Jump to content

Աւերակներուն Մէջ/Ճամփուն վրա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճամփուն վրա

ՃԱՄՓՈՒՆ ՎՐԱ

Օր․ Սաթենիկ Օհանջանյանի

Առաջին օրերեն՝ երբ գյուղացիներու զարհուրելի պատմությունները կլսեինք, մեր մտասևեռումը եղավ երթալ այդ արյունոտած ճամփաներեն, երթալ հուրով և սուրով ջնջված մարդկության հետքերուն վրա, ու մեծ դժբախտության դառնությունը զգալ իր բոլոր ցավագին ընդարձակության և անժխտելի իրականության մեջ:

Հիմակ՝ սայլին մեջ երկնցած՝ մեծ ճամփուն վրա էինք արդեն. ընդարձակ դաշտերուն խաղաղությանը վրա վերջալույսն իր վարդագույն մշուշը կանձրևեր: Տաք երկիրներու հատուկ մասնավոր գոլորշի մը արևին վերջին ճառագայթներեն կարմրած, կբարձրնար գետնեն ու հորիզոնին վրա հեռավոր լեռները, այնքան թեթև և անոսր կթվեին, որ՝ կշփոթեին իրենց գագաթներուն վերև սավառնող ամպերուն հետ: Կարծես ամբողջ երկիրը կվերանար ու այս անսահմանելի փափկությունը երանգներու և գիծերու իրենց դաշնակավոր թրթռացումներով՝ մեզ տանջելու չափ կհուզեր, որովհետև մեր հոգիներն այլևս անընդունակ դարձեր էին ըմբռնելու և վայելելու գերազանց գեղեցկությունն անսահման դաշտերուն, դեռ ոսկեգույն՝ հնձված հասկերու դողդոջուն շյուղերով:

Սայյք միշտ կառաջանար մեծ ճամփուն վրա. մտրակին շաչյունը և անիվներուն թավալումին աղմուկը կօրորեին մեր մտածումները. դեպի Միսիս է, որ կերթանք, ու միայն անունն այդ դժբախտ քաղաքին մեզ կնախապատրաստեր այն իրականության, որ մեր աչքերուն առաջքը պիտի ըլլար քիչ ատենեն:

Հիմա հետզհետե մեր գրգռված երևակայությունը կտեսներ այդ խելակորույս փախստականները՝ ցրված այս տարածության վրա, որոնցմե ոմանք արդեն վիրավոր, արյունով կակոսեն իրենց տաժանելի գնացքը, իրենց ետև հրդեհված հայրենի քաղաքը կմեռնի ճարճատյուններու մեջ ու հրացաններու գնդակները զիրենք կհալածեն, բոլոր այն մոտավոր գյուղերը, ուր դիմած էին ապաստան գտնելու հույսով՝ արդեն ավերակ դարձեր էին ու հորիզոնին ամեն կողմեն բոցի սյուներ կբարձրնային: Բոլոր ասոնք պատմած էին արդեն մեզի միսիսցի կիներն ու ըսած էին նաև, որ ան ատեն հունձքը եղած չըլլալով, ճարահատ մարդիկ ծածկվեր էին ցորենի հասկերու բարձրության ներքև: Բայց թշնամին մասնավոր շուներու առաջնորդությամբ՝ որսացեր էր զիրենք մեկիկ-մեկիկ, ու մարդիկ մեռեր էին իրենց հերկած, իրենց քրտինքով ոռոգած արտերուն մեջ…:

Սայլը միջոց մը կկենա ու մենք կիջնենք վար. հեռավորության մեջ, ավերակներու ընդարձակ տարածություն մը կերևա. Ինճիրլիք գյուղն է, գետնի հավասար եղած: Դիմացեն կիներու խումբ մը կառաջանա դեպի մեզ՝ նախ վարանոտ, հետզհետե ավելի վստահ քայլերով: Ամենքն ալ կճանչնանք գրեթե. իրենց սրտմտած ու տխուր դեմքերն ավելի դաժան են՝ իրենց քանդված տուներուն մերձավորության մեջ. մեկը թևը կերկրցնե դեպի Ինճիրլիք ու կարծես ներքին մտածումներու շարք մը ամբողջացնելով՝ խուլ ձայնով մը կըսե միայն սա բառերը.

- Ահավասիկ, հոն է՜ր…

Այրիացած ու աշխարհի բոլոր ուրախություններեն հրաժարած այդ կիները եկած են աշխատելու բամբակի արտի մը մեջ, որուն սպիտակությունն ալ ավելի հեռուն հազիվ թե կնշմարենք. մեկ քանի վրաններ կպատսպարեն զիրենք գիշերները: Վերջալուսային շառագույն ճառագայթներուն ներքև իրենց ցնցոտիներն ալ ավելի թշվառական կթվին ու իրենց խորշումներով ծերացած դեմքերն անձկությամբ ու դառնությամբ կժպտին մեզի:

Օ՜հ այդ ժպիտը… դողդոջուն հույսի բեկոր մըն է այդ ժպիտը, դյուրաբեկ ու երկչոտ հույսի, կառչած միմիայն մեր ներկայության, որ խորապես կտառապեցնե մեզ, մեր անկարողության գիտակցությամբը:

Ու հակառակ իրենց արցունքով պղտորած աչքերուն՝ ցավագնորեն կշարունակեն ժպտիլ, կարծելով, ատով շահիլ մեր ուշադրությունն իրենց խղճալի գոյության վրա: Կջանանք, որ իրենց հույսը տեղափոխեն իրենց աշխատության մեջ, սրտապնդող ու քաջալերող խոսքեր կընենք իրենց, բայց անոնք շատ բան գիտցող ու շատ բանի արդեն ականատես եղող մարդերու հոռետեսությամբ՝ գլուխնին կշարժեն ու կմերժեն հավատալ մեզի…: Ժամանակը կհասնի ու կմտնենք մեր կառքին մեջ: Երկար կնային մեր ետևեն ու մեր հրաժեշտի բարևներուն չեն պատասխաներ, իրենց նայվածքը կընկերանա մեզի ու կտեսնենք, որ ժպիտը կանհետանա իրենց մթնած դեմքերուն վրայեն, ու այն, որ ցույց տված էր Ինճիրլիքը, անջատվելով խումբեն՝ կառաջանա ու թևը կարկառելով նույն շարժումով դեպի ավերակները, կկրկնե նույն խուլ ձայնով.- Ահավասիկ հոն է՜ր…

Կառքը կթավալի արևի արագությամբ ու քիչ հետո կիներն այլևս չեն երևար:

Ամպերը կկուտակվին. երկինքը կապտագույն է. հովը նախ մեղմիկ, հետզհետե կսաստկանա և սայլը կառաջանա բարձրացած հողի փոթորիկի մը մեջեն:

Ուշ ատեն կհասնինք Միսիս. արևը մարը մտած է, բայց իր վերջին ճառագայթները դեռ րոպե մը կհրդեհեն բոլոր քաղաքը, դիմացը լեռները շառագույն են, Սիհունն իր կարմրած ջուրովը կանցնի հնամենի հռովմեական կամուրջին տակեն ու կարծես մեզի պատրանքը տալու համար իրականության՝ ավերակները կբոցավառին ուժգին և շարժուն ցոլքերովն անհետացող արևին, բոլոր այս վառ գույներու պերճանքը սակայն անմիջապես գրեթե կանհետի ու սգավոր ու մռայլ՝ ավերված քաղաքին ավերակները կցցվին դեպի փոթորկոտ և կապարագույն երկինքը:

Մեռած քաղաք, գերեզմանային լռությո՜ւն…: Պատմական Մամեստիան, հին դարերու քաղաքակրթությունն իր հնադարյան բեկորներով ու քանդված պալատներով, զարմանքով ու զարհուրանքով կնայի կարծես նոր ավերակներու վրա:

Անմիջապես կուզենք երթալ ավերակներուն մեջ, այցելել մոխիրներն այրվածներուն ու բարձրության մը վրա կանգնած՝ կփնտրենք ճամփան: Մեկ քանի տեղացի թուրքեր կանցնեին մեր մոտեն երկչոտությամբ ու կասկածով բարևելով. նույն դաժան տխրությունը նաև իրենց դեմքերուն վրա, կերևա. աչքերնուն մեջ կենսական բոցը մարել է կարծես, մեր օտարոտի երևույթը զիրենք անհանգիստ կընե ու արագությամբ կհեռանան խրտչած թե՜ մեր հետաքրքրութենեն, թե՜ վիշտեն… - Բարի եք եկե՛ր…:

Զսպանակն մղվածի պես կդառնանք դեպի հայերեն խոսքերը. արևեն սևցած տառապանքեն ծամածռած դեմք մը կցցվի մեր դեմ. երկա՜ր ատեն առանց խոսելու իրարու կնայինք. մեր հուզումեն զգացված հայը կտժգունի հետզհետե, հոնքերը կբարձրնան ու կիջնան, աչքերը գետին կսևեռե ու տարտամ շարժում մը կընե դեպի ավերված թաղերը:

- Կուզե՞ք երթալ դեպի մեր տուները… ժամանակն ուշ է… բայց կրնանք տեսնել:

Իր ետևեն կբարձրնանք զառիվերե մը. հետզհետե ընտանեցած մեր ներկայության, կսկսի խոսիլ նախ ընդհատ-ընդհատ, հետո ավելի արագությամբ, հանկարծ իր խոսքերը գահավիժում մըն են սարսափելի, անպատմելի դեպքերու, որոնց մտիկ կընենք հևալով, գալարված ուժգին ներքին ցավով մը ու կարծես փափագելով, որ ալ խնայեն մեզի, ալ չըսեին, ալ լռեին ու թույլ տային, որ գոնե րոպե մը կարենայինք հանգչիլ մեկ որոշ դեպքի մը վրա…:

Մարդը գինովցած է, սակայն՝ իր հիշատակներեն. անգիտակից հրայրքով մը կծանրանա ահարկու մանրամասնություններու վրա.

- «Քանի մը օրեր ես ինքս փախստական մնացի ջուրի հին ճամփու մը մեջ… գետնին տակեն կլսեի անորոշ աղմուկը հեծմունքներուն, աղաղակներուն… մինչև որ մարդու ձայն չի մնաց՝ հրացաններու ձայնը չի դադրեցավ… մինչև իմ թաքստոցիս մոտ մարդ սպաննեցին. երկրորդ իրիկունն էր. կմտածեի. եթե Արսենը' եղբայրս, ողջ մնացած ըլլար, ինքն ալ իմ պահվտած տեղս պիտի գար ծածկվելու, որովհետև ես և ինքը միայն գիտեինք այս ճամփուն մուտքը… երկար սպասեցի. հետո հույսս կտրեցի, հանկարծ որոշակի լսեցի ոտքի ձայներ, ճանաչա եղբորս քայլերը… Բայց մինակ չէր. քայլերուն արագությունը, անկանոնությունն ինծի հայտնեցին, որ կհալածվեր, հրացանի ձայները կմոտենային, պահ մը լռություն կտիրեր ու կրկին նույն աղմուկը… նախ սուր ցավ մը զգացի ներսս, աչքերս լցվեցան, եղբայրս ըլլալուն տարակույս չունեի… բայց հոգին ի՜նչ անուշ բան է եղեր… հետզհետե սկսա հոգ ընել… եթե եղբորս մտնելը տեսնեն ջուրի ճամփուն մեջ՝ զիս ալ պիտի գտնեն…»: Պահ մը լուռ, գլուխը կծռե, աչքերը կսևեռե գետինը, կարծես կվարանի խոստովանելու.

- «Շատ մոտս էին, գրեթե գլխուս վերև… սիրտս կթնդար կուրծքիս մեջ. կկարծեի, որ շատ հեռուեն կլսեն անոր ձայնը… երկու ձեռքերովս կոկորդս սեղմեցի՝ չպոռալու համար… քայլ մըն ալ՝ ու կորսված էի… գազանի պես կանգնեցա՝ մուտքն արգիլելու համար… ու նույն միջոցին քանի մը հրացան մեկեն պայթեցան ու մարմին մը իր բոլոր ծանրությամբ ինկավ գետին… վստահ էի, որ եղբորս մարմինն էր, բայց ինչ մեղքս պահեմ, մեծ հանգստություն մը տիրեց ներսս ու սրտիս թնդյունը դադրեցավ»:

Ու անտարբե՜ր մեր վիրավորված զգացումներուն, կանգնած ավերակներուն դիմաց՝ իր ստրկացած մարդու նսեմ աչքերը պտտցնելով քանդված տուներուն վրա, ուր այնքան մարդիկ են մեռել, փախստական մարդը, ապրելու, միմիայն ապրելու երջանկութենեն տարված՝ կկրկնե.

- Մարդուս հոգին ինչքա՜ն անուշ է եղեր…:

Ինչպես գրեթե բոլոր արկածյալները, ինքն ալ միմիայն իր անհատական կյանքով կզբաղեցնե մեզի, կհամառի պատմել, թե ինչպես օրերով անոթի մնացեր է ու այն ատեն միայն ելել է իր թաքստոցեն, երբ արդեն գերեզմանային լռություն կտիրեր ամեն կողմ:

- «Միսիսի մեջ հայ չէր մնացեր… բացի մեկ քանի երկաթագործներե, որոնք մահմեդական դարձուցեր ու պահեր էին իրենց մոտ, որովհետև ուրիշ երկաթագործ չի կա հոս…»:

Գիշերվան ստվերը սկսած է մթնցնել մթնոլորտը, երբ կհասնինք հայ թաղերուն մեջ. չարագուշակ և խանձված ավերակները կցցվին ամեն կողմ. զգուշավորությամբ կառաջանանք մերիններուն աճյուններովը նվիրական դարձած հողին վրա… որովհետև Միսիսի ավերակները միևնույն ատեն գերեզմաններն են մեր նահատակվածներուն. մարդկային ոսկորներու բեկորներ մեր ուշադրությունը սևեռել կուտան ու կզգուշանանք իրարու նայելու՝ մեր աչքերեն սարսափելով:

Ցավեն քարացած, անկարող՝ նույնիսկ արտասվելու, կմոտիկնանք յուրաքանչյուր առարկային. խանձված ցնցոտիներու կտորներ, կոնծած ֆես մը, ընտանի առարկայի բեկոր մը տաժանելի էվոքասիոներ ընել կուտան մեզի. որքա՞ն օջախներ քանդված են, ի՞նչ հույսեր ու երազներ, ինչքա՜ն լավագույն կյանքի ծրագիրներ ամեն մեկ ափ մոխիրի մեջ մահացած են:

- Այս տան մեջ 60 հոգիի չափ մարդ այրած է…:

Վաթսուն հոգի՞… ի՞նչ գումար տենչանքներու, ձգտումներու, վիշտերու ու տանջանքի… և ցցված պատերն ի վեր կնայինք, կարծես հուսալով նշմարել այն հուսահատական ոգորումները, վերջին գա լարումները, բոլոր ճգնաժամային տառապանքն այդ ցավագին մարդկության: Գլուխս կբարձրցնեմ ու կնայիմ երկնքին, կնայիմ լեռներուն, կնայիմ անկարեկիր ու գեղեցիկ բնության, - ու մեր գիտակ ցությանը գրեթե անծանոթ, անսահմանելի, բնազդային տառապանքե մը բռնած՝ կուզեմ բոլոր հոգիս աղաղակել, որովհետև այդ թափված արյունին ցավը մեր երակներուն մեջ ալ է:

Հիմարացած, խելակորույս՝ կթափառինք ավերակներուն մեջ.տղու կոշիկ մը այրած տան մը շեմին մոտ մեզ կդղրդե ավելի մտերիմ հուզմունքով, ո՞ր փախստական մանկիկին ոտքեն ինկած է, ո՞ր ա վերակին մեջ մոխրացած է այդ ոտքը, որ կկրեր զայն… փոքրիկ կոշիկ մը…երբեք կարելի չէ երևակայել այն ողորմելի, այն փղձկեցնող պատկերը, որ կրնա ներկայացնել անիկա, կրունկը քիչ մը ծռած ու ծայրը դարձած, մեզի կներկայացնե ոտքին կաղապարը դժբախտ մանկիկին… ամբողջ տղու կմախք մըն է կարծես:

Մութը հետզհետե կսաստկանա. ուրվականներու պես ավերակներու պատերը կարծես կշարժին իրենց ստվերներուն մեջ. գետինը՝ այրված ոսկորներու փոշիեն ճերմկորակ լույս մը կարտացոլա… տեղ-տեղ միայն կազմելով սև արատներ, լճացած արյունի հետքեր,որոնք դեռ կմնան անջնջելի:

- Արյան հետքը չանցնիր, - կըսե մեր առաջնորդող մարդը՝ բացատրելով. տեղեր կան, որ նույնիսկ մոխիրը խոնավ կթվի, այնքա՜ն արյունն առատորեն ժայթքած է ու արատը խոշոր ու սև կտարածվի որոշ կերպով:

Անդին ֆեսեր, պատառոտուն հագուստներ մեր ուշադրությունը կգրավեն… հարյուրավոր մարդիկ մեռեր են այդ տեղին վրա… փեռեկտված գիրքի թերթեր կես մը այրած, կես մը արյունոտ կպտուտքեն հովին քմահաճույքեն տարված, աչքերս կսևեռեմ էջի մը վրա ու արցունքի ամպի մը մեջեն կկարդամ.

«-Աստվա՜ծ, ողորմեա՜ մեզ և օրհնեա զմեզ, երևեցո զերեսս քո ի մեզ և ողորմեա՜ զմեզ»:

Սաղմոսի մը մեկ էջն արյունով ու արցունքով խոնավ գետնին վրա՝ զիս կվերացնե շփոթ զգացումներով և պահ մը ինծի կթվի՝ որ բոլոր ավերակներեն գերագույն հուսահատության կոչը համառորեն տակավին կբարձրնա դեպի այն անողորմ Աստվածը, որուն երեսը չէ երևցած այն սարսափելի ժամերուն մեջ:

Գիշերը' ստիպված Միսիս անցնելու, կտեղավորվինք խանին թերասին վրա հաստատված անկողիններուն մեջ. երկար ժամեր Րամազանի պատճառավ մտիկ կընենք թուրք ժողովուրդին ժխորը, աղմուկը, երթ ու դարձը, այլապես արդեն անկարելի է քնանալ. երևակայություննիս տանջված, կզգուշանանք իրարու հետ խոսիլ, միայն երբեմն մեզմե մեկուն արձակած սրտագին հառաչանքը կհայտնե,թե նույն նյութերուն շուրջը կթափառի մեր մտածումը:

Օ՜հ, սարսափելի գիշերը… անիկա միշտ քանդակված պիտի մնա մեր հիշողության մեջ և այլևս ոչ մեկ ուրախություն, հարափոփոխ կյանքի երևան բերած ոչ մեկ երջանկություն կարող պիտի ըլլա ջն ջել այդ գիշերվան սուգը մեր էության մեջեն: Երկինքը, կանաչորակ եղած աստղերու լույսեն կկամարանար մեր վերև, դիմացի լեռները՝ հանդիսավոր և տխուր, կհսկեին կարծես ավերակներուն վրա, երբ վերջապես թուրք ժողովուրդի ժխորը դադրեցավ ու լույսերը մարեցան մեր շուրջը, զարհուրելի մղձավանջներ կանգնեցան մեր սնարներուն մոտ ու մեզի պատմեցին դեռ չլսված ու հազիվ նշմարված արհավիրքները սարսափելի օրերուն:

Ինծի անկարելի է որոշակի արտահայտել բոլոր դժոխային տառապանքն այդ ժամերուն. արագ, պատկերներ ու դեպքեր կանցնեին հիշողությանս մեջեն ու կարելի չէր կենալ որոշ կետի մը վրա. դարձդարձիկ ու խոլական պար մը սարսափելի տեսարաններու՝ գլխապտույտի մը մեջ կվերացներ մեզի. երբեմն մտածումս միայն կհամենար տարտամ ու մեռելական դեմքի մը՝ որուն վրա արյունոտած բերան մը սևցած շրթունքներով կերևար ինծի՝ անմիջապես գրեթե ուրիշ պատկերի մը տեղի տալով: Հաճախ եկան այդ շրթունքները գերգրգռված երևակայությանս մեջ. ի՞նչ բառեր կային այդ շրթունքներուն վրա. իմ հիվանդագին հետաքրքրությունս իզուր ձգտեցավ մի առ մի լսել վանկերն այդ արյունոտ և ծամածռած ու սևցած շրթունքներուն. ի՞նչ փույթ սակայն. որովհետև անոնց դառն իմաստն իմ ցավիս մեջ էր ու իմանալի` իմ բնազդիս:

Լույսը ծագելուն` սայլը պատրաստված էր ու հարկ եղավ ճամփա ելլել դեպի Սիս. վերջին պահուն մեր հայ առաջնորդը մոտեցավ մեզի և առաջարկեց երթալ այցելել նաև եկեղեցին, ուր մեծ թվով մարդիկ այրած էին:

-Բոցերեն հալածված ու մոխրեն կուրացած մարդիկ փախչելու հուսահատության մեջ մագլցեր են պատերն ի վեր. իրենց արյունոտած ձեռքերուն հետքերը կան դրոշմված ավերակներուն վրա. երբեմն միսիսցի կիներ կուգան կնային այդ արյունի արատներուն և իրենց սիրականներուն հետքերը փնտրելով` կուլան անոնց վրա… շատեր հիմարացա՜ծ ցավեն` պատերը կհամբուրեն ջերմեռանդությամբ ու կխաչակնքեն այդ նշխարներուն առաջք:

Հակառակ մեր բուռն փափագին, կստիպվինք վերադարձին պահել այդ այցելությունը և ուշ չմնալու համար` անմիջապես ճամփա կելլենք:

Ընդարձակ դաշտեր, եզերված լեռներու շղթայով մը, գրեթե միշտ կկազմեին մեր հեռանկարները: Իրարու ետևե կանգնած գագաթները` իրենց հեռավորության աստիճանով, կներկայացնեն բոլոր ե րանգները` կապուտակ, մանիշակագույն, հաճելիորեն ներդաշնակված հարավային երկնքին շողշողուն և լուսավառ կապույտին հետ:Ճերմակ ամպեր նազանքով կսավառնին լեռներու վրա:

Ժամեր ու ժամեր տեսարանը միօրինակ է. երբեմն միայն մոտավոր գյուղակ մը` հյուղակներով կազմված, մեր ուշադրությունը կգրավե.եղեգնի ձողերով կազմված ու խոտով շինված այդ խրճիթները ծայրահեղ թշվառության պատկերներ են.մարդ չերևար.հեռուեն ամայացած կթվին. կառապանին կհարցնենք.

-Արդյոք հայո՞ւ խրճիթներ են:

Հեգնանքով ու չարագուշակ քրքիջով մը կխնդա մեր միամտության վրա, հետո ձեռքի շարժումով մը հորիզոնին չորս կողմը ցուցնելով կըսե.

- Ո՛չ մեկ հայու զյուղ, ո՛չ մեկ հայու խրճիթ չէ մնացած, բոլորն ալ այրած են…

Պահ մը կքշե սայլը՝ մտրակը շաչելով և ձիերը խրախուսելով, որ արագ երթան. հետո հանկարծ մեզի կդառնա ու կըսե.

- Այս երկու կողմի դաշտերը դիակներով ծածկված էին… հայ մշակներու դիակներով… երկար ատեն բացօթյա և անթաղ մնացին անոնք ու կամաց-կամաց փտտեցան արևին տակ… շուները ու երկինքի թռչունները բաժանեցին անոնց մարմինները… եթե փնտրես՝ դեռ ոսկորները կգտնաս…:

Նորեն մտրակը կշաչե ու կառապանն ավելի եռանդով կսուլե. ձիերը կշտապեն, ամենքս մեկ փախչելու ձև ունինք… պահ մը ետքը կառապանին գլուխը նորեն դեպի մեզի կդառնա.

- Վրանին խաչ մը հանող չգտնվեցավ:

Թուրք գյուղեր են ուրեմն. այլևս կասկած չկա, ու հակառակ բոլոր հավանականություներուն, ծանր կապարյա տխրություն մը կճնշե այդ թշվառության վրա. ո՛չ մեկ ձայն, ոչ մեկ մարդկային երևույթ. մարդիկ ծածկված են կարծես անդարմանելի դժբախտության մը մեջ… ու ծուխն իսկ, որ կբարձրնա, ասդին՜ անդին, խեղճուկ երդիկներե, - սգավոր և անսահմանելիորեն տխուր բան մը ունի այդ լռին ու իր չքավորության մեջ ամփոփված ափ մը մարդկության վրա…: ժամեր ու ժամեր կերթանք դարձյալ. խստադեմ ու առնական դիմագիծով հովվուհի մը բրտությամբ կառաջնորդե կովերու ու եզերու հոտ մը… կենդանիներեն շատերը չեն հնազանդիր իրեն, անընտե՜լ իր սիլուեթին ու իրենց բարի, խոհուն միամիտ նայվածքն ուղղած մեզի՝ կհամառին իրենց շեղումներուն մեջ: Հովվուհին խթանով կմղե զիրենք. ինքն ալ կհամառի ու անոնցմե ոմանց եղջյուրներուն անցնելով պարանը՝ կքաշե իր ուզած ուղղության, կովերեն մեկը կբառաչե, երկա՜ր, ցավագի՜ն, կարծես հայրենաբաղձ ձայնով մը. այդ ձայնը կդրդե մեզ ու մեր աչքերը կարցունքոտին:

- Ինչպե՜ս հայտնի է, որ կենդանիներն ընտանի չեն իրենց տիրուհիին, - կըսենք իրարու, ու գորովանքով կնայինք այդ անհնազանդ հոտին վրա: Մինչև իրիկուն կերթանք այդպես. մեր ուշադրությունը երբեմն կգրավի հնադարյան բերդի մը երևումով. ժանյակավոր պարիսպներ, կիսով քանդված աշտարակներ, բոլոր հետքերը հունական և հայկական քաղաքակրթության՝ փոխն ի փոխ կզբաղեցնե մեզի: Տեղ-տեղ ժայռոտ ու ցցված լեռան մը գագաթը բերդը կկանգնի, դեռ կարծես պահած իր պատմական հեղինակությունը. ու ակամա կխորհիս բոլոր այն պայքարներուն, այն անխնա հալածանքներուն, ու հուսահատական ոգորումներուն, որոնց թատերավայրերը դարձած են դարերու ընդմեջեն՝ այս նույն դաշտերը, որոնք անգամ մըն ալ կխաղաղնան նոր թափված այրիներու և դեռ իրենց միսերեն չմաքրված ոսկորներուն վրա…:

Իրիկվան դեմ կերևա Անավարզա բերդը՝ վարդագույն մշուշի մը ընդմեջեն, իր պատառտուն ավերակներով սեգորեն կանգնած արհամարհելով ժամանակը ու դեպքերը, ու նույնիսկ կարծես անագորույն գեղեցկությունը բռնության, որ իր ներդաշնակության մեջ, ինչպես բեհեզյա պատրանքի մը՝ կծածկե փտությունը թափված արյունին ու դիակներուն:

Իրիկնամուտին կհասնինք վերջապես Սիս… պատմական մայրաքաղաքը: Գերագույն աստիճանի հուզումով մը լեցուն է մեր հոգին. քաղաքը, իր ճերմակ տուներով կտարածվի լայն հովտի մը մեջ միջնադարյան բերդադղյակի երևույթով վանքին ստորոտը: Հեռավոր լեռնաշղթաներն իրենց աստիճանական կապույտին մեջ պարփակված կկանգնին պահակներու նման. ամեն բան կես ստվերի մեջ է և խաղաղության ու ներդաշնակության զգացում մը կծածանի միջոցին մեջ:

Սայլը մեծաժխոր աղմուկով մը ոստոստելով անկանոն սալահատակներուն վրա՝ կառաջանա քաղաքին մեջ. տուները փակ են ու մարդ չկա. լուռ է ամեն կողմ. միայն ցանցառորեն փոքր ու գիրուկ մանուկները գլխաբաց կմոտենան մեզի, զարմացումով կնային ու կքաշվին: Ահավասիկ վերջապես հայաբնակ քաղաք մը, որ ինքզինքը պաշտպանած էր թշնամիին հարձակումներուն դեմ. հոգինիս զեղուն է զանազան կարգի զգացումներով. կմտաբերենք հեռավոր և մոտավոր անցյալը, բառերը ու դեպքերը կշփոթվին ու մենք անձնատուր կըլլանք բոլորովին նորատեսակ արբեցության մը:

Քանի մը րոպե ևս, և ահա կցցվին երկու հսկայական սյուները, մնացորդ՝ անցյալ փառքերու… հոն է նաև վանքն իր այլևայլ բաժիններով տարածված բերդին պարիսպներուն ետին․ մոտալուտ գիշերվան ստվերապատ մթնոլորտին մեջ սև և սեպ կցցվի մեր աչքերուն առաջք ժայռոտ լեռը, որուն կողերուն վրա շինված է վանքը և որուն գագաթին վրա պիտի գտնանք Լևոնի Բերդը, արծիվներու բնակարան: Հետզհետե մեր աչքերը կորոշեն նաև մայրաքաղաքի եկեղեցին, բոլորովին նման միջնադարյան դղյակի մը, իր հնամենի տեսքով, բարձր կանգնած և ճակատը դարձուցած քաղաքին:

Այն քանի մը օրերը, որ անցուցինք Սիսի մայրավանքին մեջ, անմոռանալի օրեր եղան մեզի համար, քաղաքացիները դարպասը կուգային տեսակցելու և խորհրդակցելու մեզի հետ իրենց հոգերուն, ցավերուն, բայց մանավանդ կրթական գործերուն վրա. հանկարծ խոսակցությունը կշեղեր, կհիշեին հարձակումի տխուր օրերը և մենք ալ իրենց հետ ուժգին հուզումով մը կապրեինք այն ժամերը, որոնց մասին կպատմեին:

Բայց որքա՜ն հպարտանալու պատճառ ունեինք. Սիս քաղաքը, խոհեմ, իմաստուն, և քաջարի վճռականությունով մը ինքզինքը պաշտպանել էր թշնամիին դեմ. հազարներով եկեր էին պաշարելու զիրենք, աչքերնին վառած թալանի ու կողոպուտի հրայրքեն և բերաններնին լեցուն հայհոյություններով և սպառնալիքներով:

Օրերով և օրերով խաղաղասեր և ընդհանրապես երկրագործ քաղաքացին մեկ կողմ ձգած մշակության գործիքները, հրացանն ուսին պատրաստ կեցեր էր ինքնապաշտպանության պատնեշին վրա. և անսալով իրենց քրիստոնեական ոգիով թրծված առաջնորդներու հորդորներուն, ոչ միայն հախուռն և հարձակողական դիրք չէին բռներ, այլ նաև խնայեր էին թշնամիին ու «ոչ մեկ գնդակ առանց բանավոր պատճառի չէր արձակված» իրենց կողմե:

Կիները և տղաքն ապաստան գտեր էին վանքին մեջ այդ օրերուն, երբ վարդապետներուն վրայեն ավելի վառոդի հոտ կուգար, քան թե խունկի և անոնց բերնեն կլսվեր փոխանակ աղոթքի և համակերպումի հրավիրող հորդորներու, խրախույս և քաջություն: Ու ամենքը, նույնիսկ պատանիներ ու ծերունիներ խանդավառ և հայրենի քաղաքին պաշտպանությանը հոգովը ջերմեռանդ ուրախությունով կդիմեին որոշված դիրքերը… ու վերջապես այդ միահոգի և արիական դիմադրութենեն հուսահատած՝ թշնամին, հետզհետե հեռացեր ու անհետացեր էր քաղաքին շրջապատին, տեղացիները երախտապարտությունով կհիշեին այն ժամանակին Սիս պաշտոն ունեցող կառավարիչը, որն իր տրամադրած ուժերով մասնակցեր էր քաղաքին պաշտպանության:

Ինչչա՛փ երջանիկ, ինչչափ խաղաղ էր մեր հոգին այդ մեկ քանի օրերուն մեջ. ամեն բան և ամեն անձ տոգորված էին հոս այն սքանչելի պարզությամբ, որ մեծերու հատուկ վայելչություն մըն է. շրջապատված՝ ազնիվ և մեծահոգի հայրենակիցներով և պատմական բեկորներով մեզի կարելի եղավ ապրիլ անցյալին նվիրական երազներուն մեջ. ու որքան ալ արցունքով օծված ըլլային այդ երազները, անհունապես քաղցր էին մեր մղձավանջներով լեցուն հոգիներուն համար:

Վեհարանը խաչաձև սրահ մը՝ օթոման ոճով շինված Կիրակոս Կաթողիկոսի օրով, կգտնվի վանքին վերև ավելի բարձր հաստատված լեռան մը կողքին վրա: Հոն էր, որ կերթայինք օրվան մեջ քանիցս մտիկ ընելու Վեհափառին սքանչելի ձայնը. իր խոսքերը՝ առհասարակ ներշնչվածի խոսքեր էին, լեցուն բարձր բանաստեղծությամբ մը: Իր հեղինակությունը, գերազանց մարդու հասկացողությունը, ու թափանցողությունը հաճելի էին մեր գերգրգռված ու տանջված գլուխներուն. ու արցունքը, որ կուգար մեր կոպերուն վրա՝ կորուսած էր այն դառնությունը, որով թունավորված կզգայինք իր ներկայութենեն հեռու: Անիկա իր կորովի և արի հոգիովը մեզ կառաջնորդեր ամենեն խորը մեր ազգային տառապանքին, մեզ դեմ առ դեմ կբերեր մեր ցավին հետ, կուզեր, որ քաջությունն ունենայինք մեր դիմացը երկարող տաժանելի ու ցամաք ճամփուն նայելու, ազատագրված որևէ պատրանքի մեղկացնող մխիթարութենեն:

Սև վեղարին տակեն, որուն շուքը կիյնար մինչև ճերմկած մորուքին վրա, Վեհափառը կխոսեր մեզի համբերությամբ ու հեղինակությունով ու իր նայվածքը րոպե մը չէր դադրեր արտահայտելու այն անմխիթարելի վիշտը, որով աչքերը իր համակված էին և ուր բաց գիրքի մը պես կարելի էր կարդալ Կիլիկիան իր ցավերով, իր ավերակներով ու նաև իր մարտնչող և հերոսական շարժումներով:

Երբեմն ալ կխոսեինք երեկին վրա, երբ նոր սուգովը չէր մրոտած իր ժողովուրդը. անդառնալի օրեր…:

Կպատմեր իր երազները երկրին տնտեսական դրության, բարգավաճման, վանքապատկան հողերու և այգիներու շինության, Թլան ագարակին, հոտաղներուն ու ջաղացքներուն վրա…: Ու նաև կրթական երազներուն, դպրոցներու հիմնարկության կամ բարձրացման, կիլիկեցի օժտված երիտասարդության առաջացմանը, աղջիկներու զարգացումին վրա…:

Ու բոլոր այս երազները, ինչպես կանխահաս ծաղիկներ, թառամած ու կորսված էին հավետ:

Ու իր լայն շարժումը, իր մեծահոգի մարդու դառնության շարժումը կարծես կգերեզմանե մեկ անգամեն բոլոր այդ խաղաղ և քաղաքակրթիչ իդեալները, որ կրցած են սավառնիլ այղ կղզիացած հայության վրա՝ հակառակ ճնշումներու, հակառակ բռնադատված ստրկության…:

Վեհափառեն հրաժեշտ առնելե ետք ամեն իրիկուն կհավաքվեինք Գյուտ վարդապետին աշխատության սենյակը, ու մեզի գաղափարակից միաբաններ կսպասեին և ուր երկարորեն կխոսեինք ու կվիճաբանեինք օրվան ամենեն բաբախուն խնդիրներու վրա: Կաթողիկոսական փոխանորդ՝ Ղևոնդ Ծ. վարդապետ Թուր Սարգիսյանի ճշմարիտ հավատացյալի ջինջ ոգին կճառագայթեր իր ամեն մեկ խոսքերուն մեջ. իր ձայնն օծված էր կարծես խունկով ու կնդրուկով. իր բարի ու ներողամիտ քրիստոնյայի խաղաղ բարյացակամ նայվածքը, իր շարժումներուն ներդաշնակությունը կամբողջացնեին Գյուտ վարդապետի եռանդուն արագաշարժությունը, սրամտությունն ու գրեթե մանկունակ ոգևորությունը:

Հոն էր նաև Ներսես վարդապետ Դանիելյան, Հաճնի տառապյալ առաջնորդը, իր մարտիրոսացածի նիհար և լուսացայտ դեմքով, իր Քրիստոսի նմանությունովն այնքան սրտագրավ. իր վերջին, զնդանե զնդան կրած չարչարանքներուն դրվագները կպատմեր հոգնած և ալ աշխարհի դեմ քենոտած մարդու դառնությամբ: Երբ կջանայինք զինքը խրախուսել, ինքը կհամառեր իր տխրության մեջ և իր քիչ մը շնչատ մարդու բեկբեկուն ձայնով կըսեր.

- Մարդասպաններու հետ քով-քովի ապրեցա օրերով, ձեոքերուս շղթա անցուցին ու ամենահասարակ ոճրագործի անարգանքներով Հաճնեն Էրզին տարին զիս…: Նախատեցին ինծի և թույլ տվին, որ իմ եղբայրներուս արյունով կարմրած ձեռքեր վիրավորեն ու խոշտանգեն զիս… երբ բոլոր այս բաները կապարված տեսա, աշխարհիս դեմ զզվանքս անչափ եղավ…: Սրտիս ճրագը մարած էր այլևս:

Մեր ամենեն սիրելի խոսակցության նյութը Հաճնն էր ընդհանրապես. ինչքան ջերմ եռանդով մը կփափագեինք երթալ դեպի այդ չքավոր այլ հերոսական հայությունը: Այլևայլ պարագաներ արգելք կըլլային մեզի, ու ևս առավել չհագեցած ծարավով մը՝ տեղեկություններ ու դրվագներ կհարցնեինք Ներսես վարդապետեն և ուրիշ միաբաններե:

Հաճն ոչ միայն ամենեն շատ զոհ տվող վայրը եղած է, որովհետև իր բոլոր երիտասարդներն աղետին օրերը կգտնվեին ցրված Կիլիկիո բոլոր կողմերը, այլ նաև իր անհավատալի պաշտպանությունով, իր վեհանձն ու մարտնչող ոգիովն ընդհանուր դժբախտության մեջ այն բացառիկ անկյուններեն մեկն է, որուն մեր ազգային հպարտությունը պետք ուներ կառչելու. Հաճնեն դուրս ալ արդեն ամեն տեղ հաճնցիներ մեծ դեր են խաղացեր: Հերոսաբար աղքատ, չարքաշ, վարժված լեռնական անընտել ու անհանգիստ կյանքի, արյունին մտրակած ձյունապատ լեռներու կողերեն փչող սառնաշունչ հովերեն, օժտված պողպատի պես ամուր ու չոր անդամներով, դյուրաշարժ, ճապուկ վտիտ, լավ որսորդ և հետևաբար լավ նշան առնող, հաճնցիները, հակառակ զրկված ըլլալնուն իրենց լավագույն եղբայրներուն բազուկեն, ըմբոստացեր էին թշնամի խուժանին արյունատենչ հարձակումներուն դեմ և մտադրեր են մեռնիլ ու չհանձնվիլ: Ու իրենց խնամքին տակ գտնված այրիներուն ու որբերուն պատիվն անբռնաբարելի մնացեր էր:

Այլ սակայն Հաճնեն դուրս մեռնող հաճնցիներուն թիվն այնքան մեծ է, որ սուգի թանձր ամպ մը կծածանի իրենց վրա, և տուն չկա, որ այրի մը ու քանի մը որբ չունենա իր երդիքին ներքև:

Երբեմն անդարմանելի կորուստներու, սարսափելի չքավորության պատմություններեն տխրորեն օրորված մեր միտքերը հանկարծ կբոցավառեին հերոսական մաքառումի դրվագով մը: Ու պատմողին շրթունքներեն կախված, սրտատրոփ մտիկ կընեինք, երջանիկ ու երախտապարտ անոնց, որոնք թույլ տվին, որ մեր այս տաժանելի ճամփուն վրա երբեմն կարենայինք հպարտությամբ գլուխնիս բարձրցնել: Հաճախ հուզմունքն այնքան զորավոր էր, որ, հավասար սարսափելի և ճնշող պատմաթյուններու, առատորեն արցունք թափել կուտար մեզի…:

Մեր հասած օրը շաբաթ մըն էր. հետևյալ առտուն, կիրակի՝ ներկա եղանք պատարագին: Սիս քաղաքին մեծամասնությունը խռնված էր եկեղեցիին մեջ. զլուխնին ճերմակ լաչակով ծածկած կիներու բազմություն մը կերևար վերնատունեն ու գավիթեն. այրերը բաժնված անոնցմե՝ կլեցնեին մնացյալ մասը: Լևոնի գահը՝ կամ այդպես կարծեցյալ մարմարակերտ պատվանդանը նույնպես մարմարյա քանդակներով զարդարված ամպհովանիով կկանգներ դասին մեջ՝ մեծադիր խաչ մը գագաթին վրա: Ո՞ւր էր սակայն թագավորը, ո՞ւր էին իշխանները, ո՞ւր էին այն զորավարներն ու զինվորները, որոնք քանի մը անգամներ հուսահատութենե քաջացան նույն այս տեղերուն վրա, ուր թերևս դեռ իրենց փոշին կծածանի. եկան սրբազնանալու և ուժ առնելու այն խաչեն, որուն անունովը կկռվեին: Երիտասարդ աղջիկնե՜ր ու կինե՜ր… ո՞ւր են այն քաջարի բազուկները, որոնց բարձրացուցած սուրերուն շուքին տակ կյանքը կանցներ ապահով և քաղցր երջանկությունով մը պարուրած: Պատարագին ամբողջ տևողությանը միջոցին ջերմեռանդության սարսուռ մը կհուզեր բոլոր ներկաները. կիներն ու այրերը կրոնական արբեցութենե բռնված՝ անօրինակ եռանդով մը կերկրպագեին ու կխաչակնքեին այդ եկեղեցիին մեջ, որուն պատերը դեռ հին թագավորական մատուռին կպատկանին: Ես աչքերս հառած, երկարագլուխ արծվին՝ Կիլիկիո Տան խորհրդանշանին, որ կսավառնի խորանին վերև, ես կապրեի անցյալի երազներուն մեջ. ու պատրանքս այնքան զորավոր էր, որ դառն ու անագորույն իրականությանը՝ քանի մը ժամ օտար թվեցավ ինծի և խորշելի, չարագուշակ մղձավանջի մը պես: Նույն օրը կեսօրե ետքը բարձրացանք Լևոնի Բերդը:

Ո՞րն է երազը, ո՞րն է իրականությունը. միտքս կվարանի կանգ առնել ու բոլոր զգայնություններս շփոթված են մինչ տաժանքով կբարձրնանք սեպ լեռան կողն ի վեր…:

Ահավասիկ մեր անցյալը՝ հսկայական գերեզման, որ կանգնած է ավելի բարձր, քան մեր ամենուս միացած կյանքերուն տափակությունն ու միջակությունը… Ու մինչ մենք հազվադեպ առիթներու մեջ սողալով կհասնինք դեպի ան, ինքն անմատչելի կթվի և կարծես մեր ստրուկի ներբանները երբեք չպիտի կոխեն իր նվիրական հողին վրա…

Մոռնա՛լ անցյալը, ի՜նչ ոսկեզօծ ստություն… սպանել զայն մեր հիշողության բջիջներուն մեջ, երբ մեր ծնած ատենը մեզի հետ կբերենք զայն… անկարելի, անկարելի բան է ատ. ո՛չ մեկ ատեն չեն հաջողած թումբ կանգնեցնել բնության անթափանցելի և իմաստուն տրամադրությանցը դեմ…: Աշխարհիս բոլոր բռնապետները միացած անկարող են մարդկային կամքին անբռնաբարելի և անշոշափելի զորության դեմ: Արյունն իր առանձին օրենքներն ունի, որուն իշխանութենեն չենք կարող ազատիլ, ի՞նչ դաշինք և ի՞նչ համարձակություն կրնար մեզի մոռցնել տալ անցյալը, երբ անիկա կապրի մեր արյունին ամեն մեկ կաթիլին մեջ: Քնացնել, ու օրորել զայն իր բնական ձգտումներուն օտար երազներով, ահա ինչ որ կհաջայինք առաջ բերել ժամանակի մը համար…:

Քարե-քար, ապառաժե-ապառաժ կմագլցինք դեպի Լևոնի Բերդը, որ տարածված կերկարի լեռան գագաթին ամբողջ ընդարձակությանը վրա: Սև ու խոշոր թռչուններ՝ առանց թևերնին շարժելու կսավառնին ու կկորսվին ամպերուն մեջ: Ավերակները տեղ-տեղ քանդված՝ սև ու խորհրդավոր փոսեր կներկայացնեն, մինչ ուրիշ մասեր կկանգնին գրեթե անկեղծ իրենց վայրենի ճարտարապետության բոլոր խրոխտ գեղեցկությունովը:

Դեպի վե՜ր, դեպի վե՛ր… սև թռչուններն ավելի բարձր կխոյանան. ու բերդը կբարձրանա կարծես, կձգտի դեպի ամպերը, որ սպառնագին կուտակված են իր ժանյակավոր պարիսպներուն վերև…: Մեր ուխտագնացությունը որքան հետզհետե տաժանելի, այնքան նպատակին հասնելու փափագն ուժգին կդառնա: Մարմնով հոգնած ու շնչասպառ, մեր մտքերը լուսավորված են անցյալին հուշքերով, որոնք նորօրինակ տենդով մը կվառեն մեր հարազատ արյունը, ու այսպես է, որ կհասնինք պատմական և նվիրական բերդին ավերակներուն…:

Հսկայական պատեր, անքանդելի պարիսպներ, կարծես բնության ծոցեն դուրս խուժած և ուր մարդկային ձեռքեր դպած չըլլային, կկանգնին տեղ-տեղ ճեղքված մեօրթրիերներու անձուկ լուսամուտներեն…: Այն սրահները, ուր իշխանուհիներու բեհեզյա շրջազգեստները պտտած են` ծածկված են հողով և խուլ բուսականություն մը ազատորեն կապրի իշխանազուններում հետքերուն վրա: Դողդոջուն ու կարմիր մեխակները, սգավոր մանիշակագույնը վայրենի ծաղիկներուն և անանուն տարտամությունը անհամար ինքնաբույս կանաչության մը՝ ա՛լ ավելի բուռն կերպով կշեշտեն դարավոր գերեզմանի տպավորությունը:

Այլ սակայն ի՜նչ պատերազմիկ ու ճգնաժամային կյանք մը եռցած է այս պարիսպներուն շրջափակին մեջ. ամբողջ Լուսինյան իշխանության պատմությունը կա ամփոփված այդ ավերակներում մեջ. կարծես պարիսպները ժամանակին քմահաճույքներուն ձևակերպված, անջնջելի տառեր են ցցված երկինքին դեմ, որուն հետ փոխնիփոխ անօգուտ աղերսանքի, խրոխտ գանգատներու ու սրամտության մտածումներ կփոխանակեն:

Սպառնագին ամպերը կկուտակվին լեռան վրա, ու բերդը, արևին ճառագայթներեն զրկված, ավելի մեռելային մռայլություն մը կստանա: Այդ բարձրության վրա, այդ հնադարյան բերդին մեջ՝ աշխարհես բաժնվածի տպավորությունն ունինք, ու մեր լռին ու հանդիսավոր դարձած շրթունքներուն վրա, կարծես, այլևս երբե՜ք, բայց երբե՜ք, մարդկային ժպիտը, իր զանազան ունայնամտություններով չպիտի ծաղկի…

Երբ թշնամին կմոտենար մեր սահմաններուն ու երբ ազատներն ու պարոնները կերթային կռվելու, տոհմիկ ընտանիքները կապաստանեին բերդին մեջ, ու թագավորին տխրությունով օծուն նայվածքը հառած կըլլար սա հովիտեն անդին, ուր շրջապատող լեռներեն կրնար անցնիլ թշնամի բանակը: Այդ օրերուն բերդը վրդովված կյանքով մը լեցուն կըլլար. մինչ հաղթանակի հույսը ու պարտության մը ամոթը փոխնիփոխ բաբախել կուտային տիկիններուն սրտերը…

Այն ատե՜նը… այս սրահը, որուն միայն տատասկներով զարդարված հողին վրա մողեսներն ազատորեն կանցնին և ուր գիշատիչ թռչունները բույն են դրած, այս սրահը ժամադրավայրը կըլլար գերագույն խորհրդակցությանց, ուր մեկ ժամեն մյուսը մեր ցեղին արդեն վճռված ճակատագրին լրանալուն կսպասեին….

Այն ատենն ի՜նչ մթին նախագուշակությունով տանջված են մտքերն անոնց, որոնք իշխանության բեռն ունեին իրենց ուսերուն վրա, որ գրեթե հաջորդաբար իբրև սարսափելի աղետե մը մեր թագավորներն ուզած են փախչիլ ու ապաստանիլ վանքի մը լռության ու ապահովության մեջ… ի՜նչ մղձավանջ իրենց անարյունցած ուղեղները կպաշարեր, ի՜նչ սև տեսիլք կհալածեր զիրենք. ու ի՜նչ արհավիրքով կնայեին ապագային, ու ոչ մեկ ուրախություն, ոչ մեկ իշխանավայել խրախճանք իր փողերը չէր հնչեցներ Կիլիկիո չորս կողմերուն վրա:

Ընդարձակ մարգագետիններուն վրա. որոնք կտարածվին լեռան շուրջը, ամպերու ներքև մարած արևը մեղմ ու նրբին երանգներ կմաղե: Հեռավոր լեռնագոտին անհավատալի թափանցիկություն մը կստանա. վարը, Սիս կորսված է` հովտին մեջ. մենք ամպերու մեջն ենք գրեթե. կամարակապ սրահին դիմացի բացվածքեն կտեսնենք, որ թռչուններն արագորեն կսուրան ու կհեռանան, մինչ աչքերս հառած կիսովին արված արձանագրության մը` կջանամ վանկերը կապել, մեզի կիմացնեն, թե պետք է շտապել, որովհետև փոթորիկը մոտալուտ է: Մեր ետևեն կայծակներ լռին կճեղքեն արդեն ամպերը իրենց լուսեղեն հարվածով:

Շուտով կայցելենք նաև ուրիշ սրահներ, ջրամբարը, բանտը, ու կսկսինք իջնալ լեռն ի վար: Ճամփուն վրա կերկարին դեռ պարիսպները, ու երկար ատեն անոնց մոտեն կշարունակենք ճամփան:

Հանկարծ ամբողջ երկինքը կդղրդի, սև ու կուտակված ամպերը կշարժին, ու կայծակը, առանց դադրելու, կփայլատակե:

Բնության այս վրդովմունքին մեջ է, որ կուրացած փայլակեն ու խլացած` որոտումի աղմուկեն, կհասնինք վանքը` հոգինիս բեռնավոված անսահմանելի և քաղցր տխրությունով և ցավով:

Միաբանները կաոաջարկեն մեզի, մեկնելե առաջ, այցելել նաև եկեղեցիին թանգարանը,ուր կհուսանք հնություններ գտնել: Դժբախտաբար սակայն, չեմ գիտեր, ինչո՞ւ վանքն աղքատ է հնություններով: Այլ սակայն Հեթում թագավորի Ավետարանը, ուր Լևոնի ուխտը կա արձանագրված, մեծապես շահեկան և սրտագրավ է մեզի համար. արծաթ ու ոսկեդրվագ գավազաններ ու սկիհներ իրենց ծանրությամբը արժեքավոր ու իբրև արվեստի առարկա և հնություն գրեթե միջակ, կանցնին մեր աչքերուն առջևեն, երբ մեկեն պահարանապետ վարդապետը մեզ կներկայացնե սկիհ մը, որուն մեջ կարմիր գիծ մը կերկարի ու բաժակին խորության մեջ կաթիլ մը կկազմե: Վարդապետը կպատմե ավանդությունը. Կիրակոս Կաթողիկոս, որուն շինարար տաղանդն ամեն րոպե աչքի կերևա վանքին ու եկեղեցիին մեջ այնպես, որ իր ներկայությանը զգացումը կունենաս միշտ, ուշադրությունը հրավիրեր է թուրքերուն, որոնք խորթ աչքով կնային եղեր իր՝ հայ վանքին բարեզարդությանը տված ջանքերուն. զինքը շատ հպարտ ու շատ օժտված գտնելով րայաի մը համար, ամբաստաներ են ու որոշվեր է, որ իր պատիժը կրե: Կիրակոս Կաթողիկոս մահվան դատապարտվեր է. ու Սիսեն մեկնելե առաջք, վերջին օրը, վերջին անգամ պատարագած ատեն այն սեղանին առաջ, որուն պայծառությանը աշխատելուն պիտի զոհվեր, դառնապես լացեր է ու ցավն այնքան մեծ է եղեր, որ սկիհի մեջ ինկած արցունքի կաթիլն արյունոտ է… Այդ արյունոտ արցունքին հետքն է, որ կտեսնենք և որուն համար վարդապետը կըսեր, թե անջնջելի է:

Երեք օր վանքին մեջ հյուրասիրվելե ետքը նահապետական վեհանձնությամբ մը և զուտ հայկական անսեթևեթ պարզությամբ, մեծ ցավով կմեկնինք Սիսեն, տպավորությունն ունենալով անոնց, որոնք իրենց հայրենի տան շեմը կանցնին ալ չդառնալու համար: Երկար ատեն այդ նվիրական վայրերուն կարոտը մեզ պիտի տանջե. ու մեր տաժանելի ճամփուն վրա հաճախ մեր նայվածքը պիտի դարձնենք դեպի ետև… բայց իզուր… Այլևս մինչև Տյորթ Յոլ դարձյալ ավերակներ, կոտորա՜ծ, սարսա՜փ, արկածյա՜լ ժողովուրդ, բանտարկյա՜լ, աքսորակա՜ն… ահավասիկ, այն հեռանկարը, որ կբացվի մեր առաջք՝ մինչ սայլը գինովի պես աջ ու ձախ գլտորելով կառաջանա մեծ ճամփուն վրայեն:

Արևը մարը մտնելեն բավական առաջ անակնկալ կերպով մը Ղարս-Բազարը կերևա մեզի: Աչքերնիս վարժված ընդարձակ և մերկ տարածություններու, հանկարծ կզարմանանք տեսնելով թարմության և կանաչության այն փունջը, որ կպարզվի մեր աչքին առջև: Դեռ բավական հեռու ենք ու ավերակները չենք տեսներ: Քաղաքը ծածկված է ծառերու մեջ ու մեկ քանի առանձին տուներու երևումը՝ փոքրիկ, մաքուր, վանդակապատ տուներ՝ ավելի գեղջկական հանդարտ կենցաղի տպավորությունը կընեն ու կարծես բարյացակամությունով կողջունեն մեզի:

Ընդհանուր ապշության և հետաքրքրության մեջ, որ մեր իրենց համար ունեցած անօրինակ երևույթն առաջ կբերե, կառաջանանք թուրք թաղին մեջեն - անեղծ մնացած - ու կհասնինք տեղին երևելիներեն հայ հողատերի մը տունը, որուն հանձնարարված ենք:

Կին, տղա, ծերունի, խառնիխուռն կդիմավորեն մեզի և չափազանց ուրախացած մեզի տեսնելուն՝ կաճապարեն մեր բեռներն առնել, մեզ թեթևցնել ամենափոքր ծրարեն… Ու իրենց խանդավառ թափորին մեջեն մինչ ծերունիները հանդիսավորապես կառաջնորդեն մեզ և տղաքը կոստոստեն շուրջերնիս, կերթանք լռին ու մտախոհ բոլորովին ինքզինքնիս հանձնած իրենց հյուրասիրության կերպերուն:

Արագորեն գորգեր կփռվին այն սրահին մեջ, ուր կմտցնեն մեզ ու բազմոցներ կտարածեն գետինը, որպեսզի հանգիստ ընենք, կակուղ բարձեր կդիզեն մեր կռնակները ու երբ բոլոր ծառայությունները կկատարեն, կին, մանուկ, այր ամենքն ալ կքաշվին, կաներևութանան:

Նույն միջոցին է, որ տանտերն առանձին կմտնա ներս ու բարի գալուստ կմաղթե մեզի: Միջին հասակով, միջին տարիքով, մորթը բացօթյա աշխատութենեն թխացած, աչքերը երազուն և տխուր, ինչպես գրեթե բոլոր մեր շուրջը գտնվողներունը, համեստորեն հագված, բավական հարուստ ագարակատեր մըն է, որը սակայն պարզ գյուղացիե մը կզանազանվի այն հարգանքով, որ իր ներկայությունը կներշնչե զինքը տեսնողներուն: Առաջին քաղաքավարական խոսքերը փոխանակելե ետքը՝ ատեն մը լուռ կմնանք. այն աղիտալի փոթորիկը, որ անցած է իրենց վրայեն ալ, դեռ սարսափի ու ցավագին զարմացումի մը մեջ կհամրացնե զիրենք: Մեր ներկայությունը, կարծես, կարծարծե իր հիշողություները, երախտապարտ նայվածքով է, որ կնայի մեզի, որ ուզեր ենք գոնե երթալ իրենց մոտ ու իրենց տերտը հասկնալ: Իր երազուն և տխուր աչքերը երբեմն կամպոտին և երբեմն ալ, ո՞վ գիտե, ի՞նչ մտածումի անսալով, ամբողջ դեմքը կծամածռե ու բոլոր այս լռին արտահայտությունները կվերջացնե ձեռքի շարժումով. մը, որ կարծես ըսել կուզե.- Ի՞նչ օգո՜ւտ, ըլլալիք էր եղավ… թափվելիք արյունը երակին մեջ չի մնար…

Այլ սակայն Ղարս-Բազար շատ մը մխիթարվելիք կետեր ունի. անիկա այն տեղերեն մեկն է, որ գետնաքարշ սարսափի մը մեջ անձնատուր չէ եղած ոճրագործներուն և իր պատիվն ու կյանքը պաշտպանելու հուսահատական ու բնազդական ձգտումով մը, ծառացած է թշնամիին դեմ: Ղարս-Բազարի ինքնապաշտպանությունը, իր թևին անհամեմատական պզտիկությունով, իր ունեցած զենքերուն տեսակի և քանակի անբավականությունով այն հրաշքեն մեկն է, որ պարծանքով կրնանք արձանագրել մեր ազգային պատառատուն և ցավագին պատմության մեջ:

Ապրիլ 2-ի հինգշաբթի գիշերը, ժամը թրքական 6-ին ատենները, Ճին Թորոս կոչված հայ ոստիկան մը կուգա Ղարս-Բազար և կիմացնե, թե 2000-ի չափ թուրքեր, զինված մարթինիով, կուգան հայերը ջարդելու: Քանի մը վայրկյան ետքը, ամբողջ գյուղն արթնցած է և տեղեկացած իրականության: Առանց պաղարյուննին կորսնցնելու՝ իրենցմե ամենեն քաջերը և ամենեն կարողները կհավաքվին. կխորհրդակցին և եղելությունը իմացնելով իրենց դրացի ազատասեր թուրքերու, ինքնապաշտպանությունը կկազմակերպեն: Տեղին թուրք երևելիներեն Մուսաղ աղա, Վելի էֆենդի, իրենց հետ ունենալով հարյուրապետ Ահմեդ, հիսնապետ Ահմեդ, ընդառաջ կերթան ոճրագործ ամբոխին և ետ կմղեն զայն:

Ուրբաթ առավոտ արշալույսին՝ ամբոխն ալ ավելի ստվարացած կուգա, կպաշարե գյուղը ու հրացանաձգությունը կսկսի: Հայերը կդիմադրեն, անձնատուր չեն ըլլար. ամբոխը կատղած՝ կրակի կուտա հայ թաղերը: Մինչև իրիկուն հրացանաձգությունը կշարունակվի. Հայերն իրենց կիսավարտ դպրոցն ապաստանած կդիմադրեն միշտ, իրիկվան ժամը 1-2-ին Սիսեն կհասնի հիսնապետ Հյուսնի և 40-50 զինվորներով կհաջողի ցրվել ամբոխը:

Երբ առավոտուն տժգույն արշալույսը կծագի, դիմադրողներեն մեկ հոգի մեռած և մեկ հոգի միայն վիրավորված կգտնվին, մինչ խանի մը մեջ ապաստանած յոթը մարաշցիներեն վեցը և հաճնցի մը, որ կառավարության դուռը դիմած էր, սպանված էին: Քիչ հետո կիմանան նաև, որ իրենցմե շատերը ու իրենց այն ազգականները, որոնք քաղաքին շուրջը կգտնվեին՝ անխնա ջարդված են: Այսպիսով է, որ քաջարի գյուղացիին ուրախությունը՝ երբ հասկացավ, թե իր դիմադրությունը հաջողած էր՝ անխառն չեղավ:

- Հազիվ թե մեր սիրտերը կբաբախեր հաղթանակի երջանկությունով, երբ ցավի ու լացի աղաղակներ բարձրացան: Զավակնին կորսնցուցած մայրեր մազերնին կփետռտեին ու մեզի դեմ կսրտմտեին թե ինչու թույլ չտվինք, որ մեկ գիշերվան մեջ իրենք ալ մեռած ըլլային ու աչքերնին չբացվեր այլևս այս սև աշխարհին վրա:

Այրիները, ապշած ու չհավատալով իրենց սուգին, մեր ձեռքերուն կնայեին. որբերը չէին հասկնար, թե որբացած են. դեռ հրացաններուս փողերը տաք, ու ձեռքերնիս սևցած վառոդեն, չէինք գիտեր, թե ուրախանայի՞նք եթե ոչ տխրեինք մեր հաջողության վրա: Շատերն ալ տուներնին կորսնցուցած, ագարակներնին կողոպուտի տված, մոխիրի վրա նստած էին…: Ամեն վայրկյան սև լուր մը կուգար: Ղարս-Բազարի մեջ 60 տուն և 100 խրճիթ այրեցավ և բոլորիս ալ մալերը մաֆ եղան…:

Մինչ տանտերն իր հանդարտ ձայնովը կպատմեր բոլոր ասոնք, տանը կիներն ու աղջիկները կուգան և իբրև թե մեզ առաջին անգամ տեսնեին, հարգանքով կմոտենան, կբարևեն ու կշարվին մեր դիմացը: Տանտիրուհին տարեց ու պատկառելի, կկենա առաջին շարքին վրա. լայն շալվար մը, որուն ձևը կորսված է ծալքերու առատության մեջ՝ կվերջանա բոբիկ սրունքներուն վրա նեղ գափով մը: Մարմնին վերի մասը ծածկված է տեղական կերպասե շինված գծավոր չփակի մը մեջ, որ կկաղապարե իր բազմաթիվ զավակներ սնուցած հարուստ կուրծքը. շալե գոտի մը մեջքը կգրկե ու կառաջանա մինչև փորին վրա. գլուխը դրած է կարմիր ֆես մը, որուն եզերքը զարդարված է մանրիկ ոսկիներու շարքով. լաչակը ֆեսին վրայեն անցնելով կծածկե քունքերը, կուգա մինչև կզակը ու վերադառնալով կկապվի գլխուն վրա:

Հակառակ իր մեծ հեղինակությանը, որ հայտնի կերևա թե՛ իր կեցվածքին և թե՛ իր նայվածքին մեջ, որով կնայի ավելի երիտասարդ կիներու վրա, անիկա լուռ կմնա, կարծես՝ շրթունքները կապված ըլլային լաչակին պինդ կապովը:

Մեզ կհյուրասիրեն խահվեով, ձմերուկով և օշարակով: Բոլոր այս միջոցին ստիպված ենք խմել և ուտել այնպիսի հանդիսավոր և սառնային լռության մը մեջ, որ անհանգիստ կզգանք ինքզինքնիս և մեր շարժումներուն մեջ զգուշավոր: Բազմաթիվ զույգ աչքեր միամիտ հետաքրքրությունով մը կհետևին մեր շարժուձևին, ու հազիվ թե վերջին կաթիլը դեո մեր շրթունքներուն վրա՝ քանի մը նորատի օրիորդներ անակնկալ դյուրաշարժությամբ մը մեր դեմը կոստնուն, կհափշտակեն գավաթներն ու կաներևութանան: Եվ ահա դարձյալ տանտերը, տանտիրուհին և բոլոր երեց անդամներն ընտանիքին՝ մեկիկ-մեկիկ կմոտենան, ձեռքերնին կերկարեն ու շրթունքնուն և գլուխնուն տանելով, կմրմնջեն.

