Արություն և Մանվել
ԱՌԱՋԻՆ ԳՐՔՈՒՅԿ
Ա
ՈՒԽՏԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒԽՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոս ամսին՝ մի շաբաթ առավոտ՝ Շամշուլդա գյուղի ծխատեր քահանան՝ տեր Պետրոսը, առավոտյան ժամերգությունն ու կից պատարագն ավարտելուց հետո, մի համառոտ ծանուցումով հայտնեց ժողովրդին, թե մյուս օրն Աստվածածինի վերափոխման տոնն է, պատարագը պետք է լինի Բերսի ս. Աստվածածնի եկեղեցումը, ուր պիտի օրհնվի և խաղողը։
Այս լուրը թեպետ մի անսովոր լուր չէր, բայց մեծ տպավորություն գործեց լսողների վերա, և ամենքը սրտի մտոք մի-մի խնգրվածք ուղղեցին դեպի Բերդի ս. Աստվածածինը...
Երբ որ եկեղեցուց դուրս եկած տուն էր գնում տեր հայրը, նրա հետքից գնում էր մի պատանի, որ՝ ինչպես երևում էր ձեռքում բռնած հաբիգայից, որի մեջ դրված էին տեր հոր մաշտոցն ու մասնատուփը, տերտերի մոնթն էր, այսինքն աշակերտը և փոքրիկ տիրացուն։ Արություն էր նրա անունը (և ոչ Հարություն, ինչպես շատերը կոչում էին նորան սխալմամբ):
Արությունը այս գյուղից չլինելով՝ շատ ուրախ էր, որ մյուս օրը յուր ազգականներից շատերը մոտակա գյուղերից կգան ուխտ, և նրանց կտեսնի։ Չկարողանալով անտարբեր մնալ մի այսպիսի ուրախ րոպեում, պատանի Արությունը մոտեցավ տերտերին և մանկական ժպիտով հարցրեց.
— Տերտե՛ր, էգուց էլ, ամեն տարվա նման՝ շատ տեղերից ուխտավորներ կգան, չէ է՞։ Տեր հայրը փոխանակ լեզվով պատասխանելու, գլխով արավ, որովհետև նա իր կիսատ թողած սաղմոսներն էր մտքումը մրմնջում, բայց Արությունին այդքանն էլ բավական էր։ Նա իսկույն մի ուրիշ ճանապարհով վազեց մինչև տուն, որ մի րոպե առաջ հայտնե մյուս երեխաներին, թե ինչքան ուրախ է ինքը...
Մյուս օրը՝ կյուրակի առավոտուն կարելի էր տեսնել ուխտավորների մեծ բազմություն։
Շամշուլդու եռանկյունի բերդը, որի հիմնարկության ժամանակը պատմությունը տալիս է Հայկ դյուցազնի որդուն՝ Քարթլոս նահապետին, ընկած է մեջտեղը Խրամ և Ճավճավ ասված գետերի, որոնք իրանց խառնուրդով պատում են բերդի երեք կողմից անդնդաձև բնական պարիսպներով։ Բերդի արևմտյան կողմից միայն՝ կիսով չափ փլած հաստ պատի մեջտեղով՝ բացած էր մի մեծ դուռն, որով ներս էին մտնում ջերմեռանդ ուխտավորները և հավաքվում Աստվածածնի դռանը։
Այս եկեղեցին մի փոքրիկ մատուռաձև շինություն է, և ներսը ավագ կողմին կանգնեցրած է մի սևագույն, բավականին լայն ու երկայն որձաքար։ Քարի վերա եղած արձանագրության խոսքով նա անվանվում է «Ջուհար խաչ», և շինած է Սմբատ իշխանի ձեռով մեզանից մի հազար տարի առաջ, բայց ժողովրդի մեջ եղած ավանդությունը այդ քարին տալիս է հրաշալի ծագումն։ «Այդ քարը բուսել է ինքն իրան, ասում է ավանդությունը, և սկսել է օրեցօր երկայնանալ»։ Ուզենալով յուր նշանակությունը հայտնել ժողովրդին, մեկին երևացել է երազումը և ասել է նրան՝ «Եթե ինձ վերա եկեղեցի չեք շինիլ, ես այնքան կբարձրանամ, որ գլուխս կհասնի մինչև երկինք»... Երազատեսը պատմել է ժողովրդին, և ժողովուրդն էլ վախենալով, թե միգուցե՝ ճշմարիտ՝ ասածի չափ բարձրանա և ժամանակով վայր ընկնի իրանց գլխին, շտապել են եկեղեցի շինել, և քարը դադարեցրել է իր երկայնանալը։
Մի կողմից տղա ու աղջիկ, հարսն ու երիտասարդ, պառավ ու ծեր՝ միմյանց սեղմելով մոմեր էին վառում հիշած քարի վերա, մյուս կողմից տեր հայրը կատարում էր պատարագի սրբազան արարողությունը։ Իսկ Արությունը՝ բուրվառը ձեռին՝ համ սարկավագություն էր անում, համ վառոտած մոմերն էր պոկոտում գցում ջրով դրած ամանի մեջը...
Պատարագն ավարտելուց հետո եկեղեցուց դուրս եկան տերտերն ու տիրացուները, խաչով, խաչվառով, և դուրսը կատարեցին խաղողի օրհնությունը։
Այս ընդարձակ տեղը, պարզ երկնքի կամարի տակ կարելի էր տեսնել այժմ բազմաթիվ հոգիք, ամենքն էլ, որքան կարելի էր նրանց, մաքուր հագնված։ Առջևը կանգնած էին տղամարդիկ, իսկ նրանց քամակին կանայք, որոնք իրանց տեսակ-տեսակ հագուստովը հովիտի ծաղկունքների էին նմանում։ Բոլոր գյուղացիք գաղթական ժողովուրդ լինելով, ով գիտե, ո՛ր գյուղը ո՛րտեղից եկած, ամենքն էլ պահպանել էին իրանց բուն հայրենիքի հագուստի տարազը։ Շատ կանանց բերան փաթաթած էր սպիտակ տարուբերով, երեսները զանդրուկ գցած, երեսի երկու կողմից հուլունքաշար հարսանուց կապած, ճակատներին շարք, որինն արծաթե և որինը ոսկե, շարքի մեջտեղը՝ ջնադ. կուրծքերին ու բազուկներին ձվաձե արծաթե կոճակներ. հագներին՝ որինը մինթանա, որինը դերիա և որինը քաթիբա: Շատերի բերանը բաց էր և գլուխը շինած վրացնակ․ նշանած ու նշնելու աղջկերքը, նորահարս ու միջահաս կանայք որոշվում էին միմյանցից իրանց հագուստով։ Կային և սպիտակ հագած կանայք, շլինքներին ու բիլակներին կապած արծաթ դրամներ և կլորցրած մեղրամոմեր։ Դրանք Աստվածածնի աղախիններն էին, և ասվում էին «խաչի ղուլ», այսինքն սուրբի գերի։ Տղամարդիկ հագուստի կողմանե շատ նման էին միմյանց. միևնույն ձևի դաշույնը կապած ունեին ամենքը և միևնույն ձևի տրեխները հագած բոլորը...
Բայց էլի մի կողմից անընդհատ գալիս էին նոր-նոր ուխտավորներ. ո՛րը մի աքաղաղ ոտերը կապած՝ ձեռին, ո՛րը մի քանի ջուխտ տանը ոլորած մոմ, ձեռնափայտի վերա թելով փաթաթած, ուսին դրած, կամ փափախի ղաթը խրած՝ շտապում էին դեպի եկեղեցին, ուր մտնում, վառում էին թե չէ՝ Արությունը հասնում էր իսկույն ու վառած մոմերը պոկոտում գցում ջուրը։ Շատերին դուր չէր գալիս, որ մոմերն այսպես շուտով հանգցնում էին և բարկանալով ասում էին.
— Օրհնվա՜ծ, էս ի՞նչ բան է, որ դու անում ես, թող մի քիչ էրվի է՛․․․
— Վնաս չունի,— պատասխանում էր Արությունը, էս մոմերն էլի ժամումը պիտի էրվին, սրանց վարձքը էլի ձեր մեռելների հոգուն կերթա... Հապա ուրիշ տեղեր չե՞ք տեսել, որ ողջ-ողջ աքլարներն ու ոչխարները ուխտավորների ձեռներիցը խլում են, մենք խոմ էնպես չե՞նք անում․․․ Մի՛ վախենաք, էս մոմերն էլի ձեր մեռելների հոգու համար պիտի էրվին... Այս տեսակ խոսքերով նրանց սիրտը շահում էր պարզամիտ Արությունը, նրանք էլ հավատալով՝ դուրս էին գալիս մի ջերմեռանդ աղոթք անելուց հետո։
Վերջապես հոգևոր արարողությունն ավարտեցավ, ամենքն էլ քաշվեցան ծառերի տակը, մատաղները մորթոտեցին, կրակները վառոտեցին և բարեկամ բարեկամի գտնելով, ծանոթ ծանոթի, կազմեցին բազմաթիվ խնջույքներ։ Տեր հորն ու Արությունին էլ հրավիրեցին մի սեղանի վրա, ուր հավաքված էին մինչև տասը-քսան գերդաստան, բոլորն էլ զանազան գեղերից, բայց ամենքն էլ միմյանց մոտիկ բարեկամ։ Աղջկերքն ածում էին դահիրանաղարան և պարում, աշըղ Մավջութն ու իր աշակերտ Զուլային էլ իրանց սազի ու քյամանչի ձայները խառնում էին նաղարի դմբդմբոցի հետ, և երբ աղջկերանց պար գալն ընդհատվում էր, երգում էին հայերեն և թուրքերեն տեսակ-տեսակ խաղեր։ Ամենքի երեսին դրոշմված էր ուրախության գծագիրը, ամենքի շրթունքների վերա երևում էր մի քաղցր ժպիտ։ Սուփրան լիքն էր սպիտակ փափուկ հացերով, կաթնահունց նազուքներով, պանիրով և մատաղի խաշլամով ու խորովածով։ Գինին այնքան շատ չէր, բայց էլի այնքան կար, որ երգ չգիտցողին անգամ երգել էր տալիս։ Ով ինչ խաղ գիտեր, ասում էր, չնայած որ արդեն խաղ ասող աշըղ ունեին։ Վերջը խնդրեցին տեր հորը, որ նա մի տաղ ասել տար Արությունին, որին արդեն շրջապատել էին իր մոտավոր ազգականուհիքը և փոխ առ փոխ գգվում ու համբուրում էին իբրև մի փոքրիկ մանուկի։
— Ասա՛, քե մատաղ, ասա՛, խի՞ ես ամանչում, դու մեր Ավետիքի տղեն չե՞ս... նա մի մարդ ա, որ խաղ ասելում հարյուր աշըղ կդնի ջեբը... Ադա Մանվե՛լ, վեր կաց գնա էրեխի կշտին նստի, որ ձայն պահես...
Այս խոսքերն ասողը մի քեթխուդա մարդ էր, իսկ Մանվելը՝ նրա որդին, որ Արությունին հասակակից մի պատանի էր, բայց ավելի առույգ, քան թե Արությունը, որ բավականին նիհար և տկար-առողջ էր։
Տեսնելով, որ տաղ ասելիս մի ուրիշ ընկեր պիտի ունենա, Արությունի սիրտն ահ ընկավ, թե չլինի, որ յուր անծանոթ Մանվելը ավելի լավ ձայն ունենա քան թե ինքը, այդ պատճառով երբ որ Մանվելը եկավ նրա մոտ նստեց, Արությունը նրա տեղը պարզ քաղաքավարությամբ լայնացնելուց հետո՝ ասաց.
— Դու ասա, ես ձայն կպահեմ։
— Ես տաղ չեմ գիտում,— պատասխանեց Մանվելը։
Վերջապես երբ որ «ասա՛, քե մատաղ, ասա՛», կրկնեցին ամեն կողմից ու տերտերն էլ հրամայեց, ծունկ չոքեց Արությունը, որին հետևեց և Մանվելը, և երգեց «Խնկին ծառին նման ես» տաղը, վերջումն ավելացնելով «Անթառամ ծաղիկ» շարականը։
— Ապրես, ապրես, աստված քո հորն ու մորը բաշխի,— ձայն տվին մարդիկ հիանալով նրա քաղցր ձայնից
— Էրնե՜կ քո մոր աչքերին,— լսվում էր կանանց միջից... Մանվելն էլ յուր վերա մի քաղցր տպավորություն զգալով սկսեց ավելի մոտ մոտենալ Արությունին ու մի զմայլմունքի անմեղ ժպիտ բերանին՝ զանազան հարցմունքներ անել։ Այսպես մի քանի տաղ ևս ասել տվին Արությունին, մինչև նոբաթը հասավ զուռնաչի Ցականին, որ իր սիրելի զուռնան փչեց թե չէ՝ մեր պատանիքն ազատություն ստացան, վեր կացան սուփրիցը և ձեռք ձեռքի տված սկսեցին ման գալ բերդի մեջ։
— Ես դեռ չեմ էլած էստեղ, ի՞նչ գեղեցիկ տեղ է, էս ինչքա՜ն մրգի ծառեր կան, տա՜նձ, խնձո՜ր, կասենաս այգի լինի։ Էս որ մեր գեղումը լինի, մեկ հատ չեն թողնիլ ծառի վերա, բոլորն էլ խակ-խակ կթալանեն,— ասաց Մանվելը, երբ որ մի քիչ հեռացել էին խնջույքից։
— Էստեղ էլ չեն թողնիլ, բայց Մովրովն արգելել է, ոչ ոք չի կարող մեկ հատ պոկիլ․ գեղի բաղերումը պատահում է գողություն, բայց էստեղ ոչ ոք չի համարձակիլ մի հատ պտուղ գջլել, Մովրովն իսկույն կգանգատվի խաչին, և խաչը կպատժի գողին։
— Մովրովն ո՞վ է։
— Մովրովը խաչի ղուլն է, թասի մտիկ տվող մի կնիկ է․ հրեն ա՛յ, էնտեղ է կենում իրա մարդի հետ։
— Էն խոտով ծածկված տա՞նը։
— Հա՛։
— Ամառ ձմե՞ռ։
— Հա՛։
— Բա նրանց տուն չունե՞ն, տեղ չունե՞ն։
— Տուն տեղ ունեն, Կախեթումն է։ Ասում են խաչը թույլ չի տալիս, որ մենք մեր տանը կենանք, ասում է՝ «իմ ղուլն եք, պիտի իմ տակին կենաք»։ Էս տեղերն էլ ասում են՝ խաչինն է։ Դրա համար էլ գեղացիք վախում են խաչիցը, ինչ որ ուզում է Մովրովը՝ տալիս են։
— Հա՜... Բա տերտերն ի՞նչ է ասում։
— Մեր տերտերն էլ է վախում. ինչ որ էրի-մ որթի է ստանում, մեծ մասը նրանց է տալիս. ասում է «երկյուղալի է, խաչին կգանգատվին»։
— Հա՜... Ասում են էդ տերտերը շատ գիտուն մարդ է, երնեկ ես էլ դրա աշակերտը լինեի։ Արություն, խոմ չի՞ ծեծում քեզ։
— Ո՛չ, ահա չորս տարի է ես դրա մոտ եմ, դեռ ոչ մի անգամ մատով դիպած չէ ինձ։
— Ի՜նչ լավ մարդ է։ Ի՞նչ է սորվեցնում քեզ։
— Հին ու նոր Կտակարան, շարական, քերականություն, աստվածաբանություն, էլի ուրիշ հազար ու մի բան...
— Հա՜, էդ բոլորն էլ գիտե՞ս։
— Ինչպե՞ս չէ։ Ես շարադրություն էլ եմ անում, ոտանավորներ էլ եմ գրում։
— Հա՜...— բացականչեց Մանվելը, առանց հասկանալու, թե ինչ բան է շարադրությունը կամ ոտանավորը, բայց այդ չգիտենալը նրան ավելի զարմացրեց և համոզեց, որ Արությունը մի չնաշխարհիկ բան է, և նրա ձայնն ու գիտությունը երկնային մի ձիրք։
— Այստեղ ո՞վ է կենում,— հարցրեց Մանվելը ձեռքը մեկնելով դեպի մի փոքրիկ խուղ։
— Այստեղ էլ մի հիվանդ մարդ է կենում իրա կնկա հետ։
— Ինչո՞վ է հիվանդ։
— Ոտներից սկսած մինչև գոտկատեղը չորացած է։ Մովրովը թասին մտիկ է տվել, ասել է՝ «մեր խաչիցն է, պիտի սրա տակին օխտը տարի կենաս, որ պրծնես»...
— Երևի խաչին բարկացրել է էդ մարդը։
— Հա՛։ Ասում են դա մի թերահավատ մարդ է էլել, խաչի չի էլել հավատալիս։ Մեկ օր մի հարս նղավել է, ու սկսել է դրան սպառնալիք տալ խաչի բերանից, դա էլ բարկացել է, բռնել է հարսի մազերիցը քաշքշել, ասել է՝ «դու սատանություն ես անում, քեզ խաչը չէ խոսացնում»։ Սրա վերա խաչը բարկացել է ու դրան էդպես պատժել։
— Հա՜... մեռնեմ խաչի ողորմությունին, իմ երեսս դրա ոտի տակը...— ասաց Մանվելը երկյուղից սփրթնելով և երեսին խաչ անելով և սկսեցին ավելի հեռանալ մինչև հասան Խրամի ձորափը։
— Արի էստեղ մի քիչ նստենք, Արություն,— ասաց Մանվելը։
— Ո՛չ, Մանվել, գնանք, տեսնո՞ւմ ես էն մեկմեկու վրա դրված երեք քարերը, գնանք նրանց վերա նստենք...
— Ո՜ւհ, էս ինչպե՞ս են իրար վերա դրել էս ահագին քարերը...
— Սրանց համար ասում են՝ «երկու եղբայր են եղել, մեկ էլ մեկ քույր են ունեցել։ Երկու եղբայրները երկուսով ներքևի երկու քարը իրար վրա են դրել, երրորդը չեն կարացել. հետո իրանց քույրը եկել է մի ձեռով վերցրել դրել դրանց վերա...
— Ո՜ւհ, ինչքա՜ն ուժով է եղել... ով գիտե, որ երեք գյուղ հավաքվեն մեծով փոքրով, էլի չկարենան տեղիցը շարժել։
Մեր պատանիքը վեր բարձրացան, նստեցան երեք քարի վերա և սկսեցին նայել իրանց առաջով ընկած անդնդաձև խորության վերա, որի միջով Խրամ գետը փրփուրն երեսին գնում էր վշշալով...
— Տեսնո՞ւմ ես ինչ լավ տեղ է,— ասաց Արությունը, ձեռը մեկնելով դեպի Խրամի պատերը։— Ահա էն քարքարուտ տեղը լիքն է նռնով ու թզնով, բայց ոչ ոք չի կարող գնալ քաղելու, ճանապարհ չկա։ Տեսնո՞ւմ ես էն ծակերը, նրանք զաղեք են (քարայրեր), ահ ժամանակներին նրանցում մարդիկ են էլել կենալիս, երևի առաջ հեշտ է էլել էդպես տեղեր բարձրանալը։ Հիմի էլ ով որ քաջ քարագնաց է, կարողանում է գնալ էդպես տեղերը։ Ասում են՝ շատ անգամ արծաթ, պղինձ, հին գրվածքներ շատ են գտնում դրանցում...
— Բայց մեկը որ վեր ընկնի էդ ահագին բարձրությունից, ով գիտե մեծ պատառն ականջը մնա։ Մի բան ասե՞մ, Արություն. էստեղ ամեն ինչ զարհուրելի է։ Մի կողմից էս անդունդները, էս ավերակ վանքերը, էս ահագին բուրգերը, որ ով գիտե քաջքերով լիքն են բոլորն էլ, մեկէլ կողմից էդ թասի մտիկ տվող կնիկը։ Եթե նա ամեն դարտակ բանի համար խաչին գանգատվի, խաչն էլ ում ասես՝ կպատժի։ Դու պետք է զգույշ կենաս, էդ կնկանը չջգրացնես...
— Ինչո՞ւ պիտի ջգրացնեմ։ Նա ինձ շատ սիրում է։ Անցյալ օրը կանչեց ինձ, թուշիցս պաչեց, ու թե՝ «ես ձեր գեղումն էի, քու մերն ասեց՝ որ գնաս, իմ տեղակ երեխիս թուշիցը կպաչես»։ Ես էլ նրա ծծիցը պաչեցի, հետո ասեցի՝ «դեդի, մեկ ինձ համար էլ մտիկ տաս թասիդ»։ Նա թե «շատ լավ»։ Վեր կալավ թասը, ջրով լքցրուց, թասի պռունկներին երկու մոմ վառեց ու սկսեց մտիկ տալ։ Մի քիչ պրկշտոտաց, գլուխը թափ տվեց, մտածեց, հետո ծիծաղեց, թե՝ «լա՛վ, լա՛վ, շատ լավ բախտ ունիս։ Տերտեր կդառնաս, բայց կնիկդ կմեռնի, կերթաս վարդապետ կդառնաս, հետո եպիսկոպոս կդառնաս, հետո կաթող...» ուզեց թե ասել էր, կաթողիկոս կդառնաս, մեկ էլ խոսքը փոխեց, թե՝ «չէ՛, դու տերտեր չես դառնալ, քո մոր սրտինը չի կատարվիլ, ձեր տանը քեզ կատեն, դու կերթաս հեռու աշխարհքներ, բայց աստված քեզ չի կորցնիլ, դու էլի ետ կգաս ու անվանի մարդ կդառնաս»։ Էս ասեց ու սուս կացավ, մեկ էլ թե՝ «էս չլինի, էն կլինի, էն չլինի, էս կլինի...»։ Ես հիմի չգիտեմ, թե որը պիտի լինի։
— Էլ դրա համար ինչու ես մտածում, նրա ասած՝ կամ էս կլինի, կամ էն։ Ես իմ բախտին չեմ մտիկ տալ տված, բայց հայրս ասում է՝ «քեզ պիտի տերտեր օրհնիլ տամ»։ Ինձ հիմի մեր գեղի տերտերի տղան է գիր սորվեցնում, ամեն օր ծեծում է, բայց ես ձեռք չեմ վերցնում։ Հայրս ասում է՝ «Մի քիչ համբերի․ ես քեզ էդ խոզարածի ձեռիցը կազատեմ, կտանեմ քաղաք, էնտեղ լավ կսովրեցնեն»...
— Երանի՜ քեզ, Մանվել, կերթաս քաղաքը կտեսնես։ Իմ քույրն էնտեղ է մարդի տված, բայց ես չեմ տեսել...
— Էդ լա՜վ է։ Իմ քույրն էլ է էնտեղ։ Հորդ ասա, թող քեզ էլ բերի քաղաք։ Ասում են՝ քաղքի տղեքը շատ չար տղեք են, գեղացի երեխանցը ծեծում են, մենք որ միասին լինենք, մեզ ո՞վ կարող է ձեռք տալ։ Արություն ջան, արի ընկեր դառնանք, ես իմ օրումը քեզ մտիցս չեմ գցիլ։
— Էդ շատ լավ ասեցիր, Մանվել ջան, ես դեռ իմ օրումս ոչ մի ընկեր չեմ ունեցել. մեր գեղումը մենակ էի կարդում, էստեղ էլ մենակ եմ կարդում. սիրտս շատ է ուզեցել, որ մի ընկեր ունենամ, բայց չեմ ունեցել։ Ո՜ւր էր, եթե աստված տա, մենք միասին լինենք, ես ինչ որ գիտեմ, բոլորն էլ քեզ կսովրեցնեմ։
Ինչպես Արությունի, նույնպես և Մանվելի սրտի մեջ ընկերության զգացմունքը սաստիկ վառ էր, բայց նրանց լեզուն դեռևս տկար էր այդ զգացմունքի հայտարարը լինելու համար։ Նրանց երկար քնքուշ խոսակցության հետևանքն այն եղավ վերջապես, որ բոլորովին վերացյալ հոգվով իրանց գլխներից մի-մի մազ պոկեցին, և իրար հետ փաթաթելով՝ թաղեցին երեք քարի տակին, առանց մի բան ասելու, բայց կարծես յուրաքանչյուրի սիրտը հետագա խոսքերն էր բարբառում. «Մեր ընկերասիրության ուխտը պիտի անխզելի մնա մինչև այն օրը, երբ մեզ էլ այս փաթույթի պես կթաղեն հողումը»։ Հետո վեր կացան և քայլեցին դեպի իրանց գերդաստանը, երբ Արությունը սկսեց բնազդմամբ երգել հրեշտակային ձայնով Շնորհալու երգերից հետագա տունը.
Սիրո քո հուր արկյալ հերկիր,
Բորբոքեսցի ի հոգիս մեր,
Զխորհուրդ սրտից մեր մաքրեսցե,
Զլույս գիտության քո փայլեսցե
Ի քնո մահու զմեզ զարթուսցե,
Զմիտս բոցովն քո վառեսցե...
Արությունը ծնվել է Թիֆլիսի մոտակա Խաչեն անվանյալ գյուղումը։ Անցյալ դարի վերջերից սկսած մինչև ներկա դարուս սկզբները Ղարաբաղից շատ հայեր գաղթեցին դեպի ամեն կողմ, դրանցից մեկ հատված էլ Խաչենու մհալից եկավ և Բոլնսու ձորումը հաստատեց իր բնակությունը, որտեղից դարձյալ սկսեցին ցրվել. մի քանի տուն միայն գնացին շենացրին մի հին գեղատեղ, և ի հիշատակ իրանց հայրենիքի՝ Խաչենու, նոր գյուղի անունը դրին Խաչեն։ Մի կողմ դնելով պատմական ու աշխարհագրական նյութը, որ մեր խոսակցության թելը շատ չերկարանա, մենք խոսինք միայն այն անձանց վերա, որոնք որևիցե կերպով ազդեցություն են ունեցել Արությունի կյանքի վերա մինչև այն օրը, որ օրը որ պատահեցանք մենք նրան։
Արությունի մայրը՝ Հռիփսիմեն, որի տոհմումը ժառանգական կերպով շարունակվում էր քահանայությունը, ցանկանում էր որ ինքն էլ քահանա որդի ունենա։ Այս իսկ պատճառով Արությունի ծննդյան քառասունքը կատարելուց հետո, երբ Հռիփսիմեն գնաց ժամ նորածին մանկան համար կյանք մաղթելու, Արությունի պորտն ամփոփեց եկեղեցու պատի մեջ և մի ջերմեռանդ աղոթքով նրա կյանքի տնտեսությունը հանձնեց աստծուն և նորա սուրբերին։
Փոքրիկ Թյունին հինգ տարեկան դառած չդառած՝ մայրը տարավ նրան և հանձնեց տեր Ղուկասի աղջկանը՝ Մանիշակին, որ գրագիտության մեջ մի գյուղական տիրացուից պակաս չէր։
Արությունը հազար անգամ լսած լինելով յուր մորից, որ նա գիր պիտի սովորի, կարծում էր, թե այդ մի շատ քաղցր բան պետք է լինի, ուստի ինքն ևս շտապում էր, որ մի օր առաջ վայելեր իր երազած չիր ու չամիչը։
Մեծ պասի առաջին երեքշաբթի օրը նա արդեն փափախը վերցրած և Մանիշակի առջև չոքած՝ սովորում էր «Հանուն հորը» և «Խաչ, օգնյա՛ ինձ» ասելը։ Այդ դժվար չթվաց Արությունին՝ առաջուց սովորած լինելով յուր մորից, և ոչ այբ, բեն, գիմ ասելը դժվարացավ, որ իր սուր հիշողության շնորհիվ խաղի պես սովորել էր առանց նրանց պատկերը տեսնելու, բայց երբ որ Մանիշակը երկու մատի մեջ առավ այս և այն գիրը և ստիպեց Արությունին, որ ճանաչե, այս այնքան դժվար թվաց Արությունին և անհնարին մի բան, որ երբ գնաց տուն ճաշելու, էլ չուզեց վերադառնալ դեպի այբ-բենը։ Այդ նկատեց մայրը և իսկույն լուծիցը մի սամի հանեց, որ Արությունին մի լավ խրատե, բայց Արությունն աղաչեց մորը, որ չծեծե։— Կերթամ, կերթամ,— ասաց — Մանիշակը լավ է քեզանից, նա ինձ չի ծեծիլ։
Եվ ճշմարիտ՝ այնուհետև էլ փախչելու մասին չմտածեց Արությունը և հարկադրվեցավ սովորել ամբողջ հեգարանը, որ երբ ավարտեց, Մանիշակը կապոտեց Արությունի ոտները և ապսպրեց Հռիփսիմեին, որ գա իր որդու ոտները արձակե։
Հռիփսիմեին այդ սովորությունը ծանոթ լինելով՝ շտապեց իր որդու վարժուհու մոտ և խոստացավ նրան մի ճոխ սեղան։ Մյուս օրը պատրաստեց յուղալի թխվածք, հալվա, հավ, մրգեղեն ու գինի։ Այդ բոլորը մի մեծ խռնչում դարսած՝ դրավ ուսին, գավով գինին էլ տվավ Արությունի ձեռքը, տարավ Մանիշակին ու հայտնեց նրան իր անկեղծ շնորհակալությունը։
Մանիշակը շատ գովեց Արությունի սրամտությունը, խոստացավ շուտով սովորեցնել ժամագիրքը և գիր գրելը։ Մանիշակն իր խոսքը կատարեց։ Արությունը բոլոր ժամագիրքն ավարտեց, էլ մի հատ ալելուա չթողեց, բոլորն էլ անգիր արավ, բայց Մանիշակը էլ չկապոտեց Արությունի ոտները, որովհետև էլ ուրիշ սովրեցնելու գիրք չուներ։ Ժամագիրքն էլ ով գիտե ո՞ր քունջ ու պուճախից էին գտել։ Դա մի պապական ժառանգություն էր Հռիփսիմեի հորանց տանը մնացած, մի քանի անգամ կազմած, մեջեմեջ պակասած տեղերը կազմարարների ձեռքով դրված։ Բայց Արությունի ձեռքումը բոլորովին քրքրվեցավ և նա էլ տարավ թաղեց մի տեղ, հավատալով շատերի կատակով ասածին, թե՝ «գիրքդ որ թաղես, նրանում ինչ որ կա, կթաղվի մտքումդ, էլ ետ չի դուրս գալ»...
Զարմանալի պարզամիտ էր Արությունը։ Նա ուներ շատ սուր հիշողություն, իր չհասկացած երկար աղոթքներն ու սաղմոսները շատ հեշտությամբ անգիր էր անում, նմանապես և ամեն մի լսած խաղ, երգ, թեկուզ լիներ թուրքերեն, պարսկերեն, կամ զանազան լեզուների մի խառնուրդ, նրա համար միևնույն էր, բառ առ բառ դասավորվում էին նրա մտքումը, այսպես և ամեն մի լսած առակ, հեքիաթ։ Ինչպես որ ուներ սուր հիշողություն, նույնպես ուներ և յուր հիշողությունն ամբարելու մի անկուշտ փափագ։ Բայց գալով նրա դատողությանը, նրա խելքին, շատ միամիտ էր։ Իր հասակակից բոլոր երեխայքը նրանից խելոք էին. նրանք դատելու, հավանելու, չհավանելու, ընտրելու, մերժելու հատկություն ունեին։ Բայց պետք է ասենք, որ Արությունի հիմարությունը մի բախտավորություն էր և ոչ անբախտություն։ Ուսումնատվության այդ բարբարոս և խավար ժամանակը ոչ մի խելոք երեխա գիր չէր սովորում, նրա խելքումը չէր մտնում, նրա խելքը հակառակում էր, թեև բնազդմամբ, որ այդ ձևով սովորել անհնարին է։ Այդ պատճառով այդ հիմար ձևի տակ ընկճվում էին մեկ այն երեխաները, որոնք լինում էին դատողությունից զուրկ, խեղճ և միամիտ, և մեկ էլ այն երեխաները, որոնք կարգե դուրս հիշողություն էին ունենում։
Արությունը բախտավոր էր և այն կողմից, որ նա չընկավ կոպիտ խալիփաների ձեռք, այլ Մանիշակի, որ շատ քնքուշ մի էակ էր։ Նա սիրեց Արությունին մորից առավել։ Ճշմարիտ է, Մանիշակի քնքշությունը Արությունին ավելի ևս քնքշացրեց և շինեց մի անմեղ գառն գայլերի մեջ, բայց և շատերի աչքն էր ընկնում նա իբրև մի անսովոր շնորհալի երեխա։
Այսպես երբ որ Արությունը տասը տարեկան էր արդեն, մեկ անգամ Շամշուլդու նորընծա տեր Պետրոս քահանան եկավ Խաչեն և իջավ Արությունի հոր՝ Ավետիքի մոտ։ Տեր հայրը յուր ուսումն ստացել էր Սանահնի վանքումը, ուր նրա ժամանակ մի քանի գիտուն վարդապետներ կային։ Սա տեսավ Արությունին, տեսավ նրա ժամասացությունը, գրավարժությունը, ձայնի հաջողակությունը և շատ հավանեց, համարելով նրան մի ինքնաբույս ծաղիկ Խաչեն անապատում։ Ինքն իրան մի հանճարավոր մանկավարժ կարծելով՝ Արությունի երեսի գծագրությունը համեմատեց էֆիմերտեի դիմազննական բացատրությունների հետ ու եզրակացրեց, որ նա մի անսովոր ընդունակության տեր տղա պետք է լինի, ուստի ինքն առաջարկեց Ավետիքին, որ Արությունի կրթության շարունակությունը իրան հանձնե։
Ավետիքն ուրախությամբ կատարեց տեր հոր առաջարկությունը, որովհետև յուր ծանոթ քահանաներից ամենից բարձր էր համարում նրան թե՛ վարք ու բարքի և թե՛ գիտության կողմից։ Եվ այդպես էլ էր։ Հռիփսիմեի ուրախությանն ևս չափ ու սահման չկար, թեև մի կողմից նրա մայրական զգացմունքը՝ կարոտելու մասին՝ տրորվում էին։
Այսպես ահա Արությունը մի նոր վարժապետ ունեցավ, որի մոտ ստացավ վանական ուսումն, Աստվածաշունչ, շարական, քրիստոնեական վարդապետություն, քերականություն։ Իսկ ազատ կարդալու գրքերն էին՝ Հարանց վարք, Այսմավուրք, Պղնձե քաղաքի պատմություն, Յոթն իմաստասիրաց գիրքը, Տաթևացու հատորները, և ուրիշ զանազան բարոյական բովանդակություն ունեցող գրքեր։ Այսպես լրացավ երեք տարին, և տեր հայրն ասաց, որ էլ բան չի թողել, բոլորն էլ սովրեցրել է Արությունին։ Եվ ճշմարիտ՝ տեր հայրը ծույլ չէր բան սովրեցնելումը։ Նա ուզում էր մի լավ աշակերտ թողնել իրանից հետո իբրև հիշատակ, և այդպես էլ նայում էր Արությունի վերա։ Ոչ մի բան չէր ծածկում նրանից և ամեն բան, ինչ որ գիտեր, սովրեցնում էր։ Նա գիտեր գերեզմանի քար գրել, կազմարարություն, այդ էլ սովորեցրեց Արությունին։ Վերջը, երբ ամեն բան հատավ, երբ սովրեցրել էր նաև մատնատումարը, ճյուղագրություն անելու ձևը, ինչ որ յուր կյանքումը մի հեքիաթ, առակ, հանելուկ ու առած էր լսել, բոլորն էլ ասել էր Արությունին, այնուհետև սկսեց մի այնպիսի բան սովրեցնել, որ ինքն էլ պիտի նոր սովորեր. դա էր Ալբերտի Աստվածաբանությունը, որ պիտի ըմբռներ տասներեք տարեկան երեխան։ Միայն Արությունը չէր, որ իբրև մանուկ, շատ միամիտ էր, նրա վարժապետը, որ հիսուն տարեկան մարդ էր, նրանից ավելի միամիտ էր։
Ալբերտի Աստվածաբանության սովորելը պետք է հիմնվեր մի շատ առաքինի վարք ու բարքի վերա և սուրբ կուսին պետք էր միջնորդ ունենալ, ինչպես սկզբումը մի ոտանավորի մեջ ասում է. Նաև հավետ աղոթեսցես,
Զկույսին միջնորդ քեզ արասցես․
Ոչինչ շնորհ ինչ լիցի քեզ,
Թե կույսն իցե առ քեզ անտես։
Այս պատճառով Արությունի խաչ ու Ավետարանը դարձավ Աստվածածնի միակ պատկերը, որի առջև ստեպ-ստեպ ծունկ չոքելով՝ միշտ այս էր կրկնում. — «Դո՛ւ, ո՛վ տիրամայր, դո՛ւ, որ բթամիտ Ալբերտին տվել ես այնպիսի հիանալի շնորհք, ինձ էլ տուր»... Արությունի հոգին վերանում էր Աստվածածնի պատկերի առջև և նրա աչքերը լցվում արտասուքով։ Նա չէր ուզում վեր կենալ տեղիցը, մինչև չէր զգում մի հանկարծակի տաքություն և աչքերի մթնումն։
Տեսնելով, որ Արությունը շատ է ճնշում իրան, մանավանդ պահելով ս. Կարապետի պասը, որ նրան զարդարեր հիանալի շնորհքով, հետզհետե նվազում է և կորցնում առողջությունը, տեր հայրն ազատեց նրան Ալբերտի ձեռից և թույլ տվավ, որ ազատ ման գա, խաղա, որքան կամենում է։ Բայց մտածողությունն արդեն սկսել էր ներս սողալ Արությունի ուղեղի մեջ։ Նա յուր ազատ ժամանակը, ծառերի տակ, զովարար ստվերներում նստած, քարոզներ էր գրում, կամ ոտանավորներ հյուսում, որ տեսնե, թե ս. Կարապետը կամ Աստվածածինը որքան շնորհք են ավելացրել։
Այսպես՝ թեպետ տեր հայրն այլևս չէր դաս տալիս Արությունին, բայց երբ գյուղից քեթխուդաները՝ պարապությունից՝ հավաքվում էին տերտերի մոտ զրույց անելու, տեր հայրն այդ ժամանակ կանչում էր Արությունին և հարցնում արդեն սովորած դասերից։ Այսպես տեր հայրը մի քանի բառ հոլովել ու մի քանի բայ խոնարհել տալուց հետո՝ հարցնում էր Արությունին.
— Ի՞նչ կնշանակե բառս՝ վարունգ։
— Խիա՛ր,— պատասխանում է Արությունը։
— Խարբուզակին գրաբառ ի՞նչ կասեն։
— Սե՛խ։
— Ձմերուկի՞ն։
— Մեղրա՛պոպ։
— Ըստ մասանց բանի զի՞նչ է բառս՝ «հուշկապարիկ»։
— Է անուն,— պատասխանում է Արությունը, բայց քեթխուդեքն ուզում են իմանալ, թե ի՞նչ ասել է «հուշկապարիկ». ընդհատում են տերտերի հարցաքննությունը և խնդրում են, որ նա առաջ մեկ բացատրե այդ բառի ստուգաբանությունը։ Տեր հայրն իսկույն նույն բառի նշանակությունը հարցնում է Արությունին, որով ուզում է ցույց տալ, թե այն, ինչ որ իրանից են ուզում իմանալ, իր աշակերտն էլ գիտե։
— Ի՞նչ ասել է «հուշկապարիկ», Արություն.
— «Հուշկապարիկ» են ասվում այն կենդանիքը, որոնք կեսից վեր ուրիշ կենդանի են, կիսից վայր՝ ուրիշ։ Օրինակ՝ կան այնպիսի կենդանիք, որոնք գոտկից վերև կնկա նման են, իսկ գոտկից ներքև՝ ձկան, թռչունի, իշի և այլն։
Այս բացատրությունը լսելով քեթխուդաներից շատերը զարմանում էին, իսկ ավելի ծերերը այդպես բաներ շատ լսած լինելով՝ շատ չէին զարմանում և ասում էին.
— Աշխարհքումս ինչ ասես, թե չկա. ասած է՝ «Շատ ապրողը չի շատ բան գիտենալ, շատ ման եկողը կգիտենա»։ Մեկ անգամ մի մղդսի էր եկել մեր գեղը, էլ աշխարհք չէր թողել, չիմ էլ ման էր եկել, Հնդստան, Արաբստան, Հաբեշստան, Չինմաչին, Փռանգստան... մի խոսքով՝ էլ աշխարհք չէր թողել, չիմ էլ ոտի տակն էր տվել։ Ի՞նչ ասես, թե նրա գլխովը չէր անց կացել։ Է՛ն բաներն էր պատմում, որ լսելիս մարդի մազերը փշաքաղվում էին։ Ասում էր մի աշխարհք ընկա, էնտեղի մարդիքը շների նման էին...
— Էդ ճշմարիտ է. «շնագլուխների» աշխարհքն է եղել,— ասաց տեր հայրը։
— Տերտեր ջան, քու կարգին մեռնեմ, նա մղդսի մարդ էր, Երուսաղեմի լուսը տեսած, մեռնեմ զորությունին, սուտ ի՞նչպես կասեր։ Ասում էր մի աշխարհք ընկա, էնտեղի մարդիկը՝ հատ աչքանի էին։
— Ճշմարիտ է,— հաստատեց տեր հայրը,— նրանց կասեն «քյալլա-գյող», «թափա-գյող», որ կնշանակե «ճակատ-աչք», որովհետև ունեցածները մի աչք է, էն էլ ճակատի մեջտեղը։
— Ասում էր՝ մի աշխարք ընկա, էնտեղի մարդոց հասակը մի թիզ էր...
— Ճշմարիտ է, դա ասվում է «Թզկաց աշխարհ»...
— Ես ի՞նչ գիտեմ, էնքան բաներ էր ասում, որ ես ո՞ր մեկն ասեմ... Հապա՞, մենք ի՞նչ ենք տեսնում էս ձորի միջին։ Ուսում էլա չունինք, որ բան գիտենանք, հիմի մենք էդ երեխի չափ բան չենք գիտում... Ա՛յ մեր տերտերը, ճշմարիտ է, շատ տեղեր չի ման եկած, բայց գետնքի տակ ու գլուխը գիտե. ինչո՞ւ, որովհետև ինչ ասես գրքերումը գրված է...
Տեր հայրը շարունակում էր յուր հարցաքննությունը։ Հարցնում էր աստվածաբանությունից և ուրիշ դասերից, Արությունն էլ համարձակ պատասխանում էր և զարմացնում քեթխուդաներին։
— Սա կամ իր մուրազին չի հասնիլ, կամ թե որ ապրեց, տերտերիցն անց է կենալու... զարմանք բան է, էսքան պստիկ տղե՞ն էլ էսքան բան կգիտենա,— ասում էին քեթխուդաները իրար մեջ՝ Արությունի քամակին։
Տերտերակինը, որ շատ անգամ իր ականջով լսում էր այդ խոսքերը, նեղանալով տերտերի վերա, ասում էր նրան.
— Էս գեղըցիք չտես են, երեխին աչքով կուտեն. պառավ Գևոյի աչքը քար կպատռի. դրանց մոտ ո՞ւր ես բան հարցնում...
Թեպետ տեր հայրն ևս հավատում էր այդպիսի նախապաշարմունքների, բայց «կնկա խոսքին չլսելու» նախապաշարմունքն ավելի զորեղ լինելով նրա մեջ, շարունակում էր իր հարցաքննությունները, մանավանդ որ դրանով իր անունն ու պատիվը ավելի ևս բարձրանում էր և հաստատվում ժողովրդի կարծիքը, թե նրան հայտնի է գետնքի տակ ու գլուխը։
Պետք է ասել, որ տեր Պետրոսը որքան որ հարգելի և պատկառելի էր ժողովրդի աչքում իբրև գիտնական, մի նույնքան և առավել ևս նա սիրելի էր դարձել իր անընչասիրությունովը։ Նա սովորություն չուներ նայելու, թե ինչ են տալիս իրան։ Չտված ժամանակն ևս դարձյալ ոչինչ չէր խոսում։ Շատ չքավոր էր, բայց իր չքավորությունից դարձյալ բաժին էր հանում կարոտյալներին և ինքը ցամաք հացով էր բավականանում։ Նրա հավատի պարզությունը մնացել էր անարատ և անխախտ, եթե միայն կարելի է հավատ անվանել սնահավատությունը։ Նա անխտիր հավատում էր ամեն գրված և տպված գրքի, ամեն մի պառավական խոսքի, ամեն մի հիմար նախապաշարմունքի։ Նա մի ժամանակ պարապում էր «Սողոմոնի» ասված թալիսմանագրով, ինչպես և իր ժամանակի բոլոր գիտնական համարված վարդապետներն ու տերտերները, թեև ծածկաբար։ Այս հանգամանքը ոչ միայն չէր պակասեցնում տերտերի պատիվը, այլ ընդհակառակն նրան ավելի ևս բարձրացնում և դասավորում էր աստղաբաշխների կարգումը։ Այս բանը հայտնի եղավ Արությունին բոլորովին դիպվածաբար։
Մեկ օր Արությունը տերտերի առջև չոքած դաս էր առնում Ալբերտի Աստվածաբանությունը։ Խնդիրը աստծո էության և երրորդության մասին էր, խոսքերը խրթին, միտքն անըմբռնելի։ Արությունի աչքերը մթնեցան ու նա վայր ընկավ նվաղած: Սառը ջուր ածեցին Արությունի վերա և ուշքի բերին։ Այս դիպվածից մի քանի ժամ չանցած՝ տեր հայրը բաց արավ մի հին սնդուկ և նրա միջից հանեց մի մեծ կապոց ձեռագրեր։ Տեր Պետրոսը ծանոթացրեց Արությունին այս նոր մատենադարանի հետ։ Ջոկ-ջոկ տետրակներ էին գույնզգույն մելանով գրված վերնագրերով — «Գիր հոպոպի», «Գիր համասփյուռ ծաղկի», «Գիր հավախոսի», «Գիր չբերք կնոջ» և այլն մանր մունր գրքեր, իսկ մի մեծ հատորի վերա գրած էր՝ «Գիր Սողոմոնի»․․․
Արությունը լսած լինելով այս գրքերի մասին, թե՝ «ով որ ունենա, նա ինչ որ ուզենա աշխարհիս երեսին՝ կանե», նրա երեսի գույնը թռավ սաստիկ ուրախությունիցը, թե այժմ պիտի ստանա այն վերին գիտությունը, որ էլ ոչ մի հողեղեն չպիտի կարողանա իրեն հասնել․․․
Մյուս օրը՝ դեռ արեգակը չծագած՝ տեր հայրը հրամայեց Արությունին, որ հիշյալ մեծ հատորը վեր առնե երթա այգին, ինքն էլ շուտով կերթա։ Արությունն ստանալով յուր ցանկալի առարկան, մինչև այգին մի շնչում վազեց, որ մի րոպե առաջ տեսներ, թե ի՞նչ կա, ի՞նչ չկա նրա մեջ։ Նա դեռևս իր հետաքրքրությունը կես մի չլցուցած՝ տերտերը հասավ երկեն տեր-ողորմյան ձեռքն առած։
— Արություն, որդի, դու որ «ազա՛ր» ես ունեցել, ինչո՞ւ մինչև հիմա ինձ չես ասել։— Այս ասելուց հետո տեր հայրը բացեց գիրքը, կարդաց մի խրատ՝ թե ժամի քանիսին պետք է գիր անել, և նախ և առաջ մի ժամացույց շինեց։ Թղթից մի շրջանակ կտրեց և քսանչորս հավասար բաժին արավ, յուրաքանչյուր բաժնի վերա մի թվանշան դնելով։ Շրջանակի մեջտեղը ցցեց մի շյուղ և սպասեց արեգակի ծագելուն, որ ծագեց թե չէ, թուղթն այնպես հարմարեցրեց, որ շյուղի ստվերն ընկավ 1 թվանշանի վրա։ Այդ արդեն կնշանակեր, որ ժամի մեկն է առավոտյան։ Գիրը պետք է աներ ժամի երկուսից սկսած։ Արեգակը քիչ-քիչ բարձրանալով՝ շյուղի ստվերը հասցրեց 2 թվանշանին։ Իսկ տերտերը մինչև այդ ախտարք էր անում, որ գտնե Արությունի աստղը։
— Մորդ անունն ի՞նչ է,— հարցրեց տեր հայրը։
— Հռիփսիմե,— պատասխանեց Արությունը։
— Հոն՝ երեք, ռան՝ մեկ, ինին՝ ութ, փյուրը՝ չկա, սեն՝ չորս... Այսպես համրելով և տերողորմյան գցելով՝ ախտարք արավ տերտերը, այսինքն մոր և որդու անունների տառերի թվերը գրքի աղյուսակի մեջ նշանակած թվերի համեմատ հաշվեց, բոլոր գումարը եղավ քսանինը։ Այդ քսանինից տասներկու-տասներկու դուրս գալով, տեղը մնաց հինգ, որ ասել է Արությունի աստղը հինգերորդ կենդանակերպն էր, որ էր Առյուծը։ Բացեց Առյուծը, որ տեսնե, թե այդ կենդանակերպի տակ ծնված մարդի ցավին ի՛նչ դեղ է ասել դևը Սողոմոնին։ Չարը պատասխանել էր Սողոմոնի հարցին այսպես.— եթե այսինչ երեք թիլիսիմները գրվին սև հավի կամ աննշան սև ոչխարի արյունով, մեկով լվացվի հիվանդը, մյուսով ծուխ տա իրան, և երրորդը կտրել տա իր աջ բազուկին, այնուհետև նա կառողջանա և նրան այլևս ոչ մի վնաս չի տալ դևը։
Չար դևի բարի խորհուրդը կատարելուց հետո տեր հայրն սկսեց սովորեցնել Արությունին այս ամեն գաղտնիքները, որ պարունակվում էին այդ գրքի մեջ և պատմեց իր արած փորձերի մասին։ Նա ասում էր, թե եղել է մի Հակոբ անունով պատրիարք, որ շատ լավ է իմանալիս եղել ոչ միայն Սողոմոնի, այլև «Վեցհազարյան» ասված թալիսմանագրի գործ դնելը, որով երես առ երես հարաբերություն է ունենում չարերի հետ։ Նա պատմում էր, որ յուր վարժապետներից մինը ևս՝ Գիրսաս անունով՝ նրանից ետ չէ, որ վարդապետ մարդ լինելով, ուրեմն և հարուստ, թանկ գնով ձեռք է բերում այն ամեն հատերն ու դեղերը, որ դյութչության համար կարևոր են, որ եթե մոտ քաղաքներում չեն գտնվում, նա բերել է տալիս Ստամբոլից, Հնդստանից և ուրիշ հեռավոր տեղերից։ Տեր հայրը հայտնում էր, որ հոգևորականներին արգելված է այդպիսի բաներով պարապելը, բայց նա չէր ասում, որ այդ արգելելու պատճառն այն է, որ այդպես բաները ստություն են միանգամայն և խաբեբայություն, այլ թե քրիստոնյաներին փրկելու համար սուրբեր կան, խաչեր կան և թե ով որ սատանայի զորությունով կփրկե մարդու, նա գերի կընկնի այն սատանայի ձեռքը, զոր երախտահաս է եղել նրան։
— Բայց այս էլ կա,— ավելացնում է տերտերը,— որ եթե գժերի և հիվանդների կլավացնես, էդ մեղք չէ, վարձք է, բայց եթե «չիլա» կմտնես, չարերի հետ պայման կանես, որ ինչ հրամայես, ասածդ կատարեն, և այնուհետև դու էլ սկսես սիրո գրեր անես, կնանիք մերկացնես, մարդիկ գժվացնես, երկինքը կապես, ահա այդ ժամանակը հոգիդ կընկնի նրանց ձեռքը...
Բայց ինչ ուզում է լինի, գիտենալը մեղք չէ, անելն է մեղք։ Միայն ինչ որ անես, պետք է թաքուն անես, որ չիմանան, եթե ոչ՝ էլ սերտեր չեն օրհնիլ, ինչպես որ ինձ չէին օրհնում...
Հիրավի, Ներսես կաթողիկոսն արգելել էր հոգևորականներին կախարդական գրքերի գործադրությունը, հավաքել էր տալիս այդ գրքերը և տերերին պատժում, բայց հավաքող վարդապետները կամ գրրծակալները շատ անգամ իրենք էին սեփականում այդ գրքերը՝ հավատալով նրանց հրաշքներին։ Չէին ասում «սուտ է», այլ թե «մեղք է»։ Մեր եկեղեցին նզովում է այդ գործով պարապողներին, իբրև չարագործների, բայց ոչ իբրև խաբեբաների և խաբվածների, որովհետև սատանայի գոյությունն ընդունելուց հետո կարող չէ չընդունել և նրա չարագործությունը...
Արությունը, որ անհագ սիրով հավատ էր ընծայում տեր Պետրոսի բոլոր ասածներին, աշխատում էր, որ ինչ գիտե չգիտե տերտերը, բոլորն էլ ամբարե իր հիշողության մեջ։ «Գիտենալ խոմ մեղք չէ, անելն է մեղք», կրկնում էր Արությունը տերտերի ասածը և միշտ հարցնում էր տերտերին այն բաների մասին, որոնք շարժում էին նրա հետաքրքրությունը։ Սակայն ոչ մի անգամ չէր պատահում, որ տերտերն ասեր, որ այդ բանի մասին տեղեկություն չունի ինքը։ Նա ամեն բան գիտեր, այսինքն հավատացած էր, որ գիտե։ Եթե օրինակ՝ Արությունը հարցնում էր երկնային մարմինների մասին, արեգակի, լուսնի, աստղերի, տեր հայրը պատասխանում էր, որովհետև Գրիգոր լուսավորիչը և Բարսեղ Կեսարացին մի հարց ու պատասխանով լուծել էին այդ խնդիրը։ Եթե խնդիրը վերաբերում էր այն կյանքին, այդ ավելի պարզ էր տերտերի համար, քան թե այս կյանքը. «արդարոց կյանք հավիտենական և մեղավորաց տանջանք հավիտենական»։ Այսպիսով ահա Արությունը տերտերի բոլոր փիլիսոփայությունը սովորեց և ինքն էլ դարձավ մի փոքրիկ փիլիսոփա, մեծ բաներ գիտցող, փոքրիկ բաներին անտեղյակ։ Հայոց պատմագիրներին ծանոթ չէր տեր հայրը, նա չէր տեսել և ոչ կարդացել Խորենացի, Եղիշե, Փարպեցի, Եզնիկ, Դավիթ և այլն, այդ պատճառով՝ ազգ, հայ, հայրենիք, Հայաստան բառերը Արությունի ականջին չդիպան ոչ մի օր։ Խոսք էր լինում միայն հայոց կրոնի մասին, և տերտերն ասում էր՝ «աշխարհիս երեսին միակ ճշմարիտ կրոնը հայոց կրոնն է, բայց հայերն իրանք անմիաբան ազգ են, դրա համար էլ կորցրել են իրանց թագավորությունը։ Հայոց թագավորները շատ գոռոզ են եղել, շատ ամբարտավան, ձիով են եղել գնալիս եկեղեցի։ Անի քաղաքացիք էնքան գոռոզացել են, որ ծաղրում են եղել բոլոր վարդապետներին։ Ասում են՝ եթե գալիս էր մի երկայնահասակ վարդապետ, նրա առջև դնում էին շատ ցածր գրքակալ, որ վարդապետը կռանա, և իրանք ծիծաղեն, իսկ եթե կարճահասակ էր լինում, բարձր գրքակալ էին դնում, որ վարդապետը վեր-վեր ձգվի։ Մեկ անգամ էլ ահա էդ վարդապետներից մինը անիծեց, ու քաղաքը քանդվեց իսկույն երկրաշարժով։ Հիմա էդ քաղաքը կա, բայց ոչ ոք չի կարող բնակիլ այնտեղ, որովհետև «անիծված է»։
— Ափսո՜ս,— ասում էր Արությունը, սաստիկ բարկանալով ամբարտավանություն անողների վերա և ընկնում էր մի խորին և անբացատրելի տխրության մեջ։ Դ
Երբ որ Արությունը գնաս-բարով ասաց Մանվելին և հեռացավ, այնուհետև սկսեց երևակայել մի բոլորովին իրան անծանոթ աշխարհ։ Նա գիշերը երազումը տեսնում էր, որ իբր թե քաղաքումն է, ման է գալիս նրանում, որ Մանվելին գտնի, տեսնում էր նրան իրանից հեռու կանգնած, կանչում էր, բայց Մանվելը չէր լսում. սկսում էր բարձր բղավել, և իր ձայնն ինքը լսելով՝ զարթնում էր և ափսոսում, որ զրկվեցավ Մանվելի տեսությունից։ Շուտով աչքերը խփում էր, որ էլի պատահի Մանվելին, բայց՝ իր ցանկության հակառակ՝ պատահում էր օձերի, վիշապների, որոնցից սաստիկ վախենալով սկսում էր փախչիլ, բայց օձերը նրա չորս կողմը կտրում էին, նա մնում էր շփոթված, ուզում էր թռչիլ դեպի վեր և թռչում էր թռչունի պես։ Թռչում էր Արությունը և սկսում էր բարձրից ծիծաղել օձերի վերա և նրանց գլխին օփսուն կարդալ, որ սովորել էր տեր հորից։ Այսպես լողալով օդի մեջ, իջնում էր Արությունը մի բլուրի կամ բարձր քարի վերա, բայց իսկույն զարթնում էր և ափսոսում, որ զրկվեցավ թռչելուց։— Ինչո՞ւ, ասում էր, դեպի քաղաք չէի թռչում։ Դարձյալ աչքերը խփում էր, որ երազի մեջ թռչի դեպի քաղաք, բայց սրա հակառակ, իր գրքերի մեջ գտնում էր զանազան ձեռագիր մատյաններ, որոնց մեջ դրված էին լինում փակագրերով արձանագրություններ, խրթին շարադրություններ, զարհուրելի ճիվաղական պատկերներ, թալիսմաններ, անըմբռնելի աղոթքներ, չարչարվելով, տանջվելով կարդում էր, բայց ոչ մի բառ կարդացածիցը չէր հասկանում, սաստիկ նեղանալուցը հանկարծ զարթնում էր և տեսնում, որ շատ քրտնել է։ Հիշում էր իր երազը, բայց ոչ մի բառ կարդացածիցը միտը չէր ընկնում։
Այսպես մի քանի ամիս անցած՝ տեր հայրը մի երեկո հայտնեց Արությունին, թե վաղը առավոտյան պիտի երթա քաղաք, և նրան էլ ուզում է հետը տանել, ցույց տալ քաղաքը։
Արությունի երեսի գույնը թռավ սաստիկ ուրախանալուցը, և մի քանի րոպե ոչինչ չխոսեց, կարծելով թե երազումն է այս խոսքերը։ Էլ ընթրիք անել չկարողացավ, ուրախությունը հացի տեղ բռնեց, բայց վերահաս գիշերը տարի դարձավ Արությունի համար, նրա քունը երկինք փախավ։
Վերջապես լուսացավ, տեր Պետրոսը հեծավ ձին, Արությունին էլ առավ գավակը և մի քաղցր խոսակցությունով վարժապետ ու աշակերտ ճանապարհ ընկան դեպի Թիֆլիս:
— Տերտե՛ր... (Բան է ուզում հարցնել Արությունը)։
— Ի՞նչ է, որդի... լանդու-լանդու մի՛ անիլ, թամքը կծռես, ձիու մեջքին կդիպչի:
— Չէ՛, ես շիտակ եմ նստած։
— Ի՞նչ էիր ուզում ասել։
— Էն օրը Դարզանց Օսեփը մի բան հարցրեց, չիմացա թե պատասխան էի տվել, շատ ամաչեցի։
— Ի՞նչ հարցրեց.
— Հարցրեց, թե «դժոխքումը քանի հոգի կան», ասացի՝ չգիտեմ...
— Էդ ի՞նչ բան է, որ չես գիտացել. մի՞թե ես չեմ ասել քեզ։
— Ո՛չ, դու ինձ չես ասել, և ոչ էլ կարդացել եմ։
— Էդ ես էլ չեմ կարդացել, որդի, ամեն բան որ գրեին, ոչ թուղթ հերիք կաներ, ոչ թանաք։ Ականջ արա, ես քեզ ասեմ։ Երբ որ Քրիստոս Հոգվովն ի դժոխս իջավ, բոլոր հոգիքն ազատեց, միայն թողեց չորսը,— Կայենին, Հուդային, Սողոմոնին ու Անակին։ Գրիգոր Լուսավորիչը որ ձեռքը Քրիստոսին տված՝ դժոխքի դռնովը դուրս էր գալիս, ետ մտիկ տվավ։ Քրիստոս իմացավ, որ Գրիգորն իր հոր համար է մտիկ տալիս,— հը՞, ասաց, մեղքդ է գալի՞ս. թող քո խաթրու դժոխքի սյունը ականջիցը հանեն, աչքումս դնեն։ Էնպես էլ արին, նա մնաց էնտեղ, Գրիգոր Լուսավորիչը չկարաց իր հորն ազատել դժոխքիցը։ Բայց Սողոմոնն իր իմաստությունը դժոխքումն էլ բանեցրեց։ Երբ որ տեսավ, թե Քրիստոսը նրան թողեց էնտեղ, սկսեց գլուխը քաշ գցած ետ ու առաջ անցուդարձ անել դժոխքումը սաստիկ բարկացած... Սատանեքը, որ Քրիստոսի ներս մտնելիս փախել էին, նրա գնալուց հետո էլ ետ թափվեցան դժոխքը, դրանք որ Սողոմոնին տեսան, մնացին զարմացած, թե սա ինչո՞ւ է մնացել այստեղ, բարի բանի համար չի լինիլ, երևի Քրիստոսի պակաս թողածը սա է ուզում լրացնել։ Հետո մոտենալով Սողոմոնին, հարցրին.— Է՜յ, ուստա Սողոմոն, էստեղ ի՞նչ էս շինում, էդ ի՞նչ էս չափում չափչփում մտքիդ խորն ընկած։
— Ձեզ համար գերեզմանատեղ եմ չափում,— պատասխանում է Սողոմոնը։— Քրիստոս ինձ հրամայեց, որ այս դժոխքի տեղը մի մեծ տաճար շինեմ, իմ Երուսաղեմում շինած տաճարիս ձևով, այն զանազանությունով միայն, որ այս տաճարն իր հիմքի տակ պիտի ունենա մի կամարակապ խոր անդունդ, ուր պիտի ամփոփեմ ձեզ, որ այնտեղ մնաք հավիտյան և էլ լույս աշխարհ չտեսնեք։ Սատանեքն ասում են․
— Ի՞նչ ես ասում, Սողոմոն, այդ ինչ անգութ մարդ ես դու. աշխարհի վերա մեզ քի՞չ տանջեցիր, հիմա էլ էստե՞ղ ես ուզում տանջել։ Ո՛չ, այդ քեզ չի հաջողվիլ, այս մեր բնակարանն է... եկե՛ք, եկե՛ք, Ուրիել, Սադայել, Դակուել... բոլոր դևերն իմաց են տալիս մեկ մեկու, հավաքվում են և Սողոմոնին ցիմ-ցիմ վեր են կալնում, դժոխքիցը հանում ու դնում դրախտի ճանապարհի վերա։ Այսպես գնաց Սողոմոնը, որ դրախտն ընկնի, ճանապարհին՝ Ձիթենյաց սարի տակով անց կենալիս վերև մտիկ տվավ, տեսավ Ադամին Քրիստոսի կողքին նստած։ Սողոմոնը Ադամին որ տեսավ, ասեց՝ «Օրհնյա՛ տեր», Ադամն էլ իր ձեռքը Քրիստոսի կուրծքին դնելով՝ ասեց՝ «Աստված օրհնե»... Քրիստոսն էլ Սողոմոնի իմաստությունը գովեց, թե՝ «Ես ինքս գիտեի, որ դու դժոխքումը կենող պտուղ չես»... Ահա էսպես, հիմա իմացա՞ր։
— Իմացա՛, իմացա․․․ Ես հիմա երկու բան սովորեցի. մեկ՝ թե դժոխքումը քանի հոգի կան, մեկ էլ որ՝ թե «օրհնյա տերն ու աստված օրհնեն» ինչ ժամանակից է մնացել և ով է եղել դրա առաջին ասողը... Հիմա ես ամեն բան էլ գիտեմ, մնացել են էն բաները միայն, որ գրքերումը չկան։
— Չէ՛, որդի, էլի շատ գրքեր կան, որ դու դեռ չես տեսել... ճարտասանություն, տրամաբանություն, Սաղմոսի մեկնություն, էլի ուրիշ հազար ու մեկ մեկնություններ կան։ Ես չունիմ էդ գրքերը, թե չէ ես ինքս կսովրեցնեի։ Բայց էլ ինչի՞դ է պետք, որդի, շատ կարդալը․ չես լսե՞լ, որ ասում են՝ Հաստ ու բարակն է մի գին,
Վայ գա բարակ մանողին...
Տեր Կիրակոսի տղին ճանաչո՞ւմ ես, էն խոզարածին,— ի՛նչ խոզարած, բռի արջ է։— Մի դարտակ «և ևս խաղաղության» է սովորել, ուզում է տերտեր դառնալ։ Ինձ խնդրում են, որ գործակալին հայտնեմ, որ գնա առաջնորդին բարեխոս ըլի։ Հիմի էլ հենց նրա համար եմ գնում։ Եկան հայր ու որդի, աղաչանք արին, ես էլ չկարողացա «չէ» ասել... Է՜հ, իմ ինչի՞ս է հարկավոր, մեղքն օրհնողի շլնքին․․․ Բայց ես մնացել եմ զարմացած։ Ասում եմ՝ «եկեղեցու յոթը խորհուրդը գիտե՞ս», ասում է՝ «չէ», «շարական ասել գիտե՞ս»,— «չէ», կարդալ, գրել, Տոնացույցի մտիկ տա՞լ,— «չէ»։ Օրհնվա՛ծ, ասում եմ, էլ ուրեմն դու ի՞նչպես պետք է քահանայություն անես։— Ես ի՞նչ անեմ, ասում է, հայրս ինձ ստիպում է, թե պիտի տերտեր դառնաս, որ իմ տեղը քեզ մնա, չե՞ս կարող, ասում է, սաղը կնքել, մեռածը թաղե՞լ, էդ ես հետո էլ կսովրեցնեմ, մի տասը թուման է առաջնորդի ջանը, ի՞նչ կասի, որ չի ձեռնադրիլ. «կաշառքը դրախտի դուռը բաց կանի»․․․
Մեկ ասող ըլի դրան, թե դու ինքդ ի՛նչ գիտես, որ դրան ի՜նչ սովրեցնես։ Աղոթքներն ու մաղթանքները բոլորը կիսատ է թողում, տիրացուի կողքին բռթում, որ շուտով քարոզն ասի։ Ավետարան կարդալիս մի գլուխ հազում ու նմնմացնում է, ոչ մի բառ ամբողջ չի դուրս թողնում բերնիցը, տառերի մեծ մասը կուլ է տալիս։ Դրանց եկեղեցու շարականի մեծ մասին դեռ ձեռք չի տված, հարության օրերին ապաշխարության շարական է ասում։ Բայց ինչպես թանկ է ծախում իր տերտերությունը, ամեն մի ծես կատարելիս փողն էս գլխիցն է առնում, էն էլ մեկն երկուսով, ում ուզում է՝ հաս է գրում, ում ուզում է՝ չհաս․․․ Չէ՛, դա անիրավություն շատ է անում, դրա համար քահանայությունը մի սուրբ պաշտոն չէ, այլ մի տեսակ չարչություն։ Ես գործակալի պաշտոնակատար եմ, որ ուզենամ, դրան պատժել կտամ, բայց ինչի՞ս է պետք, մենակ դա չէ էդպես, բոլորն էլ էդպես են, մեղավորը դրանց ձեռնադրողներն են․․․ Հապա՜, որդի, էսպես բաներ էլ կան աշխարհքիս վերա, աստված պահի, կմեծանաս, շատ բան կտեսնես...
— Ես որ տերտեր դառնալու լինիմ, մինչև ամեն բան լավ չգիտենամ, չեմ դառնալ։
— Որդի, մարդս պետք է բնական ուսում ունենա, շատ կարդալով ոչինչ չի սովորիլ։ Տես՝ ինչքան մարգարեք են եղել, ինչքան առաքյալներ են եղել, նրանցից ոչ մեկն ուսում չի առել, բայց աստված տվել է նրանց շնորհք, իմաստություն, լեզվագիտություն...
— Բայց մեկ անգամ դու չասացի՞ր, տերտեր, թե մարգարեքն ու առաքյալները որ կան, աստծու աշակերտներն են, նրա ընտրածները, բայց մենք հասարակ հողեղեններս պետք է հողեղեններից բան սովորենք, պետք է աշխատենք... ես ինչքան պաս եմ պահում, աղոթք եմ անում, բայց որ չեմ սովորում դասս, ինքն իրան անգիր չի լինում։ Ճշմարիտ է, շատ գիշերներ երազումս կարդում եմ զանազան գրքեր, շարադրություններ, բայց միտս չեն մնում։
— Ես էնպես ասել եմ, որ դու աշխատես, չծուլանաս, խոսք էր, բերանս եկավ, ես էլ ասացի. բայց դու հավատա, որ եթե մեկը աստծո տված խելքիցը զուրկ լինի, նա ինչքան էլ ուսում առնի, ոչինչ չի դառնալ։ Հիմա տես, դու սիրում ես ուսում առնելը, էդ սերն աստված է գցել քո մեջ. բայց էնպեսները կան. որ ուսման սեր չունին, զոռով ստիպում են նրանց, որ մի բան սովորեն։ Բայց դու ուզում ես, այնպես չէ՞, դու ուզում ես շատ ուսում առնես, շատ բան գիտենաս...
— Երբ որ ասում ես, դեռ էլի շատ բան կա, որ ես չեմ կարդացել, ինչի՞ չկարդամ...
— Շատ լավ, հիմի գնում ենք քաղաք, եթե կուզես, ես քեզ կթողնեմ էնտեղ, որ մտնես ուսումնարան և շատ բան սովորես...
Մեր տերտերը հազարից մեկ անգամ մի ուղիղ բան էր ասել, բայց դուրս է գալիս, որ էդ էլ պատահմամբ է եղել. «Խոսք էր, ասում է, բերանս եկավ, ես էլ ասացի»։ Մեր տերտերը, որ գիտե, թե դժոխքումը քանի հոգի կան, բայց չգիտե, որ Գրիգոր Լուսավորիչն այդ ժամանակ դեռ ծնված չէր, մեր գիտնական հոգևորականների ներկայացուցիչն էր յուր ժամանակին, եթե ոչ շատ, գոնե մի քանի նահանգի վերաբերությամբ, և մի քանի վանքերի, որոնց միաբանների բոլոր փիլիսոփայությունը Տաթևացու հատորների մեջն էր ամփոփված։ Այս հանգամանքի վերա կարժե մի փոքր ուշադրություն դարձնել։ Թող հնագետն ու պատմաբանը իրենց հետազոտությունն անեն, իսկ նրանք, որոնք կոչված են լույս սփռելու մեր աշխարհի խավար անկյուններում, թող տեսնեն գրքերի ազդեցությունը ժողովրդի մտավոր զարգացման վերա...
Մեր տերտերը և նրա հետ բոլոր փոքրիշատե աչքի ընկնող նշանավոր կամ աննշան աստվածաբաններն ու քարոզիչները ի մանկութենե ձգտում են ունեցել դեպի բարին, դեպի կատարյալը, բայց այդ ձգտումը նրանց տարել է դեպի խավարի խորքը, որովհետև խավար էր նրանց շրջապատող կյանքը։ Այդ բանը հառաջ է գալիս ահա ինչպես.— մեկ երեխայի մեջ ինչ-ինչ պատճառով գոյանում է ձգտումն դեպի գրագիտությունը։ Ստիպում է նա իր ծնողացը, որ նրան տան գեղի տիրացուին կամ տերտերին՝ գիր սովորելու համար։ Ծնողքը կատարում են նրա խնդիրքը, տեսնելով, որ հիրավի՛ , նա շատ սրամիտ է, տան մեջ ինչ որ երգում են, իսկույն սովորում է, հեքիաթ, առակ են ասում, նա կրկնում է, կրկնում է և աշըղների երգածները. այս հանգամանքն արդեն համսարվում է առանձին ընդունակության հատկանիշ, որովհետև ինչպես մեծերի, նույնպես և փոքրերի աշխարհում կան զանազան տիպեր, որոնք թեև դեռ լավ չկազմակերպված, բայց շատ լավ որոշվում են միմյանցից։ Պատանի տաղանդը տիրացուի կամ խալիփայի գիտությունը սեփականելուց հետո համարվում է ուսումնավարտ։ Գնում է նա այնուհետև տերտերի հետ թաղման, մկրտության, հարսանիքի, մի խոսքով վաղօրոք ընկնում է հասարակության մեջ, ընկնում է ծերերի շարքը, քեդխուդաների հետ է նստում վեր կենում։ Այս հանգամանքից մեծ օգուտ է քաղում նրա հիշողությունը, նրա դյուրազգացությունը․ նա դառնում է շատերի խորհրդակիցը, երազների մեկնողը, բախտի նայողը, նամակի, պարտամուրհակի, պայմանաթղթի գրողը։ Պատահում է սրա-նրա տանը հին գրքերի, որդոց որդի ժառանգություն մնացած, որ զգուշությամբ և ահ ու դողով պահում են այն հուսով, որ իրանց տանից երբևիցե մինը կարդալ կսովորի և մեծ օգուտ կքաղե նրա հոգեշահ խրատներից, կամ խորհրդավոր գիտություններից։ Այս գրքերն առհասարակ լինում են կրոնական կամ իբր բարոյական բովանդակություն ունեցող գրքեր։ Հավաքում է պատանին այդ տեսակ գրքերը և սկսում է գիշեր ցերեկ կարդալ։ Մոռանում է տնային գործը, ուշ չի դարձնում ոչ մի բանի վերա. գիշերը նրան ճրագ չեն տալիս, նա կարդում է կրակի շեղջի լուսով։ Տաքանում է նրա գլուխը, վառվում է երևակայությունը, ավելանում է ուսման փափագը, հղանում է վերջապես իր ուսման ծարավը զովացնելու զանազան հնարքներ, որոնցից ամենահեշտը և դյուրահասը համարում է վանականությունը։ Եվ նա հասնում է իր այս նպատակին։ Մի քանի տարվա մեջ ամբարվում է բազմակողմանի առասպելներով և սև գլխով վերադառնում ու սևացնում շատերի խելքն ու միտքը։ Դյուրազգաց բնավորության վերա մեծ ազդեցություն են գործում ամենահասարակ համարված դեպքերը. նրան պատահած այս կամ այն գաղափարի տեր մարդը, այս կամ այն ուղղություն ունեցող գիրքը տակնուվրա է անում նրա մտավոր աշխարհը։ Այսպիսի դիպվածների ենթարկվել էր և մեր տեր հոր հանճարը։ Մտաբերելով իր երբեմն ունեցած ուսման փափագը, նույնը տեսնում էր այժմ և Արությունի մեջ և ցավակցում նրան։ Նա չէր կարող երևակայել, որ Արությունի ապագա վարդապետները կարող են բոլորովին այլ ուղղության և գաղափարի տեր մարդիկ լինել, որոնք ոչ միայն չեն շարունակիլ իր կիսատ թողածը, այլ ինչ որ տվել է, այն էլ կաշխատեն մի կողմ մղել, որ իրանց տալիք ուսումը մի մաքուր անկյուն գտնի նրա ուղեղում...
Տեր հայրն սկսեց պատմել իր տեսած ու լսած բաներից, մինչև հասան Թելեթի սարի ստորոտը։
— Դե հիմի վեր արի,— ասաց տեր հայրը,— ձին մեղք է։ Որ բարձրանանք էս սարի գլուխը, քաղաքը կերևա։
Արությունն իջավ ձիուցը, և մի քանի քայլ ծանր փոխելուց հետո զառիվեր թռավ արագավազ եղջերվի նման և տերտերին շատ ցած թողնելով՝ ինքը բարձրացավ սարի գլուխը, որտեղ երևեցավ նրան քաղաքը։
Թիֆլիս քաղաքը Նավթլուղից սկսած մինչև Վերա հանկարծ բացվելով Արությունի առջև, ապշեցրեց նրան։ Չտես, երևակայության աշակերտ, դյուրազգաց և դյուրագրգիռ Արությունը մնաց տեղնիտեղը մեխված, էլ չկարողացավ մի քայլ հառաջ փոխել...
— Հրաշալի՜ տեսարան,— բացականչեց վերջապես Արությունը։— Սա ինքն է «Պղնձե քաղաքը»,— ասում է Արությունը և քիչ է մնում Տալիփի նման «շաբա՜շ-շաբա՜շ» աղաղակելով թռչել սարի գլխից և ընկնել իր ներքև ընկած խորերն ու ձորերը։— Էս անպատճառ Սողոմոնի հրաշագործությունովը կլինին էսպես պայծառացած... Ա՜խ, աստված թև տար ինձ, էս րոպեիս կթռչեի ու կսկսեի սրա վրա սլտույտ-պտույտ գալ։ Քաղաքացիք կզարմանային, կասեին՝ «էս ո՜վ է, երկնքից է գալիս»... Տերտերը Եղիսեի նման կաղաղակեր «Հա՜յր, հա՜յր, կառքդ Իսրայելի և հեծյալդ դորա»․․․ հենց կիմանար, թե Եղիայի նման երկինքն են տանում ինձ...
Մինչև Արությունն այսպես մի քանի րոպե կզվարճանար քաղաքի երևույթով, տեր հայրն էլ հասավ, իջավ ձիուցը և մտրակի կոթը դեպի քաղաքը մեկնելով, ցույց տվավ Արությունին, թե ինչ տեղ է առաջնորդարանը, ինչ տեղ է կենում գործակալը, թե այն՝ այսինչ եկեղեցին է ու այս՝ այնինչ։ Վերջապես մտան քաղաքը։ Վախենալով՝ որ մի գուցե Արությունը մոլորվի ու կորչի կամ դրոշկի տակ ընկնի, տերտերն առաջուց զգուշացրեց նրան, որ այս ու այն կողմ չնայի։ Այսպես հասան մինչև Հավլաբար, ուր ձին մի թավլում կապելուց հետո, Արությունի ձեռով ուղարկեց գործակատարի համար բերած թխվածքն ու մեղրահացերը։ Գործակատարի տունը ցույց տալու համար՝ տեր հայրը կանգնեցրեց Արությունին մի փողոցում, ձախ ձեռը դրավ նրա ուսին և աջ ձեոը մեկնելով դեպի մի կողմ, ասաց.
— Էսպես կե՛րթաս, հետո աջու կռանդ վրա շուռ կռաս, էնտեղ մի նեղ քուչա կա, էն նեղ քուչովս էլ որ մի քիչ կերթաս, էլի մի ուրիշ քուչա կգա առաջդ, նրանով էլ մի քիչ որ կերթաս, մի տուն կտեսնես՝ մի փոքր բախչա առաջին։ Էնտեղ կհարցնես, կասես՝ տեր Փիլիպոսենց տունը ո՞րն է, կասեն՝ «ա՛յ էս է»։ Կմտնես տուն, փափախդ վեր կալնես ու էդ կտաս իրանց, կասես՝ տերտերն ուղարկեց։ Իմացա՞ր։
— Իմա՛ցա, իմացա... Էսպես կերթամ, հետո աջի կռանս վերա շուռ կգամ... Կգտնեմ, կգտնեմ...
— Ես գիտեմ, որ կգտնես... Էս տեղը մտքիցդ չգցես, ես էստեղ կսպասեմ քեզ։ Դե գնա՛, մի՛ վախենար։ Տեր ուղղեսցե զգնացս քո ի ճանապարհ խաղաղության...
Հավլաբարի տներից մինի մեջ թախտի վերա ծալապատիկ նստած՝ խոսում էին իրար հետ երկու մատաղահաս կանայք։ Սրանցից մեկն էր Արությունի քույրը՝ Օսանան, իսկ մյուսը Մանվելի քույրը՝ Հոռոմսիմը, որ Օսանին մոտիկ դրացի լինելով՝ եկել էր նրա մոտ գյուղից ստացած մի տխրալի լուր հաղորդելու։
Շատ անգամ աշխարհիս երեսին այնպիսի դեպքեր են կցորդվում միմյանց, որ կարծես մի աներևույթ ձեռք մի որևիցե նպատակով նրանց իրար հետ շաղկապած լինի։ Արությունն ու Մանվելը միմյանց հանդիպում են դիպվածաբար, բարեկամության ուխտ են դնում բնազդմամբ, նրանց քույրերն էլ՝ դարձյալ դիպվածաբար՝ վաղուց արդեն պատահել են միմյանց։ Երկուսն էլ հարս են քաղաքումը, երկուսն էլ դրացի, երկուսն էլ շատ սիրով կապված միմյանց։
— Օսանա՛, գիտե՞ս էս քանի օրս ի՞նչ է պատահել Դաղեթումը։
— Ոչինչ չեմ լսել, ի՞նչ է պատահել։
— Մագթաղի տղան՝ Սոսին, ինքն իրան սպանել է...
— Ի՞նչ ես ասում․․․ Խե՜ղճ տղա. ի՞նչ է պատահել տեսնես, ինչո՞ւ է սպանել...
— Մի չլսված բան. Շամիրն էլ իր կնկանը՝ Մարիամին է սպանել. Մարիամի նշնելու քուրը՝ Հերիքն էլ գժվել է, նա էլ էնտեղ է գլուխը մահու տվել, բոլոր անբախտությունը նրանից է պատահել, որ Սոսին ուզում է եղել նշանվի Հերիքի վերա, կամ թե նշանած է եղել, չգիտեմ, միայն Հերիքը կենում է եղել իր քվոր կշտին, Սոսին նրանց մոտ թաքուն գնալ գալ է ունենում, Շամիրն էլ տեսնում է, վատ կարծիք է տանում Մարիամի վերա, վերջն սպանում է, տանում է կախ տալիս մերումը, որ ասեն՝ «ինքն է խեղդել իրան»։ Հերիքը գնում է գտնում, վախենում է, թե ինչ է պատահում, գժվում է. Սոսին էլ որ իմանում է, թե ինչ բան է պատահել իր պատճառով, թվանքով խփում է ինքն իրան սպանում. Շամիրն էլ որ հետո իմանում է, թե անմեղ է եղել Մարիամը, նա էլ էնտեղ է ինքն իրան սպանում...
— Ի՜նչ անբախտություն է, տեր աստված, ես հենց իմանում էի, թե մենակ ինձ է պատահել էդպես մի բան, հիմի, տեսնում եմ, որ ուրիշներին ավելի վատ է լինում։
— Քեզ ի՞նչ է պատահել, փառք աստուծո, դու ողջ առողջ ես։
— Չէ՛, ես ուրիշ բան էի ուզում ասել, միտքս ուրիշ տեղ գնաց... Խեղճ Մագթա՜ղ, մինուճար մեկ տղա ուներ, աչքի սևն ու սիպտակը, նրանից էլ զրկվեց. էլ ի՜նչ կապրի նա։
— Ի՞նչ ապրել... Գիշեր ցերեկ տղի գերեզմանիցը չի հեռանում, ասում են, ոչ ուտում, ոչ խմում է, միշտ աղի արտասուք է թափում։ Ով գիտե հիմա նա էլ գժված կլինի, կամ մեռած...
— Նարգիզի նման․․․
— Ո՞վ է էդ Նարգիզը․․․
— Դրա պատմությունը երկար է, Հոռոմսիմ։ Ախր իմ գլխովն էլ է էդպես մի բան անց կացել․․․ Տեղը չի եկել, որ պատմեմ քեզ։
— Ասա, մեկ ասա,— ստիպեց Հոռոմսիմը.— ես նկատել եմ, թեպետ քեզ չեմ ասել, որ մի հին ցավ կա քո սրտումը։ Ձմեռվա արեգակի նման շուտ-շուտ ամպի տակ ես մտնում, էնպես ես տխրում։ Միտք եմ անում, ասում եմ, ի՞նչ պիտի չինի սրա դարդը...
— Ականջ դիր, հիմի ասեմ. «Ես դեռ օրորոցումը, մեր հարևան Նարգիզը մի խաչ է քաշում իմ օրորոցի վերա, թե Օսանին իմ Ռոստոմի համար պիտի ուզեմ։ Մերս էլ ասում է, շատ լավ։ Չորս տարեկան դառած չդառած՝ Նարգիզր մեկ օր եկավ, ոսկե զնջիլով մի մեծ խաչ մանեթ կախ տվավ շլինքիցս, թուշիցս էլ պաչեց, թե՝ դու իմ Ռոստոմի նշանածն ես։ Ես էլ շատ ուրախացա, մտքումս ասում էի, էս ի՞նչ լավ բան է. բայց թե ի՛նչ բան է, ես ինչ կգիտենայի։ Ռոստոմն էլ ճշմարիտ է, ինձանից երեք թե չորս տարով մեծ էր, բայց հա էլ ինձ նման ոչինչ չէր հասկանում, անմեղ սրտով մենք շատ սիրում էինք մեկ մեկու։ Օր չէր լինիլ, որ կամ ես չերևայի նրա աչքին, կամ նա՝ իմ։ Էսպես մենք իրար սիրով վառվա՝ հեքիաթներում ասածի նման՝ ով տարով կմեծանար, մենք օրով էինք մեծանում։ Ռոստոմը դեռ տասնհինգ-տասնվեց տարեկան չկար, տեսնողն ասում էր՝ քսան տարեկան կլինի, բեղատեղերը սևացած, հասակը չինարի դառած... Օր ու գիշեր աշխատում էր, որ ոչ մեկ տղից ետ չմնա թե՛ խաղալում, թե՛ կպչելում, թե՛ որս անելում, թե՛ մարդավարութենում, թե՛ տանուտեղի հոգս քաշելում։ Քանի որ փոքր էի, ես չէի փախչում նրանից, խոսում էլ էի հետը։ Մեկ օր հարցրի, ասեցի՝ «Բա չե՞ս հոգնում, որ էդքան դես ու դեն ես ընկնում»․․․ Նա թե՝ «Չէ՛, Օսան ջան, երբ որ քեզ տեսնում եմ, թե հոգնած եմ լինում, հանգստանում եմ, թե քաղցած՝ կշտանում, թե տխուր՝ ուրախանում...»։
— Օ՜... սերն ի՛նչ ասես, թե չի անիլ... Ես էլ եմ սիրել, ես գիտեմ,— ասաց Հոռոմսիմը...
— Մեկ օր,— շարունակեց Օսանան,— մեկ օր իմ մորաքրոջ տանիցը գալիս էի,— իմ մորաքույրը մի շատ պատվական կնիկ էր, գիր էլ գիտեր, նա ինձ համ գիր էր սովորեցնում, համ կար ու գործ.— հա, իմ մորաքրոջ տանիցը գալիս էի գուլպա անելով, գիրս էլ կռանս տակին, հենց որ հասա մեր տան ներքևը մի ձոր կա, էն ձորը, մեկ էլ տեսնեմ Ռոստոմը, թվանքն ուսին, եկավ առաջս։ Տեղ չկար, որ թաք էի կացել, մնացի սառած, աչքերս գետնին գցած, կանգնած։ Ես հիմի հասկանում էի ամեն բան, գիտեի, որ նշանածիցը պետք է փախչել, պետք է չխոսկան կենալ։ Ռոստոմը տեսավ, որ ես շատ ամաչեցի, մի քիչ ետ կանգնեց, ու թե՝ «Մի՛ ամաչիլ, Օսանա ջան... էդ ի՞նչ է կռանդ տակին դրած, գիր ես սովորո՞ւմ, կուս խոմ չե՞ս դառնալու»։ Ես գլուխս շարժեցի։ Նա թե՝ «Էլ ինչո՞ւ ես գլուխդ օրորում, կամ հա՛ ասա, կամ չէ՛»։ Վերջը երբ որ տեսավ, թե ես ոչ խոսում եմ, ոչ գլուխս բարձրացնում, «Ականջ դիր, ասեց, Օսանա, տես ինչ եմ ուզում ասել քեզ։ Ես ոչ հեր ունեմ, ոչ քույր, ոչ ախպեր, մի մեր ունիմ միայն, որ ինչքան ինձ է սիրում, էնքան էլ քեզ։ Մենք դեռ շատ փոքր ենք էլել, որ մեզ նշնել են, հիմի մեծացել ենք, խելքի հասել, կարող ենք ես էլ դու էլ չհամաձայնել, եթե չուզենանք, չսիրենք մեկ մեկու։ Ես լսել եմ, որ քո հերը մի քանի տեղ ասել է. «Իմ աղջիկը նշնած չէ»։ Քո հերը մեկ շատ իր ասածի մարդ է, մեկ որ «չէ» ասեց, էլ ողջ աշխարհը նրան չի կարող «հա» ասել տալ։ Բայց ես չեմ վախում, քանի որ ես կենդանի եմ, ոչով կարող չէ քո մեկ մազին դիպչիլ։ Միայն թե ես գիտենամ, որ քո խոսքն ու սիրտն ինձ հետ է։ Դե հիմի ինձ ասա, մեկ իմանամ, տեսնեմ դու էլ ինձ սիրո՞ւմ ես, թե՞ մենակ ես եմ գժվել, որ ոչ գիշերն ունիմ քուն, ոչ ցերեկը հանգիստ․․․ Ա՜խ, կրակն էլի լավ է, մեկ անդգմ էրում է պրծնում»...
«Ես, ճշմարիտ է, շատ ամաչում էի, բայց սիրտ արի. գլուխս բարձրացրի, որ մտիկ տամ Ռոստոմի երեսին, ասեմ. «Ես քեզ սիրում եմ, իմը դու ես որ կաս, ինչ անելու ես, արա. կուզես փախցրու, կուզես սպանիր, որ ուրիշի ձեռք չրնկնիմ...»... Բայց Ռոստոմի սփրթնած երեսը, աչքերից կաթկթելիս արտասունքը որ չտեսա, գլուխս շշմեց, ձեռներս թուլացավ, գուլպեն ձեռիցս վեր ընկավ, կռացա թե վեր կալնեմ, աչքերս մթնեց, վեր ընկա... Հետո իմացա, որ երբ որ ես թուլացած վեր եմ ընկել, Ռոստոմն ամաչել է թե վերցնի, վազել է մորն իմաց տվել, որ շուտ գա ինձ օգնի...
Վերջապես՝ էլ ի՞նչ գլուխդ ցավացնեմ, իմ հերն էստեղ մի բարեկամ ունի, Օվակիմ է անունը։ Պետք է որ ճանաչես, մեզանից մոտիկ են կենում...
— Սոփիոյի մարդին չես ասո՞ւմ. գիտեմ, ինչպե՛ս չէ...
— Հա՛, հենց նա ինքը։ Դա մի շատ կարդացած մարդ է. իրանից գրքեր է հանում, բաներ է գրում... Ինչևիցե։ Էդ Օվակիմը ամեն բաղաքաղի ժամանակ գալիս էր մեր տուն, մի քանի օր մնում էր, ինձ դաս էր տալիս, քաղքիցը բաներ էր առնում ուղարկում, մի խոսքով ինձ շատ էր սիրում, ասում էր՝ քեզ ես պիտի մարդի տամ, բայց ում որ դու հավանես, ես էլ հավանեմ, նրան կտամ։ Մի բաղաքաղի ժամանակ էլ եկավ մեր տուն։ Իրիկնահացից հետո՝ իմ հերն ու դա մի-մի բարձի վրա թինկը տվին ու սկսեցին զրից անել։ Վերջն էս Օվակիմը խոսքն ինձ վերա բերավ, թե՝ «Գիտե՞ս ինչ է, Ավետիք, մեր Օսանեն գեղի հարմար աղջիկ չէ։ Ափսոս չէ՞ էսպես սիրուն շարմաղ աղջիկը գեղումը թողնել»։
Օվակիմի էս խոսքի վերա հերս մի առակ ասեց, թե՝ «Մի թագավոր երեք տղա է ունեցել, երեքին էլ խրատ է տվել, թե՝ ո՛ր քաղաք, ո՛ր գեղ որ գնաք, ամեն տեղ ձեզ համար մի տուն շինեցեք։ Մեծ ու միջնակ տղերքը ամեն տեղ էլ ահագին պալատներ են շինում, մեծ փող ծախսում, բայց փոքր տղեն ոչ մի տուն չի շինում, միայն ուր որ գնում է, մեկին իրան բարեկամ է շինում։ Մեկ տեղ խաչեղբայր է դառնում, մի տեղ կնքահայր, մի տեղ մեկին մի բարերարություն է անում, մի ուրիշ տեղ ուրիշ տեսակ բարություն անում։ Էսպեսով ամեն տեղ էլ իր լավությունով մի պատրաստի տուն է գտնում իր համար։ Թագավորը վերջը փոքրին է գովում, թե «իմ միտքն էլ հենց էդ էր»․․․ Հիմի նրանը չլինի, Օվակիմ, իմ միտքն էլ հենց էդ է։ Ուզում եմ Օսանին քաղաքումը մարդի տամ, որ քաղաք գնացած ժամանակս էնտեղ մի տուն ունենամ, չգնամ թավլումը վեր գամ, ախոռումը քնեմ ուրիշների պես։ Շնորհակալ եմ, քո տան դուռը միշտ բաց է ինձ համար, բայց քո կնիկը ոչ իմ տրեխներս կհանի, ոչ ոտներս կլվանա. երբ որ աղջիկս կըլի, նա ամեն բանն էլ կանի»։ Էս ասաց հերս ու դուրս գնաց, որ տեսնի՝ շներն ո՞ւմ վրա են հաչում․․․
— Դու ուրիշ տեղ տուն չես կարող շինել, անմեղ տեղը քու տունն էլ կքանդես...
«Էս իմ մոր ասած խոսքն է, որ մտիցս չի ընկնում։ Էն օրվանից մինչև հիմի, որ ահա տասը տարի է, իմ հերը չորս տեղ տուն է շինել, բայց ոչ մեկումը իր սիրտը չի տալիս, որ մի գիշեր պառկի... Ինձ տվավ էստեղ, որ տեսնում ես ինչպես խալխ են, մարդի բերնի թիքեքը համբրում են, մյուս երեք քվորս էլ տվել է ուրիշ ուրիշ գեղերում, մեկը մեկելից վատ տեղ, օրվան հացի կարոտ։
«Երբ որ հերս դուրս գնաց դուռը, Օվակիմն սկսեց.— Հիմի դու ի՞նչ կասես Օսանա, կուզե՞ս, որ քեզ համար քաղքումը լավ տղա, խելոք տղա գտնեմ...
«Ես առաջ չխոսեցի, մտիկ տվի մորս երեսին, տեսա, որ նա հավան չէ նրանց ասածին, բայց վախում է, ոչինչ չի ասում։ Դրա վերա, ես սիրտ արի ասեցի՝ բիձա, դու խոմ գիտես, որ ես նշնված եմ, ինչո՞ւ ես իմ հոր սիրտը պղտորում։ Նա թե՝ գիժ խոմ չե՞ս, աղջի, փոքր ժամանակդ օրորոցիդ վրա թուրքի պես խաղ են քաշել, էդ ի՞նչ նշնել է. հիմի դու մեծացել ես, խելքի ես հասել, կարող ես քո սրտի ուզածին գնալ։ Հիմա դու սիրո՞ւմ ես Ռոստոմին։
— Ռոստոմը շատ լավ տղա է, բիձա, ո՞վ չի սիրիլ նրան,— ասացի․․․
— Հա՜... դե որ բանն էղտեղն է հասել, էլ ես չեմ խառնվիլ, ես մեղա աստուծո... Ես ու իմ աստվածը, գիժ գեղցի պիտի ըլի, որ քաղքցուն երանի տա, քաղաքին թամահ անի։ Խելոք մարդը գեղումը հազար փառքով լավ կապրի, քան թե քաղքումը, բայց որ գեղըցիք իրանք կոպիտ են, չեն իմանում մարդավարի ապրիլը, ո՞վ է մեղավոր։ Մեկ ասող լինի դրանց՝ այ օրհնված մարդիկ, ջուրը խոմ փողով չէ, ինչո՞ւ չեք ձեզ իստակ, մաքուր պահում... Մի կարգ, մի կանոն չկա. անասունի պես ուտում են, անասունի պես մեծանում։ Որը բուղի նման շլինքը հաստացնում է, գոռում, գոչում, գլուխը հողերին, քարերին խփում, կատաղում մարդի միս ուտում, որը լղարում է քոսոտ ձիու նման սրան նրան կեղտոտում, ցավով գցում...
«Էս խոսքի վրա հերս դռնիցը տուն մտավ։
— Էդ ի՞նչ է, Օվակիմ, էլի չարացել ես։
— Չեմ չարացել, Օսանին խրատում եմ, որ դու ինչպես կհրամայես, նա էլ էնպես անի...
— Տեսնես Օսանի բերնին ո՞վ է մտիկ անում, ո՞վ է նրան բան հարցնում։ Իմ աղջիկը չի՞, ձեռիցը կբռնեմ, ում ուզենամ, նրան կտամ...
— Դու կտաս, ես գիտեմ քո բնությունը, մեկ որ բարկանաս, էլ աջ ու ձախ չես մտիկ տալ։ Բայց չմոռանաս, որ դու էլ ես ջահելություն ունեցել, դու էլ ես մի ժամանակ սիրել ու սիրվել...
— Ինչե՞ր ես խոսում, Օվակիմ, չըլնի՞ թե քեզ ջադու արին, բեղ բան ասեցին, միջնորդ գցեցին...— Քո խաթրը չլիներ, ես հիմա դրանց կոտորել էի...
«Հորս էս խոսքերի վերա մենք իրար երեսի մտիկ տվինք, թե սա ինչի՞ է բարկացած, մեզ ինչի՞ պիտի կոտորեր։ Նրա բարկանալու պատճառը շների հաչոցն էր։ Ռոստոմը մթնի մեջը թաքուն եկել էր մեր տան հերթի մոտ կուչ եկել, որ իմանա, տեսնի իրան օգուտ են խոսում, թե վնաս։ Շները չէին ճանաչել, սկսել էին հաչել։ Հերս վրա էր հասել, ճանաչել։
«Մյուս օրը, երբ որ Օվակիմը վաղ առավոտուն ճանապարհ ընկավ դեպի քաղաք, հերս սկսեց երևացնել իր բարկությունը։ Հացի ժամանակ էր, մերս կերակուրը պատրաստել էր, ինձ էլ ասաց, որ սուփրեն գցեմ։ Սուփրեն գցեցի, հաց, սոխ, պանիր, մածուն, ինչ կար չկար տանը, մեջտեղ բերի, որ նրանով հորս սիրտը շահեմ։ Բայց նա հացի չնստեց։
«Ինչպես որ երկինքը, երբ որ կարկուտ կամ սելավ է լինում տալու՝ առաջ մթնում է ու սևանում, ամպերն սկսում են գոռալ, ու էստեղ էնտեղ պեծին պեծին են անում, էդպես էլ իմ հոր երեսը ամպեց ու մթնեց, որոտաց, աչքերը պեծին պեծին արին — ինչ ասաց, ինչ չասաց, չգիտեմ, խանչալը որ կայծակի նման պսպղաց, ես թռա ընկա հորս գիրկը․․․ Էլ չգիտեմ, ինչպես էլավ, որ աստված էդպես շուտ ինձ խելք ու միտք, ուժ ու զորություն տվավ... մի աչքաճպելումը մորս գլուխը պիտի թռչեր, թե որ մի քիչ ուշ կտրեի հորս առաջը․․․
«Հորս ձեռիցը խանչալը վեր ընկավ... մի կես ժամ ոչինչ չխոսեց, գույնը դեղնեց, սփրթնեց, երեսը շուռ տվավ դեպի աղոթարանը, խաչահանեց, «Նահլաթ քեզ, չար սատանա» ասաց ու խանչալը վեր կալավ դրավ տեղը՝ դուրս գնաց...
«Մերս ինչպես նստած էր, էնպես էլ մնաց նստած, քարացածի նման։ Երբ որ հերս դուրս գնաց, մերս բարկացավ ինձ վերա, թե «քեզ ո՞վ ասաց մեջ ընկնիս, կթողեիր մեկ անգամից կազատվեի դրա ձեռիցը»...
«Մորս թողեցի տանը նստած, ես դուրս եկա դուռը, որ տեսնեմ ուր է գնում հերս։ Նա գնաց գեղամեջ, որտեղ մի քանի ուրիշ մարդիկ էլ կային։ Հետո դրանք ամենքն էլ միատեղ գնացին մտան մի տուն։ Տան տերը գինու նոր կարաս էր բաց արել, նրանց կանչեց, թե՝ եկեք մի համն առնենք, տեսնենք ինչպես գինի է։ Մեկ-մեկ չափ գինի պիտի խմեն, էդ նրանց մտքով՝ համը պիտի առնեն...
«Ճրագ վառելու ժամանակն էր, որ հերս եկավ։ Դեռ տուն չմտած, տավարածի վերա բարկացավ, նա էլ մի բան մահանա արավ, կշտիցը հեռացավ, որ ծեծ չուտի, հետո հերս տուն մտավ։ Մի երկու փետ դրավ կրակի վերա, կշտին նստեց ու սկսեց ինքն իրան խոսել։ Ինչ էր խոսում, ես չէի իմանում, երևում էր միայն, որ ինքն իրան շատ էր վիրավորված համարում, որ իր իշխանությունն ուզում են ոտի տակ տալ, որ իրան մարդի տեղ չեն դնում, չեն խոնարհում, չեն հնազանդում առանց ձայն ծպտուն հանելու։ Վերջը խոսքը դեպի մորս դարձրեց։
— Քեզ եմ ասում, ա՛յ կնիկ, դու ի՞նչ իրավունքով ես առանց իմ կամքի աղջիկ նշնում. գիշերվա կեսին էն անպիտանն ի՞նչ ունի մեր հերթի վերա. կարելի է թե մենք մեր տանը մի թաքուն բան ունինք, չենք ուզում, որ աշխարհք իմանա...
«Մերս տեսավ, որ սուս կենալով ավելի կբարկացնե, սկսեց խոսել ու ասեց.
— Ինչի՞ ես քարացրել սիրտդ, ա՛յ մարդ, ինչի՞ ես մոլորվել, խալխին էլ դու ես խրատում, հիմի ինչի՞ քո գլխին չես խրատում։ Ի՞նչ ես ուզում դու ինձանից, ես քեզ ի՞նչ եմ արել։ Էս դու, էս քո աղջիկը, ի՛նչ ուզում ես արա, ո՞վ է քո ձեռքիցը բռնում։ Է՛հ, ես կարծում էի, թե ես էլ սրա մերն եմ, որ սա ինչքան որ քոնն է, էնքան էլ իմն է. ինչպես դու, էնպես էլ ես, չենք ուզում, որ սա անբախտ լինի։ Թե որ կուզես, էլի միտք անենք միասին, խելք խելքի տանք, ինչպես որ լավ կլինի մեր աղջկան համար, էնպես անենք։ Հենց համարենք, թե նշնված չէ, նոր ենք ուզում նշնել։ Ինձ որ մնա, ես Ռոստոմիցը լավ տղա չեմ ճանաչում մեր գեղումը, մեզ մոտիկ, մեր ձեռի տակին, մեր աչքի առաջին, մեր աղջիկն էլ նրան է հավանում, նրան է սիրում։ Դու ինքդ էլ նրանում մի փուտ չես գտնում, հենց ուզում ես, որ անբախտացնես երկուսին էլ...
«Մի խելոք մարդ որ լսի էս խոսքերը, կասի՝ «Մի թե էնպես մարդ կգտնվի, որ դրա հակառակ մի բան ասե... թե որ կգտնվի, պետք է որ էդ մարդը շատ հիմար լինի»։ Դու ի՞նչ կասես, Հոռոմսիմ․․․
— Ես քո հոր մասին մի հազար անգամ լսած կլինեմ իմ հորիցս, թե նրա նման խելոք, ճարտար մարդ չկա մեր գեղերումը,— ասեց Հոռոմսիմը։— Իմ մտքով, պետք է, ոչինչ չխոսի, պետք է որ հավանի մորդ ասածին։ Բայց որ իմ հերը լիներ, հենց իրա ձին կքշեր, թեպետ նա էլ հիմար մարդ չէ։ Մեր մարդիկն ամեն բանում խելոք են, բայց մեզ հետ հիմար: Էդ նրանից է, որ մեզ հիմարի տեղ են դնում, կամ ոչինչ բանի տեղ չեն դնում: Առաջ իրանք գժվում, մեզ ուզում են, հետո ասում են, դուք սատանա եք, մեզ խաբեցիք: Դե արի դրանց բան հասկացրու: Միտս է, շատ անգամ որ մերս մի խելոք բան էր ասում, հերս չէր հավանում, թե՝ «կնկա մազն էրկեն կըլի, խելքը կարճ»: Կնիկն ու ձին, ասում էր, մի հանգի են, կապը որ ձեռիցդ թողեցիր, էլ նրանից քեզ խեր չկա։ Կնիկը որ կա, սատանա է, էնդուր չեն վարդապետները կնիկ ուզում։ Եվան աշխարհքի տուն քանդեց, ամենքին էլ դժոխք տարավ։ Կնիկ չէ՞ր, որ Օհաննես Մկրտչի գլուխը կտրել տվավ, որ մինչև հիմա էլ ոչ մի կնիկ չի կարող ս․ Կարապետի եկեղեցին ներս գնալ։ Մեկ օր ես իմ մարդին ասացի, ասում եմ՝ թե որ կնիկը սատանա է, մարդը հրեշտակ, բա ինչի՞ դժոխքում ոչ մի կնիկ չկա, դիփ տղամարդիկ են։ Նա մնաց սուս կացած, հետո թե՝ էդ անկարելի է, երևի լավ չեն փնտրել դժոխքի քունջ ու պուճախը, մեկ էլ թե՝ սատանեն սատանի ինչի՞ն է պետք, նրա հացը կկտրի․․․Ինչ որ է, հետո քու հերն ի՞նչ ասաց․․․
―Այ կնիկ, ասաց, էդ էր մնացե՞լ, որ դու ինձ խրատ տաս։ Դու քիչ-քիչ ինձ մարդություն էլ կանես, քու լաչակը կգցես իմ գլխին, իմ փափախը կդնես քո գլխին։ Էդ չէ՞ քու ուզածը։ Բայց դու չես գիտում, որ ես կնկա խելքով ապրողներից չե՞մ․․․ Հանեցեք էդ մանեթը, ետ ուղարկեցեք, թե չէ՝ էս «հաթիս երկուսիդ էլ կտոր-կտոր կանեմ»։ Հետո ինձ վերա բարկացավ, թե՝ «գիտե՞ս քեզ ինչ կանեմ, թե որ այսուհետև տանից դուրս ես եկել, կամ էն տղի աչքումն երևացել, քեզ ոչ թե խանչալով, այլ սղոցով կմորթեմ։ Դե՜ շո՛ւտ, հանիր էդ փողը շլնքիցդ։
«Ես մնացի սառած, սփրթնած, չիմացա թե ինչ անեմ։ Մերս արտասունքն աչքերին վեր կացավ, հանեց նշանս, տվավ իրան, նա էլ տվավ տավարածին, որ տանի ետ տա։ Էդ ժամանակը էլ ես չիմացա, թե ինչ ասաց մերս, մեկ էլ էն տեսա, որ գետնի վերա փռվեց։ Ես քանի ջանումս ջան կար, բղավեցի ու ընկա հորս խտիտը. հերս ինձ շպրտեց, պատովը ավավ։ Էլ այնուհետև ես չեմ իմացել, թե ինչ է անց կացել մեր տանը։ Երեք օր անց կացած լսեցի ամեն բան։ Երբ հերս ինձ պատովն է տալիս, գլուխս պատռվում է, ես մնում եմ թուլացած, վեր ընկած։ Հարևանները լսում են, գալիս են տեսնում ես մի տեղ եմ վեր րնկած, մերս մի տեղ, հերս մնացել է երկուսիս մեջտեղը շվարած կանգնած... Մեր հիմար տավարածն էլ, որ տեսնում է բանն ինչպես է, համ տանում է նշանը տալիս Ռոստոմին, համ ասում. «Էլ այսուհետև ապրում ես ի՞նչ անես, Ավետիքը քու խաթրու իր կնկանն էլ սպանեց, աղջկանն էլ»... Ռոստոմի խելքը գլխիցը թռչում է։ Վրա է ընկնում լիքը գաբանչեն տեղիցը վեր բերում, սրտին բռնում, «Ղորթ ես ասում, ասում է, էլ այսուհետև ո՞ւմ համար պիտի ապրեմ, էս ասելն ու դաբանչի կրակ տալը մեկ է անում»...
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ... Խե՜ղճ տղա,— բացականչեց Հոռոմսիմը։— Հիմի նրա մերն ինչ կաներ, մինուճար որդուց զրկված...
— Մերը գժվեց... Ինչ որ նա էր անում, աստված ոչ նշանց տա... Լավ էր որ շատ չապրեց, մի շաբաթ չքաշեց, նա էլ մեռավ։
— Խե՜ղճ կնիկ։ Լավ է որ մերդ ազատվել է մահից։
— Մերս շուտ չլավացավ․ դրա վերա նա մեկ տարուց ավելի պառկած մնաց, հերս բժիշկ բերել տվավ լավացրեց։ Ինձ էլ հետո բերին էստեղ մարդու տվին...
— Դուք որ շատ սիրում էիք մեկ մեկու, ինչո՞ւ Ռոստոմը թեզ չէր փախցնում։
— Էդ անկարելի էր, իմ հերն էն ժամանակը ինձ էլ նրա հետ կսպաներ... Հապա՜։ Հիմի տասը տարի է, որ ես մեր տանը չեմ էլել, մորս երեսը չեմ տեսել, ախպեր ունիմ, որ ասում էն գեղումը լավ կարդում է, չեմ տեսել, որ միտս է ընկնում մեր սարերի հով-հով տեղերը, ցուրտ-ցուրտ աղբյուրները, ալվան-ալվան ծաղիկները, հալվում, մաշվում եմ կարոտից։ Էս քանի ժամանակ է, հազում եմ, սրտիցս արյուն է գալիս, ես գիտեմ, որ շատ չեմ ապրիլ։
— Դե լավ է, դարդ մի՛ անիլ։ Մեր Մանվելն ասում է, Արությունը պիտի գա քաղաք, գլուխս տարել է, ասում է Օսանին հարցրու, տես ե՞րբ պիտի գա։ Դե լավ է, աչքերդ սրբի... Կոպիտ են, կոպիտ մեր գեղըցիք։ Մանվելը նրանց լավ է նախշում։ Էսօր մեյդանումն էի, ասում է, մեր գեղիցը մարդիկ էին եկել. ասում եմ՝ «բարով եք եկել, ի՞նչ եք անում, ինչպես եք». «Փառք աստուծո, ասում են, լավ ենք, պահել է բարի աղոթքդ, դու ինչպես ես, ինչքան փող ես աշխատել»... էդ ախմախներն, ասում է, էլ չեն ասում, թե ի՞նչ ես սովորել, ասում են՝ ինչքա՞ն փող ես աշխատել։ Ասում եմ՝ հորս ասացեք մի քիչ ալյուր, բան ուղարկի, էստեղ քաղաք տեղ է, ամեն բան փողով են առնում։ Քեզ, ասում են, ախպերք ունիս, նրանք քո նոքարը խոմ չե՞ն, որ քեզ համար վարեն, ցանեն, կալսեն, աղան, բերեն քեզ տան, որ դու ուտես քեզ համար մարդ դառնաս, հետո գաս ասես, ինչ որ հորական ապրանք ունինք, կեսն իմն է։ Հրեն, ասում են, Ներկարարի տղեն էլ է ուսում առել, էլ հորն ու մորը չի ճանաչում. հոր վերա բարկանում է, թե՝ «Երբ որ տեսնում ես թե ինձ հետ աղա մարդիկ են խոսում, դու ինչի՞ ես միրուքդ տմբտմբացնելով մեջտեղ գալիս, որ տեսնեն, թե ես ում տղեն եմ․․․»։ Ասում եմ՝ ես էնպես հիմար չեմ լինի, թող ես լավ մարդ դառնամ, ես իմ հոր տղեն լինելս ինձ համար պարծանք կհամարեմ, ձեզ ամեն մեկիդ աչքիս լուսի նման կսիրեմ... Ինձ չեն հավատում, ասում են՝ «Միշտ էսպես են ասում, հետո գալիս են մեր գլխին աղա դառնում»...
Դեռ Հոռոմսիմն իր պատմությունը չէր ավարտել, հանկարծ ներս վազեց մի պատանի՝ կարմրած, քրտնած, երևում էր, որ շատ էր վազել, որովհետև չէր կարողանում շնչառությունը հանդարտեցնել։
— Ահա եկավ մեր աղան,— ասաց Հոռոմսիմը,— ասած է՝ «Անունը տուր, խալիչեն գցիր»... Ի՞նչ կա, ինչի՞ ես էդպես կարմրել, Մանվել...
— Եկել եմ «անկաջաբռնուկ»,— ասաց Մանվելը, և վրա ընկավ Օսանի ականջիցը պինդ բռնեց։— Ասա՛, անկաջաբռնուկ ի՞նչ պիտի տաս։
— Մանվել ջան, կամանց հուպ տուր, հենց ապրես, ականջս ցավում է,— ասաց Օսանան։
— Ես էդպես բաներ չգիտեմ, ասա՛...
— Եթե լավ բան կըլի, եթե կամ ախպերս կըլի եկած, կամ մերս, ես քեզ համար մի շատ լավ ժամաշապիկ կկարեմ, խաչերով, զառերով, նախշերով... Դե ասա՛․․․
— Արությունը եկել է...
— Ղորթ ես ասո՞ւմ. բա դու որտե՞ղ տեսար, ինչի՞ չբերիր ինձ մոտ..․
— Ա՛յ ինչպես տեսա, անկաջ դրեք, պատմեմ։ Ուսումնարանից դուրս եկած՝ տուն էի գալիս, մեկ էլ տեսնեմ մի տղա, խուրջինը շալակին, մնացել է Շամքոռեցոց եկեղեցու մոտ, շլինքը դես ու դեն ծռմռելով՝ կանգնած։ Սիրտս ասաց՝ մեկ օխա տես էդ ով է։ Վազեցի մոտը, տեսնեմ — մեր Արությունը...
— Վո՛ւյ քոռանամ ես, ով գիտե ճամփեն կորցրել էր...
— Դե համբերիր ասեմ է՜... Արություն, ասում եմ, էդ դո՞ւ ես... Էլ ի՞նչ ասեմ, էլ ո՞վ կարա մեր ուրախությունը լեզվով ասել։ Վերջապես հարցնում եմ, թե՝ էդ ի՞նչ է, ո՞ւր ես տանում։ Նա թե՝ «Գործակալի մոտ պիտի տանեմ էս բաները, տունը չեմ գտնում»... Խուրջինը ձեռիցն առա, ուսովս գցեցի, ասեցի՝ դու հոգնած կըլիս, թող մի քիչ էլ ես տանեմ։ Բաները տարանք գործակալենց տունը, էնտեղից էլ գնացինք թավլեն գտանք։ Տերտերին ասում եմ՝ մենակ ինչու էիր ուղարկում էս խամ երեխին. նա թե՝ «Ճշմարիտ է, ուղարկեցի, բայց մեկ էլ փոշմանեցի, ասած է՝ «երեխին բանի դիր, եդնեն գնա»... Ապրես, ապրես, ասում է, որ Արությունիս օգնել ես»։ Հետո հարցրեց, թե՝ դու ո՞ւմ տղեն ես, ես էլ ասեցի, նա էլ գլխիս պահպանիչ ասեց, շատ լավ տերտեր է...
— Հետո ո՞ւր գնացին, բա ինչո՞ւ չբերիր Արությունին...
— Հետո նրանք գնացին Օվակիմենց տունը, ես էլ՝ միտս չընկավ, որ ուրիշի տուն են գնում, ինքս էլ գնացի Արությունի հետ։ Ուզեցի էնտեղից շուտ գամ, քեզ իմաց տամ, Սոփիոն չթողեց, թե՝ կաց Արությունի մոտ միասին չայ կխմեք... Շատ լավ կնիկ է էդ Սոփիոն... Օվակիմն էլ է լավ մարդ, ասում են, շատ գիտուն է... Արությունից մի քանի բան հարցրեց. Արությունն էլ շատ լավ պատասխան տվավ... աբա ի՞նչ պիտի ասեն նրան, որ նա չգիտենա, աշխարհքիս տակ ու գլուխը գիտե... Օվակիմը շատ գովեց. «Ապրե՛ս, ապրե՛ս, ասեց, ես գիտեի, որ դու խելոք տղա պիտի դառնաս, ասած է՝ լավ եզը մոր ծծին կերևա, լավ երեխեն՝ օրորոցումը»․․․
— Դե աչքդ լուս, Օսանա,— ասաց Հոռոմսիմը։— Հիմի ախպերդ եկավ, էլ էնքան չես տխրիլ, պահիր մոտդ, Մանվելի հետ միասին կերթան Վանքի ուսումնարանը... Դե մնա՛ս բարով, հիմի սկեսուրդ կգա, կասի՝ էս ի՞նչ է, միշտ մեր տանն է նստած, ով գիտե՝ ինչե՜ր կըլի խրատ տալիս հարսիս...
— Ես հիմի կերթամ կտեսնեմ ախպորս, թե որ տերտերը կթողնի, կբերեմ ինձ մոտ... Ապրե՛ս, ապրե՛ս, Մանվել ջան, որ ինձ ուրախացրիր... Ժամաշապիկդ չեմ մոռանալ, ասածս ասած է...
— Քեզանից ժամաշապիկ չեմ ուզում, միայն թե Արությունին պահես մոտդ, էլ չթողնես գեղը գնա,— ասաց Մանվելը և դուրս գնաց քրոջ հետ...
Շաբաթ երեկոյին Հավլաբարի մեյդանից մոտիկ տներից մինի պատշգամբի վերա նստել էր Արությունը և անակնթարթ նայում էր մեյդանում անց ու դարձ անող մարդկանցը, որոնցից որը դրոշկում նստած, փափախը թեք դրած, պապիրոսը բերնին՝ շտապեցնում էր դրոշկապանին, որը ոտով էր վազում դես ու դեն։
Քիչ-քիչ մութը վրա հասավ, մեյդանի չորս կողմով շարված դուքաններում սկսան վառվիլ ճրագները և կշեռքները մին քան զմյուսը բարձր ձայնով չրխկալ։ Որն սկսավ կանչել — «Մոթալի՜... կա՛յի մոթալի...», որը՝ «Խրամուլի՜․․․ խրամուլի՜...», որն էլ՝ «Աբա՜, ահա՜» բղավելով՝ զրնգացնում էր կախ տված փոքրիկ զանգակը և կշեռքը դարտակ չրխկացնում...
Ով ինչ բարիք որ ուներ վաճառելու, յուր ձայնի ուժովը հրավիրում էր գնողներին։ Կանաչի ծախողն անգամ յուր ձայնի բոլոր ուժը մի տեղ հավաքած, բղավում էր. — Լա՛վ կանանչին, լա՛վ կանանչին, օ-հո-հո-հո»․․․ սրա՜ն, է՜... Մի բարակ և քաղցր եղանակ միայն մանրունքի խանութների աոջևից էր լսվում, ուր նստած էին երեխայք և մի սեղան խունկ ու մոմ վերան՝ առաջները դրած՝ հրավիրում էին տուն գնացող պարոն ուստաներին, որ խունկ ու մոմ առնեն և հրավիրում էին երգելով՝
Համեցե՜ք, ո՜ւստե՜ք,
Խունկ ու մոմ տա՜րե՜ք
Հոգու վարձք ա՜րև՜ք...
Այսպես, բարակ ու հաստ, քաղցր ու կոպիտ, բարձր ու ցածր ձայները դրոշկաների ղռղռոցի ու զանգակների ղողանջյունի հետ խառնված՝ դրմբացնում էին քաղաքը և ապշեցնում Արությունին։ Այն՝ որ մի նուրբ ճաշակ ունեցողին կարող էր ճանձրություն պատճառել, Արությունին հիացնում էր։ Նա ինքն իրան մոռացել էր և դեռ ևս շատ կնստեր դրսումը, եթե ներսից Օվակիմը չկանչեր նրան։
— Արի՛ ներս, Արություն, արի,— ասաց Օվակիմը.— ես էգուց քեզ կտանեմ քաղաքը ման կածեմ, ինչ կա, չկա, դիփ էլ կտեսնես։
Վեր կացավ Արությունը և մտավ ներս, ուր տեր հայրը նստած էր թախտի վերի ծայրին։ Թախտի դիմաց դրված էին մի քանի հասարակ աթոռներ և մի գրասեղան։ Արությունը նստեց դրա սեղանի մոտ, ուր մի քանի հատոր գրքեր կային դրված։ Արությունը հետաքրքրությամբ նայեց գրքերի վերնագրերին, նրանցից մեկը վերցրեց և սկսեց լուռ կարդալ։ Գիրքն հասարակ բարբառով էր գրված։ Առաջին անգամ պատահելով իրան բոլորովին հասկանալի բարբառով գրված մի գրքի, Արությունը չկարողացավ յուր զգացած հոգեկան գվարճությունն այնքան ծածկել, որ Օվակիմը չնկատեր։
— Արություն, ես տեսնում եմ, որ քեզ շատ գրավեց էդ գիրքը, աբա մեկ բարձր կարդա, տեսնեմ ինչպե՞ս ես կարդում։
— Ո՞ր երեսից սկսեմ,— հարցրեց Արությունը։
— Հենց է՛դ կարդա, ինչ որ կարդում էիր․․․
Արությունն սկսեց կարդալ հետևյալ տողերը.
«Քաղաք որ մտնում եմ, հենց իմանաս, թե աշխարհք սով ա ընկել․ էլ ոչ խեր կա, ոչ բարաքյաթ։ Հացն ու ջուրն էլ որ փողով ըլին ծախում ու առնում, էլ ո՞ւմ դուռը գնաս, ո՞ւմ ձեռդ դեմ անես։ Բազի վախտ էլ տեսել եմ, որ դուքաններում կիտուկ-կիտուկ մանեթները, ոսկին ածած, ամեն մեկ փող համբրելիս, էնպես գիտես, թե փողատիրոնջ հոգին հետն ա դուս գալիս. էնպես են սրթսրթում իրանց խազինի վրա, հենց իմանաս, թե առաջներիցը թև կառնի, կթռչի։ Մեկ ձեռդ դեմ արա՛, շան որդի ըլիմ, ո՛չ մեկ բուռը հողի արժանանամ, թե սուտ ըլիմ ասում, աստված, երկինք, գետինք, ծով, ցամաք, մեկ ծեղ էլ չեն տալ, որ աչքդ կոխես։ Թո՛ւհ, մարդ իրա հոգին պետք է ծախի, որ փողի թամահ անի։ Հազար տարի էլ որ քու ազիզ սիրելու դռանն էլ շլինքդ ծռես, կանգնես, սովու մեռնիս, հազար տարի անոթի փորով զկռտաս, մեկն էլ ա քեզ տուն չի՛ կանչիլ, մեկ սառը ջուր խմացնիլ։
«Էն մարդն էլ որ քու տանը կերել, խմել, ամսով, տարով քու աղ ու հացի վրա է ելել, աչքը աչքիդ առնելիս՝ հենց գիտես՝ թե գյուլլով խփեցին։ Եդևն ա քեզ դեմ անում, ու աչքը քամակը գցում։ Տո՛, փողդ էլ ջհանդամը գնա, դու էլ, տո՛, ղուռումսաղ, ասենք թե աչքդ ա քոռացել, ինձ չես ուզում որ ճանաչես կամ սուփրիդ ղրաղը նշանց տաս, տո՛, գլխիդ քար ընկնի, ինչ կերել ես, քթովդ դուրս գա, խնդրել եմ աստվածածնից՝ զահրմար ընլի, էն դինյումը առաջդ գա, աչքերդ բռնի, տո՛, մեկ բարով-աստծո բարին էլ ա գլխիցդ զհաթ էլե՞լ, որ դունչդ ցցում ես, ու եդ փախչո՞ւմ։ Մեկ բարի լիս, բարի օր էլ ա տուր է՜. հո բերնիցդ քրեհ չե՞ն ուզում, ի՞նչ ես քարացել, էդ էլ հո փողով չի՞, ա՛յ փողակեր, հողակեր...
— Էդ ի՞նչ գիրք է,— հարցրեց տեր հայրը, միջահատելով Արությունի կարդալը։
— «Վերք Հայաստանի»,— պատասխանեց Օվակիմը վերք բառին մի ցավակցական ձայն տալով — դա մի շատ պատվական գիրք է, նոր է տպվել, բայց ափսո՜ս, որ մեր ժողովրդի մեջ չի տարածվում էդպես գիրքը։
— Թե որ էժան է, ես մի հատ կառնեմ, և կարծեմ ամեն մարդ էլ կառնի։
— Բանն էժանության վրա չէ, տեր հայր, մեր ժողովրդի ճաշակը խանգարված է, նա ստացել է մթնասեր ու խավարասեր բնություն, նրան եթե էնպես բան է ասվում, որ իրա խելքիցը բարձր է ու ինքը չի հասկանում ոչ նրա լեզուն, ոչ միտքը, բերանիցը ջուր է գնում, զմայլում, զարմանում է, գովում, բարձրացնում, թե տեսեք, էնպես բան ասեց, որ ոչով չհասկացավ, բայց եթե իրան օգուտ, հասկանալի ու խելքիցը մոտիկ բան ես ասում, ծիծաղում է վերադ, ասում է, էդ ո՞վ չգիտե, որ էդպես է, էդպես հեքիաթներ ես հազարը գիտեմ... Բայց, իհարկե, երբ որ էդպես գրքերը կշատանան, մեր նոր սերնդի աչքը կբացվի, կտեսնի, որ հնիցն էլ օգուտ չկա, գրաբարը ետ կքաշվի, իր տեղն աշխարհաբարին կտա, էն ժամանակն էդպես գրքերն էլ կստանան իրանց վայելուչ հարգն ու պատիվը։ Դրա գրողը մի ճշմարիտ ազգասեր, մի երևելի տաղանդի տեր մարդ է եղել։ Պետք է մի հարյուր տարի անց կենա, որ էդպես մի գրող էլի դուրս դա հայերից։ Ով որ մոտիկ ծանոթ է մեր ժողովրդի կյանքին, մի զարգացած խելք ու միտք ունի ու սիրող սիրտ, միայն նա՛ կարող է հասկանալ, որ էդ գրքի խոսքերը հեղինակի սրտի արյունովն է գրված։ Էդ հեշտ բան չէ, բայց ռամիկ ժողովուրդը ծիծաղում է էն խոսքերը կարդալիս, որ հեղինակի աչքերից արտասունք են բերել... Էհ, ինչևիցե... Դու, Արություն, հավանո՞ւմ ես էդ գիրքը։
Արությունը ոչինչ չխոսեց, բայց այն անմեղ ժպիտը և ամոթխածությոլնով լի անկանոն շարժվածքը, որ նա երևացրեց, դա նշան էր խորին համաձայնության...
— Քե՛զ եմ բաշխել էդ գիրքը։— ասաց Օվակիմը,— քանի որ փոքր ես, էդ գիրքը քեզ համ կուրախացնի, համ կտրտմացնի. բայց երբ որ կմեծանաս, էն ժամանակն էլ ուրիշ տեսակ մտածմունքների մեջ կձգի քեզ...
Արությունն իր հոգու մեջ անչափ շնորհակալ եղավ Օվակիմից, բայց բերանացի չկարողացավ արտահայտել։
Այս միջոցին ներս մտավ Օվակիմի կինը՝ Սոփիոն, նրա հետ մտավ և մի ուրիշ ջահել կինարմատ, մաքուր ու պարկեշտ հագնված, քնքուշ ու գեղեցիկ դեմքով, և գգվեց Արությունին մի այնպիսի ջերմ սիրով, որպիսին սակավ եղբայր ստացած կլինի իր քրոջից։ Այո, անծանոթուհին, Արությունի քույրը՝ Օսանան էր՝ որի աչքերի հորդ արտասուքը, քաղցր ժպիտի հետ խառնված, ցույց էր տալիս նրա ուրախության հուզմունքի անչափությունը։ Մի քանի րոպե տիրեց լռություն, և ապա խոսեց Օսանան և խնդրեց տեր հորից, որ թույլ տա Արությունին իր մոտ տանելու։ Տեր հայրը կատարեց նրա խնդիրքը, և մի քառորդ ժամ չանցած, Արությունը դուրս եկավ Օվակիմի տանից՝ մի ձեռքում «Վերք Հայաստանին» բռնած, իսկ մյուս ձեռքը իր քվորը տված...
— Օվակիմ, էդ աղջիկը ձեռիցս չխլի՞ Արությունիս,— հարցրեց տեր հայրը, երբ որ քույր ու եղբայր դուրս էին եկել արդեն...
— Խլում են, թող խլեն, ի՞նչ ես դարդ անում,— ասաց Օվակիմը.— էստեղ քաղաք տեղ է, նրան շատ չեն պահիլ։ Շատ էլ որ ուզենա Օսանան, նրան ո՞վ մտիկ կանի։ Նա մի սկեսուր ունի, որ աստված ազատե, գյանջեցի է՝ քաղքցի դառած. որ մի բանի վերա խոսում է, էլ չի լռում... Չէ, տեր հայր, նա գեղի տղա է, կուշտ ուտել ու խմելու սովոր, էստեղ ո՞վ նրան էնքան հաց կտա, որ նրա աչքը կշտանա։
— Ի՞նչ է ասում, քա՜,— մեջ ընկավ Սոփիոն.— մաշ ինչկլի հիմի ո՞վ է պահի նրան, գանա չի՞ն կանա էստի էլ պահի...
— Պահիլ էլ կա, պահիլ էլ, մարդ իրա երեխին հո չի դեն գցիլ։ Իրանց գեղումը մի երկու այբ-բեն էին սովրեցրել, էլ ուրիշ բան չգիտեին. մեկ օր տավարն էին ուղարկում, մյուս օր հորթեր, մեկէլ օր՝ գութան, էսպիսությունով նա էլածն էլ մտիցը կգցեր, թե որ նրա բախտիցը տերտերը չէր պատահել։
Ահա չորս տարի է, որ տերտերի մոտն է, դեռ նրա հերը մի թերթ թուղթ չի առած նրա համար... Մերը շատ խելոք, ժրագլուխ կնիկարմատ է. թե մի բան արել է, էլի նա է արել, բայց հերր ոչինչ բանում չի խառնվել...
— Ես էլ էնենց իմ իմացի, վուր շատ խելոք դեդա ունե, կոսե Օսանեն։
— Ես նկատել եմ, տեր հայր, որ գեղի կնանիքը ավելի շատ բան են շինում, քան թե տղամարդիկը. բայց ինչ որ Հռիփսիմեն է անում, հարյուրից մեկը կարող չէ անել։ Քանի անգամ ես նրանց տանը պատահել եմ, շաբթով, ամսով կացել եմ, մի րոպե ես նրան պարապ չեմ տեսել։ Մի բան մանավանդ, որ աչքովս է ընկել, ես շատ եմ հավանել, իբրև նրանց անընդհատ աշխատության մի օրինակ, որ՝ իհարկե դու էլ կլինես նկատած, բայց քեզ զգալի չի լինիլ եղած...Կուժը շալակած ջուրը գնալիս՝ ձեռքները չեն ուզում պարապ թողնել, գուլպա գործելով են գնում։ Կամ երբ որ աղբյուրի նոբաթը ուշ է հասնում իրանց, նրանք պարապ ու անգործ չեն կանգնում. էդ միջոցին էլ կամ գուլպա են գործում, կամ իլիկ մանում։ Գյուղերումը առհասարակ ծույլ տղամարդիկ խիստ շատ կան, բայց ծույլ կնիկարմատ շատ հազիվ կպատահի: Խոսքս մասնավորցնեմ Արությունի մոր վերա, որ մեր Սոփիոն իմանա, թե նա ինչ է անում։
Մանդր երեխանց տեր, աղջկակոխ էլած, հիմի արի նրանց շորերը կարիր, կարկատիր, լվա, թափ տուր, հագցրու, տունը սրբիր, տեղերը գցիր, հավաքիր, օրը երկու թոնիր հաց թխիր, կուժն ուսիդ դիր, գնա հեռու գետիցը հինգ վեց անգամ ջուր բեր, կերակուրն եփիր, մշակներին, հյուրերին հաց տուր, տանըցոց գլխները շաբաթը մեկ անգամ լվա, երեխանցը լողացրու շալակով բերած ջրովդ, մարդի ոտներն ամեն իրիկուն լվա, տրխնին հանիր։ Հիմի արի աղջկերանցդ համար բաժինք շինիր, չվալ, խալիչա, կարպետ, խուրջին, մափռաշ, աղաքսակ, մեզար, ջեջիմ, ղջարի գործիր, նոքարի ու տղերանց համար՝ հորագործ շալ ու շալվար գործիր, մարդի համար տափագործ. ներկիր, կարիր, հագցրու... Հիմա արի ճիճու սլահիր, աբրեշում քաշիր, քեզ համար ու աղջկերանցդ համար աբրեշումե դերիացու գործիր, տղերանց համար շապկացու, գոտկացու... Հիմի արի կովերը կթիր, հորթերը կապոտիր, դուրս արա, օրը մեկ-երկու խնոցի հարիր, եղը հալիր... Հիմի կալի-կուտի ժամանակ է, գնա արեգակի տակին, երեխեն ձեռիդ, կանգնիր, կամը քշիր, եղիր, հաշան արա, քամելուն օգտիր, կալը սրբիր, պաճն ավլով քաշիր, քոչալն իստկիր, ցորենը շատարարի, աղունի համար խախալիր, տեփրիր, քարերը ջոկիր, ձավարի համար ընտրիր, ծեծիր, քամիր, աղա... Հիմի բաղաքաղի ժամանակ է... Հիմի սար պետք է գնալ... Էհ, ինչ եմ ասում, որ մի շաբաթ օր ու գիշեր ասեմ, էլի նրա արածի համառոտ ցուցակը չի կազմվիլ։ Գեղի մեկէլ կնանիքն էլ ներքի թաղիցն սկսած մինչև վերի թաղը խեղճին չեն հանգստացնում։ Մեկն ասում է՝ մի արի մինթանաս ձևիր, մեկն ասում է՝ մեկ արի ջեջիմս հինիր, որն էլ գալիս է՝ թե ասպս մճճվել է, մեկ արի շտկիր. էսպես հազար ու մի բան։ Որ մի չմտածող ու անգետ կնիկ լիներ, կասեինք՝ է՜, ինքն էլ չի իմանում, թե ինչ օրում է, բայց չէ՝ նա տեր Օհանի թոռն է, Հեղինե կուսի քվոր աղջիկը։ Լուսահոգի Հեղինեն մի աշխարհք ման եկած շնորհքով կուս էր, նրա ձեռին է մեծացել։ Ղորդ է, գիր չսովրեցրեց, որ կուս չդառնա էն սիրուն շարմաղ աղջիկը, բայց անգիր աղոթքներ էր սովրեցնում, ու կար, ձև, գործ, որ Հեղինեն լավ գիտեր։ Նրա կարովի սրբերի պատկերները որ մարդ տեսնի, կմնա զարմացած։
— Գեթաղվա՞...— բացականչեց Սոփիոն,— էլ չիս գիտի՞ իմքին վուր ասիս, թե էլի ինչ է անում... մաշ էդ թավուր աղջիկը ինչի՞ մե լավ մարդու չէին տալի...
— Ինչի՞, ի՞նչ պակաս մարդ է Ավետիքը։ Կուզե՞ս պատմեմ, թե ինչպե՞ս է ուզել նա էդ աղջկանը...
— Ափսոս չէ՞ Ավետիքը, շատ պատվական մարդ է,— ասաց տեր հայրը,— նրա պես անունով, նրա պես աղուհացով, նրա պես հասկացող ո՞վ կա մեր գեղումը։
— Բայց Ավետիքն առաջ էդպես չէր. նա առաջ ուրիշ գազան էր, հիմա ուրիշ։ Մի բան որ նրանում չի փոխվել, այդ նրա բռնակալությունն է. առաջ զենքով էր բռնանում մարդկանց վերա, իսկ հիմա՝ խոսքով, գաղափարով, կամ ավելի ուղիղն ասած՝ մոլեռանդությունով... Ես ու նա կաթնեղբայր ենք. ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Ես մի ամսական եմ էլել, որ իմ մայրը վախճանվել է. նրա մերն է ինձ ծիծ տվել, պահել. օղորմի իրան, լուսահոգին մի բոյով բուսաթով կնիկարմատ էր. տղամարդից ետ չէր մնալ, էնքան ուժով էր։ Շատ անգամ, որ խոսք էր բաց ըլում, ասում էի. «Ինձ քիչ ես ծիծ տվել, Ավետիքին շատ, էնդուր է նա ինձանից ուժով»։ Խեղճն ասում էր. «Ես միշտ մի ծիծս քու բերնում էի դնում, մեկէլն՝ Ավետիքի, բայց նա շատ նախանձոտ երեխա էր, միշտ երեսդ չանգռում էր, չէր թողնում, որ հալալ ծիծ ուտես»... Ես նրանց տանն եմ մեծացել երեխա ժամանակս, էն ժամանակը նրանք էլ, մենք էլ Գորի էինք։ Հետո մենք եկանք քաղաք, հերս Ավետիքին էլ ինձ հետ բերավ Հավլաբարի մեծ տեր Օհանի մոտ աշակերտ տվավ, որ գիր սովորենք։ Խեղճ հերս ուզեց, որ ինչպես նրանք ինձ լավություն են արել, պահել, մեծացրել, նա էլ փոխարենը Ավետիքին ուսման տա, մարդ շինի։ Բայց Ավետիքը գիր սովորելու ոչ սեր ուներ, ոչ հավես. երբ որ մի թուր կամ թվանք էր տեսնում, սիրտը թրթռում էր, ե՞րբ կլինի, ասում էր, որ ես էլ կունենամ թուր ու թվանք. ե՞րբ կլինի, որ մի լավ ձի ունենամ, լավ յարաղ, ասպաբ։ Տեր Օհանն էլ աշակերտի սրտի մեջ ուսման սեր գցելու ոչ շնորհք ուներ, ոչ կամք, նա մի կատարյալ դահիճ էր աշակերտների համար։ Ժամանակն էդպես էր պահանջում, նա էլ իր ժամանակի մարդն էր։ Մեկ օր փալախկա գցեց Ավետիքի ոտները. չար Ավետիքը քիչ մնաց թե կատաղի, վրա ընկավ մրքիցն էնպես քաշեց, որ տերտերի աչքերիցն արտասուք եկավ։ Տերտերը դեղնեց, սփրթնեց, թե՝ «Էս լավ նշան չէ, սա մարդասպան կդառնա»... Բռնել տվավ Ավետիքին մեկ լավ ծեծեց, հետո դուրս արավ։ Նա էլ կարծես էդ էր ուզում. փախավ գնաց, էլ ետ չեկավ։
«Ճշմարիտ է, Ավետիքը գեղումը մեծացավ, բայց էնպես մի տղա դառավ, որ ամենքն էլ նրա արևովն էին երդում ուտում. ուրիշ գեղ գնացած ժամանակն էլ մեկ մեկու մատով էին նշանց տալիս, մի խոսքով՝ մի գեղ էր, մի Ավետիք։ Հասանխանի տարին նա շուլավրեցի Սոսի աղի աջի կուռն էր։ Երբ որ քուրդ ու ղզլբաշ չափմիշ արին, թալանեցին Ռատևանա նեմեցներին, նրա չորս կողմի գեղերի ժողովուրդը փախել էին, հավաքվել Դաղեթի տակը, Խրամումը։ Ավետիքն էլ իր ընկերներով դրսից ամեն բան հասցնում էր նրանց, որ քաղցած չմնան։ Հարս ու աղջիկ, ծեր ու պառավ, ամենքն էլ փրկչի տեղ էին դնում նրան, սիրում, պաշտում։ Նա էլ հենց աշխարհքի էդ խառնված ժամանակը մեկ օր Խրամումը տեսնում է Հոռոմսիմին մի քանի աղջկերանց հետ, արյունը գլուխն է ընկնում, քիչ է մնում թե ձիուցը վեր ընկնի։ Վեր է գալիս ձիուցը, աղջկա կուռը պինդ բռնում։ Նրա կշտի աղջկերքը, որ Ավետիքից էդպես բան չէին սպասիլ, երբ որ տեսնում են, թե նա ուզում է փախցնել, վազում են, իմաց տալիս նրա ազգականներին։ Հոռոմսիմը մի քիչ հառբա զոռբա էր անում. որ Ավետիքի ձեռիցն ազատվի, նա ասում է՝ անմեղ մի՛ չարչարվիլ, ես էնպես ղուզղուն չեմ, որ ձեռքս ընկած ճուտը բաց թողնեմ, մի՛ վախենալ, ես քեզ չեմ փախցնելու, միայն ինձ ասա՝ տեսնեմ դու ո՞ւմ աղջիկն ես, որ էդքան սիրուն ես, անումդ ի՞նչ է, ես քեզ պիտի ուզեմ, ինձ չես հավանո՞ւմ... Աղջիկը նրան պատասխան չի տալիս, այլ միայն ազի՜ ու ամի՜ է կանչում, որ օգնության հասնեն... վերջապես գեղըցիք հասնում են, որ ձեռքիցը խլեն, հենց կարծում են, թե ուզում է փախցնի, բայց Ավետիքր հենց որ նրանց տեսնում է՝ ամաչում է, խելքը գլխին է բերում, ձին նստում, հեռանում...
«Կարմրատակած Հոռոմսիմին որ տեսնում են նրա ախպերքը՝ կատաղում են, ուզում են հասնեն, Ավետիքին գյուլլախորով անեն, բայց նրանց մերն ու կուսը, որ վաղուց աչքադրած են ըլում Ավետիքին, արգելում են նրանց, չեն թողնում որ մի վատ բան ըլի։ Ավետիքն էլ իմանում է, թե նա ով է, ով չի, իր մեջ փքվում է, որ էնպես լավ աչք է ունեցել և հենց էն օրը մինից մի մատանի է առնում, տալիս մի պառավի, թե տար նշան տուր։ Նշանը սիրով ընդունում են մերն էլ, ախպերքն էլ, միայն նրանց հորեղբայր Արզումանը, որ իրանց տան մեծն էր, շատ ջգրվում է, թե ինչու իրան մարդի տեղ չեն դրել. չեն գնացել մի քանի ալևոր մարդիկ իրանից խնդրել, թե՝ ուզում ենք ձեր օջախիցը մի բուռ մոխիր վերցնենք»... Բայց լռում է, որովհետև ժամանակն էնպես էր, որ շունը տիրոջը չէր ճանաչում, մի գյուլլա էր, նրա ջանը, եթե ընդդիմանար...
«Հետո, երբ որ ժամանակը հանդարտվում է, ամենքն էլ քաշվում են իրանց գեղերը, իրանց տները, հարսանիքների ժամանակը որ գալիս է, «ճանփակտրեքի» իրիկունը Ավետիքը մի ոչխար է ուղարկում, վերջն ինքն էլ է գնում, որ տեսնի ինչ պիտի տա։ Հացը որ ուտում են, պրծնում, ասում է՝ «Դե ասեցեք, ի՞նչ պիտի տամ»։ Ախպերքն ասում են՝ «Մենք քեզանից ոչինչ չենք ուզում, աստծու տվածիցը մենք ամեն բան էլ ունինք, կիսին չենք արժանի, մեր քվռրը չենք ծախիլ։ Մենք էլ, է՜հ, որքան կարող ենք, մեր քվորը չենք զրկիլ»։
«Բիձա Արզումանը, որ Ավետիքի արարմունքը դեռ չէր մարսել, հիմի էլ արխայինն էր ընկել, աչքերը մեկ էնպես ոլորում է իր ախպոր տղերանց վերա, որ նրանք քիչ է մնում թե պատերից կպչեն։
— Դուք ո՞վ եք,— ասում է,— ո՞ւմ շունն եք, ի՞նչ իշխանություն ունիք, որ մեջ եք ընկնում, աղջիկ մարդու տալիս. որ կամ առնեք, կամ չառնեք, ո՞ւմ աշխատանքիցը պիտի ձեր քվոր համար բաժինք անեք»... ու էսպես շատ բաներ։ Ամենքն էլ մնում են լուռ ու մունջ նստած։ Ավետիքը չի ուզում ցույց տալ, որ նրա խոսքերը գյուլլի պես դիպան իր սրտին, սառը, սառը հարցնում է. «Դե դու ասա, բիձա Արզուման, ի՞նչ պիտի տամ»...
«Արզումանը տերողորմյան հանում է ջեբիցը ու մորուքը տմբացնելով ասում.— մեկ լավ մսացու՝ չաղ ու ղսր կով, մի լավ ղոչ էլ հետը»։ Ասում է ու տերողորմյան էլ հետը չրխկացնում, իբր թե հաշիվ է անում, կովի վրա ոչխար է ավելացնում։ «Հարյուր թունգի Շուլավերու լավ գինի»։ Իրանց գինին ավելի լավ է, բայց էնպես է ասում, որ Ավետիքը գնա նոր մեկանց փողով գինի առնի։ Հարսնախպոր համար մի լավ մահուդ չուխա, քսանըհինգ մանեթանոց։ Գինն ընդուր է ասում, որ եթե չուխեն էժանագին լինի ու չհավնի, ետ դարձնե, քսանըհինգ մանեթն առնե։ «Հարսնամոր համար մի լավ քաթիբա՝ երեք թումնանոց։ Տասներկու ջուխտ Գյանջու սաղրի քոշեր՝ բարեկամ կնանքոնց համար։ Հինգ թուման սիպտակ արծաթ։ Մեկ էլ ինձ համար մի շիրմայի մրքի սանդր կառնես, կգաս ձեռս կպաչես, կասես մեղա աստուծու, ես էլ ձեզ կօրհնեմ, կերթաք ձեր մուրազին կհասնեք...»։
Ավետիքը զոռով բերնին հուփ է տալիս, մինչև Արզումանը պրծնում է իր հաշիվը, բայց որ «մեղա աստծուն» էլ վերջիցն է կպցնում, Ավետքի աչքերն արնով լցնվում է։ Էսպես ժամանակը մեր գեղացիք կամ առհասարակ բոլոր անկիրթ մարդիկը բանական արարածներ չեն, այլ խոսուն գազաններ, արջ, գայլ, վարազ...
«Ավետիքը վեր է թռչում տեղիցը, ձեռքն էնպես շրխկացնում է խանչալի դաստին, որ բոլոր տան երեխեքն ու հարսները տան պուճախներն են պրծնում... Գոռում է Ավետիքը.— դու ո՞վ ես, որ ես քեզ մեղա ասեմ, ես իսկի տերտերին մեղա չեմ ասում։ Ես իմ հոր տղեն եմ, քեզ պես մարդի գլուխը ինձ համար մի սոխ չարժե. ոչինչ չեմ տալու, աղջիկն էլ տանելու եմ. թե որ ղոչաղ մարդ ես, չտաս։ Էս գիշեր քեզ ժամանակ, մենք էգուց կհանդիպենք մեկ մեկու»... Էս ասում է Ավետիքն ու կատաղած դուրս ընկնում, տան դուռն էլ էնպես չրխկացնում է, որ դուռը կրնկահան է ըլում, վեր ընկնում։ Դրսումը շները վրա են թափվում, որ մի լավ քրքրեն, Ավետիքը մթնումը խանչալն աղամ աղամ է անում, դիպչում է շներին, առյուծի պես կծատողները կլանչելով վեր են թափվում։
Արզումանը, որ իր ամեն մի կծոտողին մի սուրու ոչխարի հետ չէր փոխիլ, երբ որ տեսնում է կտրտած, վեր ածած, էն սհաթին հրամայում է իրանց թուրք նոքարներին, որ ձիաները թամքեն։ Ասում է՝ «Ես աղջիկը կտանեմ Շորագյալու թոսովներումը մարդի կտամ, կամ թե չէ՝ կտանեմ ջուրը կգցեմ, էղ գազան մարդասպանին չեմ տալ»... Տան մեծն ինքն էր, ով կհամարձակեր նրա ձեռքիցը բռնել։ Ասելն ու անելը մեկ է անում։ Մոտ կես գիշերին նրանք ճամփա են ընկնում, թե չէ՝ մեկը գնում է Ավետիքին իմաց տալիս. «Քու տունը քանդվի, ասում է, վե՛ր կաց, նշանածդ փախցրին»։ Էս որ լսում է քնաթաթախ Ավետիքը, փափախն էլ է մոռանում, տրխնին էլ, դուս է ընկնում գժվածի նման շապկանց, ոտ ու գլուխը բաց, էն ցուրտ կես գիշերին, վազում է մի քանի տան հերթից իմաց է տալիս իր ընկեր տղերանցը, «հասեք, ասում է, նշանածս ձեռիցս խլում են»: Մինչև նրանք վեր կկենային, թվանքի աղղոթուն, բանին մտիկ կանեին, Ավետիքը վազում է, գոմիցը տկլոր ձին դուրս քաշում, նստում ու դուրս թռչում գեղամիջովը։ Թռած տեղը ձեռքը գցում է ու մի չափարի միջից մի մեծ բհիր է հանում, որ նրանց հասնելն ու մի երկու թուրք նոքարի խփելը մեկ է անում։ Հենց որ նրանք վեր են ընկնում, «վայ մեռա» կանչում, մեկէլները փախչում են ցաքուտումը թաք կենում։ Մեկ էլ որ բհիրն ուզում է վրա բերի Արզումանի գլխին, Հոռոմսիմը, որ նրա թարքին նստած է ըլում, թռչում է Ավետիքի շլնքովը կախ ընկնում, «Քեզ մատաղ, ասում է, արյուն մի՛ անիլ»։ Ավետիքն էլ բարձրացնում է Հոռոմսիմին, դնում է իրա թարքին, ետ դառնում։ Հենց էդ միջոցին նրա ընկերներն էլ ասլանների պես դուրս են թափվում մերուցը, որը ձիով, որը ոտով՝ «հա՜յ ո՞րտեղ է, հա՜յ ո՞ւր է», կանչում... Ավետիքը նրանց հանդարտեցնում է, չի թողնում, որ Արզումանին դիպչեն։ Ասում է, որ էն թուրքերին էլ վերցնեն տանեն, որ մի վնաս չըլի։ Նրանք էլ որը չուխեն է տալիս Ավետիքին. որ չմրսի, որն իր փափախն է դնում նրա գլխին... Մի շաբաթ էր դիփ սրա վրա էին խոսում, հետո շուտ արին պսակեցին, որ գեղըցիք մի քիչ հանդարտվեն։ Ա՜յ ինչպես է ուզել նա էդ աղջիկը, Սոփո ջան», վերջացրեց Օվակիմը ծիծաղելով։
— Մաշ դուն ասում իս, կնիկը նրանց համար գրոշ չարժե... Լավ կի դավի դառաբա ին էլի սարքում կնկա համա ո՞ւ...
— Իհարկե, գրոշ չարժե։ Ամեն օր հո ջահել չի մնում մարդ, միշտ հո մի խելքի չի մնում, չէ որ մարդի խելքն էլ է փոխվում, նրա վարմունքն էլ։ Պսակվեց թե չէ՝ իրա ծերունի հայրը, որ մինչև էն ժամանակը ոչինչ չէր խոսում, տան մեծությունը նրան էր տվել, ինքը մի կողմ քաշվել, հիմի սկսեց քարոզ կարդալ նրա գլխին ու խրատել։— Որդի,— ասում է, — ինչ որ ես արել եմ, դու ոչ կարող ես անել, ոչ կարող ես մտքովդ անց կացնել։ Չէ՛, որդի,— ասում է,— աննպատակ ղոչաղությունը մի տեսակ ավազակություն է, էդ լավ բան չէ։ Հիմի կնկա տեր ես դառել, էգուց էլօր որդոց տեր կդառնաս, նրանց պահել, պահպանել է հարկավոր։ Բաղդ մեծացրու, տավարդ ավելացրու, ղոնաղ սիրի, խեղճի օգնիր։ Թե որ ուզում ես անուն ունենաս, հացով կաց, հացի ձենը Հնդստան կհասնի։ Ժամ գնա, աղոթք արա, հաղորդվիր...
«Տեր հայր, էդ ծեր մարդը, Ավետիքի հերը՝ Վերդին, — կարելի է տեսած կլինիս, մի տարօրինակ մարդ էր։ Նա տարին մեկ անգամ էր մտնում ժամ, որ հաղորդվի, մնացած ժամանակը ժամի դրսումը մի փռշնի ծառ կար, միշտ էն ծառի տակին էր կանգնում։ Մեռնելու ժամանակն էլ կտակ արավ, որ իրան էն ծառի տակին թաղեն։ Էնպես էլ արին։ Հետո եկեղեցին վերանորոգելիս մեծացրին, նրա գերեզմանն ընկավ եկեղեցու խորանը։ Էն մարդը, որ կենդանի ժամանակը եկեղեցի չէր մտնում, մեռնելուց հետո մշտապես ընկավ եկեղեցին։ Նա գրագետ մարդ էր, որ մի զարմանալի բան էլ էդ էր, որովհետև հասարակ գրագետ չէր, հայոց պատմության տեղյակ մարդ էր, մինչդեռ նրա ժամանակի հոգևորականները պատմությունից ոչ մի տեղեկություն չունեին։ Նա մեր վարդապետներին աչքով աչք չուներ տեսնելու։ Ասում էր «մեր ազգի տունը սրանց ձեռին է, բայց չեն շինում, քանդում են»... Իրա մասին ինքը ոչինչ չէր խոսում, բայց նրա հասակակից մարդիկը շատ բան էին ասում նրա վերա, որ մի ահագին պատմություն կդառնա, եթե մարդ գրելու լինի։ Հիմիկվան խաղաղ ժամանակում ապրող մարդիկս մեզ չենք կարող ներկայացնել մեր պապերի քաշածն ու արածը, մի ժամանակ, երբ մարդու գլուխն ու սոխի գլուխը մի գին է ունեցել։ Սով, սրածություն, արհավիրք, մահտարաժամ, փախուստ, գաղթականություն, և այդ էլ շարունակ. մեկը պակասում է, մեկէլն է գալիս, մեկէլն անցնում է, մյուսն է վրա հասնում։ Հերս պատմում էր, թե Վերդին հարյուր մարդից ավելի է սպանել, բայց ինքն ասում է՝ ես միայն մեկ մարդ եմ սպանել, որովհետև էդ մեկ մարդուն քնած ժամանակն էր սպանել և դրա համար էր ապաշխարում եկեղեցու դրսումը... Ինչևիցե, աստված ողորմի հոգուն, իգիթ մարդ էր... Մեր Ավետիքն էլ ուղիղ իր հորն էր քաշել։ Քանի որ ազապ էր՝ ամսով, տարով տանը չէր կենում. մեկ լսվում էր, թե՝ Երևան է, մեկ թե՝ Ղարաբաղ է, մեկ էլ թե՝ Քարթլ է, որտեղ մի ապստամբություն, մի շարժում էր լինում, նա իսկույն հասնում էր։ Ուրիշներից որ իմանում էր, թե իր հերը, պապը շատ քաջ տղամարդիկ են էլել, խաների բեղերի գլուխ չեն էլել վեր բերելիս, նա գժվում էր, չոլերն ընկնում, որ քաջութենում նրանցից անց կենա, որ չասեն, թե՝ «դու քո հոր տղեն չես», բայց պսակվեց թե չէ, էլ տանիցը դուրս չեկավ, թե՝ «Իգիթի ապրանքն իր աչքի առջևը պետք է լինի»։ Սերի էդ տաք-տաք ժամանակ Հոռոմսիմն էլ սկսեց նրան քարոզել, հավատի բերիլ. ինչ որ աղոթք գիտեր, դիփ էլ սովրեցրեց. սկսեց պատմել ճգնավորներից, սուրբերից, մի խոսքով ինչ որ լսել էր Հեղինեից։ Ժամ գնաց, հաղորդվեց. լուսահոգի տեր Ղուկասը նրա խղճմտանքն անհանգստացրեց, մեղքերը շլնքին դարսեց, ծանր ապաշխարանքներ դրավ վերան և էդպես էն առյուծ տղային շինեց մի գառը։ Շատ տեղեր էր ման եկել, քիչ շատ քաղաքավարություն էր սովորել, վրացերեն, թուրքերեն ճարտար խոսում էր, ռուսերեն էլ կոտրտում էր։ Մարդամեջ ընկավ, մարդիկն սկսեցին պատվել, պաշտել, մողրովի ու նաչալնիկի մոտ միշտ նրան ուղարկել, նրան քյոխվա շինել, նա էլ տեսավ, որ ոչով իրա չափ խելք ու շնորհք չունի, սկսեց նրանց գլխին փիլիսոփա դառնալ։ Նա որ մի ժամանակ ոչ հավատ ուներ, ոչ հույս, որովհետև նրա հավատն ու հույսը իր թուրն ու թվանքն էին, հիմի, ինչպես կասեն՝ «Օխտը վարդապետի ղադամ բան գիտե»։ Հիմի որ հազար թուման տաս, նա պար չի գա, թե ինչ է՝ պար գալով՝ Օհաննես Մկրտչի գլուխը կտրել են տվել. ոչովի հետ պռոշտի չի անիլ, իր երեխին չի պաչիլ, թե ինչ է՝ պաչելով՝ Հուդան Քրիստոսին մատնել է։ Մորթ անելը նրան հազար ու մեկ նզովքներով ու ապաշխարանքներով արգելված է։ Մեկ մարդ, որ էսպես տուտուց բաների գերի դառնա, նրանից էլ ի՞նչ սեր կարող ես պահանջել, քանի որ սիրալիր հարաբերությունը նա մեղք է համարում...
— Օվակիմ, քո ասածը կարելի է ճշմարիտ է, բայց իմ խելքումը չի տեղավորվում։ Դու մեր Ավետքին բոլորովին հիմարացնում ես։ Ես դեռ նրա պես խելոք մարդ չեմ տեսել։ Հիմի մի՞թե նա էնքան հիմար է, որ եթե հասկացնես բանի զորությունը, եթե հասկացնես ուսման նշանակությունը, նա իրա որդուն չի օգնիլ։
— Բանն էս է, տեր հայր, որ մենք չենք իմանում, թե ում ենք հիմար ասում և ում՝ խելոք։ Ավետիքը հիմար չէ, ես համաձայն եմ քեզ հետ։ Բայց ես կասեմ, որ եթե նա հիմար լիներ, ավելի շուտ կհամոզվեր, որ պետք է օգնի իր որդուն, քան թե հիմա, որ քու կարծիքով՝ խելոք է։ Նա խելոք է, այո՛, նա համառություն ունի կարծելու, որ խելոք է. նա կարող չէ կասկածել, որ իր գլխում եղածը խելք չէ, այլ համառություն, կամապաշտություն, ինքնասիրություն, մոլեռանդություն, և վերջապես բարբարոսություն, սրանց ամեն մեկը մյուսի հետևանքն է։ Նա քեզ կասե՝ որ Սողոմոնն էլ էր շատ իմաստուն, բայց կռապաշտ դառավ, կնկանը գլուխ վեր բերավ, դժոխք գնաց։ Նա քեզ կասե՝ որդին հոր հոգուն ոչ մի շահ չի տալ։ Գրիգոր Լուսավորիչը, որ մեր հավատի գլուխն է, չկարաց իրա հորը դժոխքիցը հանել, էնքանն արավ միայն, որ դժոխքի սյունը ականջիցը հանեցին, աչքումը դրին։ Հիմար ու տգետ մարդոց գլխումը էսպես առասպելներ չկան, և ես զարմանում եմ, որ ում գլուխը որ քացախով ու դարմանով լիքն է, նրան խելոք են ասում...
Տեր հայրն Օվակիմի խոսքերի մեջ տեսնելով իր պատկերը՝ լռեց։ Այդ նկատեց Օվակիմը և ուզենալով փոքր-ինչ մեղմացնել իր ասածները, ավելացրեց.
— Իհարկե՝ ես շատ էլ չեմ մեղադրում Ավետիքին, նրա նախապաշարմունքներն էնքան զորություն չունին, որ կարողանան Արությունի ուսման առաջը փակել, եթե միայն նրա սրտի մեջ կընկնի մի ուսումնասիրության կայծ։ Բայց եթե առհասարակ խոսելու լինենք գեղացոց վերա, էդ ուրիշ բան է։ Պետք է քաղաքը քիչ թե շատ ուսումով լցնվի, «որ լափունը տա՝ ածի գեղերը»։ Բայց դեռ մեր քաղքցիք իրանք չեն իմանում ուսման հարգն ու կարևորությունը, դեռ իրանք են մի բան առնում, որ իրանց երեխին ուսման տան, գեղացիք ի՞նչ տեղից կիմանան, կամ վերջապես նրանք ի՞նչ գիտեն, թե ուսումն ի՞նչ է։ Զոռով բան չի լինիլ, տեր հայր, ամեն բան իրա ժամանակն ունի, իրա պատճառը։ Շատ անգամ գարունքը գալիս է, որ ծառերի ծաղկելու ժամանակն է, բայց շատ ծառեր չեն ծաղկում, պատճառն ի՞նչ է.— ցուրտը տարած է լինում նրանց։ Մենք որ կանք հիմա՝ մեկ ցրտատար, ջրատար ազգ ենք. մեզանից եթե հազարից մեկը ծաղկե, էն էլ մեծ բան է... Հասկանո՞ւմ ես իմ ասածը, տերտեր ջան...
— Ի՞նչպես չեմ հասկանում, օրհնված, դու հենց մեզ ամենքիս էլ երեխի տեղ ես դրել...
— Դե որ հասկանում ես, էլ ի՞նչ ասեմ, «զի որ ունիցի ականջս լսելո, լվիցե»։ Ասած է. «Ականջը նրա համար չի շատ մեծանում, որ շատ բան է լսում»։ Ես շատ խոսեցի, հոգնեցա. ի՞նչ անեմ, էրված տեղեր ունեմ, ասած է՝ «Դարդ ունեցողը յանգշաղ կլինի»։ Հիմի ես մի տեսակ յանգշաղ եմ դառել. հույս ունիմ, որ դու կներես, տեր հայր... Սոփիո ջան, շուտ արա, սուփրեն գցիր...
Երբ որ Օսանան եղբորը տարավ իր մոտ, սկսեց պատմել նրան, թե ի՞նչ են դառնում գյուղից քաղաք եկողները. թե՝ քաղաքի ուսումնարանները լավ են, սովրեցնում են մի քանի լեզու. թե՝ շատ անգամ գյուղից աղքատ երեխեք են գալիս և ուսում առնելով՝ դառնում են վարժապետներ, գրագիրներ, չինովնիկներ. թե ինչպես նրանք հարուստ մարդի աղջիկ են ուզում և իրանք էլ հարստանում, թե ինչպես այս և այն անձը աղա է դառել, որ էլ ոչովի չի հավանում, մոռացել է իր ստոր ծագումն ու չքավորությունը․․․
Այսպես՝ երբ տան մյուս անդամները գնացել էին իրանց գործին, քույր ու եղբայր առանձնացած՝ մտածում էին, թե ի՞նչպես լավ կլիներ Արությունի համար — մնա՞լ քաղաքումը, թե՞ էլի ետ դառնալ դեպի գյուղ։
— Չէ՛, լավ կանես, որ էլ գեղը չգնաս,— ասաց Օսանան.— էնտեղ ի՞նչ պետք է սովորես. էդ տերտերն ինքն ի՞նչ գիտե, որ քեզ ինչ սովրեցնե․․․
— Էդ մի՛ ասիլ,— պաշտպանեց Արությունը իր տերտերին,— էդպես տերտեր էս քաղաքումը չի լինիլ. դա մեկ անհայտ փիլիսոփա է․ կաթողիկոսը որ գիտենա, դրան եպիսկոպոսի խաչ կտա...
— Ի՞նչ ես ասում, ա՛ տղա,— ընդդիմախոսեց Օսանան։— Դա մեր Օվակիմի մորաքրոջ որդին է, ես մի՞թե չեմ ճանաչում դրան։ Մեկ օր խոսք բացվեցավ, ես հարցրի Օվակիմին, նա թե՝ «ճգնավոր, բարեսիրտ մարդ է, բայց գլխումը խելք չկա. դրա համար սուտն ու ճշմարիտը մեկ է, երկուսին էլ հավատում է»... Էստեղ գիմնազիումն էնպես բաներ են սովրեցնում, որ դա իր օրումը լսած չի լինիլ։ Մեր հարևան Սառի տղա Յագորը հիմի գիմնազիի վրա չորս կլասումն է։ Նրա մերն էնպես բաներ է ասում նրանից, որ մարդ լսի, կմնա զարմացած...
— Ի՞նչ բաներ է ասում։
— Ասում է՝ իմ տղեն հիմի գիտե, թե էստեղից մինչև Մոսկով տրոյկի ակը քանի անգամ պտույտ կգա։ Նա, ասում է, գիտե, թե Ադամից մինչև հիմի քանի մինուտ է անցել։ Աբա քու տերտերն էդ գիդի՞, քեզ ասել է՞...
— Ես որ քաղքումը մնամ, էդ բաները կսովորե՞մ։
— Իհարկե, կսովորես։ Որ մտնես Վանքի ուսումնարանը, հետո տերտեր կդառնաս. ուզենաս, գրագիր կդառնաս Կոնձիստորումը, կամ թե չէ՝ վարժապետություն կանես, ժամումն էլ տիրացություն։ Թե որ խելոք կըլես, մի հարուստ մարդ քեզ փեսա կշինի, կաշխատի, ձեռնադրել կտա մի հարուստ եկեղեցու վերա։ Կամ թե չէ՝ թե որ կուզես, կմտնես գիմնազիա, էնտեղ լավ ռսերեն կսովորես, հետո թագավորական ղուլլուղ կմտնես, չինովնիկ կդառնաս, տարեցտարի չինդ կավելանա, մեծ մարդ կդառնաս, համ քեզ կըլիս շահ, համ թագավորին. հաբա՞...
— Որ գիմնազիումը լավ սովորեմ, հետո մողրով էլ կդառնամ, չէ է՞․․․
— Մողրո՞վն ինչ է, դու նրանից էլ մեծ մարդ կդառնաս, ենարալ կդառնաս...
— Ո՜ւհ, ամա մեծ մարդ կըլիմ հա՜... Ղորդ, էդքան կբարձրանա՜մ... Էհ, ենարալ չէ, որ եթե մի հասարակ դիլբանդ էլ դառնալու ըլիմ, ես կմտնեմ գիմնազիա։ Ա՜յ մեր գեղցիք, լեզու չգիտեն, օրենք չգիտեն, մի հասարակ յասավուլի առաջ փափախնին վեր են կալնում, կշտին կուչ գալիս։ Քանի անգամ եմ տեսել մողրովին իմ հորը ծեծելիս։ Նոր չէ՞ր, որ բերդն էլ գցեցին, ուզում էին Սիբիր ուղարկեն։ Մեկ անգամ տարել էր մոտը, էլ բաց չէր թողնում, թե՝ դու ինձ պետք ես, լեզու գիտես, ղոչաղ մարդ ես, դու ինձ պետք է օգնես, որ բոլոր գողերին բռնոտենք։ Վար ու ցանքի ժամանակ է, խալխն իրանց բանը վերջացրել են, մենք դեռ մի հատ ցորեն չենք գցել հողը։ Մեկ էլ տեսանք, հրես մողրովը եկավ մի հարյուր ձիավորով։ Եկան մեր դռանը վեր եկան։ Երբ որ գնալու էին, հերս ասեց.— Աղա, խնդրեմ ինձ մուրախաս անես, ես մենակ մարդ եմ, տանս ուրիշ աշխատող չունիմ, հիմի էլ ուրիշներին տար. թե որ բեգառ է, պետք է ամենքն էլ քաշեն։ Նա թե՝ չի կարելի, պետք է գաս։ Չեմ գալ, պիտի գաս, մի քիչ ընդդիմացավ հերս։ Մողրովը չիբխի գլուխը հանեց ու նրա կոթովը մին թե երկու, հորս գլխին ու երեսին... էնքան խփեց, որ արնակոլոլ արավ։ Էնպես բարկությունս եկա՜վ, մի մեծ քար վեր կալա, որ տանեմ մողրովի գլխին գցեմ, մեր մարդիկը խլեցին ձեռիցս, թե՝ էդ ի՞նչ ես անում, գիժ, ուզում ես, որ մեր սաղ գեղը կրակ տան, էրե՜ն... Հապա՜։ Էնպես բաներ եմ տեսել, որ սիրտս արնով լցվել է, աչքերս պեծին-պեծին արել, հիմի էլ ամեն միտս գալովս ջանս սռսռում է, մազերս փշաքաղում։ Ես միշտ աստծուն աղաչանք եմ անում, որ հոգիս չառնի, ինձ լեզու տա, շնորհք տա, որ ես դրանց բոլորի ջիգրը հանեմ, սիրտս հովացնեմ... Ես որ չինովնիկ դառնամ, որ էլ ոչով իրավունք չունենա ինձ վրա ձեռք վեր բերել, այնուհետև ես գիտեմ, թե ինչեր կանեմ․․․
— Չէ՛, ես քեզ էլ չեմ տալ տերտերին, որ տանի, ես նրան պատասխան կտամ։ Մանվելի հետ միասին կերթանք Վանքի ուսումնարանը, կամ թե չէ՝ գիմնազիա, որտեղ որ ձեզ հարմար կլինի, էնտեղ կէրթաք։
— Շատ լավ, էդպես արա։ Ես էլ մի գիր կգրեմ, որ մեր տանիցը ալյուր, բան ուղարկեն։ Դու ինձ մի թուղթ ու թանաքաման տուր...
Արությունը դեռ չէր ավարտել իր նամակը, որ տեր Պետրոսը ներս մտավ։
— Արություն, որդի, մենք ուշանում ենք. էստեղ քաղաք տեղ է, գարին, դարմանը թանկ է,— ասաց տեր հայրը, նստելով աթոռի վերա, որ Օսանան առաջ քաշեց։
— Տեր հայր, խնդրեմ Արությունին թողնեք մնա այստեղ,— ասաց Օսանան։
— Ես հենց երազումս տեսա, որ դու Արությունին պիտի ձեռիցս խլես։ Հետո՞, քո հերն էլ համաձայն կլինի՞ այդ բանին, գիտե՞ս, նրա համար քաղաքը մի սարսափելի բան է։
— Ես իմ հորը կհամաձայնեցնեմ։
— Լավ, որդի, ես հո չկամություն չեմ անում։ Ես Արությունին որդու պես եմ պահել. ես ինքս էլ եմ ուզում, որ լավ ուսում առնի, լավ տղա, խելոք տղա դառնա.— ասաց տեր հայրը և ապա դառնալով Արությունին՝ հարցրեց.
— Արություն, որդի, ուզո՞ւմ ես մնալ։
— Հա՛,— ասաց Արությունը ամաչելով։
— Լա՛վ, որդի... դե խելոք կաց, առավոտ, իրիկուն ժամ գնա՛, ժամ ասա, անառակ տղոց հետ ընկերություն չանես, կոճի չխաղաս, չգնաս Քռումը լողանալու, կամ Օրթաճալա՝ ման գալու։ Դո՛ւ գիտես, ինձ չամաչացնես, էնպես արա, որ մի ժամանակ ես էլ պարծենամ։ Ինձ շուտ-շուտ նամակ գրիր, մի նեղություն ունենաս, ինձ հայտնիր։ Մնա՛ս խաղաղությամբ, տեր ընդ քեզ։
Արությունը համբուրեց տեր հոր աջը, տերտերն էլ նրա գլխին մի «պահպանիչ» ասաց և բոլորին խաղաղություն մաղթելով, դուրս գնաց...
Արությունն ու Մանվելը մտան Ներսիսյան դպրոց, իբրև երթևեկ աշակերտներ։
Ներսես կաթողիկոսի միակ ցանկությունն էր, որ իր ուսումնարանը փայլի, և նա փայլում էր մերթ պոչավոր աստղի հուսով և մերթ... լուսատտիկի։ Երբ փայլում էր պոչավոր աստղը, աներևույթ անձինք երևելի ձեռքերով կտրում էին նրա պոչը, և այնուհետև փայլում էր լուսատտիկը։
Արությունն ու Մանվելը երբ որ մտան դպրոց, այն ժամանակ փայլում էր պոչավոր աստղը, և արդեն մեծ պատրաստության վրա էին, որ կտրեն նրա պոչը։ Այդ աստղն էր Պ. Շանշյանցը, որ տեսուչ լինելով, միևնույն ժամանակ և մի օրինակելի դաստիարակ, ամենայն ճիգ թափում էր ուսումնարանի փայլն ավելացնելու, բայց չէր կարողանում։ Այդ բանին արգելք էր լինում մի եպիսկոպոս, որ մեծ ազդեցություն ուներ կաթողիկոսի վրա։
Ներսես կաթողիկոսին իր այդ ծերության ժամանակ խաբում էին անխիղճ կերպով, և այնքան ավելի էին խաբում, որքան նա շատ էր հավատում, որ ոչ ոք չի համարձակիլ իրան խաբելու։ Նրան խաբում էին իր նշանակած աշխարհական գործակալ գանձապետները, որոնք անգթաբար կեղեքում էին ժողովրդին, նրան խաբում էին իր ուսումնարանի հոգաբարձուները․․․
Ուսման առարկաներն էին այդ ժամանակ հայոց լեզու, ընդարձակ, և կրոն իր բոլոր մասներով, ռուսաց լեզու, մասամբ կամավոր, և մի կտոր թվաբանություն, և այն էլ ավանդվում էր չինական մեթոդով։ Դպրոցի բոլոր ջանքը երկու առարկայի վրա էր դարձրած— կրոնի ու լեզվի, և այդ վատ չէր այն ժամանակվա ամենակարևոր պահանջին նայած։ Այդտեղ հայախոս էին դառնում և լավ գրում, կարդում ուտեախոս, չերքեզախոս և վրացախոս պատանիք։ Մի երկրորդ լավ բանն էլ այն էր, որ սովորություն ունեին բարձր դասատան աշակերտներին քարոզներ գրել տալու։ Ամեն շաբաթ կեսօրից հետո կարդացնել էին տալիս այդ քարոզները, որին շատ անգամ ներկա էր լինում ինքը՝ կաթողիկոսը մի քանի պատվավոր հյուրերի և հոգաբարձուների հետ։
Տեսուչը հարցաքննեց Արությունին հայերենից և կրոնից, և շատ բավական մնալով՝ ասաց. «Դու կարող ես երրորդ դասատուն մտնել (այդ վերջին դասատունն էր, և ամենից բարձրը), բայց որովհետև տարվա սկիզբը չէ և հասակդ էլ փոքր է, քեզ կընդունենք երկրորդ դասատուն»։ Իսկ Մանվելին էլ նախ որոշեց առաջին դասատուն, բայց հետո նրա հասակն էլ մեծ համարելով՝ նմանապես ուղարկեց երկրորդ դասատուն, ուր տասներեք տարեկանների մոտ երեսուն և քառասուն տարեկան տիրացուներ ևս կային նստած իբրև կամավոր լսողներ...
Այսպես կարգադրելուց հետո՝ Արությունին էլ պարտավորեցրեց, որ օգնե Մանվելին, և խոսեց նրանց հետևյալ խրատը.
— Ուսումնարանը մի սուրբ ավազան է, որից մենք մկրտվում ենք կրկին, բայց մկրտվում ենք ոչ ջրով, այլ հոգվով սրբով։ Դուք պարտավոր եք ձեզ սուրբ պահել. սուրբ ու մաքուր պիտի պահեք մանավանդ ձեր լեզուն։ Լեզվով ենք աղոթք անում մենք աստուծուն, լեզվով ենք խնդրում նրա ողորմությունն ու շնորհքը։ Կարելի չէ սուտերով ու հայհոյանքներով աղտոտած լեզվով դիմել աստծուն, խոսել նրա հետ, խնդրել նրանից մի բան։ Ո՛չ։ Այն ժամանակ աստված չի լսիլ մեզ, ետ կդարձնե մեզանից իր երեսը և մեզ կթողնե անհոգ ու անխնամ, զուրկ իր ողորմությունից, իր շնորհքից․․․ Ուրեմն այս ասածներս միտներդ պահեցեք և ձեր սիրտը, ձեր լեզուն մաքուր պահեցեք...
Արությունը բարոյական խրատներ շատ էր լսած, բայց այս փոքրիկ խրատն իր բովանդակությամբ, և ասելու ձևի շնորհիվ՝ այնպիսի ազդեցություն գործեց նրա քնքուշ և հավատով ու ջերմեռանդությամբ լի սրտի վրա, որ քիչ մնաց լաց լինի․․․
Հիրավի, մի կախարդական ազդեցություն ուներ տեսուչը բոլոր աշակերտների վրա, թե մեծերի և թե փոքրերի։ Նրա շարժվածքը, նայվածքը, խոսվածքը, բոլոր իր անձնավորությամբ որոշվում էր ոչ միայն բոլոր դաստիարակներից, այլև քաղաքի ամբողջ հասարակության բոլոր մարդկանցից։ Նա պատկառելի էր թե՛ դպրոցում և թե՛ դուրսը, թե՛ հայերի և թե՛ օտարների առջև, թե՛ զարգացածների և թե ՛տգետների համար։ Նրա բնավորությունից՝ իբրև մի օրինակ՝ մի անցք կարելի է բերել։ Մի չար աշակերտ կար, շատ չար, անուղղելի մի սրիկա։ Այդ աշակերտին պետք էր պատժել։ Այդ ժամանակ պատիժ կար, թեև մեղմ, բայց վարժապետները տեսչից թաքուն պատժում էին անխնա և բարբարոսաբար։ Մի քանի վարժապետ և վերակացոք հազիվ կարողացան չար աշակերտին ներս գցել դահլիճը և դուռը ծածկել։ Դահլիճում, գրասեղանի մոտ նստած էր տեսուչը։ Երբ որ չար աշակերտին ներս մղեցին ուժով, տեսուչը գլուխը չբարձրացրեց, տղայի երեսին չնայեց, չբարկացավ, չհանդիմանեց, այլ քթի տակին ինչ-որ ասաց շատ մեղմ կերպով, որից չար տղան կարմրեց ու սփրթնեց և ի վերջո այն աստիճան գառը դառավ մի քանի րոպեի մեջ, որ ինքն իր կամքով գնաց պահապանին ասաց, թե տեսուչը հրամայել է, որ իրան տասը զարկ տա։ Երբ որ պահապանը պատրաստվում էր արդեն իր պարտավորությունը կատարելու, տեսուչն ուղարկեց վերակացվին, որ հայտնե նրան, թե ներված է նրա հանցանքը... Այդ սրիկա աշակերտը վերջը դարձավ մի օրինակելի աշակերտ...
Մեր նորեկները նստեցան երկրորդ դասատան առաջին բաժնումը։ Մի քանի օրից հետո Արությունը շուտով աչքի ընկավ։ Կրոնի վարժապետ քահանան նրան տեղափոխեց երկրորդ բաժինը։ Նա սովրեցնում էր համառոտ քրիստոնեական վարդապետություն և ավելի ևս համառոտ սրբազան պատմություն, մինչդեռ Արությունը Աստվածաշունչն ամբողջապես գիտեր, և յուր սուր հիշողության շնորհիվ ինչ տեղից էլ ուզենայիր, նա կպատմեր բառ առ բառ։ Սրբազան պատմությունը սովրեցնում էին աշխարհաբար, իսկ քրիստոնեական վարդապետությունը՝ գրաբար։ Հին վարդապետներն ընդդեմ էին աշխարհաբարի, բայց տեսուչն արդեն մտցրել էր աշխարհաբար շարադրություն և քարոզներ գրել տալը։ Նա ուզում էր, որ կրոնի բոլոր դասագրքերը աշխարհաբար լինին, թարգմանել էր տալիս և Ավետարանը։ Եվ բոլոր այդ բաներին շատ խորթ էին նայում եպիսկոպոսն ու իր արբանյակները։ Նրանք դրանում գտնում էին ոչ ուղիղ դաստիարակության մի ոճ, այլ կրոնական մի նորամուծություն, օտար կրոնի հետևողություն։
Հայկաբանության ուսուցիչն ևս գոհ էր Արությունից, քանի որ նա դեռ լավ չէր ցույց տվել իր գրաբարագիտության աստիճանը։ Բայց մեկ անգամ մի աշակերտ սխալվեցավ, և երբ վարժապետը հանդիմանեց նրան, որ ինքն այդպես չի ասել, փոքրոգի աշակերտը՝ իր հանցանքը թեթևացնելու համար՝ զրպարտեց Արությունիւն, թե՝ ինքն անցյալ դասին ներկա չի եղել, դիմել է Արությունին և նա այդպես է սովրեցրել։
— Հա՜, ուրեմն բացի ինձանից՝ այստեղ ուրիշ վարժապետ էլ կա,— բացականչեց վարժապետը և Արությունին դուրս կանչեց գրատախտակի մոտ, որ մի փորձով իր գիտությունը նրա անգիտությունովը փայլեցնե։ Վարժապետն ինքը մի նախաղասություն գրեց և լուծել տվավ բառ առ բառ իբրև մասունք բանի։ Նախադասության բայի դեմքը ուղիղ չասաց Արությունը։ Բայն էր «ասէն»։ Արությունը ուշ չդարձնելով գրի վրա, ասաց՝ «ասէն՝ բայ ներգործական հոգնակի երրորդ դեմք»... Վարժապետն էլ այդ էր ուզում։ Էլ չստիպեց, որ Արությունն ուշադրություն դարձնե բայի կազմության վրա, և ոչ գրաբար նախադասությունը աշխարհաբարի դարձնել տվավ նախապես, որով կիմացվեր, որ բայը եզակի է և ոչ հոգնակի, թե՝ նուն դիմորոշ տառ է. ոչ այս արավ և ոչ այն, այլ հանկարծ Չամչյանի ահագին քերականությունն այնպես թրխկացրեց Արությունի գլխին՝ որ նա վայր ընկավ ուշաթափ։ Աշակերտներն իսկույն ջուր հասցրին, ածեցին վրան և այնքան շատ ածեցին, որ շինեցին մի անձրևի տակ ընկած լխպոր ճուտ։ Դրանով վարժապետի գազանությունը չմեղմացավ, բայց Արությունի սիրտր քիչ էր մնում տրաքեր, իր կյանքում առաջին անգամ ստանալով վարժապետից մի պատիժ և այն էլ այդպես խիստ ու բարբարոսաբար։ Նրա պատվասիրությունը սաստիկ վիրավորվեցավ և այնուհետև սկսեց ատելով ատել այդ վարժապետին։
Հայկաբանության այդ վարժապետից շատ վախենում էին բոլոր աշակերտները և շատ էլ ատում նրան։ Դա վարժապետ էր և միևնույն ժամանակ գիշերօթիկ ավագ վերակացու։ Դա մի խաչագող էր Թմբուլ գյուղից։ Իր ուսումն ավարտել էր միևնույն Ներսիսյան դպրոցումը, բայց դպրոցը նրան չէր բարոյականացրել, այլ ավելի ևս անբարոյականացրել էր։ Նա ուսում չառած՝ գուցե մի անշնորհք խաչագող կլիներ, ոչ այնքան վտանգավոր, բայց այժմ նա ավելի էր ճարպիկացել և ավելի հնար ուներ վտանգավոր լինելու։ Հիրավի նա արդեն իր լրտեսությունով եպիսկոպոսի հովանավորությունն ու պաշտպանությունը գրավել էր. նա արդեն հող էր փորում տեսչի համար և ամենայն կեղտոտություն և չարություն գործ էր դնում ուսումնարանումը, և․․․ բոլորն էլ անց էր կենում, բոլորն էլ մարսում էր...
Ռուսաց լեզվի այդ դասատան վարժապետը մի խելագար երիտասարդ էր։ Դրա դասին ծիծաղ էր, որ այստեղից այնտեղից բարձրանում էր, որից խելագար վարժապետն ավելի ևս գժվում էր։ Նա վերջը իսկապես գժվեցավ և մեռավ։
Թվաբանության ուսուցիչը մի խենեշ արարած էր։ Նա իր դասը թողած նստում էր իր ընտրած կամ ընտրելի աշակերտի կողքին, ջեբերը պտրտում, գլուխը շփում... — Աշակերտներից շատերն այդ փորձերին ենթարկվելով՝ ամոթից լաց էին լինում... Կային և վարք ու բարքով ապականված աշակերտներ, որոնք վարակում էին և ուրիշ շատերին։
— Այս ի՞նչ խայտառակություն է,— հարցնում էր Արությունը Մանվելին, քանի որ դեռ նոր էր։
— Մեզ ի՞նչ, եղբայր, երևի սրանց ադաթն էլ այսպես է,— պատասխանում էր Մանվելը, և այնուհետև լռում էին երկուսն էլ, թե՛ ներսը և թե՛ դուրսը։
Դպրոցի բոլոր բարոյական և կրթական թերությունները չէին կարող ծածուկ մնալ տեսչի նկատողությունից։ Նա ուզում էր դուրս անել վատ վարժապետներին, բայց դուրս անել քրիստոնեաբար, առանց հայտնելու, որ նրանք այս կամ այն թերությունն ունին և անհարմար են վարժապետության։ Նա մոռանում էր, որ քրիստոնեության հիմնադիրն ինքը այդպիսիների համար խարազան ուներ ձեռին։ Պարոն տեսչի քրիստոնեաբար վարվելու հետևանքն այն եղավ, որ ինքը մեղադրվեցավ քրիստոնեական ջերմեռանդության մեջ և քրիստոնեաբար հեռացավ ուսումնարանից, իբրև մի քրիստոնյա հերետիկոս...
Այսպես հեռացավ պոչավոր աստղը և մեջտեղ կրկին պծպծացին լուսատտիկները։ Շատ աշակերտներ հեռացան այսուհետև ուսումնարանից առանց ուսումն ավարտելու։ Դրանց թվումն էին և Արությունն ու Մանվելը, որոնք նոր էին փոխադրվել վերջին դասատուն։ Դուրս եկող աշակերտներից շատերը մտան արքունական ուսումնարան, նրանց օրինակին ուզեցան հետևել և Արությունն ու Մանվելը, և հարցաքննություն տալու համար սկսեցին պատրաստվել տանը։ Մի քանի հայ աշակերտներ գիմնազիայի վեցերորդ դասարանից դաս էին տալիս նրանց ձրիաբար։ Այս ժամանակ ահա մեր տղայոց համար, մանավանդ Արությունի, բացվեցավ մի նոր աշխարհ։
Ուսուցանող ուսանողները մի առավելություն ունեին պաշտոնական վարժապետներից, և այդ այն էր, որ նրանց հարաբերությունն ընկերական էր, նրանց ուսուցումը մի օգնություն էր։ Այստեղ ուսանողի ազատ մտածմունքը չէր ընկճվում, այստեղ զարգանում էր նրանց ինքնօգնությունը, այստեղ աշակերտի մտքի զբոսանքը արգելքի չէր հանդիպում․ նա չէր դրված մի նեղ վանդակի մեջ, այլ մի ընդարձակ պարտեի՝ ուր ամեն ծաղկից հոտ առնելու իրավունք ուներ և կարող էր րնտրել իր ուզած ծաղիկը։ Ճշմարիտ է, սա մի շեղմունք է, որ կարող է հեռացնել մտադրյալ նպատակակետից, բայց աճելությունն այստեղ բնական է և կատարյալ։ Նպատակակետին չհասնելը կամ ուշ հասնելը մի դժբախտություն չէ, այլ բախտավորություն, որովհետև նա արհեստական է ու շինծու և չի համապատասխանում մարդուս բնականապես զարգանալու օրենքներին։
Ուսուցանող ուսանողները իրանք ցանկանալով ավելի լավ յուրացնել իրանց սովորածը, ցանկանալով վարժվել նաև դասավանդության մեջ, ճշմարիտ է խամություն շատ էին անում, նոր փորձեր էին փորձում, բայց առհասարակ պարապում էին շատ բարեխղճաբար։ Ազատ և տոն օրերին էլ՝ ավելի շատ հոգով զբոսնելու էին գնում միասին, և այդ ժամանակն էլ նրանց խոսակցությունը մեծ մասամբ լինում էր կրթական, օրինակ՝ բացատրություն բնության այս կամ այն երևույթի, մի պատմական անցք, մի երևելի մարդու կենսագրություն և մի նոր գյուտի պատմություն, դատողություն ժողովրդի մեջ արմատացած նախապաշարմունքների մասին, որ նրանց ավելի հեռու էր տանում, և սկսում էին հեշտությամբ լուծել վերացական շատ խնդիրներ, առանց կասկածելու, որ նրանց վրա շատ փիլիսոփաներ են գլուխ կոտրել և գտել են անվճռելի։ Ուսման հոտը մատաղ գլուխներն էր ընկել և մի քիչ հարբեցրել։
Հիմա պետք է երևակայել, թե ինչ կզգար այժմ Արությունը, Ալբերտի աստվածաբանության տակ ճնշվելուց հետո։ Ի՞նչ կզգա մեկը, երբ չոր ու ավազոտ անապատում երկար թափառելուց հետո՝ ընկնի մի դալար հովիտ՝ լի ականակիտ աղբյուրներով, հոտավետ ծաղիկներով, բնության ամեն բարիքով և կենդանությունով,— ահա այսպիսի մի զգացումն տիրեց Արությունին։ Բնություն և մարդ, որոնք մի բառով կարող են և կյանք անվանվել,— ահա այդ կյանքը չուներ նրա ստացած ուսմունքը։ Բնագիտության անխախտ օրենքները, թվաբանության ճիշտ կանոնները, պատմության երևելի անցքերը, աշխարհագրության գեղեցիկ նկարագրությունները, բանաստեղծական սրտաշարժ գրվածքները, թեև փոքր սահմանի մեջ, իբրև մի փնջիկ միայն, բայց բավական է մի մատաղահաս և դեռ փոքր գլխի մեջ ահագին հեղաշրջում ձգելու։
Ես Արությունին այդ ժամանակ,— գուցե և անհարմար, չհոգեբանական,— նմանեցնում եմ աղբով պարարտացրած մի հողի, որի մեջ ընկած ամեն մի բեղմնավոր սերմը կարող էր միույն հարյուր տալ։ Հիրավի՛, ի՞նչ էին նրա մինչև այս ժամանակ սովորածները, ստացած տպավորությունները, հավաքած տեղեկությունները, լսած առարկաներն ու առասպելները, եթե ոչ ճշմարիտ ուսմունք աճեցնելու համար շատ օգտակար աղբ, որ եթե առանց բարի սերմի մնար, մոլեխոտ կբուսցներ և կապականեր նրա ուղեղը։ Ոչ ոք իր միտքը չի հեղաշրջիլ, եթե հեղաշրջելու ոչինչ չունի նա իր մտքումը։ Գիտությունով ճոխանալու պահանջը այնքան սաստիկ էր Արությունի մեջ, որ նա թեև դեռ անորոշ ու մութ, զգաց, որ մարդս կատարյալ մարդ չէ, եթե նա չէ զարգացած մտավորապես այնքան, որքան որ ընդունակ է զարգանալու մարդ արարածը իր ժամանակին։ Բախտավորապես աճելության ընդունակ դարձրած լավ միտք ուներ ինքը, թե ի ծնե և թե ծննդից հետո։ Գտնվեցան մարդիկ, որ թեև անգիտակցաբար, այդ մտքի մեջ ձգեցին բեղմնավոր սերմեր։ Ասում եմ՝ անգիտակցաբար, որովհետև շատ անգամ քամին ու ջուրն էլ են մի սերմ մի տեղից մյուս տեղ փոխադրում, շատ անգամ թռչուններն էլ են միևնույն պաշտոնը կատարում։ Շատ վարժապետներ ոչ այլ ինչ են, եթե ոչ մի տեղից մյուս տեղ մի սերմիկ փո¬խադրողներ։
Քանի որ ուսումը տրվում և ստացվում է փոխառփոխ, այդտեղ գլխավոր առարկան անուշադիր է մնում, այն է՝ անհատի զարգացումը, նրա մտքի բեղմնավորվողը։ Մանկավարժությունը ձգտում ունի այդ նպատակին հասնելու, բայց դեռ հասած չէ. որովհետև ժողովուրդների դաստիարակության ղեկը մանկավարժության ձեռին չէ, նա մի հրամանակատար է միայն, ինչ լավ բան որ անում է՝ թաքուն է անում․․․ Առայժմ քանի որ անհատը կարող է զարգանալ միայն ինքն իրան, ներքին ուժովը, բավական է՝ եթե մանկավարժը սանիկի այդ ներքին ուժերը չթուլացնե, ինչպես որ թուլացնում են մեր ժամանակումը՝ մանուկների թույլ ուսերի վրա բարձելով անտանելի և անկրելի բեռն, որի տակ նրանք ընկճվում, ոչնչանում են։
Համադամ կերակուրները ո՞ւմ չեն դյուր գալ, բայց դրա համար քաղց և ախորժակ է պետք, այլև մարսելու ընդունակ մի ստամոքս։ Արությունն ուսման քաղց և ախորժակ ուներ, նա անխտիր կուլ էր տալիս ամեն ինչ և մարսում էր։ Բայց այդպես չէր Մանվելը. նա, ինչպես կասեն՝ «ցեխծամ» էր տալիս. ուտում էր ակամա, և չէր էլ մարսում։ Նա շատ էր սիրում, որ բերանացի նրան պատմեն զարմանալի, հրաշալի, զվարճալի և առհասարակ սրտի վրա ազդող բաներ, բայց միտքը լծի տակ չէր դնում։ Միտքը հոգնեցնելու, վարժելու, ինքնուրույնաբար մի բան սովորելու տրամադրություն չուներ։ Սրա հակառակ Արությունը մի բանի համառոտը լսելով նրա ընդարձակն ինքն էր սովորում․ նրա այս տրամադրությունն այնքան կրթվեց և զարգացավ, որ ինքն իր վրա բարկանում էր երբ ուրիշներից էր լսում այն, ինչ որ կարող էր ինքն էլ գիտենալ ու ինքն ասեր նրան։ Վերջապես Արությունն «ասողիկ» էր, ձգտում ուներ ասող լիներ՝ քան լսող, իսկ Մանվելը այդ նախանձի ցավը չուներ. նա տրամադիր էր միայն լսելու և դրանում էր գտնում նա իր ցանկության լրումն։ Մտքերի այս տարբերությունը նրանց ավելի էր մոտեցնում և օրեցօր ավելի սերտ սիրով կապում։ Մանվելը հիանում էր Արությունի ընդունակությունով և նրան պաշտելու չափ սիրում։ Արությունն էլ տեսնելով Մանվելի առ ինքն ունեցած անկեղծ սերը՝ երջանիկ էր համարում իրան, որ մի համակրող ունի և փոխադարձաբար սիրում էր նրան. միայն ինքն իշխող էր հանդիսանում միշտ, իսկ Մանվելն իշխված։ Բայց այդ թվելի չէր ոչ մեկին և ոչ մյուսին, որովհետև հառաջ էր գալիս բնականապես և ոչ գիտությամբ։ Երկուսն էլ ազատ էին ցուցամոլությունից, սնափառությունից, և ապրում էին ինչպես մեծ ու փոքր եղբայրներ։
Մեկ օր՝ կեսօրից հետո՝ Արությունն ու Մանվելը ման էին գալիս Խոջի վանքի գերեզմանատանը, որ այն ժամանակ հավլաբարցոց միակ զբոսատեղին էր, կարդում էին այս և այն գերեզմանագիրը, և գովում կամ փտնում էին շարադրողին կամ փորագրողին։
— Արություն, տեսնես աշխարհքիս մեռելնե՞րը շատ կլինեն, թե՞ սաղերր,— ասաց Մանվելը նստելով մի գերեզմանաքարի վրա։
— Քո տունը շինվի, Մանվել, բա էդ էլ չգիտե՞ս։
— Իմ մտքով՝ պետք է որ սաղերը շատ լինին. որովհետև մարդիկ տարեցտարի ավելանում են, հո չեն պակասում. մեկ խոսքով ծնվողների թիվը շատ է, քան մեռնողների։
— Զարմանալի մարդ ես դու, Մանվել. ինչքան մեծանաս, էլի պիտի երեխա մնաս։
— Ի՞նչպես։
— Ասում ես՝ ծնվողների թիվը շատ է՝ քան թե մեռնողների, բայց չես մտածում, որ աշխարհի ստեղծելուց մինչև հիմա ո՞րքան մարդիկ կլինին հողի տակն անցած, որ եթե հանկարծ վեր կենային՝ չէին տեղավորվիլ հողագնդի վրա։ Վերցնենք՝ օրինակի համար՝ հենց մեր քաղաքը։ Ո՞վ գիտե՝ քանի անգամ կլինի սա մեծացած, էլի ոչնչացած. ժանտախտ է գալիս, սով է լինում, պատերազմ է լինում, բայց դրանք էլ որ չլինեն, բավական է՝ որ բոլոր ծնվողները՝ շատ ապրեն թե քիչ՝ պիտի մեռնին, բայց մեռածները նոր մեկանց վեր չեն կենում...
— Ես լավ չեմ հասկանում. ինձ թվում է, որ մարդիկ տարեցտարի շատանում են, չեն պակասում։ Մեր գեղն առաջ տասը տուն էր, հիմի դառել է քսան տուն, էնպես էլ ամեն տեղ։
— Դու սաղերը սաղերի հետ ես համեմատում։ Ի՞նչպես ես կարծում ուրեմն, եթե աշխարհիս երեսին մահ ասածդ չլիներ, մարդիկ երկու էնքան կլինեին, ինչքան հիմա կա՞ն, թե՞ ավելի շատ։
— Սպասիր մտածեմ... Չէ՛, մեռածները շատ կլինեն, որովհետև՝ դու լավ ասացիր՝ ծնվածները բոլորն էլ մեռնում են։ Եթե համարենք, որ մարդ շա՜տ, շա՜տ որ ապրի, հարյուր տարի պիտի ապրի. եթե դրանից վաղ մեռնողներին չհաշվենք էլ, էլի բանից դուրս է գալիս, որ մեզանից հարյուր տարի առաջ սկսած մինչև աշխարհիս ստեղծվիլը ինչքան որ ծնվածներ են եղել, բոլորն էլ մեռել են... Օ՜հ... իրավ որ ինչքա՜ն շատ պիտի լինին մեռածները։ Զարմանալի մարդ եմ ես, Արություն, սրանից հեշտ բան չի լինիլ, բայց չեմ կարողանում իսկույն հասկանալ։ Մի աշակերտ էլ էն օրն ինձ մի բան հարցրեց, չիմացա. հետո տեսա, թե ինչքան հեշտ է եղել։
— Ի՞նչ հարցրեց։
— Մի հասարակ խնդիր։ Ասում է՝ «Եթե հայրը քսանհինգ տարեկան է, իսկ որդին՝ մեկ, քանի՞ տարուց հետո որդին հոր տարիքի կիսին կհասնի, եթե միասին ապրելու լինին»։ Ասեցի՝ էդ ինչպե՜ս կարելի է։ Հետո որ բացատրեց, նոր իմացա, որ կարելի է եղել։
— Իհարկե կարելի է։ Երբ որ որդին հոր ներկա տարիքին հասնի, նրա կիսի չափ հասակ կունենա, որովհետև հայրը կդառնա հիսուն տարեկան, իսկ որդին՝ քսանհինգ, որ հիսունի կեսն է։ Բայց քեզ որ անհնարին է թվացել, դրա պատճառն էն է, որ դեռ կիսի ու քանիպատիկ լինելու վրա չես մտածել, այլ թե՝ հայրը որ հիմի քսանըհինգ տարով մեծ է որդուց, միշտ էլ էնքան մեծ կմնա...
— Ճշմարիտ ես ասում, հենց էդպես էի մտածում. էլ միտս չեկավ, թե մի թվի մեկէլ թվից քանիսով շատ լինելն ուրիշ է, քանիպատիկ մեծ լինելն ուրիշ։ Էդ հետո իմացա, բայց էլ ի՞նչ կօգներ․․․ Գիտե՞ս ինչ կա, Արություն, ես թվաբանության վրա շատ էլ չեմ մտածում, բան է էլի՜, թե որ կսովորեմ,— լավ, թե որ չէ, մի մեծ զրկողություն չի լինի ինձ համար...
— Բա էլ ուրիշ ինչի՞ վրա ես միտք անում։
— Ես մտածում եմ, թե ինչպես անեմ, որ սատանի հավատը չքացնեմ․․․
— Ինչպե՞ս թե «սատանի հավատը», երևի ուզում ես ասել՝ «սատանին հավատալը»...
— Իհարկե՝ սատանին հավատալը, թե չէ՝ սատանան ի՞նչ հավատ ունի, որ չքացնեմ...
— Հետո՞, ինչպե՞ս ես չքացնելու։
— Ահա ինչպես։ Երբ որ մենք հավատում ենք էնպես բաների, որ աներևույթ են, գերբնական են, մենք չենք կարող ոչ տեսնել ինքներս, ոչ ցույց տալ ուրիշին,— պետք է էն ժամանակ հավատանք միայն էն էակներին, որ մեզ օգուտ են տալիս, իսկ վնասակարներին չհավատանք, հերքենք, չընդունենք։ Օրինակ՝ ասում ենք՝ սատանա էլ կա, հրեշտակ էլ։ Սատանան մեր թշնամին է, հրեշտակը՝ մեր բարեկամը։ Եթե հրեշտակը ճշմարիտ որ մեզ լավություն է անում, մեր աղոթքը երկինք է հասցնում, մեզ չարից, փորձանքից ազատում է, մեր հոգին սատանի ձեռից խլում է, արքայություն տանում, թող ուրեմն էդ բարի հրեշտակի կյանքը երկար պահի մեզ համար աստված։ Բայց սատանան, որ միշտ մեզ խաբում է, փորձանքների մեջ է գցում, որ մի ահագին լեգեոն ունի մեզ համար, էլ քաջք ասես, դև ասես, ալք, խթեթիշ, մեզնից լավեր... Թող ինքն էլ, դրանք էլ չքվին անհետանան, չքվին մեր մտքից, լեզվից, գրից, որովհետև դրանց հավատալը մեզ վնաս է տալիս և ոչ օգուտ։ Մի բան որ իսկապես չկա, էլ ինչո՞ւ ենք հավատում, քանի որ էդ հավատալովը մենք մեզ համար մի նոր ցավ ենք ստեղծում, մի նոր պատիժ...
— Մանվել, դու դեռ քու օրումը էդպես խելոք բան չէիր մտածել։ Ես ու իմ աստվածը՝ շատ լավ ես ասում, շատ ուղիղ։ Իհարկե՝ մարդուս տունը շինողն ու քանդողը նրա հավատն է։ Սուտ հո չի գրած Ավետարանի մեջ, թե՝ «Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»։
— Հիմի դու ականջ դիր, ես էդ հավատալու վնասն ասեմ։ Մեր գեղի տղերքը շատ քաջ, շատ աներկյուղ են, ոչ թրից ետ կկենան, ոչ սրից. մի տասը տարեկան երեխի էլ որ ասես, առյուծի բերան կընկնի, մի խոսքով՝ տղերք եմ ասում, որ Սամփսոնը քեզ օրինակ։ Բայց էդ սրտոտ տղերքը գիշերները գերեզմանատան կամ մի քանդված եկեղեցու մոտով անց կենալիս՝ որ մի ցից քար են տեսնում կամ մի շվաք, էդ հասարակ բաները նրանց աչքումն էնպես բաներ են դառնում, որ չափազանց երկյուղից սիրտները ճաքում է, լեղիները պատռվում, մի քանի օր չի քաշում, մեռնում են։ Հետո ասում են՝ սատանեն տվել է, այսինքն խփել է։ Ասում էլ են, թե խփած տեղը մեռլի վրա երևում էր, կապտել սևացել էր։ Էս չիք սատանեքը գործակալներ էլ ունին. գիտե՞ս ովքեր են դրանց հրամանակատար գործակալները։
— Չէ՛, էդ չեմ իմացել։
— Դու որտեղի՞ց կիմանաս. ես եմ նրանց անունը սատանի գործակալ դրել, նրանց ասում են՝ ջինդար, ջադուքյար, փալչի, գրբաց, թասի մտիկ տվող...
— Հա՜, դրանք գիտեմ ես։
— Բայց գիտե՞ս, դրանք ինչպես են խաբում ժողովրդին, ինչքան վնաս են տալիս։ Ժողովուրդը ինչպես որ սատանին է հավատում ու մտքովը չի անցկացնում որ սատանա չկա, էնպես էլ դրանց ասածին ու արածին է հավատում։ Մեկ անգամ մեր գեղը մի գրբաց էր եկել «բախտի» գիր էր անում մի երկեն զոլոլակ թղթի վրա, ու հինգ-հինգ մանեթով ծախում։ Մեր մարդիկն էլ առնում էին մեջքներին, կռներին կարում, որ բախտները բանի, լեզուները կտրուկ ըլի, խոսքներն անց կենա մողրովի մոտ, դիվաններումը։ Իհարկե ոչինչ էլ չէր լինում, ամեն տեղից քոթկում դուրս էին անում, բայց նրանք էլի չէին կարծիք տանում, որ գրբացի թուղթը ոչինչ զորություն չունի։ Էդ ջինդարը մեկ երկու մարդի էլ ասել էր, թե ես որտեղ որ հին ժամանակներում թաղած փող ըլի, կգտնեմ։ Մեր շուտ ու հեշտ հարստանալ ուզեցողներն էլ հավատում են․ ջինդարին տանում են մի հին գեղատեղ. ասում են՝ էստեղ պետք է որ շատ փող ըլի, քարով որ խփում ենք, դրնգդրնգում է․ դե գտիր, երեք բաժին կանենք, մեկը քեզ, երկուսը մեր չորս հոգուն։ Ջինդարն ասում է. — ես դեղեր պետք է առնեմ, պետք է ճաշ պատրաստեմ դևերի համար, նրանց սիրտը շահեմ, որ նրանք էլ իմ խնդիրքս կատարեն։ Բերեք մի երեսուն մանեթ տվեք, եթե սուտ դուրս գամ, ձեր փողն էլի ետ ձեզ կտամ, դեռ մեկ էնքան էլ կավելցնեմ վրան։ Մեր մարդիկը գնում են մի տեղից պարտք անում երեսուն մանեթը բերում տալիս նրան։ Նա էլ մի երկու օրից հետո նրանց հետ գնում է առաջվա տեղը, մի թղթի վրա մի քիչ բան է գրում ու շպրտում։ Թուղթը քամումը մի քիչ դես ու դեն փռփռալուց հետո վեր է ընկնում մի տեղ։ Ջինդարն ասում է՝ դե էդ տեղը փորեցեք, փողն էդտեղ է. երկու կամ երեք արշին որ փորեք, բավական է։ Էդ ասում է ու ինքը գնում գեղը։ Երբ որ մթնում է (ցերեկով չեն փորում, որ ոչով չտեսնի), սկսում են փորելը։ Փորում են մինչև առավոտ, բայց բան չի դուրս գալիս։ Ջինդարին տանում են փորածները ցույց տալիս, թե՝ դու ինչքան որ ասել էիր, մենք երկու էնքան ենք փորել, բան չերևաց. կարելի է մեր աչքին չի երևում, եթե որ դու տեսնում ես, հանիր մեզ տուր։ Ջինդարը գլուխը թափ է տալիս, մի քիչ մտածում, հետո աաում է՝ պետք է քառասուն օր սպասեք, եթե երևաց, — երևաց․ եթե ոչ, ես դրա ճարը կգտնեմ։ Մարդկանցից մինը չի համաձայնում, ասում է՝ դու մեզ խաբեցիր, սաղ գիշերը բանեցրիր, հիմի էլ ուզում ես փախչիս, մեր փողը հետդ տանես։ Բեր մեր փողը ետ տուր, թե չէ՝ տեսնում ե՞ս, քեզ կգցենք էս մեր փորած փոսը, հողը վրեդ կածենք, դու կմնաս էս գերեզմանումը, էլ ոչովի չես խաբիլ... էս որ լսում է ջինդարը, սաստիկ բարկանում է. «Դու, ասում է, ինչպե՞ս կհամարձակիս էդպես խոսք հանել բերանիցդ. էս սահաթիս ձեռս բարձրացնեմ, հարյուր հազար սատանա կգան, քո մեծ պատառը ականջդ կթողեն, գիտե՞ս թե չէ»... Էս սուտ սպառնալիքից էնպես վախում են մեր մարդիկը, որ ասում են. «Խալիփա, մեր տված փողը քեզ հալալ ըլի, միայն թե մեզ մի վատ բան չանես»․․
— Այ թե խաբել է, հա՜...— բացականչեց Արությունը։— Իրանց որդոց կարդացնելու համար փող չեն տալիս, թե աղքատ ենք, ջինդարներին թումաններով են տալիս։ Մանվել, ես էդ ջինդարի գրերից էնքան ժողովել էի, էնքան արտագրել, որ ով գիտե մի փութից ավելի լիներ։ Ոչովից չէի թաքցնում. ամենքն էլ գիտեին, որ իմ վարժապետն էդ բանը լավ էր իմանում։ Բայց ես գործ չէի դնում, վախենում էի. ասում էի՝ վա՜յ թե սատանան իր գիշատեսիլ դեմքով առաջիս կանգնի, լեղիս պատռե։
— Զարմացք բան է, շատ անգամ հո տեսնո՞ւմ են որ խաբում են, սուտ են ասում, էլ ինչո՞ւ են հավատում։
— Էդ էդպես է, բայց շատ անգամ էլ ուղիղ է թվում։ Որտեղ որ չկա առողջ դատողություն, ինչ մարդ որ հասուն խելք չունի, այլ երևակայություն և վառ երևակայություն, նա իսկ և իսկ կախարդվում է,— սիրահարվում է, գժվում է, մինչև անգամ առողջանում է։ Էսպես դեպքեր, թեպետ քիչ՝ բայց պատահում են, էդ քիչն էլ բավական է, որ մի հարյուր սուտ նրա հետ անց կենա։
— Ես էդ չեմ հասկանում։
— Ի՞նչ կա չհասկանալու։ Դու ինքդ չասացի՞ր, որ ձեր գեղի քաջ տղեքը մի շվաքից վախենում են և սարսափահար մեռնում։ Էսպես էլ մեկէլ բաներն իմացիր։ Նա էդպես դեպքերում տեսնում է էն, ինչ որ չկա. նա ձայն էլ է լսում, թեպետ ոչ մի ձայն հանող չկա։ Նրա երևակայությունը խանգարվում է, և ինչ որ պիտի զգայարանքներից ստանար, երևակայությունն է թելադրում զգայարանքներին։ Նա տեսնում է գիշերվա մթնումը մի հասարակ շվաք։ Նրա երևակայությունն էդ շվաքից մի հրեշ է ստեղծում, աչքն էլ էդպես է տեսնում։ Կարծես շարժո՜ւմ լինի, երևակայում է նա, և սկսում է շարժիլ, կարծես գլո՜ւխ ունենա, բսնում է մի ահագին գլուխ՝ ի՜նչ երկայն ձեռներ ունի, ձեռները մեկնվում են՝ օ՜... ուզում է բռնել ինձ. բռնվում է, ընկնում է հրեշի ճանկը և ուշաթափ վայր ընկնում...
— Էդ ես հասկանում եմ, «վախի աչքերն, ասած է, մեծ-մեծ կլինին»։ Բայց ինչպե՞ս կարելի է սիրահարվիլ․․․
— Էլի միևնույն կերպով։ Նա լսում է, որ իր համար սիրո գիր են արել։ Նա հավատում է, երևակայում է, որ արդեն բռնված է, ընկել է վանդակի մեջ, նա զգում է, որ սիրահարված է. գիշեր-ցերեկ դրա վրա է մտածում, չարի միջամտությունը նրա հանցանքը թեթևացնում է հասարակաց կարծիքի առաջ, և նա թուլանում է, ազատություն է տալիս իր սերին, եթե մանավանդ առաջ էլ իրանում մի քիչ հակում է եղել։ Վարպետ ջինդարները հեշտությամբ սիրո գիր չեն անում։ Նրանք առաջ իմանում են, թե ի՞նչ հանգամանքի մեջ են դրված երկու ապագա սիրողները։ Նրանք էդ վարպետությունը ցույց չտալու համար՝ գտնում են նրանց աստղերը, որ տեսնեն ինչ հարաբերության մեջ են նրանց աստղերը, իրար կմոտենա՞ն թե ոչ։ Երբ որ տեսնում են, թե բանը շատ հեշտ է, միայն մի քիչ վստահություն է պետք, էդ վստահությունն էլ հառաջ է գալիս ջինդարի գրի ազդեցությամբ։ Իսկ երբ որ տեսնում են, որ դժվար է կամ անհնարին, ասում են՝ «ձեր երկուսի աստղերը իրար չեն մոտենում, չեն բռնում»... Բայց մի հասարակ դեպքը, պատահմունքը հազարավոր սուտեր է ստեղծել տալիս, մինը քան զմյուսը հրեշավոր և հավատացնում ժողովրդին։ Օրինակ ասում են՝ ջինդարը երես առ երես խոսում է դևերի հետ։ Էդ իրավունքը նա ձեռք է բերում չըլա մտնելուց հետո։ Նա փակվում է մի առանձին տեղ, իր չորս կողմով մի խազ է քաշում գետնի վրա և սկսում կարդալ գրքի աղոթքները, որ անհասկանալի բառեր են և անթիվ դևերի անուններ։ Դևերը սարսափում են, որովհետև պիտի գերի ընկնին էդ մարդու ձեռքը, որ այնուհետև ինչ հրամայե՝ կատարեն: Նրանք ամեն հնար գործ են դնում, որ աղոթող մարդուն վախեցնեն կամ խաբեն: Բարձրացնում են ահագին որոտմունք, կռիվ, աղաղակ, քարեր է՝ որ նետում են, կրակ է՝ որ թափում են, բայց էդ բոլորը միայն թվում են էդպես, մարդը չպիտի վախենա, թե որ վախեցավ, նրա բանը պրծած է: Վերջը մոտենում են, բայց չեն կարողանում խազից անց կենալ: Ուրեմն սատանեքն էլ են վախենում ոչինչ բանից: Գետնի վրա փետով քաշած հասարակ գիծը մի անպաշարելի բերդի տեղ է բռնում միջի նստած խորամանկ մարդու համար: Մոտեցող դևերն այնքան դաժան, այնքան զարհուրելի ու սոսկալի դեմքով են երևում, որ մարդ ինչքան երևակայե, նրանից ավելի սարսափելի պատկեր չի կարող ստեղծել: Մարդը չպիտի վախենա, գլուխը չպիտի բարձրացնե. աղոթքի կարդալը չպետք է դադարեցնե: Սոսկալի դևերը երբ որ ոչ մի կերոլով չեն կարողանում վախեցնել, փոխում են իրենց դեմքերը և հրեշական կերպարանքները դիմակի պես մի կողմ է ընկնում և տակիցը դուրս գալիս ամենաչքնաղ աղջկան պատկերը: Լեզու ետք է, որ հիմի նկարագրե էդ աննման գեղեցկությունը: Գեղեցկուհին շատ գեղեցիկ է, բայց շատ էլ պարկեշտ չէ: Նա թույլ է տալիս իրան ասելու ամեն խոսք, իհարկե հաճոյական, ականջի դյուրեկան, սիրաշարժ. նա գործ է դնում անպարկեշտ ձևեր, բայց երիտասարդ մարդուն շատ հաճելի. մեկ խոսքով՝ եթե հողեղեն մի գեղեցիկ կնիկարմատ կարող է խաբել ումը կամենա, ի՞նչ կանե ուրեմն սատանան ինքը, քանի որ ուրիշներին էլ ինքն է սովորեցնում խաբելու կերպը: Բայց մարդը չպետք է խաբվի... Վերջը, նրբ որ ամեն հնար գործ են դնում ու չեն կարողանում մարդուն խաբել, իսկ նա իր աղոթքով նրանց տանջում, չարչարում է ավելի, քան թե դժոխքի կրակը, այնուհետև չոքում են նրա առաջին, աղ ու հաց բերում մեջտեղ, նրանով երդվում, թե՝ այսուհետև մենք քո ծառաներն ենք, երբ որ կանչես մոտդ, պատրաստ ենք, ինչ որ հրամայես, պատրաստ ենք կատարելու: Մարդը սատանաներից երդմնագիր է առնում և արձակում նրանց:
Հիմա դու ինձ ասա, Մանվել, մեկ մարդ որ բոլոր դևերի զորությունը իր կողմը լինի քաշած, էլ ի՞նչ չի կարող անել այնուհետև։ Սա է հրաշագործության աղբյուրը, հիմքը, քանի որ սրան հավատում է ժողովուրդը, բոլոր մնացածները չնչին բաներ են։ Սատանան ի՞նչ չի անիլ, պրծավ գնաց։
Այնուհետև հավատում են, որ այսինչ ջինդարը իր երկենացրած եղունգի վրա մի քանի խազ է քաշում թե չէ, ով ինչ արած է լինում, իսկույն ասում է։ Եղունգն էլ մի խորամանկ տնտեսություն է հնարագետ ջինդարի համար, էլ թղթի ծախս չի անիլ։ Նա, ասում են՝ եղունգի վրա մի քանի խազ է քաշում թե չէ՝ իր ուզած կնիկը փողոցով անց կենալիս բոլոր խալխի միջին տկլորվում է, հենց իմանում է, թե ինքն է Եվան՝ դրախտի մեջ կանգնած։ Նրա աչքին, ասում են, ոչ մի մարդ չի երևում, ականջը ոչ մի ձայն չի լսում, հենց իմանում է, թե դրախտի մարմարե ավազանների մոտն է կանգնած, մերկանում է, որ լողանա․․․
Էս դեռ ոչինչ. անշունչ առարկաների վրա էլ է ներգործում նրանց արած գրի զորությունը։ Ասում են՝ մի ջինդար խալիփա իր աշակերտի մորը հավանել է,․ աշակերտին սովրեցրել է, թե՝ «Որ գնաս տուն, մորդ գլխի մազիցը մինը թաքուն պոկիր, բեր»։ Միամիտ աշակերտը որ գնում է տուն, մերը գլուխը լվանում է եղել․ ձեռքը մեկնում է, մի մազ պոկում։ Խորամանկ մայրը հասկանում է իսկույն, իմանում է, որ բանի միջին բան կա, չի խոսում, բայց երեխի ձեռիցը մազն առնում է, մտնում տուն, մի գոմշի կաշվից մի մազ է պոկում ու տալիս տղին։ Երեխեն մազը տանում է վարժապետին է տալիս, ասում է՝ «Մորս գլխիցն է»։ Վարժապետը գործ է դնում մազը թլիսմի հետ, մեկ էլ տեսնում են հրես... ո՜վ հրաշք... գոմշի կաշին գեղամիջովը թրա՜խկ հա թրա՜խկ, վազում է սիրահարված ու գժված դեպի ջինդար խալիփի տունը...
— Ո՜ւհ, ի՞նչ ծիծաղ կլիներ, թե որ ըղորթ լիներ,— ասաց Մանվելը ծիծաղելով․․․
— Հապա՜... Էսպես հազար ու մեկ առասպելներով ժողովրդի մեջ բույն է դրել սնահավատությունը։ Բայց դու զարմանում ես, ասում ես՝ ինչի՞ են հավատում։ Միտդ չէ՞, թե մենք ինչպես էինք հավատում թասի մտիկ տվող պառավին Շամշուլդու բերդումը։
— Ճշմարի՜տ որ... Ասենք մենք երեխա էինք, չէինք հասկանում, բայց զարմանալին էս է, որ պառավներն ավելի են հավատում։ Էդպես բաներով լիքն են մեր գեղերը, էլ ասեղ վեր գցելու տեղ չկա, էնպես է տարածված նախապաշարմունքը։ Նստում են թե վեր կենում, ուտում են թե հագնում, երազ են տեսնում թե մի անսովոր բան, փռշտում են թե հազում, աչքն է խաղում թե գլուխը ցավում, բայղուշն է ծվծվացնում, թե շունն ոռնում, աղվես է պատահում թե նապաստակ, մի խոսքով՝ էլ չար աչք ասես, չար հրեշտակ ասես, ամեն բանում, ամեն քայլափոխում մի նոր փորձանք են ստեղծում իրանց համար ու տխրում, տրտմում։ Խելոք մարդկերանց համար կարելի է դրանք ոչինչ բաներ են, բայց այդ խելոքները չեն իմանում, որ էդ ոչինչ բաները մի-մի ախտ, մի-մի ցավ են։ Վերցնենք հենց խաչի ղուլերին, նղավող հարսներին։ Մեզ մի ճոն հարևան ունինք, խեղճը քանդվել է իրա կնկա ձեռիցը՝ շատ էս խաչն ու էն խաչը տանելով։ Ես ինչպես տեսնում եմ, էս քաղքցիք ավելի են հիմար, քան թե մեր գեղցիք։ Արություն, դու նղավող հարս չես տեսե՞լ։ Տեսնես դրանք ճշմարիտ խոսելու ցավ ունի՞ն, թե՞ ջինդարների պես դրանք էլ են խաբում։
— Դրանք երեք տեսակ են, իմ տեսածների համար եմ ասում. կարելի է շատ տեսակներ կան։ Մի տեսակը կա, որ միայն նղավում է իսկապես և ոչինչ չի խոսում։ Մի տեսակ էլ կա, որ, աստված հեռու տանե, տեսնելիս մարդ զարհուրում է։ Նրա մարմնի մեջ ընկնում է մի սոսկալի ցնցում, դող․ ձեռք ու ոտքը էնպես են ցնցվում, շարժվում շուտ-շուտ, որ խելքը գլխին մարդը իր կամքով, որքան կուզի ճարպիկ ու արագաշարժ լինի, չի կարող էդպես շուտ-շուտ շարժել։ Նոր մորթած հավն ինչպես է թեպրին տալիս, կամ նոր մորթած ոչխարն ինչպես է շարժվում, դողդողացնում ոտները. ահա էդպես շարժվում են նրա բոլոր անդամները։ Բայց շատ չի քաշում, միայն կես ժամ, ավելի չէ։ Էդպեսները առաջ ապշում են, հետո սկսում են երգել, բայց հետզհետե երգի եղանակը փոխվում է, սկսում են օռնալ, ղլղլացնել, բլբլացնել, հետո սկսում են ձեռք ու ոտքը գետնին զարկել, կամ ձեռներով իրանց կուրծքին խփել։ Դա շատ քիչ է պատահում, բայց պատահած ժամանակ փորձառու մարդիկը ձեռք չեն տալիս, չեն բռնում, գիտեն, որ բռնելն ավելի վատ է։ Տանջանքն անցնելուց հետո նա իսկույն ուշքի է գալիս, կարծես խոր քնից կամ մի զարհուրելի երազից։ Ուրիշ բան չեն զգում, բացի հոգնածությունից։ Բայց երրորդ տեսակը մի կատարյալ հարսանիք է, մի ճարպիկություն, խորամանկություն է՝ ուրիշ ոչինչ։ Ներկայացրու քեզ մի տուն։ Նրա մեջտեղը յորղան դոշակի մեջ ձգվել է մի սիրուն, շարմաղ, կամ մի դեղնած սփրթնած բոշի կերպարանքով, մարդիցը դժգոհ մի հարս, կամ տանը մնացած մի պառավ աղջիկ։ Թաղի կնանիքը, հարսներն ու աղջկերքը հավաքվել են տունը լցվել, որ կենդանի մեռելի սուգն անեն, և հենց սգում էլ են շատերը։ Հարսի մարդը գլխավերևը կանգնել է, ձեռներր խաչ արել, վիզը ծռել, մի խոսքով՝ իր դեմք ու կերպարանքին մի այնպիսի տեսք է տվել, որ կասես իր կյանքի վերջին րոպեն եկել հասել է, հիմի ուր որ է, պիտի դատավճիռը կարդան երեսին ու տանեն կախ տան, խեղդեն։ Հենց էսպես էլ պատահում է։ Հարսն սկսում է մի քիչ չարություն անել, իր երեսին սիլլա է տալիս, մազերիցը քաշում։ Մոտը նստող կնանիքը շուտով ձեռներիցը բռնում են, նա էլ իբր թե ակամա հանդարտվում է։ Ուղարկում են Նարեկի, Ավետարանի հետևից, որ գլխի տակին դնեն, ով մի աղոթագիրք ունի, մի աստվածաղերս, մի Եփրեմ-Խորի, մի Կիպրիանոս, կամ մի թլիսիմ, մի բժժանք, բերում են գլխի տակին դնում։ Պատերին մոմեր են վառում իր հասակի երկայնությունով, խունկ են ծխում, կասկարանքը ոտնիվեր են դնում, շամփուրը կամ մի քոռամեխ գետնին ցցում։ Հարսը որ տեսնում է իրան անհոգ չեն թողում, ամեն բան պատրաստեցին, կատարեցին, բոլոր թամաշավորները հավաքվեցան, այնուհետև սկսում է խոսիլը․․․ — Կորե՜ք, կորե՜ք, անիծվածներ, իմ աչքը ձեզ չտեսնի... Ես քու աչքերդ կհանեմ, անզգամ, էլ լայեղ չես անում մոտս գաս հա՜... Չեն թողում հա՞... Ո՞վ չի թողում... մարդդ չի թողում, հա՞․․․ Ես դրան նշանց կտամ, դրա աչքերը կհանեմ. չոքեչոք մոտս կբերեմ. դա շատ է կատաղել. էլ ո՛չ խաչի է հավատում, ո՛չ նրա ղուլին... քեզ թակում է հա՞... Ես դրան թակել նշանց կտամ, ես դրան էնպես թակեմ, որ օխտը տարի տեղիցը վեր չկենա․․․ Էհե՜յ, ա՜յ քիթը ծուռ կնիկ, ինչի՞ ես խալխի միջին ասել, թե Ազիզը (հարսի անունն է) իրանց բաղվանչու հետ շատ է բարեկամացել. եկ իմ կշտին չոքեչոք մեղա ասա, թե չէ՝ քու տունն ու տեղը կհանգցնեմ, ծուխդ կկտրեմ... Ախչի՛, Եղսան, դու ինչի՞ ես Խեչոյի (հարսի մարդու անունը) հետ քչփչ... Հենց իմանում ես, ես չեմ տեսնում, հա՞...
«Վերջապես էլ ինչ երկարացնեմ. դու ինքդ էլ կլինիս տեսած. գեղ չկա, որ սրանցից մի քանի հատ չլինին։ Էսպես շարունակում է դարդոտ հարսը, մեկին սպառնում է խաչի բերանով, մեկէլի մեղքերը երեսով տալիս ամենի մոտ։ Չբերք ու հիվանդոտ կնանիքն էլ՝ հարսի ոգևորված դելը տալիս ժամանակը, կամաց-կամաց, երեսներին խաչ հանելով, գնում են կողքումը նստում, մատիցը բռնում, որ իրանց դարդի, իրանց ցավի համար էլ խաչը մի բան ասի իր գուշակող հարսի բերանովը։ Նա էլ որին հույս է տալիս, որի վրա բարկանում է, մինչև ամեն խաղ հատնում է, հետո թուլանում է, սուտ քունն է դնում իրան։ Հավաքվածներն սկսում են քաշվիլ աստուծուն փառք տալով, սուրբերին խունկ ու մոմ, մատաղ խոստանալով... էսպես հապա՜, Մանվել։ Էնդուր է ասել խեղճ Աղասին, թե «աստված, քո փառքդ շատ ըլի. էլ ո՞ւր ենք ասում, թե մարդը քո սուրբ հոգին ունի, երբ որ նրա միտքը քարից պինդ ա, գլուխը հաստ»։ Էնքան բաներ եմ տեսել, Մանվել, որ հիմի դժվարս գալիս է թե հավատամ, որ ճշմարիտ տեսած կլինիմ. ասում եմ, երևի լավ չեմ նկատել, ինչպե՞ս կարելի է, որ բանական մարդը էսքան անխելք լինի։ Էս նղավող աղջկերքը էլած սուրբերը քիչ են համարում, նոր-նոր սուրբեր էլ են գտնում։ Մեկ անգամ էսպես մի նոր խաչի պատահեցա ուխտավորներով լիքը։— Էստեղ ես առաջ սուրբ չեմ տեսել, ասացի, էս որտեղի՞ց լիս ընկավ։ Թե՝ բաս չես ասի՝ Առուշանանց Եղսանն է գտել։ Եղսանին ինքս տեսա, հարցրի, ասում եմ՝ «Գտած խաչիդ անումն ի՞նչ է», թե՝ «Աստվածածին է»։ «Ինչի՞ց գիտես», «Երազումս եմ տեսել»։ «Ինչպե՞ս տեսար», «Էրկեն սիպտակ մորուքով մի ծեր մարդ էր»։ «Ախչի՛, Աստվածածինը տղամարդ հո չի՞, որ մորուք ունենա․ «Դե ես ի՞նչ անեմ, ինքն ասաց, թե ես Աստվածածինն եմ, էս էլ իմ Ծաղկավանքն է, պիտի շինել տաս»։ Նրա ասած վանքատեղն Էլ մի ավերակ թուրքի մատուռ էր։
Հապա՜, Մանվել, իզուր չի Աղասին արտասուքն աչքերին ասում. «Մարդս որ ծնվում է, մեկ գունդ մսից ավելի ոչինչ չենք տեսնում. տարիք են անց կենում, որ քիչ֊քիչ ոտն է ըլում, քիչ-քիչ լեզու, ուշ ու միտք գալիս... Բայց վա՜յ էն էրեխին, վա՜յ էն ազգին, որ աչքը էնպես գոգում բաց կանի, որ լսի տեղ խավար կտեսնի, աչքը բաց՝ դուզ ճամփեն կթողա, քարեքար կընկնի. վա՜յ էն ազգին, որ բնական օրենքը կթողա, անբնականին կհետևի, որ էնպես խրատ տվող չի ունենալ, որ նրան հոգի տա, և ոչ հոգին էլ հանի։ Յարաբ որ լավ կարդացնող էր էլել, էրեխեքանց ջոկ, ժողովրդին ջոկ, գիշեր ցերեկ խրատ էր տվել, կարդացրել, լուսավորել էր, հիմիկ մեր ազգը է՞ս հալին կլիներ, է՞ս տեղը կընկներ»...
— Իհարկե էն ժամանակն էլ էսպես չէր լինիլ,— ասաց Մանվելը,— բայց ո՞ւր են մեզանում նրա ուզած կարդացնողները, էլածներն էլ ավելի խավար են տարածում, քան թե լույս․․․ ունքը շտկելու տեղ աչքն էլ են հանում։ Գնանք, գնանք, Արություն, վեր կաց գնանք, մութն ընկնում է... Մենք մեր դարդը թողած՝ գեղցոնց վրա ենք միտք անում, նրանց դարդն ենք քաշում...
— Մենք ի՞նչ դարդ ունինք, փառք աստուծո,— ասաց Արությունը և սկսեցին քաշվիլ դեպի տուն։
— Ինչպե՞ս թե ի՞նչ դարդ ունինք։ Շորերս մաշվել է, գրքի փող չկա։ Ախպերքս չեն օգնում, հերս կենդանի չէ, ուտելիք չեն ուղարկում, որ գոնե կերածս աչքներին չերևա։ Դու հո լավ գիտես սրանց բնությունը, մարդի բերնի թիքեք համբրողներ են։ Խեղճ քույրս իր կարավարձը դիփ ինձ վրա է մսխում, բայց դրանով ի՞նչ պիտի դառնա։ Դու էլ հո իմ օրումն ես, էլ ինչո՞ւ ես ասում, թե դարդ չունինք։ Դե արի խելք խելքի տանք, մտածենք, տեսնենք ի՞նչ պիտի լինի մեր ճարը։
— Ես շատ եմ մտածել, Մանվել, բայց ոչինչ հնար չեմ գտել։ Էգուց գնանք Օվակիմի մոտ, նա փորձված մարդ է, կարելի է մի ճանապարհ ցույց կտա մեզ։ Ազատ մտածելու առաջին քայլը երկմտելն է։ Մարդ մինչև չերկմտի, թե ուղի՞ղ է արդյոք իր այս կամ այն համոզմունքը, չի էլ կարող նրա սուտն ու ճշմարիտն իմանալ, և ոչ ուրեմն ինքնաճանաչության կգա։ Բայց երկմտելն այնքան հեշտ բան չէ. դա հազարից մեկի հետ չի պատահում։ Երկմտությունը մի տարակուսություն, մի կասկած է հառաջ բերում, հետո դառնում է մի հուզմունք, մի խռովություն և ի վերջո մի պատերազմ, որ անխնա քարուքանդ է անում դարերով սրբացած մի մտավոր ու բարոյական աշխարհի բոլոր խախուտ շենքերը։ Այդ պատերազմն այնքան ահեղ է լինում, որքան պատերազմողը ինքն իրան մինչև այն օրը խաբված է համարում, որքան նա զգում է, որ ինքը մի ստրուկ, մի գերի է եղել։ Մեր պատանիները դեռ չէին հասել այս աստիճանին, դեռ նոր էր ծլում մանանխո հատը նրանց մատաղ ուղեղի մեջ, նրանց պահանջը դեռ շատ փոքր էր։ Բայց Արությունի մեջ ապագա կռվասեր զինվորի նշաններն երևում էին արդեն։ Մի ծայրահեղությունից դեպի մյուսը թռչելու հակումն ուներ նա։ Տեսնե՜նք։ Տարաբախտաբար նրանք ապրում էին մի այնպիսի ժամանակ, երբ ուսումնառությունը մի անհրաժեշտ պահանջ չէր. երբ չքավոր աշակերտներին օգնելու, կարեկցելու սովորություն չկար. երբ չկար գնահատություն շնորհքի, տաղանդի, և հանճարի տեր մարդը համարվում էր խելագար, կամ առնվազն՝ հերետիկոս։ Ամեն ոք ինքը պետք է իր համար ճանապարհ բաց աներ հայկական խոպանացած անդաստանի վրա, և այդ էլ շատ քչերին էր հաջողում...
Առավոտյան ժամի տասնին՝ Օվակիմը նոր արդեն վեր էր կացել տեղիցը և խալաթը հագին՝ գրասեղանի մոտ նստած՝ թեյ էր խմում, բայց ընկղմած լինելով մի խոր մտածության մեջ, թեյը նրա աչքին չէր երևում։ Նախընթաց երեկոյին մինչև կես գիշեր նա մի նոր գիրք էր կարդացել և նրանում գտնելով իր իսկ մտածմունքների հաստատությունը՝ սկսել էր ավելի ևս հափշտակվիլ և հիմա էլ դեռ նրա վրա էր մտածում և ինքն իրան մռմռում, խոսում, ոգևորվում։ Վերջապես երբ նրա խելքն ու միտքը մի ճարտար հռետորի դեր սկսեցին կատարել, նա այդ միջոցին տաք թեյի լիքը բաժակը թերատ կարծելով՝ հանկարծ վրա բերավ թե չէ՝ այնպես վեր թռավ տեղիցը, ինչպես տաք ջուր գլխին ածած...
— Վա՜յ ես քու չայ մոգոնողին ի՞նչ ասեմ,— ասաց Օվակիմը բերան֊մերանը սրբելով, բայց չկարողանալով թույլ տալ իր մտածությունը, որ իրան սաստիկ գրավել էր, սկսավ սենյակի մեջ անց ու դարձ անել ու ինքն իրան խոսել։ Ցույց տալու համար, թե ինչպես էր Օվակիմը երբեմն ինքն իրան դելը տալիս, մեջ բերենք նրա այժմյան կցկտուր և խառնափնթոր դատողությունը։ Սակայն պետք եմ համարում առաջուց ասել, որ Օվակիմը մեծ ուսում չուներ. և ո՜վ ուներ այն ժամանակ մեծ ուսում, որ նա ունենար։ Նա իր ժամանակի ընթերցասեր և ընթերցասիրություն տարածող մարդկանցից մեկն էր։ Օվակիմը և ուրիշ մի քանիսը անձամբ կամ գրավոր հարաբերություն ունեին իրանց ժամանակակից ուսումնական և բանասեր հայերի հետ, ինչպես Թաղիադյանցի, Աբովյանցի, Շահնազարյան Կարապետ վարդապետի, որոնք մասամբ նոր ուղղության տեր էին և այդ ցույց էին տալիս ոչ այնքան իրանց տպագրություններովը, որքան բերանացի խոսելով և նամակագրությունով։ Օվակիմը Թաղիադյանցի գրավոր աշխատությունների ջերմեռանդ տարածողն էր. նա երբեմն աշակերտակից էր եղել Խ. Աբովյանցին և վերջերումը նրա մերձ բարեկամներից և համակրողներից մեկն էր։ Այսպես՝ մեր Օվակիմը մի ուսումնասեր մարդ էր և ոչ ուսումնական։ Նա վերացական խնդիրների վրա մտածող մարդ չէր, նա գիտնական չէր և ոչ բանաստեղծ։ Նրա փիլիսոփայությունը վերաբերում էր առօրյա կյանքի երևույթներին, բայց նպաայդ երևույթները շատերի նման մի պատահական բան չէր համարում և ոչ մի աներևույթ ձեռքում խաղալիք, այլ նշմարում էր նրանց մեջ մի անխախտ օրենք, եղած դժբախտությունները համարում էր անհրաժեշտ չարիքներ, որովհետև դրանք նույն օրենքի ազդեցությամբ էին կատարվում, ինչպես և բոլոր բարիքները նրանից էին հառաջ գալիս։ «Չկա, ասում էր նա, աշխարհիս երեսին ոչ մեղավոր և ոչ արդար մարդ»։ Ասում էր՝ «Մեղավորը մեղավոր չէ, որ ինքը մեղավոր է, և ոչ արդարն է արդար, որ ինքն արդար է»։ Ահա այսպիսի մի տարօրինակ ոճ ուներ Օվակիմի փիլիսոփայությունը։
․․․Այո՛, այո՛, ո՞վ կարող է սրա ընդդեմ բան ասել. այս անհերքելի ճշմարտություն է. այսպես խոսում էր ինքն իրան Օվակիմը։ Ո՛վ ինչպես կա՝ կա. նա ուրիշ կերպ լինել կարող չէ. ուրեմն «մեղադրել» և «գովել» բայերը պետք է իմ մտքի քերականությունիցը հեռանան։ Պիտի ասեն՝ «Եթե մեղադրել կամ գովել կարելի չէ, էլ ի՞նչ ասել է ուրեմն դատաստան, դատապարտություն, վարձատրություն, չար և բարի, մոլություն և արդարություն, վերջապես դժոխք և արքայություն»... «Եղբայր սիրելի, կասեի ես այդպես ասողին, դու իմ գլխին Նարեկ մի՛ կարդար, ես խենթ չեմ. դու առաջ լա՛վ հասկացիր, տես ես ի՞նչ եմ ասում։ Իմ ասելս այն է, որ մարդուս կյանքը մեկ է, և նրա նպատակը մեկ։ Բայց ի՞նչ է նրա նպատակը։ Չգիտե՞ս։ Շատ լավ։ Ինչո՞ւ է ծնվել։ Էլի չգիտես։ Բայց ի՞նչ կա այստեղ չգիտենալու։ Չգիտես նրա համար, որ չես ուզում գիտենալ այն, որ կարող ես գիտենալ, բայց ուզում ես այնպես բան գիտենալ, որ ոչ ոք չի կարող գիտենալ։ Ծնվել է երեխան. այստեղ հարկավոր չէ փիլիսոփայություն. նա ուտել կուզի, նա ապրել կուզի, նա ծնվել է ապրելու համար։ «Ամենայն կենդանի բնականաբար, աստվածային անխախտ օրենքով, նրա մի անգամ ընդմիշտ դրված հրամանով, պետք է մի գործով զբաղի, մի նպատակի դիմե, այն է՝ աշխատի ապրել, որովհետև նա ստեղծված է ապրելու համար։ Չապրել կնշանակե ընդդեմ գնալ ստեղծողի կամքին. բայց տյդպիսի ընդդիմություն չի ցույց տալ ոչ մի էշ, ոչ մի գազան, ոչ մի թռչուն, այդ տեսակ հիմարություն միայն մարդը կարող է անել, բայց ոչ առողջամիտ մարդը։ Մարդը բանական կենդանի լինելով՝ առավել ևս ընդունակ է հեշտությամբ բարելավացնելու իր ապրուստի հնարները։ Այս նրա ճակատագիրն է, այս նրա նպատակն է, քաղցածությունը մի խթան է, և նրան միշտ կստիպի ուտելու բան ձեռք բերել ապրելու համար։
«Ամեն ինչ առուտուրի պես մի բան է։ Ո՛ւմ ի՛նչ պետք է, էն կառնե, ո՛վ ի՛նչ ունի՝ էն կծախե։ Կպատահի, որ ոչ առնող լինի, ոչ ծախող, կպատահի, որ ծախողի ձեռինը մի անգին մարգարիտ լինի, բայց ոչովի համար նա մի բան չարժենա։ Ո՞վ կուզի որ իր աչքը կույր լինի․ ամեն մարդ էլ իր կարողության չափ աշխատում է լավ ապրել, մեկն ուզում է աղա դառնալ, մյուսն ուզում է ստրկությունից ազատվել, մեկն ուզում է շատ փող հավաքել, մյուսն ուզում է լավ ուսումնական դառնալ, մեկն արհեստ է սովորում, մյուսը մշակությունով է բավականանում։ Ամենքը միևնույն բանը դառնալ չեն կարող և չեն էլ մտածել այդ մասին։ Կյանքի մեջ ինքն իրան մի տեսակ հավասարակշռություն է պահպանվում։ Ի՞նչ կլիներ, եթե ամենքն էլ փափախ կարող լինեին, կամ ամենքն էլ կոշիկ կարեին։ Այն կլիներ, որ փափախ կարելիս փափախը կէժանանար, իսկ մյուս կողմից կոշիկը կթանկանար, այնուհետև փափախ կարողների կեսը կոշկակար կդառնար։ Բայց և այնպես հետզհետե բան գիտցող մարդկանց թիվը այնքան շատանում է, որ մի տեղ մնալով՝ սկսում են իրար հաց կտրել, իրար դուրս մղել, սփռվել, տարածվել։ Այդ ցրվելովն է, որ թե՛ արհեստ է, թե՛ ուսում է, թե՛ մի պտուղ է, թե՛ մի բույս է՝ հետզհետե տարածվում է ամեն տեղ։
«Ճշմարիտ է, մարդուս կյանքը կախում ունի ինչպես բնական, նույնպես և դրական օրենքից։ Եթե մարդս իր ապրելու տեղը փոխե, ընկնի իր առաջվան բնակած տեղին չնման մի տեղ, անհնարին է, որ այդ հանգամանքը նրա ապրելու կերպի մեջ մի փոփոխություն չձգե։ նմանապես եթե նրա դրական օրենքները փոխեն, դարձյալ անհնարին է, որ այդ նրա մտածելու կերպի մեջ մի փոփոխություն չձգե։ Բայց այդ փոփոխություններ անելը այնպես հեշտ չէ, որ երբ կամենաս՝ փոխես։ Կյանքի հանդամանքները զուռնի ծակեր չեն, որ երբ ուզենաս՝ փչես, և ինչպես ուզենաս՝ այնպես ածես։ Բոլոր փոփոխությունները, որ պատահում են մի ժողովրդի մեջ, կախումն ունին ժամանակից, նրա հասունությունից, զանազան արտաքին և ներքին հանգամանքներից։ Եթե այս բոլորն այսպես է, ուրեմն մարդս չի կարող չլինել այնպես՝ ինչպես նա կա։ Հովիվ է արդյոք՝ թե ճգնավոր, միլիոնատեր է՝ թե չքավոր, գիտնական է՝ թե տգետ, դրանք ամենքն էլ մի գին պիտի ունենան իմաստուն դատավորի առջև. դրանց ոչ մեկը գովական չէ և ոչ արհամարհական, մեկը մեղավոր չէ և մյուսն արդար, որովհետև դրանց ոչ մեկը և ոչ մյուսը չլինել այն՝ ինչ որ են, չէին կարող։— Բայց բարեկրթված մարդը ավելի առաքինի կլինի։ Իհարկե։— Բայց մեկը որ գողություն է անում, նրան չպե՞տք է պատժել։— Նա է՞լ բարեկրթված է։— Ո՛չ։— Ուրեմն պետք է այն մարդին, որ մեկին բարեկրթել է, իսկ մյուսին ոչ՝ նրան էլ գողի հետ ի միասին պատժել։ Երբ որ գիտե, թե բարեկիրթ մարդը գողություն չի անիլ, ինչո՞ւ ամենին էլ չի բարեկրթել...»։
— Ուրեմն...
Այս միջոցին Օվակիմի դուռը բախեցին դրսից։
— Նե՛րս եկեք։ Ո՞վ եք,— ասաց Օվակիմը և գրասեղանին մոտենալով՝ մի գիրք վեր առավ և սկսեց շուռ ու մուռ տալ նրա թերթերը։
Դուռը բացվեց և ներս մտան Արությունն ու Մանվելը։
— Բա՛րով, բա՛րով,— ասաց Օվակիմը մի ձեռքով մինի՝ մյուսով մյուսի ձեռքը սեղմելով և ապա հրավիրեց նստել, և մի փիլիսոփայական հայացք տալով իր ճաղատ ճակատով դեմքին՝ սկսավ հարց ու փորձ անել։
— Ինչպե՞ս եք, ուսմունքներդ ինչպե՞ս է առաջ գնում։ Լսեցի, որ ձեր ուսումնարանի մեջ խառնակություն է պատահել, աշակերտներից շատերը ցրվել են, կարծեմ դուք էլ չեք ազատ մնացել էդ հալածանքից։ Ես ուզեցի էդ մասին մի բան գրել, մի քանիսին մեղադրել, բայց մեկ էլ լռեցի, երբ ինձ ու ինձ միտք արի, տեսա, որ ինչ որ պատահում է, չի կարող չպատահել. եթե երբեմն էլ պատահմունքի առաջքն առնվում է, այդ ևս չի կարող այդպես չլինել։ Բայց եթե կքննես գործի բուն եղելությունը իր բոլոր շրջապատ ազդեցություններովն ու պատճառներովը, բերնիդ էնպես կխփեն, որ լեզուդ հավիտյան կկտրես։ Ուրեմն դեռ ժամանակը չի հասել։ Ասած է՝ «ժողովուրդը որ հավաքվի, գերան կկոտրի», բայց մեր ժողովրդի գլուխը որ հաստ է, իրան իրավունքն ու պարտականությունը չի ճանաչում, իր լավն ու վատը չի հասկանում, սուտը ճշմարտի տեղ է ընդունում, ճշմարիտը՝ սուտի տեղ, էլ ի՞նչ ասես, էլ ո՞ւմ խոսք հասկացնես։ Թեկուզ իմաստունին մի հիմար բան ասած, թեկուզ հիմարին՝ մի խելոք բան. երկուսն էլ մեկ է։ Իմաստունը հիմար բանի վրա կծիծաղի, հիմարը՝ խելոք բանի։ Հայը оրուջը չի պահիլ, թուրքը՝ մեծ պաս։ Ինչ որ մեկի համար սուրբ է, մյուսի համար պիղծ է։ Թուրքն ևս նույնքան առողջ դատողություն ունի, ինչքան և հայը։ Բայց ոչ մեկը չի կարող չլինել այն, ինչ որ է։ Ով ինչ կարող է լինել, չի կարող չլինել, ով ինչ կարող է անել, չի կարող չանել։ Ազգասեր մարդը չի կարող ազգասեր չլինել, ինչպես որ բարակացավ ունեցողը չի կարող չունենալ այդ ցավը։ Ոչ ոք թող չպարծենա, թե ես այս արի և այն չարի, որովհետև նա չէր կարող չանել, ինչ որ արավ, և անել ինչ որ չարավ։ Սրա պատճառը պետք է փնտրել նույն մարդի մտքումը, հոգումը, մարմնումը, նրա շրջապատ դրդող հանգամանքներումը. բայց այս դեռ բավական չէ, պետք է փնտրես նրա հոր մեջ մոր մեջ, պապի, ապուպապի տատի, ատուտատի, և այլն, մինչև կհասնես Ադամին ու Եվային, հետո էնտեղից ետ կդառնաս նոր մեկանց ու կամաց֊կամաց, ուշի ուշով, մեծ հետաքրքրությունով ու նկատողությունով առաջ գալ, քննելով նրանց եկած ճանապարհը, որ տեսնեն նրա նախնիքների գլխով ինչե՞ր են անց կացել, որտե՞ղ է նրանց ոտը փուշ մտել, որտե՞ղ ձեռքը կամ ոտքը կոտրվել, որտե՞ղ ինչ արել, ի՞նչ խոսել, ի՞նչպես մտածել, ինչի՞ց զրկվել, ի՞նչ ավելացրել և այլն, և այլն։ Ինչևիցե, իմ խոսքը ձեր ուսումնարանի վրա էր, բայց ես հեռու գնացի. երևի չէի կարող շհեռանալ։ Ձեր վերատեսուչը մի շատ պարկեշտ ու բարոյական մարդ է. կարծես հին Հունաստանից եկած մի նոր Սոկրատ լինի։ Խոսք չունիմ, բավական խոհեմ ու գիտնական մարդ էլ է, բայց շատ է խեղճ։ Թեպետ էս էլ պետք է ասեմ, որ թեկուզ խեղճ էլ չլինի, էդ գազանների մեջ ոչինչ չի կարող անել։ Շատ ափսոսացի, որ հրաժարվել է կամ հրաժարեցրել են։ Հապա դուք ի՞նչ էիք անում մինչև հիմա, կամ ի՞նչ եք մտադիր անելու այսուհետև։
— Ինչպես որ դուք խորհուրդ կտաք, մենք էլ էնպես կանենք,— ասացին մեր պատանիքը միաբերան, որ մինչև այն րոպեն լուռ ու մունջ և ուշի ուշով լսում էին Օվակիմի խոսքերը և տեղավորում իրանց մտքի մեջ, որ հետո իրանք էլ նույն խոսքերն ուրիշներին ասեն և լուսավորեն ժողովրդին...
— Ես թեպետ սիրում եմ զանազան խորհուրդներ տալ մարդկանց, բայց ձեզ պես անփորձ մարդկանց խորհուրդ տալը երբեմն անօգուտ է և երբեմն վտանգավոր։ Ես երբ որ ձեր չափ էի, շատ խորհուրդ տվողներ ունեի, բայց չէի կարողանում կատարել նրանց խորհուրդները։ Ես շատ լավ գիտեմ, որ դուք չեք կարող չլինել այն, ինչ որ լինելու եք, բայց թե ի՞նչ եք լինելու, առաջուց գուշակել չեմ կարող։ Ես չգիտեմ, ո՛րքան է ձեր մեջ ուսման սերը, կամ ուրիշ ի՞նչ բանի ձգտում ու հակումն ունիք։ Մեր աշխարհքը խավար, կեղտոտ աշխարհք է. դուք դեռ ծանոթ չեք այդ աշխարհին, և չարժե ծանոթանալ. այդ դեռ վաղ է ձեզ համար։ Ես հիմա մեկ խոսք կասեմ ձեզ. գնացեք, համոզեցեք ձեր ծնողներին, ձեր եղբայրներին, որ ձեզ օգնեն։ Ավարտեցեք ձեր ուսման ընթացքը, հասունացրեք ձեր միտքը, այնուհետև կարող եք ձեզ համար ապրելու վիճակ ընտրել։ Ի՞նչ պիտի լինի ձեզ վրա անելիք ծախսը։ Եթե տարին մեկ օրավար ցանեն ձեզ համար, նրա արդյունքովը դուք կհոգաք ձեր բոլոր ծախսերը։ Ճշմարիտ է, նրանք կոպիտ մարդիկ են. մեկի հայրն է ասում՝ տղես կփչանա, էլ ինձ չի մտիկ տալ, մյուսի եղբայրքն են ասում, թե նա իր համար աղա պիտի դառնա, մենք էստեղ կոռ ու բեգյառ քաշենք, ջանը դուրս գա, թող ինքն էլ գա մեզ հետ աշխատի։ Հին նահապետական նախա՜նձ, կե՜ղտ, ատելություն, սեր չկա, բան չկա... Ես ձեզանից լավ եմ ճանաչում ձերոնց, անխելք, անպետք մարդիկ են, բանական մարդու վսեմ զգացմունքներից զուրկ են, մարդակերպ կենդանիներ, գազաններ են... բայց ի՞նչ արած, ուրիշ կերպ լինել կարող չեն, հանգամանքները դրանց էդպես են կազմակերպել։ Դրանց պետք է շողոքորթել, չպետք է ծիծաղել նրանց կոպտության, կեղտոտության, սնահավատության վրա, գուցե դրանով շահեք նրանց սիրտը։ Առհասարակ՝ իմացած լինիք, որ քոռին եթե խուլ ասեք, նա չի նեղանաք, բայց եթե քոռ ասեք, այդ միևնույն է, թե դանակով հանեք նրա աչքը։ Ցավագար տեղին չեն դիպչիլ։ Էսպես։
— Ուրեմն ես վաղը կերթամ։ Սայլով ուխտ գնացողներ կան դեպի մեր կողմը, նրանց հետ կերթամ,— ասաց Արությունը։
— Մեր գեղիցն էլ ալյուր ծախողներ են եկել, ես էլ նրանց հետ կերթամ։
— Աստված բարի ճանապարհ տա,— ասաց Օվակիմը և ճանապարհ ձգելով պատանի մարդոցը՝ ինքն ընկավ մի խոր մտածության մեջ, և հետո բացականչեց.— Մտեք աշխարհ, անմեղ հոգիք, դուք չեք կարող ձեր գլխի անցքերի առաջքն առնել... ուսում էլ առնեք՝ ի՞նչ պիտի դառնաք, ավելի վատ ձեզ համար... Ավելի լավ չէ՞ր լինիլ, որ բնավ չճաշակեիք այդ բարվո ն չարի գիտության ծառի պտղից, որից հետո մինչև այժմ ձեզ դրախտ երևցած աշխարհս պիտի դժոխքի կերպարանք ստանա...
— Արություն, արի գնանք էսօր մեր տանը մի լավ քեփ անենք: Մեր տանեցիք բոլորն էլ գնացել են ուխտ, մենակ քուրս է մնացել տանը. Օսանին էլ կկանչենք մեզ մոտ ու մի լավ քեփ կանենք: Ո՞վ գիտե ի՞նչ կանցնի գլխներովս, շո՞ւտ կտեսնենք մեկ մեկու, թե՝ ուշ,— ասաց Մանվելը, երբ մի քանի քայլ լռությամբ հեռացել էին Օվակիմի տանից:
— Երանի՜ քեզ, Մանվել, որ դարդ չունիս, քեփն է աչքիդ երևում...
— Տո ինչի՞ եմ դարդ անում, գիժ հո չե՞մ. բա չլսեցի՞ր, որ Օվակիմն ասաց. զոռով բան չի լինիլ. ամեն բան իր կարգովն է գնում. թե որ ուզում ես պատճառն իմանաս, գնա մեր պապ Ադամին հարցրու, որ նրանից մի ուղիղ լուր բերես... Ինչ որ դառնալու ենք, չենք կարող չդառնալ․ պրծա՜նք, գնա՛ց...
— Օվակիմի ասածը ճակատագրի պես մի բան է,— ասաց Արությունը.— մեր պառավներն էլ են ասում, թե՝ «Ինչ որ ճակատիդ գրված է, էն պիտի ըլի»։ Ասում էլ են, թե՝ «լինելու բանի առաջը չի առնվիլ»... կամ թե՝ «ինչ որ լինելու է, պետք է լինի, դրան ճար չկա»... Բայց կարելի է թե Օվակիմի ասածը ավելի խոր միտք ունի, որովհետև նա ուսումնականի ոճով է խոսում, պատճառներ է փնտրում...
— Արություն, ինչի՞դ է պետք, ինչ ուզում են թող ասեն. մենք էլ որ կմեծանանք, լավ ուսում կառնենք, մենք էլ ուրիշ ձևով կասենք էդ միևնույն բանը, կամ թե չէ՝ կհերքենք բոլորովին. իսկ հիմա, քանի որ գլխներումս դեռ դարտակ տեղ շատ կա, էսօր գնանք էդ դարտակ տեղը գինով լցնենք, խելքներս զվարթանա, սրտներս ուրախանա. աշխարհքիս դարդը հո մեզ չե՞ն տվել։ Մի գլուխ ունինք, ինչպես լինի, կպահենք, նոր չենք հագնիլ, հին կհագնինք, ո՞վ պիտի մեր ձեռքիցը բռնի, մենք չե՞նք մեր գլխի տերը։ Հրեն ղազախեցի Մարտիրոսը, որ մեր կիսի չափ բան չի իմանում, վարժատուն է բաց արել, երեխեք է կարդացնում։ Դու չե՞ս տեսել նրա վարժատունը․․․
— Ի՞նչպես չեմ տեսել։ Անցյալ օրը պատահեցա. ասում եմ՝ ի՞նչպես ես, ուսումնարանդ ի՞նչպես է հառաջ գնում. թե՝ լա՛վ, փառք աստուծո, կիսին չեմ արժանի․ հիսուն աշակերտ ունիմ։ Աշակերտներիս հայրերը ամենքն էլ շնորհակալ են։ Մի կյուրակի օր մեկն է հրավիրում, մի տոն օր՝ մյուսը. ես էլ սկսում եմ գրաբար խոսիլ, որքան կարելի է՝ խրթին, որ կարծիք չտանեն, թե ես շատ գիտուն չեմ, բայց հիմի եմ ափսոսում, որ ռուսերենումը շատ եմ բոբիկ, մտիկ եմ տալիս Իրիցփուխովի բառարանումը, որ տեսնեմ ո՛ր տառի վրա է շեշտ դրած, բայց մինչև ամեն բառի վրա մտիկ կանեմ, գլխիս մազը կսիպտակի։ Հետո ինձ խնդրեց, թե՝ մեկ արի «Դրուգ դետեյ»֊իս բառերի վրա շեշտեր դիր․ ես էլ գնացի, մի քանի երեսի վրա շեշտեր դրեցի․ ասացի․ «Դու հայերեն սովրեցրու, ռսերեն երբ լինի՝ կսովորեն։ Թվաբանություն սովրեցրու, որ հաշիվ անել գիտենան»—թե՝ «Թվաբանություն չեմ գիտում»...
— Ի՞նչ թվաբանություն, ի՞նչ բան,— ասաց Մանվելը,— դրանք ոչ մի բան չեն իմանում։ Հրեն տիրացու Սարգիսը, կազմարար Մարգարը, երկենամիրուք տերտերը․․․ ամենքն էլ վարժատուն ունին, երեխեք են կարդացնում, բայց ի՜նչ կարդացնել, մեկ օր մեռլի վրա են, մյուս օր՝ կնունքի, մեկէլ օր՝ մի ուրիշ բանի, էսպես քելեխ ուտելով ման են գալիս, երեխեքը տուն դառած իրար միս են ուտում, իրար շորեր պատռտում։ Ի՜նչ վարժատուն, խոզատունը քեզ օրինակ։ Օրը մեկ ժամ կամ կես ժամ նստում են մոտներին, էդ ժամանակն էլ քանոնը ձեռքներն առած՝ դարտակ բղավում են' «ս․․․ո՜ւ․․․ս կա․․․ցե՜ք... Մի քանի ամիս մի այբբեն են սովորեցնում, մի քանի ամիս էլ մի «անա֊բանա», կամ «էն՝ էրթի փուլի, ման՝ օրի բիստի»․․. Ծիծաղ է, ծիծաղ, Արություն, տեսնո՞ւմ ես ինչպես մարդիկ են ապրում աշխարհիս վրա։ Էդպեսները որ հաց են գտնում՝ ուտում, մեզ ի՞նչ է էլել, փառք աստուծո, որ դրանց կտանենք ջուրը՝ ծարավ ետ բերենք. ինչի՞ ենք դարդ անում, ուրիշ ոչինչ որ չկարողացանք, բա դրանց պես է՞լ չենք կարող մի բան անել...
— Ի՞նչ ես ասում, Մանվել... Մարդ որ էնպես վարժապետ չըլի, որ էս քաղքումը հատը չլինի, էլ ի՞նչ նշանակություն ունի։
— Արություն, աղվեսը որ աղվես է, բերանը որ խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է. բայց դու մի աղվեսի չափ էլ չունիս խելք...
— Արջն էլ որ արջ է, Մանվել, երբ որ թաթը տանձին չի հասնում, ասում է. «Լա՛վ, կենա իմ հոր խերին, մի ուրիշը կուտի իմ հորն օղորմի կտա»... Բայց մի՞թե մենք աղվես ենք կամ արջ. մենք մարդիկ ենք, բանական մարդիկ, մենք պարտական ենք գնալ դեպի հառա՜ջ, հառա՜ջ, о՜ն անդր հառա՜ջ, մի ձախ, մի աջ, դեպի կատարյալն և դեպի բարին, որ անհրաժեշտ լցուցանելու պարտք է մարդկային։
— Օ՜... դու ոգևորվեցար, էլի «Բամ փորոտանն» սկսեցիր... էդպես կանենք ուրեմն, առաջ կերթանք, առա՜ջ, էլ աջ ու ձախ չենք մտիկ տալ, մինչև գլխներս մի պատի կդիպցնենք, կամ գլխիվայր կընկնինք մի անհատակ ձորի մեջ...
— Դե շուտ արա, Հոռոմսիմ,— ասաց Մանվելն իր քրոջը,— շուտ արա սուփրեն գցիր, հիմա ուր որ է Արությունն ու Օսանեն էլ կգան։ Էսօր պիտի մի լավ քեփ անենք, խաղ, տաղ, Քյոռօղլի, մուխամբազ, դիփ պիտի իրար խառնենք։ Մեր Արությունը շատ խաղ գիտե, իրանից էլ շատ ունի ասած, էսօր պիտի մի քանիսն ասել տամ... Դե շո՛ւտ արա, շո՛ւտ (երգում է).
Եղբարք, մի շուրջ ժողովվեցեք,
Քաջ հայոց կերպի կոնծեցեք,
Բաժակները դարդըկեցեք
Մեր հայ ազգի կենացը․..
— Հոռոմսիմ ջան, գի՛նի, գի՛նի, էսօր գինի պիտի խմենք անպատճառ. Արությունին էլ պիտի խմացնեմ... Շատ դարդ անող տղա է, կասենաս բոլոր աշխարհքի դարդը նրան ըլին տված. էսօր պիտի ուրախացնեմ, պիտի քեփը բաց անեմ։ Դավիթ մարգարեն ասել է իր սաղմոսումը, թե՝ «Գինի ուրախ առնե զմարդ, յուղ զվարթ, իսկ հաց հաստատե զսիրտ մարդո»։ Շատ ուղիղ է ասել։ Գինին էնպես զորություն ունի, որ նրան տեսնողը առանց խմելու էլ ուրախանում է։ Էնդուր են ասում, թե՝ մեկ իմերել մի էծ է տեսել, շատ ուրախացել է ու ծիծաղել. ասել են՝ ինչի՞ ես ծիծաղում, ինչի՞ վրա ես էդենց ուրախանում։ Ասել է, «Էծ տեսնելիս գինին է միտս գալիս, որովհետև գինին դրա տկումն է լինում» (երգում է)․
Արաքսա ջրով ցողած,
Հայոց արևով հասած,
Հայոց աղջիկ է քաղել,
Քնքուշ ձեռներով քամել...
— Հրեն գալիս են... շո՛ւտ արա, շո՛ւտ արա, ես դուրս գնամ, Օսանին առոք փառոք ներս համեցեք անեմ։ Բարո՜վ, բարո՜վ, Օսաննա՜, օրհնյա՜լ, որ գալոցդ ես... համեցե՛ք, համեցե՛ք վերև, էն փափուկ տեղը քեզ համար ենք պատրաստել...
— Ապրիս, ապրիս, Մանվել,— ասաց Օսանան,— աստված քեզ միշտ էդենց ուրախ պահի, մեր Արությունն էլ քեզանից մի քիչ ուրախանալ սովորի։
— Արությունին ինչի՞ ես մեղադրում,— ասաց Հոռոմսիմը,— դու նրա նման, նա էլ քեզ նման. կասենաս մի խնձոր ըլիք կես արած․ երկուսիդ բնությունն էլ մեկ է...
— Սպասիր, սպասիր, Հոռոմսիմ,— խոսքը կտրեց Մանվելը,— ես քեզ մի նոր բան ասեմ։ Գիտեք ի՞նչ կա։ Ով ինչպես կա, չի կարող ուրիշ կերպ լինել, թե որ ուզում եք դրա պատճառն իմանալ, պիտի երկաթե տրեխներ հագնեք, էն վաղվա մարդի նման, որ աստծու մոտ է գնացել, մի երկաթե գավազան էլ ձեռքներիդ բռնեք, գնաք ձեր տատ Եվայի մոտ, նրան կհարցնեք, նա ձեզ պատճառը կասի... Օվակիմն էսպես չասե՞ց, Արություն։
Արությունը ժպտաց։
— Հոռոմսիմ, գինին բեր, գինին...
(երգում է).
Այս բերքն է հայոց երկրին,
Հայաստան տնկած Նոյեն,
Անմահ, երկնային գինին
Նա խմեց, երբ իջավ սարեն։
— Ի՞նչպես ես հավանում, Օսանա, լա՞վ եմ երգում, թե չէ․․․
— Լա՛վ, լա՛վ, շատ լավ ես երգում․․․
— Դեռ սպասիր մեկ ամեն բան դարսենք սուփրի վրա, մեկ թաս գինի կոնծեմ, մեկն էլ Արությունին խմացնեմ, որ քեփը բաց ըլի, ձայն պահի, հետո ավելի լավ երգեր պիտի երգեմ։ Տո Արություն, ի՞նչ ես ունքերդ կիտել, ձեր տանը հո չե՞նք, քե՛փ արա, փլավ էլ ունինք, շատ մի՛ մտածիր. «Աշխարհքս հինգ օր է, հինգն էլ սև»... Պետք է էդ սև օրերը սպիտակացնել, գիտե՞ս ինչով — սպիտակ գինով. որ ուզենաս կարմրացնել, կարմիր գինով կներկես. թե չես հավատում, փորձիր. մի բաժակ գինի որ խմես, աշխարհքումս ինչ կա, չկա, դիփ կսպիտակի... ապա մեկ էս խիզիլալի համը տե՜ս, էս ձկան հոտն առ... Ո՜ւհ... ո՜ւհ․․․ ո՜ւհ․․․ Արություն, Արություն, էս խորովածին է՜... թլթլում է, թլթլում.․. ձեռներդ ուտեմ, ձե՛ռներդ, Հոռոմսիմ, քուրն էլ ըլի, քեզ նման, քո ստեղծողին մեռնիմ... մեկ հազարփեշեն տուր... Արություն, ալլա՜հ-վերդի..․
— Խմի, վեր դի,— պատասխանեց Արությունը ժպտալով։
— Գիտե՞ս ում կենացն եմ խմում, Արություն, որ գիտենաս, կխմես իսկույն...
— Ո՞ւմ կենացն ես խմում, դե ասա տեսնենք․․․
— Նրա՜ կենացն եմ խմում, նրա՜, էն որ ես ու դու գիտենք...
Քույրերն աչքով են անում միմյանց.
— Դե որ «նրա» կենացն ես խմում, մի լավ խաղ էլ որ ասես, ես էլ կխմեմ։
— Քու հոգուն մատաղ, Արություն, ես քու խաթրը կկոտրե՞մ, խաղ էլ որ չգիտենամ, աշըղ կդառնամ քեզ համար։ Ականջ դրեք, ականջ դրեք, Հոռոմսիմ, Օսանա, մի մուխամբազ պիտի ասեմ, մեր Արությունի նոր շինած մուխամբազը պիտի ասեմ... (երգում է).
- Բացվել եմ վարդի պես, բայց չունիմ սոխակ,
- Սիրահար խոսնակ.
- Նըրա տեղ երգում է մի ուրիշ թռչնակ,
- Բուի եղանակ.
- Չեմ տեսնում նրա մեջ ոչ մի ժամանակ
- Սիրո նշանակ։
- Սիրել մինչև ի մահ շատն է խոստանում,
- Երդմամբ ուխտ դնում,
- Բայց այս ուխտի վրա շատ օր չի անցնում,
- Մեկ էլ ես տեսնում
- Պատրաստած քեզ համար սոսկալի վանդա՜կ.
- Ո՜հ, թշվա՜ռ վիճակ,
- Ասում ես. «Այս ի՞նչ է, այս ի՞նչ արեցիր,
- Դու ինձ գերեցիր.
- Շողոքորթ խոսքերով ինձ գրավեցիր,
- Վերջը խաբեցի՜ր».
- Ասում է. «Այսպես է աշխարհս բովանդակ,
- Դու հո չե՞ս մենակ»...
- Դե լռի՛ր, հա՜յ աղջիկ, Էլ չես գովական
- Եվ ոչ աննման.
- Պահիր սրտիդ խոցը մինչ օր քո մահվան,
- Մտցուր գերեզման.
- Չասես ուխտազանցիդ մի խոսք հակառակ,
- Չդառնաս առակ։
- Բացվել եմ վարդի պես, բայց չունիմ սոխակ,
— Ապրի՛ս, ապրի՛ս, Մանվել, շատ ապրիս,— ասաց Օսանան, սրբելով արտասուքը, որ հառաջ էր եկել երգի ներգործությունից։
— Րոմա՜ն, Արություն, րոմա՜ն,— բղավեց Մանվելը։— Տեսա՞ր՝ իմ երգելն ինչպես ներգործեց Օսանի վրա. չէ, ես լավ աշըղ եմ էլել, ով գիտե, կարելի է ժամանակով երևելի բանաստեղծ էլ դառնամ... Օսանա ջան, քու կենացը, աստված սիրտդ ուրախ պահի, աստված որդիքդ քեզ բախշի, դիփունանց կանաչ֊կարմիրն էլ կապես։ Հոռոմսիմ ջան, սաղ ըլիս, մարդդ ապրի, սկեսուրիդ հոգին Գաբրիել հրեշտակն առնի տանի արքայության մեջ գցի. Արություն ջան, քե՛զ ինչ ասեմ, թող որը որ լավ է, էն անի աստված, դե վեր կալ թասըդ, Հոռոմսիմ, դու էլ, Օսանա, դու էլ, վեր կալեք թասերդ. Արություն, «Հայոց աղջիկնե՜ր», միասին (երգում են).
Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս եք գալիս, ասում եմ ես ա՜խ։
— Կեցցե՜ն հայոց աղջկերքը,— բղավում են մեր պատանիքը միաբերան, երբ վերջացնում են երգը, և բաժակները դատարկում։
— Ապրի՛ք, ապրի՛ք,— ասում են քույրերը, սրտանց ուրախանալով, որ այնպես «ուսումնական» եղբայրներ ունին։
— Արդյոք հայոց աղջկերանց նման սիրուն, շարմաղ էլ ո՞ր աշխարհքում, ո՞ր ազգում կլինի,— ասաց Մանվելը։
— Ուրիշ ազգի աղջկերքը — որը շեկ է լինում, որը դեղնած, որը սև, որը քթատ, որը շլինքը կարճ, որի ուսերքը հաստ, որի մեջքը թիկունքին հավասար. մի խոսքով՝ մի սիրուն պատկեր, մի սիրուն կազմվածք չես գտնիլ նրանցում։ Հայ աղջկա վառվռուն աչքերը, կամար ունքերը, լուլա շլինքը, բարակ մեջքը, շահմար ծամերը, նրա նուրբ պռոշները, մարգարտե ատամները, մոմի պես մատները, մարմար կուրծքը, շամամ ծծերը, նրա մեկ բոյն ու բուսաթը սաղ աշխարհքի հետ չեմ փոխիլ։ Իզուր հո չեն մեր աշըղները ջունուն դառել նրանց սիրովը վառվել, հենց գովել են ու գովել, մի գլուխ գովել։ Ի՞նչ անեն խեղճերը. մի բան որ տեղնուտեղը լավ ըլի, ոտից մինչև գլուխ, գլխից մինչև ոտք, պիտի առաջին չոքես, ձեռներդ սրտիդ դնես, շլինքդ ծռես, աղաչես, պաղատես, գովես, փառաբանես, մինչև բերանիդ ջուրը գնա, զմայլիս, վերանաս, աչքերդ մթնի, ուշաթափվիս, վեր ընկնիս, դելը տաս․․․ Ա՛յ ինչպես... (երգում է).
- Յաղութ չաման ես, լալ մերջան ես,
- Շատ աննման ես,
- Աննմանութենեդ, բարկութենեդ
- Ինձի զայ չանես.
- Ինձ՝ Նախշունյանցիս, սիրովդ էրվածիս
- Թաք հետըդ տանես,
- Կամ չոքիս ջանիս, հոգիս հանես
- Կիսամեռ չանես,
- Ինչ կուզե անես, թեկուզ սպանես,
- Իմ ճարը դուն ես...
- Յաղութ չաման ես, լալ մերջան ես,
— Կեցցե՜ Նախշունյանցը, մեր ազգային երգիչը,— բղավեցին պատանիքը վերջացնելով պարոն Նախշունյանցի մուխամբազը և կոնծեցին նրա կենացը։
— Մա՛նվել, քու կենացը, Մա՛նվել,— ասաց Օսանան,— աստված քեզ էդպես ուրախ պահի միշտ։ Արություն ջան, զորանաս։ Ձեր երկուսի կենացը, աստված ձեր սերն անխզելի ու հաստատ պահե, թագներիդ արժանի ըլիք, թշնամու սրտով չըլիք, մուրազներիդ հասնեք։ Ա՛ստվածատուր, Հո՛ռոմսիմ...
— Վայելե, ինձ տուր,— պատասխանեց Հոռոմսիմը։
— Ա՛ստվածատուր, Ա՛ստվածատուր,— բղավեց Մանվելը։— Նախշունյանցի անունը մոռացել էի, հիմի Աստվածատուր ասացին, միտս ընկավ։ Արություն, էդ Աստվածատուրի տաղանդն էլ է աստվածատուր, դրա չափ խաղեր, ով գիտե՝ ոչ մի աշըղ ասած չըլի․․․
— Ես տեսել եմ դրա խաղերի դավթարները, դիփ էլ կարդացել եմ։ Դա մի զարմանալի մարդ է, ուրիշ աշըղների պես թուրքերեն չի ասում, դրա բոլոր խաղերը հայերեն են, բայց ձևն էլի թուրքերենի է։ Միևնույն ավալ֊ախըրը, դիլ-թարփանմազը, դոդաղ-դագմազը։
— Բայց էդ ի՞նչ տեսակ խաղեր են, էդ որ ասում ես..․ Ի՞նչ ասեցի՞ր...
— Ավալ-ախըր։
— Հա՛, հա՛, ավալ-ախըր... դրանք ի՞նչ բաներ են, մեկ մեզ հասկացրու։ Օսանա, Հոռոմսիմ, ականջ դրեք, ականջ դրեք, Արությունը պիտի մեզ աշրղների ճարտասանությունը սովրեցնե։ Դե մեկ ասա՛, Արություն, տեսնենք էդ ի՞նչ բաներ են։
— Ավալ-ախըր բառը թուրքերեն է, կնշանակե սկզբնավերջ․ էսպես խաղի բոլոր տողերի սկզբի ու վերջի տառը միևնույնը պետք է լինի։ Օրինակ՝
- Ջհալ իքյան ջաննաթ թափտրմ ջաննաթ թաջ,
- Ջան գյալդի о սահաթտա յասար աջ,
- Ջովրաթ օվեդանդըմ, ջանդա չաքտըմ ջան-նաթ թաջ,
- Ջըհադ оլդում ջամալընա յաս արաջ։
- Ջանրմ դա վար ջյուքյամ, չոխ վար յանար գյուջ,
- Ջամջափա աթեշտա չոխ վար յանար գյուջ,
- Ջաննաթ գյազար Քյուչուկ — Նովա յանար գյուջ,
- Ջամ էյլադըմ, փեշամ օլդի յա սարաջ։
— Սպասիր, սպասիր, Արություն, ես ոչ մի բան չեմ հականում, հենց բերանս բաց մտիկ եմ տալիս...
— Ո՞վ է հասկանում, որ դու հասկանաս։ Մեր աշըղները իրանց բոլոր խաղերը՝ բացի խրատականից՝ էնպես են շինում, որ ոչով չհասկանա։ Հենց էդ չհասկանալն է, որ զարմացնում է մեր ժողովրդին, նրանք զմայլում են, հիանում են էդպես խաղերիցը։ Ի՜նչ լա՜վ է ասել. ինչ խո՜րն է ասել... էսպես հիացնում են մեկ մեկու։ Բայց ինչի՞դ է պետք. դու տեսնում ես, որ սա ջիմ ավալ-ախըր է, այսինքն բոլոր տողերի սկիզբն էլ, վերջն էլ ջե տառն է։ Ասողն էլ, հայ է, արհեստով սարաջ, թամքը կարող, էնդուր է ասում «ջամ էյլադըմ, փեջամ օլդի յա սարաջ»: Հիմի տես Նախշունյանցի ասածը, որ հայերեն է և հասկանալի, բայց էլի ջե ավալ-ախըր է.
- Ջավահիր, նաջիվան նազանի,
- սիրով ինձ անիս իլլաջ,
- Ջիգարս էշխեմեդ վառվել է,
- ռահմով ինձ անիս իլլաջ,
- Ջհուդ խոմ չի՞ս, ա՜յ բեմուրվաթ,
- ո՞ւր թողիր այլոց մոհտաջ,
- Ջազա տալովդ բեզար եկա,
- վախտով ինձ անիս իլլաջ։
- Ջիվան ջան իս, աննման իս,
- մանուշակ իս կապած փունջ,
- Ջուխտ աչքիցդ է վառ չամ-չրաղ,
- նահախ ո՞ւր իս մտնում քունջ,
- Ջուռաթ արա մեկ իդրար տուր,
- մի լինիր համեշա մունջ,
- Ջունուն իմ սաստիկ սերիցդ,
- շուտով ինձ անիս իլլաջ։
- Ջհել ժամանակս իմ խնդրում,
- քանի ծառ իմ դալար, գեջ,
- Ջահտ արա սիրով հաստատվինք,
- շուտ գոյանա բար ի մենջ,
- Ջանլլաթի պես ղազաբ մի տար,
- ինձ մի կարմիր չար, բեվեջ,
- Ջանըս խնայիր Նաշխունյանցիս,
- քեզմով ինձ անիս իլլաջ...
- Ջավահիր, նաջիվան նազանի,
— Տեսնո՞ւմ եք, Օսանա, Հոռոմսիմ, դիփ ջե է, դիփ,— ասաց Մանվելը։
— Դիփ չէ, Մանվել, միայն տողերի մեկ սկզբի տառը, մեկ էլ վերջի։ Հիմի ականջ դրեք, դիլ թարփանմազն ասեմ։ Դիլ թարփանմազ, կնշանակե «լեզուն չի շարժիլ»։ Էսպես խաղերը պետք է էնպես բառերից լինին շինված, որ ասելիս լեզուն չշարժի։ Օրինակ.
- Բափա ո՞ւմ կա, ում կամում իմ, մե վա՛ է։
- Մըգա՞մ քի հաում իմ խափով ու գափով,
- Իմ համբավ է խափը, կա մը մե վա է,
- Կամում իմ քի ուղիղ փափագով բափով։
- Քի իմ կամում, եկ քու կամով, ո՛վ աղա,
- Կամում իմ քու բուգով, բուխախով խաղա,
- Քի իմ կամում եկ հիմա է, կամ վաղ ա,
- Կակուղ խումով պահե քիմով ու համով․․․
— Սպասիր, սպասիր, Արություն,— միջահատեց Մանվելը և սկսեց երգի բառերն արտասանելով փորձել, որ տեսնի իրա՜վ լեզուն չի շարժում ասելիս։ Սափա... բափա․․․ աղա, վաղ ա, խափով, գափով... Էս ի՞նչ զարմանալի բան է... ճշմարիտ որ լեզուն չի շարժում․․․ Ապա էն մեկէլը։ Ի՞նչ էիր ասում։
— Դոդաղ-դագմազ: Դա էլ կնշանակե պռոշներն իրար չեն դիպչիլ։ Էդպես խաղերն ասողը մի ասեղ է դնում բերնումն ուղղահայաց, այսինքն մեկ ծայրը վերի պռոշի տակին, մյուս ծայրը՝ ներքևի, որ աշկարա տեսնվի, թե պռոշներն իրար չեն դիպչում, որովհետև եթե դիպչելու լինեն, ասեղը կծակե իսկույն։ Տեսե՛ք, ահա՛ երևելի Քեշիշ-օղլու «ալիփ ավալ-ախըր» դոդաղ-դագմազը։
- Ա դիլլի յար, ալ դաստրնի, այրնա,
- Անընզինան սաղըր էյլա յար յարա։
- Ալ ալրնի այրնա,
- Ալ ղաստընի այրնա,
- Ախլի ղայիլ օլանա
- Ասքան նա՞ դըր, այր նա՞։
- Աղ գեյգի՛նան յարար ղագղա այընա,
- Աջիշլարն սադրր էյլա յար յարա։
— Արություն ջան, հայերե՛ն ասա, հայերե՛ն. էդպես հայերեն չկա՞ միթե...
— Հայերեն էլ կա, ինչպե՞ս չէ, բայց միևնույն է, էլի ոչինչ չի հասկացվի։ Ահա՛ օրինակ. ::Ահա հղե, հղի հայող ա, աղ ա։
- Այո՛, օղիա է, հոյ աղա հաղ ա։
— Էս խաղը մի երկայն խաղ է, և ունի վեց նշանակություն։ Առաջին՝ որ այր սկզբնավերջ է, երկրորդ՝ շրթունքն անհպելի (դոդաղ-դագմազ), երրորդ՝ անլեզվաշարժ է (դիլ-թարփանմազ), չորրորդ՝ շատ խրթին է, հինգերորդ՝ ասածի միտքը ծածկված է հանելուկի պես, և վեցերորդ՝ աղեղ բառը յոթն անգամ կրկնված է, բայց ամեն մեկն առանձին նշանակություն ունի։ Օրինակ՝ մեկ աղեղը կանաչ-կարմիրն է, մեկը՝ նետ նետելու աղեղն է, մեկը՝ բուրդ գզելու աղեղն է, մեկը՝ աղ ու եղ է նշանակում, մի քանի բառում՝ ղադը լյունի տեղ է դրված։ Ես հիմա սրա մեկ տողը մեկնեմ։ Աստվածատուրն ասում է՝ էսպես խաղերը որ կան, աղաքար են. որ գցես աշըղի փորը, օխտը տարի չի հալվիլ։ Հիմա լսեցեք
- — Ահա հղե, հղի հայող ա, աղ ա։
Կնշանակե՝ ահա ճանապարհ, երկու-հոգիս մտիկ տըվող է, աղ է։
Հիմի պետք է իմանալ, թե էս ինչ ճանապարհ է, կամ ի՞նչ երկու-հոգիս է մտիկ տրվողը և ի՞նչ աղ։ Ահա ինչ։ Ղովտի կինը, որ Սոդոմից փախչելիս երկու-հոգիս է եղել (որից պիտի ծնվի Նեռը) ետ է մտիկ տվել ու իսկույն աղեքար է դառել։ Ահա հղե, հղի հայող ա, աղ ա...
— Ո՜ւհ, դրա տունը շինվի,— բացականչեց Մանվելը.— ես էլ եմ ասում՝ ինչի է էդքան շատ խոսում... Արություն, էդ աշըղներն ի՞նչի են էդպես դժվար բաների հետևից ընկնում...
— Ո՞վ գիտե. ուղիղ ճանապարհը թողած՝ Ղովտի ճանապարհն են փնտրում. լույս, օրը կեսօրը թողած՝ մթնումն են խարխափում։ Մի բան, ասում են, որ ամեն մարդ էլ հասկանա, էլ նա ի՞նչ ասելու է։ Խաղն ու աղոթքը մեզանում մի հանգի բաներ են. ինչքան մութն ըլի, էնքան լավ է համարվում։ Ես անցյալ օրը մեր խաղ ու պարի վրա մի ոտանավոր գրեցի, ապա ասեմ, տեսնեմ կհավանե՞ս։
— Ի՞նչպես թե «կհավանես», դու էնպես բան կասե՞ս, որ ես չհավանեմ։ Ականջ դրեք, Օսանա, Հոռոմսիմ։ Ախչի՛, արի, դեռ փլավի ժամանակը չէ, էստեղ ուրիշ փլավ է եփել մեր Արությունը, մեկ արի առաջ սրա համը տեսնենք։ Արություն ջան, ասա տեսնենք։
- Մեր քաղքումը ամեն մի հայ
- Պար է գալիս հանգի-հանգի,
- Նրա ոտներն արագ-արագ
- Կոտրտվսւմ են լեզգիհանգի.
- Աշտարակցին ծանր ու բարակ
- Յալլա ծերը սկսում է,
- Քաղցրիկ «լելեն» բերանն առած,
- Ուրախ դեմքով պտըտվում է.
- Ղարաբաղցուն պետք է տեսնել
- Ամեն տեսակ խաղ անելում,
- Զարկի՛ր լախտով որքան կամիս,
- Ոտն առջևից չի վեր կալնում.
- Հապա չասեմ չխկլդանեն,
- Մի հատ ոտով պտույտ գալուն,
- Կորեկ-կորեկ, ցորեն-ցորեն,
- Հա գյան-գյալա, ղուշ գտնելուն.
- Թող դեն ձգենք հարամոլլան,
- Ովովովեն ու մյուսները,
- Հալի տալն ու կասկարենքին
- Չե՞ն գրավում մեր ուշքերը։
- Առհասարակ ամեն մի հայ
- Գիտե խաղալ տեսակ-տեսակ,
- Ամեն դժվար մի ասպարեզ
- Դուրս է գալիս նա համարձակ.
- Երբ նստում է նժույգ ձիուն,
- Բայց մեյդանում նա խաղում է,
- Ջրիդ ասված հաստ մահակը
- Ձեռի միջին դողդողում է։
- Այս խաղումը նա փոխվում է,
- Կարմրում է ու սփրթնում,
- Իր հրաբուխ թուխ աչքերը
- Չորս կողմն է նա ձըգձըգում.
- Հանդեպինը թե պարսիկ է,
- Վառված քաջի որսն է այն,
- Ո՞վ կարող է սանձել հային,
- Թե նա կամի ցույց տալ իրան։
— Կեցցե՜ն քաջազունք հայոց,— բղավեց Մանվելը իր ձայնի բոլոր ուժովը...
— Ա՛ տղա Մանվել, կամաց բղավի, թե չէ՝ հենց կիմանան թե տունը կրակ է ընկել․․․
— Ի՞նչ եք ասում,— պատասխանեց Մանվելը.— «Ո՜վ կարող է սանձել հային, թե նա կամի ցույց տալ իրան»։ Ախր մեկ էդպես բարձրացրո՛ւ, գովի՛ր մեր քաջերին, որ հոգիս փառավորվի, սիրտս ուրախանա, ախորժակս բաց ըլի, մեր քաջերի կենացը կոնծեմ,— ասաց Մանվելը և մի բաժակ գինի դատարկելով՝ սկսեց երգել․
- Երկինք զվարթ ակնարկեն,
- Նահապետն ի սիրտ ցնծա.
- Զանձն աստուծո ի նըվեր,
- Յար ու կենոք ճոխանա.
- Աստվածապաշտն ի հասպարեզ,
- Գոռոզն ինքնին կորանա...
— Սպասիր, սպասիր, Մա՛նվել, ես դեռ չեմ վերջացրել,— ասաց Արությունը և շարունակեց իր ոտանավորը․
- Հայի լեզուն շատ ճարտար է,
- Նրա երգերն անհամար են,
- Բայց իր տաղանդն ու հանճարը
- Դժբախտ կյանքին հավասար են․
- Թե երգում է նա դիվանի,
- Ավայ-ախըր, կամ հասարակ,
- Պարզ խոսքերով հայտնում է նա
- Ամեն մի բան ծանր ու բարակ։
- Արաբերեն ու ֆարսերեն
- Թեժնիսի մեջ նա խառնում է,
- Շատ հանելուկ, շատ խոր մտքեր
- Նա սըրա մեջ ամփոփում է.
- Շրթունքի մեջ ասեղ դրած՝
- Նա երգում է դոդաղ-դագմազ,
- Երբ վառվում է սերի էշխով,
- Երգում է և դիլ-թարփանմազ.
- Հետզհետե կրակվելով
- Երգում է նա գյուղալլամա,
- Իր ընկերի հետ միասին
- Սկսում է կից ղոչամա։
- Այս խաղերում գանգատվում է
- Եվ այրվում է Քյարամի պես,
- Երբ հասնում է մուխամբազին,
- Իր յարին չի անում անտես.
- Նրան գովում, մեծարում է,
- Շինում է մի աստվածուհի,
- Աղաչում է, աղերսում է,
- Որ իր վրա գթով նայի.
- Ո՛ւր էր թե մեր վեհ հոգի հայն
- Գործով էլ տար այս խեղճ սեռին
- Ազատություն, որ նա չունի,
- Այլ գերի է մարդու ձեռին...
— Ազատությո՜ւն կանա՜նց... հա՜-յե՜ր...— բղավեց Մանվելը:— Արություն, դու պրծա՞ր քո ոտանավորը։
— Պրծա... հավանեցի՞ր...
— Հրաշալի՜ է, անհա՜տ, աննմա՜ն. էդպես բան միայն դու կարող ես գրել, էլ ուրիշ ոչ ոք. բայց ուրիշի մոտ չկարդաս, թե չէ կծիծաղին. կասեն՝ էս ի՞նչ է. տուտուց տուտուց դուրս է տվել գլխիցը. դեռ պահիր, մի ժամանակ պետք կգա․ հիմա մենք շատ խելոք բան էլ որ ասենք, խելոք մարդիկն անգամ չեն հավանիլ. կասեն... Է՛հ ինչի՞դ է պետք, թող ինչ ուզում են՝ ասեն, դու քո ձին քշիր, հալբաթ մեկ օր էլ մեր մորուքը կբսնի, մեր խոսքն էլ անց կկենա...
Հիմա ականջ դրեք, ես պիտի սուփրեն օրհնեմ աշըղի օրհհանքով.զ
- Երեք հարյուր տասնութ հայրապետք,
- Քսանըչորս մարգարեք,
- Տասներկու առաքյալք,
- Տասը պատվիրանք,
- Ինն դաս հրեշտակը,
- Ութ կանոն սաղմոսը,
- Յոթնանուն սուրբ Կարապետ
- Վեցթևյան սերովբեք,
- Հինգ նավակատիք,
- Չորս գլուխ Ավետարանը,
- Երեք՝ երրորդությունը,
- Երկու՝ երկինք-գետինքը,
- Մեկ՝ ստեղծող աստվածը,
- Ձեր տուն ու բնակարանն օրհնի,
- Ձեր հանդ ու հանդաստանն օրհնի,
- Ձեր արտ ու այգեստանն օրհնի,
- Ձեր տաքար ու հնձանն օրհնի,
- Ձեր կեռ ու գութանն օրհնի,
- Ձեր լուծ ու լծկանն օրհնի,
- Ձեր կով ու կթանն օրհնի,
- Ձեր օջախը շեն պահի, ա՜մմեն։
— Դե վե՛ր կաց, Հոռոմսիմ, սուփրեն շե՛ն արա,— ասաց Մանվելը և սկսեց երգել.
- Ինձ համար չէ գարնան գալը,
- Ինձ համար չէ ծառի ծաղկիլը,
- Ուրախության սրտի գրգիռը
- Ոչ մի բերկրանք չէ ինձ համար.
- Բայց ինձ համար կգա մահը,
- Կերթամ թշնամյաց պատերազմը,
- Եվ մահառիթ սպանիչ գնդակը
- Անդ պատրաստած է ինձ համար...
Ե
Ճաշելուց հետո մեր պատանիները շատ տխրությամբ և երկմտությամբ բաժանվեցին միմյանցից։ Մյուս օրը Մանվելը ճանապարհ ընկավ դեպի իրանց գյուղը, իսկ Արությունը՝ դեպի Բոլնսու սուրբ Գևորգը։
Սայլապան վրացի Գիորգին հարկադրում էր եզներին, որ շուտաքայլ երթան դեպի իր անվանակից Ծմինդա Գիորգին, իսկ սայլի մեջ նստող ուխտավորները՝ արք և կանայք՝ խոսում էին զանազան սուրբերից, նրանց արած հրաշքներից և խաչակնքում էին երեսներին ամեն մի սուրբի անուն տված ժամանակ, մինչդեռ աստուծո անունը տալիս ոչ մեկ անգամ չէին խաչակնքում երեսներին։
Արությունը, որ դեռևս խորամանկությամբ իր կարծիքը ծածկել չգիտեր, ծիծաղում էր նրանց վրա և հերքում նրանց ասածները։ Իսկ նրանք էլ, որ Արությունի այդ արարմունքը մի անսովոր հերետիկոսություն էին համարում և մինչև անգամ սրբապղծություն, ո՛րն արհամարհում էր նրա ասածները, ասելով՝ «Դեռ անփորձ է, խաչի թակարդ չի ընկած», ո՛րն էլ՝ խղճալով նրան՝ աղաչում էր, որ այդպես արհամարհանքով չնայե խաչի հրաշքներին, եթե ոչ հետևանքը կարող է շատ վատ լինիլ իր համար։ Ամենից շատ վախենում էին կնանիքը և ասում էին.
— Հիմա ուր որ է՝ խաչը սրան կունդ ու կծիկ կանի, բերանը կծռի, շլինքը կգցի քամակը, կնղավացնի, կգժվացնի... Բայց ոչ մի այդպես բան չէր պատահում, այլ՝ ընդհակառակն՝ որքան բարկացնում էին Արությունին, այնքան ավելանում էր նրա հերետիկոսությունը և ավելի ոգևորված էր քարոզում նրանց ճշմարիտ աստվածապաշտություն։
— Զորավոր սուրբեր շատ կան, մեռնիմ նրանց ողորմութենին, բայց սուրբ Գեորգի հատը չի ըլի, իմ երեսը նրա ոտի տակը, ասում է մեկը և երեսին խաչակնքում։ Դա թուրքերին էլ է պատժում։ Մի թուրք գնացել է դրա եկեղեցու դուռը հանել, որ տանի իր մարագի համար դուռ շինի։ Դուռը շալակին՝ հասել է իր տան մոտ, ուզեցել է թե վեր դնի, դուռը կպել է մեջքիցը, էլ չի գջըլվել․․․․Թուրքը լացով, արտասուքով ետ է տարել, էլ ետ տեղը դրել, խունկ ու մոմ վառել, մատաղ արել, որ էլ ուրիշ մի վնաս չլինի իրան։ Էդ թուրքը մինչև հիմի էլ ս․ Գեորգի ղուլն է․․․
— Էնդուր են թուրքերը դրան «դալի խաչ» ասում, է՜...— ասաց մի ուրիշը։
— Էդ միևնույն հրաշքը Ղազախու Կոթի գեղի սուրբ Սարգսի համար էլ են պատմում, էլի ուրիշ շատ սուրբերի համար էլ. սրանից երևում է, որ դա մի հնարովի բան է,— ասաց Արությունը մաղձոտված,— բայց դու էնպես ես պատմում, որ լսողը հենց կիմանա, թե դու աչքովդ տեսել ես թուրքին էլ, դուռն էլ։ Բավական չէ, որ սուտ ասված բաներին հավատում եք, ինքներդ էլ նոր-նոր սուտեր եք ստեղծում․ ի՞նչ խաչ պիտի լինի որ ձեր սուտերին հավանի, թեկուզ էդ սուտերը նրա օգտի համար լինին ասված։ Ուղիղն ասացեք, սուրբ Գեորգին եք շատ սիրո՞ւմ, թե՞ սուրբ և քաջ Վարդանին, որ հայոց ազգի ու կրոնի համար Ավարայրի դաշտը ողողել է իր արյունով...
— Էդ ի՞նչ Վարդան է, մենք դրա անումը չենք էլ լսել։ Թե որ դա էլ սուրբ Գեորգի նման զորավոր սուրբ է, բա ինչի՞ նրա համար էլ չեն մի եկեղեցի շինել...
— Տո՛, Վարդանս ո՞րն է, ի՞նչ եք ասում,— հարձակվեց մյուս կողմից մի ավելի ջերմեռանդ սրբապաշտ...— Սուրբ Գեորգի հատը ո՞րտեղ կլինի, մեռնեմ նրա ողորմութենին, իմ երեսս նրա ոտի տակը։ Ե-րե՛ք-հա՜-րյո՜ւր-երեք-քսան ու ե-րե՜ք մասունք ունի․ արարած աշխարհքիս ամեն կողմում նրա զորությունը, նրա հրաշքը տարածված է. ո՞ր Վարդանը կամ Կիրակոսը կարող է նրան հավասարվել...
Արությունը, որ Վարդանի մոլեռանդ կողմնակիցն էր, սաստիկ բարկացավ, որ իր պաշտած սուրբին չճանաչելով՝ արհամարհում են։ Նա չէր զգում և չէր երևակայում, որ ինքն ևս նրանց չափ մոլեռանդ է, տարբերությունը պաշտելի առարկաների մեջն էր միայն։ Նրա հակառակորդները ևս համոզված էին, որ ճշմարտությունն իրանց կողմն է։ Այդքան հոգեբան չէր Արությունը, ուստի ավելի ևս կատաղի կերպով սկսեց բանակռվել նրանց հետ՝ ասելով։
— Գիտե՞ք ինչ կա. համարձակություն չլինի, ուզում եմ ձեր երեսներին մի քանի ցուրտ խոսք կպցնեմ։ Դուք մի Այսմավուրք եք կարդացել, ես էդ վաղուց եմ անգիր արել. էնպես պուճախներ կգցեմ, որ կմնաք «և և» անելիս։ Ասած է, «թե խաչն իմն է, զորությունը ե՛ս եմ գիտում»։ Սուրբ Գեորգին ես լավ եմ ճանաչում, քան թե դուք։ Մի մարդի գլուխ ցավում է, գալիս է ուխտ. թե որ մի քանի օրից հետո դադարում է, ասում են խաչը փրկեց, թեպետ առանց նրան էլ պիտի դադարեր, բայց եթե չի դադարում, ասում են՝ ուրիշ խաչից է, սուրբ Գեորգն ուրիշ խաչերի գործում չի ուզում խառնվիլ։ Հետո գնում են մի պառավի գարի գցել տալիս, որ իմանան թե ո՞ր խաչից է։ Պառավը որ նրանց Հնդստան ուղարկի, նրանք՝ ճարը կտրած՝ պիտի գնան, բայց նա էլի էնքան խղճմտանք ունի, որ էդպես հեռու տեղեր չի ուղարկում․․․ Ձեր քաղքցիք գալիս են էստեղ ուխտ, պատահում է, որ փուրգոնը շուռ է գալիս, բոլոր միջի ուխտավորներին ջարդում, կոտրատում, իսկ եթե ոչ՝ դրանից ավելի վատթար բան է պատահում։ Բորչալուի ղաչաղ ավազակները հարբած ուխտավորների ճանապարհը կտրում են, թալանում, կողոպտում, կնիկը մարդի ձեռիցը խլում, «շհար գյոզալի» ասելով իրանց խաղն սկսում, մարդին թրատում, ջլատում... Բա ինչի՞ ձեր սուրբ Գեորգը չի ազատում։
— Էնդուր չի ազատում, որ ինքն է լինում ուղարկած էն գողերին, որ նրանց պատժե, որովհետև նրանք էլ քեզ պես բարկացրած կլինին խաչին, ուղիղ սրտով չեն ըլիլ գնացած նրա տակը, կամ իրանց սուրբ չեն ըլիլ պահած. ինչևիցե մի հանցանք կըլին գործած, դրա համար էլ խաչը նրանց պատժած կըլի, որ մյուս անգամ վատ բան չանեն։
— Ուրեմն էն գողերին որ բռնելու լինին, էլ չեն կարող պատժել, նրանք կարող են ասել մենք մեղավոր չենք, մեզ սուրբ Գեորգն էր հրամայել, բայց դատավորը ձեզ պես անխելք չէ. նա կասի, որ սուրբ Գեորգն ավազակապետ չէ, նա սուրբ մարդ է, նա աշխարհի բաների հետ գործ չունի, միայն դուք եք, որ ոտով գլխով մոլորվել եք, կռապաշտացել, ստեղծող աստուծուն թողած՝ քարերին ու ծառերին եք պաշտում։
— Ասում են նոր մարդիկ են լիս ընկել, էլ ոչ խաչի են հավատում, ոչ պասի, դու էլ էնթավուրներից չլինի՞ս...
— Էնթավուրըս ո՞րն է. կարելի է թե ես էնթավուրներիցն էլ բեթար եմ, դուք էդ ի՞նչ եք հարցնում։ Իմացեք, տեսեք ի՞նչ եմ ասում, թե որ սուտ է ասածս, աչքս հանեցեք, թե չէ՝ ո՞ւր եք ընկել էս չոլերը։ Ցավի համար՝ բժիշկ կա. քեփ անել եք ուզում, ձեր տանը, ձեր բաղերումն ամեն օր քեփ եք անում. բայց եթե ավելի փող ունիք, չեք իմանում, թե ինչ տեղ մխսեք, ես տեղը ցույց կտամ։ Ձեր որդոցը, ձեր աղջկերանցը ուսում տվեք, որ իրանց հավատը, իրանց ազգը ճանաչեն, ձեզ նման չասեն, թե Վա՞րդանս որն է. ուղիղ ճամփեն թողած՝ քարեքար չընկնին, լուսը թողած՝ խավարի մեջը չման գան...
Բոլորեքյանք լռեցին, կարծելով՝ որ սուրբ Գեորգը գժվացրեց Արությունին, այլապես՝ նրանց կարծիքով, նա կարող չէր այնպես բաներ ասել։
Այսպես շարունակեցին իրանց ճանապարհը։ Առաջին գիշերը մնացին ճանապարհին և մի ջուխտ եզը գողանալ տվին։ Մյուս օրը՝ կարծելով որ Արությունի հերետիկոսությունը եղավ նույն ձախորդության պատճառը նրան չընդունեցին իրանց սայլումը, որ մի ուրիշ ձախորդություն էլ չպատահի։
— Ասում են՝ մի թուրք սարի գլխիցը մի քտրե խաչ է գլորել, խաչը գլորվելով կանչում է եղել, թե՝ «Երանի մի հայ պատահեր, տակովս անեի, մի լավ ջարդեի»։ Հիմա՝ խաչին ջիգրացնողն Արությունն է, գողերը մե՛ր եզներն են տանում, դեռ ով գիտե, էլի ինչ փորձանք է գալու գլխներիս, միայն նրա համար, որ բարեսրտություն արինք, էդ անհավատին մեզ մոտ նստացրինք։
Այսպես խոսողի մարգարեությունը շուտով կատարվեց։ Մի զառիվայր տեղում ծուլացան թե իջնեն սայլիցը, եզները չկարողացան անկապ անիվավոր սայլի գլուխը պահել, իրանք էլ հետը սրընթաց գլորվելով ընկան մի խոր խանդակի մեջ։ Սայլը շուռ եկավ և որի ոտը կոտրվեց, որի՝ կուռը, որի գլուխը ճղվեց, որի քիթը ջարդվեց։ Լավ էր, որ Արությունն այդտեղ չէր, եթե ոչ՝ մի լավ ծեծ կուտեր...
Արությունը՝ իր փոքրիկ ծրարը ձեռքին՝ ոտով ճանապարհ ընկավ դեպի ս. Գեորգ, ուր և հասավ երեկոյին։ Արդեն բոլոր հեռավոր և մոտավոր ուխտավորները, հայերը, վրացիքը, հույները և թուրքերը միասին խառնված կազմել էին մի խուռն բազմություն։ Երևում էին բազմաթիվ վրաններ, փուրգոններ, տարանտասներ, սայլեր, ձիաներ, փալանած եզներ, մատաղ անելու համար հոտերով ոչխարներ, գինով լիքը տակառներ, տկեր, մեշոկներով, չվալներով, թաբախներով, կթոցներով մրգեղեններ...
Քիչ-քիչ մութը վրա հասավ, կրակները, խարույկները վառվեցան բարձր ալիքներով և օդասլաց հրետներն սկսեցին մինը քան զմյուսն ավելի բարձրանալ և մթնոլորտը զարդարել նորատեսակ վայր ընկնող աստղերով։ Ժամկոչը, որ տարին մի անգամ է միայն երևում այստեղ իր զանգակի հետ միասին, հնչեցնում էր անընդհատ եկեղեցու քաղցրաձայն զանգակը, որ մեծ տպավորություն էր գործում ուխտավորների այն մեծ մասի վրա, որոնք միշտ անտառներում մեծանալով՝ զանգակի ձայն տարիներով չեն լսում...
Մյուս օրը՝ շաբաթ առավոտը՝ որ նոյեմբերի տասն էր լուսանում, ամբողջ բլրակը շաղախվել էր մատաղի արյունով, էլ ոտք գնելու տեղ չկար։ Համբուրողները մի օձապտույտ կեռումեռ ճանապարհով վերև ու ներքև էին անում՝ անդադար իրար սեղմելով։ Տերտերները չէին կարողանում «Փարատյա զցավս» և «պահպանիչ» հասցնել, մնացել էին քրտնքի մեջ կորած։ Խեղճ կարգավորները կարծես երեք մանկանց դերերը լինեին կատարում ս․ Գեորգի փոքրիկ մատուռաձև շինության մեջ, որի ներսի պատերին անհամար մոմեր վառելով՝ վերափոխել էին մի բաբելոնյան հնոցի։ Եկեղեցու մեջ սուգ ու շիվան էին անում ջերմեռանդ ուխտավորները իրանց աղերսալի մաղթանքներով, որ բարձրաձայն խնդրում էին սուրբ Գեորգից, իսկ դուրսը միևնույն ուխտավորները մեծ ուրախության և զվարճության մեջ էին։ Խնդում, ծիծաղ, հրհռոց, քրքջոց, գգվանք, պաչպչոց... Մեկ տեղ կպչում էին ըմբիշները, մյուս տեղ պար էին գալիս, մի ուրիշ տեղ խաղեր ու օյիններ սարքում։ Մեկ խոսքով՝ զուռնա, դհոլ, դահիրա, նաղարա, սազ, թառ, սանթուր, չոնգուր, խաղ, տաղ, պար, իրար հետ խառնված՝ խրտնեցնում էին գիժ գոմեշներին և քուռակներին, որոնք պլշած դուրս էին ընկնում, տրտինգ տալիս, փախչում, կնիկ, երեխա ոտի տակ գցում, մուրազներին հասցնում։ Աբելն էլ իր տասը կանգուն երկայնությամբ փայտե ոտներին սպիտակ վարտիք հագցրած, խաղում էր նրանց վրա, խաղցնելով մատներին հագցրած չխկչխկան պղնձե մատնոցները, և երբ հոգնում էր, ձեռքն էր առնում իր աշակերտի շլինքը ձգած, կլոր ու մեջտեղը ծակ թաղիքը և նրան զանազան գլխարկի ձև տալով ցույց էր տալիս, թե որտեղ ինչ տեսակ գդակ են ծածկում։ Երբ որ իջնում էր փայտե ոտներից, գետնի վրա ցույց էր տալիս իր ճարպիկությունը մարմնավարժական խաղերի մեջ, օրինակ՝ ման էր գալիս գլխի վրա կանգնած ձեռքերով և զանազան ոստյուններ անում ետ ու առաջ գլխիվայր շրջվելով և այլ այս տեսակ ձևեր, որից հետո ձեռնածություն էլ էր անում, այսինքն ֆոկուսներ, որից հասարակ ժողովուրդը շատ էր զարմանում և աչքակապություն էր համարում ու կախարդական զորությամբ արած մի բան։ Ավելի զարմանալի էին մի շիրակացի երիտասարդի կատարած խաղերը։ Նա լարախաղաց էր. պարանի վրա սովորական ճարպիկությունները կատարելուց հետո, գետնի վրա ցույց տվավ մի ավելի հրաշալի տեսարան։ Նա սկսեց տեղն ու տեղը պտույտ գալ այնպես արագ, ինչպես մի ճախարակի անիվ, և այդ պտույտը տևեց այնքան ժամանակ, մինչև որ կարձակեր իր երկու հատ օսմանցուի զբունի և բաճկոնակի բազմաթիվ կոճակները։ Նույն պտույտի ժամանակ, նա երկու սուր դաշույններ ձեռքն առած՝ նրանց ծայրերը դնում էր աչքերի աղբյուրների վրա, քթումը, ականջներումը, որից հետո կանգնում էր նույն դաշույնների սուր բերանի վրա բոկոտն և կոտրտվելով խաղցնում ձեռները իր պղնձե մատնոցները չխկչկացնելով։ Նա անթիվ թլիսմներ ուներ կարած իր վրա, և ժողովուրդը նրա այդ զարմանալի ճարպիկությունը վերագրում էր թլիսմների զորությանը։
Թիֆլիզի զվարճասեր երիտասարդներն էլ, որ հատուկ այդ օրվա համար լավ ձիաներ են վարձում, նոր շորեր առնում, զուգվում, զարդարվում արծաթապատ զենքերով, թեև չեն իմանում նրանց գործածելը, խառնվել էին ջրիդի հանդեսի մեջ, որ կատարվում էր ուխտատեղի ստորոտում մի ընդարձակ դաշտի վրա։ Ջրիդ խաղացողները երկու մասի էին բաժանված և կանգնած դեմ առ դեմ։ Մի մասում էին հայերը, մեծ մասամբ շուլավերցիք և խաչենցիք, իսկ մյուս մասումը՝ Բորչալուի թուրքերը։ Հայերը հետզհետե տաքանալով՝ կատաղեցրին թուրքերին և խաղը վերջացրին սովորական դիպվածները կատարելուց հետո, այսինքն բանը կռվի հասցրին, շատ գլուխներ պատռեցին, մինչև գավառապետն ու մողրովը իրանց ղազախներով մեջ ընկան և մի կերպ խաղաղացրին վիրավորվածներին, որոնք լռեցին միայն այն հուսով, որ մյուս տարին կառնեն իրանց վրեժը...
Այսպես մի տեղ զանազան խաղեր էին խաղում, մյուս տեղ շատ ժամանակ իրար չտեսած ծանոթ, բարեկամներ էին հանդիպում միմյանց և մեկ մեկու հրավիրում միմյանց սեղանի վրա։ Հարս ու աղջիկ գեղեցիկ զարդարված, բոլորեքյանք ուրախ, բոլորեքյանք զվարթ. մի խոսքով՝ ամեն ինչ հրաշալի էր, միայն Արությունն էր տխուր։ Նա կարծես մտքումը դրել էր, որ այդ հանդիսի լավ կողմերը չնկատե․ նա չէր հասկանում, թե որքան գեղեցիկ մի առիթ է դա, որ տարին գոնե մեկ անգամ ամեն կողմից մարդիկ մի տեղ են հավաքվում, իրար տեսնում, կարոտներն առնում. քաղաք չտեսածները քաղաքացոց նիստ ու կացն են տեսնում, քաղաքացիք՝ գյուղացոց, թող այն զվարճությունները, խաղերը, որոնք ամեն անգամ ոչ տեսնվում և ոչ վայելվում են։ Նա գիտեր, որ այդ ուխտատեղի բոլոր արդյունքը հատկացրած է ներսիսյան դպրոցին, բայց որովհետև դպրոցը այդ տեղերից մոտիկ ոչ մի գյուղից մի որդեգիր չէր պահած և չէր պահում, դրա վրա բարկացած՝ ասում էր. «Ժողովրդի մի աչքը կուրացնում են՝ որ մյուսը լուսավոր պահեն»...
Կեսօրից հետո ամեն խաղ պառավեցավ, և սայլերն ու փուրգոններն սկսեցին իրար հետևից գռգռալ, որից հետո բոլոր տեսարանի վրա իջավ մի դատարկ վարագույր։ Արությունը, որ կորած հորթի պես արդեն իր մորը գտել էր խաչի տակին, նրա հետ նստեց իրանց սայլումը և ճանապարհ ընկան դեպի Խաչեն։ Մայրն անդադար համբուրում էր որդուն և ամեն անգամ կրկնում.
— Ես քը մա՛տաղ ընիմ, ա՛ Թյուն ջա՜ն...
Իսկ Արությունն ընդդիմանում էր, ասելով՝
— Դե լա՛վ ա, լա՛վ, խրե՛գ պաչի, ես գյուդում ըմ վար տեու ինձ շատ ըս սիրում։
— Ես քը մա՛տաղ ընիմ, ա՛ Թյուն ջա՜ն. տեու վար գիտաս հո՛ւչ, էլ հո՞ւ կգիդա... Ես քու չարը տա՛նեմ, ա՛ Թյուն ջա՜ն։
— Դե լավ ա, լավ, բա՜հ...
— Ա՛ տղա, քը մա՛տաղ ընիմ, դե հո՞ւնց անեմ, կարում չըմ թա տազ անեմ... Քը մա՛տաղ ընիմ, ա՛ Թյունի, Օսանը հո՞ւնց ա, խոխեքը լա՞վ ըն, մեր պառավ խնամեն ըրեխես նհետ բըրշո՞ւմ ա...
— Թող կո՛րչի է՜, մին նրա անումը տա՛լ մի... Ես էլ ասել պիտիմ թե՝ հար օնեմ, մար օնեմ, էլի՜...
— Խե՞, քը մատաղ ընիմ, հի՞նչ ա ըլալ.
— Հի՞նչ պիտի ընիլ... զա՛հլաս տա՛րալ ըն, ասըմ ըն. «Է՞ս հինչ ա. եկալ ա կլխներես վեր ընկալ. ըսկի հաց չոնենք թա մունք օ՛տենք, մին բո՛ղազ էլ սա ա տառալ»... Տեուք էլ՝ ա՛ստուծ օ՛րհնալ ա՝ վար մե հետ մին չըվալ ալեր ըղարկեք, հի՞նչ կընի․ պա ծեր սրտո՛ւմը ջըգյա՛ր չկա՞...
— Քը մա՛տաղ ընիմ, ա՛ Թյուն ջան, իմ ծեռանը հի՞նչ կա... Պա տեու գյո՛ւդում չըս քո հոր խըսյաթը՞... Էրվալ ըմ, խրավվալ ես էտ մարթին ծեռանը... շինը մին օղեով յա աշըղ եկած վախտը՝ հուվ վար մին չանաղ ա տալիս, նա մին չվալ ա տալիս... Ուրքշեր մարթիքը պյուրում ա տոնը լսնում, ուտըցնում, խըմըցնում, կըրըսնեն տըրտակում... Խոխեքըս՝ մըսըրնե՛ն պա՜ց, վըննըրնե՛ն պա՜ց... նահանց հետև մին ճոխտ չմոշք չի ինք օնում... ասում ըմ. «Էտ ըրա՜րմունք չի վար տեու ա՛նըմ ըս», վետանը տակըն ա քցում, թակո՜ւմ, կուտրատո՜ւմ, թա՝ «լյուզիտ կըտրե՛»... (արտասվում է)։
— Լա՛վ ա, լա՛վ ա, լա՛ց մինիլ, ազի ջան, ես լավ տղա կտառնամ, քեզ կտանեմ քաղաք... Ա՜խ... սրտումս շա՜տ մուրազ կա... Մին քեզ տսնի մե հետ դինջ նստած, էն վախտը վար մռնի, էլ սրտումս դարդ չար ընիլ... Ամմա հո՞ւնց անիմ մըհեգ, հյո՞ւր ասեմ, թո՞րը կորչիմ... (արտասվում է)...
— Ես քու ցավը տանեմ, ա՛ Թյուն ջան. լա՛ց մինիլ, քը մատաղ ընիմ, լաց մինիլ... Վա՛խել մի, քը մատաղ ընիմ, տեու քու մուրազեն կհասնես, հալա ջահիլ ըս... Տեու ինձ հետե դա՛րդ միր անել, քը մատաղ... Ես էս ա պըռավալ ըմ, էքուց ալյոր կմեռնեմ,,. Տեու վար իմ ըրիսին մին հափուռ հող քցիս, էն ինձ բոլ ա․․․ Լա՛ց մինիլ, ցա՛վըտ տանեմ, լա՛ց մինիլ․․․ (տիրում է լռություն)։
Մայրական սերը ամեն մի զգացող մարդի հայտնի է։ Արությունը գլուխը դրավ իր մոր գոգումն ու լռեց։ Մայրը՝ գթառատության արտասուքն աչքերին՝ սկսեց շփել որդու գլուխը, որով մի քաղցր քուն բերավ նրա վրա։ Սայլն էլ օրորոցի պաշտոն էր կատարում երեխայացած Արությունի համար և անընդհատ օրորում էր, մինչև հասան տուն, որ շատ հեռու չէր։
Արությունը վայր իջավ սայլից, համբուրեց հոր ձեռքը։ Հայրը շատ ուրախացավ, բայց սանձելով իր ներքին հուզմունքը, «աստված պահե քեզ, որդի», ասաց նա վարդապետի ոճով, որովհետև համբուրելու սովորություն չուներ, այդ մեղք էր համարում նա։
Արությունը մնաց գյուղումը։ Երեք օրից հետո նա այլևս հյուր չէր։ Այն փաղաքշանքը, որ նա վայելեց իր հորից, մի րոպեական զվարճություն էր, չէր կարող երկար տևել։ Նրան հարկավոր էր, ինչպես տան մեկ անդամի, որևիցե կերպով օգտակար լինել, որ իր կերածը կորած չհամարվեր։ Նրա անելիքը շատ ծանր չէին լինելու. պետք է գոմը քերեր, ձին տաներ ջուրը, տավարին դարման տար, փայտը կտրտեր։ Այս կատարեց նա։ Հետո հարկադրվեցավ գնալ այգին մշակել, անտառից փայտ բերել, շինության համար՝ գերան, քար, ջուր։ Բայց ուր որ գնում էր, ինչ որ անում էր, առանց մի վնասի չէր վերադառնում, կամ ձեռքն էր կտրած լինում, կամ ոտքը ցավցրած, երեսը չանգռած, մի բան կորցրած, սայլը շուռ բերած կամ կոտրած, եզը կամ գոմեշը փախցրած կամ կորցրած։ Սկզբումը հայրը չէր բարկանում այս անհաջող հանգամանքների վրա, ասում էր՝ «դեռ խամ աչառ է, եզը կդառնա», բայց տեսնելով՝ որ հետզհետե վնասներ ավելի է բերում, առածը փոխեց, ասելով՝ «Մինչև աչառը եզ կդառնա, տերը խոզ կդառնա»։ Ուստի մտածեց վերջ դնել այս դժբախտությանը՝ նոր ինորո խրատելով Արությունին Խիկարի խրատներով, հանդիմանությունով, նախատինքով, վերջապես սուր-սուր մասալներով ու կատակով։ Բայց Ավետիքի կրթության այս ձևը ոչ միայն չուղղեց Արությունին, այլ ընդհակառակն՝ ավելի ևս գրգռեց նրա ինքնասիրությունը։ Նա տեսավ, որ ոչ ոք իրան խելոք չի համարում, ինքնապաշտպանության դիրք բռնեց, սկսեց ինքն իրան գովել, իրան խելոք համարել, իսկ բոլոր մնացածներին՝ մանավանդ իր հորը՝ անխելք և հիմար։ Այս մի անակնկալ հարված էր, մի սաստիկ զարկ, որ չէր կարող տանել ոչ մի հայր, ուր մնաց թե Ավետիքը։
— Սա իմ տղան չէ,— ասաց Ավետիքն իր կնոջը։
— Թե որ քո տղան չէ,— ասաց կինը այնպիսի մի ձայնով, որ ազատ չէր երկյուղի ազդեցությունից,— թե որ քո տղան չէ՜, հապա ինչո՞ւ է քեզ նման անկոտրում, քեզ նման իր ասածի...
— Դրա մեղավորը դու ես, դու գովում ես իրան, նա էլ երես է առնում, էլ հետը խոսել չի լինում։
— Ինչո՞ւ չեմ գովիլ, աչքումս մազ է բսել, մինչև նա մեկ սև ու սպիտակ է սովորել, ո՞վ է նրանից ուսումով, նրանից շնորհքով։
— Մեկ դու ես շնորհքով, մեկ էլ նա։ Մի երկու տավար է տանում հանդ, կեսն է ետ բերում. էդ չէ՞ դրա շնորհքը...
— Թե որ ուզում էիր տավարած շինես, էլ ո՞ւր էիր կարդացնել տալիս, ո՞վ է անում իր չսիրած բանը, որ նա անի. նրա ուշքն ու միտքը իր գրի, իր ուսումի վրա է, ուրիշ ոչ մի բան նրա աչքին չի երևում, շատերն են ուզում, որ նրա պես որդի ունենան, բայց աստված նրանց թողած՝ քեզ է տվել.․․․
—Ինչի՞, ես ի՞նչ եմ արել նրան. աչքը հո չեմ հանել, ինչքան կարողացել եմ, ուսում եմ տվել, էլ ի՞նչ է ուզում ինձանից։
— Էն է ուզում, որ ասում է, ես իմ կարդալս, իմ ուսումս դեռ չեմ վերջացրել, ինձ օգնեցեք, ասում է, մինչև ես իմ ուսումս ավարտեմ...
— Ա՛ կնիկ, քո խելքն էլ էնքան է կտրում, ինչքան նրանը։ Ուսումը կավարտվի՞, ի՞նչ ես խոսում։ Ուսումը որ կա, մի ծով է, ոչով չի կարող նրան հատացնիլ. ամեն մարդ ինչ աման որ ունի, էնքան կհանի նրանից։ Հիմա դրա ամանը որ լցվել է, ես ի՞նչ մեղավոր եմ. թող մեծ աման էր ունեցել, մեծ ուսում էլ կստանար։ Վերջապես ես աղա չեմ, փողատեր չեմ, ինչքան իմ կարողությունս ինձ թույլ է տվել, ես էլ իմ որդուն էնքան եմ ուսում տվել, ավելի կարողություն չունիմ։ Մեր գեղումը ո՞ր հայրն է՝ ինձ չափ չասեմ՝ իմ կիսի չափ ուսում տվել իր որդուն...
— Դու որ ուզենաս, դեռ էլի կարող ես օգնել, նրա մի տարվա հացն ու շորն ի՞նչ է, որ չտաս։ Նա ասում է՝ «Իմ ընկերները ժամանակով մարդիկ կդառնան, բայց ես որ ձեզ մոտ մնամ, ի՞նչ պիտի դառնամ։ Էշն, ասում է, որ իշի կշտին կապես»...
— Ի՞նչ, ի՞նչ...
— Ի՞նչ պիտի ըլի... դու էնքան ասել ես, որ նա էլ սովորել է...
— Ես ի՞նչ եմ սովրեցրել...
— Քո մասալները...
— Ես ցույց կտամ դրան իմ մասալների զորությունը...
— Աստվածդ կսիրես, ա՛յ մարդ, երեխիս չգժվացնես. նա առանց էդ էլ գժված է, էլ ոչ մեծ է հարցնում, ոչ պստիկ, ամենքին էլ անպատիվ է անում...
Արությունը՝ տեսնելով որ իր հորից օգնություն չի ստանալու՝ ուզեց իր տրտմությանը մասնակից անել Մանվելին։ Մինչդեռ այր ու կին վիճում էին նրա մասին, նա քաշվել էր հյուրասենյակը և գրում էր Մանվելին հետևյալ նամակը —
Չգիտեմ դու հիմա ի՞նչ տեղ ես արդյոք և ի՞նչ վիճակի մեջ, բայց ես այս նամակն ուղարկում եմ ձեր գյուղը, որ ուր էլ որ լինիս, քեզ հասցնեն։
Աչքդ լո՛ւյս, Մանվե՛լ, ես հիմա գիժ եմ։ Այսպես են համարում ինձ այժմ ամենքը։ Եթե մի քանիսն էլ, և այն երբեմն, իմ ասածի մեջ խելք են նշմարում, ասում են՝ «Գժից ուղիղ համբավ»։ Ասենք սա մի անպատվություն չէ, այլ ընդհակառակն՝ այնքան մեծ է այս պատիվը, որին ես դեռ չեմ արժանացել։ Բայց այսուամենայնիվ իմ մանկության օրորոցը, իմ փայփայած ու գգված ծննդարանը այժմ ինձ թվում է մի դժոխք, ուր՝ ինչպես ասած է ավետարանի մեջ՝ աղվեսների համար որջ կա, թռչունների համար բույն, բայց մարդու որդու համար գլուխ դնելու տեղ չկա։ Հիմարություն, կոպտություն, ծուլություն, ընչաքաղցություն և, որ մայրն է ամենայն չարյաց, կեղտոտություն և, էլի կասեմ, կեղտոտությո՜ւն, անտանելի, անմերձենալի կեղտոտությո՛ւն, անմաքրությո՜ւն, կեղտոտությո՜ւն...
Իրանց գոմերի առջև հազար տարվան թրիք կա կույտված, չեն տանում իրանց այգիքն ու արտատեղերն ածում, որով թե՛ իրանց հողերը կբարվոքեն և թե իրանց տները կազատեն մահահոտությունից, որ իրանց այնքան զգալի չէ, սովոր լինելով այդ հոտին։ Ոչ մի տղամարդ կամ կնիկարմատ չկա, որ երկու շապիկ ունենա, շապկաընկեր հո — շատերը մեկն էլ չեն ունենում։ Շատ անգամ տեսնում ես սրա կամ նրա կուրծքը աղլուխով ծածկված. այդ նշան է, որ ժրաջան տանտիկինը իր կամ մարդու շապիկը նույն օրը բարեհաճել է լվանալ։ Այդ էլ իհարկե զատկից զատիկ կլինի կամ շա՜տ-շա՜տ՝ հինգ նավակատիքներին... Բայց թափ են տալիս թոնդրումը ամիսը մեկ կամ երկու անգամ... Ո՜հ, որ միտս եմ բերում, գլխիս ցավը բռնում է... Ահա այս մաքրասեր իմաստուններն են, որ ինձ գիժ են համարում, որովհետև համարձակում եմ ասել, որ ոջիլն աստված չի ստեղծել, այլ դուք եք ստեղծում ձեր անմաքրությունովը... Դու լավ գիտես, որ մեզանում փոքրերն իրավունք չունին մեծերին ընդդիմախոսելու... Մեզանում չկա «ներեցեք», որովհետև դա մարդավարության կվերաբերի, որի անունը դեռ լսած չեն մերոնք։ Անեծք, հայհոյանք... Անլուր հայհոյանքների մեջ մտնում է և արարողը և նրա ամենայն արարածը։ Կռիվը կատարվում է դագանակով, սրով և հրացանով։ Չարակամությունը սահման չունի, ոխակալությունը ժառանգական է, պիտի շարունակվի որդոց որդի։ Սեր կա՝ անասնական, բարեկամություն՝ խաբեբայական, խնդակցություն՝ րոպեական, գթություն՝ բռնակալական, եղբայրություն՝ կայենական, հայրություն՝ գազանական... Ո՛չ, ես այստեղ չեմ կարող մնալ...
Մի հատիկ հոգի, որ այստեղ ինձ մխիթարում է՝ այդ իմ մայրս է։ Մայրս Ռեբեկայի վիճակումն է։ Ինչպես Ռեբեկան իր որդի Հակոբին միշտ պաշտպանում էր հոր ատելությունից, այսպես էլ իմ մայրս պատրաստ է իր կյանքը զոհել ինձ համար։ Նրա սերը դեպի ինձ այնքան մեծ է, որ՝ չնայած իր կանխակալ կարծիքներին՝ հավատում է իմ բոլոր ասածներին և հոգվով չափ փառավորվում, որ ինձ նման իմաստուն որդի ունի։ «Մի՛ վախենար, սիրտ է տալիս ինձ մայրս, աստված քեզ հետ կլինի միշտ, նա քեզ չի կորցնիլ, եթե դու նրա փեշիցը պինդ բռնես։ Միտդ բեր Հակոբին, Հովսեփին, Մովսեսին. դու հո գիտես՝ աստված նրանց ինչպես առաջնորդեց»... Հետո ես ասում եմ, «ճշմարիտ է, աստված նրանց հետ էր, բայց նրանք հայ չէին. աստված մեր պապերի հետ էլ է եղել»․․․ Եվ պատմում եմ Հայկի, Արամի, Տիգրանի քաջագործությունները։ Մայրս շատ ոգևորվում է, մանավանդ երբ որ պատմում եմ Եղիշեից հինգերորդ դարում մեր փափկասուն տիկնանց կրած նեղությունները իրանց հայրենիքի պաշտպանության համար։ Մեկ օր այնպես հուզվեցավ մայրս, որ լաց եղավ, տեսնելով մորս արտասունքը, ես ինքս էլ արտասվեցա։ Արդյոք մոր նման քաղցր էլ ուրիշ ի՞նչ կա աշխարհքումս։ Ինչքա՜ն բախտավոր կլինեին զավակները, եթե հայրերն ևս մայրերի քնքուշ զգացմունքն ունենային։ Ընդհանրապես կոպիտ են հայրերը և կոպտաբար են վարվում իրանց որդոց հետ։ Նրանք իբրև տան բռնակալ ահ ու սարսափն են ամենքի։ Նրա անունով մանուկներին սպառնում, վախացնում են։ Այդ երկյուղի տպավորությունն այնքան մեծ է եղել ինձ վրա, որ այս րոպեիս էլ վախենում եմ իմ հորից, թեև ինքս ինձ սիրտ եմ տալիս, որ մաքառեմ նրա բռնակալության դեմ։ Հայրս մի զարհուրելի մարդ է նաև, իր հսկայական հասակով, իր բարկացկոտ և կնճռոտ դեմքով, իր ծանրաբարոյությամբ և մանավանդ իր կամակորությամբ և այն մեծ համարմունքով, որ վաստակել է իր մասին։ Այս ահռելին ինձ չի օգնում, ոչ թե նրա համար, որ ժլատ է, ո՛չ, հայրս ոչ միայն ժլատ չէ, այլ ընդհակառակն, չափազանց առատաձեռն է, միայն ոչ իր համար, իր տան համար, իր զավակների համար, այլ... օտարների։ Չափազանց հյուրասեր է, և հյուրերի համար հատկապես օդա ունի շինած գոմի մի ծայրումը։ Առանց հյուրի հաց ուտելու սովորություն չունի. եթե չկա մի օտար հյուր, նա պատահած շինականին կկանչե, որ նրա հետ ախորժակով հաց ուտի, գինի խմի։ Շատ անգամ երեխեքը անբաժին են մնում, բոլորը հյուրերն են ուտում. շատ անգամ՝ իմանալով, որ տանը կերակուր չկա պատրաստած՝ նա էլի բերում է հյուրերին, ասելով՝ «սոխ ու հաց, սիրտը բաց», բայց այդպիսի դեպքերում մորս հետ կռվում է։ Ահա այս մարդը, որ ինչքան լավ մարդ է իբրև հասարակության անդամ, նույնքան վատ է՝ իբրև գերդաստանի հայր։ Ես, իհարկե, ընդդեմ չեմ նրա հյուրասիրությանը, այլ ընդդեմ եմ, որ մեկը զոհում է մյուսին։ Եվ ես սրանում մի առաքինություն չեմ գտնում, այլ միայն մի մոլորություն և սնափառություն։ Ինձ չի տալիս այն, ինչ որ կրկնապատիկ տալիս է օտարին։ Ահա՛ այսպես է կազմակերպվել սրա բնավորությունը։
Մի բան, որ ինձ զարմացնում է, այն է, որ հայրս ոչ միայն չի ուզում օգնել ինձ, որ ես ուսումս շարունակեմ, այլ իր մոտն էլ չի ուզում պահել... ահա ցավն ինչ տեղ է։ Ի՞նչ արած, ես էլ մտքումս դրել եմ գնալ դեպի մի կողմ, ուր որ աստված կառաջնորդե։ Եթե ողջ մնամ, էլի կտեսնենք միմյանց, իսկ եթե ոչ՝ մյուս կյանքումը կսպասեմ քո տեսությանը։ Իմ վերջին կտակը, որ ուզում եմ քեզ հայտնել՝ այս է՝ եթե աստված տա՝ լավ ուսումն ստանաս, գեղացոց համար մի ամսաթերթ հրատարակիր հասկանալի լեզվով ու մտքով։ Տպած խոսքը՝ ինչքան էլ հիմար լինի, ավելի անց կկենա, քան թե ինձպեսների երես առ երես խոսիլը։ Ի՞նչ պտուղ կարող ես սպասել մի խոպանած անդաստանից, որ միայն փուշ և տատասկ կարող է բսցնել։ Պետք է մշակել այդ վայրենացած անդաստանը, բարի սերմեր ցանել. եթե մենք չենք տեսնիլ, գոնե մեր հետնորդները կտեսնեն և կվայելեն նրա պտուղները և ինձ նման անմուրազ չեն մնալ։ Ողջ լեր։
— Հապա քո ասելդ ի՞նչ է, ա՛ կնիկ, ինչպես պետք է անենք, որ՝ ինչպես կասեն՝ ոչ շամփուրն էրվի, ոչ խորովածը։
— Ահա գալիս է ինքը... թե աստվածդ կսիրես, ա՛յ մարդ, չխոսացնես...
Արությունը ներս մտավ և նստեց իր հորից հեռու, թախտի ծայրին։ Ավետիքն աչքի տակով մտիկ տվավ և ինչ որ փնթփնթաց ինքն իրան, բայց այս արգելք չեղավ, որ Արությունը վճռաբար ասեր նրան, թե՝ ինչո՞ւ իրան չի ուզում օգնել։
— Ինչ որ կարդացել ես, կեսն էլ ավել է,— պատասխանեց Ավետիքը։— Առանց էն էլ տեսնում եմ, որ դու շատ ես հպարտացել, էլ ոչովի չես հավանում։ Ծառը որ ծառ է, ինչքան որ շատ է պտուղ բռնում, էնքան՝ ճղները կռացնում, խոնարհեցնում է, բայց դու մի ծառի չափ էլ չկաս։ Ոչ ծերի պատիվ ես պահում, ոչ մեծի խոսք լսում. ով որ մի բան է ասում, դու իմացած, չիմացած, քրքջում, ծիծաղում ես...
— Սուտ բանը որ ուզենան ճշմարտի տեղ հավատացնել, ո՞ւմ ծիծաղը չի գալ,— ասաց Արությունը վստահաբար, օգուտ քաղելով հոր հանդարտ խոսելուցը։
— Սուտ բանը ո՞րն է.
— Ես ո՞ր մեկն ասեմ... Հենց ինչ որ ասում են, բոլորն էլ սուտ է լինում, ոչ մի ճշմարիտ բան չեմ լսում։ Բորչալվեցի թուրք Ալին տասներկու տարի գելություն է արել, ասում են։ Սրանից էլ անհամ սո՞ւտ։
— Հետո՞, էդ սուտ է՞. ես ինքս եմ աչքովս տեսել էն մարդին, ինչի՞ է սուտ, ուրեմն մենք ամենքս էլ սո՞ւտ ենք խոսում։
— Դու քո աչքովդ մարդին ես տեսել, մարդի ասածին ես հավատացել, դու հո չե՞ս տեսել նրան գել դառած, դու հո չե՞ս տեսել էդ գելին նոր մեկանց մարդ դառնալիս։ Եթե տեսել ես, դե ինձ հասկացրու, տեսնեմ էդ ինչպե՞ս է եղել, որ ես էլ հավատամ...
— Ինչպե՞ս պետք է լինի,— պատասխանեց հայրն ակամա, ուզենալով որդուն հավատի բերել և ցույց տալ նրան, որ ինքն ավելի բան գիտե, քան թե նա, չկասկածելով, որ իր բոլոր գիտությունը Արությունի համար չգիտություն է։— Ինչպե՞ս պետք է լինի։ Մեկ օր չարերը հարսնիք անելիս են եղել զուռնա ղավալով. մարդը չի իմացել, որ էդ հարսանիքը չարերն են անում. միամտությունով գնում է ընկնում նրանց մեջը։ Չարերը պար են ածում նրան, ծափ տալիս, ծիծաղում, հետո մի գելի մորթի են գցում շլինքը, մարդն իսկույն գել է դառնում, գնում ընկնում գելերի մեջը։
— Հետո՞, հապա ինչպե՞ս է ապրել գելերի հետ։
— Ինչպե՞ս պիտի ապրեր, իհարկե գելի պես։ Քանի անգամ խեղճը պատմել է ինձ։ Ասում է՝ տասնով, քսանով ման էինք գալիս չոլեչոլ, որ տավար կամ ոչխար որ մեր ղսմաթն էր լինում, միայն նա էր երևում մեր աչքին, մենք էլ գնում էինք նրան ուտում։ Երբ որ աստված ղսմաթ չէր տալիս, բոլորս մեկ տեղ էինք հավաքվում ու սկսում էինք օռնալ. հետո մի բան էր երևում աչքներիս, գնում էինք ուտում։ Մեկ անգամ էլ, ասում է, մի լղար ձի երևաց աչքներիս. գնացինք, վեր գցեցինք, մեր մեջ փայ արինք, մեջքի սեռն ընկավ ինձ. դարտակ ոսկոր էր, էնքան կրծեցի, ասում է, որ ատամիս մեկը վեր ընկավ․․․ Եվ ճշմարիտ որ առաջի ատամներից մեկը վեր ընկած էր...
— Իհարկե՝ սուտ ինչպե՜ս կասեր. բայց հետո՜, ինչպես է նորմեկանց մարդ դառել...
— Ինչպե՞ս պետք է լինի... Հերթով գնում են եղել փարախից ոչխար փախցնում։ Մեկ անգամ էլ հերթն իրան է ընկնում, գնում է մտնում ոչխարի աղալը. շները վրա են թափվում, չոբանները հավաքվում են. ուզում է, որ թռչի, չափարովը դուրս ընկնի, գելի մորթին ընկնում է չափարի բհիրը, շլինքը միջիցը դուրս է գալիս թե չէ՝ էլի դառնում է առաջվան մարդը։ Չոբաննին ուզում են մեկ լավ ծեծեն, բայց որ իմանում են, թե գել է եղել, նոր է մարդ դառել, տանում են իրանց մոտ հաց ուտեցնում, ճանապարհ գցում։
— Ա՜յ թե խաբել է հա՜...— բացականչեց Արությունը։
— Նա հենց մարդ է եղել և ոչ թե գել, բայց որ գողությունը բռնվել է, ասել է՝ գել էի. հիմար չոբաններն էլ հավատացել են, էդ բանը տարածել ժողովրդի մեջ։ Խելոք մարդն էդպես բաներին ինչպե՞ս կհավատա, մարդն ինչպե՞ս գել կդառնա...
— Դու որ չես հասկանում, հենց իմանում ես, թե չի դառնալ. ինչի՞ չի դառնալ։ Չարերն ի՞նչ ասես որ չանեն։ Մեր Ասրոնց հարսը գել չէր դառե՞լ, հարևանների երեխեքը կերե՞լ. նրան չէ՞ր, որ բռնեցին, գելի մորթին գցեցին թոնիրը, որ քիչ էր մնացել, թե ինքն էլ հետն ընկնի կրակը, բղավում է եղել. «Վա՜յ, էրվեցի, էրվեցի»... Գելի մորթին որ էրվում է, նա հենց իմանում է, թե ինքն էլ հետն է էրվում... Չարերն էլ որ չլին, մի՞թե աստված չի պատժիլ մարդի։ Էլ ի՞նչ ես կարդացել, որ էդքանն էլ չես իմանում։ Նաբուգոդոնոսորը եզը չդառա՞վ. մեր Տրդատը խոզ չդառա՞վ, որ Գրիգոր Լուսավորիչը նորմեկանց մարդ շինեց, բայց մի ականջը նշան թողեց, որ քեզ պես թերահավատները մտիկ տան, իրանց աչքով տեսնեն, որ չասեն սուտ էր...
— Իհարկե՛ սուտ էր։ Տրդատը խոզ չի դառել, բայց գժվել է՝ իր հավատը փոխել, սուտ բաների հավատացել, գնացել ընկել մի քարափի մեջ, որ ճգնվի...
— Հա՜ա՜... Էդ վաղ կասեիր է՜, որ էլ քեզ հետ չխոսեի։ Էնդուր են ասել, թե առաջ շատ կարդացողը կթուրքանա է՜... Դու թուրքից էլ բեթար ես դառել — ո՛չ աչքով տեսածին ես հավատում, ո՛չ ականջով լսածին, ո՛չ ինձ, ո՛չ Այսմավուրքին, էլ քեզ հետ ինչպե՞ս խոսի մարդ։
— Դու ե՞րբ ես մի ուղիղ բան ասել, որ խելքը գլխին մարդը հավատա. որտեղ մի սուտ ես լսել, բոլորն էլ գլուխդ ես հավաքել, կարծում ես թե էլ քեզանից շատ բան գիտցող, քեզանից խելոք մարդ չկա աշխարհքիս երեսին։
Ավետիքի զարմացումը հաղթեց նրա բարկությանը. նա չուզեց հավատալ, որ այդ անակնկալ գնդակը դեպի նրան ձգեց իր իսկ որդին, ուստի և շարունակեց.
— Քեզ ի՞նչ ասեմ, դու գժվել ես. դու ինքդ էլ չգիտես, թե ի՞նչ ես ասում, ում հետ ես խոսում։ Թուրքը լավ է ասել, թե «Էնպես թուրք դառար, որ հորդ խաչն էլ չճանաչեցի՞ր»։ Բայց դու էնպես ես թուրքացել. որ ոչ թե հորդ խաչը, այլ նույնիսկ հորդ էլ չես ճանաչում... Վա՜յ, վա՜յ... Էդ ո՞ր Ավետարանի մեջ է գրած, որ հոր երեսին էդ տեսակ համարձակ խոսքեր ասեն։ Դե պատասխանիր՝ տեսնեմ գրի սևն ու սիպտակը դու ես ջոկո՞ւմ...
— Դու Ավետարանի հավատում ե՞ս. քեզ պետք է Այսմավուրքից ասեն, կամ Պղնձե քաղաքի հիմար պատմությունիցն ու հիմար Խիկարի խրատներիցը, որ դու հավատաս։
— Էդ լա՜վ է, Խիկարին էլ չես հավանում, հանկարծ Սողոմոն իմաստուն չլինի՞ս դառած... Գիտես ի՞նչ կա, խելոք մարդն իր ասելիք խոսքը առաջ մտքումը կդատի, էնպես, ինչպես որ թռչունն իր ձագը կշահեցնի, որ խոսքը բերնիցը դուրս գա թե չէ՝ շահ ձագի նման թռչի, վեր չընկնի՝ տկոռ ձագի նման՝ մարդի ոտքի տակ ընկնի... Դու էնպես խոսքեր ես ասում, որ մեր տավարած Կյուքին էլ չի ասիլ. սրա՜ն մտիկ տվեք, Խիկարին էլ չի հավանում... Ափսո՜ս, ափսո՜ս կորցրած ժամանակ, մինչև հիմի եթե մեր տանը կացած լինեիր, գոնե հիմի մեկ օրինավոր տավարած կլինեիր, գնա՜, գնա՜ էգուց մեր տավարը պահիր, քեզանից գիտուն մարդ չի դուրս գալ...
— Իհարկե, որ ես էլ քեզ նման սուտ ու մուտ մասալներով խոսեմ, էն ժամանակն ինձ գիտուն կհամարես։ Աստված քեզ մի ճարտար ու սրախոս լեզու է տվել, բայց սրտումդ մի քիչ սեր, մի քիչ գութ չի դրել։ Դու, ղորթ է, հավ չես մորթում, թե՝ արյուն չեմ ուզում անիլ, բայց միևնույն ժամանակ որդեսպանություն ես անում․․․ Ես հիմա լավ ճանաչեցի քեզ․ քո գլուխը ծուռ ու մուռ գաղափարներով է լցվել, էլ ուղիղ մտքի, ուղիղ գաղափարի համար տեղ չի մնացել...
— Եղբայր, որ դու ինձ էդպես ես ճանաչել, գնա՝ ուրեմն իմ տանիցս, էլ ինձ մոտ մի՛ կենալ․ վե՛ր կաց, վե՛ր կաց կորիր․․․ Հակառակի պես որտեղից եկավ էլի քաջքերս մոդ արավ գլխիս, մաղուլ մեզ համար հանդարտ նստած էինք․․․
— Քաջքեր էլ ունի՜ս, ի՞նչ տեսակ զադեր են էդ քաջքերը․․․
— Դե՜ հառամզադա, դո՜ւրս, դո՜ւրս իմ տանիցը․ գնա կորի, էլ աչքիս չերևաս․․․
Արությունն էլ ժամանակ չկորցրեց, չսպասեց, որ հայրը նրան մեկ լավ մկրտեր։ Առանց ուշք դարձնելու մոր արտասուքին՝ ձեռքը ձգեց կախ տված զենքերը, որոնց վրա վաղուց աչք էր դրել, ու դուրս փախավ։ Հռիփսիմեի ձայնը լսեցին գեղամիջի մարդիկը և հասան ազատեցին մեր ճգնավոր դառած Ավետիքի ձեռից։ Արությունը չիմացավ այս, նա գնա՜ց, կո¬րա՜վ․․․
Ավետիքը շատ լավ գիտեր այն առածը, թե՝ «Վեմն ապառաժի է հանդիպել», բայց չէր ուզում խոստովանել, որ եթե ինքը վեմ չլիներ, իր որդին էլ ապառաժ չէր լինել։ Մոլեռանդ ծնողները մոլեռանդ էլ զավակներ կունենան, թեկուզ միմյանց հակառակ գաղափարով։
Գեղամիջով հեռանալիս՝ Արությունի առաջը ոչ ոք չկտրեց. չէր էլ կարծում ոչ ոք, որ նա գլուխը վեր կալած՝ գնում է կորչելու, որ ազատվի հոր հալածանքից։ Մի ժամից հետո մայրը ձիավորներ ուղարկեց որդու հետևից, որ ետ դարձնեն, բայց չգտան. նա ճամփից շեղվելով՝ մտել էր անտառն ու անհայտացել։
Արությունը շատ հեռու չգնաց. նա պտտվում էր Լոռու և Շիրակի գյուղերում, ուր մի տեղ վարժապետ էր դառնում, մի այլ տեղ տիրացվություն անում, մի տեղ նախրապանի հետ էր ընկերանում, մի այլ տեղ չոբանի, բայց ոչ մի տեղ մի քանի ամիս չէր մնում, ոչ մի տեղ նրա ոտքը չէր կապվում։ Նա կարծես մի բան էր կորցրել, ման էր գալիս որ գտնի, բայց չէր գտնում. չէր իմանում, որ կորածն ինքն է, ինքը պիտի գտնվեր ումևիցե ձեռքով և լույս աշխարհք հանվեր։ Շատ անգամ սարից սար, հովիտից հովիտ անցնելով՝ որսորդություն էր անում և նրանով հոգում իր հագուստն ու կապուստը, թեև նպատակն այդ չէր. նա թափառում էր անգիտակից, ինչպես մի վայրենի։
Այս վայրենի վիճակը զարգացրեց Արությունի ներքին և արտաքին զգացումները, նրա տեսողությունը, լսողությունը, հոտառությունը, բնազդումը, մտառությունը, նկատողությունը, խորհողությունը և երևակայությունը։ Նա զարգացավ և ֆիզիկապես։ Գարնանային և ամառային բացօթյա կյանքի մեջ, հով ու զով տեղերում, ծաղկապատ լեռներում, անմահական աղբյուրների ափերում, մութ անտառներում և ձորերում շարունակ թափառելով՝ Արությունը մի բոլորովին նոր մարմին հագավ, ավելի առողջ ու զորեղ, ավելի հաստ ու կոպիտ, քան թե առաջ էր։ Ո՞վ կարող էր կարծել, որ Արությունը սևը սպիտակից ջոկել գիտե, թե նա երբևիցե Ալբերտի մթնաբանության ծանր լուծի տակ ընկած է, թե նա Չամչյանը ծայրեիծայր անգիր է արել աշըղի խաղի պես։
Չնայած արտաքին կոպտությանը, նա չկորցրեց սրտի դյուրազգացությունն ու քնքշությունը։ Բնավորությամբ երկու սեռի մի խառնուրդ էր ներկայացնում և այդ երկու իրար հակառակ կողմերը մերթ հաշտվում և օգնում էին միմյանց և մերթ կռվում ու ընկճվում միմյանցից, նայած թե որտեղ, որ կողմն էր ավելի պետք, կամ որպիսի տրամադրություն ուներ հոգին։ Բնությունը նրան այնպես էր կազմակերպել, ինչպես դարբինը նրա երկսայրին, խանչալը, որի մի բերանը հաստ էր թողել՝ քար ու քոլ կտրելու համար, մյուս բերանը՝ բարակ՝ փափուկ բաներ ածլու պես թռցնելու համար։ Նա մի գազան էր և միևնույն ժամանակ մի սոխակ. գոռում էր գազանի պես և երգում սոխակի նման։ Պատահմունքը երբեմն այնպես է կրթում մարդու, որպես կարող չէ կրթել ոչ մի տաղանդավոր դաստիարակ. ո՞վ կարող է արհեստական կերպով տալ մեկին այն, ինչ որ միայն բնությունը կարող է տալ, բնությունը, որ գիտե չոր անապատներից մարգարե հարուցանել։ Մտածող միտքը, զգայուն սիրտը միայնության մեջ, բնության գրկում, նրա մեղմ ու ահեղ երևույթների ազդեցության տակ՝ վերանում է մտքով և հափշտակվում մինչև երկինք, հմայվում, կախարդվում է և հոգով ու մարմնով անձնատուր լինում մի աներևույթ զորության։ Անյուհետև գիտակից ոչինչ չի լինում նրանում. նա վարվում է ինչպես մի խենթ, բայց խելքը չկորցրած, այլ վերացրած, թռցրած դեպի վեր, դեպի բարձրը, ինչպես առասպելական Պեգասը Հելիկոնյան լեռների մթնոլորտում։
Արությունը շարունակ մտմտում և մռմռում էր դերվիշի նման։ Խոսակից ընկեր չունենալով, խոսում էր ինքն իր հետ և ի՞նչ օդային ամրոցներ ասես, որ չէր շինում, ինչ ասես որ չէր դառնում «իբր թե»։ Իրապես մի մութ անտառում կամ մի լեռան գագաթի վրա նստած՝ երևակայությամբ նա վայելում էր աշխարհի բոլոր վայելչությունը, բոլոր փառքը, պատիվը, երջանկությունը, ընկնում էր և սարսափելի նեղությունների մեջ, բայց ամեն տեղից դուրս էր գալիս հաղթության դրոշակը ձեռին։ Եվ ինչքա՜ն բարիք էր հասցնում մարդկութայնը, ինչքա՜ն երջանկացնում նրանց և փոխարենը վայելում նրանց գովասանքն ու օրհնությունը։ Դեմոսթենեսի պես ճառեր էր ասում և ատենաբանություն անում, Քյորօղլու պես երգում էր հաղթական և քաջության երգեր, Քյարամի պես ողբում էր և փնտրում իր Ասլուն։ Երգում էր և անպատրաստից՝ առանց կանգ առնելու, ինչպես շուվարա, որ կնշանակե ոտանավոր ազատ խոսող։ Այդ ընդունակությունը նրա մեջ նման էր ճարպիկ լարախաղացի և զորեղ ըմբշի ոգևորության։ Այդ ոգևորությունը տեսանելի և շոշափելի է։ Ըմբիշները ուռչում են, նրանց բոլոր երակները լցվում են արյունով, լարախաղացները թեթևանում են, կարծես թևավորվում են։ Այս միևնույն վիճակի մեջ են ընկնում և աշըղները ոգևորված ժամանակ, մանավանդ իրար հետ բաս մտած ժամանակ։ Արությունը ոգևորվում էր թե՛ ըմբշի, թե՛ լարախաղացի և թե՛ աշըղի նման։ Նա զուրկ չէր առաջինի ուժից, երկրորդի ճարպիկությունից և երրորդի ճարտարությունից։ Միայն սազ չուներ, և ոչ ածել գիտեր, հայրը չէր թույլ տվել սովորելու։ Նա շվի էր ածում, որովհետև հեշտ էր դրա ձեռք բերելը, ինքն էր շինում, բայց շատ էր ցանկանում մի սազ էլ ձեռք բերել և իսկական աշըղ դառնալ աշըղությունը բարենորոգելու նպատակով։ Այդ ժամանակ լավ աշըղները շատ մեծ հռչակ և հեղինակություն ունեին ժողովրդի մեջ և մեծ հարգանք ու պատիվ էին վայելում։ Բայց Արությունն ընդդեմ էր նրանց թե՛ հանգահյուսության անճոռնի ձևին, թե՛ թուրքերեն երգերուն և թե՛ մանավանդ նրանց չափից դուրս ստահոդ պատմություններին, որոնցով շարունակ նախապաշարմունքի մեջ էին պահում ժողովրդին։ Դրանք Ավետարանի և Աստվածաշնչի պատմությունները ծաղկացնում էին և պատմում այնպիսի ավելվածներով, որ տերտերների բերանը բաց էր մնում։
Մեկ անգամ լսեց, որ Հայդարբեգ գյուղը մի շատ անվանի աշըղ է եկել, թե նա շատ աշըղների հետ է բաս մտած և սազերը ձեռքներիցը խլած, մտքումը դրավ գնալ նրա հետ բաս մտնել, հուսալով՝ որ անպատճառ կհաղթի և սազը ձեռքիցը կառնի։ «Աբովյանցի ասած, խանչալիս քարը հո չի վեր ընկնիլ, մի աշըղ էլ ես կդառնամ»,— ասաց Արությունն ինքն իրան։ «Եթե ես կհաղթեմ, սազը ձեռքիցը կառնեմ, իսկ եթե նա կհաղթի, ես իմ հրացանս կտամ իրան, բայց հետո մի թաքուն տեղ առաջը կկտրեմ, համ իմ հրացանս կխլեմ ձեռքիցը՝ համ իր սազը. թող գնա՝ որտեղ որ իրանը կասի, էնտեղ էլ իմն ասի։ Դրանց օյին գալը մեղք չէ. բոշի նման դռնեդուռ ման են դգալիս, ժողովրդին սուտ-սուտ բաներ հավատացնում․ հետո որ ուղիղ մի բան ես ասում, էլ չեն հավատում. ասում են՝ գիժ ես։ Դե որ գիժ եմ, գիժ եմ, ես էլ գժություն կանեմ»...
Այսպես մտածելուց հետո Արությունը ճանապարհ ընկավ դեպի Հայդարբեգ գյուղը։ Արժանի է նկարագրության նրա այդ ժամանակվա հագուստը։ Նա ուներ վայրի վարազի հաստ կաշվից տրեխներ, արխալուղի փեշերքը հավաքած էր բրդե շալվարի մեջը, օսի չուխա ուներ հագին՝ փեշերքը վեր կապած, մի մեծ՝ թարաքյամի փափախ ուներ գլխին՝ ճակատի կողմը ներս ծալած։ Վայրի այծի կաշվից մի պարկ ուներ շալակին՝ մեջը մի կտոր սև հաց և մի կտոր էլ թել պանիր։ Ատրճանակը մեջքի կողմից գոտիկը խրած, խանչալը ձախ կողմից կախած, հրացանն ուսը գցած և մի հաստագլուխ թավարզին անունով մահակ ձեռքն առած։ Արությունի այսպիսի տեսքը՝ նրա երկար հասակի, վառվռուն և խոշոր աչքերի, արհամարհող հայացքի և հանդուգն բնավորության հետ միասին՝ շատերին կասկածանքի տեղիք էին տալիս, թե նա գուցե մի փախստական ավազակ է։ Այդ կասկածն ավելանում էր, երբ Արությունին հարց ու փորձ անելիս, նա սուտ չէր ուզում հնարել, ուղիղն էլ չէր հայտնում, թե՝ ով է կամ ով չէ։ Արությունն այդ չէր նկատում և ոչ մտքովն անց կացնում, թե կարող են այդ տեսակ կարծիք ունենալ իր վրա, եթե ոչ՝ նա կարող էր նրանց կասկածը փարատել։ Նա ավազակության ոչ հակում ուներ և ոչ ընդունակություն. ավելի շուտ քաղցած կմեռներ կամ ինքնասպանություն կգործեր, քան թե գողություն կաներ, որովհետև նա իր մանկության օրից մինչև այն օրը մի ամենաչնչին բան գողանալու կամ թաքուն վերցնելու միտք անգամ հղացած չէր։ Նրանից կասկածում էին ավելի շիրակեցիք, որոնք մեղք էին համարում զենք կրելը, մանավանդ նրան բանեցնելը, և սրա համար էլ շատ հաճախ երկու երիտասարդ սրանցից մինչև հիսուն հոգու իրանց թրերի առաջն էին անում, ահագին կարավանի բոլոր եզները քշում անց կացնում Արփաչայը և անհետացնում․
— Հա՜խն է,— ասում էր Արությունը,— ինչո՞ւ ձեզ էլ չէին կոտորում այդ անպիտանները...
— Ջանըմ, ի՞նչ կըսե,— բացականչում էին շիրակցիք։
— Չոռ ու ցավ կըսեմ... անամոթ հիմարներ, ի՞նչ երեսով եք երևում դուք ձեր օղլուշաղին. ինչո՞ւ գետինը չեք մտնում։ Մեր գեղի երեխան անգամ եթե կողոպտվի, նա կամաչի տուն գնալ հորն ու մոր աչքին երևալ. դուք ահագին զռփի տղամարդիկդ ինչպե՞ս չեք ամաչում կողոպտվել երկու թուրք գյադայի ձեռքով...
Արությունը հեռացավ այդ տեղից և գնաց Լոռի, ուր և իմացավ համբավավոր աշըղի գալը։ Նա գնաց Հայդարբեգ և հանդիպեց աշըղին այն ժամանակ, երբ նա ուզում էր մի մարաքյա սարքել մի քանի աշակերտների հետ։ Մարաքյայի նյութը պիտի լիներ Դուզի ղուշի հեքիաթը։ Գյուղի քեթխուդաները, քահանան և բոլոր մեծ ու փոքրը հավաքվել էին քյոխվայի տան սրահումը և նստել ծալապատիկ՝ մեծերը թաղիքների և մյուսները՝ գետնի վրա։ Արությունը մոտեցավ աշըղին համարձակ և գլուխ տալով՝ ասաց.
— Է՜շխ оլա, ուստա (աշխուժություն լինի կամ կցանկամ)։
— Էշխն չոխ օլա, սաֆա գյալդն,— պատասխանեց աշըղը (էշխդ շատ լինի, բարի եկար)։
Սրանք սկսեցին խոսել թուրքերեն, ես կդնեմ այստեղ նրանց ասածների և երգածների թարգմանությունը։
Արություն. Պատվելի՛ վարպետ, չի՞ կարելի արդյոք, որ մի րոպե գոտիկ գոտկի զարկենք, մարիփաթ մարիփաթի (այսինքն՝ փորձենք մեր ուժն ու շնորհքը, բաս մտնելով)։ Ես լսել եմ քո համբավավոր անունը և եկել եմ, որ քեզ հետ բա՛ս մտնեմ, հույս ունիմ, որ չես հրաժարվիլ։
Աշըղ. Գլխի՛ս վրա, աչքի՛ս վրա, մեծ ուրախությամբ, շատ սիրով, շատ սիրուն, շատ բարի... Բայց իմ սիրելի, իմ աչքիս լույս, ես տեսնում եմ, որ դու աշըղ չես, դու սազ չունիս, կամ սազդ խլել ես տվել, ինձ մոտ առանց սազի եկել։ Ո՛չ, այդպես չեն լինում ինձ մոտ եկողները, նրանք սազով են գալիս և առանց սազի գնում։ Սիրելիս, դու մոլորված ես, ջահել ես, քեզ խաբել են։ Իմ գիրն այնպես գիր չէ, որ ամեն մարդ կարդա. իմ ջուրն այնպես ջուր չէ, որ ամեն մարդ խմի. ես այնքան խոր եմ, ինչքան ծովի հատակը, այնքան բարձր, ինչքան Մասիսի գագաթը։ Ի՞նչ կասես, սա՛ն յախշի (դու լավը, այսինքն՝ ինձանից լավը, եթե կարող ես դու ասա)։
Արություն (մտքումը). Այս ի՜նչ ճարտար մարդ է. սրան կարելի չէ հաղթել։ Է՜հ, ի՜նչ եմ հոգում, ինչ կլինի՝ կլինի. ձու հո չեմ, որ կոտրվիմ։ (Բարձր) Գիտե՞ս ինչ կա, վարպետ, դու ճշմարիտ ես ասում, ես աշըղ չեմ. ուզում եմ աշըղ դառնամ, բայց սազ չունիմ։ Քո սազը իմ աչքումս մտել է։ Արի բաս մտնենք, հիմի ինչ կլինի՝ կլինի։ Եթե դու կհաղթես, ես իմ հրացանը քեզ կտամ, որ «Ղրիմ-Բախչասարայի» է, երկու հարյուր մանեթով է առնված։ Թող վկա լինին էս քեթխուդաները։ Բայց եթե կհաղթեմ, որ աստուծով հույս ունիմ, այն ժամանակ, ինչպես աշըղների օրենքն է, դու քո սազը մեծահոգությամբ ինձ կտաս։
Աշըղ. Շատ լավ, հույժ բարի։ Բայց դու աշըղների կանոնը գիտե՞ս. դու գիտե՞ս, որ սկզբի ասելու իրավունքն իմն է, որովհետև դո՛ւ ես եկել ինձ մոտ, դու ես ուզում սազը ձեռքիցս առնել, որ երազումդ էլ չես տեսնիլ։
Արություն. Գիտեմ, գիտեմ, բոլոր կանոնները գիտեմ, կարող ես սկսել։
— Չէ՛, աշըղիս վախեցրի,— ասեց Արությունն իր մտքումը։
Հարցրին մեկ մեկի անուն, աշըղն ասաց, որ իր աշըղական անունը Շոհլայի է։ Արությունն էլ իր անունը փոխեց ասելով՝ իմ անունն էլ Քերոբե է։ Արությունն իր մահակը սազի ձևով բռնեց և ծունկ չոքեց աշըղի դիմացը։ Սկսեցին առաջ ու առաջ խաղով պարծենալ։ Բայց որովհետև սկզբի ասելու իրավունքն աշըղինն էր, նա առաջ սկսեց. Արությունը պարտավոր էր հետևել նրա խաղի «ղաֆիային», որ նշանակում է դուռն։ Աշըղական խաղի բոլոր տներն մեկ դռնով պետք է դուրս գան, այսինքն՝ մի հանգի վերջավորությունով։ Արությունն ևս պետք է նույն հանգի վերջ տար իր տներին, ինչ հանգի որ վերջացներ աշըղը, եթե ամ՝ ամ, եթե ան՝ ան, եթե ազ՝ ազ, և այլն։
Ընդունիր ողջույնըս աշխույժ պատանի,
Համարձակ քաջի պես դուրս արի մեյդան.
Թող չելնե ասպարեզ, ով շնորհք չունի,
Աշըղ անուն տալը նրան չէ արժան։
Կընդունեմ ողջույնդ, պատվելի վարպետ
Եվ կըտամ խոսքերիդ մեկ-մեկ պատասխան,
Չեմ մնալ քո առջև բթամիտ, անգետ.
Կանչել եմ անունը Մշու Սուլթանի,
Որ մարդին նամարդին նա մոհդաջ չանի։
Երևի քաջ լինել դու չես արժանի,
Քա՞ջ եմ արդյոք թե ոչ, այդ շուտ կտեսնես,
Երբ ինքըդ քո զենքից՝ սազից կըզրկվես,
Զուր ասած խոսքերըդ կրկին ետ կառնես,
Իմ ոսկեթել սազին շատերն են հավնել,
Շատերն են քեզ նման խլել ցանկացել,
Բայց իրա՛նք են իրանց սազիցը զրկվել,
Ես փախչող պտուղ չեմ, բնավ չըկարծես,
Լավ կանես, այդ հուսով քեզի չխաբես,
Գիտեմ որ փախչելու ինքդ սովոր չես,
Դու որ կաս, բմբուլ ես, ես որ կամ, քար եմ,
Կարծում ես, թե ես էլ քեզ պես անճա՞ր եմ.
Սպասիր, քո առջև մի թակարդ լարեմ,
Ես թակարդ լարող եմ, թակարդ ընկնող չեմ, Ինձ ի՞նչ պետք է ասես, որ ես չըգտնեմ, Բայց քո վըրադ այնպես մի քար կըդնեմ,
Որ հենց մնաս տակին այժմ և հավիտյան։</poem>
Այստեղ քեթխուդաները խնդրում են, որ վերջ տան պարծենալուն և իրանց ինքնագովությանը, ասելով՝
— Դրան վերջ չկա․ դու կասես, նա կասի, մինչև որ պրծնեք, աստվածանից իրեք խնձոր վեր կընկնի, որ ասենք՝ մեկն ասողին, մեկը՝ լսողին։ Շուտ արեք, թե բան ունիք ասելու, ասացեք, տեսնենք ո՛րդ եք հաղթվում, որդ՝ չէ։
Դուք շատ եք վռազում, թող լինի այդպես,
Սրա պես պարծեցողին չեմ անիլ անտես.
Աշըղ Շոհլային եմ, գիտուն, սրատես,
Քո բոլոր գիտությունդ ինձ վաղուց է հայտ,
Մի՛ նայիր, որ սազի տեղ ձեռքումս է փայտ.
Անբախտ Քերոբեն եմ, աշըղ եմ անհայտ,
Ինքնագովությանը, ըստ սովորության, հետևեց հարց ու պատասխանը, որով պիտի երևեր հաղթողն ու հաղթվողը։
Լսի՛ր, թե գիտուն ես, ո՛վ քաջ ձևացող,
Այն ո՞վ էր, որ աղբյուր հանեց ոսկորից․
Այն ի՞նչ պոզավոր էր, որ երեսին ուներ քող․
Ես քո ասածներին կամ պատրաստ լսող,
Սամսոնն էր, որ աղբյուր հանեց ոսկորից,
Պոզավոր Մովսեսն էր՝ որ երեսին ուներ քող,
Ի՞նչ ծառ է, որ անհող, անջուր է բսնում,
Առանց տերևների ճղներ է գցում.
Ի՞նչ բանն է սուր, քան թուր սրտի մեջ ցցվում.
Պախրի եղջյուրները անհող, անջուր են բսնում.
Առանց տերևների ճղներ են գցում,
Դառը խոսքն է սրտում սրի պես ցցվում,
Այն ո՞վ էր որ սայլով երկինք վերացավ,
Կարմիր ծովը քա՞նի տեղից պատռեցավ,
Եղիան էր՝ կառքով երկինք վերացավ.
Սողոմոնն իմ պեսի միտքը չիմացավ.
Կարմիր ծովում տասներկու տեղ բացվեցավ.
Նոբաթն ընկավ Արությունին, որ այժմ նա հարցներ և աշըղը պատասխաներ. նա էլ սկսեց, բայց ոչ թուրքերեն, այլ հայերեն, որ նույնությամբ դնում ենք այստեղ.
Ես քո սուտ հարցերը մեկ-մեկ լուծեցի,
Չեմ ուզում հետևել քո մոլորության.
Հենց հիմի մի թեթև բան մտածեցի՝
Շոհլային մնաց լռված, սփրթնած, չիմացավ՝ ի՞նչ էր պատասխանել, բայց քեթխուդաներն ստիպեցին Արությունին, որ նա ավարտեր իր խաղը. նա էլ շարունակեց.—
Եթե դու գովեիր հայոց քաջերին,
Մի համբույր կըտայի սազիդ սիմերին,
Բայց դու հավատում ես շինծու բաներին,
Չըգիտես ո՞վքեր են Արամ ու Տիգրան։
Քեզ սուրբ Կարապետը շնորհք է տվել,
Պարզամիտ ամբոխին սուտ բաներ ասել.
Դու հայերեն անգամ չըգիտես երգել,
Ո՞րտեղից կիմանաս՝ ո՞վ էր Գայլ Վահան։
Ես խեղճ Քերոբեն եմ՝ սարեսար ընկած,
Սնապաշտ հորիցս զրկված, հալածված.
Թե դու էլ լինեիր ինձ չափ կարդացած,
— Էյվալլա՜,— ասաց աշըղը, սազը դնելով Արությունի առջևը։ Արությունը սաստիկ ուրախությունից չիմացավ ինչ էր ասելու՝ արդյոք Քյոռօղլի՞, թե՞ մի ազգայն երգ. հանկարծ միտն ընկավ իր սովորական բայաթին, որ ամեն րոպեում երգում էր, և սկսեց երգել.
Աշըղ ըմ, չա՛լ քչեղակ,
Մըհանի կանչիմ քու տեղակ,
Ախճիգ չըմ թա հըմանչիմ,
Տղա ըմ ծիլ-ծիլ կը կանչիմ...
Այս բայաթին մի շատ հին հանելուկ է, խաչենու բարբառով ասված, նշանակում է գրած բան, գիրք, նամակ։ Արությունն այս բայաթին ասեց ու սազը վեր առավ գնաց։
— Էս ո՞վ էր, տղեք ջա՜ն,— բացականչեց քեթխուդաներից մեկը զարմանալով, երբ որ Արությունն արդեն հեռացել էր բավականին, ապշություն բերելով բոլոր հանդիսականների վրա։— Էս ո՞վ էր։
— Ճմարիտ, էս ի՜նչ զարմանք էր...
— Էս ի՞՜չ հրաշք էր...
— Տեսնես երկնքի՞ցն եկավ, թե՞ գետնի տակիցը...
— Յարաբ սատանա է՞ր, թե հրեշտակ...
— Դա հողեղեն չէ՛ր․․․— խոսեց վերջապես աշըղը, երբ որ ամենքն էլ փոխ առ փոխ արտահայտեցին իրանց զարմացումը։— Հողեղեն մարդը չէր կարող իմ ձեռիցը սազ խլել։ Ես գիտեմ որ...
— Ուստեն ճշմարիտ է ասում, տղեք ջան,— միջամտեց տեր Կարապետը,— բա թամաշա չարի՞ք նրա վառված էրեսին, կասենայիր Ստեփաննոս Նախավըկայի էրեսն ըլի․․․ Անումն ինչ էր նրա՞...
— Քերոբե՜...
— Որ ասում ե՜մ... Հավատացեք, նա հրեշտակ էր, մարդի շոր հագած, էն էլ թուրքի, ախըր սուրբերը չիմ էլ թուրքի շորով են էրևում...
— Աստված դրա ոտն ուղուրով անի մեր գեղի համար․ տեսնես՝ ի՞նչ կնշանակի... քոռոնգատի՝ մեր գրբացն էլ ըստի չի, թե մի գրին մտիկ էր տվել, տեսնեինք ինչ ա ասում...
— Գրբացն ի՞նչ ա իմանում, թե հրեշտակի գալն ի՞նչ կնշանակի,— ասեց տեր հայրը.— բայց ես տեսնում եմ, որ հիմի աստծու աչքը քաղցրացել ա մեզ վրա, մեր ազգի վրա։ Բա չլսեցի՞ք, որ ասեց։
Եթե դու գովեիր հայոց քաջերին,
Մի համբույր կտայի սազիդ սիմերին...
Մեր Գեորգն ու Բաղդասարը հիմի Թիփլիս են, ընդիանց գրեր են ուղարկում, որ ես կարդամ, դուք անկաջ դնեք, բայց, մեղքս չեմ թաքցնիլ, ալարս էկել ա, թե կարդամ։ Գրում են, թե՝ «Ժողովրդիդ քարոզի...», էլ չեն գիտում թե ժողովրդի գխուխն էնքան ա հաստացել, որ մամռնակալել ա։ Էդ Քերոբեն՝ ո՞վ գիտե՝ հիմի նրա համար էկավ ուստի սազը խլեց, որ ինձ զգուշացնի, միտս բերի մեր երեխոց գրածը, թե չէ՝ մի օր էլ կգա իմ փիլոնը կխլի... Ուստա, աստուծով մխիթարվես. լավ է, շատ մի նեղացնիլ սիրտդ, աստված ողորմած է, մի նոր սազ կառնենք քեզ համար. օրհնյալ լինիս, դու էլ այսուհետև հայեվար ասա, ինչ որ ասում ես... Հայոց լեզուն Ադամի լեզուն ա, ամեն լեզվից հարուստ, ամեն լեզվից քաղցր։ Էս սահաթը մեր Նարեկի նման գիրք ոչ մի ազգ չունի, չունքի ուրիշի լեզուն աղոթք անելու համար հարմար չի գալի, բայց հայոց լեզուն էնպես լեզու ա, որ ամեն բանի էլ հարմար ա գալի, կուզես աղոթք արա, կուզես անըծի՛, կուզես գովի, կուզես փտնի. էլ ի՞նչ ես ուզում... Ուստա, էն ի՞նչ անուններ էր տալիս Քերոբեն, բա դու ասում ես՝ ոչ մի վարդապետ, ոչ մի եպիսկոպոս չի կարող ինձ չափ բան գիտենալ, բա ինչի՞ չկարացիր պատասխան տալ...
— Ես որդիանց գիդենամ,— պատասխանեց աշըղը,— քթաբից սավահի, մենք ուրիշ գիրք չենք ընդունում։ Նահլաթլամա (նզովք) է դրած մեր հին ուստաներից, ես ի՞նչ մեղավոր եմ։ Այբբենի տեղ էլ մեզ ալիֆ բեյ են սովորեցնում, որ ալիֆլամա, ղաֆուլլամա, զինշփլլամա խաղերի միտքն ու զորությունը հասկանանք, իմանանք, հիմի որ ես ձեզ ասեմ— «Բեյի ղային, սեյ, օխեյիֆ տըր քյաֆ, թեյինան բե՜յ», դուք չեք հասկանալ, բայց ամեն աշըղ էլ դաս է առել, գիտե որ «Բեյի, ղալին սեյ»՝ կնշանակե՝ Պողոս. քյաֆ, թեյինան բեյ՝ քթաբ (Պողոսը կարդացել է ս. գիրքը)։ Եթե ասեմ՝
«Քի՞մ սախլադի ջանդա գափ, վով, բեյի գալ» (ո՞վ պահեց իր մարմնումը որդ).
Ղափ, վով, բեյի, գալ՝ կնշանակե ղուրդ, որդ, ճիճու։ Էս Հոբ Երանելու համար է ասած, չունքի նա իրա ջանումը որդ պահեց. աբրեշումի ճիճուն էլ նրա ջանիցը բհամ էկավ, նրանից առաջ չկար․․․ Էսպես խաղերը՝ ղորդ ա՝ դժար խաղեր են, բայց նահլաթլամա չեն, քըթաբլամա են, չունքի Հոբ Երանելին քրթաբի մեջն ա։ Բայց որ հիմի աստված ուրիշ թավուր ա կամենում, «Կամք տյառն օրհնյալ եղիցի», ես էլ իմ աղին (ս. Կարապետին) կխնդրեմ, որ ինձ ուրիշ թավուր շնորհք տա։ Դե մեր տերտերն էլ դու ես. դու մեր հայոց քաջերի պատմությունն արա, ես էլ նրանց գովեմ, բարձրացնեմ...
— Ես աշըղ հո չե՞մ, որ քեզ խաղ սովորեցնեմ,— պատասխանեց տերտերը, որպես թե լավ չհասկանալով աշըղի պահանջը։
— Քեզ ո՞վ է ասում ինձ խաղ սովորցրու, խաղ ես ուզում, ես կսովորցնեմ քեզ։ Դու ոնց որ ամեն օր Այսմավուրքը կարդում ես, մենք ականջ ենք դնում, էնպես էլ հայոց ազգի քաջ տղամարդոց պատմությունը կարդա, մենք ականջ դնենք։ Ա՛յ, ինչ եմ ասում, ես քեզանից խաղ չեմ ուզում։
— «Կա՛րդա»... «Ականջ դնենք»... Ես ո՞րդիանց կարդամ, ինձ կարդացրել ե՞ն, որ ես կարդամ...
— Դե ասա՝ չեմ գիտում՝ էլ ի՞նչ ես կմկմացնում. դու որ տերտեր ես, չես գիդում, ես ո՞րդիանց գիտենամ. էլ ո՞ւր ես վրաս ծիծաղում...
Թողենք տերտերին ու աշըղին, որ իրանց վեճը շարունակեն, մինչև մի խելքը գլխին մարդ դուրս կգա և կորոշե, թե նրանցից ո՛րն է մեղավոր, և որն՝ արդար, իսկ մենք գնանք Արությունի մոտ։
Արությունը հեռացավ գնաց, մտավ մի քարայր, և սկսեց փորձել, որ տեսնե կարո՞ղ է ածել սազը, թե ոչ։ Սպասեցեք, շվշվացնում է աշըղների եղանակներից և ճնկճնկացնում սազը, բայց չի կարողանում ներդաշնակություն ձգել բոլոր թելերի մեջ, չի իմանում, թե մատը ո՞ր փարդի վրա պետք է դնե։
— Չէ՛, չի լինում։ Յա՛ սուրբ Կարապետ, չանգլի սուլթան, չանգլի փիր․․․ երգեմ, երգեմ, երգելով լավ դուրս կգա...
Թորդանեն Եփրատ բերին, Մշու սարին հավանեցաբր,— Բանիվ ջորու ծնկովն մեզ զարմանք հրաշք ցուցար...
— Չէ՛, չի ըլում, սուրբ Կարապետը չի օգնում... Ուրիշ երգ երգեմ...
Քրիստոնյա եք, անգաջ կալեք, լսեցեք,
Լավ իմացեք պատվիրանն աստուծու,
Մաթոս, Մարկոս, Ղուկաս, Ուհան գրեցին
Չորս կլոխ Ավետարանն աստծու։
— Չի լինում, չէ... վերի սիմերը շատ են թուլացել, պետք է սրանց ոտներին մի քիչ հուփ տալ, որ հաստ ձայն չհանեն... Ահա՜... կտրվեց սիմը. հիմի ես ի՞նչպես շինեմ։ Բայց ի՞նչ վնաս ունի, մեկ սիմն էլ պակաս լինի թող. մյուսը փորձենք։ Օհո՜... այս էլ կտրվեց. բայց էս ոտի վրա դեռ շատ կա փաթաթված. տեսնեմ հասնո՞ւմ է... Ափսո՜ս, կարճ է։ Է՜հ, մի նոր ցավ գտա ինձ համար. մինչև ես սրա հետ կհաշտվիմ, աչքումս մազ կբսնի։ Մեկ ասող լինի, թե սազը քո ինչի՞ն էր պետք, որ վերցրիր բերիր, խեղճ աշըղին էլ առանց սազի թողեցիր։ Հաղթեցիր բավական է, էլ ի՞նչ կանեիր սազը։ Ճշմարիտ, ի՞նչ պետք է անեմ ես էս սազը. տանեմ էլ ետ իրան տամ, ասեմ՝ ա՛ռ, վարպետ ջան, քո սազն ինձ պետք չէ... բայց չէ․․․ ետ գնալը լավ չէ, ով գիտե ինչ կարող է պատահել։ Ես գիտեմ ինչ կանեմ այս սազը։ Ես սրան կտանեմ Ջալալօղլի կծախեմ, ստացած փողովս գնդակ ու վառոդ կառնեմ... Իսկ Հիմա կերթամ էս մոտիկ փռանգների գեղը։ Այս խեղճ կաթոլիկները չեն իմանում, որ իրանք հայ են, դրանց պետք է հայացնել։ Հենց որ հասկացրիր, թե ազգ ասածդ ինչ բան է, էլ այնուհետև ի՞նչ պատճառ ունի չմիանալու մեզ հետ։ Հիմարները իրանց տունը քանդում են, որ ուրիշ ազգերի տները շինեն... Վեր կենամ գնամ... Այսօր նշանավոր օր է ինձ համար... Հաղթե՜լ. հեշտ է ասելը։ Աշըղին հաղթելը մի պատուհաս է, ամեն մարդի բան չէ։ Բայց ինչ կլիներ իմ ճարը, եթե դժվար ղափիով էր սկսել, ինքն առաջուց պատրաստած կլիներ, ես կմնայի կապ ընկած։ Մեկ դրանց ասող լինի թե՝ ո՛վ հիմարներ, ոտանավոր եք ուզում՝ գրեցեք, երգ եք ուզում՝ շինեցեք, էլ ղափիա՞ս որն է։ Մարդ իմանա, ո՞ր ժամանակից է այդ ձևը մտել մեր մեջ, կամ արդյոք հայի՞ հնարած է, թե հետևողություն է ուրիշ ազգի։ Իհարկե սա մի հետևողություն կլինի, հայն այնպես հիմար բան չէր հնարիլ, սա արաբացու բան է, էնդուր էլ աշըղների հին խաղերը բոլորն էլ արաբերեն են... Մեկ ինձ ասող լինի, թե դու ի՞նչ տեղից գիտես, ինչի՞ ես խելքիդ զոռ տալիս, կարելի է թե փարսերենն էլ է այդպես. մի՞թե քիչ խաղեր կան փարսերեն... Չէ՛, այս ոչ ոք չի իմանալ, եթե ոչ պարոն Հախվերդյանն էլ կիմանար, որ այս մասին ոչ մի խոսք չի ասել և գիտությամբ թե անգիտությամր լռել է, եթե ոչ՝ ինչ կնշանակե՝
- Սայաթ-Նովա գերեզմանն Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի։
- Այդ միևնույն է, եթե ասեր՝
- Սայաթ-Նովա գերեզմանն հուն, զըկեռ, ունաբ մի անի, կամ՝ «ճոն, դերձակ, ղասաբ մի անի»...
Ով որ աշըղի ղափիի նշանակությունը չի իմանում, Սայաթ-Նովի սև արաբը նրա աչքին չի երևում, կամ կարծում է, թե բանաստեղծը դրանով մի մեծ միտք է ուզեցել հայտնել, մինչդեռ նրան՝ ղափիի համար պետք է եղեր աբ վերջավորությունով մի բառ, նա էլ դրել է «Արաբ», հինդն ու հաբաշն էլ առաջից շարել, որ Արաբը մենակ չմնա. մե՜ծ մե՜ծ բառեր, մեջը դատարկ... աշխարհումս մենակ աշըղները չեն մոլորված, հենց ամենքն էլ մոլորված են։ Բայց ի՞նչ կնշանակե մոլորված, միայն ես եմ մոլորված, որ չգիտեմ, թե ինչ եմ անում, ինչի՞ եմ ման գալիս ու մինչև ե՞րբ պիտի այսպես աննպատակ թափառեմ. չըլնի՝ թե ճշմարիտ՝ ես խելագարված եմ, բայց ինքս չեմ զգում, չեմ հասկանում... գնամ, գնամ այդ գյուղը, կարելի է թե ինձ այնտեղ վարժապետ են շինում և ի՞նչ զարմանալու բան կլինի։ Եթե կորցրած էշեր պտրող Սավուղը կարող էր թագավոր դառնալ, ես ինչո՞ւ վարժապետ չեմ կարող դառնալ, որ կորած էշեր չեմ պտրում, այլ խելքը գլխին մարդիկ։ Գնամ, գնամ, աստված ողորմած է, և ողորմած է չափից դուրս, անսահման ողորմած է։ Նրա համար միևնույն է՝ խելոք է մարդը թե հիմար, կամ մարդ է թե կատու։ Նա իր ողորմությունը հավասարապես տարածում է բոլոր արարածների վրա։ Եթե այդպես չլիներ, էլ քար քարի վրա չէր կանգնիլ։ Բայց ես մոլորվածս՝ ուզում եմ որ ինձ վրա նա մի առանձին ուշադրություն դարձնի. չէ՞ որ հարյուր ոչխարի միջից տերը միայն մոլորվածին է փնտրում... Բայց այս ասա, թե ես ոչխար հո չե՞մ։ Եթե այդքանը խելքս կտրում է, կնշանակե աստված իր անելիքն արդեն արել է...
Առանձնությունր և՛ վայրենացնում է մարդուն և՛ փիլիսոփա է շինում։ Արությունը չէր վայրենանում, նա կարող էր մի նորատեսակ փիլիսոփա դառնալ, եթե թույլ տար նրան իր տաքարյուն խառնվածքը։ Նա չափազանց դյուրագրգիռ, չափազանց դյուրազգաց էր փիլիսոփայության համար։ Նրա բոլոր դատողության մեջ փիլիսոփայության հոտ ու նշան չկար։ Նրա բոլոր ուղիղ կամ խելոք ասած բաները մի սրտի փղձուկ էին, կիրք դարձած զգացողության արտահայտություն։ Այդպես էր կազմակերպված նրա անհատականությունը, նրա հոգու առանձնահատկությունը։
Արությունը սազը թաքցրեց քարայրի մեջ, իսկ ինքը գնաց մոտակա փռանգների գյուղը՝ Շարչաբետ։ Գեղամիջովն անցնելիս՝ մի մարդ տեսավ, որ տան կտուրի վրա կանգնած՝ ծխում էր երկայնակոթ ծխամորճը (չիբուխ)։ Արությունը նրան մի քանի անգամ տեսել էր իրանց տանն իջևանած և գիտեր որ նա Բարսեղ քյահյան էր, մի պատվական և հյուրասեր մարդ, որ քառասուն տարի շարունակ քյահյայություն էր արել։ Արությունը մոտեցավ նրան և Բարսեղ քյահյան իսկույն ճանաչեց նրան։ Նա չէր իմանում, որ Արությունն իրանց տանից խռոված էր, նստեցրեց մոտը և հարցրեց՝ թե «ինչպես էր Ավետիք եղբոր քեֆն ու հալը», և երբ խոսք ընկավ Արությունի մասին, նա պատասխանեց, որ այդ մասին հետո կխոսի նրա հետ։
Արդեն երեկոյան ժամասացության ժամանակն էր։ Գյուղի ծխատեր քահանան դուրս եկավ տանից, երկայնակոթ չիբուխից մի թանձր ծուխ բարձրացնելով՝ նայեց արեգակին, տեսավ որ դեռ կարելի էր մի փոքր սպասել, քայլերն ուղղեց դեպի Բարսեղ քյահյան։ Տեր հայրը դեռ շատ հեռու էր, որ Բարսեղ քյահյան ոտքի կանգնեց, մի փոքր ուշ՝ նրան հետևեց և Արությունը։
Տեր հայրը նստեց նրանց մոտ մի քարի վրա և Արությունին թուրք հովիվ, ուրեմն և գող կարծելով, ասաց Բարuեղ քյահյային․
— Ձո Փարսեղ, ասիգ ո՞ւրդից է, Քափանագու չոբան է, հե՞.. Ձո, ադամ, մեզի դիան մը չենե՞...
— Չէ՛, տեր խայր, խայ է, Խաչնլվա է...
— Խոզարած է, հե՞․
— Ի՞նչ գըսես գը, աղեկ կարդալ գինա, մերին Ավետիք ախպոր մանչն է․․․
— Ըղվո՜րտ գըսես գը, ձո մանչի՛կս, ո՞ւ կերթաս գը․․․
— Ես այստեղ եմ եկել, տեր հայր, ուրիշ տեղ չեմ գնալու։ Ես լսել եմ, որ դուք ուզում եք ուսումնարան բանալ ձեր գյուղումը, բայց վարժապետ չունիք. ես կարող եմ վարժապետ լինել, եթե կկամենաք և կընդունեք։
— Աղանգ իշտե՜... էղնելու պան մը չըսի՜ր․․․
— Ինչո՞ւ համար։
— Քուգին միտքն ինդո՞ր է, դու խայ ես, մենք գաթոլիգ, ադիկ ի՞նչ ըսել է. «Էգուր քըզի խայ ընեմ» դեյի ըսել չէ՞ մի... Ֆիռանգին ու խայուն մեջ միապանուտեն կեղնի՞ հեչ։
— Ինչպես թե՝ «Էգուր խայ ընեմ քզի». միթե դուք հայ չե՞ք, նո՞ր պիտի հայացնեմ ես ձեզ. դուք որ ձեր անունը փռանկ եք դրել, հենց իմանում եք թե փռանգսուզ եք դառե՞լ. ո՞ր փռանգսուզը կհիմարանա՝ իր ազգությունը չճանաչել և իր ազգային կրոնը մի օտար կրոնի հողաթափ շինել։ Վերջապես ես կրոնի վարժապետ չեմ, ձեր կրոնը դուք ինքներդ էլ կարող եք սովրեցնել, բայց եթե դուք ձեր ազգությունը չեք ուրանալ, ազգուրաց չեք լինիլ, ես կսովորեցնեմ ձեր որդոցը հայոց ազգի պատմությունը։ Գիտություն էլ, որքան ես ունիմ, բոլորն էլ կհաղորդեմ նրանց դյուրին ոճով, վերջապես ուսում կտամ, գրել կարդալ կսովորեցնեմ...
— Խայոց բատմուտեն որի՞ն գըսես գը. խին գռաբաշտներու խմա՞ր գըսես գը։
— Այո՛, հին կռապաշտների, բայց որոնք ավելի առաքինի, ավելի հայրենասեր և ազնիվ մարդիկ են եղել, քան թե այժմյան հայերից շատերը, որոնք թեպետ կռապաշտ չեն, բայց պապապաշտ են, որ կռապաշտությունից էլ ստոր բան է։ Վերջապես հին հայերը հո միշտ կռապաշտ չեն եղել։ Մեր Աբգար թագավորի ժամանակից սկսած հայերը խաչապաշտ դարձան Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ և վերջը սուրբ Գրիգոր Լուսավորչի։ Ես այդ բոլորը կպատմեմ։ Ես այն էլ կպատմեմ, թե ի՞նչ պատճառներից, ի՞նչ հանգամանքներից ստիպված՝ և որպիսի որոմնացանների շնորհիվ միևնույն ազգի, միևնույն եկեղեցու հարազատ որդիքը բաժանվել են միմյանցից և այժմ իրար խորթ եղբայր անգամ չեն համարում և փոխադարձաբար իրար ավելի են ատում, քան մի բոլորովին օտար և մինչև անգամ չքրիստոնյա ազգի։ Այս րոպեիս դուք ամոթ եք համարում և մինչև անգամ մե՜ղք՝ ձեզ հայ անվանելու և չեք զգում, որ դա մի հայուրացություն է...
Տերտերը նկատեց, որ Արությունը վտանգավոր քարոզիչ չէ, որովհետև գիժ է, ուշ չդարձրեց այլևս նրա խոսքերին և մի ավելի խոհեմ մարդու դիրք բռնելով՝ վեր կացավ գնաց ժամ։
Բարսեղ քյահյան Արությունին տարավ իր տուն, ուր ներս մտան թե չէ, աղջկեքն ու հարսները տանտիրոջ ակնարկությամբ համբուրեցին Արությունի ձեռքը, կատարելով իրանց հյուրասիրական սովորությունը։
Ընթրիքից հետո Արությունը բարկացած լինելով տերտերի վրա՝ սկսեց հայ կաթոլիկների մոլորության դեմ շատ բաներ ասել և քարոզել Բարսեղ քյահյային ազգություն։ Բարսեղ քյահյան, որ մոլեռանդ մարդ չէր և սերտ բարեկամություն ուներ շատ լուսավորչականների հետ, համակրում էր Արությունի բոլոր ասածներին՝ տաքարյունության վերագրելով նրա համարձակությունը, քան թե՝ գժության, բայց ոչինչ չասեց, բացի այս մի խոսքից, թե՝
— Քուգին ըսածը բիյություն՝ ջշմարտուտեն է մա՝ ինչ պիտ էնես օր՝ գարքավորնիս առաջնիս կփագեն գը, իշտե ինքդ ալ գդեսնես գը․․․
Արությունը մտքումը դրավ, որ էլ այնուհետև ոչ ոքի չհայտնե, որ ինքն այբբեն գիտե։ Լավ համարեց, որ իրան մի չոբան կամ ավազակ կարծեն, քան թե գիժ կարդացող։ Բայց այսուամենայնիվ նա չզգաց, որ ինքը մի նոր միտք քարոզելու կերպն ու ձևը չգիտե։ Նա ոչ տեսել էր և ոչ լսել, թե ինչպես են վարվում և ինչպիսի ոճով խոսում նոր միտք, նոր ուսմունք վարդապետողները. գիտենար էլ՝ դարձյալ չէր նմանիլ նրանց՝ հակառակ լինելով այդպիսիներին թե՛ համոզմամբ և թե՛ բնավորությամբ։ Նա մի ջերմեռանդ աստվածասեր էր։ Նա աստծուն ներկայացնում էր իրան Նարեկացու պես, անսահման բարի, անսահման ողորմած, և ոչ նախանձոտ, բարկացկոտ, ինչպես Մովսեսն էր ներկայացնում։ Բայց շատ էր ցանկանում, որ աստված նախանձոտ և բարկացկոտ լիներ, վրեժխնդիր լիներ, իր փառքն ուրիշին չտար. սակայն խոր մտածելով՝ ասում էր. «Եթե այդպես լիներ, քար քարի վերա չէր կանգնիլ»։
Նրա բնավորությունն այնպես էր կազմակերպված, որ ինչ բովով էլ անցնելու լիներ նրա ուղեղը, նա կմնար մի ջերմեռանդ աստվածապաշտ։ Աստված նրա ամենաբարի հայրն էր, առանց նրան ինքը զինքը որբ կզգար, զուրկ այն անսահման սիրուց, որ խոր զգացողին մի անմահական կյանք է տալիս, նրա երևակայությանը մի արագ սլացումն դեպի վե՜ր, վե՜ր դեպի անհունության ծայրի աշխարհը, «զոր ակն ոչ ետես, ունկն ոչ լվավ և սիրտ մարդո ոչ անկավ»։ Զգացող սիրտը, երևակայող միտքը սնունդ է պահանջում, սնունդ է փնտրում և գտնում է միշտ՝ հիրավի՝ այնպիսի բաներ, որ ոչ աչքը կարող է տեսնել, և ոչ ականջը՝ լսել...
Առավոտուն վաղ վեր կացավ Արությունը և մի տաք-տաք թանեսպաս խպշտելուց հետո, ճանապարհ ընկավ դեպի Ջալալօղլի։ Այդտեդ ծախեց նա իր ձեռք բերած սազը և նրա գնով բավական գնդակ ու վառոդ գնեց և ընկավ Լոռվա ձորերը։ Բայց ինչո՞ւ համար, ի՞նչ նպատակով, ինչի՞ց ստիպված, այդ հարցմունքները նա ինքը իրան չէր առաջարկում, բայց կարծես մարդկանցից, աշխարհից փախչել էր ուզում և միայնության մեջ էր գտնում իր միակ մխիթարությունը, զվարճությունը։ Յուրաքանչյուր քայլափոխում նա իր ուշադրությունը գրավող մի բան էր տեսնում, և այսպիսով նրա միտքն ու երևակայությունը անընդհատ զբաղված էր լինում, մանավանդ, երբ մի որսի հետք էր գտնում և սկսում էր նրա հետքով գնալ, որսի հետքը նրան անց էր կացնում բավական մեծ տարածություն, առանց հոգնեցնելու, մինչև որ կամ գտնում, սպանում էր, կամ հետքը կորցնում և մի ուրիշը փնտրում։ Որսորդությունը մի զարմանալի գրավող բան է, որ շատերի մեջ հարբեցության և թղթամոլության պես մի բան է դառնում, էլ ձեռք վերցնելու հնար չի ունենում։ Արությունի երակներրը արյունով լցվել էին, նրա մկանունքները զարգացել, նա շարժունության կարիք էր զգում։ Այսպես մենակ մի քանի օր թափառելուց հետո, մի օր էլ Մարցա անտառներումը հանգիպեց արտաքին կերպարանքով իր նման մի որսորդի, կամեցավ մոտենալ նրան, բայց անծանոթը հրացանը Արությունի դեմ բռնելով՝ ասաց.
— Քի՞մ սան, յախըն գյա՛լմա (ո՞վ ես, մոտ մի՛ գար)։
Արությունին որսորդների զգուշությունը հայտնի էր. անծանոթի հայի կերպարանքը տեսնելով՝ ասաց.
— Ես թուրք հո չե՞մ, ի՞նչ ես թվանքըդ դեմ անում վրես, ես հորսկան տղա եմ, հորսի եմ ման գալիս...
— Հա՜ա՞... դե որ հայ քրիստոնյա ես, լավ ա... ո՞րդիանցի ես, անումդ ի՞նչ ա՛,— հարցրեց անծանոթը մոտենալով Արությունին։
— Խաչնե՛ցի եմ, անո՛ւմս Արութին ա, դո՞ւ որդիանցի ես, քու անո՞ւմդ ինչ ա...
— Ես էլ դսեղեցի եմ, անումըս Պողոս ա։
Մի քանի այսպիսի լակոնական հարց ու պատասխան իրար տալուց հետո մեր հայ սպարտացիքը մոտեցան միմյանց և նստեցան իրար կողքի, որ հանգստանան։
Պողոսն Արությունի կատարյալ հակապատկերն էր. նա մի մարմնացյալ կոպտություն էր՝ գազանի բնավորությամբ, բոլոր զգացումները գազանային էին. նրա ապշությունը, զարմանքը, բացականչությունը, բարկությունը, ոգևորությունը, բոլորը, բոլորը գազանային էին, խելքի կառավարություն, տիրապետություն չկար նրա զգացմունքների վրա։ Բայց այսուամենայնիվ, իբրև ընկեր՝ շատ լավ ընկեր էր, որովհետև սրտոտ էր, քաջ էր։ Նա ընկերոջ համար գլուխը մահու կտար, երբ տեսներ նրան նեղ տեղ ընկած։ Երբ որ տեսավ, որ Արությունը մի օտարական է, առաջարկեց նրան իր մոտ գնալ, իր տանը մնալ որքան կամենում է և իր հետ գնալ որսի։ Արությունը հանձն առավ և տուն վերադառնալիս մի եղնիկ սպանեց, որով ցույց տվավ Պողոսին իր ճարպիկությունը և բարձրացրեց նրա աչքումն իր հեղինակությունը, որովհետև գնդակը դիպցրել էր եղնիկի ճակատի ուղիղ մեջտեղը, որ ամեն որսորդի բան չէր...
Արությունը Պողոսի հետ ընկերություն արավ մի քանի ամիս։ Թե ինչի՞ց գրավված՝ այդքան մնաց, այդ հանգամանքն ուրիշ բանի կարելի չէ վերագրել, այլ միայն որսամոլության։ Մի քանի տեղ թակարդ էին լարում ձմեռ ժամանակ, և սպասում էին, որ նրանց մեջ պիտի ընկներ մազավոր կենդանիք — աղվես, դալա, լիսան և մինչև անգամ գայլ, խրամների անմատչելի քարածերպերում փեթակ էին դնում և սպասում էին, որ նրանց մեջ պիտի մտնեն տանը ձագ տված փախած մեղուներըր. նրանց գնալ մտիկ տալ կուզեր, և գնում մտիկ էին տալիս, որ եթե հաջողված էր լինում, վեր էին առնում, տանում տուն, իսկ եթե ոչ՝ ընկնում էին որսի հետևից երբեմն միասին և երբեմն ջոկ-ջոկ։
Պողոսն անտառի մարդ էր, որովհետև որսորդությունը նրա համար մի երբեմնական զվարճություն չէր, այլ արհեստ։ Նրա բոլոր հարստությունն էր իր մի հատիկ կովը, երեք հատ գամփռ շները, որոնցով շատ անգամ արջ և վարազ էին որսում, և երեսուն թե քառասուն փեթակ մեղուն։ Նա չուներ ոչ հայր, ոչ քույր և ոչ եղբայր, այլ մի մայր միայն, որ մի կատարյալ կմախք էր։ Այդ չորությունը առաջ էր եկել կսկծից։ Վեց որդի որ թաղել մին քան զմյուս գեղեցիկ և քաջ․ ամենքն էլ մեռել էին, որը՝ նոր նշանած, որը՝ նոր պսակված։ Նա ամեն երեկո նախատում էր Պողոսին, որ ձեռք վերցնի որսորդությունից, վար ու ցանք անե, տավար պահե, բայց գազանաբարո Պողոսը սիրով պատասխանել կամ խոստումներով սիրտ շահել չուներ, այլ խանչալով էր խոսում մոր հետ, ասելով՝
— Լեզվիդ մանի՛լ, թե չենա՝ էս սհաթիս փարչափարա կանեմ։ Բայղուշ, հորս գլուխը կերար, ախպորցս գլուխը կերար՝ հերիք չի , հիմի էլ իմ գլուխն ես ուզում ուտի՞...
Կսկծաչոր մայրը վախենալուց՝ ցածրացնում էր ձայնը և սգում։ Արությունի սիրտը թեև արյունով լցվում էր ամեն անգամ այս տեսարանին ներկա լինելով՝ բայց ոչինչ չէր խոսում, չէր հանդիմանում Պողոսին, որ, ըստ երևույթին, անգթության մեջ նրանից ետ չմնար։ Սակայն առանձին եղած ժամանակ միշտ մխիթարում էր պառավին և հույս էր տալիս, որ Պողոսը կլավանա, միշտ էնպես կոպիտ չի մնալ։ Պառավն էլ Արությունին համարելով յուր միակ մխիթարիչը, Պողոսից առավել նրան էր մայրություն անում։ Սակայն մեկ օր էլ, երբ Պողոսն իր կոպտությունը ծայրահեղության հասցրեր և մայրն սկսեց երեխայի պես հեկեկալով լաց լինել, Արությունի սրտի վրդովմունքն այնքան սաստկացավ, որ աչքերից արտասուք եկավ։ Չուզենալով Պողոսին ցույց տալ իր սրտի քնքշությունը, դուրս եկավ տանից և արտասուքն աչքերին նստեց մեկ տեղ և արտահայտեց իր սրտի վիշտը հետագա խոսքերով.
Արցունքն աչքե՛րին, կարկառած ձեռքով՝ մորս եմ տեսնում,
Թե երազիս մեջ, թե լույս ցերեկով, մտածմանց միջում,
Ո՜հ, մայր իմ, մայր իմ, մի՞թե արժեմ ես այդ կսկծանքին,
Այդ անչափ սիրույն և երանական պատրաստ զզվանքին,
Ես չե՜մ ուրեմն մի դժբախտ էակ մոռցված ամենքից,
Քանի որ ունեմ անսահման սիրով ինձ վիճակակից։
Թող ողջ աշխարհը ինձ արհամարհո, հոգ չունիմ բնավ,
Ինձ բավական է քո միակ սերը և գութը անբավ։
Ո՜հ, թե ինչ հուսով և ինչ փափագով ինձ սնուցել ես,
Քանի՜ օրերով ծոմապահությամբ կյանքդ մաշել ես,
Քանի՜ շաբաթներ պասով, աղոթքով աստված ես կանչել,
Քանի՜ սուրբի մոտ մոմով, մատաղով ուխտ ես գնացել,
Քանի՜ որբերի և աղքատների դու կերակրել ես,
Քանի աղոթքներ և թիլիսմաններ վերաս կարել ես,
Քանի՜ցս անգամ դու իմ փոխանակ հարված ես ստացել,
Անգութի ձեռքից և քանի՜ցս անգամ դառն արցունք թափել,
Որ ես բախտավոր մարդ դառնամ մի օր և շնորհալի,
Որ լինիմ պարծանք ազգակիցներիս և քեզ սիրելի,
Բայց ես․․․ մթնապաշտ հորս շնորհիվ ընկա սարե սար,
Վերադառնալու, նորից ապրելու փնտրում եմ հնար.
Բայց իմ հույսն արդյոք աստված...
Ո՜վ... աստված իմ, աստված, դու բարի՜ ես, դու միշտ ողորմած.
Շատ ժամանակ է, որ քո գթությունդ երբեք չեմ հիշած.
Ների՛ր ինձ, ների՛ր, հայր իմ արարիչ, ես մեղավոր եմ,
Դու ինձ շնորհել ես ուժ ու զորություն, ես մոռացել եմ,
Դու հրամայել ես լինել գործունյա, ես նոր իմ հիշում,
Ես այսուհետև գործող կդառնամ իմ բոլոր կյանքում,
Գործունեությամբ իմ մեջ կգտնեմ ես ինձ բարերար,
Գործունեության դեմ չկա ոչինչ անհաս և դժվար.
Թող այս ձեռներս, որ այժմ քաջառողջ՝ պարապեն գործով,
Թող այս ճակատը, որ այժմ լայնացած՝ ճոխանա մտքով.
Թող այս ոտներս, որ այժմ ամրացած՝ ուղիղ ընթանան,
Թող այս աչքերս, որ այժմ բացված՝ նոր փայլ ստանան․
Հոժա՜ր եմ, հոժա՛ր, ամենայն անձամբ գործունյա լինել,
Հաստատուն հուսով, անվեհեր սրտով միշտ հառաջ դիմել,
Դեպի նպատակ — դեպի կատարյալն և դեպի բարին,
Որին ձգտելը մի անհրաժեշտ պարտք է մարդկային,
Դու մի հաստատուն, ով իմ արարիչ, կամք տուր ինձ միայն,
Իսկ քեզ վայել է միայն փառք, պատիվ այժմ և հավիտյան...
Մեկ անգամ Արությունն ու Պողոսը մի եղջերու սպանեցին, երկուսի գնդակն էլ դիպել էր։ Արդեն երեկո էր և տունը հեռու և իրանք էլ հոգնած, այս պատճառով նույն գիշերը մնացին մի ավերակ եկեղեցում։ Կրակ վառեցին եկեղեցու մեջտեղը և սկսեցին եղջերվի մսի փափուկ տեղերից փայտե շամփուրներով խորովել, ուտել և միևնույն ժամանակ խոսել որսորդության, այս և այն վայրենի կենդանու բնավորության մասին, թե ինչպես որձ եղջերուները սեպտեմբերից սկսած ցլագոռ տալով դրմբացնում են բոլոր անտառները և կանչում են կովերին, թե ինչպես կատաղությունից կուրանում, անխելքանում են, թե ինչ կատաղի կռիվ է սկսվում բոլոր որձերի մեջ և կովերն ընկնում են հաղթողի ճանկը։ Սրանց այս տեսակ նկարագրությունից երևում էր, որ որսորդները թեև կոպիտ, խիստ նուրբ կերպով ուսումնասիրում են վայրենի կենդանիների ամեն մի շարժումը, նրանց բնավորությունը։— Այս ժամանակները,— ասում էր Պողոսը, որ ավելի փորձված էր այդ բանում, քան թե Արությունը,— բոլոր որձերը գնդակահար կլինին, եթե կովերը չազատեն նրանց։ Որձերի աչքերը արյունով լցված է լինում, ոչինչ չեն տեսնում, բայց կովերն իսկույն նրանց քսվելով, իմաց են տալիս վերահաս վտանգը և փախչելով փախցնում իրանց հետևից հարբած որձերին՝ բուղաներին... Այս տեսակ խոսակցությունը բնականապես հասցնում էր մինչև աղջկերքը, որոնք նույնքան զգույշ են, ինչքան վայրենի պախրի երինջները և խոսում էին այս և այն աղջկա վերա։
Լսենք, տեսնենք ի՞նչ են խոսում մեր քաջ Հայկա թոռնիկները։
— Արութին, ասում են պախրա սպանիլը մեղք ա. ղորդ ա, ես միսն ուտում եմ, ամմա սիրտս ասում ա՝ լավ չես արել...
«Ամենա՜յն տեղ նախապաշարմունք», ասում է Արությունն ինքն իրան, բայց չըմգիտելը դնելով՝ հարցնում է.
— Ի՞նչի ա մեղք, Պո՛ղոս։
— Ասում են Քարամն անիծել ա։
— Հա՜... դե հըմի ո՛նց անենք, սպանել ենք պրծել, էլ հո չի սաղանալ։ Ես շատ եմ սպանել, Պողոս, իսկի մեղքս չի եկել․․․
— Տո ես քի՞չ եմ սպանե՜լ... Որ գալիս ա գյուլլիդ աղաքին կաղնում, Քարամն էլ ես մոռանում, բանն էլ. հենց որ սպանում ես պրծնում, նոր ա Քարամի անեծքը միտքդ ընկնում...
— Պողոս, ես էդ Քարամի անեծքը գիտեմ...
— Ի՞նչ ա ասում... Քե՛ մատաղ, Արութին ջան, հլա մի ասա տեսնեմ ի՞նչ ա ասել։
— Ասել ա՝
Սաֆար այրն օնդորթընդա, բեշնդա
Բու դաղղա բիր մարալ սրզլդար, աղլար,
Ուզախ դայիլ, բու դըր Բին-գյոլ բաշընդա
Բու դաղղա բիր մարալ ա՜խ էդար, աղլար․․․
— Քե մատաղ, Արութին ջան, մի ձենով ասա, ձ՛ենով․․․
— Դե ականջ դիր․
Օվչի՝ գյորըմ՝ զուռիաթընի արթմա՜սըն,
Քիփրիդ ղոյուփ քիփրիդ ուստա շաթմասը՜ն...
Ը՜... ը՜․․․ Ը՜ն...
Ղասաբ օլան մարալ աթի սաթմասըն,
Բու դաղղա բիր մարալ սըզըլդար, աղլա...
ա՜... ա՜... ա՜ր...
ա՜... է՜... յարալի ջանը՜... ը՜... ըըմ...
Ա՜խ ազիզը... ը՜... ը՜... ը՜մ...
— Բա՜հ, ձենիդ մատաղ, Արութին, լացս էկավ... Յանի էլ ընչի՞ էր անըծում էդ օրհնվածը...
— Քարամը Ասլու հետևից գնալիս՝ երբ որ հասել ա Բին-գյոլի սարը, ընտեղ տեսել ա մի յարալու (վիրավորված) պախրակով՝ հորթերը կշտին տխուր, տրտում կանգնած։ Էդ բանը Քարամի սրտին շատ դիպել ա, ինքն էլ նստել ա նրանց կշտին ու նրանց սուգն արել...
— Խե՜ղճ,— բացականչեց Պողոսը...— Արութին, ես էդ Քարամի անումն իմացել եմ, ամմա իսկի չեմ գիտում, թե դա ով ա ըլել, ինչ ա ըլել։ Դու էդ էլ կգիտենաս․․․
— Անկաջ դիր, ես քեզ ասեմ։ Մի տերտեր ու մեկ մոլլա են ըլել, էրկուսն էլ էրեխա չեն ունեցել։ Սրանք մեկ մեկու խոսք են տվել, որ թե իրանց էրեխա ըլի, ու մեկին տղա, մեկէլինը տղջիկ, նրանք իրար ուզեն։ Պատահում ա որ տերտերին աղջիկ ա ըլում, մոլլին՝ տղա։ Աղջկա անումը դնում են Ասլի, տղի անումը՝ Քյարամ։ Ով որ տարով կմեծանա, սրանք օրով են մեծանում. ժամանակը որ հասնում ա, մոլլեն գնում ա տերտերի մոտ, որ աղջիկն ուզի — տերտերը նրան խոսք ա տալի, ճամփու դնում, հետո ինքն աղջիկը վեր ա կալնում՝ փախչում։ Մոլլեն էդ չի իմանում, տղին ուղարկում ա, թե՝ դե գնա նշանածդ վեր կալ բեր։ Քյարամը գնում ա տերտերի տունը տեսնում ա, որ ոչ տերտեր կա, ոչ Ասլի։ Էդ որ իմ անում ա, ջունուն ա դառնում, աղջկա էշխու սիրով վառվում ա, աշըղ դառնում, ընկնում նրանց հետևիցը։ Ճանապարհին ինչ որ պատահում ա, մարդ, ծառ, ջուր, անձրև, ձյուն, քար, սար ամենքին էլ խաղով հարցնում ա, թե իր Ասլին չեն տեսե՞լ... Ամենքն էլ նրան պատասխան են տալիս ու տեղը նշանց տալիս. մենակ մի չինարի ծառ չի խոսում, պատասխան չի տալիս։ Քյարամը խաղով նրան անիծում ա, չինարին էն սահաթին չորանում ա։ Մեկ էլ մի քյալլա յա պատահում, մեռած մարդու մի չոր գլուխ, սարնըվեր գլորվելիս ա ըլում։ Քյարամը խաղով կաղնացնում ա նրան․ «Կաղնիր, ասում ա, դու մարդու գլուխ ես, դահա լավ կիմանաս, ո՞ւր ա գնացել իմ Ասլին»։ Քյալլեն ասում ա՝ դու կգտնես նրան, ամա մուրազիդ չես հասնիլ, դու էլ կէրվես, կփոթորկվիս․․․ ասըմ ա՝ «Յանը՜շ Քյարամ, թութուշ Քյարամ, յա՜ն Քյարամ»... Վերջը, էլ ի՛նչ գլուխդ ցավացնեմ, գթնում ա Ասլուն։ Սրանք իրար որ տեսնում են, ավելի են գժվում մեկ մեկու սիրով։ Ասլին էլ Քյարամին ա ուզում. մի սազ էլ նա ա ձեռքն առնում, իրա սերը խաղով իմաց տալիս Քյարամին։ Տերտերը որ տեսնում ա՝ էլ ճար չկա, Քյարամին ասում ա. «Թե որ դու խաղերովը բաց կանես իմ աղջկա կուրծքի մեր տված արծաթե կոճակնին, ես նրան քեզ կտամ». — Քյարամը խոսք ա տալիս, սազն առնում ա, չոքում ա աղջկա առաջին։ Տեր աստված, ինչե՜ր ա ասում, ինչե՜ր, ինչե՜ր... կոճակնին սկսում են բացվիլ, հենց որ մնում ա մեկը, էն էլ ուզում ա թե բացվի, մեկէլ ծերիցը մեկէլ կոճակնին էլի մեր են ընկնում, կոճկվում են... Էսպե՛ս՝ խեղճ Քյարամը մի կողմից բաց ա անում իրան խաղովը, մեկէլ կողմից կոճակնին մեր են ընկնում, չունքի տերտերը թլիսմ ա ըլում արած, որ չբացվին։ Էսպես՝ խեղճ Քարամը ասում ա, ասո՜ւմ, ասո՜ւմ, ասո՜ւմ, մեկ էլ սազը կրակ ա ընկնում, վառվում, էդ կրակը դիպչում ա իրան, ինքն էլ ա սկսում էրվիլ։ Ասլին ուզում ա թե հանգցնի, կշտին մի փարչ ա ըլում, վրա ա բերում, ածում վրեն. հենց իմանում ա թե ջուր ա, դու մի ասիլ նոթ ա... էդ նոթն էլ որ վրեն չի ածում, խեղճ Քյարամը տեղն ու տեղը էրվում ա, դառնում մի անձղակոթ։ Նրան տանում են թաղում։ Ասլին էլ չի հեռանում նրա գերեզմանիցը։ Սազը ձեռքին էնքան ածում ա, սգում, լաց ըլում, որ մեկ օր էլ գերեզմանիցը կրակ ա դուրս գալիս, նրան էլ էնտեղ էրում... Նրանց գերեզմանի վրա հետո երկու վարդի թփեր են բսնում, երկուսի մեջտեղն էլ մի փշի ծառ։ Վարդերն իրանց ճղերը մեկնում են, որ իրար փաթաթվին, մեջտեղի փշի ծառը չի թողնում...
Կոպիտ Պողոսի սիրտն այնքան քնքշացավ այդ պատմությունից, որ աչքերն արտասուքով լցվեցան։
— Խեղճերն իրանց մուրազին չեն հասել, վերջն էլ էրվել են․․․ Արութին, էրնեկ ասած չըլեիր, սրտումս դարդ դառավ։
— Դու շատ անխելք ես, Պողոս... Ադա, էդ դրուստ էլած բան խոմ չի՞, էդ հեքիաթ ա, մոգոնած բան ա, մարդը ո՞նց կէրվի, մեռած մարդու գլուխը, յա ծառը, քարը ո՞նց կխոսին...
— Ի՞նչ ա ասում... Ամմա ի՞նչ զուլում տերտեր ա ըլել. աղջիկը թուրքի չի տվել... Չէ՛, որ մոգոնովի բան ա, էլ ես նրա անըծքին չեմ հավատալ։ Ախր էդ թուրքերը հորսկանություն անելու շնորհք չունին, էնդուր ա անըծել հորսկաններին... Ուզեցել ա հայի աղջիկ առնի, էն էլ տերտերի... Իսկի մեր տերտերն իր աղջիկը ինձ չի տալիս, ասում ա՝ ես հորսկանին աղջիկ չեմ տալ... Ես հիմի կտեսնեմ, թե ո՞նց չի տալ։ Ես Քյարամի նման աշըղ չեմ դառնալ, որ ասի՝ արի աղջկաս կոճակնին բաց արա, մի գիշեր վեր կառնեմ ու հայդե...
— Պողոս, էդ թողնենք,— խոսքը կտրեց Արությունը։— Ես քեզ հետ խոսելու բան շատ ունեմ, տեղը չի եկել, որ ասեմ։ Դու լավ տղա ես, քու սիրտը չար չի, ամա շատ ես անտաշ։ Ադա, մորդ խաթրն ինչի՞ չես պահում. պառավ կնիկ ա, կսկիծից էրված, խորովված։
Արությունը, որ ծածկվել էր մի կեղծ դիմակով, և խոսում ու դատում էր Պողոսի հայացքով, այժմ սկսել էր իր դիմակը ետ քաշել, որովհետև էլ միտք չուներ նրա հետ ընկերություն անելու։ Մի կողմից իր առաջվա վիճակը, մյուս կողմից իր մոր կարոտը աներևութապես քաշում, տանում էր Արությունին, որի մեջ վառ ու պայծառ լինելով սիրո զգացմունքը, չէր կարողանում կարծրացնել մի այնպիսի սիրտ, որ ի բնե չէր ստեղծված կարծր լինելու... Արությունի առաջարկությունը՝ մոր վերաբերությամբ, Պողոսի սիրտը բնավ չշարժեց, այդ զգացմունքը նրա համար խորթ բան էր, ոչ զգալի էր, ոչ էլ հասկանալի։
— Բա՜հ, նրա քավթառ իմանը...— պատասխանեց Պողոսը։— Տո մի թող կորչի, բան չունե՜ս։ Պառավ մարդ հո չե՞ս, որ խրատ ես տալիս... Արութին, հլա ինձ ականջ դի... Ես խաչնեցոց անումը իմ պապերիցն եմ լսել... Թե որ դու նրանցից ես, հունարդ նշանց տուր...
— Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ուզում անես...
— Ինձ քոմագ արա, Արութին ջան․․․
— Ի՞նչ ա, ուզում ես տերտերի աղջկանը փախցնե՞ս․․․
— Ինձ հետ արի, քու արևին ղուրբան, Արութին...
— Չեմ գալ, ես դավի չունիմ, ինչ ուզում ես արա...
— Հը՜մ... Չես գալ հա՞... Էն տղի հերն անիծած, ով քեզ չսպանի... Մի գալ... Էլ ձեր տան երեսը չես տեսնիլ...
— Է՜յ, Լոռվա արջ, բերանդ քեզ պահի, թե չէ՛, տեսնում ես էս խանչալը, սրանով իմ հերը շատ ղզլբաշի գլուխ ա կտրել, հիմի էլ իմ ձեռքն ա ընկել... Ախմախ, տերտերը քեզ համար ա աղջիկ պահել, որ դու քաշ տաս չոլեչոլ գցե՞ս... Թե որ նա քեզ սիրում ա, ինչի՞ էն օրը ջրի ճամփին քեզ բիաբուռ արավ, թե՝ «խնչեմ վրեդ, դու ո՞վ ես, որ քեզ ուզեմ»․․․ Քու տունը ծակվի ոչ, մարդը մարդ ա, խոզը՝ խոզ, արջն՝ արջ։ Ես էնքան հորսկաններ եմ տեսել, որ քու գլխի մազի համբարքովը մին։ Նրանք որ մարդամեջ են մտնում, ոչով չի իմանում, որ քոլի մարդիկ են, ամմա դու ամեն տեղ էլ քու արջությունը նշանց ես տալիս։ Ախր ես քեզ ի՞նչ եմ ասում, դու ինձ ի՞նչ։ Մորդ հետ ինչի՞ ես խանչալով խոսում, ա՛յ, ես քեզ ինչ եմ հարցնում...
— Դե որ ըտենց ու ըտենց, իմ աղ ու հացը քու աչքերը քոռացնի...
— Ես քու աղ ու հացը չեմ կերել, որ իմ աչքերը քոռացնի։ Բա էնքան խոզի ու պախրի մսերով առած աղ ու ալրիցն ինձ փայ չունի՞մ։ Մեկ օր էլ ա դարտակ ետ չեմ դառել, քեզ նման չեմ ասել, որսս կապվել ա... Կկարմրես, հա՜պա, ա՜րջ...
— Ես արջ չեմ, ամմա դու էշ ես։ Ղորդ ա, լեզուդ փոխել ես, ամմա էլի Ղարաբաղի էշերիցն ես...
Պողոսի այս պատասխանը Արությունի ցեղական ցավարար տեղին դիպչելով, նրան գժվացրեց։ Նա ձեռքը դրավ խանչալի կոթի վրա և մոռանալով Պողոսի բարբառը, իր բարբառով արտահայտեց բարկությունը, ասելով.
— Սերտս ասմա՝ ե՜րկաց էս սհաթմս ընի ղամադ կոխե էս լըկուտեն փորը... Այ գյադա, քոթեթ, էդ հյո՜ւրըս էշ ասըմ...
— Բա՜... սա քաջքեր ա ունեցել, ես նոր իմացա։ Ախր ես էլ եմ ասում, ինչի՞ իրանց քոլերը թողած՝ եկել ա մեր հանդերումն ա հորսկանություն անում։ Ախպեր, ես քաջքոտ մարդի հետ դավի չունիմ. վեր կենամ ըռադ ըլիմ ըստեղանց։ Էս ո՞րդիանց ո՞րդի էկավ գլխովս ընկավ։ Էնդուր են ասել՝ սատանեն նաղարաթ կըլի» է՜․․․ Վեր գցես, սպանես, ով իմանա՝ ինչ կասի։ Փուշը որ փուշ ա, մի ծտի դալդա ա անում, ես էն վախտը փշից էլ բեթար պիտի ըլիմ. սա էս սհաթս իմ դալդումն ա նստած։ Ասած ա, «գոգումդ նստեմ, միրուքդ փետեմ». դրուստ սրա բանն ա... Մի հետ սիլլա տամ, օխտը հետ շուրդուբանի կտա, սա էլ ա ուզում մարդի վախացնի։ Փա՜ռք քե՛զ, զկեռ... Վեր կենամ ըռադ ըլիմ, սրա արյունը չընկնեմ... Ով գիտի՝ իրա մոր մինուճարն ա... Է՜հ, ես էլ ինչ եմ ասում... Ով գիդի ո՜ր թոկից ա փախել, թե լավ մարդ ա, ինչի՞ իրանց տանը չի կենում...
Այսպես ինքն իրան երկար մրմռալով՝ Պողոսը վեր առավ հրացանը և ուզեց դուրս գնալ, որ մի անակնկալ տարաբախտության պատճառ չդառնա, բայց Արությունը, որ արդեն զղչաց իր անհամբերության համար, չուզեց թույլ տալ նրան և կանչեց հետևից սպառնալով՝
— Է՜հ, ախմախ Լոռի, արի նստի տեղդ, թե չէ՝ մի գյուլլա ա՝ քու ջանը...
— Հա՜-հա՜-հա՜...— քրքջաց Պողոսը։
— Տո քու գյուլլիցն ո՞վ ա վախում, իմ գյուլլեն քոնիցը պակաս ա՞... քաջքերդ...
— Արի նստի, արի. ես քաջքեր չունեմ... Ես քեզ խոսք եմ ասում, քու լավությունն եմ ուզում, դու ինձ ասում ես՝ էշ ես...
— Բա ինչի՞ դու ինձ արջ ես ասում, դու որ ինձ չասես, ես էլ քե՛զ չեմ ասիլ։ Քու աչքիդ գերանը դու չես տեսնում իսկի...
— Լա՛վ, լա՛վ, արի նստի։ Քեզ հետ մարդ չի բարըշիլ։ Էս ա քանի ամիս ա մըտեղ հաց ենք ուտում, դեռ մին մինի չոռ չենք ասել. էդ քու հունարը չէր, իմ հունարն էր։ Ես էլ որ քեզ նման ըլեի, պիտի ամեն օր ըսենց կռվեինք։ Ես էլ չեմ ուզում ըստեղ մնալ. էգուց պիտի գնամ քաղաք։ Դու մի ձի կքրեհես կգաս պախրեն կտանես։
— Քաղաք ինչի՞ ես գնում, ուզում ես մորթիքը տանես ընտեղ ծախե՞ս։
— Չէ՛, մորթիքը քեզ ըլին, դիփ էլ, ես քեզանից փայ չեմ ուզում, փեթակնին էլ դիփ քեզ ըլին...
— Հը՜մ... Խռովեցիր հա՞... — Ի՞նչ խռովելու բան ունիմ. բալքի դու ես խռովել, էնդուր ես ըտենց ասում, արի բարըշենք, արի... Մին մինի բախշենք...
— Արի բարըշե՜նք, ի՞նչի դու չես գալիս ինձ մոտ, թե որ՝ բարըշիլն ուզում ես... Ուզում ես, որ ես գամ քո ոտքը՜... Դու ինքդ վեր կաց արի ինձ մոտ, ասա մեղա աստծու, հետո ես քեզ կասեմ...
— Դե որ ըտենց ա, ոչ դու արի ինձ մոտ, ոչ ես քեզ մոտ։ Դու էլ վեր կաց, ես էլ։ Դու դեպի ինձ արի, ես դեպի քեզ։
— Դե լավ, ըտենց անենք, ղարաբաղցին անկոտրում կըլի։ Էս մի ոտ... Դե մի ոտ էլ դու առաջ դիր... Էս էրկու ոտ... Հիմի մեկէլ ոտըդ փոխի... էս իրեք... դե ասա՝ մեղա աստծու...
— Ինչի՞ առաջ դու չես ասում...
— Չե՛, առաջ դու պիտի ասես.
— Չէ՛, դու պիտի ասես...
— Ո՛չ դու, ոչ ես, մըտեղ ասենք...
— Մըտեղ ո՞նց ասենք, դե դու ասա, ես էլ քեզ հետ կասեմ...
Վերջապես «մեղա աստծու» ասելը գլուխ չի գալիս։ Սերտ սիրով գգվում են միմյանց և համբուրում իրար շրթունքից և հետո լուռ ու մունջ իրանց տեղերը նստում — մեկը խարույկի այս կողմին, մյուսն՝ այն, մի հոգեկան անդորրություն և երանական զվարճություն զգալով․․․
— Արութին, քաղքումն ի՞նչ ունիս, որ ուզում ես գնաս,— խոսեց վերջապես Պողոսը։
— Ընտեղ ընկերնի ունիմ, պիտի գնամ տեսնեմ։
— Ընկերնիդ ի՞նչ են շինում ընտեղ...
— Վարժապետ են, էրեխեք են կարդացնում։
— Բա ասում ես ընկերնի՛ ունիմ... Վարժապետ...էրեխա...
— Զարմանում ես հա՞․․․ Մի՛ զարմանալ։ Ես էնքան կարդալ գիտեմ, որ ձեր տերտերը իմ կեսի կեսի ղադամ չի գիդում...
— Հա՜ ա՞... Դե ըտենց կասեիր է՜․․․ Հը՜մ․․․
— Ինչի՞ ես «հը՜մ» անում․․․
— Դե ասում են՝ շատ կարդացողը կգժվի, ես էլ․․․
— Մի՛ հավատալ, շատ կարդացողը չի գժվիլ, քիչ կարդացողը կգժվի․․․
— Բա մեր տիրացուն ինչի՞ չի գժվում, ասում են քիչ ա կարդացել։
— Էնդուր չի գժվում, որ հենց իմանում ա, թե շատ ա կարդացել, որ գիտենար, թե քիչ ա կարդացել, կգժվեր․․․
— Յանի դրուստ ես ասո՞ւմ, դու գրի սևն ու սպիտակը ջոկում ե՞ս... ես չեմ հավատում...
— Ինչի՞ չես հավատում.
— Դե մեր գեղումն ով որ կարդալ գիտի, էլ մորթ չի անում, ասում ա՝ մեղք ա. շնահորսն էլ չեն ուտում, ասում են՝ հարամ ա...
— Դրանք սարսաղ են, ի՞նչ են գիտում մեղքը որն ա, վարձքը որը։ Բա ինչի՞ ուրիշի մորթածն ուտում են. դիփ մեկ չի՞, թեկուզ գողացած, թեկուզ գողի հետ մըտեղ կերած։ Դրանց գլխումը խելք չկա, ինչ որ ըղորթ ա, էն դրանց համար սուտ ա, ինչ որ սուտ ա, էն ըղորթ...
— Դու շատ դրուստ ես ասում, Արութին... Էլ դրանց խոսքին ես չեմ հավատալու։
— Ընչի՞, թե որ ըղորթ բան կասեն, յա մի խելքը կտրելու բան, հավատա։
— Դե ես ի՞նչ եմ գիտում ըղորթը ո՞րն ա, սուտը՝ որը։ Երկու տարին, յա թե չէ՝ երեք տարին մի հետ անջախ եմ ժամ գնում։ Գնացած վախտս էլ՝ մնում եմ պլշած, զարմացած, մտքումս ասում եմ՝ յարաբ էս ի՞նչ են անում, ի՞նչ են ասում։ Մտիկ եմ տալիս ուրիշներին, երբ որ նրանք ծունդր են դնում, ես էլ եմ ծունդր դնում, էրեսիս խեչահանելն հո դրուստ չեմ գիտում... Աղոթքներիցն էլ մի էն եմ գիտում, մին էլ տեր ողորմյան։ Էդ երկուսն էլ էնդուր եմ սովորել, որ դրանցից շատ են ասում։
— Տեր ողորմյան շատ կասեն՝ էն էլ մեծ պասին, ևը շատ չեն ասիլ...
— Ի՞նչ ես ասում, Արութին, մեր տերտերը հենց և ա, որ ասում ա, և հա և, և հա և...
— Ում աչքերը որ գիրը տարած ա ըլում, նրա աչքին մենակ ևերն են երևում։ Հալբաթ ձեր տերտերի աչքերն էլա գիր տարել, չունքի շատ կըլի կարդացած․․․
— Հա՜... Նրա աչքերին չեշմակ էլ կա... Շատ չար տերտեր ա։ Մի հետ մի լավ չափալախ տվավ տիրացվին. փուչ կենդանի, ասում ա, նշանն ո՞ւր ա, ինչի՞ ես հանել։ Ախր գրքերի արանքներումը թղթի կտորներ են դնում, նրանց նշան են ասում, Արութին, դու էդ գիտե՞ս...
— Գիտեմ։
— Դու սուտ ես ասում, Արութին, չես գիտում։ Թե որ դու կարդալ ես գիտում, ապա ասա, էն զադի անումն ի՞նչ ա, էն որ գիրը դնում են վրեն, կարթում․․․
— Նրան կասեն գրքակալ․․․
— Հա՜, գրքակալ, գրքակալ... Էդ գրքակալի անումն ոչով չի գիտում, ես էլ մեր տիրացվիցն եմ իմացել... Չէ՛, լավ գտար։ Արութին, դու որ ըդենց լավ կարդացող ես, բա ինչի՞ մի օր մեր ժամը չես գնում։
— Մենք հենց ամեն քշեր էլ ժամերումը չենք ըլո՞ւմ․ հրես էս ժամը չի՞։ Պողոս, հիմի քու խելքովդ, աստոծ մեծ կըլի, թե՞ էս ժամը...
— Հալբաթ աստված մեծ կըլի․․․
— Աստված որ ժամիցը մեծ ըլի, էլ կկա՞րա ժամումը տեղավորվիլ...
— Բա դու չես տեսե՞լ ժամի աստվածը...
— Էն աստծու պատկերն ա, ինքը հո չի։ Աստված շատ մեծ ա, շա՜տ է՜, շա՜տ... նրա պատկերը ոնց որ ժամումն ենք դնում, որ ամեն մարդ տեսնի, ընենց էլ պետք ա մեր սրտումը, մեր մտքումը ըլի։ Մեր սրտումն ի՛նչքան մեծ բան ասես, կտեղավորվի։ Երբ որ աստված մեր սրտումը կըլի, նա միշտ մեզ հետ կըլի, էլ ոչ մենք նրան ման կգանք, ոչ էլ նա մեզ։ Հիմի դու է՛ս ասա, մեկ մարդու սիրտը որ իստակ չըլի, էլ ընտեղ աստված կկենա՞։
— Դու էդ ինչե՞ր ես ասում, խոր-խոր տեղերից ես խոսում։ Արութին, դու էն մեծ գիրը կարդացե՞լ ես, էն որ ասում են՝ ինչ ասես՝ միջին կա. ով որ, ասում են, էն դիփ կարդացած ըլի, կգժվի։
— Ես էն չիմ (դիփ) կարդացել եմ, Պողոս․․․
— Ի՞նչ ա ասում...
— Հավատա՛։
— Դու բալքի չես գիտում, թե ես ո՛ր գիրքն եմ ասում։ Նա մեծ ա է՜, շատ մեծ։ Մեր տիրացուն որ խտտում ա, անջախ ա տանում ժամ, էնքա՜ն ծանդր ա։ Աշխարհքիս տակին ինչքան որ սրբեր են ըլել, բաներ են ըլել, չիմ էլ նրա միջին գրած ա։
— Գիտեմ, գիտեմ, ես էն դիփ կարդացել եմ։
— Բա որ կարդացել ես, ինչի՞ բա մի օր էլա նրա միջի սրբերիցը մի բան չասեցիր։
— Դե հիմի արի ասա էլի՛... Միտքս վրես չէր, թե չէ՝ քեզ շատ բան կպատմեի։ Քո ուզած սրբերի տեղակ ես քեզ կպատմեի մեր ղոչաղ պապերիցը, որ իմանայիր, թե մենք ո՞վ ենք, ի՞նչ ազգ ենք ըլել ու հիմի ի՞նչ օր ենք ընկել։
— Դե հիմի ըլի, մի երկու բան էլա ասա, որ մտքումս պահեմ, էլ քեզ մտիցս չգցեմ։
— Հիմի ի՞նչ ասեմ, Պողոս։ Հիմի միայն էնքան կասեմ, որ մենք հա՛յ ենք, հա՛յ։ Ինչքան որ հայեր կանք, դիփ էլ ախպեր ենք, դիփ էլ մի հորից ու մի մորից ենք բհամ եկել։ Մեր պապի պապի, նրա էլ պապուպապի անումը Հայկ ա՛ ըլել, էնդուր ենք մենք հայ ասվում։
«Մեր պապ Հայկը էնպես մի քաջ տղամարդ ա ըլել, որ իր որդոց ու թոռների հետ հազար հազար մարդի հետ ա ըլել կռվելիս։ Էնքան ջանով ա ըլել, որ նրա նետ ու աղեղը տասը մարդ կարալիս չի ըլել տեղիցը ժաժ տալ։ Նա մի դուշման ա ունեցել, անումը Բել։ Էս Բելն էլ էնքան աժդահա, էնքան ջանավար մի մարդ ա ըլել, որ էն ժամանակին ինչքան մարդիկ են ըլել աշխարհքիս վրա՝ չիմնին էլ իր ձեռքի տակն ա հավաքել, դիփունանքն էլ նրան գլուխ են վեր բերել, ասել են՝ «Մեր աստոծը դու ես որ կաս, ուրիշ աստոծ չենք ճանաչում»։ Մեր պապ Հայկը նրան գլուխ չի վեր բերել, ասել ա՝ «Դու շուն ես, դու աղվես ես, դու ո՞վ ես, ի՞նչ ես, որ ես քեզ գլուխ ցեր բերեմ»։
«Բելը բարկացել ա, անհամբարք ղոշուն ա հավաքել ու գնացել, որ մեր պապ Հայկին սպանի։ Արևի՜ն մատաղ մեր պապ Հայկի. ասել ա՝ «Տղերք ջան, ղոչաղ կացեք, իմ անումը չկոտրեք, ես դրա ջամդաքը էսօր ղուրդ ու ղուշի փայ կշինեմ»։ Հենց ըտենց էլ արել ա։ Հավաքել ա իրա տղոցն ու թոռներին, գնացել ա Բելի անհամբարք ղոշունի առաջը կտրել։ Իրա նետ ու աղեղը որ զլել ա, վրա արել, նետը գյուլլի նման ղժժալով Բելի սրտին ընենց ա դիպել, որ պղնձով ծածկած դոշի միջովն անց ա կացել, մեջքովր դուրս եկել։ Աժդահա Բելը պառա¬ ված աճար քոլ նման ճռճռալով, գլորվել, վեր ա ընկել, սատկող հավի նման կլափին տալով շունչը փչել։
— «Դե՜, հիմի հասե՜ք, տղեք ջան,— ձեն ա տվել մեր պապ Հայկը,— դե հիմի հասեք էդ անիծածներին կոտորեցեք, որ էլ մեր աշխարհքումը ոտը չդնեն»։
«Բելի ղոշունը որ տեսնում են իրանց պաշտած աստծուն սատկացրած՝ դողում սարսափում են։ Հայկի ասլան տղերքն ու թոռները որ հասնում են, ընկնում նրանց մեջը, ոչխարների նման ջարդում, նրանք երեսները շուռ են տալիս փախչում։ Էդ օրվանից դեսը էլ ոչով չի համարձակվում մեր աշխարհքի վրա կռիվ գալ, Հայկի անունն էլ մըհրվում ա մեզ վրա ու մեր աշխարհքի վրա, մենք ասվում ենք հայ, մեր աշխարհքն էլ Հայաստան»:
— Բա՜հ, նրա արևին մատաղ, հրեն տղամարդն է՜։ Մենք էլ պիտի ասենք մարդ ենք էլի, փափախ ունենք գլխներիս։ Բա հիմի խի՞ ենք ըսենց վատացել, Արութին, բա չենք ամանչո՜ւմ։
— Էնդուր ենք վատացել, փչացել, կնիկ դառել, որ մեր պապին թողած, բելերին ենք պաշտում, ըղորթը թողած, մեզ սուտ բաներ են քարոզում։ Ընչի՞դ ա պետք, դու հիմի իմացար, թե ինչ մարդ ա ըլել մեր պապը։ Ով որ իր պապին չքաշի, նրա նման չըլնի, նա՛ պետք ա նրա հալալ թոռը չըլի։ Թե որ սաղ կմնամ, մեկ օր էլ կպատահենք մին մինի, էն վախտը էսպես բաների վրա շատ կխոսենք։ Ասած ա՝ «Սար սարի չի ռաստ գալ, մարդ մարդի ռաստ կգա»։ Դու ղոչաղ կաց, մենք հետո շատ բաներ կանենք։
— Քու բերանին մատաղ, Արութին։ Ասած ա, «Առաջին տեսնելիս, ընկեր, վրա էրկուսին՝ ախպեր»։ Մեկ էլ որ գաս, իմ ախպերը կըլես, իմ ախպորս անունն էլ էր Արութին, էնդուր ա իմ մերը քեզ որդու նման սիրում։ Ողորմած հոգին հարյուր թուրքի չէր ասիլ, թե աստված ա ստեղծել. թե որ նրա անունը մտքիցս կընկնի, քու անումն էլ կընկնի։ Հիմիկուց դենը դու իմ ախպեր Արութինն ես։
— Մենակ ես չեմ քո ախպերը, ինչքան որ հայեր կան, դիփ էլ մեր ախպերքն են, քու մերն էլ իմ մերն էլ ա, դիփունանց մերն էլ։ Պողոս, դու նրա սիրտը մխիթարի, պատիվը պահի, Քու օրումը նրան մի քաղցր խոսք չես ասած, մի անգամ նրա սիրտը չես շահած, էդ լավ չի, Պողոս, լավ չի, աստված չի վեր կալնիլ, կբարկանա գլխիդ։
— Հավատա, Արութին ջան, հենց հիմի գնամ թե չէ, պիտի մորս ծծերիցը պաչեմ, մեղա ասեմ. էլ իմ օրումը նրան չոռ չեմ ասիլ. միշտ «ջանով» կխոսեմ։ Խեղճը կզարմանա, կասի՝ «Էս ոնց էլավ, որ ըսենց էլավ»։ Հալալ ըլի քու կերած կաթը, Արութին ջան, իգիթ ես, իգիթ...
— Դե լա՛վ, շատ մի գովի։ Էնքան խոսեցինք որ լուսացավ։ Դե, մնաս բարով, ես գնում եմ։
— Գնաս բարով, քե մատաղ,— ասաց Պողոսը և նրա աչքերը լցվեցին արտասունքով։ Մեր տղեքը համբուրեցին միմյանց. Արությունը հեռացավ ուրախ զվարթ, իսկ Պողոսն ընկավ խոր տխրության և մտածության մեջ։
— Ո՞վ էր սա, ո՞րտեղից եկավ. ինչո՞ւ եկավ. ինչո՞ւ բաժին չստացավ մեր աշխատանքից. և սրա նման շատ հարցումներ արավ ինքն իրան Պողոսը և վերջն այն եզրակացության եկավ, որ Արութինը մի անգին գյուտ էր իր համար, բայց ինքը չիմացավ նրանից օգուտ քաղել բարոյապես։ Այս դեպքից հետո Պողոսի մտածության եղանակը փոխվեց, նա սկսեց երևակայել իրան մի այլ աշխարհ, և միշտ կարոտով սպասում էր Արությունին, որ նա գա և մտցնե նրան այդ նոր աշխարհը։ Արությունն այլևս չհանդիպեց Պողոսին. բայց նրան հանդիպեցին Արությունի նման մարդիկ, որոնք հետզհետե ծնունդ առան և ժամանակակից լուսավոր մտքերը տարածեցին մեր երկրի մութ ու մոռացված խորշերում և անկյուններում։
1866