Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը Բագրատունյաց թագավորության շրջանում/Խաչենի իշխանությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԽԱՉԵՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

9-րդ դարի առաջին կեսերին Արցախի արևմտյան և հյուսիսային կողմերում ստեղծվում է Խաչե­նի իշխանությունը, կենտրոն ունենալով համանուն բերդը։ Վերոհի­շյալ ժամանակահատվածում Խաչենի իշխան Սահլ Սմբատյանը մի շարք հաղթանակներ տանելով արաբների նկատմամբ, ամրապնդեց իշխանության դիրքերը՝ նոր հողերի տիրելով Սևանա լճի ավազանում։ Նրա օրոք Խաչենի իշխանության սահմանները տարածվում էին Սևանի արևելյան ափերից մինչև Մուխանք դաշտը(Միլի տափաստանը–Վ.Բ.),(այժմյան ԼՂՀ Մարտակերտի, Շահումյանի, Քարավաճառի, Քաշաթաղի, Շուշու շրջանը, Մարտունու և Ասկերանի շրջանների մի մասը և ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածները)։

Փաստորեն Խաչենի իշխանությունը, իր մեջ ներառելով Արցախի տարածքի գերակշիռ մասը, միջնադարում երբեմն իր անունը տարածում էր ողջ նահանգի վրա։

Սահլ Սմբատյանի կյանքի վերջին տարիներին երկիրը կառավարում էին նրա երկու որդիները՝ Հովհաննեսը և Ատրներսեհը։ Հովհաննեսը­ տնօրինում էր Ներքին Խաչենի գավառներին՝ Թարթառի աջափնյակն ու Խաչենագետի ավազանը, իսկ Ատրներսեհը իշխում էր վերին Խաչենում։ Չնայած դրան ավագության կարգով կրտսեր եղբայրը ընդունում էր Հովհաննեսի գերագահությունը։ Դրա մասին է վկայում սուրբ Հակոբա վանքում 853 թվականից պահպանված, մինչև այժմ հայտնի հնագույն գիր-թվական ունեցող, մի արձանագրություն, որի մեջ Հովհաննեսը ներկայանում է որպես Հայաղվանքի իշխան։

Արաբական տիրապետության դեմ կազմակերպած ապստամբության պատճառով հայ մի շարք իշխանների, այդ թվում Սահլ Սմբատյանին և իր երկու որդիներին, 855 թվականին Բուղան աքսորել է Արաբիա։ Աքսորից տուն վերադարձավ միայն Ատրներսեհը և շարունակեց իշխել ինչպես Վերին, այնպես էլ Ներքին Խաչենում։

Խաչենի իշխանությունը առավել հզորացավ 9-րդ դարի վերջե­րին Ատրներսեհի որդի Գրիգոր Առանշահիկի իշխանության տարի­ներին։ Նա իր իշխանությունը տարածեց նաև Կուր գետից այն կողմ՝ Կամբեջան գավառի վրա։ Գրիգորի տիրույթներն այդ ժամանակաշրջանում հասնում էին արևմուտքում՝ մինչև Սևանի արևե­լյան ափերը, Մեծ Մազրա, Շողվագ կետերով, իսկ արևելքում՝ մինչև Պարսկաստանի մատույցները։

Արաբական աղբյուրներում Գրիգորը հիշատակվում է Համամ անունով, որը հունարեն «Գրիգորի» արաբերեն թարգմանությունն է (երկուսն էլ նշանակում են «զգոն, արթուն, հոգատար»։ Փաստորեն աղբյուրներում հանդես եկող Համամ Բարեպաշտը նույն Գրիգոր Առանշահիկն է։

Չնայած իր հզորությանը, Համամ-Գրիգորը ճանաչում էր Բագրատունիների գերագահությունը։

Առանշահիկների իշխանական տունը շարունակում էր գլխավարել Խաչենի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի առաջընթացը։ Գրիգորը Թարթառի աջ ափին կառուցեց Հավքախաղաց բերդը, որը դարձավ աթոռանիստ կենտրոն։ Առանշահիկների հովանավորությամբ Խաչենի տարբեր գավառներում կառուց­վեցին անառիկ ամրոցներ՝ Կաչաղակաբերդը, Խաչենաբերդը, Խոխանաբերդը, Լևոնաբերդը, Ջրաբերդը, հրաշագեղ խաչքարեր ու վանական համալիրներ։ Այդ խաչքարերից մեկը գտնվել է Աղդամի շրջանի Սոֆուլու գյուղում և այսօր պահվում է Ադրբեջանի պատմության թանգարանում։ Հայատառ այդ շիրիմաքարը ադրբեջանցիները համարում են իրենց ստեղծածը։

Քաղաքական կայունություն ունեցող և տնտեսական ու մշակութային վերընթաց ապրող Խաչենի իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեին ոչ միայն հայկական թագավորությունները, այլև հեռու և մոտիկ պետությունները։ 10-րդ դարում Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը վկայում է, որ իր երկիրը առնչու­թյուններ ուներ Արցախի հետ և նամակներ հղելիս այն հասցեագ­րում էր այսպես՝ «Հայաստան-Խաչենի իշխանին»։ Համամ Բարեպաշտը հեղինակություն էր նաև արաբական խալիֆայությու­նում։ Երբ 893թ. արաբները գերում են հայոց կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցուն և հասցրել էին Պարտավ, Համամ-Գրիգորը նրան ազատեց «բազմաբաշխ գանձեր վճարելով, ապա նրան շքեղ մեծարանքներով, ողջ-առողջ ուղարկեց Հայաստան»։

9-րդ դարի վերջերին Համամ-Գրիգորի մահվանից հետո Խաչենի իշխանությունը տրոհվում է նրա որդիների միջև։ Գրիգոր-Համամը ունեցել է հինգ արու զավակներ՝ Ապուլին, Ատրներսեհը, Սահակ Սևադան, Սմբատը և Վասակը։ Ավագ որդին՝ Ապուլին սպանվել է եղբոր՝ Սմբատի կողմից։ Դրա մասին է վկայում Աղդամի շրջանի Սոֆուլու գյուղում մնացած շիրիմաքարը:

Համամ Բարեպաշտի մյուս որդին Ատրներսեհը 910 թվականին Կուրի ձախափնյակում հիմնում է Կամբեճան-Շաքիի թագավորությունը։ Այստեղ նա իշխեց մինչև 10-րդ դարի կեսերը։ Նրան փոխարինեց որդին՝ Իշխանակը։ Վերջինս տեղի տվեց իր մոր՝ վրաց իշխանաց իշխան Գուրգենի քրոջ, Դինարի խարդավանքներին գավառի հայության զգալի մասին դարձրեց քաղկեդոնական և մեկընդ­միշտ կտրեց հայկական միջավայրից։

Այլ ընթացք ունեցան Սահակ Սևադայի, Սմբատի և Վասակի իշխանությունները, որոնց և նրանց հաջորդների հայրենանվեր գործունեության շնորհիվ, մաքառելով չարի ու թշնամու դեմ, երկար դարեր հայությունը պահպանեց իր ինքնությունը։

Սահակ Սևադան՝ Խաչենի իշխանական տան ամենաքաջ ու գրասեր ներկայացուցիչներից մեկը, քննարկվող ժամանակաշրջանում իշխում էր անմատչելի լեռնաստան Փառիսուսում, ինչպես նաև Գարդմանում ու Ձորագետում։ Հայոց կենտրոնական թագավո­րության և հարևան իշխանությունների հետ սերտ կապեր ստեղծե­լու նպատակով Սահակ Սևադան իր դստերը՝ Շահունդուխտին կնության էր տվել Սյունյաց գահերեց իշխան Սմբատին, իսկ մյու­սին Բագրատունի Աշոտ Բ Երկաթին։ Ժամանակակից պատմիչ Հովհաննես կաթողիկոսը նրան կոչում է «հոյակապ իշխան մեծ Սահակ», որ ուներ «զիմաստութիւնն իւր մեծ»։

Անհանգիստ ու արդարամիտ խառնվածք ունեցող իշխանը չէր հանդուրժում հայ նահատակների նկատմամբ Աշոտ Բ Երկաթի կոշտ դիրքորոշումը, որի հետևանքով գործը հասնում է պատերազ­մական ընդհարման։ Ահեղ ճակատամարտում Սահակ Սևադան և նրա որդի Գրիգորը պարտվում են։ Աշոտ Բ-ն այլ պատիժ չգտնելով կուրացնել է տալիս աներոջն ու նրա որդուն։ Նման վերաբերմունքի հետևանքով Աշոտ Բ արքայից երես թեքեցին հայ իշխանները և նա արաբների դեմ պայքարում մնաց միայնակ։

Սմբատն ու Վասակը իշխում էին երկրի ներքին գավառներում։ Սմբատը տիրում էր Ներքին Խաչենում՝ Գանձասարի շրջակայքում, իսկ Վասակը՝ Վերին Խաչենում։

Համամ Բարեպաշտից սերված այս ճյուղերը հետագայում տվել են նոր ոստեր։ 12 և 13-րդ դարերի իրողություններում հայտնի են Հաթերքի Վախտանգյանները, Խոխանաբերդի Վախտանգ Սակառյանները, Գեռաքարեցի իշխանազունները, Դեսումյանները, Դլենյանները և Խաղբակյան-Պռոշյանները։ Վերջիններս Զաքարյանների օրոք իշխում էին Սյունիքի և Այրարատի մի մասում և լուսավոր հետք քողեցին հայոց պատմության միջնադարյան ժամանակահատվածում։