Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Հնագույն մշակույթը
Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում Արցախում և Ուտիքում ապրող հայախոս ցեղերը ժամանակի ընթացքում ստեղծել են հարուստ և բազմաբնույթ հայկական մշակույթ։
Հարկ է նշել, որ դրանք պատշաճ ուսումնասիրության չեն ենթարկվել։ Մանավանդ խորհրդային իշխանության տարիներին, Հայոց Արևելից նահանգները հայ գիտնականների համար արգելված գոտի է եղել։ Եվ այնուհանդերձ, կատարված մասնակի պեղումների, ինչպես նաև հայ ու օտար հեղինակների թողած ժլատ տեղեկությունների շնորհիվ մենք գաղափար ենք կազմում հնագույն մշակույթի զարգացման փուլերի, առանձնահատկությունների, վերելքների և վայրէջքների մասին։
Հայտնաբերված նյութերն ու կացարան քարանձավները անգնահատելի նշանակություն ունեն Արցախում մարդու վաղ բնակության և նախամարդու տարաբնակեցման կարևոր հարցերի լուծման համար։ Հայտնաբերված կացարան քարանձավներից յուրատեսակ հետաքրքրություն է ներկայացնում Շուշիի մոտակայքում գտնվող և Հադրութի Թաղլար, մանավանդ Ազոխ գյուղի մոտ գտնվող բազմաշերտ ու ընդարձակ քարանձավը, որի երկարությունը հասնում է 200 մետրի։ Այս տեղբացվել են մշակութային տասը շերտեր։ Հայտնաբերվել են նախամարդու կենցաղային իրեր, աշխատանքային քարե գործիքներ, որոնք ունեն շուրջ 150000-200000 տարվա վաղեմություն։
Ցավոք, այդ նյութերի զգալի մասը ադրբեջանական հրատարակություններում ջանում են ապացուցել, թե ադրբեջանցիները ինչ-որ մի համամարդկային նշանակության նախասկզբնական մշակույթ են ստեղծել։
Առանց քարեդարյան արվեստի որոշակի մակարդակի առկայության, դժվար է պատկերացնել Արցախի հետագա ժամանակների արվեստի բուռն առաջընթացը։
Նոր քարեդարյան ժամանակաշրջանում մարդը սովորում է ավելի խորը՝ բազմազանության և փոխադարձ կապերի մեջ ընկալել իրականությունը։ Այս շրջանի արվեստի համար բնորոշ է դառնում զանազան առարկաների նախշազարդումը, ոճավորումը, պատմողական բարդությունը, որը հանգեցնում է ամբողջ գործողություններ և երևույթներ ձևավորելու անհրաժեշտությանը։
Կենդանական պատկերների հետ մեկտեղ նշանակալից դեր են կատարում կերպավորումները որսի և զինական ընդհարումների տեսարաններում։
Արցախի լեռները շատ հարուստ են նշված տիպի հուշարձաններով։ Դրանք բազմազան, բազմաբովանդակ և միանգամայն ինքնատիպ ժայռապատկերների կուտակումներ են։ Արցախի ժայռապատկերների ոճական առանձնա-հատկություններն ու նմանությունները հայկական լեռնաշխարհի մյուս հատվածներում գտնվողների հետ համեմատ ցույց են տալիս, որ դրանք ունեն ժամանակագրական շատ լայն ընդգրկում և սկսվելով նեոլիթյան ու վաղ էնեոլիթյան ժամանակներից, հարատևել են մինչև երկաթե դարը։ Ժայռապատկերներով առավել հարուստ է Քարավաճառի շրջանը։ Այստեղ Չրաղ գյուղից հարավ՝ Սևլիճ (Ղարագյոլ) և Զալխա լճերի մերձակայքում, ծովի մակերևույթից 3000 և ավելի մետր բարձրության վրա բազալտե ժայռաբեկորներին պահպանվել են մեծաքանակ և բազմաբնույթ ժայռապատկերներ։ Նմանօրինակ ժայռապատկերներ հայտնաբերվել են նաև Հադրութի շրջանում Թաղլար գյուղի շրջակայքում։
Արցախի հնավայրերը հարուստ են դամբարանաբլուրներով, մեգալիթյան կոչված (հունարեն՝ մեգա-մեծ, լիթոս-քար), այսինքն՝ մեծքարյան հուշարձաններով՝ մենհիրներով, դոլմեններով և կրոմլեխներով։ Դրանք պատկանում են նեոլիթի վերջին, էնեոլիթի, բրոնզե ու վաղ երկաթե դարաշրջաններին։ Մեծազանգված, անձև ու անմշակ քարերից ստեղծված այդ հուշարձանները կապված են եղել ննջեցյալի թաղման ծեսի հետ կամ ունեցել են պաշտամունքային այլ նշանակություն։ Պեղումները ցույց են տալիս, որ դամբարաններում ոչ միայն պահպանվում են հանգուցյալների կմախքներ, այլև նրանց կենցաղին, ռազմաքաղաքական կյանքին բնորոշ բազմաբնույթ առարկաներ։ Դրանք ուսումնասիրելով գերմանացի հնագետ Ռ.Վիրխովը եկել է հետևյալ եզրահանգման. «...սակավաթիվ պեղումներն անգամ ցույց են տալիս, որ Գուգարքից սկսած մինչև Թարթառ գետի դաշտը ապրած հին ազգերը մեկ մշակույթի ներկայացուցիչներ են»։
Արցախի հնավայրերից հայտնաբերվել են ուլունքներ, մատանիներ, ապարանջաններ, ասեղներ, նետասլաքներ, դաշույններ, կավանոթներ, քարից, բրոնզից, ոսկրից պատրաստված աշխատանքի գործիքներ։
Դրանցից հիշատակության արժանի է եղջյուրից պատրաստված գորգագործի կտուտիչը։ Մատենագիտական տեղեկությունների համաձայն՝ այն օգտագործվել է գործվածքեղենի արտադրության մեջ, հետագայում՝ նաև գորգագործության մեջ։ Վերոհիշյալ նյութերը այսօր պահպանվում են Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։
Արցախի հնագույն մշակույթի մեջ նշանակալից տեղ ունի բրոնզի, երկաթի դարաշրջանների խեցեղենը։ Ռելիեֆ գոտիներով, կենդանակերպ կանթերով, եռանկյունների մեջ ամփոփված բազմաշար զիգզագներով զարդարված, սև, խամրած փայլով և անփայլ կավանոթների զուգահեռները հայտնաբերվել են հայկական լեռնաշխարհի համաժանակյա հուշարձաններում։ Կիսաշրջանաձև կանթերով, կետածածկ սրածայր եռանկյուններով զարդարված ամենատարբեր չափսերի պնակները, ակոսազարդ կճուճները, թասերը, թամբաձև սապատավոր կանթով, կանելուրազարդ սափորները պատրաստված են մեծ վարպետությամբ ու բարձր ճաշակով և հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմելու կիրառական արվեստի այդ տեսակի զարգացման փուլերի ու բնորոշ հատկանիշների մասին։
Այստեղ պահպանված խեցեղենում հանդիպում են նաև ուրարտական ու հելենիստական մշակույթին բնորոշ նախշազարդ սափորներ, կճուճներ և այլ իրեր։ Ուրարտական ժամանակաշրջանին են վերագրվում նաև կարասային թաղումները, որոնք առավել մասսայական բնույթ են ստացել հետագայում Ք.ա. 3-1-ին դդ։ Թաղման, նաև տարբեր տեսակի մթերքներ պահելու համար պատրաստված խոշոր չափսերի կարասները նույնպես վկայում են Արցախում խեցեգործության լայն կիրառման ու զարգացման մասին։
Ուշագրավ են Արցախի տարածքում գտնված զենքատեսակները՝ դաշույնները, նիզակները, երկճյուղ եղանը, կացինները, հրթիռանման գուրզերը և բազմաբնույթ զարդարանքները՝ մանյակները, ուլունքները, մատանիները, կոճակները, զարդաքորոցները, ականջօղերը, հերակալները, զանգակաձև, վրան ձևավոր անցքերով տարբեր չափսերի մեդալիոնները, գինդերկախիկները, ականջօղերը, փորագիր պատկերներով բրոնզե գոտիները։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բրոնզե ապարանջանները, որոնց ծայրերը օձանման գլխիկներ ունեն, իսկ օձը նախկինում խորհրդանշում էր վերածննդի, իմաստության ու հավերժության զաղափարը։
Ագաթից, սարդիոնից, սաթից ամենատարբեր ուլունքաշարերով հարուստ են Արցախի դամբարանները, ինչը փաստում է դրանց տեղական ծագման ու լայն գործածության մասին։ 1890-ական թվականներին Էմիլ Ռյոսլերը Խոջալլուի դամբարանադաշտից հայտնաբերել է արծաթե ուշագրավ ուլունք, որի վրա կա արձանագրություն՝ Ասորեստանի Ադադնիրարի 1-ին (1310-1282 Ք.ա.) արքայի անվան հիշատակությամբ։ Ուլունքը պահվում է Պետերբուրգի Էրմիտաժում։
Արդուզարդի հետ առնչվում են նաև մետաղյա հայելիները, որոնք նույնպես լայն տարածում են ունեցել անտիկ աշխարհում և հաճախ են հանդիպում Արցախի դամբարաններում։
Հայկական լեռնաշխարհում, այդ թվում Արցախում, քարի բազմատեսակ հարուստ պաշարների գոյությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել ճարտարապետական կառուցողական արվեստի զարգացման համար։ Դեռևս հնագույն ժամանակներից հայ մարդը, դիմելով քարի օգնությանը, մշակել է խիստ պարզ ու անկատար, սակայն իմաստավորվածությունից ոչ զուրկ կառուցվածքներ։ Դրա հետ մեկտեղ բարդ ռելիեֆի պայմաններում նա մշակել է ամրացված բնակավայրերի՝ բերդշենների կառուցապատման ամենապարզ սկզբունքները, լուծել տեղանքի ընտրության, այն պաշտպանական տարրական միջոցներով և ջրամատակարարմամբ ապահովելու, ինչպես նաև բնակելի տներ կառուցելու հարցերը։
Թշնամական ուժերից պաշտպանվելու նպատակով բրոնզի դարաշրջանում Հայոց Արևելից գավառներում կառուցել են կիկլոպյան բերդեր։ Դրանք, որպես կանոն, զետեղված են համեմատաբար բարձրադիր վայրերում, գետերի, գետակների, առվակների ափերին կամ նրանցից ոչ հեռու, տափարակ և բարեբեր դաշտերի մեջ։ Քաշաթաղի շրջանում՝ Հոչանց գետի ձախափնյա ձորալանջին, պահպանվում են կիկլոպյան շարվածքով հնամենի բերդի մնացորդները։ Սա ակնհայտորեն իր նպատակին է ծառայել նաև միջին դարերում։ Կա այն կարծիքը, որ դա Ստ. Օրբելյանի հիշատակած Խոժոռաբերդն է։
Եկվոր քրդերը բերդը կոչում էին Գյավուրղալա (անհավատների բերդ)։
Ք.ա. III-II հազարամյակներին պատկանող բերդերի մնացորդներ են հայտնաբերվել Աղդամի մոտակայքում և Ֆիզուլիի շրջանում։
Վերոհիշյալ բերդերը պարփակված են եղել 3 մետր հաստությամբ անմշակ քարերից կառուցված կիկլոպյան պարիսպներով։ Բնակավայրերի կառուցապատումը անկանոն է՝ ծուռումուռ նրբանցքներով։ Ճարտարապետական հատակագծային տեսանկյունից դրանք շատ նման են Երևանից ոչ շատ հեռավորության վրա գտնվող Շենգավիթ բնակավայրին։ Անգամ Արցախի պատմության անգերազանցելի կեղծարարներից մեկը՝ Դ. Ախունդովը նկատել է այդ նմանատիպությունը։
Նմանօրինակ հուշարձաններից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Հադրութից 8 կմ հեռավորության վրա գտնվող կիկլոպյան շարվածքով բերդի մնացորդները։ Պահպանվել է 160մ երկարությամբ և 3մ հաստությամբ ամրոցի պարսպաշարը, ինչպես նաև 3 աշտարակները, որոնցից 2-ը ունեն 7մ, իսկ մեկը՝ 12մ շրջագիծ։ Ամրոցի տարածքում հայտնաբերված կլոր և օվալաձև շարվածքով բնակարաններն ու տնտեսական շինությունները վկայում են, որ այդ բլրին ժամանակին եղել է բնակավայր, որը մոտովորապես I-III դարերում վեր է ածվել բերդավանի։
Արցախի բարդ ռելիեֆը թելադրել է առանձին բնակավայրերում բնակարանը կառուցել գետնի կամ ժայռերի մեջ՝ ամբողջովին կամ կիսաթաղ վիճակում։ Սենյակների չափերի մեծության դեպքում նրանց քարե ծածկերը հենվել են փայտյա սյուներից ու հեծաններից կազմված հիմնակազմիչ համակարգի վրա։ Քարակերտ նման բնակարանները հանդիպում են շրջանաձև, օվալաձև և ուղղանկյուն (Քաշաթաղ, Քարավաճառ, Բերդաձոր, Հադրութ, դաշտային Ղարաբաղ) հատակագծերով։ Առաջանալով էնեոլիթի վերջին շրջանում, դրանք հաջորդ դարաշրջանններում որոշ կատարելագործման են ենթարկվել՝ սենյակների չափերի ու կազմի, ինչպես և գործադրած շինարվեստի տեսակետից:
