Արձանագրությունների մեջ առկա հերթական վտանգները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արձանագրությունների մեջ առկա հերթական վտանգները

Արա Պապյան

Հասարակության դատին ներկայացված չարաբաստիկ զույգ արձանագրությունների քննարկման շրջանակում հաճախ կարելի է լսել բուն արձանագրությունների հետ բնավ կապ չունեցող հուզախառն դատողություններ՝ 21-րդ դարին վայել բաց սահմանների, հարևանների հետ հավերժ թշնամի չմնալու, ՀՀ տնտեսության իբր զարգացման հնարավորությունների և նման բառախեղդ արված մտազեղումների շուրջ: Սրանք հանգիստ խղճով կարելի է որակել որպես քննարկումները ձախողելու փորձ և հարցը նենգափոխելու ձգտում:

Իրականում քննարկումները վերաբերում են բացառապես սեղանին դրված երկու փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններին: Միմիա՛յն: Հետևաբար, դրանք պետք է բառ առ բառ քննության առարկա դառնան և այժմվանից մատնանշվեն դրանց մեջ առկա վտանգները: Առավել ևս, որ միջազգային պայմանագրերի իրավակիրառական դաշտը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Միջազգային պայմանագրերը (եթե արձանագրություններն ընդունում ենք որպես այդպիսին) առաջին հերթին միջպետական իրավական փաստաթղթեր են: Ըստ այդմ, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի, դառնում է ՀՀ «իրավական համակարգի բաղկացուցիչ մասը» և «պայմանագրի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն»:

Հետևաբար, որոշ վայ քաղաքական գործիչների փորձերը՝ քողարկելու արձանագրությունների մեջ առկա բազմաթիվ խիստ մտահոգիչ կետեր՝ այն է՝ «դրանք ընդհանուր բառեր են» կամ «բոլոր պայմանագրերում էլ նման բաներ կան» բառակույտով, մեղմ ասած, խելամիտ չեն: Արձանագրություններն իրավունքներ ու պարտավորություններ են ստեղծում ոչ միայն վերացական կողմերի համար, այլև, որպես տվյալ երկրների «իրավական համակարգի բաղկացուցիչ մաս», նաև այդ երկրների անհատ քաղաքացիների համար:

Խոսենք փաստերով: Անդրադառնամ ընդամենը երկու կետի:

Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության երրորդ կետը վերահաստատում է «իրենց երկկողմ և միջազգային հարաբերություններում» (ուշադրություն դարձրեք ոչ միայն երկկողմ, այլև միջազգային) «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու և հարգանքն ապահովելու» կողմերի պարտավորությունը: Եւ այս պարտավորությունը դառնում է ՀՀ «իրավական համակարգի բաղկացուցիչ մասը»: Այսինքն՝ արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ որևէ քաղաքացի, առանց ՀՀ «իրավական համակարգի բաղկացուցիչ մասը» խախտելու, չի կարող խոսել Լեռնային Ղարաբաղի լիակատար անկախության, Վիլսոնյան Հայաստանի նկատմամբ մեր տիտղոսի և իրավունքի, Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայկական հուշարձանների և նման բաների մասին: Ես չեմ պնդում, որ մեզ բոլորիս անպայմանորեն բռնելու են դրանց մասին խոսելու համար, բայցևայնպես, պարտավորությունը պարտավորություն է, հետո ի՞նչ գիտենք՝ ինչ կլինի: Վանեցիները, որ թուրքերին ավելի լավ են ճանաչում, քան ղարաբաղցիները, մի լավ խոսք ունեն. «զգուշութիւն լավ պան ի»:

Քննության առարկա արձանագրության յոթերորդ կետը շեշտում է կողմերի պարտավորությունը ձեռնպահ մնալ «բարիդրացիական հարաբերություններին անհարիր քաղաքականություն վարելուց»: Հիմա հարցեր են առաջանում. արդյո՞ք հանրապետության նախագահը ապրիլի 24-ին ուղերձով դիմելու է հայ ժողովրդին, արդյո՞ք նշելու է Օսմանյան կայսրության, նույնն է թե, Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին: Ինչպե՞ս է դա համատեղելու «բարիդրացիական հարաբերություններին անհարիր քաղաքականություն վարելուց» ձեռնպահ մնալու պարտավորության հետ: Որո՞նք են լինելու ՀՀ դատախազի քայլերը: Ի՞նչ ենք պատասխանելու թուրքերին, եթե այդ փաստի առիթով պաշտոնական բողոք ներկայացնեն: Ներողություն ենք խնդրելո՞ւ, ասելո՞ւ ենք, որ էլ չենք անի: Ի՞նչ է լինելու Թուրքիայի պատասխանը՝ փակելո՞ւ է սահմանը, հրահանգելո՞ւ է իր գործարարներին դադարեցնել բոլոր գործարքները Հայաստանի հետ:

Եթե հայ-թուրքական, այսպես կոչված, սահմանի բացման համար հիմք են հանդիսանում ամրագրված որոշակի պարտավորություններ, ապա պետք է նկատի ունենալ, որ երբ կողմերից մեկը հավատարիմ չէ իր պարտավորություններից թեկուզև մեկին, ապա մյուս կողմը ևս, ինքնըստինքյան, օրինապես ազատվում է իր պարտավորությունների կատարումից: Այսինքն՝ այս արձանագրությունների վավերացման արդյունքում մենք Թուրքիայի անօրինական շրջափակման փոխարեն կարող ենք ունենալ ավելի դաժան օրինական շրջափակում:


25 սեպտեմբերի, 2009թ.