Jump to content

Բալիկներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բալիկներ


ԲԱԼԻԿՆԵՐ

Բալիկներ, իմ բալիկներ,
Դուք իմ պապերս եք զարթնած՝
Թափառելե վերջ երկար
Դարձել ահա հայրենիք։
Դուք Տիգրիսն եք ու Եփրատ,
Բխել հայոց լեռներեն,
Անդուլ հոսել եք դեպի
Օվկիանոսներն աշխարհի…
Ես ձեզ կոչել եմ Արա,
Ես ձեզ կոչել եմ Անի,

Որ հայ մնաք հավիտյան
Օվկիանոսում մարդկության,
Բայց անուններն այս սիրուն
Կը փրկեի՞ն արդյոք ձեզ…
Վերադարձել ենք ահա
Մեր ակունքը նաիրյան։
Դուք շառաչեք այս հողում,
Դեպի դարերը հոսեք…
Ու մեր պապերը հողում
Թող բերկրանքով իմանան՝
Հազարերորդ թոռն իրենց
Հազար անգամ նետահար


Դարձել է տունն իր նախկին,
Որ էլ ոչ մի փոթորիկ
Այս հողից ձեզ չի պոկի։
Բալիկներ, լույս բալիկներ,
Դուք իմ պապերս եք զարթնած
Թափառելե վերջ երկար՝
Դարձել ահա հայրենիք։

Երևան, 1964