Հեռու քաղաքում, օրերից մի օր,
հանկարծ աչքովս ընկավ մի խոնարհ,
մի սիրուն ու հեզ
արեւածաղիկ՝
Հայացք մանկության։
Ապա, թվաց ինձ՝
ուր էլ գնում եմ, հետեւում է ինձ
բույլը հրաբորբ, լուրթ ծաղիկների՝
որպես մանկական մաքրաջինջ աչքեր,
իրենք իսկ իրենց ծիծաղում կորած,
խենթ, չարաճճի, արցունքոտ աչքեր։
Եվ իմ արյան մեջ
խցանվելու պես շարժվեց մի տաք դող,
կուլ չգնացող
ցամաք արցունքի ծանր մի կաթիլ,
մի անհուն հուզում։
Ես ետ եմ գալիս եւ անխոս կանգնում
անծանոթ մարդկանց,
անծանոթ բակից
ինձ նայող, ծանոթ արեւածաղկի
աչքերի առաջ։
- Ո՞վ է, ներս եկեք, - ձայնում է մի այր։
- Ներս արի, որդիս, - ասում է մի մայր։
Խոսել չի լինում։
Ես շատ եմ փոխվել։
Արեւածաղկի գլխիկները միշտ
ծածկում էր մայրս,
հավքերի համար թողնում մեկը բաց։
Եվ գլխաշորով աղջիկներ էին
դառնում արեւոտ այդ ծաղիկները։
Իսկ ես կապերը արձակում էի,
հայացքներն էի բացում այդ ծաղկանց,
որ իրար տեսնեն,
ախր, շատ էին գեղեցիկ նրանք։
Ես շատ եմ փոխվել։
Մայրս ասում էր՝ աղջիկ է ամեն
արեւածաղիկ,
սերն է արեւի,
դե, երեխա ես, դու չես հասկանա՝
ոնց են սպասում արեւի գալուն,
ոնց են գիշերը ցողոտվում թախծից,
առավոտները՝ արեւի սիրուց
անծպտուն հալվում։
Ես շատ եմ փոխվել։
Մայրս ասում էր՝ երանի ճամփադ
քեզ ուր էլ տաներ,
միշտ քո ետեւից
այդպիսի սիրով մի հայացք նայեր։
Անցողիկ եղան հայացքներն ամեն,
մորս հայացքն է դարձել ոսկեհուր
արեւածաղիկ,
ուր էլ գնում եմ՝
թեքվում է դեպ ինձ...
Կանգնում, նայում եմ արեւածաղկին։
-Ո՞վ է, ներս եկեք,- ձայնում է մի այր։
-Ներս արի, որդիս, - ասում է մի մայր։
-Թե պետք է՝ պոկեք, մի քաշվեք, ախպեր։
Հեռու քաղաքում, օրերից մի օր
հայացքս որսաց
աչքերը լաց ու ծիծաղով լցված
մի խոնարհ, խոնարհ արեւածաղիկ։