Jump to content

Աքլորն ու լակոտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աքլորն ու լակոտը

Աքլորն ու լակոտը


Աքլորը ցից մի ոտին
Նայում է շան քոթոթին,
Կատարը վեր է տնկել,
Միրուքը վար է ձգել,
Աչքը չռել,
Նշան դրել,
— Վա՜յ քոթոթին,
Շան լակոտին։
Մտքումն ի՞նչ կա աքլորի,
Մտքումն ի՞նչ կա Բեգլարի,
Ի՞նչ է կանգնել էնպես ցից,
Ի՞նչ է ուզում քոթոթից։
Մեկ էլ հանկարծ ծանր ու մեծ
Նա իր ոտքը ցած դրեց,
Վազեց դեպի քոթոթը,
Դեպի պստիկ բրդոտը,—
Վազեց հասավ.—
էսպես ասավ—
— Է՛լ անպիտան,
էնպես կտամ,
Աչքիդ լուսը կհանեմ...
Դու չգիտե՜ս ես ո՛վ եմ...
Ի՞նչ ես ուզում չալ հավից,
Ի՞նչ ես ընկել ետևից...
Ասած-չասած, մին էլ հանկարծ
Պինդ ծղրտաց.–
— Ծուղ-րու—ղո՜ւ...
Թուքը ցամքեց քոթոթի,
Լեղին ճաքեց բրդոտի,
Կանգնած տեղից ծուլ ելավ,
Գլուխն առավ ու փախավ։
Ո՜նց է վախում,
Ո՜նց է դողում...
Խե՜ղճ իմ քոթոթ,
Խե՜ղճ իմ բրդոտ...