-Անուշ հրամմեցիք…:

Բոլոր այս ձևակերպությունները, որ կկատարեն արարողության մը պես, կրնային ծիծաղելի թվիլ մեզի, բայց ընդհակառակը, գորովանքով կլեցվինք ու խորապես կզգացվինք. ավերված, հրդեհված ու ջարդված Կիլիկիո մեջ, կորսված գյուղի մը անկյունը կզգանք այն բնազդական կամքը, որով ափ մը հայեր կուզեն տոհմային ավանդությունները պահպանել: Այս ալ ինքնապաշտպանության ձև մը չէ՜՞ միթե. ու ակամա մեր մեջ ալ այդ բնազդը կարթնանա հավասար ուժգնությամբ, ու մենք ալ մեր հյուրասիրվածի դերը կկատարենք լրջությամբ ու պատկառանքով:

Քիչ հետո կուգան ուրիշ գյուղացիներ. տեղին վարժապետը, որ այրիներուն և որբերուն ցանկը կբերե. ավելի վարժ ըլլալով հայերեն խոսելու, մանրամասնություններ կպատմե, կշեշտե Ճին Թորոսի հերոսական դերը: Զինքը բանտարկել են ու հրացանն առնել ուզեր, բայց ինքն առանձին ըմբոստացեր է թշնամիներու դեմ. «Այս զենքը տյովլեթը հանձնած է ինծի, տյովլեթը միայն ետ կրնա առնիլ»: Հետո լսելով և տեսնելով բոլոր այն պատրաստությունները, որ կընեին կյավուրներու դեմ, սիրտն անհամբերութենեն կեռա ու տարօրինակ ճարպիկությունով մը կջանա փախչիլ իր թուրք ընկերներու ձեռքեն: ճամփան քանիցս կասկածի կենթարկվի ու միշտ օձիքը կազատե ու հևիհև, շնչասպառ, կհասնի Ղարս-Բազար, կարթնցնե անգիտակից ու ապահովության մեջ քնացող հայրենակիցները ու այդպեսով պատճառ կըլլա, որ հանկարծակիի չգան: Դեպքին բոլոր տևողությանը՝ Ճին Թորոս կմնա իր եղբայրներուն քով, իր զենքն ու իր բազուկները կդնե անոնց տրամադրության ներքև, կկազմակերպե դիմադրությունը, ու իր անվեհեր քաջությամբ, սիրտերը բարձր կբռնե:

Ճին Թորո՜ս…: Խանդաղատանքե լալու պատրաստ են ամենքը. երեկվան աննշան ոստիկանը, թերևս հոգիով ու մարմինով թրքացած հայը հանկարծ կարթննա իր ազգային ցավին մեջ, ու իրենց նախախնամությունը կդառնա:

Երբ այր հյուրերը կշատնան, կիները կքաշվին կերթան, բայց կից սրահին մեջ կհավաքվին ու դռանը մոտ, իրարու վրա դիզված, մտիկ կընեն ու կդիտեն մեզի. կուզեն իրենք ալ հաղորդակից ըլլալ մեր բերած լուրերուն, մեր դիտողություններուն, մեր հավանություններուն. իրենց խանդագին ու սև աչքերը սևեռած են մեր վրա և հետո հետաքրքիր են գիտնալու, թե կրկին պիտի ենթարկվի՞ն նույն սարսափներուն, նույն սոսկումներուն:

Այրերն ալ նվազ ընկճված չեն. զրեթե զարմացած են իրենց արարքին վրա. ոչ մեկ հոխորտանք, ոչ մեկ հպարտություն չերևար իրենց աչքերուն մեջ, ինչպես հավակնոտ բառ չի գար իրենց շրթունքներուն վրա: Ընդհակառակը, ապշած մտիկ կընեն մեր քաջալերության ու հավանության խոսքերը, ու կարծես ավելի միտում ունին հավատալու, թե իրենց հաջողության գաղտնիքն անիմանալի ու անբացատրելի դիպվածի կամ աստվածային տրամադրության մը մեջ է, քան իրենց յուրաքանչյուրին անհատական ինչպես նաև հավաքական քաջության ու տոկունության մեջ: Տունը, ուր իջևանած էինք Ղարս-Բազարի մեջ՝ նահապետական տուն մըն էր. տանը անդամները 25-30 հոգի էին, իսկ տղաքը բազմաթիվ: Ավանդական կարգապահություն մը կկառավարեր բոլոր այդ բազմությունը, հակառակ որ այժմ ընտանեկան կարգ ու սարքը խանգարված ըլլար, արտակարգ դեպքերու հետևանքով և նաև այն պատճառով, որ շատ մը արկածյալներ եկած ապաստանած են հոն: Ամեն բան պարզ, տարրական ու գեղջկական էր. այն սենյակը - ա մենեն գեղեցիկը - ուր մենք հյուրասիրված էինք' գրեթե մերկ էր և մեր աչքերուն առաջք է, որ փռեցին գորգերը ու բազմոցները. շարք մը նույն կարգի սենյակներ կային քով քովի, որոնց ամենն ալ կբացվեին փայտաշեն ընդարձակ պատշգամբի մը վրա, որը բոլորովին բացօթյա պիտի համարվեր, եթե ձեղունով մը ծածկված չըլլար: Դիմացն ընդարձակ պարտեզ էր, իր նոր հերկված հողերով ու բանջարանոցով: Տեղ-տեղ պտղատու ծառեր իրենց ցանցառ հովանին կտարածեին: Տաքությունը հեղձուցիչ էր առհասարակ, մժեղները համառորեն կուգային մեր գլխուն ու մեր ձեռքերուն շուրջը ու բզզալով կդառնային մինչև որ տեղավորվեին: Բոլոր ընտանիքը, օրվան բոլոր ժամերուն, բացօթյա կապրեր. սա է պատճառը, որ սենյակը բնակված ըլլալու երևույթը չուներ: Պարտեզին մեկ անկյանը բազմահարկ չար տաքը բարձրացած էր որքան կարելի է վեր և ննջարանի կծառայեր ամենուն. ու գիտեինք, որ գիշերը մենք ալ հոն պիտի անցնեինք:

Հիմակ այս ժամուն շրջապատված էինք բոլոր այն երիտասարդներով, որ աղետի օրերուն կռվեցան. իրենց մեջ մինչև անգամ տարեցներ, հասուն տարիքով մարդիկ' գրեթե ծերունիներ, խոհո՜ւն, մռայլ, մտածկոտ, հողի աշխատությունով կոշկոռացած ձեռքերնին ծունկերնուն վրա, ծալլապատիկ նստած էին մեր դիմացը ու մեծ չափավորությունով մը կխոսեին դեպքին մանրամասնություններուն վրա: Միշտ գետնին վրա հակած մարդու կորացած ուսերնին անսահման խոնարհության դրոշմ մը կդներ իրենց վրա. աչքերնին միայն, քաղցր ու ներողամիտ նայվածքով աչքեր, սև ու լույսով լեցուն' կշողային արևեն ու հովեն սևցած դեմքերնուն վրա. ու այդ աչքերում մեջ, որոնց լույսն ընտանի էր մեր նայվածքին, կգտնայինք անփոփոխ կերպով խաղաղության տենչանքը և ազատ ու արժանավոր կյանքի մոլեռանդությունը: Հիացիկ խանդավառությամբ մը կանդրադառնային մեր ձայնին վստահության, մեր խոսքերուն ազատության, անխոհեմության վրա. իրենց դարավոր տենչանքն անկաշկանդ շարժուձևի, մտքի ու խոսքի ազատության` գոհացած կգտնեին մասամբ, մեր մեջ, որ մեկ արյունե ու մեկ ցեղե ենք: Ու կուզեին ապահովել. ճշմարտապես հա՞յ էինք, իրենց կիներուն և աղջիկներուն պես, ճի՞շտ էր, որ որևէ ազատ ցեղի միջամտություն չկար մեր հարազատության մեջ: Ու երբ կիմանային թե ոչ միայն հայ, այլև թրքահպատակ իրենց պես, թե` որևէ ոստիկան, որևէ պաշտոնյա իշխանություն ուներ իմ վրաս, թե կարող էին հրամայել ինծի ու արգիլել զիս, կացությունն անբացատրելի կդառնար ու կասկածոտ մտատանջության մեջ կիյնային:

Մեր խոսակցությունն ընդհատեցավ դարավոր ծերունիի մը երևույթով…:

Ամենքը ոտքի ելան ու մեկը թևեն բռնելով առաջնորդեց զայն: Հաստ գավազանին վրա կռթնած ու երկուքի ծռած պատկառելի ծերունին` կառաջանար թեթև մը դողդոջելով, պատվո տեղը տվին իրեն ու ներկայացուցին զինքը մեզի: Տանտիրոջը մեծ հայրերեն մեկն էր. շատոնց հարյուրն անցուցած. ներկաներեն ամենեն տարեցները կխոստովանին, թե միշտ զինքը ծերունի ճանչցած էին, անոնք, որ զինքը տեսած էին երիտասարդ ու տարիքի չափավոր հասունության մեջ, տարիներե ի վեր հանգչած էին արդեն հայրենի հողին մեջ ու իրենց ոսկորներուն հետքը չէր մնացած: Դեպքի միջոցին, ծերունին գտնվեր էր մոտակա գյուղ մը ու քանի մը անգամ թշնամիին բազուկը բարձրացեր էր իր վրա, բայց այն նախախնամությունը, որ երկար կյանք շնորհել էր իրեն` այս անգամ ալ զինքն ազատեր էր ու նահապետը կրցեր էր գալ իրեններուն մոտիկ:

Երբ իրեն հատկացված տեղը բազմեցավ, այն ատեն միայն ծերունին իր գոսացած վիզը կրցավ բարձրացնել ու նայիլ շուրջը: Երկար ատենե ի վեր արդեն աշխարհային հոգերը, ցավերն անտարբեր ձգելու էին զինքը, որովհետև այնպիսի կատարյալ անշարժություն մը կար դեմքին վրա, որ կարծես կյանքն անհետացած ըլլար անոր վրայեն: Հողի գույն այտերը, փղոսկրյա ճակատը, տժգույն և թառամած շրթունքը ոչ մեկ կենսականություն ցույց կուտային. գլուխը դրած էր անգույն գտակ մը ու ճերմակ փաթթոց մը կբոլորեր անոր շուրջը: ճերմակ ու ցանցառ մորուքը կիջնար քունքերեն մինչև ծնոտը ու կփռվեր կուրծքին վրա… աչքերը ծածկված ճերմկորակ և աղոտ քողով մը` կարծես այլևս չէին տեսնար ու երբ կհանգչեին մեկու մը կամ առարկայի մը վրա, կարծես թե իրենց տրտմությունը կդրոշմեին հոն… Մաշված էնթարի մը կծածկեր իր չոր անդամները, որոնց անկյունավոր և վտիտ գիծերը կկաղապարվեին կաղապարներին փեշերուն մեջ. ավելի մաշված և գունատ խրխա մը կծածկեր իր ուսերը և կհետևեր իր կոր քամակին: Բարակ և մերկ սրունքները կվերջանային ահագին ոտքերով, որոնք տրեխներ կկրեին. ու ձեռքերը, սևցած, չորցած, հին մագաղաթի պես կարծր մորթով ծածկված` հողեն նոր խլված արմատներու կնմանեին:

Քիչ հետո ամենքն ալ մոռցան ծերունիին ներկայությունն ու կխոսեին իրենց մշտնջենական տերտին վրա: Բաց դռնեն կիները միշտ իրարու վրա դիզված`մտիկ կընեին մեզի. անոնց թիվը շատցած էր, որովհետև նույն տանը մեջ ապաստանող այրիներ ու որբուհիներ եկած միացած էին իրենց, ու նայվածքս հաճախ կհանդիպեր թշվառութենեն ցամքած, մազե զուրկ կնոջական գլխու մը` որուն անձկագին և պաղատագին նայվածքը կառչած էր ինծի…:

Ներկաներեն ամենքն ալ գանգատներ ու պահանջքներ ունին. տուներնին այրա՜ծ, ինչքերնին թալանվա՜ծ, ագարակներնին քանդված… «Օ՜ֆ… օ՜ֆ… տարիներե, տարիներե ի վեր աշխատած էինք, հայրս այդ հողին վրա ծռած`աչքերը գոցած էր, ամենուս ճակտին քրտինքը թափած էր հոն ու քանդեցի՜ն, ավերեցի՜ն, մեկ օրվան մեջ խարապ ըրին ամեն բան…»:

- Ակռաներնիս սեղմեցինք, քանի մեր գլխուն զարկին` այնքան ավելի խոնարհեցանք, - շարունակեց ուրիշ մը, - լեզունիս, ազգություննիս ուրացանք, բերաննուս կտրեցինք իրենց տվինք, զավակներնիս իրենց հախեն զրկեցինք` անոնց քեֆը տեղը տարի՜նք… աս ալ պո՜չ, ամեն բան պո՜չ…:

- Աս ապերախտ հողին վրա տված էմեկս` ապառաժներու տայի, կբեղմնավորվեին, ծերությանս հանգիստ պատառ մը հաց կունենայի ու խաղաղության մեջ կմեռնեի… ամբողջ կյանքիս մեջ օր մը գլուխս չկրցա վեր հանել, աչքերս երկինքին դարձնել ու փառք տա՜լ… տատեցա տատեցա… ու մեկ օրվան մեջ ամեն բան փչացավ, ամեն բան մաֆ է՜…:

Տարեց մարդ մըն էր ատ ըսողը, իր ժոռատ բերանը կարմրած կմնար ու սրտին ցավը չկրնալով ամբողջովին արտահայտել` երկու ձեռքերը գլխուն կզարներ ու ջղաձգորեն գալարված՝ կնկան պես սկսավ արտասվել: Արցունքը նախ տաժանքով կժայթքեր աչքերեն. կաթիլները կմնային կոպերուն վրա, ծանր ու խոշոր կաթիլներ, ու դանդաղությամբ կիջնային այտերեն ի վար: Իր հուսահատությունն այնքան բացարձակ ու մեծ էր, որ ամենքն ալ մոռնալով իրենց իսկ ցավը, կնայեին իրեն ու կմխիթարեին զայն.

-Թիրոս էմմի', քու տերտ մինակ քուկդ չէ, ամենուս գլուխներն ալ վառած են, քեզի՞ ով հացի կարոտ կձգե՜… Թիրոս էմմի, ավելի դժբախտներուն նայե ու մխիթարվե`, մալին ցավն ի՞նչ է… կտրիճ զավակներդ միտքդ բեր, արցունքդ անոնց համար պահե…:

Մեկն ականջս ի վար մրմնջեց.

- Թիրոս էմմի մարաշցի է… հոնտեղի դեպքին իր չորս զավակները գոհ գացած են, 14 տարի առաջ:

Այս խոսքերուն վրա ծերունիին վիշտը կակաղցուվ ու արցունքը դյուրությամբ ու առատությամբ սկսավ իջնալ այտերն ի վար… երբեմն-երբեմն հեծկլտանքի սարսուռ մը կցնցեր իր ջղաձգված անդամները…

- Օ՜ֆ… օ՜ֆ…

Ուրիշ բան չէին կարող ըսել, ամենուն դեմքերը հոգի և ցավի արտահայտություններով ծամածռած էին. միայն հարյուրամյա ծերունին անայլայլ ու անշարժ կմնար և խոր լռություն մը կպահեր, երբեմն-երբեմն միայն իր անգույն և թառամած շրթունքը կկծկեին ու մորուքը կդողար կուրծքին վրա… Կլսե՞ր պատմվածները, հասկցա՞ծ էր, թե ինչ նոր բան պատահած է, թե պարզապես իր անդամալուծված ուղեղին մեջ հնամենի դեպքերու հիշողություններ աղոտ կերպով կարթննային, ու կջանար մտքովն անոնց հետևիլ:

Հետզհետե սակայն խոսակցությունն իր ձգտված և ցավագին հանգամանքը կկորսնցներ. կխոսեին բանտարկյալներու վրա, կխոսեին ուրիշ տեղ պատահած զարհուրելի դեպքերու վրա, ու հետո, որովհետև կյանքն իր անբռնաբարելի պահանջքներն ունի՝ կխոսեին ապագային վրա…: Կառավարությունը խոստացած է վնասված տուներուն հատուցում ընել. ճի՞շտ է. չէին կարող հավատալ. շատերը հոռետես էին, վեճի կբռնվեին լավատեսներուն հետ: Երկար ատեն կխոսեին ու կվիճաբանեին, մանրամասնություններ մեջ կբերեին, հաշիվներ կընեին. մեծամասնությունը համակերպած էր իր ունեցածին մնացած բեկորներուն վրա նոր կյանք մը ստեղծելու… վերածնիլ ու շարունակել ապրիլ. այդ կոշկոռացած ու ձևափոխված ձեռքերուն մեջ մասնավոր կամք մը կար: Քանի մը տարիեն նորեն այգիները պիտի պտղաբերեն, արտերը պիտի ծածկվին լեցուն և ոսկեգույն հասկերով, ու ոճիրով պարպված տուները պիտի լեցվին մանկական աղաղակներով…: Անջնջելի ու տառապագին ցեղը պիտի ապրի՝ հակառակ ամեն բանի և հակառակ բոլոր ոճրապարտ ըղձանքներուն…:

Թիրոս էմմիի արցունքը դադրած էր, ու դեռ թաց թարթիչներուն մեջեն շահագրգռված՝ կնայեր իր դրացիներուն ու ինքն ալ կարծես բաղձալով իր բաժինը բերել այդ վերածնունդի ջանքին մեջ՝ խորհուրդներ կուտար համր, բեկբեկ և իմաստուն բառերով…:

- Շինությունները շուտով կսկսին… եթե նույնիսկ կառավարությունը ձեռք չտա մեզի՝ հինգ տարիեն առջի վիճակնիս կգտնանք…: Աստված մե՜ծ է…: Գացողներուն տեղն է, որ պարապ կմնա միայն…

- Անոնց տեղն ալ պարապ չի մնար. մեր կիները մեր հողին պես բեղմնավոր և առողջ են…:

Ու ահա ինքնավստահության ժպիտ մը կլուսավորեր ամենեն մռայլներն անգամ…:

Բայց նույն միջոցին իսկ մեր ուշադրությունը դարձավ դեպի հարյուրամյա ծերունին. մեծ դժվարությամբ ոտքի կեցած էր և իր վտիտ սրունքներուն վրա ամբողջ մարմինը կդողդոջեր. գավազանը չգտնալով անմիջապես, իր երկու թևերը երկարեց հավասարակշռությունը պահելու համար. աղոտ բիբերը դուրս ցցված, շրթունքը ծամածռած, մորուքը դողդողալեն սկսավ խոսիլ այնպիսի ձայնով մը, որ կարծես դարերու խորեն կուգար…

- Աստված երկար կյանք շնորհեց ինծի, չեմ գիտեր թե անե՞ծք մը, թե օրհնություն մըն էր ա՜յս…: Իմ աչքերս շատ բան տեսան ու ականջներս շատ բան լսեցին…: Քանի մը սերունդ իմ աչքերոա առաջք ծնան, տառապեցան ու մեռան. ու ամենուն կյանքը դաս մը եղավ ինծի…: Ճշմարիտը կըսեմ ձեզի, այս հողն ապերախտ է ու խորթ մոր կնմանի՜…: Թշնամիին հողին վրա ո՛չ զավակ ունենալու է ոչ զենք շինելու…:Մալի՜ վրա կխոսի՜ք, ապագայի՜ վրա կխոսիք, գացե՜ք, գացե՜ք սա սևցած վերանեներուն վրա նայեցեք… Զավկի՜ վրա կխոսիք. գացե՜ք անթաղ մնացած ոսկորներուն վրա նայեցեք… ճշմարի՜տը կըսեմ ձեզի… մորուքս հոգի և վշտի մեջ ճերմկած է… մտիկ ըրեք ծերունիին ձայնին. այլևս հայուն համար հույս չէ մնացեր. ասկե ետքը հայուն միակ մալը թյուֆենկ մը պետք է ըլլա:

Խո՜ր մեռելային լռություն…

- Գացե՛ք սևցած վերանեերուն նայեցեք…:

Ծերունին կդողդոջեր իր անհաստատ սրունքներուն վրա ու իր տարածված բազուկներովը կարծես մեզի կմատնանշեր ավերակները: Պահ մը իր աղոտ աչքերը մեզի հանղիպեցան. մեզի թվեցավ, որ աղերսագին հրավեր մը կար այդ զարմանալի ու մռայլ բիբերուն մեջ…: -

Երթա՜նք վերանները տեսնա՜նք:

Այրերը հետզհետե մեկնեցան. մեկն ուշաբերեցավ և գավազանը դրավ ծերունիին ձեռքին մեջ, որն իր կարգին հեռացավ դողդոջ քայլերով: Իր տրեխներուն համաչափ, ծանր ու դանդաղ աղմուկը երկար ատեն կլսեինք դուրսը պատշգամին վրա:

Միջոց մը առանձին մնացինք, նույն պահուն էր, որ քովի սրահը դիզված կիները մոտիկցան ու շրջապատեցին մեզ: Նախ չէին համարձակեր խոսիլ ու իրենց բոլոր արհավրալից հոգին կարտահայտեին իրենց սև, լայնաբիբ ու գեղեցիկ աչքերուն միջոցավ: Հանկարծ մազազուրկ, վտիտ կնոջական գլուխը ցցվեցավ, անձկալի աչքերը դարձան ինծի, ու նախ վարանումով, հետզհետե վստահությունով՝ հեք կինը մոտիկցավ.

- Հոգերդ առնեմ, մտիկ ըրեք մեզի՜…: Ձայնը խեդդվեցավ հեծկլտանքներու մեջ, ու մինչ ինքս անսահման հուզմունք դեդևելով ստիպվեցա նստիլ բազմոցին վրա, ձեոքերուս վրա զգացի գաղջ խոնավությունը կնոջ արցունքներուն: Երեսը ծածկած ծունկերուս, անիկա երկար ատեն արտասվեց. իր վտիտ քամակն ամեն մեկ հեծկլտանքին կբարձրնար ու կիջնար. ցանցառ անգույն մազերը տարածված էին գիրկիս մեջ ու երկու ջղաձգված նիհար ձեռքեր կառչած էին շրջազգեստի ծալքերուն:

Ցավի ու գանգատի անվերջ հաջորդականություն մըն էր, որ անոր դողդոջուն շրթունքները կթոթովեին. ու այն աստիճանի ուժգնություն կար արտահայտության մեջ, որ կգիտակցեի, թե այդ խոնարհ կնոջ միջոցավ կընդունեի անցամաքելի ու անհատակ վիշտով մը վիրավորված և տառապած ցեղի մը կանացիության հավաքական տերտը:

Մյուս կիները քարացած իրենց դիրքերում մեջ, ենթարկված ցավին հաղորդակցության, նույնպես լռելյայն կարտասվեին: Երբեմն սրտագին հառաչանք մը կսլանար այդ հեծեծող կուրծքերեն ու կրկին հուզումնալի լռության մը մեջ միմիայն ինծի կառչած կնոջը բարձրաձայն ու բողոքալի հեծկլտանքները կլսվեին:

Երկա՜ր, տաժանելի՜ րոպեներ կանցնեին այսպես: Մանուկներն իրենց մորը փակած, վաղահաս լրջությամբ մը ականատես կըլլային ցավի այս արտահայտության. իրենք ալ դղրդված էին անգիտակից հուզումով.- ճակատնին խորշոմած էր իրենց տարիքին անհամեմատ կերպով. աչքերու խորեն կդիտեին անոնք մեր օտարականի երևույթը սրտմտությունով և գրեթե ատելությամբ, իբր թե մեր ներկայության արդյունքն ըլլար այդ երևան եկած ցավը:

Ես ու ընկերուհիս իրարու երես կնայեինք ու մեկզմեկու տժգունության մեջ մեր վերջին ուժերը կկորսնցնեինք. ոչ մեկ մխիթարող բառ, ոչ մեկ վստահություն ներշնչող վանկ չէր գար մեր ցամքած շրթունքներուն. ամենեն տգետներեն ավելի անճարակ ու համր դարձեր էինք, մեր մեծ ճիգով պահպանած առերևույթ հանդարտության տակ մոտալուտ փոթորիկ կար ու վհատություն, ու արցո՜ւնք:

Ինչո՞ւ եկեր էինք իրենց մոտ, ի՞նչ ունեինք իրենց տալու, ծովածավալ թշվառության, այդ բարոյական և անսահման պահանջքներուն փոխարեն. ի՞նչ ամոքող ապահովություն կրնայինք ընծայել իրենց:

Օտարները ժպիտով ու երգով ու նաև լեցուն ձեռքերով կմոտենային արկածյալներուն, մենք միմիայն արցունքով… ու մեր խոժոռադեմ ու ջղաձգված դեմքերուն վրա ուրիշ բան չէին կարող տեսնել, այլ միմիայն իրենց իսկական ցավերուն արտացոլումը:

Քանի՜, քանի՜ անգամներ մտադրած էինք ապառաժի պես ամուր երևալ ցավագին ամբոխին, քաջաբար խեղդել մեր հոգիին խորը փոթորկող ցավերն ու հուզումները, ետ դարձնել մեր աչքերն այրող ար ցունքները, ժպտադեմ ու անդրդվելի երևալ վշտացածներուն, որպես զի անոնք մեր հանդարտության և առերևույթ անտարբերության մեջ վստահություն և հույս կարենային գտնել:

Այլ սակայն այն օրը չհաջողեցանք մեր այդ դիտավորության մեջ ու երբեք ալ չպիտի հաջողեինք:

Կինը միշտ փարած ծունկերուս՝ կարտասվեր, ու իր գալարված վտիտ անդամները, իր՝ քդանցքներուս կառչած ձեռքերը, մանկան, խելակորույս մանկան երևույթը կուտային իրեն:

- Ինչ որ ըսեք պարապ է, ֊կհեկեկեր անիկա.- մեղք է մեգի՜… ձեզի պես քանիներ եկան անցան, անուշ խոսքերով խաբեցին ու զուլումին օրերուն ձգեցին մեզի: «Ալ այդպես բան չի պատահիր» կըսեք, ինչո՞ւ, ի՞նչ բանի համար չպատահի, քանի մենք աս հողին վրա ենք, անոնց գերին ե՜նք…: Վա՜յ մեզի, վա՜յ մեր գլխուն… ո՞վ մեր ճարը պիտի նայի, ո՞վ մեր տերտը պիտի հասկնա. դժոխքի կրակի պես անմոռանալի կրակ է անոնց ատելությունը…: Ելնենք երթանք, ամենքս ալ երթանք ձեզի հետ. ձեր աչքերովը տեսաք, ձեր ականջներովը լսեցիք, մեզի հոս մի՛ ձգեք… կերած հացերնիս չենք մարսեր, հարամ է, բերանս պատառ մը դրած ատենս հանեմ նետեմ կըսեմ, ինչո՞ւ ապրինք, ի՞նչ բանի համար ապրինք…: Մեր մարդկությունն ուրացան, մեզի շունի տեղ անգամ չդրին… մեզի կսպանեին ըսելով «դուք Աստված չունիք.- ինչպես ձեր Քրիստոսը չարչարվելով մեռավ, այնպես ալ ամեն մեկդ չարչարվելով պիտի մեռնիք»… մի ձգեք մեզի մեր թշնամիին ճանկին տակ… հետերնիդ տարե՜ք, ամենքս ալ տարե՜ք… այս աշխարհիս վրա ուրիշ երկինք չկա՛ արդյոք, ուրիշ միլլեթ չկա՞… ի՞նչ դժոխք է…: մեր ըսածները դեռ քիչ են, հազարին մեկը չէ՛… մի՛ ձգեք մեզի… մեր խոսքերուն մտիկ մի՛ ընեք, գացեք վերանեները նայեցեք, այս անիծված հողին վրա թափված արցունքներով ծով կըլլա՜ր. ոչ մալե խեր կա, ոչ զավակե… մենք անոնց գերին ենք… վա՜յ մեր գլխուն…: Այդ միջոցին՝ մեզ շրջապատող կիները կարծես խուսափելով բողոքող կնոջը չարաբաստիկ խոսքերեն, մեկիկ-մեկիկ հեռացան՝ քողերնուն ծայրով աչքերնին սրբելով: Ու մինչ երկար ատեն ծունկիս գլուխը դրած հեք կինը կգանգատեր ու կարտասվեր, դուրսեն կնոջական կուրծքե ելած երկար հառաչանք մը արձագանք կուտար անոր:

Արևը դեռ մարը չմտած, շտապեցինք երթալ ավերակները տեսնելու. կիները տունը մնացին ու միայն այրեր հետևեցան մեզի, շատերը տանուտեր էին և ջղաձգված շարժումով մը կցուցնեին իրենց տանին ավերակները: Չորս խանձած պատեր… տեղ-տեղ պատերն ալ կփլեին և օջախը կկանգներ մերկ և կմախքացած՝ չարագուշակ տպավորություն առաջ բերելով. կային նաև այրած տուներու մեջ կիսավարտ շենքեր, որոնց տերերը մեզի կբացականչեին.

- Աշխատեցանք ու չկերանք, տան տեր ու ընտանիքի հայր դառնալ տենչացինք… տարիներով զրկանքի ու կարոտության կյանքով ապրեցանք, ու հազիվ թե մեր նպատակին պիտի հասնեինք, ամեն բան ջնջվեցավ… մաֆ եղավ…:

Հետզհետե ամեն կողմերեն արկածյալներ եկան միացան մեզի. այլևս ստվար թափոր մը կար մեր ետևը… գլուխները կախ, սիրտերն այրած, ձեռքերը պարապ, տխուր, քստմնելի պատկեր մը կներկայացնեինք: Մեր մեջ կար նաև գյուղին քահանան, փոշոտած և մաշած վերարկուով, գունաթափ գլխանոցով… ու այդպես կերթայինք մարած օջախներուն, քանդված տուներուն առաջքեն, ոտքերնիս մխրճված թանձր մոխիրի մեջ և սիրտերնիս լեցուն դառնությունով և տխրությունով:

Մեր վրա երկինքը հրաշեկ կարմրությամբ մը կկամարանար ավերակներու մեջ ցցուն կետերը կստանային այդ բոցեղեն ճառագայթները և մեղմորեն կարտացոլային մինչև կապտորակ և տմույն անկյունները, մոխիրներն անգամ մեր ոտքերուն ներքև վարդագույն երանգով մը կենդանություն կստանային: Ու մինչ հեռվեն թուրք հանդարտ թաղերեն մուեզինին երգը կբարձրանար, ու մարդիկ իրենց տուները իրենց ընտանիքին և զավակներուն քով կդառնային, ասդին մեր արտակարգ թափորը, անտուններու, թշվառացածներու և սգավորներու թափորը կշարունակեր դեգերիլ ավերակներուն մեջ: Ուշ ատեն հասանք դպրոց. մեր անցած ատեն քնացած շուները կարթննային և մեր եղերական գնացքեն անհանգիստ, կզակնին բացած, վիզերնին ձգած դեպի երկինք՝ կկաղկանձեին երկարորեն:

Դպրոցը քառանկյուն փայտաշեն հաստատություն մըն էր, բարձրացած գրեթե երկու մետր քարուկիր գետնահարկի մը վրա: Երբ հարձակեր էին Ղարս-Բազարին վրա, դպրոցի շինությունը դեռ չէր ավարտված. այլ սակայն տեղին բնակչությունը հոն հավաքվեր էր ինքնապաշտպանություն ընելու Ճին Թորոսի ղեկավարությամբ: Այն միջոցին շենքին մեջ կային պատսպարված շատ մը ընտանիքներ, այրիներ, մեկ քանի որբեր, որոնցմե մեկը հիվանդ էր. հոն եղողներեն շատերը բարեկեցիկ ընտանիքի կպատկանեին, բայց ամեն բան կորսնցուցած էին և հիմակ տերն իր ծառային հետ, ագարակապետն իր հովվին և մշակին հետ կատարյալ հավասարության մեջ կգտնվեին. իրենց փոխադարձ հարաբերությունները պարզ և խոնարհ էին, և ոչ դառնություն կար մեկ կողմեն, ոչ ալ հոխորտանք մյուս կողմեն… Պզտիկ խեղճուկ ծրարներ դիզված իրարու վրա կնշանակեին յուրաքանչյուր ընտանիքին հատուկ անկյունը, բայց սրահին մեջ ամենքը խառը կգտնվեին և մեզի ներկայացան իբրև մեկ ընդարձակ ընտանիք… Շատ հուզված ու շատ վշտացած էին. բայց հետզհետե իմանալով ուրիշ վայրերու մեջ պատահած քստմնելի ոճիրները, իրենք ամոքված կզգային մասամբ: Կռվեր էին և ինքզինքնին պաշտպանել, հպարտությամբ ցույց կուտային իրենց երիտասարդներուն դիրք բռնած տեղերը, ինչպես նաև թշնամիին գնդակներուն հետքերը:

Շենքին քարուկիր մասը և գետնահարկը բոլորովին անաղարտ մնացեր էին, բայց փայտաշեն մասին վրա տեղեր կային, որ կատարելապես ծածկված էին: Շատեր, եվրոպացի ականատեսներ, ձեռնհաս անձինք հիացումով խոսեր էին առաջուց Ղարս-բազարցիներու ինքնապաշտպանության մեջ դրած ճարտարության մասին. ոմանք նույնիսկ հրաշք մը կնկատեին զայն: Ես այդ միջոցին, առանց կարենալ թափանցելու իրենց եռանդով բացատրած մանրամասնություններուն, կխորհեի, թե իրավամբ ի՜նչ դժխեմ ճակատագիր է մերը, որ մեզի թույլ չէ տված բոլոր այդ արի, ընդունակ և օժտված երիտասարդությունովը պարծենալու բարձրաձայն: Առաջին անգամեն կարելի իսկ չէր գուշակել այդ գեղջուկներուն հոգեբանությունը, թեթև մը կորաքամակ, այրած դեմքով, խորշոմած ճակատով, երկայն բազուկներով, բայց կարճ և թանձր ձեռքերով մարդիկը կներկայանային մեզի իբրև պարզ մշակներ. այսպես ալ ծներ, այդպես ալ ապրեր էին, և հանկարծ, առաջին առիթին, արթնցել էր իրենց մեջ ցեղին ազնվական և արի երակը.

- Քանի որ պիտի մեռնինք, թող շան պես չմեռնինք…:

Այսպես մտադրած էինք, կըսեր մեզի շիկնոտ և տարեց գյուղացի մը, որուն աչքերուն մեջ կփայլատակեր արտակարգ հրայրք մը: Կեզրակացներ.

- Ու կտեսնեք, որ չմեռանք:

Կիներ բաժնվելով այրերեն, հավաքվեցան մեր շուրջը ու մեզ տարին աոանձին սենյակ մը: Չափազանց մտատանջ էին իրենց լսած դէպքերու մասին.

- Իրավ է, որ իսլամացած հայ կիները չեն ուզեր վերադառնալ:

Շփոթված՝ իրենց այս անակնկալ մտահոգութենեն, տարտամ պատասխաններ տվինք: Բայց անոնք կհետաքրքրվեին, կպնդեին.

- Ոչ ամենքը, ոմանք, կերևի դեռ սպառնալիքի տակ են, կվախնա՜ն…:

Գլուխնին կշարժեին ու կմերժեին այս երկդիմի բացատրությունները:

Հանկարծ, իրենցմե մեկը մեջտեղ եկավ և ձայնը բարձր, հստակ, գոչեց.

- Ղարս-բազարցի ոչ մեկ հայ կին թուրքի չերթար… միսերը կտրտեին՝ տեղեն չէր շարժեր… մեր կտրիճները տեսնողը իսլամի չերթար…:

Պահ մը լռեց. բազմաթիվ զույգ եռանդուն աչքեր իրենց նայվածքով կհաստատեին կնոջը խոսքերը, որ կեզրակացներ վերջապես.

- Մարդը՝ գեղեցկության, կինը կտրիճության կարոտ է՜… խեղճերուն հանցանքն ի՞նչ է, ինչո՞ւ ամչնան, թող իրենց մարդիկն ամչնան…:

Լաչակներու տակ ճակատները հակեցան… բոլոր Ղարս-բազարցի կիները համաձայն էին…: Դեռ միջոց մը խոսեցանք այլևայլ շահեկան այժմեություններու վրա: Կիները ճարտար. իմաստուն և խոհեմ էին և իրենց արտահայտելու ձևը մեծապես գրավիչ էր:

Նույն միջոցին անդրադարձանք, որ անկյունը նոր հարս մը կեցած էր. թանձր կարմիր քող մը կծածկեր զինքը բոլորովին. անխոս և անշարժ՝ հեռվանց առարկայի մը տպավորությունը կըներ: Մոտիկցանք իրեն և քողին մեկ անկյունը վերցուցինք: Նոր հարսին այտերն ու ճակատը կարմրեցան խպնոտութենեն, բայց հետաքրքրությունն ավելի զորավոր ըլլալով, իր սև, գրեթե մանկունակ աչքերը բարձրացուց գաղտագողի մեր վրա ու երկայն թարթիչներուն վարեն զգուշությամբ ժպտեցավ.

- Բավական է, բավական է, - կաղերսեին մեր շուրջը տարեց կիներ, անհանգիստ՝ այս նորութենեն:

Ուրիշ որևէ առթիվ, բարբարոս և անհարկի պիտի գտնեինք այս հմամենի սովորությունը. բայց երբ քողը մեղմիվ ծածկեցի դարձյալ, ինծի թվեցավ, որ անիկա նվիրական հանգամանք մը ուներ և հուզված՝ հնազանդեցանք Ղարս-բազարցի պառավներուն:

Այդ միջոցին գրեթե անկարելի էր չմաղթել.

- Քողդ ծածկված մնա, նոր հա՛րս, մինչև որ փեսադ ու սկեսուրդ չարձակեն քեզի:

Այս անսովոր, վրդովեցուցիչ մտածումներով տարուբերված ատեն՝ պատին վրա կախված նշմարեցի զույգ մը հրացաններ… որսի զենքեր էին, բայց հարձակումի օրերուն գործածվեր էին: Ի՞նչ ջերմեռանդությամբ ի՞նչ գուրգուրանքով կնոջ աչքերը կդառնային այդ գործիքներուն… կողոպտված և հրդեհված ընտանիքի մը միակ ինչքն էր ան: Պատմեցին, թե ինչպես շրջակա և մերձավոր ագարակե մը, տան երիտասարդ մեկ անդամը, միայն այդ զենքերուն շնորհիվ հաջողեր էր իր ծերունի ծնողքը, կինը և զավակներն առաջնորդել դեպի Ղարս-Բազար ու ապաստանիլ դպրոցին մեջ: Հետո, դիմադրության բոլոր ժամանակին, այդ որսի զենքերը գործեր էին անընդհատ:

- Օրհնյալ է կամքն Աստծո,-կմրմնջեր պառավ մը քովս ի վեր,- մեր ընտանիքները սուրբ մնացի՜ն… սո՜ւրբ, սո՜ւրբ...… դուշմանը չկոխեց մեր շեմին վրա: Իր մարելու մոտ աչքերը դարձան պատն ի վար կախված հրացաններուն և կարծես ամբողջ իր երկար կյանքին մեջ մութ մնացած բան մը լուսավորված ըլլար, մրմնջեց.

- Ըսի ջահիլներուն, նոր հարսերուն և աղջիկներուն. ձեր փառքն ու զարդարանքը փոխեցե'ք, մենք կույր աշխարհ ենք եկեր, կույր ենք ապրել. փեթռտելով հանեցեք ու ձեզմե հեռու նետեցեք ոսկիի շարքերը, ապարանջանները, մետաքսյա քողերը…

Անգամ մըն ալ իր մարած աչքերը դարձուց դեպի պատը:

Ուշադիր ու երկյուղառ` հոն հավաքված կիները մտիկ կընեին.

- Ահավասիկ մեր զարդարանքը, մեր փառքը, մեր մալը՜…

Երբ սենյակեն դուրս ելանք, ընդարձակ սրահին մեջ կրկին հանդիպեցանք թշվառատեսիլ քահանային. ձեռքերը ծալած կուրծքին վրա կպտուտքեր արկածյալներու մեջ: Սեզ տեսնելուն՝ տխրորեն ժպտեցավ ու, իր բախտին համակերպած մարդու հանդարտությամբ, կեցավ մեկ կեղմ: Իր քով գացինք ու պահ մըն ալ խոսեցանք իր հետ.

- Եկեղեցին փրկեցինք,- ըսավ քահանան,- բայց անիկա հիմա ամբարանոց եղած է. գյուղացիները հունձքերը քաղեցին ու տեղ չունեին դնելու. եկեղ տարվան սերմնացուն փչացնեի՞նք, ձմեռվան պաշարը մեջտեղ ձգեի՞նք… եկեղեցիին դուռները բացի ու ըսի - «Եկե՛ք, տղաքներ, եկե՛ք, բերե՛ք ձեր արտերուն օրհնյալ պտուղները. ձեր քրտինքին արդյունքը… եկեղեցին ձեր տունն է»:

Այս խոսքերեն ետքը, քահանան մեր աչքերուն մեջ կնայեր վարանոտ տրամադրություններով, թե լա՞վ էր ըրածը, թե՝ գե՞շ էր արդյոք: Իր երկդիմությունը փարատեցինք մեր ջերմ շնորհավորություններով: Այդ պահուն գոհունակության և ներքին լայն զգացումի մը հառաչանքը թռավ իր կուրծքեն. իր չարչրկված դեմքը պարզեցավ. մորուքը դողդոջեց կուրծքին վրա, ու աչքերը լցվեցան վեհանձն հուզումով մը.

- Աղոթքը հոս կընենք սեղանի մը վրա, -ըսավ, մատովը փոքրիկ սեղան մը ցույց տալով, ժողովուրդը մխիթարելու համար… բայց պատարագ չկա…: Գլուխը շարժեց, միտքը թափառուն սարսափելի հիշատակներու մեջ. ու իր գեղջուկ քահանայի հատուկ իմաստասիրությամբը ավելցուց. - Հոգ չէ՛, բյուրապատիկ անգամներ Քրիստոսի արյունը թափեցավ մեր ամենմեկ չարչարված նահատակին արյունով… Աստված լուսավորե իրենց գերեզմանները և անթաղ մեռելներուն հոգիները խաղաղեցնե:

Մութն արդեն տարածված էր ամեն կողմ, երբ մեկնեցանք դպրոցեն՝ մեզ հյուրընկալող տունը երթալու համար: Մեզի հետևող թափորը նվազ ստվար էր, բայց դարձյալ հանդիսավոր և տխուր երևույթ մը կուտար մեզի…: Դիպվածով մեր դեմ ելլող թուրքերը կկենային ու երկարորեն կնայեին մեր ետևեն:

Հոս ալ նշմարեցի, որ թուրքերը նվազ տխուր երևույթ չունեին․ կարծես ակամա ամենքն ալ, գիտակցաբար, թե անգիտակցաբար, հաղորդակից էին զարհուրելի աղետին, որ անցեր էր երկրին վրայեն:

Գիշերային պայծառ երկինքը կնշուլեր իր անհամար աստղերով. թարմ հերկված հողի բուրումնավետ արտաշնչում մը հաճելիորեն կբարձրանար դեպի մեզ. գեղջկական պարզ ընթրիքեն հետո նստած պատշգամբին վրա մտիկ կընեինք տեղացիները․ կիներն ու տղաքը քաշված էին և մեր դիմացը, շուրջանակի, ծալլապատիկ նստած էին ամեն տարիքե և աստիճանե գյուղացիներ․ մեր հարցումներուն կպատասխանեին չափավորությունով և լրջությունով: Դիտեցինք, որ մեծ անաչառություն կար իրենց դատոդություններուն մեջ, և եթե անոնք նույնիսկ պահ մը չէին մտածած խոնարհիլ թշնամիին առաջք, մյուս կողմանե՝ ատելություն ալ չկար իրենց բացատրություններուն մեջ այն դրացի և խաղաղակյաց թուրքերուն համար, որոնք թշնամիին ցեղեն էին. նույնիսկ երախտագիտությամբ կհիշատակեին բոլոր այն դրվագները, որոնցմով կապացուցանեին, թե իրենց դրացի իսլամներեն շատեր վեհանձնությամբ և կյանքերնին վտանգի դնելով պաշտպանել էին զիրենք.

- Մեր դուշմանը՝ իրենց ալ դուշմանն է. օր պիտի գա, որ ամենքն ալ պիտի հասկնան…:

Մեզի պատմեցին Մյուֆետ գյուղի դեպքը: Ղարսեն հինգ ժամ հեռու էր, երեսուներկու տնվոր․ թշնամին կհարձակի և կայրե եկեղեցին և տասնյոթը տուները․ թեև գյուղացին ինքնապաշտպանություն կընե, բայց գյուղը բացարձակ կործանումե կազատի շնորհիվ Հյուսեին Էֆենդիի որդի Մահմուտ հոճային:

Կռիվն անհավասար կըլլար, թե գյուղացիներու փոքր թվին և թե իրենց որսի զենքերու տկարության պատճառով․ բայց հոճան իր տունը կհավաքե կռվողները, զիրենք կսրտապնդե, կգերագրգռե իրենց ինքնապաշտպանության սրբազան խանդը, ու երբ թշնամին կրկին հարձակում կգործե, կգտնե հոճան կյավուրներուն գլուխն անցած:

Հուզմունքի տաք-տաք արցունքներ կիջնան սևցած և խորշոմած դեմքերու վրա, մինչև ուրիշ մը կներկայացնե ուրիշ դրվագ մը.

- Ես Պահճե գյուղացի եմ, Ղարսեն չորս ժամ հեռու, մեր գյուղը կբնակեր Պոյրազ Քյոսե, որուն հայրն ու մեծ հայրը մեռած էին ժամանակավ Զեյթունի մեջ հայերու ձեռքով: Այդ ընտանիքին անդամները մեծ բարեկամություն և ակնածանք կցուցնեին հայերու և չէին դադրեր պարծենալե, թե իրենց հայրն ու մեծ հայրը ճշմարիտ քաջերու ձեռքե մեռած են: Դեպքը պատահեցավ ու անոնք մեզի պաշտպանեցին. կտրիճ էին. ո՛չ թշնամիին թիվը, ո՛չ անոնց զենքերուն տեսակը զիրենք կվախցներ. հարյուր հիսուն հայ իրենց կյանքը կպարտին Պոյրազ Քյոսեին: Օր մը իր բացակայաթենեն օգուտ քաղելով դուշմանը եկավ մեր վրա. այն օրն ալ Քյոսեին կինը գլուխը կեցավ և կրցանք մենք մեզի պաշտպանել:

Այս պատմություններն ընդհատվեցան Ճին Թորոսի երևումովը․ անիկա նույն օրը գացեր էր շրջակայքը պտտելու և այդ պահուն միայն հասեր էր Ղարս-Բազար: Մեծ խանդավառությամբ ողջունեցին զինքը, և մեր դիմացը բոլորակի նստող գյուղացիները տեղ բացին իրեն: Անիկա բարձրահասակ և հաղթանդամ մարդ մըն էր, որ ճորճորալով կառաջանար պատշգամբին վրա. մութ ըլլալուն՝ անմիջապես չտեսանք իր դեմքը․ բայց երբ անիկա իր կարգին ծալլապատիկ նստեցավ, մեջտեղը դրված խոշոր լապտերին լույսով որոշեցինք իր դիմագծերը: Թուխ էր մյուսներուն պես և դեմքն արևին տակ կնճռոտած․ իր աչքերը կփայլեին արտասովոր, գրեթե հիմարական փայլով մը, ու ինքն ամբողջությամբ գինովի երևույթ ուներ․ կարծես արբեցած ըլլար իր անակնկալ, իր արտակարգ հաջողությունովը: Երբեմն փառապանծ, երբեմն խոնարհ, անիկա կճաշակեր իր հաղթանակը, իր լռության մեջ: Պահ մը ամենքն ալ լռեցին և նայվածքներով գգվեցին այդ հերոսը: Անիկա Ղարս-բազարցիին շփացած տղան դարձած էր. տեղին երևելիներն իրարու հետ կմրցեին՝ անոր ծխախոտ հրամցնելու. և անիկա երբեմն կծեքծեքեր, երբեմն կպատասխաներ առնական խստությունով, երբեմն կհեգներ և ձեռքովը կզարներ ընտանեկաբար իր քովը նստած տարեց և լուրջ ագարակապետի մը ծունկերուն.

- Էհ, հե՜յ… ժամանակները փոխվեցան… ոտքերնուդ փոշին չէի, իսկ այսօ՜ր…:Մի՞տքդ է, Կիրոս էմմի՛, մի՛ ուրանար, եթե խաղաղ ատեն գայի՝ ափ մը ցորեն ուզեի կմերժեիր, իսկ այսօ՜ր...

- Այսօր ամենքս մեկ ենք, հողի հավասար եղանք, մալս մյուլքս չմնաց… ես ալ իմ տեղս մարդ էի… դրամ չունեցողը զրո է այս աշխարհիս մեջ…:

- Դեռ քանի մը օր է, որ դրամ չունիս, ես միշտ այդպես եմ եղած… բախտը կփոխվի, ֆելեկին անիվը կդառնա՜…:

Իր հեգնությունն այդ տառապյալ մարդոց մեջ մեզի անհարկի կթվեր ու անհանգիստ կզգայինք ինքզինքնիս. բայց երբ կխոսեր այն օրերուն վրա, իր գինովի և խենթի արտահայտությունը կմեղմանար, լուրջ, խոհուն և հանդարտ երևույթ մը կառներ ու կհիշեր ինչպես ամենեն նվիրական դրվագն իր կյանքին.

- Ափսո՜ս այն օրերուն… կյանք կար ու կապրեի՜նք… է՜յ հե՜յ… երբ ամեն րոպե կկարծես թե վերջինն է, կյանքն ուրիշ համ մը կունենա. հոգինիս ակռաներուս ետևեն էր, եթե քիչ մը թուլնայինք՝ կմեռնեինք…:

Ուշ ատեն մեզ շրջապատող տեղացիները ցրվեցան, ու երկու պառավներ, որոնք անքուն կհսկեին մեզի, առաջնորդեցին չարտաքը, մեզի համար որոշված տեղը…: Հակառակ մարդկային կարողութենե գեր ի վեր չափով մը հոգնած ըլլալնուս, չկրցանք քնանալ. աչքերնիս հառած աստղազարդ երկինքին, մինչև արշալույս մտքերնիս աշխատեցավ տարուբերելով այլ և այլ տեսակե պատմություններու մեջ…: Երբեմն ծերունին էր, որ կներկայանար իր դողդոջ մորուքով և իր խոսքերուն դառն և անմխիթարելի իմաստով. երբեմն հայ կինն էր իր մազազուրկ և թշվառութենե տգեղցած գլխով, իր բողոքներով և պաղատանքներով: Ահավասիկ նաև ինքնապաշտպանության խրոխտ և ամոքիչ դրվագները, դպրոցը, նոր հարսի սենյակին պատն ի վար կախված հրացանները, ու քահանան, ու Ճին Թորոսը ու հայերը պաշտպանող թուրքերը, որոնց մեկուն հայրը և մեծ հայրն ալ սպաննված են եղեր Զեյթունի մեջ հայերու ձեռքով…:

Հետևյալ առավոտուն կանուխեն ճամփա ելած էինք և միջօրեի արևին շեշտակի և անողոք ճառագայթներուն տակ, սայլը կերթար արդեն հոգնած իր անդադար գնացքեն: Ճերմակ և արևակեզ ճամփուն վրա ձիերուն պայտերը չոր և կտրուկ աղմուկ մը ունեին և իրենց հետզհետե ավելի դանդաղող քայլերը փութացնելու համար՝ սայլապանին մտրակը կբարձրանար շաչելով: Ծարավը կտանջեր մեզի, բայց ճամփուն վրա հանդիպած բոլոր ջրհորները կասկածելի էին. դեպքի հաջորդող օրերուն այնքան շատ դիակներ նետված էին այդ հորերուն մեջ…:

Հարթ, տափակ և մերկ տարածություններ մեզի կշրջապատեին. արևեն խանձած, ճղճիմ և հողին փակած վտիտ բույսեր հազիվ թե կգունավորեին արտերուն գորշությունը, մեր աչքն առածին չափ տեղ՝ ոչ մեկ ծառ, ոչ մեկ բնակություն, կարծես անապատի մը մեջեն կերթայինք: Իրիկվան դեմ միայն, երբ մոտեցանք Օսմանիեի, տեղ-տեղ նշմարեցինք կացինով տապալած ծառի բեկորներ և մոխրակույտեր. խանձած ճյուղեր ասդին-անդին տարածված․ մարդկային կմախքներու տպավորությունը կձգեի․ ասոնք հրդեհված ագարակներու կամ քանի մը խրճիթներե բաղկացած գյուղակներու հետքերն էին:

Ժամեր ու ժամեր կանցնեին այսպես․ սայլը կթավալեր անդադար ճերմակ ճամփուն վրա, ու մենք կռթնած բարձերու, ուժգնորեն ցնցվելով ամեն րոպե՝ կջանայինք մեր տպավորությունները հաղորդելու իրարու: Բայց մեր խոսքերը կկտրատվեին կարծես տապարի հարվածներով:

Ավելի հաճախ լուռ կմնայինք ու աչքերնիս սևեռած մեր դիմացը, կհետևեինք մեր հիշատակներուն ընծայած պատկերներուն… Երբեմն սայլը, սայլապանը, ձիերը մրափելու երևույթ ունեին․ մտրակը կախ կմնար ու կքաշվեր հողին մեջ, ձիերը գլուխներնին կխոնարհեին, ու սայլը կգլտորեր ճամփուն պզտիկ քարերուն վրա ոստոստելեն: Բայց ահա կառապանը կուշաբերեր, մտրակը կշաչեր, ու ձիերուն պայտերը կզարնվեին համաչափ և արագ հարվածներով:

Երկինքն անամպ և պայծառ կապույտով մը մեզ կշլացներ. արևը կհակեր երկնակամարին վրա ու մեր սայլին շուքը հետզհետե ավելի կերկարեր, երբ մեզ շրջապատող անապատային չորության և ամլության մեջ նշմարեցինք առաջին անգամ մութ կանաչ ծառերու անտառ մը…: Հովանավոր և տարածուն այլևայլ տեսակե բազմերանգ կանաչություն մը ներկայացնող այդ խիտ բուսականության մեջեն անհամար նոճիներ կսլանային… ասդին-անղին կտեսնեինք ճերմակ մինարեներու նրբին սիլուեթները. Օսմանիե հասած էինք:

Ո՞վ կրնար երևակայել, թե այդ հրաշագեղ գեղեցկությունը կծածկեր ահռելի ոճիր մը և ավերակներ: Շնորհալի և ճկուն նոճիները կտատանեին իրիկվան հովին ներքև, որը դեռ մինչև մեզ չէր հասներ, բայց արդեն կուտար զովության և խաղաղության զգայնությունը մեր՝ տաժանելի ճամփորդութենեն պարտասած և հեղձուցիչ տաքենպա պակած մարմիններուն։ Անիկա, առաջին անգամեն, երազի մը պես էր և անհավատալի, կարծես խուսափուկ և անիրական երևույթ մը ըլլար:

Հետզհետե կմոտենայինք:

Օսմանիե լռին էր, իբրև թե անմարդաբնակ ըլլար. թռչուններու ճռվողյունը և հավերու կռկռոցը միայն կլսեինք: Այլևս կմտնայինք ծառերու հովանիին տակ ու կանցնեինք ցանցառ քյոշկերու առաջքեն, որոնք շրջապատված էին ընդարձակ պարտեզներով: Առաջին մարդկային արարածը որ տեսանք՝ թուրք կին մըն էր, պերճորեն բարձր հասակով, որ արագորեն կերթար ճամփան եզերքեն: Իր քայլվածքը, հագուստը, գլուխը բռնելու եղանակը գեղջկական ոչ մեկ բան ունեին: Ընդհակառակը քաղաքացիի և ազնվականի հով մը կար իր վրա, որ մեզ կապշեցներ: Երբ սայլը մոտիկցավ, հետաքրքրված անոր աղմուկեն, կինը կեցավ ու մեզի նայեցավ: Երեսը ծածկող սև գրեթե թափանցիկ շղարշին ներքևեն իր ծնոտին նուրբ գիծն ու աչքերը, որոնք հանկարծ ժպտուն դարձան և բարևեցին մեզ:

Այդ չարիքի և ոճիրի անգիտակցությունը հաճախ պիտի ներկայանար մտքիս պահ մը հետո, երբ Օսմանիեի աղետը հայտնվեր էր մեզ, իր խուժդուժ, անողոք, հրեշային մանրամասնություններով: Միջոց մը դեռ անցանք քյոշկերու առաջքեն: Ծառերուն սոսափյունը,թռչուններուն ճռվողյունը,բնությունն իր այլազան արտահայտություններով կամոքեր մեր ճամփու հոգնությունները: Ու ահա մտանք բուն իսկ քաղաքին մեջ, անցանք շուկայեն, ուր կրպակներու առաջք ցած աթոռներու վրա նստած մարդիկ, անտարբեր երևույթով, աչքերնին դանդաղորեն կբարձրացնեին մեր վրա: Պահ մը նարգիլեին կլկլոցը կդադրեր` անմիջապես վերսկսելու համար, ու Օսմանիեի այդ ամենեն բազմամարդ ճամփուն վրա կատարյալ լռություն կտիրեր:

Կարծես մարդիկ համր և խուլ էին. միայն երբեմն սառ ծախող տղեկի մը երկարաձգվող կոչը կլսվեր ողբագին աղաղակի մը պես:

Ո՞ւր պիտի կենանք, որո՞ւ պիտի դիմենք այս օտար քաղաքին մեջ. ո՞ւր պիտի ընտրենք մեր հանգրվանը. նախապես գիտեինք թե ոչ եկեղեցի մնացած էր, ոչ դպրոց. հայկական ոչ մեկ երդիկ, ուր երթայինք հյուրընկալություն խնդրելու.

- Կա՛, կա՛,- կկգոչե սայլապանը, անգամ մըն ալ շաչելով մտրակը, - մեկ տուն մը միայն ազատված է, որվհետև թուրքերուն շուկային մեջ ըլլալուն՝ չեն ուզած զայն այրել շրջակա իսլամ տուներուն չվնասելու համար, հոն ապաստանած են Օսմանիեի մնացած հայե րը… այրիներ,և որբեր…:

Սայլը կեցավ… մինչ տղոց երամ մը շրջապատեց մեզի, ամեն տարիքե և սեռե, ցնցոտիներ հագած, մազերնին թնջուկ, աչքերնին հիվանդոտ, շրթունքներնին վերքոտ՝ կրելով այն մասնավոր կնիքը, որ այլևս մեզի ընտանի դարձած էր.- արկածյալներու կնիքը:

Այն տունը. ուր իջևանած էինք, ընդարձակ էր և բազմահարկ, շրջապատված ընդարձակ պարտեզով մը, ամեն հարկերը լեցուն էին այլևայլ աստիճանի արկածյալներով: Եղերական պատկերը, որ կներկայանար աչքիս՝ անմոռանալի էր. խումբ-խումբ, թե առանձին այրիներ՝ պատառատուն հագուստներով, սգավոր մայրեր, խարխափող կույրեր կողբային անդադար: Օրեր և շաբաթներ անցեր էին դեպքեն ի վեր, բայց իրենց սիրտերը բզկտող ցավը չէր մեղմացեր. ապշահար տղաք կդեգերեին իրենց ծնողներուն շուրջը և իրենց նայվածքներուն հասունությունը սրտառուչ էր: Երբ այրիները մեզի տեսան, պահ մը դադրեցան հեկեկալն ու իրենց արցունքե ուռած կարմրած աչքերը դարձուցին մեզի. ու կարծես իրենց ցավն արծարծվեր մեր ներկայութենեն, վերսկսան արտասվել ավելի եռանդով:

Թշվառությունն ու աղտեղությունն աննկարագրելի էին. նույնիսկ սանդուղներուն վրա խճողված կիներ ու տղաքներ կային. ծծկեր տղաք կճչեին իրենց մորը պարապ կուրծքերեն կախված, որովհետև հուզմունքն ու անօթությունն ամենեն հարուստ կուրծքեր անգամ ցամքեցուցած էին: Նորատի մայրեր ցավագարի ծամածռություններ ունեին և հուսահատութենե ջղագրգռված կգոչեին սուր ձայներով:

Տանը երկրորդ հարկը նույնպես խճողված էր արկածյալներով. մեզի առաջնորդեցին այն սրահը, ուր ատենոք հյուրեր կընդունեին: Ծվիկ-ծվիկ եղած բազմոց մը միայն հրաշքով թողացեր էին թալանալ ները. այդ բազմոցին վրա տեղավորցուցին մեզի և սկսան շուրջերնիս հավաքվիլ: Հետզհետե ընտելանալով մեզի հետ՝ մոտիկցան մեզի. տաք և առատ արցունքներ կհոսեին տանջված դեմքերու վրա և նախապես ոչ ոք կրցավ կանոնավոր բան մը բացատրել:Զարհուրելի ատելությունով մը վարվեր էին Օսմանիեի մեջ. բոլոր տուներն ու խանութներն այրած էին ու, այդ տունը ապաստանողներեն զատ, բոլոր մնացյալ քրիստոնյա բնակիչներն ալ սուրե և հուրե փչացած էին: Անոնք, որ հրաշքով ազատած էին, խենթի պես էին, որովհետև անընդհատ կապրեին այդ օրերու ահռելի հիշատակներովը:

Արկածյալները կցկտուր բառերով կխոսեին և կջանային մեզի փոխանցել իրենց կրած տառապանքներուն ամբողջ արհավրալի ի րականությունը: Իրենց կուրծքերը կելևէջեին ամեն մեկ խոսքին ու մենք գրեթե բան չէինք հասկանար ու միայն կզգայինք իրենց ան սահման, անմխիթարելի վիշտը:

Նույն միջոցին՝ վրա հասավ Հաճի Սառա, տարեց կին մը, որ ա մենեն դժբախտն արկածյալներում, դարձեր էր նաև անոնց պարագ լուխը: Բարձրահասակ և հաղթանդամ կին մըն էր և պատշաճորեն հագված սև հագուստներով: Մազերը նույնպես ծածկված էին սև քողի մը ներքև, իր վիշտով և դառնությունով լեցուն աչքերը կփայլա տակեին իմաստությամբ: Իր սեղմված շրթունքներեն ելած ամեն մեկ բառ հաշվված և չափված էր. անիկա ակնածանք կազդեր մյուանե րուն, որոնք կուրորեն կհնազանդեին իրեն: Իր ամեն փափագները հրամաններու պես անմիջապես կգործադրեին և այրիներն իրենց տաժանելի և անել կացությանը մեջ, անոր խորհուրդներուն կհետևեին:

Երբ Հաճի Սառա եկավ նստեցավ մեր մոտ, ծանրությամբ բարևեց, բարի գալուստ մաղթեց, և հետո, իմանալով մեր այցելության նպատակը, պատմեց դեպքն իր մանրամասնություններով և մեծ ճշտությամբ.

-Ապրիլ 2-ին գիշերը դեռ ոչ մեկ բանե տեղեկություն ունեինք: Գիշերը գյուղերը լուր ղրկեր և րետիֆները հավաքեր էին: Այս բանը լսելնուս՝ քիչ մը շփոթվեցանք. իսլամ գյուղերե եկողներ կպատմեին, թե մեծ գրգռություն կա մեջերնին և սպառնալիքներով լեցուն են: Հետևյալ առավոտուն կանուխ. Օսմանիեի հայերեն քանի մը հոգի ժողովուրդին կողմե գայմագամին գացին և հարցուցին, որ եթե վտանգ մը կա՝ ի՞նչ կրնան ընել ինքզինքնին պաշտպանելու համար. «Հոգ մի՛ ընեք,- պատասխաներ էր անիկա, ձեզի համար բան չկա»: Մեր մարդիկ դեռ չէին տուն դարձեր՝ երբ դուշմանը հարձակվեցավ մեր տուներուն վրա: Չորս ժամվան մեջ ամբողջ քաղաքը փչացուցին. 600 հոգի մեռան սուրե կամ հրդեհե: 250 հոգի ապաստանած էին եկեղեցին, անոնք ալ ամբողջովին այրեցան: Կառավարության դիմողները սվինե անցան, թուրք տան մը մեջ հայ կիներու աչքին աոաջ 22 հոգի կացինով և դանակով մեռցուցին: Փախստականները հրացանով կզարնեին ու անոնց կիները կտանեին կառավարության հանձնելու: Տասներկու օր շարունակ, դեպքին միջոցին պահվտած ու հետզհետե երևան ելլող մարդիկ սպաննեցին, ահավասիկ…»:

Հաճի Սառա լռեց, իր շրթներն ավելի սեղմվեցան, կծկվեցան. աչքերը պիշ կնայեին հեռուն, անորոշ կետի մը. ու ատենը մեյ մը ուսերն անըմբռնելի ցնցում մը կունենային:

Դարձյալ մեզի դարձավ ու խստությամբ ավելցուց.

-«Քանի մը խեղճ մարդիկ, ասդին-անդին ծածկվելով և օրերով խոտ և հող ուտելով, ազատեր էին: Երբ տասնհինգ, քսան օր ետքը, երևան եկան, կառավարությունն իրար անցավ, շփոթվեցավ, թե ինչպե՞ս կըլլա, ո՞ւր ծածկվեր էին, ինչո՞վ դիմադրեր էին…: Ո՜ւ ձերբակալվեցան»: Հաճի Սառա ուսերը թոթվեց քանի մը անգամ ու շարունակեց.

-«Հարցաքննությանց պահուն՝ այնպիսի հարցումներ ուղղեր էին, որ կարծես ըսել կուզեին. «Ինչո՞ւ ազատեցաք, ինչպե՞ս կըլլար, որ կապրիք»…: Անդին՝ ոճրագործություննին ապացուցված մարդիկ ազատ արձակված են ու երբ մեր քովեն կանցնին կդառնան լրբությամբ, կնային երեսներնիս… ահավասիկ»:

Հաճի Սառա իր պատմությունն ավարտած էր, երբ ասդին-անդին ցրված ցանցառ հայեր լսելով մեր ժամանումը՝ եկեր էին մեզի տեսնելու. կիներ, դարձյալ կիներ, հետո հաճնցի ուսուցիչ մը, որ ազատեր էր Զատկի արձակուրդի պատճառավ մեկնած ըլլալով Օսմանիեեն: Նիհար և պզտիկ մարդ մըն էր այս վերջինը, համակրելի երևույթով, որուն չքավորությունը պարզապես կըմբոստացներ մեզի, մաքուր և ընտրված ոճով մը կխոսեր և նույնպես շատ չափավոր էր իր բացատրություններուն մեջ: Աղետեն անմիջապես ետքը վերադարձած ըլլալով Օսմանիե, անմիջապես ձեռնարկեր էր աշխատության և պատրաստեր էր այրիներու և որբերու ցանկը: Կարճ էր այդ ցանկը բաղդատմամբ ուրիշ տեղերու: Ու երբ հայտնեցինք մեր զարմացումը, բացատրեց.

-Օսմանիեի մեջ կիներն ու տղաքը հրդեհի զոհ գացին:

Ինչպես ամեն տեղ, հոս ալ ընդառաջ երթալով մեր փափագին՝ առաջնորդեցին մեզի ավերակներն այցելելու:

Անգամ մըն ալ արկածյալներուն չարաբաստիկ թափորը զգացինք մեր ետևը: Բայց Ղարս-Բազարի պես չէր. ամենուն սիրտերը կվառեին անդարմանելի սուգով… այրիներ ու մայրեր էին մեզի հետ եկողները: Ու մինչ որբերը վազելով կերթային իրենց ընտանի ճամփաներուն վրայեն, սգավորները լուռ և վշտահար կքալեին սիրելիի մը հուղարկավորության գացողի մը պես:

Հանկարծ կեցան ու մենք ալ հնազանդեցանք իրենց: Դիմացնիս կպարզվեր անվերջանալի հաջորդություն մը պարտեզներու. թթենիներու խիտ շարքեր տեղ-տեղ անտառակներ կկազմեին ու ծառերու մեկ խումբեն մյուսը, մեկ պուրակեն մյուսը պատատուկ, պտուտքող և մագլցող խոլ բուսականություն մը հովանիներ կկազմեր, կլիսիններու ողկույզներն իրենց ծանրութենեն կդողդոջեին, ու որթատունկերու ծիլեր կթրթռային ոստերուն վրա: Կապույտ և անբիծ երկինքին վրա արևը կճառագայթեր վեհապանծ գեղեցկությունով մը, ու անհամար ճաճանչներ մաղվելով տերևներուն և խիտ ճյուղերուն մեջտեղվանքեն կերթային կխաղային շուքերու մեջ բեկբեկվելով և լույսի քմահաճ խաղեր ու արատներ հորինելով…:

Այդ պարտեզներուն մեջ էին Օսմանիեի ավերակները:

Առաջին նայվածքով ոչ մեկ բան կարելի չէր նշմարել: Թաղեր չկային հոն, այլ պարտեզներու մեջ առանձնացած տուներ, ու թշնամին մեկիկ-մեկիկ այրած էր այդ տուները:

Խոր ու հանդիսավոր լռություն մը կշրջապատեր մեզի, կարծես բնության ներշնչած սքանչացումն ալ ավելի սուր ցավով կանդրադարձներ մեզի աղետին:

Քանի մը քայլ առինք ու, այդ շպարող գեղեցկության ներքև, երևան եկավ ցուրտ, գերեզմանային իրականությունը: Ընդարձակ տան մը ավերակն էր. տերերը չկային, ամենքն ալ սպաննված էին, և ավերակներու մոխիրներուն մեջ խառնված էր նաև դժբախտ տնեցիներուն աճյունները, ո՛չ այրի, ո՛չ որբ կար այս տունեն, բայց ուրիշները կուլային ավերակներու վրա և նույն սրտագին եղանակով, որ կխոսեին իրենց սիրելիներուն վրա, կխոսեին անհետացածներու մասին: Ու մինչ արկածյալները հետզհետե ավելի եռանդով կսգային, ինծի կթվեր, որ տանը ոգին կանգուն կեցած մեր դեմ խոժոռ ու եղերական՝ մտիկ կըներ մեզի…:

Ետև դարձանք ու միջոց մը թափառեցանք թթենիներու պարտեզի մը մեջ… «արդյոք կարելի է՞, կարելի է՞…» կխորհեի մեքենաբար, երբ խելագարված այրիի մը կցկտուր մեկ երգը սթափեցուց զիս. տղաքն ալ ավելի կմոտիկնային մեզի, ցույց կուտային շատ մը ուրիշներու, ուշադրութենե վրիպած կետեր, կշահագրգռվեին մեր խորհրդածություններով, մեր ցավի և ըմբոստության աղաղակներով: Մեր առաջքեն վազելով գացողները կվերադառնային մարդկային ածխացած ոսկորներով և կպատահեր երբեմն, որ գտնված կերպասի կտորե մը կամ որևէ առարկայե մը ճանչնային իրենց ծնողքներուն կմախքները…:

Արահետներեն անդին, որոնք ծածկված էին գետնին վրայեն սողոսկող և մագլցող բույսերու առատության մը ներքև, գտանք քանդված օջախներ… փսիաթի խանձած կտոր մը հրաշքով մնացեր էր: Չափահաս աղջիկ մը մոտեցավ կեցավ դիմացը ու հետո մեզի դառնալով ըսավ.

- Հայրս հոս կնստեր…

Իր թուխ ու համակրելի դեմքին վրա արցունքները չէին թափեր ու ուրիշ բան ալ արտասանելու անկարող էր: Երբ իր մեռելի պես ճերմակ շրթունքը շարժեց խոսելու, կարծեցինք, թե իր վիշտն ու գանգատը պիտի հայտներ, բայց անիկա ցավագին խելահեղ նայվածքը մեր աչքերուն հառելով կրկնեց պարզապես.

- Հայրս հոս կնստե՜ր…

Հետզհետե մեր սրտին անձկությունն այնպիսի սաստկության մը կհասներ, որ ֆիզիկական ցավ կպատճառեր: Անորոշ մրմունջ մը կպտուտքեր այրիներու շրթունքներուն վրա. կերգեի՞ն թե կաղոթեին… իրենց ցավին հիմարեցուցիչ արբեցությունը կպատեր նաև մեր գլուխները. աշխարհիս վրա ոչ մեկ տեղ գոյություն չէ ունեցած այդպիսի դժբախտություն: Մայրեր քանի մը անգամ սգավոր էին, այրիները չէին գիտեր, թե իրենց ամուսինի՞ն, հո՞րը, թե եղբորը վրա լան. և յուրաքանչյուրին բազմապատիկ վիշտն ալ ավելի կընդլայնվեր հավաքական դժբախտության մեջ:

Երբեմն ալ քարացած ու անշարժացած իրենց ցավին մեջ, անտարբեր կթվեին, բայց հանկարծ ցավագարի պես աղաղակելով կխոսեին ու կխոսեին, լորձունքը կվազեր թուլցած շրթունքներե, արցունքները կժայթքեին ու գալարված մատներով կուրծքերնին կբզկտեին, մազերնին կփետեին ու այսահարի պես անդամներնին կպրկեին մինչև որ անկենդան իրի մը պես թավալգլոր իյնային իրենց տանը մոխիրներուն մեջ:

Շատ տեղ հայերը փախած ըլլալով հրդեհված տուներեն, հրացանով զարնված էին…: Դեպքին հաջորդ օրերուն դիակները թաղած էին ավերակներուն քով, այնպես որ յուրաքանչյուր մոխրացած տան կողքին կգտնեինք մեկ կամ երկու հողակույտեր: Ամեն անգամուն արկածյալներու խումբին մեջեն հերարձակ մայր մը կվազեր դուրս, և հաճախ ճերմակ մազեր, բամբակի ծվեններու պես, կթռչկոտեին մեր շուրջը: Իրենց ցավին կատաղությունն այնքան սաստիկ էր, որ եղունգներով երեսնին կճանկեին կուլային ու կերգեին…

Նազլու էր զավակս
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Մարթինով զարկին զավակս,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…


Պահ մը կկենայինք իրենց քով և ուրիշ այրիներ կամ սգավոր մայրեր կջանային մխիթարել հողակույտին վրա լացող մայրն ու զայն հեռացնել իր զավկին գերեզմանեն. բայց ասիկա անկարելի էր. իրենց ցավեն արբեցած, աշխարհը մոռցած ու մեզի համար խուլ դարձած կշարունակեին լալ: Ու երբ հարկադրված կմեկնեինք, իրենց աստիճանական հեռավորություններեն այլևայլ հողակույտերե կլսեինք լացող ու ցավագին երգը.

Նազլու էր զավակս
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Մուրատդ չառիր աշխարհես,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Կարոտս չառած քեզ կորսնցուցի
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…


Բայց ահա բարձրացավ ահավոր աղաղակ մը. ապառաժներ կարծես կճաթեին… մարդկային կուրծքե՞ կելներ այղ ողբը, թե բնությունն իր տարերային զայրույթը կգոչեր. Հաճի Սառան էր իր տանը քով երեք կտրիճ զավակներու հողակույտին վրա…

Մարթինով զարկին գավակս,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Որդերու կեր եղար գավակս,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Յարալու գլուխդ սև հողին դրիր,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Լույս աշխարհը սև հողով ծածկեցին քենե,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…


Մինչ հեռուներեն հետզհետե ավելի մարմրելով կուգա ուրիշ կիներու ձայնը

Նազլու էր զավակս
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…

Ասդին ավերակի պատի մը կռթնած նշմարեցինք դողդոջուն ծերունի մը, որ արձագանքի պես կպատասխաներ այս ամեն կողմե եկող ողբագին երգերուն.

-Օ՜ֆ… օ՜ֆ… օ՜ֆ…:

Երբ ավերակներու շրջանն ըրինք, գրեթե այլևս մինակ մնացած էինք. անկարելի եղած էր կիները քաշել հանել իրենց սիրելիներուն հողակույտերեն…: Նույն միջոցին մեր մոտը եկավ հաճնցի ուսուցիչը և առաջարկեց երթալ այրած եկեղեցիին տեղին վրա: Միթե այլևս ուժ մնացա՞ծ էր մեր մեջ, զգալու և տառապելու, ի՞նչ նոր բան, ի՞նչ դժխեմ պատկեր կսպասեր մեզի, անսահման հոգնությունով մը ջլատված կզգայինք ինքզինքնիս ու կարծես կտենչայինք հավերժապես քնանալ մեր վշտին մեջ:

Անցանք դարձյալ պարտեզներե ու տեսանք ուրիշ անտեր մնացած ավերակներ ու հողակույտեր: Արևը մարը մտնալու մոտ էր և ամեն բան մեր շուրջը վարդագույն երանգ մը ստացած: Իրիկվան գաղջ հովը կերգեր սաղարթագեղ ծառերուն մեջեն ու կառչելու ճյուղ փնտրող պատատուկ բույսեր կտարուբերեին միջոցին մեջ: Տեղ-տեղ այրված, արմատախիլ բուսականություն մը. ավերումը տարածվել էր մինչև հոն: Բայց մայր բնությունը կարծես շտապող եռանդով մը կծածկեր կոխոտված հողն ու շատ մը խանձած ծառի կոճղեր ծիլեր կարձակեին:

Վերջապես հասանք եկեղեցի. չորս խանձած պատեր և ճերմակ մոխիրով ծածկված գետին մը: Հոդ ապաստանող դժբախտներն ամենքն այրած էին և գետինը, բառական իմաստով, ծածկված էր մարդկային այրած ոսկորներու մանր մասնիկներով…: Արևուն տակ ճերմակ էին անոնք սադափի տժգունթյամբ և պատերու շուքին տակ մանիշակագույն երանգ մը ունեին… ու տեղացիները կպատմեին, որ մութ գիշերներու մեջ փոսփորային լույս մը ցայտելով այդ մասնիկներեն կպտուտքեր գետնին վրա: Ցուրտ սարսուռով մը դողդողացինք: Եվ գետին ծռելով ափ մը առի այդ սրբազան մասունքներեն. ափ մը աճյո՜ւն… ճերմակ, մանրիկ ոսկորի խանձած կտորներ… ի՛նչ փչացած կենսականություն, ի՛նչ մարած հրայրքներ ու ավյուն կներկայացնեք դուք, ի՛նչ տենչանքներ ու չիրականացած փափագներ, ու նաև ի՛նչ սոսկում, ի՛նչ արհավափ հոգեվա՜րք…

Մեր աչքերն այլևս նույնիսկ արցունք չունեին թափելու:

Մարդկային հետքեր կային նաև պատերն ի վեր. արյան արատներ, որոնք ձեռքի մը պատկերը կնշանակեին ու նաև ցայտած արյունի հետքեր, պայթած երակներե շատրվանի պես բարձրացած արյունի հետքեր, որոնք որևէ նկարագրութենե ավելի պերճախոսությամբ կպատկերացնեին եկեղեցին ապաստանողներու վերջին ոգորումները…: Զարհուրելի բան էր ասիկա, մարդիկ մեռելներե առաջ զիրար կոխոտած, իրարու վրա բարձրացած ըլլալու էին. հոգևարքներու և վիրավորներու դեզերը ոտքի տակ առնելով ուզած էին փախչիլ ու ազատիլ, որովհետև մարդկային բարձրութենե շատ վեր ձեռքերու հետքեր կտեսնեինք ու երբեմն ալ ամբողջ թևի մը պատկերը՝ պատին փակած նկարներուն ու բզկտված երակներուն միջոցավ… ու հոն Օսմանիեի եկեղեցիին պատին վրա գտանք նաև արյունով գրված արձանագրություն մը. մուխը և բոցը սողացեր էին մինչև հոն ու ետ դարձեր էին արտակարգ դիպվածավ մը: Մեզ ընկերակցող ուսուցիչը կենթադրեր, թե ուրիշ հաճնցի ուսուցիչի մը գիրն էր ան, միակ անձը, որ ապաստանողներուն մեջ հրացան մը ուներ և հավանական է, որ այդ նույն ուսուցիչն էր, որ միակ հրազենը պարպած էր Օսմանիեի մեջ, եկեղեցիին պատուհանեն:

Արձանագրությունը հոն էր արդեն, պատուհանին կմախքին քով, կարճ, կցկտուր բայց գերազանցապես թելադրիչ. այդ երեք տողը ոչ միայն Օսմանիեի աղետը կնկարագրեր, այլ ամբողջ ազգային դժբախտությունն ու մեր ցեղին համառող տենչանքը, մշտավառ և իսկական ջերմեռանդությունը և հուսահատության հիմարացուցիչ զարհուրանքը:

Արձանագրությունը կսկսի այսպես.-

«Դեպքը սկսավ ապրիլ 3-ին»… Այդ պահուն դեռ հույս կար, որ պիտի ազատին, դեռ հույս կար, որ արձանագրությունը պիտի շարունակվեր, բայց ահա թշնամին հասել էր մինչև իրենց դուռը, հրացանները կորոտային, մուխը կսպառնար ու կխեղդեր զիրենք, մահը կիջնար իրենց վրա մշտնջենական գիշերի մը պես: Եվ գյուղացի հեք ուսուցիչը, որ շատ քիչ միջոց ուներ իր արևի ու կյանքի ու պայծառության տենչանքը` բացատրելու գտեր էր, խավարային ուժերու մատնված ցեղին դարավոր, հավաքական ու միակ բառը ու գրեր էր աոաջին տողին տակ.-

«Լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս»:

Ու ահավասիկ սակայն դժոխային պատկերը, ժողովուրդը պատսպարող պատկերը կպայթի, կճեղքրտվի, ու բոցը, հրդեհին բոցը, օձի պես կսողոսկի ներս, կճյուղավորվի, կբազմապատկվի ու կծառանա, կգալարվի ու կսլանա ու ահաբեկած մարդու ճիչերուն, աղաղակներուն, վայնասուններուն, ցավի ու սոսկումի գոչերուն մեջ կպտուտքի սուլելով ու լափելով: Դուրսը, թշնամին, անհագ ատելությունով վառված, կզարնե փախչողները, կոռնա պատուհաններուն ներքև: Ու մարդիկ կարմրած հրդեհի բոցերեն, դժոխքի մեջ այրող հոգիներու քստմնելի երևույթը կառնեն ու զիրար կբզկտեն, զիրար կխածատեն, իրարու վրա կդիզվին ու հորդալով կիյնան ածխացած ուրիշ դիակներու վրա:

Ու այն ատեն ուսուցիչը, անկարեկիր Աստվածածինեն և անկարող, Խաչելութենեն աչքերը դարձուցած, կարձանագրե իր երրորդ և վերջին տողը.-

«Այս պահուս Աստված չկա»:

Ափ մը մարդկային աճյունը սեղմած կուրծքիս վրա, հեռացանք եկեղեցիեն: Թեև ժամանակն ուշ էր, ուզեցինք նաև այցելել բողոքականներու ժողովարանը, ուր մեկ քանի քարոզիչներ նահատակված էին Ժողովուրդին հետ: Այդ քարոզիչները պատահմամբ կգտնվեին դեպքին գիշերն Օսմանիե. անոնք ճամփորդ էին և կերթային Ադանա՝ տարեկան ժողովի մը մասնակցելու:

Նույն ավերակները, նույն քստմնելի պատկերը, մարդկային ոսկորները միայն ավելի ցանցառ էին. հոն գտանք պատառատուն և արյունոտ շապիկի կտորներ, հագուստներ, և այլն»:

Գանգոսկր մը մեր ուշադրությունը գրավեց: Վերցուցինք: Տեղացիներ ենթադրեցին, որ քարոզիչ Լևոնյանի գանգն ըլլալու է: Ժողովարանին մեջ անմիջապես անձնատուր չէին եղած ու մանավանդ քարոզիչներ կռվեր էին. բայց իրենց անհավասար կռվին արդյունքը հայտնի էր այն լճացած արյունի արատներեն, որ կգտնայինք տեղ-տեղ. ու հետո վիրավորված փախստականներու հետքերը, որոնք կաթիլ-կաթիլ ինկած արյունով, գրված էին գետնին վրա, ու վերջապես պարտեզի դուռին առաջքը գտանք այլևայլ ուղղությամբ գծված արյունի արձանագրություններուն վերջակետը - տարածված արատ մը խտացած արյունի - պարտեզին դռան վրա արյունի կաթիլներ ժայթքած էին նաև մեկ քանի ուղղությամբ:

Դիակները հոն մնացեր էին. ու արևին և օդին ազդեցության տակ տարրալուծված ու փչացած, այնպես որ մաքրված ոսկորները նահատակներուն ցրված էին գետինը, այդ խտացած արյան շուրջը, ու հոն կային նաև Աստվածաշունչի և անգլերեն գիրքերու փեթռտված էջեր, որոնց մեկուն վրա կարդացի. «Համլետ»:

Անգլիական միտքն այդ դժոխքին մեջ, այդ ոճիրով թաթավուն հողին վրա` հրեշային հակասություն մը թվեցավ ինծի, երբ հանկարծ ցեղին համառ ու անմարելի տենչանքը հաճնցի ուսուցչին ճգնաժամային արձանագրության հիշատակովը ներկայացավ մտքիս.

«Լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս…:

Ու ինծի թվեցավ նաև, որ այդ մոխրացած ավերակներեն, այդ ածխացած ոսկորներեն, մոր և այրիի արցունքեն ու նույնիսկ որբերու ցնցոտիներեն կժայթքեր այդ անպարտելի, այդ կենսաբուխ հավաքական տենչանքը ցեղին: Ու թշնամիին բոլոր սև դավադրություններն անկարող պիտի դառնային անոր վերածնող և անմահական զորության դեմ.

«Լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս…»:

Մութը տարածված էր ամեն կողմ և մենք հավաքված Օսմանիեի միակ կանգուն մնացած տան մեջ. գիշերը հոն պիտի անցնեինք: Այդ պահուն դեռ նոր վերադարձած ավերակներեն և հողակույտերեն, տխուր և անխոս կհսկեինք մեր մտածումներուն վրա. տղու ճիչեր, բեկբեկված և հառաչագին ձայնով երգված օրորներ երբեմն կխռովեին մեր լռությունը: Սրահն ընդարձակ էր և դիմացի կողմեն կառաջանար դեպի պարտեզ ընդարձակ պատշգամի մը նման: Անհամար աստղեր կնշուլեին անամպ երկնքին վրա. քիչ հետո լուսինն ալ բարձրացավ և ծառերուն մեղմորեն տատանող գագաթներն արածաթյա ցոլքերով պսպղացին:

Ծալլապատիկ, այտերնին կռթնցուցած ափերուն, պառավները նստած էին մեր քովը. անդին ոտքի վրա կեցած էին նոր հարսերը, ամենքն ալ այրի. դեռատի աղջիկներ կերթային կուգային ծառայություններ ընելով:

Մեր քովն է նաև Հաճի Սառան, արձանի պես անշարժ ու սև զանգված մը կազմելով մյուսներուն շարքին մեջ: Իր դեմքն ավելի խստացեր էր, հոնքերը խոժոռցեր էին ու աչքերն ուռած էին դեռ նոր թափած արցունքեն:

Վերջապես աղջիկները բերին խոշոր լապտեր մը և դրին գետինը, մեր դիմացը: Աղոտ և տմույն լույս մը դողդոջելով իրիկվան հովեն, կլուսավորեր անշարժ ծունկերն արկածյալներուն և մինչև վերջ չէր բարձրանար, այնպես որ դեմքերը մութի մեջ կմնային: Այս ծանր ու տաժանելի լռության մեջ էր, որ վրա հասավ տեղին քահանան: Կիներու մեջ անորոշ շշունջ մը լսվեցավ, և Հաճի Սառա խախտեցավ իր անշարժութենեն: Մութին մեջ տեսա, որ իր աչքերը կվառեին ատելությամբ և արհամարհանքով:

Քաղաքավարական կարգ մը խոսքեր փոխանակելե ետքը, քահանան հայտնեց, թե իր այցելության նպատակն էր մեր միջնորդության դիմել, համոզելու համար այրիները, որպեսզի ընդունին կառավարության ներկայացուցած ծրագիրը շինությանց մասին: Այդ խնդիրը հրատապ այժմեություն ուներ այն ատենը արկածյալներուն համար: Կառավարությունը հանձնաժողովներ կկազմեր, ամեն հրդեհված վայրերու մեջ ու անոնց կհանձներ ծրագրին մշակությունը: Ընդհանրապես տարտամ բարոյականով մեկ կամ երկու հայեր կգտնվեին այդ հանձնաժողովներուն մեջ, որոնք ստրկաբար ձայն կուտային տեղին մեծամեծներուն քմահաճույքներուն համեմատ: Արկածյալ ժողովուրդին ատելությունն ու զայրույթը չափ չուներ. կճնշեին, կգոչեին, կպաղատեին, ու հետո հոգնած, ամեն բան կլքեին՝ առանձնանալու համար իրենց սուգին մեջ: Ու հանձնաժողովի հայ անդամներն օգուտ կքաղեին այդ րոպեներեն: Օսմանիեի քահանան շինությանց հանձնաժողովի անդամ նշանակված էր. ու խրոխտացած՝ գայմագամին հետ հաճախ տեսնվելե առիթ ունենալեն՝ իր գունաթափ վերարկուին փեշերը ժողվտած կխոսեր ու կհրամայեր` առանց մտիկ ընելու այրիները. անեծքներ, նախատինքներ ու բողոքներ կծածկեին իր ձայնը. ժողովուրդը հրահրված էր զայրույթով և ամենուն ատելությունը կփայլատակեր արցունքներու ետևեն:

Տեղի չպիտի տային. Հաճի Սառա գլուխ կեցեր էր. թշնամին այլևս ի՞նչ կրնար ընել իրենց դեմ, զարնելու տեղ մնացե՞ր էր, որ զարնեին: Մայր մը դողդողալեն` կհեծեծեր. «Զավակներս հողին տակն են, իմ ի՞նչուս պետք, որի՞ համար օջախ պիտի շինեմ. թո՛ղ պակաս ըլլա»: Չպիտի ընդունեին, ու ըմբոստացած իրենց եղած առաջարկեն, կբացականչեին.

- Հինգ կանգուն քառակուսի հյուղակ մը մեկեն մինչև հինգ հոգինոց ընտանիքի համար. գերեզմա՞ն կշինեն կոր, ըսե՛ք:

Երբ ճարահատ քահանան, գրեթե վտարվելով արկածյալներեն, մեկնեցավ, ներկաները հանդարտեցան ու նորեն յուրաքանչյուրն ինկավ իր սուգին դառնության մեջ. կըսեին ու կարտասվեին և ամեն մեկը կմրցեր մյուսին հետ իր ցավով և վիշտով, գովասանքը կընեին անհետացողներուն և կողբային յուրաքանչյուրին վրա առանձին. երբեմն սուր, տիրական հառաչանք մը օդը կպատռեր, և ամենքը լռելով մտիկ կընեին.

- Վա՜խ… Նշանս, վա՜խ…:

Վարի հարկերեն ուրիշ ձայներ կբարձրանային, կխառնվեին հառաչանքներուն, կամբողջացնեին զանոնք.

- Ցավրո՜ւմ… յավրո՜ւմ…:

Հետզհետե ձայները մարեցան ու մեզ շրջապատող պառավները ցրվեցան ասդին-անդին. գետինը տախտակամածին վրա տարածված կքնանային: Անոնք, որ ցնցոտիներ ունեին գլուխներուն տակ, բախտավոր և հարուստ կհամարվեին: Մեր դիմացը լապտերին մեջ մոմը կհատներ և մենք վերջապես հաղթված հանգիստի պահանջքեն, կդիմեինք այն անկյունը, որ մեզի վերապահված էր: Պահ մը ետքը ամենքն ալ պառկած էին, միայն Հաճի Սառային հաղթանդամ հասակը կդեգերեր քնացոդ այրիներու շարքին մեջ…: Այդ քունը թեթև էր ու խռովված էր մղձավանջներով. ամենուն սիրտերը կվառեին ու մինչև որ մենք ալ քնացանք, լսեցինք մեյ մը մեկ, մեյ մը մյուս կողմեն ընդոստ արթնացողներու կոչերը և կամ քունի մեջ եղողներուն զառանցանքները.

- Յավրո՜ւմ… վա՜խ, վա՜խ, վա՜խ:

Արևածագին արթնցանք ծանր քունե մը ետքը. դարձած էինք արևելքին և արևը խիտ և հարուստ բուսականության մը ետևեն կբարձրանար նազանքով. անիկա մեզ կլուսավորեր առանց շլացնելու և զարմանքով կդիտեինք իր հրաշագեղ բոլորակը: Երկնքին վրա վարդագույն և դեղին ամպի ծվեններ հետզհետե կմարեին և կապտորակ շոգի մը կծածաներ միջոցին մեջ հանկարծական ցոլքերով փայլփլուն, այնպես որ կարծես թե ոսկիի փոշի կմաղվեր մեր վրա: Հարավեն և հյուսիսեն մեր աչքերն առածին չափ կտեսնեինք սև և սլացիկ նոճիները, որոնք մեղմորեն կպատանվեին անզգալի սյուքե մը օրորուն: Կարելի չէր երևակայել ավելի քաղցր և ամոքիչ տեսարան մը: Ծառերու և պուրակներու հաջորդություն մը հետզհետե իրենց հեռավորության աստիճանով կներկայացնեին կապտորակ կանանչի անսահման երանգավորում մը, որը ներդաշնակվելով հորիզոնի գծին վետվետող ընթացքին հետ, երաժշտության մը պես կերգեր կարծես: Լույսը, ջերմ ու կենսավետ ժպիտով և խանդավառությունով կլեցներ մեր աչքերը, և առատորեն օդը, բուրումնավետ և գաղջ, փայփայանքի պես կխաղար մեր մազերուն հետ: Սիրտերնիս կարթննար ուրախութունով և երջանկությունով, երբ հանկարծ հիշեցինք…: Երկինքը պայծառ էր ու արևը կշողշղղար հետզհետե ավելի փառահեղ լույսով և ջերմությունով. բայց մեր մտածումներն էին, որ սև ամպերով ծածկված էին:

- Շո՛ւտ, շո՛ւտ…

Սայլապանը կշտապեր, մինչև ես կխորհեի, թե ինչպե՞ս բնության այս գերագույն գեղեցկության մեջ մարդիկ այնքա՜ն ահավոր ոճրագործներ կդառնան:

Սայլը կսպասեր արդեն ու մենք կպատրաստվեինք մեկնելու. բայց արկածյալներն ամբողջովին մեզ շրջապատեր էին ու թույլ չէին տար, որ սայլ մտնենք.

- Ի՞՛նչ, պիտի մեկնի՞ք, ի՞նչու եկաք, ինչո՞ւ կերթաք… մեզ մինա՞կ պիտի ձգեք, մեզ ո՞րու պիտի ձգեք…

Կջանայինք իրենց բացատրել մեր կացությունը, մեր մեկնելու ստիպողականությունը, բայց անոնք մտիկ չէին ըներ, կկառչեին մեզի, քղանցքներնես կբռնեին, կբողոքեին, կպաղատեին, կսպառնային և նույնիսկ կբռնանային.

- Կուգաք, կանցնիք, կերթաք: Հուսացինք ձեզ վրա, օրերով ձեր գալուն սպասեցինք, և հավատացինք, որ մեր ցավին դարման մը պիտի գտնաք, հիմակ նորեն մինակ պիտի մնանք, վա՜յ մեր գլխուն: Երբ կբացատրեինք իրենց հավատքին անհամեմատ մեծությունը մեր վրա, մեր անկարողությունը, գլուխներնին կշարժեին ու կարծես ալ ավելի եռանդով կկառչեին մեզի.

- Հոգ չէ՛, բան մի՛ ընեք, գերիդ ըլլամ, բայց մեր քովիկը կեցեք…

ժամանակը կանցներ, սայլապանը կանհամբերնար, ձիերը խրտչելով կվրնջեին ու մտրակը կշաչեր օդին մեջ: Թուրքեր տեսնելով այդ հավաքումը, այդ վայնասունները խիստ աչքով կնայեին մեզի: Եվ ահա վերջապես միջոց մը հաջողեցանք բարձրանալ սայլը, որ անմիջապես դղրդեցավ ճամփա ելավ և թավալվեցավ շուկային մեջեն:

Մեր ետևեն լսեցինք հետզհետե մարելով, այրիներուն և որբերուն կոչերն ու սրտաբեկ ականջ դրինք անոնց, այդ կոչերուն մեջ մաղթանք չկար, ոչ ալ բարի ճանապարհ, այլ բողոք, գանգատու թերևս անեծք մեր անկարողության համար:

Քանի ժամեր ի վեր ճամփա ելած էինք և Օսմանիե իր նոճիներով և թավուտ պարտեզներով շատոնց արդեն անհետացած էր վարդագույն մշուշի մը ետև: Միջօրեի արևն անգամ մըն ալ իր կիզիչ ճառագայթները կուղղեր մեզի:

Մենք կխորհրդակցեինք մեր ճամփորդության ծրագրին վրա. մտադրած էինք Սիսի մեջ հավաքված դրամը բաժնելով էրզինի բանտարկյալներուն, անմիջապես ճամփա ելլել և նույն իրիկունն իսկ հասնիլ Տյորթ Յոլ: Մտահոգ էինք միայն մեր բանտն ընելիք այցելության մասին, որովհետև եթե դժվարության հանդիպեինք և ուշանայինք ճամփան պիտի մնայինք, էրզինի մեջ բանտարկյալներե զատ հայ չկար. ջանք կընեինք գիշերելու Տյորթ Յոլի մեջ:

Օսմանիեեն մեկնելնուս ի վեր դարձյալ ինկանք անապատային ամլության մը մեջ. տեղ-տեղ միայն եղեգե շինված խրճիթներու խումբ մը մեր ուշադրությունը կգրավեր: Գաղթական թուրքերու բնակություններն էին. արտակարգ թշվառություն մը կար այդ գյուղակներուն երևույթին մեջ. սև, խոշոր գոմեշներ դանդաղաքայլ կառաջանան ու ծարավե ընդարմացած կթվեին: Կիներ անհամար փաթթոցներով գլուխնին բեռնավորված, վայրագ և անասնային բան մը ունեին ու իրենց արևեն ծամածռած դեմքերը տանջված մարդու արտահայտություններ կստանային: Դիտեցինք նաև, որ աղքատությունը, չարքաշ կյանքն ու թերևս զիրենք չարչաչող ատելության միշտ վառ զգացումն այնքան այլափոխեր, կնոջական հատկանիշները ջնջել են իրենց վրա, որ կարելի չէր իրենց տարիքները որոշել. ամենքն ալ խորշոմած պառավի ձև ունեին: Խուսափուկ և շիլ նայվածքով կնայեին մեր սայլին ու խթանը ձեոքերնին կկենային պահ մը. բայց անմիջապես գրեթե ասիացիի հատուկ անփությությունով ավելի ուժգին կմխեին խթանը խեղճ և հանդարտ կենդանիին մորթին մեջ, ու կանցնեին, կերթային:

Ամայի՜, անծառ, անջրդի… հողը կարմրորակ կդառնար ու ապառաժի պես էր. զմրուխտի նման կանանչ մողեսներ կքնանային հողին կուրծքին վրա ու մեր սայլին աղմուկեն սարսափած սողոսկելով կանհետանային տաքեն բացված ճեղքերու մեջ: Երբեմն միայն կնշմարեինք վտիտ և ծառավի խոտի շյուղեր, որոնք գլխիկոր և հաճախ հողին փակած. կչորնային. ու իրենց տեսքն ավելի կշեշտեր շրջակա երաժշտությունը. կարծես թե ամեն բան, եղեգե խրճիթները, գեղջկուհիները, կենդանիները և վտիտ բույսերը ծածկված էին մոխիրով:

Վերջապես օազիսի մը պես երևցավ մեզ Էրզին, որ իր արտաքին երևույթով կնմաներ Օսմանիեի. ծառեր ու նոճիներ. մինարեներն ավելի բազմաթիվ էին: Զգացինք, որ թուրք գյուղաքաղաք մը կմտնենք: Շուկային մեջ կեցավ մեր սայլը և մենք շտապեցինք, քիչ մը կազդուրվելե ետք կատարել մեր գործը. Րամազանի մեջ ըլլալով, պաշտոնատուները գոց, պաշտոնյաները քնացած գտանք: Մտադրեցինք առանց տեղին կառավարիչին արտոնության այցելել բանտը, ու հակառակ մեր անձնավստահության, որ գրեթե միշտ կհաջողեր, դուռները փակ մնացին մեր դեմ. մեկ պաշտոնատունեն մյուսը վազելով վերջապես երկու ժամ ետքը բանտարկյալներուն հետ հարաբերության մեջ մտանք:

Էրզինի հայ բանտարկյալները գրեթե ամենքն ալ հաճնցի էին. իրենց մեջ կային փոքր թվով Տյորթ յոլցիներ, հոն էին տակավին Տեր Սահակ քահանան և այն մեկ-երկու քաջ երիտասարդները, որոնք ինքնապաշտպանության գլուխ կեցած էին:

Ոստիկաններու և պահակ զինվորներու ընկերակցությամբ տարին մեզի բանտին դիմացը: Դուռը գոց էր. պզտիկ բացվածքի մը առաջքը կուգային բանտարկյալները` մեզ տեսնելու: Այդ բացվածքին մեկ կողմը նստավ բանտապետը. ճերմակ գտակ մը կծածկեր իր ճաղատ գլուխը և վարդագույն էնթարի մը հազիվ թե կպարտկեր իր խեղանդամ մարմինը. իր հաստ անձև ձեռքը զինված էր գավազանով մը. վտիտ դեմքին վրա իր անհանգիստ և կասկածոտ բիբերը հարատև շարժումի մեջ էին. պեխն ու մորուքը թափած էին և իր բորոտած մորթին վրա թարախոտ փշտիկներու մեջտեղ հազիվ թե քանի մը մոխրագույն մազի թելեր կցցվեին կարճ և կարծր: Իր դեմը տախտի մը վրա, ուր քանի մը անկողիններ զետեղված էին վրայե վրա, ընկողմանած էր պատկառելի ծերունի մը. ճերմակ գտակ մը ուներ նաև անիկա իր ածիլված գլխուն վրա, որուն մեջ կծածկվեին ականջներուն վերի մասերը. փառավոր ճերմակ մորուք մը կծածկեր կուրծքը. ձյունափայլ էնթարի մը լայն թևերով, ծալք-ծալք կպարփակեր իր մարմինը: Ծերունին մեկ ձեռքը բռնած էր սաթե համրիչ մը և մյուսովը դանդաղ քեյֆով մը նարկիլեին ծխամորճը կտաներ շրթունքին: Ատիկա այդ բարձրութենեն երբեմն կբարեհաճեր իր հեղինակավոր և լուրջ նայվածքը պտտցնել մեր վրա: Երբ հարկ կըլլար նարկիլեին կրակն արծարծել կամ որևէ ծառայություն ընել, բանտապետը կփութար մեծ հարգանքով, և իրեն կօգնեին երբեմն հոն դռանը քով հսկող զինվորները:

Այդ ծերունին շատ ծանր և ապացուցված ոճիրի մը հանցանքով ամբաստանված իսլամ բանտարկյալ մըն էր: Տաժանելի էր մեր տեսակցությունը բանտարկյալներու հետ. հակառակ որ դիզված էին դռանը ետև, մեկիկ-մեկիկ կտեսնեինք զիրենք, երբեմն միայն կլսեինք զիրենք: Թուրք բանտարկյալներ շահագրգռված մեր երևումեն, կհրեին, կհրմշտեին ու կուզեին առաջ անցնիլ. մեր խոսակցությունը կընդհատեր հանկարծակի պայթող կռիվներով ու միջոց մը անլուր հայհոյություններ միայն լսելի կըլլային:

Վերջ դնելու համար այդ կացության, առաջարկեցինք մեզի ընկերակցող ոստիկաններուն, որ թույլ տան և մենք մտնանք բանտ, ինչպես կընեինք Ադանայի մեջ: Այդ ձևն անհարմար դատվեցավ` նկատողության առնելով թուրք բանտարկյալներու դրդված վիճակը. և մեր ստիպումներեն հոգնած, վերջապես՝ համաձայնեցան մաս առ մաս դուրս հանել հայ բանտարկյալները, մեզմե խոսք առնելեն ետքը, թե չարաչար չպիտի գործածենք իրենց վստահությունը:

Քիչ մը անդին, բանտին դիմաց աթոռներուն վրա նստեցանք: Մեր բանտարկյալները վեց առ վեց եկան մեզի: Հարկադրված ըլլալով թուրքերեն խոսիլ, չէինք հաջողեր մեր ամբողջ զգացումներն արտահայտելու. բայց կտեսնեինք անոնց դժբախտ դեմքերուն վրա գոհունակության ժպիտը. ու ասիկա մեզի լալու չափ կհուզեր:

Մեր բոլոր տեսակցությունը կկայանար մեկ քանի սովորական խոսքերու փոխանակության մեջ: Հետո իրենց բաժին ինկած նպաստը կուտայինք. գրեթե միշտ կմերժեին. ցույց կուտային կամ կնշանակեին անունն անոնց, որոնք իրապես պետք ունեին նպաստի, ու կարծես թևեր առած, ուրախությունով դեմքերնին պայծառ կնայեին մեզի անսահման խանդաղատանքով: Հուզմունքեն մեր կուրծքերը կուռեին, բառերը թոթովելով կարտասանեինք ու սեղմելով իրենց արի մարդու ձեռքերը` հրաժեշտ կառնեինք. պահ մը ետքը ուրիշներ կուգային:

Ինչպես Ադանայի մեջ, հոս ալ բանտարկյալներու միակ մտահոգությունն իրենց ընտանիքի անդամներուն վիճակն էր. մեզի կհանձնարարեին ըսել իրենց կիներուն, մայրերուն և քույրերուն, որ մտահոգ չըլլան, թե իրենք շատ լավ են բանտին մեջ, բան մը պակաս չէ, ու միայն կարոտով կտանջվին, բայց համոզված են նաև, որ շուտով պիտի արձակվին: Ու այս մխիթարությունները ղրկողներուն մեջ կային, որ մահվան դատապարտված էին:

Էրզինի բանտարկյալներու խումբին մեջն էր այն երիտասարդը, որ ավելի ուշ կախաղան պիտի բարձրանար, իր ընկերները կկարծեին, թե բան մը չի գիտեր ու մեզի զգուշացուցին այդ մասին խոսիլ իրեն հետ. բայց երբ անիկա մեր դեմ եկավ ու դողահար հուզումով մը նայեցանք իր գրեթե պատանեկան երիտասարդությանը վրա, անիկա ժպտեցավ մարտիրոսի և տեսանողի անսահման ժպիտով մը.

- Ի՞նչ կրնանք ընել քեզի համար,- մրմնջեցի, երբ ուրիշներ զբաղած էին անդին մյուս բանտարկյալներուն հետ:

- Ոչի՛նչ,- պատասխանեց անիկա անվրդով ձայնով.- ինծի համար եղած վճիռն անկարելի է բեկանել տալ, ձեր ուժերը պահեցեք մյուսները փրկելու համար. ավելորդ է ինծի համար ժամանակ կորսնցնել:

Ուրեմն գիտե՜ր… սոսկալի բան: Իր թխահեր գլխուն վրա արևուն ճաճանչները կխայտային, աչքերը լեցուն էին կյանքով ու կրակով: Ձեռքերնիս սեղմեց պինդ շարժումով մը ու գրեթե թեթևաքայլ հեռացավ մյուսներուն հետ:

Այս երիտասարդը սխալմամբ սպաննած էր չերքեզ մը, որ կուգար Հաճն` հայերու ինքնապաշտպանության համար կարգադրություններ ընելու:

Էրզինի բանտարկյալները մեզ իմացուցին, թե Բայասեն հայ աքսորյալներ պիտի փոխադրեին կղզի մը. ասոնք խեղճ վիճակի մեջ էին և նպաստի կարոտ. շատեր իրենց հատկացված դրամական նպաստը մերժած էին այն նպատակով, որ անիկա հատկացվի Բայասի բանտարկյալներուն. որպեսզի հաջողեինք հասնիլ աքսորյալներու մեկնումեն առաջ. պետք էր, որ առանց րոպե մը կորսնցնելու ճամփա ելլեինք:

Ձիերը հոգնած էին ու մեզ կքաշքշեին, քան թե կտանեին: Չորս ժամ ունեինք Տյորթ Յոլ հասնելու ու անկե ալ Բայաս երկու ժամ, ու պետք էր նաև, որ գիշերը Բայասեն դառնայինք Տյորթ Յոլ, որովհետև հոն իջևանելու ոչ մեկ անկարելիություն կար մեզի համար: Մեր ոսկորները գրեթե ջարդված էին հարատև ցնցումներեն ու հոգնածութենեն. հուզումե ալ սպառած էինք, բայց անհամբեր էինք Էրզինի բանտարկյալներուն շնորհած նպաստն անձամբ տանելու Բայասի բանտարկյալներուն, որովհետև համոզված էինք, թե դրամ չէ, որ կտանեինք անոնց, այլ ընկերական ու եղբայրական խանդաղատանք, մեծահոգի ու վեհանձն զգացումներ ու մխիթարիչ արիություն…:

- Շո՜ւտ, շո՜ւտ, սայլապան, ձիերը քշե…

Սայլապանն ալ շահած էինք, ան ալ կբաժներ մեր խանդավառությունը, բայց ձիերը դանդաղեցան ու համեցանք ճամփուն վրա…: Ավա՜ղ, մեր այնքան փափագած այցելությունը չպիտի կարենայինք ընել բերդաքաղաքի աքսորյալներուն. որովհետև երբ Տյորթ Յոլ հասանք` շատ ուշ էր. ըսին թե աքսորյալները մեկնած ըլլալու են արդեն, ու հարկադրվեցանք մեր քով եղած դրամը բոսդայով ղրկել իրենց:

Էրզինեն Տյորթ Յոլ ճամփան չդադրեցավ գեղեցիկ ըլլալե. երկար ատեն ծառերու տեսքը կզովացներ մեզի, այլևս չէինք մտներ արևե այրած արտերու մեջ: Ճամփուն երկու կողմեն անտառուտ բլրակներ կբարձրանային և հեռավորություններու մեջ իրենց կողերուն գիծերը հաճելիորեն կուրվագծեին կապույտ մշուշի մը ետևեն: Ավելի հեռուն բարձրաբերձ լեռներ կկանգնեին ու իրենց գագաթները կկորսվեին երկինքին մեջ. փոքրիկ և ցած թուփեր կծածկեին ամեն կողմ՝ գեղեցիկ երանգներու հաջորդություն մը ներկայացնելով, և կարմիր մացառներ կուգային մինչև ճամփուն եզերքը, կզարդարեին ապառաժուտ և ցցված մասերը բլուրներուն և արևին մեջ երբեմն բոցավառ կթվեին:

Եվ ահա հեռուն տեսանք նաև Միջերկրականի ընդարձակ տարածությունն արևին տակ շողշողուն, և որուն կապույտ և վետվետուն սահմանը կկորսվեր հորիզոնի գիծին մեջ:

Տյորթ Յոլ չհասած, ժամ մը առաջ բարկ և զգլխիչ բուրմունք զգալի եղավ, մեր շնչած օդը կարծես հետզհետե կթանձրանար հոտավետ մասնիկներով, նարնջենիներն էին: Քանի մը վայրկյան ևս, և ահա մտանք մթին և հոծ կանանչությանը մեջ նարնջենիի անտառին:

Օրերե ի վեր մեր պարտասած մարմինը, կարծես, հանկարծ հանգչեցավ այդ զով և բուրումնավետ մթնոլորտին մեջ: Ծառերը շատ խիտ տնկված էին ու տեղ-տեղ հազիվ թե երկինքի պատառներ կտեսնեինք: Նարինջները դեռ տհաս ու կանանչ, իրենց բոլորակը ցույց կուտային տերևներու մեջտեղեն. քաղցր սոսափյունը մեղմորեն օրորվող ճյուղերուն կխառնվեր մեր աչքին անտեսանելի ջուրի կարկաչներու հետ. թիթեռնիկներ կոստոստեին հետամնաց նարնջածաղիկներու վրա ու ճամփուն երկու կողմեն կտարածվեին մշտահոս առուներեն սնած զմրուխտի գույն մարգագետիններ: Երկար օրերե ի վեր, առաջին անգամն ըլլալով մեր անհամբերությունը գոհունակությունով լեցուն էր. այնքան սրտաճմլիկ, դառն և հուսահատորեն ընկճող պատմություններն, լացերե և ողբերե ետքը հոգեկան անդիմադրելի պահանջք մը ունեին այդ հերոսական քաղաքը տեսնելու և իրենց իսկ բերնեն լսելու ինքնապաշտպանության մանրամասնությունները: Ու հետո Սիսեն ի վեր չէինք հանդիպած զուտ հայկական ավանի մը կամ գյուղի մը. հոս վստահ էինք, որ առաջին անգամ մեզ դիմավորողները խոժոռ և կասկածոտ նայվածքով չպիտի նայեին մեր օտարականի երևույթին վրա:

Քաղաք մտած էինք արդեն, բայց որևէ կետե անկարելի էր մեկ նայվածքով անոր ամբողջությունն ընդգրկել. տունեը ցրված ու գրեթե կորսված էին նարնջենիի անտառին մեջ. յուրաքանչյուր ընտանիքի սեփականությունը կսահմանվեր վճիտ առվակով մը, որ Տյորթ Յոլի ետևը բարձրացող լեռներուն կողերեն կբխեին և անհամար ճյուղերու բաժնված կպտուտքեին քաղաքին մեջ: Անսահման խաղաղության և հանգիստի զգացում մը կարտաշնչվեր այդ պատկերներեն. տուներուն փեղկերը գոց էին և լուռ միջոցին մեջ երբեմն կլսվեր երկար բառաչյունն ընտանի կենդանիի մը. այծեր ու ուլիկներ անվրդով կարածեին առվակներուն եզերքը բարձրացող խոտերուն մեջ ու մեր անցքին` իրենց բարի ու երազուն նայվածքը կդառնար մեզի ու միջոց մը կընկերանար մեր սայլին:

Շուկային մեջ կեցանք ու անմիջապես շրջապատվեցանք քաղաքացիներեն: Ուրախությամբ կընդունեին մեզի և գոհ էին հյուրընկալություն առաջարկելու իրենց սուրբ և անեղծ մնացած ընտանիքներուն մեջ: Ուրախ էին վրա եկած խաղաղությանը համար, սարսափելի աղետեն ազատված ըլլալնուն համար, ու մեծապես հպարտ` իրենց կատարած ինքնապաշտպանության գործով:

Մեր ժամանումին լուրը կայծակի արագությամբ հասել էր ամեն կողմ: Այրերը կփութային, բարի գալուստ կմաղթեին և ամենուն դեմքին վրա կճաճանչեր ինքնագոհությունը: Այդ միջոցին վրա հասավ տեղին երևելիներեն մեկը, որուն հանձնարարած էինք նախապես և որուն տունը հյուր պիտի մնայինք մեր Տյորթ Յոլ անցուցած օրերու միջոցին:

Նահապետական, հարւստ և ընդարձակ ընտանիք մըն էր անի կա. շատ մը տղաքներ կխայտային մեր շուրջը և իրենց մեջ թոռներ և նույնիսկ թոռնորդիներ կային: Հարսեր և նորատի աղջիկներ գաղտագողի կուգային կդիտեին մեզի ու կփախչեին ժպտելով, մինչ տանը երեց ու այր անդամները կհյուրասիրեին մեզի ընդարձակ սենյակի մը մեջ. ճերմակ և մաքուր սենյակ մը, ձյունափայլ մետաքսյա վարագույրներով և Հալեպի ու Դամասկոսի օթոցներով կահավորված:

Քիչ հետո եկավ նաև տանտիրուհին, լաչակով կզակը կապած և հագած լայն և խիտ ծալքերով շրջազգեստ մը: Իր արդուզարդին մեջ հայկական գավառներու հատուկ տարազներու հետքեր կային. այդ պարագան հաճելիորեն ազդեց մեր տրամադրությանը վրա:

Իմաստուն և համակրելի կին մըն էր այդ տարեց՝ գրեթե պառավ տանտիրուհին; իր թառամած դեմքը կկրեր անցյալ գեղեցկության մը դեռ չջնջված հետքերը, աչքերն արտահայտիչ էին ու խելքով լեցուն. իր ամեն մեկ խոսքերը կզարմացնեին մեզի իրենց լայնախոհությամբ և ողջամտությամբ: Իր խանդավառությունն ու ուրախությունը պատշաճ չափավորության մը ունեին, բայց երբ կըսեր մեզի, որ եթե թշնամին տասն անգամ հարձակի քաղաքին վրա, իրենց կողերեն ծնած ու իրենց կաթովը սնած երիտասարդները տասն անգամ պատնեշին վրա պիտի ըլլան ու հոն պիտի մեռնին ի հարկին, անսահմանելի հիացումով մը դղրդված կզգայինք ինքզինքնիս:

Մինչև ընթրիքի ժամը` անհամար քաղաքացիներ եկան ու գացին. ուշադրությունով և զգացված մտիկ կընեին մեր ականատեսի զարհուրելի պատմություններն ու ամենուն դեմքերը ծանր տխրությունով մը կմթագնեին: Բայց նորեն անպարտելի եռանդով մը կխոսեին իրենց ինքնապաշտպանության վրա ու անոր մանրամասնությունները պատմած ժամանակին` այն օրերուն հուզմունքով, դողովն ու արիությունովը կխռովեին: Ընթրիքի սեղանին մասնակցեցան միայն տանտիրուհին և տանն այր անդամները. հարսերն ու աղջիկները ոտքի վրա կդառնային մեր շուրջն ու իրարու հետ կմրցեին մեզի հյուրասիրելու համար:

Ընթրիքեն ետքը կրկին հավաքվեցանք հյուրասրահը. տան ազգականներ ու բարեկամներ եկան տեսնելու մեզի: Սենյակին երկու եզերքները երկարող բազմոցները գրավված էին նորեկներով. աթոռներ ու աթոռակներ բերվեցան և նույնիսկ պատանիներ ու տղաք ծալապատիկ նստեցան գետինը:

Կատարյալ երեկույթ մըն էր. հյուրամեծարությունը կըլլար տեղին հատուկ բարքերուն համեմատ. արտակարգ լրջությունով մը գրեթե խոժոռացած էին այրերուն դեմքերը. երիտասարդներն ու երիտասարդուհիները խպնոտ ակնածանքով մը կվերաբերվեին տարեցներուն հետ. գրեթե ամենքն ալ հայերեն կխոսեին, թեև իրենց ընտանի լեզուն թուրքերենն ըլլար. դիտեցինք նաև, որ պառավներուն բարբառն ավելի մաքուր և ավելի հարազատ էր, ինչ որ կնշանակեր թե ասկե մեկ-երկու սերունդ առաջ հայերենը նույնքան ընտանի էր իրենց: Կիները գեղեցիկ էին ու աղջիկները շնորհալի. սև, երազուն աչքեր կպսպղային ասդին-անդին. սաթի պես սև մազեր գեղեցիկ հյուսքերով կիյնային կռնակնուն վար և իրենց ճկուն ու բարձր հասակները ներդաշնակ հակումներ ու շարժումներ ունեին: Առհասարակ տժգույն էին, ու ասիկա հիվանդագին նրբություն մը կուտար իրենց դիմագծերուն: Ատոր պատճառը սա է, որ Տյորթ յոլցիք նարնջենիներու բուրմունքեն շարունակաբար արբեցածի պես են:

Պառավները սքանչելի էին. ոչ մեկ տեղ չէի հանդիպած այդպիսի երևույթի. իմաստուն և հեղինակավոր, կխոսեին ծանրությամբ. իրենց ամեն մեկ բառը կշիռք ուներ: Ցեղին մաքուր ավանդություններուն ընդունարաններն էին և այդ արի Ժողովուրդին հանճարը դրոշմված էր իրենց պատկառելի ճակտին վրա: Ամենքն ալ կկրեին հնամենի տարազը. լայն և խիտ ծալքերով շրջազգեստ, և սեղմված չփակ մը կկազմեր իրենց ամբողջ հագուստը: Գլուխնին ծածկած էին կարմիր լաչակով, որ ճակատին վրա բարձր կկենար ներքևեն դրված վարսակալի մը շնորհիվ, որ իր կարգին ծածկված էր մանր ոսկիներու շարքով մը: Ոսկեդրամներով ծածկված մանյակներ կտարածվեին կուրծքերնուն վրա և ձույլ ոսկիե ապարանջաններ կծածկեին իրենց բազուկները:

Պառավները սքանչելի եղած էին նաև կռվի օրերուն, անոնք էին, որ կխրախուսեին քաջերը, կհեգնեին թույլերը ու հոգնութենե և քնատութենե ջլատվածները հանելով իրենց անկողիններեն՝ կղրկեին պատնեշներուն վրա: Պառավներն օգնած էին նաև կռվողներուն՝ անոնց ուտեստ և պաշար հասցնելով, և ծարավի ահռելի օրերուն մեջ պատրանքներով օրորած էին հուսահատողներն ու տառապողները:

Մեկ խոսքով Տյորթ յոլցի պառավները կենդանի պատմությունն էին այդ խումբ մը արի և քաջ հայերուն. իրենցմով բացահայտ էր, որ Տյորթ յոլցին սերած էր ցեղին ամենեն ազնվական մեկ երակեն. ու քանի երթայինք անցյալին մեջ, քանի մոտիկնայինք իրենց սկզբնական աղբյուրին, այնքան ավելի երևան պիտի գար իրենց ծագումին հարազատությունը:

Գիշերն ամբողջ զբաղեցանք և խոսեցանք այժմեություն ունեցող հարցերով և պատմություններով. կշահագրգռվեին ազգին շահերով և ճակատագրով ընդհանրապես ու Կիլիկիո և Տյորթ յոլի վիճակովը՝ մասնավորապես:

Իրենց մեջ կպատսպարեին 5000-ի չափ արկածյալներ. ոչ մեկ տեղե նպաստ չէին ստացած: Տյորթ Յոլ մայրաբար իր կուրծքը բացեր և ընդուներ էր շրջակայքի այրիներն ու որբերը ու իր սիրազեղ գուրգուրանքով ծածկեր էր անոնց թշվառությունը:

Որբերու խնդիրը մեծ վրդովմունք առաջ բերավ:

- Մենք որբանոց չենք ուզեր, մենք մեր որբերը կպահենք, - կըսեին խուլ ձայնով մը, զգալով բնազդով, թե ինչ մեծ անպատեհություններ կան որբերն այրիներին բաժնելու մեջ:

Կխնդրեին սակայն, որ օգնեինք իրենց` դպրոցական խնդրին մեջ. պյուտճենին խանգարված էր: Բայց ամեն գնով ու ամեն կարգի զոհողություններ հանձն առնելով, կխոստանային բանալ դպրոցները և զանոնք վարել այսպես թե այնպես;

Տեղին ընթացիկ գործերն անցողակի կերպով մը կզբաղեցնեին զիրենք ու միշտ կդառնային մեծ պատահարին վրա: Հոս այլևս դեպքը չէին որակեր աղետ. զուլում բառերով, այլ կըսեին կռիվի օրերուն. հոն այդ սրահին մեջ ներկաներու հավանության բացականչություններով կետկիտված, տանտերը պատմեց կռիվին մանրամասնությունները.

- Ապրիլ 2-ին լսվեցավ, որ Քափրյուճեք անուն ագարակի մը մեջ երկու հոգի սպաննած են ցերեկ ատեն: Մինչև որ դեպքը հաստատեցինք, շրջակա ուրիշ ագարակներն լուր եկավ, թե Համիդիեն ու Ադանան կզարնվին: Այս լարերուն վրա` պատրաստվեցանք ու երդում ըրինք, որ ամեն մեկս զենքը ձեռքերնիս պիտի մեռնինք: Հետևյալ օրը հազարավոր թշնամիներ պաշարած էին մեզի: Իբրև մեկ մարդ Տյորթ Յոլի բոլոր հայերը սերտորեն միացած` կռացան խուժդուժ ամբոխին դեմ. տասնհինգ օր շարունակ հրացան արձակեցին մեր վրա: Հայերը գյուղեն դուրս չելան, և մեկ կողմե պատնեշներն ամրացնելով` քաջաբար կռվեցան: Այդ միջոցին առանց ջուրի մնացինք, բոլոր քաղաքացիները, ծեր թե երիտասարդ, պատնեշներու ետեն էին. կիներն ու տղաքը թշնամիեն նետված հրացանի գնդակներուն տակ կերթային ու կուգային, ուտեստ և զինվորական մթերք կբերեին: Երկու կիներ, մեկը Տեր Գեորգյան Արիս էֆենտիին կինը` Աննա, և, մյուսը` այնթապցի վարժուհի Եսթեր, զենքը ձեռքերնին նույնիսկ կռվին մասնակցեցան:

Տասնհինգ օր ետքը` թշնամին հուսահատած էր մեր դիմադրութենեն ու մեր ուժերը սպառած էին ծարավեն, երբ էտհեմ անուն հազարապետը և Մըսթր Քենտի միջամտեցին, պաշարողները ետ մղեցին և ջուրը վերադարձուցին քաղաքին:

Հաշտությունը կնքվեցավ սա հիման վրա, թե եղածը թյուրիմացություն մըն էր, բռնապետության վերջին խաղը, որ այլևս կրկնվելու հնարավորություն չկար, թե մեր վնասները պիտի փոխարինվեին, մարդասպանները պիտի պատժվեին, ևն.:

- Ինչ չափի՞ կհասնին ձեր վնասները, - կհարցնենք.

- Պատնեշը կազմեցինք այնպես մը, որ շրջապատեր ամբողջ քաղաքը, որ ունի 800 տուն, դուրսը մնացին միայն 71 տուն. անոնց բնակիչներն ու գույքերը փոխադրեցինք մեր մեջ և պաշտպանեցինք. բայց տուներն այրեցին:

- Ամբողջ կռիվի միջոցին շատ մարդ կորսնցուցի՞ք. -Շատ քիչ` ընդհակառակը. 67 հոգի մեռան ընդամենը, ան ալ պատնեշներեն դուրս:

Միջոց մը լռություն տիրեց, ու ամենքն ալ ամփոփվեցան իրենց մտածումներուն մեջ:

- Շրջակա գյուղերը նյութական շատ վնաս տվին,- ավելցուց հարուստ ագարակատեր մը. Նաճառլը, Օճագլը, Էոզերլի բոլորովին ավերակ դարձան, տուներն այրեցին ու նարնջենիները փչացուցին:

- Լսեցինք որ, - կըսե Նաճառլցի տանուտեր մը, Համիդիե զարնված է. հաճնցի Սարգիս ջարդին մեջեն փախչելով ու քսան անգամ կյանքը վտանգի դնելով եկավ Նաճառլը ու պատմեց, թե ինչպես Համիդիեի հայերը հանկարծակիի գալով, չէին կրցած պաշտպանվելու որևէ փորձ ընել: Նկարագրեց ահռելի աղետը և հասկցուց, թե անհրաժեշտ էր, որ անմիջապես կազմակերպվեինք…

- Ի՞նչ կտրիճ էր, ո՛ր, - կբացականչեն պառավները հիացումով, մորը ու ազգին պարծանք…

- Ի՞նչ եղավ հիմա, - կհետաքրքրվինք անմիջապես.

- Զինքը ձերբակալեցին ու մինչև հիմա բանտն է…

Ճնշիչ լռություն մը կհամրացնե ամենքը, իրարու երես կնային` կասկածելով և տարակույսով` ապագային համար:

- Ամբողջ օր մը դիմադրեցինք խուժանին,- կշարունակե նաճառլըցին. բայց վերջապես տեսնելով, որ պիտի հաղթվինք, որոշեցինք գիշերանց փախչիլ Տյորթ Յոլ: Հոս արդեն մտահոգ եղել էին մեր վիճակին վրա ու մեզի օգնության համար ղրկել էին Թոփլամա Օղլու Հաճի Հասան հարյուրապետը, որուն հանդիպեցանք ճամփուն վրա: Մենք զինված էինք և պարենավորված` վառոդով, բարեբախտաբար, որովհետև Տյորթ Յոլ անվտանգ առնելե առաջ քանի մը անգամ կռվելու ստիպեցանք ճամփան: Երբ հոս հասանք, կռիվը տաքցած էր. ու մենք ալ մասնակցեցանք ինքնապաշտպանության գործին:

- Փառք Աստծո, - կավելցնե սնանկացած հողատեր մը. - մեր վնասները միայն նյութական եղան, երբ լսեցինք Ադանայի և ուրիշ վայրերու պատահածները, մեր վիճակը երանելի թվեցավ մեզի:

Այդ մարդն Օճագլըեն էր. Օճագլը Տյորթ Յոլի հյուսիս արևմտյան կողմն էր: Ապրիլի երկուքին Ղուզու Ուճը կոչված և Իճատիե գյուղացի կրետացի գաղթականներ հարձակեր էին գյուղին վրա. Տյորթ Յոլեն լսելով հարձակումը, քանի մը կտրիճներ ղրկեր էին, որոնք անմիջապես հասնելով, տեղացիներու օգնությամբ զբաղեցուցեր էին հարձակողները: Անմիջապես օճագլցիները բացի զենքե` առանց ուրիշ բան առնելու հավաքվեր էին տղաքն ու կիները և փախելով ապաստաներ Տյորթ Յոլի մեջ, իսկ Էոզերլի գյուղը հարավային կողմեն, երբ լսեր էին, որ օճագլցիները հարձակում կրած և ինքզինքնին պաշտպանելով Տյորթ Յոլ հասած, եկեր միացեր էին անոնց: Բոլոր այդ անտուն և անտեղ մնացած գյուղացիները թե` կռիվի օրերուն և թե հաջորդ օրերուն պատսպարան, սնունդ և մխիթարություն գտեր էին Տյորթ Յոլի մեջ:

Փոխադարձ գորովի և սիրո տաք մթնոլորտի մը մեջ էինք: Պատմության ամեն դադարներուն կիներ իրարու վրա կհակեին և զիրար կմխիթարեին սփոփարար խոսքերով: Տխրությունը կարճատև էր արդեն ու անիկա վերապահած էին ուրիշ վայրերու աղետյալներուն: Երբեմն մտաբերելով որևէ սոսկալի դեպք, կիները ջերմապես կարտասվեին, բայց իրենց արցունքներուն ետևեն ժպիտը կծագեր, որովհետև մեկ դաժան մտածումին կհաջորդեին քանի մը սրտապնդող ու պանծալի հիշատակներ, ու կռիվի օրերուն պատկանող ամեն մեկ վերհիշումին՝ կնշմարեինք, որ տանը տղաքը, որոնց եկած միացած էին հյուրերուն տղաքը, գլուխնին բարձր բռնած, աչքերնին վառվռուն հետաքրքրությամբ կհետևեին մեծերուն պատմության:

Հակառակ ուրիշ գյուղացիներու նեղմտության, որով իրենց սահմանեն անդին պատահած որևէ բանով չեն շահագրգիռ, եթե անմիջական առնչություն չունի իրենց ճակատագրին հետ, Տյորթ յոլցիները մեծապես կհետաքրքրվեին ազգին ընդհանուր խնդիրներով: Հարցումներ մեկը մյուսին ետևեն կտեղային մեզի, իրենց մտահոգության գլխավոր առարկան մեր մտավորական և կրթական խնդիրն էին. ծարավն էին մայրենի լեզվին ու պարծենալով կխոսեին զայն, պառավներն ու տղաքը հայախոս էին արդեն, երիտասարդներն ու տարեցները մեծ ճիգեր կընեին այդ ուղղությամբ: Սրտառուչ էր նաև իրենց խանդակաթ հետաքրքրությունը Կովկասի հայ բանտարկյալներուն համար, ու մինչ իրենց եղբայրներն ու զավակները տակավին բանտն էին Էրզինի մեջ անորոշ ապագայով, իրենց սրտեն բան մը կգտնային տալու տարբեր բռնապետության մը տակ հեծող հեռավոր և անծանոթ եղբայրներուն:

Տյորթ Յոլի մեջ ավերակ չունեինք այցելելու, անոր տեղ պարտեզները կային: Առավոտուն կանուխ եկան այն երիտասարդները, որոնց ժամադրություն տված էինք երթալու և այցելելու համար այն տեղերը` ուր ժողովրդական հանճարը հարմար դատած էր պատնեշներ կանգնել:

Անցանք նարնջենիի պարտեզները և քանիցս ոտքերնիս դրինք պզտիկ փայտյա կամուրջներու վրա, որոնք ձգտված էին ավերակներուն լայն տեղերը: Փայլուն և պսպղացող գայլախաղներու վրայեն վճիտ ջուրը կհոսեր մրմնջելով, տեղ-տեղ պզտիկ զառիվարե մը կթավալեր և ջուրերը մոլորվելով մացառուտ և ծաղկյալ թուփերուն մեջ` կաթիլ-կաթիլ կցրվեին բարձր խոտերե կազմված մարգագետիններու մեջ: Դեղին և կապույտ ծաղիկներ կկիտավորեին այդ ընդարձակ կանանչ տարածությունները, երբ ջուրի կաթիլը կիյնար գայլախազի մը վրա, մտիկ կընեինք անոր ընդհատ և պայծառ աղմուկը, որ կկորսվեր հետզհետե ավելի բարձր երգող կարկաչյուններու մեջ: Արևը կլուսավորեր գագաթները հինավուրց նարնջենիներուն. անոր ճառագայթները հազիվ կթափանցեին անտառին խորության մեջ: Երբ հովը շարժեր ծառերը, տերևներու բացվածքներեն հանկարծակի սպրդող բեկբեկ ճառագայթներ կխաղային գետնին վրա ու կմարեին շուտով` երերացող շուքերուն մեջ նարնջենիի ճյուղերուն:

Տհաս պտուղները պերկամոթի բարկ բուրմունք մը ունեին ու օդը գրեթե անշնչելի կդառնար, երբ եկանք բացաստանի մը վրա: Հեռվեն կերևար երկար շարքը պատնեշներուն:

- Անշուշտ պարագլուխներ կային ձեր մեջ` կռիվի օրերուն, - կհարցնեինք մեզ ընկերակցողներուն:

- Գրեթե ոչ - կպատասխանե անիկա, - մեկ հոգիի և մեկ մարմինի պես էինք, զիրար կհասկնայինք առանց իրարու հետ խոսելու, մեկ գիշերվան մեջ պատնեշները կանգնեցրինք, մարդիկ իրենց տունը հիմերեն կքանդեին ու քարերը կբերեին, կիներն ու տղաքն անգամ կաշխատեին մեզի հետ…: Երբ կռիվը սկսավ, բնականորեն խումբեր կազմվեցան. ձեռքերնին գրեթե զենք չառած մարդիկ առյուծ կտրեր էին. մեր մեջ կային ալևոր ծերունիներ և անպեխ պատանիներ:

- Ինչպե՜ս ընտրեցիք դիրքերը.

- Ատ ալ գրեթե ինքնաբերաբար եղավ:

Երիտասարդը պահ մը կբացատրե ռազմական կարգ մը մանրամասնություններ, որոնցմե բան չենք հասկնար: Բայց կխորհեինք, թե ինչպես առողջ ժողովուրդի մը հանճարն ամենագետ և ամենակարող է հարկ եղած ատեն:

- Վտանգը մեր հրամանատարն էր, կավելցնե ուրիշ մը. - մեծ ու պզտիկ հավասար էին ու ավետարանական եղբայրություն մը կար մեր մեջ. թշնամիներ ու սրդողածներ հաշտված էին իրարու հետ, որովհետև ամեն մեկն իր դրացիին բազուկին կարոտ էր, մեկտեղ կու լային և մեկտեղ կխնդային…:

Աչքերը կժպտին սիրելի հիշատակներու, կարծես այն օրը կփնտրե:

- Մեր սիրտերը միասին կզարնեին, - կավելցնե պահ մը ետքը. - որևէ պատահար ամենքս մեկ կամ կուրախացներ կամ կտխրեցներ: Կհիշեմ... պաշարման օրերուն էր: Մեր երիտասարդ քահանաներեն մեկը սովորություն ուներ, ձին հեծած, պատնեշներու շրջանն ընել օրը քանի մը անգամ, անիկա մեզի հետ կկռվեր ու միևնույն ատեն կհսկեր, որ տրամադրությունները բարձր մնային: Այդ միջոցին թեև լսած էինք, որ Ադանա և Համիդիե զարնված են, բայց մանրամասնություններ չկային: Օր մը սուրհանդակ մը հասավ լեռներեն. արյունի մեջե քալելով եկեր էր մեզի, դեռ ոտքերուն փոշին չթոթված` հևալեն ու հառաչելեն պատմեց քահանային՝ բոլոր տեսածները: Մենք պատնեշներուն առաջք բան մը չէինք լսեր, կտեսնեինք միայն քահանան իր ձիուն վրա, արևին մեջ, ճամփուն վրա կեցած, որ մեծ ուշադրությամբ մտիկ կըներ ծռելով դեպի բոկոտն սուրհանդակը: Հանկարծ քահանան շտկվեցավ ձիուն վրա. ամեն բան լսած էր և հուզմունքեն խեղդվելով, սկսավ հեծեծագին արտասվել: Վերարկուին քղանցքովը երեսը ծածկած էր ու աշխարհս մոռցած բոլորովին: Սուրհանդակը հեռացավ իսկույն: Ձին սկսավ շարժիլ առաջանալ, շարժված ըլլալով պատնեշներուն շրջանն ընել, գլխիկոր կանցներ բոլոր զինվորյալներուն առաջքեն, այսպես քահանան երեսը վերարկուին քղանցքին մեջ ծածկած երեք անգամ պատնեշներուն շրջանն ըրավ ու իր հեծեծանքներեն իմացանք Կիլիկիո աղետին ահռելի համեմատությունը:

- Չսարսափեցա՞ք ու չընկճվեցա՞ք այդ հուսահատութենեն.

- Ո՛չ… ընդհակառակը, զայրույթը մեզի ա՛լ ավելի գրգռեց… միայն ծարա՜վը…

Այո՛, ծարավը Տյորթ Յոլի պատմության ամենեն ցայտուն դրվագն էր. ինն օր ջուրը կտրած էին. բայց վերջի երեք օրերը միայն կատարելապես առանց ջուրի մնացեր էին. փոքրիկ տղաքը մեռեր էին ահռելի տանջանքներով ու ամենուն երակներուն մեջ կարծես կրակ վառված, ջերմե կայրեին ու լեզունին կչորնար բերաններուն մեջ. իրիկվան խոնավության կցանկային, որ իրենց հրատոչոր և ցամքած մարմինները զովանան, խմեր էին ամեն կարգի ջուրեր. չորցուցեր էին թունավոր և գարշահոտ ճահիճները, որոնց կանանչորակ և լպրծուն ջուրը կըսեին թե «տաք էր արյունի պես»:

Երբ հուսահատությունը կատարյալ էր, ոմանք գազանի պես կատղած էին և ոմանք թուլցած ու թառամած բույսերու պես: Այդ միջոցին կիներն ու աղջիկները կուգային իրենց մոտ, հույս և հավատք կներշնչեին իրենց, պատրանքներով կօրորեին անոնց անհամբերությունը, ու երբեմն ալ նույնիսկ քանի մը ժամ, քանի մը րոպե շահելու համար, հեռուներեն կանցնեին պարապ դույլերը ձեռքերնին, որպեսզի կարծեցնել տան թե ջուր կա, ջուր գտած են…:

Երկար ատեն դեգերեցանք պատնեշներուն երկայնքին, որ կգրկեր բոլոր քաղաքը: Ամեն մեկ քար իր պատմությունն ուներ, մարթինի գնդակներ դուրսի կողմեն քերելով մաշեցուցեր էին անոնցմե շատերը: Միջոց մը նստեցանք գետինը՝ թավալված քարի դեզերու վրա, ու գրեթե անխոս նայեցանք մեր շուրջը, սիրտերնիս լեցուն այլևայլ կարգի զգացումներով:

Կազդուրված բարոյապես և ֆիզիկապես, հետևյալ առավոտուն մեկնեցանք Տյորթ Յոլեն, մեր հոգիներեն, սևն ու սուգը քանի մը օր հեռացեր էին, և այդ քաջ և վեհոգի մարդոց մեջ նոր ուժ և նոր եռանդ ստացած, շատ մը զգացումներու հետ անսահման երախտապարտություն կար անտարակույս: Մինչև քաղաքին սահմանն ընկերացան մեր սայլին ու հրաժեշտի ողջույններու մեջ, որ կղրկեինք իրենց հետզհետե հեռանալով, թե՛ արցունք կար, թե ժպիտ․ բայց այդ արցունքը քաղցր և ամոքիչ էր այս անգամ:

Սայլը թավալելով կհեռանար Տյորթ Յոլի այն թաղեն, որ պատնեշներեն դուրս գտնվելով ավերման ենթարկված էր: Հարկ չկար հարցնելու, թե թշնամի խուժանը մինչև ուր հասած էր. իրենց հետքերը ձգած էին.- կացինահար ծառեր, արմատախիլ եղած նարնջենիներ, կոխոտված պարտեզներ ու ասդին - անդին առանձնապես ցցված ծառի կմախքներ, որոնց տերևները բառական իմաստով ամբողջովին փեթռտված էին: Ավելի կատարյալ ու արտահայտիչ պատկեր չէր կարելի երևակայել՝ իր ամբողջությանը մեջ ըմբռնելու համար այն չարագուշակ մարդակերներու քանդող ոգին, որով հարձակեր էին խաղաղ բնակչության վրա:

Այս անգամ ալ Համիդիե երթալու համար ստիպված Էինք Էրզին հանդիպիլ։ Նկատի ունենալով մեր կարճ ժամանակը, հույս չունեինք կրկին մեր բանտարկյալները տեսնելու, բայց մեր սովորության համեմատ փորձեցինք ու հաջողեցանք: Կարճ և անբավական տեսակցության մը միջոցին էր, որ հաղորդեցինք մեր գիտցածը Բայասի աքսորյալներու մասին ու փոխադարձաբար լսեցինք, թե այդ նույն աքսորյալներուն հավանական էր, որ հանդիպեինք մեր ճամփուն վրա:

Ուրեմն աճապարեցինք ճամփա ելլելու: Ձիերը չէին քակված իսկ և մեր սայլը պատրաստ կսպասեր շուկային մեջ: Հազիվ թե տեղավորված էինք, երբ շատ երիտասարդ և շատ թուխ երիտասարդ մը եկավ դեպի մեզի: Թուրք էր. իր սելամը տալեն ետքը վարանոտ մնաց պահ մը, և հակառակ մեր հրավերներուն, անիկա չխոսեցավ. իր սև և համակրելի աչքերը թե՛ տխուր էին, թե՛ ժպտուն և անոնց ջերմ նայվածքը կհանգչեր անգամ մը իմ ընկերուհիիս վրա: Այն պահուն, երբ սայլապանը, որ պահ մը հեռացած էր մեզմե՝ կվերադառնար, թուրք երիտասարդը հրաժեշտ առավ ու հեռացավ:

- Խոսեցա՞ք իր հետը, - հարցուց սայլապանը, երբ ճամփա ելած էինք, և զինքն աչքե հեռացուցած բոլորովին:

Իր շարունակական դեգերուններուն մեջ՝ մեր սայլապանը մանրամասնորեն գիտեր այլևայլ վայրերու պատմություններ. մեզի հետ կշահագրգռվեր ու հաճախ մեզի հետ կպտտեր, երբ երթայինք ավերակներու վրա. ու շատ անգամ ինքն էր, որ կամբողջացներ արկածյալներուն կցկտուր խոսքերը:

- Այդ տղան մարաշցի Մեհմետ անուն երիտասարդ մըն էր, - ըսավ վերջապես, երբ մեր սայլն անկարելի ոստումներ ընելով դուրս կելլեր Էրզինեն. - անոր ըրածը ոչ ոք չէ ըրած:

Մեր հետաքրքրությունը գոհացնելու համար պատմեց Էրզինի դեպքը և մարաշցի Մեհմետին դերը:

Չորեքշաբթի ժամը 11-ին Էրզինի Մյութեսարըֆը Ասաֆ պեյ հեռագիր կստանա Ադանայեն, որով իմաց կտրվեր իրեն, թե 24 ժամե ի վերջ ջարդ կար: Անմիջապես Մյութեսարըֆը զենք կբաժնե թուրք ժողովուրդին: Հինգշաբթի չորս Տյորթ յոլցի հայեր, որոնք պանիր առնելու համար Էրզին կուգային՝ կսպաննվին ճամփուն վրա: Այն ատեն երկու մուսուլմաններ՝ սապըգ Մյուֆթի և Մուսա էֆենդի կհավաքեն Էրզին գտնվող 200-ի չափ հայերը, կտեղավորցնեն զանոնք խանի մը մեջ և իրենք կպաշտպանեն խուժանին հարձակումններուն դեմ: Հետզհետե պաշտպանությունը կդժվարանար. զինված ամբոխը կատաղությամբ կուգա կյավուրներուն վրա, իզուր քանի մը հոճաներ կուգան կմիանան վերը հիշված թուրքերուն: Այն ատեն ճարահատ, հազար հնարքի դիմելով և կյանքերնին վտանգելով կփոխադրեն հայերը խանեն բանտ, ուր կամրացնեն զիրենք բանտին մեջ, թեև ավելի ապահով: Հայերը կզրկվին դուրսի հետ որևէ հարաբերություն ունենալե: Խուժանն օրերով կպաշարե զիրենք և համբերությամբ կսպասե րոպեին, երբ անոթությունը պիտի հարկադրեր հայերը՝ իրենց ամրոցեն դուրս ելլելու: Եվ իրավամբ կյանքը կսկսի անկարելի դառնալ պաշարյալներու համար. նույնիսկ թուրքեր չեն համարձակիր իրենց շրջանակին մեջ մտնել և պաշարյալներուն տակ պարեն հասցնել հայերուն: Այդ պահուն էր, որ Էրզինի թրքաբնակ ավանին մեջ Մեհմետին խիղճը կարթննա, և այդ քսանամյա երիտասարդն անխոնջ եռանդով ու ոտնահարելով մահվան վտանգը, օրվան գրեթե ամեն ժամերուն՝ ուտեստ կհասցնե հայերուն: Երբ պաշարյալներուն գրպանի դրամը կսպառի, այն ատեն նույնիսկ ինքը կտրամադրե հինգ ոսկի, միակ խնայողությունը, որ ըրած էր երկու-երեք տարիե ի վեր՝ աշխատելով ճարտարապետ Կիրակոս ուստային քով: Էրզինցի 200 հայեր, մեծ մասը պանդուխտ, իրենց կյանքը կպարտին այդ դեռահաս թուրք երիտասարդին:

Երբ սայլապանն իր պատմությունն ավարտեց, բավական հեռու էինք արդեն Էրզինեն. մեր սիրտերը ողողված էին նոր տեսակ զգացումով մը. հուզմունքով էր, որ կմտաբերեի մարաշցի Մեհմետին առեղծվածային և խաղաղ ու համակրելի նայվածքը:

Ի՞նչ ճաճանչ էր ատ թշնամիին մթագնած խղճմտանքին մեջ. ո՞ւր էր աղբյուրն այդ լույսին, որ դրդած էր մեհմետներն անջատվիլ խուժանին զանգվածային անգիտակցութենեն ու անոր խորտակող և քանդող ուժին դեմ կանգնիլ առանձինն ու հաղթական դառնա՜լ…

Այս սփոփարար մտածումներով օրորված կառաջանայինք ճամփուն վրա, երբ հեռավոր կայան մը նշմարեցինք: Ամբողջ քարավան մը կանգ առած էր. թուրք և հայ բանտարկյալներն էին անտարակույս, որովհետև զինված և ձիավոր զորքերու շարքը շատ հատկանշական էր:

Մեր ճամփան ոգևորված էր անցորդներով, փաթթոցավոր հոճաներ ձիու կամ էշու վրա հեծած կարտորային հեռուներեն, թշվառ և տխրատեսիլ գյուղակներեն, թուրք կիներ ցնցոտիներով ծածկված կգային կշարվեին ճամփուն վրա, քարավանին անցքին, տեսնելու համար իրենց բանտարկյալները: Տեղ-տեղ խումբեր կկազմեին, բայց ոստիկան զինվորներն անմիջապես կնշմարեին անիկա, կփութային և կցրվեին զանոնք:

Մեր դեմ կտարածվեր ընդարձակ թատերավայր մը. ու թեև հեռավորության պատճառավ բան մը չէինք լսեր. կտեսնայինք ու կհասկնայինք մանավանդ շատ բաներ:

Մեր միակ մտահոգությունը՝ մեր բանտարկյալներուն մերձենալն էր. չէինք գիտեր թե ղրկված դրամը հասա՞ծ էր իրենց և թե վարձա՞ծ էին սայլ, թե ոչ քալելով կընկերանային քարավանին: Մեր սայլապանին հետ համաձայնելով՝ շեղեցանք ճամփեն և ուղղվեցանք բանտարկյալներուն վրա:

Անոնք կպատրաստվեին մեկնելու և փութով կտեղավորվեին սայլերու մեջ: Հրացանն ուսերին՝ ձիավոր զինվորներ շարքը կմտնեին: Քանի կմոտենայինք, կնշմարեինք չարագուշակ դեմքեր ոճրի հիշատակով մոլորված նայվածքներ, դևի և հրեշի դիմակներ, մարդկությունը կարծես զզվանքով իր գրկեն դուրս փախած էր այդ ահավոր հրեշները, որոնց ամեն մեկան խղճմտանքը ծանրաբեռնված էր անլուր ոճիրներով: Իրենց դեմքը սարսափի ու նողկանքի զգացումեն անմիջապես ետքը, գերագույն գթություն մը կներշնչեր: Ու մենք մեր բնազդին խորեն այդ զգացումով դղրդված էինք: Դժբախտ էին անտարակույս այդ քստմնելի արարածները, որոնց երեսները կարծես երբեք արևեն չէր լուսավորված, ա՛յնքան խավարային բան մը ունեին, դժբախտ էին այդ ձեռքերը, որոնք քանդել և ոճիր գործել միայն գիտեին այդ տափակ և խուսափուկ ճակատները, որոնք չէին բարձրանար մարդավայել խրոխտությամբ, այդ աչքերը, որոնք մոլեռանդային պատկերներով լեցուն էին, և որոնք չէին ճանչնար արցունքին բարերար և ամոքիչ քաղցրությունը:

Ո՞ւր էին մերինները, գրեթե կարոտ ունեինք այդ բանտարկյալներու շարքին մեջ տեսնել խաղաղ, մտամփոփ և լուրջ դեմքերը հայ բանտարկյալներուն: Երբ քարավանին քով հասանք, ամենքն ալ սայլերուն մեջ էին ու ծածկված՝ մոմլաթե վարագույրներու ներքև, միայն իրենց թիկունքը կտեսնեինք, ու թեև բոլորովին անկարելի էր հարաբերության մեջ մտնել մեր բանտարկյալներուն հետ, հսկող չավուշեն իմացանք, թե բոլորն ալ սայլ ունեին, ու թե մեր ղրկած դրամը ժամանակին հասած էր իրենց:

Ավելի հանգստացած, շարունակեցինք մեր ճամփան քիչ մը հեռուեն, բայց մեր արագությունը հարմարցնելով քարավանին գնացքին:

- Ո՞ւր են մերինները…- կըսեինք ամեն րոպե ու սայլերը ծածկող վարագույրներուն ընդմեջեն կջանայինք ճանչնալ զիրենք:

- Ահավասիկ,- ըսավ հանկարծ ճամփու ընկերուհիս, մերինները դյուրին է որոշել, ամենքն ալ շղթայակապ են… Ամենքն ա՜լ, այո՛. նույնիսկ խեղճուկ քահանա մը. ու մինչ թուրք բանտարկյալներն ազատ էին իրենց շարժումներուն մեջ, հայերը խստությամբ կապված էին շղթաներով:

Ավելի չարագուշակ պատկեր չէր կարելի երևակայել. սայլին մեջ հայ բանտարկյալները նստած էին երկու շարքի վրա և շղթա մը մեկ ծայրեն մյուսը կերկարեր կապելով յուրաքանչյուրին թևերը ետևեն. այնպես որ եթե իջնեին՝ միասին պիտի իջնեին, եթե մեկն ուզեր շարժիլ՝ ամենքն ալ հարկադրված էին քաշքշվիլ այդ ուղղությամբ: Կային նաև առանձին շղթայակապ հայ բանտարկյալներ, որոնք նստած էին թուրք բանտարկյալներու սայլին մեջ այս վերջիններն ազատ բնականաբար որևէ շղթայե:

Այս լիրբ անարդարությունը մեզ ըմբոստացուց, մանավանդ որ զգալով մեր ներկայությունը, մարտիրոսի և զոհի տժգույն դեմքեր կտանեին և իրենց աչքերով մեզի կփնտրեին: Մինչև այնտեղ, որ մեր ճամբարները բաժնվեցան, ամեն ջանք ըրինք մեր անիրավված բանտարկյալներու աչքին տակ ըլլալու և գոնե մեր ներկայությամբ մեր անխոս, բայց շատ զեղուն սրտակցությամբ ամոքելու իրենց տաժանելի ճամփորդությունն ու հոգեկան տրամադրությունները:

Անմիջապես որ հարկադրվեցանք բաժնվիլ բանտարկյալներեն, ինկանք մթին տխրության մը մեջ. մեր պահ մը առաջվան ուշադիր և լարված հսկողության հաջորդեց հոգեկան անհուն խոնջենք մը. սպառած էինք. երկար ատեն սայլը տարավ մեզ, մինչ մեր գիտակցությունը քնած վիճակի մը մեջ կտարտամեր…

- Սպաննեցի՛ն, սպաննեցին ու ազատվողները շղթայի զարկին, դիմադրողները կախեցին… փախի՜նք, փախի՜նք… հոգերդ առնեմ, այս երկրիս արևը սևցած է մեզի համար…:

Երբ մեր սայլը տեսեր էին, Համիդիե գյուղաքաղաքեն մեզ դիմավորելու եկեր էին մեկ քանի այրիներ, որոնք աս խոսքերով ողջունեցին մեր գալուստը:

Դարձյալ ավերակներ… մեր ճամփորդության վերջին հանգրվանն էր Համիդիե ու ճշմարտապես անկարող այլևս տառապելու: Ջղագրգռված դյուրազգացություն մը մեզ կտանջեր, ոչ միայն մեր արցունքները չէինք կրնար զսպել, այլ նաև կհեկեկայինք տղու պես, ու արկածյալները տեսնելով մեր հիվանդագին վիճակը, հանկարծ կլռեին ու կհեռանային:

Դեռ սայլեն չիջած, որոշեցինք չմնալ Համիդիե, և մեկնիլ անմիջապես դեպի Ադանա: Խուլ, անկապ, հեծեծագին աղաղակներ կգոռային մտքիս մեջ ու հանկարծ շրթունքնիս վրա կուգային -փախչի՛նք… հոգերնիդ առնեմ, արևը սևցած է մեզի համար, օգնությո՜ւն, օգնությո՜ւն…

Մեր սայլը կթավալեր այդ րոպեին ավերակ դարձած թաղերու մեջ: Կտեսնեինք դարձյալ ածխացած ոսկորներ, արյունի սևցած հետքեր, պատառատուն և խանձած քուրջեր, ասդին֊ անդին դիակներ կամ մարդկային բեկորներ համրորեն տարրալուծելով արևին տակ՝ իրենց նեխությունը կարտաշնչեին, և տոթակեզ մթնոլորտը բոլորովին անշնչելի կդարձնեին: Մեր սայլը կեցավ ավերակներու մեջ: Ասդիեն անդիեն ցցվող ուրվականային դեմքեր, այրիներ և որբեր խուժեցին մեր վրա: Ղար Թերզիին տանը մոխիրներուն առաջքն էին հարյուրե ավելի հայեր, կիներ ու տղաքներ, որ մինչև առավոտ դիմադրեր էին: Բայց նենգավոր թշնամին դյուրավառ նյութերով ոռոգելե ետքը տունը, կրակի տված էր զայն, ամենքն ալ այրեր էին, իսկ փախողներն ալ հրացանի գնդակով զարնված էին: Հիմա այդ ոգորումի, այդ արհավրալի ոգևարի ժամերեն իբրև հիշատակ՝ մեր դեմ կպարզվեր ընդարձակ ավերակ մը: Հովը բարձրացնելով գետնի փոշին մոխրակույտեր կազմած էր, որոնք ճերմակ և փայլփլուն էին մարդկային ոսկորներու մոխիրով…:

Այդ տանն ավերակներեն անդին՝ հաջորդաբար կպարզվեին ուրիշ հրդեհված տուներու ավերակներ, մոխի՜ր… մոխի՜ր… արևը շեշտակի կիյնար այդ հուսահատության դաշտին վրա կարծես առանց տաքցնելու, որովհետև մահասարսուռ ցրտություն մը կբարձրանար գետնեն ու կդողայինք, սարսափելի կդողայինք…:

Մեր ետևը բնությունն իր ամենեն գեղածիծաղ երևույթներեն մեկը կպարզեր. գետը կճեղքեր բույսերով, և պուրակներով բեռնավոր ափունքն ու անբիծ երկինքին տակ վճիտ և կապույտ կսողար տարածվելով, կամարակապ և հնամենի կամուրջ մը պերճորեն կձգվեր գետին վրա:

Բայց մենք կնայեինք առանց տեսնելու, աշխարհս սևցած էր նորեն մեզի համար ու մահվան ստվերին մեջ էինք, ուրվականային դեմքերն այրիներուն կհեռանային, կկորսվեին հետզհետե մոխրակույտերու կամ ասդին- անդին կանգուն մնացած պատերուն ետև: Սայլը խլրտեցավ ու ճամփա պիտի ելլեինք: Անգամ մըն ալ մեր նայվածքը հառեցինք Ղար Թերզիի տանը մոխիրներուն, երբ այդ պահուն խելագարված այրի մը կառչելով մեր սայլին, կըսեր ողբագին ձայնով մը…

- Ծծկեր տղաք ալ կայի՜ն… ու անոնք կճչեն, բոլոր գիշերը կճչեն: Գլուխը շարժեց ու պահ մը մնաց` կարծես մտածում մը փնտրելով, իր թուլցած շրթունքներեն լորձունքը կերկարեր մինչև կուրծքը, միջոց մը ահավոր քրքիջ մը օդը թնդացուց, բայց գրեթե անմիջապես իր արցունքոտ և ցավագին աչքերը տխրեցան ու ավելի մեղմ ձայնով մրմնջեց.

- Օրօր կըսեմ իրենց, բոլոր գիշերը, բայց կճչեն, հոգերդ առնեմ, կճչեն…

Սայլապանին մտրակը շաչեց ձիերուն գլխուն վրա, ու կհեռանայինք, կփախեինք գրեթե: Երկու ժամու չափ պետք է ձիերը հանգչին, որպեսզի կարենայինք մեկնիլ. ոչ մեկ կերպով կարելի չէր մեզի համար այդ գիշերն ավերակներու մեջ անցնել և հակառակ սայլապանին դժկամություններուն, պնդեցինք: Առավոտուն մեկնել էինք Տյորթ Յոլեն ու գիշերը կուզեինք Ադանա ըլլալ:

- Այսպես ճամփորդ չեմ ունեցած մինչև հիմա, - կգանգատեր սայլապանը…:

- Այսպես ճամփորդ երանի՜ թե այլևս չունենաս,- պատասխանեցինք իրեն, ու հորդորեցինք, որ համակերպի մեր որոշումին:

Այդ երկու ժամն անցուցինք Սապաթիե անուն ֆրանսացի ընտանիքին քով, որ նախախնամությունը դարձեր էր Համիդիեի այրիներուն: Այդ ընտանիքն իր տանը մեջ ապաստան տված էր հազարի չափ արկածյալ կիներու և տղաքներու, որոնց մեջ միայն յոթ այրեր կային, կասկածի և սարսափի բոլոր օրերուն ոչ միայն իրենց եռագույն դրոշակին տակ պաշտպաներ էին խելացնոր և սարսափահար փախստականները, այլև սնունդ և հագուստ հայթայթեր էին անոնց:

Քաղաքավարական ձևերին անմիջապես ետքը, երբ մենք ինքզինքնիս ծանոթացուցինք, տիկինը սկսավ խոսիլ դեպքին մասին: Համիդիեի մեջ մեռած էին զենքե և հուրե 800 հոգի, 300-ը դրսեցի: Թշնամիին անգթությունը չէր դադրած սոսկում և զարհուրանք պատճառելե այդ արևմուտքցիներուն. իրենք ականատես եղած էին և ինչ որ կպատմեին մեզի՝ տաք և բաբախուն իրականությունն էր:

- Թուղթի վրա գրված պատմություն չէ՛ ասիկա, - կըսե տիկինը, մեր աչքերովը տեսած ու մեր ականջներովը լսած էինք:

Չորեքշաբթի օրը Համիդիեի հայ հասարակությունը եկեղեցին էր ու քարոզ մտիկ կըներ, երբ իսլամ մը կուգա և քահանային կըսե, թե կառավարութենեն զինքը կխնդրեն անմիջապես: ժողովուրդը պահ մը շփոթված կմնա, հետո կցրվի: Այն նույն միջոցին կառավարչատան մեջ հայ պաշտոնյա մը Կիրակոս էֆենդի, կտեսնե, որ հեռագիր մը հասած է: Կուզե տեղեկանալ, բայց զինքը կհեռացնեն ըսելով, որ իրեն վերաբերություն չունի: Հայ պաշտոնյան երբ կտեսնե, որ թուրքերը կհավաքվին, կկարդան ու կբողոքին, կմեկնի պաշտոնատեղիեն և կփութա հասարակության իմացնելու իր կասկածները: Հայերը խանութները կգոցեն և տեղ-տեղ կհավաքվին խորհրդակցելու համար: Կասկածն ամենուն սրտերուն մեջ է, բայց շատերը չեն հավատար, որ մեծ աղետ մը կրնա պատահիր: Նույն միջոցին իսկ հրացանաձգությունը կսկսի և կտևե մինչև իրիկուն անընդհատ: Կհարձակին դեռ չի գոցված խանութներու վրա ու կսպաննեն և կթալնեն, կխորտակեն գոցվածները տերերը կփնտրեն զարնելու համար: Երբ մութը կսկսի, խուժանը կմտնա հայ թաղերը և տուները կհրդեհե: Շատ չուզելով կրակի մեջ մեռնիլ, հրացանե կզարնվին: Տեղ-տեղ թշնամիները դիմադրության հանդիպելով ա՛լ ավելի կկատղին ու նշմարելով տեղացիներեն ոմանց թուլությունը, աշիրեթներ բերել կուտան, որպեսզի ավելի անգթությամբ և անխնա սպաննեն: Տեղին գատըն գլուխը կկենա ոճրագործներուն և կխրախուսե զիրենք.

- Մարդիկը զարկե՛ք, թալանով ժամանակ մի կորսնցնեք, անհավատներուն մալերը երբ որ ըլլա մերն է՛:

Կիներ խելակորույս` խուժանին մեջ նշմարելով իրենց ծանոթ դրացիներ, կպաղատին և գթություն կհայցեն իրենց զավակներուն համար: Ամեն կողմե կլսվին սրտակեղեք աղաղակներ. «Տղոցս խնայեցե՛ք», «Զավակիս խնայեցե՛ք», ու հրացանները կպատասխանեն:

Գնդակներուն որոտումը խլացուցիչ կըլլա, մուխի և բոցի ծվեններու մեջեն կընդնշմարվին վիրավորված մարդիկ, արյունի շերտեր երեսներուն ի վար, աչքերնին կուրցած, ու բարձր բռնած ծծկեր տղաքներ, փրկելու, ազատելու խելահեղ ջանքով մը, և որոնց վրա կխոյանան սև և չոր բազուկները թշնամիին:

- Ոճրագործները զարհուրելի արբեցութենե մը բռնված էին. հռնդալով ու ոռնալով կհարձակեին նույնիսկ մոլորած տղոց վրա, աչքերնին դարձած, մարդկային որևէ զգացումե զրկված, անանուն գազաններու պես էին: Այսօր երբ կվերհիշեմ այդ պատկերները, դժվարս կուգա հավատալու, նույնիսկ ինծի, որ աչքովս տեսա, թե իրականությո՞ւն են անոնք:

Հետզհետե ուրիշ այցելուներ եկան մեզ բարևելու, հույն պաշտոնյայի մը մայրը, սուրիացի տիկին մը, ևս. եկան նաև արկածյալներ, որոնց մեջ էր Կիրակոս էֆենտիի կինը: Խոսակցությունը հետզհետե ավելի արծարծվեցավ. ամենուն դեմքերը ցավի և վիշտի այնպիսի արտահայտություններ ունեին, որ դեռ զիրենք չլսած՝ կփղձկեինք:

- Ինչչափ մայրական սիրտեր վիրավորված են, ափսո՜ս, - կըսեր հույն տիկինը, գլուխը շարժելով:

Կիրակոս էֆենտիի կինը հեկեկալով կպատմեր.

- Տան մը մեջ ապաստանած էինք 40-50 հոգի: Երիտասարդները դիմադրեցին, բայց իզուր: Թշնամիներն ամեն կողմե կբխեին ու անթիվ էին: Վերջապես կրակի տվին. երեք զավակներս ալ զարկին, ամեն մեկ քայլիս երեքեն մեկն ինկած կտեսնեի: Տղոցս դիակները մնացին ճամփուն վրա ու զիս նվաղած Սապաթիե ընտանիքին քով բերին: Էֆենտիս այլևս չտեսա:

- Ես չնվաղեցա,- կպատասխանե ուրիշ մը.- ցավես քարացած կնայեի սպաննված զավակներոա վրա ու չէի հասկնար, անոնց կտոր-կտոր եղած մարմինները, լճացած արյունը զիս չէին արթնցներ, կտեսնեի, բայց չէի հասկնար ու կկարծեի, թե ինչ որ եղավ, հիմակ չէ որ եղավ, այլ հեռավոր և ինծի հետ կապ չունեցող բան մըն էր: Բայց մեկեն կարծես ձեռք մը խառնեց սիրտս, և պոռալով ու աղաղակելով սկսա փախչիլ…:

Կինը գլուխը բարձրացուց և իր զարհուրած աչքերը սևեռեց մեզի, կտանջվեր իր զգացածը չկրնալ բացատրելուն համար, և ձեռքերովը կուրծքը կբզկտեր: Շատ դժվարավ վերջ ի վերջո թոթովեց.

- Զավակներես չէ, որ կփախչեի, այլ ցավես, կսկիծես… իմ արյունոտած սիրտես…

- Վա՜յը գլխուդ, ի՞նչպես ապրեցար, - կհառաչեն ուրիշ նույնքան սգավոր կիներ…

- Մեր ապրիլն անեծք մըն է՜… - պատասխանեց երիտասարդ կին մը. - ամեն օր քանի մը անգամ կմեռնինք՝ միտքերնիս բերելով եղածները ու տեսնելով մեր սիրելիներուն ոճրագործները: Ամենքն ալ մեզի ծանոթ էին, անունով կճանչնային, ու դիակները քննելով կհասկնային, թե ո՛րոնք սպաննված չեն ու կսպասեին, որ երևան գան: Մեկ տղաս զոհ տվի, բայց մյուսն ազատեցավ՝ հոս փախչելով: Տասը օր զիս չարչարեցին գալով և ողջ մնացած տղաս ուզելով:

- Ո՞ւր է հիմա տղադ,- հարցուցին իրեն օտար տիկինները… Կինը ձեռքովը տարտամ հեռավորություն մը ցուցուց և չպատասխանեց:

- Ինը տարեկան մանչ մըն է,- ըսավ տիկին Սապաթիե. սարսափեն ցավագար դարձած է գրեթե, այն օրեն ի վեր կվախնա լույս տեղ երևան գալու և կծածկվի մութ անկյուններու մեջ. իսկ երբ որևէ մարդ մոտենա իրեն, բոլոր մարմնովը կդողղղա, անհավատալի կերպով կդողդղա՜…

- Ձեռքը ձեռքիս մեջ սպաննեցին իմ յավրո՜ւս,- կգոչե ուրիշ կին մը արտասվելով. - ամենքն ալ մեռած էին ու ես ու վերջին տղաս մնացած էինք: Դեռ պզտիկ էր, հազիվ տասը տարեկան, արյունով թաթխված էի, բայց չէի գիտեր թե ի՞մ, թե զավակներուս արյունն էր, որ ժայթքած էր վրաս: Երբ տանը մեջ բոլոր ձայները մարեցան, ոճրագործներեն մեկը դեպի մեզ եկավ, ձեռքի կացինը մինչև կոթը կարմրած էր արյունով:

- Մեկ հատս մնաց, խնայե՜, ըսի:

- Աղջի՞կ է,- հարցուր:

Քողս վերցուցի ու ծածկեցի տղուս գլուխը:

- Այո՜,- ըսի,- աղջիկ է:

Միջոց մը կեցավ. աչքերը վարանելով կնայեին մեյ մը ինծի, մեյ մը մանչուս, որուն ձեռքը կդողար ձեռքիս մեջ:Հանկարծ ծռեցավ, քղանցքը բարձրացուր, հաստատեց սեռը, ու կացինի մեկ հարվածով սպաննե՜ց…:

Դժնդակ լռություն մը հաջորդեց այս խոսքերուն, բոլոր ներկաներուն աչքերն ապակիի պես կվառեին, տենդով ու զայրույթով հրահրված էինք ու արտասուքը կպտտեր մեր բիբերուն վրա:

Ո՞ւր էին մեր մխիթարության և հաշտության խոսքերը, որ արտասանելու համար եկած էինք այս տարաբախտերուն մեջ: Ո՞ւր էր այն հոգեկան խաղաղությունը, որ կսպասեին մեզմե. մենք չէինք որ կխոսեինք, այլ արկածյալ ժողովուրդը, որուն հավաքական իմաստությունը կարտահայտեր կույր պառավ մը՝ պատգամի պես խոսելով այդ մեռելական լռության մեջ.

- Նեղ օրիդ երբ գլուխդ քարին զարնես, քարեն արցունք կելլա, բայց դուշմանեն մերհամեթ չելլար:

Նույն պահուն լսեցինք հեռվեն խելագար այրիին օրորը որ կմոտիկնար հետզհետե…:

Ամենքն ալ հիշեցին իր խոսքերը ու սկսան հեկեկալով արտասվել: Արկածյալներուն հետ կարտասվեինք ոչ միայն մենք, այլ նաև ֆրանսացի և օտարական կիները… և նշմարեցինք, որ հույն մայրն իր արտասվաթոր դեմքը մեզի դարձուցած կարծես կզարմանար, որ լսելով ու տեսնելով բոլոր այս բաները, դեռ կապրեինք, դեռ կհաջողեինք կանգուն մնալ:

Հակառակ Սապաթիե ընտանիքին ստիպումներուն, հակառակ տեղացիներու ագդարարությանց, համառեցանք մեր որոշումին վրա, ու նույն օրն իսկ ճամփա ելանք:

Բոլոր գիշերը պիտի ճամփորդեինք, բայց ի՜նչ փույթ… կհուսայինք ֆիզիկական արտակարգ հոգնությունով թմրեցնել մեր հոգեկան գրգռված վիճակը, ու մոռնա՜լ, մոռնա՛՜լ, մոռնա՜լ…:

Սայլն անցավ շուկային մեջեն ուր կրպակներու առջևը ոճիրով ամբաստանված մարդիկ ցած աթոռակներու վրա նստած' հանդարտորեն նարգիլե կծխեին: Վերջալույսը կծանուցվեր արենագույն ամպերով, որոնք կսավառնեին երկնակամարին վրա: Մենք չէինք խոսեր իրարու հետ ու կնայեինք ոճրագործներուն: Թուրք տղեկ մը անցնելով մեր մոտեն, հայհոյություն մը ուղղեց մեզի… ուրիշներ ծիծաղելով պատասխանեցին. սայլն ավելի արագ անցավ ու մեր ետևն անհետացավ Համիդիեն իր ավերակներով ու իր անպատիժ մնացած ոճրագործներով:

Գիշերը կիջներ հետզհետե, ու մեր շուրջն ամայությունն ալ ավելի զգալի կդառնար: Գաղջ խոնավություն մը կպարուրեր մեզ, ու լռությունն այնքան կատարյալ էր, որ մեր սայլին աղմուկին արձագանքը կլսեինք: Աստղազարդ երկինքն աղոտ լույս կմաղեր միջոցին մեջ, որով կնշմարեինք մութի հետզհետե սև խավերու ետևեն հնամենի բերդի մը ավերակները: Մինչև կեսգիշեր, մինչև Միսիս, ուր հարկադրվեցանք կանգ առնել երկու ժամու չափ, խորհեցա և մտաբերեցի մեր ճամփորդության միջոցին տեսած ու լսած դեպքերս ու պատկերներս: Մտքիս մեջ երբեմն այս, երբեմն այն դրվագը կներկայանար իրականության ուժգնությամբը: Սիրտս կայրեր անմխիթարելի ցավով. ու այդ ցավին մեջ խոնարհություն կար:Ըմբոստություն կար, ու երբեմն ալ գոռոզություն:

Իմ կոխոտված ու արյունոտած ցեղիս ձայնը կերգեր երակներուս մեջ գոռ եղանակներով. թշնամիին դիտավորություններն անգամ մըն ալ ապարդյուն եղեր էին ու կզգայի, հակառակ մեր ականատեսի հուսահատորեն տխուր տպավորություններուն, թե անմահ և անքակտելի բան մը. ցեղին հանճարը, խուսափած էր ոճրագործներու տապարներեն. դագանակներեն, հրացաններեն ու անոնց վառած խարույկներեն:

Բուն թշնամին, խավարի ոգին, դարավոր ախոյանը մեր Արիականի լուսատենչ և խաղաղավետ ձզտումներուն, քանդող և ավերող ուրվական, դատապարտված էր անկարող դառնալու մեր հարաբողբոջ կենսականության դեմ: Ու այս զգացումը կսավառներ բոլոր, ավերակներուն վրա. կարտացոլար նահատակներու մոխիրներեն, ուրվականային և մոլար երևույթներեն այրիներուն, կճաճանչեր որբերու աչքերուն մեջ, և անիկա կար մանկական հոգիներու անգիտակցության խորը. ինչպես կոտորված ու եղծված համայնքի մը մնացորդներուն հոգեբանության մեջ:

Ու ասիկա ցեղին վրեժն էր…:

Հաղթական մտածումս կսայթաքեր սակայն երբեմն իր ուղիղ ժայթքեն, կմոլորվեր մանրամասնություններու մեջ. սարսափն ու զարհուրանքը կպատեին զիս… մղձավանջային տեսիլներ կանցնեին արագ-արագ հիշողությանս մեջեն, ու խեղճ սիրտս կբաբախեր անկանոն ուժգնությամբ մը:

Սայլը կերթար մութին մեջ ու երկուքս ալ թեև արթուն՝ չէինք խոսեր իրարու հետ ու կհետևեինք մեր առանձին մտածումներուն: Գիշերը հետզհետե ավելի խոնավ՝ գրեթե կցրտանար, ու մենք կզողայինք մեր վերարկուներուն տակը…

- Աշխարհս սևնա՜ ու այլևս բան չտեսնա՜նք…

Կփախեի՜նք, կփախեի՜նք ու կզակս կկափկափեր. տե՞նդն էր արդյոք, Ադանայի տենդն ուրկե բռնված էինք երկուքս ալ և որուն ցավը մոռցեր էինք ճամփուն վրա: Կփախեի՜նք… կփախեի՜նք…: Ձիերը կարծես խենթեցեր էին, սայլապանը կճչեր, երբեմն կգոչեր և պատահական գյուղակներու մոտեն անցած ատեննիս՝ հեռավոր շուներու կադկանձյունները կպատասխանեին մեր անժամանակ գնացքի աղմուկներուն: Ավելի արա՛գ, ավելի արա՛գ…: Մեր էության խորը կարթննային ձայներ, ձայներ, մղձավանջային, դժոխային ձայնե՜ր…

-Օգնությո՜ւն… օգնությո՜ւն…:

Խենթեցե՞ր են ձիերը. իրենց ոստոստող և թափահարող սմբակներեն կայծեր կցայտեին գետնի փոշին ամպի պես կբարձրանար: Ականջներնին կթոթվեին՝ գրգռված կարծես անտեսանելի շոշափումե մը. ու երբեմն կխրխնջեին, գլուխնին շարժելով ու կշարունակեին սուրալ, բարձրանալով առաջքի ոտքերնուն վրա և ոստոստելով՝ իբր թե վիհեր բացված ըլլային մեր դիմացը…:

Քանի մը ժամ այսպես, ու հանկարծ արթնցանք:

Միսիս հասած էինք. կեսգիշեր էր, ու ոճրապարտ գյուղը կքնանար: Սայլապանը ձիերը քակեց ու տարավ հանգչեցնելու և կեր տալու համար: Մենք սայլին մեջ մնացինք:

Կեսգիշեր էր… ու կարո՞ղ էինք քնանալ, քայլ մը անդին չարագուշակ ավերակները կային մարդկային աճյուններով ծածկված. քայլ մը անդին, կմախքի բեկորներ, մանկան գանգեր, քանդված օջախներ և ամեն տեղ ուրվականային հիշատակը գոհերուն…

Ոճրապարտ քաղաքը կքնանար. ոտքի ելա ու նայեցա շուրջս երդիկներու վրա, երկար, երկար ատեն: Ու իմ հպարտությունս ու իմ ատելությունս այնքան սաստիկ զգացի, որ չհամարձակեցա անդրադառնալ անոր:

Քանի օրերե ի վեր Ադանա վերադարձած էինք: Մեր բանտարկյալներեն մեկ քանին արձակված էին, և կհանդիպեինք իրենց մայրերուն, իրենց կիներուն ժպտուն և գոհ դեմքերուն, մեր առօրյա երթուդարձի միջոցին: Պատերազմական Ատյանները դադրած էին այլևս գործելե և նոր ընտրված կուսակալին քաղաքային իշխանությունը, և ազատասեր մարդու ազդեցությունն օր օրի կտարածվեր վիրավորված և անհամբեր հայ հասարակության վրա: Ոչ ոք դեռ չէր մոռցած աղետը, ոչ ոք դեռ չէր ամոքված իր սեփական սուգին մեջ: Բայց ցեղը հավաքաբար կամփոփվեր, շարքերը կսեղմեին և թշնամիին բացած արյունոտ պատռվածքները կգոցեին կամաց-կամաց:

Ուրիշ տեղերե, կոտորածներու ժամանակեն զգացված գավառներեն հասկցեր էին, որ ժամանակը հասած է: Ու մեզի ղրկված հանդերձեղենի հակերու մեջ կգտնեինք հարսանեկան զգեստներ… մեկ կողմ դրինք անոնք և պահեցինք. այդ զգեստներն անպետ չմնացին:

Մոտավոր և դրացի գավառներեն ամեն օր կհասնեին բարեկեցիկ և դիրքի տեր ամուրիներ և կամուսնանային չափահաս որբուհիներու հետ:

Տխուր հարսանիքներ էին անշուշտ, սգավոր հարսնեվորներ: Բայց այդ հորդառատ արցունքներուն ետևեն որ կտեսնեինք, հարսերու երեսներն ի վար, հանդարտ և այլայլ փայլով մը կշողշողար նաև երջանկությունը:

Արագ, արագ, նոր ընտանիքներ կկազմվեին. մեր գործունեության տեսակը զգալի կերպով փոխված էր. այլևս տխրությամբ մեկ կողմ չէինք ձգեր գեղեցիկ և պճնված զգեստները՝ արկածյալները վիրավորելու մտահոգությամբ. անոնք կպահեինք, կծրարեինք և կհատկացնեինք հարսերուն:

Եկեղեցիին բակին մեջ ապաստանողներու թիվը կպակսեր հետզհետե. շատերն այգիները գացեր էին այգեկութք ընելու և օգնելու հողատերներուն: Քիչ ատենեն կուգար նաև բամբակի հունձքը և անգործ մնացած բազուկներ պիտի մխիթարվեին սուրբ և ամոքիչ աշխատությունով:

Հղի կիները կծնեին ու նորածիններն այլևս վիժածի ահռելի երևույթներ չունեին: Ամեն օր կերթայինք կայցելեինք ու գուրգուրանքով կհսկեինք այդ նորածիլ կյանքերուն վրա: Դժբախտ ու որդեկորույս մայրերու դեմքերուն վրա կվերածներ երջանկության ժպիտը, ու շրթներ, որ միայն ողբացեր էին ամիսներե ի վեր, կերգեին և օրոր կըսեին իրենց մանկիկներուն: Մեկ ծնող կնոջ քով կհավաքվեին շատ մը այրիներ ու ամենքն ալ կխնամեին ու կշփացնեին նորածինը. արկածյալները հավաքաբար մայրություն կընեին և կմխիթարվեին ինքզինքնուն ստեղծած տպավորության մեջը: Ավերակները նվազ քստմնելի, նվազ տխուր կերևեին. որովհետև հայ բանտարկյալներու արձակումեն ետքը Կիպրոս, Եգիպտոս և այլ երկրներ ապաստանող փախստականներ դարձեր էին իրենց հայրենի հողին վրա:

Փողոցներու մեջ անցուդարձը կշատնար. ոմանք իրենց տան ավերակները սկսած էին քրքրել նոր շինություններուն համար. փոքրիկ խանութպաններ հրդեհված կրպակներու խանձած պատերուն վրա սկսած էին ապրանքներ կախել և վաճառել: Նոր հոգեր, նոր հաշիվներ, ապագայի նոր ծրագիրներ կզարթնեցնեին քաղաքացին իր դժբախտության թմրութենեն:

Այդ օրերուն էր, որ հարկ եղավ մեզի երթալ Ադանայի շրջակա այգիներեն մեկը՝ կարևոր գործով մը: Քաղաքեն անմիջապես դուրս՝ սկսավ շարքը հոծ բուսականությունով մը հովանավորված պարտեզներու և ընդարձակ այգիներու: Անոնցմե շատեր ավրված էին, արմատախիլ որթատունկեր կճզմվեին կառքին անիվներում ներքև. շքեղ դալարիներու խորերեն երբեմն կցցվեր ավերակ դարձած բնակության մը մեկ թևը: Բնությունը կարծես արտակարգ ջանքերով կձգտեր ծածկել ինչ որ մարդիկ քանդած էին ու ավրել հետքերը ոճիրին:

Միջոց մը՝ հեռվեն տեսանք գետնին հակած մարդ մը, որ հողին վրա կաշխատեր, երբ մեր կառքը մոտիկցավ, գլուխը բարձրացուց ու կռթնած իր բահին, աչքերովը հետևեցավ մեզի: Ծերունի մըն էր, որ կճանչնայինք, սարսափելու օրերու մեջ տեսեր էինք՝ հիվանդանոցին մեջ. արյունոտ վերք, տապարի հարված մը կտրած էր դեմքը, ու աջ այտին մասը, աջ աչքն ինչպես նաև ճակտեն կտոր մը անհետացեր էին: Վիրակապը կծածկեր իր ամբողջ դեմքը. միայն ռնգունքը և շրթունքը բաց կմնային շնչելու համար: Օրերով ու շաբաթներով խեղճ մարդը մնացեր էր կիսամեռ վիճակի մեջ՝ անտանելի ցավերու մատնված: Երբ վիրակապը կքակեին, կտեսնեինք մարդկային դեմքի փոխարեն արյունով շարավով լպրծուն մկանունքներ, որոնք բաբախուն էին ցավով: Ոչ մեկ հույս կար զինքը փրկելու, բայց ծերունին դիմացավ ու ապրեցավ. մեկ աչքը ողջ էր մնացեր. օրե օր վիրակապը պզտիկցավ, մարդը կրցավ տեսնել լույս աշխարհը, ու անկից ետք զգալի կերպով բարվոքում ունեցավ: Հիմակ վերք չուներ, երկայն սպի մը կարծր գիծերով կգծվեր աջ դեմքին վրա. ողջ աչքը կապրեր սակայն արտակարգ եռանդով մը, ու անոր բոցեղ նայվածքը կկառչեր մեզի: Կառքեն իջանք, դեպի իրեն գացինք ու բարևեցինք.

- Կիրոս էմմի, մեզի չճանչցա՞ր:

Ծերունին խորամանկությամբ ժպտեցավ:

- Կիրոս էմմին, մեկ աչք ունի, բայց լավ աչք է, երկուքի տեղ կտեսնե:

Միջոց մը խոսեցանք իր այգիին մշակության և հուսացած հունձքերուն վրա:

Կիրոս էմմին կխոսեր ու կշարունակեր աշխատիլ, գործիքներ չկային, այլ, գրեթե մատներով հարկադրված էր հերկել:

- Ինծի համար չէ՛, - ըսավ, - տեսնենք մենք պիտի հասնինք եկող տարվան հունձքին ճաշակելու, բայց թոռներս կան… երբ առողջացա, գացի զիրենք առի որբանոցեն, մեկզմեկու պետքն ունինք, չէ՞:

Բահը ձգեց գետին ու ձեռքը ձեռքին մեջ զարկավ: Այս նշանին վրա 6-10 տարեկան 3 մանչեր և աղջիկ մը երևան եկան ծառերու ետևեն, կյանքը կխայտար իրենց ամեն մեկ նյարդներուն մեջ: Կարծես կանգիտանային իրենց վրայեն անցած սև փոթորիկը: Մեզ տեսնելով լրջացան և իրարու քով սեղմվեցան: Զիրենք չխրտչեցնելու համար՝ ձգեցինք զիրենք, մեկնեցանք:

Վերադարձին ուշ ատեն հեռեն տեսանք ծերունին, որ կաշխատեր տակավին:

- Բարի հաջողություն, Կիրոս էմմի,- պոռացինք: Հովը տարավ մեր ձայնը և ծերունին գլուխը բարձրացուց, ու ձեռք ըրավ:

Աոաջին անգամն ըլլալով կատարելապես ուրախ էինք այն իրիկունը, որովհետև երբ քաղաքը մտանք, մեզի թվեցավ, որ Ադանան, հսկայական գերեզման, համրորեն, տաժանելիորեն՝ բայց ապահովաբար հարություն կառներ իր աճյուններուն մեջեն:
Կ. Պոլիս, 1910թ.: