Միգում կորավ Իդա սարը,
Մըռայլեցավ Տրովադան,
Լուռ է ռազմի հարթավայրը,
Քընած բանակն Ատրիդյան։
Խաղաղ են շուրջ։ Առկայծում են
Խարույկները բանակի,
Երկա՜ր ու ձիգ ձայնարկում են
Պահնորդները մեկ մեկի։
Ծագեց պայծառ լուսնեղջյուրը 10
Ծովի վրա Էգեյան,
Բարձըր ափերն ու աստղերը
Ծովի խորքում ցոլացան։
Դատարկ դաշտում երևում է
Մենակ կառքը Պրիամի,
Տանում է իր Հեկտորի դին
Գոռ բանակից հույների։
Ահա կանգնեց ծովի ափին
Աքիլլեսը ահարկու.
– Ընկավ, ծերո՛ւկ, քո Հեկտորը, 20
Հանգավ լույսը քո հոգու։
Անդրոմաքեն ու Հեկաբեն
Դարպասներում անդադար
Քեզ են մընում… դարձիդ րոպեն
Կյանք կամ մահ է նրանց համար։
Եվ տըխրաբեր արշալուսին
Կըբուրի խունկ հաշտարար,
Թաղման երգով կըհեծեծեն
Ամեն մի տուն ու տաճար։
Հայր, մայր, այրի մաղթանքներով 30
Սափոր կածեն թանկ փոշին,
Ու, դըժոխքում, աղոթքներով
Հանգիստ կըտան հերոսին։
Խե՜ղճ ալևոր, խոնարհեցիր
Գըլուխդ իմ առաջին,
Եվ այս ձեռքը համբուրեցիր,
Որ լաց տըվավ քո աչքին…
Որդուդ մասին էր քո աղերս.
0՜, մի՛ տրտմիր, ալեզարդ,
Մի բախտ վըճռեց երկինքը մեզ,— 40
Ինձ էլ ընկճեց Արամազդ։
Մոտ է ժամըս. պատրաստած է
Նետը անգութ օրհասի,
Եվ պարկուհին ընդհատել է
Արդեն օրերն իմ կյանքի։
Ճըռընչում է դժոխքի դուռը,
Գուժում է ձայնն ահռելի.
– Վերջացա՜ծ է, հանգավ ջահը
Պելիդեսի օրերի…
Ո՜վ, այս ափից ետ չի գալու 50
Եվ քու որդին անվընաս.
Շուտո՜վ, շուտով պիտի և դու,
Ո՜վ Պելեոս, որբանաս։
Կանցնի ռազմի արհավիրքը,
Աքիլլեսիդ կըսպասես,
Կըզարդարես արքունիքը՝
Շուք ու փառքով ընդունես։
Մըտիկ կանես դատարկ ծովին
Ափից տըխուր ու տըրտում,
Թե չե՞ն գալիս արդյոք նավեր, 60
Առագաստ չի՞ երևում…
Նավեր կըգան Իլիոնից,
Ես չեմ լինի ոչ մեկում,
Ես չեմ զարթնի մահվան քընից,
Ու կըմընամ այս հովտում…
Իզուր վերջին տագնապի մեջ
Դու քո որդուն կըխնդրես
Ու կարկամող բազուկներով
Նրան կողքիդ կըփընտրես։
Սիրած երկրից ժամն անջատման 70
Չի քաղցրացնի նա այն օր,
Ու մինչ ափերն մոռացության
Չի տարածվի ձայնր հոր։
Իմ հայրենի՜ք, վըճիտ ջըրե՜ր,
Չըքնա՜ղ վայրեր հարազատ,
Եվ ձիթենիք ու դափնիներ,
Հովիտների շուք ու զարդ,
Ճոխ ծաղկեցե՛ք, փըթըթեցե՛ք,
Ինչպես առաջ, աննըման,
Ինչպես առաջ – միշտ թընդացե՛ք 80
Միայն ձայներով խընդության։
Բայց Աքիլլես ու Պատրոկլես
Էլ չեք տեսնի դուք բնավ…
Սպերքի ջըրե՜ր, բազուկըս ձեզ
Գըլխիցըս մազ խոստացավ,
Բայց գըլուխըս փոթորկալի
Պատերազմում ահագին
Պատրոկլեսին ես զոհեցի,
Էլ չըսպասեք իմ տուրքին։
Պատրաստել է նետը արդեն 90
Ապոլլոնը անողոք,
Ըսպասում է նոր եկվորին
Քարոնը սև Ստիքսի մոտ։
Եվ ափերից մոռացության,
Պատրոկլեսը գիշերով
Եկավ ինձ մոտ թեթև, անձայն,
Որպես երազ, թըռչելով։
Որպես շունչը մեղմ զեփյուռի
Նա շըշընջաց ինձ վըրա,
Նրա ձայնը ես լըսեցի, 100
Վեր նայեցի ու տեսա
Քընքույշ դեմքին հետք արտոսրի
Եվ անջատման խորին ցավ…
Ձեռքըս իրեն տարածեցի…
Դատարկ մըթնում չըքացավ…
Ըսկյուրոսից Նեոպտոլեմ
Դեպի հեռուն կըլողա.
Մի անծանոթ ափ կըտեսնի
Կանաչ բըլրակն իր վըրա։
Նավավարը այնժամ կասի՝ 110
Դարձած կողմը բըլրակի.
— Ահա շիրիմն Աքիլլեսի,
Այն էլ տեղն է բանակի…
— Այնտե՜ղ, պարսպից նա գիշերով
Երևում էր մեզ ահեղ,
Անտանելի հուրն աչքերում,
Սաղավարտով ճաճանչեղ.
Եվ եռակի որոտալով,
Ահ էր ազդում քաղաքին,
Ու Տրոյացին գունատ դեմքով 120
Զենքը ձըգում էր գետին։
— Այնտե՜ղ ձեռքը Ատրիդեսին
Տալով՝ դաշը հաստատեց…
Այնտե՜ղ կառքով նա մոլեգին
Քաղքի վրա հարձակվեց…
Այնտե՜ղ հողում իր ետևից
Քարշ տվավ դին Հեկտորի,
Հառեց աչքերն ըսպառնալից
Վըրան լըքած Տըրոյի…
Ու իր նավից Նեոպտոլեմ 130
Կիջնի ափը սըրբազան,
Որ միայնակ բըլրի վըրա
Դընի և՛ սուր, և՛ վահան։
Շուրջը արդեն դատարկվել է…
Խաղա՜ղ Սիմույս ու Քըսանտ,
Բաղեղ ու փուշ պատատել են
Տրովադային քարուքանդ։
Կանցնես դաշտը պատերազմի,
Ուր Աքիլլեսն է կըռված,
Կտեսնես հորանն երեների 140
Շիրմաց շուրջը մոռացված։
Ու քեզանից վերև հանկարծ
Կըլըսես ձայն թևերի…
Մենք կըլինենք թե թևի տված,
Ընկերներս հին օրերի…
Այնժամ հիշիր Աքիլլեսին,
Երկրից արագ նա անցավ,
Բախտը նըրան անփառունակ
Այստեղ մի դար խոստացավ.
Բայց, մերժելով դատարկ կյանքը, 150
Փառքի րոպեն ընտրեց նա,
Ու ընկերի համար մեռավ,
Հավատարիմ մինչև մահ։
Լըռեց Աքիլլ․․․ Մութն է Իդան,
Իլիոնը դեռ տըխուր,
Քընած բանակը Ատրիդյան,
Պատերազմի դաշտը լուռ։
Ու ծըխալով առկայծում են
Խարույկները բանակի,
Երկա՜ր ու ձիգ ձայնարկում են 160
Պահնորդները մեկ մեկի։