Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ՂԽԿ/Ղարաբաղի խանության կազմավորումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խամսայի մելիքությունները Ղարաբաղի խանության կազմավորումը

Վահրամ Բալայան

Խամսան Ղարաբաղի խանության կազմում
ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Խամսայի մելիքությունների կարգավիճակը շատ բանով կախված էր Իրանում տեղի ունեցող քաղաքական անցուդարձերից։

Նադիր շահի վարած ծանր հարկային քաղաքականությունը, անհաջող պատերազմները Դաղստանի և օսմանցիների դեմ, ավելի են բարձրացնում ժողովրդական ցասման ալիքը բռնակալի դեմ։ Նման պայմաններում 1747թ. դավադրաբար վերջ են տալիս Նադի­րի խռովահույզ կյանքին։ Նրա սպանությունից հետո երկրում սկս­վում է անիշխանության մի շրջան։ Ինչպիսի արագությամբ Իրանը իր հզորությանը հասավ Նադիրի օրոք, նույնպիսի արագությամբ նա դիմեց իր անկմանը նրա մահից հետո։

Կենտրոնական իշխանության բացակայության և գահի համար մղվող պայքարի հետևանքով Պարսկաստանի տարբեր մարզերի շատ իշխողներ անկախություն ձեռք բերեցին։ Ստեղծված խառնակ վիճակից օգտվեցին նաև շիա աղանդի քոչվոր այն թուրքերը, որոնք ժամանակին ընկճվել էին Նադիրի կողմից և արտաքսվել Խորասան։ Այժմ, օգտվելով Նադիրի մահից և Իրանում ստեղծված անիշ­խանությունից, այդ ցեղերը նորից վերահաստատվեցին Այսրկովկասում, հատկապես Կուր-Արաքսյան միջագետքում և անհանգիստ կացություն ստեղծեցին Խամսայի սահմանով մեկ։ Կուր-Արաքսյան միջագետքում թափառող ավազակաբարո թուրքախոս ցեղերը միավորվեցին Ջիվանշիր ցեղի Սարուջալլու տոհմի առաջնորդ Փանահի շուրջը։ Վերջինս Նադիրի կենդանության ժամանակ նրա մունետիկն էր, որ փողոցներում բարձր հայտարարում էր կառավարության որոշումները։ Հետագայում Փանահը հեռանում է արքունիքից և աս­տանդական կյանք վարում Ղարաբաղի դաշտային հատվածնե­րում։ Պարսից կառավարությունը բազմիցս փորձել է ձերբակալել Փանահին։ Սակայն նա, ստանալով Ջրաբերդի մելիք Ալլահ-Ղուլի սուլթանի հովանավորությունը, խույս տվեց դրանից։ Փանահը յուրովի վարձահատույց եղավ. բարեկամությանը թույն խառնելով դառնալով իր իսկ հովանավորների գերեզմանափորը։

Նադիրի սպանությունից հետո, դեպքերը զարգացան ի նպաստ Փանահի։ Իրեն ենթարկելով դաշտավայրի բոլոր քոչվոր ցեղերին՝ հարձակումներ է գործում շրջակա բնակավայրերի վրա։ Կողոպտված ավարը նա բաժանում էր իր կողմնակիցներին, դրա փոխարեն նրանից հավաքագրելով զինվորական նոր ուժեր։ Դեռ ավելին, խարդախ ճանապարհով նրան հաջողվում է Ադիլ շահից ստանալ խանի տիտղոս, առավել սանձարձակ ասպատակություններ սփռելով շրջակա տարածքների վրա։ Փանահը, հեռուն գնացող նպատակներ հետապնդելով, փորձեց անցնել նստակեցության։ Կուր գե­տի ափին կառուցեց Բայաթ ամրոցը։ Փանահի հակառակորդ Շիրվանի Հաջի Չելեբի խանը փորձեց գրավել բերդը, բայց անհաջողության մատնվեց։ Այս հաղթանակը ավելի ոգևորեց Փանահին։ Նրա հիմնական նպատակն էր տեր դառնալ լեռնային Արցախին, իր բազմահազար ոչխարների հոտերի համար ձեռք բերելով հարուստ արոտավայրեր։

Փանահը ամրացրեց Արցախի հյուսիս արևելքում գտնվող Տիգրանակերտ բերդամրոցը, որը այդ ժամանակներում կոչվում էր Շահբուլաղ և այստեղից հարձակումներ էր գործում Խաչենի և Ջրաբերդի մելիքությունների վրա։ Խամսայի մելիքները, չհանդուրժելով նորաբույս խանի համարձակ քայլերը, Խաչենի մելիք Ալլահվերդու գլխավորությամբ գրավեցին Տիգրանակերտը՝ Փանահին հալածելով Արցախի լեռնային հատվածներից։

Ահա այս հակամարտությունների պայմաններում Ղարաբաղում տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք համահունչ պետք է լինեին Փանահի նկրտումներին։ Իրանում ստեղծված անիշխանության պայմաններում Խամսան արագորեն գահավիժում էր և առիթ էր պետք ուշ միջնադարյան հայկական այս պետականության վերջին բեկորին վերջ տալու համար։

Առիթը հայ մելիքների ներքին գժտություններն էին։ 1751թ. Վարանդայի մելիքանիստ Ավետարանոցում տեղի ունեցավ մի ընտանեական սպանդ, ինչը հեղաբեկիչ դեր պետք է ունենար Ղարաբաղի հետագա ողջ անցքերի վրա և ճակատագրական կդառնար արցախահայության համար։

Վարանդայի մելիք Հուսեինի մահվանից հետո, հին սովորու­թյան համաձայն, իշխանությունը անցավ ավագ որդուն՝ Հովսեփին։ Վերջինիս կրտսեր եղբայր Շահնազարը, որը փառասեր անձնավորություն էր, չհանդուրժելով մելիք Հովսեփի իշխանությունը դավադ­րաբար իր ձեռքով սպանեց եղբորը, չխնայելով նրա ընտանիքի անդամներին։ Շահնազարի մեջ խոսեց թուրքի պիղծ արյանը, որը տակ­նուվրա արեց Խամսայի մելիքների կուռ միությունը։ Ավանդության համաձայն Հովսեփը մելիք Հուսեինի առաջին կնոջ՝ Աննայի որդին էր, որը Դիզակի մելիք Ավանի քույրն էր, իսկ Շահնազարը ծնվել էր Նախիջևանի խանի դուստր Զոհրա խանումից։

Այսպիսով, Շահնազարը դավադրաբար դառնալով Վարանդայի մե­լիքը, կործանարար դերակատարություն ունեցավ արցախահայության համար։

Այս եղեռնագործությունը Շահնազարի դեմ հանեց Խամսայի ավան­դապահ մելիքներին և վերջիններս միաբանվեցին նրանից վրեժխնդիր լի­նելու համար։ Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ Մելիք Շահ­նազարյանները խնամիական կապեր ունեին Խաչենի և Ջրաբերդի մե­լիքների հետ։ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան մելիք Հովսեփը, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Ալլահ-Ղուլի սուլթանը, Խաչենի մելիք-Ալլահվերդի Հասան Ջալալյանը և Դիզակի Մելիք-Ավանյան մելիք Եսային պաշարեցին Ավետարանոցը, սակայն մելիք Շահնազարը տեղի չտվեց և բերդը չգ­րավվեց։

Ժամանակն ու իրավիճակը գործում էին եղբայրասպան մելիքի օգտին։ Ուխտապահ մելիքներից հալածված Շահնազարը օգնության դի­մեց Փանահին։ Նենգադավ քոչվորին հանգստություն չէին տալիս հայ մելիքների փառքը, տիրական դիրքը և Արցախի դրախտային հողն ու ջուրը։

Մելիք Շահնազարը, լավ իմանալով Փանահի նկրտումները օգտա­գործեց նրան և որպես վարձատրություն վերջինիս նվիրաբերեց Շոշի ան­մատչելի հին բերդը։ Վարանդայի տիրոջ այս նոր դավաճանական քայլը ավելի սաստկացրեց Արցախի ներքաղաքական կացությունը։ Ընդհարումները դարձան ավելի համառ ու դաժան։ Մելիք Շահնազարն ու Փանահը հայ մելիքներին դիմագրավելու համար սկսեցին վերակառուցել ու ավելի ամրացնել բերդը։ Մելիք Շահնազարը իր ձեռքով դրեց նրա առաջին քարը, որը «իր և ամբողջ Ղարաբաղի մելիքու­թյունների գերեզմանը դարձավ»։ Իսկ Շուշիի դիրքը ավելի քան հարմար էր լինելով Արցախի սրտում. «Բնությունը երեք կողմից բարձրաբերձ, սեպացած ժայռերով շրջապատել էր այդ տեղը, դարձնելով նրան այդ կողմից միանգամայն անմատչելի։ Միայն մի կողմից էր, որ բերդն ուներ մուտքի տեղեր, թեև դարձյալ շատ դժվարակոխ։ Այդ չորրորդ կողմը Փանահ խանն ամրացրեց արհեստական պատվարներով, պարիսպներ քաշելով և աշտարակներ բարձրացնելով»։

Փաստորեն Փանահը հաստատվեց Ղարաբաղի կենտրոնում՝ Շուշիում, որի վերակառուցման աշխատանքները կատարվեցին 1752-54 թվականներին։ Սկզբում քաղաք-ամրոցը հորջորջվեց Փանահաբադ, բայց տոհմիկ հայությունը դա չընդունեց և շարունակեց այդ բնակավայրին անվանել Շուշի, երբեմն Շուշվա ղալա(Շուշիի բերդ)։

Մելիք Շահնազարի այս դավաճանական քայլով պատմության մեջ առաջին անգամ թուրքը փորձեց բնավորվել Ղարաբաղում։ Սակայն այնքան օտար էր Արցախի համար նորեկ բռնավորը, որ անգամ իր համար տոհմային գերեզմանատուն ընտրեց Խաչենի իշ­խանից գնաց Աղդամը։

Հայկական, վրացական, պարսկական և ռուսական աղբյուրնե­րը միաբերան վկայում են, որ մինչև 18-րդ դարի կեսերը Լեռնային Ղարաբաղում թաթարներ և այլազգի մուսուլմաններ չեն եղել։

Փանահը իր դիրքերն ամրացնելու և էթնիկական հենարան ստեղծելու համար Վրաստանից և Միլ-Մուղանի տափաստանում վխտող կարաչարլի, ջինլի, դամիրչի-հասանլի, ղըզըլ-հաջիլլի, սաֆի-քյուրդ, քոյահմեդլի, սահաթլի, քենգերլի և այլ շատ թափառական ցեղերի փոխադրեց Ղարաբաղ։ Դրանց բնակեցրեց Շուշիի շրջակայքում և դաշտային Ղարաբաղի Շուշի տանող ճանապարհնե­րի երկայնքով։ Ստեղծվեցին համանուն թուրքաբնակ գյուղեր։ Միաժամանակ Շուշիում ստեղծվեց թուրքաբնակ թաղամաս։ Տիրելով Ղարաբաղի սրտին՝ Շուշիին, Փանահը ձգտում էր ունենալ քաղաքային կենցաղ։ Ահա թե ինչու փորձեց Ղարաբաղի գյուղական բնակչությանը տեղափոխել Շուշի։ Սակայն գյուղական ապրելակերպ դավանող պահպանողական ղարաբաղցին չտեղափոխվեց Շուշի։

Դրանից հետո Փանահը ասպատակեց դեպի Շահակերտ, Ագու­լիս, Հին Ջուղա, Մեղրի և այստեղից հայերին տեղափոխեց Շուշի։ Դրանով Փանահը Շուշիում քաղաքային միկրոմիջավայր ստեղծե­լուց բացի, լուծեց նաև մի քանի այլ խնդիրներ.

ա) բերդաքաղաքում բնակեցրեց համեմատաբար իրեն հնազանդ հայերով, դրանց անհրաժեշտության դեպքում երբեմն հակադրելով իր ցեղակիցներին,

բ) վերոհիշյալ բնակավայրերի հայությունը ուներ քաղաքային ապրելակերպ և հմուտ էր արհեստների ու առևտրի մեջ։

Եկվորները ունեին տարբեր սովորույթներ և բառբառներ, որի հետևանքով բավականին երկար ժամանակ ապրում էին առանձին թաղերով։ Այսպես առաջացան տեղաբնիկ հայերի՝ ղարաբաղցոց, ինչպես նաև ղազանչեցոց (Շահակերտ), ագուլեցոց և մեղրեցոց թաղերը։ Ամեն մեկը կառավարվում էր առանձին քյանդխուդաների մի­ջոցով։ Նրանք ունեին իրենց եկեղեցիները և ուսումնական մշակու­թային հաստատությունները։

Այսպիսով, Շուշին մի կողմից ուներ թուրքական թաղամաս, իսկ մյուս կողմից հայկական իրար կից չորս թաղամասեր։

Ժամանակի ընթացքում արցախյան հոծ միջավայրում և քաղաքային կյանքին հատուկ օրինաչափություններով եկվոր հայերը ընդունեցին տեղացիների բարքերն ու սովորությունները, ինչպես նաև ղարաբաղյան հյութեղ համով ու հոտով բարբառը։

Շուտով Փանահը իրեն հռչակեց Ղարաբաղի խան և Պարսից շահի միջոցով հայ մելիքներին ստիպեց ընդունել նրա գերագահությունը։ Նորաստեղծ խանությունը ուներ խիստ ռազմավարական դիրք և Իրանի հետ Անդրկովկասը կապող ամենահիմնական օղակն էր։ Պատահական չէր, որ Պարսից արքունիքը Ղարաբաղի խանության նկատմամբ վարում էր մտրակի և մեղրաբլիթի քաղաքականություն, մերթ խաներին կոշտ մեթոդներով իրենց էին ենթարկեց­նում, երբեմն էլ տրվում էր հավելյալ առանձնաշնորհներ՝ հարևան խաներին ենթարկեցնելով վերջիններիս։