Jump to content

Բագրատավան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԲԱԳՐԱՏԱՎԱՆ

Բոլոր սարերն ու ճանապարհները ձյունով են ծածկված: Ձին դժվարությամբ է ճանապարհ բացում ձյունի միջով: Սուր քամին ուղիղ աչքերիս է խփում: Դեռ շատ ճանապարհ կա, բայց մութն արդեն վրա է տալիս, և ես շտապում եմ մինչև գիշերն ընկնելը տեղ հասնել:

Ճամփա եմ ընկել Բագրատավան, Զանգեզուրի լեռներում կորած հեռու մի գյուղ: Գորիսից 70 վերստի վրա:

Բագրատավանն ու իր շրջանը մի ուրույն աշխարհ են: Այն գտնվում է 7000 ոտնաչափ բարձրության վրա: Նրա հիանալի արոտավայրերում անցյալներում լավագույն ցեղի կովեր ու ոչխարներ էին արածում: Բագրատավանի կաթնամթերքը հայտնի էր իր սահմաններից դուրս և շուկայում բարձր գին ուներ:

Բագրատավանը ավելի շուտ քաղաք էր, քան գյուղ: Մինչև պատերազմը Բագրատավանում յուղի և պանրի երկու գործարան կար, մի քանի խանութ, վարկային և այլ ընկերություններ:

Բագրատավանում (Բազարչայ) մալականներ էին ապրում, որոնց վերաբնակեցրել էր ցարական կառավարությունը՝ տալով նրանց լավագույն հողերը: Հարևան գյուղերը այդքան հող և՜ այդպիսի հարստություն չունեին: Հսում ասում էին՝ «Բազարչայի հողերում արևը մայր չի մտնում»: Հողերի այդպիսի անարդար բաշխումը բազարչայցիների ու մյուս գյուղերի բնակիչների միջև մեծ ընդհարումների պատճառ էր դառնում:

Պատերազմն ավերել է Բազարչայն ու քայքայել նրա հարուստ տնտեսությունը: Բագրատավանի վրայով շատ բախտախնդիրներ են անցել՝ «խմբեր», որոնց պետերը մեջ-մեջ էին արել անասուններին ու գյուղի մյուս հարստությունները: Բնակիչները փախել են: Մալականները քոչել են Կուբան և ուրիշ տեղեր:

Հիմա Բագրատավանում ապրում են մալականներ ու շրջապատի գյուղերից այստեղ տեղափոխված հայեր: Մալականները մոտ չորս հարյուր հոգի են, որ այստեղ են վերադարձել միայն սովետական իշխանության օրոք:

* * *

Բոլորովին մութ էր, երբ հասա Բագրատավան: Փողոցով անցնելիս՝ տներից մեկի միջից աղմուկ լսեցի: Տան պատուհանները լուսավորված էին: Ներս նայելով պատուհանից՝ ես տեսա մալականների ժողովը: Իրար ետևից սեղանին էին մոտենում մարդիկ, ինչ-որ թուղթ էին ստորագրում ու մի կողմ քաշվում: Ինձ թվաց, թե ներկա եմ պրիգունների հավաքին:

Մի ջահել տղա դուրս եկավ տնից ու ինձ սենյակ տարավ: Իմ հարցին նա ժպտալով պատասխանեց.

— Բան չկա, ամերկոմից հագուստ ու կտորեղեն ենք ստացել, տղաները վիճում են բաժանելու ժամանակ:

Պարզվեց, որ ուղեկցորդս գյուղական ուսուցչի եղբայրն էր: Շուտով ուսուցիչս էլ հայտնվեց. Պավել Կուզմինինը բեղմորուք չունի: Համակրելի անձնավորություն է: Միայն մի միտք ունի՝ վերականգնել դպրոցը, դպրոցը կարգի գցել:

Պավելը կասկած հայտնեց, թե այս երեկո կարելի լինի մարդկանց ժողովի հավաքել: Ես համաձայնեցի: Տաքանալ էր պետք, շորերը չորացնել, հանգստանալ:

Մի հայ մտավ սենյակ, ինձ պաշտոնյա մարդու տեղ դնելով սկսեց գանգատվել, թե իրեն նեղում են: Բանն այն էր, որ 1918 թ. մալականների գնալուց օգտվելով, հարևան հայ գյուղերի բնակիչները գրավել էին մալականների տները: Հետո մալականները վերադարձել էին: Հենց այդ պատճառով էլ նրանց միջև վեճեր էին լինում: Ներս մտած մարդը գանգատվում էր, որ իրենից մի սենյակ վերցրել ու տվել էին Պավել Կուզմինինին, որին առաջ պատկանել էր տունը: Գանգատվողն այնպես համառորեն էր խոսում, որ ստիպված եղանք նրա հետ անցնել իր սենյակը, որ հենց այստեղ էր, ուսուցիչ Պավելի բնակարանի կողքին:

Ընդարձակ սենյակ էր, անկյունում ռուսական վառարան, իսկ հենց կողքին էլ նոր բնակչի շինած թոնիրն էր:

— Ախր թոնիրը ծուխ է անում: Ավելի լավ չի՞ ռուսական վառարանը:

Զրուցակիցս, սակայն, մնաց իր կարծիքին:

Մի քանի րոպեից հետո մտավ Պավելը, ձեռքին մախաղ: «Հագուստն» էր բերել, որ մի ժամ առաջ ստացել էր բաժանումից: Նրան բաժին էր ընկել մի հին սերթուկ, պանամա գլխարկ, մի զույգ կոշիկ ու թուղթ:

— Բանի պետք չեն: Կծախեմ, տուժուրկա կառնեմ:

Պանամայի մեջ նամակ կար: Բարեգործն իր մաղթանքներն ավարտում էր այս բառերով.

«Մնացեք Քրիստոսի խոնարհ ծառա»:

Պավելը կարդում է ու ծիծաղում:

Հավաքվում են գյուղացիները: Սկսվում են գանգատները շորերի անարդար բաժանումից: Ոմանք գանգատվում են, որ իրենց ուրիշներից քիչ են տվել, մեկ ուրիշն ասում է, թե վեց հատ տղամարդու գլխարկ է ստացել, իսկ տանն իրենից բացի ուրիշ տղամարդ չկա:

Պավելն ավելի շատ հետաքրքրվում է արտաքին աշխարհի նորություններով: Գյուղում համարյա թերթ չեն ստանում, իսկ քաղաքից եկածները պատահական համարներ են բերում:

Պավելը գյուղացիներին է ցույց տալիս ինձ մոտ գտնված գյուղացիական թերթի մի համարը: Հիանում է նկարներով:

— Այ, տե՛ս, թե ինչպես պիտի կովը կթել, — ասում է Պավելը, ցույց տալով թերթի նկարները:

— Ես էլ շատ լավ կկթեի, բայց կով չունեմ, — հառաչում է Պարամոնովը:

Գյուղում շատ տնտեսություններ կան, որ բոլորովին անասուն չունեն: Նոր-նոր են սկսում ձեռք բերել: Գյուղացիները ռացիոնալ անասնապահությունից լավ են հասկանում: Նրանք մեծ հաճույքով խոսում են ցեղական անասունների մասին, տեղեկանում են, թե որտեղից կարելի է գութան ու սերմացու ճարել: Ես գյուղացիներին խորհուրդ եմ տալիս վարկ ստանալու համար արտել կազմակերպել: Որոշում ենք հաջորդ օրը ժողով գումարել պանրագործարան կազմակերպելու հարցով:

Մենք արտելից էինք խոսում, երբ սենյակ մտավ սպիտակ մորուքով մի բարձրահասակ ծերունի: Բոլորը, բացի Պավելից, վեր կացան ու հարգանքով գլուխ տվին: Ծերունին ինչ-որ բան ասաց ու մյուսների հետ դուրս եկավ:

— Դա ադվենտիստներից է, աղանդավորների ժողովի է կանչում:

Բագրատավանում ադվենտիստներ ու պրիգուններ են ապրում: Վերջիններն ավելի մոլեռանդ են: Ամեն աղանդ իր աղոթատունն ունի:

Պավելի շուրջը մի քանի երիտասարդ են համախմբված: Նրանք «հավատ չունեն»: Գյուղում դրանց չեն սիրում, աշխատում են չեզոքացնել:

— Դուք չգիտեք, ինչքան մոլեռանդ են մեր պրիգունները: Որ չվախենային, մեզ հում-հում կուտեին, — ասում է Պավելը:

— Տգետ են, չեն հասկանում, Պավել, — ասում է Ուլյաշան, ինքնաեռի մեջ ածուխ գցելով.

Գյուղում թույլ է կոմսոմոլի բջիջը, որի ղեկավարն է Պավելը:

— Պրիգունները իրենց տղաներին մեր ժողովներին գալու չեն թողնում:

Դպրոցն առանձին շենք չունի: Հայկական ու ռուսական դպրոցները մի տան մեջ են: Ամեն դպրոց իր ուսուցիչն ունի:

Գյուղում կոոպերատիվ կա, բայց միշտ չէ, որ այնտեղ ապրանք է լինում: Մասնավոր խանութներ չկան:

Մենք զրուցում ենք մինչև ուշ գիշեր: Պավելն ինձ հանգիստ չի տալիս: Մի երեկոյում նա ուզում է իմանալ ամեն ինչ, որ կատարվում է աշխարհում, բայց որի մասին հեռավոր Բագրատավանում համարյա ոչինչ չգիտեն:

Դրսում ոռնում է բուքը: Քամին սաստկանում է: Թվում է, տունը կքշի-կտանի:

— Մեզ մոտ այսպես է լինում վեց ամիս շարունակ: Վեց ամիս մենք կտրված ենք աշխարհից, — ասում է Պավելը, թեյը կում անելով:

* * *

Ձմեռվա երեկոն ձգվում է անվերջ: Քամին չի հանդարտում: Կարծես ուզում է մի գիշերվա մեջ ձյունով ծածկել ամբողջ գյուղը:

Խրճիթում ոչ ոք քնած չէ:

— Բուքն այսօր անպայման մեկին խեղդելու է: Հաճախ է այդպես լինում: Մեկնումեկին ձյունը ծածկում է, և միայն մի քանի ամիս անց, երբ պատահմամբ գտնում են դիակը, իմացվում է, որ մարդ է զոհվել.

Գիշերվա մթնում պտտվում է քամին: Թվում է. մշուշի մեջ պրիգուններն են պտույտ գալիս ու նրանց մեջ այս սպիտակամորուս աղանդավորը, որն այդպես անբարյացակամ նայեց ինձ ու Պավելին:

— Եթե մի օր էլ այստեղ մնաս, — ասում է Ուլյաշան, — բոլոր ճամփաները կփակվեն: Դուրս գալ չես կարողանա:

Ես մի օր էլ մնացի Բագրատավանում: Ճանապարհ, իսկապես որ, չկար: Ցերեկը քամին հանդարտվեց:

— Տեսա՞ր դրան, այդ սև հագած մարդուն,— հարցրեց Պավելը, երբ մենք ճաշին տուն եկանք: — Դա պրիգունների մարգարեն է: Ամբողջ գյուղը դուրս էր եկել դրան դիմավորելու, բայց ինքը հայտնի խաբեբա է ու անառակ: Մի քանի տարի առաջ իր վառարանում մարդ էր խեղդել: Բոլորը գիտեն: Իսկ հիմա մարգարե է դարձել:

— Հերիք է, Պավել, լավ չի, — խնդրում է Ուլյաշան:

Այո՛, մալականների գյուղում աշխատանքը կրկնակի ծանր է: