Jump to content

Արվեստ կնոջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐՎԵՍՏ ԿՆՈՋ

Մի մարդ շրջում էր երկրե երկիր, և կինն ինչ հնար որ աներ, նա գրում էր թղթի վրա: Եվ նա երեք մեծ բեռներ շինեց և դեռևս գնում էր և թղթի վրա գրում կնոջ հնարը, որով կինը խաբում էր մարդուն: Եվ նա մտավ մի քաղաք, և քաղաքի դռան մոտ կար մի խիստ հնարագետ կին և այդ կինը մարդուն ասաց. «Բարի եկար»: Եվ կինը մեծարեց նրան և տուն տարավ, կարծելով, թե այն մարդը շատ ունի կերպաս և ոսկի և արծաթ: Երբ երեկո եղավ, կինն ասաց այն մարդուն. «Բեռներդ քո ի՞նչ է, գուցե իմ պետքերի համար մի բան առնեմ»: Եվ նա ասաց. «Ոչինչ չունեմ ծախու»: Եվ կինն ասաց. «Ապա այդ, որ ունիս, ի՞նչ է»: Եվ նա ասաց. «Կնոջ հնար է. ինչ կին որ հնար է արել, շրջել եմ և գրել և բարձել և եկել եմ այստեղ, որ ուրիշ հնար գրեմ»: Եվ կինն ասաց. «Բարի եկար»:

Եվ այն ժամանակ կինը կամեցավ բեռներն այրել և հնարն իմացավ: Տան մեջ կար մի փուռ, որ կտաներ երեք բեռ թուղթ, և կինը բարկ վառեց փուռը և ձուկ տապակեց և դրեց հյուրի առաջ: Եվ ինքը վեր կացավ, դռները պինդ փակեց և խիստ բարձր ձայնով ճչաց հավար կանչելով, և եկան դրացիները սուսերներով և բիրերով և բախեցին տան դուռը: Եվ կինն ասաց այն մարդուն. «Եթե կամենում ես, որ քեզ սպանել չտամ, թղթերը տուր այրեմ փռի մեջ, իսկ եթե ոչ՝ կասեմ, որ այս մարդը բռնաբարեց ինձ և քեզ սպանել կտամ»:

Եվ մարդը բեռները տվեց նրան, և կինը երեք բեռն այրեց փռի մեջ և տան դռները բաց անելով ասաց. «Քանի տարի է իմ հորեղբոր որդին գնացել էր և ահա եկավ, և ես նրան ձուկ տվի ուտելու և փուշը բկի մեջ մնաց և զորով ազատվեց մահից»: Եվ եկան տեսան, որ ձուկը նրա առջևն էր, և գնացին: