Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը Վանի թագավորության շրջանում
Հայկական լեռնաշխարհում ժողովրդակազմավորման գործընթացի ավարտից հետո, Ք.ա. 3-1-ին հազարամյակներում հանդես եկան առաջին պետական կազմավորումները, որոնց շարքում իր ուրույն տեղն ու դերն ուներ Ուրարտուն՝ Վանի կամ Արարատի թագավորությունը։ Նախապես դա փոքր պետություն էր՝ փռված Վանա լճի ափամերձ շրջաններում։ Այնուհետև այն հզորանում է, հակահարված տալիս Ասորեստանին, և զենքի ուժով խաղաղեցնելով հայկական մյուս իշխանություններին, տարածում իր իշխանությունը գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհի վրա։ Մենուա արքայի օրոք (810-786թթ.) սկսվում է Վանի թագավորության հզորության ժամանակաշրջանը։
Նախկինում կարծիքներ կային, որ հյուսիսում Մենուան հասել էր մինչև Արաքսի հովիտը։ 1989թ. օգոստոսի 11-ին երկրաբան Վալերի Իգումնովը Սյունիքի լեռնոտ հատվածներում հայտնաբերել է մի արձանագրություն։ Այն վկայում է, որ Ք.ա. 810-805թթ. միջև ընկած ժամանակահատվածում Մենուան մտել է Սյունիք։
Հայոց Արևելից գավառների նվաճման հաջորդ փուլը կապված է Վանի թագավորության ամենահզոր արքայի՝ Արգիշտի Ա-ի (786-764թթ.) անվան հետ։ Արգիշտի Ա-ի Կոտայքում գտնված ժայռափոր արձանագրության մեջ խոսվում է Զառ քաղաքի մասին։ Այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ։ Ասվածը հիմնավորվում է նաև Հովհաննես Կարագյոգյանի Արգիշտի Ա-ի Խոռխոռեան տարեգրության նոր մեկնությամբ, որտեղ նա հավաստի փաստերով ապացուցում որ հաղթող արքան հասել է Զառ գյուղից ոչ շատ հեռու գտնվող Բաղինք արքունականը, Ջերմաջուրը (Իստիսու)։ Վերոհիշյալ հեղինակի կարծիքով 1956թ. Արին Բերդում բացված շինությունը, որ կոչվում է սուսե, համընկնում է Արցախի Մարտունու շրջանի Սոս և Քաշաթաղի շրջանի Սուս գյուղերի հետ։ Շատ հնարավոր է, որ Սոս գյուղի շրջակայքում եղել է ուրարտական շրջանից մնացած որևէ սուսե (տաճար):
Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Արցախը Արգիշտի Ա-ի կառավարման տարիներին ներառված է եղել հայկական պետականության կազմում։
Միաժամանակ ընդգծենք պատմագիտության մեջ տիրող այն կարծիքը, որ Արցախը նվաճվել է Սարդուրի Բ-ի օրոք, վիճելի է։ Սարդուրի Բ-ի կառավարման տարիներին (764–735թթ.) մաքրագործվեցին Վանի թագավորության սահմանները։ Նա վերանվանեց իր հոր կողմից նվաճված տարածքները, այդ թվում նաև Արցախը։ Այդ առթիվ Սարդուրի Բ-ն Վարդենիսի Ծովակ գյուղի մոտ հայտնաբերված սեպագիր ժայռափոր արձանագրության մեջ պատմում է, որ ուրարտական զորքը հաղթականորեն անցել էր Սևանա լճի ողջ արևմտյան ափի երկայնքով, նվաճել Ուելիքուխի երկիրը և, այնուհետև, լճի հարավ-արևմտյան ափին հաղթանակ տարել Տուլիխու, իսկ հարավային ափին՝ Արկուկինի երկրի նկատմամբ՝ հասնելով մինչև Ուրտեխինի։
Սևանի ափին, Ծովինար գյուղում հայտնաբերված մեկ այլ արձանագրություն վկայում է, որ Սարդուրին նվաճել է 23 թագավորաթյուններ, որոնց շարքում հիշատակվում են՝ Ադախունի, Ուելիկուխին, Լուերուխին, Արկուկինին։
Բ.Պիատրովսկին գտնում է, որ Ուելիկուխի աշխարհն զբաղեցրել է Սևանի արևմտյան ափը, իսկ Ադախունին՝ հարավային ափի արևելյան մասը։ Հետևապես Սարդուրին Սևանի հարավային ափով շարժվել է դեպի արևելք. «Լճի կողմից բնական ոչ մի արգելք չկա՝ շարժվելու համար դեպի արևելք, ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղը, որը կապված է եղել Հայաստանի հետ»:
Որ «Ուրտեխեն» կամ «Ադախունին» նույն Արցախն է, վկայում են նաև Սարդուրի Բ-ի նույն արձանագրության մեջ հիշատակվող Արցախի գավառների, բնակավայրերի և գետերի՝ Հարճլանք, Պարծկանք, Պիանք, Գիշի, Տրտու, Կտրական անունները։
Սարդուրի Բ–ի կողմից Գանձադռան տարեգրության հատվածներից մեկում Ք.ա.741թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ և Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ հիշատակված է Ադախունի տեղանունը։
Ադախ տեղանունը հիշատակված է նաև հետագա ժամանակների հայկական աղբյուրներում. «...գնաց ի կողմ Խաչենոյ, Տանձեաց և Ադախայ կրկին անգամ»։
Արդախ բնակավայրը գտնվել է Արցախի Խաչեն գավառում, որը հանդիպում է միջնադարյան հայ պատմագրության էջերում՝ Անանիա Ա Մոկացի (946-968թթ) կաթողիկոսի մասին եղած վկայության մեջ. «Եւ հասեալ ի գաւառն Խաչենոյ՝ ընդառաջ ելանէր նմա իշխանն Գրիգոր և տարեալ իջուցանէ ի տան խրում։ Եւ ժողովէ զամենայն իշխանս աշխարհիս եւ զեպիսկոպոսումս և զվանականս ի տեղին, որ Արդախն կոչի...»։
Արդախը հիշատակվում է նաև Գանձասարի՝ 1467թ. վիմագիր արձանագրություններից մեկի մեջ։ Ամենայն հավանականությամբ, Ադախ-Արցախ մեկ բնակավայրի անունը հետագայում տարածվել է ողջ նահանգի վրա։
Սարդուրի Բ-ից հետո Ռուսա Ա-ն (Ք.ա.735-713թթ.) իշխանության գլուխ անցավ քաղաքական բարդ իրադրության պայմաններում։ Ասորեստանը գտնվում էր իր հզորության գագաթնակետին։ Նման իրավիճակում Ռուսա Ա-ն, խելամտորեն գնահատելով ստեղծված կացությունը, ձեռնպահ մնաց Ասորեստանի արմատական շահերը հարավում շոշափելուց։
Մյուս կողմից, Ռուսա Ա-ն նվաճողական գործողություններ ձեռնարկեց հյուսիսում։ Նա կրկին հնազանդեցնում է Սևանա լճի արևմտյան և հարավային ափերին ընկած երկրները, որոնք Սարդուրի Ա-ի մահվանից հետո ապստամբել էին Ուրարտուի դեմ։ Այնուհետև, հպատակեցնում է «լճից այն կողմ», այսինքն՝ նրա արևելյա ն ափերի երկարությամբ ձգված բարձրադիր լեռներում ընկած 19 այլ երկրներ, այդ թվում Արցախը։ Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ նշված 19 երկրների 3-րդ շարքի 1-ին տեղում հիշատակված է Ծամա տեղանունը։ Սեպագիր Ծամա երկրանունը պահպանված է Արցախի Հադրութի շրջանի այժմյան Ծամձոր գյուղանվան մեջ։
Ծովինար գյուղի մոտակայքում Ռուսա Ա-ն Թեյշեբա աստծո անունով նաև քաղաք է կառուցել։
Ստեփանակերտի ու Խոջալլուի դամբարանաբլուրներից պեղված նյութերի մեջ տիրապետող են նաև այն նյութերը, որոնք գիտության մեջ կապվում են Ուրարտական թագավորության հետ։ Այսպիսի նյութերից մեկը՝ սարղիոնե զարղանախշը, ունի նաև սեպագիր արձանագրություն՝ Ռուսա թագավորի անվան հիշատակությամբ։ Սա էլ մի վկայություն է, որ հայկական այդ թագավորության մեջ առկա է նաև Աղախ-Արցախի պարզ հիշատակությունը։
Նույն Խոջալլուի դամբարանադաշտի թաղումները և հարակից այլ նյութեր, հնագետ Վ.Բելկի կարծիքով, պատկանում են հայերին և աղերս ունեն Հայկական բարձրավանդակի համաժամանակյա հուշարձանների հետ։
Ուրարտուի վերջին շրջանի՝ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված Ռուսա Դ-ի՝ (Ք.ա.600-590թթ.) թագաժառանգ եղած ժամանակի կնիքով կնքված կավե սալիկներից մեկի արձանագրությունը վկայում է, որ Ուրարտուի հյուսիս արևելյան սահմանը եղել է Կուր գետը։
Փաստորեն վերոհիշյալ ժամանակաընթացքում Ուրարտուն հիմնավորապես հաստատվում է այս հեռավոր լեռնային շրջանում։