Բարերար և որդեգիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բարերար և որդեգիր

Նար-Դոս

[ 341 ]

Պատկեր կյանքից
Ա

Աշնանային ցուրտ, բայց արև օրերից մինն էր։ Գետինը սաստիկ սառել էր։ Քաղաքի շրջակա սարերի վերա ձյունը սփռել էր յուր սպիտակ սավանը, տների կտուրները ծածկված էին եղյամով, որ՝ հալվելով միջօրեի արևի անզոր ճառագայթներից՝ կամաց֊կամաց ծլծլում էր երկայն խողովակներից ներքև— փողոցը, որտեղ և կազմում էր փոքրիկ լճակներ և կպչուն ցեխ։ Ծխնելույզներից դուրս էր գալիս վառարանների սև ծուխը, որ առավել ևս թանձրացնում էր քաղաքի վերա կանգնած փոշիանման մշուշը։

Թամամշյանի քարվանսարայի հարավային կողմը, որտեղ այժմ գտնվում էր դեպի Վերա և Միքայելյան կամուրջը տանող ձիաքարշ երկաթուղիների կայարանը, քարվանսարայի լայն սալահատակ մայթի վերա, ինչպես միշտ, նույնպես և այդ օրը խռնվում էր ամբոխըը։ Այդ ամբոխը, որ սովորաբար բաղկացած է լինում ամեն ազգի, դասակարգի և հասակի անգործ մարդկանց ներկայացուցիչներից, որոնց անողորմ բախտը կամ չէ ժպտում, կամ որոնք իրենց սեփական արմատացած ծուլության հալածանքների տակն են գտնվում— հավաքվում է այդտեղ մի կերպ սպանելու ձանձրացուցիչ օրը, մանավանդ աշնանային այդպիսի եղանակներին, երբ ուժասպառ արևը չէ զլանում յուր անզոր ճառագայթներով ջերմացնելու նրանց սառած և շատերի էլ հազիվ ծածկված անդամները։ Դուք այդտեղ կգտնեք ծառայությունից վռնդված կամ նոր պաշտոն փնտրող իմերել ծառաներ, որոնց խումբն ամենից բազմաթիվ է այդ անգործ ամբոխի մեջ. կգտնեք և՛ [ 342 ] հայաստանցի անգործ մշակներ (սակայն դրանց կարելի է մատների վերա համարել), և՛ քաղաքացի «ջիբգիր» կինտոներ կգտնեք, և՛ խանութներից վռնդված աշակերտներ, և՛ քաղցած, լոթի, կարմրա-լրջաքիթ գրագիրներ կգտնեք, և՛ երբեմն հարուստ, բայց այժմ չար բախտից աղքատացած կամ սնանկացած վաճառականներ, և՛ պաշտոնաթող կամ պաշտոնազուրկ արքունական ծեր ծառայողներ և այլն, և այլն։ Ոմանք ի մի խմբված խոսում, ծիծաղում, կատակներ են անում և, մինչև անգամ, ամբոխը ճեղքելով, երեխաների նման, վազվզում են միմյանց հետևից— դրանք միայն թեթևամիտ իմերելներն են, որոնք թե՛ մեծ, թե՛ փոքր ընդհանրապես այդ երեխայական բնավորությունն ունեն։ Ոմանք— ավելի հասակավորներն ու լրջամիտները՝ կոլոլված իրենց հին, շատ տեղ պատառոտված և կարկատած վերարկուների մեջ, որոնք հիշեցնում են նրանց նախկին նախանձելի դրությունը՝ խոսում և վայ են տալիս կամ հասարակության, կամ իրենց գլուխը— դրանք աղքատացած կամ սնանկացած հարուստ վաճառականներն են։ Ոմանք՝ պատի տակ նստած և մինչև անգամ պառկած ու աչքերը խփած՝ դեմքերը դարձրել են դեպի արևը կամ ընկղմված են խորը մտածմունքների մեջ, կամ քնած են— դրանք քարվանսարայի անգործ մշակներ են։ Մի խոսքով այդ ամբոխից ամեն մեկը զբաղված է մի որևիցե բանով, ինչ բան որ կարող է ունենալ ծույլ և անգործ մարդը։

Սակայն այդ բոլորի մեջ միայն մեկն էր, որ յուր վերա էր դարձնում դիտողի ուշադրությունը։

Դա մի նիհար պատանի էր, որ կուչ էր եկած պատի տակ, որտեղ արևի ճառագայթներն ավելի ջերմ էին։ Նա հագած ուներ ամառվա սպիտակ, մաշված բլուզ և նույնպիսի անդրավարտիք։ Կոշիկները պատառոտված էին, որտեղից դուրս էին եկել նրա մերկ ոտների մատները, որոնք ցրտից կապտել և ուռել էին։ Շեկ և ըստ երևույթին, երբեմն փափուկ ու փայլուն, բայց այժմ կեղտոտ մազերը, երկար ժամանակ մկրատի սանրի երես տեսած լինելով, այնքան երկարել և այնպես խճճվել էին, որ առանց այն էլ, փոքրիկ, հին գլխարկը հազիվ ծածկում էր նրա գագաթը: Նա սաստիկ դողում էր ցրտից և գունդի նման կծկվել էր նստած տեղը։ Նրա դեմքը [ 343 ] բոլորովին չէր երևում, որովհետև դա ծածկվել էր նրա կռների և ծնկների մեջ։

Նրա մի կողքին՝ երկայն ու մեկ ձգված և գլուխը փալանի վերա դրած՝ խռմփացնում էր մի պարթև մշակ, իսկ մյուս կողքին բոլորել էր իմերել զվարճասերների մի խումբ մի ինչ-որ ծաղրածու վռնդված իմերել— խոհարարի շուրջը՝ ծաղրածուն, որ հասակն առած գողի աչքերով մի մարդ էր, զանազան միմոսություններ էր անում և ամենալիրբ պատմություններ ճառում յուր նախկին պարոնների, տիկինների և նրանց աղջիկների մասին, իսկ շրջապատած խումբը մեծ ախորժակով լսում է նրան և միաբերան ծիծաղում, հռհռում էր։ Ծաղրածուն հանկարծ կտրեց յուր պատմությունը, ճեղքեց իրեն շրջապատած խումբը և գոռալով — հաթաթաոտով այնպես խփեց խեղճ կծկված պատանիին, որ դա գլորվեցավ և ընկավ կողքին խռմփացնող մշակի վերա։ Զվարճասերների խմբի մեջ սաստիկ ծիծաղ բարձրացավ, մանավանդ, երբ պարթև մշակը վախեցած հանկարծ վեր թռավ տեղից, և նրա այդ ուժեղ շարժմունքից խեղճ պատանին երկրորդ անգամ գլորվեցավ և այս անգամ ուղղակի գետին։ Մշակը կատաղի կերպով չռեց նրա վերա յուր աչքերը և սաստիկ հայհոյանքով հարձակվելով նրա վերա, յուր ծանր բռունցքով այնպես խփեց նրա գլխին, որ խեղճը երրորդ անգամ տապալվեցավ գետին։ Բայց տեսնելով, թե որքան թշվառ և թույլ էր այն արարածը, որի հետ այնպես անգթաբար վարվեց, մշակը, ըստ երևույթին, մեղքացավ նրա վերա և փնթփնթալով գնաց, ձգվեց յուր առաջվա տեղը։ Ծաղրածուն, որ պարթև մշակի կատաղի հայացքից պակաս չէր վախեցել, գող կատվի նման թաքնվել էր զվարճասերների խմբի մեջ, որի ծիծաղն ու հռհռոցը կրկնապատկվել էր միմյանց հետևող այդ անսպասելի տեսարաններից։ Խեղճ պատանին, որ տակավին խելքը գլուխը չէր ժողովել, լաց լինելով վեր կացավ և վերցնելով մոտ ընկած գլխարկը, հեռացավ զվարճասերների խմբից։ Նա դողղողալով դարձյալ կուչ եկավ պատի տակ, որտեղ ծաղրուծու-իմերելն այլևս չէր կարող նրան տեսնել, որովհետև ամբոխը բոլորովին ծածկեց նրան։ Այժմ պարզապես երևում էր նրա դեմքը, որի փափուկ, համեստ և քնքուշ գծերը ցույց էին տալիս, որ նա այն փոքրիկ և անպիտան սրիկաներից [ 344 ] չէ, որոնցով այնքան հարուստ են Թիֆլիսի փողոցները։ Նա կլիներ ոչ ավելի, քան տասնևչորս տարեկան։ Նա գեղեցիկ էր, բայց որովհետև ցուրտը սաստիկ կապտացրել էր նրա նիհար դեմքը, այդ գեղեցկությունը, գոնե առաջին հայացքից, բնավ չէր նկատվում նրա վերա։

Նա դադարեց լաց լինելուց, երևի հասկանալով, որ այդ անօգուտ է և դրանով բոլորովին չի կարող շարժել իրեն շրջապատող այդ ծույլ, անգործ ամբոխի անզգա սիրտը և սկսեց նայել փողոցում դղրդալով անցնող կառքերին, որոնց մեջ նստած էին թանկագին մուշտակներում կոլոլված կամ հաստափոր և բարակափոր պարոններ, կամ նույնպես տաք հագնված և դեռ ծնկների վերա էլ թիկնաշոր գցած՝ քնքշատիպ տիկիններ, օրիորդներ ու երեխաներ...

Այդ միջոցին նրա առաջով ամառվա հին, յուղոտած վերարկուի մեջ կոլոլված մի մարդ էր անցնում։ Նրա մի տեսակ արագությամբ այս ու այն կողմը շարժվող սև աչքերից որոնք կարծես մեկին անդադար որոնում էին, և դաժան կերպարանքից իսկույն երևում էր, որ նա անպիտան, խորամանկ, անգութ և շատ բացասական հատկությունների տեր մարդ էր։ Նրա արծվի քիթը, արագաշարժ աչքերի սուր հայացքը և սաստիկ սև, գրեթե արաբական մազուտ դեմքը, մի տեսակ երկյուղ էին ազդում նայողի վերա։

Նրա հայացքն ընկավ պատանիի վերա և նա, հանկարծ կանգ առնելով, դեռ մի րոպե հեռվից սկսեց դիտել նրա դեմքը ճիշտ այնպես, ինչպես առյուծը դիտում է յուր որսը. հետո կամաց֊կամաց մոտեցավ նրան և կանգնեց նրա առաջ։ Նա յուր սուր հայացքը բնավ չէր հեռացնում նրա դեմքից և նայողը կասեր, թե յուր այդ աչքերով նա կամենում է ուտել այդ պատանուն։

— Ո՞ւմ տղան ես,— հանկարծ հարցրեց նա։

Նրա ձայնը գամփռ շան հաչոցի էր նմանում։ Պատանին նայեց նրա դեմքին և, ըստ երևույթին, սարսափեց նրա կերպարանքից։ Նրա դողը սաստկացավ, և նա այդ անկոչ բարեկամից քաշվեցավ մի կողմը։

— Հիմա՛ր, քեզ եմ ասում․ ո՞ւմ տղան ես,— հարցրեց նա դարձյալ, աշխատելով որքան կարելի է ձայնը մեղմացնել։ [ 345 ]

Պատանին դարձյալ նայեց նրա դաժան կերպարանքին։

— Ի՞նչ եք ուզում ինձանից,— վերջապես երկչոտությամբ և հազիվ լսելի ձայնով ասաց նա։

— Ասում եմ, ո՞ւմ տղան ես,— այս անգամ, կարծես, անհամբերությամբ ասաց անծանոթը։

— Ես... ես հայր չունիմ․․․

— Մ ա՞յր։

— Մայր էլ չունիմ,— ասաց պատանին այնպես, որ կարծես խաբում լիներ։

Անծանոթի դաժան կերպարանքի վերա ցոլաց ժպիտ։

— Ը՜-հը՛, այդպես ասա, էլի,— խոսեց նա,— ձայն չես հանում, կարծես լեզու չունիս․․․ դու հենց կարծում ես, թե ես լավ մարդ չե՞մ... ընդհակառակը՝ ես շատ լավ մարդ եմ․․․ և, տեսնում ես, եկել եմ քեզ կարեկցելու։

Պատանին այդ խոսքերի վերա և՛ զարմացմամբ, և՛ ուրախությամբ խոր նայեց այդ «շատ լավ» մարդու դաժան կերպարանքին, կարծես, ինքն իրեն հարցնելով, թե մի՞թե այդպիսի դեմքի տեր մարդը ընդունակ կլինի կարեկցության։

— Եվ այդպես, դու ո՞րբ ես,— հարցրեց դարձյալ «շատ լավ» մարդը մտախոհ կերպով։

— Այո։

— Բոլորովի՞ն որբ ես։

— Այո։

— Եղբայր կամ հորեղբայր է՞լ չունիս։

— Ո՛չ։

— Դե՛հ, եկ գնանք միասին։

Պատանին, կարծես, ակամայից ավելի խոր նայեց նրա դեմքին և տեղից չշարժվեցավ։

— Դե՜հ, ի՞նչ ես կանգնել, եկ գնանք, է՜լի։

— Ո՞ւր,— անվճռականությամբ և երկյուղով հարցրեց պատանին։

— Քեզ որ ասում եմ եկ՝ եկ, էլ ոչինչ մի հարցնիլ․․․ Այս ցրտումը որ կանգնել ես, ի՞նչ պիտի շինես․․․ Քաղցած էլ ես, չէ՞։

— Այո․․․ երեք օր է ոչինչ չեմ կերել,— պատասխանեց պատանին, և նրա աչքերում արտասուքի կաթիլներ ցոլացին։ [ 346 ]

— Տեսնո՞ւմ ես, այստեղ որ մնաս, քաղցած կմեռնես, իսկ ինձ հետ որ գաս, ես քեզ հաց էլ կտամ ու ամեն բան էլ... Դե՛հ, էլ ձայն մի հանիլ ու եկ գնանք։

Եվ անծանոթն առաջ ընկավ, իսկ պատանին, նրա վերջին խոսքերից սիրտ առնելով, հետևեց նրան։

Անծանոթը գնում էր շտապով, այնպես որ պատանին յուր սառած ոտներով հազիվ էր կարողանում նրան հետևել։ Նրանք անցան հրապարակը, մի քանի ուրիշ փողոցներ և վերջապես տասը րոպեից հետո հասան Ք․․․ թաղը։ Այդտեղ անծանոթը դարձյալ ծռվեց մի ինչ-որ նեղ ու մութ փողոց և կանգնեց մի կիսախարխուլ, Նոյի ժամանակվանից մնացած խրճիթի դռան առաջ։ Կանգնեց և պատանին։ Անծանոթը հանեց գրպանից դռան հին, ժանգոտած կողպեքի բանալին, բացեց դուռը և ներս մտավ գլուխը բավական թեքելով, որովհետև դուռը շատ ցածր էր։ Ներս մտավ և պատանին։

Խրճիթը այնքան փոքր էր և ցած, որ հազիվ մի քանի մարդ տեղավորվեին։ Կահավորանք ասած բաներից այնտեղ ոչինչ չկար, բացի մի ինչ֊որ հին, անմեջք, հասարակ աթոռից և մի նույնպիսի սեղանից, որի վերնատախաակը տեղ-տեղ այրված և կեղտից սևացած էր։ Պատի մեջ հանված փոքրիկ չորսապակիավոր լուսամուտը հազիվ լուսավորում էր մերկ և խոնավ գետնի վերա գցած կեղտոտ անկողինը, իսկ բաց թարեքում երևում էր օղիի մի շիշ, բաժակ և սև հացի կտոր ու պանիր։ Ուրիշ ոչինչ չէր երևում այնտեղ։

— Դե՜հ, ինչպե՞ս է. այստե՞ղ է լավ, թե այնտեղ, որ չէիր ուզում գալ,— խոսեց անծանոթն յուր կոպիտ ձայնով, փակելով խրճիթի ճռճռան դուռը, երբ պատանին արդեն ներս էր մտել և դռան մոտ կանգնած՝ դողդողալով դիտում էր իրեն անծանոթ խրճիթը։— Գնա՜ և նստիր այնտեղ,— և նա ցույց տվավ աթոռի վերա, որ դրված էր սեղանի մոտ՝ լուսամուտի տակ։

Պատանին նստեց։

— Հը, ինչպե՞ս է, տա՞ք է, թե ոչ։

— Այո,— հազիվհազ արտասանեց պատանին, չնայելով, որ խրճիթը սաստիկ խոնավ և ցուրտ էր, իսկ ինքը դողալուց ցնցվում և վեր ու վեր էր թռչում աթոռի վերա, որից և դա մի տեսակ ճռճռոց էր հանում։ [ 347 ]

— Դու ասացիր, որ քաղցած ես, չէ՞։

— Այո։

Անծանոթը մոտեցավ թարեքին:

— Դե՛հ, էլ ի՞նչ ես այդպես ճռճռացնում աթոռը,— հանկարծ ասաց նա՝ ետ նայելով դեպի պատանին, որ հաց ու պանիրը տեսնելուն պես ավելի էր սկսել դողացնել, որից և աթոռի ճռճռոցը սաստկացել էր։

Պատանին ամուր սեղմեց միմյանց ատամները, դողը զսպեց և անհամբերությամբ սպասում էր հաց ու պանրին. բայց անծանոթը նախքան նրանց ձեռք տալը վերցրեց օղիի շիշը, լցրեց բաժակը, մի ումպով կոնծեց և դարձյալ դրեց տեղը. այնուհետև վերցրեց հաց ու պանիրը, նախ կտրեց յուր համար թե՛ մեկից և թե՛ մյուսից, իսկ մնացածը դրեց պատանիի առաջ՝ սեղանի վերա, ասելով.

