Jump to content

Արևից առաջ և ոսկուց առաջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արևից առաջ և ոսկուց առաջ

Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության:
Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:
Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած:
Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ: —
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր: