Արցունքները
Արցունքները
Շատ արցունքներ թափեր էր ան աչքերեն,
աչքերեն`թուխ մարգըրիտ,
Որոնց աղվոր տեսքը սիրտեր վառեր են
համակրանքով մը վտիտ:
Սև սուգերու, դագաղներու ետևեն
տրտում-տխուր լացեր էր,
Ու կապույտ ծիր մը գծվեր էր եզերքեն
աչքերուն մեղկ, թխաստվեր:
Աղքատության կծու ցավն ալ գալարեր,
կրծեր էր իր ներսիդին,
Ու այդ վշտոտ ցավն արցունք թափեր էր
հակած տամուկ քնարին:
Խոլ նախանձի, անմտության համար ալ,
ան շատ անգամ պարապ տեղ
Անգութ խոսքեր լսեր էր բիրտ, ոխակալ,
արտասվելով սիրագեղ:
Եվ այդ ցավի արցունքները արյունոտ`
աղի ակ մը դարձուցին,Իր նրբակերտ թուխ աչքերը արևոտ,
ծածկելով իր հոգին:
Այսօր իրավ տեսա նորեն իր աչքեր'
արտասուքով փայփլուն.
Որ թափանցիկ քողով մ՚էր վարագուրեր
բիբերը—այնքան խոհուն.
Այդ արցունքները սակայն չեն բնավ աղի'
արցունքներուն պես նախկին,
Ասոնք աստղի բեկորներ են հրալի,
ադամանդներ թանկագին.
Ըսե՜, աղվո՜ր, անունը այն երջանկին,
որ հոսեցուց աչքերեդ
Այդ մաքրավետ մարգարիտները անգ,
հարգե՜նք զանի քեզի հետ...