Բալլադ գեղջկական
Բալլադ գեղջկական
(Աղջիկները պարում են ու երգում)
Սիրո՛ւն աղջիկ, ո՞ւմն ես սիրում աշխարհում
Սավետական էս մեր սիրուն աշխարհում:
Քաղքից էկած էն տղին եմ ես սիրում,
Ճակատը բաց էն տղի՛ն եմ ես սիրում,
Աչքերը շող էն տղին եմ ես սիրում,
Մաշին քշող էն տղին եմ ես սիրում…
— Ընչի՞ համար դու չես սիրում էն տղին,
Բոյը սիրուն, բուսը սիրուն էն տղին,
Հոնքը կիտած, բեղը սրած էն տղին,
Գլխին սև — սև փափախ դրած էն տղին,
Մաուզերը կողքին կախած էն տղին,
Մեր հանդերից հեռու փախած էն տղին…
Ընչի՞ սիրեմ բեղերը ցից էն տղին,
Հո՛ղը դնեմ սև ու անսիրտ էն տղին,
Ձեռքը տռուզ, խելքը տռուզ էն տղին,
Թալան տվող, լիրբ ու հարուստ էն տղին,
Մաուզերին ձեռքը դրած էն տղին,
Ըռանչպարի շիվան ու լաց էն տղին…
— Էն ո՞նց եղավ, որ քեզ սիրեց էն տղեն:
— Շեկ մազերի՛ս աչքը չռեց էն տղեն,
Արնոտ աչքը վրես ածեց էն տղեն,
Մաուզերից կրակ բացեց էն տղեն.
Ալևորիկ մորս ծեծեց էն տղեն,
Ջահել սրտես արուն ծծեց էն տղեն…
— Ե՞րբ պատահեց էդ բոլորը աշխարհում:
— Երբ դեռ սև էր խալխի օրը աշխարհում,
Երբ դաշնակի ձեռն էր տիրում աշխարհում,
Երբ ունևոր— տե՛րն էր տիրում աշխարհում:
Երբ ռանչպարին արև չկա՛ր աշխարհում,
Երբ ռանչպարի օրն էր խավա՛ր աշխարհում…
Էն ո՞նց եղավ` քշեց հորըդ նա գեղից,
Եկավ, քշեց քաջ ախպո՛րդ նա գեղից,
Կրակ տվեց, ավար հանեց նա գեղից
Քիչ էր մնում` քեզ էլ տաներ նա գեղից…
Էդ էն կրակ, ցավ տարին էր մեր գեղում,
Երբ սև կրակ ու արին էր մեր գեղում,
Ըռանչպարը թվանք առավ մեր գեղում,
Էն սև տղեն մի հավ դառավ մեր գեղում:
Հետո էն սև Սեպուն էկավ մեր գեղում,
Էկավ, փռեց կրակ ու ցավ մեր գեղում,
Ըռանչպարին գերի առավ մեր գեղում,
Արունն էլավ — սելավ դառավ մեր գեղում…
— Թվանք առած՝ փախավ հերըս մեր գեղից,
Հետը փախավ քաջ ախպերըս մեր գեղից,
Ինչքան ռանչպար— տղամարդ կար — մեր գեղից
Ելան գացին Ղասախու սար մեր գեղից…
Հետո էկավ, գեղը տիրեց էն տղեն,
Շեկ մազերիս աչքը չռեց էն տղեն,
Արնոտ աչքը վրես ածեց էն տղեն
Մաուզերից կրակ բացեց էն տղեն,
Ալևորիկ մորս ծեծեց էն տղեն,
Ջահել սրտես արուն ծծեց էն տղեն…
Հետո էկան վառման օրեր, հետո կռվի օրեր էկան,
Գեղից գացած իմ ախպերներ պոպոզավոր, հուրհեր էկան.
Ալևորիկ իմ հե՛րն էկավ…
Իմ բայլշևիկ ախպե՛րն էկավ…
Էն օրվանից, երբ ախպերս էկավ գեղ,
Երբ բալյշևիկ, ռանչպար հերս էկավ գեղ —
Կարմիր գարուն, կանաչ արև էկավ գեղ,
Բանվոր տղից, քաղքից բարև էկավ գեղ…
Մաշին նստած` բանվոր տղեն էկավ գեղ, —
Ոնց որ գարուն մի հրեղեն — էկավ գեղ…
Ընչի համար էլ ես սիրեմ էն տղին
Մազերը սև, աչքերը սև էն տղին,
Հոնքը կիտած, բեղը սրած էն տղին,
Գլխին սև— սև փափախ դրած էն տղին,
Մաուզերը կողքից կախած էն տղին,
Մեր հանդերից հեռու փախած էն տղին…
— Իմ ուզածն է քաղքից էկած էն տղեն,
Աչքերը բաց ու սիրտը բաց էն տղեն,
Գլխին կաշվե գլխարկ դրած էն տղեն,
Ըռնչպարի սրտով սիրած էն տղեն…
— Ես էն տղի տեսքն եմ սիրում աշխարհում,
Մաշին քշող ձեռքն եմ սիրում աշխարհում,
Նրա անուշ երգն եմ սիրում աշխարհում,
Սավետական էս մեր սիրուն աշխարհում…