Jump to content

Արտելիա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԱՐՏԵԼԻԱ»

Ամռան կեսօրվա կիզիչ արևը խանձում է։ Մի նեղ կածանով ձին զգույշ փոխում է քայլերը, իջնում, նորից բարձրանում։

Գյուղը դեռ չի երևում։

Կածանը ցորենի արտերի միջով է անցնում։ Բերք չկա այս տարի. ձմռան ցրտերը կտրել են, երաշտն էլ մի կողմից է այրել։ Արտերում՝ լղարիկ հասկեր, հատ ու կենտ, թզաչափ բարձրության:

Կանաչն է փրփռում միայն բազմերանգ ծաղիկներով բնական մարգերում, որ նախշուն գորգերի պես փռվում են սարալանջերին։ Հեռվից, ասես, քաթանի կանաչ գույնի վրա մեկը վրձինով քմահաճ գծեր է քաշել՝ մի տեղ կարմիր, մյուս տեղ՝ դեղին։

Բանուկ ճանապարհ չէ։ Գնում եք ժամերով, ոչ ոքի չեք հանդիպում։ Հնձի ու վարի ժամանակ միայն մի քանի օր բանում է ճամփան: Գյուղից-գյուղ երթևեկ քիչ կա։ Ամեն գյուղ ինքնամփոփ է, հարևանի մոտ գնալ-գալ չունի։

Կածանն իջնում է դեպի ձորը, անցնում սրածայր ժայռերի տակով։ Վայրէջքը դժվար է, քարոտ, առապար։ Ներքևն անդունդ է. մի անզգույշ քայլ՝ և մեծ կտորը ականջդ կմնա։

Վերևում ժայռեր են, որոնց հիմքը հեղեղը փորել է, մաշել, և մի թեթև ցնցումի են սպասում, որ գլորվեն ներքև։

Մի հեղեղ լինելիս՝ ավազախառն սելավը սրբում է կածանը, քար ու հողով ծածկում և տեղ-տեղ դժվար անցանելի խորխորատ կազմում։ Քերծի տակից մեկը հերսոտ «թոշ-թոշ» է անում և հայհոյում։ Հավասարվում ենք։ Գյուղացի է, հանդ է գնում։ Մի սրածայր մահակով բզում է իշին, զարկում զայրացած, իշատիրոջ հերն անիծում։

Լղար քոսոտ էշ է, գութանի խոփն ու թևը բարձած։ Բարակ ոտքերը զգույշ է փոխում և ամեն քայլափոխին տնքում բեռան տակ։

Գյուղացին էլ է շալակել, և քափ-քրտնքի մեջ կորած, դժվարին վերելքով և՛ ինքն է բարձրանում շալակն ուսին, և՛ էշին բզում, հրում:

Մի կողմ եմ կենում, որ անցնի։

Շալակը մի քարի է դնում, մեջքը դեմ է տալիս և փափախով քրտինքը սրբում։ Գեղի ճանապարհն եմ հարցնում։

— Հենց էս կածանը գեղի վրա յա իջնում,— ասում է և հարցնում, թե ինչու՛ եմ գնում։

Պատասխանում եմ. նա մի քիչ մտածում է, ասում, որ լավ գործով եմ գնում։

— Բարի նպատակ ա…

Եվ ոտից-գլուխ մի հայացքով լափում է ինձ, նայում ձիուս սարքուկարգին։

— Ես էս կառավարության մի բանը գլխի չեմ ընկնում: Էդ ո՞նց ա, գյուղերը ման եք գալիս ու մի նշան չունեք, որ տեսնողն էլ իմանա, թե օրենքի մարդ ես։ Առաջ է՜, էն քյոխվեն, որ էլի անուսում մի մարդ էր, մի մեծ զինջիլ վզին կախ էր ման գալիս։ Տեսնողն էլ իմանում էր, որ հա՜, սա քյոխվա յա…

Ասաց ու քրտինքը նորից սրբեց.

Այնքան չարքաշ դեմք ուներ, խեղճ արտաքին։ Տեղով մի միտք էր, թե՝

— Ես հեչ, հա՜, քո ասածն ա…

Էշը բավական հեռացել էր։ Նա մի անգամ էլ կրկնեց, թե կածանն ուղիղ գյուղի վրա է իջնում, բեռը շալակեց և ոտները ծանրության տակ կքելով՝ սկսեց բարձրանալ սարն ի վեր։

Քիչ հետո նորից լսվեց նրա բարկացած «թոշ-թոշը»։

Ներքև՝ ձորի մեջ, լեռնային գետակն էր աղմկում, ճերմակ փրփուրներ բաշին ցատկոտում քարի վրայով։ Մի պահ դժվար թվաց ինձ աշխատանքը գյուղում, որպես առապարը քարոտ, անհատակ՝ անդունդի պես և անդունդի պես և անդուլ, ինչպես հոսանքն աղմկող գետակի։

***

Անսվաղ պատերով մի մեծ սենյակում տեղավորված է և՛ «խրճիթը», և՛ գյուղխորհուրդը, և՛ ՓՕԿ-ը։