Հայկական շինարարական ավանդույթների հետագա զարգացման ու զգալի կատարելագործման հիմքերի վրա Հայաստանի տարբեր հատվածներում կառուցվել են տասնյակ քաղաքներ, քաղաքատիպ ավաններ, պալատներ, տաճարներ, կամուրջներ, հյուրանոցներ, թատրոններ, բաղնիքներ։
«Նոր քաղաքների ծաղկումը,- գրել է Ս. Երեմյանը,- որոնք արդեն ոչ միայն ռազմավարչական, այլև առևտրաարհեստագործական կենտրոններ էին, քաղաքներ բառի բուն իմաստով, սկսվում է Ք.ա. 3-1-ին դդ.»։
Հայկական քաղաքները կառուցվում էին կարևոր ճանապարհների վրա՝ բացառապես պետական միջոցներով ու թագավորական քաղաքներ էին։
Սակայն, տարաբախտաբար, այդ հուշարձաններից միայն հազվագյուտ նմուշներ են հասել մեզ։
Հայոց Տիգրան Մեծ արքայի (Ք.ա. 95-55թթ.) կողմից հիմնված և իր իսկ անունը կրող 4 քաղաքներից մեկը գտնվում է Արցախի Շահբուլաղ ամրոցից հյուսիս-արևելք՝ Վանքասարի ստորոտում՝ Թարնոյուտ (Թառնագյուտ) գյուղի կամ Գյավուրղալա քաղաքատեղիի տարածքում։ Տիգրանակերտը շարունակել է գոյատևել նաև վաղ միջնադարում։ Տիգրանի անունով քաղաք կառուցվել է նաև Ուտիքում։ Ք.հ. առաջին դարում Պարտավը դառնում է առևտրի և արհեստագործության կենտրոն, կատարելով քաղաքատիպ ավանի դերակատարություն։
Ճարտարապետությանը զուգընթաց որոշակի զարգացում են ապրել նաև քանդակագործությունն ու նկարչությունը։ Հայ և օտար սկզբնաղբյուրներից հայտնի է, որ հայկական հեթանոսական տաճարներում եղել են կավից, մարմարից, փղոսկրից, ոսկուց, արծաթից և այլ նյութերից շինված աստվածների և թագավորների մեծ ու փոքր քազմաթիվ արձաններ։ Սակայն այդ արձաններից մեզ մի քանի նմուշներ ու բեկորներ են հասել։
1898թ․ գերմանացի հնագետ Էմիլ Ռյոսլերը, ուսումնասիրելով Զարուխ գյուղի մերձակայքում գտնվող հնավայրը, հայտնաբերել է մի շարք քանդակների բեկորներ, որոնք, նրա կարծիքով, հայկական ծագում ունեն։ «Այդ քանդակները,- գրել է Ռյուսլերը,- պատկերում են թամքած երիվարներ՝ լիակատար ռազմական հանդերձանքով։ Ամենայն հավանականությամք այսօրինակ քարերը հին հայկական գերեզմանոցների մահարձանների թվին են պատկանում»։
Առանձնակի նշանակություն ունեն կանացի արձանիկները, որոնք խորհրդանշում էին կյանքի, հարատևման, պտղաբերության, արգասավորման, մայր աստվածության գաղափարը։ Ֆիզուլու շրջանի Գալագյաղ բնակավայրում հայտնաբերված կնոջ երկու արձանիկները վերագրվում են Ք.ա առաջին դարի հելլենիստական մշակույթին։
Արցախի որոշ բնակատեղերից հայտնաբերվել են նաև տղամարդու արձանիկներ, որոնք, բացի երկրագործական պաշտամունքի առարկաներ լինելուց, հավաստում են հայրիշխանական նահապետական հարաբերությունների հաղթանակը։ Դրա մասին է վկայում Ասկերանի շրջանի Բալլուջա գյուղի տարածքից հայտնաբերված և Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում պահպանվող տղամարդու դեմքով և կենդանու մարմնով արձանիկը։
Նկարչական արվեստի գոյության և զարգացման մասին է վկայում Արցախի տարբեր դամբարաններից գտնված նախշազարդ հատկապես կարմիր գույնի դոմինանտությամբ խեցեղենը։
1883թ գնդապետ Վեյս-Ֆոն–Վեյսենհոֆը դաշտային Ղարաբաղում՝ ներկայիս Աղջաբեդու շրջանի Բայաթի տարածքից հայտնաբերել էր ջնարակված աղյուս և խեցեղեն նմուշներ։ Դեռևս Ք.ա. 4–3-րդ հազարամյակներում, հայ ժողովրդի կազմավորման գործընթացին զուգընթաց, սկսում է ձևավորվել հնագույն հայկական կրոնը։ Հին հայկական հավատալիքների մեջ զգալի տեղ էին գրավում բնապաշտական, կոսմոգոնիական ըմբռնումները։ Չկարողանալով ճանաչել բնության և կյանքի շատ ու շատ երևութները, մարդը նրանց գերբնական ուժ էր վերագրում կամ համարում էր նման ուժերի գործողությունների արգասիք։
Հայոց Արևելից նահանգներում ամենագլխավորը արևի պաշտամունքն էր։ Ք.ա.2-րդ հազարամյակի վերջերին և առաջինի սկզբներին պատկանող Արցախում հայտնաբերված հիասքանչ բրոնզե գոտիների վրա արևը պատկերվում է անիվի, սայլի, մարտակառքի ձևով։ Սրանց վրա կամ կողքին գծանկարվում են արևի ու ամպրոպ-կայծակի սպառազեն մարդակերպ աստվածություններ։ Արև-աստվածն իր երկնային օրապտույտը կատարում էր ոչ միայն մարտակառքով, մակույկով, այլև հրեղեն ձիերի օգնությամբ։
«Արևաբնակ» մարդկանց կամ ոգիների բազմաթիվ ֆիգուրներ կան Ուտիքի Շակաշեն գավառի ուշ բրոնզեդարյան դամբարանային դրվակազարդ խեցեղենի վրա։
Քրիստոնեական հուշարձանների (Ասկերանի շրջան գյուղ Սղնախ) վրա նույնպես պահպանվել են հեթանոսության ժամանակաշրջանում արևի ու աստղերի պաշտամունքը վկայող քանդակները։
Երկրամասում տարածված էին տոտեմական և որսորդական հավատալիքները։ Հայ ժողովրդական հեքիաթները, առասպելները, էպոսը լի են որսորդ նախնիների, դյուցազունների, աստվածների կերպարներով, որոնք մարտնչում էին վիշապ օձերի, դևերի դեմ։ Այդ մասին են վկայում ուշ բրոնզեդարյան գոտիների գծազարդ պատկերները որսորդական սյուժեներով։
Շամքորում գտնված գոտու վրա ներկայացված են դիմակավորված ու զգեստավորված կիսամարդակերպ սպառազեն որսորդների կերպարներ, որոնք հետապնդում են եղջերուների։ Այս պատկերի մեջ շեշտված են անտառների ու որսի աստվածությունները։
Եթե նախորդ շրջանում հայկական կրոնի մեջ գերակշռում էին բնապաշտական և կոսմոգոնիական պատկերացումները, ապա հելլենիզմի դարաշրջանում վերջնականապես ձևավորվում է ամբողջ հայ ժողովրդին պատկանող մարդակերպ աստվածների մի համակարգ, երբ յուրաքանչյուր աստծու կամ աստվածուհու հատկացվում էր իր որոշակի տեղն ու դերը և ընդգրկում էին ոչ միայն բնության երևույթները, այլև հասարակական հարաբերությունների ոլորտները։ Արցախում տեղ է գտել արևի և արդարադատության աստված Միհրի պաշտամունքը։ Ղազախ քաղաքի արվարձաններում պահպանվել է հեթանոսական տաճարի մնացորդներ, որը նվիրված էր Միհր աստծուն։
Ամենայն հավանականությամբ Դադի վանքի տեղում նույնպես եղել է Միհր աստծու տաճար։
Արցախում և Ուտիքում տարածված էր նաև Արամազդի ու Անահիտի պաշտամունքը։
Քարավաճառի շրջանի Չաղրթաղի խաչքարերի վրա պահպանվել է Արամազդ աստծո խորհրդանիշը հանդիսացող քանդակը։ Դիոն Կասիոսի վկայությամբ Կուր գետի առափնյա հատվածում Անահիտի անվամբ կար առանձին մարզ։
Արցախի հնագույն մշակույթի անբաժանելի մաս է կազմում նրա բարբառը։ Նրա տարածման սահմանների մեջ է մտնում Արցախը, Ուտիքը, Փայտակարանը, Սյունիքը։
Արցախահայութունը բազում դարեր շարունակ, անտեսելով դժվարություններն ու կյանքի մատուցած անակնկալները, անաղարտ է պահել ոչ միայն երկրի սահմանը, այլև իր հյութեղ բարբառը, որը հետագա հարյուրամյակներում նոր բնագծերի նվաճման հիմք դարձավ։