Jump to content

Բատոնո Մորիս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԲԱՏՈՆՈ ՄՈՐԻՍ

                Բաց նամակ վրաց անվանի
                բանաստեղծ Մորիս Փոցխիշվիլուն

Ցավը կարող եմ ես խորը պահել,
այնպես որ՝ անգամ տեղը չիմանան,
ընկերներիս հետ ժպտալ, ծիծաղել
եւ ինձ չմատնել, չմատնել բնավ։

Կարող եմ նաեւ գաղտնապահ լինել,
թեկուզ ամուր չեմ այդ հարցում մի քիչ,
անց ու դարձողի ոտքի տակ ձյունել
որպես ճյուղ՝ ծաղկիս թերթերով թովիչ։

Բայց այս աշխարհում կա մեկը, Մորիս,
որ ինձնից լավ է հոգիս ընթերցում...
Մայրս է - հենց որ նայեց աչքերիս,
արդեն իմ հոգսի մասին է հարցնում։

Ամեն որդու մայր գուշակ է մի քիչ,
որդու չասածն էլ սրտով է տեսնում.
եւ չթաքցրի ես իմ մայրիկից,
թե ում վշտով է սիրտս ակոսվում։

Ասացի՝ պիտի նա գար Ղարաբաղ,
բայց սիրտն, ասում են, հիվանդ է մի քիչ...
Ու առանց տրտունջ, առանց ախ ու վախ,
մայրս դարմանը գտավ ամոքիչ։

Քո ցավը իսկույն, Բատոնո Մորիս,
մայրիկս առավ իր ձեռքերի մեջ,
շուռումուռ տվեց, տնտղեց նորից
ու երկնքի հետ սկսվեց մի վեճ։

Իսկ հետո դեմքիս նայեց ու ասավ.
- Ես նրան տեսա, փրկված է արդեն...
Մորս օրհնանքը արեւին հասավ
եւ նա ոտքիդ տակ փռեց նոր վարդեր։

Մի շաբաթ չանցած, նորից լուր բերին.
- Մորիսի սիրտը երգ է, երգվում է...
Մաքառել է ու հաղթել է բարին,
խավարը խինդով, լույսով հերքվում է։

Թեւաբախումը Քիրսի հավքերի
սրտի զարկեր է - մայրս հղեց քեզ,
որ եղբոր սիրով շնչող երգերիդ
հուրը բոցկլտա ու լինի հավերժ։

Բատոնո Մորիս... դարերը քոնն են,
մորս օրհնանքը՝ քեզ ճամփա լուսո...
Սուրբ են մայրերը, իրավունք ունեն
տնօրինելու գործերն Աստծո...