Սենյակում տաշեղների կիտուկներ են թափված հատակին, ռանդած տախտակներ և հյուսնի գործիքներ։ Դպրոցի համար նստարաններ են պատրաստում։ Լենինի նկարը՝ սևացած քարից խմորով փակցրած և պլակատներ՝ մի հատը թարս կախած և լոզունգներ շարեշար, իբր նախշ։

Գյուղում իսկույն իմանում են, որ քաղաքից մարդ է եկել։ Եվ մեկ-մեկ հավաքվում են, անպատճառ մոտենում, ձեռք տալիս, քեֆ-հալ հարցնում և հեռվից, կեռ ու մեռ ճանապարհով, մոտենում գալուդ նպատակին։

— Տեսնում եք, ինչքան քանդված տներ կան մեր գեղում։

— Յոթն անգամ ենք գաղթել,— ասում է մեկը։

Ավերակ տներ շատ կան, պատերը փլված, դուռ ու պատուհան այրած, հանած տեղից։ Ազգամիջյան կռիվների ընթացքում մի քանի անգամ տեղահան են եղել, թալանվել և նորից վերադարձել, գոմ ու մարագ նորոգել, տունը կարգի բերել։

Ավերակ տնատեղերում փարթամորեն աճել են սոխ, կաղամբ, ծխախոտ։

Տան դիմաց, ծառի շվաքում, իր աժդահա հասակով մեկ փռվել է մեկը, քնել մուշ-մուշ։

— Ջա՜ն նրան։ Աչք էլ չունի, աչքացավ էլ,— ասում է մեկը և ավելացնում, որ քնողը գեղի աղքատներից է, տանն ուտելիք չկա, գյուղում էլ՝ աշխատանք։

Բաքվից մի բանվոր է եկել, նույն գյուղացի։ Ընկերները նրան ուղարկել են գյուղի ապրուստն իմանալու, դպրոցի կառուցմանը հսկելու։ Փող են հավաքել դպրոցի համար, գրքեր է բերել և մի դրոշակ, որ մի քանի օր առաջ առանձին շքով գյուղին է նվիրել։ Բաքվի բանվորների վրա մեծ հույս ունեն։

Դպրոցի կառուցման աշխատանքը նրանց վզին է ընկած։ Գյուղը միայն աշխատավոր ձեռք է տալու, քար ու կիրն է բերելու։

Մի քանի հոգի գանգատվում են, որ թերթերը կանոնավոր չեն ստացել։ «Մաճկալը» երկամսյա թերթ է այդ գյուղի համար։ Վեց ամսում երեք համար են ստացել։

- Հենց միայն անունն ենք լսում, բայց իրան չենք տեսնում։

***

Նախագահը ժողովը բացում է։ Հավաքվել են, նստոտել գետնին, տաշած տախտակի վրա, պատուհանին։

- Էդ մահակները մի քիչ քաշ պահեք,— նկատում է նախագահը դռան մոտ կանգնած մի քանի հոգու, որոնց բարձր պահած մահակները ներս մտնողին խանգարում են։

Օրակարգում խնդիրներ շատ կան։ Արտել, հողային հարց, դաշտապահի ընտրություն և զանազան գործեր։

Նախագահն ինքն է խոսում արտել կազմելու մասին, պատմում է, թե ինչքան դժվար է աղքատ գյուղացու համար մենակ աշխատել։

Տասներկու տնտեսություն միացել են և մի գութան կազմել: Այդ գութանի հետ է կապված արտել կազմելու գաղափարը։

- Մենք պետք ա «արտելիա» կազմենք, որպեսզի մենք էլ մարդկության շարքերում դասակարգվենք,— վերջացնում է նա իր խոսքը։

Ոմանք դժվար են համոզվում: Մեկը, մահակին հենված, օրինակով ու առակով է իր միտքն ասում.

— Գութանում բոլոր եզները մին չեն. ղալբ եզ կա, որ հա ծրից դուրս ա քաշում, ծուլություն անում։ Նմանապես և «արտելիան»։ Եթե բարկանամ՝ արնակոլոլ անեմ, տերության առաջ մեղավոր եմ, չանեմ՝ ընկերս թամբալ ա, ինձ հետ չի գալիս, բա էդ ո՞նց անենք։

Շատ են խոսում, աշխատում են իրար համոզել։ Մի փոքրիկ խումբ է նկատվում, աչքաբաց ջահելներ, որոնք ինչ էլ լինի, որոշել են «արտելիան» հիմք դնել։

- Քյասիբը թող մեզ հետ գա, Մուքի ապեր։ Մենք ջոկովի տղերք ունենք, մինը մինից ասլան։ Մուքի ապերը «ղալբ» եզան պատմությունն անողն է: Դարձյալ առակով և օրինակով է խոսում, բայց վերջում ջահելները հաղթում են։ Մուքի ապերը մի անկյուն է քաշվում, չիբուխին զոռ տալիս և փափախի տակից ունքերը կիտած նայում ջահելներին, որոնք իրեն հակառակ խոսեցին։

Մի քանի սպիտակ գյուղացիք թիկն են տվել պատին, թազբեհ են քաշում, ժպտում են ծերի ժպիտով, բարի ու զարմացած են, որ իրենց կյանքի վերջում ջահելները չլսած, չտեսած բաների մասին են խոսում։

***

Հողային վեճ կա, ավելի ճիշտը՝ մի ծառի հարց։ Ծառը երկուսի սահմանում է բուսել, արտի միջնակում։ Հին վեճ է․ ամեն տարի նույն բանը կրկնվում է, երբ պատերը նորոգում են, փլվածը պատում։ Մեկն ասում է, թե՝ ծառն իմն է, մյուսն էլ՝ իմն է։ Չեն էշ ուզում ծառը կտրել, բայց այնքան պինդ են պատել ծառի շուրջը, որ ծառի բունը չի հաստանում։

Վեճին վերջ են տալիս, ծառը համարում դպրոցի սեփականություն։ Կողմերը մի պահ վարանում են, հետո համաձայնվում.

— Թող ձեր ասածը լինի…

Հանդում մի ոչխար է կորել, թուրք քոչվորի ոչխար։ Տերը գյուղի խորհրդից խնդրել է իմանալ, թե ո՛վ է տարել։

Էլի Մուքի ապերն է խոսում.

— Էդ մի նամուս չի մեզ համար, այ ժողովուրդ. հարևան ենք, էգուց էլ մեր տավարը նրանց հանդում կարող ա կորչի։

Եվ Մուքի ապերն առաջարկում է, ոչխարը եթե չգտնվի, գյուղի ոչխարներից մեկը նվիրել քոչվորին։

Առաջարկներ են անում, կասկած հայտնում, թե կարող է գայլը կերած լինի։ Բայց Մուքի ապերը չի համաձայնվում։

— Գելը որ ուտի, մի հետք կմնա,— և ավելացնում է.

— Հիմա ոչ ծեծ կա, ոչ էլ երդում տալ։ Գողն էլ չի ասելու, էլ ի՞նչպես իմանանք, թե ով ա կերել էդ քյասիբի ոչխարը։ — Եվ առաջարկում է կասկածավորին մի քանի ռոզգի հասցնել, ու ոչխարն իսկույն մեյդան կհանի։ — Մուքի ապեր, հիմա թակ չկա,-ասում է Բաքվից եկած բանվորը։

— Էդ ա փիս է՜… պիտի թակես, որ գողի աչքը վախենա,— պատասխանում է Մուքի ապերը։

Մի քանի հոգի գլխով հավանության նշան են տալիս։

***

Ժողովը վերջանում է։ Մեկը մոտենում է ինձ, հայտնում, որ աոանձին ասելիք ունի։ Թղթակից է, գյողի ժրաջան աշխատողներից մեկը։ «Արտելիայի» մասին առաջին անգամ նա է խոսել գյուղում։ Մի պակաս տեսնելիս գրում է, իմաց է տալիս թերթին։

— Թե չէ՝ մի քանի տուն կա, որ չվախենանք գեղի աղքատներին հում-հում կուտեն։

Հոդված է գրել, որ այդ ունևորներից մեկը մի աղքատի խաբել է և հողը զավթել։ Հոդվածը տպել են, լրագիրը գյուղ է հասել, կարդացել են ժողովում։ Եվ հալածանքը ծայր է առել։ Սպառնացել են, թե՝

— Խելքդ գլուխդ հավաքիր. եթե մի անգամ էլ մեզ խայտառակ անես, մեր պատվին դիպչես, գլուխդ ուսերիդ վրա չի մնա։

Ափաշկարա չեն հալածում, ծածուկ են անում։ Թղթակցի արտն են արածացնում գիշերով, տավարը նրա խոտատեղին քշում, ծառը կտրում, քաշած պատը փլցնում։

Երկու կրակի մեջ է։ Դատարանի տա, վախենում է, որ ավելի կվնասեն։ Չտա, չի լինում։

— Էսպես մտքիս հետ կռիվ եմ տալիս։

Գյուղում մենակ է։ Հուսահատության րոպեներ են եղել, տատանվել է, մտքում դրել է հրաժարվել գրելուց, հաշտվել իրեն հալածողի հետ, բայց դիմացել է։ Վճռել է շարունակել:

***

-Մութ է արդեն։

Գյուղի դիմաց ողորկ լանջով մի սար է ցցված՝ սրագագաթ ու լերկ։ «Դադ-Մելիքի» սարն է։ Նստել ենք տան առաջ։

Ընկերս պատմում է, թե ինչու սարին «Դադ-Մելիք» են ասում։ — Մեր գյուղն առաջ մելիքին էր պատկանում։ Պապս էր պատմում, թե մելիքն ինչ ուզեր, անում էր գյուղում։ Մի լավ օր չէին տեսնում նրա ձեռից։

Ու եթե մեկը հակառակ գնար մելիքի կամքին, ուզածը չկատարեր, մարդ էր ուղարկում, բռնել տալիս, ոտ ու ձեռ կապոտում և սարի գլխից գլորում… էն օրից էլ սարի անունը մնացել է «Դադ-Մելիք»…