Արևելքի նոր դարագլուխը
Ասիան ու Եվրոպան կամ, ուրիշ խոսքով, Արևելքն ու Արևմուտքը լոկ աշխարհագրական տերմիններ չեն, այլև տարբեր քաղաքակրթություններ ու աշխարհայացքներ։ Հազարավոր տարիների ընթացքում էդ աշխարհներից ամեն մինը հանդես է բերել իր էս կամ էն գերազանց ուժը՝ իբրև իրեն ներկայացուցչությունը մյուսի հանդեպ։ Եվրոպա կամ Արևմուտք ասելով մի ժամանակ Հունաստան են հասկացել, նրանից հետո Հռոմ և կամ Բյուզանդիա, ինչպես որ Ասիա, և հատկապես Արևմտյան Ասիա կամ Արևելք՝ երբեմն Բաբելոն կնշանակեր, երբեմն Ասորեստան, երբեմն Պարսկաստան և երբեմն արաբական խալիֆայություն։
Եվ մինչդեռ քրիստոնյա արևմուտքի ժողովուրդները ժամանակի ընթացքում վեր են կենում հեգեմոնիայի դեմ ու ձգտում են հավասարակշռության, մյուս կողմը՝ իսլամական արևելքը արաբական գերիշխանությունից հետո ընկնում է թուրքի գերիշխանության տակ և 14-րդ դարից սկսած Թուրքիան հանդիսանում է արևելքի ներկայացուցչությունը արևմուտքի հանդեպ մինչև էսօր։
Եվ Բաբելոնից, Ասորեստանից, Պարսկաստանից ու արաբական իշխանաթյուններից հետո Արևելքը երբեք չէր ունեցել էսքան վայրենի, էսքան անկուլտուր ու անարժան մի ներկայացուցչություն։ Մինչև թուրքական գերիշխանությունը՝ Արևելքը, որ կրոններ էր տվել աշխարհքին փիլիսոփայական սիստեմներ, շատ մեծ բանաստեղծներ ու գիտություններ՝ մեծ էլ հարգ ու հմայք ուներ և միշտ կենդանի ապրում էր ավանդական խոսքը թե՝ Արևելքից է լույսը։ Թուրքական գերիշխանությունից հետո Արևելքը և խավարն ու բարբարոսությունը դարձան հոմանիշ հասկացողություններ։
Նա ոչ միայն ինքը չստեղծագործեց ու ոչ մի հանճարեղ բան չտվեց աշխարհքին, այլև դրսից չընդունեց ոչինչ և չմշակեց։ Միշտ մնաց սուրը ձեռքին ավերող։ Եվ եթե արգելենք նրան իսլամ ընդհանուր անվան տակ զարդարվելու պարսիկ, արաբ կամ հնդիկ հանճարների անուններով՝ կմնա մեջտեղը կանգնած իր նոմադական մերկությամբ[1] ձեռքին միշտ արյունոտ սուրը։
Եվ էդ արյունոտ սրով նա մորթեց Արևելքի կուլտուրական ժողովուրդներին, խորտակեց նրանց հին ու փառավոր կուլտուրաները և, վերջին մահացու հարվածը տալով բյուզանդական պալեոլոգներին, էդ սպանիչ սուրը մեկնեց Եվրոպայի սիրտը։
Չորս հարյուր տարի շարունակ գրոհ տվեց Եվրոպայի դարպասների վրա, որ խորտակի ու ներս խուժի՝ սպանելու արևմտյան քաղաքակրթությունը, ավերելու բարեշեն քաղաքները, ավարելու դարերով դիզած բարիքները, իր ձիաների սմբակների տակ տրորելու հումանիզմն ու վերածնությունը, կոտորելու Ռաբլեին ու Տասսոյին, Շեքսպիրին ու Սերվանտեսին, Ռուբենսին ու Ռաֆայելին, Կոպեռնիկին ու Գալիլեյին, Կոլումբոսին ու Գուտտեմբերգին և նմաններին։
Չորս հարյուր տարի Արևելյան Եվրոպան ահով ու սարսափով դիմագրավեց նրա դժոխային արշավին, մինչև որ 17-րդ դարում, Վիեննայի պատերի տակ, վերջնականապես կտրեց նրա առաջ անցնելու հույսը։
Այնուհետև կռիվն իրեն վրա առավ նոր զորացող Ռուսաստանը, որ երեք հարյուր տարի է՝ անհաշտ ու անդադար պատերազմ է վարում էդ դաժան ու խավար ուժի դեմ՝ հետզհետե կտրատելով ու կրճատելով նրա լայնածավալ տերության սահմանները և էսօր էլ, ահա, տալիս է վերջին հարվածը։
Մեծ է Ռուսաստանի էս ծառայությունը քաղաքակիրթ աշխարհքի առաջ, և երբեք նրա կառավարության հոռի կողմերը չպետք է արգելեն տեսնելու էս մեծ գործը, որի հաջող ավարտումը համաշխարհային տոն է քաղաքակրթության համար։
Տոն է մանավանդ էն ազգերի համար, որոնք դարերով կրել են թուրքի անտանելի լուծը և դարերով լալիս են իրենց անվերջ կորուստները նրա ձեռքից։
Եվ ահա էսօր նա՝ ռուսական հզոր բանակի առջև պարտված ու ջարդված, հարյուր հազարավոր անմեղ մանուկների, տղամարդկանց ու կանանց արյունով արյունոտ իր սուրը ձգելով հաղթողին՝ տեղի է տալիս դեպի իր հին բունը, դեպի Անգորայի հովիտները[2], որտեղից դարեր առաջ սկսեց իր քստմնելի ասպատակությունը աշխարհքի վրա։
Արդեն անցավ Վերին Եփրատից դենը, և հեռագիրն աշխարքին ավետում է, թե Մեծ Հայաստանը վերջնականապես մաքրված է թուրքական տիրապետությունից։ Վերջին զոհն էլ՝ հոշոտված ու ծվատված՝ արդեն ազատված Է նրա ճանկերից։
Պատմական ի՜նչ հոյակապ ավետիս։ Բացվում են Արևելքի ոսկի դռները ազատ ժողովուրդների, լուսավորության ու քաղաքակրթության համար և սկսվում է մի նոր դարագլուխ Արևելքի պատմության մեջ։
1916