Բանաստեղծ (Ռափայել Պատկանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գարուն երգ Բանաստեղծ

Ռափայել Պատկանյան

Եղիշե
ԲԱՆԱՍՏԵՂԾ


Թեկուզ գովե՛ հայրենիքդ, թեկուզ հայհոյե՛ նորան,
Թեկուզ դըրախտ ասա՛ և կամ դըժոխք կոչե՛ Հայաստան,
Թեկուզ դու նենգ կոչե՛ հային, կամ հրեշտակ սուրբ ու անկեղծ,
Թեկուզ գըլուխդ պատին խըփե՛, դու չես ասվիլ բանաստեղծ։

Օրը գըրե՚ դու հազար տուն՝ դաշնակավոր հանգերով,
Թեկուզ կարճիկ կամ կազ ու կես երկայն-երկայն վանկերով,
Նըկարագրե՝ վարդ ու բըլբուլ, սեր, կամ աղջիկ, կամ գինի,
Թե հոգիդ չէ՛ բանաստեղծի՝ խոսքըդ անհամ կը լինի։

Թե վաստակիս՝ հարուստ կլինիս, թե լավ սորվիս՝ գիտնական,

Աշխատանքով կլինիս բըժիշկ, կըստանաս վարձ, աստիճան,
Եթե բախտը հաջողե քեզ՝ թագ էլ գլխիդ կունենաս,
Բայց բանաստեղծ դու չես լինիլ, թե սուրբ կոչումն չունենաս: