Jump to content

Բալլադ Վլադիմիր Իլյիչի, մուժիկի և մի զույգ կոշիկի մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բալլադ Վլադիմիր Իլյիչի, մուժիկի և մի զույգ կոշիկի մասին

I

Կարմիր գծից անդին —
Թշնամիներ անթիվ։
Ու հեռախոսը ֆրոնտից
Հազում է
Շիֆր։

Հեռախոսով հուզումը հոսում է
Կրեմլ։
Կոմուտատոր N.
Դեպի կաբինետը Իլյիչի։
Լուրերը թափվում են շտապով,
Հասնում են հենց իրեն,
Ու հոսում են հետո
Տապով
Իր ուղեղի միջից։

Գրասեղանի հանդեպ
Հանգիստ
Նստել է Իլյիչը։
Կարդում է։
Կարգադրում։
Գրում։
Կուտակել է ուղեղը,
Սեղմել է,
Կախել է խոհերի գլխին,
Ինչպես ծանրածանր բռունցք։

Կիտել է հոնքերը ներքև,
Թերթում է, քրքրում, ջոկում։
Պսպղում է ճակատը լույսի դեմ,
Ինչպես ահագին երկրագունդ։

Լարել է ուղեղը Իլյիչը,
Ինչպես պողպատե զսպանակ...

Հարկավոր է կռվել, չզիջել...
Հարկավոր է—Կարմիր Բանակ։
Հարկավոր է ցնցել գյուղացուն
Ու բանվորին կրթել։
Հարկավոր է քանդել հին բերդը։
Հարկավոր են գրքեր, թերթեր...
Իսկ հետո՝ դպրոցին կգա հերթը։
Հարկավոր է բանվորի տղից
Պրոֆեսորներ ձուլել...
Հարկավոր է, որ ամեն աղախին
Սովորի պետություն դարձնել...

Հարկավոր է...
Ո՞րը թվել։
Հարցեր են՝ անծայր, անթիվ,
Իսկ մինչ այդ՝ հեռախոսը ֆրոնտից
Հազում է—
Շիֆր...

II

Հավաքել է ուղեղը Իլյիչը,
Լափում է լուրերը ու ծամում.
Թռչում է ժամանակը, ինչպես սամում.
Ժամանակը քիչ է։

Բայց ի՞նչ է.
Կողքի սենյակում—
Աղմուկ է.
Խոսում են բարձր.
Քարտուղարը մեկին համոզում է...
Մոտենում է Իլյիչը.
Բացում է դուռը մի քիչ–
Լսում է։

Մուժիկ է։
Ուզում է ինչ-որ բան։
Լսում է դռների միջից...
Ի՞նչ.—
-– Անցել է ահագին ճամփա—
Եկել է Իլյիչին...

Լսում է Իլյիչը՝ ուշիմ...

— Էխ-է՜խ, մուժի՛կ։
Մուժիկին հարկավոր է— մի զույգ կոշիկ։
Դիմել է մուժիկն ուրիշի—
Ասել են՝ չի՛ք.
Դե նա էլ— եկել է Իլյիչին։

Բարկանում է,
Հուզվում է քարտուղարը.
Համոզում է, որ գնա իր գործին։
Անհողդողդ է մուժիկը,
Ինչպես քարը,
Կարո՞ղ ես խանգարել.
— Հապա փորձի՜...

Նայում է Իլյիչը
Արանքից դռան.
Ժպտում են աչքերը՝ մի քիչ ծուռ։
Հրում է դուռը—
Զվարթ
Մոտենում է հանկարծ գյուղացուն։

— Որտեղի՞ց ես։
— Սիբիրից։
— Ե՞րբ։
— Հինգ ամիս է՝ եկել եմ մեր գեղից։
— Կարմիր արմեյցի է տղես...
— Ի՛նքս եմ ղրկել տղիս։
— Հող ունե՞ս։
— Իհարկե։ Խլեցի՛նք։
— Ընչի՞ ես եկել։
— Դելեգա՛տ եմ։
— Խնդրել եմ գեղական գործիք—
— Ստացել եմ շատը։
— Էլ ի՞նչ ես ուզում։
Ծիծաղում է։
Նայում է Իլյիչին ուշիմ...

— Էխ-է՜խ, մուժի՛կ։
Մուժիկին հարկավոր է— մի զույգ կոշիկ։
Դիմել է մուժիկն ուրիշի—
Ասել են՝ չի՛ք։
Դե նա էլ— եկել է Իլյիչին։

Ծիծաղում է քահ-քահ Իլյիչը։
Խորամանկ խինդ է աչքերում։
Բոթում է մուժիկին,
Հետո—
Վերցնում է մի թուղթ,
Գրում է.—
«Ում որ հարկն է.
Տալ մուժիկին մի զույգ կոշիկ»։
Էխ-է՜խ, մուժի՛կ...
Վերցնում է մուժիկը գլխարկը,
Հեռանում է՝ հանելով փոշի:

III

Կարմիր գծից անդին—
Թշնամիներ անթիվ։
Ու հեռախոսը ֆրոնտից
Հազում է—
Շիֆր։

Ու նորից նստել է Իլյիչը,
Կարդում է, կարգադրում, գրում։
Թռչում է ժամանակը,
Ժամանակը քիչ է։
Ու սեղմել է նորից մեր Իլյիչը
Իր ուղեղը՝ ծանրածանր բռունցք։
Ու նորից շտապում է ուղեղը.
Լափում է խոհերը հիմա նա—
Եվ ի՞նչը, ի՞նչը կդիմանա
Այդ վիթխարի ուժին...

— Էխ-է՜խ, մուժի՛կ...
Քեզ հարկավոր էր — մի զույգ կոշիկ,
Եվ կոշիկի համար
Ընդունեց քեզ Իլյիչը։
— Բայց հասկացա՞ր, մուժի՛կ,
Որ չուներ Իլյիչը ժամանակ,
Որ Իլյիչի համար—
Մեր ժամանակը քի՛չ էր...

1924