Բառավորվում եմ -
Լեռնային առուն իր գիրկը առնող
Մենավոր ձորի լռության նման,
Դառնում եմ կարկա՛չ,
Արձագա՛նք
Ու կա՛նչ...
Արյան մեջ պահված մտածումի պես,
Որ վաղուց ելք չէր գտնում հայտնության,
Վտակ առ վտակ տողեր եմ դառնում,
պողեր եմ դառնում,
Բառավորվում եմ...
Հետո թողնում եմ, որ իմ տողերը
Արահետ դառնան լեռներ մագլցող,
Լեռներից իջնող -
Ոչ երբեք՝ փախչող - աղբյուրներ դառնան,
ՈՒլունքաշարի հանգույն ցոլցլան
Կույս աղջիկների ճերմակ կրծքերին։
Բառավորվում եմ,
Ծիծաղի նման ալիքավորվում
Եվ թեթեւություն բերում իմ հոգուն,
Արցունքների պես,
Անցյալը վանում ներկայի մեջ իմ,
Ապրում եմ նրա վաղվա օրերում...
Եվ այսպես՝ մի կյանք։ Անթերի, թերի։