Ահա՛ մըթնեց արևմուտքը Հրեաստանի աշխարհին,
Պայծառ օրը տեղի տըվեց երեկոյան խավարին,
Արեգական վերջին լուսով դեռ կը փայլեր վառ ի վառ
Գրկած պատած այգիներով Ելեոնին սուրբ կատար։
5
Երուսաղեմ—փառք Հնության՝ լերանց վերա հանգչում էր,
Կարկաչելով Հորդանանը ափերի մեջ թաքչում էր,
Մեռյալ Ծովը քընաթաթախ աչերն ի վեր ամբարձած,
Համարում էր անթիվ աստղեր՝ երկնից տեսքին ըզմայլած։
Մութը իջավ... տարածվեցավ գերեզմանի լըռություն։ 10
Ծագեց լուսինն ու լույս տըվեց Գեթսեմանի այգիուն.
Ձիթենիի ծառերի տակ՝ հողի վերա տարածված,
Երեք հոգի խոր քնել են՝ դարդն ու հոգսը մոռացած։
Բայց ուրիշ քուն կաշկանդել էր համայն ազգը մարդկության,
Խըրված, թաղված մինչի կոկորդ ճահիճի մեջ մոլության. 15
Միայն Մինի սուրբ աչքերից քունը հեռի էր փախչում,
Ո՛չ խայթ խըղճի, ո՛չ աշխարանք նորա հոգին էր տանջում.
Նա անմեղ էր, մոլութենին նա միշտ մընաց անհաղորդ,
Լոկ մարդկության համար թափեց այնօր արցունք աչքից հորդ.
Մահագուշակ սարսուռ ընկավ նորա տըկար մարմինին, 20
Երբ փրկության մարդկան ազգի բաժակ տեսավ առաջին։
«Հա՜յր, գոչեց նա, վիշտը հոգին իմ ճընշում է չարաչար,
Քանի որ գամ, պըսակ ու փուշ աչքես անցնում են շար շար.
Կուգա ժամը, Ես այդ գիտեմ, գառը կ'լինի ողջակեզ,
Չի տրտնջալ յուր վիճակեն, կը խոնարհե գլուխը հեզ։
25
Միակ Որդիդ պիտի մեռնի, որ ազգ մարդկան ազատե,
Անգոհ մարդը նորա գլխին հայհոյանքներ կըթափե.
Հա՜յր, Հա՜յր, ինձնից թո՛ղ հեռանա այս բաժակը դառնության,
Որոնց համար ես պիտ մեռնիմ՝ բընավ չաժեն փրկության.
Բայց թե Որդուդ դառն մահը ազգիդ կուտա նոր մի կյանք, 30
Նոցա անթիվ մեղաց համար լիցի՛ արյունն իմ փըրկանք»։