Բալլադ քսանըվեցի մասին
I
Ամեն առավոտ ծեգին,
Երբ քնից զարթնում է Բաքուն,
Երբ, ելած գիշերվա մեգից,
Արթնանում է կյանքը քաղաքում,—
Երբ ձայնով աշխույժ ու հնչուն,
Քաղաքի բոլոր մասերից
Շչակները գործի են կանչում
Պրոլետարներին,—
Քաղաքի ծայրերից բոլոր
Ձգվելով երբ շարան-շարան
Բանվորները հոծ խմբերով
Շտապում են դեպ գործարան,—
Ամեն առավոտ ծեգին,
Այդ ժամին գորշ, մխերանգ—
Ձուլվելով երթին ամենքի—
Քաղաքից անցնում են և նրանք։
II
Քսանըվեց հոգի են նրանք—
Եվ խոհուն, մտազբաղ են բոլորը։
Առջևից գնում է նա—
Երկաթյա Կարմիր Կոմանդորը։
Քայլերով հաստատ, համաչափ,
Հետևում են նրան ընկերները,
Ընթանում են քայլերով շտապ,
Շտապում են դեպի վիշկաները։
Աննկատ, ձուլված ամենքին,
Քայլում են նրանք դեպի ծովը.
Ողջունում են ջրերը դեմից,
Համբուրում է հովը։
Համբուրում է դեմքերը քամին,
Շշնջում է խոսքեր հյուսիսի.
Երկաթյա շքախումբ է դա մի—
Գնում է զորահանդեսի։—
III
Քայլերով հաստատ, համաչափ
Ընթանում են նրանք խմբովին,
Անցնում են բուլվարի միջով,
Մոտենում են ծովին։
Խփում է ծովը ափերին,
Երկինքը գորշ է, կապար,
Ճոճվում են նավերը սևերիզ՝
Շղթայով ափին կապած։
Իսկ հեռուն— ուրի՜շ նավեր,
Կողերով ծանր նստած՝
Սազելով գնում են վեր—
Դեպի Պարսկաստան...
Գնում են դեպի Էնզելի,
Գնում էին դեպի Իրան։
Տանում են երկրից Լենինի
Մի հեղուկ ալ-հուրհուրան։
Նայում են նրանք նավերին
Եվ իրենց շրթերով անբառ,
Անսահման խինդը դեմքերին՝
Շշնջում են.— Բարի՛ ճամփա...
IV
Տեսնում են ապա հեռևում
Եվ ուրիշ նավեր նրանք.
Մշուշում նրանց երևում,
Արևում են ափեր հուրհուրան։
Տեսնում են նավեր ծանրակող,
Որ ջրերը խորունկ արխած[1]՝
Գնում են դեպի Կրասնովոդսկ,
Գնում են դեպի Հաշտարխան...
Նայում են կարոտով անդուլ
Այդ հեռու ափերին նրանք.
Մի երգ է այնտեղից թնդում,
Խնդալով ողջունում նրանց։
Դաշտերում անբեր ու ամա
Տեսնում են հազա՜ր նվաճում.
Երկաթե անտառի նման
Սերունդնե՜ր են ելնում ու աճում։
Հասնում են նրանց ականջին
Վիթխարի մուրճերի ձայներ.
Շչակնե՛ր են թնդալով կանչում,
Աշխատանքն է հնչում այնտեղ։
Լսում են նրանք այնտեղից
Բյուրավոր ոտքերի դոփյուն.
Քրտի՜նք է բարձրանում հանդերից,
Մի կուրծք է անդուլ տրոփում։
Նայում են հրճվանքով անհուն—
Ու խնդուն եռանդով ջամբած՝
Կոմանդորը ձեռքով է անում—
Ու թեքում են նրանք ճամփան...
V
Ու, կրկին հեռուն նայելով,
Քայլերով հաստատ, համաչափ,
Անցնում են նրանք Բայիլով,
Մտնում են քաղաքը նվաճած...
Տարինե՜ր են անցել կորովի,
Սուրացել, գնացել անդարձ—
Ու ելել է նահանջող ծովից
Մի ամբողջ նո՜ր նավթանտառ։
Ուր ծովն էր առաջ շառաչում
Եփվելով զուր եռանդից—
Վիշկանե՛ր են հիմա աճում,
Վիշկաներ անծայր, անթիվ։
Թնդում է երկիրը նվաճած,
Շնչում է եռանդ ու կրակ,
Անցնում են քայլերով համաչափ,
Երկաթե քայլերով նրանք։
Դեմքերով՝ վառված արևից,
Մազութով, մրով ծեփած՝
Վիշկաները կեցած բարևի
Ասում են.— Բարև՜, Ստեփա՜ն...
Աշխատում են, եռում են բոլորը.
Մրոտած դեմքեր ու ձեռներ։—
Հիացած՝ Կարմիր Կոմանդորը
Շշնջում է.— Բարև՛, ընկերնե՛ր։—
Ու մտնում են նրանք վիշկաները,
Երկաթե քայլերով շրջում.—
Դառնում են փոկերն, անիվները,
Եռանդի ձայնով շշնջում։
Շշնջում է Կարմիր Կոմանդորը
Փոկերի աղմուկի միջից—
Եվ լսում են, լսում են բոլորը
Նրա ձայնը ջինջ ու վճիտ։
VI
Եվ ասում է նա— Կոմանդորը.
— «Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին.
Ձեր ամեն մի փորած նավթահորը
Մի քա՛յլ է ցանկալի կյանքին։
Բացվել է հորիզոնը լուսե,
Պայքարով ակոսել մի կյանք.
Ձեզ համա՛ր գիշերով մի սև
Ավազե դաշտերում մենք ընկանք։
Քսանըվեց էինք մենք, քսանըվեց,
Բայց անթի՛վ, անթի՛վ է մեր անունը.
Ոչ գնդա՛կը մեզ սպանեց
Եվ ո՛չ էլ կսպանե հոգնությունը։
Քանի կաք, ընկերնե՛ր, քանի կաք,
Քանի կա աշխատանքը անդուլ—
Մեր երթին— վախճան չկա,
Մեր պայծառ գործին— պարտություն։
Տոկացե՛ք, ընկերնե՛ր, մենք ձեզ հե՛տ ենք,
Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին,
Որ անցնենք այս նեղ արահետը
Եվ հասնենք ցանկալի կյանքին...»։
VII
Շշնջում է Կարմիր Կոմանդորը
Փոկերի աղմուկի միջից—
Եվ լսում են, լսում են բոլորը
Նրա ձայնը ջինջ ու վճիտ։
Ու անտես ամենքին, ինչպես ռիթմը,
Այնտեղից ելնում են նրանք,
Թողնելով սրտերում հուր շռինդ մի,
Վառելով անմար մի եռանդ։
Ու կրկին, հրճվանքով անհուն,
Գլուխը բարձր ու ուղիղ՝
Կոմանդորը ձեռքով է անում
Եվ փոխում են նրանք ուղին։
Հռնդում է դեմից քամին,
Բայց անշեղ քայլերով նրանք
Անցնում են Բալախանի,
Մտնում են գործարան ու հանք։
Շրջում են այդպես ամենուր,
Մտնում են գործարան, զավոդ,
Դեմքերին իջնում է մուր,
Շորերին նստում է նավթի հոտ։
Եվ մինչև բարձրանում է օրը,
Դառնում է թնդացող ցերեկ—
Շրջում է Կարմիր Կոմանդորը,
Լինում է ամենուրեք։
Ձուլվելով դարձող փոկերին,
Աղմըկող ռիթմերի միջից
Խոսում է ընկերներին
Իր ձայնով հաստատ ու վճիտ։
Ու, ռիթմի նման անտես,
Ձուլվելով սրտերին նրանց—
Շշնջում է, շնչում է անվերջ,
Անդադար ավյուն ու եռանդ։
VIII
Եվ ապա, երբ դառնում է օրը
Շառաչուն, թնդացող ցերեկ—
Իրարից բաժանվում են բոլորը,
Ցրվում են ամենուրեք։
Մտազբաղ, գլուխը թեքած,
Քայլերի համաչափ զարկով—
Ստեփանը գնում է Ցեկա,
Ջափարիձեն— դեպի Սովնարկոմ։
Գնում են և մյուս ընկերները,
Ամենքին անտես քայլերով
Անցնում են բոլոր փողոցները,
Մտնում են հիմնարկները բոլոր։
Սրտերում անբոց մի կրակ,
Պայքարում կոփված խոսքերով
Ամենուր շնչում են նրանք
Անդադար եռանդ ու կորով։
Աշխատանքը անտակ է, մեծ է,
Թշնամին անտես ու դժնի—
Եվ շրջում են այդպես Քսանըվեցը.
Մինչև իրիկունը իջնի։
Շրջում են անվերջ, շշնջում են,
Առօրյա աշխատանքը հսկում,
Մինչև իրիկունը իջնում է
Ու վառում կրակներ ոսկուն։
Եվ իջնում է երբ իրիկունը,
Որ հոգնած սրտերին նստի—
Քսանըվեցը անխոս հեռանում են,
Գնում են հանգստի։
IX
Եվ ամեն առավոտ, երթ օրը
Բարձրանում է՝ հոգսը թևին—
Շրջում է Կարմիր Կոմանդորը՝
Քսանհինգ ընկերներ հետևից։
Շրջում են բոլոր վիշկաները,
Մտնում են գործարան ու հանք—
Քսանըվեց կարմիր ընկերնե՛ր են,
Քսանըվեց մարտիկներ նրանք։
Ձուլվելով դարձող փոկերին,
Աղմըկող ռիթմերի միջից
Խոսում են ընկերներին
Ձայներով հաստատ ու վճիտ։
Ասում են նրանք.— Տոկացե՛ք,
Տոկացե՛ք, ընկերնե՛ր անգին,
Վառվել է հորիզոնը լուսե,
Առավոտը ցանկալի կյանքի։
Քանի կաք, ընկերնե՛ր, քանի կաք,
Քանի կա աշխատանքը անդուլ—
Մեր երթին— վախճան չկա,
Մեր պայծառ գործին— պարտություն...
1927
- ↑ արխել — (գռվ.) առու բացել. փխբ. ճեղքել, ակոսել: