Jump to content

Արևամանուկ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արևամանուկ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
1

Մի գեղեցիկ, գարնանային առավոտ էր։

Արևը նոր էր դուրս եկել ու իր բարի լույսը տվել Մասիս սարին։

Մասիսի ձյունապատ գագաթը սկսել էր այնպես փայլիլ, փայլփլիլ, այնպես կանաչ կարմրին տալ, որ տեսնողի խելքը գնում էր։

Մի ժամից հետո սարի զանազան մասերից քուլա-քուլա ամպեր բարձրացան, ու աջ ու ձախ, վեր ու վայր շարժվելով, մեծանալով ու փոքրանալով, փռվելով ու խմբվելով, զանազան ձևեր ստացան։

Այս հիանալի պատկերները ամենայն առավոտ նկարվում էին Մասիսի վրա, բայց ոչ ոքի ուշադրություն չէին գրավում։

Ոչ ոք ժամանակ չուներ նայելու։ Ոչ ոք ճաշակ չուներ հիանալու։ Դա մի սովորական երևույթ էր ամենքի համար, մի հասարակ արևաբաց էր, որ շողշողալով՝ ամենքին իմաց էր տալիս, որ վեր կենան, իրանց գործին կենան, իրանց բանին գնան։

Այգեպանը շտապում էր, որ շուտով այգին գնա ու անցած օրվա կիսատ թողածն ավարտի, տավարածը տավարն էր արոտ անում, աղջկերքն ու հարսները դեպի աղբյուրն էին վազում, պառավները կերակուրի պատրաստությունն էին տեսնում։

Բայց այս անգամ մեկը կար, որ Մասիսին էր նայում, նրա փայլուն տեսքից հիանում ու զվարճանում։

Այդ մեկը մի մանուկ էր։

Մի առույգ, զվարթ ու սիրուն մանուկ։

Մի ոսկեթել մազերով, նախշուն աչքերով մանուկ։

Նրա երեսը արևի նման լույս էր տալիս, ձյունի նման փայլում։

Նրա աչքերը արեգակի նման ճառագայթներ էին արձակում։

Նա կարծես հողեղեն չէր, այլ՝ հրեղեն։

Նա հենց իմանաս Արեգակի ծնունդը լիներ, Արևի որդին։

Եվ հենց անունն էլ Արևամանուկ էր։

2

Ամեն առավոտ, երբ արևի շողքն ընկնում էր Մասիսի վրա, Արևամանուկը պետք է վեր կացած լիներ, որ մայր արևի առաջին ողջույնը, առաջին բարի լույսն ընդուներ։

Նա շատ էր սիրում ամպեղեն երևույթների, ամպեղեն ձևերի վրա նայել։

Առավոտյան արշալույսը, թե երեկոյան վերջալույսը, որ կրակե գույնով ներկում, նկարում են հորիզոնի վրա կուտակված ամպերը, հազարավոր պատկերներ էին ցույց տալիս նրան։

Ամպերի շարժումները, նրանց ձևափոխությունները գրավում, հափշտակում էին նրա ուշքն ու միտքը։

Առավոտ էր լինում թե երեկո, խաղաղ էր լինում երկինքը թե փոթորկալից, կուտակված էին լինում ամպերը թե ցրված, մի ուղղությամբ էին շարժվում թե զանազան՝ նա այդ ամեն ձևերին ու շարժումներին մի միտք, մի նշանակություն էր տալիս, ու ամեն ինչ, որ լսել էր հեքիաթներումը, տեսնում էր նրանց մեջ։

Այդ ամպերը շատ անգամ նրա աչքումը վիշապների կերպարանք էին ստանում և մեկմեկու կուլ տալիս։

Երբեմն գազաններ էին դառնում ու իրար հետ կռվում։

Երբեմն դառնում էին ոչխարի հոտեր, ու մի լեռնաչափ հովիվ էլ, գերանաչափ մի սրինգ բերնին դրած՝ ածում էր։

Երբեմն դառնում էին մեծ-մեծ վրաններ, ու նրանց մեջ ներս ու դուրս էին անում վիթխարի հսկաներ։

Երբեմն դառնում էին զորախումբեր ու իրար դեմ պատերազմում։ Այդ լինում էր ավելի փոթորկի ժամանակ, երբ որոտում էր երկինքը, փայլատակում կայծակը, ու ամպերն իրար էին խփվում։

Արևամանուկը ոչ միայն չէր վախենում այդ որոտմունքներից, այլ բարձրանում էր մի քարի վրա ու ամպերին հրամաններ էր տալիս, գոչելով.

–Հառա՜ջ, ե՜տ, ա՜ջ, ձա՜խ, միասի՜ն, կարգո՜վ, արա՜գ…

Այսպես բղավում էր հեռվից, մինչև կարկուտը կամ տարափը վրա էր տալիս ու մեր մանուկ զորապետին փախցնում, ձգում քարայրների ու ծառախոռոչների մեջ։

Ինչպես տեսնում եք, մեր Արևամանուկը թեպետ դեռ փոքր էր, հազիվ տասը կամ տասներկու տարեկան կլիներ, բայց շատ սրտոտ էր ու սրամիտ։

Երևում էր, որ ժամանակով մեծ ու երևելի մարդ պետք է դառնա։ Այդպես էին ասում բախտ գուշակողները, այդպես հավատացած էին ամենքը։

Բայց նա այժմ դեռ մի գառնարած էր։

3

Այս, ինչ որ ասում եմ՝ ով է իմանում, թե՝ մեզանից քանի-քանի տարի առաջ է եղել։ Եթե ասեմ՝ հազար տարի, երկու հազար տարի, երեք հազար տարի, էլի քիչ կլինի։

Այդ հին ժամանակներումը Մասիսի ու Արագածի արանքումը, ուր որ հիմա Արարատյան մեծ դաշտն է, ուր որ մեր էջմիածինն է, Երևան քաղաքն է, Երասխ գետն է, Գեղամա ծովն է, ահա այդ գավառումը մի մեծ գյուղ է լինում, Արևա՞ն, թե՞ Արմավան անունով, հաստատ չգիտեմ, և հատուկ տեղն էլ չեմ կարող ձեզ ասել։

Արմավանի օդն ու ջուրը շատ մաքուր էր ու առողջարար։ Նրա աղբյուրը քառասուն ակն ուներ, քառասուն տեղից բխում էր ու հետո միանում, դառնում մի այնպիսի գետ, որ յոթը ջրաղաց էր պտտեցնում։ Բացի դրանից, գյուղի հանդերն էլ լիքն էին անմահական աղբյուրներով։ Այդ աղբյուրներն ամենքն էլ մի-մի անուն ունեին՝ իրանց հատկությանը հարմար տված։ Որին ասում էին՝ «կաթնաղբյուր», որին՝ «սառնաղբյուր», որին՝ «տղաբերուկ», որին՝ «պարկակերի», որին՝ «գառնակերի» և ուրիշ անուններ։

Լավ աղբյուրը շատ սիրելի բան է։ Նա իր խմողի երեսին խնդում, ծիծաղում է, ականջին քչփչում, թաքուն բաներ ասում, մոտը պառկողի միտքն օրորում է ու վրան անուշ քուն բերում։ Երանի՜, հազա՛ր երանի այն մարդուն, որ իր մանկության ժամանակ այդպիսի տեղերում է անց կացրել իր կյանքը, անմահական աղբյուրների ու ծաղկունքների ծոցումն է մեծացել…

Արմավանի հայերը, թե՛ մարդիկ և թե՛ կանայք, բոլորն էլ գեղեցկադեմ, վայելչակազմ, ուժեղ ու բարձրահասակ էին։ Գլխացավ, փորացավ, սրտացավ, բկացավ, ծաղիկ, կարմրուկ և ուրիշ բոլոր մեր տեսած ցավերի անունը նրանք չէին լսած։ Մարդիկը հիվանդ էին լինում միայն այն ժամանակ, երբ վիրավորված էին լինում գազանից կամ թշնամուց և կամ ծառից վայր ընկած։ Դրանց կյանքը շատ երկար էր, շատ էին ապրում։ Այնքան ապրում էին, որ շատ ապրելուց բեզարում էին։ Շատ քիչ ապրողը հարյուր տարի էր ապրում, բայց սովորաբար երկու և երեք հարյուր տարի էլ էին ապրում ու մի քանի անգամ ատամները փոխում, նոր ուժ ստանում։

Ծերացած հայրը ունենում էր քսան, երեսուն զավակ, երեք-չորս այդ չափ էլ թոռներ, մի այնքան էլ՝ ծոռներ։ Մի գերդաստանի, ընտանիքի մեջ մինչև երեք-չորս հարյուր հոգի էին լինում, բոլորն էլ իրար հնազանդ, ամեն փոքրը՝ իրանից մեծին, և ամենքն ի միասին մեծ հորը։

Մեծ հայրը մյուս բոլոր հայրերի գլխավորն էր, գլուխն էր, և այդ պատճառով ասվում էր հայրապետ, այսինքն՝ հայրերի գլուխ, կամ՝ նահապետ, որ միևնույն նշանակությունն ունի։

Գերդաստանի բոլոր անդամները մի հարկի, մի ծածկարանի տակ չէին մնում, այլ՝ ջոկ-ջոկ հարկերի ու ծածկոցների։ Ամեն անգամ, երբ որ մեկին պսակում էին՝ նրա համար առաջուց մի վրան էին գործում բրդե կամ մազե թելից։ Այսպիսով, տարեցտարի շատանում էր վրանների թիվը։ Վրանները այն հարմարությունն ունեին, որ շարժական էին, և ուր ուզում էին՝ տանում էին, ամառն ավելի բարձր ու լեռնային տեղեր, ձմեռը՝ ցածր ու դաշտային։ Քարաշեն տներ էլ ունեին, բայց՝ հասարակ։ Դրանք մի տեսակ ձմեռանոցներ էին, ավելի՝ անասունների համար, քան թե՝ մարդկանց։ Միայն մեծ նահապետն էր ունենում լավ քարաշեն տուն։

Մեծ նահապետը որ վախճանվում էր՝ նրա մեծ որդիքը հեռանում էին միմյանցից, և դառնում էին ջոկ-ջոկ նահապետներ։ Նրանք երկիրն էլ էին բաժանում իրանց մեջ, և ամեն մեկը մի ջոկ գավառում էր բնակում։

Իմ ասած ժամանակը նահապետներ շատ կային, բայց ամբողջ Արարատյան դաշտը, Երասխի ափերը, Արագածի արևմտյան և Մասիսի հյուսիսային երեսները, Գեղամա ծովի արևմտյան ափերը, Գառնու և Հրազդան գետերի հովիտները իրանց շրջակա լեռներով մի նահապետի ձեռքի էին, և այդ նահապետն էր մեր Արևամանուկի հայրը։

Արևամանուկի հոր անունն էր Արևամանյակ, բայց նրա որդիքն ու թոռները դժվարանում էին ասել «Հայր Արևամանյակ», որովհետև շատ երկար էր, այդ պատճառով ասում էին «Հայր-Մանյակ» կամ «Հայրմա». իսկ նրա մոր անունն էր Արևամատ, բայց նրան էլ, փոխանակ ասելու «Մայր Արևամատ», ասում էին «Մայր-մա» կամ «Մամար»։ Նույնիսկ Արևամանուկին չէին ասում «Արևամանուկ», այլ՝ «Արմիկ» կամ «Արամիկ»։

Բայց թե ինչո՞ւ ամենի անունի մեջ էլ «արև» կա՝ այդ ես չգիտեմ, միայն շատերն ասում են՝ այդ նրանից է, որ մենք՝ հայերս, մի ժամանակ արևապաշտ ենք եղել, մեր նահապետն էլ համարվում է եղել Արևի փոխանորդ, նրա ազգական, ցեղ, ծնունդ, ահա այդ պատճառով նրանց մեծ մասի անունն էլ արևով էր սկսվում։ Բայց այս տեսակ մութ բաները մենք հետո կիմանանք, հիմա մենք դառնանք մեր Արևամանուկին։

4

Ահա՛ այսպես մեր սիրելի Արևամանուկը Արևամանյակ նահապետի որդին էր։

Դեռ յոթը տարեկան հասակում նրա թիկունքն ու կուրծքը այնքան լայն էին, ու մեջքը՝ այնքան բարակ, որից երևում էր, որ նա մի փոքր առյուծ էր, որի պեսին մեր հեքիաթներումը ասում են ասլան-բալասի, այսինքն՝ «առյուծի ձագ», կորյուն առյուծի։ Նրա աչքերը խոշոր-խոշոր և կրակոտ էին. երկայն թերթևունքները մինչև վարի կոպերն էին հասնում, գլխի մազերը՝ խիտ ու երկայն։

Հին ժամանակները մազ ածիլելու սովորություն չունեին, բայց խուզում էին ուսերի հավասարությամբ, սանրում էին դեպի ետ ու կապում վարսակալով, այսինքն՝ մի մազակապ ժապավենով։ Արևամանուկի մազերի գույնը հրաշեկ էր, այսինքն՝ կրակի գույն ուներ և փայլում էր ջուհարի նման։ Նա համարվում էր «հրահեր», այսինքն՝ կրակե մազեր ունեցող։ Այդ տեսակ մազեր ունեցողին մեր հեքիաթներումը ասում են ոսկեքանքուլ, ոսկեքոչոր։

Արևամանուկի մազերը չէին խուզում։ Այդ տեսակ մազեր ում վրա էլ լինում էր՝ չէին կտրում։ Նա իր մազերը երկու հյուս էր անում և աջ բաժինը դեպի ձախ, ձախինը դեպի աջ տանում, բկովը երկու անգամ պատ տալիս, վզին կապում ու ծայրերը կախ գցում մեջքին։ Նրա համար էր այսպես անում, որ խաղալիս ու վազվզելիս մազերն իրան չխանգարեն։

Երբ որ Արևամանուկը ծնվում է՝ նրանից հետո նրա մայրը երկար ժամանակ երեխա չի բերում, այդ պատճառով նրան յոթը տարի շարունակ ծիծ է տալիս և ծծից չի կտրում։ Ամբողջ օրը խաղում էր Արևամանուկը, բայց հենց որ ճաշելու ժամանակը գալիս էր՝ նա առաջ մի նախաճաշիկ էր անում մոր ծծովը ու հետո ճաշն ուտում, մեկ էլ ճաշելուց հետո էր վրա ընկնում մոր ծծին ու բերանը քաղցրացնում, գիշերն էլ մոր ծոցումն էր քնում և ամեն զարթնելիս՝ ծիծը բերանն էր առնում։

– Բավական է, որդի՛, էլ ի՞նչ կա, որ ի՛նչ ծծես, ծծերս ցամաքել են,– ասում էր շատ անգամ մայրը, բայց էլի ծիծը դնում էր բերանը և, գլուխը շփելով՝ քնացնում։

Արևամանուկը սիրում էր և կովի ծիծը ծծել։ Շատ անգամ, երբ որ հարսները կովերը կթելիս էին լինում՝ նա անցնում էր մյուս կողմը և կովի ծծերից մեկը բերանն առնում, ծծում։ Հարսները քթին խփում էին, որ ետ քաշվի, բայց նա էլ ջգրու արձակում էր հորթի կապը, խփում էր կովին, և այսպիսով ինքը հաղթում էր հարսներին և ուզածի չափ ծծում։ Պատահում էր, որ մինչև կովի կթելը՝ ինքն արդեն ցամաքեցրած էր լինում ծծերը և խեղճ հորթին էլ չէր լինում բաժին թողած։

Կերակուրներից նա ամենից շատ սիրում էր յուղն ու մեղրը։ Յուղը նա կաթի պես էր խմում, իսկ մեղրաբլիթը գաթի պես ձեռքն էր առնում, կրծոտում։

Էլ ինչ ասել կուզի, ուրեմն, որ ով տարով կմեծանա՝ մեր Արևամանուկը օրով էր մեծանում ու զորանում։ Դեռ տասը տարեկան հազիվ կլիներ, այնպես էր աճել, զարգացել, որ տեսնողը կարծում էր, թե՝ առնվազն տասնհինգ կամ տասնվեց տարեկան կլիներ, բայց երբ դարձավ տասնհինգ տարեկան՝ արդեն մի կատարյալ չինարի ծառ էր և է՛լ իր հասակին վայել չէր համարում իր տարիքն ունեցող մանուկների հետ խաղալ, այլ՝ քսան, երեսուն տարեկանների հետ էր խաղում, նրանց հետ կպչում, նրանց հետ մրցում և ամեն տեսակ մարզմունքների մեջ հաղթում էր ամենքին։

Միշտ հաղթելը և ոչ մի անգամ չհաղթվելը մեր Արևամանուկի համար դառավ մի այնպիսի հատկություն, որ հաղթվելն ու մեռնելը՝ իրա համար միևնույն էր։ Այդ բանը նկատել էին նրա խաղընկերները, և երբ պատահում էր իրանից ավելի ուժեղների՝ նրանք խնայում էին Արևամանուկին և չէին ուզում հաղթել, որ նրա սիրտը չկոտրվի։ Այդ տեսակ վեհանձնական սովորություն ունեին արմավանցիք. նրանք նշանավոր քաջին և ուժեղին միշտ խնայում էին, նրան սիրում, պաշտում էին և իրանց պարծանքն էին համարում։

5

Արևամանուկն արդեն դառել էր տասնհինգ տարեկան, բայց իր ծնողների հսկողությունիցը դեռ չէր ազատվել։ Նրա ընկերներից որը տավարած էր, որը՝ հովիվ, որը եզնարած էր, որը՝ հոտաղ, բայց նրան միայն գառներն էին պահ տալիս, այն էլ՝ միայն գարունքը, իսկ մնացած ժամանակ տանիցը չէին դուրս թողնում։ Չէին դուրս թողնում, որովհետև գիտեին, որ նա ոչ մի տեղ հանգիստ չի մնալ, իր ուժը կփորձի ամեն բանի վրա ու փորձանքի մեջ կընկնի։

Բայց որքան շատ էին զսպում նրան ու հսկում վրան, նա այնքան ավելի էր ցանկանում վազել, ընկնել անտառները, ձորերը, բան տեսնել, բան շինել, իր պարսատիկն ու նետաղեղը փորձել։

– Մայրի՛կ, ինձ ուղարկեցեք տավար,– աղաչեց նա մեկ անգամ իր մորը։– Ես ավելի լավ տեղեր կտանեմ արածացնելու, կովերն էլ ավելի կաթ կտան և շուտ չեն ցամաքիլ։

– Ի՞նչ հարկավոր է, որդի՜,– պատասխանում է մայրը։– Մենք այնքան տավար չունինք, որքան պահողներ ունինք. նրանք էլ լավ գիտեն, թե՝ որտե՛ղ պետք է արածացնեն։

– Բայց ես, մայրի՛կ, մինչև ե՞րբ պետք է տանը պարապ մնամ ու երեխանց հետ խաղամ։ Աղջիկ էլ չեմ, որ բուրդ գզեմ, գուլբա անեմ, իլիկ մանեմ։ Չէ՞ որ ես տղա եմ։ Իմ ընկեր տղայքը բոլորն էլ տավար են գնում, ես ինչո՞ւ չգնամ։

– Տավարածությունը հեշտ բան չէ, հոգի՛ս։ Տավարը շատ հեռու տեղեր են տանում։ Գող է, գազան է, ամեն ինչ պատահում է տավարածներին։

– Ես էլ հենց դրա համար եմ ուզում տավար գնամ, որ մի քիչ հեռու տեղեր տեսնեմ։ Ինձ ի՞նչ պիտի անեն գողերն ու գազանները։ Բա մեր շներն ինչացո՞ւ են։ Մեր Կտրանն ու Խեղդանը որ մոտս լինին, էլ ի՞նչ գող, ի՞նչ գազան կմոտենա մեր տավարին։ Չէ՛, մայրիկ, ես պիտի գնամ տավար։ Բայց եթե չթողնեք՝ ես կփախչեմ, կընկնեմ Մասիսի ձորերը, կերթամ քաջերին կգտնեմ, կասեմ. «Եկել եմ ձեզ մոտ, որ ինձ սովորեցնեք լավ ձի հեծնել, նետ ձգել, թուր ու նիզակ գործ ածել»։

– Արմիկ, Մասիսի քաջերը սուր ու թուր չունին, ո՛չ ձի հեծնել գիտեն, ո՛չ նետ ձգել։

– Բա էլ ինչի՞ քաջեր են, մայրի՛կ։

– Հենց նրա համար չունին, որ շատ քաջ են։ Նրանք այնքան քաջ են, որ կարիք չունին զենք ու զրահի։ Այնքան ուժով են, որ ահագին կաղնի ծառը արմատահան կանեն, և այդ կլինի նրանց համար ինչպես մի թեթև մահակ, բայց այդ մահակով նրանք հազար ձիավորի պատասխան կտան։ Նրանք ի՞նչ կանեն նետ-աղեղը, քանի որ Մասիսի ստորոտից բլրաչափ ժայռերը այնպես են շպրտում, որ սարի գլխովն անց են կացնում, մյուս կողմը գցում։

– Այդ ի՜նչքան ուժով են, մայրի՛կ, ով գիտե՝ իրանք էլ ի՛նչ ահագին հսկաներ են։

– Իհարկե, այնքան մեծ-մեծ են, որ նրանց տակին ոչ թե ձի, այլ ո՛չ ուղտ և ո՛չ փիղ կկարենա դիմանալ։ Ամեն մինը մի սարի չափ կա։ Երբ որ նրանք դուրս են գալիս իրանց խոր ու մութ այրերից ու որսի հետևից ընկնում՝ Մասիսի ձորերը դմբդմբում են, ու դաշտերը դողդողում։ Երբ որ նրանք կրակ են անում, որ ճաշ եփեն, ով գիտե քանի՛-քանի գերան են դարսում իրար վրա։ Նրանց խարույկի ծուխն ու ալիքը Մասիսի գագաթիցն է դուրս գալիս ու վրան ամպանում։

– Եթե այդպես է, մայրի՛կ, նրանց մոտ գնալ չի լինիլ, նրանք, ով գիտե՝ մարդ էլ են ուտում։

– Չէ՛, հոգիս, նրանք մարդակեր չեն։ Իմ պապը մեկ անգամ գնացել է նրանց մոտ։ Ես այդ ժամանակը շատ փոքր եմ եղել, ինձ հետո են պատմել։ Ասում են՝ իմ պապը որ գնացել է նրանց մոտ, առաջ հարցրել են, թե՝ դու ո՞վ ես, նա էլ ասել է՝ ես Արևազանց ցեղիցն եմ։ Այդ որ լսել են՝ ասել են. «Որովհետև դու Արևազանց ցեղիցն ես՝ քեզ վնաս չենք տալ, բայց եթե Վիշապազանց ցեղիցը լինեիր՝ մեծ կտորդ ականջդ կթողնեինք»։

– Ուրեմն, նրանք մեր ցեղին սիրո՞ւմ են, մայրի՛կ, իսկ Վիշապազանց ցեղին՝ ատո՞ւմ։

– Այո, մեր ու դրանց մեջ կարծեմ մի տեսակ ազգականություն կա։ Այժմյան քաջերի մայրը մեր ցեղիցն է եղել։

– Որ այդպես է՝ ես կերթամ նրանց մոտ, կասեմ՝ ես ձեր պապոնց երեխան եմ, նրանք էլ ինձ լավ պատիվ կտան։

– Դու այդպես ես կարծում, բայց, ո՞վ գիտե, վա՜յ թե քեզ այնտեղ պահեն, էլ բաց չթողնեն։ Կգցեն մի խոր ու մութ այրի մեջ, մի ահագին ժայռով էլ բերանը կփակեն, հետո գնա կաց այնտեղ ու սպասիր, թե քեզ ե՛րբ պետք է ազատեն։

– Դե որ այդպես է՝ ես էլ չեմ գնալ նրանց մոտ, բայց տավար պիտի գնամ, ի՛նչ կուզեք՝ արեք։

– Իհա՛րկե, որդի, էլի լավ է տավար գնաս, քան թե՝ քաջերի մոտ։ Բայց գիտե՞ս, սիրելի՛ Արմիկ, քո հայրը քեզ ուրիշ տեսակ է ուզում պահել։ Նա ուզում է, որ դու տուն պահել, տուն կառավարել սովորես, գնացող-եկողի հանդիպես, նրանցից խելք ու շնորհք վերցնես, մարդավարություն սովորես, և ոչ թե ընկնիս ձորերն ու վայրենանաս։ Ահա՛ պատճառը, որ հայրդ քեզ տավար չի ուղարկում։ Բայց նա ընդդեմ չի լինիլ, որ դու լավ գիտենաս՝ ձի նստել, նետ ձգել, նիզակ ու վահան գործածել։ Հասկացա՞ր, բայց որովհետև սիրտդ շատ է ուզում տավար գնալը՝ վնաս չունի, մի քանի ժամանակ էլ տավար գնա։ Այդ քո առաջին փափագն է, թող կատարվի, թող կողքդ ու մեջքդ մի քիչ էլ տավարումը հաստանան։

6

Արմավանի երեխայքը շատ ուշ էին սկսում տնական հոգսերին մասնակցել։ Մանուկները դառնում էին տասնհինգ, քսան տարեկան, բայց դեռ էլի համարվում էին տղա, այսինքն՝ երեխա։ Մինչև տասնչորս-տասնհինգ տարեկան դառնալը ո՛չ մի պարապմունք չէին ունենում՝ բացի ուտելուց ու խաղալուց։

Նրանց սկզբնական ուսումն ու կրթությունն էլ խաղն էր։ Եվ պետք է ասենք, որ պակաս ուսում չէր և շատ էլ լավ էր։ Լավ էր նրանով, որ մեզ նման վաղօրոք չորս պատի մեջ չէին փակվում ու կորցնում իրանց առողջությունը, մեկ էլ նրանով, որ նրանց խաղերը անմիտ ու անօգուտ խաղեր չէին։ Նրանք իրանց խաղերով ավելի լավ էին պատրաստվում իրանց ապագա գործունեության, ապագա պարապմունքների համար, քան թե՝ հիմա մենք։

Նրանց հարկավոր էր լինել ուժեղ, ճարպիկ, սրամիտ, հնարագետ, առաքինի, պետք է իմանային լավ ձի հեծնել, լավ վազել, լավ լողալ, ծառերի վրա մագլցել, պառակների[1] ու ժայռերի վրա բարձրանալ, մեծ ոստյուններով ցատկել, սուր ու նիզակ գործածել, վահանով պաշտպանվել, ուղիղ պարսատիկ ու նետ ձգել, պետք է իմանային անասնապահություն, վար ու ցանք, փայտտաշություն, քարտաշություն, դարբնություն… և այս բոլորը այն ժամանակվա երեխեքը սովորում էին խաղալով։

Մեծերը նրանց չէին ասում, թե՝ ա՛յս արեք և ա՛յն շինեցեք. ա՛յն խաղացեք և այն մի՛ խաղաք։ Երեխեքն իրանց կամքովն էին անում, ինչ որ անում էին. փոքրերը՝ փոքրն ու հեշտը, մեծերը՝ մեծն ու դժվարը, և այնքան սիրով և ուրախությամբ, այնքան ոգևորված ու տաքացած, որ շատ անգամ հացն էլ էին մոռանում։

Նրանց գիշերվա խաղերն ուրիշ էին, ցերեկվանը՝ ուրիշ, ամառվանը՝ ուրիշ, ձմեռվանը՝ ուրիշ, ուրիշ էր տղերանց խաղը և ուրիշ՝ աղջկերանցը։ Ամեն տեղի, ամեն դեպքի, ամեն ժամանակի հարմար խաղեր ունեին։

Խաղում էին ամենախիստ կարգապահությամբ։ Եթե խաղացողները լինում էին մինչև հարյուր հոգի՝ էլի այնպես կարգով էին խաղում, որ ոչ մի անկարգություն չէր պատահում, և եթե պատահում էլ էր երբեմն՝ մեղավոր երեխային իսկույն հեռացնում էին իրանցից, որ մեծ պատիժ էր համարվում։

Խաղերի մեծ մասը երկու խմբով էին խաղում։ Առաջ երկուսին մայր էին նստեցնում, մյուսները՝ ձագեր դառնում։ Ձագերը զույգ-զույգ էին դառնում և վիճակով ընկնում մեկը՝ մեկ և մյուսը՝ մյուս մորը։ Այսպիսով, բոլոր խաղացողները դառնում էին երկու խումբ, ամեն մեկը իր մոր հովանավորության և պաշտպանության տակ։

Մայրը իր ձագերից ամեն մեկի պաշտոնն իրան հասկացնում էր, և նրանք պիտի կատարեին իրանց մոր պատվերը ամենայն ճշտությամբ և ճարպկությամբ։ Այս խաղերի մեջ շատ լավ սովորում էին պաշտպանվելու և հարձակվելու կերպերը, սովորում էին շարքով կանգնել, շրջան կազմել, խմբվել, ցվրվել, մեջք մեջքի տալ, վայր թափվիլ, չորեքթաթ վազել, փորսող տալ, մի ոտքով վազել, ծեծի դիմանալ, հակառակ խմբի բոլոր շարժմունքները դիտել, նրա մտադրությունը նախագուշակել։

Այս խաղերի մասին էլ ես չեմ ուզում երկարացնել խոսքս։ Դուք ինքներդ, եթե գյուղի երեխայք եք, կարող եք ասել, թե՝ ի՛նչ տեսակ խաղեր գիտեք, միայն պետք է գիտենաք, որ իմ ասած հին խաղերի կեսի կեսն էլ չկա հիմա, և ինչ էլ որ կա՝ այն ժամանակվա եղածի միայն ստվերն է և ո՛չ իսկականը։ Բայց ինչ որ լինին՝ դրանք էլ են հարկավոր և շատ բավական են մեզ։

Մեր Արևամանուկը խաղալ շատ էր սիրում։ Պառավներն ասում էին, որ նա մոր փորումն էլ խաղալիս է եղել, և սուտ չէին ասում։ Բոլոր խաղերի մեջ նա այնպես շուտ ճարպիկացավ, որ էլ ձագ չէր դառնում, այլ՝ իրանից մեծերի վրա էր մայր նստում, և ամեն երեխա աշխատում էր, որ նրան վիճակվի, նրան ընկնի, նրա ձագը դառնա, նրա զորեղ պաշտպանության տակը գտնվի։

7

Ահա այս աստիճան զորացած էր մեր Արևամանուկը, երբ որ սկսեց տավար գնալ։ Տավարումն էլ երկու թե երեք օր միայն փոքրություն արավ. շուտով տավարածապետ դառավ, այսինքն՝ տավարածների գլխավոր։ Տավարածապետ լինելը հեշտ բան չէ։ Նա պետք է ամենից զորեղը լինի և ամենից ճարպիկն ու սրտոտը։ Ճշմարիտ է՝ նրա գործը հեշտ էր նրանով, որ պիտի նստեր սառն աղբյուրների մոտ, հով ու զով տեղերումը և մյուսներին հրամայեր, որ տավարը մակաղից դուրս անեն, գոմեշները՝ ցեխերից, այս կողմը քշեն, այն կողմ տանեն, ետ տան, ժողովեն, ականեն, բայց և՝ դժվար էր նրանով, որ եթե տավարներից մինը կորչեր՝ նա պիտի ման գար գտներ, գող ու գազանի ճանկերից նա՛ պիտի փրկեր։ Իսկ գազաններ այդ ժամանակ շատ ու շատ կային, հիմա այնքան գայլ ու աղվես չկա, ինչքան որ այն ժամանակ քավթառներ ու փալանգներ (վագրեր) կային։ Արևամանուկը մի քանի շաբաթ շարունակ շատ լավ պահեց տավարը, այնպես որ՝ ոչ մեկի քիթը չարնեց, բայց ասած է. «Տատն ամեն օր գաթա չի թխիլ»։

Մեկ անգամ մի եզը կորցրեց. շատ ման եկավ, վերջը մի գոռոցի ձայն հասավ ականջը։ Մինչև ինքը ականջ կդներ, որ տեսներ՝ ո՛րտեղից է գալիս ձայնը, իր քաջ շները՝ Խեղդանն ու Կտրանը, ավելի շուտ իմացան տեղը և նետի պես թռան դեպի ձայնը։ Գոռոցը հասարակ բառանչ չէ, այդ ձայնը հանում են միայն գազանների ճանկ ընկած ժամանակը, և այդ գիտեն՝ ինչպես տավարներն ու մարդիկը, նույնպես և՝ շները։

Արևամանուկը ոչ մի զենք չուներ՝ բացի մի հաստագլուխ մահակից։ Մահակը ձեռին՝ վազեց շների հետևից և նրանց գտավ մի ձորակի մեջ հաչելիս։ Հեռվից նկատեց, որ մի գազան վայր էր ձգել ահագին եզանը, թանթուլները[2] դրել նրա մեջքին, իսկ գլուխը դեպի շները ծռած՝ այնպես կատաղի կերպով նայում է, որ աչքերից կրակ է թափվում։ Շները հաչում էին հեռվից, պոչները ներս քաշած, և սիրտ չէին անում գազանին մոտենալ։

Արևամանուկը՝ է՛լ չմտածելով, թե՝ ի՞նչ պետք է աներ արդյոք, սաստիկ բարկացավ շների վրա և գոռաց. «Խեղդա՛ն, խեղդի՛ր, Կտրա՛ն, կտրի՛ր», ու ինքը մի ճարպիկ ոստյունով թռավ ընկավ գազանի մեջքի վրա ու բռնեց նրա վզիցը։ Այդ տեսնելով՝ շները սիրտ առան ու հախռեցին[3] գազանին։ Գազանը բարկացավ և ցատկեց տեղիցը, բայց նրանից պոկ չեկան ո՛չ Արևամանուկը և ո՛չ շները։ Գազանն ավելի կատաղեց, երեսը շրջեց, բաց արավ ահագին ըռեխը և ուզում էր Արևամանուկի գլուխը հախռել ու փշրել, բայց նա իսկույն ձեռքը ձգեց գազանի բերանը ու լեզվի տակիցը այնպես պինդ բռնեց քաշեց, որ գազանի թանթուլները թուլացան, և նա սկսեց խռխռացնել։ Գազանը որ խեղճացավ, թուլացավ՝ Արևամանուկը նրան իր տակն առավ, աջ ոտքը նույնպես կոխեց գազանի բերանը և երկու ձեռքով քաշեց նրա լեզվիցը։ Այդ միջոցին Խեղդանը հախռեց գազանի բկիցը, Կտրանն էլ՝ փորատակերից։ Այսպես միացած ուժով գազանին անշնչացրին, սատկացրին։

Քափ ու քրտինքի մեջ կորած՝ ետ քաշվեցավ Արևամանուկը, և նոր տեսավ, թե՝ ի՛նչ վիշապ էր իր սպանածը։ Վագր էր, մի ահագին ու քավթառ վագր, որ բոլոր շրջակայքի վրա իշխում էր։ Նրա երկյուղից ոչ ոք չէր համարձակվում տավար կամ ոչխար տանել այն տեղերը, ուր որ տարել էր Արևամանուկը։ Ամբողջ գյուղերով աշխատում էին նրան սպանել, բայց չէին կարողանում։

Եզը վաղուց արդեն շունչը փչել էր։ Անիրավ գազանը մի հատ հարվածով կոտրել էր նրա մեջքի սեռը և մի ծվեն կաշի էր հանել։

Արևամանուկը մաշկեց գազանը ու, մորթին քարշ տալով, գնաց տուն։ Նրա այս քաջագործության համբավը շուտով տարածվեց ամեն տեղ։ Տասնհինգ տարեկան հասակում վագր խեղդելը հեշտ բան չէ։ Բայց ով որ իմանում էր, թե այդ քաջությունը Արևամանուկն է արել, չէր զարմանում, ասում էին՝ նա կարող է առյուծի բերան էլ ճղել մեն-մենակ, առանց շների օգնության։

Արմավանցիք սովորություն ունեին, որ երբ մեկը մի քաջություն էր անում՝ նրա վրա գովասանական երգ էին շինում ու երգում ամեն տոնի օր։ Երգում էին տղերքն ու աղջկերքը՝ ձեռք ձեռքից բռնած, խմբով ու պարելով։ Այս անցքից հետո Արևամանուկի վրա էլ շինեցին մի գովասանական երգ, որ ասում էին տղերքն ու աղջկերքը փոխ առ փոխ։ Ահա՛ այդ երգը.

– Աղջըկե՛րք, պա՛ր բռնեցեք,
Արմիկի երես գովեցեք.

Ա՜յ երես, շարմա՛ղ երես,
Դու մեզ չըթողնես սևերես։

«Բարձր սարեն պաղ ջուր կուգա,
Արմիկի երես կըլվա.
Ա՜յ երես, արև՛ երես,
Քո շափաղով մեր սիրտ կերես»։

– Աղջըկե՛րք, պա՛ր բռնեցեք,
Արմիկի աչքեր գովեցեք.
Ա՜յ աչեր, սիրո՛ւն աչեր,
Արևի պես փայլուն աչեր։

«Արմիկի աչերն արեգակ,
Մեզի կուտա լույս ու կրակ.
Ա՜յ աչեր, վառ-վա՛ռ աչեր,
Մանուշակի թառ-թառ աչեր»։

– Աղջըկե՛րք, պա՛ր բռնեցեք,
Արմիկի կռներ գովեցեք.
Ա՜յ կռներ, ուժե՛ղ կռներ,
Դուք կըշարժեք մեծ-մեծ լեռներ։

«Արմիկի կռներն է գերան,
Կըպատառի վագրի բերան.
Ա՜յ կռներ, գթո՛տ կռներ,
Դուք կըբանաք մեր փակ դռներ»։

– Աղջըկե՛րք, պա՛ր բռնեցեք,
Արմիկի հասակ գովեցեք.
Ա՜յ հասակ, բա՛րձր հասակ,
Քեզ կըվայելե դափնյա պսակ։

«Արմիկի հասակն է սոսի,
Շուքը մեզնից չըպակասի.
Ա՜յ հասակ, չինա՛ր հասակ,
Ո՜վ չի տար քեզ դափնյա պսակ»։

Միասին և թռչկոտելով.

Ո՞վ պատառեց վագրի բերան,
Արմի՛կ պատռեց վագրի բերան.
Վագրի բերան – ահա այսքան –
Ժանիքները՝ մեկ-մեկ գերան…

Ապրի՛ Արմիկ. ապրի շատ օր,
Իր թշնամին ընկնի գլոր…

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
1

Երբ որ Արևամանուկը հասավ տուն, վագրի մորթին ուսովը գցած, տանեցիք չհավատացին, որ այն ամեհի գազանը նա իր ձեռքովն է սպանել, այն էլ՝ սարսափելի կռվով։ Վագրի հետ կռվել ու անվնաս մնալ՝ իրավ որ հավատալի բան չէր։

– Արմի՛կ,– ասաց հայրը,– ոչ մի տեղդ չի՞ ցավում արդյոք։

– Ո՛չ, հայրիկ, ոչինչ ցավ չեմ զգում, միայն կարծես թե սաստիկ հոգնած լինիմ։

– Վնաս չունի, հոգի՛ս, եթե միայն հոգնած լինիս. հապա ինչո՞ւ են պատռտորված շորերդ։

Այս խոսակցությունից մի կես ժամ չանցած՝ տեսան, որ Արևամանուկի երեսը դեղնում, սփրթնում է։

– Արմի՛կ ջան, գլուխդ չի՞ ցավում արդյոք,– հարցրեց մայրը որդու գլուխը շփելով։

Արևամանուկը այլևս չկարողացավ պատասխանել, նրա ուշքը գնաց և նվաղեց։

Իսկույն վրա թափվեցան ամեն կողմից, երեսին ջուր սրսկեցին, շորերը հանեցին, և ի՜նչ տեսան՝ մարմնի վրա է՛լ մի ողջ տեղ չկա, բոլորն էլ կապտել էր։ Շատ տեղ գազանի ճանկերը ցցվել էին, և այնքան ուռած տեղեր կային, որ հենց իմանաս՝ շնաճանճեր են թափվել վրան ու խայթոտել։ Միայն երեսն էր ազատ մնացել հարվածներից։

Արևամանուկը այդ բոլոր հարվածներին դիմացել էր առանց ցավ զգալու։ Այդպես է լինում տաք կռվի ժամանակը։

Բայց երբ որ քրտինքը ցամաքեց՝ բոլոր մարմինն սկսեց սարսռել։ Ցավը մի տեղ չէր, երկու տեղ չէր, որ ասեր՝ այս ինչ կամ այն ինչ տեղս է ցավում։ Այդ որ տեսան՝ է՛լ ժամանակ չկորցրին, իսկույն մի քանի այծ մորթեցին և նրանց տաք-տաք մորթիովը փաթաթեցին Արևամանուկին։ Հավաքվեցան դեղ ու դուղ իմացող պառավներն էլ, և զանազան հոտավետ ծաղիկներ եփ տվին ու ջուրը խմացրին Արևամանուկին։ Նրանք շատ լավ էին իմանում կտրածի, ջարդածի, կոտրածի դեղերը, և հենց միայն այդ էր հարկավոր, որ գիտենային, որովհետև ուրիշ ցավ չէր պատահում։

Արևամանուկը ուղորդ[4] հիվանդացավ, պառկեց տեղումը ու էլ շուտ չի վեր կացավ։ Նա կարծես շատ էր ուրախացել, որ հիվանդացել է, որովհետև նրան այնպես ծառայում, պատիվ էին տալիս, որ առողջ ժամանակը տեսած չէր։ Նրան այնպես էին պահում, պահպանում, որ ցավի սաստկությունը բնավ չէր զգում։ Արթուն ժամանակը պառավներն էին իրանց հին զրույցներովն ու հեքիաթներովը նրա ուշք ու միտքը գրավում, իսկ քնած ժամանակն էլ՝ քաղցր երազները։ Մայրը հո՝ մի րոպե մոտիցը չէր հեռանում և ինչ ազիզ կերակուրներ ասես, որ չէր եփում, ուտեցնում։

«Այս ի՜նչ լավ բան է եղել հիվանդ լինելը,– ասում էր Արևամանուկն ինքն իրան։– Առողջ ժամանակս ինչ որ ուզում էի՝ չէին տալիս, հիմա այնպես բաներ են ուտեցնում, որ կյանքիս մեջ առաջին անգամն եմ համը տեսնում։ Եվ ի՜նչ լավ հեքիաթներ են ասում։ Առաջ այնքան աղաչում էի՝ ոչինչ չէին ասում»։

Ճշմարիտ որ շատ լավ զրույցներ էին պատմում։ Այդ զրույցները այնպիսի բովանդակություն էին ունենում, որ նրանով համարյա թե լրանում էր Արևամանուկի կրթության պակասը։ Այդ զրույցներից նա ավելի փորձառություն էր ստանում և ինքն իրան ասում էր.

«Ինչքա՜ն հիմարություն է՝ չիմանալ, թե մեզանից առաջ ապրող մարդիկը ինչպե՛ս են եղել ապրելիս, ինչի՛ց են վնասվել և ինչի՛ց՝ օգուտ քաղել։ Եթե այդ չիմանանք՝ էլ ինչպե՞ս կարող ենք խելոք կերպով ապրել աշխարհքիս երեսին։ Օրինակ՝ ի՜նչ հիմարություն էր իմ արածը, առանց զենքի՝ ուղղակի ընկնել վագրի գիրկը, այդպես միայն խելագարը կանե։ Ա՜խ, ինչքա՜ն հիմար եմ եղել, ես այդ նոր եմ հասկանում»։

Այսպես ահա ամեն մի զրույցից հետո՝ մեր Արևամանուկը մի նոր մտածմունքի մեջ էր ընկնում և նոր խելքի գալիս։ Պետք է ասել, որ այդ այն զրույցների լավությունիցն էր, որ նրան պատմում էին։

2

Մեկ անգամ, երբ որ Արևամանուկն արդեն լավանալու վրա էր, նրան դուրս բերին տանիցը և տարան մի մեծ ծառի շվաքում պառկեցրին, որ ավելի մաքուր ու զով օդ շնչե։ Մի հասարակ կապերտ փռեցին, վրան մի բարձ դրին. Արևամանուկը կռնեց նրա վրա, իսկ պառավները նստոտեցին նրա բոլորիշուրջ՝ կանաչ խոտի վրա։ Մայրը, որդու գլխավերևը նստած, շփում էր նրա գլուխը, շտկում, մաքրում էր նրա ոսկեթել մազերը, իսկ պառավները պատասխան էին տալիս Արևամանուկի ամեն մի առաջարկած հարցմունքին՝ երկար զրույցով։

– Ա՜խ, ինչպե՜ս ուրախ եմ, որ էլի տեսնում եմ Մասիսի երեսը,– ասաց Արևամանուկը և հարցրեց պառավներից մեկին .– Նաննե՛, ինչի՞ցն է, որ Մասիսի գլխի ձյունը չի հալվում։

– Նրա համար չի հալվում, հոգի՛ս, որ մեծ նավը չբացվի և արևից ու անձրևից չփչանա։

– Այդ ի՞նչ նավ է, նանե՛, ես չեմ հասկանում։

– Դրա պատմությունը երկար է, հոգի՛ս, կարճն այս է, որ մի ժամանակ արարած աշխարհքս ջրով ծածկվել է. միայն մեկ մարդ է ազատվել իրա որդկերանց, իրա կնոջ ու հարսների հետ, և ազատվել է այսպես։ Մի մեծ, խիստ մեծ նավ է շինել, երբ որ ջրերը բարձրացել են՝ նավն էլ հետն է բարձրացել, մինչև հասել է Մասիսի գլուխը, նրա վրա նստել։ Այնտեղ այնքան մնացել են, մինչև ջրերը ետ են քաշվել։ Հետո դուրս են եկել նավիցը, վայր են իջել սարիցը և տեսել, որ ի՜նչ, էլ երկրիս երեսին ո՛չ մի մարդ է մնացել, ո՛չ անասուն, ամենքին էլ ջուրը խեղդել, քշել, տարել է։ Այնքան լավ է եղել, որ նա իր հետ վերցրած է եղել ամեն տեսակ օգտակար անասուններ։ Դրանք սկսում են նոր մեկանց շատանալ, և էլի լցվում է երկիրը թե՛ մարդկերանցով և թե՛ անասուններով։ Ահա այդ ժամանակ, երբ որ սարիցն իջել են, իսկույն ձյուն է եկել և ծածկել մեծ նավը։

– Այն մարդի անունն ի՞նչ է եղել, նանե՛։

– Նրա անո՞ւնը… սպասի՛ր… Նավ, Նով, Նո… ինչ որ է, այսպես մի բան է. լավ չէ միտս։

– Դե որ այդպես է, արի ասենք՝ շենքն ու շինողը իրար անվանակից են։ Ինչ էլ լինի անունը, այդ ոչինչ, երևում է միայն, որ այդ մարդը ամենից խելոքն է եղել, որ կարողացել է իր գլուխն ազատել։

– Մենակ խելոքությունը բավական չէ, հոգի՛ս, պետք է արդար էլ լինի եղած, որ Աստված միայն նրան է ազատել։ Եվ ճշմարիտն էլ այս է։ Ասում են, որ այդ ժամանակ մարդիկը շատ անիրավացել են, շատ մեղավոր են եղել, միայն Նովն է եղել արդարը։ Ասում են, որ նավը նա ինքը չի շինել, այլ՝ ուրիշին է շինել տվել։ Նավը շինողը շատ խելոք, շատ իմաստուն ու ճարտար մարդ է եղել, բայց ի՞նչ կանես, որ արդար չի եղել։ Նա իր համար էլ մի առանձին սենյակ է շինել նավի մեջ՝ մտածելով, թե ես չեմ հավատում, որ ջրհեղեղ կլինի, բայց ո՞վ գիտե, բան է, եթե լինի՝ ես կմտնեմ իմ սենյակս։ Եվ ի՞նչ ես կարծում։ Գալիս է ջրհեղեղը, այդ մարդն էլ մտնում է իր սենյակը, բայց որովհետև արդար չի լինում՝ առաստաղը խորտակվում է անձրևներից, և այնքան ջուր է թափվում մեջը, որ նա իր շինած ամենից ամուր սենյակումը խեղդվում է։ Նով նահապետը շատերին է ուզում ազատել, բայց ամենի սիրտն էլ քարանում է, ոչ ոք չի լսում նրան։ Մի պառավ կնկա ասում է. «Նանե՛, եկ մեր նավի մեջը մտիր, հիմա որտեղ որ է՝ ջրհեղեղ կլինի», իսկ նա պատասխանում է. «Դեռ սպասեցե՛ք, ես հաց եմ թխում»։ Բայց ի՞նչ, դեռ հացը թոնրումը, մեկ էլ տեսնում է՝ հրես թոնրի միջիցը ջուր է, որ քլթքլթալի դուրս է գալիս։ Պառավն այնպես շշկլվում է, որ գլխիվայր ընկնում է թոնրի մեջն ու խեղդվում։

– Ես հիմա հիշում եմ, նանե՛, որ դու մեկ անգամ ասացիր, որ այդ արդար մարդը մեր նախահայրն է, մեր մեծ պապը։

– Իհա՛րկե, նա մեր նախահայրն է, մեր նահապետն է։ Նա մեր Մասիս սարի վրա է ազատվել ջրհեղեղիցը, մեր աշխարհումն է ապրել, մեր աշխարհումը թաղվել։ Բայց որովհետև աշխարհիս բոլոր մարդիկը, բոլոր ազգերն ու ցեղերը նույնպես նրանից են հառաջ եկել, այդ պատճառով նա ամենքի նախահայրն է, մենակ մերը չէ։ Միայն, իհարկե, մեծ բաժինը մերն է. որովհետև մեծ նավը մեր սարի վրան է՝ մեծ պապը մեր երկրումն է թաղված ամենից մոտիկը մենք ենք։ Մենք նրա անբաժան զավակներն ենք, նրա տան բնակիչները, իսկ մյուսները՝ բաժանված, հեռացած։

– Ուրեմն, մենք մի ուրիշ նախահայր էլ ունինք, որ միայն մերն է, և ուրիշները նրանից բաժին չունին։

– Ինչպե՞ս չունինք։ Ամեն ցեղ իր սեփական նախահայրն ունի, մենք էլ ունինք, և մերն ամենից քաջն է, ամենից ճարտարը։

– Բա ինչո՞ւ ինձ չես պատմել, նանե՛։

– Ա՛յ, հիմա կպատմեմ, հոգի՛ս, եթե ուզում ես. և պետք է ուզենաս, որովհետև դու նրանից շատ հեռու չես. շատ, շատ որ հեռու լինիս՝ պետք է նրա թոռան թոռի թոռը լինիս։ Ուրեմն, նրանից մինչև քեզ միայն վեց պորտ է անց կացել։

– Այդ շա՛տ լավ է։ Դե մե՛կ պատմիր, տեսնեմ՝ նա ինչպե՞ս մարդ է եղել, տեսնեմ ես էլ կարո՞ղ եմ նրա նման դառնալ, թե՞ ոչ։

– Իհա՛րկե, նրա նման պիտի լինիս, հոգի՛ս, դեռ պետք է աշխատես՝ նրանից էլ անցնել, և կանցնես, եթե մյուս անգամ խելագարություն չանես, աչքերդ չխփես ու ընկնես վագրի գիրկը։

– Այդ թո՛ղ, նանե՛, մարդ որ գժություն չանե, բա ինչպե՞ս կխելոքանա։

– Դե լսիր, հոգի՛ս։

Այստեղ պառավն սկսում է պատմել մեր Հայկ նահապետի պատմությունը՝ մոտավորապես հետևյալ կերպով։ Ասում եմ՝ մոտավորապես, որովհետև պառավն այնքան գեղեցիկ էր պատմում, որ Արևամանուկին թվում էր, թե՝ նրա ասածները բոլորն էլ իր աչքովը տեսնում է. իսկ ես այդ շնորհքը չունիմ։ Հուսով եմ միայն, սիրելի՛ երեխայք, որ ինչքան էլ ձանձրալի լինի իմ պատմելուս ձևը, դուք սիրով կկարդաք և շատ անգամ կկարդաք, որովհետև մեր սիրելի նախահոր, մեր պապերի պատված ու պաշտած Հայկ նահապետի պատմությունն է, որ բոլորովին ճշմարիտ է, և ոչ թե՝ մի հնարովի հեքիաթ կամ զրույց։

3

Երբ որ Նոյ նահապետը իջնում է Մասիս սարիցը և բնակում նրա ստորոտումը՝ այդտեղ նրա որդիքն ու թոռները սկսում են անչափ շատանալ։

Այսպես անցնում է մի հարյուր, երեք հարյուր, չորս հարյուր տարի, մի խոսքով՝ էլ հայտնի չէ, թե ինչքան. Մասիսի շրջակայքը առաջվա նման մարդով լցվում է։

Ինչպես որ լճի մեջ՝ երբ որ մի քար ես գցում, ջրիցը բոլորակ-բոլորակ ալիքներ են բարձրանում ու մղվում դեպի ափերը, այսպես էլ մարդիկը երբ որ շատանալ են սկսում՝ Մասիսի բոլորիշուրջ ալիքի բոլորակների նման տարածվում են։ Բայց քարը, որ լճի մեջն ես գցում, նրա բարձրացրած ալիքները վերջ ի վերջո ավելի դեպի այն կողմն են թեքվում, որ կողմը ցածր է։ Հենց այսպես էլ մեր շատացած մարդկանցն է պատահում։

Երբ Մասիսից բավական հեռանում են՝ նրանց համար ամեն տեղ ապրելը միակերպ հեշտ չի լինում։ Մարդիկն աշխատում են բարձր ու ցուրտ տեղերից փախչել ու դեպի ցածր ու տաք տեղերը գնալ, որ ապրելն ավելի հեշտ լինի։

Այնպես է պատահում, որ դեպի հարավ գնացողները նկատում են, որ քանի հեռանում են, այնքան իրանց համար լավ է լինում, երկիրն ավելի պտուղ է տալիս, և ամեն ինչ առատ է։ Այդ լսում են և մյուս կողմեր գնացողները և սկսում են իրանց ցուրտ լեռներիցն իջնել ու հեղեղի նման թափվիլ դեպի հարավ։ Բռնում են երկու մեծ գետերի՝ Եփրատի ու Տիգրիսի ընթացքը և նրանց հետ գնում։

Գնում են, գնում, շատ ու քիչն Աստված գիտե, մինչև նրանց առջև երկարումեկ ձգվում է մի մեծ, շատ մեծ դաշտ։ Էլ ո՛չ մի սար, ո՛չ մի բլուր, ո՛չ մի քար, այլ՝ հարթ, հավասար դաշտ, բայց ի՞նչ դաշտ. Աստծու ամենայն բարությունովը լիքը։ Այն ժամանակվա մարդիկն էլ հենց այդպիսի մի տեղ էին փնտրում, որ ո՛չ վարեն, ո՛չ ցանեն, ո՛չ մրսեն, բայց ամեն ինչ ուտեն։

Այս նոր երկրի համբավը տարածվում է ամեն տեղ։ Ամեն տեղից մարդիկ են գնում, որ տեսնեն՝ ճշմարիտ այնպե՞ս է, ինչպես որ պատմում են. և երբ որ ստուգում են՝ գալիս են իրանց տունը-տեղը քոչացնում, չվում նոր երկիրը։

Այդ ժամանակները մեր պապ Հայկը այստեղ է լինում կենալիս։ Նա տեղիցը չի շարժվում, բայց գնացող-եկողները այնպես բաներ են պատմում, որ նա էլ է ցանկանում գնալ։ Ասում են. «Այնպիսի երկիր է, որ լեզվով պատմել չի լինիլ։ Ամենայն տարի Եփրատն ու Տիգրիսը այնպես հորդանում, վարարում են, որ ափերիցը դուրս են գալիս և ջրում ամբողջ դաշտը։ Երբ որ ետ են քաշվում՝ սերմը գցում են նրանց թողած ցեխի վրա. էլ ո՛չ հերկել, ո՛չ ցաքանել, բայց արտ է դառնում, որ զարմանալի։ Ցողուններն այնքան բարձրանում են, որ ուղտը միջին չի երևում, տերևները թաթի պես լայն-լայն, հասկերը կռան[5] չափ հաստ, երկու թզաչափ երկայն, մեջներին մինչև հարյուր, երկու հարյուր, երեք հարյուր հատիկ։ Մեկ չափ ցանողը երեք հարյուր չափ է վերցնում։ Ցանելու տեղն էլ այնքան շատ է, որ ինչքան կուզես՝ ցանիր։ Ուրիշ էլ ինչ պտղեղենով, ինչ արմտիքով ասես՝ լիքն է։ Հաղողի ճութերը այնքան մեծ-մեծ են, որ հեռվից նայողը կարծում է, թե՝ սև-սև գոմեշներ են նստոտած վազան[6] տակերին. ծիրանը մեր դեղձիցը խոշոր, նուռը մեր ձմերուկի չափ, բայց էլի այնպես պտուղներ կան, որոնցից մեր երկրումը չըկան»։

Ահա այս ամենը որ լսում է մեր պապ Հայկը՝ ինքն էլ է ուզում գնալ։ Հավաքում է իր որդկերանցը և եղբայրներին, հայտնում է նրանց իր միտքը։ Եղբայրները չեն հոժարում, ասում են՝ ինչո՞ւ թողնենք մեր երկիրը, մեր հողը, մեր ջուրը, մեր ծաղկապատ լեռները, մեր անմահական աղբյուրները, վերջապես՝ մեր հորն ու մոր, մեր նախնյաց սուրբ գերեզմանները։

Հայկն ասում է. «Այդ շատ լավ եք ասում։ Դուք մնացեք այստեղ, այստեղ ապրեցեք, մեր երկիրը պահպանեցեք, իսկ ինձ թույլ տվեք գնամ, տեսնեմ՝ այդ մարդիկն ո՞ւր են այդպես հեղեղի պես թափված գնում, կամ ի՞նչ են շինում այնտեղ։ Ես մեր երկրիցը ձեռք չեմ վերցնիլ, նրա սահմանիցը շատ չեմ հեռանալ։ Այնտեղ, ինչպես պատմում են, մի ուրիշ լավ բան չկա՝ բացի հացի առատությունից»։

Այստեղ պառավ տատն սկսում է հացի նշանակությունը հասկացնել Արևամանուկին։

– Հացը մի այնպիսի բան է, Արմի՛կ ջան,– ասում է պառավը,– որ ինչ տարի նա չի լինում՝ բոլոր ուտելիքներն էլ նրա հետ պակասում են, և երբ որ հացն առատ է լինում՝ մյուս բոլոր բաներն էլ առատ են լինում։ Օրինակի համար, երբ որ հաց չի լինում՝ եղ էլ չի լինում։ Հիմա կասես՝ ինչո՞ւ։ Նրա համար, որ՝ արտ չեղած տարին խոտն էլ է պակաս լինում։ Իսկ կովը որ խոտ չուտի, լավ չարածի՝ որտեղի՞ց կաթ կտա, որ նրանից էլ մածուն, մածնից էլ եղ շինեն։ Խոտ չկա՝ մեղր էլ չկա. ինչո՞ւ, նրա համար, որ՝ խոտ որ չլինի, ծաղիկ էլ չի լինի, իսկ ծաղիկ որ չլինի, էլ մեղուն ինչի՞ց կշինե մեղր։ Շաղիկ չկա՝ պտուղ էլ չի լինի։ Կուտ չկա՝ ձու էլ չի լինիլ։

Երևում է, որ մեր պապը մի քանի անգամ սով տեսած է լինում։ Սկսում է պատմել, թե՝ սովն ինչի՛ց է հառաջ գալիս։ Թե՝ երբ որ մի տարի, երկու տարի երկինքը կապվում է, գետինքն էլ չորանում է, էլ ոչինչ չի տալիս, էլ խոտ չի բսնում, ծառը չի ծաղկում, աղբյուրը չի քլքլում, մարդ, անասուն սովամահ են լինում։ Ասում է՝ այդ նոր երկրումը դժվար թե սով պատահի, եթե ճշմարիտ է այն ամենը, ինչ որ ասում են։ Լավ կլինի, ուրեմն, որ եթե այդ երկրի միջումը չլինինք՝ գոնե նրա սահմանի վրա լինինք, նրանից մոտիկ լինինք։

Սրա վրա որդիքն ասում են. «Հայր, դո՛ւ գիտես։ Երբ որ դու կամենում ես՝ մենք ի՞նչ կարող ենք ասել»։ Եղբայրներն էլ ասում են՝ մենք էլ կգանք քեզ անց կկացնենք։ Մյուս օրը պատրաստություն են տեսնում, վրանները կարկատում, շինում են, աման, չաման, շորեղեն կապում են, մափռաշներում[7] դարսում, կապոտում, էշերը, ջորիքը բարձում, ձիանոնց վրա էլ իրանք նստում, ոչխար, տավար առաջներն անում, ճամփա ընկնում։

Երբ որ մեր պապը ճանապարհ է ընկնում՝ նրա հետ շատերն են քոչում։ Ասում են՝ Հայկն խելոք մարդ է. եթե նոր երկիրը լավ չլինի՝ նա չի գնալ։ Մի հարյուր հոգի հենց Հայկի տանը կլիներ, մի քանի ուրիշ տուն էլ որ նրա հետ միանում են, ով գիտե՝ քանի՛ հարյուր հոգի են դառնում։

Սրանք խումբ-խումբ, տավարը ջոկ, ոչխարը ջոկ, հորթերը ջոկ՝ որ կովերին չծծեն, ձիավորները ջոկ, բեռնավորները ջոկ, կռունկների պես կարգով ճանապարհ են ընկնում ու կամաց-կամաց, այստեղ, այնտեղ իջնելով, գետերի, աղբյուրների ափերին կամ արոտներում օրերով հանգստանալով՝ հասնում են մինչև նոր երկրի սահմանը։ Այդ նոր երկիրն ասվում է «Միջագետք», այսինքն՝ գետերի մեջ եղած երկիր։ Այսպես նրա համար է ասվում, որ այն մեծ դաշտը, ուր գնում էին, երկու մեծ գետերի՝ Տիգրիսի ու Եփրատի արանքումն էր։

Ահա այդ դաշտի հյուսիսային սահմանի վրա եղած լեռների ստորոտումն են իջնում։ Երկար ժամանակ այդտեղ մնալուց հետո, երբ որ լավ ծանոթանում են իրանց գնալու երկրին՝ վայր են իջնում լեռներիցը և մտնում են դաշտի մեջ։

4

Ճշմարիտ որ այդ դաշտը ամենայն բարությունով լիքն էր։ Մարդիկն իրանց մի օրվա աշխատանքը մեկ ամիս հանգիստ նստած վայելում էին։ Բայց այդ հանգստության ժամերը զուր չէին անց կացնում, այլ՝ լավ-լավ բաների վրա էին խոսում, մտածում, ուրախություն անում, զվարճանում։ Զանազան տեղերից հավաքված մարդիկը այնքան սիրում էին միմյանց, ինչպես շատ տարի իրար չտեսած, իրար կարոտ քաշած հայր ու որդի, եղբայրներ, քույրեր։ Այնքան միաբան, այնքան սիրով էին, որ, ինչպես կասեն՝ գառն ու գայլը միասին էին արածում։ Մեր պապ Հայկին որ տեսնում են՝ այնպես են սիրահարվում վրան, որ սկսում են պաշտել։ «Ինչպե՞ս կարելի է,–ասում են,–որ այս հրաշալի պատկերի ու հասակի տերը, այս զարմանալի ճարտարությունն ու քաջությունն ունեցողը մեզ նման մի հասարակ մահկանացու լինի»։

Եվ, ճշմարիտ որ՝ մի հասարակ մահկանացու չէր մեր պապը։ Արմի՛կ ջան, Աստված պահի, դու որ մեծանաս՝ իսկ և իսկ նրա նման կլինիս։ Ամեն քեզ տեսնելիս՝ իսկույն միտս է ընկնում այն բոլորը, ինչ որ լսել եմ մեր պապի գեղեցկության մասին։ Հաստաբազուկ, լայնաթիկունք, բարձրահասակ, աչքերը քո աչքերի նման, մազերը՝ քո մազերի։ Նրա ձգած նետն ու պարսաքարը նշանից վրիպում չի եղել։ Այնքան ուժով է եղել, որ նրա գործ դրած զենքն ու զրահը ոչ ոք չի կարողանում եղել ո՛չ հագնել և ո՛չ գործ ածել։ Նրա խելքն ու ճարտարությունն էլ հետո կտեսնես։

Այսպես, ինչպես ասացի, այդ ընդարձակ դաշտի մեջ տարածված բոլոր մարդիկը իրար հետ շատ և շատ սիրով էին ապրում։

Միշտ բոլոր ցեղերի նահապետները հավաքվում են, միասին խորհուրդ անում, և ինչ որ պետք է լինում իրանց երկրի համար՝ շինում են։ Օրինակ՝ տեսնում են, որ դաշտի ինքնիրան ջրվող մասը օրեցօր քչություն է անում, որովհետև մարդիկ էլ այդ դաշտի մյուս բերքերի նման սկսում են խիստ առատանալ, մեծ-մեծ ջրանցքներ ու լճեր են շինում, որ թե՛ ավելի հեռու տեղեր ջրեն և թե՛ երաշտ տարիներին ջրի պակասություն չկրեն, լճերի ջրովը ջրեն։ Այսպես շատ անապատ ու անջրդի տեղեր են ջրովի շինում և չոր տեղերը՝ գեղեցիկ ծառաստաններ և այգիներ։

Տեսնում են, որ ճահճուտ տեղեր կան, ցամաքեցնում են, վնասակար գազանները կոտորում են, գետերի ու ջրանցքների վրա անթիվ կամուրջներ են շինում։ Օր չի լինում, որ մի նոր գյուտ չանեն։ Մեկը մի նոր ջրաղաց էր հնարում, մյուսը՝ մի նոր տեսակ սայլ, մեկը գեղեցիկ կավե ամաններ է շինում, մի ուրիշը՝ աղյուս, խողովակներ, ջրմուղներ։ Կանայքն իրանց տանու ձեռագործներն էին սկսում ավելի նրբացնել։ Առաջ որ միայն բրդից ու մազից էին գործվածքներ անում, այստեղ դրանց վրա ավելացնում են բամբակն ու մետաքսը, որոնցից շատ բարակ գործվածքներ էին անում և բարակ էլ հագնում։ Ամեն մի արհեստավոր, թե՛ դարբինը և թե՛ ոսկերիչը, թե՛ հյուսնը և թե՛ որմնադիրը, թե՛ գինեգործը և թե՛ երկրագործը, օրեցօր կատարելագործում էին իրանց արհեստը, օրեցօր մի նոր բան էին հնարում, մի նոր բան ավելացնում։ Այս պատճառով էլ քիչ ժամանակի մեջ անթիվ գյուղեր շինեցին գեղեցիկ աղյուսյա պատերով և ով գիտե քանի՛-քանի էլ քաղաք՝ ամուր պարիսպներով, բարձր աշտարակներով, լայն կամուրջներով։

5

Երբ որ մարդիկ այսպես սիրով, այսպես խաղաղ ու բախտավոր ապրում էին՝ մեկ էլ, ինչ տեղից, մի չար քամի է փչում, բոլորի սիրտը, բոլորի միտքը պղտորում։

Առաջվան բարի ծերերը մեռնում են, նրանց տեղն անցնում են խռովարար, գոռոզ և չար մարդիկ։

Այդ չարերի մեջ ամենից չարը լինում է Բել անունով մի ահագին հսկա, մի գազան մարդ։ Մյուսները թեպետ չար են լինում, բայց և՝ շատ վախկոտ ու թուլասիրտ են լինում, բայց Բելը ոչ թե մարդուց, այլ՝ Աստվածանից էլ չի վախենում և կարծում է, թե՝ ինքն էլ մի աստված է։ Իրանից վախեցող մարդիկ նրան այդպես էին ասել, նա էլ հավատացել էր, և կարծում էր, թե՝ ինքը եթե ճշմարիտ աստված չէ, անպատճառ Աստծու սերունդիցն է։

Մեկ անգամ, երբ որ բոլոր ցեղերի նահապետները հավաքված են լինում, որ իրանց հոգսերի մասին խորհուրդ անեն, այդտեղ են լինում թե՛ մեր պապ Հայկը և թե՛ իմ ասած աժդահա Բելը։ Խոսք խոսքի են գալիս, մեջները ահագին վեճ է բարձրանում, մեկն ասում է՝ այսպես լավ կլինի, մյուսը թե՝ չէ՛, իմ ասածն է լավը։ Հայկը տեսնում է, որ առաջվան սերն ու համաձայնությունը վերացել է, սրտին ցավ շատ է լինում, վեր է կենում տեղիցը ու, դառնալով դեպի խորհրդականները, ասում է.

— Հայրեր և եղբայրներ, ինձանից ձեզ խրատ չի հասնիլ, որովհետև ձեզանից շատերը այնպիսի պատկառելի տարիքի տեր են, որ ես նրանց որդու տեղ կհամարվիմ։ Ես ուզում եմ ձեզ ասել միայն, որ թողնեք ձեր վեճերը։ Մենք հիմա մի ուրիշ գործ ունինք կատարելու։ Մեր մաքուր ու անարատ արտերի մեջ վնասակար բույսեր են բսնել, պետք է միացած ուժով այդ վնասակար բույսերը քաղհանենք, մի տեղ հավաքենք և կրակ տանք։

Այս խոսքի վրա այնպես են լռում ամենքը, որ կարծես համրանում են, և սկսում են իրար երեսի մտիկ տալ և ավելի նայում են Բելի երեսին, որ սկսել էր սփրթնել։ Այս խոսքով մեր պապը «արտերի» մասին չէր խոսում, այլ՝ մարդկանց «սրտերի»։ Ուզում էր ասել՝ մեր մեջ չար մարդիկ են երևացել, որոնք պղտորում են մեր անարատ սրտերը։ Երկրի խաղաղությունը պահանջում է, որ այդ մարդկանցը պատժենք։ Բելը որ իրան վրա է առնում այս խոսքը, բարկությունը զսպելով՝ սառը կերպով պատասխանում է.

– Ես կարծում եմ՝ խոտերն այնքան վնաս չեն տալ մեր արտերին, որովհետև իրանց հողի վրա են բուսած՝ երկուսին էլ բավական նյութ կլինի, բայց եկովի մանգաղաթև թռչնիկներ կան, որ չես իմանում՝ որտեղի՞ց են թռել եկել, դրանք փչացնում են մեր ցորենի հասկերը։

Բելն էլ է մեր Հայկի պես մութ խոսում։ Նա մեր պապին և նրա հետ գնացածներին մանգաղաթև է անվանում՝ մանգաղն աղեղի նմանացնելով, որովհետև մերոնք հայտնի են լինում այնտեղ ինչպես քաջ նետաձիգ աղեղնավորներ։ Նրանց համարում է եկովի, որովհետև ինքն այնտեղ է լինում ծնված, իսկ մերոնք ամենից հետո են լինում գնացած։ Այս էլ պետք է ասենք, որ այդ գոռոզ Բելը սուր ու աղեղ բանեցնելը Հայկիցն էր սովորել, նա մի ժամանակ շատ սիրում էր Հայկին և միշտ նրա հետ էր որսի գնում, որ ավելի լավ վարժվի։

– Մանգաղաթև թռչունները եթե չըլինին,– պատասխանում է Հայկը,– մորեխները իսպառ կփչացնեն մեր արտերը…

  1. Պառակ - քար, քարեղեն զանգված, ապառաժ
  2. Թանթուլ - կենդանիների առջևի ոտքերի թաթը
  3. Հախռել - խժռել, լափել
  4. Ուղորդ - իսկապես
  5. Կռան - դարբնի միջին մեծության մուրճ
  6. Վազան ճյուղ - խաղողի վազի ճյուղ
  7. Մափռաշ (մաֆրաշ) - կապերտից պատրաստված քառանկյուն պարկ, որի մեջ դարսում են իրեղեններ