Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախի բնաշխարհը
Ամեն մի ժողովրդի ճակատագրի վրա որոշակի ազդեցություն է ունեցել նրա հայրենիքի պատմաաշխարհագրական միջավայրը։ Հայ ժողովրդի համար բնապատմական այդ միջավայրը Հայկական լեռնաշխարհն է, որտեղ անհիշելի ժամանակներից առ այսօր ստեղծվել են մարդկային առաջավոր քաղաքակրթության մակարդակի վրա գտնվող մշակութային գոհարներ։
Հայկական բարձրավանդակի ոչ միայն նահանգները, այլ նաև համարյա բոլոր բնակավայրերից յուրաքանչյուրը հարևաններից բաժանված է բնական պատվարներով և, ըստ էության, կազմում է ոչ միայն վարչական առանձին միավոր, այլև բնակլիմայական ինքնուրույն ու ինքնատիպ մի ամբողջություն։ Ասես մարդկային ցեղի ծնունդով, ամենազոր արարչի կամոք Մեծ Հայքին, մասնավորապես Արցախ աշխարհին, բաժին է հասել աշխարհագրական դրախտային մի միջավայր, ուր գոյություն ունեն բոլոր պայմանները բարեկեցիկ ու հարուստ կյանքի համար՝ նախապես իմանալով, որ ճակատագիրը հային ավանդել է ողբերգական ու դրամատիկ դրվագներով հարուստ պատմություն։
Դրախտային այդ հողին աչք տնկած հարևան մեծ ու փոքր բռնակալ տերություններով շրջափակված հային պատվար մնաց նրա ծննդոց բնաշխարհը՝ տալով նրան ամեն կենսականը, ինչ հատուկ էր հող հայրենիին։
Բնաշխարհագրական նման գողտրիկ անկյունում է գտնվում Արցախը, ուր վաղնջական ժամանակներից հայ մարդը արարել ու իր ժառանգներին է կտակել հայրենի անդաստանը։ Արցախը իրենից ներկայացնում է սառած լավայից կազմված մեծ ու փոքր սարահարթերի, լեռնային գոգահովիտների և կիրճերի մի ամբողջ համակարգ՝ բաժանված ներքին լեռնաշղթաներով։ Բարձրաբերձ լեռնագագաթների կողքին այստեղ կարելի է տեսնել ցածրավայրեր՝ բերքառատ այգիներ ու հողահանդակներ։
Արցախը զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան լեռնոտ տարածքը, Մեծ Հայքի ծայր արևելյան հատվածի մի մասը։ Նրա սահմաններն արևմուտքում հասնում են մինչև Սևանա լճի արևելյան ափերը, հարավ-արևմուտքում՝ Աղավնո (Հագարի), հարավում՝ Երախս (Արաքս) գետերը, արևելքում՝ խորանում Մուխանքի դաշտաբերանում, իսկ հյուսիսից՝ եզրագծվում Դարաբաղյան լեռնաշղթայով։
Արցախն ունի խիստ կտրտված լեռնային մակերևույթ։ Նրա տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1100 մետր։
Արցախը Հայկական լեռնաշխարհի մյուս նահանգների նման նույնպես բնութագրվում է սեյսմիկությամբ։ Մեծ տեղ են գրավում հրաբխային ապարները, իսկ գետահովտային մասում՝ նաև նստվածքային ապարները։ Հրաբխային գործունեության հետևանքով երկրամասի մակերեսը մեծ մասամբ ալիքավոր սարավանդների բնույթ է ստացել։ Այդ լեռնադաշտերը խախտվում են այստեղ-այնտեղ վեր խոյացող կամ պակաս նշանավոր գմբեթաձև գագաթներով։