Jump to content

Ա.Բ.-ԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

...Ե՛վ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան,—
Եվ մյուռոնի[1] նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում[2] պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,—
Քո «Միրհավի» համար— և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հար աննյութեղեն,—
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
Շաղում է շողք ու սերմ անանձնական,—
Այս ամենի համար, — և «Ծիրանի»
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՛վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու է երգեր եղբայրական,—
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով...
Այս ամենի համար, — և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական...
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ...

14. X. 1936. գիշեր, Երևան

  1. մյուռոն, մեռոն — անուշահոտ նյութերով տոգորած ձիթապտղի յուղ, որ գործածվում է եկեղեցում՝ մկրտությունների և օծումների ժամանակ, փխբ. շատ քաղցր, անուշ բան:
  2. սկիհ — արծաթյա անոթ՝ թաս, որի մեջ լցնում են նվիրագործելու գինին: