Jump to content

Արգո բարեկամ Հովհաննես Քաթանյանց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արգո բարեկամ Հովհաննես Քաթանյանց

ԱՐԳՈ ԲԱՐԵԿԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱԹԱՆՅԱՆՑ

Ձեր վերջին նամակը, որ գրված էր մարտի 7-ին, կարդացի կարի ուրախությամբ: Շնորհակալ եմ. աշխատել եք հասցնելու «Աղթամարա վանքը» մեր մի հատված բանը Մոսկվա պատվելի Նազարյանցին, որ կարդացի «Հյուսիսափայլի» թերթերու մեջ: Դարձյալ շնորհակալ եմ պարոն Նազարյանցեն առավել հույժ պատճառ, պատվել է մեր գրվածքը տպելով յուր պատվական օրագրի մեջ, մանավանդ մշակելով նորա թերությունքը:

Այս նամակի ծոցումը կստանաք մի քանի ոտանավոր բաներ, որոնք մեր սեփական աշխատությանց պտուղներն են: Սուրբ գիրքը կարդալու ժամանակ, տեսնելով շատ հարաբերություն ունին դոքա մեր ազգի այժմյան վիճակի հետ, մանավանդ, կարող են փոքրիշատե ներգործել, ազդել նորա բթացած, թմրած, մարմին դարձած հոգու վերա — ախորժել եմ աշխարհաբար թարգմանել, ոտանավորի ձևով: Խնդրում եմ, այս ոտանավորները նույնպես անկորուստ հասուցանել պարոն Նազարյանցի ձեռքը. թե կամի կարող է տպել յուր օրագրի մեջ (չկարծեմ, որ նորա օրագրի ախորժակին ընդդեմ գտանվին): Ոտանավորներու հետ անպատշաճ չեմ համարում ուղարկել պարոն Նազարյանցին այս իմ առ Ձեզ գրված նամակը. պատճառ, նա կարող էր տեղեկություն ստանալ այն խոսքերեն, որ ես դրած եմ Ատրպատականի միսիոնարներու մասին:

Արդեն — 61 թվականի 5-րդ ամիսն է. բայց «Հյուսիսափայլի» տետրակները տակավին հասած չեն ինձ. կասկածում եմ, չիցե թե օրագիրը դադարած լինի: Եթե այս տարի նույնպես բաժանորդ եմ գրված, կարող եք գրել պարոն Նազարյանցին, որ ինձ հասանելի ամսատետրակները Թաբրիզ ուղարկե աղա Գալուստ Շերմազանյանի տետրակների հետ. կամ թե իմ անվամբ ուղարկե Թաբրիզու նամակատունը. այն տեղից գերաստիճան Հովսեփ խանը, նամակատան մեծավորը, անկորուստ ինձ կհասուցանե:

Դուք պահանջում եք ինձանից Ատրպատականի միսիոնարներու մասին Ձեզ տեղեկություն տալ, որով կկատարեմ Ձեր խնդիրը: — Այժմ ես Ուրմիա քաղաքումն եմ. այստեղ է ամերիկյան պրոտեստանտ առաքյալներու և հռովմեական լազարիստյան միաբաններու բոլոր կարողությանց կենտրոնը: Հիշյալ քարոզիչները, Ուրմիա լճակի արևմտյան ափերում, գտան մի կորած, վերջին ռամկության մեջ ընկած ազգ, որք վարվում էին մի խավար աստվածապաշտպանությամբ, որ առավել նսեմացած էր. Նեստորի վարդապետությամբ. — դոքա էին ասորիքը. — մի հին հոյակապ ազգի մնացորդք: Հաջող միջոցները, այլև երկրի պատեհ հանգամանքը շուտով ձեռնտու եղան նորեկ առաքյալներուն առավել հեշտությամբ և առավել սրընթաց առաջ տանելու յուրյանց գործը: — Դոքա էին. — ա. բարեխնամ տերության ազատ թույլտվությունը. բ. ասորաց նյութական անկարողությունը և յուրյանց իշխաններից ունեցած անտանելի բռնությունը — մյուս կողմից եվրոպացի առաքյալներու (մանավանդ ինգլիզներու) դրամացի և տերության կողմից պաշտպանությունը. գ. ասորոց, իբրև մի երեսե ընկած ազգի ստրկական փոփոխամտությունը, և նոցի խորին տգիտությունը յուրյանց առանձին դավանության. դ. ազգի ընկնիլը վերջին հուսահատության մեջ հալածանքի երեսից, և Եվրոպայի մարդիկը տերությունից մեծ պատիվ ունենալով և նոցա հետևողքը ամենայն մասամբ պաշտպանված լինելով և այլն, և այլն:

Հռովմեական քահանաները, թեպետև առաջք ոտք կոխեցին Պարսկաստանի հողի վերա (իբրև 35 տարի առաջ), բայց հառաջադիմությամբ կարի հետ մնացին պրոտեստանտներեն: Նոքա հազիվ թե կարողացան Ուրմիո քաղաքի և գյուղորեից մեջ ձեռք բերել 200 տուն (գերդաստան) անունով կաթոլիկ պապադավաններ. և Սալմաստ նահանգում` մինչև 300 տուն: Թեպետ կարող էին ավելի առաջադեմ գտնվել քան պրոտեստանտները. պատճառ. կաթոլիկական քարոզությունքը առավել հարմարություն ունեին ժողովրդի ընդունակության հետ. մինչ դորա հակառակ, պրոտեստանտներու քարոզությունքը փշի նման ծակոտում էին ծիսապաշտ ժողովրդի սիրտերը:

Լուսավորության մասում հռովմեական քահանայքը ոչինչ օգուտ չարդյունավորեցին յուրյանց նոր կրոնափոխ ժողովրդին. միայն թե ասորի ազգի առաջուց աստվածացրած սնապաշտության տեղ սովորեցրին պաշտել մի նոր աստված, պապը: Այժմ կաթոլիկները որպես Ուրմիում, նույնպես և Սալմաստում Խոսրովյո գյուղի մեջ ուսումնարաններ ունին երկու սեռ մանուկ մարդերի համար: — Որոց մինի մեջ ուսուցանում են քահանայքը տղամարդերին, իսկ մյուսի մեջ ֆրանսիացի կուսանք աղջիկներուն: Բայց մինչև այսօր, մի մասնավոր կրթություն ունեցող մարդ չէ դուրս եկել նոցա վարժարաններից: Այն չեմ կարող ուրանալ, որ դուրս եկել են տիրացուներ, որք գիտեն անգիր մի քանի սերտած եկեղեցական աղոթք և մի քանի հատուկտոր բառեր ֆրանսերեն: Եվ աստվածաբանությունից մի քանի թույլ փաստեր, որով հակաճառությանց մեջ, կարող էին մի հայ տգետ քահանայի դեմ, հաստատել Պետրոսի գլխավորությունը առաքյալներու վերա, սուրբ պապի, նորի հաջորդ լինելով, բոլոր քրիստոնեից վերա, այս աշխարհում աստվածանալու կարողություն ունենալը. մանավանդ երկնքում արքայության դռնապան լինելը և դժոխքի մեջ Կերբերոսի պաշտոն կատարելը:

Հետին ժամանակներում, երբ 3 տարի առաջ (իհարկե հայերը կրոնափոխ առնելու համար) Վիեննայի սուրբ Ղազարու միաբաններից Սալմաստ եկան երկու վարդապետներ — հայր Մովսեսը և հայր Կղեմես Սիբլլյանը, ընթերցող հասարակության ծանոթ, հնագետ և դրամագետ անձն: Դոցա գալուստը սկզբում խիթալի էր, շատ վտանգավոր երևեցան հասկացող աչքերու. բայց վերջում համարյա բոլորովին անարդյուն եղան: Պատճառ, նոքա ոչ մի հայ չկարողացան մոլորեցնել յուրյանց երևելի հայ ազգի և հայ կրոնավորների անունով (որպես սկզբում վարվում էին): Շուտով հեռացան նոցանցից նոցա հետևող մի քանի թեթևամիտ գյուղացիներ, երբ հասկացան նոցա չար դարանագործությունը:

Միսիոնարները մինչև այսօր ոչ մի հայ չեն կարողացել Ատրպատականի մեջ կրոնափոխ առնել: Այստեղ ավելորդ չեմ համարում ծանուցանել ձեզ գլխավոր պատճառը. և գուցե ընդունեք: Առաջին, հայերը Պարսկաստանի մեջ կորած չեն, պահպանում են յուրյանց ազգային իրավունքը, ունենալով յուրյանց հոգևոր առաջնորդ սուրբ Էջմիածնա աթոռից, որ մեծ պատիվ, մեծ իշխանություն ունի, թե՛ տերության կողմից և թե՛ իր վիճակավոր ժողովրդի վերա: Երկրորդ, առավել վճռական է այս տեղու հայերի տգիտությունը. թե բացի հայից ոչ մի ազգ քրիստոնյա չէր. ինգլիզ, ֆրանկ, կաթոլիկ անուններր լսում են որպես հեթանոսների: Հայ ազգանունը համարում են կրոնական անուն, որ մնացել էր Քրիստոսից. ո՛վ հայ չէ՛, և քրիստոնյա չէ՛, ա՛ռ քեզ տգիտության կարծիքը, որ առավել օգտավետ գործ է կատարում, քան թե գիտությունը այս տեղում:

Այսքանս բավական է կաթոլիկներու մասին. այժմ խոսենք պրոտեստանտներու: Ամերիկացի առաքյալները, այդ քրիստոնեական հավատքի ժրաջան մշակները, մեծ գործունեության մեջ են: Կարծեմ նոքա ո՛չ մի տեղում, ո՛չ մի ազգի մեջ այդչափ սուղ ժամանակում (20 տարու միջոցում) չկատարեցին այն հրաշալի առաջադիմությունը, որպես Ուրմիայի նահանգումը, ձեռք բերելով մինչև 2000 գերդաստան պրոտեստանտ ժողովուրդ, բայց որպիսի ժողովուրդ յուրյանց դավանության մեջ կարի ուսյալ և կրթյալ ժողովուրդ:

Սըրռ սարի լանջանցը վերա (այս անունով գյուղի մեջ) այն, յուր դրությամբ հիանալի ամառանոցումը, որ չէ Ուրմիա քաղաքից ավելի հեռի քան 10 վերստ, պրոտեստանտները ունեն յուրյանց գլխավոր ճեմարանը: Նորա մեջ մտնում են այն աշակերտները, որք գյուղերու մասնավոր վարժարաններում նախապատրաստված էին: Գլխավոր ճեմարանը Սըրռի պարունակում է յուր մեջ այնքան ուսման ընթացք, որքան է մի եվրոպական գիմնազիոնի գիտությանց ամբողջ կուրսը, միայն թե այստեղ աստվածաբանական և ճարտասանական մասին շատ հմտանում են աշակերտները, որ այսպես լինի ճարտարախոս քարոզիչք աստծո բանին: Մանավանդ յուրյանց հին և նոր քիլդունի լեզուն, ավելի հարակցություն ունելով աստվածաշնչի բնագրի լեզվի հետ, առավել ծանոթանում են հին կտակարանին: Բայց մի քանի աշակերտներ միայն, մինչև այսօր սովորել են անգլիերեն, թեպետ շատերը ախորժակ ունին սովորելու, բայց չեն կամենում ուսուցանել ամերիկացիքը. ըստ որում այժմյան տերությունը մեծ կարոտություն ունենալով եվրոպական լեզուների հմուտ անձերի, շուտով թարգմանչի պաշտոն է տալիս այնպիսիներին, որք գիտեին մասնավոր ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն և այլն: Եվ անգլիացիք յուրյանց աշակերտները, յուրյանց գործին պիտանի կացուցանելու համար կրթում են նորանց ասորաց նոր բանախոսությամբ: Քաղաքի մեջ է մի այլ գլխավոր ճեմարան աղջիկներու համար, ուր ուսուցանում են ամերիկացի կանայք: Նորա մեջ ընդունվում են այնպիսի աղջիկներ, որք նույնպես նախապատրաստված էին գյուղերում մասնավոր աղջկանց վարժարանների մեջ: Աշակերտուհիքը, ուսումն ավարտելուց հետո, պսակվում են Սըրռի աշակերտների հետ, այնուհետև կամ պաշտոն են ստանում գյուղերու մեջ վարժապետության և կամ քարոզչության:

Սըրռ քաղաքի մեջ, աղջկանց ճեմարանի մոտ միսիոնարների տանումը, է և մի փառավոր տպարան ամենայն հարկավոր պարագայոք, նորանում տպվել են մինչև այսօր սուրբ գրքի քանի-քանի տեսակներ և այլ զանազան գրյանց ասորոց աշխարհաբար լեզվով: Նորանում ամիսը մի անգամ տպվում է և մի օրագիր ասորերեն. «Զարիրըդ բարայ» (լուսավորության արշալույս) անունով:

Տարակույս չկա, որ ամերիկացիք մի փոքր ժամանակից հետո ձեռք կբերեն բոլոր Ուրմիո նահանգի ասորիքը. պատճառ, վերացել են նոցա հին կրոնքի պաշտպանողքը: Նոցա հին րաբիները, բոլորեքյան այժմ պրոտեստանտներից ռոճիկ են ստանում: Թեպետ ազգի մի քանի հարուստներ գլուխը կտրած օձի մարմնի նման շարժվում են. բայց նոքա ևս շուտով կդադարին:

Այժմ սկսել են պրոտեստանտները քարոզել գավառի, Նավաչայի, Դիեարի, Տխուբի սարերում նուլոներին, որք նույնպես ասորիք են լեռնաբնակ: Տարակույս չկա, որ շուտով կանցնեն և Ճուլամերիկ մինչև Մոսուելի բերանը:

Այժմ կա այստեղ ինն ամերիկացի միսիոնարներու տուն, որոց մինը է ձրի բժիշկ և քարոզիչ, մինը` տպագրապետ, մյուսները վարժապետ և քարոզիչ: Բացի դոցանցից 2 տուն վարժապետուհիք, որք դաստիարակում են աղջիկները:

Ավելորդ չեմ համարում մի քանի խոսք գրել ասորոց այժմյան կաթողիկոսի վերա: — Ասորաց այժմյան կաթողիկոսը է Մար Շիմոնը (Տեր-Սիմոնը). դա նստում է այժմ Կոճանիս գյուղում, Տիար-Տխուբ նահանգի մեջ, որից կազմվում է Նըհել գետի հովիտը: Մար Շիմոնը 10 տարի առաջ, քանի օսմանցիք չէին տիրապետել այն կողմերին (քուրդերի անկախության ժամանակ) յուր քաջ ճուլո ցեղի օգնությամբ, բացի յուր կաթողիկոսական աթոռը հաստատուն պահելուց, պաշտպանում էր և յուր ազգի անկախությունը, որով էր հոգևոր և մարմնավոր առաջնորդ յուր ցեղի համար: (Գուցե ժամանակի շատ խորին հնությունից մինչև 10 տարի առաջ այսօրինակ կառավարում էին վայրենի ճուլոները յուրյանց հոգևոր առաջնորդներու ձեռքով): Բայց երբ օսմանցիք նվաճեցին Քուրդիստանու տիրող աշիրաթները (իշխանները), չհնազանդվող Մար Շիմոնը պատերազմեցավ Բադրխանբեկի հետ և հաղթվեցավ, թշնամին կողոպտեց կաթողիկոսի տունը և նորա ցեղը: Մար Շիմոնը հուսահատված Ուրմի եկավ, յուր ազգից չգտավ այն առաջին պատիվը: Պրոտեստանտյան հոգին ո՛չ միայն Մար Շիմոնին, այլև նույն ինքն մեծ Նեստորին մոռացման մեջ էր ձգել: Առժամանակ Ուրմի մնալուց հետո, բոլորովին հուսահատված, կրկին վերադարձավ դեպի յուր երկիրը, այս մի քանի խոսքը ասելուց հետո. «Ես խնդրում եմ ձեզանից, որ պինդ կենաք ձեր առաջին դավանության վերա, բայց երբ կամիք կրոնափոխ լինել, մի՛ լինիք պրոտեստանտ. կամ հայ եղեք, կամ ֆրանկ և կամ ռուս»: Բայց Լութերի հոգին հաղթող է, նորա կտակը չկատարվեցավ: Մար Շիմոնը այժմ կենդանի է. բայց օսմանցոց հպատակ իր ցեղովը հանդերձ, վերջին հուսահատության մեջ է. նա հոժար է յուր ազգի մնացորդը կամ խառնել հայոց հետ և կամ ռուսաց: Ատրպատականի առաջնորդ հանգուցյալ Սահակ եպիսկոպոս Սաթունյանի ձեռքով քանիցս անգամ այդ մասին նամակագրությունք են եղել դեպի Էջմիածնա աթոռը, բայց ո՛ւր այդպիսի սրբազան ձգտողություն հայերու կողմից... Էջմիածնա վարդապետները թմրած են զեխության հրապույրներով...: Բայց ռուսերից քահանայք եթե գալու լինեն այս կողմերս, քանի կենդանի է Մար Շիմոնը — շատ շուտով կարող են յուրացնել բոլոր ասորաց մնացորդները, մանավանդ, որ ազգը շատ հակամետ է դեպի ռուսաց կողմը:

Այսքանս բավական է, գուցե դորանով կբավականանա Ձեր հարցասիրությունը: Ուրիշ ժամանակի եմ թողնում Ձեզ գրել, արդյոք Ատրպատականի հայերը ևս մի ժամանակ կենթարկվե՞ն միսիոնարաց ազդեցությանը, թե միշտ կպահպանեն յուրյանց հայրենական կրոնը:

Մի բան, որ գրած եք Ձեր եղբոր մասին, չեմ կարող հանձնառու լինել: Ես ինքս ձանձրացել եմ այն առևտուրից, որ Թիֆլիսում կատարում ենք. պատճառ, ունի նեղություն չափից դուրս, բայց վաստակը կարի սակավ: Մտադիր եմ Պոլիս գնալ, որ Պոլսից դեպի Թաբրիզ եվրոպացոց մանուֆակտուրայի առուտուրք առնեմ:

Քանիցս անգամ Ձեզ գրած եմ, այժմ կրկնում եմ, որ մի քանի հատ ռուսերեն ընտիր թարգմանությունք, մանավանդ ռոմանս, իմ համար ուղարկեք. թե Մոսկվա կամ Ս. Պետերբուրգ բարեկամ ունիք, կարող են առնուլ, իսկ նոցա գինը որքան էլ լինի կգրեմ Թիֆլիսուց, անհապաղ Ձեզ հասուցանեն: Այս պահանջում եմ, որովհետև կասկածում եմ, այս տեղում ռուսաց լեզուն ամենևին անգործածությունից մոռանալ: Մնաք բարև:

Ձեր Հ. Մ. ՄԵԼԻՔ ՀԱԿՈԲՅԱՆՑ