Jump to content

Բաժանություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բաժանություն

1

— Համբո՛, լսե՞լ ես, մեր աղեքը բաժանվում են,— ասում է ծառաներից մեկը մյուսին, սրահը ցախավլով ավլելիս, և միևնույն ժամանակ ավելի կոթը դիմհար է տալիս ծնոտի տակ: Իսկ մյուս ծառան, որ թիով էր քերում, թիակի կոթի վրա է կռթնում և զարմացած՝ ասում է.

— Բաժանվում ե՜ն… ասում ես՝ բաժանվում ե՜ն… հետո՞։

— Էլ ի՞նչ հետո, բաժանվում են էլի՜:

— Բաժանվում ե՞ն… հը՜մ…

— Դու ո՞ւմ մոտ կմնաս, որ բաժանվին, Հա՛մբո։

— Ե-Ե՞ս, Արթին։

— Հա՛, դո՛ւ, Հա՛մբո։

— Ես ո՞ւմ մոտ կմնամ, ասում ե՞ս։

— Հա՛, դու ո՞րի մոտ կմնաս. էլ քա՞նի հարցնես, խուլ խոմ չե՞ս…

— Ախր մի կա՛ց միտք անեմ է՜, о՛րհնած, ի՞նչ ես շտապում։ Որի մոտ կմնա՜մ… դու ի՞նչ կասես. ո՞րի մոտ մնամ, որ լավ լինի։ Բայց սպասի՛ր, դու ինքդ ո՞րի մոտ կմնաս։

— Ե֊ե՞ս…

— Հրամել ես, դու ինքդ։

— Առաջ դո՛ւ ասա, ես եմ հարցրել առաջ։

— Չէ, դո՛ւ ասա։

— Չէ, ես ոչինչ չեմ ասիլ։

— Ինչո՞ւ չես ասիլ։

— Էնդուր չեմ ասիլ, որ եթե նրանցից մեկն իմանա, որ ես իրան չեմ ուզում, կաշիս կմաշկե։ Ինչի՞ս է պետք։ Բայց գիտե՞ս, մեր բանը շատ վատ կլինի, եթե բաժանվին։

— Ինչո՞ւ։

— Նրա համար որ՝ հիմա ոչ մեկի սիրտը չի ցավում. հորական աշխատանքի վրա են նստած. ուտող ուտողի է, թափող թափողի։ Բայց երբ որ բաժանվին, ամեն մեկն իր ունեցածի վրա կդողդողա, մեր բերաններն էլ ավելի պատառ չի ընկնիլ:

— Քո խելքն այդպես է կտրում։ Ինձ որ հարցնես, որ բաժանվին, մեզ համար լավ կլինի։

— Ի՞նչպես։

— Այնպես որ, հիմա չորս եղբայր են, չորսն էլ կնիկ ունին, մի քանի չորս տղա կա, մի քանի չորս էլ աղջիկ. իսկ համբրե՞լ ես, գիտե՞ս քանի հոգի են։ Հիմա դրանց եկող-գնացողը հաշվի՛ր։ Ի՞նչ տուն, քարվանսարա է. մարդ ո՞ր մեկին ծառայե. ամենքն էլ հրամայող են՝ մեծից սկսած մինչև փոքրը։ Բայց երբ որ մեկը կլինի, մեր ծառայությունը կթեթևանա։

— Չէ՛, այդքան տղերքը, այդքան աղջկերքն ու հարսները, չորս տղամարդ էլ հետները, ամենքն էլ բան շինող են։ Այնքան բան չկա, ինչքան բան շինող։ Բայց երբ որ բաժանվին, բան շինողները կքչանան, այն ժամանակ, մեր բանն էլ կծանրանա։

— Ղորդ է, բան շինողները կքչանան, բայց չէ՞ որ շինելու բանն էլ կքչանա։ Հիմա ինչքան որ այգի ունին, ամեն մեկին նրա քառորդը կընկնի։ Հողերի՝ նույնպես քառորդը։ Մի՞թե միևնույն է այժմյան ահագին այգին մշակել, թե նրա չորս բաժնից մեկը. քսան օրավար վարել, ցանե՞լ, թե՞ հինգ։

— Համբո, դու շատ հիմար ես, քո խելքը ոչինչ չի կտրում։ Այդ մարդկանցից ամեն մեկը մի աժդահա է. բայց միասին լինելով ծուլություն են անում։ Երբ որ բաժնվին, ամեն մեկն աշխատելու է ավելի ունենալ, քան թե միասին եղած ժամանակ։ Շատի սովոր մարդը, երբ որ գլխումն էլ խելք կա, ձեռքումն ուժ, քչով ինչի՞ կբավականանա։ Ամեն մեկն իր համար մի առանձին սարայի պիտի շինի, մի ջոկ ամարաթ, հիմա գոմ ասա, կալ ասա, մարագ ասա. նոր այգի պիտի գցի, նոր խամհատ պիտի բաց անի, ո՞վ գիտե՝ էլի ինչե՜ր պետք է շինի, ինչ որ հիմա չի կարող որովհետև հիմա խոսքները մեկ չի գալիս, մեկը դեսն է քաշում, մյուսը դեն. սեր, միաբանություն չկա։ Ամեն մեկն ուզում է հանգիստ ապրել, ջանին ջափա չի տալիս. շինելու բանն իրար վրա են գցում, քեզ նման բանից փախչում։ Ես որ նրանց տեղը լինիմ, քեզ հացափոր էլ չեմ պահիլ։ Գնա՛ ձին տար ջուրը, գնա՛, ի՞նչ քո խելքի բանն է:

— Ինչո՞ւ դու չես ձին տանում ջուրը. առավոտը ես եմ տարել, հիմա էլ դո՛ւ տար. բանը նոբաթով կանեն. դու էլ խոմ իմ աղան չե՜ս, որ հրամայում ես։

— Գնա՛, ասում եմ, թե չէ՝ տեսնո՞ւմ ես այս ցախավելը, այնպես կհասցնեմ գլխիդ, որ...

— Ապա խփի՛ր, խփի՛ր էլի՜, խփի՛ր:

— Ա՜յ թե չեմ խփիլ...

— Ա՜յ թե կխփես...

— Ա՜յ թե չեմ խփիլ...

— Ա՜յ թե կխփես...

Այսպես՝ ծառաները քաղցր զրույցից հետո, երբ բանը հասավ գործ կատարելուն, հանկարծ սկսեցին իրար բերան կրծել և իրար հարվածել։ Այս տուրուդմբոցի ժամանակ վրա հասավ աղաներից մեկը մի հյուրի հետ, և ասաց բարկանալով.

— Ի՞նչ եք անում, այ տղեք. այս ի՞նչ բան է։

Ծառաները հեռացան, օձիքները գջլտած։

— Ահա մեր տան, մեր կեցության պատկերը,— ասաց աղան իր հյուրին։— Ինչ որ բաժանության խոսք ու զրույց է եղել մեր տան մեջ, էլ ոչ մի օր հանգիստ չունինք։ Եղբայրքս իրար հետ են կռվում, մեր կնանիքն իրար հետ, երեխեքն ու ծառաներն իրար հետ։ Կհավատա՞ս, որ ասեմ, մեր շներն ու տավարներն էլ են սկսել կռվել իրար հետ, կարծես բաժանության հոտն առած լինին։ Մեկ խոսքով՝ կռիվը, ծեծը, խռովությունը մեր տան մեջ դառել է մի վարակիչ հիվանդություն։ Մեծ երկյուղ ունիմ, որ արյունով վերջանա այս ամենը, որովհետև շատ խռոված և անհանգիստ է հոգիս, սրտի թրթռոց և քնահատություն է եկել վրաս, ո՛չ մեկին բան հասկացնել չի լինում, կարծես կախարդված լինին, կարծես մի նզովք, մի անեծք կա մեզ վրա, և պիտի կատարվի...

— Ես զարմանում եմ,— ասաց հյուրը։— Ձեր տունը միշտ եղել է մի օրինակելի գերդաստան։ Չորս եղբայր եք, չորսդ էլ ուսում առած, կրթված, պատվավոր ծնողաց որդիք, անվան և համբավի տեր։ Իմ հավատալս չի գալիս քո ասածը։ Ուրիշներին էլ դուք եք խրատում, այդ ի՞նչպես է, որ ինքներդ իրար խոսք չեք հասկանում։

— Եղբայր, գիտե՞ս ինչ է. ամեն մի աման այնքան կտանի, ինչքան որ իր ծավալն է. եթե մի փոքր ավելի ածես, կթափվի անշուշտ։ Դու հիմա ասա՝ թե ամանը որ արծաթ լինի, շատ կտանի, այդ ի՞նչպես կարելի է։ Մենք հիմա այնքան շատացել ենք, որ մի տան, մի սուփրի վրա չենք տեղավորվում, մեկն ուտում է, մյուսը քաղցած մնում, ինչպես կասեն՝ ով չուստ, նա կուշտ։ Մեկն ասում է՝ քո երեխի բաժինը շատ է, իմինը քիչ, լավ պատառները քո՛ մարդին ես ուտեցնում։ Մեկը բեզրել է շատ հաց թխելուց, մեկէլի կռների ցավը բռնում է, երբ խմոր հունցելու նոբաթն իրան է հասնում։ Երբ որ տան մեջ ես ու դու էլավ, իմ ու քու էլավ, էլ այն տանն ի՞նչ համ պիտի լինի։ Շարունակ քրթմնջյուն, շարունակ գանգատ: Գլխներով շաքար ենք առնում, մի շաբաթ չանցած հալվում է, էլ մի դեղապետ պահել չի լինում, մարդ հյուրերի մոտ էլ է մնում սևերես։ Ի՞նչ հասկացնես անկիրթ ու տգետ կանանց, երես առած գռեհիկ երեխանց, որոնցից ամեն մեկը իր մոր անկրթության պատկերն է կրում։

Այս միջոցին տան վերի հարկում սարսափելի աղաղակներ լսվեցին։ Վեր բարձրացան տեսան, որ մեծ ու փոքր տեգրակնանիքը իրար մազերից են բռնել քաշքշում, նրանց մարդիկ էլ իրար օձիքից։ Պատճառը եղել էր այն, որ մեծի երեխան ծեծել էր փոքրի երեխային, սրա մայրն էլ ծեծող երեխային, ծեծողի մայրն էլ նրա մազերիցն էր բռնել, նա էլ նրա, և այսպես բարձրացել էր մի ահագին աղմուկ։ Մյուս սենյակից դուրս էին եկել նրանց մարդիկը և կռվին միջամտելով՝ իրար օձիքից բռնել, տան բոլոր երեխայքը վայնասուն էին բարձրացրել։ Մյուս երկու եղբայրները հազիվ կարողացան անջատել նրանց միմյանցից։ Սրա վրա բոլոր դրացիները հավաքվեցան հանդիսատես լինելու և ամենքն էլ շատ ուրախացան և մեծ հաճույք զգացին այս տեսարանից։


2

Նախընթաց գլխի գործողությունը կատարվում էր մի մեծ ավանում, որ իսկապես ոչ գյուղ էր, ոչ քաղաք, այլ երկուսից մի խառնուրդ, մի գյուղաքաղաք: Այդտեղ միևնույն գերդաստանի անդամները և՛ երկրագործ էին, և՛ այգեգործ, և՛ արհեստավոր էին, և՛ վաճառական, և՛ ուսում առած կրթված էին, և՛ անուս գռեհիկ։ Այսպիսի մի գյուղաքաղաք է Թիֆլիսից մոտիկ, Շուլավերը, ուր կա գավառապետ և հաշտարար դատավոր, հեռագրատուն և փոստատուն, ուր ինչպես հոյակապ տներն ու նահապետական խրճիթներն են միախառնված, այնպես էլ մոթալ փափախն ու մոդնի շլապեքը, և այս՝ միևնույն տան մեջ։ Այո, միևնույն տան մեջ դուք կտեսնեք աղա Մամմադ խանի, Վարանցովի և իշխան Դոնդուկովի ժամանակի տարազով հագուստներ։ Ես օրինակ բերի Շուլավերը, բայց մեր վիպադրաման կատարվում է Քաջենք ավանում։

Բաժանվողները չորս եղբայր էին։ Նրանք ֆիզիկական զարգացումով, դեմքով և հասակով իրար նման էին. քիչ թե շատ նման էին և բնավորությամբ, առհասարակ նման էին այն բաներով, որոնք ժառանգաբար ծնողներից որդուն են անցնում, թեև մեկի մեջ նվազ և մյուսի մեջ ավելի, մեկի մեջ՝ կրթության ազդեցությամբ՝ փոփոխված, մյուսի մեջ անկրթության շնորհիվ՝ պարզ ու անարատ մնացած։ Բայց նման չէին մտավոր զարգացմամբ։ Ամենից փոքրը՝ Տիգրանը, սանձարձակ արմատական էր, նրանից մեծը՝ Արշակը, ավելի փորձառու էր և ճանաչում էր իր չափը. սրանից մեծը՝ Սմբատը, ամենից զարգացածն էր, և իր հեղինակությամբ ազդեցություն ուներ առաջին երկուսի վրա. սրանից և ամենից էլ մեծը՝ Ավագը, հին գաղափարի մարդ էր։

Ավագն ու Սմբատը արդեն տարիքով մարդիկ էին, մեկը հիսունհինգ և մյուսը հիսուն տարեկան։ Դեռ մյուս երկուսը չեղած, սրանք մեծացել էին միասին, բայց այնպես, ինչպես Հակոբն ու Եսավը. մեկին հայրն է եղել սիրում և մյուսին՝ մայրը․ մոր սիրածը հառաջ էր գնացել, հոր սիրածը ետ մնացել, և այս պատճառով ինչքան Սմբատը սիրում էր Ավագին, Ավագը երբեք սիրո նշան չէր ցույց տալիս։ Նա մանկության նախանձը շարունակում էր և հասակն առած ժամանակ։ Եղբոր հառաջադիմությունը նրան չէր ուրախացնում, այլ տրխրեցնում էր, մանավանդ որ վերջ ի վերջո հայրն էլ Սմբատին էր սիրել և օրհնությունը նրան էր տվել։ Եթե ավելացնենք սրա վրա, որ գրբացն էլ ասել էր Ավագին, թե քո եղբորից քեզ օգուտ չկա, բացի վնասից, կարող ենք արդեն երևակայել, թե այս բոլորը մի նախապաշարված մարդու վրա ինչ ազդեցություն կանե։

Ավագը պարապմունքով երկրագործ էր, իր գութանի մաճը չէր բաց թողում, և միշտ ասում էր՝ ես որ չլինիմ, դուք բոլորդ քաղցած կկոտորվիք։ Արշակը այգին էր մշակում և արաղ ու գինի պատրաստում։ Սրա պարապմունքն ավելի արդյունավետ էր, տարեկան երկու հազար մանեթի արաղ ու գինի էր ծախում, բայց սա չէր ասում, որ այդ իր աշխատանքն է։ Տիգրանը ամենից փոքր լինելով՝ մանկությունից երես տրված էր. սիրում էր ավելի ազատ կյանք վարել, «մեջ ուտում էր, ղրաղ ման գալիս»։ Սրա սիրած զբաղմունքը որսորդությունն էր։ Շատ շնորհալի տակառագործ էր, սիրում էր և մեղվաբուծություն նորագույն ձևով. փեթակներն էլ ինքն էր շինում շրջանակներով։ Բայց շատ չէր աշխատում, այլ գործ էր դնում այդ արհեստը իր զվարճության համար միայն։ Այսուամենայնիվ տան համար պետք եղած բոլոր տակառներն ու չաները ինքն էր շինում։ Սմբատը մեր թափառական, բայց ընդունակ և արդեն հեղինակություն ձեռք բերած վարժապետներից մեկն էր։ Սա ինքն էր կրթել իր երկու եղբայրներին։ Նրանց ուսում տալուց հետո տվել էր և արհեստի։ Արշակը, որ նույնպես գիտեր Տիգրանի արհեստը և ամենից աշխատասերն էր և եռանդոտը, միշտ օգնում էր Տիգրանին և երբ սա գործը կիսատ թողնելով՝ որսի էր գնում, բանը մնում էր Արշակի վզին։

Տիգրանը չէր հաշտվում եզան ու գոմշի հետ.— ես ձի պետք է բանեցնեմ,— ասում էր։ Նա սկսեց ձիան առնել, սայլի տեղ սկսեց ֆուրգոն բանեցնել։ Այսպես միևնույն տան մեջ և՛ ֆուրգոն էին բանեցնում և՛ սայլ, և՛ գոմեշ լծում և՛ ձի։ Մեծը չէր հաշտվում ձիանց հետ, և վնասակար ու շռայլություն էր համարում, չէր ուզում ձեռք վերցնել իր գոմշից. փոքրն էլ սրա հակառակ, ուզում էր ամբողջ գյուղի սովորությունը փոխել։

Սմբատը նորության բարեկամ լինելով՝ փոքրին էր պաշտպանում և խրախուսում, բայց մեծին հնությունից ձեռք վերցնել տալ չէր կարողանում։ Այս հնի և նորի խառնուրդը տնտեսական վնաս էր հասցնում տանը, բայց հնար չկար դրա առաջն առնելու։ Մեծը, ուզենար էլ, կարող չէր ձի բանեցնել, դրա համար մեծ ջանք, մեծ ծառայություն էր պահանջվում, իսկ նա սովոր էր դանդաղ ու հանգիստ գործելու։ Նոր գութանի հետ չէր հաշտվում, որովհետև գութան շինելում իրան հմուտ վարպետ էր համարում։ Իսկ փոքրը նրան չէր նայում և նոր գութան էր բանեցնում իր ձիերով։

Այսպիսի մի աններդաշնակ խառնուրդ էին ներկայացնում և նրանց կանայքը։ Նրանց մեջ կային երես փաթաթածներ ու երեսբացներ, ինչպես կային չխոսկաններ և խոսողներ։ Մեկը մշակություն էր անում՝ ջուր կրում, խմոր հունցում, հաց թխում, լվացք անում, կերակուր եփում, տղամարդկանց օգնում կալ ու կուտի ժամանակ, կով կթում, խնոցի հարում. հավ պահում, միով բանիվ ամեն բան, ինչ որ մեր ժրագլուխ տատերն արել են իրանց ջահրայից սկսած և գուլպայով վերջացրած. իսկ մյուսը նրան ձախ ձեռքով էր օգնում. երրորդը՝ ձախն էլ չէր բանի մոտեցնում, այլ միայն իր երեխանցն էր զուգում, զարդարում. չորրորդը կար ու ձև էր անում ամենի համար. ամենի սիրտը շահում, որ իր վրա չխոսեն, բայց ընդհանուր առմամբ ամենքն էլ ծույլ էին, ամենքն էլ սիրտպակաս. չկար գործի արդար բաժանմունք, չկար ներքին կարգ ու կանոն, ավլող, սրբող, մաքրող, տուն ու տեղը կարգի բերող։ Այս միևնույն խայտաբղետությունը երևում էր և երեխանց. մեջ՝ թե՛ հագուստի կողմից և թե՛ կրթության։

Այսպես չէր այս տունը, քանի որ կենդանի էր տան տիրուհին՝ լուսահոգի Եղիսաբեթ խանումը. հենց որ նա մեռավ, նրանից հետո տանտերն էլ՝ ծերունի Օհանես աղան, երկար չապրեց։ Բայց սա աչքովը տեսավ իր տան անկարգությունը և վշտացած սրտով մտավ գերեզման։


3

Երբ որ բոլոր գյուղաքաղաքացիք իմացան Օհանես աղոնց տան խառնակությունը, այնուհետև ամենքն էլ կռվող եղբայրներին հանդիպելիս՝ ցույց էին տալիս իրանց ցավակցությունը, և ում հետ որ խոսում էին, նրան էին արդարացնում, իսկ բոլոր մյուսներին՝ դատապարտում։

— Տան մեծը դու ես, աշխատավորը դու ես, մյուս եղբայրներիդ էլ դու ես մեծացրել,— ասում էր Մարպողոսը՝ Ավագին հանդիպելիս,— դու որ ուզենաս, նրանց ոչ մեկին բաժին չես տալ։

Մարպողոսը գյուղաքաղաքում առաջին մարդն էր, առանց նրան ոչինչ չէր լինում, ինչ որ լինում էր։ Ամենքն էլ ատում էին նրան և միևնույն ժամանակ առանց նրան ոչինչ չէին անում։ Նա այն կարճահասակ մարդկանցից էր, որոնց համար ասում են «հասակի կեսը գետնի տակն է», որով ուզում են նրա խելքի խորությունը և խորամանկության բարձրությունը ցույց տալ։ Նա մոտ վաթսուն տարեկան մարդ էր, կարճ пւ սպիտակ մորուքով, վառվռուն և անընդհատ շարժուն աչքերով, որոնք վատ տպավորություն էին գործում դյուրազգաց մարդկանց վրա։

— Մեղա, կարծես սատանի աչքեր լինեին,— ասում էին նրանք, թեև սատանի աչքեր չէին տեսած։ Մարպողոսը հին դպրոցի աշակերտ էր, այդ դպրոցի լավ ու վատ կողմերով օժտված։ Երբ աշխարհային ուսումն ու գիտությունը չէր տարածված, նա իր վանական ուսումով, Այսմավուրքով, Տաթևացու հատորներով, Սալլանթյան քերականությունով և իբրև հավելված՝ իր դյութչության արվեստով մեծ փիլիսոփա էր համարվում։ Ջահել ժամանակ այս ու այն եպիսկոպոսին ծառայելով թե՛ իբրև ծառա և թե՛ իբրև քարտուղար, ծանոթացել էր հոգևորական բարձր անձինքների և դառել էր նրանց մտերիմ գործակատարը, որ բավականին շահավետ պաշտոն էր և այնպիսի ծառայություն, որին կամա ակամա շատ շատերը պիտի դիմեին։ Գիտեր ուտել և ուտեցնել, շահել և շահվել. բադի պես ընկղմում էր պղտոր լճերի մեջ ն ցամաք դուրս գալիս: Միայն Սմբատն էր որ սրան ատում էր ոչ միայն սրտանց, այլև երեսանց: Տեղը եկած ժամանակ միշտ խայթում էր հրապարակով և նույնիսկ տպագրությամբ և սրա ազդեցությունը վնասակար համարում ժողովրդի բարոյական զարգացման համար: Այս հանգամանքից օգուտ էր քաղում Ավագը ն միշտ Մարպողոսի պաշտպանությանն էր դիմում:

— Ինձ ասում են, որ ես բաժին չեմ տալիս իմ եղբայրներին, բայց այդպես չէ ամենևին,— ասում է Ավագը Մարպողոսին,— ես ոչ թե բաժին չեմ տալիս, այլ ընդդեմ եմ բաժանության: Իսկ մեր փիլիսոփան բաժանությունն է օգտակար համարում. նա մյուս երկուսին էլ իր կողմն է ձգել. ինչ որ ասում է, նրանք էլ հավատում են: Մեկ գնանք մոտ մուռ, գուցե կարողանաս դրանց գլխումը խելք դնել, որ մեր շեն օջախը չքանդեն. մեկ դրանց հասկացնես, որ բաժանությունը վնասակար է և ոչ օգտակար:

— Ի՜նչ կասկած, որ բաժանությունը վնասակար է,— ասաց Մարպողոսը, կարծես ինքն իրան, և քթախոտի տուփը բաց արավ, որ նրա հետ բաց անի նաև իր իմաստության տուփը:— Ի՜նչ կասկած, այո՛, որ բաժանությունը վնասակար է,— կրկնեց Մարպողոսը, և աչքը ձգելով Ավագի աչքերին՝ այնպես պատկերացրեց իր դեմքը, որ Ավագը այդ դեմքի վրա կարդա նրա ասածի շարունակությունը:

Ավագը գլուխը տմտմբացրեց ճանճով ընկած ձիու նման, որով ուզեց ասել Մարպողոսին, թե՝ «ինչ որ քու մտքումդ է, իմ էլ սրտումս է»։ Այս լուռ պատասխանը հասկացավ Մարպողոսը և շարունակեց.— Ի՞նչ անեմ, Ավա՛գ, քո խաթրը չլինի, ես գիտեմ, թե դրան ի՛նչ կանեմ. բայց քո ծնողաց արած բարերարությունը չեմ կարող ուրանալ: Թո՛ղ Սմբատը գնա նրանց գերեզմանին մոմ վառի,— ասաց Մարպողոսը, և իր ամենակարող զորությունը ցույց տալու համար մի առանձին ուժով վեր քաշեց պտղունցը լցրած բռնոթին:

— Իսկ եթե ուզենաս, ի՞նչ վնաս կարող ես տալ,— հարցրեց Ավագը հետաքրքրությամբ, որ հարկավոր ժամանակ Մարպողոսին իբրև զենք ունենա իր ձեռին: Ինչ ասել կուզի, որ Մարպողոսը լավ հասկացավ Ավագի միտքը, և նրան իր պատրաստակամությունը ցույց տալու համար ասաց.

— Մե՜ծ վնաս..․ կգրեմ ուր հարկն է, թե ձեր այսինչ վարժապետը վնասակար մտքեր է քարոզում ժողովրդին. ծաղրում է ծիսարանը, վնասակար է համարում պաս պահելը, նախապաշարմունք է համարում ուխտագնացությունը, որդին և եղբայրը եղբորից բաժանում է, հավան չի ներկա ընտանեկան կազմակերպությանը, խզում է բոլոր սուրբ կապերը, որոնք առանց այն էլ թուլացել, կտրվել են... և էլի ուրիշ հազար ու մեկ բան։ Քո թշնամին չընկնի իմ գրչի տակ, մեկ որ ընկավ, էլ փրկություն չկա, ինձ Մարպողոս կասեն։ Ամենքն էլ դողում են իմ ձեռին, այդ անիրավն է, որ չի վախենում ինձանից։

— Նա ոչ թե քեզանից, այլ նույնիսկ աստվածածնիցն էլ չի վախենում։ Էլ պաս-ուտիս չկա մեր տանը, ամենքին էլ ֆարմասոն է շինել։ Մենակ ես եմ մնացել պաս պահող, մեկ էլ իմ կինս։ Երեխեքս էլ են նրան մտիկ տալիս, նրա օրինակին հետևում։ Չէ՛, եթե դա շարունակե իր արարմունքը, եթե շարունակե ինձ հետ վիճել, մեր մեջ բաժան-բաժանություն գցել, այնուհետև, թեկուզ հոգուս մեղք լինի, քեզ մի գանգատ պիտի գրել տամ...

— Այդ մեղք չի լինիլ, պարոն Ավագ, այլ վարձք։ Պաշտպանել մեր սուրբ կրոնը, մեր պապական սուրբ ավանդությունները, մեր ամենքիս սրբազան պարտականությունը պետք է լինի։ Ասված է սուրբ Ավետարանի մեջ, թե՝ «Եթե քո աջ աչքդ քեզ ճամփից հանե, հանի՛ր նրան և դե՛ն գցիր, որովհետև լավ է քեզ համար, եթե մեկ աչքով արքայություն ընկնես, քան թե երկուսով դժոխք»։

Այսպես Ավագն ու Մարպողոսը իրանց անսուրբ խղճի հետ սուրբ հոդվածներով պայման կապելով, հասան Ավագենց տուն, երեկոյան թեյի։


4

Քսան տարուց ավելի էր, որ Սմբատը հեռացել էր իրանց գյուղաքաղաքից։ Իր ուսումն ավարտելուց հետո սկսել էր վարժապետություն անել ոչ իր ծննդավայրում, այլ ուրիշ քաղաքներում։ Սրա պատճառն այն էր, որ ինչպես ասված է, «Տանուտերերին «օրհնյա տեր» չկա» և թե՝ «Մարգարեն իր գավառում պատիվ չի ունենալ»։ Նա հոժար էր իր ծննդավայրում իր հայրենական տանը նստած՝ ավելի էժան գնով ծառայել, բայց մինչդեռ ուրիշ տեղերում նրան տալիս էին տարեկան հազար մանեթ և ավելի ևս, իր դրացիները չէին հոժարում տարեկան երեք հարյուր մանեթ տալ, որով նա հոժար էր ծառայելու։ Այսպիսի մի նախանձ կար մեր ոչ միայն գյուղերում ու գյուղաքաղաքներում, այլ նույնիսկ նշանավոր գավառական քաղաքներում, ուր իրանց տեղական ուժերից չէին ուզում օգուտ քաղել, չէին պատվում, չէին գնահատում նրանց։ Նրանք էլ սովորաբար դրսից եկածների դեմ պատերազմ էին հայտնում, և դպրոցական գործը միշտ տատանման և խռովության մեջ պահում։

Այսպես՝ Սմբատը դպրոցից դուրս գալով իբրև աշակերտ, կրկին դպրոց էր մտել իբրև վարժապետ, և երկար ժամանակ այդ շրջանում ապրելով՝ անծանոթ էր մնացել կյանքի մյուս շրջաններին, որոնց մեջ եղած ահագին փոփոխությունը նա չէր նկատել։ Նույնիսկ անցյալին էլ նա լավ չէր ծանոթ։

Մանկական հասակի մեջ երբ մեկը մեծանում է անհոգ ու երջանիկ, կարծում է թե ամենքն էլ իր նման են։ Այս է պատճառը, որ մենք մեր մանկության օրերը միշտ ներկայացնում ենք մեզ իբրև դրախտ։ Ասում ենք՝ այն ժամանակ մարդիկ լավ էին, սեր կար, մտերմություն կար, իսկ հիմա ամեն ինչ տակնուվրա է եղել։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ մեր երևակայած երջանիկ ժամանակի մարդիկը ևս դժգոհ են եղել իրանց ժամանակից և ասել են․

Փչվի էսպես ժամանակը.
Հույս ու հավատ, սեր չկա․․․

Այս է դարձյալ պատճառը, որ մի շատ ազնիվ և կրթված երիտասարդ ազնիվ է միայն կյանքից հեռու եղած ժամանակ, բայց երբ մտնում է կյանքի մեջ, գործ է ունենում խորամանկ և խարդախ մարդկանց հետ, զրկողության և հալածանքի է ենթարկվում, ում բարեկամ է համարում, չարակամ է դուրս գալիս, ի չարն են գործ դնում իր հավատը և անձնվիրությունը, այնուհետև նա ցած է իջնում իր իդեալական բարձր գահից ու ասում է ինքն իրան.

«Եթե այս տխմարն իր տգետ տեղովը ինձ կխաբի և կխնդա վրաս, ինչո՞ւ ես սրա գլխին մի այնպիսի օյին չդնեմ, որ ինքն էլ զարմանա»։ Եվ մի քանի այսպիսի փորձերից հետո երբեմն ազնիվ երիտասարդը դառնում է խարդախության տիպար։

Այսուամենայնիվ պետք է ասել, որ Սմբատի մանկության ժամանակ նրանց գյուղաքաղաքում նահապետական սեր և միություն կար։ Չարություն եթե կար, գիտակցական չէր, այլ մանկական։ Մեծ մարդիկը այնքան միամիտ էին, որ երբեմն մանկական չարություն էին անում։ Մարդիկ չէին տարբերվում միմյանցից ոչ մի բանով, ամենքն էլ գաղափարակից էին միմյանց, մե՛կ հավատ ունեին, մե՛կ հույս և մե՛կ սեր։ Չկար անհատական ազատություն, բայց նրա չգոյությունն զգալի չէր ոչ ոքի։ Կանայք նոր ձևի հագուստ հագնելը իրանց համար անպատվություն էին համարում, մեծերի մոտ չխոսկան մնալը՝ փառք ու պարծանք։ Մարդ անխղճություն էր համարում զրկել նրանց իրանց այդ միակ մխիթարությունից։ Արտաքուստ ստրկություն երևացող վիճակն ստրկություն չէր կրողի համար, այլ մի նահապետական սրբացած և ընտելմունք դառած սովորություն, և գտնվում էր ոչ բռնության, այլ հայրական սիրո հովանավորության տակ։ Մեծերի առջև փոքրերի ձեռը սրտին դրած կանգնելը, ձայն-ծպտուն չհանելը, կուրորեն հնազանդիլը մի թշվառություն չէր նրանց համար, այլ մեծ բախտավորություն։ Ազատ էին ջրերն ու անտառները, ազատ էին սարերն ու ձորերը, սակավ էին մարդիկ և շատ էր տեղը. և մարդիկ ապրում էին ինչպես Աբրահամու օրերում։ Աղքատ էին մարդիկ քաղաքակրթության պարագաներով, բայց գոհ էին իրանց վիճակից, ոչ մի բանի պակասություն չէին զգում, և ո՞վ է զգացել իր չտեսած բանի պակասությունը, որ նրանք զգային։

Ստրկության ազատությունը և վերջն էլ դատական վերանորոգությունը, գյուղական ինքնավարությունը, նորամուտ լուսավորությունը, երկաթուղի, հեռագիր և այլն, մին մինի հետևից հանկարծ գալով՝ շլացրին ժողովրդին, մի հանկարծական փոփոխություն ձգեցին նրա նիստուկացի և վարք ու բարքի մեջ։ Ժողովուրդն այնպես փոխվեցավ մի տասը տարվան մեջ, որքան փոխված չէր հարյուրավոր տարիների ընթացքում։ Ինչ-որ մի շահի արժեր առաջ, դարձավ քսան շահի և ավելի ևս, փողը շատացավ շռայլությունն էլ հետը, և այս վերջինը հաղթեց առաջինին։ Առաջվան հարյուր մանեթով երջանիկ ապրողը էլ չկարողացավ հազար մանեթով ապրել։ Մի նոր տեսակ գոյության կռիվ սկսվեց, անմիտները հանկարծ սատանայացան, խելոքները խորամանկացան, ազնիվները խարդախացան, հավատարմությունը կորավ, սերը սառավ, սեփականությունը ձեռքից ձեռք անցավ, և այլն այսպես։

Այս փոփոխությունների մասին զգալի հասկացողություն չուներ Սմբատը։

Գտնվելով միշտ մանկահասակ երեխաների շրջանի մեջ, իրան նվիրած լինելով բարոյական դաստիարակության, իդեալիստ լինելով, միևնույն ժամանակ ինքն էլ մի իդեալ էր իր աշակերտների համար և դրա մեջ էր գտնում իր մխիթարությունն ու սփոփանքը։ Գործ չուներ հասարակության հետ, ոչ առուտուր, ոչ «հախ ու հեսաբ» և ինչ պակասություն որ նշմարում էր հին վարժապետների պես անկրթության էր վերագրում, մինչդեռ տեսածը հակակրթության արդյունք էր և ո՛չ անկրթության։

Բայց ահա այժմ Սմբատն էլ է մասնակցել գոյության կռվին, եղբայրաբաժին է ուզում, ուզում է ապահովել իր ծերության օրերը, իր որդոց վիճակը, և, ո՜վ զարմանք, եղբայրը եղբորն ուրանում է, չի ուզում նրան բաժին տալ։ Այս բանը կյանքի հանգամանքների սովոր մի մարդու վրա առանձին տպավորություն չէր գործիլ։ Ի՞նչ կա, կասեր, թող չտա, ես կառնեմ դատաստանով։ Բայց այդպես չի մտածում Սմբատը։ Նա դեռ պետք է երկար ժամանակ զարմանա, այդ բանն իր սրտի համար ցավ շինե, դեռ պետք է այդ խնդիրը լուծե հոգեբանական տեսակետից, պետք է իմանա, թե ի՛նչ է դրա պատճառը, ի՞նչպես կարելի է, որ եղբայրը բաժին չտա։

«Ուրեմն այսպես բան կա մեր կյանքումը,— ասում է նա, ուրեմն պետք է որ շատ շատերը գտնվին իմ վիճակումը․ ուրեմն մի բարոյական ցավ է այս և պետք է դարման տանել»: Լսում է որ շատ եղբայրներ բաժանության առիթով իրար կոտորել են և անպատիժ մնացել։ Նրա սիրտն սկսում է ահ ընկնիլ։ «Մի՛ գուցե ինձ էլ սպանեն. բայց ավելի լավ չի՞ լինիլ, որ ես ինքս սպանեմ ինձ։ Բայց կի՜նս, երեխե՜քս. ի՞նչ առաքինություն կլինի իմ արածը, ո՞վ կպաշտպանե իմ դատը»...

Մինչդեռ Սմբատն այս մտածմունքի մեջ էր, ներս մտավ Մարպողոսը, նրա հետ և Ավագն ու մյուս եղբայրները։

Սմբատն իսկույն իմացավ, թե ինչո՞ւ համար կլինի եկած Մարպողոսը. տխուր բարևելուց հետո՝ լուռ ու մունջ սպասեց մինչև նրա խոսիլը, ինչպես մի սգավոր, որ գլուխը քաշ գցած սպասում է, թե ինչ մխիթարական կխոսի տեսության եկած հյուրը։

Մարպողոսը երկար սպասեցնել չտվավ։ Հենց որ թեյի բաժակը վերցրեց դրավ առջևը, իսկույն հանեց բռնոթամանը և դեռ բաց չարած՝ սկսեց իր ճառը։

— Սմբա՛տ, որդի, քեզ խրատ չի հարկավոր, ուրիշներին էլ դու ես խրատում։ Ես հույս ունեի, որ եթե քո մյուս եղբայրներդ բաժանության մասին մտածեին, դու արգելք կլինեիր, իսկ հիմա իմանում եմ, որ դու ինքդ ես առաջարկում բաժանություն։ Այդ լավ բան չէ, որդի. բաժանությունը մի չարիք է, որից պետք է միշտ փախուստ տալ։ Զուր չի ասված Ավետարանում, թե՝ «Ամենայն տուն բաժանյալ ավերի»։

— Իհարկե սուտ չի ասված,— ընդհատեց Մարպողոսին Սմբատը։— Միայն այնպես չի ասված, ինչպես դուք եք ասում, և ոչ այն մտքով է ասված, ինչպես դուք եք հասկանում։ Ասված է. «Ամենայն տուն բաժանյալ հանձն՝ ավերի»։ Սրանով ուզում է ասել՝ ամեն տուն, որի անդամների մեջ միություն չկա, կքանդվի։ Սրանից էլ ուղիղ հետևում է այն, որ տուն ասածդ պետք է այնպես լինի կազմած, որ նրա անդամների մեջ միություն լինի։ Արդ՝ այս նպատակին կհասնվի բաժանությամբ։ Բաժանությամբ մի տանից, որի անդամների մեջ միություն չկա, կկազմվին առանձին-առանձին տներ, որոնց անդամների մեջ միություն կլինի։ Եթե երկու տեգրակնանիք տան անելիքը մեկմեկու վրա են գցում ու գործը մնում է անկատար, ինչ ասել կուզի, որ եթե նրանք ջոկ-ջոկ լինեն, այդպես վարվելու ոչ հնար կունենան և ոչ տեղիք. այսպես էլ եղբայրները։ Ադամն էլ մի ժամանակ դրախտումն էր, բայց այնտեղից արտաքսվեցավ և իր քրտինքով ապրելու դատապարտվեցավ։ Գուցե մեր ընտանիքն էլ մի ժամանակ դրախտ է եղել, բայց այժմ չէ։ Այն սերը, որ պիտի կապեր ընտանիքի բոլոր անդամներին մի շղթայով՝ արտաքսված է, ինչպես Ադամը դրախտից։ Հայրը, ինչպես իր չափահաս աղջկանը բաժին տալով՝ ճանապարհ է դնում, այնպես պետք է վարվի և չափահաս տղայի վերաբերությամբ։ Չափահաս տղան պետք է հորից բաժանվի և ջոկ ընտանիք կազմե։ Եվ այս ընդդեմ չի լինիլ ամենևին ս․ Գրքին, ուր պարզ ասված է․ «Թողցե այր զհայր յուր և զմայր յուր և երթիցե զհետ կնոջ յուրո»․․․

— Սպասիր, Սմբատ,— խոսքը կտրեց Մարպողոսը,— հիմա էլ ես պիտի ասեմ քեզ, որ ս. Գրքի խոսքն այդ չի նշանակում, ինչպես դու ես հասկանում։ Քո ասածդ ընդդեմ է նույնիսկ աստվածային այն պատգամին, որ ասում է՝ «Պատվիր քո հորն ու մորը»։

— Շատ հեռու գնացիք։ Ես ս. Գիրքը շատ ուղիղ եմ հասկանում, և կարոտ չեմ համարում սքոլաստիկական մեկնության։ Անբարոյական մարդը իր հորն ու մորը կանպատվի անբաժան ժամանակն էլ, և ընդհակառակը՝ բարոյական մարդը մեծ պատվով կմեծարե նրանց և բաժանված ժամանակը։ Ասացեք խնդրեմ՝ ո՞րն եք լավ համարում դուք. երբ և՛ հայրն է ազատ ու անկախ և՛ որդի՞ն, թե՞ կամ որդին է հոր հպատակը և կամ հայրը որդու։ Քանի՞ օրինակ կուզես, որ այս րոպեիս ցույց տամ քեզ, օրինակ, որ որդին խլած լինի ծերունի հորից ամենայն իրավունք, զրկած լինի նրան ժամոց տալուց, աղքատի ողորմելուց. ծերունին ամաչում է ձեռը դատարկ ժամ գնալ, վախում է մի աղքատի կանչել և հաց տալ։ Որդին վայելում է հոր թողած մուլքերը, կարողությունը և նրան ծերության ժամանակ պահում է հետին թշվառության մեջ, ցնցոտիների և կեղտի մեջ։ Ահա քեզ անբաժան որդի։ Այսպես են վարվում և մայրերի վերաբերությամբ։ Ուրեմն հայրը հեռացնելով՝ նրան հնար է տալիս վաղօրոք իր գլխի հոգսը քաշելու համար իր ապրուստն ապահովելու, միևնույն ժամանակ ինքն էլ է անկախություն ձեռք բերում, ինքն էլ է լինում իր ունեցածի տերը և մինչև իր մահը ուրիշի ձեռքի չի մտիկ տալիս։

— Սպասիր, եղբայր, ես էլ ունիմ բան ասելու,— ասաց Տիգրանը։— Մարպողոս բիձան, ինչպես և դրա գաղափարի բոլոր մարդիկը առարկաները գլխիվայր են տեսնում, գլխիվայր էլ դատողություն են տալիս նրանց մասին։ Դրանց ուղեղն ընդունակ չէ առարկաների տպավորությունը հակաշրջելու, ըստ որում, ինչպես ասում էր իմ ֆիզիկայի վարժապետը, իրավ որ առարկաները թարս են տպավորվում մեր թե՛ աչքի և թե՛ ուղեղի վրա և շատ քչերին է տված վերացական առարկաները հակաշրջելու և ուղիղ ըմբռնելու ընդունակությունը։

— Լավ, ի՞նչ ես ուզում ասել, դու ասելիքդ ասա. ի՞նչ քո խելքի բանն է ֆիզիկան,— ասաց Արշակը, որ միշտ դեպք էր փնտրում ծաղրելու իր փոքր եղբորը։

— Այն եմ ուզում ասել,— շարունակեց Տիգրանը,— որ Մարպողոս բիձան Նոյի ժամանակներիցն է խոսում, բայց ինչպես երևում է, այնքան էլ հմուտ չէ պատմության։ Մեր պատմության ուսուցիչն ասում էր, որ մեր աշխարհը լցված էր բաժանությամբ։ Օրինակ, Հայկը Կադմոսին թողնում է Ասորեստանի սահմանում, Արմենակին ուղարկում է Վրաստանի սահմանը, նրանք էլ իրանց որդոցն են ուղարկում այս ու այն կողմ, ինչպես Սիսակին՝ Սյունիք և Աղվանք, Շարային՝ Շիրակ և մյուսներին էլ այսպես։ Այսպես էին և Արշակունիք, մեկին իրանց մոտ էին պահում, մյուսներին դես ու դեն ցրվում։

— Լավ, լավ,— ասաց Արշակը,— մենք չենք կարող առասպելական դարերում եղածը մեզ օրինակ առնել։ Բաժանությունը գուցե և մի չարիք է, բայց այդ չարիքն այժմ անհրաժեշտ է։ Հին ժամանակ եթե բաժանվել են, գուցե ուրիշ պատճառ են ունեցել, բայց տնտեսական տեսակետից նրանք հնար ունեին և չբաժանվելու, մինչդեռ այդ հնարը մենք այսօր չունինք։ Հնար չունինք, որովհետև հող չունինք։ Այսօր ահա մենք չորս եղբայր ենք և պետք է բավականանանք այնքանով որքան մեր հայրը մենակ է ունեցել, իսկ նա էլ իր հոր ունեցածի երրորդ մասն է ունեցել, ինչպես մեր որդիքը պետք է մեր ամեն մեկիս ունեցածի չորրորդ մասն ունենան։ Այնպես որ եթե պապն ունեցել է 20 օրավար հող, թոռն ունենում է առավելն մի օրավար, բայց մեծ մասամբ այդ էլ չի ունենում։ Ի՞նչ անի հիմա խեղճ թոռը։ Նա ճարահատյալ կերթա կամ մշակության կամ արվեստի, մյուս եղբայրներն էլ մի ուրիշ բանի։ Այս է պատճառը, որ մեզանում հետզհետե շատանում է գյուղական «երկվորների» թիվը և մյուս կողմից պանդխտությունը և պարապմունքի զանազանությունը։ Քանի որ երկու եղբայր միևնույն գործովը չեն պարապած, ի՞նչ միտք ունի նրանց միասին ապրելը։ Քանի որ մեր կյանքի հանգամանքները եկել հասել են այս կետին, մեր ընտանեկան կյանքն էլ պետք է հարմարեցնենք այդ հանգամանքին։ Սրա համար ես մի լավ օրինակ գիտեմ։ Մեր քթի տակ եղած գերմանացիները գաղթականներ են։ Ինչ ասել կուզի, որ հողի պակասությունն է ստիպել դրանց գաղթելու, ուրեմն և դրանք մեզանից լավ գիտեն հողի արժեքը․ և տեսեք ինչ են անում։ Դրանց մեջ հորական բաժին հողը ժառանգաբար անցնում է անդրանիկ որդուն, իսկ մյուս որդիքը հողի փոխարեն փող են ստանում։ Այս իսկ պատճառով միայն անդրանիկ որդին է լինում հոր օգնականը իսկ մյուսներին տալիս են արհեստի։ Սրա հետևանքը լինում է այն, որ ոչ մի պարապ և անգործ ձեռք չի լինում նրանցում, և երկրորդ էլ այն, որ փող ստացող եղբայրներն իրենց համար նոր հող են առնում։ Այսպիսով այս մարդիկը տարեցտարի նոր և նոր հողեր են գնում։ Այսօր Եկատերինենֆելդը, որ երկու հարյուր տուն հազիվ կլինի, այնքան հող ունի, որի տասներորդի չափ հող չունի մոտ ութ հարյուր տուն ունեցող Շուլավերը։ Մենք հայերս և թուրք ու վրացիք նրանց պես չենք աճում, չենք ճոխանում․ ինչո՞ւ․ որովհետև չունինք նրանց նման ընտանեկան կազմակերպություն, նրանց նման ընտանեկան կարգ ու կանոն, մենք բավականանալով մեր պապերի ունեցածով՝ նրա վրա թուխս ենք նստում, ձագ հանում, բայց բավականին սնունդ չունենալով՝ ոչնչանում ենք, սկսում ենք միմյանց միս ուտել, միմյանց հարստահարել, միմյանց կողոպտել։ Ուրեմն ուղիղն ասաց մեծ եղբայր, թե բաժանությունը պետք է ամուսնության պես մի սուրբ օրենք լինի, այլապես ամուսնության համար ասված օրհնությունը, թե՝ «Աճեցեք և բազմացարուք և լցեք զերկիր», կատարումն չի ստանալ։

— Ի՛նչ ասեմ, ամենքդ էլ ինձանից լավ եք իմանում գիրն էլ, գրի զորությունն էլ,— ասաց Մարպողոսը.— բայց դե, նեմեցը նեմեց է, հայը՝ հայ։ Մենք մեր սուրբ հավատքը թողնենք գնանք նեմեց դառնա՞նք։

— Չեմ ասո՞ւմ, որ սրանց ուղեղը ամենայն բան թարս է ըմբռնում,— ասաց Տիգրանը։— Լսեցե՛ք, բիձա Մարպողոս. մի՞թե օրինավոր կարգ ու կանոնը հայկական կրոնին ընդդեմ է։ Ես էլ եմ երբեմն կարծում, որ եթե չկա, երևի ընդդեմ է, բայց մեկ էլ ինձ ու ինձ միտք եմ անում, տեսնում եմ, որ մեղավորը մեր հիմարությունն է միայն, որ գիտենք թե ինչն է լավ և չենք անում։ Մի՞թե վատ բաներ են ընկերական ոգին, հասարակական ոգին, համայնական ոգին։ Ահա թե ինչով պետք է միացած լինին հասարակության բոլոր անդամները։ Ամենքս պետք է եղբայր լինինք, և ոչ թե միայն մի հորից ու մորից ծնվածները։ Իսկ այդ կարելի է ձեռք բերել միայն և միայն բաժանությամբ։ Նախ իմ բաժինն ինձ, քոնը՝ քեզ, հետո համեցեք ընկեր դառնանք, եթե կամենում ես։

— Լսիր, եղբայր,— ասաց Սմբատը,— սրանք ոչ թե չեն հասկանում մեր ասածը, այլ չեն ուզում հասկանալ, որովհետև իրանց համար օգտակար չեն համարում։ Եղբայրս ոչ թե բաժանության է հակառակ, այլ մեր բաժին ստանալուն։ Սա շատ ուրախ կլինի, որ մենք ինչ ունինք, չունինք իրան տանք, և ինքներս դատարկ ձեռքով դուրս գանք։ Այնպես չէ՞, եղբայր, ուղի՛ղն ասա։

— Ես ոչինչ չունիմ ասելու,— պատասխանեց Ավագը,— ե՜ս ոչ ձեր չափ ուսում ունիմ, ոչ ձեզ նման ճարտար լեզու, ուրեմն դուք ձեր բաժինն արդեն ստացել եք, էլ ի՞նչ եք ուզում ինձանից։

— Ուրեմն քո կածիքով՝ ով որ ուսում չունի, պետք է հաց ունենա, իսկ ով որ ուսում ունի, պետք է քաղցած զկռտա։ Այսօր իմ ուսումն էլ ինձ հաց չի տալիս, իսկ քանի որ տալիս էր, ես իմ հացը կիսում էի քեզ հետ։ Ես քեզանից ոչինչ չեմ ուզում, այլ այն եմ ուզում, ինչ որ մնացել է մեր հորից։

— Մեր հայրը ոչինչ չի թողել, ինչ որ տեսնում եք, բոլորն էլ իմ աշխատանքն է։ Ես վկաներ ունիմ, որոնցից մեկն էլ ահա Մարպողոսն է։

— Ա՜յ, նոր բան,— բացականչեց Սմբատը։— Ասա ինձ, Մարպողոս, ինչո՞վ ես հաստատում դու, որ մեր տուն ու տեղը, մեր շարժականն ու անշարժը մեր հոր թողածը չէ։

— Նրանով եմ հաստատում, որ հայրդ մեծ պարտք է թողել, և եղբայրդ է վճարել այդ պարտքը։

— Անամո՜թ,— բացականչեց Տիգրանը,— տեսեք ինչե՜ր են հնարել...

— Ձայնդ կտրիր, անպիտան, քեզ ո՞վ է խոսեցնում,— բղավեց Ավագը։

— Մարպողոս, հեռացի՛ր այստեղից,— ասաց Արշակը․— դու արյուն ես ուզում գցել մեր տունը, ով գիտե ի՛նչ ոխ ունիս հանելու։

— Մարպողոսն իմ հյուրն է. և այս տունն էլ իմն է․ ո՞վ ունի իրավունք այստեղ հրամայելու։ Դուրս եկեք ինքներդ, անպիտաններ,— ասաց Ավագը և ձեռքը տարավ դեպի խանչալըԼ

Տիգրանը, որ ամենից ուժեղն էր, վրա ընկավ եղբոր խանչալին, և դարթու տալով՝ պոկեց խանչալը քամարի հետ միասին և նրան զինաթափ արավ։ Ավագն սկսեց օգնություն կանչել բղավելով.— Հա՜յ, հասեք, ինձ սպանում են։

Սմբատը մնացել էր տեղն ու տեղը սառած. չգիտեր ինչ աներ։ Բայց Ավագը մի կողմից օգնություն էր կանչում, մյուս կողմից մյուս երկու եղբայրներին հարվածներ տալիս։ Նրանք էլ առանց զարկելու ոտ ու գլխից բռնեցին և դուրս շպրտեցին։ Դուրս արին և Մարպողոսին և դուռը կողպեցին։ Մարպողոսը փախավ, իսկ Ավագն սկսեց դրսից ապակիները կոտրատել և բոլոր դրացիներին իր գլխին հավաքել։ Գտնվեցին չարերի մեջ և բարի մարդիկ, որոնք հեռացրին Ավագին, որ դուռը կտրած և կացինը ձեռքին՝ սպասում էր, որ դուրս եկողի գլուխը ջախջախե։ Հավաքվածներից շատերը երբ լսեցին, թե ոչ ոքի վնաս չի եղել, շատ տխրեցին։
5
ՄԻՋՆԱԴԵՊ

Ամառն էր։ Թե՛ ուսուցիչ, թե՛ ուսանող ամառային արձակուրդ էին ստացել։ Նրանցից օտարության մեջ եղողները վերադարձել էին իրենց ծննդարանը։ Բավականաչափ զարգացածները՝ թափառելով հով ու զով տեղերում, ուսումնասիրում էին բնության կյանքի երևույթները, հետազոտում էին անցած գնացած ժամանակների մնացորդները, պատմական տեղերի և շենքերի բեկորներն ու նշմարները։

Շատերն իրանց ծննդարանի և պտտած տեղերի վերաբերությամբ պատմական տեղեկություն չունեին, որովհետև պատմությունը շատ անցքերի տեղեր որոշակի հայտնած չէր, նոր հետազոտություն և ստուգություն էլ եղած չէր։

Քաջենք գյուղաքաղաքի տեղագրության մասին ևս պատմական տեղեկություն չունեին ոչ միայն տեղացի գրագետներն ու անգրագետներն, այլև ոչ նույն ինքը Սմբատը, որ մեր վարդապետների մեջ պատմության հմուտներից մեկն էր համարվում։ Իր ծննդավայրի պատմության երեսին քաշած խավար վարագույրը, համարյա դիպվածաբար, նրա առջև ետ քաշեց իր վաղեմի աշակերտակից և մտերիմ ընկեր Արմենակ Ազատյանը, որ շատերի պես նա էլ էր շրջում գյուղե գյուղ և պատմական հնություններն ու ժողովրդի ներքին կյանքն ուսումնասիրում։

Արմենակը մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, թխամիրուք, բարձրաճակատ, կրակոտ ու խոշոր աչքերով ու համակրելի նայվածքով մի անձնավորություն էր։ Իդեալիստ էր Սմբատի նման, բայց նանից էլ դեռ վառ երևակայության տեր էր և ավելի շատ ոգևորվող ու հափշտակվող։ Բարի և սիրող սիրտ ունենալով, չարությունն ու ատելությունը նրա համար մահացու ցավեր էին, որոնցից միշտ փախս էր տալիս: Արմենակի գալուստը Սմբատի մոտ, նրա հոգեպես հուզված ժամանակ, մեծ սփոփանք և ուրախություն պատճառեց նրան: Նրա պատվի համար, կռվող եղբայրները զինադադար տվին, և նա Սմբատի մոտ մնաց մինչև մի շաբաթ։ Այդ օրերը նրանք զանազան զբոսանքների և արշավանքների նվիրեցին և Արմենակը, Սմբատի ուղեկցությամբ, հնար ունեցավ մի ամբողջ գավառի նշանավոր հնություններն ուսումնասիրելու և գրի առնելու։ Այս զբոսանքների ժամանակ հոգեպես կազդուրվում էր և Սմբատը և նրա գրգռված նյարդերը հանգիստ էին առնում։ Նա չէր կարող թաքցնել իր մտերիմ ընկերից և բարեկամից իր ընտանեկան խճճված հանգամանքները։ Այս խնդրի վերաբերությամբ ևս ընկերոջ կարեկցությունը վաստակելով՝ այնպես մխիթարվեց, որ համարեց թե իր եղբայրաբաժինն արդեն ստացել է ամենայն քաղցրությամբ։

Երեկոյան դեմ պատշգամբի վրա նստած թեյ էին խմում։ Արմենակը դեռ այն օրն էր եկել։ Հափշտակվելով գյուղի նկարչական դիրքից և շատ հավանելով Սմբատենց եռահարկ քարաշեն տունը, որ իր բարձր դիրքով իշխում էր ամբողջ գյուղի վրա, հարցրեց․

— Սմբա՛տ, չգիտե՞ս, արդյոք այս շինության ժամանակ, սրա հիմքը փորելիս՝ որևէ հնության հետք գտնված չէ՞։

— Ինչո՞ւ համար ես հարցնում,— ասաց Սմբատը։

— Նրա համար եմ հարցնում, որ իմ նկատողությամբ և երևակայությամբ այստեղ, պիտի լինի եղած կամ սրա մոտակայքում Աշուշա բդեշխի պալատը։

Սմբատը փոխանակ իսկույն պատասխանելու, գույն առավ ու գույն տվավ և ասելիքը կոկորդումը մնաց։ Նա մի կեղծ հազով իր հուզմունքը զսպելով՝ պատասխանեց։

— Այս տանը հիմքը, ճշմարիտ որ, մի հին շենքի վրա է դրված։ Հայրս ասում էր, թե ինքը լսել է, որ այստեղ կռապաշտ թագավորի տուն է եղել։ Մեզանում հնության հետքեր շատ կան, որոնք մինչև այսօր չեն հետազոտված։ Քո ասելուց դուրս է գալիս, որ ուրեմն պետք է այստեղ լինի եղած հին Ցուտավը։

— Անկասկա՛ծ, այստեղ էր Աշուշա բդեշխը, Վահան Մամիկոնյանի մորաքրոջ մարդը։

— Գիտե՛մ, գիտե՛մ, նա, որ պարսից Հազկերտից խնդրեց ազատել Վահանին և նրա եղբայրներին — Վասակին և Արտաշեսին, որոնք գերի էին այնտեղ և բերավ այստեղ իր մոտ պահեց։

— Այո՛, և երբ Հազկերտը նրա խնդիրքը կատարեց, Աշուշան փոխանակ սովորական երկրպագություն տալու, գլուխը գետնին զարկեց թագավորի առջև։

— Այդպես է։ Թագավորն էլ ասաց.— Իշխան, այդ ի՞նչ անսովոր երկրպագություն է, որ անում ես։

— Ճշմարիտ է,— Աշուշան էլ պատասխանեց.— որովհետև դու անսովոր ողորմություն ցույց տվիր, պետք է որ ես էլ անսովոր շնորհակալություն ցույց տամ․..

— Շատ խելոք մարդ է եղել Աշուշան, Արմենակ։

— Եվ շա՛տ հեռատես։ Միայն նա կարողացավ կոտրել Վարդանի համառությունը, ասելով, մի՞թե դու ավելի լավ քրիստոնյա ես քան թե Պողոս առաքյալը, որ ասում էր․ «Ուխտյուք խնդրեի ես ինքնին նզով լինել վասն փրկության եղբարց իմոց և ազգականաց ըստ մարմնո»։ Սրա վրա նոր խելքի եկավ Վարդանը, և ինչ էլ որ հետո արավ, առանց Աշուշայի թելադրությանը չէր։

— Ուրեմն Վահանն իր պատանեկության օրերն այստեղ անցկացրեց, մեր այս կախարդական սարերումն ու ձորերումը։

— Այո՛, այս ձորերումը շատ նշանավոր մարդիկ են կրթվել։ Այստեղի օդն ու ջուրն է սնուցել և Սպասալարներին, Արղությաններին և Լոռու մելիքներին։ Բայց դրանցից և ամեն հայից մեծն է եղել այստեղ մի ժամանակ դեռ չորրորդ դարու վերջերում... կարող ես իմանալ, ո՞վ կլիներ այդ ամենամեծ հայը։

— Դու ինձ հանելուկ ես առաջարկում, Արմենա՛կ։ Քո ասած ժամանակ ամենամեծ հայը մեծ Սահակն էր. բայց նա դժվար թե այստեղ եղած լինի։

— Ո՛չ, ո՛չ, նրանից էլ բարձր։

— Չլինի՞ թե Մեսրոպին ես ասում, բայց մի՞թե նա մեծ է Սահակից։

— Իշխանությամբ և դիրքով իհարկե ոչ. բայց հանճարով՝ նմանը չի ծնված մեր աշխարհում մեծ քան զՄեսրոպ։ Նա այստեղ հղացավ հայոց համար գրեր գտնելու միտքը, Վրաց և Աղվանից գրերն էլ այստեղ հնարեց և իրանց տվավ։ Այստեղ են և նշանավոր հայ կանայք։ Իմացի՛ր, ովքե՞ր էին։

— Նշանավոր էր Վահանի մայրը Ձվիկը, որ Ղազարի ասելով՝ հայ կանանց մեջ ամենից առաքինին և հանճարեղն էր։ Նա այստեղ իր քրոջ մոտն էր, բդեշխի կնոջ, երբ իր որդիքը դեռ գերի էին Պարսկաստան։ Այստեղ կարոտակեզ մայրը գգվեց իր որդոցը, արժանացավ նրանց տեսությանը և այստեղ կրթեց նրանց այն հոգվով, որ հետո արտափայլեց Վահանի հերոսական քաջությունների մեջ։

— Այդ ճշմարիտ է, գտիր և մյուս կինը, որ ընդմիշտ պիտի մնա իբրև օրինակ առաքինի հայ կնոջ․ նա՝ որ իր հայրենի սուրբ կրոնին հավատարիմ մնալը վեր դասեց թագուհու թագից և ծիրանուց։

— Ասածդ պարզ է, Արմենակ, Շուշանիկի համար ես խոսում, բայց մի՞թե Ցուրտավումն էր նա և ոչ Մցխեթ կամ Տփխիս։

— Այստեղ է հարսնացել և այստեղ նահատակվել նա։ Ես ծանոթ չեմ ձեր ձորերին, բայց եթե ուղիղ է հավաքած տեղեկություններս, մեր դիմացի ձորում շատ հնուց մնացած մի բերդ պետք է լինի, ահա այնտեղ է եղել կալանավորված Շուշանիկը։

Սմբատը տեսնելով, որ ուղիղ է ընկերոջ նկատողությունը բերդի մասին, մնաց վեր քաշվածի պես։ Նրա երևակայությունը թռավ դեպի հին անցյալը։ Մտաբերելով, որ Մամիկոնյան ցեղից դեռ մի մնացորդ կա իրանց ձորերում, և տեսնելով որ մի այդպիսի պատմական նշանավոր հողի վրա է ծնունդ ու սնունդ առել, այն օդն է ծծել, որ Վահանն է ծծել մի ժամանակ, այն հողի վրա է ման եկել, որին դիպել է Մեսրոպի ոտքերը և ողողվել Շուշանիկի արյունով,— ինքն իր աչքում մի քանի կանգուն բարձրացավ և սաստիկ հուզված ու աչքերը ջրակալած բացականչեց․

— Արմենա՛կ, դու ինձ գժվացնում ես բոլորովին։ Ես՝ էլ ես չեմ ուրեմն, այլ բոլորովին մի ուրիշ բան։ Գիտե՞ս արդյոք, թե որքա՜ն մեծ է մարդուս երևակայության ազդեցությունը նրա ամբողջ բնության վրա։

— Իսկ դու գիտե՞ս միթե,— ասաց Արմենակը իր փնտրած մարդին գտնողի պես ուրախ ժպիտով։— Ես հենց կարծում էի, թե միայն ես գիտեմ այդ բանը և դեռ չեմ պատահած մեկին, որ մարդուս ոգեկան աշխարհին որևէ նշանակություն տար։ Մեր նյութապաշտական ժամանակում իրական աշխարհից դուրս ոչինչ չեն ընդունում։

— Օ՜... և որքա՜ն սխալվում են։ Ի՞նչ է ուրեմն միտքը։ Կարո՞ղ ենք ասել, թե միտք չունինք, մտածելու շնորհք չունինք, զուրկ ենք հիշողությունից, երևակայությունից, ո՛չ տխրում ենք, ոչ ուրախանում, ո՛չ արտասվում ենք և ոչ ծիծաղում, ո՛չ սիրում ենք և ոչ փտնում, չունինք ո՛չ հավատալ և ոչ հուսալ, և ուրիշ ո՜ր մեկն ասեմ։ Իսկ այս բոլորը միասին առած ի՞նչ աշխարհ է։ Եվ որքան գաղտնիքներ և ծածուկներ կան այս ոգեկան աշխարհում, որ եթե իրական աշխարհի չափ ուսումնասիրվեր, ով գիտե թե ոգեկան ջերմություն, լույս, էլեկտրականություն, մագնիսականություն և ուրիշ մեզ անհայտ զորություններ ևս չգտնվեին։

— Ես հավատացած եմ, որ այդպես էլ կլինի։ Հին ալքիմիան, աստղաբաշխությունը և ուրիշ շատ ցնորական բաներ վերջ ի վերջո գիտություն դառան, ինչպես որ կռապաշտությունը՝ աստվածապաշտություն։ Ինչ ասել կուզի, որ մեր փալչիների ու ջադուքյարների արարքներն էլ հետազոտելով՝ Ժամանակին գիտության կերպարանք կառնեն։

— Ինչ կուզես ասա, ամեն հրաշքի հավատում եմ, թեև բացատրել չեմ կարող։ Այսքանը միայն գիտեմ, որ ոգին ոգիով է ոգիանում և հրաշքը հրաշքով կատարվում։ Ինչպես որ ֆիզիկական երևույթների մեջ մի անմիջական կապ կա, պատճառ և հետևանք փոփոխակի հաջորդում են իրար, ճիշտ այսպես էլ ոգեկան երևույթներն են իրար կապակից։

— Շատ ուղիղ է նկատողությունդ, Սմբատ, ճշմարիտ որ՝ ոգին ոգով է ոգիանում և հրաշքը հրաշքով կատարվում։ Գտիր, օրինակ, մի ընկեցիկ, որ հրաժարված լինի մարդկային հասարակությունից, կորած, մոլորած, ընկճված,— հավատացրու նրան, որ նա հարազատ զավակն ու ժառանգն է Դավիթ մարգարեի, նա կերևակայե ինքն իրան մի արքայազն...

— Անշո՜ւշտ... Եվ ի՜նչ հրաշքներ, ի՜նչ քաջություն ասես, որ նա չգործե իր ժառանգությունը ձեռք բերելու համար։ Եվ եթե չհասնի էլ իր նպատակին, այսուամենայնիվ ահագին ակոս կծրե մարդկային պատմության մեջ։ Շհքսպիրը, այդ մարդկային հոգու խոր թափանցող մարդը զուր չէ իր Մակբեթի ձգտման առիթը պառավ կախարդուհիների նախագուշակությանը վերագրում։ Եվ քանի քանիսներն են եղել պատմության մեջ այսպիսիք։ Ուրեմն մի նախագուշակություն մարդու հոգուն և՛ կենդանություն է տալիս, և՛ մահ։ Ես չեմ կարողանում ինձ երևակայել այսպիսի ոգեկան ազդեցություններից ազատ մարդ։

— Ես է՞լ չեմ կարող։ Միթե կարելի՞ է, որ մարդ իր ստվերի մյուս կողմը ցատկե։ Մարդուս մարմինը հոգու անբաժան ստվերն է։ Մարմնի բոլոր ձևափոխությունները հոգու շարժումների ստվերներն են։ Ինչպես որ մարմնի վրա եղած արտաքին ներգործությունն էլ ազդում է մարմնի վրա, այսինքն նրա գործողությունների, նրա լավ կամ վատ արարքների վրա։

— Բայց իմ միտքն այդ չէր, Արմենակ, ես ուզեցա ասել, որ ինչ մարդ ուզում է թող լինի, նրան կարելի է ոգի տալ, ոգևորել, հուսահատության հասցնել, ինքնապատվությունը մեռցնել հույս ու հավատ ներշնչել նրա մեջ, ուժ ու աշխույժ տալ նրա գործունեությանը, և սրա հակառակ՝ նրա սիրտը կոտրել, մի խոսքով՝ կարելի է և՛ կյանք և՛ մահ տալ նրան։ Եվ գիտե՞ս ինչու համար եմ ասում այս։ Քո մի փոքրիկ նկատողությունդ, թե այստեղ են եղել Աշուշան, Մեսրոպը, Վահանի մայրն իր որդոց հետ, գուցե Ղազար Փարպեցին էլ նրանց հետ, Շուշանիկի նահատակությունը,— այդ բոլորը ինձ վրա այնպես ազդեցին, ինչպես կազդեին մի դյուրազգաց աշակերտի վրա։ Սրանից գալիս եմ ես այն եզրակացության, որ գրական կրթությունը մեզանում ծուռ ճանապարհով է գնում։ Նրա նպատակն է, որպես թե ժողովրդին ինքնաճանաչության բերել, բայց այդ ինքնաճանաչությունը պետք է լինի լավ կողմից։

— Իհարկե. վա՜յ այն մարդին, որ ինքն իրան վատ կողմից է ճանաչում։

— Ահա՛, հենց այդ էի ուզում ասել։ Ինքնաճանաչությունը կրթության գործում պետք է լինի լավ կողմից։ Ում ուզում է լինի, ազգի թե անհատի, որքան վատաբանես, այնքան կվատանա։ Լավ դաստիարակը երեխայի աննշան վատ հատկությունները չտեսնելու կդնե և նրան վերացնելու համար կգրգռե նրա լավ հատկությունները, որոնք զորանալով՝ կխեղդեն վատ հատկություններին. մինչդեռ եթե վատի վրա դարձնես ուշադրությունդ, միշտ վատը երեսովը տաս, հանդիմանես, կշտամբես, ասել պետք է, որ նա բոլորովին կփչանա։

— Նկատողությունդ շատ ուղիղ է և շատ կարևոր, որ գիտենար ամեն մի ծնող, ամեն մի դաստիարակ և ամեն մի գրող։

— Դու հիշում կլինիս իհարկե, թե ի՞նչ էինք կարդում մենք մեր աշակերտության ժամանակ,— շարունակեց Սմբատը ընկերոջ հավանությունից խրախուսված և ոգևորված — մենք կարդում էինք Ազգասեր, Բանասեր, Եղբայրասեր, Հորդորակ մանկանց, Որոգայթ Փառաց, Հրավիրակներ Արարատյան և Ավետյաց երկրի, Նահապետի և Կոմիտասի երկերը և սրանց նման բաներ։ Ինչ ասել կուզի, որ դրանց ոգովն էլ զարգանում էինք։ Բայց մեկ էլ հանկարծ գոռացին, թե այդ չէ՛ ինքնաճանաչության ուղիղ ճանապարհը և ընկան մի այլ բոլորովին դարիվայր տանող ճանապարհ և սկսեցին գլխապատառ գլորվել դեպի ցած և ցած։ Խոստովանում եմ, որ առաջին ճանապարհը շատ էր դարիվեր և դարիդուրս, բայց երկրորդն էլ շատ է գլխիվայր։ Կրթության ճանապարհն իր ուղիղ շավիղն ունի, որով կարելի է գնալ անսայթաք, առանց վերուվայր թռչկոտելու։

— Նկատողությունդ շատ ուղիղ է, Սմբա՛տ, բայց մի բան չպետք է մոռանալ երբեք։ Ինքդ ասացիր, որ ինչպես ֆիզիկական աշխարհի երևույթների մեջ պատճառ և հետևանք կապակից են միմյանց, նույն օրենքը կա և ոգեկան աշխարհում։ Շոգեշարժը գտնելուց առաջ մարդիկ օգուտ էին քաղում քամու ուժից, բայց միշտ սպասելով, թե ե՛րբ կփչի քամին և դեպի ո՛ր կողմ։ Բարոյական կյանքի նավի համար շոգեշարժ չի գտնված, նա դեռևս այս ու այն կողմից փչած հողմերի ձեռքին մի խաղալիք է։ Ինչպես որ կան մարմնական համաճարակ ցավեր, նույնպես կան և ոգեկան ցավեր, որոնք քամու պես տարածվում են ժողովրդի մեջ ո՛վ գիտե՝ որտեղից և ինչպես, և այս բանը կրկնվում է պարբերաբար։

— Այդ ես լավ չեմ հասկանում, Արմենակ․ դու ինձ բոլորովին նոր բան ես ասում։ Ինչպե՞ս թե համաճարակ ոգեկան ցավեր․․․

— Այդ այն ցավերն են, որոնց ազդեցության տակ, զանազան հեղաշրջումներ են լինում կյանքի մեջ։ Ի՞նչ է նշանակում, օրինակ բարկանալ, բորբոքվել, մոլորվել, անտարբեր գտնվել, ոգևորվել, սիրահարվել, ատելություն զգալ, շահասեր դառնալ, անձնվիրություն ստանալ և այլն։ Եվ այս ամենը միևնույն անհատի մեջ պատահո՞ւմ է թե ոչ։ Ինչ հեղաշրջում որ լինում է մի անհատի ոգեկան աշխարհում, նույնը պատահում է և մի հասարակության, մի ազգի և մինչև անգամ ընդհանուր մարդկության մեջ։ Տեսնում են հանկարծ հասարակական կյանքն ընդարմանում է և ոչինչ կյանքի նշան չի ցույց տալիս, մեկ էլ հանկարծ կենդանություն է ստանում գարունքահան եղած անասունի պես։ Հանկարծ վարակվում են այս և այն մոլությունովը, և մեկ էլ սթափվում և զգում իրանց հանցանքը։ Նոյի ժամանակ մարդիկ այնքան անբարոյականանում են, որ պետք է լինում նրանց ջրհեղեղով ջնջել։ Սոդոմն այրվում է, որ մյուս քաղաքները չվարակվին նրանից։ Ուրեմն կատաղության հասած բարոյական ցավեր կան, որոնք խոլերի և չումի նման երևում են պարբերաբար։ Բոլոր ասպատակությունները, կռիվները, պատերազմները, կրոնական և քաղաքական հեղաշրջումները ուրիշ բան չեն, բայց թե համաճարակ ոգեկան ցավերի արդյունք, թեկուզ իրանց ծագումը մարմնականից լինին առած։ Այս երևույթները կյանքի և գիտակցության արդյունքներ չեն, այլ ընդհանուր հոգեկան տրամադրության։

— Քո այդ տեսությունից դուրս է գալիս, որ ուրեմն կրթության և ուսման ազդեցությունից դուրս մեզ անհայտ ուժեր կան, որոնք կրթությունից ավելի են ազդում։ Էլ ինչո՞ւ են մեզանից պահանջում, որ մենք բարոյակիրթ սերունդ պատրաստենք, երբ դաստիարակությունն անզոր է անբարոյական հոսանքների առաջն առնելու և բարոյական ցավերից պատսպարելու։

— Այդ պահանջի մեջ մեծ սխալ և խոշոր հակասություն կա։ Այսօր այս են պահանջում, վաղը մի ուրիշ բան, նայած թե մարդկանց ճաշակն ու հասկացողությունը որպիսի կերպարանք է ստացել և որ ընդհանուր ցավի տրամադրության տակ է գտնվում։ Եթե կրթության խնդիր չլիներ մեջտեղը, այլ միայն առողջության, մարմնի առողջության, այն ժամանակ առողջապահիկ հնարների կդիմեին, և ինչպես մի որևէ համաճարակ մարմնական ցավից ազատ մնալու համար մաքրում են տները, փողոցները, ուտելիքներն ու խմելիքները, այդպես կվարվեին և բոլոր այն առարկաների վերաբերությամբ, որոնց ապականությունից ապականվում է և կրթվող սերնդի հոգին ու միտքը։ Բարոյակիրթ սերունդ պահանջող հասարակությունը կամ ազգը պետք է նախ ինքը մաքրվի իր բարոյական ախտերից, այլապես ինքն էլ չի հասկանում, թե ի՛նչ է պահանջում, այսինքն իր պահանջած առարկայի մասին ուղիղ և առողջ գաղափար չունի, այլ սխալ, թույլ և հիվանդոտ։

— Ես հիմա հասկանում եմ քո ասածը։ Նկատողությունդ ուղիղ է։ Բայց ի՞նչ ես կարծում, քո հայտնած մտքով մի՞թե միայն դու ես վարակված։ Եվ մի՞թե կարելի չէ այդ մտքով վարակել և ավելի շատերին։ Երևի հասել է ժամանակը, որ հիմա ավելի խոր նայենք մեզ վրա, քննենք բարոյական հակումների օրենքները, որպեսզի կարողանանք նրանց ազդեցությունը հօգուտ մեր բարոյակրթությանը գործ դնել։ Ավելի Լավ, որ ոգեկան հակումները համաճարակ են և վարակիչ։

— Բանն էլ գործադրությունն է հենց, որ շատ դժվար է։ Ենթադրենք, թե դու մի վիպասան ես, ի՞նչ ուղղությամբ կգրես, որ ընթերցողներդ բարոյակրթվին։

— Դժվար հարց ես առաջարկում։ Ես վիպասան չեմ, և չգիտեմ մինչև անգամ թե ինչպես են թխվում մեզանում վեպերը։

— Իսկ ես գիտեմ, այդ ցավիցը մի քիչ իմ մեջ կա։ Վիպասան է եղել գրողը, թե հրապարակախոս կամ բանաստեղծ, ամենքն էլ միևնույն ընդհանուր տրամադրության տակ են գտնվում։ Ընդհանուր տրամադրությունը մի զորեղ հոսանք է, մի քամի, որ ով գիտե՝ որտեղից է փչել. ահա այդ հոսանքովն են վազում ամենքն էլ, և վազողներից ով որ ամենի առջևն է, նա ասվում է հառաջադեմ, ով որ հետինը՝ հետադեմ, ով որ չի մասնակցում ընդհանուր արշավանքին, ասվում է հետամնաց։ Բայց այդ քամին հանկարծ կփչի հակառակ կողմից և այն ժամանակ վազողների դերերը կփոխվին, ինչ որ առաջ հետադիմություն էր, այն կլինի հառաջադիմություն։ Ուրեմն կուզես գրող եղիր, կուզես վարժապետ, ընդհանուր տրամադրության դեմ ոչինչ չես կարող անել, կարող ես միայն սպասել, որ քամին դեպի քո ուզած կողմը փչե։

— Հիմա ինչպե՞ս ես նկատում, քամին մեր ուզա՞ծ կողմն է փչում, թե՞ հակառակ։

— Ես հիմա նկատում եմ, որ մեր գրականության մեջ տիրապետող բացասական ուղղությունը ջուխտ ոտքով ճահճի մեջ է ընկել։ Թերթում ես այս, թերթում ես այն, և կարծում ես, թե մի մեծ հիվանդանոցի մեջ ես պտտում, սենյակից սենյակ ես մտնում և նորանոր ցավագարների հանդիպում։

— Ո՜հ, հազիվ հասար իմ ուզած կետին։ Ուրե՛մն դու ինքդ էլ ես նկատում, որ բացասական ուղղությունը հասցնում է եսականության, որ իրանից դուրս ոչ մի արժանավորություն չի ճանաչում։

— Այո՛, և այդ ուղղությունը շուտով կփոխվի անաչառ քննադատության, լավին լավ ասելով, վատին վատ։ Եվ ինչպես որ հիմա ամեն լավի համար աչք խփած շինծու և հրեշացրած վատություններ են դուրս բերում, կսկսեն լավերը նկատել ու նրանց դուրս բերել իբրև օրինակելի անձնավորություններ։

— Եվ որ իմ ուզածը կլինի։ Չէ՞ որ ես ուզում եմ, որ ինքնաճանաչությունը լինի լավ կողմից։ Բայց կգտնվի՞ն արդյոք լավ մարդիկ։

— Եթե մեր գրողները վատ տիպ ներկայացնելու համար մեծ ջանք են գործ դնում փնտրելու համար և գտածներն էլ լինում են բացառիկ կամ չեղած հրեշներ, այդ արդեն ցույց է տալիս, որ մեզանում վատերի թիվը շատ քիչ է։ Ի՞նչ ես կարծում, ես ու դու վա՞տ մարդիկ ենք։

— Մենք հաշիվ չենք, մենք վարժապետներս առհասարակ լավ մարդիկ ենք։

— Մի՞թե մեր այն ընկերները, որոնք վարժապետ չեն, այք քահանա, վա՞տ քահանայք ենք։

— Ընդհակառակն, շատ արժանավոր քահանայք են։

— Մի՞թե մեր այն ընկերները, որոնք ծառայող են, վա՞տ մարդիկ են։

— Նրանք էլ են լավ։

— Մի՞թե նրանք, որոնք վաճառական են կամ արհեստավոր, վա՞տ մարդիկ են։

— Նրանք էլ են լավ։

— Հավատացի՛ր, Սմբա՛տ, ամենքն էլ լավ են ջոկ-ջոկ վերցրած, միայն դրանց իրար հետ միացնող մի կապ, մի կարգ, չկա։ Խոստովանում եմ, որ մենք մի անկարգ և անկապ ժողովուրդ ենք, և այդպես ենք եղել նույնիսկ Վաղարշակի օրով, երբ նա գրում էր իր եղբորը մեր անկարգության մասին, լավ միտս չէ, թե ինչ խոսքերով։

— Սպասի՛ր, ես հիշում եմ այդ կտորը. «Ո՛չ կարգ ինչ լեալ աստ յայտնի,— ասում է — և ոչ մեհենից պաշտամունք, ոչ գլխաւորաց աշխարհիս առաջինն յայտնի է և ոչ վերջինն, և ոչ այլ ինչ օրինաւոր, այլ խառնիխուռն ամենայն և վայրիվերոյ»։

— Հա՜, հենց այդ էի ուզում ասել, մի՞թե հենց հիմա էլ այնպես չե՞նք. ի՞նչ օրինավոր կարգ ու կանոն կա մեր ընտանիքի մեջ, մեր հասարակության մեջ, մեր դպրոցի ու գրականության մեջ, նույնիսկ մեր վարդապետների վերաբերությամբ, որոնցից մեկն ստանում է մի քանի հազար, չգիտես իր ո՞ր արժանիքի համար, իսկ մյուսն այնքան չի ստանում, որ իր գդակն ու կոշիկը նորոգե։ Ուղիղն ասած, ես շատ էլ ընդդեմ չեմ այս անկարգությանը. այս ցույց է տալիս, որ մենք դեռ կիսավայրենի և կիսակիրթ ենք, որ ասել է դեռ չենք ծերացել, ուրեմն կարող ենք լավ կարգերի և լավ ապագայի հույս ունենալ։ Քեզ օրինակ մեր նոր լեզվի անկարգությունը, որ իմ աչքում թերություն չի ամենևին, այլ տհասություն, համբակություն. և զարգանում է արձակ համարձակ, առանց ենթարկվելու որևէ կարգ ու կանոնի։

— Երանի՜ քեզ, Արմենա՛կ, որ այդքան լավատես ես ու լայնասիրտ․ դու ներողամիտ աչքով ես նայում մեր այն թերությունների վրա, որոնցից վրդովվում են շատերը գժվելու չափ։ Այս երևի նրանից է, որ քո կաշին դեռ չի դաղվել։ Ի՞նչ ես կարծում, ուրեմն մեր Ավագն է՞լ է լավ մարդ...

— Իհարկե, լավ մարդ է, հապա ի՞նչ ես կարծում: Բանը գործի արտաքին կողմին նայելը չէ, այլ ներքին դրդումին, օրից հառաջ է գալիս արտաքինը: Ավագն այժմ մոտ հիսուն տարեկան մարդ է։ Նա մտածում է այսպես. եթե ես սրանից երեսուն տարի առաջ լինեի բաժանված, այժմ ես ինձ համար ապահով վիճակի տեր կլինեի: Այսուհետև էլ հույս չկա, որ ես կարենամ մի բան շինել: Մեր նյութականը հավասար բաժանելով, բարոյականը մնում է անբաժան: Ջահել եղբայրս իր ջահելությունից ինձ բաժին չի տալիս, ուժեղն իր ուժից ինձ բաժին չի տալու, ուսումնականն իր ուսումից ինձ բաժին չի տալու: Քանի որ այդ մարդիկը բարոյապես և ֆիզիկապես ինձանից հարուստ են, թո՛ղ երթան իրանց դրամագլխով գործ տեսնեն, էլ ի՞նչ են ուզում ինձանից: Նա տեսնում է մեր հագին սերթուկ ու շապո, կարծում է, թե դրանով արդեն մենք մեզ ապահովացրել ենք. չգիտե խեղճը, թե ինչ թշվառ ապագա է սպասում մեզ` վարժապետներիս: Բայց նա ի՞նչ մեղավոր է: Եթե այսօր մեզ չի վարձատրում ազգը, որին երկար տարիներ ծառայել ենք ամենայն անձնվիրությամբ և զոհաբերությամբ, այդ վարձատրությունն ինչո՞ւ ենք պահանջում մեր եղբայրներից: Նրանք մի՞թե իրավունք չունին ասելու, թե մեր ցանածը մենք պիտի հնձենք, իսկ դուք էլ գնացեք այնտեղ հնձեցեք, ուր որ ցանել եք: Ահա թե ինչու է արդար Ավագը, բայց արդարանալու հնար չունենալով՝ նա պիտի դիմի կոպիտ ուժի, պիտի հարձակվի և պաշտպանվի բնազդմամբ, ներքին դրդմամբ և ինչ էլ որ անե, մեղավոր չէ իմ կարծիքով...

Զարմանալի մարդիկ են մեր իդեալիստ վարժապետները, ես իմ աստվածը՝ մեկ-մեկ պաշտելի անձնավորություններ են։ Սմբատը շատ գոհ և բավական մնաց Արմենակի պաշտպանողական ճառից: Նա պատրաստ էր բոլորովին զրկվելու հայրական ժառանգությունից, միայն թե այդ առիթով իր մեծ եղբայրն այնպիսի բան չանի, որ անպատվություն բերի իրանց օջախին: Քանի որ ծառն իր պտուղից է ճանաչվում և նախնյաց լավ ու վատ հատկությունները ժառանգաբար անցնում Են որդոց որդի, ապա ուրեմն բարի ժառանգից կարելի է գուշակել, որ նա բարի ծնողաց և բարի նախնյաց արժանավոր զավակ է և բարի ժառանգների էլ նախահայր կդառնա։ Այդ իսկ պատճառով Սմբատի համար եղբոր անունն անարատ պահելը օջախի և ազգի պատվի պաշտպանության խնդիր էր։


6

Երբ որ Արմենակ Ազատյանը հեռացավ, Սմբատը վերացական և գաղափարական աշխարհից կրկին ընկավ զգայական և իրական աշխարհի մեջ։

Արմենակի ասածը, թե՝ «Մենք մի անկարգ ազգ ենք», Սմբատի համար դառավ մի նոր բնաբան, և այնուհետև ո՛ր կողմ նայում էր, միայն անկարգություն էր տեսնում։

Մարդիկ կան, երբ մի նոր գաղափար են ստանում, մի նոր միտք ըմբռնում, բոլոր առաջվան գիտցածները մոռանում և ուրանում են, և մինչև անգամ սկսում են հարձակվել իրանց առաջվան ունեցած և փայփայած գաղափարների վրա։

Այս տեսակ մարդկանց գլխումը երկու գաղափար միասին հաշտ կերպով չեն տեղավորվում, այլ սկսում են միմյանց դուրս մղել ընդդիմահարության օրենքով։

Այս մի ընդհանուր պակասություն էր Սմբատի ժամանակակից մտածողների մեջ, որոնց սիրտը շատ նեղ էր և մտավոր տեսությունը շատ կարճ։ Այս պակասությունից ազատ չէր և ինքը Սմբատը։

«Մեզ հարկավոր է միայն բարեկարգություն և ուրիշ ոչինչ, — ասում էր Սմբատը և այս բնաբանի վրա մի ինքնուրույն տեսություն հիմնում, որ քարոզե սրան-նրան։

«Պիտի ասեն, որ բարեկարգությունը արդյունք է, հետևանք է և ոչ պատճառ։ Առանց ուսման և գիտության ի՞նչ բարեկարգություն կարելի է սպասել։ Ինչո՞ւ չասել, թե ընդհակառակն՝ ուսումն է հետևանք բարեկարգության, թե բարեկարգություն կարող է լինել և առանց գիտության, մինչդեռ ոչ մի գիտություն կարող չէ ծաղկիլ անկարգության մեջ։ Մի՞թե մարդիկ, քանի որ չունեին ո՛չ գիտություն, ո՛չ ուսում, խո՞տ էին արածում, չունեի՞ն ոչինչ կարգ, ոչինչ կանոն, ոչ մի սրբազան սովորություն։ «Եվ ի՞նչ բան է ուսումը։ Բացի գրաչարչիներից և մտքի փերեզակներից ո՞ւմ է մի օգուտ տվել այդ ուսումը։ Ի՞նչ օգուտ է տալիս մեր այժմյան անկարգ ու անկանոն ուսումը, մարդու հոգին ու մարմինն ապականող ուսումը։ Մի՞թե խելքի ու շնորհքի տեր լինելը ուսման գործ է. մի՞թե քիչ ուսումնականներ կան, որոնք բոլորովին մերկ են մարդկային բարոյական զարդերից և զուրկ բնության տված բոլոր ձիրքերից։ Ի՞նչ ափեղցփեղ բան ասես, որ ուսման շարքը չի ընկել և դպրոց ասածդ շինել մի գոմ, ուր ամեն տեսակ գրաստ կարելի է համարվում կապել։ Ի;նչ անպետք լեզուներ, ի՛նչ սո՛ւտ ու սխալ պատմություններ, ի՛նչ հիմարություններ և այն էլ որքա՜ն, որքա՜ն։ Եթե բոլորի կեսը բարձես մի ուղտի վրա, խեղճ անասունի մեջքը կկոտրի, բայց որ այսուամենայնիվ ուսանողները տանում են այդ բեռը, դրա պատճառն այն է միայն, որ ավանդած նյութը նրանց ուղեղներն իրանց մեջ չեն պահում, չեն մարսում, որ անհնարին է, այլ նորից դուրս են վիժում ձայնագիր մեքենայի պես և ներս ածողների երեսին զարկում։ Ի՞նչ ուսում է այն ուսումը, որի ո՛չ հատկությունն է որոշած, ո՛չ քանակությունը, ո՛չ օգուտն է ապացուցված և ո՛չ վնասը հերքված։

«Բնության մեջ ո՛ր կողմ նայում ես՝ կարգ ես տեսնում․ կարգով է կառավարվում ամբողջ տիեզերքը։ Չկա ո՛չ մի անասուն, ո՛չ մի սողուն և թռչուն, որ անկարգ լինի։ Եվ ինչի՞ցն է, որ միայն մարդն է անկարգ, եթե ոչ իր ստացած սուտ ու սխալ ուսումից, որից բարեբախտաբար ազատ են անբան անասունները։

«էլ ինչո՞ւ համար է տված աչքը, որ չկարողանա զանազանել ծուռն ու շիտակը։ Մի՞թե հայերն այնքան խելք չունի՞ն, որ իմանան, թե շիտակ և լայն փողոցը լավ է և հարմար իր անցուդարձի համար, քան նեղն ու ծուռնումուռը, որոնցով սայլ անցկացնել չի լինում։ Ինչո՞ւ կարգով չեն շինում տները, այլ խառնիխուռն և միմյանց վրա դարսված։ Մեր կենցաղավարության ո՞ր մասի մեջ է երևում մեր պապերի ուսման բարերար և բարեկարգող ազդեցությունը։ Ինչո՞ւ այդ դպրությունը ոչ մի բարեկարգության հետք չի թողած՝ բացի փլատակներից և ավերակներից։

«Եվ ինչպե՞ս կարելի է, որ տները կարգով լինին, քանի որ ամենայն ինչ անկարգ է. ինչպե՞ս կարելի է, որ փողոցները շիտակ լինին, քանի որ ամենայն ինչ ծուռ է։ Չէ՞ որ անկարգության և անճոռնիության մեջ էլ կա ներդաշնակություն։ Ուղտի միայն շլինքը չէ ծուռ, այլ ամեն տեղը։

«Մեր պատմական անկարգության մասին Վաղարշակի նամակն է ապացույց բերում Արմենակը։ Մոռացա նրան ասել, թե Ն. Կայսրն էլ որ եկավ, մեր մայր աթոռումն անգամ ոչինչ կարգ ու կանոն չգտավ։ Մեր սահմանադրական վանքը ոչինչ սահմանադրություն չուներ, այլ ամեն ինչ ավանդությունների և ադաթների վրա էր հիմնում։

«Ո՞վ կարող է ասել, թե ինչպիսի՞ ադաթներ ունինք, և ո՛ր ադաթը ի՛նչ ծագումից է։ Ամեն գյուղ, ամեն քաղաք իր համար մի ջոկ ադաթ ունի,— ո՛րը թաթարի է, ո՛րը թուրքի, ո՛րը պարսկի է, ո՛րը արաբի, ո՛րը հույնի է և ո՛րը հռոմայեցու, իսկ բուն հայկականը — աստված տա։

«Ինչո՞ւ բաժանության համար մի անխախտելի կարգ չկա սահմանած, որ այլևս ասել-խոսիլ չլինի, այլ ամեն մարդ իր բաժինն ստանա և մի կողմ քաշվի․․․»։

Չնայած, որ անկարգությունն այնքան գրավել էր Սմբատին, որ նրա մեջ գտնվում էր և ներդաշնակություն, որ ոչ ոք նշմարած չէր, բայց հենց որ հասնում էր բաժանության, այստեղ անկարգության առաջնությունը մոռանում էր և ամեն չարիք, նույնիսկ անկարգությունը անբաժանության և անարդար բաժանության արդյունք համարում։ Սմբատի համար կարգ թե անկարգություն, բոլորն էլ գալիս էին բաժանության վրա կռթնում, համարելով նրան մի այնպիսի ամուր հենարան, որի վրա պիտի հաստատվեին ամենայն տեսակ կարգ ու կանոն։

«Ամբողջի մեջ ներդաշնակություն կլինի,— մտածում էր Սմբատը, եթե մասերի մեջ արդար բաժանություն լինի»։ Ամբողջի մեջ միություն կլինի, եթե մասերի մեջ արդար բաժանությունը լինի։ Ամբողջն առողջ կլինի, եթե մասերի մեջ արդար բաժանություն լինի։ Ամբողջի մեջ կտիրե ամենախիստ կարգ ու կանոն, եթե մասերի մեջ արդար բաժանություն լինի։ Այս մի երկրաչափական բանաձև է, և ամենայն ամբողջության կվերաբերի, իբրև տիեզերական մի օրենք:

Մարդու հոգու և մարմնի կանոնավոր զարգացման կարևորությունը ամեն բանից գերադասում էր Սմբատը և ամենից կարևոր համարում։ Այս խնդրի վերաբերությամբ առիթ չէր ունեցել իր միտքը հայտնելու ումևիցե, բայց այս անգամ բանն այնպես եկավ, որ պիտի հայտներ իր ամուսնուն։

Սմբատի կինը՝ Ոսկեհատը՝ քաղաքացի էր, քնքուշ մեծացած, ֆիզիկական կոպիտ աշխատությունից հեռու մնացած, և այն գաղափարն ուներ, թե այդ բոլորը մշակ կանանց գործ էր։ Բավականաչափ ուսում ուներ, և շատ գրքեր էր կարդացել և կարդում էր շարունակ, բայց որովհետև մարդս սովորաբար իր կարդացածից այն է հավանում և սեփականում, ինչ որ իր սրտին ու խելքին համեմատ է գտնում, այս պատճառով շատ խելացի մտքեր իր կարդացած գրքերից թողել էր անուշադիր և շատ հիմարություններ սեփականել։ Սմբատը հետամուտ չէր լինում նրա կարդացածին և չէր միջամտում կնոջ զարգացման գործին։

Գեղեցիկ էր Ոսկեհատը, և ինչպես ամեն գեղեցիկ կին, նա ևս մեծ նշանակություն էր տալիս իր գեղեցկությանը և վախենում էր այն բոլոր բաներից, որոնք կարող են նրա գեղեցկության վրա վատ ազդեցություն գործել, ինչպես են օրինակ արևը, ցուրտը, հնոցի և թոնրի կրակը, տաք ջուրը, լամպի լույսը, շատ ուտելը, երեխային ծիծ տալը։ Չեմ ուզում ոչ գիրանալ և ոչ նիհարել, բայց և այնպես՝ նա հետզհետե նիհարում էր, դալկանում։

Մարդ և կնիկ իրար շատ սիրում էին և շատ հարգում։ Միմյանց սիրտ ու միտք հասկանում էին, միմյանց սրտի ուզածի պես շարժվում և այս պատճառով ոչ մի անպատիվ վարմունք մեկի կամ մյուսի կողմից տեղի չէր ունենում։ Բայց հիմա նախապատրաստվելով այնպիսի մի վիճակի համար, որի մեջ մինչև այսօր եղած չէին, Սմբատն ուզում էր իրանց կենցաղավարությունն այնուհետև վարելիք կյանքին հարմարեցնել, որ իր վերաբերությամբ այնքան դժվար չպիտի լիներ, ինչքան կնոջ։

— Գիտե՞ս Ավագն ի՛նչ է ասում, Սմբատ,— ասում է Ոսկեկեհատը։— Կարծես Արմենակը նրան խրատած լինի, թեև մեզ ոչինչ չասաց գնալիս: Նա այժմ փափկած է երևում և ուզում է բաժանվիլ, բայց տե՛ս ինչ է ասում։— Դուք, ասում է, որ ջոկ լինիք, ինչպե՞ս կարող եք կառավարվիլ. ո՛չ դու ես պետք գյուղական պարապմունքի համար, ո՛չ քո մարդը: Թող այն երկուսը ջոկ-ջոկ դուրս գան, իսկ դուք՝ ինձ հետ: Սմբատն էլի կշարունակի իր ուսուցչությունը, իսկ ես տունը կկառավարեմ։ Դու էլ քո կարն ու գործը կանես, իսկ մյուս գործերը, որ քո բանը չէ, Եղսանը կանե, ինչպես միշտ արել է: Եվ ճշմարիտ է ասում Ավագը, Սմբա՛տ, եկ համաձայնիր:

— Ոչ, այդպես լավ չի լինի, հոգի՛ս,— պատասխանեց Սմբատը,— ով գիտե էլի ինչ կողմնակի նպատակ ունի Ավագը, որ ուզում է ինձ իր կողմը քաշե: Նա կարծում է, որ այդպիսով ինքը կշահվի, բայց երբ տեսնի որ ինքը օգուտ չունի, էլ չի պահիլ ոչ ինձ, ոչ քեզ և պիտի մի նոր կռիվ սկսի։ Նա իզուր էր կարծում, որ ես գյուղական կյանքին պետք չեմ: Ես վարն էլ լավ կանեմ նրանից, ցանքն էլ: Եվ այդ պետք է ֆիզիկապես կազդուրվելու համար: Մի՞թե լավ բան է, որ հիմա չեմ կարողանում մեկ թիակ բանեցնել, իսկույն կռներս թուլանում են և սկսում ցավել: Կացին չեմ կարողանում բանեցնել, իսկույն ձեռներս փքփքոտում են, մեջքս ցավում: Այսպես էլ ահա մյուս թեթև բաներն անգամ չեմ կարողանում շինել: Բայց այս ի՞նչ է նշանակում, ի՞նչ բանի հետևանք է: Սա մի անբնական և միակողմանի մտավոր պարապմունքի հետևանք է, որ հիվանդության չափ վնասակար է մարդուս, և հարկավոր է առողջացնել: Իսկ այս կարելի է, փոքր առ փոքր ընտելանալով ֆիզիկական աշխատանքի:

— Իսկ ես ինչպե՞ս անեմ,— ասաց կինը:

— Դու էլ ինձ պես, դու էլ կսովորես աշխատելը: Մի՞թե չես տեսնում, թե որքա՛ն առողջ են մեր հարազատները և որքա՛ն տկար ես դու. մի՞թե նրանց թշերի կարմրությունը վատ է, իսկ քո թշերի դալկությունը լա՞վ:

— Բայց նրանք կոպիտ են ամեն բանում, ես է՞լ կոպտանամ ուրեմն:

— Ի՞նչ վնաս ունի, եթե մինչև անգամ կոպտանաս էլ: Կամ ի՞նչ ասել է կոպիտ: Գեղեցկությունը նրբության մեջ չէ, այլ առողջության։ Հիվանդոտ վիճակը, հիվանդոտ կազմվածքը ճշմարիտ գեղեցկության հասնել չի կարող։ Ես հիմա չեմ կարողանում մի հավ մորթել, մորթելիս էլ որ տեսնում եմ, վրդովվում եմ։ Ի՞նչ է այս, եթե ոչ մի նյարդային հիվանդություն, ֆիզիկական թուլության հետևանք։ Մի ժամանակ ես ճարպիկ որսորդ էի, անխնա կոտորում էի ամեն պատահած վայրենի, իսկ հիմա նույնիսկ ձուկը չեմ ուզում ջրիցը հանել, սրտիս ցավ է տալիս։ Հիվանդություն չէ՞ սա, հապա ի՞նչ է։ Ո՛չ, այսուհետև ես պետք է հավ էլ մորթեմ, ոչխար էլ, և տեղը եկած ժամանակ՝ չպիտի խղճամ այլևս և պիտի կոտորեմ բոլոր վնասակար կենդանիներին։ Ենթադրիր, որ սայլը ցեխումն է մնացել, և գոմեշները դուրս կքաշեն միայն այն ժամանակ, երբ մի քանի զորեղ հարվածներ կտաս նրանց։ Հիմա ինչպե՞ս կհրամայես, գոմեշներին ծեծենք, որ սայլը դուրս քաշե՞ն, թե՞ չծեծենք, և սայլը թողենք ցեխումը։

— Իհարկե, եթե չծեծելը հիվանդություն է, առողջանալու համար պետք է ծեծել... բայց գոմեշներին ծեծողը իր կնկան էլ է ծեծում, վա՜յ թե դու այդ էլ սովորես և առողջանալու դեղ համարես, հետո ես ի՞նչ անեմ...

— Եթե դու էլ մեր տան կառավարության սայլը ցեխումը կթողես, այն ժամանակ հարկ կլինի քեզ էլ ծեծել, որ առողջանաս,— ասաց Սմբատը ծիծաղելով և համբուրելով կնոջը...

— Լսի՛ր, Սմբա՛տ,— շարունակեց Ոսկեհատը,— դու հանկարծ ես ուզում փոխվել, բայց ամեն մարդ կարող չէ հանկարծ փոխվել։ Գոնե ես ինձանից այնքան հույս չունիմ, բայց երբ քեզ կտեսնեմ արորի մաճը բռնած հերկ անելիս, այն ժամանակ ես էլ խոհանոցի շերեփը կառնեմ ձեռքս և քեզ համար խաշիլ կեփեմ. երբ որ քեզ կտեսնեմ բահով փորելիս, ես էլ կովը կկթեմ, և քեզ համար կաթնով ճաշ կեփեմ. երբ դու հունձ կանես, կալ կկալսես, կքամես, ես էլ ցորենը կխախալեմ, աղուն կանեմ։ Դու կտանես ջաղաց, կաղաս, կբերես, ես էլ խմոր կանեմ, քեզ համար գաթա կթխեմ։

— Հոգի՛ս, դու ինձ սիրտ տուր, աստուծով ես կանեմ, ինչ որ ասում եմ, դու իզուր ես կասկածում։

— Հավատացիր, Սմբա՛տ, երբ որ մենք մեզ ու մեզ կլինենք, ազատ և անկախ, տան բոլոր անելիքը ես ինքս կանեմ. իհարկե մի մշակ կին կունենանք միշտ, դու ինքդ էլ հո՛ առանց ծառայի չես լինիլ։ Ես էլ եմ նկատում, որ ֆիզիկական աշխատանքից փախչողը չարաչար վնասվում է, լինի նա տղամարդ, թե կինարմատ։ Չկարդալով ու չգրելով՝ մարդուս միտքը չի բթանալ, որովհետև միշտ խոսում, դատում և մտածում է. գուցե տեղեկությունների պաշարը միայն քիչ լինի, բայց աշխատելուց փախչելով, թուլանում է նրա ամբողջ կազմվածքը։

— Անշուշտ։ Մի՛ մոռանալ, որ ինչպես թոքերը, նույնպես և ուղեղը ամբողջ կազմվածքի մասերն են։ Ֆիզիկական աշխատանքից զուրկ մարդու ուղեղն ի՞նչ ուժ կարող է ունենալ։ Եվ մի՞թե միայն ուղեղն ու թոքերն են գլխավորը։ Մենք դեռ լավ չգիտենք մարդուս կազմվածքի շենքը, նրա մասերի կապակցությունը, միմյանց վրա ունեցած ազդեցությունը, իրարից կախում ունենալը, նրա աճելության եռանդը, չափը։ Ի՞նչ արժե, երբ որ մարդուս քունն անուշ է լինում, մարսողությունը կանոնավոր, ուժը եռ է գալիս ներսը և կրակոտ ձիու նման տեղը հանդարտ կանգնել չի կարողանում, ուզում է վազել, խաղալ, մի ծանրություն բարձրացնել, բանն այնպես է անում, որ կարծես մի անուշ կերակուր լինի ուտելիս մեծ ախորժակով։

— Իրավ որ։ Այս քանի տարի է, ես դեռ ախորժակով հաց կերած չէի։ Անցյալ օրը այգումը լվացք էինք անում. ես բավական աշխատեցի։ Կերակուր չէինք տարել հետներս, այլ միայն ցամաք հաց։ Բայց այնպես լավ թվաց, որ համը բերանումս մնաց։ Քո նպատակն է ուրեմն ապրել այնպես, ինչպես որ պետք է ապրեր մարդ, որ չվնասվեր նրա ո՛չ հոգին, ո՛չ միտքը և ո՛չ մարմինը, որ ինձ քանի անգամ ասել ես։

— Ապրի՛ս, հոգի՛ս, հենց այդպես։ Հեռու լինել քաղաքի զեխ, անբնական և անբարոյական կյանքից, ապրել բնության ծոցումը պարզ և անարատ, հողի հետ գործ ունենալ, նրան համարել սննդարար մայր։ Շահաստացության տեսակետից էլ որ նայենք, մեր օգուտն այս է պահանջում։ Ունենալ սեփական տուն, սեփական այգի, սեփական հող, անտուն անտեղ չթափառել մուրացկանի պես։ Այսօր մի ծառ կտնկենք մեր ձեռքով, կխնամենք, կպահենք, մի երկու տարուց հետո նա պտուղ կտա. նոր այգի կգցենք, նորանոր պտղատու ծառեր։ Այսպիոով թե՛ միշտ գործ կունենանք անելու, և թե՛ արդյունք կստանանք մեր գործից։

— Լավ կովեր կպահենք. ես կպատրաստեմ յուղ, պանիր․․․

— Ինչո՞ւ չէ. մեղու էլ կարելի է պահել։

— Աբրեշումի որդ էլ... այդ էլ ես կանեմ...

— Եվ ամեն ինչ կատարյալ ձևով։

— Գյուղացոց էլ կսովորեցնենք․․․

— Իհարկե։ Դեռ ուրիշ բան էլ շատ կարելի է անել։

— Ամառը սար կերթանք միշտ։ Լեռնային օդը շատ առողջարար է։

— Մանավանդ երեխանց համար։ Այնտեղ ազատ կլինեն նրանք խակ-խակ մրգեղեն ուտելուց. և եթե ուտեն էլ, կարող են մարսել։

— Զարմանալի բան է, իրավ որ։ Սարումը մարդ քար էլ որ ուտի, կմարսի։

— Առավոտ-առավոտ տաք-տաք թանե սպաս խպշտելը հազար չայ ու կոֆե արժե։

— Հապա քարե թոնրում թխած գաթան ու նազո՜ւքը․․․ ուտելուց չի կշտանում մարդ։ Հիշո՞ւմ ես, Սմբատ, որ մեկ օր ես ու դու յոթը հաց կերանք Կաթնաղբյուրի վրա։

— Հիշում եմ, որ այն ժամանակ այդ կյանքը քեզ դյուր չէր գալիս։ Ե՛վ վայելում էիր բնության առատաձիր շնորհքը և դժգոհ էիր միևնույն ժամանակ։

— Գիտե՞ս, Սմբատ, կանայք երբ որ մի բախտի մեջ են լինում, ուզում են, որ այդ բախտավորությունը տեսնեն իրենց ծանոթները։ Մենք քաղաքացիքս սովորել ենք ապրել առ ի ցույց մարդկանց։ Զուգվում, զարդարվում ենք և դուրս գալիս փողոց, որ ցույց տանք մեր արտաքին զարդ ու զարդարանքը։ Ամենքս էլ գիտենք այդ, բայց դարձյալ շարունակում ենք միմյանց խաբել, միմյանց շլացնել մեր ունեցածով։ Ես առաջ ասում էի՝ ի՞նչ օգուտ գյուղական երջանկությունը, քանի որ իմ ծանոթների համար այս երջանկություն չէ։ Բայց հիմա ես կաշխատեմ այս նախապաշարմունքից ազատվիլ և գյուղական կյանքի հետ հաշտվիլ, մանավանդ որ մեր երեխայոց առողջությունն էլ այդ է պահանջում։

— Հոգի՛ս, դու այստեղ բանտարկվածի պես չես լինիլ կամ վանդակի մեջ։ Քաղաքի ճանապարհը միշտ բաց է մեզ համար։ Երբ ուզենանք, էլի կերթանք տեսնելու մեր ծանոթներին և մեզ էլ նրանց ցույց տալու։ Ձմեռը կարող ենք այնտեղ ամսով էլ մնալ, կերթանք թատրոն, կլուբ, զանազան պարահանդեսներ, եթե կլինին։ Քո բարեկամներդ կպատմեն, թե քանի երեկույթ են ունեցել, ինչքան են տարել ու տարվել, իրանց աղջկերանց ո՛ւմ են տվել, ի՛նչ բաժինք են տվել կամ ի՛նչ բերել, ո՛ւմ կնիկն է մարդուց փախել և ո՛ւմ մարդը կնկանից․ ո՛ւմ աղջիկն ո՛ւր է կորել և որտե՛ղ ընկել․ ո՛վ է կոտր ընկել, ո՛վ հարստացել, ո՛վ է գժվել և ո՛վ կաթվածք ստացել, ո՛վ իր տունը կրակ տվել և հարստացել և ո՞վ է անշնորհք գտնվել միևնույնն անելիս և բռնվել։ Կամ ի՛նչն է մոդա և ինչն է մոդից ընկած, ո՛վ է նոր ասպարեզ մտել և ո՛վ է դուրս մղվել նույն ասպարեզից, ովքե՛ր են դիմակները վերցրել և ովքե՛ր դիմակավորվել։

— Բայց ես մի բանից եմ վախենում։ Սմբա՛տ։

— Ի՞նչ բանից, հոգի՛ս։

— Ես վախենում եմ, որ դու մի փոքր կազդուրվելուց հետո՝ էլ գյուղումը չմնաս․ և բոլոր սկսածներդ կիսատ մնան։

— Այդ ինչպե՞ս, ես չեմ հասկանում։

— Գիտես ի՛նչ ասած ինձ Արմենակը։ Եես չեմ կարծում, ասաց, որ Սմբատը կարողանա գյուղումը մնալ։ Կմնա մի առժամանակ միայն, քանի որ հոգնած է, հուսահատված ու զզված։ Բայց հենց որ կազդուրվի, ինքն իրան առողջ զգա, կսկսի ոգևորվիլ․ այդ ոգևորությունը նույնպես բավականություն կպահանջե։ Սմբատը ֆիզիկական պարապմունքի համար չի ստեղծված, այլ մտավոր և բարոյական։ Ֆիզիկական պարապմունքը կավելացնե միայն նրա եռանդը և կմղե նրան դեպի իր իսկական կոչումը։

— Առավել լավ, հոգի՛ս, եթե այդպես կլինի։ Աշխարհը որ կա, ծով է, իսկ մենք նավորդներ։ Թող գյուղը լինի մեզ համար իբրև նավահանգիստ։ Երբ քամին բարեհաջող կլինի և մենք կտեսնենք թե կարող ենք կրկին նավորդել, ինչո՞ւ հրաժարվենք։ Ասած է՝ «լավ է գյուղումը առաջինը լինել, քան քաղաքում հետինը»։ Եթե ես իմ մեջ այսքան ուժ կզգամ, որ կարող կլինիմ քաղաքում մի որևէ գործում օգտակար լինել և առաջինների կարգումը լինել, ես ուրախությամբ ինձ կնետեմ քաջամարտիկ զինվորների շարքը։ Ես հավատում եմ մարդուս կոչումին և գիտեմ, որ նա ինչ բանի որ պետք է և հարմար, վերջ ի վերջո նույն բանին կծառայե և նրա համար էլ կմեռնի։ Ո՛վ գիտե, գուցե Արմենակը մի գրական գործ սկսի քաղաքումը և հարկավոր համարե իրան իմ աջակցությունը, գուցե այդ ասպարիզում ես կարող կլինիմ մի բան անել, բայց առայժմ այդ ինձ համար մութն է և անհայտ։ Այժմ ես ամենից շատ կարիք եմ զգում մտքի հանգստության և ֆիզիկական աշխատության։ Մարդուս միտքը հարստահարվում է հողի պես, երբ շարունակ դուրս են ծծում նրա սննդարար տարերքը, առանց հանգիստ տալու։ Եթե մի տարու չափ ես ո՛չ կարդամ և ոչ գրեմ, այդ հանգիստը իմ մտքին կարող է մի քանի տարվան բեղմնավորություն տալ։ Սուտ է, որ ասում են՝ միտքը շարունակ աշխատեցնելով՝ կսրվի։ Ընդհակառակն՝ միտքն ունի և՛ սնանկանալ և՛ խոպանանալ։ Շարունակ աշխատեցնելով՝ կսնանկանա, շարունակ անգործ թողնելով՝ կխոպանանա։ Ուրեմն աշխատություն և հանգիստ պիտի շարունակ հաջորդեն միմյանց։ Գյուղումը կարող ենք մեր մարմինն աշխատեցնել, իսկ քաղաքում՝ միտքը, այսպիսով երկուսն էլ առողջ կմնան, որովհետև երկուսի մեջ էլ պարապմունքի և գործի արդար բաժանություն կլինի։

— Արմենակի գալն ինձ վրա լավ ազդեցություն ունեցավ։ Ավագին չի կարելի մեղադրել։ Նա բաժանության մեջ արդարություն է որոնում և ոչ իրավունք։ Մենք ժառանգության իրավունքով ենք պահանջում մեր բաժինը, իսկ նրա բնազդաբար այդպիսի իրավունք չի ճանաչում, այլ իբրև եղբայր մեզ պես ապրելու միջոց է պահանջում։ Նա իմանում է, որ մենք առանց երկրագործ լինելու էլ կարող ենք ապրել, իսկ ինքը ապրելու ուրիշ միջոց չունի։ Ես կհամոզեմ եղբայրներիս, որ մեր ունեցածի ամբողջ կեսը նրան տանք, իսկ մյուս կեսը մենք երեք բաժին անենք։ Բավական է մեզ մի երկու սենյակ՝ քնելու համար, մի կտոր այգի և մի կտոր հող, մնացածը աստված ողորմած է։ Արդար բաժանություն անելու ո՛չ մի հնարավորություն չկա։ Արդար բաժանություն որ լինի, էլ աշխարհումս աղքատ ու հարուստ չեն լինիլ, ամենքն էլ մի տան զավակների պես կլինին։ Ավելի լավ է հաշտվել եղած հանգամանքի հետ։ Թող աղքատ լինինք, միայն մենք մեզ համար ինքնուրույն և անկախ լինինք և ապրենք ընկերական համերաշխությամբ և ոչ եղբայրական սիրով, որ այլևս գոյություն չունի։

1880