Արջի ծառայություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոգևոր Հայաստան Արջի ծառայություն

Վահան Տերյան

Պատասխան Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյին

[ 119 ] 10. ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն,
նպատակ ունենալով ծանոթացնել ռուս
հասարակության լայն խավերը Հայաստանի
անցյալի և ներկայի հետ, խնդրում
է բոլոր ցանկացողներին ուղարկել
իրանց հոդվածները բյուրոյին՝ զետեղելու
համար ռուսական մամուլի օրգաններում:
(«Մշակ» № 281, 1914 թ.)

Ռուս-թուրքական պատերազմն սկսվեց-չսկսվեց, մայրաքաղաքների ամբողջ ռուս մամուլը հեղեղվեց հայության վերաբերվող հոդվածներով, ինտերվյուներով, անկետներով ու լուրերով։

Ռուս մամուլը, որ մինչև այդ մի՝ միանգամայն դատապարտելի անտարբերություն էր ցույց տալիս դեպի կովկասյան ազգերը և նրանց գոյության ամենակարևոր ու հրատապ խնդիրները, հանկարծ կարծեք թոթափեց իր վրայից այդ արհամարհանքով լի անուշադրության ծույլ մշուշն ու մի պահ իր ամբողջ ուշքն ու հետաքրքրությունը դեպի մեր հայրենիքն ուղղեց։

Օրվա գլխավոր հերոսը հայերն էին։

Սակայն հայերին հետևեցին վրացիները և նույնիսկ թուրքերը:

Մամուլը միանգամից կարծեք թե մի տեսակ անսահման համակրությամբ տոգորվեց դեպի Կովկասի բազմալեզու ցեղերն ու ազգերը և խոսեց նրանց մասին մի անսովոր ու ներշնչուն ոգով:

Մանավանդ հայերի մասին գրվում էր մի առանձին խանդով ու սիրով։

Թվում է, թե պետք է սրտանց ողջունել այդ ուրախալի երեվույթը և ամեն կերպ աշխատել, որ հարատև լինի նա։

Սակայն ի մոտո ծանոթանալով գործին դուք կտեսնեք, որ ուրախանալու բան շատ քիչ կա։

Պետք է ամենից առաջ շեշտել այն հանգամանքը, որ հայության մասին խոսողները գրեթե բոլորը իրանք հայերն էին։

Խոսքս այն հայերի մասին չէ, որոնք մշտապես աշխատում են ռուս մամուլի մեջ, ինչպես, օրինակ, Ջիվիլեգյանը և ուրիշները, խոսքս այն հայերի մասին է, որոնք «րոպեապես» պուբլիցիստ [ 120 ] Էին դարձել՝ հայկական հարցին ծառայելու ջերմ փափագով տտգորված։

Ես չէի կամենա ենթադրել, որ այստեղ եղել են այլ դրդապատճառներ։

Անշուշտ այդ բոլոր պարոնները կամենում էին «ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի և հայերի անցյալի ու ներկայի հետ ծանոթացնել» և դրանով որոշ չափով ծառայած լինել իրանց դժբախտ հայրենիքին ու հայրենակիցներին։

Կարծում եմ, իհարկե, որ նույն զգացումով տոգորված էին և այն վրացիները, որ չկամեցան ետ մնալ այդօրինակ հայ հայրենասերներից և նույնպես ասպարեզ եկան ռուս մամուլի էջերում։

Ես ըստ կարյաց չափու հետևում էի այդ հոդվածներին և տեղեկություններին և ի վերջո համոզվեցի, որ այդ պարոնները, գուցե հակառակ իրանց ցանկության՝ միայն արհամարհանք կարող են զարթեցնել դեպի մեզ իրանց հոդվածներով ու տեղեկություններով։

Հայ մամուլի մեջ միանգամայն իրավացի կերպով բողոքեցին այդ պարոններից մեկի դեմ, որ «Речь» նման ազդեցիկ թերթում պետեղել էր «Ախումով» ստորագրությամբ մի հոդված, որից պարզ երևում էր, որ հեղինակը միանգամայն անտեղյակ է այն բաներից, որոնց մասին գրում է։

Հայ մամուլում այդ հոդվածի դեմ բողոքողները դա ամենայն իրավամբ «արջի ծառայություն» էին անվանել։ Իհարկե, կարելի էր մեղադրել և այն խմբագրությունները, որոնք տպում են այդ ամենը, սակայն ի՞նչ արած, ինչպես վերևն ասացի, ռուս մամուլը մեզանով այնքան լի հետաքրքրվում, որ առանձին խնամքով և ուշքով վերաբերվի դեպի մեզ վերաբերվող իրան առաջարկված նյութը։ Իհարկե, որևէ ռուսական հարցի վերաբերող հոդված նա չի անցկացնի այդպիսի հեշտությամբ. ինչո՞ւ ռուսական, նույնիսկ լեհական, ուկրաինական հարցերի վերաբերմամբ այդպիսի անիմաստ ու հաճախ զավեշտական հոդվածներ երբեք իրան թույլ չի տա ռուս մամուլը տպելու իր էջերում։

Եվ այդ ամեն տեսակ հոդված տպելն էլ արտահայտություն է այն արհամարհոտ և անուշադիր վերաբերմունքի դեպի Կովկասն ու մասնավորապես հայերը, որով տոգորված է ամբողջ ռուս մամուլը։ [ 121 ] «Ծանոթացնել ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի անցյալի և ներկայի հետ» — անտարակույս սա մի և կարևոր, և ազնիվ գործ է, սակայն ամենից առաջ նրանք, որ կամենում են այդ ազնիվ ու կարևոր գործը կատարել, պիտի իրանք ծանոթ լինեն Հայաստանի անցյալին ու ներկային, սա մի տարրական պահանջ է։ Մինչգեռ մինչև այժմ ռուս մամուլի էջերում լույս տեսած հոդվածների ճնշող մեծամասնությունը հակառակն է ապացուցանում ։

Այն մարդիկ, որ ուզում են այդ ազնիվ գործն անել, իրանք չգիտեն ոչ Հայաստանի անցյալը, ոչ ներկան։

Ահա այդ պարոններին պետք է խորհուրդ տալ, որ նախքան ուրիշներին մի բանի ծանոթացնելը՝ իրանք իրանց ճանաչեն, քննեն իրանք իրանց և տեսնեն, թե ի՛նչ գիտեն և ի՛նչ չգիտեն, և ծանոթացնեն մարդկանց միայն այն բաներին, որ իրանք գիտեն։

Հակառակ դեպքում պետք է կասկածի ենթարկել նրանց հայրենասիրական ոգևորությունը, կամ ենթադրել, որ այդ մարդիկ միանգամայն կուրացած են իրանցով։

Հայության գիտակից բարեկամները երբեք չպիտի ուրախանան՝ կարդալով ռուս մամուլի էջերում սխալ ու սուտ տեղեկություններ Հայաստանի անցյալի և ներկայի վերաբերմամբ։ Այդ հայրենասեր պարոններին պետք է խնդրել, որ մի ուրիշ՝ ավելի արդյունավետ գործադրություն գտնեն իրանց եռուն ուժերի և ջերմ հայրենասիրական ոգևորության համար։

Այսօր կարդացի «Մշակ»-ում Մոսկվայի հայ ուսանողական բյուրոյի նամակը, որով նա հայտնում է, որ «Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, նպատակ ունենալով ծանոթացնել ռուս հասարակության լայն խավերը Հայաստանի անցյալի և ներկայի հետ, խնդրում է բոլոր ցանկացողներին ուղարկել իրանց հոդվածները բյուրոյին՝ զետեղելու համար ռուսական մամուլի օրգաններում...»:

Ի՞նչ է նշանակում այդ «բոլոր ցանկացողներին» դիմելը։

Կարծեք Հավլաբարի միկիտանի մի ցուցանակ կարդացի «Համեցեք — Распивочно и навынос!»...

Ես կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք կամենում են և կարող ես (դա է գլխավորը, կամենալը դեռ քիչ է, ընկեր-ուսանողներ) առանց ուսանողական բյուրոյի էլ կանեն իրանց գործը, իսկ նրանք, որոնք կարոտ են այդ ուսանողների պրոտեկցիային, լավ [ 122 ] Է իրանց տեղերում հանգիստ նստեն և Հայաստանի ոչ անցյալը վիրավորեն իրանց տգիտությամբ, ոչ ներկային վնասեն իրանց արջի ծառայություններով։

Իսկ հայ ուսանողությունը պետք է միշտ հիշե՝ «Врачу, исцелися сам!»... Պետք է լավ հիշե այդ...

Նախքան ուրիշներին «ծանոթացնելը»՝ բյուրոն թող ուսանողության մասին հոգ տանի։ Ես, իբրև Մոսկվայի նախկին ուսանող, շատ լավ գիտեմ, թե որքա՛ն կարիք ունի Մոսկվայի հայ ուսանողությունը մի այդպիսի հոգացողության։

Բավական է մատնանշել թեկուզ այն հանգամանքը, որ հայ ուսանողության այդ ամենախոշոր հատվածը իր ճնշող մեծամասնությամբ ոչ հայ գրքի, ոչ էլ հայ լրագրի երես է տեսնում (ինչպես և մյուս քաղաքների ուսանողները), էլ չեմ խոսում հայերեն չիմանալու մասին...

Ահա այդպիսի՝ ուսանողության ներքին, կուլտուրական֊ազգային կարիքների վրա պետք է հրավիրել ոչ միայն ուսանողական բյուրոյի ուշադրությունը, այլև Մոսկվայի գիտակից ինտելիգենցիան:

Պետք է վերջապես ըմբռնել, որ որքան և ծանր լինի ներկա րոպեն, որքան էլ խոշոր մեր աչքի առջև կատարվող գործը է այնուամենայնիվ նրանք, որոնք կռվի դաշտում չեն, պետք է մտածեն և մեր վաղվա մասին, պետք է հասկանան, որ այսօր չի վերջանում ազգաշինության խոշոր ու վեհ գործը։

Այդ գործի համար մեզ միշտ հարկավոր են կարող և գիտակից ուժեր, մեզ հարկավոր է ներքին անդրդվելի կամք ու զորություն։

Եվ այդ ազգային գործի համար այսօր էլ պիտի հոգան ավելի ու ավելի մեծ եռանդով նրանք, որոնք այսպես թե այնպես նյութական մասնակցություն չունեն ներկա անցքերում։

Ինչ ոգևորությամբ որ մեր ուսանողների մեծ մասը դիմեց կռվի դաշտը, նույնպես պետք է ոգևորվի իր մտավոր-կուլտուրական զինվորությամբ հայ ուսանողությունը, պիտի ներշնչվի նույն հզոր կամքով ու սիրով, և դա կլինի նրա լավագույն նվերը մեր հայրենիքին, որ այնքան կարոտ է ազնիվ և կարող կուլտուրական ուժերի։ [ 123 ] Այդպես պետք է ըմբռնի իր միսիան կռվի դաշտից հեռու հայ երիտասարդ մտավորականությունը։

Իսկ այն բարի նպատակը, որ դրել է իրան Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, վեր է նրա ուժերից, նրա կարողությունից, դրան ապացույց, որ նա դիմել է «բոլորին, ով ցանկանում է» հոդվածներ ուղարկելու։

Այդ գործի համար, որ և կարևոր է, և այժմեական, հարկավոր են ավելի կարող և փորձառու ուժեր և ավելի հեղինակավոր մարմին, որը, իհարկե, կարիք չի ունենա դիմելու «բոլորին, ով ցանկանում է»: