Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԱՌԿԿ/Ղարաբաղի սոցիալ-տնտեսական կյանքը
Քաղաքական խնդիրները լուծելուց հետո, ցարիզմը ձեռնամուխ եղավ նաև Այսրկովկասի տնտեսական յուրացմանը։ Ցարական կառավարությունը ձգտում էր Այսրկովկասը դարձնել իր հումքային կցորդը և արտադրված ապրանքների իրացման շուկա։
Դրանհասնելու համար ցարական կառավարությունը իրականացրեց մի շարք միջոցառումներ, որոնք շատ թե քիչ սկսեցին աշխուժացնել տնտեսական կյանքը։ Առաջին հերթին անհրաժեշտ եղավ պարզել և ճշտել, թե ինչ եկամուտներ էր ստանում խանը Ղարաբաղից, որոնք հետագայում պետք է մտնեին պետական գանձարան։ Այդ նպատակով 1822-23թթ. երկրամասում անցկացվեց աշխարհագիր, ցուցակագրվեցին բոլոր բնակավայրերը, ընտանիքի անդամները, հավաքվելիք հնարավոր տուրքերի չափը։
Նոր գրավված տարածքների տնտեսական հնարավորություննրը օգտագործելու համար 1836թ. ստեղծվեց «Կովկասյան արդյունաբերական ընկերություն»։
1861թ. փետրվարի 19-ի կանոնադրությամբ Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի վերացումից հետո, 19-րդ դարի 60-70-ական թվականներին ցարական կառավարությունը կայսրության ծայրամասերում անցկացրեց նաև գյուղացիական բարեփոխումներ։
Արևելյան Հայաստանում, այդ թվում նաև Ղարաբաղում, գյուղացիական բարեփոխումը անցկացվեց 1870 թ. մայիսի 14-ի օրենքով։ Նոր օրենքով վերացվեց հողերի օգտագործման համայնական եղանակը և այն փոխարինվեց անհատական եղանակով։ Հստակեցվեց յուրաքանչյուրի հողաբաժինը, իրավունք տրվեց գյուղացիներին վաճառելու, նվիրելու կամ գրավ դնելու իրենց հողակտորներն ու այգիները։ Որոշ բնատուրքեր վերածվեցին դրամականի։ Այս ամենը նպաստեց ապրանքադրամական հարաբերությունների զարգացմանը։ Ապրանքային դարձավ առաջին հերթին հողագործությունը։ Ղարաբաղը մնում էր որպես հետամնաց ագրարային երկիր, որտեղ արտադրության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Տարեց տարի ընդարձակվում են մշակովի հողատարածությունները։ Երկրագործության մեջ գերակշիռ տեղ ուներ հացաբույսերի մշակությունը։ 1883թվականից մինչև 1896թվականը Ելիզավետպոլի նահանգում հացազգիների ցանկատարածություններն ու բերքատվությունը ավելացավ 2-ից մինչև 2,5 անգամ։ Եթե Շուշու գավառում հացահատիկի մշակաբույսերից 1886 թ. ստացել են 424,566 չետվերտ բերք, ապա 1895 թ. դա հասցվել է 620,700 չետվերտի, որի մեծ մասը սպառվել է քաղաքի շուկաներում։
Ներքին շուկայի ընդլայնումը և Ռուսաստանում արդյունաբերության զարգացումը խթանում էր Այսրկովկասի տարբեր գավառների գյուղատնտեսական ապրանքների արտադրության մասնագիտացմանը։ Եթե Շուշու գավառում ավելի շատ զարգացած էր շերամապահությունը, ապա Ջիվանշիրի գավառում՝ բամբակագործությունը և խաղողագործությունը։
Շուշու գավառում 1890 թ. ստացվել է 2,138 փութ բոժոժ, իսկ 1894 թ.՝ 17,000 փութ, որից 4,300 փութը ուղարկվել է արտասահ ման։
Երկրագործական մշակաբույսերի համար կարևորություն էր ներկայացնում ոչ միայն ցանքատարածությունների ընդարձակումը, այլև հումքի որակի բարձրացումը և հողագործության կատարելագործումը։ Ուստի երկրամասում մեծ ուշադրություն դարձվեց ոռոգման ցանցի կատարելագործմանը, առանձնապես քյահրիզների կառուցմանը։ Համարյա Ղարաբաղի բոլոր գյուղերում նման ջրագծեր կառուցվեցին, որոնք առայսօր օգտագործվում են։
Հանդես եկան կազմակերպություններ, որոնք արտասահմանից ներ էին մուծում բարձրորակ սերմեր՝ խաղողի և բամբակի՝ Բրազիլիայից, Հյուսիսային Ամերիկայից, Եգիպտոսից, Հնդկաստանից, տեխնիկական մշակաբույսերի վերամշակման համար մեքենաներ՝ Հյուսիսային Ամերիկայից, Ֆրանսիայից։
Անասնապահությունը ևս շարունակում էր մնալ բնակչության զբաղմունքի հիմնական տեսակներից մեկը։
1891թ. Շուշիի գավառում եթե պահում էին 69,161 գլուխ խոշոր և 144 865 գլուխ մանր եղջյուրավոր անասուն, ապա 1895 թ․ համապատասխանաբար՝ 76,180 և 164 080 գլուխ։
Առաջընթաց կատարվեց նաև գյուղատնտեսական արտադրանքի մշակման գործում։ Դեռևս 60-ական թթ. վերջերից սկսեց զարգանալ օղու և գինու արտադրությունը։ Շուշու գավառում գինեգործական կենտրոններ են համարվում Գիշի և Ղզղալա գյուղերը։ Գավառում 1884-1894 թվականներին գինու արտադրությունը 95,406 դույլից հասավ 186000 դույլի։
Ղարաբաղի թթի այգիներից ստացվում էր մեծ քանակությամբ օղի։
1872թ. տվյալներով Ելիզավետպոլի նահանգում գործում էր 3624 օղու թորման գործարան, որտեղ տարեկան արտադրվում էր 75000 դույլ օղի։ Այս բնագավառում Ելիզավետպոլի նահանգը ամբողջ Անդրկովկասում առաջին տեղն էր գրավում։ Միայն Շուշու գավառում 1895 թ. թորվել է 300000 դույլ օղի։ Գինու և օղու արտադրանքից Շուշու գավառում ստացվել է 1323270 ռուբլու եկամուտ, որը բավականին մեծ գումար էր։
Հայ դրամատերերից շատերը սկսեցին իրենց միջոցները տեղափոխել արտադրության առավել շահավետ ոլորտներ, ստեղծելով զանազան գործարաններ ու ֆաբրիկաներ։ 1880-ական թթ. Աղդամում մեծահարուստներ Խուբլարյաններն ու Սողոմոնյա նները հիմնում են սպիրտի գործարաններ։ Դրա հիմքերի վրա Աղդամում ստեղծվում է նաև կոնյակի փոքր ործարան։
19-րդ դարի վերջին տասնամյակներում ռուսական կայսրությունում կապիտալիստական հարաբերությունների զարգացման և տնտեսության բուռն վերելքի պայմաններում հայկական գյուղը իր նահապետական սովորություններով հանդերձ, ներքաշվեց ընդհանուր համառուսական շուկայի մեջ։ Անձրևից հետո աճող սնկերի նման, Ղարաբաղի բնակավայրերում մեկը մյուսի ետևից, երևան էին գալիս մասնավոր նոր ձեռնարկություններ։ Այդ գործարանների զգալի մասը զբաղվում էր մետաքսի արտադրությամբ։ Մետաքսի մեծ ճանապարհին մոտ լինելով, Ղարաբաղի հայությունը հնուց ի վեր զբաղվում էր շերամապահությամբ։ Այն նոր ընթացք ու թափ ստացավ 19-րդ դարի 80-90-ական թվականներին։ Շերամի հունդը Ղարաբաղ է հասել մի շարք երկրներից, տարբեր ճանապարհներով։
Մինչև 1890 թ. Ղարաբաղում լայն տարածված էր ճապոնական դեղին ցեղի մանր բոժոժ ունեցող հունդը, որին տեղացիները յապոն էին անվանում։ Այն ծովային ճանապարհով Չինաստանից տեղափոխվել է Հունաստան, իսկ այնտեղից Ղարաբաղ։ 19-րդ դարի վերջերին Անդրկովկասում հունդի աճեցման և տարածման գործը կենտրոնացված էր 3 ընտանիքների ձեռքում, որոնցից մեկը՝ Տեր-Գրիգորյանները, ղարաբաղցիներ էին։
Սկզբնական շրջանում շերամապահ գյուղացիները ոչ միայն բոժոժ էին արտադրում, այլ տանը պարզունակ եղանակով ոտնաչարխով մանում էին թելը։ Տեղացի վաճառականները արտադրանքը արտահանում էին արտասահմանյան քաղաքներ։ Ղարաբաղի բնական մետաքսը բարձր է գնահատվել միջազգային մի շարք տոնավաճառներում։ 1882 թ. Մոսկվայում կազմակերպված տոնավաճառում Հոնաշեն Հադրութի մետաքսն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ մեկ տարի անց՝ ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում՝ ոսկե մեդալի։ Տեղին է հիշել, որ 19-րդ դարի վերջերին Արցախի մետաքսից են պատրաստվել Փարիզի Ելիսեյան պալատի վարագույրները։
19-րդ դարի 50-ական թվականներին Ղարաբաղում գտնվող մետաքսագործարանները տնայնագործական տիպի մանր ձեռնարկություններ էին՝ խարսխված բացառապես ձեռքի աշխատանքի վրա։ Միայն 1868թ. Շուշու գավառում կար 490 մետաքսակարժական արհեստանոց, որտեղ թողարկվում էր 76 000 ռուբլու արտադրանք։ 250 Արդյունաբերական եղանակով մետաքսաթելի արտադրության առաջին փորձերը Ղարաբաղում կատարվել են 19-րդ դարի կեսերին։ Ղարաբաղցի Աղաբաբա և Գրիգոր Խաչատրյաններն ու Կարապետ Շահմուրադյանը 1856-1857թթ. Ստեփանակերտում հիմնադրեցին մետաքսի ֆաբրիկա, որտեղ աշխատում էին Նուխուց եկած 25-30 հայ բանվորներ։ Նույն դարի 60-ական թվականներին շուշեցի վաճառականները լինելով Մարսել, Լիոն, Միլան, Վենետիկ, Ջենովա քաղաքներում, արտասահմանից օրինակում են մանարանը, մետաքս ոլորող մեքենան և միաժամանակ «ցելլիվսի» եղանակով սկսում են ստանալ առողջ սերմ։ Առաջին անգամ Ղարաբաղի մետաքսագործի կիսանահապետական աշխատանքին փոխարինելու եկավ շոգու աշխատանքը։ Այս հանգամանքը նպաստում է,որպեսզի երկրամասում զարգանա շերամապահությունը։
1873 թ. Շուշեցի առևտրական Գ. Հարությունյանցը քաղաքում հիմնեց մետաքսաոլորման առաջին ֆաբրիկան, որտեղ Ռուսաստանում առաջին անգամ կիրառվեց բոժոժ չորացնելու հատուկ մեխանիկական սարքավորում։
Գ.Հարությունյանցի ֆաբրիկան սերտորեն կապված էր «Ա․ և Վ. Սապոժնիկովներ», «Ա. Իլին որդիների հետ և Կ.», «Ե.Ա. Սոկոլիկովա» մետաքսի առևտրով զբաղվող խոշորագույն ընկերությունների հետ։
Վարանդայի գավառում 1890թ. արտադրվող 2138 փութ բոժոժից, 1895թ. հասցվեց 9000 փթի, որից 4300 փութը արտահանվել է եվրոպական երկրներ։
Նման պայմաններում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեց Ղարաբաղում նոր մետաքսագործարանների կառուցման ուղղությամբ։ Ժամանակակցի վկայությամբ 1888թ. Արցախում կար 18 մետաքսագործարան, որոնք պատկանում էին հայերին։ Դրանք տեղակայված էին Շուշի քաղաքում, Ստեփանակերտում, Կրկժան, Քարին տակ, Սղնախ, Չանախչի, Ղարաբուլախ , Ղշլաղ, Թաղուտ, Տող, Հադրութ, Շոշ, Բաուջա, Խնածախ, Գիշի գյուղերում։ Դրանց տերերը հիմնականում տեղացի կապիտալիստներ էին՝ Հարունովներ, Ներսեսովներ, Տեր-Գրիգորյաններ, Տեր-Մկրտչյաններ, Քամալյաններ։
Արդեն 1896թ. Լեռնային Ղարաբաղում 26 մետաքսագործական ֆաբրիկա կար, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին դրանց թիվը հասավ 36-ի։ Շուշին հանդիսանում էր բոժոժի խոշոր շուկա Այսրկովկասում։ 1894թ. Շուշիում հիմնադրվեց Կովկասյան մետաքսագործական կայանի մասնաճյուղը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի 85 բնակավայրերում շերամապահությամբ զբաղվում էին մոտ 12000 տնտեսություններ, որը կազմում էր բոլոր տնտեսությունների 45 տոկոսը։ Վերոհիշյալ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում բնական մետաքսի արտադրության բուռն վերելքը պայմանավորված էր մի շարք բարենպաստ գործոնների առկայությամբ. տարանցիկ առևտրական ճանապարհների հանգուցակետում գտնվելը, Լեռնային Ղարաբաղի վաճառականների գործարանատերերի սերտ կապերը Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկրների գործարար շրջանների հետ, այս բնագավառում հնուց եկած ավանդույթները, որին գումարվեց նաև ղարաբաղցիների աշխատասիրությունը և հակումը դեպի արհեստը, էժան և որակյալ աշխատուժի գոյությունը, վառելանյութի՝ անտառների մոտ լինելու հանգամանքը։
Լեռնային Ղարաբաղի մետաքսաթելը մեծ համարում ուներ Եվրոպայի և Ասիայի երկրներում։ Մինչև 1888թ. երկրամասում արտադրված թելը ուղարկվում էր Մարսել, հետագա տարիներին առավել շատ Մոսկվա, իսկ ֆրիզոնը՝ Ֆրանսիա։
Մետաքսի արտադրությամբ Ռուսաստանի երկրամասերի մեջ Ղարաբաղը բռնում էր 2-րդ տեղը և տալիս էր Այսրկովկասի մետաքսի արտադրության 35 տոկոսը։
20-րդ դարի սկզբին ստեղծվեց Գ. Հարությունյանցի Կովկասի մետաքսագործական և մետաքսաոլորման արդյունաբերական ընկերությունը, որը միավորեց 6 մետաքսագործարան, 2 մետաքսաոլորման և 3 բոժոժ չորացման ֆաբրիկաներ։
Քաղաքական գործընթացները սակայն շուտով ընդհատեցին շերամապահության և մետաքսագործության զարգացման բնականոն ընթացքը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ ազգամիջյան ընդհարումների հետևանքով ավերվեցին Լեռնային Ղարաբաղի մետաքսագործարանները։ Խաթարվեցին Եվրոպական և Ասիական երկրների հետ տնտեսական կապերը։ Ճանապարհների անապահովությունը դժվարացրին գործարանների արտադրած թելի սպառումը։ Անտառներից փայտ բերելու խնդիրը կապված էր կյանքի վտանգի հետ և որպես վառելափայտ օգտագործում էին թոխմաչարի տունկը։
Այս ամենից բացի Շուշի քաղաքում 1895 թ. կենտրոնացված էր 6 կաշվի, 4 օճառի, 10 ներկարարական և 2 աղյուսի գործարաններ։
Շուշին առավել շատ հայտնի էր, որպես արհեստավորական կենտրոն։ Այս ժամանակահատվածում էլ արհեստավորները կազմակերպված էին համքարությունների մեջ և ղեկավարվում էին նախկին ավանդույթներով։
Առանձնապես հայտնի էին Շուշեցի գորգագործները, ոսկերիչները, արծաթագործները, պղնձագործները, բրուտագործները, դարբինները, հյուսները, քարտաշներն ու կոշկակարները։
Նրանց արտադրած ապրանքները մեծ համարում ունեին Եվրոպայում, Ռուսաստանում և Արեւելքի երկրներում։
Բրոկհաուզ և Եֆրոնի հանրագիտական բառարանում կարդում ենք. «Շուշին Կովկասում գորգագործության ամենախոշոր կենտրոնն է, որի արտադրությունը սպառվում է նահանգի սահմաններից դուրս շատ հեռու և հասնում է Մոսկվա ու Պետերբուրգ։ Մետաքսի գորգերի աշխույժ առևտուր է գնում, որը համարյա բացառապես գտնվում է տեղի հայերի ձեռքին։
1895 թ. տվյալներով Շուշիում 1000 բնակչի վրա հաշվում էր 22 արհեստավոր։ Նույն ժամանակահատվածում քաղաքում կար 500 տեսակ արհեստ։
Ցարական կառավարությունը Այսրկովկասը տնտեսապես ու քաղաքականապես Ռուսաստանին ենթարկելու, իր ազդեցությունը հարևան երկրների վրա տարածելու նպատակով հովանավորում էր առևտրականներին։ Եվ պատահական չէր, որ բազմաբնույթ միջոցառումներով խրախուսում էր առևտրական դասին ու նրա գործունեությունը։ 1821թ. հոկտեմբերի 8-ի օրենքով Այսրկովկաս ներմուծվող ապրանքներից գանձվում էր 5% մաքս, իսկ Պարսկաստան առաքվող ապրանքների համար հաստատվում էր անմաքս տրանզիտ։ Պատահական չէ, որ Այսրկովկասում արտաքին առևտրի ծավալները 1822-1870 թթ. ընթացքում 1289108 հասավ 15399969 ռուբլու։
Մաքսային նման քաղաքականությունը խթան հանդիսացավ նաև Շուշիի առևտրականների աշխույժ գործունեության համար։ Արդեն 30-ական թթ. ցարական պաշտոնական աղբյուրները հաստատում էին այն իրողությունը, որ հայ առեւտրականներն իրենց ձեռքն են առել «Թիֆլիսի և ամբողջ Անդրկովկասի առեւտուրը»։
Սինչեւ 250000 տարեկան շրջանառություն ունեցող առևտրականները հիմնականում հայեր էին։ Դրանցից հայտնի էին Շուշեցի Թառումյանների և Հախումյանների ընտանիքները։
1808 թ. Բաքվի տուրքերը 4 տարով տրվել էին Բաբա Թառումյանին։ Նրա ձեռքին էր գտնվում նաև Կասպից ծովի նավթի, ձկան, աղի արտադրության կապալը։
Զոհրապ և Մարկոս Թառումյանները իրենց միջոցներով կառուցեցին Ագուլեցոց եկեղեցին։
Մարկոս Թառումյանը մահվանից առաջ Էջմիածնին և մնացածներին վերադարձնում է պարտամուրհակները և երկու քսակ ոսկի բաժանում աղքատներին։
Թառումյանի մահվանից հետո նրան թաղում են մեծ պատվով, ինչպես Արտաշես Արշակունի թագավորին, գրում է Մեսրոբ Թաղիադյանը։
Երեք վաճառական հայ ընտանիքներ Շուշիի սարահարթից հսկում էին մի մեծ առևտուր, որի միջոցով իրար էին կապվում աշխարհի չորս ծայրերը Չինաստանից մինչև Արևմտյան Եվրոպա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան և Սկանդինավյան երկրներ։ Գերմանական «Ալգեմայն ցայտունգ» թերթը 1846թ. նոյեմբերի 15-ի համարում գրում է. «Ղարաբաղի գլխավոր քաղաքը Շուշին առանց չափազանցության կարելի է համարել Կովկասյան Ջիբրալթարը»։
1880թ. տվյալներով Շուշիում կային 952 առևտրական և արդյունաբերական ձեռնարկություններ։ Շուշին 19-րդ դարում առևտրական բազմաթիվ թելերով կապված էր արտասահմանյան երկրների հետ։ Ղարաբաղի և Այսրկովկասի սահմանները նեղ էին շուշեցի առևտրականների համար։ Նրանք առևտրական գործառնություն ծավալեցին Ռուսաստանում, Իրանում, Եվրոպական երկրներում։
Շուշեցի մեծահարուստներ Հախումյանները նշված երկրներում ունեին իրենց գործատները և Ռուսական կայսրության բանկերում ունեին մոտ մեկ միլիոն ռուբլի։
Առևտրի զարգացմանը խթանում է նոր ճանապարհների կառուցումն ու փոխադրական միջոցների կատարելագործումը։ Կառուցվեցին և խճապատվեցին Շուշի-Եվլախ, Շուշի-Գորիս-Նախիջևան-Երևան ճանապարհները։ Շուշիում գործում էին «Նադեժդա» և «Ռոսիյսկոյե» ընկերությունների գրասենյակները, որոնք կազմակերպում էին ապրանքների փոխադրումը։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբներին ներկայիս Ադրբեջանի, հատկապես Բաքվի առևտրական և արդյունաբերական կապիտալի գերակշիռ մասը գտնվում էր ղարաբաղցի, ինչպես նաև արևելահայ մեծահարուստների ձեռքին։ Բաքվում հրատարակված ռուսերեն լեզվով Ադրբեջանի պատմության մեջ հետաքրքիր տեղեկություններ կան վերոհիշյալի մասին։ Այսպես, օրինակ Բաքվի խոշորագույն նավթահարերը գտնվում էին Մանթաշյանի, Լիանոզովի, Ղուկասյանի, Փիթոևի, Մաիլյանի, Արամյանցի, Թադևոսյանի, Ծատրյանի, Միրզոյանի մետաքսի արտադրության գործարանները՝ Մեսրոպյանի, Գյանջումյանցի, Հարությունյանցի, Քամալյանի, Ներսիսյանի, Զուրաբյանի ձկնաարդյունաբերությունը՝ Լեանոզովի, Ղուկասյաի, Մաիլյանի, Փիրալյանի առևտուրը՝ Արամյանցի, Անանյանի, Մաիլյանի, Հովհաննիսյանի, Առաֆելյանի(Արաֆելով), Դովլաթյանի, Ջանփոլադյանի, Աֆրիկյանի ձեռքում։
Հայերն էին տնօրինում գինեգործական, ծխախոտագործական արդյունաբերությունը։ Նրանց ձեռքին էր կենտրոնացված Ադրբեջանի քիմիական արդյունաբերության 10 տոկոսը, մեխանիկական արտադրության 22 տոկոսը։ Ոչ լրիվ տվյալներով 1900թ. Բաքվի նահանգի արդյունաբերական ձեռնարկությունների 29 տոկոսը պատկանում էր հայերին, 27 տոկոսը՝ ռուսներին, 18 տոկոսը՝ ադրբեջանցիներին և 13 տոկոսը՝ օտարերկրացիներին։
Առևտրա-արդյունաբերական կապիտալի հայ ներկայացուցիչները իրենց գործունեությամբ դարձան հասարակության առաջմղիչ ուժը։ Լեոն իրավացիորեն գրել է. «Այն ժամանակվա մեր կյանքում այդ դասակարգն էր, որ հոգևորականությունից հետո կատարում էր խոշոր հասարակական դեր»։
19-րդ դ. 2-րդ կեսին սոցիալ-տնտեսական տեղաշարժերը որոշակի պայմաններ էին ստեղծում կրթամշակութային կյանքի զարգացման համար։ Նոր տնտեսական հարաբերությունները պահանջ են դնում ունենալ ուսյալ մասնագետներ։ Հայ մեծահարուստները միջոցներ չէին խնայում իրենց զավակներին և, ինչու չէ, նաև տաղանդաշատ հայրենակիցներին ուսում տալու հայրենի երկրում և արտասահմանում։
Քննարկվող ժամանակահատվածում Շուշիում գործող դպրոցների մեծ մասը պահվում էր մեկենասների միջոցներով։
1898թ. թեմական դպրոցի նոր շենքը կառուցվել է հանգանակությունների միջոցով հավաքված փողերի միջոցով։ 1908թ. ռեալական դպրոցը Մովսես բեկի տնից տեղափոխվեց առևտրական բարերար Արաֆելյանի կառուցած հիասքանչ շենքը։
Մարիամյան օրիորդաց դպրոցը գործում էր նրա ամուսնու՝ Համբարձում Հախումյանի նվիրած սեփական տան մեջ։ Շուշեցի մեծահարուստ Պողոս, Արշակ, Հակոբ և Աբրահամ Ղուկասյան եղբայրները, իրենց հանգուցյալ քրոջ հիշատակը հավերժացնելու նպատակով, Ամենայն հայոց կաթողիկոսի տրամադրության տակ են դնում երկու հարյուր հազար ռուբլի և Շուշիում գտնվող իրենց սեփական տունը «Մարիամ Ղուկասյան» անունով օրիորդաց դպրոց հիմնելու համար։
Շուշիի թեմականի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ մոսկվայաբնակ մեծահարուստ Բաղդասար Արզումանյանը դպրոցին նվիրեց 200 000 ռուբլի, որից ստացված տոկոսներով պետք է հոգային դպրոցի կարիքները։ Միաժամանակ դպրոցին տրվեց Պոկրովկա, Չիստըե պրուդը քաղաքում գտնվող սեփական պալատը, միայն մի պայմանով, որ ամեն տարի մեկենասի ծննդավայրից՝ Զարդանաշենից չքավոր մանուկներից երկու հոգու ձրիաբար սովորեցնեն դպրոցում։ Նույն տարեդարձի կապակցությամբ Միքայել Արամյանը Շուշիում գտնվող 30 000 արժողությամբ իր տունը նույնպես նվիրեց դպրոցին։ Այս ցուցակը կարելի է շարունակել։