Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը որպես հայ ժողովրդի կազմավորման գործընթացի օջախ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նախնադարյան հասարակությունը Արցախում Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը որպես հայ ժողովրդի կազմավորման գործընթացի օջախ

Վահրամ Բալայան

Արցախը Վանի թագավորության շրջանում
ԱՐՑԱԽԸ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՕՋԱԽ

Աշխարհի ժողովուրդների ծագումնաբանության հարցը պատմագիտության ամենախրթին հիմնահարցերից մեկն է համարվում։ Ճիշտ այդպես է նաև հնդեվրոպացիների նախահայրենիքի հարցը։ Նորահայտ բազմապիսի աղբյուրների քննության հիման վրա, Վ. Իվանովի և Թ. Գամկրելիձեի կարծիքով, հնդեվրոպացիների նախահայրենիքը եղել է Հայկական լեռնաշխարհը (կենտրոնում), Իրանական սարահարթի հյուսիս-արևմտյան մասը (արևելքում) և Փոքր Ասիայի ամբողջ տարածքը (արևմուտքում)։

Ըստ ամերիկյան գիտնականների հաշվումների՝ հնդեվրոպական մայր լեզվից հայերը բաժանվել են Ք.ա. 2300 թվականներին։

Արցախի հայերը ոչ միայն պատկանում են հնդեվրոպական լեզ­վաընտանիքի արմենոիդ մարդաբանական տիպին, այլև հանդիսանում են այդ տիպի ամենացայտուն ներկայացուցիչները։ Դեռևս տասնամյակներ առաջ հայտնի արևելագետ Ռ.Վիրխովը, քննության ենթարկելով հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածնե­րից հայտնաբերված նյութերը, դրանք իրար համադրելով, գտել է. «Բնորոշն ու վերին աստիճանի կարևորը ընդհանուր տիպն է, իսկ այս կողմից մինչև այժմ կատարված սակավաթիվ պեղումներն անգամ ցույց են տալիս, որ Գուգարքից սկսած մինչև Թարթառ գետի դաշտը ապրած հին ազգերը մի կուլտուրայի ներկայացուցիչներ էին»։

Հնագետ Ա. Իսրայելյանը համանման գտածոների վերլուծությունից պարզել է, որ բրոնզեդարյան ժամանակաշրջանում հայկական լեռնաշխարհի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող ցեղերի հավատալիքներն ու ծիսակատարությունները նույնատիպ էին։

Այս ճշմարտապատումը ժամանակին արձանագրել է նաև Մովսես Խորենացին, ընդգծելով, որ հայոց ավանդական նախնի Հայկի ժառանգներից մեկը՝ Սիսակը, տեր է դարձել Հայաստանի արևե­լյան մասին։ Նրա անունից էր, որ այս աշխարհը կոչվեց Սիսական։ Եվ այս Սիսակի ժառանգներից մեկն էլ՝ Առան անունով, կուսակալ կարգվեց Երասխ գետի ձախակողմին՝ մինչև Կուրի հոսանքը, ուր ավարտվում էր հայերեն խոսքը։ Այս Առանի զավակներից էլ գոյացել են Կուրի ու Արաքսի միջագետքի հայ բնակիչները՝ ուտիացինե­րը, նաև Գարդմանքի, Ծավդեից (Արցախի) և Գուգարացոց իշխանությունները։ Նորահայտ փաստերը վկայում են, որ հազարամյակներ շարունակ Հայկական լեռնաշխարհում, այդ թվում Հայոց Արևելից գավառներում ապրել են հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդների նախնիները։

Ժամանակի ընթացքում հնդեվրոպական ցեղերի մի մասը՝ ժամանակակից սլավոնական, գերմանո-կելտական ժողովուրդների և այլոց նախնիները, կենսագործունեության նոր տարածքներ ձեռք բերելու նպատակով առանձնացել են նախամայր ժողովրդից, որ­պես ինքնուրույն էթնիկական միավոր՝ հաստատվելով ներկայիս իրենց երկրներում։ Հնդեվրոպական ծագում ունեցող մյուս ժողո­վուրդները՝ հայերը, արիները այդ գործընթացի ժամանակ մնացել են իրենց հայրենիքում։

Այսօր ժողովուրդների տոհմաբանական միասնությունը ապացուցվում է նաև նրանց լեզուների ընդհանրությամբ։ Հնդեվրոպա­կան մայր լեզվի շատ բառեր, որոնք այլափոխված ձևով պահպանվել են ճյուղավորված լեզուներում, այդ թվում հայերենում, արցախյան բարբառում պահպանվել են նախնական կամ նրան մոտ տեսքով։ Այս տեսանկյունից իրավացի է Քերովբե Պատկանյանը, ըստ որի հայերեն բարբառները համարյա անփոփոխ գոյություն են ունեցել նաև 5-րդ դարից առաջ՝ որպես հայ ազգի գոյացմանը մաս­նակցած ցեղերի լեզուների փոփոխված ու մշակված մնացորդները։

Անգամ Արցախի բարբառում կան որոշակի քանակությամբ բառեր, որոնք գործածական են միայն այդ բարբառում, չեն մտել հայերենի ընդհանուր բառապաշարի մեջ։ Այդ բառերը իրենց հնչյունական կազմով ու արտահայտած իմաստով նույնությամբ արձանագրված են նաև հնդկական սուրբ գրքում՝ «Ռիգվեդայում»։ Ըստ «Ռիգվեդայի» Յաման մահվան թագավորության տիրակալն է, մարդկանց մահ բերող աստվածը։ Նույն հնչյունական կազմով և նույն իմաստով բառը պահպանվել է նաև Ղարաբաղի բարբառում. «Էն յաման տարածը» պետք է հասկանալ «Էն մահը տարածը»։ «Կուլ» կամ «կոլ» հնդեվրոպական նախարմատը վիզ կամ թե կոկորդ է նշանակել։ Գրական հայերենում այդ արմատը պահպանվել է կուլ տալ, կլանել ձևե­րում։ Նույն արմատից են ծագում ռուսերենի «գլոտածը», ֆրանսերենից կոլյե-վզնոցը, մի շարք լեզուներում օգտագործվող կուլմինացիա-բարձրակետը։ Ղարաբաղի բարբառում «կուլ» կամ «կոլ» նախարմատը պահպանվել է գոյականակերպ տեսքով։ Ասում ենք «քյեցավ կոլավն ընգավ» (գնաց վզովն ընկավ)։

Շումերական էպոսում, որտեղ ներկայացված է Ք.ա. 28-27-րդ դարերի իրողությունները, հիշատակություն կա նաև Արատտայի աստվածային պանթեոնի մասին։ Մայր աստվածուհին կոչվում էր Տուրտուր, որը շումերենից աքքադացիներին փոխանցված «Գիլգամեշ» էպոսում դառնում է արդեն Ուրար Տուտու։ Ուրար մակդիրի կո­րուստով Տուտու բառը հասել է մեր օրերը՝ կրկնակի իմաստով։ Արևմտահայերենում Տուտու նշանակում է մեծ մայր, տատիկ՝ ինչ-որ չափով պահպանելով նախկին իմաստը։ Իսկ Ղարաբաղի բարբառում տուտու են ասում դանդաղաշարժ, անկարող, որևէ գոր­ծում շնորհք ցուցաբերելու անընդունակ կնոջը։ Ըստ երևույթին, այդ հեռավոր ժամանակներում, հայկական ցեղերի միավորմանը զուգընթաց, նրանց աստվածային պանթեոնների միջև ևս մրցակցու­թյուն ու «կռիվ» է եղել, և արևելյան հատվածում հաղթող է դուրս ե­կել Նանե մայր աստվածուհին՝ դառնալով մեծ մայր, տատիկ, իսկ պարտված Տուտուն ստացել է բացասական իմաստ։

Բառասկզբի հավելուրդային հ-ով բառերը գերազանցապես բնիկ հնդեվրոպական ծագում ունեն։ Հ-ն գրաբարում և հնդեվրոպական շատ ուրիշ լեզուներում ընկել է՝ պահպանվելով մասամբ խեթալուվական լեզուներում։ Ղարաբաղի բարբառում հ–ն առանձին դեպ­քերում զուգահեռ ունի խեթերենում.

հըն(դ)–(հընդեր, հընդրել)–ըն(դ)–(ընկեր,ընտրել)–խեթ.hanl

հանդ–անդ–(II) andh

հըվէլուկ, (հ)իվըլուկ –աւելուկ -(H)obhel

հղէ-ուղի–(H)uliio:

Ժամանակակից անգլերենի և ղարաբաղյան բարբառի շատ համանման են ոչ միայն իրենց արտահայտությամբ, այլև օժանդակ իմաստով։ Օրինակ՝ կարպետ-վարպետ, կով-կավ, ռոք-ռոք (քար), հովուր-հովուր (մի պահ), Սթռունհունջ-Քարահունջ և այլն։

Ղարաբաղի բարբառում կան բազմաթիվ բառեր, որոնք արտահայտած իմաստով պահպավել են անգլերենում և ռուսերենում։ Այսպես, օրինակ լեթված (անդաստիարակ) աղջիկ-լյթ գյոլ, դոնգի (հիմար)-պանքի (ավանակ), մռոզ (խոժոր կամ եղանակի հետ կապված վատ, ցուրտ)-մորոզ։

Հետաքրքիր է նաև հետևյալ փաստը. Ղարաբաղի բարբառի բառային կազմի մեջ կան բառեր, որոնք մեզ ավանդված չեն ոչ ոչ հին մատենագրությամբ, ոչ էլ գրավոր նոր աղբյուրներով։ Դրանք չկան նաև արդի գրական հայերենում։ Այդպիսի բառերը հնդեվրոպական ծագում ունեն։ Դրանցից են՝ մըղըմօղ-«ցեց», սլկըհել-«սայթաքել», լօկ-«լորտու», դիգյասկանց-«հանկարծակի», կիլտի-«թլվատ», դույուղ անել-տեղեկացնել», սէտ-«տեղյակ», և այլն։

Ուշագրավ է, որ Ղարաբաղի բարբառում պահպանվել են գրաբարյան մի շարք հոլովաձևեր և բառեր։ Օրինակ հաքյի-ագի, քըշերավ-գիշերաւ, խոնջան-խոնջան, քըշկոռ-կոշկոռ։

Ինչպես գրաբարում, այնպես էլ Ղարաբաղի բարբառում պահպանվել են բառասկզբի փ և յ հնչյունները, ինչպես՝ փուրգոն-«ֆուր­գոն», փիրմա-«ֆերմա», փիզիկա-«ֆիզիկա», Փրանսիա-«Ֆրան­սիա», յըղէ-«հղի», յէշիլ-«նայել», յէխնել-«հաղթել» և այլն։

Փաստերը վկայում են, որ Ղարաբաղի բարբառը հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդների նախալեզվի, այդ թվում՝ հայ ժողովրդական լեզվի ճյուղերից մեկը լինելով, գալիս է հնագույն դարերից և խոսում է հազարամյակներ առաջ հայկական լեռնաշխարհում կատարված էթնիկ տեղաշարժերի մասին։ Ասվածը մեկ անգամ ևս ապացուցում է Արցախի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերի կապը Հայկական բարձրավանդակի նմանօրի­նակ հավաքածոների ու հուշարձանների հետ։

Վերոհիշյալ փաստերը հիմք են տալիս ասելու, որ Ք.ա. 3-րդ հազարամյակում Հայոց Արևելից գավառների՝ Արցախի ու Ուտիքի տարածքներում նույնպես իրականացվել է հայ ժողովրդի կազմավորման գործընթացը։