աղջկան թե ամեն ջանք պիտի ըներ փութացնելու իրենց ամուսնությունն, և թե ընդփույթ հաջողելու համար յուր գաղտնապահության կը կարոտեր։

Անփորձ արարածն ոչ միայն խոստացավ իրմե պահանջվածն, այլ անխիղճ երիտասարդին սիրո թակարդին մեջ անկավ ամբողջապես։

Իսկ Սիսակ մոռցավ թե յուր պայմանաժամը լրացած էր ի Պոլիս․ մոռցավ յուր շահերն, ու այն բուռն եռանդյամբ և ծայրահեղությամբ որ հատուկ էր յուր անսանձ բնավորության, սիրո աղմկալից կենաց մեջ թավալեցավ գլխիկոր։ Բայց ինչպես ամեն կիրք որ չափազանց է՝ Սիսակի տրփանքը շատ շուտ սպառեցավ։ Եվ երբ զգաց թե յուր բաղձանքներն հագեցած էին, երկարաձգած դատը փութաց հաջողությամբ ավարտել, և իրեն խոստացված չափավոր գումարը ստանալեն վերջը նույնիսկ անոր ձեռքեն որուն ի փոխարեն աղջկանն անպատվությունը կը թողուր, ընդ փույթ վերադարձի խոստմամբ ու հարատև սեր խոստանալով գեղանվույն, մեկնեցավ Սիսակ արտասուք և սուգ թողլով յուր քմահաճությանց դյուրախաբ զոհին։

Անխիղճ մարդիկ կան որք սրտերու հետ կը խաղան ինչպես տղայք իրենց խաղալիքներուն հետ, զորս քիչ ժամանակ վայելելեն վերջը, կը ջախջախեն մեկ կողմ նետելով, զնորանորս ստանալու ակնկալությամբ։

Սիսակ այդ կարգի մարդկանց տխուր պատկերն էր. միայն յուր շահն և հաճույքը կը ճանաչեր, անփույթ այն աղետից զորս յուր քմահաճ և վաղանցուկ կիրքերը կրնային հարուցանել։ Յուր մեկ վայրկենական հեշտությանն համար մշտատև արտասվաց աղբյուր մի բանալու բնավ խիղճ չէր ըներ։

ԳԼՈԻԽ ԽԹ.

Առավել քան երեք ամիսներ սահած էին երբ Արաքսիա վերադարձավ ի Պոլիս հետ յուր ուղևորությանն յԵվրոպա, առանց յուր բարոյական վիճակը փոփոխություն կրած և առանց մասնավոր ուշադրության դեպք մի պատահած լինելու։ Արաքսիայի համար ամեն կարևորության արժանի նյութ հանձին Ներսեսի բովանդակված էր․ քանի որ անոր չէր հանդիպած, յուր ճամփորդությունն ոչ այլ ինչ նպատակ ունեցած կը լիներ եթե ոչ ծնողացը նյութական պիտույքն հայթայթած լինելու գոհունակությունն, և բարեկամուհի մի շահած լինելու գիտակցությունն հանձին ազնվասիրտ տիկին Հարթմանյանի։

Արաքսիայի վերադարձին օրն իսկ Սիսակ պատահմամբ ի մայրաքաղաքս կուգար, քաջահույս լինելով ծածկել սուտով մի հաչացս Վարդանույշի յուր երկար բացակայության պատճառը։

Մարդիկ կան որ ոչ միայն խաբեության մեջ ամոթ չեն տեսներ, այլ ընդհակառակն ճարպիկություն կը համարին այդ անարգ միջոցավ հաջողիլ։

Իսկ Վարդանույշի գալով, վշտահար աղջիկն որ վիրավորյալ էր յուր արժանապատվության մեջ, հուսաց դյուրավ բուժիլ անարժան սիրո մարտիրոսութենեն։ Բայց նկատելով յուր անկարողությունը՝ ջնջելու զյուր հոգին գրավող հիշատակը, սկսավ վհատիլ, հյուծիլ, տկարանալ, և վերջապես այնպիսի հուսահատ կացության մեջ անկանիլ մինչև ամեն բժշկական ջանքերն ապարդյուն թողլու։

Պարոն և տիկին Երանյան անհուն մտատանջության մատնված էին, ու գորովագութ ծնողաց հատուկ սրտահուզությամբ կը տանջվեին։ Իրենց դստեր հիվանդությունը Սիսակի բացակայության վերագրելով, մեծ անհամբերությամբ անոր վերադարձին կը սպասեին։ Մանավանդ որ ոչինչ չգիտեին ոչ Սիսակի ուր գտնվելուն վրա, ոչ իրենց դստեր դժգոհության մասին երիտասարդին նկատմամբ, և ոչ անոր հետ չամուսնանալու խորհրդույն վրա։

Վարդանույշ ամեն ինչ ծածկած էր ծնողքեն հարկ եղած ժամանակն իմացունելու համար անոնց թե ոչ ևս հոժարամիտ էր յուր փափագած ամուսնությունն ի կատար հասցնելու, առանց սակայն հայտնելու անոնց այն մատնությունն որում զոհ եղած լինիլ կը կարծեր, զի կամչնար խոստովանելու թե խաղալիք եղած էր այն բարեկամուհվույն իսկ զոր ոգվով չափ պաշտած էր, ինչպես և այն սիրահարին որում ամեն ինչ զոհելու պատրաստ էր։ Սիրտն ունի յուր արժանապատվությունն, և պարտյալ կը թվի երբ պատրանաց կենթարկվի։

Բայց Վարդանույշին վիճակն օր ավուր այնպես ծանրացավ որ աղետալի վերջի մի սպասել կուտար, թեև անկողնո չէր ծառայեր, սակայն գրեթե անկարող էր նստարանեն վար իջնել առանձինն, ու նիհարության սոսկալի աստիճանի հասած էր։

Արաքսիա յուր կողմանե կը շարունակեր ծածկել ծնողքեն ամուսնության հույսերուն տապալումը, խնայելով անոնց ծերության մանավանդ լավ դիանալով թե հորը մարտիրոսությունն անմիջապես պիտի սկսեր, յուր կնոջը դառնության նշավակ լինելով, այդպիսի դժբախտ պատահարի մ՚առթիվ։

Արաքսիա հարց ու փորձ ըրավ Երանյան ընտանյաց ինչպես և Սիսակի վրայոք։ Այս վերջնույն բացակայությանն երկարաձգվելու մասին զարմանք հայտնեց, ինչպես և ցավ Վարդանույշի կացությանը վրա։ Յուր վերադարձին հետևյալ առավոտուն գնաց փութով այցելելու զհիվանդ բարեկամուհին զոր կատարելապես կը սիրեր միշտ, թեև պատճառ էր յուր աղետից, իբր մայր որ ներելով իրեն տագնապ հասցնող զավկին, ներքնապես կը ցավի, այլ լիովին կը պաշտե զայն։

ԳԼՈՒԽ Ծ.

Երբ Արաքսիա մտավ Վարդանույշի սենյակն ուր նա առանձին էր նույն միջոցին, սաստիկ սարսափեցավ անոր դիմական փոփոխութենեն, և առ այն ընթանալով թևատարած փորձեց գրկացը մեջ առնուլ զայն, երբ հիվանդ աղջկան խիստ շարժումն ու խոժոռ նայվածքը կասեցուց զինքը կեցած տեղին վրա։

— Ի՞նչ է այդ դժգոհ ձևդ, Վարդանո՛ւյշ,— ըսավ Արաքսիա կատակի եղանակավ,— դուրս երթալովս մոռցվեցա՞ արդյոք։

Եվ երբ կրկին անգամ Արաքսիա մերձեցավ հիվանդին զինքն ողջագուրելու համար, դառնացած աղջիկը նույն դժգոհ կերպարանոք գլուխն ետ քաշեց առանց բնավ կարենալ բառ մ՚արտասանելու, այնչափ հուզյալ էր ի տես արարածին զոր կը կարծեր յուր երջանկության ավերիչը։ Բայց Արաքսիա նկատելով որ հիվանդն ոչ միայն կատակ չէր ըներ այլ ընդհակառակն խիստ զգացված կը թվեր, հարցուց պատճառն այդ ցուրտ ընդունելության, ըսելով.

— Վարդանո՛ւյշ, զքեզ ոչ ևս կը ճանաչեմ սառնապատ ձևերուդ ներքև։

Աղջկան կուրծքին խիստ զգալի ելևէջներն ու լռությունը շատ իսկ կը հայտարարեին յուր ներքին վիճակին անձկությունը։

– Կը թախանձեմ քեզ, սիրելի՛ս,— հարեց Արաքսիա աղերսագին,— հանդարտե և պատմե ինձ շուտ դժգոհությանդ պատճառը։

Հիվանդը դառն ժպիտով մը միայն պատասխանեց։

— Վարդանո՛ւյշ,— ըսավ Արաքսիա,— ի՞նչ ունիս, ի՞նչ եղար, ինչո՞ւ կը ծածկես ինձմե ունեցածդ. միթե ո՞չ ևս եմ քու բարեկամուհիդ։

Վարդանույշ դառնալից նայվածք մ՚ուղղելով յուր ընկերուհվույն և ձայնով մի որ սրտմտութենե կը դողար, գոչեց.

— Դո՞ւ, բարեկամուհի՞ս։

— Բայց ի՞նչ եմ եթե ոչ մտերիմդ և քույրդ։

— Դո՞ւ։

— Չեմ հասկնար, խոսե բացարձակապես։

— Խոսի՞մ։

— Այո՛, խոսե՛, կը խնդրեմ։

— Կը ներեմ քեզ, ահա խոստովանությունս։

— Կը ներե՞ս,— գոչեց Արաքսիա բարկությամբ կարմրելով,— բայց դու ի՞նչ բանի կը ներես արդյոք։

– Երջանկության բաժակիս կուլ տված լինելուդ համար։

— Վարդանո՛ւյշ, խնդրեմ, որոշապես խոսե, ոչինչ կը հասկնամ։

— Հարցուր խղճիդ և այն կը պատասխանե քեզ։

– Խղճի՞ս։

— Այո՛, խղճիղ։

— Գուցե ուրիշ մ՚իրավունք ունենա խղճիս դիմելու, բայց ոչ դու, Վարդանո՛ւյշ։

— Ոչ երբեք ուրիշի վնասեցիր որչափ ինձ։ — Գուցե կը մեղադրե՞ս զիս շատ խղճովին քեզ ծառայած լինելուս համար։

— Խղճովի՞ն։

— Բայց դու կը մեղադրես զիս առանց հանցանքս հայտնելու, ուստի ես ոչ ևս կը պատասխանեմ քեզ. հանցավորի դիրք մի կուտաս ինձ երբ հանցանքս գուցե զքեզ շատ սիրելս է։

— Զարմանալի սեր որ մահս կը պատճառե սակայն։

— Ե՛ս, քեզ մա՞հ կուտամ. Վարդանո՛ւյշ, խոսե, զի ընդհակառակն դու մահ կուտաս ինձ այս վայրկենիս։

— Կզգամ թե կյանքը խույս կուտա ինձմե և չեմ ուզեր մեռնիլ ատելությունս հետս տանելով։

— Ո՛հ, խնդրեմ, բարեկամուհիս, հայտնե ինձ զամեն ինչ, ոչ ևս կրնամ համբերել այդ խոսելու եղանակիդ։

– Արաքսիա, երջանկությունս հափշտակեցիր, զիս խաբեցիր, բայց երջանիկ եղիր Սիսակիդ հետ։

-Ե՜ս երջանիկ լինիմ Սիսակին հետ․ ի՞նչ կուզես ըսել,— ըսավ Արաքսիա այլագունելով։

— Կուզեմ ըսել որ մինչ դու ինձ համար աշխատիլ կը ձևացնեիր, քու հաշվույդ համար կը գործեիր։

— Ե՞ս։

— Այո, դու, զՍիսակ ինձ տալ կը ձևացնեիր՝ զայն լավ ևս քեզ պահելու դիտավորությամբ։

Արաքսիա ոչ ևս կարողանալով տոկալ անիրավ հանդիմանությանց, գլուխն ձեռացը մեջ առավ և սկսավ լալ ողորմագին։

Նույն միջոցին տիկին Երանյան ներս մտնելով զարմացավ այդ վիճակին մեջ տեսնելով զԱրաքսիա, և կասկածելով թե Վարդանույշի վիճակն էր պատճառն այդ հուզման, ըսավ այլայլությամբ իմն զոր իզուր կը ջանար ծածկել։

— Ինչո՞ւ կուլաս, Արաքսիա՛ս, Վարդանույշնիս՝ փառք երկնից, կարծածիդ չափ հիվանդ չէ, ու զայն բազկացը մեջ առնելով՝ բարի գալուստ մաղթեց անոր։ Եվ հիվանդին հուզյալ ձևը նկատելով՝ ջանաց հանդարտեցնել զայն, և ապա ամենայն զգուշությամբ իմացուց թե Սիսակ եկած էր իրմե լուր առնելու։

Վարդանույշ կարծես պիտի նվաղեր այդ լուրն իմանալով, բայց Արաքսիա որ ոչինչ գիտեր երիտասարդին մասին, զայդ իբր երկնային շնորհք համարեց, և արտաքո կարգի այլայլությամբ ըսավ

— Տիկի՛ն, հաճեցեք իմացնել պ․ Սիսակի որ անմիջապես հոս գա։

Վարդանույշ անկարող էր դեմ դնել այդ հրավերին, մանավանդ որ կը փափագեր անհունապես զերիտասարդը տեսնել կասկածներն հաստատելու կամ ցրվելու մտոք։

Բայց զգուշավոր մայրը վախնալով որ Սիսակի ներկայությունը կրնար նոր հուզում պատճառել աղջկանը, տեղացը չէր շարժեր, այլ անձկանոք հիվանդին մոտ կեցած անոր երեսը կը նայեր։

Զայս դիտելով Վարդանույշ՝ յուր մորն անհամբերությամբ ըսավ.

— Մա՛յր իմ, հաճեպ, Սիսակի իմացնել որ Արաքսիա զինքը կը խնդրե։

Վաղեմի վարժուհին լիովին զգաց ակնարկության խստությանը, բայց ոչինչ պատասխանեց։

Հեռացավ տիկին Երանյան և հայնժամ Վարդանույշ հարցուց.

— Խոստովանե՛, Արաքսիա, միատե՞ղ ճամփորդեցիք։

– Ո՛հ,— գոչեց դատապարտյալ կույսն,— որչափ անիրավ ես դու։ Աստի մեկնելես իվեր չեմ տեսած զինքն, և յուր վերադարձն անգամ կանգիտանայի։

– Լա՛վ, լա՛վ։

— Բայց ըսե, Վարդանույշ, ո՞ր սատանան ազդեց քեզ այդ դժոխային կասկածներն, ի՞նչ է անունը։

— Այդ իմ գաղտնիքս է,— պատասխանեց հիվանդը, մինչ ակնդետ դրան՝ անհամբերությամբ Սիսակին կը սպասեր, և հանկարծ Արաքսիայի դառնալով, ըսավ նախանձու զգացմամբ

— Գուցե եկավ զքեզ տեսնելու։

Եվ մինչ Արաքսիա՝ բուռն դառնությամբ համակված, իբր արհամարհյալ արժանապատվության պատկեր կը հանդիսանար, դուռը բացվելով՝ Սիսակ ներս մտավ։
ԳԼՈՒԽ ԾԱ․

Երիտասարդն ոչ նվազ քան զԱրաքսիա զարհուրեցավ հիվանդ աղջկան այլակերպությունը նշմարելով, և խղճի խայթ մ՚զգաց կասկածելով թե յուր բացակայությունն եղած էր պատճառ այդ աղիտից։ Մոտեցավ Սիսակ ձեռք տալու համար Վարդանույշի, բայց սա փոխանակ զյուր ձեռք կարկառելու՝ դեմքը գոցեց և սկսավ լալ հեծկլտանոք։

— Սիսակ,— գոչեց Արաքսիա,— ուրախ եմ որ ժամանակին վերադարձար զիս սոսկալի զրպարտութենե մը ազատելու համար։

— Ի՞նչ զրպարտություն։

— Պատմե նախ ինչպե՞ս հանդիպեցավ որ այս առավոտ դու եկար Երանյան ընտանյաց այցելելու։

— Խիստ բնական դրդմամբ,— պատասխանեց երիտասարդն։— Երեկ իրիկուն Պոլիս հասա հետ բացակայության մի որ դժբախտաբար շատ երկարեցավ կնճռոտ դատի մի պատճառավ։

Անշուշտ Սիսակ կզգուշանար յուր վերադարձին հապաղման բուն պատճառը խոստովանիլ։

— Շարունակե,— ըսավ Արաքսիա անհուն վրդովմամբ, մինչ Վարդանույշ կարծես Սիսակին շրթունքներեն վար կախված՝ կը փափագեր ի սրտե որ նա յուր դժոխըմբեր կասկածները կարենար ցրվել վերջնական կերպիվ։

— Այս առավոտ,— շարունակեց Սիսակ, Արաքսիայի ուղղելով խոսքերը,— ձեզ տեսության գնացի, և մայրդ տվավ ինձ վերադարձիդ ուրախառիթ լուրն և օրիորդ Վարդանույշի հիվանդության գույժը։ Բնականաբար մեծ անձկություն մ՚զգացի, և անհամբերությամբ համակված փութացի անմիջապես գալ՝ ևս անձամբ տեղեկանալ օրիորդին կացության վրայոք։

— Եվ ինչպե՞ս եղավ որ վեր ելար։

— Տիկին Երանյան տեսավ զիս մինչ դռան առջև էի և հրավիրեց զիս ներս մտնելու։

Արաքսիա նշանակությամբ լի նայվածք մ՚ուղղեց Վարդանյուշի, նայվածք՝ որ թվեր կշտամբել զինքը կասկածանաց անիրավության համար։ — Չեմ հասկնար,— ըսավ Սիսակ,— ինչո՞ւ այս հարցուփորձը։

— Ո՛հ, Սիսակ,— գոչեց Արաքսիա,— գիտես դու թե որպիսի՜ սիրով լցված է սիրտս Վարդանույշի համար, և ձայնը նվաղեցավ հուզմանը սաստկութենեն։

— Եվ միթե տարակո՞ւյս ունի օրիորդ Վարդանույշ այդ անուրանալի ճշմարտության վրա,— ըսավ Սիսակ, հիվանդին նայելով։

Վարդանույշի բերանը կը լռեր, բայց յուր սիրտն ահագին բաբախմամբ կը խոսեր։

— Սիսակ,— ըսավ Արաքսիա, բարբառելու կարողությունը վերստանալով,— ոչ միայն կը տարակուսի, այլ զիս կը նախատե մինչև իսկ զյուր թշնամին, զյուր նախանձորդն համարելով։

— Թշնամի՜ն, նախանձո՜րդը, ի՞նչ կըսես, Արաքսիա՛, — հարցուց Սիսակ զարմացմամբ։

— Այո՛, հավտացուցած են իրեն թե ես զքեզ կը սիրեմ։

— Ո՜վ անօրենություն։

— Թե ես զինքը կը խաբեմ, և թե իրեն համար աշխատել ձևացնելովս՝ իմ անձիս շահը ի նկատի կառնում միայն։

— Օրիորդ Վարդանույշ, այդպիսի սոսկալի ենթադրության մ՚ընելու կարողացա՞ք անձի մի համար որ ձեզ կատարելապես անձնվեր է,— ըսավ Սիսակ։

Վարդանույշ կը լսեր, կը լռեր, կսպասեր, մինչ սիրտը կարծես պիտի դուրս ժայթքեր։ Բայց տակավին յուր կասկածանաց անհիմն լինելուն վրա փաստ մի չունենալով, կարծիք մի չէր հայտներ ամենևին։

— Ես,— հարեց Արաքսիան,— անունը կը խնդրեմ այն անօրենին որ զիս թշնամանեց, և Վարդանույշ կը համառի ծածկել հինեն զայդ անուն։

— Ես իմացնեմ քեզ այդ անունն,— ըսավ Սիսակ վստահ կերպիվ։

— Ուրեմն քանի որ գիտեք ո՛վ լինելն,— ըսավ Վարդանույշ,— որ առաջին անգամ կը խոսեր, կը հաստատեք թե անհիմն չեն իմ կասկածներս։ — Ձեր կասկածները բոլորովին անտեղի են, օրիորդ, և զանոնք ձեզ ազդողը տիկին Աբգարյանն է։

Արաքսիա զարհուրմամբ կը հաստատեր թե այդ կինն էր յուր գաղտնի թշնամին, քանի որ Վարդանույշ հակառակը չէր ըսեր, և կը կասկածեր թե նույն անձն էր անշուշտ որ զՆերսես հեռացուց իրմեն․ իսկ Վարդանույշ անհուն անձկությամբ հարցուց.

— Տիկին Աբգարյան ի՞նչ շահ ուներ արատավորելու Արաքսիան, և եթե հիմնավոր պատճառներ չունենար, ի՞նչպես կրնար ուղղել յուր վարժուհվույն այս արհամարհոտ նամակն ըսավ, անկողնույն մերձ տուփե մը թուղթ մի հանելով և զայն ներկայելով երկուքին։

Անմիջապես որ տեսավ զայդ և պարունակությունը կարդաց, Արաքսիա հարցուց զարմացմամբ Վարղանույշի թե ինչպես զայդ ձեռք ձգելու հաջողած էր։

— Եղանակավ իմն որ պատվավոր չէ գիտեմ, ըսավ Վարդանույշ, բայց կասկածով մաշող հոգվո համար ամեն միշոց լավ է, ուստի սենյակդ մտնելով տեսա զայն և առի։

— Բնավ զքեզ չեմ մեղադրեր,— պատասխանեց վարժուհին։

— Այդքանը չի բավեր ինձ, բացատրե՛, ի՞նչ կը նշանակե նամակս այս։

Նույն պահուն Սիսակ փութաց պատասխանելու փոխանակ Արաքսիայի և ըսավ․

— Օրիո՛րդ, այդ նամակին մեկնությունը տալու հոգը ինձ կը պատկանի։

— Ինչո՞ւ ձեզ, պարոն, և ոչ օրիորդին։

— Վասնզի դժվարին խոստովանություն մ՚ընել հարկ է ինձ ի սեր արդարության, խոստովանություն զոր վստահ եմ թե օրիորդ Արաքսիա ոչ երբեք հանձն կառնու մատնություն մի չկատարելու համար։

— Պատրաստ եմ ամեն ինչ լսելու,— ըսավ հիվանդը։

— Տիկին Աբգարյան զիս կը սիրեր։ Ես, թեև զհոգիս ձեզ նվիրած էի և եմ, օգուտ քաղեցի երիտասարդական անկախութենես, քանի որ ձեզի հետ ամուսնացած չէի։ Վարդանույշ եթե ցավեցավ այդ անհավատարմության մասին, մյուս կողմանե ևս սիրտն սփոփեցավ։

— Սակայն,— հարցուց նա,— ինչպե՞ս տիկին Աբգարյան կրնար գիտնալ մեր հարաբերություններն և Արաքսիայի իմ խորհրդակիցս լինելն, եթե դուք ձեր բոլոր գաղտնիքն հայտարարած չլինեիք իրեն՝ իբր ձեզ սիրելի անձի։

— Ես ոչինչ հայտնած էի իրեն, վասնզի բնավ համարում չունեի անոր վրա, և եթե կը ներեք ինձ խոսիլ ազատորեն, կը նկատեի զայն իբր անարգ խաղալիք մի և ոչ թե իբր արժանավոր բարեկամուհի։

— Ուրեմն ինչպե՞ս տեղյակ էր ձեր գաղտնյաց։

— Նույն գիշերն որ Արաքսիա ընդունեցավ զիս Աբգարյան տան մեջ, մինչ կը կարծեինք մեր խոսակցության վկա չունենալ, կերևա թե տիկին Աբգարյան ունկնդիր եղած էր մեր ամեն բառերուն, և նկատելով որ Արաքսիա ջանադիր կը լիներ անհուն եռանդյամբ ձեր դատը վարելու սիրահորդ սրտի մ՚առջև որ անհամբեր էր յուր բախտը միացնելու ձերինին տիկին Աբգարյան՝ ի վրեժխնդրություն Արաքսիայի ընթացից անմիջապես արձակեց զայն հետևյալ օրն իսկ։

— Ո՜վ անխիղճ կին, — գոչեց Արաքսիա, ևս քան զևս հաստատվելով թե նա հեղինակն էր բոլոր յուր աղետից։

— Ես շիտակը խոսելով,— հարեց Սիսակ,— ուրախացա Արաքսիայի հեռանալուն վրայոք այնպիսի կնոջմե, թեև ես իրեն բնավ բան չխոսեցա, և ոչ իսկ գիտցածս իմացուցի պարապ տեղը զինքը չվշտացնելու համար։

Վարդանույշ յուր հանցանքը կը հասկնար, ու թե կը ցավեր յուր բարեկամուհվույն անիրաված լինելուն, և թե կարյուներ հաստատելով Սիսակի անհավատարմությունը, բայց ի՞նչ կրնար ըսել երբ արք ամեն ազատություն կը շնորհեն իրենց անձին, մանավանդ երբ տակավին ամուսնացած չեն։

— Սակայն, — հարցուց Վարդանույշ հետաքրքրությամբ,– ի՞նչ պետք ունի տիկին Աբգարյան Արաքսիա արատավորելու երբ կրնար ուրիշ նախանձորդ մի հարուցանել իմ առջևս։

— Տիկին Աբգարյան ուզեց որ ես հրաժարիմ ձեզմե անպատճառ, և զայդ մերժեցի կատարելապես, զի զձեզ հաստատապես կը սիրեի և կը սիրեմ,— ըսավ խորամանկ երիտասարդը ձևով մի որ կասկածանաց տեղի չէր տար։ — Խոստացա Արաքսիայի ոչ ևս հաճախել սույն կնոջ, քանի որ ակնկալիք ու էի պայմանավոր ժամանակի մեջ ձեր վճիռն ընդունելու, զայդ իմացավ տիկին Աբգարյան։

Ժպտեցավ Վարդանույշ ժպտով մի որ ցոլացումն էր հոգվույն բոլոր երջանկության, և զղջմամբ ու խոր երախտագիտությամբ խոսեցավ բարեկամուհվույն՝ և հաստատեց թե մայրական գորովով մի գործած էր յուր նկատմամբ։

— Ես չուզելով վերստին վերադառնալ ի տուն տիկին Աբգարյանի,— ըսավ Սիսակ,— ուխտեց ի հավատարիմ մնալ ձեզ և մեկնեցա առանց հրաժեշտ առնելու անկե։ Կերևա թե այդ չար կինն որոշած էր իմ երջանկությանս շենքը քանդել, և վախնալով թե Արաքսիա կը վերաշինե զայն՝ ճգներ է ամեն փրկարար միջոց խափանել զայն հեռացնելով ձեզմե։

— Խե՛ղճ, խե՛ղճ Արաքսիաս,— կրկնեց Վարդանույշ, և թևերն բանալով,— եկո՛ւ, եկո՛ւ, շնորհե ինձ իմ ներումս, ըսավ։

Զիրար գրկեցին երկու կույսերն իրենց արտասուքը միացնելով, իսկ Սիսակ ոտք ելնելով և խնդրելով Վարդանույշի ձեռքը, ըսավ․

— Քիչ մի հառաջ մերժեցիք զայն, իսկ արդ վերստին կը խնդրեմ երիտասարդական հանցանքիս թողությունը խնդրելով։

Վարդանույշ երկնցուց յուր ձեռքը, մինչ բոլոր անձը կը դողար անհնարին հուզմամբ։

Եվ զայն առնելով ձեռացր մեջ, Սիսակ սիրահորդ նայվածքով և սրտառուչ եղանակավ մի հարցուց.

— Օրիո՛րդ, կրնա՞մ ձեր ձեռքն ընդ միշտ պահել իմ ձեռացս մեջ։

Աղջիկն շփոթած ու կարմրած մինչ ըսելիքն կորուսած էր, ահա դուռը բացվեցավ և տիկին Երանյան որ դուրսեն ամբողջ խոսակցության ունկնդիր եղած էր, ներս մտնելով ըսավ․

— Այո՛, այդ ձեռքը այսուհետև իբր քու սեփական ստացվածքդ կրնաս համարիլ, իմ և ամուսնույս հավանությամբ, զավա՛կս Սիսակ։

Վարդանույշ գոհունակությանն սաստկութենեն կարծես կը վերածներ, մինչ Արաքսիա ուրախության արտասուք կը հոսեր։ Իսկ Սիսակ որ ամեն պարագայի համեմատ ձևեր ուներ, արժանավայել եղանակավ հայտնեց որ նույն օրեն պիտի ապրեր օրիորդ Վարդանույշի երջանկությունն ապահովելու համար միայն՝ ձոնելով անոր ամբողջ յուր կյանքը։

Տիկին Երանյան երջանիկ էր աղջկանը դեմքին զարմանալի փոփոխությունը նշմարելով, և կը ցնծար մոր մի սրտով, վստահ լինելով թե յուր սիրելի զավակն ի կյանս պիտի վերադառնար։

ԳԼՈԻԽ ԾԲ.

Եթե Վարդանույշ հուսկ ուրեմն յուր սիրո հույսերուն մոտակա պսակմանը վրա կը ցնծար, Արաքսիա սրտին ծանրության սփոփանք կը գտներ, մտածելով որ ազատորեն կրնար յուր անձն արդարացնել Ներսեսի առջև, Վարդանույշի հարաբերությանց նկատմամբ ամեն պարագաները մանրամասնաբար յուր սիրահարին պատմելով, ինչպես և հոն յուր խաղացած ամբողջ դերը, քանի որ երկու երիտասարդաց նշանտվությունն ամենուն հայտնվեցավ։ Ուստի փութաց երկրորդ նամակն հղել ի Մանչեսթըր, բայց սա հետ սակավաթիվ ավուրց ետ եկավ պատճառավն բացակայության Ներսեսի՝ առ որ ուղղյալ էր։ Այդ անակնկալ դեպքն ի խոր խոցեց զԱրաքսիան, բայց համբերության և համակերպության խիստ դպրոցին իբր հավատարիմ աշակերտուհի՝ յուր չափն հինքն ամփոփելով տառապեցավ լռելյայն ինչպես հանցելումն։

Տիկին Հարթմանյան որ գնահատած էր ամեն ձիրքն Արաքսիայի և մասնավոր համակրություն մ՚ունեցած էր նմա, առաջարկեց աղջկան յուր տան մեջ իբր կենակից օրիորդ[2] հետն ապրելու։ Երիտասարդուհին խիստ գոհ էր այդպիսի պաշտոն մի վարելու իրեն սիրելի եղած պատվակիր տիկնոջ մոտ. մանավանդ երբ ստանալու նյութական վարձատվությամբն յուր ընտանյաց դյուրակեցությունը պիտի ապահովեր։ Ուստի փութաց յուր պաշտոնավարությունը ժամ հառաջ սկսել տիկին Հարթմանյանի տան մեջ հաստատվելով։ Տիկին Հարթմանյանի ընտանիքը կը բաղկանար իրմե և ամուսինեն։ Մինչ պատանուհի՝ կորուսած էր զյուր ծնողք, ժառանգալով անոնցմե գեղեցիկ հարստություն մի։ Լավ ուսում առած էր նա, միտքն ու սիրտն նույնչափ մշակված էին։ Գեղեցիկ էր, ազնիվ, զգայուն և երիտասարդ, կապրեր ընդ հսկողությամբ ծեր մորաքրոջ մի երբ որ որբ մնաց։ Անթիվ փեսաներ ներկայացան, ոչ այնքան օրիորդին բարոյական և մտավորական ձրից համար, որչափ հարստությանն որ գլխավոր հրապույրն էր անոր։ Ամենքը մերժվեցան, և պ․ Հարթմանյանի վիճակված էր օրիորդեն և մորաքրոջմեն հավնվելու բախտը, ու իրոք զամեն ինչ ուներ գրավելու համար. խելք, ուսում, ընկերական դիրք, հարստություն, դեմք համակրելի ե վայելուչ ձևեր։ Պ. Հարթմանյան սիրահարվեցավ երիտասարդուհվույն և բաղձանացը կատարման հասավ հետն ամուսնանալով։

Երկու նորապսակ ամոլք երջանիկ էին կատարելապես, և եթե տիկին Հարթմանյանի մորաքրոջ մահը տեղի չունենար, մանկամարդ կինը պիտի կարծեր զյուր անձ կատարյալ երջանկության անձնավորությունը։

Բայց ինչպես կը պատահի բոլոր այն երիտասարդաց որք նախ աղմկալից կենաց մեջ կը գլորին հախուռն կերպիվ, և հետո իրենց հեշտասեր կրից կատարելապես գոհացում տալով՝ կը փորձեն ընտանեկան անդորրավետ կենաց մեջ երջանկություն մի փնտրել որ խույս կուտա իրենցմե․ այսպես պ․ Հարթմանյան հազիվ վեց ամսե ի վեր ամուսնացած էր երբ ձանձրացավ ամուսնական կյանքեն, և բուռն եռանդյամբ վերստին նետվեցավ յուր նախկին մեղադրելի ընթացքին մեջ։

Մանկամարդ կինը որ հազիվ հազ քսան տարեկան էր երբ ամուսնացավ և ամուսինն քսան և յոթն, միայն վեց ամսվան ամուսնական երանություն վայելեց, ապա դատապարտվեցավ լքման և առանձնության։

Կարեվեր կինն փոխանակ ընկերության աղմկի մեջ մխիթարություն փնտրելու յուր ցավոց՝ առանձնության մեջ ընդհակառակն փակվեցավ և գրոց մեջ որոնեց յուր տառապանաց սփոփանք։

Հազիվ չորս տարիներ անցած էին և տիկին Հարթմանյան հոգնած էր կյանքեն, վհատած, սիրո պատրանքը ճաշակած էր, բայց անկարող եղած փոխադարձ անտարբերությամբ պատասխանել ամուսնույն։ Մելամաղձային վիճակի մեջ անկավ՝ հետ որո ճամփորդություն կատարեց ընկերությամբ Արաքսիայի։

Երբ Պոլիս վերադառնալով արձակեց յուր ուղևորության ընկերուհին՝ տիկին Հարթմանյան սոսկալի դատարկություն մ՚զգաց յուր շուրջը զի պակսեցավ հոգին այն որ քույր էր իրենին՝ վշտին ազգականությամբ։ Իրենց անխոս դաշնադրությանդ մեջ յուր ցավոց սփոփանք կը գտնար տիկինն, և կը տեսնեի Արաքսիայի աչաց մեջ արգահատության և համակրանաց արտահայտություն մի որ սպեղանի մ՚էր յուր վշտահար սրտին։

Ուստի հայտնեց ամուսնույն զայդ աղջիկ իրեն ընկերուհի ունենալու բաղձանքն և նա ծափահարեց մանավանդ այդ խորհրդույն, զի նվազ խիղճ կըներ հայնժամ ամբողջ գիշերներն յուր երիտասարդ կինը թողլու տան մեջ առանձին։ Ստույգ է թե ինչ որ դրամական խնդրոց կը վերաբերեր՝ պ. Հարթմանյան խնայողություն չէր ըներ, այլ ընդհակառակն կը փափագեր կնոջը կյանքը հաճելի ընել, զի ըստ ինքյան բարի սիրտ մ՚ուներ. միայն թե իրեն անհնար էր հրաժարիլ քմահաճ և փոթորկալից վայելքներն խաղի և կնորսության, երկու անտանելի մոլությունք՝ որոնց մին արդեն կը բավե մարդուս և իրեն հարակից գտնվող անձանց թշվառությունն ընելու։ Երկու մոլությունք որ զմարդ օր քան զօր գերի կընեն, և որչափ նա կարծե խույս տալ անոնցմե, նույնչափ ավելի յուր առջև բացված վհին մեջ անսանձ կը գահավիժե։

ԳԼՈԻԽ ԾԳ.

Արաքսիա գոհ կացությամբ պիտի ապրեր տիկին Հարթմանյանի ընկերակցությամբ անոր հետ մերթ ընթեռնլով, կարդացածին վրա խորհելով և վիճելով, խոսակցելով մտերմությամբ, շրջագայելով և տնական անշշուկ կյանքը վայելելով, եթե վիճակին անորոշությունն և դառնալից կասկածներ չպաշարեին զինքը։

Տիկին Հարթմանյան լավ կզգար թե աղջիկն մեծ գաղտնիք մ՚ուներ սրտին վրա, բայց փափուկ զգացման ամեն ազնվականությամբ զգուշացած էր որևէ ակնարկություն ընելե այդ մասին։

Օր մի սակայն Արաքսիա ընտանյացն այցելության գնացած լինելով՝ ուզած էր յուր երջանիկ բարեկամուհվույն հետ ևս տեսակցիլ. Վարդանույշ շրջագայության գնացած էր մորը հետ։ Ուստի նույն պահուն որ տան դռնեն ներս չմտած կը պատրաստվեր մեկնելու՝ նշմարեց զԻսկուհին բակին մեկ անկյունը նստած։ Թեև այդ կինն իրեն դեմ դավակցած էր զինքն Սիսակի իբր սիրուհին ներկայելով Վարդանույշի, բայց անոր դեմ հակառակություն չուներ. զի Վարդանույշ հավատացուցած էր թե նա տգիտությամբն գործիք եղած էր տիկին Աբգարյանի, և թե մինչև անգամ չէր ուզած նա հավատալ թե այդ տիկինը նենգության և նախանձու զգացմամբ հեղինակած էր Արաքսիայի մեղավորության պատմությունն։

Ուստի անմիջապես որ Արաքսիա նշմարեց զԻսկուհին՝ ներս մտավ և մերձենալով այդ կնոջ, ամենայն անձկությամբ հարցուց թե ինչպե՞ս էր յուր սիրեցյալ Աղավնին՝ որուն անձնական վիճակին վրայոք ցավալի լուրեր կառնուր։ Ո՜րչափ կը փափագեր երիտասարդուհին հսկել այն գողտրիկ հրեշտակին վրա որուն նկատմամբ մայրական գութ մի զգացած էր միշտ։ Բայց Աբգարյան դուռն իրեն համար անմատչելի էր, զի ապահով էր թե տիկինը զինքը կը վաներ եթե նույնիսկ զոհն ըներ առ յուր Աղավնին սուրալու։ Ուստի Իսկուհին ձևով մի որ բոլոր յուր հակակրությունը կը հայտներ, քթին տակեն պատասխանեց թե Աղավնիի վիճակը ծանր էր։

— Խե՜ղճ հրեշտակս,— գոչեց Արաքսիա արտասվելով։— Բայց խնդրեմ, հարեց զգայուն աղջիկը, ըսե ինձ, կը քայլե՞, թե անկողնո կը ծառայե նա։

— Անկողնո մեջ է,— պատասխանեց Իսկուհի, խրոխտ կերպարանոք։

Կինը սրտմտելով ըսավ.

— Ինչո՞ւ կուզես որ քեզմե պահեմ, երբ դու վերջապես օտարական մ՚ես։

— Այո՛, օտարական եմ արյամբ բայց ոչ սրտով։ Կաղաչեմ ըսե ինձ ի՞նչ կընե, զիս կը հարցնե՞ արդյոք երբեմն։ — Քեզ ինչո՞ւ պիտի հարցնե,— պատասխանեց կինն արհամարհանոք։— Զյուր եղբայր՝ զպ. Ներսես կը փնտրե շարունակ, և նա լի կրնար գալ շուտով, զի կըսեն, թե անգլուհվո մի հետ ամուսնացեր է մոտերս։

Արաքսիա այս վերջին հայտնությունը Ներսեսի նկատմամբ լսելով շանթահար եղավ, խոսքը բերնին մեջ խեղդվեցավ, և իբր հիմար անմիջապես բակը թողլով՝ գռնեն դուրս ելավ ու մեկնեցավ։

Իսկուհին աղջկան ապուշ կտրիլը նկատելով՝ հիշեց որ տիկին Աբգարյան ըսած էր իրեն թե Արաքսիան յուր աչերը մինչև ցՆերսես բարձրացնելու հանդգնած էր անգամ, և հաստատվեցավ տիկնոջ հայտնության ստուգության վրա, ինչպես համոզված էր Սիսակին վերաբերող խոստովանության նկատմամբ։

Ողորմելի Արաքսիա վերադարձավ ուրեմն տիկին Հարթմանյանի աունն, և հոն յուր խուցը մտնելով հուսահատությամբ յուր սրտին կորուստը լացավ։

Տիկին Հարթմանյան լսելով ընկերուհվույն հեծկլտանքն յուր սենեկեն իսկ, փութաց հօգնություն աղջկան, և խնդրեց անկե որ ոչ ևս ծածկե իրմե այն գաղտնիքն որուն գոյության վրա շատոնց իվեր աներկբա էր։

Ժամանակ կա որ եթե սիրտը խոստովանությամբ չհորդե ցավոց լի բաժակեն, անհնար է իրեն առանց ծանր վնասու տոկալ այդչափ բեռի։ Ուստի Արաքսիա պատմեց բոլոր յուր թշվառ անցքերը մի ըստ միոջե, յուր սերը Ներսեսի համար, Վարդանույշի դեպքերն, յուր մատուցած ծառայությունը բարեկամուհվույն տառապանաց մեջ, յուր կրած ամբաստանությունը տիկին Աբգարյանի չարության պատճառավ, և վերջապպես Ներսեսի ամուսնությունն որով ինքը կը մեռներ ապագա երանության համար։

ԳԼՈԻԽ ԾԴ.

Սիսակի նշանտվության լուրն հասած էր ականջին աղջկան պ. Գրիգորի՝ իբր ձայն բոթաբեր։ Երիտասարդուհին իմանալով վերջապես թե յուր սիրահարը զինքն կատարելապես խաբած էր, խոստովանեցավ զամեն ինչ յուր հորաքրոջն և սա սարսափահար եղած զամեն ինչ պատմեց յուր եղբորը։

Հայրը սոսկալի հարված մ՚ընդունեցավ նկատելով թե տանը պատիվն աղարտված էր. բայց յուր ցավոց վերջ տալով՝ մտածեց ընդ փույթ գործելով ստանալ զավկին պատիվը, բռնաբարողեն խնդրելով որևէ հատուցում բարոյապես թե նյութապես, ուստի անմիջապես թողուց հայրենիքը և արտորնոք ուղևորեցավ ի Պոլիս։

Պ. Գրիգոր վաղեմի բարեկամն լինելով պ. Աբգարյանի՝ այս վերջնույն տունն օթևանեցավ ու հայտնեց անոր ինչպես և տիկնոջ՝ յուր ճամփորդության շարժառիթը։ Կիմացներ որոշապես մտադիր լինելն կամ զՍիսակ պարտավորելու յուր դստեր հետ ամուսնանալու կամ 300 ոսկի տուժելու, և կամ անոր դեմ դատ բանալու։

Տիկին Աբգարյան այս հայտնության առջև ցնծաց բոլոր հոգվովն։ Իմացած էր արդեն Իսկուհիեն յուր չար մեքենայությանց ի դերև ելնելը, բայց երդված էր նորանոր դժվաբությունք հարուցանելով արգիլել անպատճառ ամուսնությանը Սիսակի։ Կը խորհեր շարունակ թե որպիսի եղանակավ կրնար հասնիլ նպատակին, ու սաստիկ կը նեղանար հարմար եղանակ մի գտած չլինելուն համար չուր զենքերը շարժելու ընդդեմ երիտասարդին։ Բայց ահա բախտը իրեն նպաստավոր առիթ մի կը հայթայթեր, ուսկից փութաց օգտիլ անմիջապես։

Տիկին Աբգարյան լավ գիտեր թե Սիսակ դրամ չուներ, նույնչափ ևս համոզված էր որ նա գավառացի աղջկան մի հետ ամուսնանալու բնավ հակամետ չէր կրնար լինիլ քանի որ շահ մի չուներ հոն։ Լավ կըմբռներ նաև թե Սիսակ օգնություն չէր կրնար խնդրել յուր նշանածին ընտանիքեն եղելության մի համար որ իրեն համար բոլորովին աննպաստ էր։ Ուստի երիտասարդին ուրիշ միջոց չէր մնար բայց եթե կամ զգավառացի աղջիկն առնուլ ի կնություն, և կամ դատաստանական խիստ պատժոց ենթարկվիլ։ Տիկին ճանաչելով մեծամտությունը յուր նախկին սիրահարին՝ շուտ վերահասու կը լիներ թե Սիսակ անել վիճակի մեջ կը գտնվեր եթե հանձնառու չլիներ գավառացվույն հետ ամուսնանալու։ Այդ սիրամոլ կինը կուզեր որևէ ամուսնություն արգիլել, և զերիաասարդը փրկելով կաշկանդել զայն վերստին յուր անձին։

ԳԼՈԻԽ ԾԵ.

Պ. Գրիգոր կանգնեցավ Սիսակի առջև իբր վրիժառու ոգի մի որ նախանձախնդիր պատվո մասին, համար կը պահանջեր այն անպատվության համար զոր մտցուցած էր յուր տան մեջ ընդունած հյուրընկալության փոխարեն։

Նախ մեղապարտ երիտասարդն այլագունեցավ և ջանաց ուրանալ իրեն վերագրված հանցանքը։ Բայց երբ ամեն մանրամասնություն անոր հիշեցուց վիրավորյալ հայրն, անկարող եղավ Սիսակ յուր պախարակելի ընթացքն այլևս ծածկելու։ Ուստի պ. Գրիգոր հարկադրեց զնա անմիջապես որոշելու երեք պայմանաց մեջեն այն՝ որ հաճելի կը թվեր իրեն. այսինքն կամ յուր դստեր հետ ամուսնանալ, կամ երեք հարյուր ոսկի հատուցանել և կամ ի դատ կոչվիլ։

Սիսակ հուսահատական վիճակի մեջ կը գտնվեր։ Եթե այդ գայթակղական եղելությունն երևան ելներ, յուր ամուսնական խորհրդոց վերջ տալու էր Վարդանույշի հետ։ Կը մակաբերեր որ Երանյանի դուստրն իրեն չպիտի ներեր յուր երկրորդ անհավատարմությունն, երբ ինքն մանավանդ բերնովը խոստովանած էր թե տիկին Աբգարյանեն հեռանալը պատշաճ դատած էր նույն վայրկյանեն որ իրեն մեկ ամսվան պայմանաժամ դրած էր. և ահա ոչ միայն յուր պարտուցը դեմ գործած էր առավել ծանր կերպիվ նոր սիրահարություն մ՚ունենալովն, այլ և հայտնի էր թե յուր վերադարձն հապաղեցուցած էր հեշտությանց մեջ լողալու համար։

Ուստի այդ գայթակղալից դեպքը խեղդելու էր անպատճառ. բայց ի՞նչ եղանակավ, քանի որ դրամ չուներ, և ուսկի՞ց կրնար փոխառություն մ՚ընել երբ վճարման մասին ապահովություն տալու միջոց չուներ։

Գավառացի՞ն առնուլ. այդ մտքեն իսկ չէր անցներ։ Ինքը զամենքը կը ծաղրեր, և նշավակելի՞ պիտի լիներ գավառացի աղջկան մի թակարդին մեջ իյնալով։ Իսկ դատին գալով կը խորհեր թե այդ հավանականությունն իսկ հեռացնելու էր, քանի որ յուր խայտառակությունը հռչակ պիտի գտներ։

Սիսակ կատարյալ խորհրդապահություն խնդրած էր պ․ Գրիգորեն և խոստացած՝ մինչև մեկ շաբաթ յուր վերջնական որոշումն հայտնելու։

Անհնարին տագնապավ կը տատաներ մեր երիտասարդն. ի՞նչ որոշում ընել, ի՞նչ եղանակավ խաբել նախատյալ հայը մի և ի կատար հասցնել յուր երազած ամուսնությունր Վարդանույշի հետ, ամուսնություն որով հանգիստ և ապահով ապագա մի պիտի ունենար։ Կանիծեր նույն միջոցին յուր կնորսության ձգտումներն, ինչպես և կանիծեր յուր հաղթանակները կանացի աշխարհի մեջ։ Կը խոստանար անձին ապագային մեջ կանոնավոր կյանք մը վարել, եթե սակայն խույս տար նույն անգամ յուր վրա ծանրացած ահեղ վտանգեն։

ԳԼՈԻԽ ԾԶ.

Այս մտատանջության մեջ կալեկոծեր մեր կնասեր երիտասարդն, երբ ահա նամակ մի կընդունի որուն պարունակությանր տեղեկանալով՝ դյուրին է հասկնալ թե ո՛վ էր անոր հեղինակն առանց ստորագրությունը կարդալու։

«Սիրեցյալ Սիսակս.

«Տեղյակ եմ ամբողջ սիրային պատմությանդ ընդ դստեր պ. Գրիգորի, որ իմ հյուրս է։ Գիտեմ նաև անոր առաջարկած երեք պայմաններն որոնց և ոչ մին նպաստավոր է քեզ համար։

«Վստահ եմ որ նոր բարեկամներդ որոց համար զիս ուրացար, ոչ երբեք պիտի հաճին քեզմե պահանջված գումարը մատուցանելու, երբ իրենց աղջկան դեմ բացարձակ անհավատարմություն ըրիր։ Ուստի հին բարեկամուհիդ պատրաստ է՝ ուզած վայրկենիդ իսկ, երեք հարյուր ոսկի տրամադրությանդ ներքև դնել, բայց այն պայմանավ որ ամեն ամուսնական խորհրդոցդ վերջ պիտի տաս։ Այս փոքրիկ գումարն իբր բարեկամական նվեր մի կրնաս համարել իմ կողմանես։

«Նշանտվությունդ ոչնչացուր Վարդանույշի հետ, խոստացիր պ․ Գրիգորի յուր խնդրած գումարն, և հետո եկուր ընդունիլ ինձմե քու վարձատրությունդ։

«Միշտ քու անկեղծ և հավատարիմ սիրուհիդ

«Տ. Ա.»

Տիկին Աբգարյանի խոստացած նպաստն եթե մեկ կողմեն զՍիսակ կազատեր տհաճո դիրքե մի գավառացվույն նկատմամբ, մյուս կողմեն կոչնչացներ Սիսակի երազած ապագան պ․ Երանյանի փեսան լինելու։

Այնչափ խռոված էր մեր անառակ երիտասարդն, այնչափ մտացը խորհուրդք զիրար չնշելով անկարող կընեին զինքն որևէ որոշում մի տալու որ վերջապես հիշեց թե բարեկամուհի մ՚ուներ որուն թե զգաստության վրա վստահություն ուներ, և թե անոր աջակցությանն՝ ի պահանջել հարկին յուր հոռի դատը վարելու Վարդանույշի առջև։ Այդ բարեկամուհին Արաքսիան էր։

Եվ իբր մարդ որ ալետանջ տարուբերելով անորոշության օվկիանին մեջ, վերջապես հուսադրող տախտակի հանդիպելով անոր կը պլլվի իրր փրկության միջոց, նույնպես և Սիսակ Արաքսիայի գաղափարին առջև շունչ առավ ու անով արիացավ սակավ ինչ։

Մտածեց երիտասարդր թե ե՛րբ ուզեր տիկնոջ կրնար դիմել օծանդակությունը խնդրելու համար, և այդ իբր վերջին միջոց վերապահելով յուր անձին, զգուշացավ որևէ պատասխան մի տալե ընդունած նամակին, հառաջ քան Արաքսիայի հետ տեսակցելու և անոր հետ խորհրդածելու։ Ուստի երիտասարդը փութաց երթալ հայցելություն Արաքսիայի ի տան տիկին Հարթմանյանի։

ԳԼՈԻԽ ԾԷ.

Աղավնիի վիճակն օր քան զօր կը սաստկանար, խեղճ աղջիկը կզգար թե մերձ էր ի մահ, և յուր ցավը կը զորանար այն գաղափարավն թե պիտի մեռներ առանց յուր երկու սիրելիները տեսնելու, այսինքն զԱրաքսիան և զՆերսես։

Տիկին Աբգարյան, որ մայր էր անվամբ այլ ոչ զգացմամբ, գերագույն անձնվիրության օրինակ մ՚եղած կը կարծեր օրը քանի մ՚անգամ այցելելով յուր զավկին, և ճարտար բժշկի մի հանապարզօրյա խնամոց հանձնելով զայն։ Մանավանդ որ ձիրքերն ևս կը չափազանցեր գերման վարժուհվույն, որուն խնամոց հանձնած էր զյուր դուստր։

Պ․ Աբգարյան կը հալեր կը մաշեր զավկին վհատեցուցիչ վիճակը նկատելով. կը մաշեր, այո, ոչինչ կը խնայեր նորա համար, բայց ի՛նչ օգուտ, զավկին վիճակն օր ավուր կը վատթարանար։

Արմինե քրոջն հիվանդության պատճառավ վայրի մի կը տխրեր, ապա յուր աշխույժ բնավորությունը կը հաղթանակեր, և փոքրիկ հիվանդը զվարթացնելու համար հազարումեկ խաղեր կըներ՝ հակառակ գերման վարժուհվույն խիստ ակնարկներուն որք կը հրավիրեին զինքն հանդարտելու։ Արմինեի մտքեն երբեք չէր անցներ թե յուր սիրեցյալ քույրը կրնար մեռնիլ։

Տղայք կը կարծեն թե մահն օտարաց համար է, և երբեք չեն կրնար ըմբռնել թե մահն իրենց մերձականերուն ևս կրնա մոտենալ։ Գեղեցի՜կ ցնորք մանկության։

Աղավնի կը նայեր քրոջն ունեցած ապահովության վրա յուր մասին և կուրախանար, առանց բնավ այս աշխարհես յուր մեկնելուն վրայոք ակնարկություն մ՚ընելու։ Այդ քնքուշ արարածն երբեք տղայություն չէր ունեցած, զի մատաղ տիոցը մեջ հարբունս հասած էր։ Նա խաղալու և զբոսնելու համար ծնած չէր, ինչպես ամեն մանուկ, այլ խորհելու, սիրելու, զգալու և տառապելու։

Օր մի երբ Աղավնի զգաց թե վիճակն հոռի էր․

— Ո՛հ,— ըսավ քրոջն,— կը փափագիմ եղբայրս տեսնել, և անոր ներկայությամբը գոնե քիչ մի ժամանակ մխիթարվիր

Արմինե չըմբռնելով անոր խոսքերուն ներքին իմաստն՝ այսինքն թե կուզեր հրաժեշտի վերջին ողջույնը տալ Ներսեսի, ըսավ․

— Քո՛ւյր, գրե՛ մեր եղբոր, և վստահ եմ որ նա կուգա։

— Գիտեմ որ կուգա, զի այնչա՜փ զմեզ կը սիրե։

— Ուրեմն գրե շուտ և կոչե զայն քու քովդ, որչափ ուրախ պիտի լինիմ զինքը տեսնելով։ — Կը փափագեի ես ևս շատ իսկ, բայց ի՞նչպես զինքն անհանգիստ ընեմ։

— Վստահ եղիր, Աղավնի, որ մեր եղբայրը չպիտի ներե ինձ եթե քու անզուսպ բաղձանքդ չհաղորդեմ իրեն։

— Ուրեմն կը հորդորե՞ս զիս իմ բաղձանքս հայտնելու իրեն։

— Ռչ միայն կը հորդորեմ այլ կապահովեմ քեզ որ եթե դու չգրես, ես քարտուղարություն պիտի ընեմ՝ քու անվամբդ զինքն հոս հրավիրելով։

— Եվ սակայն գիտնայիր որչափ մեծ է կարոտս։

— Հապա ի՞մս, ես ալ քու պատճառավդ կօգտիմ։

Արմինե գրիչն ու թուղթը քրոջն անկողնին վրա դնելով, մղեց զնա անհապաղ գրելու։

Հիվանդը դողդոջուն ձեռամբն գրիչն առավ, և ամենայն դժվարությամբ հաջողեցավ այս միակ տողերը գրելու.

«Սիրելիդ իմ եղբայր.

«Եկու շուտ, կուզեմ անգամ մի ևս զքեզ տեսնել, զի կզգամ թե ժամանակս սուղ է»։

Տկար արարածն ոգեսպառ եղած՝ հանձնեց զթուղթն քրոջ, որ անոր պարունակության վերահասու չլինելով՝ հանչափս ուրախացավ զյուր եղբայր ընդհուպ տեսնելու հուսով։

Արմինե պահարանի մեջ դնելով նամակն հանձնեց սպասավորին որ զայն թղթատարին հանձնե ինչպես սովոր էր գործելու. զի տիկին Աբգարյան բնավ փույթ չէր ըներ թե յուր դստերք իրենց եղբորն հետ կը թղթակցին, և մանավանդ անտարբեր էր գիտնալու անոնց գրությանց իմաստն։ Հետևապես անհոգ մայրն անգիտացավ հրավերն յուր աղջկան առ Ներսես։

ԳԼՈԻԽ ԾԸ.

Սիսակ գնաց ուրեմն տիկին Հարթմանյանի տունն և հարցնել տվավ Արաքսիայի եթե ազա՞տ էր զինքն ընդունելու։

Աղջիկը կասկածեցավ անմիջապես թե յուր ազգականը գուցե կարևոր խոսք մ՚ընելու համար իրեն եկած էր ի տեսություն, քանի որ առաջին անգամ էր որ կայցելեր իրեն․ փութաց ուրեմն ինքն անձամբ պատասխանել հարցման երիտասարդին, և անոր դեմքին նայելով շուտ հասկցավ թե մասնավոր մտատանջության պատճառ մ՚ուներ։

Արաքսիա տարավ զինքն առանձին սենյակ մի, և մեծ անձկությամբ հարցուց թե ի՞նչ էր պատճառն յուր այլայլյալ կերպարանքին։

— Գիտեմ, Արաքսիա՛,— ըսավ երիտասարդն,- որ բնավ համարմանդ և արգահատությանդ արժանի չեմ և եթե արդարանալու կետ մ՚ունիմ՝ իմ երիտասարդական հասակս է, ինչպես և եթե քու համակրանացդ իրավունք մ՚ունենալս կրնամ կարծել՝ Վարդանույշի համար ունեցած անձնվիրությունդ է։

— Այդ հառաջաբանդ կատարելապես ավելորդ է,— պատասխանեց Արաքսիա,— բուն եղելության գանք։

Հայնժամ Սիսակ պատմեց յուր հարաբերությունները գավառացի աղջկան հետ և յուր հանցանքը թեթևցնելու համար՝ երիտասարդուհվույն գործածած հրապուրանաց վերագրեց յուր գբավվիլն և անկե հետևած ծանր պարագաները։

— Ի՞նչ պարագա,— հարցուց Արաքսիա, դող ելնելով։

Հայնժամ Սիսակ հայտնեց յուր վրա ծանրացող պայմաններն, ինչպես և տիկին Աբգարյանի նամակն։

— Ի՞նչ պատասխանեցիր,— ըսավ աղջիկն երկյուղիվ։

— Ոչինչ տակավին։

— Լո՛ւր ինձ, Սիսա՛կ, ոչ միայն իմ արգահատությանս արժանի չես, այլ և ամենևին արժանի չես Վարդանույշի նման աղջիկ մի ընկերակից ունենալու։

— Արաքսիա՛, խնայե ինձ, հանցանքս կը ճանաչեմ, բայց այս վերջինն է, կրնաս վստահիլ ինձ։

- Արդյոք քանի՞ անգամ նույն ապօրինավոր ընթացքին մեջ պիտի անկանիս դարձյալ։

— Երբե՛ք,— պատասխանեց Սիսակ, վստահությամբ մի որով կուզեր նույն ապահովությունն ազդել Արաքսիայի։

— Երանի թե այդպես լիներ։

— Եվ պիտի չինի, կը խոստանամ քեզ։ Երիտասարդ մի մինչև որ մի քանի անդամ փորձանաց չհանդիպի, չզգաստանար։

— Դու կը կարծես զգաստացա՞ծ լինել։ — Ծանր եղավ ինձ այս վերջին դասը։

— Լո՛ւր ինձ,— ըսավ աղջիկը,— մի՛ կարծեր որ հավատք ունիմ ի քեղ, և ապացույցն այն է որ երբեք նպաստավոր չեղա Վարդանույշի ամուսնությանն ընդ քեզ։

– Զայդ գիտեմ արդեն։

— Հանդերձ այսու պիտի աշխատիմ՝ որչափ որ հնարավոր է ինձ, օգնելու քեզ։

— Բյուր շնորհակալիք, սիրո՛ւն քույրս։

— Շնորհակալ մի՛ լինիր ինձ իզուր, զի քեզ ծառայելու համար չեմ գործեր՝ այլ միայն այն հեգ աղջկան որ դժբախտությունն ունեցավ զքեզ հիմարաբար սիրելու։

— Ինչ որ ըսես կընդունիմ, զի իրավունքդ է զիս խստիվ կշտամբել. սակայն պիտի հայտնեմ քեզ որ անարժան չեմ ոչ քու բարությանցդ, և ոչ ալ Վարդանույշի ամուսնո անունը կրելու։

— Տա՜յր երկինք։

— Երկինք վկա քեզ թե պատվակիր ամուսին մի պիտի լինիմ կնոջս երջանկությունը միայն նպատակ ունենալով։

Արաքսիա թեև մեծ արժեք չէր ընծայեր երդման Սիսակի, բայց սա նույն միջոցին այնպես անկեղծ կերևար՝ որ Արաքսիա նորա տրամադրությանց վրա չտարակուսեցավ բոլորովին։

Ստույգ է որ Սիսակ նույն պահուն խիստ անկեղծորեն կը խոսեր, բայց վտանգի մատնված մարդու մի ոչ տրամադրությունքն և ոչ ալ խոստումները մեծ բան կարժեն։

Հանդերձ այսու Արաքսիա քիչ մի լուռ մնալե և մտածելե վերջն ըսավ.

— Մտադիր եմ վիճակդ տիկին Հարթմանյանի հայտնել և անկե խնդրել երեք հարյուր ոսկին։

— Կը հուսա՞ս որ հոժարի վճարելու այդ գումարը։

— Կը հուսամ։

— Ո՜վ փրկիչս դու, ինչպե՞ս պիտի հատուցանեմ ընելու բարիքդ։

— Լավ ամուսին մի լինելու խոստմամբ։

— Երդում ըրի քեզ արդեն պատվույս վրա։ — Ապա պետք է պարտամուրհակ մի տալ տիկին Հարթմանյանի՝ պահանջած գումարիդ ի փոխարեն։

— Պատրաստ եմ կատարելու ամեն պայման։

— Եվ եթե կարելի լինի՝ առ առավելն պիտի ջանամ ստանալ տիկնոջմեն երկու տարվան միջոց մի, թեև այդ պայմանաժամեն շատ հառաջ կրնաս պարտքդ վճարել, քանի որ պ. Երանյան զքեզ յուր գործողությանց ընկեր ընելու մտադիր է։

— Ամեն ջանք պիտի ընեմ, վստահ եղիր։

— Ուստի կը հուսամ թե տիկին Հարթմանյանե այդ գումարը կստանաս իմ երաշխավորությամբս։

— Ո՜վ անզույգ աղջիկ,— ըսավ Սիսակ, անոր ձեռքն համբուրելու փորձ փորձելով ի նշան երախտագիտության։

Բայց Արաքսիա ձեռքը քաշելով, ըսավ․

— Այդպիսի արտաքին ցույցերու թշնամի եմ, գիտես արդեն։

— Բայց այդ երախտապարտ սրտիս բերմունքն էր,— ըսավ Սիսակ, աչերուն մեջ արտոսր մի փայլեցնելով։

Երբ մարդս կը հանդիպի մեկու մի որ զինքն անխուսափելի վտանգե կազատե՝ նույն պահուն գոհունակության սաստկութենեն յուր անձնասիրությունն զգայնության կը փոխվի, մինչև ամենեն փափուկ սրտերու երախտագիտությունն զգալու չափ։

— Սա ևս ավելցնեմ քեզ, Սիսակ,— ըսավ Արաքսիա,— որ եթե երբեք անփույթ լինիս հետ ամուսնությանդ և անվճար թողուս պարտքդ առ տիկին Հարթմանյան, եթե սակայն ինչպես կը հուսամ հաճի զայդ գումար վճարելու, ես մինչև ցվերջ կենացս պիտի աշխատիմ հատուցանելու համար քու ստանձնած պարտքդ։

— Արաքսիա՛, եթե հանցավոր եմ իբր երիտասարդ, սակայն զիս այդչափ անպատիվ կարծելու իրավունք տված չեմ քեզ իբր մարդ, որպեսզի դու նախատինքն երեսիս նետես։

Արաքսիա չպատասխանեց, այլ ըսավ միայն․

— Երբեք չեմ ներեր քեզ եթե իմանամ թե տիկին Աբգարյանի պատասխանած ես, կամ մոտեն ու հեռվեն որևէ հարաբերություն ունեցած ես հետը։ Սիսակ զայդ ևս պատվույն վրա խոստացավ և կատարելապես խոստումը պահեց։

— Ուրեմն վաղն առավոտ եկու հոս,— ըսավ աղջիկը,— վերջնական պատասխանն ընդունելու համար։

Սիսակ հրաժեշտ առնլով յուր ազգականեն մեկնեցավ, մինչ ազնվասիրտ աղջիկն՝ յուր սրտին սուգը մեկ կողմ թողլով՝ գնաց տիկին Հարթմանյանի փոխառության առաջարկն ընելու։

ԳԼՈԻԽ ԾԹ.

Ներսես Վիեննա գնացած էր գործով երբ Արաքսիա յուր երկրորդ նամակն ուղղեց առ նա, և այդ պատճառավ էր որ թուղթն առ ինք վերադարձավ։

Տակավին ի մայրաքաղաքն Ավստրիո էր և կը պատրաստվեր ի Մանչեսթըր վերադառնալ երբ ձեռքն հասավ Աղավնիի երկտողը։

Ներսես, որ մինչև նույն ժամանակ կանգիտանար քրոջն ախտին ծանրության աստիճանը, սարսափեցավ, մահու չափ ցավեցավ, և մտադիր եղավ անմիջապես ճամփա ելնել թեև ուխած էր ոչ ևս ոտք կոխել ի Պոլիս, մանավանդ այցելել այն տան ուր անհուն երջանկություն վայելած էր, և ուր թողած էր յուր վաղամեռիկ բարեբաստությունը։

Ուստի նամակն ընդունելով երկրորդ օրն իսկ ճամփա ելավ, և չորս օր վերջը կարողացավ յուր փոքրիկ սիրեցյալ հիվանդը բազկացը մեջ սեղմել, զարհուրմամբ նկատելով սակայն տղուն ավերակացյալ դեմքն։

Աղավնի չէր կրնար հագենալ ի տես յուր եղբոր. կը նայեր անոր անհուն գորովանոք, կը սեղմեր սրտին վրա անոր ձեռքերն և կըսեր շարունակ.

— Եղբա՛յրս, չգիտես որչափ երախտագետ եմ քեզ որ բաղձանացս մին կատարեցիր։

— Եվ որո՞նք են մյուս բաղձանքներդ, քույրի՛կս։

— Պիտի իմանաս զայդ վաղն առավոտ։

— Ինչո՞ւ ոչ այսօր։

— Վասնզի այսօր քու գաղափարավդ և քեզմով միայն կուզեմ զբաղիլ։ — Լավ։

— Բայց դու շուտով երթալու դիտավորություն ունի՞ս դարձյալ։

— Աղավնիս, կը կենամ ցորչափ պետք ունենաս ինձ։

— Երկար ժամանակ քեզ չպիտի կարոտիմ,— ըսավ մանուկը գաղտնի հառաչանոք մի զոր նշմարեց Ներսես առանց սակայն դիտած լինելն հայտնելու։

Երիտասարդին սիրտը կարյուներ, ու այդ սիրուն արարածն ազատելու համար չկար զոհ որ հանձն չառնուր կատարելու։ Եվ արդեն սկսած էր յուր առաջին զոհն՝ բնակելով վայրերուն մեջ որք յուր անցյալ երջանիկ օրերու հիշատակը կը զարթուցանեին իրեն, և մինչ թմրած կը կարծեր Արաքսիայի գաղափարն՝ ահա կը զարթնուր զորությամբ մի որ զինքը ցավցնելով կը զարմացներ։

Տղուն հիշատակը հարակից էր յուր վարժուհվույն հիշատակին, զի Աղավնի և Արաքսիա երկու էակներն էին զորս՝ հետ յուր մոր, քան զամեն ոք ավելի սիրած էր։ Դառնությամբ կր մտածեր թե ինքն դատապարտված էր կորսնցնելու ինչ որ պաշտած էր։ Ավերակաց ոգին էր ուրեմն որ նախասահմանված էր ողբալու փլատակաց վրա։

Արմինե Ներսեսի շուրջը կոստնուր իբր թռչուն դայլայլելով, հայտնելու համար յուր ուրախությունն եղբորը վերադարձին համար։ Բայց զվարթության ճիչերն անտանելի են ցավով բեռնավորած հոգվույն համար ու թեև սրտովին կը գուրգուրար Ներսես փոքրիկ Արմինեի վրա, սակայն լավագույն պիտի համարեր եթե առանձին լիներ՝ այդ նվիրական հիվանդին մեն մի շունչը, մեն մի բառն և մեն մի բաղձանքը կատարելու։

Ստույգ է որ գերման վարժուհին կը հեռանար երբ Ներսես հիվանդին սենյակը կուգար, անոր և քրոջը մտերմական տեսության արգելք չլինելու համար․ բայց նույնիսկ Արմինե կարծես ավելորդ կերևար այն երկու հոգեմաշ էակաց ընդմեջ որուն մին յուր վաղաժամ վերջին վրա կը թվեր ողբալ, և մյուսն՝ յուր անցյալ ինչպես և ներկա աղիտից վրա։

Ցավն զցավ կորոնե, զի ուրախությունը թվի թշնամալից նենգություն խավարապատ վիճակի մի։
ԳԼՈԻԽ Կ.

Ներսեսի հանկարծական գալուստն իբր բոթ հնչեց տիկին Աբգարյանի ականջին։ Այդ հրեշ մայրն՝ անտարբեր տղուն ծանր վիճակին, յուր վատ մեքենայությանց ու սիրահարական խորհրդոցն էր հետամուտ։

Հաջողած էր հավտացնելու Իսկուհիին Ներսեսի ամուսնությունն, որպեսզի նա Երանյանց հաղորդելով զայդ լուր, մինչև Արաքսիայի հասներ, վերջնական հարվածը տալով անոր հույսերուն։ Բայց փոխանակ անուղղակի կերպիվ՝ Իսկուհին ուղղակի գուժած էր խեղճ Արաքսիայի ականջին՝ Ներսեսի անտեղի ամուսնությունն։

Երիտասարդին վերադարձն ի դերև կը հաներ բոլոր հաշիվները տիկին Աբգարյանի, և այդ տեղի կունենար անմեղ արարածի մի միջոցավ որ կարծես վրեժխնդիր կը կանգներ անմեղության արդար դատին։

Տիկին Աբգարյան ոչինչ գիտեր թե հրավիրանոք յուր դստերն եկած էր Ներսես ի Պոլիս, և կանիծեր յուր չար հոգվովն այդ ուղևորության շարժառիթը։

Ման ավանդ որ տիկինբ չարաչար կը տանջվեր նկատելով որ յուր առաջարկն առ Սիսակ երկու օրե ի վեր անպատասխանի կը մնար։ Եթե Սիսակ հաջողեր, կը մտածեր նա, պ․ Գրիգորի դրամական պահանջումն առանց յուր միջամտության գոհացնելու, անշուշտ անոր ամուսնությունը կը կատարվեր Վարդանույշի հետ, զի կարող չէր արգիլելու զայն՝ Սիսակի և օրիորդ Գրիգորի[3] միջև տեղի ունեցած գայթակղական դեպքն երևան հանելով, քանի որ փաստ մի չուներ։ Միակ օրինավոր վկան որ իրեն կրնար օժանդակել պ. Գրիգորն էր. և նա յուր տան պատվույն համար պարտավորյալ էր անշուշտ լռելու՝ եթե խնդիրը վերջանար առանց որևէ աղմուկ հարուցանելու։

Եվ եթե Սիսակի պսակադրությունը կատարվեր՝ հետևաբար ենթադրելու էր թե Արաքսիայինն ևս տեղի պիտի ունենար Ներսեսի հետ, զի այս վերջինն ամեն իրավունք պիտի ունենար կասկածելու թե Արաքսիա գուցե ի նպաստ յուր բարեկամուհվույն գործած էր․ կասկածեն մինչև ստուգություն քայլ մի կար միայն, և եթե այդ քայլն առնույր, բոլոր յուր լարած թակարդներն ապարդյուն կը մնային, և յուր հոգվով չափ ատած աղջիկն իրեն կրած անունը կստանար։

զՆերսես շփոթելու համար միակ միջոց մի կար, այն էր օրիորդ Գրիգորի սիրահարությունն Սիսակի հետ՝ երևան հանելով հաստատել տալ զայն կերպով մի պ. Գրիգորեն, քանի որ տակավին գործը վերջացած չէր և մարդը Պոլիս կը գտնվեր։ Բայց այդ մատնությունն անկարող էր ընելու ցորչափ չընդուներ Սիսակի բացարձակ մերժումն յուր առաջարկած դրամին վերաբերությամբ, ուստի առժամանակյա կերպիվ անգործության դատապարտված էր տիկին Աբգարյան և այգ վիճակը մահառիթ էր կարծես իրեն համար, երբ ամեն վայրկյան իրաց վիճակը կրնար փոփոխիլ ի վնաս իրեն։

Նույն իրիկունն գալստյան օրվան Ներսեսի ի տան հայրենի, երիտասարդը գնաց ընդունելու հյուրերն որք եկած էին իրեն բարի գալուստ մաղթելու. նույն սենեկին մեջ կային պ. և տիկին Աբգարյան։ Այլ և այլ խոսակցության նյութեր իրարու հաջորդելով, խնդիրն ինկավ Սիսակի մոտալուտ ամուսնության վրա, Վարդանույշի հարատևության վրա յուր սիրո զգացմանց մեջ, որով և պարտավորությանն անոր ծնողաց այդ ամուսնության համար վերջապես իրենց հավանությունը տալու։

Պ․ Գրիգոր ներկա էր այդ խոսակցության և բոլորովին լուռ կեցած։ Բնականապես նույնն ըրավ պ. Աբգարյան․ իսկ տիկինն անկարող եղավ որևէ աննպաստ ակնարկություն մ՚ընել նույնիսկ հեռվեն հեռու ի մասին օրիորդ Գրիգորի, որով կարենար ենթադրել տալ Ներսեսի թե ինչպես գավառացի օրիորդին՝ նույնպես և Արաքսիայի հետ սիրահարական հարաբերություններ ունենալե վերջը՝ Սիսակ օրիորդ Երանյանի հետ կամուսնանար վերջապես։

Բայց Ներսես Վարդանույշի վերաբերյալ տեղեկություններն իմանալով, և լավ ճանաչելով սերտ բարեկամությունն Արաքսիայի անոր համար, քանի որ զայդ բազմիցս հայտնած էր իրեն յուր սիրուհին, հուսադրող ուրախությամբ համակվեցավ, մտածելով թե ինքը գուցե թյուրիմացության զոհ եղած էր, և թե Արաքսիա կորուսյալ չէր իրեն համար։

Հուսահատ հոգի մի որ ի հույս կը վերադառնա կը կարծե ոսկեզօծ երազի ներգործության ներքև լինիլ, և իրաց ստույգ վիճակին վրա ապացույց մի ստանալեն կը վախնա իբր դառն զարթումե մի։

Ներսես կը վայելեր այդ հայտնությամբ ներքին ցնծություն մի՝ որուն սաստկութենեն իսկ կը կասկածեր թե վաղանցուկ պիտի լիներ։

Վիրավոր հոգիները կասկածոտ են, և նույնիսկ իրենց նպաստավոր հանդիսացած իրողությանց մեջ բախտին դավադրությունը կը տեսնեն։

Ներսես անհամբեր էր առանձնանալու խորհելու համար և առարկելով յուր ճամփորդության ազդած հոգնություններն հրաման խնդրեց յուր հյուրերեն սենյակը քաշվելու։

Տիկին Աբգարյան որ ամեն ինչ դիտած էր՝ նշմարեց նախ գոհունակության շողն որով Ներսեսի դեմքը վայրկյան մի փայլած էր և ապա այդ գոհունակության սև անդրադարձություն մ՚ունենալն։ Յուր հոգին կը մռնչեր, կուզեր հնարել ուրիշ չար միջոցներ միանգամ ընդ միշտ վերջնական կերպիվ հարվածը տալով Արաքսիայի բախտին, և այդ նպատակին հասնելու համար մտադիր էր հետևյալ օրն իսկ գրել Սիսակի անոր որոշումն իմանալու համար։

ԳԼՈԻԽ ԿԱ.

Ներսես հառաջ քան յուր սենյակը քաշվելու գնաց այցելելու յուր սիրելի հիվանդին։ Աղավնի արթուն էր, ըստ յուր սովորականին, զի շատ անգամ տքնություններ ուներ, և գիշերվան լռության և առանձնության մեջ միայնակ անքուն կը հսկեր. հայնժամ կը մտածեր շատ նյութերու վրա և մանավանդ ի մայրենի սիրո զուրկ լինելուն վրա, և այդ զրկումը խիստ ծանր էր յուր զգայուն հոգվույն։

Փոխարինություն մ՚ուներ յուր քրոջը գորովույն մեջ, բայց այն որոտող տղայական զգացումը բավական չէր հագեցնել հինքն այն մեծ պետքն զոր կզգար սիրելու և սիրվելու։ Կը փնտրեր ինչ որ ծանր և խորունկ էր, և զայդ կերպով մի գտած էր Ներսեսի և Արաքսիայի սիրույն մեջ։ Բայց մին ինչպես և մյուսն հեռացած էին իրմե, և ինքը մատնված էր ի ձեռս օտարաց, անհոգ անձանց անտարբերության հանդիպած էր, այնպես որ չէր համարձակեր արթնցնելու գիշերվան մեջ յուր քով հսկող աղախնին, եթե խիստ տագնապեցուցիչ վիճակ մի զինքն չմղեր առ այդ։

Նույն գիշեր Աղավնի զեղբայրն յուր քով ունենալու գիտակցությամբ ուրախ էր, գոհ անհունապես․ և այդ գոհունակության սաստկութենեն իսկ յուր ջղերը գրգռված էին, որով անկարող էր ննջելու։

Ներսես Աղավնիին սենյակը մտավ առանց ձայն հանելու և ամենայն զգուշությամբ անոր անկողնին մոտեցավ։ Մանուկը զեղբայր յուր տեսնելով՝ ըսավ ցնծությամբ.

- Ա՛հ, դո՞ւ ես, եղբա՛յրս։

- Չես քնանար, քուրի՛կս։

— Այնչափ երջանիկ եմ գալստյանդ պատճառավ որ անհնար է ինձ աչերս գոցել։

Ներսես հուզվելով առ այդ արտահայտութենեն ծռեցավ տղուն մահճին վրա և համբույր մի տվավ փոքրիկ հիվանդին։

— Որչա՜փ ուրախ եմ, եղբա՛յրս, մտածելով թե իմ հետս պիտի բնակիս ցորչափ պետք ունենամ քեզի։

— Ապահով եղիր և գիտցիր թե ամեն կամքերդ կատարելու պատրաստ եմ։

— Ամե՞նքը,— հարցուց մանուկն, աղերսագին անոր նայելով։

— Ամենքն, Աղավնի, և ինչ որ խնդրես։

— Լավ ուրեմն, խոստացիր զԱրաքսիա տեսնելու առիթ մի հայթայթելու ինձ,— ըսավ եղբորն, անոր ականջեն վար ցած ձայնիվ խոսելով, զի կը կասկածեր որ աղախինը կամ յուր քույրն արթննալով առաջարկը կը լսեին։ Ոչ թե Արմինեին վրա վստահություն չուներ այլ կը վախնար որ չափազանց աշխուժին մեջ թեթևությամբ կը մատներ յուր գաղտնիքն և հայնժամ գիտեր որ յուր մայրն ամեն անողորմ պատերազմ հարուցանելու կարող էր, քանի որ նա արգիլած էր որ Արաքսիայի խոսքն անգամ ընեն տան մեջ։ Ներսեսի թվեցավ նույն միջոցին որ Աղավնի երկնառաք հրեշտակ մ՚էր, զի ինքն ևս կը մտածեր թե ինչպե՞ս կրնար Արաքսիայի հետ տեսություն մ՚ունենալ կասկածելի թված խնդիր մի լուսաբանելու համար։ Ուստի ամենայն եռանդյամբ պատասխանեց․

— Պատրաստ եմ կամքդ կատարելու։

— Եղբա՛յրս, օրհնյալ լինիս։

— Սակայն ո՞ւր կրնաս տեսակցիլ հետը, Աղավնի՛ս։

— Այս տան մեջ անհնար է։

— Տարակույս չկա։ Ուրեմն ինչպե՞ս հաջողինք։

— Պատվիրած է բժիշկը կառքով երթալ շրջագայության․ ես հոժարամիտ չէի այդ պատվերը գործադրելու, զի աշխարհ յուր բոլոր աղմուկներով, ուրախության ցույցերով ու կյանքովն առավել ևս տխրությունս կավելցնե. և քանի որ մայրս բնավ հոգ չէր տաներ դուրս ելնելուս կամ չելնելուս, նախապատիվ կը համարեի տան մեջ փակված մնալ։

— Հասկցա, սիրո՛ւն հրեշտակս, կուզես որ տեղ մի ժամադրություն ունենամ օրիորդ Արաքսիայի հետ։

Առաջին անգամն էր որ Ներսես այդ անունը կը հնչեր, և սիրտը զորավոր բաբախում մ՚ունեցավ։

— Ճիշտ այդ է խնդրածս քեզմե, եղբայրս։ Միայն թե դուն ու ես տեղյակ լինինք այդ խորհրդին գործադրությանը։ Կփափագեի որ քույրս ևս տեսներ մեր սիրելի օրիորդը, բայց կը վախնամ որ չկարողանա լռել։

— Իրավունք ունիս, Աղավնիս, Արմինե տղա մ՚է տակավին, իսկ դու կարծես ծերացած ես տղա լինելե հառաջ։

— Որով և կյանքս վերջանալու վրա է,— ըսավ աղջիկը, դառն ժպիտով մի։

— Եթե չես ուզեր զիս վիրավորել, հալածե այդ սոսկալի գաղափարներն. ես ևս զայդ կը խնդրեմ քեզմե իմ ընելու ծառայությանս փոխարեն։

— Պիտի ջանամ, եղբայրս։

— Կուզեմ որ հաջողիս մանավանդ, կիմանա՞ս, եթե չես ուզեր սիրտս ցավցնել։

— Ես ընդհակառակն զքեզ երջանիկ տեսնելու կը փափագիմ, եղբայրս։ — Եթե դու գոհ և ուրախ լինիս, ես ալ նույնը կը լինիմ։

— Սակայն, եղբայրս, կը փափագիմ որ վաղն առավոտ իսկ երթաս ի տեսություն մեր վարժուհվույն, իմացնես իրեն թե միշտ զինքը սիրած եմ, և թե կը փափագիմ զինքը տեսնել ժամ հառաջ։

Խեղճ աղջիկը կը վախնար որ գուցե ժամանակ չունենար այդ տեսությունն ընելու եթե գործն երկարաձգվեր։ Եվ հիվանդաց հատուկ անհամբերությամբ խնդրեց Ներսեսեն որ առավոտուն գա զինքն ողջունելու Արաքսիայի այցելության երթալեն վերջն, որով և անոր պատասխանն հաղորդե իրեն։

Աղավնիի անհամբերությունը կը համապատասխաներ Ներսեսի սրտին անձկության. եթե կարելի լիներ երիտասարդին՝ գիշերվան մեջ իսկ պիտի դիմեր Արաքսիայի, անկե ճշմարտությունն իմանալու համար։

Ուստի Ներսես իմացավ Աղավնիեն թե երիտասարդուհին տիկին Հարթմանյանի տան մեջ կը բնակեր։

— Արդյոք կրնա՞ս զրուցել ինձ հասցեն տիկին Հարթմանյանի,— հարցուց Ներսես։

— Այո, եղբայր։

— Բայց դու ամեն ինչ կիմանաս ուրեմն, հետաքրքիր քուրիկ,— գոչեց երիտասարդն ուրախությամբ։

— Հետաքրքիր եմ ինձ սիրելի անձանց նկատմամբ։

Ներսես ուզածն իմանալեն վերջը քիչ մի ևս հիվանդին քով կեցավ, խոսակցեցավ անոր հետ, և երբ աղջիկն աչերը գոցեց՝ հեռացավ անձայն առանց երկու քնացողներուն քունր վրդովելու, մտավ յուր սենյակն, ու հազիվ հազ կարողացավ ննջել մեկ-երկու ժամ, այնչափ հուսադրող և կասկածից՝ միմյանց ներհակ գաղափարներ միտքը կզբաղեցնեին։

ԳԼՈԻԽ ԿԲ.

Առավոտուն արշալույսին հետ ելավ Ներսես, մասնավոր խնամոք զանձն յուր զարդարեց, և այլ և այլ բաներով աշխատեցավ որպեսզի հաջողի երկու-երեք ժամեր անցընելու՝ մինչև որ առավոտյան վայելուչ ժամու մի կարենար ներկայանալ տիկին Հարթմանյանի տունը։ Նույն առավոտ Արաքսիա ևս քան զսովորականն կանուխ ելած էր ընդունելու համար զՍիսակ։

Մեր երիտասարդն անհամբերությամբ իմն զոր դյուրին է երևակայել, ներկայացավ Արաքսիայի, իմանալու համար, թե հաջողա՞ծ էր զինքը փրկելու։ Աղջիկն ամեն ինչ ի կատար հասուցած էր. ուստի Սիսակ ընդունեց անկե 300 ոսկին՝ հանձնելով նմա պարտամուրհակ մը զոր անմիջապես գրեց և ստորագրեց։ Ապա Սիսակ նախընթաց օրվան խոստումներն և բուռն շնորհակալիքն երկրորդելե հետո, փութաց մեկնելու ժամ հառաջ պ․ Գրիգորի հետ յուր գործը կարգադրելու համար, վերջնական կերպիվ մի անգամ ընդմիշտ խոստանալով անձին ոչ ևս կնճռոտ պարագաներու մեջ գտնվիլ։

Մինչ Վարդանույշի նշանածը դուռը բացավ դուրս ելնելու համար՝ երես առ երես գտնվեցավ Ներսեսի հետ։ Սա խիստ անախորժ զգացում մ՚ունեցավ նշմարելով զայն որ յուր նախանձորդն համարած էր այնչափ ժամանակ, և նեղացավ հաստատելով թե նա այդքան կանուխ այցելած էր Արաքսիայի։

Սիսակ կանգիտանար Ներսեսի վերադարձն, որով զարմանքն հայտնեց զինքը տեսնելուն վրա։

Սիրահարներր սովոր են կասկածանաց առարկա տեսնել ամենեն պարզ պարագայի մեջ անգամ․ ուստի Ներսես այդ զարմանքը դժգոհության ծածուկ զգացման մի վերագրելով՝ յուր անհանգստությունն և դառնությունը սաստկացավ, և խոսքը կարճ կապելով հարցրուց եթե այդ տունը տիկին Հարթմանյանի՞նն էր․ և Սիսակեն հաստատական պատասխան մ՚ընդունելով ներս մտավ զօրիորդ Արաքսիան խնդրելով սպասավորե մի որ ներկայացավ իրեն։

— Եթե չեմ սխալիր օրիորդը սա խուցն է,— ըսավ, սենյակ մի մատնանիշ ընելով․-բայց կը հաճի՞ք, պարոն, ձեր անունն հայտնել որպեսզի ձեր այցելությունն իմացնեմ օրիորդին։

— Հարկ չկա,— ըսավ Ներսես, և արտասովոր սրտահուզությամբ քայլեց դեպ այն կողմ ուր կը գտնվեր սրտին թագուհին։

Սենյակին դուռը բացավ սպասավորն ու ետ քաշվեցավ անմիջապես, մինչ Ներսես ներս մտնելով դեմ առ դեմ գտնվեցավ աղջկան հետ։

Արաքսիա ոտքի վրա էր, և քայլ մի ետ առնելով նստարանին վրա անկավ անխոս։

Ներսես, ոչ նվազ հուզված, կը նայեր անոր զոր այնչափ սիրած էր, և զոր կը սիրեր տակավին հակառակ յուր կամաց։ Բայց հաջողելով հաղթելու յուր հուզման, և չգիտնալով եթե Արաքսիա հանցավո՞ր էր թե անմեղ, պաշտոնական ձևով մի ըսավ.

— Օրիո՛րդ, կուգամ նվիրական պարտք մը կատարելու։

— Պատրաստ եմ ունկնդիր լինելու ձեզ,— պատասխանեց աղջիկն հանդարտությամբ մի զոր կը ստեր յուր աղմկալից սիրտը։

— Կը փափագիմ հաղորդել ձեզ գուցե վերջին կամքն ողբացյալ Աղավնիի,— ըսավ երիտասարդն հուզմամբ։

— Ո՛վ իմ պաշտելի Աղավնիս,— մրմնջեց օրիորդը,— ղու չմոռցար զիս գոնե։ Բայց խնդրեմ այնչա՞փ անհույս է ուրեմն այդ պաշտելի արարածին վիճակը։

– Դժբախտարար այնպես կերևի։

— Ո՛վ աղետք։ Խնդրեմ, ի՞նչ կը պահանջե Աղավնիս։

— Կուզե զձեզ տեսնել վերջին անգամ մի,— ըսավ Ներսես նվաղյալ ձայնիվ։

Արաքսիա սկսավ լալ հորդառատ։ Թեև սաստիկ զգածվեցավ Աղավնիի հայտնած փափագին, սակայն այդ լավ պատրվակ մ՚էր առանց ամաչելու և խոնարհելու, յուր արտասվաց հոսելու ազատություն տալու համար։

Ներսես դժվարավ կը հաղթեր յուր արտասվաց, և կը կարծեր գտնել վերստին զյուր սրտին հատորը։ Բայց Արաքսիա ընդհակառակն զայն ամուսնացած կարծելով զյուր կորուստը կուլար։

Օրիորդն սակավ ինչ հանդարտելով, հարցուց․

— Ո՞ւր արդյոք հնարավոր է ինձ տեսնել զԱղավնին։

— Ոչ տանը մեջ։

— Այդ անհնար է արդեն, գիտեմ, զի դժբախտաբար թշնամություն հարուցած եմ ինձ դեմ առանց սակայն մեկու մի վնաս հասցնելու, եթե ոչ իմ անձիս։ Ներսես այնպես հուզված էր աղջկան անարվեստ և սրտառուչ ձևերեն որ անդիմադրելի բաղձանք մ՚ունեցավ անոր ոտքն իյնալու․

– Այսի՞նքն, օրիո՛րդ,— հարցուց։

— Գոհ եմ որ այսօր առիթ կ՚ունենամ, թեև այսպիսի տխուր պարագայի մի շնորհիվ, արդարացնել զանձն իմ ձեր առջև, զի վստահ եմ որ թյուրիմացության առարկա եղած եմ։

— Երանի թե այնպես լիներ, օրիորդ, և ես հանցանքս, եթե հարկ է, արյամբս իսկ կը քավեմ։

— Ի՞նչ հարկ, շատ ուշ է,— պատասխանեց աղջիկն։

— Երբեք ուշ չէ՛ արդարության համար յուր փրկարար պաշտոնն ի գործ դնելու։ Բայց կը խնդրեմ, օրիորդ, խոսեցեք շուտ, և հայտնեցեք թե ո՞ր թշնամությանց կակնարկեք։

— Ո՜հ,— պատասխանեց,— տիկին Աբգարյանին կակնարկեմ։

— Ի՞նչ ըրավ նա ի վնաս ձեզի։

— Ի՞նչ ըրավ, կուզե՞ք իմանալ, ուրեմն ունկնդիր եղեք։

— Անհամբեր եմ ամեն ինչ իմանալու։

— Ես երբեք չհայտնեցի ձեզ ի պատիվ ձեզ և ձեր հոր, թե այդ տիկինը սիրահարյալ էր պ․ Սիսակի։

— Սիրահարյա՜լ, ի՞նչ կըսեք։

— Այո՛, և այնպես սիրահարյալ որ ամենեն անլուր անիրավությունը գործելու փույթ չըրավ։

— Ի՜նչ անիրավություն,— հարցուց երիտասարդն, ուրախության հուզմամբ մը զոր դյուրին էր ըմբռնել, զի կը հուսար որ հասած էր վայրկյանն ամեն ինչ լուսաբանելու։ Բայց հանկարծ միտքն անկավ դարձյալ գիշերային ժամադրությունն, ու ճակատը մթնցավ։

– Սիսակի սիրահարված էր նաև,— հարեց աղջիկը,— Վարդանույշ բարեկամուհիս, և այդ ամուսնությունն արգիլելու համար ձեր մորուն օգուտ քաղեց իմ և Սիսակի բացակայութենեն հավատացնելու համար Վարդանույշի թե ես գաղտնի հարաբերություններ ունեի իմ ազգականիս հետ, և թե զինքն անօրինաբար կը խաբեի։ Եվ ո՞վ գիտե եթե նույնը չըրավ և ձեզ նկատմամբ։ — Սա տարբերությամբ որ փոխանակ խոսքերու գործ ներկայացուց ինձ։

— Չեմ հասկնար։

— Գիշեր մի մինչ կը ննջեի, եկավ զիս արթնցուց, տեղացս հանեց, և հորդորեց զիս սպասելու և հայելու։ Եվ երբ կուզեի իմանալ թե ի՞նչ կուզեր ըսել, ահա տեսա զձեզ որ գիշերվան մեջ ճրագի ձեռին սենեկե մի դուրս կելնեիք Սիսակի հետ առանձին։

— Ապիրա՜տ կինն։

— Այո մասին հանցավոր չեմ գտներ զինքը։

— Հանցավոր չե՞ք գտներ։ Ինչո՞ւ ուրեմն խոսակցությանս ունկնդիր չըրավ զձեզ նաև, եթե մասնավոր նպատակ մի չուներ զձեզ խաբելու։

— Այո՛, պատվիրեց ինձ դռանս առջևեն չհեռանալու։

— Ես ձեզի պատճառն իմացնեմ. վասնզի եթե ըսածներս դուք իմանայիք, մեղադրության տեղի չէր մնար, քանի որ պիտի լսեիք թե ի նպաստ Վարդանույշի դատ կը վարեի, և առավելն կա` պիտի իմանայիք նաև տիկին Աբգարյանի սիրահարությունը Սիսակի հետ։

— Այդ սոսկալի հրեշին խաղալի՞քն եղա ուրեմն։

— Եվ ես անոր զոհը դժբախտաբար։

— Բայց խնդրեմ սա ևս հայտնեցեք ինձ թե ի՞նչ պետք ունեիք մութին զՍիսակ հյուրընկալելու։

— Վասնզի Վարդանույշ անհնարին կասկածներե ու տառապանքներե տանջվելով` խնդրած էր ինձմե որ անպատճառ հետևյալ առավոտն իրեն լուր մի տամ Սիսակի խորհրդոց վրա, եթե չէի ուզեր որ մեռնի։ Ուրիշ միջոց չունեի բայց ժամադրության մի դիմելու խավարի ժամանակ։ Տիկին Աբգարյանի կասկածները չգրգռելու համար։

— Ո՜վ իմ Արաքսիա, կը գտնե՞մ զքեզ ուրեմն վերստին,— ըսավ Ներսես, անհուն խանդիվ, և մերձենալով աղջկան ուզեց ձեռքերը համբուրել։

Վարժուհին ետ քաշվելով ըսավ.

— Այդ իրավունքն ոչ ևս ունիք։

— Ո՜հ, արդյոք ուրիշի՞ խոստացար սիրտդ, Արաքսիաս։ — Ես ո՛չ, բայց դուք քանի որ ամուսնացած եք, պետք է որ հավատարիմ մնաք ձեր կնոջ։

— Ե՜ս, ամուսնացա՜ծ, ո՞վ ըսավ քեզ այդ սուտը։

— Աստվա՜ծ իմ,— գոչեց աղջիկն,— սո՞ւտ է ուրեմն։

— Կատարելապես, Արաքսիաս, զի սիրտս՝ հակառակ բոլոր ջանիցս, քուկդ մնաց, քուկդ է և պիտի լինի միշտ։

- Արդյոք կերազե՞մ, դու ի՞մս ես վերստին, Ներսե՛ս։

— Ո՛չ, երազ չէ՛, այլ երկնային իրականություն։ Բայց հայտնե ինձ, ո՞վ հավատացուց քեզ թե ես ամուսնացա։

— Կիմանա՛մ, կիմանա՛մ։

— Ի՞նչ կա։

— Դարձյալ տիկին Աբգարյանի նենգավորության փաստ մի։

— Չեմ հասկնար։

— Իսկուհին կամավոր թե ակամա գործիքն եղած է տիկին Աբգարյանի, նա ըսավ ինձ թե դու ամուսնացեր ես անգլուհվո մի հետ։

— Խե՜ղճ հայրս, որպիսի՜ ճիվաղի ձեռք ինկած է։

- Ի՜նչ զարհուրելի կին։

— Բայց ներե ինձ վերջին հարցում մի, Արաքսիաս։

- Խոսե, Ներսե՛ս։

— Ի՞նչ պատճառավ այս առավոտ կանուխ Սիսակ այցելության եկած էր քեզ։

— Դարձյա՞լ կը կասկածիս։

— Ո՛չ, ո՛չ, բայց պարզ հետաքրքրություն մ՚է։

Ի պատասխան այդ հարցման՝ Արաքսիա գրպանեն երկու թուղթեր հանելով զանոնք երիտասարդին մատույց․ մին՝ նամակն էր տիկին Աբգարյանի առ Սիսակ՝ որով 300 ոսկի կառաջարկեր անոր․ և մյուսն պարտամուրհակն էր Սիսակի։

Առավ զանոնք Ներսես և հետզհետե կարդալով, առաջինը խնդրեց Արաքսիայեն, և երկրորդը վերադարձնելով բացատրություն ուզեց կարդացածին վրա։ Աղջիկը պատմեց օրիորդ Գրիգորի պարագան, և յուր միջամտությունն զՍիսակ ազատելով համար անել վիճակե մի։

Ներսես ևս քան զևս հիանալով աղջկանը վրա, և սոսկալով այն անդառնալի կորստյան վրա զոր պիտի ըներ նենգության խաղալիք լինելով, կօրհներ զյուր Աղավնին որ պատճառ եղած էր յուր կորուսյալ սիրելին իրեն վերադարձնելու։

Աղավնիի անունը լսելով՝ Արաքսիա հիշեց երախտագիտությամբ այն հրեշտակն զոր մոռցած էր վայրիկ մի յուր անձն արդարացնելու համար, և հարցուց անձկությամբ թե ե՞րբ և ո՞ւր տեղի պիտի ունենար իրենց տեսությունը։

— Ե՞րբ, չգիտեմ,— պատասխանեց Ներսես.— սակայն կրնամ հաստատել թե նույնիսկ հորս տան մեջ պիտի տեսնվիս քրոջս հետ։

— Հո՞րդ տան մեջ,— հարցուց Արաքսիա զարմանոք։

— Եթե տիկին Աբգարյան չուզեր որ յուր դավերը, խայտառակություններն և նամակներն երևան հանեմ, պարտական է բնավ ամենափոքրիկ դժվարություն չհարուցանելու քու այցելությանդ մասին,— ըսավ Ներսես եղանակավ մի, որ հայտնի էր թե խոսքերը կատակ չէին։

Երկու երիտասարդներն իրարու երկրորդելով հորդառատ և սիրավառ սրտերնուն ուխտերը, բաժնվեցան, Արաքսիա ընդ փույթ տիկին Հարթմանյանի ավետելու համար յուր երանությունն, և Ներսես տուն վերադառնալու մտոք։

ԳԼՈԻԽ ԿԳ.

Անհամբերությամբ կսպասեր Աղավնի եղբորը վերադարձին, իմանալու համար եթե հանդիպա՞ծ էր Արաքսիայի, և եթե հանդիպած՝ ի՞նչ հետևանք ունեցած էր յուր առաջարկը։

Բայց երբ Ներսես սենյակեն ներս մտավ, հիվանդն անմիջապես իմացավ որ նա ավետաբեր մ՚էր, ու քրոջն առջև, ոչինչ հայտնելու համար աչերովն հարցուց ինչ որ կուզեր հաստատապես իմանալ։ Ներսես մոտենալով մանկան և զայն գրկացը մեջ առնելով՝ հոգեբուխ համբույր մի տվավ անոր, ըսելով.

— Կամքդ պիտի կատարվի, ո՜վ դու իմ երջանկությանս պատճառը։

Աղավնի այդ խոսքերեն սա միայն հասկցավ թե պիտի տեսներ վերջապես զօրիորդն որուն տեսության կարոտ էր։

Ներսես սակավ ինչ երկու քույրերուն հետ կենալեն վերջը, երբ ոտք ելավ անոնցմե հեռանալու համար, Արմինե ուզեց խափանել ընթացքը հազար մանկական սատանություններով, մինչ Աղավնի կշտամբալից ձևով մ՚ըսավ.

— Եղբա՛յրս, այսչա՜փ անհամբեր ես ուրեմն զիս թողլու:

— Հրեշտակս,— պատասխանեց նա,— ցավ է ինձ թողուլ զքեզ այսչափ շուտ. բայց կարգադրելիք գործ մ՚ունիմ, և անմիջապես որ կատարեմ զայն, կուգամ քեզ և Արմինեի խիստ ուրախառիթ լուր մի տալու։

— Իմացուր զայդ այժմեն,— գոչեց Արմինե։

— Ո՛չ, անկարելի է։

— Կսպասենք, եղբա՛յրս,— ըսավ Աղավնի, համակերպությամբ։

— Կեցցե՜ս ուրեմն, իմ սիրո՛ւն փոքրիկս,— ըսելով, համբույր մի ևս տվավ հիվանդին, ուրիշ մ՚ալ Արմինեին, և փութաց սենեկեն դուրս ելնելու։

Ներսես հարցուց աղախնույն եթե տիկինն արթնցած էր, և իմանալով որ նա յուր սենյակն էր, և թե յուր հայրն եկեղեցի գնացած էր՝ կիրակի լինելով նույն օրը, քայլեց դեպի խուց տիկին Աբգարյանի, և հարցուց անոր եթե ներելի էր ներս մտնել։

Տիկինն հաճեցավ, սակայն մեծ սրտահուզություն մ՚զգաց նկատելով թե ամուսնույն որդին ոչ երբեք այդպիսի քայլ մ՚առած էր մինչև նույն օրն, և թե կարևոր պատճառ մ՚ուներ անշուշտ յուր սենեկին մեջ հետը խոսելու արտոնությունը խնդրելով։

Ներսես սենեկեն ներս մտավ ու դուռը գոցելով իմացուց թե առանձին խոսակցություն մի կը խնդրեր։

— Կրնաք վստահ լինել,— ըսավ տիկինը,— թե ոչ ոք հոս կը մտնե առանց հրամանիս, եթե ոչ ամուսինս։

— Լավ ուրեմն,— ըսավ երիտասարդն, և վայրկյան մի կանգ առնելով՝ սկսավ այսպես յուր խոսակցությունը.

Չգիտեմ ի՜նչ պատճառ ունիք, տիկին, օրիորդ Արաքսիայի դեմ ատելություն ունենալու համար։

— Խնդրեմ,— պատասխանեց գոռոզ կինն,— երբեք զինքն ատելությամբս չեմ պատված, և դուք զարմանալու չեք այդ բանին վրա։ — Դուք, տիկի՛ն, ինչպես և ես, կերևա թե թյուրիմացության զոհ եղած ենք:

— Կերևա թե այդ խարդախ աղջիկն հաջողած է զձեզ կրկին անգամ խաբելու։

— Ես անձս և ոչ անգամ մի սխալած կը համարիմ որպեսզի երկրորդ անգամ սխալելե զգուշանամ։

— Ես, հօգուտ ձեր, հայտնեցի այդ վարժուհվույն որպիսի անբարոյական անձ լինելը, զի հասկցած էի որ թակարդ կը լարեր ձեզ, և ջանացի փրկել զձեզ։ Ես խղճովին պարտքս կատարեցի, իսկ եթե դուք կը համառիք անպատվության գիրկն անկանիլ՝ ես անպարտ եմ։

— Տիկին, համառությունս այնչափ հեռու կը մղեմ մինչև անգամ հայտնելու ձեզ, այս միջոցիս իսկ, թե օրիորդ Արաքսիա Վարսամյան իմ նշանածս է:

Տիկին Աբգարյան դեղնեցավ իբրև զմահ, և դառնության սաստկութենեն գոչեց:

— Ես երբեք այդ անպիտան վարժուհին իբր տիկին Աբգարյան չեմ ճանաչեր։

— Ճանաչեք թե ոչ, այդ փույթ չէ ինձ, միայն թե կը պահանջեմ որ առավել ակնածությամբ խոսիք այսուհետև անձի մի վրա որ քիչ ժամանակեն կինս պիտի լինի, և որ ամենայն պատվո արժանի է յուր բարի վարքովը։

— Դուք չեք կրնար փոխել իմ աննպաստ գաղափարս անոր վրայոք, և ոչ իսկ կրնաք արգիլել որ խոսիմ։

— Այո՛, տիկին, կրնամ արգիլել։

— Ի՞նչ եղանակավ արդյոք,— հարցուց կինն արհամարհոտ ժպիտով մը։

— Հայտնելով թե ինչ որ զրուցեցիք օրիորդ Արաքսիայի վրայոք, պարզապես զրպարտություն մ՚էր։

— Ի՞նչ փաստերով արդյոք պիտի ապացուցանեք զայդ։

— Ի շնորհս այս նամակին,— ըսավ երիտասարդը գրպանեն հանելով տիկնոջ նամակն առ Սիսակ, և զայն ցույց տալով նմա։

Տիկին Աբգարյան շանթահարելով լռեց առջի բերան, և ապա ուզեց ուրանալ թե այդ գիրն ինքը գրած էր։

— Տիկին,— ըսավ երիտասարդն,— ուրանալը բանի մի գոյությանը ջնջել չէ, ահա ձեր գիրն, ամենքս ևս կը ճանաչենք, և եթե համառիք ուրանալու գրության մեջ մնալու, պիտի պարտավորիմ նույնիսկ պ. Սիսակի դիմել ճշմարտությունն հայտնել տալու համար անոր։

Կինն հասկցավ թե Սիսակ բացարձակ թշնամի դարձած էր իրեն դեմ, քանի որ յուր նամակը թշնամյացը ձեռքը մատնած էր։

— Տիկին,— ըսավ Ներսես,— հայրս իրոք զձեզ պաշտած է մինչև ցարդ. բայց կուրորեն հավատալով ի ձեզ, յուր անունն ամեն տեսակ անպատվության մատներ է։

Լուռ կը կենար սարսափած կինը։

— Սա ստույգ է,— հարեց Ներսես,— որ զձեզ պաշտելովն հանդերձ եթե իմանար թե որպիսի եղանակավ գործածած եք ձեր վայելած ազատությունը, վայրկյան մ՚իսկ զձեզ յուր հարկին ներքև չէր պահեր ապահովապես. որով մեկ վայրկենի մեջ կը զրկվեինք բոլոր ձեր վայելած պատիվներեն իբր տիկին Աբգարյան, ու կենաց բոլոր մեծություններեն։

Տիկինն ևս քան զևս կայլագուներ, և անձը կը մաշեր նկատելով խոնարհ վիճակն որում ենթարկված էր։

— Սակայն, տիկին,— ըսավ Ներսես,— ես հորս ալևորությանը կուզեմ խնայել, ինչպես տղայոցն պատվույն, վասնզի ընկերության մեջ շատ հանցանաց կը ներվի, բավ է որ արտաքին ցույցերն ըստ բավականի լավ պահպանված լինին, բայց երբ այդ հանցանքն երևան ելնելով մինչև գայթակղության կը հասնի հարուցած աղմկովն՝ հայնժամ ընկերությունն անխիղճ կերպիվ զդատապարտյալը կը զեղչե յուր ծոցեն։

Տիկին Աբգարյան լավ գիտեր թե յուր ամուսնույն անունն իբր պաշտպանող քող կը տարածվեր յուր վրա։

— Ուստի, տիկի՛ն, ես կը լռեմ ձեր մասին՝ ինչպես ըսի` հորս և քույրերուս խնայելու բաղձանոք, զի ձեր հանցանաց մրուրը մինչև այն անմեղ էակաց վրա կրնա ժայթքել։ Բայց եթե զօրիորդ Արաքսիան, այսինքն իմ նշանածս, համարձակիք երբեք պախարակել և զրպարտել, հայնժամ ես ևս ի սեր այն արդարության զոր կը պարտիմ Արաքսիայի, պետք է որ զամեն ինչ հորս հայտնեմ. զի ներելի չէ որ անմեղն Արաքսիա ավելի երկար ժամանակ անիրավվի յուր պատվո մասին։ Տիկին Աբգարյան իմացավ թե ահագին սպառնալիք մի կը գոռար յուր գլխուն վերև, որուն գործագրության վրայոք բնավ չէր տարակուսեր, զի լավ կը ճանաչեր Ներսեսի բնավորությունն։ Ուստի խորամանկ եղանակավ մի ըսավ.

— Քանի որ դուք զօրիորդ Արաքսիան ընտրեցիք իբր ձեր ապագա կենսակիցն, ոչ այլ ինչ կը մնա ինձ եթե ոչ ճանաչել զինքն պյժմեն իբր մեր ընտանյաց անդամ։

— Բայց այս ևս կավելցնեմ որ ես կը պահանջեմ թե այսուհետև մեր անունն առավել արժանապատվությամբ կրեք, զի ես պիտի հսկեմ ձեր վրա,— ըսավ Ներսես։

Տիկին Աբգարյան կը լռեր թեև, բայց հոգին կը գոռար։

— Հորս տակավին ոչինչ խոսած եմ ամուսնական խորհրդոցս մասին,— ըսավ երիտասարդը,— զի կը փափագեի նախ ընդ ձեզ խոսակցիլ այս նյութին վրա։ Բայց անմիջապես որ նա եկեղեցիեն վերադառնա պիտի խնդրեմ յուր օրհնությունը։

Նույն միջոցին պ. Աբգարյանի ձայնը լսելով՝ Ներսես դուրս ելավ տիկնոջ խուցեն, գնաց հորն ընդառաջ, և ընդունվեցավ անկե` ինչպես միշտ, սիրալիր եղանակավ։

ԳԼՈԻԽ ԿԴ

Պ. Աբգարյան այցելության կերթար յուր հիվանդ դստեր, ուստի առաջարկեց Ներսեսի հետն երթալու. բայց սա ըսավ յուր ծնողին։

— Հա՛յր իմ, նախ կը փափագիմ ընդ քեզ առանձին խոսակցություն մ՚ունենալ, և հետո միատեղ կերթանք Աղավնին տեսնելու, եթե կամիս։

— Լավ, որդյակս,— պատասխանեց պ. Աբգարյան, և մտնելով անմիջապես առաջին խուցին մեջ՝ որդին հետևեցավ անոր` սենեկին դուռը գոցեց, ու հանդեպ ծնողին նստելով ըսավ.

— Հայր իմ, գիտեմ որ դու իմ երջանկությանս նախանձախնդիր ես։

— Այդ բանին տարակույս կա՞ միթե։

— Ուստի գտած լինելով այն էակը զոր ինձ բախտակից ընելով կրնամ երջանկությունս ապահովել, կուգամ խնդրել ի քեն քու հաճությունդ ամուսնությանս մասին։

— Ո՞վ է ընտրելիդ, տեսնենք, վստահ եմ որ անվայել ընտրություն մ՚ըրած չես։

— Օրիորդ Արաքսիան է։

— Գոհ եմ ընտրութենեդ, որդյակ, զի ըստ ամենայնի լավ աղջիկ մ՚է այն,— ըսավ հայրը ցնծությամբ։

— Ուրեմն հաճե տալ ինձ քու օրհնությունդ։

— Որդյա՛կ, երջանիկ լեր բոլոր կենացդ մեջ, և հաստատվե նոր ընտանյոքդ հանդերձ։

— Այսինքն, հա՛յր, իմ սիրելյացս թվույն վրա ուրիշ սիրելի մ՚ալ պիտի ավելցնեմ։

— Երթանք հաղորդել այդ լուրը տիկին Աբգարյանի նաև,— ըսավ պ. Աբգարյան, տեսակ մի անհանգստությամբ, զի գիտեր արդեն որ յուր կինը բնավ նպաստավոր չէր նմա։

— Ավելորդ է, հա՛յր, զի երբ իմացա քու բացակայությունդ` փութացի նմա հաղորդել այդ լուրն։

— Որդյա՛կ, կերևա որ սրտիդ անհամբերությունը խիստ մեծ էր,— ըսավ բարի հայրը խնդալով։— բայց ի՞նչ ըսավ կինս,— հարցուց ապա նա անձկությամբ։

— Յուր գոհունակությունն հայտնեց։

Թեև պ. Աբգարյան զարմացավ գոհունակություն բառը լսելով, բայց շատ ուրախ եղավ նկատելով թե կինը բնավ յուր տհաճությունը չէր հայտնած։

Տիկին Աբգարյան ծածկած էր ամեն ինչ որ Արաքսիայի վերաբերություն ուներ. այսուհանդերձ անոր հետ և անոր վրայոք խոսելու եղանակեն հայտնի էր որ ինք մասնավոր հակակրություն մ՚ուներ անոր դեմ։

Ներսես հայնժամ հարցուց հորը թե ե՞րբ կրնար նշանածն իրեն ներկայացնել ձեռքն համբուրելու համար։

Պ. Աբգարյան խիստ ուրախ էր իրոք յուր որդվույն մոտալուտ ամուսնության վրա, հետևապես ըսավ.

— Որդյա՛կ, բեր զայն երբ կուզես, և որչափ շուտ որ ուզես։

— Հուսամ, հայր, որ պիտի ներես միանգամայն օրիորդին մոր ուղեկցիլ իրեն, իսկ հայրն անկարող է շարժելու։ — Անտարակույս, թող գա։

— Արդ եթե կամիս, երթանք, հայր, քույրերուս այցելելու:

— Եվ միանգամայն մասնակից ընել զանոնք մեր ուրախության, զի գիտեմ թե որքան կը սիրեին զԱրաքսիան, և որչա՜փ իրենց դեմքը սգով վարագուրված էր երբ մեկնեցավ նա աստի։ Երանի՜ թե չմեկներ, գուցե Աղավնիս չէր հիվանդանար։

Այս խոսքերն ըսելով զգածյալ հայրը խոր հառաչանք մ՚արձակեց։

Մտան աղջկանց խուցը։ Աղավնի վերջին աստիճան տկար կը թվեր անկողնույն մեջ։

— Որդյակք իմ— ըսավ հայրը,— կը բերեմ ձեզ լուր մի որով խիստ գոհ պիտի լինիք, վստահ եմ։

— Ապահովապես,— գոչեց Արմինե,— մեր եղբոր խոստացած լուրն է։

Իսկ Աղավնի բերանաբաց բայց անխոս կսպասեր որ եղելությունն իմանա։

— Կավետեմ ձեզ ուրեմն թե ձեր սիրեցյալ օրիորդ Արաքսիան մեր հարսը պիտի լինի։

— Ինչպե՞ս,— ըսավ Աղավնին ապշած,— արդյոք մեր եղբո՞ր հետ պիտի ամուսնանա։

— Այո՛, զավակս։

Արմինե գոհունակության սաստկութենեն սկսավ ոստնուլ և ձեռքերն իրարու բաբախել։ Իսկ Աղավնի քիչ մնաց նվաղեր ուրախության սաստկութենեն։

— Չըսի՞ քե՛զ, Ներսե՛ս, որ հանչափս պիտի ուրախանան զավկներս։

Երիտասարդին սիրտն հուզվեցավ այդ անկեղծ սիրո արտահայտության առջև, մինչև իսկ աչքերը խոնավելու աստիճան։

Երբ Աղավնին հանդարտեցավ, հայնժամ հարցուց յուր եղբորը թե ե՞րբ ուրեմն պիտի տեսներ զյուր սիրելի օրիորդը։

— Հոս և որչափ շուտ կարելի է, քուրի՛կս։

— Աշխատե, եղբա՛յրս, որ այսօր իսկ գա, զի թվի ինձ որ եթե տեսնեմ զինքը պիտի բժշկվիմ։ — Ուրեմն,— ըսավ պ. Աբգարյան,— գնա՛, Ներսես, և նշանածդ հոս բեր, թող Աղավնիիս կամքը շուտ կատարվի։

Մեծ ստիպման հարկ չկար մղելու համար զՆերսես այդպիսի հանձնարարությամբ մի վաղ զբաղելու։ Ուստի մեկնեցավ որչափ կարելի էր ընդփույթ վերադառնալու խոստմամբ:

ԳԼՈԻԽ ԿԵ.

Ներսես ընթացավ վերստին ի տուն տիկին Հարթմանյանի և փութաց զամեն ինչ մանրամասնաբար հաղորդելու Արաքսիայի։ Օրիորդին ուրախության չափը լի էր կարծես։ Բայց հիշելով որ տիկին Հարթմանյան չէր ճանաչեր զերիտասարդը, խնդրեց որ ներկայացնե զինքն տիկնոջ, և Ներսես ոչ միայն ընդունեց այդ խիստ բնական առաջարկն, այլ մանավանդ հարկավոր համարեց զայն։

Տիկին Հարթմանյան գոհունակություն հայտնեց զՆերսես տեսնելով, և մեծ գովությամբ խոսեցավ Արաքսիայի վրայոք, ու բոլոր ուրախությունն հայտնեց հաջողությամբ պսակվելուն վրա օրիորդին սերը, զի կը հարեր, Արաքսիա թշվառագույն անձն եղած էր ինքը զինքն լքյալ կարծելով։

Ներսես յուր բոլոր շնորհակալիքը հայտնելեն վերջն այն համակբության համար զոր ցույց տված էր Արաքսիայի, հրաման խնդրեց տիկնոջմե ազատել զօրիորդն այն բարոյական երաշխավորութենեն զոր ստանձնած էր Սիսակի գործին մեջ և 300 ոսկի հանելով գրպանեն մատույց զանոնք տիկնոջ։

Ապա խնդրեց տան տիրուհիեն որ նույն վայրկենեն արձակե զԱրաքսիան, որպեսզի նա կարողանա պարապիլ մոտալուտ ամուսնության պատրաստությամբ։

Տիկինը գրկացը մեջ առնելով նշանած աղջիկը սրտին վրա սեղմեց, ըսելով.

— Բարեկամուհի՛ս, քեզ կը պարտիմ շատ մի սփոփիչ վայրկյաններ. քու բացակաչութչունդ ինձ համար դառն կորուստ մի պիտի լինի, բայց ես սիրով կը համակերպիմ այդ հարկին, բավ է որ դու երջանիկ լինիս։

Արաքսիա՝ յուր կողմանե եռանդագին շնորհակալությամբ hայտնեց երախտագիտությունն այն ամեն վայելած համակրանաց ցույցերուն համար, հետ որո արտորնոք պատրաստվելով կառք մի նստավ Ներսեսի հետ և հասավ յուր ծնողաց տունը։

Երբ Վարսամյանք տեսան իրենց դուստրը Ներսեսին հետ, անբացատրելի ուրախություն մ՚զգացին, զի թեև Արաքսիա ոչինչ ըսած էր, իրենք կասկած ունեին թե գուցե անախորժ դեպք մի պատահած էր աղջկան և Ներսեսին միջև, և թե Արաքսիա կը ծածկեր զայդ՝ խնայելով իրենց։

Երբ մանավանդ իմացավ տիկին Վարսամյան թե ինքն հրավիրյալ էր նույն միջոցին իսկ ի տուն պ. Աբգարյանի, կարծես թե պիտի հիմարեր կինն ուրախության սաստկութենեն. յուր ամուսին կողողեր իսկ նույն միջոցին ամեն տեսակ հոգատարությամբ և քաղցր բառերով։

Կը մտածեր տիկինը թե վերջապես պիտի հռչակեր ի լուր աշխարհի ստացած փեսայացուն։ Եվ մինչ գնաց պատրաստվելու գոնե քիչ մը վայելուչ զգեստյուք ներկայանալու համար Աբգարյան ընտանյաց, կը խորհեր թե Երանյանք որչա՞փ արդյոք պիտի նախանձեին հաստատելով տարբերությունն ընդ մեջ իրենց բոկոտն փեսացուին և յուր հարուստ Ներսեսին։

Իսկ Արաքսիա կը վայելեր յուր երջանկությունը լիաթոք, և վարանմամբ կր մտածեր թե յուր սիրելի Վարդանույշ իրեն չափ բարեբաստիկ պիտի լինե՞ր արդյոք։

Բնավ ոխ չէր սնուցաներ սրտին մեջ տիկին Աբգարյանի համար. ինքն երջանիկ էր և ամենուն կը ներեր։

Երեքը միատեղ կառք մտնելով հասան Աբգարյանց տունը։

ԳԼՈԻԽ ԿԶ.

Երբ տիկին Վարսամյան տեսավ ճոխությունը տան Աբգարյանց, հիացավ, սքանչացավ, և կարծես գոհունակութենեն փքացավ, մտածելով թե յուր աղջիկն այդպիսի փարթամ ընտանյաց պիտի վերաբերեր։

Պ. Աբգարյանի ընդունելությունը տիկին Վարսամյանի մասին խիստ վայելուչ էր. իսկ զԱրաքսիան հայրական գորովով ընդունեց, զի այդ միջոցին յուր ամուսինը տակավին ներկա չէր սենյակին մեջ։ Բայց տիկին Աբգարյանի հյուրընկալությունը ցուրտ էր և անտարբեր։ Իսկ Արաքսիա ամենայն արժանապատվությամբ և պարզությամբ վարվեցավ այն կնոջ հետ։

Ներսես թվեր երջանիկ, երջանիկ՝ բառին ընդարձակագույն առմամբ։ Մերթ ընդ մերթ գաղտագողի ակնարկ մի կարձակեր տիկին Աբգարյանի, և վերահասու կը լիներ թե այդ կինը զյուր հոգին կը կրծեր, և թե չարաչար կը տանջվեր այն հարկին առջև ճանաչելով զԱրաքսիան իբր ընտանյաց անդամ։ Փոխանակ բացարձակ նախատալից ձևերու՝ պարտական էր հանդուրժել անոր ներկայության իսկ զոր հոգվով կատեր, և այդ պարտականությունը զինքը կը մահացներ։

Արաքսիա հանգիստ չէր յուր նստած տեղը. աչքերովն և շարժմամբը կը հայտներ թե անձկություն մ՚ուներ, թե բան մի կորոներ։

Ներսես որ կը հետամտեր ամեն շարժմանը օրիորդին՝ հասկցավ թե նա անհամբեր էր այցելելու փոքրիկ հիվանդին։

Հետևապես քանի մի բառ փսփսալեն վերջը հորը ականջին՝ սա օրիորդին առաջարկեց որ երթա տղայոց սենյակը։

Հազիվ հազ տեսավ Աղավնի զԱրաքսիան և իսկույն հալած թևերը բանալով ընդգրկեց զայն անհուն կարոտիվ։

Աղջիկն ուրախության սաստկութենեն սակավ ինչ վնասվեցավ, և չէր ուզեր թողուլ ձեռքն յուր վաղեմի վարժուհվույն զոր շարունակ շրթանցը կը տաներ, մինչ մյուս ձեռքն Արմինե բռնած էր և յուր ուրախությունն որոտալից կերպիվ կը հայտներ։

Արաքսիա կատարելապես զգածված հիվանդին անտանելի կերպարանափոխութենեն, անկարող էր ի սկզբան բառ մ՚արտասանելու, և կը շատանար զաղջիկն սրտին վրա սեղմելով. բայց ապա երբ հուզումն հանդարտեցավ սակավիկ մի, ըսավ․

— Կը գտնեմ զքեզ ուրեմն վերստին, ո՜վ իմ Աղավնիս, դու որ պատճառ ես այս վայրկենիս վայելած երջանկությանս։

Տղան չէր հասկնար թե աղջիկը կակնարկեր այն հրավերին զոր ըրած էր եղբորն Պոլիս գալու, և առանց ոչինչ հարցնելու կը վայելեր տեսությունն յուր սիրելի օրիորդին։ — Դու իմ հա՞րսս պիտի լինիս ուրեմն,— ըսավ Աղավնի սրտագին եղանակավ։— Մեղք որ զքեզ վայելելու ժամանակ չպիտի ունենամ,— մրմնջեց զգայուն աղջիկն, մինչդեռ լռիկ արտասուք աչերեն վար կը գլորեին։

— Ո՛հ, մի՛ այդպես խոսիր,— ըսավ Արաքսիա, հուզմամբ մի զոր հազիվ կարող էր ծածկել.— դու պիտի ապրիս երկարորեն։

Ներսես Արաքսիայի ետևը կեցած աչերը կը սրբեր առանց բնավ բառ մ՚արտասանելու․ իսկ Արմինե մտածելով թե մոտալուտ հարսանիք մի պիտի ունենային, կուրախանար յուր հարուցած աղմկին մեջ, ու չէր լսեր հոգեմաշ խոսքերն յուր քրոջ։

Պ․ Աբգարյան հիվանդին խուցը մտավ առաջնորդելով տիկին Վարսամյանի, մինչ տիկին Աբգարյան կը վերադառնար յուր սենյակը՝ կրած դառնությունը մարսելու համար հոն առանձին։

Աղավնի ժպտեցավ տիկին Վարսամյանի, և ապա հորը դառնալով ըսավ.

— Հա՛յր իմ, որչա՜փ երջանիկ եմ տեսնելով իմ սիրեցյալ օրիորդս, կարծես թե կը վերածնիմ։

— Աղջիկս — պատասխանեց հայրը, — կը խնդրենք օրիորդեն որ ամեն օր գա զքեզ տեսնե։ Հուսամ թե տիկին Վարսամյան ընդդիմություն չըներ այդ։

— Ընդհակառակն, շատ ուրախ կը լինիմ,— պատասխանեց տիկինն որ չգիտեր ինչպես վարվիլ այդպիսի մեծափարթամ անձի համակրությունը վայելելու համար։

— Ուստի պիտի գա՞ք, օրիորդ,— հարցուց Աղավնին, աղերսալից նայվածք մի արձակելով անոր։

— Կը տարակուսի՞ս արդյոք, հրեշտակս։

— Ո՜հ, շնորհակալ եմ, օրիորդ,— ըսավ հիվանդը նվաղյալ ձայնիվ։

— Հա՜յր,— ձայնեց անուշ աղջիկն,— խնդիրք մի ևս։

— Խոսե՛, զավակս։

— Կը փափագեի, որ մոտ օրերս կատարվի ամուսնությունն իմ եղբորս, մի՛ մերժեր ինձ զայդ։

— Լավ, զավա՛կս,— պատասխանեց հայրը, մինչև հոգվույն խորը վիշտ զգալով, զի կարծեց հասկնալ թե աղջիկն կիմանար յուր մոտալուտ վերջն։

— Ուրեմն, կը խոստանա՞ս,— հարցուց։

– Քեզ ի՞նչ կրնամ մերժել։

— Շնորհակալ եմ, հայրիկս։

— Բայց,— ըսավ պ. Աբգարյան,— չբավեր քեզ իմ հավանությունս միայն։ Պետք է որ ստանաս նաև տիկին Վարսամյանի, ինչպես և երկու նշանածներուն հավանությունը։

Եվ այս երկու վերջնոց նայելով՝ մասնավոր ժպտով մի ժպտեցավ։ Տիկին Վարսամյան որ ամեն ժամանակ պատրաստ էր համակարծիք գտնվելու յուր ապագա մեծատուն խնամվույն հետ, այս պարագայիս մեջ մանավանդ փութաց յուր հավանությունը կրկին եռանդյամբ տալու։

Ներսեսի հաճությունն ստանալը դժվար ինչ չէր, քանի որ յուր նյութական վիճակը տարիե մ՚իվեր խիստ զգալապես բարվոքած էր, մանավանդ յուր մեկ մորեղբորը թողած հարստությունը ժառանգելով. ուստի այդ ամուսնությունն անմիջապես կատարելու բնավ արգելք չկար։

Իսկ Արաքսիայի հավանությունն ստանալու ոչ ոք փույթ ըրավ։ Կույսը ոսկեզօծ երազ մի կը տեսներ որ զյուր դեմք կը պայծառացներ։

Որոշվեցավ հետևապես որ երկու շաբաթեն տեղի ունենա ամուսնությունը Ներսեսի, թեև այդ կարճ պայմանաժամն իսկ երկար կը թվեր Աղավնիի։ Բայց Արաքսիայի մասին այլ և այլ պատրաստություններ զգեստուց վերաբերյալ, ժամանակի կը կարոտեին, որով դժվար ինչ էր. առավել փութացնել հարսանիքը։

Ավելորդ է ըսել թե Ներսես ունեցավ մատակարարության հոգն օժտին յուր սիրեցյալ Արաքսիայի։

Վերջապես տիկին Վարսամյան յուր աղջկան հետ հրաժեշտ առավ Աբգարյան ընտանիքեն։ Եվ երբ մեկնելու վայրկենին ուզեց բարևել զտան տիկինն՝ սա յուր սենյակը փակված էր, և պատասխան ղրկեց թե գլխու ցավուն պատճառավ անկարող էր թողուլ զյուր խուց։

Տիկին Աբգարյան կր մխիթարվեր մինչև վերջին վայրկյանն իսկ յուր անտարբերությունն հայտնելով Արաքսիայի և յուր մոր՝ և չարաչար կը հուզվեր այն առ երևույթս քաղաքավարական ընդունելության համար զոր հարկադրեցավ ի գործ դնել։

ԳԼՈՒԽ ԿԷ.

Սիսակ արձակած էր զպ. Գրիգոր անոր դրամական պահանջմանց գործադրությամբն, որով ինքզինքն ազատ համարելով ամեն վտանգե, ջանադիր էր անձնվիրությամբն ջնջելու հանձին Վարդանույշի ամեն հետք ցավոց։

Սա ևս կը վայելեր յուր երջանկությունն, երիտասարդական սիրալիր հոգվո մի բոլոր սաստկությամբը։

Բայց երբ իմացավ նշանախոսությունն յուր մտերմին ընդ Ներսեսի, ուրախությունը չափ չունեցավ։

Արդեն փոքրիկ կասկած մ՚ունեցած էր թե Արաքսիա անտարբեր չէր երիտասարդ Աբգարյանի նկատմամբ, բայց երբեք չէր ուզած կասկածն ստուգել որևիցե հարցմամբ, քանի որ յուր բարեկամուհին կատարյալ լռություն պահած էր այդ մասին։

Արաքսիա ներկայացուց Վարդանույշի զյուր խոսնայր, որ շուտով հին բարեկամի մը կերպարանքն առավ անոր առջև։

Օր մի երբ երեքը սենեկի մեջ առանձին նստած էին, Երանյանի դուստրը կը պատմեր յուր ցավագին արկածներն որք զինք մահվան դուռը տարած էին, առանց սակայն բնավ տիկին Աբգարյանի անունը տալու ի պատիվ Ներսեսի հետ ունեցած ազգականության, և կը հարեր թե ինք անօրենությունն ունեցած էր կասկածելու նույնիսկ Արաքսիայեն, երբ սա ժրաջան կերպիվ աշխատած էր զյուր երջանկությունն ապահովելու Սիսակի հետ։

— Գուցե պարագա մի կա որ կանգիտանաք,— ըսավ Ներսես։

— Ո՞րն է,— հարցուց Վարդանույշ։

— Այն է իմ դժբախտությունս՝ ձեզ նման զոհ լինելով նվաստ և անօրեն մեքենայությանց։

— Ի՞նչ կերպիվ,— հարցուց Վարդանույշ։

— Ճիշտ, իբր ձեզ, այս առաքինի Արաքսիայեն կասկածելով։ — Խնդրեմ բացատրություն տվեք։

— Մինչ Արաքսիա ձեզ ի նպաստ կը գործեր՝ այն անձն իսկ որ ձեզ ուզեց թշնամանք հասցնել, հաջողեցավ հավատացնելու ինձ ևս թե Արաքսիա դրուժան մ՚էր, և թե կը մատներ մեր սերը զպ. Սիսակ սիրելով։ Եվ ես հայնժամ հուսահատությանս սատկութենեն թողուցի Պոլիս և հեռացա։

— Ո՜վ իմ պաշտելի Արաքսիա,— գոչեց Վարդանույշ,— և սակայն երբեք գանգատ մի չըրիր, ոչինչ իմացուցիը ինձ, և առանձին հանդուրժեցիր ցավոցդ սաստկության։

— Ի՞նչ հարկ կար, Վարդանույշ, զքեզ ևս տանջելու,— ըսավ Արաքսիա։

— Բայց ես էի հեղինակը տառապանացդ, որով և բնական էր որ մաս մ՚ունենայի իմ հառաջ բերած դժբախտութենես։

— Կը տեսնե՞ս, Վարդանույշ, որ ամեն ինչ հաջողությամբ վերջացավ։

— Ինչպե՞ս արդյոք պիտի կարենամ փոխարինել բոլոր բարիքդ ինձ նկատմամբ։

— Պարզապես զիս սիրելովդ։

— Արաքսիա՛ս, նոր բան ստացած չպիտի լինիս։ Բայց ցավոք կը նկատեմ որ զիս միշտ անարժան կը համարիս գաղտնիքեդ բաժին մ՚ունենալու։

— Ի՞նչ բանի կակնարկես, բարեկամուհիս։

— Պ. Ներսեսի խոսելու եղանակեն իմացա որ ձեր սիրահարությունը նոր բան չէ։

— Իրոք տարվան մի խնդիր է։

— Եվ սակայն զամեն ինչ ծածկեցիր ինձմե։

— Հանցանքս իմս չէ, ես խիղճ ըրի այդպես գործելու, հավատա՛ ինձ։

— Ուրե՜մն։

— Օրիո՛րդ,— հարեց Ներսես,— ե՛ս խնդրած էի զայդ Արաքսիայեն, և եթե հանցավոր մի կա, ես եմ։

— Կըմբռնեմ. զիս չճանաչելով, ձեր վստահության արժանի չդատեցիք զիս։

— Ես ալ իմ պատճառներս ունեի, օրիորդ, այդ լռությունը խնդրելու համար։ — Սակայն նկատեցեք որ եթե այնչափ խորհրդապահ չլինեիք, թե ձեզ և թե ինձ մեծ աղետներ կը խնայեիք։

— Առավելությունն ունեցանք, օրիորդ, վեպի նյութ մի հայթայթելու,— ըսավ Ներսես ժպտելով։

— Սակայն հավատացեք, պարո՛ն, թե նախապատիվ կը համարեի որ ուրիշներ մատակարարեին վեպի նյութը քան թե մենք։ Ավելի հեշտին է հանդիսական լինել քան թե տխուր թատերախաղի մի հերոսները։

— Կենաց բեմին վրա ոչ ոք կրնա դիանալ թե ո՞ր դերը խաղալու սահմանյալ է, օրիո՛րդ։

— Ինչպես զոր օրինակ մենք՝ մինչ ողբերգակ էինք, հաջողեցանք այդ դերը լավագունին հետ փոխելու,— ըսավ Վարդանույշ։

— Մաղթելով սակայն,— հարեց Արաքսիա խնդալով,— որ կատակերգությամբ չվերջանան մեր դերերը։

Մինչ այսպես կը խոսեին, սպասավորը նամակ մի բերավ տվավ Վարդանույշի։

Կույսը բացավ և երբ կը կարդար զայն, դեմքն այլագունեցավ։

— Ի՞նչ կա,— հարցուց Արաքսիա այլայլելով։

— Ա՛ռ և կարդա՛,— ըսավ հուզյալ աղջիկը։

Հետ կարդալուն՝ Արաքսիա գոչեց.

— Ճիշտ ահա կատակերգությունն որում կակնարկեի։

— Ի՞նչ կը նշանակե Սիսակի վերագրված հանցանքը,— հարցուց Վարդանույշ անձկությամբ։

— Չե՞ս հասկնար թե վերջին ճիգն է թշնամվույն զքեզ նպատակիդ չհասցնելու համար, բարեկամուհիս։

— Եվ ես արդյոք չե՞մ կարող իմանալ պարունակությունը նամակին,— ըսավ Ներսես, կատակի եղանակավ։

— Ահավասիկ թուղթն, ա՛ռ, կարդա՛,– գոչեց Արաքսիա յուր նշանածին, նշանակությամբ լի նայվածք մ՚ուղղելով։

Ներսես աչքե անցընելով զայն խնդաց, և արհամարհանոք նամակը մեկ կողմ նետելով, ըսավ.

— Հայտնի է որ ձեր թշնամին վերջին ճգամբ ուզած է ձեր ձեռքեն հափշտակել զպ. Սիսակ, ապօրինավոր հարաբերություններ վերագրելով գավառացի աղջկան մի հետ։ — Բայց այսպիսի զրպարտություն մի ինչպե՞ս կրնա լինիլ,— հարցուց Վարդանույշ, տագնապալից եղանակավ։

— Շատ շուտ մոռցաք, օրիորդ, թե նուչնչափ ծանր մեղադրանաց ենթարկվեցավ նույնիսկ Արաքսիան, որ առաքինության տիպար է։

— Այսինքն կուզեք ըսել թե Սիսակ օրինակելի անձ մի լինելե հեռու է։

- Դիտավորությունս այդ ըսել չէ պ. Սիսակի մասին։ Սակայն պատասխանեմ ձեր խոսքերուն։

Ընկերությունը չի խնդրեր այլև մարդեն այր առաքինությունը զոր կը պահանջե ձեր սեռեն, օրիորդ։

— Այսինքն,— ըսավ Արաքսիա,— ընկերությունը կը պահանջե մեզմե անարատ սիրտ և անարատ կյանք, փոխադարձաբար ընդունելու համար աղարտյալ հոգի և բարք։

— Իրավացի է ցասումդ, Արաքսիա՛,— ըսավ Ներսես,— այդ անհավասարության առջև։

— Եվ սակայն այդ խոստովանությամբ հանդերձ, դու առաջինն ես նախանձախնդիր լինելու այրական իրավանցդ, Ներսե՛ս։

— Տե՛ս ինչ է։ Դարավոր նախապաշարմամր լցված են մեր սիրտն ու միտքը։ Թեև բանականությունն և արդարությունը կը բողոքեն, հանդերձ այսու դժվարին է արմատախիլ ընել մեկեն ի մեկ այն գաղափարներն որով սնած ենք։

— Վասնզի անոնք նպաստավոր են ձեզ։

— Գուցե մարդս որչափ ալ արդարասեր լինի, միշտ անձնասեր կը մնա։

— Ո՞ւր է ուրեմն ձեր արդարասիրությունը, քանի որ անձնասիրությունը զայն կը չեզոքացնե։

Վարդանույշի միտքը թվեր այլուր լինել։ Զայդ դիտելով Արաքսիա ըսավ.

— Վարդանո՛ւյշ, ապահով եմ որ միտքդ այդ անճոռնի նամակավ զբաղյալ է։

— Չգիտեմ ինչո՞ւ,— պատասխանեց նա,— մակաբերելովս հանդերձ որ նոր դավ մ՚է ինձ դեմ, հուզվեցա առավել քան զոր կուզեի։ Արաքսիա թուղթն անոր ձեռքեն առնելով կտոր կտոր ըրավ, ըսելով.

— Խոստացի՛ր ոչինչ ըսել Սիսակի այս նամակին վրայոք:

— Կը խոստանամ քանի որ կը խնդրես, բարեկամուհիս։

Հայնժամ Ներսես այսպես խոսեցավ.

— Օրիորդ, շատ դյուրին էր ինձ ապահովապես երևան հանել թե այս նամակն ուղղյալ է ձեզ այն անօրեն անձեն որ հեղինակած է բոլոր մեր անցյալ աղետքը։ Բայց ի՞նչ օգուտ որ այդ անարժան անձն հորս անունը կը կրե, և թե ալևոր հայրս ողջ ողջ սպաննել է եթե իմացնեմ իրեն կնոջը բոլոր անպատիվ գործերը։

— Ո՛չ, ո՛չ,— գոչեց Վարդանույշ,— ի՞նչ պետք այլոց թշվառություն պատճառել մեր շահուց համար։

— Մանավանդ ինչ որ կը վերաբերի տիկին Աբգարյանի գործոց՝ պետք է որ գաղտնի մնա՝ Աբգարյան անվան պատիվը պահելու համար,— հարեց Արաքսիա։

— Կը փափագեի այդ կնոջ հատուցանել ըրած չարիքը թե ամուսնույն անվան և թե զավակացը պատվույն. բայց անգործության դատապարտյալ եմ զորավոր նկատմանց առջև, — ըսավ Ներսես վշտանալով։

— Ներսե՛ս,— գոչեց Արաքսիա,- թող որ իրերն իրենց ընթացքը շարունակեն, վստահ եղիր որ ամեն ոք յուր սերմանածը կը քաղե։

Նույն միջոցին Սիսակ սենեկեն ներս մտնելով ուրախ և զվարթ կերպարանոք՝ ցրվեց Վարդանույշի տխրության հետին հետքերն. և երբեք երիտասարդուհին ապագային մեջ չգիտցավ թե այդ գավառական գայթակղական դեպքը տեղի ունեցած էր իրոք։

Տիկին Աբգարյան՝ հեղինակն առ Վարղանույշ ուղղյալ նամակին՝ փորձեց վերջին վարձով մի թունավորել աղջկան երանությունը, եթե նույնիսկ չհաջողեր անոր ամուսնության արգելք կանգնելով ձերբակալել վերստին զյուր սիրահար։
ԳԼՈՒԽ ԿԸ.

Կիրակի առավոտ մ՚էր․ պ. Աբգարյանի տան սպասավորաց մեջ մեծ շարժում մի կար, զի երեկոյան ճաշի և պսակի պատրաստություն կը լիներ։

Տիկին Աբգարյան յուր սենեկին մեջ փակված, դառնությանը սաստկութենեն արտասուք կը թափեր։ Ուրեմն այդ անպիտան վարժուհին Աբգարյանց անունը պիտի կրեր հակառակ բոլոր ճգանցն, և մանավանդ պսակի հանդեսը տանը մեջ պիտի կատարվեր, կը խորհեր նա։

Արգելե՜լ այդ հանդեսը. բայց ի՞նչ կրնար առարկել երբ Ներսես յուր ամուսնույն զավակն էր վերջապես, և երբ հանձին երիտասարդին ահավոր թշնամի մ՚ուներ, մանավանդ որ յուր գրած նամակն առ Սիսակ Ներսեսի ձեռաց մեջ էր։ Ուրեմն եթե բացարձակ ընդդիմություն մ՚ըներ՝ յուր ամուսնույն որդին կրնար իրեն դեմ վրեժը լուծել զինքը թշնամանելով հորն առջև վերջապես։ Մինչև նույն միջոցին լիակատար իշխանություն ունեցած էր ամուսնույն վրա։ Բայց պ․ Աբգարյան զինքն իբր կին առաքինի նկատած էր միշտ, և տիկինն լավ համոզված էր որ եթե յուր անցյալ ամեն ընթացից տեղեկանար յուր այրն, ինքն ոչ միայն յուր բոլոր ազդեցությունը կը կորսնցներ մեկ վայրկենի մեջ, այլ ծանրագույն հետևանքներ ևս հառաջ կուգային։ Ուստի հարկ էր տիկնոջ լռել, և թույլ տալ որ պսակի խորհուրդը տան մեջ իսկ տեղի ունենա։

Որչա՜փ անտանելի է վրեժխնդիր և չար հոգվո մի հաստատել զյուր զինաթափ լինելն։ Վրեժխնդրությունը զհոգին վեր ի վայր կը տապալե․ և երբ այդ բուռն տրամադրության լինելով հոգին հանկարծ արգելք կը գտնե սաստիկ կրիցը գործադրության մասին, կը խլրտի հայնժամ ինքզինքը կրծելու համար միայն, և անկարողության առջև վհատելով կը հուսահատի։

Մտածեց Ներսեսի մորուն որ հիվանդություն մ՚առարկելով ներկա չգտնվի ո՛չ հացկերույթի և ո՛չ ալ պսակի արարողության։ Բայց ապա յուր սրտմտությունն և նախանձը զԱրաքսիան ներկայեցին աչացն իբր դշխո նույն գիշերվան։ Թողուլ ուրեմն ամեն հաղթանակ յուր ոսոխին, ո՛չ, ո՛չ։ Ուզեց գոնե յուր ներկայությամբը թունավորել հարսին ուրախությունը, զի այդ վատհոգի կինը կը կարծեր թե երիտասարդուհին զինքը բոլոր զորությամբն ատելու էր։ Չէր կրնար ըմբռնել թե ազնիվ սրտերու համար հաճույք մի կա անհիշաչարության մեջ, քանի որ ամեն ոք ուրիշներն ինքզինքեն կը դատե և չկրնար հասկնալ ինչ որ ինքը չզգար։

Ուրեմն այս գաղափարեն ոգևորյալ, ելավ տեղեն տիկին Աբգարյան, և զարդարվեցավ անբացատրելի շքեղությամբ զարդուց և ադամանդից, ջանադիր լինելով նսեմացնել զյուր ոսոխ բացարձակ առավելությամբ յուր պերճանաց։

Երեկոյան դեմ հասավ Վարսամյան ընտանիքն Աբգարյանց տունը։ Հարսը շլացուցիչ գեղեցկությամբ կը փայլեր սպիտակ հարսանյաց զգեստուց և պարզությանը մեջ։ Զայդ հաստատելով տան տիկինը՝ շրթունքները կրծեց, ու չորս կողմը նայեցավ հարսին ըրած տպավորությունն իմանալու համար. կատաղելով հաստատեց թե ամենքն հիացման մեջ էին։

Հանդիսականաց թիվը խիստ սահմանավոր էր Աղավնիի հիվանդության պատճառով, զի որդեսեր հայրը կը փափաքեր որդվույն միայն հանդեսը տոնել, առանց մյուսին որևէ անհանգստություն պատճառելու։

Աղավնի երկայն նստարանի մեջ տարածված էր սպիտակ զգեստներով, և թվեր լինիլ մոտալուտ հարսնցուն մահվան յուր դալուկ և հալած այտերովն՝ որոնց վրա տխուր զվարթություն մի կը տարածեին յուր գոհ բայց նվաղուն աչերը։

Պ. Վարսամյան անդամալույծ վիճակին պատճառավ նույնպես հանգիստ բազմոցի վրա նստած էր. խեղճ մարդն աչաց խոնավիլը կզգար շարունակ՝ հաստատելով այդ շլացուցիչ բախտն որուն հասած էր յուր դուստրը։

Տիկին Աբգարյան յուր դրացի երիտասարդին դառնալով, ըսավ.

— Կարծես թե հիվանդանոցի մեջ ենք, անկողինները միայն պակաս են։

— Սակայն,— ըսավ երիտասարդը,— ձեր շքեղությունն և հարսին սքանչելի շնորհքները կը բավեն հիշեցնելու համար մեզ թե գեղեցիկ երեկույթի մը հրավիրյալ ենք։

Տան տիկինը դառնացավ նկատելով թե Արաքսիա մեծ մաս մ՚ուներ այդ ողոքալից խոսքերեն, և վրեժն առավ անոր մայրը ծաղրելով.

— Հարսին մորը նայեցեք,— ըսավ,— կարծես թե պիտի պայթի, այնչափ ուռեր է գոհունակութենեն. ծաղրե՜լի կին։

Երիտասարդը ժպտեցավ առանց բառ մ՚ըսելու։

— Բայց,— հարեց տան տիկինն,— հարկավ այդ չտես և անշուք կնոջ համար երազ կը թվի մեր ընտանյաց հետ խնամություն ունենալը. մտածեցեք որ յուր դուստրը թոշակավոր աղջիկ մ՚էր տանս մեջ, վարժուհի մ՚էր վերջապես։

Երիտասարդը շուտ հասկցավ թե տիկինը դառնության ներգործությամբ կը խոսեր, և քանի որ Ներսես յուր բարեկամն էր, զգուշացավ Վարսամյան ընտանյաց նկատմամբ աննպաստ դատողություն մ՚ընելե՝ տիկնոջ հաճելի լինելու նպատակավ. ուստի հեռացավ անկե ամենայն վայելչությամբ։

Կոչունքը տեղի ունեցավ ոչ զարմանալի կենդանությամբ: Աղավնիի ցավալի վիճակն ինչպես և տան տիկնոջ դժգոհ կերպարանքն կարծես ամենուն վրա խոր ներգործեցին։ Բայց ոչինչ կրնար խափանել հարսին ու փեսին հանդարտ գոհունակությունը։

Հավարտ պսակին ամենքը ցրվեցան, և Ներսես զյուր նորապսակ հարսը տարավ առժամանակյա կերպիվ պատրաստված փոքրիկ վայելուչ հարկին մեջ, մինչև որ պատրաստվեր իրեն հատկացյալ գեղեցիկ տունն ուր պիտի փոխադրվեր կնոջը ծնողաց հետ, ինչպես խոստացած էր արդեն ի սկզբան։

Նորապսակ տիկին Ներսեսի լուսավոր երանությունը ստվեր մ՚ունեցավ նույն գիշեր, նախ Աղավնիին անհույս հիվանդության պատճառավ, հետո Վարդանույշի և տիկին Հարթմանյանի բացակայության համար։

Վարդանույշ բնականապես մուտք չէր կրնար ունենալ այդ տան մեջ։ Իսկ տիկին Հարթմանյան չէր ուզեր երբեք վերաբերություն ունենալ տիկին Աբգարյանի հետ, որուն անպատիվ գործոց ու մեքենայությանց տեղեկացավ երբ Արաքսիան ինքզինքը բոլորովին լքյալ համարելով Ներսեսեն, պարտավորեցավ զամեն ինչ պատմել անոր և կրկին առթով մնացածն իմացավ փրկելու համար զՍիսակ գավառացվույն ձեռքեն, երբ յուր գործակցությունն հարկավոր եղավ։ Երկու շաբաթ վերջն հետ ամուսնության Ներսեսի, տեղի ունեցավ Սիսակի պսակադրության հանդեսը։

Արաքսիայի և Վարդանույշի երջանկությունը չափ չէր ճանաչեր։ Վեըշապես երկուքն ևս փոթորիկներու մեջեն անցնելե հետո կը հասնեին սիրո նավահանգիստը։

ԳԼՈԻԽ ԿԹ.

Ինչպես խոստացած էր հարսն պ. Աբգարանի, ամեն օր կերթար այցելության Աղավնիի՝ որուն վիճակն օր ավուր ավելի սպառնացող դիրք մի կառներ։

Արաքսիա կը հսկեր անոր վրա իբր ճշմարիտ մոր մի խանդաղատանոք, մինչ բուն մայրը կը շատանար օրվան մեջ քանի մ՚այցելություններ ընելով։

Ամիս մ՚անցած էր հարսանյաց օրեն իվեր, երբ հանկարծ Աղավնիի վրա չարագուշակ վճռողական նշաններ երևան ելան։

Օր մի մանավանդ մոտալուտ վախճանի մի տարակույս չէր մնար, Ներսեսի հարսը փոքրիկ տառապելույն մահճին քով նստած էր ձեռքին մեջ ունենալով մանկան ձեռքն, երբ զգաց թե հիվանդը յուր ձեռքը կը սեղմեր տակավին իրեն մնացած ուժովը։

Արաքսիա տեղեն ելնելով ծռեցավ դեպի հիվանդն հարցնելու համար եթե բանի մի կը կարոտեր։

— Ո՛չ,— ըսավ,— բան չեմ ուզեր, միայն թե երջանիկ եմ որ դու պիտի աչերս գոցես փոխանակ գերման վարժուհվույն զոր՝ ցավով խոստովանիմ, երբեք չկարողացա սիրել, թեև ջանացի իրեն համակրելու։

Նույն միջոցին սենեկին մեկ անկյունը նստած ձեռագործով մի կզբաղեր ծեր աղջիկն, Արմինեի վրա հսկելով միշտ զորավարի սովորական ճշտությամբ։

— Սիրեցյա՛լ հարսս,— մրմնջեց հիվանդը,— փափագելի էր ինձ ազատ լինել ամեն օտար ներկայութենե, և շրջապատվիլ միայն իմ սիրեցյալներես։

— Լա՛վ, սիրո՛ւն Աղավնիս,— ըստ կամացդ ամեն ինչ կը տնօրինեմ։ Եվ զայս ըսելով Արաքսիա խնդրեց վարժուհիեն որ ուրիշ սենեկի մեջ վարե յուր հսկողության պաշտոնն Արմինեի վրա, առարկելով թե հիվանդն լռության պետք ուներ։

Մինչ Արմինե սենեկեն դուրս ելնելու կը պատրաստվեր գերմանուհվույն հետ, Աղավնի քովը կանչեց յուր քույրն և ամենայն գորովով կրկին և կրկին անգամ համրուրելեն վերջն՝ արձակեց զայն արտասվալից աչոք։

Դիտեց զայդ նորապսակ կինն և յուր աչքեն հոսած լեղի շիթը սրբեց։

Երբ առանձին մնաց հիվանդն յուր հարսին հետ, ըսավ.

— Խոսե՛, որպեսզի ձայնդ լսեմ։

— Ինչ կուզես որ պատմեմ քեզ, Աղավնիս։

— Փույթ չէ ինձ այդ, բավ է որ ձայնդ լսեմ։

Համբուրեց զնա մանկամարդ կինն ի պատասխանի։

— Ահա վերջապես մեռնելու ժամանակս ունեցա մեծագույն մխիթարությունը, այն է զքեզ և եղբայրս տեսնել։

— Ինչո՞ւ, հրեշտակս, այդպիսի տխուր գաղափարներ ունիս։

— Ի՞նչ օգուտ ճշմարտության առջև կույր լինել։

Չե՞ս մտածեր որ հոգիս կը հոշոտես։

— Լավագույն է ուրեմն որ նախապատրաստվես մեր բաժանման։

— Ո՛չ երբեք, պիտի ապրիս որպեսզի վայելենք զքեզ։

– Կը փափագեի ապրիլ, այո՛, բայց ի՞նչ օգուտ։ Եթե ապրեի, ոչ ևս քեզմե ու եղբորմես բաժնվելու կը դատապարտվեի, և ոչ ևս զուրկ կը մնայի ի սիրո, զի հավատա ինձ որ հոգիս չի կրնար սնանիլ առանց գորովո։

– Վասնզի դու՝ իբր ամեն ազնիվ հոգի, բարձր սնունդի կը կարոտեիր։

- Ցավալի է ինձ թողուլ իմ պատվական հայրս զի գիտեմ որ սաստիկ պիտի զգածվի։ Սիրած է զիս միշտ և ես երախտապարտ եմ անոր, բայց հոր մի զգացումը չի բավեր լեցնելու սիրատենչ սրտի մի պետքը այն պատճառավ որ հարաբերություններն քիչ են ընդմեջ հոր և յուր զավկին, առաջնույն հանապազօրյա բացակայությանց և գործոց պատճառավ։ Կանգ առավ փափուկ էակն խոսելեն հոգնելով, և ապա շարունակեց նորեն՝ քիչ մ՚ուժ ստանալով։

— Մայրս ջանացած է մեր ամեն պետքերն հոգալ. շնորհակալ եմ իրմե։ Իսկ քույրիկս իմ սակավամյա սիրուն ընկերուհիս եղած է։ Գիտեմ որ ես իրեն դատարկություն մի պիտի թողում, զոր կը խնդրեմ քեզմե լեցնել քու սիրովդ ու խնամքով։

— Վստա՛հ լեր, պաշտելի Աղավնիս,— ըսավ Արաքսիա հեծկլտանոք։

— Արդ,— ըսավ հիվանդն,— թույլ տուր ինձ համբուրել զքեզ, կրկին և կրկին անգամ հանձնելով քեզ եղբորս երջանկությունն և հորս ալևորությունը։

Բացավ թևերն և Արաքսիա գլուխը անոր կուրծքին վրա դնելով սկսավ լալ հորդառատ։

— Կը փափագեի տեսնել իմ հայրս. բայց ծանր պիտի թվեր անոր այս իմ վերջին վայրկենիս տեսարանը։ Մատո՛ նմա բոլոր իմ սերս, ինչպես և քուրիկիս բոլոր սիրտս։

— Ո՞ւր է եղբայրս,— հարցուց,— նա բավական ուժով է մահվանս վկա լինելու համար։

Նույն միջոցին Ներսես սենեկեն ներս կը մտներ։

— Մոտեցի՛ր ինձ, եղբայրս սիրեցյալ։ Քեզ կը հանձնեմ իմ հարսս երջանիկ ընելու պարտքը. սիրե զայն ինձ համար ևս, և հիշեցեք զիս երբեմն զի զձեզ շատ սիրած եմ։

Ներսես գրկեց յուր փոքրիկ քույրն և համբուրեց զայն մեծ գորովանոք առանց կարենալ պատասխանելու։

— Եղբա՛յրս, խոստացիր խնդրածս։

— Կը խոստանամ,— ըսավ երիտասարդը, հազիվ իմանալի եղանակավ՝ այնչափ մեծ էր յուր հուզումը։

Նույն միջոցին ներս մտավ նաև տիկին Աբգարյան որ ի նշան սգո յուր սենեկին մեջ փակված էր։

Օրհասական աղջիկն տեսնելով զմայրն, ըսավ.

— Մա՛յր, տուր ինձ համբուրել քու ձեռքդ, զի վերջին մնաս բարյավն է այս։

Տիկինը մոտեցավ յուր որդվույն՝ համբուրեց ինքն ևս զնա, և պատճառելով յուր ջղաձգությունը՝ քաշվեցավ դարձյալ յուր սենեկին մեջ իբր թե անկարող ականատես լինելու որդվույն մահվան, ուստի աղջկանը վերջին վայրկյաններուն վրա հսկելու պաշտոնն անտարբերներու թողուց ըստ յուր բացատրության, որք կ՚ըսեր ոչինչ զգալով՝ կարող են այդպիսի տխուր պաշտոններ լավ կատարել։

Հետին ճգամբ մի հիվանդն իմացուց Արաքսիայի որ իրեն մոտենա։ Մանկամարդ կինը տղուն գլուխը վերցնելով թևին վրա կռթնցուց. օրհասական էակն նայեցավ յուր եղբոր նվաղուն աչոք, հետին նայվածք մ՚ալ ուղղեց առ Արաքսիա և ապա շունչն ավանդեց։

Արաքսիա սրտին վրա կը սեղմեր տակավին էակն այն որ ոչ ևս էր, այնքան զայն կորուսած լինելու գաղափարն անհնարին կը թվեր իրեն։

Բայց Ներսես հեռացնելով զայն այդ սրբազան նշխարեն ցույց տվավ ողորմելի հայրն որ կը մոտենար և որ ամեն մխիթարության կը կարոտեր։

Երեքը միատեղ խառնեցին իրենց սուգը, երեքը միատեղ լացին այն անշունչ մարմնույն վրա, երբ Արմինե սենեկեն ներս վազելով տղու մի անզուսպ ցավով եկավ ողբալու յուր քրոջն, յուր ընկերուհվույն վրա։

Մայրը միայն հեռու էր, զի կառարկեր յուր զգացման անչափությունն, և յուր անկարողությունը հանդիսական լինելու յուր զավկին անշունչ մարմնույն։

ԳԼՈՒԽ Հ.

Արաքսիա Բերայի ընտրելագույն փողոցի գեղեցիկ տուներեն միույն մեջ հաստատված էր հետն ունենալով հայրն ու մայրը։ Կը վայելեր ոչ միայն անբիծ և մշտատև սիրո ամուսնական երանությունն, այլ այն անբացատրելի գոհունակությունն ուներ նկատելով թե յուր ծնողաց կյանքը թշվառութենե ի բարեբաստություն փոխարկած էր։

Վարդանույշ ևս երջանիկ էր Սիսակին հետ. մեր երիտասարդն թեև ամեն ջանք կըներ իբրև զՆերսես հավատարիմ ամուսին լինելու, այլ մերթ ընդ մերթ շեղելով անձին գծած առաքինության խիստ ընթացքեն՝ խիղճ ընելու առիթներ կունենար։ Ստույգ է որ անընդհատ հարաբերություններ ունենալե կզգուշանար, բայց արանց շնորհված թույլտվություններեն զեղծանելով՝ յուր քմահաճ բնության նոր սնունդներ կը հայթայթեր։

Սակայն յուր ի պատիվ խոստովանելու ենք որ լավ աշխատավոր մ՚եղավ որով կարողացավ մեկ տարվան միջոցի մեջ 300 ոսկվո պարտքը հատուցանել Ներսեսին։

Տիկին Աբգարյան յուր սև զգեստուց շնորհիվ ջանաց վշտահար ձև մ՚առնուլ և որսալ վերստին զՍիսակ երբ առիթն զնա առ ինքն կը բերեր. բայց Վարդանույշի ամուսինը քաջություն ունեցավ հեռու կենալու այդ կնոջմեն։

Տարի մի բոլորած էր ամուսնության օրեն ի վեր Ներսեսի, և եթե մեր երիտասարդ փեսին ամեն ինչ կը հաջողեր ոչ միայն բարոյական այլ և նյութական կենաց մասին, նույնպես չէր պ. Աբգարյանի նկատմամբ։

Տիկին Աբգարյանի շռայլությունքը բավական մեծ հարված տված էին ամուսնույն հարստության։ Եթե սա համարձակեր մերթ ընդ մերթ դիտողություն ընել կնոջն՝ չափազանցությամբ մսխած դրամոց մասին, կինն անմիջապես կատաղի ձև մ՚առնելով կը պատասխաներ որ եթե հասակավոր մարդու մի հետ ամուսնանալու հանձնառու եղած էր՝ գոնե ճոխությամբ ապրելու փոխարինությունն ունենալու էր։

Մարդը կը լռեր հառաչելով և կը ջանար նոր միջոցներ գտնել կնոջը պահանջմանց հասնելու համար։ Հետևապես յուր սովորական զգուշավորությունը մեկ կողմ թողլով հանդուգն ձեռնարկներ ըրավ, հառաջացավ ևս քան զևս, այնպես որ Փարիզու սեղանավորաց աղետալի կորստյան առթիվ ինքն ևս եղավ այդ անթիվ զոհերուն մին, և մեկ ավուր մեջ կորույս հարստությունը, հարկադրվելով բոլոր յուր գույքերն վաճառել կրած վնասները գոցելու համար։

Ներսես փութաց հօգնություն յուր հոր, հայտնելով նմա թե տրամադրությանբ ներքև կը գներ բոլոր յուր ունեցածն։

Արաքսիա ոչ միայն սրտովն կը ցավեր աներոջը կրած անդարմանելի կորստյան վրա, այլ կողբար անկեղծապես յուր ոսոխին վրա՝ այսինքն տիկին Աբգարյանի, մտածելով թե խիստ անտանելի վիճակ մ՚էր մեծամիտ կնոջ մի համար ընկերական սանդուղեն վար գլորիլը։

Տիկին Աբգարյան որ վարժ էր խնկարկու և շողոքորթ անձանց բանակ մի տեսնելու շուրջն ու ամեն պատիվ և մեծարանք ընդունելու՝ ցորչափ հարուստ էր և ճոխ կյանք կը վարեր, տեսավ հանկարծ այդ բանակին անհայտ լինիլն իբր մոգական իմն զորությամբ։

Կանայք առ երեսս չէին դադրեր ներբողելն նորա վարքը, մինչ ներքնապես շատերը կը հառաչեին մինչև նույն ժամանակ տիկին Աբգարյանի վարած կենաց և անոր ստացած պատիվներուն վրա։

Արք բարձրագոչ հռչակեցին թե նա շռայլությամբը պատճառ եղած էր ամուսնույն դժբախտության, և ամեն այր օգուտ քաղեց այդ առթեն յուր կնոջ խնայողության և տնտեսագիտության դաս մի տալու համար։

Իսկ երիտասարդք որք պաշտողի դեր խաղացած էին՝ արհամարհանոք կը խոսեին անոր թեթև բարուց վրայոք և ոմանք կը պարծենային նաև անտեղի շնորհքներ վայելած լինելնուն վրա։ Քանի մի խղճմտավոր և պատվավոր անձինք միայն որք իրոք հառաջացած էին տիկնոջ մտերմության մեջ՝ լուռ կեցան. և եթե զինքը չպաշտպանեցին՝ գեթ լռելու քաջությունն ունեցան մեղադրանաց այդ ընդհանուր քաոսին մեջ։

Տիկին Աբգարյանի գոռոզությունր թեև սաստկապես հարվածեցավ, այսու հանդերձ ոչինչ հայտնեց, և այդ պարսավանաց աշխարհին մեջ մնաց միշտ սեգ և գոռոզ։

Պ. Աբգարյան յուր ունեցած ձախորդութենեն քանի մ՚ամիս վերջը հանկարծամահ կը լիներ պարտքեր թողլով։

Ներսես ներկայանալով յուր մորվին իմացուց անոր որ թե՛ իրեն և թե՛ կնոջը պարտքն էր ամենայն կերպիվ նպաստել հորն այրվույն և անոր զավկին, ուստի խնդրեց այրի տիկնոջմեն որ հայտնե իրեն թե ի՞նչ եղանակավ պետք էին վարվիլ իրենց նկատմամբ։

Պ. Աբգարյանի այրին պատասխանեց թե քանի որ իրենք հոժարամիտ էին օգնելու յուր դստեր՝ իրենց կը թողուր բոլորովին անոր հոգատարությունը, յուր ձախորդությունն հառաջ բերելով։ — Այսինքն, տիկին,— ըսավ Ներսես,— կուտաք ինձ hոր մի կատարյալ իրավունքը քրոջս վրա, մինչև վերջը։

— Կատարելապես, քանի որ կը կամիք, և հօգուտ զավկիս,— ըսավ կեղծավոր եղանակավ մի։

— Զայդ կընդունիմ, զի վստահ եմ որ կինս մոր մի խնամք պիտի մատակարարե նմա,— ըսավ Ներսես։

— Ես ևս գիտնալով զայդ աղջիկս ձեզ կը թողում,— ըսավ կեղծավոր հրեշ մայրը։

— Բայց ձեզի համար ի՞նչ կրնանք ընել,— հարցուց երիտասարդն, եղանակավ մի որ կը հայտներ թե կուզեր անհիշաչար լինել հորն այրվույն համար։

— Ես,— պատասխանեց գոռոզ կինն,— ոչինչ կրնամ ընդունիլ ձեզմե երբ մտածեմ թե ձեր կինն իմ քովս վարժուհի էր:

— Եվ սակայն խորհեցեք միանգամայն թե այն անձն որ չամաչեց աշխատելու՝ գնահատվեցավ ինձմե, հասավ մինչև ձեր երբեմն վայելած ընկերային բարձրության աստիճանին: Կը տեսնեք ուրեմն թե աշխատիլը կազնվացնե։ Տիկի՛ն, լավ համոզվեցեք այդ բանին վրա։

— Եթե աշխատությունը կազնվացնե ըստ ձեզ, գեղեցկությունը թագավորել կուտա, և ես կուզեմ թագավորել։

— Սա տարբերությամբ, տիկի՛ն, որ աշխատությունը կը բարձրացնե մինչև ցվերջ կենաց, մինչդեռ ձերինին նման գահակալությունը նվաստ և ամոթալից անկմամբ կը վերջանա։

ՎԵՐՋ
  1. Coquette:
  2. Dame de compagnie.
  3. Ուզում է ասել՝ Գրիգորի դստեր միջև (խմբ.)։