Jump to content

Արջի քոթոթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

30․ ԱՐՋԻ ՔՈԹՈԹԸ

Ըլնում ա, չի ըլնում մի տերտեր։ Էս տերտերը էնքամ ղվաթով ա ըլնում, որ ամեն օր գեղի ժամը շալակում ա, տանում մեջեն, ընդե աղոթք անում, էլ եդ բերում դեղը։

Մի օր էլ ըսենց ժամը շալակն տարել էր մեշեն[1] մի Արջի քոթոթ ռաստ էկավ. հարցրեց, թե էս ժամը խի՞ ա բերե։

Տերտերն ասեց.— Բերել եմ, միջին աղոթք անեմ։

— Բա՛ս որ ըտենց ա[2],— ասեց Արջի քոթոթը,— որ դու էդքամ զոռով ես, արի իրար հեննա կոխ պրծնենք. ով ում գեննովը տա՝ նա նրան ուտի։

Տերտերն ասեց.— Լա՛վ, արի կոխ պրծնենք։

Արջի քոթոթն ու տերտերը կոխ պրծան։ Արջի քոթոթը վե կալավ տերտերին գեննովը տվեց. ուզում էր նրան թիքա-թիքա անի՝ տերտերը աղաչանք-պաղատանք, թե.— Ա՛սսու սիրուն, ինձ մի՛ ուտի. ես քեզ կտանեմ մեր տունը՝ լավ կպահեմ, մուղաթ կկենամ։

Արջի քոթոթն էլ ռազի էլավ ու տերտերի հեննա էկավ գեղը։

Արջի քոթոթը տերտերի տանը էլ հաց չթողաց՝ կերավ, խեղճ տերտերը սրա ձեռիցը չէր իմանում ի՞նչ անի, դվո՞րն էթա: Վերջը, միտք արեց, որ տանի իրանց թագավորին փեշքաշ անի, բալի նրա ձեռիցը պրծնի, թե չէ իրանց տաշտ ու մազը կկապի, տանը էլ զադ չի թողա՝ կուտի, կհատացնի։

Տերտերը ըսենց էլ արեց. վե կալավ Արջի քոթոթը տարավ թագավորին փեշքաշ: Թագավորն էլ առավ, հավեսի խաթեր պահեց: Համա մի քանի օրեն եդը տեհավ, որ՝ չէ՛, էս արջի քոթոթը իրա տանը կքանդի, ինչքամ տալիս են, ասում ա. «Սոված եմ»․ միտք արեց, որ մի դհով կորցնիլ տա:

Թագավորը իրա նազիր-վեզրին ասեց, որ մի ջադուքյար պառավ կանչիլ տան, բալքի նա՛ սրան մի ճար անի։ Գնացին մի պառավ կնիկ բերին։ Թագավորը հարցրեց, թե էնթավուր տեղ չի՞ գիտա, որ էս Արջի քոթոթին ղրկեն, էլ եդ չգա։

Պառավն ասեց.— Թագավորն ապրած կենա, խի՞ չեմ գիտա․ օխտը սարի քամակին մի մեշա կա, դրան որ ղրկես էն մեշիցը ցախ բերի՝ էլ եդ չի գա. ընդե քառասուն աղպեր դևերը[3] դրա մենծ թիքեն անկաջը կթողան:

— Լա՛վ,– ասեց թագավորը։ Կանչիլ տվեց Արջի քոթոթին, ասեց.— Պտի էթաս, օխտը սարի քամակին մի մեշա կա, ինձ հմար ընդիան հարիր սել ցախ բերես՝ պետքն ա։

— Ջո՛ւխտ աչքիս վրա,— ասեց Արջի քոթոթը,— ինձ հարիր սել տո՛ւ, իրա սելվորներովը, ճամփի պաշար՝ նրանից դենը ցախ բերիլը իմ շլնքին:

Արջի քոթոթը ինչ ուզել էր ճամփի հմար, թագավորը տվեց ու ճամփու դրեց։ Էս մեր Արջի քոթոթը հարիր սելը աղաքն արած՝ հազ ասելոն, քեֆ անելոն էր ճամփա էթում։ Գշերը որդե մթնում էր՝ վեր էր գալի, կրակ անում, սելերի եզներից մինը մորթում, էփում՝ սելվորների հեննա ուտում, սելն էլ մեկել սելերի քամակիցը կապում՝ էլի էթում: Ընենց որ ընչանք մեշի ղրաղը հասան, Արջի քոթոթը հարիր սելի եզներն էլ կերել, հատացրել էր. մնացել էր մի հատ, ըտ էլ ըստե մորթեց, կերակուր արեց՝ կերան։

Քառասուն դևը տեհան, որ մեշի ղրաղին մի մուխ ա բանձրանում. մնացին զարմացած, թե էս ո՞վ պտի ըլնի, սիրտ ա արե էկե էս դհերանքը, որ ղուշն իրա թևովը, օձն իրա պորտովը ընչանք հմի չեն կարացէ ոտ դնի։ Դևերի մենծ աղպերը պուճուր աղպորը ղրկեց, տենա էն ի՞նչ ծուխ ա վեր ըլնում մեշի ղրաղին։

Պուճուր աղպերը գնաց, տեհավ մի Արջի քոթոթ, հարիր մարդ՝ կրակի չորս բոլորը նստոտել են, կերակուր են ուտում։ Հեռվից ձեն տվեց.— Ի՞նչ մարդ եք, որ էս բեվախտին էկել եք մեր մեշի ղրաղին կրակ արե. ինս եք, ջինս եք, ջանավար եք՝ թեզ ձեն հանեք, թե չէ ձեզանից մինն էլ ա սաղ չի պրծնի դև աղպորտանց ձեռիցը:

Արջի քոթոթը դհա կատաղեց.— Դեռ հլա դու մի աղաք արի, տենանք ի՞նչ ջանավար ես, որ հեռվից ըտենց մենծ-մենծ փրթում ես, եննա կիմանաս, թե մենք ի՞նչ մարդ ենք։

Դևը մոտկացավ կրակին թե չէ, Արջի քոթոթը ձեռի գաղտնակովը մի դըրբ որ չտվեց՝ էն սհաթին դևը շշմեց վեր ընկավ։ Արջի քոթոթը տարավ սրան սելիցը պարանով կապեց, որ չըլնի թե փախչի, ինքն էլ եդ էկավ իրա հացը կերավ։

Մենծ դևը տեհավ, որ պուճուր աղպերը եդացավ, չէկավ՝ մեկել աղպորը ղրկեց, տենա խի՞ եդացավ։

Արջի քոթոթը սրա գլխին էլ էն օղիեն հաղաց, տարավ աղպոր կողքին՝ սելիցը կապեց։ Մի խոսքով, գլխներդ ինչ ցավացնեմ, ըսենց երեսունը իննը դևին էլ ջերկուն իրար կշտի կապռտեց։

Մենծ դևը տեհավ, որ իրա աղպրտինքը գնացին, էլ եդ չէկան վերջը ինքը վե կացավ, կատաղած, փրփրած գնաց տենա՝ էս ի՞նչ խաբար ա, որ նրանք էսքամ ետացան։

Գնաց տեհավ իրա աղպրտինքը՝ երեսունը ինն էլ սելիցը ջերկուն կապռտած են. կրակի ղրաղին մի Արջի քոթոթ, հարիր մարդ նստոտած՝ հաց են ուտում։ Հարցրեց.— Ի՞նչ մարդ եք, էս վախտին ըստերանք ի՞նչ եք շինում։

Արջի քոթոթը ձեն, ծպտուն չհանեց, քաշեց դագանակը սրան էլ մեկել աղպորտանց հացին հասցրեց, տարավ նրանց կողքին կապեց։

Առավոտը որ լիսացավ թե չէ, Արջի քոթոթը հրամայեց քառասուն դևին էլ, որ էթան մեշիցը իրանց ձեռովը ցախ կտրեն՝ բերեն սելերը բարձեն։ Դևերը վրա պրծան մեշին. մի սհաթումն էնքամ ցախ կտրատեցին, որ հարիր սելը բարձեցին՝ դեռ հլա ավելացավ էլ։ Արջի քոթոթը հարիր սելն էլ իրար եննուց կապոտեց, քառասուն դևին աղաքի սելիցը լծեց, ինքն էլ ճիպոտը ձեռն առավ, նստեց սելը՝ քշեց: Ըստիան ընչանք թագավորի երկիրը, որ վեց ամսեն ճամփա էր, դևերը մի ամսում էկան:

Խաբարը տարան թագավորին, որ Արջի քոթոթը գալիս ա: Թագավորը մնաց շվարած, թե էլի պտի գա, իրան գարգավարամ անի: Էն սհաթը հրամայեց էն ջադուքյար պառավին քյալլա անեն, որ սուտ դուս էկավ, Արջի քոթոթին էնթավուր տեղ ղրկիլ տվեց, որ էլ եդ էկավ:

Արջի քոթոթը բերեց սելերը դարդկեց թագավորի ամարաթի աղաքին: Դևերին ըստիան ճամփու դրեց իրանց տեղը, ինքը գնաց թագավորին ասեց, որ իրա ուզած հարիր սել ցախը բերել ա։ Թագավորը երեսհանգ իրան ընենց էր շանց տալի, սաքի թե նրա ցախ բերելու վրա ուրախ ա. համա սրտովը, ո՛վ գիտա, ինչթավուր բաներ ին անցկենում:

Թագավորը կանչիլ ա տալի մի ուրիշ ջադուքյար կնիկ, հարցնում, թե Էնթավուր տեղ չի՞ գիտա, որ Արջի քոթոթին ղրկեն՝ էլ եդ չգա:

Պառավն ասում ա.— Ֆրանգստունի թագավորը մի սիրուն աղջիկ ունի, նրան քեզ հմար բերիլ տու. ընդե էթացողը ոտով-գլխով էլ եդ չի գա։

Թագավորը պառավին անկաջ արեց. կանչեց Արջի քոթոթին, ասեց, որ պտի էթա Ֆրանգստուն, ընդիան թագավորի աղջիկը իրան կնիկ բերի։

Արջի քոթոթն ասեց.— Լա՛վ, ջուխտ աչքիս վրա, թագավորն ապրած կենա։

Առավոտը որ լիսը բացվեց թե չէ, Արջի քոթոթը ճամփա ընկավ դպա Ֆրանգստուն։ Գնա՛ց, գնա՛ց, շատն ու քիչը աստոծ գիտա, տեհավ մի մարդ ամեն մի ոտիցը մի եքա ջաղացաքար ա կապե ու ընենց ա եգին վազ տալի[4], որ ալափստրակը փախչելիս տեղը՝ եննուցը հասնում ա, կալնում։ Էս մարդը Արջի քոթոթին որ տեհավ, հարցրեց.— Քոթո՛թ աղպեր, էդ ո՞ւր էս էթում։

— Էթում եմ Ֆրանգստուն. ընդիան թագավորի աղջիկը մեր թագավորի հմար կնիկ բերեմ։

— Ի՞նչ կըլնի, ինձ էլ հետդ[5] տանես։

— Արի՛ էթանք. մին չըլնեմ՝ թող էրկու ըլնենք։

Էրկսով գնացին, գնացին՝ տեհան մի մարդ ծովի միջին կաննել ա. սաղ ծովը փորն ա քաշում՝ դեռ ասում ա․ «Ամա՜ն, ես ծարավ մեռա»: Էս ծով կուլ տվողը հարցրեց.— Էդ ո՞ւր եք էթում. ընձ էլ ձեզ[6] ընկեր չե՞ք անի։

— Խի՞ չենք անի. էրկու չըլնենք, թո՛ղ իրեք ըլնենք. արի՛ էթանք։

Ըսենց իրեքով ընկեր էլան, գնացին։ Գնացին, գնացին, շատն ու քիչը աստոծ գիտա, մի օխտը աչքանի ջաղացի ռաստ էկան։ Նեքսև մտան, տեհան մի ջաղացպան ընդե ալիր ա աղում. էլ մաջալ չի տալի, որ ալիրը դուս գա, ունցի, հաց թխի, ուտի՝ հենց ընենց ալիրը հում֊հում ա նի տալի, դեռ հլա ասում ա. «Ամա՜ն, մի ճար արեք, սոված մեռա»։

— Բա՛ր'աջողում, ջաղացպան աղպեր,— ասեցին մեր ճամփորդները։

— Բարո՛վ, ասսու բարին. տերն աջողա, գնալներդ ո՞ւր ա։

— Ֆրանգստո՛ւն, ընդիան թագավորի աղջիկը բերելու։

— Որ ես էլ գամ ձեր հեննա, չե՞ք տանի։

— Խի՞ չենք տանի, իրեք չըլնենք՝ թո՛ղ չորս ըլնենք. գալիս ես, արի՛։

Չորս ֆոգով իրար հեննա ընկեր Էլան՝ գնացին։ Գնացին, գնացին, շատն ու քիչը աստոծ գիտա, տեհան մի մարդ անկաջը գեննին ա կպցրե՝ լսում ա, հետը խոսում։

— Բարո՛վ, իմաստուն աղպեր,— ասեցին մեր ճամփորդները։

— Բարին ձեր որդկերանց արևը. աստոծ աջողա, էդ ո՞ւր եք էթում։

— Էթում ենք Ֆրանգստուն, թագավորի աղջիկը բերենք։

— Չի՞լնի ես էլ գամ։

— Խի՞ չիլնի. գալիս ես, արի՛, չորս չըլնենք՝ թո՛ղ հինգ ըլնենք։

Հնգով խելի տեղ գնացին, գնացին՝ տեհան մի մարդ սազը ձեռին ածում ա. էլ սա՛ր, էլ քո՛լ, էլ քա՛ր իրանց տեղներիցը ժաժ ին էկե սազի ձենիցը. ընչանք երկնքի ղշերն էլ էկել ին անկաջ ին անում նրա սազին[7]:

Մեր ճամփորդները ասեցին.– Բա՛ր'աջողում, սազ ածող աղպեր։

— Բարո՛վ, ասսու հազար բարին, խերին. աստոծ աջողա, գնալներդ ո՞ւր ա։

— Ֆրանգստո՛ւն, թագավորի աղջիկը բերելու։

— Ի՞նչ կըլնի, ինձ էլ ձեր հեննա վե կալնեք:

— Ի՞նչ պտի ըլնի. գալիս ես, արի՛, հինգ չըլնենք, թո՛ղ վեց ըլնենք:

Վեցով գնացին, գնացին՝ տեհան մի մարդ Մասիսը շալակում ա տանում Հուսիս, Հուսիսը տանում Մասիս։

Մեր ճամփորդներն ասեցին.— Բա՛ր'աջողում, ղոչաղ աղպեր. էդ ի՞նչ ես անում։

— Ըսկի՛, ղվաթս եմ փորձում, դուք էդ ո՞ւր եք էթում։

— Էթում ենք Ֆրանգստուն։

— Չիլնի՞, որ ինձ էլ ընկեր անեք։

— Գալիս ես, արի՛․ վեց չըլնենք՝ թո՛ղ օխտն ըլնենք։

Էս օխտը ֆոգին՝ Արջի քոթոթը, Եգին վազողը, Անկշտում ջաղացպանը, Ծով կուլ տվողը, Իմաստունը, Սազ ածողը ու Մասիս շալակողը էկան, էկան՝ հասան Ֆրանգստուն։

Գնացին դուզ թագավորի դուռը ծեծեցին. նոքարը դուս էկավ, հարցրեց, թե ո՞ւմն են ուզում:

Արջի քոթոթն ասեց.— թագավորին։

Նոքարը գնաց թագավորին իմացում տվեց, թե օխտը չեշուտ֊չեշուտ մարդիկ ուզում են նրան տենան. թողա՞ գան, թե չէ։

Թագավորն ասեց.— Գալիս են, թո՛ղ գան. տենանք էդ ի՞նչ մարդիկ են։

Թագավորի նոքարը գնաց նրանց կանչեց։ Արջի քոթոթը իրա ընկերտանցովը էկավ թագավորի աղաքին կաննեց, ասեց.— Թագավորն ապրած կենա․ էկել ենք աղջկանդ տանենք. տալիս ես՝ քու խոշովը տո՛ւ, թե չէ, որ բանը մեզ մնա, իմաց կաց զոռով էլ կտանենք։

Թագավորն ասեց.— Տալը կտամ, համա իրեք բան կասեմ, թե արեցիք, հո աղջիկս ձերն ա ու ձերը, թե չէ՝ ձեր քոմմըքի գլուխն էլ թռցնիլ կտամ. դուք գիտաք։

Արջի քոթոթն ասեց.— Ղաբուլ ենք, թագավորն ապրած կենա, կանենք. թե չկարացինք, մեր արինը քեզ հալալ ա՝ ինչ ուզում ես, ա՛րա։

Թագավորը սաղ իրա երկրումը ջառ գոռալ տվեց, որ տունը մի մենծ բղուղ լիքը կերակուր բերի իրա ղոնաղների հմար։ Ընենց էլ հացը՝ իրա երկրի ամեն փռնչքանցը թամբահ արեց, որ սաղ օրը հա՛ հաց թխեն, իրար եննուց հասցնեն, բալբի նրանք դեմ առնեն, չկարենան ուտի։

Ոնց որ թագավորը թամբահ էր արե, տունը մի բղուղ կերակուր բերեց. ընենց որ հազար մարդ ուտեր՝ կկշտանար, դեռ հլա կավելնար էլ։ Համա էս մեր ղոնաղները օխտը ֆոգով ընենց կերան՝ ամանները թամղացրին, որ թագավորը մնաց զարմացած․ միտք արեց, որ էս չէլավ, պտի ուրիշ բան միտք անվի. թե չէ իրա աղջիկը էս արենխում ջանավարների ձեռը կգցի՝ ֆողեց ֆոգի կկորցնի։

Արջի քոթոթին կանչեց, ասեց.— Ինձանից ես մի մարդ կղրկեմ օխտը սարի քամակը, ընդե մի Անմահական աղբուր կա, էն աղբրիցը ջուր բերի, դու էլ քու մարդկերանցից ղրկի. ո՛ւմ մարդը քեզ գա, իմաց կաց՝ նա տարել ա։

Արջի քոթոթը ռազի էլավ. կանչեց էն Եգին վազ տվողին, ասեց, որ պտի էթա օխտը սարի քամակիցը Անմահական ջուր բերի:

Եգին վազողն ասեց.— Աչքիս վրա, Քոթոթ աղպեր. դրանից էլ հեշտ բա՞ն կա աշխարքումը։

Համա ըս էլ պտի ասեմ, որ թագավորը սրանից մի շաբաթ աղաք հրեղեն ձիավոր մարդ էր ղրկե Անմահական ջրի, որ նրանից թեզ գա․ չունքի էդ ճամփեն շատ հեռու էր՝ էրկու, իրեք շարթումը լավ քյահլան ձին անջախ էթար, գար։

Համա Եգին վազողը ընենց գնաց, որ թագավորի ղրկած ձիավորին ճամփին ռաստ էկավ, նրանից անց էլ կացավ, գնաց Անմահական աղբրիցը ջուր լցրեց, եդ էկավ՝ դեռ նա նո՛ր էր հասե աղբուրը։ Տարավ Անմահական ջուրը թագավորին տվեց։

Թագավորն ասեց.— Աղպե՛ր, էս հետ էլ ախտեցիք. մնաց մի բան, թե ըս էլ արիք՝ հո՝ աղջիկս ձերն ա, տարե՛ք, ձեզ հալալ ըլնի։— Իմ համամը տաքացնիլ եմ տվե. գնացե՛ք թամուզ լեղացեք, ընդիան էկեք հաց կերեք, հացից եդը աղջիկս վե կալեք՝ տարեք, ոտով֊գլխով ձեզ եմ տալի:

Արջի քոթոթը իրա ընկերտանցով գնաց թագավորի համամը։ Թագավորը աղաքուց թամբահ էր արե իրա նոքարներին, որ համամը էնքամ տաքացնեն, որ նրանք մննելու բաշտան՝ տեղն ու տեղը խաշվեն մնան։ Արջի քոթոթը գնաց համամ. տեհավ էնքամ տաքացրել են, որ պատերն էլ ա կարմրե, հեռվից նրա գոլը մարդի էրում ա թողում. Ծով կուլ տվողին ասեց, որ փչի, համամը սառցնի։ Ծով կուլ տվողը որ մին չփչեց՝ համամի պատերը, ջուրը ընենց սառնացան, հենց իմանաս ըսկի տաքացրած չըլներ։ Քոմմքով էլ մտան հավուզը, չին-չին լեղացան, դուրս էկան գնացին թագավորի կուշտը, որ հաց ուտեն՝ եննա նրա աղջկանը վեր ունեն, տանեն:

Թագավորը տեհավ, որ ոնչ մի բանով էլա չկարաց Արջի քոթոթին զոռի, իրա նոքարներին հրամայեց, որ նրանց աղաքը կերակուր բերելիս՝ ամանների մեջը դեղ քցեն, որ նրանք ուտեն թե չէ, տեղն ու տեղը չորանան, բալքի սրանով պրծնի էս մարդակեր ջանավարների ձեռիցը:

Որ հացի նստեցին, նրանց Իմաստուն ընկերը անկաջը գեննին դրեց՝ ալբիալը հասկացավ, որ իրանց ամանները դեղել են։ Ընկորտանց անկաջին փսփսաց, թե իրանց աղաքի կերակրների մեջը դեղ ա քցած, չուտեն։

Սազ ածող ընկերը էս որ իմացավ՝ իրա սազն ածեց, թագավորը, նրա կնիկը, աղջիկը, նոքարները՝ բիրագնով էլ սազի ձենիցը խելքամաղ էլան, մնացին։ Ընչանք նրանց աղաքի ամաններն էլ սազի ձենը որ լսեցին, իրանց տեղներիցը ժաժ էկան՝ դեղած ամանիքը գնացին թագավորի ու նրա տանըցոնց աղաքը, նրանց ամանիքը էկան սրանց աղաքը։ Սազ ածողը սազը ձեռիցը վե դրեց, որ նրանք կարացին հաց ուտի։ Թագավորը իրա ամանիցը որ մի գդալ չկերավ՝ էն սհաթը միջից տրաքեց, չաթմիշ էլավ: Կնիկը էս որ տեհավ՝ վախլությունիցը նա էլ տեղն ու տեղը ընդե մեռավ[8]։

Սրանից եդը, հա՛լրաթ Արջի քոթոթի ձեռը էլ ո՛վ կարար բռնի․ թագավորի աղջիկը նրանն էր ու նրանը. ուզենար վե կուներ, կտաներ իրանց թագավորին: Համա մըկ էլ միտք արեց, թե խի՞ տանի նրան. հազիր իրան կնիկ կշինի:

Իրա ընկերտանցով թագավորի ղոշնի հեննա կռիվ արեց՝ ախտեց. ինքն էլ նստեց ընդե թագավոր: Թագավորի աղջիկն էլ իրան կնիկ առավ՝ օխտն օր, օխտը գշեր հարսանիք արեց։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ. մինն՝ ասողին, մինն՝ ասիլ տվողին, մինն էլ՝ անկաջ դնողին։

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ նրան, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ «— թե բաս ըտենց ա․․․». ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  3. Տպագիր տեքստում՝ դևը․ ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  4. Տպագիր տեքստում՝ «ընենց եգին վազ ա տալի, որ․․․», բանահավաքը փոխել և դարձրել է՝ «ընենց եգին վազում ա, որ․․․», ժողովրդական ոճը չաղավաղելու համար թողնում ենք տեքստում տպագրված ձևը՝ մասնակի ուղղմամբ (Ծ. Կ.):
  5. Տպագիր տեքստում՝ քեզ հեննա. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):
  6. Տպագիր տեքստում հաջորդում է՝ հեննա, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  7. Տպագիր տեքստում՝ «․․․իրանը տեղներիցը ժաժ ին գալի սազի ձենիցը. ընչանք երկնքի ղշերն էլ ին գալիս անկաջ անում նրա սազին», ուղղումները բանահավաքինն են (Ծ. Կ.):
  8. Տպագիր տեքստում՝ «Էս որ տեհավ թե չէ, նրա կնիկը վախությունից նա էլ տեղն ու տեղը ընդե մեռավ». ուղղումները բանահավաքինն են (Ծ. Կ.):