Ծառի վրա երկու ձագ.
Իսկ աղվեսը ծառի տակ
Պըպըզել է ու լալիս,
Թաթով գլխին պինդ տալիս:
— Աշխարհը սուր է դառել,
Արյունը ջուր է դառել,
Որսո՛րդ, քո աչքը դուրս գա,
Սրանից էլ մեղք բան կա՞…
Սպանեցիր խեղճ մորը,
Ձագերն ընկան էս օրը,
Բնի միջին սոված են,
Ա՛խ, էդպես էլ ձայն ածե՛ն:
Իմ կույր աչքը տեսնում է,
Ասա, ձեռքս էլ հասնո՞ւմ է,
Որ կերակրեմ որբերին
Բարձր ծառի կատարին:
Ա՛յ թռչուններ,
Թևավորներ,
Որ ձեզ չասեմ,
Էլ ո՞ւմ ասեմ:
Որբիկներին էս անմարիկ
Կտեք, ջրեք, արեք բարիք,
Մի թողեք, որ սովից մեռնեն,
Թող մեծանան, թևեր առնեն:
Կկու, ա՜յ, քեզ պատրաստի բուն
Երկու ձագի մայր եղիր դուն:
Քեզնից փետուր
Տակները տուր,
Դաշտից կեր բեր,
Պահիր որբեր:
Դ՛ու, տատրակիկ,
Հենց բան արա
Խղճի մոտիկ:
Ա՜յ, փոխանակ օդամիջի
Խաղի, տաղի, ելևէջի,
Իջիր դաշտեր,
Կրիր որդեր,
Տուր ձագերին
Խեղճ ու անտեր:
Դու, աղունիկ,
Գթոտ մարիկ,
Շատ լավ գիտես
Ձագի կարիք.
Խղճա, հոգիս, երկու ձագին,
Խղճա ու առ թևիդ տակին:
Եվ դու, ծիծեռ,
Չես խղճում դեռ,
Երբ լաց, հառաչ
Աչքիդ առաջ
Դաշտն է առել
Ու ինձ վառել:
Դու էլ սոխակ,
Խեղճի ընկեր,
Կերի տեղակ
Ասա երգեր:
Երբ որ փչի մեղմ զեփյուռը,
Ծառի, ծաղկի անուշ հյուրը՝
Դու էլ հետը, ծառի ճյուղքին,
Նանիկ ասա երկու ձագին,
Երկու ձագին
Խեղճ ու մոլոր,
Անուշ ձայնով՝
Օրոր, օրոր:
Թևավորներ,
Սևավորներ,
Ես ի՞նչ ասեմ ձեր խղճերին,
Որ չեք օգնում էս խեղճերին
Ա՛խ, խլանամ
Ա՛խ, կուրանամ,
Էս կսկիծը
Ո՞նց մոռանամ:
Գոնե տատմոր ձայնը լսեն,
Բնի միջին էլ չսպասեն,
Ծառից իջնեն, շոյեմ, շահեմ,
Աչքի լույսի նման պահեմ:
Նախշուն ճուտե՜ր,
Սոված, անտեր
Գիրկս արիք,
Ձեզ սփոփեմ,
Հերիք, հերիք
Արցունք թափեմ:
Էդ խոսքի հետ երկու ձագը
Բնից ընկան ծառի տակը:
Տատմերն էդտեղ
Հափ ու հուփ,
Ձագերն արավ
Ափ ու խուփ: