Jump to content

Արևելք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


Ո՛չ ալ չզքեզ երգեցի…
…Արևե՛լք, Աստվածներու և քուրմերու ծննդավայր։
ՍԻԱՄԱՆԹՈ


Նվեր այն արևելքցի աղջկան, զոր կը սիրեմ։



Ո՜վ Արևելք, իմ պապերուս և հավատքիս,
Եվ կրակին, և հոգվույն,
Եվ անճառին, և քաղցրության, և մահվան,
Ուր դարերը խորհուրդին պես ծանրակիր
Եվ լռության պես խորին՝
Եկան, անցան և լացին…
Մայրըս քուկին ոսկեշաղով ողողված
Եվ կրակովդ խոլաթև հարսը չքնաղ,
Ո՜վ Արևելք, քու ծոցիդ մեջ ծաղկեցուց
Իմ էությունս և սավառնումըս ահեղ։
Առաջին հեղն ես լազուրիդ ժպտեցա
Եվ նետեցի զիս կապույտեն անդունդին
Խորախորհուրդ գաղտնիքներուդ ի խնդիր։
Ոսկեփոշին դեռ կը հանգչի մազերուս
Քու ալեկոծ արևին,
Շրթներուս դեռ կը հևա
Սոսավյունը անտառներուդ սրբազան։
Դո՛ւն, Արևե՛լք, իբրև վրեժ կը կանգնիս
Դժբախտությանը մարդուն,
Զոր Արևմուտքր դարբնեց։
Դո՛ւն հարազատ, և՛ ինքնաստեղծ, և՛ հսկա,
Որուն
Ավերակները տակավին կը բուրեն
Խունկ ու ստաշխ և ծարի՜ր…
Եվ ես այսօր եկած եմ
Քեզի՜, Անհուն և Անմահ,
Տաճարներուդ սյուներուն
Առջև դժգո՜ւյն ու դողդո՜ջ…
Օվկիաններու ափերուն,
Մրրիկներուն մեջ ահեղ
Պտտցուցի ընդերկար
Խաղաղությունդ անսասան։
Քեզ կը բերեմ, դո՛ւ Կին փարթամ և հարուստ,
Իմ երազներս անվթար
Եվ հասունցած մանկության սաղմը ժպտուն՝
Թառամելու և մեռնելու անսովոր։
Արևելյա՛ն կիսագունդ,
Դուն Մայր լեցուն և արբեցած ծիծերով,
Իմ շրթներըս, դեռ թարմ են
Եվ կարոտեն բոցավառ,
Եվ հագագս անբասիր։
Օտարոտի անդաստանի պտուղներ,
Արևմուտքի այգիներու ողկույզներ,
Եվ կամ անոնց ջերմագին հույզը կարմիր
Չեն պղծած դեռ իմ կոկորդըս ծարավի։
Ես եկած եմ լիահագագ ըմպելու
Խորի՜ն, խորի՜ն սափորներեն գինիիդ
Ուղևորին նման այն,
Որ դար մ՚ ամբողջ քալած է
Ջուրի շիթի մը համար։
Ես քու եզերքդ եմ հասած,
Եվ կը հավատամ,
Որ սկիզբն եմ Անմահության շավիղին․․․
Գինի, գինի մատռվակե՛ ինձ այսօր,
Ո՜վ Կին փարթամ և մարմարյա՜ և ջերմի՜ն,
Ա՛ռ իմ խորքես մեքենայությունս տխեղծ
Եվ ձևերըս հրահանգված ու նրբին։
Տո՛ւր ինձ, տո՛ւր ինձ,
Ո՜վ Արևելք, ո՜վ մեծ Տաճար և Խորհուրդ,
Խաղաղություն, խաղաղություն ստեղծիչ։
Եվ ահա քու ճաճանչներըդ բոցավառ
Կոսկեզօծեն կրունկներըս արյունոտ։
Վերջալույսիդ ոսկեծովին մեջ անհուն
Իմ երազներս կըզգենուն

Վարդե՜ր, կակա՜չ ու նուռե՜ր։
Ահա սիրտըս կը բաբախե անձկանոք,[1]
Եվ կասիսիդ կուշտին հակած,
Եվ հուսալից և դողդոջ,
Քու պսակիդ երազուն՝
Կաղոթե՜մ…

Թեև, Մա՜յր իմ, ես զավակը երկնքիդ,
Խաղընկերը քու վարդերու բլբուլին
Եվ ըմպողը ստեղծագործ նեկտարիդ
Իմ մանկության օրերուն,
Բայց եկած եմ ես այսօր
Կրոնական երկյուղով
Դամբաններըդ տեսնելու,
Որոնց մութին մեջ դեռ կան
Մրրիկները խորհուրդներուն ու լույսին։
Ես եկած եմ ծնրադրելու, երգելու
Դամբաններուդ առջև հակ,
Որոնք դարերը կերտեցին և որոնք
Տվին հոգվույն երջանկության խոր գաղտնիք։
Ես եկած եմ երգելու,
Կաթե՛ շնորհքն աստվածեղեն ներշնչման
Իմ ճակտիս վրա, որ մոխրով
Եվ մռայլով է պատած։
Դու տվիր
Ուրիշներուն խորհուրդներու բանալին,
Տո՛ւր ինծի, ո՜վ Արևելք։
Հսկա Քերթող և Ստեղծիչ գույներուն,
Գաղտնիքն երգին—դամբաններուդ նախընծա։
Ես եկած եմ քու մատյաններդ և ժայռերըդ կարդալու,
Սքանչելի՛, ո՜վ Գեղեցիկ և Անհա՛ս…

Արարատիդ առջև կանգնած եմ ահա.
Կանգ առ,
Ո՜վ սրարշավ Ժամանակ,
Ցնորական Երիվար,

Թո՛ղ քանդակը ես հեգեմ
Այս ձյունապատ հսկային,
Որուն կառչած մնացին
Անժամանակ թվականե մը ի վեր
Զավակները ժողովուրդի մը պարտյալ․
Օ՜հ, ի՜նչ է այն
Ես կը տեսնեմ, որ արյունով է գծված
Քանդակը սուրբ իմաստությամբ առլցուն…
Բա՛ց, Արևե՛լք, քու ծիրանիդ բեհեզյա,
Որ հարսներըդ սիրատարփիկ հյուսեցին.
Ես զավակն եմ պապերուս,
Երբե՛ք, երբե՛ք մեղանչած,
Դո՛ւն ոլորանը անոնց
Եվ մեծադիր երազներուն հարսնարան։
Ես կը ծակեմ կուրծքն իմին
Այն հինավուրց նիզակներով պապերուս,
Որոնց համար հպարտորեն դու լացիր,
Ես կը թափեմ սրտիս արյունը կարմիր
Քու լեռներդ ծովախորհուրդ կապույտին վրա,
Ո՜վ Արևելք, հանդիսավո՜ր և լռի՜ն…
Կառնեմ բույրը ավադիկ
Այն հողերուն, որոնց վրա
Քու աստվածներդ քալեցին
Եվ որոնց ետևեն
Իմաստությունը ծաղկեցավ։
Հելլադայեն և Հռոմեն դու առաջ
Մարդու հոգին չափեցիր
Եվ ցուցուցիր
Կշիռքն անոր թռիչքներուն, երազին։
Քու աստվածներըդ խորհեցան ու լացին,
Քու աստվածներդ զոհեցին և ժպտեցան։
Ես տակավին կը լսեմ
Հարվածն անոնց ծանրածանր մուրճերուն,
Որ խորհուրդին սալերուն վրա կռեցին։

Ահա գիշերն է փռվեր
Իր աստղազարդ երկինքով,

Մեհյանները կը վառին
Եվ լոտոսներն աստղածորան երկնքեն
Լռի՜ն, լռի՜ն ու լռի՜ն
Կը հավաքեն մեղրը իրենց բաժակին։
Ո՜վ տրտմությունն հոգիիս,
Ահա գիշերն, խաղաղությունն անվրդով,
Եվ ստեղծիչ և անհո՜ւն։
Կանգ ա՛ռ, գիշեր,
Ո՜վ գեղեցիկ անրջանք,
Քաղցրածորան, քաղցրակարկաչ ու վսե՜մ…
Ո՜վ դու Տեսիլք,
Որ տարիներ փնտրեցի,
Ինչպես անաստղ և արևը կորուսած
Մոլորակի մ՚ արարած
Կը փնտրե լույս մը դողդոջ
Խավա՜ր, խավա՜ր միջոցներուն մեջ, անհա՜յտ։
Հրամայե՛ մուտք իմին
Ո՜վ Արևելք, «Աստվածներու ծննդավայր»,
Քու քողերուդ, գաղտնիքներուդ ընդմեջեն,
Ես զավակն եմ պապերուս
Դո՛ւն՝ օրորանը անոնց։

Ո՜վ երանգներ Արևելյան աշխարհին,
Անկշռադատ և հանդուգն
Աստվածահաղթ նկարչի մը վրձինով
Դուք ներկեցիք Արևելքի ջերմ հոգին
Հորդահոսան աղբյուրներեն բնության։
Հարսները ձեզ գրկեցին
Եվ երազնուն մեջ խաղաղ
Օրորվեցան կոհակներովը ձերին։
Ո՜վ երանգներ, ծագե ծագ
Դուք խորհուրդին միացաք
Եվ Արևելյան բարբառներուն հրաշազան։
Աստվածներ ձեզ կրեցին
Իրենց ճակտին վրա հսկա։
Ո՜վ բոցավառ Արևելք,
Քուրմերն զձեզ փաթթեցին

Երանգներով, խորհրդով,
Եվ դուն եղար
Մեծվայելուչ հարսն աշխարհին այս ունայն։
Լեցուր թափուր արևմտյան այս բաժակ,
Ահա ձեռքիս՝ կը դողդոջեմ,
Եմ ծարավես հրաբորբոք կը վառիմ,
Թո՛ղ շողերը մեծափարթամ Արևիդ
Պսակեն բաժակն այս ցրտին
Բորբ ջերմությամբ ու լույսով։
Ես Ատլանտյան ափունքեն,
Մեծափարթամ Ոստանի մը խորերեն
Կը բերեմ այս բաժակն թափուր ու օտար
Եվ թերևս քու գինիիդ սուրբ հպումին անարժան։
Ո՜վ տեսիլքներ արևելյան աշխարհին,
Որ խուժաններ զսպեցին,
Որ մարդկության շնորհեցին
Եվ Նիրվանան, և դրախտներն, ու անմահն։
Քու կուրծքդ ահեղ փոթորիկները գրկեց,
Մայր կաթոգին Խաղաղության, Անդորրին։
Ո՜վ բոցավառ դու Երազ,
Ո՜վ բանաստեղծ և Աստված,
Այգիներուդ տերևներուն կըհանգչին
Ոսկեփոշին դարերու։
Ո՛չ մեկ ծաղիկ իր բաժակին մեջ պայծառ
Սև երազով և խռովքով սարսռաց։
Մեծ անդորրըդ դուն փռեցիր ծագեծագ,
Ողողեցիր բոլոր աչքերն անհանգիստ
Քու մոգական և անարվեստ հեշտությամբ։
Վշտին համար քու զավակներդ խորհեցան,
Իմաստությամբ կրեցին
Տրտում քնարն այդ բնության — մեծ Երգին։

Արևելքցին չճգնեցավ գերիշխել
Բնության ահեղ զորության,
Ան չտվավ ստեղծումի ձևերուն
Իր մարդկային խեղճ ճաշակին չափանիշ։
Արևելքը իր պատմությամբ, իմաստով

Եղավ աղոթք մը հսկա
Բնութենական գեղեցկությամբ դողդոջուն,
Եվ հասկացող և հլու…
Բնությունը—բովանդակը ավասիկ,
Եվ գեղեցիկ, և հպարտ,
Եվ մտերիմ, և գաղտնի,
Եվ հեռավոր, և ծանոթ
Արևելյան հոգիին…
Եվ պարտեզներդ ծաղկեցան,
Ո՜վ Արևելք,
Անհոգ, անծայր և անհուն,
Եվ լեռներըդ զարդարվեցան գույնզգույն
Ծաղիկներով ու խոտով։
Մարդոց տխեղծ ձեռքերն անգութ չհպան
Աններդաշնակ դաշնակությանդ հրաշալի…
Երբ մարդուն ձեռքն, պաշտամունքի համար լոկ,
Եվ քաղցրագին վշտերով
Քաղեց ծաղիկ մը թուփեդ՝
Խոր աղոթքի մրմունջով մը մոտեցավ,
Եվ անիկա բաղձաց մասը նվիրել
Բովանդակին ի սպաս։
Բնությունն եղավ քեզ համար
Գերերկրային մոգություն
Եվ անսկիզբ, և անճառ,
Եվ տիրական և աստված։
Ահա կանգնած Անդորրությանդ սեմին վրա
Ես անհունով կը լեցվիմ,
Ես կը գրկեմ սոսափները անսահման
Այգիներուդ և ձորերուդ կաթոգին,
Ո՜վ Արևելք, ո՜վ Ծավալ։

Ես լուսեղեն խավարներեն կը դառնամ,
Արևմուտքի մեծադղորդ սեմերեն,
Արևմտյան աղմկահույզ ափերեն,
Ուր այգերը փոթորկոտ են, շառաչո՜ւն։
Ես Անդորրիդ սեմին վրա հաղթական
Հոգիս լեցուն մրմունջներով, տավիղով։

Ո՜վ դու խաղաղ Օվկիան,
Որուն մեջ
Աստղածորան գիշերները կը նիրհեն,
Որուն մեջ
Ամեն հոգի աշխարհ մընե ծովերով
Եվ գետերով խոլական։
Անդո՜րր, անդո՜րր ու անդո՜րր
Եղավ աշխարհդ իմաստուն,
Դուն քալեցիր դանդաղ, խաղաղ ու խորին,
Եվ վարդերու ցողուններուն փաթթեցիր
Երջանկությունդ անպարտելի ու անհաղթ։
Ո՛չ մեկ թռչուն լացավ բանտին մեջ անհույս,
Եվ տարագիր չունեցար։
Երկինքներըդ չըլացին
Դժբախտ սիրո զոհի վրա,
Դուն սիրեցիր, դուն գգվեցիր, հարբեցար
Մերկ կիներուն և գինիին առընթեր
Ո՜վ Արևելք, ո՜վ կարմիր Հարսն աշխարհին։
Եկո՛ւր, եկո՛ւր, ո՜վ Աղջիկ
Արևելյան դաշտերուն
Եվ լեռներուն երկնամերձ։
Վեր ա՛ռ քողըդ, թող արևը ողողե
Հպարտ, գոռոզ ճերմակությունը ճակտիդ
Իր բոսորող ալիքով
Եվ ջերմությամբը կարմիր։
Բա՛ց կուրծքդ,
Բա՛ց ծիծերըդ երկնահայաց, դողդոջուն
Իմ տարփանքիս հագագին
Եվ ծարավի, հրատոչոր աչքերուս։
Թափե՛, թափե՛ փթիթներըդ փրփրուն
Իմ հողիս վրա ստեղծիչ։
Դուն մերկացի՛ր, ամբողջովին մերկացի՛ր,
Ես Իշխանդ եմ, որ օտար
Հորիզոններ կտրեցի
Եվ պահեցի իմ մարմինըս ամբասիր՝
Քու սարսուռիդ, քու խենթության արժանի։

Մերկացի՛ր, մերկացի՛ր,
Արևելքի դո՛ւ Սարսուռ,
Հոտառությունս անեղծ է,
Ես քու բույրիդ եմ ծարավ։
Ես արու եմ և խոլությամբ առլցուն…
Ի՜նչ, դու կուլա՞ս,
Շողերը քե՞զ պղծեցին,
Ավերեցի՞ն բուրումնավետ քու դրախտ։
Դու կը դողաս,
Բայց կաթիլներն արցունքիդ
Կը հրդեհեն իմ կուրծքին
Աղվամազերն առնական։
Ե՛կ, հիռ դարձի՛ր և երգե՛
Սիրո աճյունը սրտիս
Եվ կարկաչը երակներուս երիտասարդ։
Արևելքի Իշխան եմ
Եվ արևիդ հրամայող։
Ես քողերըդ վառեցի
Եվ բեհեզներըդ չքնաղ,
Դո՛ւն Թագուհին պալատիս
Անլուսամուտ ու թաքուն.
Թո՛ղ ըմպեմ քեզ և ծծեմ սիրտդ գոհալ
Քու աչքերեդ, քու բերանեդ, ծիծերեդ,
Ի՞նչ, դուն կուլա՞ս
Երջանկության տակ կքած։
Ժպիտներո՜վ, ժպիտներո՜վ ճամփա դի՛ր
Քու կուսությունըդ թշվառ։
Դու մերկ ես
Եվ ես հուզված ու կարմըրած ու դողդոջ,
Թո՛ղ բազուկս մարմարյա
Գրկե լանջքըդ պաղպաջուն,
Սիրտս սրտիդ թող հպի,
Մենք միասին և հարբած
Երգե՜նք, երգե՜նք և երգենք
Արյանս հրդեհն քու կուրծքիդ տակ, և երգենք
Վերափոխումն քու հոգիիդ բյուրեղյա։
Ահա դուն ես, Արևելքի զերթ շռայլ,

Որ պորտիս տակ կը սավառնիս,
Եվ կը խմես շունչս բերնես իմ փրփրած,
Արևելյան դաշտերուն
Եվ լեռներուն երկնազգեստ
Բոսորագեղ դո՛ւ Աղջիկ։
Թագուհի ես տիրական,
Քու երակներդ կը վառին
Իմ արյունովըս ոսկի,
Դուն եզական, դուն գոռոզ,
Ազնվական իմ արյունով թաթավուն
Եվ սուգիդ տակ երջանիկ։
Ճակատըդ տո՛ւր մրրիկին,
Ես ետիդ եմ հաղթական
Եվ կարմրած բիբերով։
Թո՛ղ մրրիկներն օրորեն
Եվ մթաստվեր խորհուրդները անտառին
Քու հղությունդ, որովայնըդ ծանրակիր։
Ո՜վ արգանդն իմ թագուհուն,
Անեղծ Բաժակ, անմեկին.
Որ իմ սաղմին պիտի տա
Ճակատն աստծուն և աչքերը քերթողին։
Ո՜վ իմ մանուկ, որ մրրիկով կը քնես,
Պիտի կոչվիս խաղաղության մեծ իշխան,
Ո՜վ իմ Վարդը, իմ արյունես բողբոջուն
Եվ տարփանքիս պսակում։
Արևելյան հրաշազան կիսագունդ,
Քու արևդ է ալեկոծ
Նման փրփրոտ Օվկիանին։
Նարինջներուդ, լիմոններուդ, նուռերուդ,
Մանիշակիդ և վարդերուդ, գինիիդ
Երակներուն, ընդերքներուն մեջ խորին
Կ՚աճի, կ՚ուռի, կը ծաղկի
Քու արևըդ ոսկեման։
Դուն խորհուրդն ես կենդանարար ջերմության
Եվ փթիթին և ալյակին և կյանքին։
Դուն կը վառիս, դուն կը վառիս, կը վառի՜ս
Մեհյաններով, խարույկներով սրբազան.

Խորհրդանիշն ես աստղերուն, լույսերուն,
Առավոտը հորիզոնիդ վրա հաղթ
Շաղի, շողի փրփուրներով կը բացվի,
Եվ դարերուդ հետ խորհուրդներըդ խորին
Ազգերուդ հետ՝ հանդիսավո՜ր կը կենան։
Դուն ինքդ աղոթք, Արևե՛լք,
Եվ աղոթքներ կընդունիս,
Մարդկությունը կիսագունդիդ բովանդակ
Իբրև ծուխ մը օդասըլաց
Քու արևուդ կ՚երկարի,
Եվ կիները արևներուդ ծարավի՝
Գաղտագողի կը բանան
Նիգերն իրենց տնակին,
Արու ձեռքով զմռսված,
Եվ կը խըմեն շաղերն իրենց աչքերով
Որպես ճամփորդ մը հոգնած,
Որ դարուն մեջ մեկ անգամ
Կաթիլ֊կաթիլ քնարող
Ակի մ՚ առջև սառնորակ
Կարոտագին՝ կառնե կանգ…
Արև՜, Արև՜, նախնիքներուս դուն Հավատք,
Քու շաղերովդ ջերմացո՛ւր
Կուրծքըս ցրտին օտարոտի հողմերեն,
Բոցավառե իմ հոգվույն
Անտառըն հոծ, մթաստվեր։
Արև՜, Արև՜, տո՛ւր բիբերուս հրդեհներ
Եվ մազերուս սևություն։
Ո՜վ Արևելք, արևափառ ու հնոց՝
Ուր կրոններն հրկիզեցին մեծ գանգեր։
Դուն արևով փայլեցար՝
Արևն զքեզ համբուրեց։
Ահա մարմարն կիսակործան մեհյանիդ
Դեռ հավատքով ջերմին է,
Եվ ավերակներդ կը հնչեն
Մեծաբարբառ ղողանջով
Հին դարերու նվագներ

Եվ մեղեդին սրտերու։
Եվ երբ օր մը նվազի
Ջերմությունը արևիդ,
Ինչպես կ՚ըսեն Արևմուտքի գիտուններ,
Եվ Աթենքի և Հռոմի արձաններ
Մութ ու սառած աշխարհին
Մեռյալ կողին փակելով
Աննպատակ գիշերային միջոցին մեջ գալարվին՝
Քու քարերըդ, քու ժայռերըդ, ես գիտեմ,
Քու մարմարյա տաճարներըդ հեթանոս
Պիտի սփռեն ջերմություն մը տակավին։
Քու արևըդ կը վառե բոլոր քարերն ու իրեր
Եվ կը մտնե ընդերքներուն մեջ հողին՝
Ուրկե կ՚աճին, կը հրդեհվին
Բորբ վարդերը Շիրազիդ։
Օ՜հ, այս գիշեր սիրո գինին կը բորբոքի
Երիտասարդ երակներուս մեջ խորին.
Տիեզերքը մութին մեջ
Եվ խոլական և մերկ է,
Ապերասան և գինով
Ես արշավներ կը գործեմ։
Մա՜յր, գրկիդ մեջ ես կը վառեմ, կը ծաղկիմ,
Միջօրեիդ արևը զիս հիր ներկեց
Եվ ողողեց անմահության ցոլքերով…

Ահա Քրիստոսդ աստվածեղեն ծանրությամբ
Հորդանանի ափերուն Դավիթներու սերունդին
Սիրատարփիկ կույսերուն
Ճակատները և խորհուրդով, և վարդերով կ՚օծանե,
Տալով անոնց իմաստություն և երազ։
Որքան ահե՜ղ, երիտասա՜րդ և թաքո՜ւն
Կը կռանե իր իդեալն երկնային,
Եվ Աստուծո քնարով
Կը ղողանջե ստրկությունը մարդուն։
Գալիլիան, ուր զեփյուռները բոլոր
Վարդայուղի քաղցրությունով կը հորդին։

Ո՜վ սավառնումն երիտասարդ Աստըծուն,
Որ տակավին կը մրրկվի։
Եվ մազերը Քրիստոսին հերարձակ
Կը խռովե անուրջները դարերուն,
Եվ Խավարին ընդմեջեն
Կ՚անցնի իբրև Արեգակ
Սպառնագին և բանիվ…
Ո՜վ խոլական և պաշտելի մոռացությունը կյանքին,
Որ գերմարդը կը ծաղրե,
Որ կը հիմնե Երկրին վրա
Իշխանությունն Երկնքին։

Ահա Դեղինն Յանք֊ցենք֊յանքի եզերքին
Մեղուներու պարսին պես
Աշխատանքի կատարելատիպը կ՚ ապրի։
Կոմփյուկիոսը — մեծ Դաստիարակը Դեղինին
Կուտա անոր կատարյալին վերջին խոսք։
Եվ դարերը իզո՜ւր, իզո՜ւր կարծեցին,
Որ Չինաստանն խոր քնո մեջ կը նիրհե,
Այսօր դարձյալ կը վերածնի անիկա
Իր ընդերքեն, իր խորերեն մանկատի
Կ՚ըլլա երազ և բողբոջ։

Ես արյունեն, բնության լացեն խելահեղ՝
Կը դիմեմ
Դեպի Իրանդ վարդագեղ,
Դեպի տաճարն բլբուլներու, խոհերու։
Շիրազն արդեն ծաղկեր է
Կապույտ, կարմիր ու կանաչ,
Եվ վարդերու թերթերու փաթը մաքուր
Մեծ քերթողին — Հաֆըզի—
Հոգին, երգը կը խլրտի։
Ես արբած եմ, Արևե՛լք,
Չունիմ ոգի ինքնասեր՝
Գեղեցկությանը առջև։
Ներե՛, ներե՛ իմ ծունկերուս արյունին,
Որ արգավանդ հողիդ վրա կը կաթի։

Թո՛ղ որ ծռիմ, երկրպագեմ, պաղատիմ,
Թո՛ղ իմ հոգին ալեկոծ
Առնե ձևերը ստրուկի և քուրմի։
Ահա Խայամն, մեծ իմաստունը երգիչ,
Որ կը հեգնե ոլորտապտույտ տիեզերքի մեծ օրենք
Իր բաժակ մը գինիով։
Ահա Երգիչն, ահա կշռողը կյանքին,
Որ բաժակ մը գինիով,
Իր սիրուհու սպիտակ
Ձեռքերովը մատռվակյալ,
Անապատը դրախտներու կը վերածե։
Ահա գինին, հուր ու ժպիտ,
Ծունկերուն վրա Խայամին,
Եվ աչքերը անդունդներուն խորն ինկած,
Օ՜հ, արևներ կը գրկե
Մահվան սեմին հաղթական։
Ահա Երգիչն իմաստուն,
Որ տիեզերքը մատին վրա՝ կը հեգնե
Եվ սիրուհուն ժպիտին մեջը կուլա
Պարտությունը անհաղթելի օրենքին։
Բռնկե՛, բռնկե՛, ո՜վ բաժակ գինվո,
Եվ լեցո՛ւր
Սրտիս բացը լալագին։
Ես կանգնած եմ Զրադաշտի երկրին մեջ
Ավիսներու շուքին տակ.
Ահա այգը Կապուտանի լճին մեջ
Գեղեցկուհու նազանքներով կը լողա,
Եվ Զրադաշտն երկրին առջև
Իր խորհուրդներն առագաստի պես բացած՝
Հանդիսավոր, մարգարեի պես դժգույն՝
Լռի՜ն՝ կը կանգնի։
Պարսիկ աղջիկն վարդի փունջեր չփռեց
Զրադաշտի այրած, հոգնած ոտքերուն։
Քարոզեց սերը Երկրին,
Որ բողբոջն է ընդունայն…

Լոտոսները կը սարսռան, կ՚արտասվեն
Իմ ոտքերուս ծանրության տակը մարմար,
Գանգեսն խաղա՜ղ և հեզասա՜հ և հեշտի՜ն,
Աստվածներու խորհրդովը արբեցած՝
Կը մրմնջե ու կ՚անցնի։
Սաքիա Մունի… և ծաղիկներ կը բացվին
Ողողելով մեր երազներն ամայի։
Սաքիա Մունի…և ձայները կը լռեն.
Որովհետև աստվածները կը նիրհեն
Պերճ Գանգեսի ափերուն
Ծառերուն տակը պանպա։
Սաքիա Մունի… և Նիրվանան կը տիրե
Հոգիներուն մեջ թախծոտ,
Իբրև աննյութ, հսկա երազն այս կյանքին։
Եվ երկնքեն կը կաթի
Կապույտ ողկույզն շիթ առ շիթ
Աչքերուս մեջը մարած
Եվ հոգիիս արգասիք։

Վերջալույսը ահա ոսկի կը բխի
Եվ բուրգերը մութ շառայլով թաթավուն
Դարին առջև կը հորանջեն հաղթական։
Մեծ Նեղոսը կը խռովի, կը գալարվի, կը հորդի
Ճզմած դարերն իր ուժին տակ արգավանդ։
Եվ արտորան կը վառի
Միջօրեի ալիքներուն մեջ ոսկյա։
Ես կը կանգնիմ հնությանց առջև ապշահար.
Հին դարերուն սարսուռն հոգիս կը պատե։
Կ՚առնիմ ափիս մեջ դողդոջ
Քարի կաթիլ մը — պատմության հիշատակ—
Որքա՜ն երազ այդ բյուրեղին մեջ անշունչ…
Իբրև հյուլե կը կանգնիմ
Այդ հնությանց կոհակներուն մեջ լռի՜ն,
Կը մրմնջեմ ես մեղմիվ
Եվ քրմական երկյուղով.
«Ո՜վ Եգիպտոս, ով սֆինքսներ դուք համառ,

Ո՜վ Անմահներ դուք մեռած,
Որ հաղթական՝ կը նիրհեք…»
Ես կանգնած եմ քու հողիդ վրա, Արևե՛լք,
Բայց ճակատիս երջանիկ
Կ՚իջնե մոխիրն իրիկնային խորհուրդին։
Ահա կին մը գիսախռիվ, այսահար
Թևերն պարզած՝ կը վազե…
Արյուն, հրդեհ ու արցունք…
Ո՜վ Արևելք, Հայաստանըդ ահա,
Որ դարերուդ եղավ Վիշտը ծանրակիր
Եվ Երազըդ մթագնած։
Եվ օր մըն ալ այդ երկրին նվիրական խորշին մեջ
Նարեկացին իր հրդեհները երգեց
Եվ երազներն խռովալից։
Ո՜վ անկողինը ջերմին
Նարեկացուն երիտասարդ։
Նարեկացի՛, կիսաստված,
Սկզբնաշավիղ և երկյուղած դուն Քնար,
Որ մութին մեջ արշալույսներ գրկեցիր
Եվ անկողնիդ մեջ մոխիր՝
Սավառնեցար արևներուն հրակեզ։
Նարեկացի՛, մեծ աղոթք,
Երգ ու երկյուղ և սլացում,
Լապտերաբաղձդ վանքին մեջ,
Վերընծայումն կողկողագին և շնորհք,
Եվ ինքնաբուխ, աստվածամերձ և լուսեղ,
Հրաշանորոգ և մեծ կոհակ երազաց,
Վարդ բռնկած և մոխրին մեջը թաղված,
Եվ չարչարանք և մորմոք,
Դուն քաղցրություն և պաղատանք և անճառ,
Որ դաբիրին մեջ նսեմ
Ատրաշեկ սերըդ լացիր։
Նարեկացի՛, դուն վեհագույն արտասվող,
Որ տարփանքիդ ծովերուն բացն ալեկոծ
Հեծության նավըդ տարիր՝
Մատդ շրթունքիդ զմռսած։
Երկնային լացն քու հոգվույն՝

Կրոնակարկաչ և տրտում
Եվ բազմալար և անհո՜ւն…
Ո՜վ ջերմին Սիրտ Նարեկացուն սիրակեզ,
Որ հարսները չեկան բախել ժպտերես…
Որուն խուցին խունկը մեղմ
Աստվածները շնչեցին ու…լացին,
Նարեկացի՜, ո՜վ Հեծեծանք, ո՜վ Արցունք։


* * *


Իմ այս երգով դողդոջուն
Արևծագիդ կը հայցեմ՝
Իբրև մեհյանն հեթանոս
Լալահառաչ միջոցին։
Ո՜վ Արևելք իմ պապերուս և հավատքիս,
Կայլակ մը հուր կաթեցո՛ւր
Իմ դիակիս վրա դժգույն՝
Իբրև համբույրն արևիդ։
Եվ գերեզմանս փորողները թող հիշեն
Իմ Օվսաննան, որ աստղերուդ երգեցի
Իմ ալելուն, Աղոթքն այս…


1917 թ.

Տողատակեր

[խմբագրել]
  1. անձկանոք ― կարոտով, տենչանքով, փափագով