— Դե՛հ, կեր, կշտացիր,— և սկսեց յուր հաց ու պանիրը կծոտել ու ծամել, որի ժամանակ նա խոզի նման մի ինչ֊որ խռխռոց էր հանում։

Պատանին վերա ընկավ հաց ու պանրին և ագահաբար սկսեց ուտել, կարծես, երկյուղ կրելով, թե մի գուցե «շատ լավ» մարդը շուտով վերջացնի յուր մասը և հետո յուր մասն էլ խլի։

Երկար ժամանակ խրճիթում ոչինչ չէր լսվում, բացի նրանց հաց ու պանիր ծամելուց, աթոռի ճռճռոցից և անծանոթի խռխռոցից։ Վերջինս կանգնած էր պատանու առաջ, ահագին կտորները բերանն էր կոխում և մեծ ուշադրությամբ զննում էր նա ցրտից կապտած դեմքը։ Վերջացնելով յուր հաց ու պանիրը նա մոտեցավ թարեքին, դարձյալ ածեց օղին և կոնծեց։

— Ես որ քեզ ասում էի, թե շատ լավ մարդ եմ, դու ինձ չէիր հավատում,— դարձավ նա պատանիին՝ վերարկուի կեղտոտ փեշով սրբելով բերանն ու բեղերը։— Եթե ես չլինեի, հիմա դու այնտեղ ցրտից և քաղցից մեռած կլինեիր, գիտե՞ս թե չէ... Հա՛, այդպես։ Ուրեմն, դու կաց այստեղ, մինչև իմ գալս, ես գնում եմ և շուտով կվերադառնամ։

Պատանին առանց հաց ու պանիրը թողնելու, այնպես նայեց նրան, որ, կարծես, ասում էր. «Ես ամենևին էլ միտք չունեմ այստեղից հեռանալու»։ [ 348 ]

Անածնոթը դուրս գնաց խրճիթից։ Դուռը կողպեքով կողպեց, բանալին կոխեց գրպանը և փաթաթվելով վերարկուի մեջ, շտապ քայլերով հեռացավ։

Նա մի քանի փողոցներ անցնելուց հետո վերջապես մտավ մի մեծ փողոց, որտեղ գտնվում են քաղաքի հայտնի և հարուստ վաճառականների խանութները։ Նա բացեց այդ խանութներից մեկի մեծ և խնամքով մաքրած ապակիավոր դուռը և այնպիսի վստահությամբ ներս մտավ, որ կարծես յուր խրճիթն էր մտնում։ Խանութը շատ երկար էր. տասնավոր գործակատարներ և աշակերտներ կանգնած վաճառասեղանի հետևում՝ իրենց ճարտար լեզվով և նուրբ քաղաքավարությամբ, որ հատուկ է միայն նրանց, առևտուր էին անում բազմաթիվ «սուդարինիա» ու «մադամ»-ների հետ, որոնցով միշտ և ամեն օր լի են լինում այդպիսի «արիստոկրատական» խանութները, որովհետև եվրոպական «քաղաքակրթությունը» յուր անգութ մոդաներով երբեք մի վայրկյան անգամ հանգիստ չէ տալիս խեղճ, հարուստ և աղքատ կանանց: Ահագին և նույնպես խնամքով մաքրած ապակիավոր լուսամուտի մոտ յուր վաճառական «ամբիոնի» առաջ նստած էր մոտ հիսուն տարեկան հաստափոր և միջահասակ մարդ, ըստ երևույթին, խանութի տերը կամ աղան։ Նրա դեմքը, որ ահագին մեծություն ուներ, սափրած էր խնամքով և սափրած տեղն այնպես էր պլպլում, որ կարծես յուղած լիներ։ Հայկական քթերից մի փառավոր օրինակն էլ նրան էր բաժին ընկել. բեղերը, որոնց մեջ որքան սև, նույնքան և սպիտակ մազ կար, խուզած էր կարճ, այնպես որ, մազերի ծայրերը հավասար երկարությամբ կանգնած էին նրա վերին հաստ շրթունքի հետ մի գծի վերա։ Մի բան, որ իսկույն աչքի էր ընկնում նրա դեմքի վերա— այդ նրա կլորիկ դեմքի մեծությանը բոլորովին անհամապատասխան փոքրիկ, շարժուն աչքերն էին, որոնք կարծես, ուրիշ բան ու գործ չունեին, բայց եթե միայն անդադար ժպտալ, սակայն այդ ժպիտը այնքան էր սազում նրա կոպիտ, ստրկական գծերին, որքան էշին կսազի, եթե նրա վերա նստի ամազոն։ Թե ինչ բնավորություն էր արտահայտում նրա դեմքը— այդ դժվար թե կարողանային մշտապես որոշել մինչև անգամ մեծահարգո պարոն հոգեբանները, որովհետև նրա դեմքի արտահայտությունը [ 349 ] հենց առաջին հայացքից ներկայացնում էր հոգեկան հատկությունների այն քաոսը, որ մարդ շվարում է, թե որ տեսակի մարդկանց կողմը դասել նրան՝ բարեսի՞րտ, թե չարամիտ, պիտանի՞, թե անպիտան, խորամա՞նկ, թե միամիտ, սիրալի՞ր, թե կոպիտ, անգո՞ւթ, թե գթառատ և այլն. միայն այս պարզ էր, որ նրա հայացքը մի ինչ-որ անհասկանալի, արտասովոր, բայց ջերմ զգացմունքով, կարծես, գուրգուրում, փայփայում էր նրան՝ ում որ նայում էր և ում վերա որ ուզում էր լավ ուշադրություն դարձնել։ Նայելով նրա եվրոպական հագուստին, մատների թանկագին մատանիներին և ոսկե ժամացույցի նույնպես ոսկե հաստ շղթային, իսկույն երևում էր, որ նա յուր զուքսի վերա սիրահարական արկածախնդիր, նորաձև և պճնասեր երիտասարդից պակաս ուշադրություն չէր դարձնում, չնայելով որ գլխի կոշտ մազերն արդեն կրում էին իրենց վերա ծերության կնիքը։

Ահագին բազկաթոռի մեջքի վերա ետ ընկած՝ յուր մշտական ժպտող աչքերով նայում էր նա շքեղազարդ, գեղեցիկ և քնքշատիպ «սուդարինիա» ու «մադամ»-ներին, երբ մեր ծանոթ անծանոթը ներս մտավ խանութը։ Վերջինս յուր արագաշարժ աչքերով նախ մի թռուցիկ հայացք ձգեց բոլոր ներկա գտնվողների վերա, հետո հազիվ լսելի քայլերով մոտենալով աղայի «ամբիոնին», կանչեց ցածր ձայնով.

— Աղա՛ Գրիգոր Մոսեիչ...

Աղա Գրիգոր Մոսեիչը, որ, ըստ երևույթին, չէր նկատել նրա ներս մտնելն ու մոտենալը, այդ ձայնի վերա շտապով նայեց նրա կողմը։

— Ա՜, Սարգիս, այդ դո՞ւ ես,— ասաց նա, և նրա ժպտող աչքերը մի տեսակ արտասովոր կերպով փայլեցան։

Բ

Ս... գավառական փոքրիկ քաղաքում ապրում էր մի վաճառական Պետրոս անունով։ Չնայելով որ նա միջակ կարողության տեր մարդ էր, և նրա առևտուրն էլ այնքան հաջող չէր անցնում, բայց նա յուր ընտանիքը, որ բաղկացած էր կնոջից, երկու փոքրիկ աղջիկներից և մի տղայից— միշտ և ամեն կողմից լիության մեջ էր պահում։ Նա ուներ յուր սեփական [ 350 ] նորակառույց տունը, որտեղ յուր փոքրիկ ընտանիքով շատ խաղաղ հանգիստ կյանք էր վարում, և յուր բարեկեցությամբ օրինակ կարող էր լինել յուր հարևաններին, որոնք պլատոնական սիրով կապված էին նրա հետ։ Նա շատ բարեսիրտ, ուրախ, յուր պատիվը պահող և միևնույն ժամանակ զվարճախոս մարդ էր, իսկ յուր ընտանիքը նրանից ավելի սիրող, հարգող մարդ շատ քիչ կգտնվեր։ Սակայն վերջին ժամանակներում նրա կինն ու հարևանները նրա մեջ մեծ փոփոխություն էին նկատել. առաջվա այն ուրախ, զվարճախոս մարդը այժմ դարձել էր տխուր և մելամաղձոտ, նա ոչ ոքի հետ խոսել չէր կամենում, երկար ժամանակ էր ժպիտը, ծիծաղը ամենևին չէին նկատվում նրա դեմքի վերա, նա շատ քիչ էր ուտում, լուսանալուն պես գնում էր խանութ, գրեթե մինչև երեկո մնում էր մի տեղում նստած և մի ինչ-որ բանի մասին խիստ մտածում էր։ Կինը, որ սաստիկ սիրում էր նրան, բոլորովին զարմացել էր նրա անսպասելի և հանկարծակի փոփոխության վերա, նա շատ աշխատեց, շատ ճգնեց իմանալու նրանից այդ բանի պատճառը, բայց փոխված մարդը այդ մասին միշտ լռություն էր պահպանում և խնդրում էր միայն, որ իրեն ոչինչ չհարցնե և հանգիստ թողնե։ Մինչև իսկ մի անգամ նա սաստիկ կատաղեց և համարյա ուզում էր ծեծել կնոջը, երբ վերջինս դարձյալ թախանձում էր նրան, որ յուր փոփոխության պատճառը հայտնե. կինը շատ վշտացավ և լաց եղավ— այդ բանն յուր ամուսնու կողմից նա առաջին անգամն էր տեսնում։

Մի անգամ Պետրոսը գիշերը ուշ վերադարձավ տուն։ Նա այդ գիշեր ավելի տխուր, բայց միևնույն ժամանակ, ըստ երևույթին, ավելի հանգիստ էր։ Քնելու պառկելիս նա համբուրեց յուր բոլոր զավակներին, մինչև անգամ և կնոջը, մի բան, որ յուր փոխված ժամանակ նա երբեք չէր արել։ Կեսգիշերին, երբ բոլորը Մորֆեոսի անդորր գրկի մեջ էին, նա, որ աչքը բնավ չէր խփել, կամաց, շատ զգույշ կերպով վեր կացավ տեղից, հագավ միայն արխալուղն ու հողաթափները և նույն զգուշությամբ դուրս գնաց սենյակից։ Առավոտյան կինը անկողնում ամուսին չգտավ․ սկզբում նա կարծեց, թե ամուսինը գնացել է խանութ, բայց հանկարծ տեսավ, որ [ 351 ] նրա վերարկուն, գլխարկը, անդրավարտիքն ու կոշիկներն այնտեղ են։ Նա շատ զարմացավ և միևնույն ժամանակ վախեցավ։ Սկսեց անհամբերությամբ փնտրել նրան տանը, ամուսին չկար․ տղային ուղարկեց խանութ, չմտածելով, որ ամուսինն առանց շորերն հագնելու չէր գնալ այնտեղ։ Տղան վերադարձավ և ասաց, որ խանութը փակ է։ Խեղճ կինը խելագարի նման դուրս ընկավ... կես ժամից հետո բոլոր հարևանները իմացան, որ Պետրոսը գիշերը դուրս է եկել տանից և կորել է անհետք։ Սկսեցին փնտրել, բայց ոչ մի տեղ չգտան։ Անցավ մի օր, երկու— Պետրոսը դարձյալ չկար։ Վերջապես երրորդ օրը գետի մեջ գտել էին մի խեղդված մարդի այլանդակ մարմին— դա Պետրոսի դիակն էր։ Ոչ ոք չիմացավ նրա խեղդվելու պատճառը, մինչև որ նույն օրը, երբ գտան դիակը, ոստիկանական մի քանի պաշտոնյաներ կնքեցին նրա խանութի դռները։ Ամենքն իմացան, որ յուր պատիվը պահող վաճառական Պետրոսն ահագին պարտքեր էր ունեցել, որի պատճառով էլ նա այնպես փոխվել և վերջիվերջո խեղդվել էր, չկամենալով տեսնել յուր անվանարկությունը։ Մի քանի օրից հետո նրա սեփական տունն էլ նույն վիճակին ենթարկվեցավ, ինչ որ խանութը, և նրա անբախտ կինն յուր երեք զավակներով մնաց բաց երկնքի տակ։

Պետք է երևակայել անբախտ կնոջ դրությունը։ Ոչ տուն ուներ, ոչ մի որևիցե միջոց. ո՞րտեղ ապրեր և ինչո՞վ ապրեր։ Պլատոնական սիրով սիրող հարևանները խցեցին ականջները, գոցեցին դռները նրա առաջ, և ոչ ոք չէր ուզում տեսնել նրա դրությունը, բացի մեկից, մի բարի մարդուց, որի սրտի լարերը ավելի քնքուշ լինելով, խղճաց նրան և նրա զավակների վերա և որոշյալ ժամանակով նրանց անվարձ մի խրճիթ տվավ, որտեղ նրանք սկսեցին իրենց նոր կյանքի շրջանը։ Այրի մնացած կինը սկսեց կար ու լվացք անել, որպեսզի քաղցած չմեռնեին։ Տղան, որ նրա զավակներից ամենամեծն էր, տակավին տասնևերկու տարեկան էր և սովորում էր ուսումնարանում։ Նա շատ հեզաբարո, խոնարհ և խելոք տղա էր, նա հասկանում էր յուր մոր անել, աննախանձելի դրությունը, նա չափից դուրս, յուր որդիական բոլոր զգացմունքներով սիրում էր նրան և այդ պատճառով առանց ամենախորին վշտի չէր կարող տեսնել, թե ինչպես [ 352 ] այդ անբախտ կինն ուշ երեկոյան հոգնած, վաստակաբեկ և խաշված ձեռքերով վերադառնում էր տուն կամ թե ինչպես վաղ առավոտից սկսած մինչև կեսգիշերը գլուխը չէր բարձրացնում կարից։ Նա վճռեց թողնել ուսումնարանը, չնայելով որ ուրիշ շատ յուր հասակակիցների նման չէր ատում ուսումը, և մտնել մի որևիցե աղայի մոտ աշակերտ, որպեսզի փոքր-ինչ թեթևացնի յուր մոր այնքան ծանր հոգսերը։ Բայց մայրն այդ բացեիբաց մերժեց, որովհետև նա հասկանում էր, թե ինչ է նշանակում աղայի մոտ աշակերտ լինել, մանավանդ որ նա յուր այդ միակ տղա-զավակին այնքան սիրում և այնքան քնքուշ էր մեծացրել։ Բայց պետք էր ուսման վարձ տալ։ Ո՞րտեղից։ Նա խնդրեց ուսումնարանի վարչությանը, որ յուր որդուն այնուհետև ձրի սովորեցնեն, որովհետև ինքը շատ չքավոր է։ Ուսումնարանի վարչությունը մերժեց. նրա մեծահարգո պարոն անդամները պաշտոնական կերպով ուղղակի պատասխանեցին՝ «չենք կարող»— և լակոնական վճիռը կայացած էր ու անփոփոխելի. այլևս ոչինչ աղերսանք, ոչինչ արտասուքի հեղեղներ չէին կարող թափանցել նրանց փակված սրտի ներսը, և անճար այրի կինը գլուխը կոր և ձեռքերը խաշած վերադարձավ յուր խրճիթը։

— Ի՞նչ արած, պետք է մի տեղ աշակերտ մտնես,— ասաց նա որդուն բոլորովին հույսը կտրելով, որ նա երբևիցե կարող է դարձյալ շարունակել ուսումը։ Եվ նա բռնելով յուր տասնևերկու տարեկան տղայի ձեռքը՝ սկսեց պտտել ողջ քաղաքը. մտավ բոլորի խանութները անդադար հարցնելով՝ արդյոք յուր որդուն աշակերտ չե՞ն վերցնիլ։ Ամեն տեղ խորին անտարբերությամբ մերժողական կերպով միայն շարժում էին գլուխները։ Անբախտ կինը, անիծելով յուր թշվառ ծնունդը, տրտնջալով յուր չար բախտի վերա, թողեց խանութները և տղայի հետ նորից վերադարձավ յուր խրճիթը։ Եվ այդպես ոչ մոր ցանկությունը կատարվեցավ՝ որդուն ուսման մեջ պահել և ոչ որդու ցանկությունը՝ օգնել մորը։ Բարսեղը (այդպես էր որդու անունը) մնաց պարապ։

Որքան էլ ճգնում էր անբախտ այրին, որքան էլ որ ամբողջ օրերով նա անց էր կացնում լվացքի և կարի վերա, բայց դարձյալ հազիվ էր կարողանում կուշտ կերակրել և հագցնել յուր զավակներին։ Աղջիկները տակավին շատ փոքր [ 353 ] Էին նրան օգնել կարողանալու համար։ Սենյակը անվարձ տալու ժամանակամիջոցն էլ լրացավ, և տանտերը սկսեց վարձ պահանջել։ Մյուս կողմից ձմեռն էր գալիս — թշվառ չքավորների այդ ամենաոխերիմ թշնամին, հարկավոր էր տաք շոր, հարկավոր էր փայտ, իսկ կար կամ լվացք միշտ չէր ճարվում։ Ի՞նչ աներ անբախտ, անօգնական կինը, որի վերա միայն դրված էր բոլոր ընտանիքի հոգսը...

«Բարեկամները» նրան խորհուրդ տվին երկրորդ անգամ ամուսնանալու։ Այդ մասին նա երբեք մտքովն անգամ չէր անցկացրել։ Ամուսնու հիշատակը այն աստիճան թարմ էր նրա գլխում, այն աստիճան նա հարգում էր այդ սուրբ հիշատակը, որ երկրորդ անգամ ամուսնանալը նա մինչև իսկ մեղք էր համարում, և այդ պատճառով «բարեկամների» տված խորհուրդը նա թողեց «ձայն բարբառո հանապատի»։

Անցավ երկու տարի։ Հանգուցյալ Պետրոսի այրի կինն արդեն հաշտվել էր յուր դրության հետ, իսկ նրա դրությունը մի մազաչափ անգամ չէր փոխվել... Իհարկե դեպի լավը։ Նույն անխոնջ աշխատանքը, նույն դառն քրտինքը, նույն անվերջ կարոտությունը։ Ոչինչ այնքան հարատև և անփոփոխ չէ աշխարհիս երեսին, որքան թշվառությունը։ Աղջիկները դարձյալ փոքր էին, սակայն նրանք արդեն սկսել էին իրենց նորածիլ ուժերով փոքր ի շատե օգնել մորը, իսկ Բարսեղր դարձյալ պարապ էր։ Վերջին հանգամանքը հուսահատեցնում էր մորը։ Պակաս չէր անհանգստանում այդ բանի համար և ինքը տասնևչորս տարեկան տղան։ Բայց ի՞նչ աներ խեղճը, նա սրտով ցանկանում էր աշխատել, քրտինք թափել, որպեսզի համարձակ կարողանար նայել մոր աչքերին, ուտել նրա դառն քրտինքով վաստակած հացը, բայց երևի նրա չար բախտից, ոչ ոք և ոչ մի տեղ բավականություն չէին տալիս նրա այդ բուռն ցանկությանը։ Նա արդեն հուսահատվել էր, երբ «փորձված» հարևաններից մեկը նրան խորհուրդ տվավ գնալ մի ուրիշ քաղաք՝ այնտեղ փորձելու յուր բախտը, որի համար և իբրև վաճառաշահ ու այդպիսի նժդեհ բախտախնդիրների համար լայն ասպարեզ բացող քաղաք, նա հատկապես մատնացույց արավ Թիֆլիսը։ Հուսահատ, անճար դրության մեջ մարդիկ միշտ հակված են, առանց երկար մտածելու, հավանություն տալ ուրիշի ամեն մի խորհուրդին, [ 354 ] թեկուզ այդ խորհուրդն իրագործելու համար ամենամեծ ռիսկ պահանջվեր։ Նույնը պատահեցավ և Բարսեղին։ Նա հայտնեց այդ բանը մորը, բայց սա օտար քաղաքի անունը լսելուն պես՝ այլևս չթողեց նրան շարունակելու յուր ասելիքը։ Որդին սկսեց թախանձել, մայրը լսել անգամ չէր ուզում, և ո՞ր մի մայրը կթողներ յուր որդուն մեն-մենակ գնալու օտար, անծանոթ քաղաք բախտ որոնելու, և այն էլ անփորձ, տակավին երեխա որդուն, որ ոչ ճանապարհների հետ էր ծանոթ, ոչ ապրուստի միջոց ուներ և ոչ վերահսկող։ Կարծում ենք ո՛չ մի մայր, որ յուր սեփական արգանդից է ծնել այդ որդուն։ Ոչինչ այնքան նուրբ, այնքան քնքուշ չի կարող լինել, որքան մայրական զգացմունքը, և այդ հասկանում են միայն մայրերը։ Որդին լռեց, բայց Թիֆլիս գնալու միտքը բնավ չէր հեռանում նրա գլխից․ մանավանդ որ «փորձված» հարևանն ասել էր նրան և պատմել, թե ինչպես բազմաթիվ բախտախնդիրներ հասել են այնտեղ իրենց նպատակին։ Երկար մտատանջվելուց հետո վերջապես նա վճռեց, որ առանց մորը հայտնելու ճանապարհ ընկնի դեպի ցանկացած քաղաքը, և այդպես էլ արավ։ Մի անգամ առավոտյան նա վեր կացավ, դուրս եկավ տնից և սկսեց առաջ գնալ, առանց իմանալու, թե որն է այն ճանապարհը, որ պիտի տաներ նրան Թիֆլիս։ Տղայական կատարյալ անփորձությո՞ւնն էր, թե մի ուրիշ բան, որ նա բնավ չէր հասկանում, թե որքան վստահ և հանդուգն քայլ է յուր արածը, բայց նա մի անգամ ընդմիշտ յուր դիտավորությունը վճռած և հաստատակամ մարդու նման միշտ առաջ էր գնում, առանց մտածելու գեթ, թե ի՞նչ պիտի ուտեր ճանապարհին և ինչպե՞ս պիտի հասներ Թիֆլիս այդպիսի ցուրտ եղանակին (այդ ժամանակ աշուն էր), և այն էլ ոտով ու ամառվա շորերի մեջ։ Ճանապարհին նրան գյուղացիներ պատահեցին, որոնք սայլերով ինչ-որ բան էին տանում քաղաք ծախելու։ Նա իմացավ նրանցից, որ ինքը, բարեբախտաբար, Թիֆլիսի ճանապարհի վերա է և խնդրեց, որ իրեն էլ հետները վերցնեն։ Գյուղացիների նրան իրենց հետ վերցնելն այն եղավ, որ ասացին միայն «Եկ»— և նա էլ ոտով հետևեց նրանց.․. Երկրորդ օրը գյուղացիների հետ նա ոտք կոխեց Թիֆլիս կատարյալ սոված փորով և սառած անդամներով։ Այնուհետև մենտորները թողեցին նրան այդ անծանոթ, [ 355 ] մեծ քաղաքում փնտրելու յուր բախտը, իսկ իրենք գնացին իրենց գործին։ Պետք է միայն երևակայել տասնևչորս տարեկան անփորձ, միամիտ, սոված, մերկ, անտուն և պանդուխտ պատանու դրությունը օտար և բոլորովին անծանոթ քաղաքում աշնանային ցուրտ եղանակին։ Երրորդ օրը նա արդեն կուչ էր եկած Թամամչյանի քարվանսարայի տակ։

-----

Հետևյալ օրը աղա Գրիգոր Մոսեիչի խանութում մի նոր աշակերտ ավելացավ։ Ինչպես երևում էր, նա բոլորովին խամ էր յուր պաշտոնի մեջ. մյուս աշակերտները, գործակատարները— բոլորն էլ զբաղված էին իրենց գործերով՝ մեկը ապրանք էր դարսում, մյուսը— վայր բերում, երրորդը չափում էր, չորրորդը— կտրում, հինգերորդը հաշվում էր, վեցերորդը— գնողի հետ խոսում,— բայց նա, որպես արձան, կանգնած էր մի կողմում և, կարծես, անզգա կերպով նայում էր, թե ինչ է կատարվում յուր շուրջը։ Նրա հայացքի մեջ նկատվում էր և՛ ամոթխածություն, և՛ երկյուղ, և՛ ապուշություն, և՛ անչափ հեզություն, և՛ երեխայական միամտություն ու անմեղություն։ Նա յուր այդ դիրքով այնքան գեղեցիկ էր, որ մինչև անգամ խանութում անպակաս առևտուր անող «սուդարինիա» ու «մադամները» նրա վերա երբեմն-երբեմն սիրաժպիտ հայացքներ էին ձգում․․․

Իսկ ո՞վ կարող էր ասել և ճանաչել, որ այդ գեղեցիկ հագնված գեղեցիկ տղան՝ մի օր առաջ Թամամչյանի քարվանսարայի պատի տակ ընկած ցրտից կոնկոռնող, կեղտոտ պատանին — Բարսեղն էր։

Աղա Գրիգոր Մոսեիչը Սարգսի միջնորդությամբ նրան «որդեգրել» էր իրեն...

Գ

Քառասնական թվականներին Թիֆլիսում ապրում էր մի բավական հարուստ մարդ Սաքո անունով։ Ժողովուրդը երբեմն մի կարգ մարդկանց գիտե հատկացնել այնպիսի ածականներ, որոնք ամենասրամիտ կերպով արտահայտում են նրանց թե ներքին, թե արտաքին հատկությունները— իրենց լավ կամ վատ կողմերով։ Այդ դեպքում, ինչպես և ուրիշ շատ [ 356 ] հայտնի դեպքերում, ժողովուրդն յուր ստեղծողական ընդունակությամբ միշտ գերազանցում է ամենատաղանդավոր բանաստեղծ-վիպասաններին, որոնք հազարավոր թե՛ գործածական և թե՛ ինքնաստեղծ բառերով անգամ չեն կարողանում ճիշտ պատկերացնել մեր երևակայության մեջ այդ միևնույն մարդկանց իրենց բոլոր հատկություններով։ Սաքոյին ժողովուրդը «ղայիմ» (պինդ) ածականն էր հատկացրել, նրա համար միայն, որ նա սաստիկ ժլատ էր։ Զարմանալի չէ, որ ժլատներն առհասարակ լինում են հարուստ, որովհետև ժլատությամբ միշտ կարելի է հարստանալ, ինչպես շռայլությամբ կարելի է աղքատանալ։ Ժլատի կյանքի պայմանները ամենքին հայտնի են. նրանք ահագին նեղություններով, հուզումներով, հոգեկան տանջանքներով փող են հավաքում, հարստություն դիզում— առանց սակայն դրանից որևիցե բավականություն, ամենափոքր զվարճություն ստանալու. և ոչ միայն այդքան, նրանք իրենց արյուն-քրտինքի պտուղը թողնում են այնպիսի ժառանգների, որոնք վայելում են և ծաղրում նրան, նրա հիշատակը անիծում, հայհոյում։ Ղայիմ-Սաքոն, սակայն, գուցե հասնում էր բոլոր հայտնի թե անհայտնի հեղինակների նկարագրած ժլատներին, բայց ոչ երբեք Էրիստովի կոմեդիայում դուրս բերված այն հարուստ ժլատ հային, որը մեռած ժամանակն անգամ ժլատություն էր անում և որի վերա զվարճասեր վրացիներն այնքան սիրում են ծիծաղել և ընդնմին ծաղրել հային, որովհետև նրանք համոզված են, որ հայը, մանավանդ հարուստ հայը, միշտ ժլատ է, բայց չգիտեն, թե երբ է նա իսկապես ժլատ և երբ առատաձեռն... Աստված, երևի, խղճացել էր մեր ղայիմ֊Սաքոյի վերա, որ նրան որդիք չէր պարգևել, որովհետև ամենքին հայտնի է, թե որքան վտանգավոր է ժլատների համար որդիք ունենալը... Բայց զարմանալին այն է, որ ղայիմ-Սաքոն սրտով ցանկանում էր, եթե ոչ մի քանի, գոնե մի հատ որդի ունենալ. զարմանալի է ասում ենք, որովհետև ժլատները առհասարակ չունեն հայրական զգացմունք, ինչպես չունեն և ոչ մի ուրիշ լավ «ական» զգացմունք, բացի շահասիրականից..․ Սակայն ղայիմ֊Սաքոյինն իսկապես հայրական զգացմո՞ւնք էր, թե մի ուրիշ բան, որի տակ թաքնվում էր մի որևիցե նպատակ, իհարկե, հօգուտ [ 357 ] յուր շահասիրության,— այդ անկարելի էր ստույգ իմանալ, որովհետև ժլատները միշտ ծածկամիտ են լինում։ Այսպես թե այնպես, բայց նա միշտ տրտնջում էր յուր թանկագին կեսին, թե ինչի՞ նա նրան որդի ունենալու բավականությունից զրկել է։ Վերջին հանգամանքն էր, որ նա վերցրել էր յուր մոտ յուր որբ մնացած եղբոր որդուն — Գրիգորին և պահում էր նրան իբրև որդեգիր։ Գրիգորն այդ ժամանակ քսան տարեկան, արդեն հասակն առած տղա էր, նրան յուր ծուլության, բթամտության և վատ վարքի համար վռնդել էին գիմնազիոնից։ Սակայն այստեղ պիտի նկատենք, որ ղայիմ-Սաքոն երբեք չէր վերցնիլ նրան յուր մոտ, եթե նա արմատապես չէր փոխիլ յուր բնավորությունը և ընդնմին չէր ծառայիլ յուր շահերին, և այդ պատճառով որդեգրելիս նա առաջարկեց նրան յուր պայմանները։ Գրիգորն ընդունեց, խոստանալով փոխել յուր բնավորությունը։ Բայց այդ միակ լոկ խոսք էր. երկու օր նա զսպեց իրեն, իսկ այնուհետև դարձյալ յուր էշը քշեց։ Ղայիմ-Սաքոն առանց այլևայլության նրան իսկույն ճանապարհ դրեց. բայց մոտ երկու շաբաթ կորած լինելուց հետո, նա դարձյալ հայտնվեցավ յուր հորեղբոր մոտ և «անառակ» որդու նման արտասուքը աչքերին գրկելով նրա ոտները, սկսեց ներումն հայցել և հազար ու մի երդումներով հավատացնել, որ «արմատապես» փոխել է յուր բնավորությունը։ Ղայիմ-Սաքոն շատ «չեմ ու չում» անելուց հետո վերջապես հիշեց «Գթառատ հորը» և ներեց նրան։ Գրիգորը շարունակեց նրա որդեգիրը լինել։ Եվ իրավ, որ նա զարմանալի կերպով փոխվել էր, առաջվա այն ծույլ, ցոփակյաց և անբարոյական սրիկան այժմ դարձել էր մի աշխատասեր և խնայող տղա, որն յուրաքանչյուր քայլափոխում մեծ հնազանդություն էր ցույց տալիս յուր բարերար հորեղբորը և, ըստ երևույթին, սիրով լսում էր նրա խրատները, որոնք, իհարկե, մեծ մասամբ վերաբերում էին շահասիրությանը և խնայողությանը, չասենք ժլատությանը։ Բայց եթե ղայիմ-Սաքոն ունենար բոլոր ժլատների բնավորությանը վերաբերյալ ընդհանուր հատկություններից մի նշանավոր հատկությունն էլ— կասկածոտությունը— այն ժամանակ նա կտեսներ կամ կնկատեր, որ յուր որդեգրի այդ զարմանալի փոփոխությունը միայն կեղծ դիմակ էր, ուրիշ ոչինչ։ Սակայն գուցե նա ուներ [ 358 ] Էլ կասկածոտություն և գուցե չէր կարողանում թափանցել յուր որդեգրի դիմակի տակ, որովհետև այս վերջինս մեծ հմտությամբ էր ծածկվել այդ դիմակով— այդ հայտնի չէ, հայտնի է միայն, որ ղայիմ-Սաքոն միշտ գովում էր նրան և յուր գայլի ավետարանը անպակաս էր անում նրա գլխից։ Այլապես անկարելի էր և անհավատալի, որ Գրիգորի նման մի անբարոյականացած տղան հանկարծ այնպես փոխվեր։ Բնավորությունը, մանավանդ անբարոյականացած բնավորությունը առանց մի որևիցե իրենից անկախ զորեղ հարվածի, ցնցումի երբեք չէր կարող փոխվել, իսկ Գրիգորի բնավորության փոխվելուն այդպիսի ոչ մի զորեղ միջոց չէր նպաստել։ Եթե ղայիմ-Սաքոն այդ հասկանալիս լիներ, չէր հավատալ յուր որդեգրի «արմատապես» փոխվելուն, այլ այդ կվերագրեր վերջինիս մի որևիցե խորամանկ մտադրությանը, որով նա, անշուշտ, կամենում էր հասնել յուր կանխատես նպատակներին, իսկ այդ նպատակներն իսկապես գոյություն ունեին որդեգիր Գրիգորի գլխում․․․ Բայց թե ի՞նչ նպատակներ էին դրանք — այդ միայն աստծուն և իրեն— Գրիգորին էր հայտնի։

-----

Ընդամենը երկու տարի էր անցել այն օրից, ինչ Գրիգորը որդեգիր էր մտել ղայիմ-Սաքոյի մոտ, երբ մի անգամ ճաշից հետո, վերջինս հանկարծ, առանց մի որևիցե հիվանդություն ունենալու, թողեց այս երկրավոր աշխարհը։ Ի՞նչն էր նրա այդ հանկարծակի մահվան պատճառը— ո՛չ ոք չիմացավ։ Եթե այն ժամանակ այժմյան բժիշկ-անդամահատները լինեին, գուցե կտրատեին նրան իմանալու համար, թե ինչ արտասովոր բան էր կատարվել նրա ներսը, որը նրան այնպես հանկարծ կենազուրկ էր արել, բայց այն ժամանակվա բժիշկ֊անդամահատները, դժբախտաբար, այդ սովորությունն, այսինքն գիտությունը չունեին... այժմյան բժիշկ-անդամահատներն են միայն, որ մինչև անգամ զենքով սպանվածներին կտրատում են, որպեսզի իմանան, թե ինչով են նրանք մեռել... Եվ այդպես ղայիմ-Սաքոյի հանկարծակի մահվան պատճառը մնաց գաղտնի, ինչպես գաղտնի է ինքը գաղտնիքը։ Նրա մահից հետո չանցավ մի ամիս, երբ նրա թանկագին կեսն էլ նույն ճանապարհով հետևեց նրան․․․ [ 359 ] Դարձյալ անթափանցելի գաղտնիք։ Սակայն շատերը այդ բացատրում էին նրանով, որ վերջինս չափից դուրս սիրելով յուր ղայիմ ամուսնուն, անկարող էր գտնվել տանելու նրա հավիտյան բացակայությունը և շտապել էր հետևել նրան վայելելու նրա հետ երկնային կյանքը։ Ուրիշ տեսակ բացատրություններ էլ կային, բայց դրանք միայն սոսկալի մեղադրանքներ կարող էին համարվել խեղճ, «արմատապես» փոխված Գրիգորի համար, որն այնքան մեծ դժբախտություն ունեցավ գրեթե մի անգամից զրկվելու յուր միակ խնամատարներից, չնայելով որ նրանց կոպեկ առ կոպեկ դիզած ահագին կարողության օրինական տերն ու ժառանգը դարձավ...

Այնուհետև նա սկսեց դարձյալ յուր առաջվա կյանքը, որից՝ շնորհիվ մասամբ յուր գաղտնի նպատակների, մասամբ ղայիմ-Սաքոյի՝ ամբողջ երկու տարի շարունակ զրկված էր մնացել։ Բայց այդտեղ նա փոքր-ինչ անզգույշ գտնվեցավ, որովհետև դրանով քիչ թե շատ մատնեց իրեն այն կասկածների մեջ, որ տանում էին նրա վերա ղայիմ-Սաքոյի և նրա կնոջ հանկարծակի մահվան համար։ Սակայն դրանք դարձյալ լոկ կասկածներ էին, ավելի ոչինչ, իսկ մերկ իրականությունը մինչև օրս էլ վարագուրված մնաց։ Անկարելի է նկարագրել այն բոլորը, ինչ որ անում էր հանգուցյալ ղայիմ-Սաքոյի «փոխված» որդեգիրը յուր ամբողջ երկու տարի շարունակ ծոմապահությունից հետո։ «Ծտի հետևից աբասիք էր ձգում»,— ժողովրդական այդ սրամիտ ասացվածն էլ բավական է գաղափար կազմելու նրա վարած շռայլ կյանքի մասին։ Բայց որպեսզի մի կողմից ապահովեցնե յուր ապագան, մյուս կողմից յուր դիրքը բարձր բռնել հասարակության աչքում, ղայիմ-Սաքոյից իրեն մնացած խանութը նա մի ահագին և հարուստ մագազինի փոխեց։ Այդ մագազինը նա վերջին ժամանակներում, շնորհիվ յուր կույր բախտի, մի այնպիսի կատարելության հասցրեց, որ շատերն սկսեցին նախանձել, իսկ նախանձի հետ թշնամանալ նրան։ Այդպիսի նախանձն ու թշնամությունը հատուկ է միայն վաճառականներին և մանավանդ այնպիսի վաճառականների, որոնք հոգով ու մարմնով անձնատուր են եղած իրենց պարապմունքին: [ 360 ]

Այնուհետև ղայիմ֊Սաքոյի որդեգիրը դարձավ ոչ թե Գրիգոր, այլ— աղա Գրիգոր Մոսեիչ։

Երեսուն տարուց նա այնքան էլ հեռու չէր, երբ ամուսնացավ մի տասնևութամյա շնորհագեղ, քնքշատիպ և շատ հեզաբարո օրիորդի հետ։ Սակայն պիտի ասած, որ նա ոչինչ պահանջ չէր զգում ամուսնության մեջ, ինչ տեսակետից էլ որ ուզում եք հասկացեք այդ պահանջը... Այլ նա ամուսնացավ նրա համար միայն, որ ուրիշները ամուսնանում էին, և աղայի համար ամուրի մնալն այնքան էլ լավ չէ, մի կողմը թողնելով այն, որ ամուսնությունը մի քանի հազար էլ ավելացրեց նրա հարստության գումարին։ Այդ ամուսնությունից նա ունեցավ երկու զավակ միայն — մեկը տղա, մյուսը աղջիկ։ Նա դեպի յուր հարազատ զավակները ոչինչ սեր չէր տածում, ինչպես չէր տածում և դեպի յուր կինը․ աղա Գրիգոր Մոսեիչի նման մարդիկ ոչ կարող են հասկանալ փոքրիկ զավակների անմեղ թոթովանքը և ոչ մանկահասակ, գեղեցիկ կնոջ խանդաղատալից գրկի բոլոր պերճությունը, բոլոր երջանկությունը. դրա համար հարկավոր է ունենալ սիրտ յուր բոլոր գեղեցիկ զգացմունքներով և այն բոլորը, որոնք կոչվում են մարդկային արժանավորություններ, իսկ աղա Գրիգոր Մոսեիչը զուրկ էր այդ բոլորից։ Եվ զարմանալի է, որ զավակները հենց մանկությունից բնավ չէին սիրում նրան, նրանից սաստիկ երկյուղ էին կրում և միշտ փախուստ էին տալիս նրանից։ Իսկ հարկավո՞ր էր արդյոք ասել, թե կինն ինչ էր տածում դեպի նա։ Տիկին Գայանեն այնպիսի կիներից էր, որոնք երբեք չեն կարող սիրել մի տղամարդի, մինչև որ չճանաչեն և չհարգեն նրա, այսպես ասած, ներքին մարդը։ Ամուսնու այդ ներքին մարդը մեծ, շատ մեծ նշանակություն ունի այդպիսի կիների համար — նա կարող է պատճառ լինել նրանց ողջ կյանքի կամ թշվառության կամ երջանկության։ Տիկին Գայանեն թշվառ էր և՛ այն կողմից, որ սիրում էր ուրիշին, մի աղքատ, բայց ազնիվ երիտասարդի, որի գրկից խլել էին նրան յուր հարուստ ծնողները և բռնի ամուսնացրել էին աղա Գրիգոր Մոսեիչի հետ։ Նա տգետ, շահասեր ծնողների բռնության զոհ էր, իսկ այդպիսի զոհերի այն ժամանակներում քիչ չէիք հանդիպիլ։ Չնայելով մինչև անգամ, որ ամուսինը նրա հետ շատ անգամ [ 361 ] վարվում էր որպես աղախնի հետ, բայց նա միշտ հավատարիմ էր յուր ամուսնական պարտականություններին և երբե՛ք տրտունջ չէր հանում։ Նրա այդ հովբական համբերությունը ծով էր ներկայացնում։ Մի անգամ նրա սիրահարը, որին նա դարձյալ սիրում էր, առաջարկեց նրան փախչել միասին մի ուրիշ երկիր և ապրել այնտեղ, ապրել երջանիկ, հեռու տգիտության բռնություններից, հեռու մարդկանց անգթությունից. բայց նա յուր կանացի անհուն առաքինությունից, թե այն զգացմունքից, որ ինքն այդ ժամանակ շուտով մայր էր լինելու— պատասխանեց նրան Պուշկինի Տատյանայի խոսքերով․

Ես ձեզ սիրում եմ,
Բայց ինձ, տեսնում եք, տվել են ուրիշին,
Ես նրան կմնամ ցմահ հավատարիմ։

Այդ օրից նա այլևս չտեսավ յուր թշվառ սիրահարին․ ո՞ւր գնաց նա, ինչ եղավ. արդյոք կարողացա՞վ նա դիմանալ, թե... Անբախտ կնոջ տանջանքը կրկնապատկվեցավ։ Միակ բանը, որ կապում էր նրան այս աշխարհի հետ և նրա անհուն վիշտը մոռացնել էր տալիս— այդ նրա երկու սիրուն զավակներն էին, որոնց նա սիրում էր յուր մայրական բոլոր զգացմունքներով։ Նա գիտեր յուր ամուսնու գաղտնիքը, նրա մոլությունները, բայց այդ մասին երբե՛ք մի ակնարկ անգամ չէր անում նրան, չնայելով, որ այդ գաղտնիքը ամենաստոր կերպով շոշափում էր նրա ամուսնական պատիվը։ Նա իրեն յուր երկու զավակների հետ պահում էր այդ մարդու տանը, որպես օտար, որպես հյուր. օրեր, շաբաթներ էին անցնում, որ նա չէր խոսում, մինչև անգամ չէր տեսնվում այդ մարդու հետ։ Նրա համար բոլորը միևնույն էր, մինչև անգամ և այն, թե չար լեզուները ինչ էին խոսում նրանց և նրանց ընտանեկան հարաբերությունների մասին— միայն թե նրան յուր սիրասուն զավակների հետ թողնեին հանգիստ։

Աղա Գրիգոր Մոսեիչի ամուսնանալուց հետո անցել էր ամբողջ քսանևմի տարի, երբ նրա ձեռքն ընկավ Բարսեղը։ Այդ մարդը պիտի լիներ նրա դաստիարակը։ [ 362 ]
Դ

Անցավ ութ տարի։

Կիրակնօրյա գեղեցիկ առավոտներից մինն էր։

Աղա Գրիգոր Մոսեիչի տան վերին հարկի գեղեցիկ կահավորված սենյակներից մինում՝ գրասեղանի առաջ նստած էր մոտ քսանևյոթ տարեկան մի երիտասարդ, որի գեղեցիկ և խելացի դեմքը արտահայտում էր չափից դուրս համեստ և բարի բնավորություն։ Ակնոցներն աչքերին՝ նա զբաղված էր մի ինչ-որ գրությամբ։ Նրա հետևը փափուկ գահավորակի վերա թեթև կերպով ետ ընկած՝ նստած էր մի օրիորդ ոչ ավելի, քան քսան տարեկան։ Նա այնքան նման էր գրող երիտասարդին, որ նայողն, առանց մի վայրկյան վարանելու, իսկույն կասեր, որ նրանք քույր ու եղբայր են։ Օրիորդը զբաղված էր ընթերցանությամբ։ Նրանք, իրավ, քույր ու եղբայր էին և աղա Գրիգոր Մոսեիչի հարազատ զավակները, որոնք իրենց մոր — տիկին Գայանեի հետ բոլորովին առանձնացած էին ապրում իրենց հորից, չնայելով որ ապրում էին միևնույն հարկի տակ։ Եղբայրը, որի անունը Գարեգին էր, տեղական ծխական ուսումնարաններից մինում մի համեստ ռոճիկով ուսուցչության պաշտոն ուներ, իսկ քույրը՝ Իսկուհին, ավարտել էր տեղական հայ-օրիորդական ուսումնարաններից մինը և այժմ գտնվում էր տանը։

Երկար ժամանակ երկուսն էլ լուռ զբաղված էին իրենց գործերով, երբ հանկարծ դուռը բացվեցավ և շտապով ներս մտավ ոտից գլուխ սև հագնված մի երիտասարդ նույն հասակի, ինչ֊որ Գարեգինը, բայց տխուր դեմքով։ Նա Գարեգինի պաշտոնակիցն էր և ամենասրտակից ընկերը։

— Ներեցեք ինձ,— խոսեց նա շնչասպառ և դողդոջուն ձայնով, սեղմելով նախ քրոջ, ապա եղբոր ձեռքը, որոնք նրա հանկարծակի մտնելուն պես թողնելով իրենց պարապմունքը՝ զարմացած և լուռ նայում էին նրա տխուր դեմքին։ Ներեցեք ինձ, խնդրում եմ, ես ձեզ մոտ եկել եմ մի խրնդիրքով, որ եթե կատարեիք կամ գոնե աշխատեիք կատարել, ինձ շատ և շատ կպարտավորեցնեիք...

— Ի՞նչ է պատահել, Սմբատ,— զարմացած և անհամբերությամբ հարցրեց Գարեգինը։ [ 363 ]

— Ես երբեք այդ խնդիրքով չէի գալ ձեզ մոտ,— շարունակեց Սմբատը,— եթե անհրաժեշտ կարիքն և սուղ ժամանակն ինձ չստիպեին, որովհետև ես գիտեմ, որ դուք շատ կարելի է անկարող կգտնվիք օգնելու ինձ. բայց այնուամենայնիվ ես դարձյալ...

— Վերջապես, դու եկել ես այստեղ երկարաբանելո՞ւ, թե ասելու այն, ինչ որ քեզ պետք է,— համբերությունից դուրս գալով ընդհատեց նրան Գարեգինը.— ուղղակի ասա՝ ինչ ես ուզում։

— Դու գիտես, սիրելի Գարեգին,— սկսեց Սմբատը, որ իմ հայրս մեռավ առանց ինձ մի կոպեկ անգամ ժառանգություն թողնելու, բացի հազար ռուբլի պարտքից և այն տնից, որի մեջ այժմ բնակվում եմ ես մորս հետ։ Հորս մահից հետո անմիջապես պարտատերերը սկսեցին ինձ նեղել, որ պարտքը վճարեմ։ Ես խոսք տվի, որ այստեղից այնտեղից հավաքելով, մի կերպ կգումարեմ հազար ռուբլին և իրենց կտամ, բայց դժբախտաբար այդ ինձ ոչ մի կերպ չհաջողվեցավ... Ուսումնարանից ստացած ռոճիկս էլ բոլորովին ծախսվել էր մի մասը տան վերա, մյուսը՝ հորս թաղման վերա... Մնացել էի հուսահատ դրության մեջ, որովհետև պարտատերերը սպառնում էին ինձ հազար ռուբլու տեղ առնելու երեք հազար ռուբլի արժող տունը։ Երկար ժամանակ այս մասին ես չէի ուզում հայտնել և դիմել ձեզ, որովհետև գիտեի, որ դուք ևս անկարող կգտնվիք ինձ օգնելու, բայց վերջապես այսօր՝ ամեն տեղից հույսս կտրած՝ ես դարձյալ դիմում եմ ձեզ, անգին բարեկամներս, հուսալով, որ դուք, այնուամենայնիվ, մի կերպ կաշխատեք օգնել ինձ այս դրությունից դուրս գալու համար... ժամանակամիջոցից արդեն յոթ օր էլ անցել է, և եթե այսօր ես չկարողացա հազար ռուբլի ձեռք բերել և հորս պարտքը վճարել, վաղն արդեն առանց այլևայլության երեքհազարանոց տունը պիտի խլեն ձեռքիցս։ Անգին բարեկամներս, ճարեցեք այդ գումարը և ուզում եք տունը գրավ վերցրեք — ես, իհարկե, այդ գումարն առանց հատուցելու չեմ թողնիլ... Գիտեմ, որ դուք այդքան գումար չեք կարող ունենալ,— շտապով ավելացրեց նա, տեսնելով, որ քույր ու եղբայր ծանր լռություն են պահպանում.— Այո՛, այդ գիտեմ, բայց ես առավել այն հույսով [ 364 ] եկա ձեզ մոտ, որ դուք այդ գումարը կարող եք առնել․․․ ձեր հորից։

— Մե՛ր հորից,— կանչեց իսկույն Գարեգինը մի այնպիսի եղանակով, որ կարծես ասում էր՝ դրանից ավելի անկարելի բան չէ կարող լինել աշխարհիս երեսին։

— Այո՛, ձեր հորից, նա կտա, եթե նրան կամ գրավ առաջարկեք տունը, կամ տոկոս, մինչև որ վճարեմ այդ գումարը։

— Ի՞նչ․․․ կամ տունը գրավ առաջարկենք, կամ տոկո՞ս...

— Այո... ի՞նչ է որ։

— Երբ որ այդպես է, ավելի լավ կանես հենց հիմիկուց տունը պարտատերին տաս և քեզ համար հանգիստ նստես...

— Ինչ ես ասում, Գարեգին...

— Այո՜,— շարունակեց նույն եղանակով Գարեգինը,— այդպես թե՛ ավելի հանգիստ կլինես և թե ավելի աժան կպրծնես։

— Ես քեզ չեմ հասկանում...

— Շա՜տ հասկանալի է... Եղբայր, դու չե՞ս ճանաչում իմ հորը, դու չգիտե՞ս, թե ինչպիսի մարդ է նա... դու չե՞ս հասկանում, որ երեքհազարռուբլիանոց տունը հազար ռուբլի գրավ տալով նրան, միևնույն է, թե զրկվում ես այդ տնից, որովհետև, ախր, եղբայր, քո թշվառ ռոճիկով դու ե՞րբ պիտի վճարես ամբողջ հազար ռուբլին, որ տունդ թափես, հազար ռուբլին,— երևակայո՞ւմ ես... դեռ ո՞ւր մնաց, որ հայրս քեզ վճարման ժամանակամիջոց կնշանակե այն պայմանով, որ եթե մինչև այդ ժամանակամիջոց պարտքդ վճարեցիր, խո վճարեցիր, իսկ եթե ոչ— տունն իրենը լինի։ Թեկուզ հազար տարի նշանակե ժամանակամիջոց և եթե դու կաշվիցդ էլ դուրս գաս, դարձյալ չես կարող պարտքդ վճարել, չես կարող, ասում եմ... Իսկ եթե ուզում ես տոկոսով վերցնել— այդ ավելի վատ, որովհետև նա քեզ այնպիսի սոսկալի տոկոսներ կնշանակե, որ հազար ռուբլու տեղ երեք-չորս հազար կվճարես, բայց դարձյալ հազար ռուբլի պարտքդ կմնա յուր տեղն անշարժ... է՜, եղբայր, դու դեռ չես ճանաչում վաշխառուներին, իսկ իմ հայրս նրանց պարագլուխն է... [ 365 ]

Սմբատը կորագլուխ մնացել էր կանգնած գրասեղանի մոտ։ Այսպես կանգնում են նրանք, որոնք տեսնում են, որ իրենց վերջին հուսո մեջ էլ խաբված են եղել։ Սենյակում մի րոպե ծանր լռություն տիրեց։ Վերջապես Իսկուհին, որ բոլոր այդ ժամանակ մի ինչ-որ կարեկցող հայացքով նայում էր Սմբատի գունատ և տխուր դեմքին, ձեռքին բռնած գիրքը սեղանի վերա դրեց, վեր կացավ տեղից և մոտենալով եղբորն, ասաց.

— Գարեգին, դու չափազանցնում ես մեր հոր բնավորությունը։ Նա այնքան էլ անպիտան և անգութ չէ կարող լինել, որպես դու ես կարծում․․․ Հիմա ի՞նչ անենք, այս պարոնը դիմել է մեզ, իբրև ամենամոտ բարեկամներին, որ մենք մի կերպ օգնենք իրեն— և մենք պիտի օգնենք սրան ինչպես էլ որ լինի․․․ Ինչո՞ւ դու դեռ գործին չդիմած՝ այդպես ես խոսում․․․ Դու գնա մեր հոր մոտ և ուղղակի խնդրիր հազար ռուբլին, առանց հայտնելու, թե ում համար և ի՞նչ պայմաններով․․․ մի խոսքով՝ ուղղակի ասա, որ այդ գումարը քեզ համար ես ուզում։

— Օ՜, այդ անկարելի է, այդ ես չեմ թողնիլ,— զգացված կանչեց Սմբատը։

— Անկարելի է, թե կարելի է, այդ դեռ կտեսնենք,— մեղմորեն և քաղաքավարությամբ ասաց նրան Իսկուհին։

— Դուք եկել եք միայն խնդրելու մեր օգնությունը, ուրիշ ոչինչ, դրանով պրծել է ձեր դերը։ Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով պիտի օգնենք ձեզ և կարո՞ղ ենք արդյոք օգնել, այդ մեր գործն է արդեն։ Ձեզ մնում է միայն նստել և սպասել։ Խնդրեմ նստեք։

— Օրիորդ․․․— ուզում էր խոսել Սմբատը, բայց Իսկուհին չթողեց նրան։

— Խնդրեմ նստեք,— կրկնեց նա նույն եղանակով։

Սմբատն ապուշի նման նայեց նրա լուրջ, քնքշագեղ դեմքին և մեքենայաբար նստեց գրասեղանի մոտ դրված աթոռի վերա։

— Գարեգի՛ն,— դարձավ օրիորդը եղբորը,— վեր կաց գնա՛, խնդրիր մեր հորից, որ քեզ հարկավոր է հազար ռուբլի, միայն խնդրիր, ուրիշ ոչինչ... Ի՞նչ ես ինձ այդպես նայում։ [ 366 ] — Որովհետև ես ուզում եմ գտնել քո լուրջ դեմքի վերա այն գծերը, որոնցից կարողանամ հասկանալ, որ իսկապես դու կատակ ես անում...

— Գարեգի՛ն,— տաքացած խոսեց օրիորդը,— մի՞թե կատակի ժամանակ է, որ այժմ կատակ անեմ...

— Ախր, երևակայիր, որ հայրս ինձ այժմ հազար ռուբլի պիտի տա, հայր՝ որ մինչև հիմա մի ասեղ անգամ չի տվել աչքս կոխելու...

— Ավելի լավ է, ասա՛ թե չես ուզում օգնել ընկերիդ մինչև անգամ այդ չնչին բանով․— առավել ևս տաքացած պատասխանեց օրիորդը։

— Իսկուհի՛,— լուրջ և վիրավորված եղանակով նկատեց Գարեգինը,— եթե քո այդ չափից դուրս բարի և ազնիվ բնավորությունը շլիներ, ես քեզ երբե՛ք չէի ներիլ այդ խոսքերը... Այդ մի անգամն ասացիր, այլևս չասես։

— Ապա ի՞նչ անեմ․ դու չես ուզում այստեղից միայն մի քանի քայլ անել դեպի հորդ սենյակը և նրանից հազար ռուբլի խնդրել... Ուզում ես, ես կգնամ։

— Բայց դու գիտես, որ նա ինձ ոչինչ չի տալ։

— Տե՛ր աստված․․․ այդպիսի մի խնդիրքով դու խո դեռ չե՞ս դիմել նրան։ Դու ի՞նչ գիտես, գուցե տալիս է․․․ Վերջապես, կտա՝ կտա, չի տալ՝ չի տալ— դրանից խո ոչինչ չի վնասվիլ։ Ինչի՞ չփորձել մի բան, քանի որ դեռ չես փորձել։

— Լավ․ ես այժմ կգնամ նրա մոտ, կխնդրեմ, և կտեսնենք՝ կտա՞ թե ոչ,— ասաց Գարեգինը վճռականությամբ տեղից վեր կենալով։

— Բայց, ի սեր աստծո, Գարեգին,— ասաց Սմբատը,— ասա, որ փողն ինձ համար ես ուզում և ասա՛, որ տոկոս կտամ, տունս գրավ կտամ...

— Ո՛չ, Գարեգին,— ասաց յուր կողմից Իսկուհին,— կասես այնպես, ինչպես ես քեզ ասացի։ Կասես, որ փողը քեզ համար ես ուզում և միայն քեզ համար, ուրիշ ոչինչ։ Կխնդրես, ինչպես հարկն է և կխնդրես իբրև որդի, հասկանո՞ւմ ես։

— Լա՛վ, լա՛վ, ես գիտեմ․․․— Եվ Գարեգինը դուրս գնաց սենյակից։ [ 367 ]
-----

Աղա Գրիգոր Մոսեիչի տունը բաղկացած էր երեք հարկից։ Ներքին հարկը տրված էր վարձով, միջին հարկում առանձնապես ապրում էր ինքն աղա Գրիգոր Մոսեիչը Բարսեղի հետ, իսկ վերին հարկը բռնած էին տիկ. Գայանեն, Գարեգինը և Իսկուհին։

Գարեգինը ոլորապտույտ սանդուղքներով իջավ դեպի միջին հարկը, անցավ երկար միջանցքով և կանգնեց աղա Գրիգոր Մոսեիչի մինի դռան առաջ։ Նա յուր ողջ կյանքի մեջ շատ քիչ անգամ էր մտել այդ սենյակները և առավել ևս քիչ էր խոսել աղա Գրիգոր Մոսեիչի հետ, այնպես որ նա այժմ վստահությամբ չէր պատրաստվում մտնելու վերջինիս մոտ, ինչ վստահությամբ որ պիտի մտներ որդին յուր հարազատ հոր մոտ, այլ այնպես, ինչպես օտարը՝ օտարի մոտ։ Դեռ մի րոպե անվճռական կերպով նա կանգնած էր դռան առաջ։ Նրա սիրտը թեթև կերպով տրոփում էր։ Վերջապես նա սիրտ առավ, բացեց դուռը և ներս մտավ։ Այն սենյակը ընդունարանն էր։ Փափուկ գորգերի վերա քայլելով, նա անցավ դահլիճն, իսկ դահլիճից՝ ուղղակի աղա Գրիգոր Մոսեիչի առանձնասենյակը:

Աղա Գրիգոր Մոսեիչը՝ խալաթը հագին՝ նստած էր գրասեղանի առաջ և ինչ-որ հաշիվներ էր անում։ Որդու մտնելուն պես նա յուր ահագին դեմքը դեպ նա դարձրեց և, ըստ երևույթին, շատ զարմացավ։ Գարեգինը թեթև կերպով գլուխ տվեց նրան և մի քանի վայրկյան ակամա լռությունից հետո, ասաց․

— Հայր, ներեցեք ինձ, որ համարձակվում եմ այժմ այսպես հանկարծակի կերպով, առանց նախապես իմաց տալու, խանգարել ձեզ... Ես ձեզ մի խնդիրք ունեմ... առաջին անգամ իմ ողջ կյանքի մեջ ես համարձակվում եմ մի այսպիսի խնդիրքով դիմելու ձեզ, հայր, հուսալով, որ դուք այնքան բարի և մեծահոգի կգտնվեք, որ չեք մերժիլ իմ այդ առաջին խնդիրքը...

— Ի՞նչ եք կամենում,— բավական նկատելի կոպտությամբ և անհամբերությամբ հարցրեց աղա Գրիգոր Մոսեիչը, քամակը դեպի նա անելով։

Գարեգինը դեռ մի քանի վայրկյան, կարծես, չկարողացավ ձայն հանել։ [ 368 ]

— Ես եկել եմ ձեզանից խնդրելու, հայր... հազար ոուբլի,— վերջապես հազիվհազ կարողացավ արտասանել նա։

Այդ լսելուն պես՝ աղա Գրիգոր Մոսեիչը շուռ եկավ յուր աթոռի վերա շտապով և զարմացած դարձավ դեպի նա։

— Հազա՜ր ռուբլի,— երկարացրեց նա, խոր նայելով նրա դեմքին։

— Այո, հայր...

— Ի՞նչ բանի համար։

— Հարկավոր է... շատ հարկավոր է...

Աղա Գրիգոր Մոսեիչն ավելի խոր նայեց նրա դեմքին։

— Չունիմ,— կտրական կերպով պատասխանեց նա և դարձյալ շուռ գալով, շարունակեց յուր ընդհատած հաշիվները։

— Հա՛յր, ես չեմ ասում, թե այդ գումարն ինձ նվիրեցեք, այլ փոխ տվեք, որը մի ժամանակից հետո ես դարձյալ կդարձնեմ ձեզ...

— Չունիմ, չունիմ,— նույն կոպտությամբ պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը, առանց բարձրացնելու գլուխը հաշիվների վերայից։

Որդին մի րոպե լուռ հորը նայելով մնաց արձանացած, իսկ հայրը, կարծես մոռացել էր անգամ, որ յուր հետևում մարդ կա կանգնած։

— Ուրեմն ներեցեք ինձ, հայր, որ իզուր տեղը ձեզ անհանգստություն պատճառեցի,— վերջապես ասաց նա և դարձյալ թեթև գլուխ տալով նրան, առաջ անցավ դեպի դուռը։

Աղա Գրիգոր Մոսեիչը մի ինչ-որ մրթմրթաց յուր քթի տակիցը։

Որդին առանց ետ նայելու դուրս գնաց հոր առանձնասենյակից։

Բարձրանալով վերին հարկը և մտնելով քրոջ ու ընկերի մոտ, նա գտավ այնտեղ և մորը, տիկ. Գայանեին, որն առավոտյան եկեղեցի գնացած լինելով, նոր էր վերադարձել տուն։

— Ինչպե՞ս եղավ,— ամենից առաջ դիմավորեց նրան քույրը։

— Ես քեզ որ ասում էի, թե նա ինձ մի գրոշ անգամ չի տալ, դու ինձ չէիր հավատում,— պատասխանեց Գարեգինը,— և դեռ ուզում էիր համոզել էլ, որ նա այն աստիճան անպիտան և անգութ չէ, որպես ես էի կարծում... [ 369 ]

— Ի՞նչ ասաց, է՜։

— Ուղղակի ասաց— չունիմ և դեմքը դարձրեց ինձանից։ Երևակայում եմ, թե ի՜նչ կաներ, եթե հայտնեի, որ այդ փողը ուրիշի համար է, և եթե ասեի, որ այդ ուրիշը պատրաստ է տոկոս վճարելու կամ յուր երեքհազարանոց տունը գրավ դնելու...

— Եթե ես այստեղ լինեի, մի քայլ անգամ չէի թողնիլ քեզ անելու դեպի նրա սենյակը,— ասաց տիկ. Գայանեն, որին Իսկուհին և Սմբատը արդեն ծանոթացրել էին գործի եղելության հետ։— Կարծես դու նրան նոր պիտի ճանաչեիր, որ գնում էիր նրանից հազար ռուբլի փող խնդրելու։

— Ես չէի գնում, Իսկուհին ինձ ուղարկեց։

— Ապա ի՞նչ անեի, մայրիկ,— մեջ մտավ Իսկուհին,— այս պարոնը շուտափույթ օգնության է կարոտ և դրա համար դիմել է մեզ...

— Ա՜խ, եթե գիտենայի, թե ձեզ այդքան նեղություն կարող եմ պատճառել, ես երբե՛ք չէի գալ այստեղ,— բավական ամոթահարված խոսեց Սմբատը, տեղից վեր կենալով։— Խնդրում եմ ներեցեք ինձ... Ի՞նչ անենք, այնքան էլ մեծ ցավ չէ... կյանքս խո չէ՞ գնալու, մի տուն է— թող տանեն... առանց դրան էլ կարող եմ ապրել ու պահել մորս...

— Ո՛չ, ձեր տունը, պարոն Սմբատ, ձեզ կմնա,— ծանրությամբ ասաց տիկ. Գայանեն։— Խնդրեմ փոքր֊ինչ համբերություն ունեցեք և դարձյալ նստեցեք ձեր տեղը։

Եվ նա առանց շտապելու, յուր հանդարտ քայլերով դուրս գնաց դեպի մյուս սենյակը։

Սմբատը, Իսկուհին և Գարեգինը գրեթե մնացին ապշած։ Նրանք ոչ մի խոսք չկարողացան արտասանել մինչև որ երկու րոպեից հետո տիկ. Գայանեն դարձյալ ներս մտավ։

Նա մոտեցավ Սմբատին և տալով նրան մի ինչ֊որ հաստ ծրար, ասաց.

— Գնացեք և բաժանեցեք ձեր պարտատերերին։

Սմբատը՝ բոլորովին ապուշ կտրած՝ մեկ նայեց ձեռքի ծրարին, մեկ նրան և մի քանի անգամ շուռ այդպես անելով, վերջապես ուզեց հայտնել յուր շնորհակալությունը, բայց տիկ. Գայանեն, նախքան նրա բերանը բանալը, հասկացավ, թե ինչ պիտի ասեր նա և այդ պատճառով չկամենալով ենթարկվել [ 370 ] այդ տանջանքին (որովհետև նա այնքան բարի էր, որ բոլորովին չէր սիրում, երբ նրան մի որևիցե բանի համար սկսում էին շնորհակալություն հայտնել), շտապեց ասել ժպտալով․

— Խնդրեմ, խնդրեմ․․․ առանց շնորհակալության, այդ փողը ձեզ չեմ նվիրում։

Եվ նա այս անգամ շտապով դուրս գնաց դարձյալ։ Իսկուհին, որ նոր հասկացավ, թե բանն ինչումն է, սաստիկ ուրախացավ և իսկույն վազելով նրա հետևից, բռնեց նրան մյուս սենյակում, գրկեց և ջերմ համբույրներով լցնելով նրա դեմքը, կանչեց․

— Մայրի՛կ, մայրի՛կ, ես որ միշտ ասում եմ, թե դու շատ բարի ես, դու հրեշտակ ես— ինձ չես հավատում․․․ Բայց ո՞վ տվավ քեզ այդքան գումարը։

— Ի՞նչ ես հարցնում․․․

— Ուզում եմ իմանալ։

— Այդ գումարը իմ բերած օժիտի մի մասն է, որ հայրդ վերադարձրել է ինձ, մեզ հետ այլևս գործ չունենալու համար։

Այնինչ Սմբատը սաստիկ զգացված մոտեցավ Գարեգինին, որ մինչև այդ րոպեն նույնպես ապուշ կտրած՝ նայում էր մոր հետևից, առավ նրա ձեռքը, ջերմ կերպով սեղմեց նրան և ասաց․

— Գարեգին, կհայտնես մորդ իմ շնորհակալությունը․․․

Եվ նա շտապով դուրս գնաց սենյակից։

Ե

Որդու՝ հոր առանձնասենյակից դուրս գալուց հինգ րոպե հետո, աղա Գրիգոր Մոսեիչի մոտ մտավ մոտ քսանևերկու տարեկան մի երիտասարդ։ Այնպիսի գեղեցկություն, որպիսին նրանն էր, ունենում են միայն կանայք և միայն կանայք են հագնվում այնպես կոկ և գեղեցիկ, որպիսին նա էր հագնված։

Դա երբեմն Թամամչյանի պատի տակ ընկած պատանին էր— Բարսեղը։ Մտնելուն պես նա բարի լույս մաղթեց աղա Գրիգոր Մոսեիչին և համբուրեց նրա ձեռքը։ [ 371 ]

— Ա՜, փողի համա՞ր ես եկել,— ասաց ժպտալով «բարերարը»։— Ա՜յ, իսկույն, իսկույն... Պիտի ներես ինձ, որ այսօր միասին չկարողացանք թեյ խմել, որովհետև տեսնո՞ւմ ես՝ ինչքան գործեր ունեմ, հաշիվները ստուգում եմ, սարսափելի զբաղված եմ...

Այդ տեսնելով, նա դուրս քաշեց գրասեղանի արկղիկը, հանեց մի կույտ թղթադրամներ և համարելով հիսուն ռուբլի, տվավ նրան։

Բարսեղը խոնարհությամբ առավ և դարձյալ համբուրեց նրա ձեռքը։ նա միշտ այդպես էր անում, երբ ամեն կիրակի ստանում էր յուր «բարերարից» յուր շաբաթական անպակաս ռոճիկը— հիսուն ռուբլին։

— Բայց տես, Բարսեղ,— ասաց աղա Գրիգոր Մոսեիչը,— ճաշին ոչ մի տեղ չգնաս և շուտ տուն գաս, որովհետև գու գիտես, որ առանց քեզ ոչ կարողանում եմ ճաշ ուտել և ոչ երկար ժամանակ մենակ մնալ։

— Ես ինչպե՞ս կարող եմ ճաշին ուրիշ տեղ գնալ կամ շուտ տուն չգալ, աղա Գրիգոր Մոսեիչ, քանի որ իմ պարտականությունն է միշտ ձեր խոնարհ ծառան լինել և անպայման լսել ձեր հրամանները,— պատասխանեց Բարսեղը այն, ըստ երևույթին կեղծ խոնարհությամբ, որ նա միշտ ցույց էր տալիս յուր «բարերարին»։

— Այժմ ո՞ւր ես գնում,— հարցրեց նրան աղա Գրիգոր Մոսեիչը։

— Զբոսնելու։

— Հա՛, եղանակը գեղեցիկ է, ուզում ես փոքր-ինչ ազատ օդ շնչել... Գնա՛, գնա՛, սիրելիս, գնա՛ զբոսնիր, թող սիրտդ բացվի... ես եմ, որ այլևս առաջվա նման տնից շուտ-շուտ չեմ կարողանում դուրս գալ։

Բարսեղը երրորդ անգամ համբուրեց յուր «բարերարի» ձեռքը և դուրս գնաց նրա առանձնասենյակից։

Երկու րոպեից հետո բարակ, ճկուն ձեռնափայտը կռան տակին և դանդաղ կերպով հագնվելով կաշվե գեղեցիկ ձեռնոցները, նա փքված իջնում էր աղա Գրիգոր Մոսեիչի տան կարմիր շորով պատած ոլորապտույտ սանդուղքներով։ Սպասավորը իսկույն հարգանքով բացեց նրա առաջ դուռը, և նա դուրս գնաց փողոց։ Այդ րոպեին փողոցով անցնում էր մի [ 372 ] դատարկ կառք։ Նա ձեռքով արավ։ Կառքը կանգնեց։ Նա նստեց և հրամայեց քշել։

Այդ միջոցին փողոցով անցնում էր նրա հասակին և նրա պես կոկ հագնված մի երիտասարդ։ Նա կանգնեց, որ կառքն անցնի, բայց տեսնելով Բարսեղին, կանչեց․

— Վա՛հ, Վասո՞...

— Բարի լույս, Բախշո,— կանչեց կառքի միջից Բարսեղը։

— Կանգնեցնել տուր, տո՛, բան եմ ասում։

Բարսեղը կառքը կանգնեցնել տվեց և դարձավ դեպի Բախշոն, որը շտապով մոտեցավ նրան։

— Հը՛, ի՞նչ ես ասում,— հարցրեց նա։

— Ո՞ւր ես գնում։

— Ի՞նչ ես հարցնում։

— Չէ, այնպես եմ ասում։

— Մի տեղ։

— Ո՞ւր։

— Քեզ ի՞նչ։

— Թե ման գալու ես գնում, ինձ էլ տար։

— Չէ, ման գալու չեմ գնում։

— Բա՞ս։

— Վա՜հ, քեզ ի՞նչ։

— Բաս այս գիշերը չե՞ս գալ։

— Ո՞ւր։

— Այնտեղ։ ֊ Ո՞ւր, է՛։

— Մաշոյի ու Նադիայի մոտ։

— Տեսնեմ... չէ՛, չեմ կարող գալ։

— Ինչի՞։

— Գործ ունիմ։

— Ի՞նչ գործ ունիս։

— Վա՜հ, քա՞նի հարցնես, տո՞, քեզ ի՞նչ, թե ինչ գործ ունեմ։

— Բագրատն էլ է գալու, գիտե՞ս։

— Ի՞նչ անեմ։

— Բաս չե՞ս ասում, էլի՜, ուր ես գնում։ [ 373 ]

—Է՜հ․ զահլա մի տանիր․․․ Մնաս բարով, մնաս բարով։

Եվ նա կառքը քշել տվեց, որի հետևից խեղճ Բախշոն մնաց նայելով

Քառորդ ժամից հետո կառքը կանգնեց Ս... թաղում գտնված երկհարկանի մի գեղեցկաշեն տան առաջ։ Բարսեղը ցած թռավ, վճարեց կառապանին և քաշեց տան զանգակը։ Մի րոպեից հետո ծառան բացեց դուռը, և նա գրեթե վազելով սանդուղքներով բարձրացավ վերև, շտապով բացելով հենց այնտեղ ևեթ գտնված դուռը, ներս մտավ բավական գեղեցիկ զարդարած մի սենյակ, որտեղ իսկույն աչքի էր ընկնում հմուտ և փափկասեր տանտիկնոջ նուրբ ճաշակը։ Սենյակում ոչ ոք չկար, բայց նա մտնելուն պես կից սենյակի դռան վարագույրները հանկարծ ետ քաշվեցան և սպիտակ, թեթև շորերով մի վիթխարի աղջիկ ներս ընկնելով, ուղղակի փաթաթվեցավ նրա վզովը։

— Վա՛սյա, Վա՛սյա, ինչի՞ դու այսպես ուշացար, քեզ սպասելով հոգիս դուրս եկավ,— կանչեց նա ռուսերեն լեզվով և սկսեց համբույրների կարկուտ թափել նրա դեմքի վերա։

֊ — Ընդհակառակը, սիրելիս, ես վաղ եմ գալիս,— յուր կողմից գրկելով համբուրելով նրան, պատասխանեց Բարսեղը, որ նրա ահագին գրկի մեջ մի երեխայի էր նմանվում։— Չէ՞ որ դեռ առավոտ է, և ես կարծում էի, թե դուք դեռ վեր կացած չեք լինիլ։

— Օ՜. ի՞նչ ես ասում, այսպես ուշ մի՞թե կարելի է քնած լինել, դեռ ո՞ւր մնաց, որ ողջ գիշերն իմ քունս չի տանում, երբ մյուս առավոտը դու պիտի գաս մեզ մոտ... Ես այս գիշեր բոլորովին չեմ քնել, չնայելով, որ պարահանդեսից այնպես ուշ վերադարձանք տուն։

Նա թողեց Բարսեղին և բռնելով նրա ձեռքերից, նստեցրեց գահավորակի վերա։

Նա բավական բարձրահասակ, հասունացած և փարթամ կազմվածքով մի օրիորդ էր, որի տարիքը քսանևերեքից եթե ոչ ավելի, պակաս էլ չէր կարող լինել։ Նա շիհակեր էր. կապտաչյա և կազմվածքին համեմատ՝ բավական տգեղ, այնպես որ, գոնե առաջին հայացքից, նրա մեջ օրիորդական ոչինչ չէր երևում։ Տգեղությունը ծածկելու համար՝ նրա թխլիկ, [ 374 ] լայն դեմքը կրում էր մեծ քանակությամբ կարմիր և սպիտակ դեղեր, բայց որոնց հետ Բարսեղը բնական միախառնված սպիտակությունն ու կարմրությունը հավասարապես մրցում էին։ Նրա թե՛ շարժվածքների, թե՛ խոսակցության, ձայնի եղանակի, թե՛ սպիտակ, կարճ և ձեռքերն ու կուրծքը բաց հագուստի և թե՛ վերջապես շեկ մազերի սանրվածքի մեջ իսկույն նկատվում էր, որ նա ամեն ջանք գործ է դնում արվեստականապես գրավելու,— մի բան, որ հատուկ է միայն ուրիշի գեղեցկությանը սաստիկ նախանձախնդիր տգեղ աղջիկներին և կիներին, որովհետև կնոջը ոչինչ այնքան բարոյական տանջանք չէ պատճառում, որքան յուր տգեղությունը և ուրիշի գեղեցկությունը, և, ընդհակառակը, կինը ոչ մի դեպքում այնքան երջանիկ չէ համարում իրեն, որքան երբ ինքը գեղեցիկ է, իսկ յուր հակառակորդուհին զուրկ այդ երկնային տուրքից։

— Բայց ո՞ւր է մայրդ, Օլյա,— հարցրեց նրան Բարսեղը։

— Մայրի՞կս.․. մայրիկս իսկույն կգա... ահա՛ նա։

Մյուս սենյակից մի ինչ֊որ ծանր, հպարտ քայլերով ներս մտավ բարձրահասակ և հասակին համապատասխան հաստ կազմվածքով մի կին։ Չնայելով, որ նրա տարիքը հիսունից այնքան էլ հեռու չէին, բայց յուր սպիտակ, թեթև խորշոմներով ծածկված դեմքի վերա և առողջ կազմվածքի մեջ նա տակավին կրում էր յուր երիտասարդական աշխուժությունն ու թարմությունը։ Նրա թուխ մեծ֊մեծ աչքերի և համարձակ հայացքի մեջ նկատվում էր, որ նա մի ժամանակ կանացի շատ «չարություններ» էր արել և երևում էր, որ այժմ էլ հեռու չէր այդպիսի «չարություններից», որին ապացույց էր նրա թեպետև սև, բայց նորաձևության համեմատ ձևած և կազմվածքի վերա կանգնած շորը։

— Ա՜, բարև ձեզ, Վասիլի Պետրովիչ,— ասաց նա հայերեն ղարաբաղցու և թիֆլիսցու մի տեսակ խառնած բարբառով և քաղցրալիր ժպիտով մեկնեց դեպի նա յուր ձեռքը։

Բարսեղը, որ նրա մտնելուն պես վեր էր կացել և դիմավորել էր նրան, համբուրեց նրա ձեռքը, պատասխանելով նրա բարևին, և ավելացրեց.

— Երեկ երեկոյան դուք ինձ ասացիք, որ այսօր ինձ հետ [ 375 ] մի շատ կարևոր խոսելիք ունիք և ահա այդ պատճառով ես այժմ եկել եմ ձեզ մոտ, տիկին Դարիա Կիրիլովնա։

— Այո, ես ձեզ հետ այժմ շատ կարևոր խոսելիք ունեմ, պ. Վասիլի Պետրովիչ,— պատասխանեց Դարիա Կիրիլովնան, նստելով գահավորակի վերա։

— Նստեցեք խնդրեմ։

Բարսեղը նստեց նրա դիմացը, բազկաթոռի վերա։

— Մայրիկ, խոսեցեք ռուսերեն, ես հայերեն չեմ իմանում,— ասաց Օլյան, որ պատրաստվում էր նստելու Բարսեղի կողքին։

— Ո՛չ, Օլյա,— պատասխանեց մայրը,— քեզ համար ավելորդ է այն, ինչ֊որ ես այժմ պիտի ասեմ պ. Վասիլի Պետրովիչին... և դու լավ կանես, եթե դուրս գնաս մյուս սենյակը։

— Ինչի՞, մայրիկ... ես այստեղ կմնամ, միևնույն չէ՞, ես խո հայերեն չեմ իմանում...

— Ես քեզ ասում եմ՝ դուրս գնա, մինչև որ կվերջացնենք մեր խոսակցությունը։

— Մի՞թե դուք ինձ գաղտնիք ունիք հայտնելու, տիկ. Դարիա Կիրիլովնա,— զարմացած այդ նախազգուշությունից՝ հարցրեց Բարսեղը։

— Այդ իսկույն կիմանաք,— պատասխանեց նրան Դարիա Կիրիլովնան և նորից դարձավ դեպի աղջիկը.— Օլյա՛, չե՞ս լսում...— Օլյան անբավական կերպով մի ինչ֊որ փնթփնթաց քթի տակ և դուրս գնաց դեպի մյուս սենյակը։

Զ

Տիկին Դարիա Կիրիլովնան (հայերեն Փառանձեմ) ղարաբաղցի հայ հարուստ ընտանիքներից մինի աղջիկն էր։ Նրա հայրը ծագում էր Ղարաբաղի մի հին մելիքից, որ այդ երկրի պատմության մեջ հայտնի էր իբրև ազգի դավաճան։ Օրիորդ Փառանձեմը յուր ծնողների միակ զավակն էր, և այդ պատճառով ծնողները իրենց բոլոր սերը կենտրոնացրել էին միայն նրա վերա։ Նա շատ գեղեցիկ էր, գրեթե ամենաառաջին գեղեցկուհին իրենց քաղաքի մեջ, և դեռ տասնևչորս տարեկան ժամանակ, ինչպես այդ հատուկ է Ղարաբաղի սերնդին, [ 376 ] նա ուներ մի այնպիսի հասակ և կազմվածք, որի նմանն ունենում են միայն քսան տարեկան արդեն հասունացած օրիորդները։ Գեղեցկության հետ նա ուներ հայ փափուկ սեռին ոչ հատուկ համարձակություն և բաց բնավորություն։ Եվրոպական «քաղաքականությունը» չէր կարող լինել դրա պատճառը, որովհետև կանանց կապանքներն արձակող այդ բարերար և միևնույն ժամանակ զորեղ ույժը այն ժամանակներում տակավին ներս չէր մտել Ղարաբաղի սահմանները, այլ այդ մի բացառություն էր հայ իգական սեռի դարավոր նահապետական սովորության և հատկության։ Ինչևիցե. բայց յուր այդ բաց և համարձակ բնավորության համար օրիորդ Փառանձեմին իրենց «ասիական խավարամտությամբ» բոլորն ատում էին, իբրև հայի սուրբ նահապետականությունը պղծող մի լիրբ աղջկա։ Ծնողները չար լեզուներին նյութ չդառնալու համար, որքան էլ աշխատում էին խրատներով զսպել նրան, բայց այդ խրատները նրա մի ականջից ներս էին մտնում և մյուսով— դուրս գալիս։

Մի օր ծնողները լսեցին, որ աղջիկը գիշերով փախել է մի աստիճանավորի հետ, որ շատ ժամանակ չէր, ինչ եկել էր նրանց քաղաքը մի ինչ֊որ առանձին պաշտոնով և բնակվում էր նրանց տան կողքին։ Այդ լուրը լսելուն պես հայրն յուր մարդիկներով ընկավ փախստական աղջկա հետևից և կիսաճանապարհին բռնելով նրան, ետ դարձրեց տուն չնայելով նրան փախցնող աստիճանավորի ընդդիմություններին։ Աստիճանավորը դիմեց դատարանին և այս անգամ օրենքով առավ աղջկան, որովհետև աղջիկը նրան սիրում էր և համաձայն էր նրա հետ գնալու։ Աղջիկը յուր սիրած աստիճանավորի հետ գնաց Թիֆլիս և պսակվեցավ նրա հետ։ Այնուհետև նա կոչվեց ոչ թե Փառանձեմ (որ նրա ամուսինը չէր կարողանում արտասանել), այլ Դարիա Կիրիլովնա։ Նա ունեցավ չորս զավակ (երկուսն երկվորյակներ), որոնցից բախտ ունեցավ մնալու այս աշխարհիս երեսին միայն մեկը- Օլյան։

Բայց ահա սկսվեց 1878֊ի ռուս֊թուրքական մեծ պատերազմը։ Ամուսինը գնաց պատերազմի դաշտ և այլևս չվերադարձավ, և խեղճ Դարիա Կիրիլովնան մնաց այրի յուր տասնևհինգ տարեկան Օլյայի հետ։

Ղարաբաղցի երբեմնի օրիորդ Փառանձեմը առաջին շաբաթներում [ 377 ] շատ լաց եղավ, շատ տանջվեց թշնամու գնդակին զոհ գնացած ամուսնու վերա, բայց հետո փոքր առ փոքր մոռացավ նրան և գաղտնի կերպով սկսեց սիլի֊բիլի անել մի քանիսների հետ, որոնք ունեին փոքրիկ, բայց ձիգ, ոլորած բեղեր և մեղրածոր, բարակ շրթունքներ... Ոչ ոք, իհարկե, չէր կարող և իրավունք չուներ նրան դատապարտելու այդ անմեղ հանաքի համար, քանի որ հարկավոր էր չար բախտից վրեժ առնել, որ իրեն այդպիսի երիտասարդ հասակում զրկել էր անդորր կյանք վարելու և նրա պերճությունները վայելելու։ Նա վեհ սրբազան ցնորքներով կերակրվող կին չէր, գաղափարական աշխարհը նրա համար միևնույն նշանակությունն ուներ, ինչ որ ծխախոտի ծուխը․ նա ապրում էր իրական կյանքում, իրական կյանքից էլ նա ուզում էր օգուտ քաղել։ Բացի այդ բոլորից, նրան և յուր զավակին հարկավոր էր ապրուստի միջոց, որովհետև, ինչպես նա ամենքին հավատացնում էր, արքունի թոշակը, որ նշանակել էին նրա ամուսնու մահից հետո, իրենց չէր բավականանում։ Փափկակեցությունը և շռայլ կյանքը նա սաստիկ սիրում էր, այնպես որ թե՛ թոշակը և թե յուր բազմաթիվ դոն-ժուաններից ստացած գումարները ձեռաց գոլորշիանում էին, և նա դեռ սկսում էր պարտքեր էլ անել։

Սակայն անգութ, անխոնջ ժամանակը գլորվելով միշտ առաջ, տանում էր յուր հետ նրա երիտասարդական սիրուն, ծաղկափթիթ գարունը, և Ադոնիսները հետզհետե հրաժեշտ էին տալիս մեր Աֆրոդիտեից։

Այնինչ Օլյան, չնայելով որ արդեն մեծ էր, բայց դարձյալ մեծանում էր, մինչև որ վերջապես դարձավ բավական հասունացած օրիորդ, երբ նրան հարկավոր էր ամուսնացնել։ Բայց, դժբախտաբար, բնությունն այստեղ ևս պատժել էր տ. Դարիա Կիրիլովնային, պարգևելով նրան տգեղ աղջիկ, իսկ տգեղ աղջկան փեսացուներն այնքան էլ շուտ չեն հափշտակում։ Մայր և հայր գեղեցիկ էին, բայց ինչի՞ նրանց աղջիկը տգեղ էր — այդ ոչ ոք չէր կարողանում հասկանալ. մնում էր միայն բոլոր մեղադրանքը բարձել խեղճ բնության վերա, որն երբեմն սիրում է այդպիսի անհասկանալի խաղեր խաղալ մարդկանց հետ։ [ 378 ]

Տարիներն անցնում էին, և խեղճ Օլյան քացախում էր միշտ օրիորդ մնալով։ Ո՛չ մի միջոց՝ գեղադեղերից սկսած մինչև արվեստական կերպով քայլելն ու խոսելը՝ չէր օգնում նրան փեսացուներ որսալու։ Արդյոք ճակատագի՞րն էր այդպես որոշել, թե ուրիշ բան էր դրա պատճառը, որովհետև, այնուամենայնիվ, լինում են տգեղ օրիորդներ, որոնք այսպիսի միջոցներով հասնում են իրենց նպատակին — այդ խեղճ Օլյան չէր կարողանում հասկանալ, միայն նա ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե կանգնում էր հայելու առաջ, նայում էր յուր դեմքին և սկսում էր սգալ, աղի արտասուք թափել (մանավանդ առավոտյան, երբ երեսը նոր էր լինում լվացած), տրտնջալով աստծո դեմ, որ նրան էլ ուրիշների պես գեղեցիկ չէր ստեղծել։

Աղջիկը գլխավորապես երկու դեպքում միայն բախտ կարող էր ունենալ ամուսնանալու. առաջինը՝ երբ գեղեցիկ է, և երկրորդ՝ երբ փող ունի (սակայն վերջին դեպքն ավելի հաղթող է հանդիսանում).— այդ երկու դեպքումն էլ, ասում եմ, աղջիկը միշտ կարող է հասնել յուր նպատակին, բայց ցավալին այն էր, որ խեղճ Օլյան ոչ այս ուներ և ոչ այն։ Մայրը, որ պակաս չէր մտատանջվում աղջկա անհաջողության մասին, հույսը դրել էր երկրորդ դեպքի վերա։— Բայց փո՞ղ.․․ իհարկե, նա յուր աղջիկը ոչ մի դեպքում չէր տալ (և Օլյան էլ լայեղ չէր անիլ) ոչ լոթի գրագրի և ոչ հասարակ աստիճանավորի։ Ի՞նչ աներ խեղճ այրի կինը— թոշակը քիչ էր, դոն-ժուանները բոլորը հեռացել էին, պարտք ուներ, առանց այն էլ պարտք շատ ուներ, և ոչ ոք էլ չէր տալ, իսկ տան թանկագին կահ-կարասիները նա ոչ մի դեպքում չէր ծախծխիլ։ Խեղճ Դարիա Կիրիլովնան ամեն հույս կտրած, թե ինքն երբևիցե կարող է փեսա ունենալ, ձեռքերը լվաց և ետ նստեց, ամեն բան բախտի բերմունքին թողնելով։

Եվ իրավ որ բախտը վերջապես հասավ նրան օգնության։

Ահա՛ թե ինչպես։

Թիֆլիսում ոչ մի մագազին չկար, որ ծանոթ չլիներ Դարիա Կիրիլովնային և նրա աղջկան։ Ի՞նչ ասել կուզե, որ այդ մագազիններից մի հայտնի տեղ էլ բռնում էր աղա Գրիգոր Մոսեիչի մագազինը, ուր Կիրիլովնան յուր աղջկա հետ միշտ [ 379 ] հաճախում էր և միշտ իրեր էր գնում այնտեղից։ Աղա Գրիգոր Մոսեիչից բռնած մինչև ամենավերջին աշակերտը ծանոթ էին նրա և աղջկա հետ, իբրև մշտական հաճախորդների հետ։ Ծանոթ էր, իհարկե, և՛ Բարսեղը։

Մի անգամ Օլյան ուղղակի հայտնեց մորը, որ ինքը սաստիկ սիրահարված է Բարսեղի վերա և առանց նրան ապրել չէ կարող։ Այդ այն ժամանակն էր, երբ Դարիա Կիրիլովնան արդեն հույսը կտրել էր, թե յուր աղջիկն երբևիցե կարող է ամուսնանալ, և երբ Բարսեղն արդեն յոթերորդ տարին գտնվելով աղա Գրիգոր Մոսեիչի մոտ, մագազինում աղայից հետո երկրորդ տեղն էր բռնում։ Այդ էլ մի ուրիշ ցավ Դարիա Կիրիլովնայի համար, որովհետև, չնայելով որ նա ուրիշ անգամ ոչ մի կերպ չէր համաձայնիլ յուր աղջիկը գործակատարի տալու, բայց այժմ համոզված էր, որ, ընդհակառակը՝ գործակատարը չէր համաձայնիլ նրա տգեղ և անփող աղջիկն ուզելու, մանավանդ Բարսեղը, որ յուր տղա տեղովը հազար անգամ գեղեցիկ էր նրա աղջկանից և ընդնմին աղա Գրիգոր Մոսեիչի աչքի լույսը... Այդ նրան սաստիկ կատաղեցնում էր, իսկ մյուս կողմից նրան հանգիստ չէր տալիս սիրահարությունից գժված աղջիկը, որ բաց և համարձակ սպառնում էր թունավորել իրեն, եթե նա Բարսեղին անպատճառ չէր սիրահարեցնիլ յուր վերա և չէր ամուսնացնիլ յուր հետ (երևի նա մոռացել էր յուր տգեղությունը)։ Մայրը թե՛ ստիպված էր և թե՛ ավելորդ չհամարեց փորձել։

Մի անգամ նա գնաց աղա Գրիգոր Մոսեիչի մագազինը մի ինչ֊որ գնելու պատրվակով և երկար ժամանակ Բարսեղի հետ առանձնապես բարեկամացած քաղցր զրույց անելուց հետո ամեն կողմից գովեց նրան, հայտնեց, որ շատ ուրախ կլինի նրա պես մի երիտասարդ բարեկամ ունենալու և վերջիվերջո խնդրեց նրանից, որ մի անգամ, երբ կամենա, շնորհ անե յուր տուն։ Բարսեղը գործակատարներին հատուկ նուրբ թափանցողությամբ իսկույն ևեթ հասկացավ Դարիա Կիրիլովնայի գաղտնի մտադրությունր և նրա հրավերի նպատակը, իհարկե այն տեսակետից, ինչ տեսակետից, որ նա ճանաչում էր այդ կնոջը... նա ուրախանալով, որ իրեն համար զվարճության մի նոր տեղ ևս ավելացավ, խոսք տվեց և գնաց նախապես ստացած հասցեով։ Նրա առաջ դուրս եկավ [ 380 ] Օլյան մի ինչ-որ կարճ, սպիտակ, թափանցիկ և ամբողջ կուրծքն ու ձեռքերը բաց հանդերձով, որ Դարիա Կիրիլովնան կարել էր տվել առանձնապես այդ օրվա համար, որպեսզի գոնե այդպիսով հափշտակեցնել տա Բարսեղին յուր տգեղ աղջկա վերա։ Եվ իրավ, որ Բարսեղն, ինչպե՞ս եղավ, հենց առաջին հայացքից հիացավ նրանից, իհարկե, երիտասարդական այն կրքով, ինչ կրքով որ կարող է հիանալ նրա չափ տղան մի գրեթե կիսամերկ, հասունացած, փարթամ աղջկանից, ինչքան էլ որ կուզե տգեղ լինի նա։ Նախագիծը լավ անցավ։ Այնուհետև Բարսեղը, աղա Գրիգոր Մոսեիչից թաքուն, սկսեց գրեթե ամեն օր այցելել յուր նոր բարեկամներին և հետզհետե սերտ կերպով կապվել նրանց հետ։ Դարիա Կիրիլովնայի ուրախությանը չափ չկար, իսկ Օլյան արդեն կանգնած էր Ոլիմպոսի վերա։ Նա Բարսեղի առաջ դուրս էր գալիս միշտ առաջին օրվա հանդերձով, որ վերջինս շատ հավանել էր։ Դարիա Կիրիլովնան մեծ մասամբ նրանց մենակ էր թողնում։ Օլյան թռչնիկի նման թռչկոտում էր Բարսեղի առաջ, երեխայի նման վազվզում էր, շինծու, բարակ, քնքուշ ձայնով երգում էր, աշխատելով որքան կարելի է մերկ, բայց չաղ պարանոցը գեղեցիկ կերպով ծռել և բերանը փոքրիկ ու կլորիկ կերպով բացել, ժպտում էր, ծիծաղում էր, կրկչում էր և հազար ու մի, իբրև թե, անմեղ չարություններ էր անում, մի րոպե անգամ չկասկածելով, որ այդ բոլորից և ոչ մեկը չէր սազում իրեն։ Վերջապես մի անգամ, այլևս չկարողանալով զսպել իրեն, նա ուղղակի ընկավ Բարսեղի գիրկը և հայտնեց նրան յուր բոցավառ սերը։ Բարսեղը խոսք տվեց նրա հետ ամուսնանալու, միայն եթե նրա մայրը կհամաձայներ։ Դարիա Կիրիլովնան սկզբում իրեն շատ զարմացած ձևացրեց, իբրև թե բոլորովին չէր սպասում այդ բանը և վերջը թեթև կերպով նախատելով Բարսեղին, որ նա խլում է յուր միակ, ամենասիրելի աղջիկը, տվեց յուր համաձայնությունը։ Սիրո՞ւմ էր արդյոք Բարսեղն Օլյային, ո՛վ գիտե... միայն նա քանի տեսնում էր այդ հասունացած, փարթամ օրիորդին յուր սպիտակ, թափանցիկ շորի մեջ բաց կրծքով և ձեռքնրով, նա անհուն ցանկություն էր զգում նրան տիրանալու։

Սակայն Դարիա Կիրիլովնան, որքան էլ հույսը կտրած ունենար ուրիշ փեսացուներ ունենալուց և որքան էլ բռնադատված [ 381 ] լիներ աղջկանից — այնքան էլ անհեռատես կին չէր, որ յուր աղջիկը ձգեր մի քսանևերկու տարեկան դառ ու դատարկ տղայի ձեռքը, մանավանդ, որ ինքն էլ նպատակ ուներ օգուտ քաղելու փեսայի հարստությունից։ Մի բան կար, որ նրան մեծ հույս էր տալիս հարստության վերաբերությամբ Բարսեղի կողմից, և հենց այդ բանի համար էլ կանչել էր նրան։

Է

— Վասիլի Պետրովիչ, ահա մի ամբողջ տարի է, ինչ դուք սիրում եք իմ աղջկան, որն յուր կողմից սիրում է ձեզ։ Այժմ՝ դուք երկուսդ էլ պիտի ստանաք իմ օրհնությունը և կապվեք միմյանց հետ ամուսնական կապերով։ Սակայն մի բան կա, և ահա ինչ։ Դուք, ինչպես ինձ ասել եք, աղա Գրիգոր Մոսեիչը խղճալով ձեզ վերա, որդեգրել է ձեզ։ Սակայն, բանը սրանումն է, որ նախքան ձեր իմ փեսա լինելը, ես ձեզ մի պայման պիտի առաջարկեմ, որին չեմ կարծում, որ հանձնառու չլինիք գեթ նրա համար միայն, որպեսզի ոտի կանգնեցնեք ձեր ընկած պատիվը․․․

— Ի՞նչ պայման, հարգելի՛ տիկին,— հարցրեց զգացված Բարսեղը։— Ինչ էլ որ լինի դա, ես այժմին իսկ պատրաստ եմ ընդունելու...

— Դուք պիտի թողնիք աղա Գրիգոր Մոսեիչին,— ծանրությամբ պատասխանեց Դարիա Կիրիլովնան։

— Թեկուզ հենց այժմ, այս րոպեիս,— կանչեց Բարսեղը...

— Բայց ի՞նչպես,— նույն եղանակով վրա բերեց Դարիա Կիրիլովնան.— դառ ու դատա՞րկ... Դուք չե՞ք ուզում արդյոք վրեժխնդիր լինել այն մարդուց, որ պատճառ է եղել ձեր պատիվն այդպես ոտնակոխ լինելուն...

— Վրեժխնդի՞ր... ես ի՞նչ կարող եմ անել,— զարմացած հարցրեց Բարսեղը։

— Դուք շատ բան կարող եք անել, եթե միայն ուզենաք... Արդյոք ուզո՞ւմ եք վրեժխնդիր լինել ձեր անվանարկողից, ասացեք ինձ։ [ 382 ]

— Բայց ի՞նչպես,— ավելի ու ավելի զարմանալով և մինչև անգամ վախենալով հարցրեց Բարսեղը։

— Ո՛չ, մի վախենաք, ես չեմ ասում, թե սպանեցեք նրան,— այդ թե՛ մեծ անմտություն կլինի և թե՛ մահապարտ հանցանք... Ո՛չ, դուք ուրիշ կերպ, ուրիշ միջոցով պիտի վրեժխնդիր լինեք, որը ձեզ համար այնքան հեշտ է, որպես հաց ուտելը, և բացի դրանից այնքան օգտավետ, որքան մի ահագին ջանք։

— Ի՞նչ պիտի անեմ, ես չեմ հասկանում...

— Դուք պիտի խլեք աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը,— ծանր և շեշտելով ասաց Դարիա Կիրիլովնան։

Բարսեղն այդ խոսքերի վերա միայն չռեց աչքերը, բացեց բերանը և գլուխն առաջ բերելով, ապուշի նման սկսեց նայել նրա դեմքին. նա ոչ մի խոսք չկարողացավ արտասանել։

— Դուք նայում եք ինձ սաստիկ զարմացած և ուզում եք հարցնել՝ ինչպե՞ս։ Ահա՛, թե ինչպես,— շարունակեց Դարիա Կիրիլովնան, ձայնին խորհրդավոր եղանակ տալով։— Դուք, իհարկե, աղա Գրիգոր Մոսեիչի սիրելին եք, նա ձեզ սիրում է այնպես, ինչպես յուր աչքի լույսը, և հենց այդ բանից դուք օգուտ պիտի քաղեք տիրանալու նրա բոլոր կարողությանը, այսինքն՝ այնպես պիտի անեք, որ նա յուր բոլոր կարողությունը ձեզ կտակե, կամ, ինչպես ասում են, ձեզ վերա հաստատե։

— Բայց... նա ժառանգներ ունի, տիկին... նա հարազատ որդիք ունի,— ասաց Բարսեղը։

— Գիտեմ, գիտեմ, բայց նա նրանց չէ սիրում, նրանց ատում է, որպես ամենաոխերիմ թշնամիներին...

— Դուք ի՞նչ գիտեք այդ։

— Շատ քիչ գաղտնիք կա, որ ծածուկ լինի ինձանից...

— Բայց մի՞թե օրենքով որդիքը չեն նրա ժառանգները, որոնց միայն պիտի պատկանի նրա կարողությունը... Նա կին էլ ունի...

— Դուք դեռ երիտասարդ եք և, ներեցեք ինձ, ոչինչ չեք հասկանում,— ժպտալով պատասխանեց Դարիա Կիրիլովնան։— Օրենքն այդտեղ ոչինչ գործ չունի. ամեն բան կախված է աղա Գրիգոր Մոսեիչի կամքից. ո՛ւմ կամենա, նրան [ 383 ] կշինե յուր ժառանգը և նրան կկտակե յուր կարողությունը։ Իսկ այդ բանում աղա Գրիգոր Մոսեիչի նման մարդիկ բոլորովին զանազանություն չեն դնում օտարների և հարազատ որդկերանց մեջ։ Կրկնում եմ՝ դուք այնպես պիտի անեք, որ աղա Գրիգոր Մոսեիչը յուր բոլոր կարողությունը ձեզ կտակե կամ ձեզ վերա հաստատե։

— Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս,— անհամբերությամբ հարցրեց Բարսեղը, որին այդ միտքը հետզհետե սկսել էր դուր գալ:

— Թեպետ այդ բանի մասին դուք ինքներդ անձամբ ուղղակի կարող էիք նրա հետ խոսք բանալ,— ասաց Դարիա Կիրիլովնան,— բայց այդ փոքր-ինչ հանդուգն քայլ կլիներ, որ շատ կարելի է հոնքն շինելու տեղ աչքն էլ փչացներ... Աղա Գրիգոր Մոսեիչից որևիցե բան և առավել ևս բոլոր կարողությունը կորզելու համար հարկավոր է մի այնպիսի միջոց, որ ինքը ստիպված՝ հոժարակամ, յուր ձեռքովն անե այդ բանը։ Եվ մի այդպիսի միջոց ես արդեն մտածել եմ, որն եթե հմուտ կերպով գործ դրվի, ես կարծում եմ, մինչև անգամ համոզված եմ, որ գործը շատ հաջող կանցնի, և դուք կհասնեք ձեր նպատակին...

— Ի՞նչ միջոց,— շտապով հարցրեց Բարսեղը, որ մեծ հետաքրքրությամբ լսում էր նրան։

— Լսեցեք։ Այդ բանում դուք մի մարդ պիտի մեջ գցեք։ Այդ մարդը պիտի ունենա ճարտար լեզու և շատ մոտ պիտի լինի աղա Գրիգոր Մոսեիչին այնպես, ինչպես մի բարեկամ։ Այդ մարդը աղա Գրիգոր Մոսեիչին պիտի սկսե զանազան շինծու պատմություններ անել, որ իբրև թե նրա կինն ու որդիքը ամեն տեղ և ամենքի մոտ տրտնջում են նրանից, պատմում են, թե նա շատ անպիտան, գարշելի մարդ է... Մի խոսքով՝ ամեն կողմից խայտառակում են նրան— և այդպիսով առավել ևս զարթեցնի նրա ատելությունը դեպի կինն ու որդիքը: Վերջ ի վերջո այդ մարդը, իբրև կարեկից բարեկամ, յուր կողմից պիտի ակնարկե նրան, որ նրանք, այսինքն— կինն ու որդիքը շատ կարելի է օր առաջ թունավորեն նրան, որպեսզի նա չկարողանա յուր կարողությունը ձեզ կտակել, այլ իրենց մնա։ Թեկուզ նա մտադիր էլ չլինի յուր կարողությունը ձեզ կտակելու, այդ վերջին հանգամանքից — որ նրան [ 384 ] շատ հավանական կթվի—բոլորովին կկատաղի և, ես համոզված եմ, ջգրու կանե այդ բանը, այսինքն— յուր բոլոր կարողությունը ձեզ կկտակե։ Հասկացա՞ք ինձ։

— Այո՛,— պատասխանեց Բարսեղը, որ երկու ականջը չորս էր շինել։

— Բայց դժվար խնդիրը սրանումն է,— ասաց Դարիա Կիրիլովնան,— թե արդյոք ունի՞ք մի այդպիսի մարդ, որ աղա Գրիգոր Մոսեիչին մոտ լինելով հանդերձ, մոտ լիներ և ձեզ... Ունի՞ք. Վասիլի Պետրովիչ, այո՞։

— Այդպիսի մարդ... ո՞վ ունիմ,— ընկավ մտածմունքի մեջ Բարսեղը։— Ո՞վ կա... ոչ, չունիմ... Բայց ո՜չ, ունիմ, ունիմ,— հանկարծ ուրախությամբ կանչեց նա տեղից վեր թռչելով։— Այդպիսի մարդ ունիմ, Դարիա Կիրիլովնա, ունիմ...

— Ունի՞ք,— շտապով հարցրեց Դարիա Կիրիլովնան, նույնպես տեղից վեր կենալով։

- Այո՛։

- Ո՞վ է։

— Մեկը, որ առաջին անգամ... ծանոթացրեց ինձ աղա Գրիգոր Մոսեիչի հետ։

— Եվ այդ մարդը մոտ է ձեզ։

— Այո՛։

— Նույնպես և աղա Գրիգոր Մոսեիչի՞ն։

— Այո՛։

— Եվ դուք չե՞ք կասկածում այդ մարդու վերա։

— Ի՞նչ կողմից։

— Որ նա չի դավաճանիլ աղա Գրիգոր Մոսեիչին, և նրա շահերն ավելի աչքի առաջ կունենա, քան ձերը։

— Նա մի այնպիսի մարդ է, որ փողի համար կդավաճանե մինչև անգամ իրեն։

— Ուրեմն դուք վստա՞հ եք նրա վերա:

— Ես վստահ եմ փողի վերա, որով նրան ամեն բան անել կտամ։

— Դե՛հ, երբ որ այդպես է, խոստացեք նրան բավականաչափ գումար, եթե նա այդ գործը գլուխ կբերե։

— Օ՜, նա անպատճառ գլուխ կբերե այդ գործը,— կանչեց Բարսեղը։— Նա այնպիսի մի լեզու ունի, որ ինչ ասես, [ 385 ] կանե... Շնորհակալ եմ. Դարիա Կիրիլովնա, շատ շնորհակալ եմ. դուք բացեցիք իմ աչքերս... Աղա Գրիգոր Մոսեիչին ես մի մազաչափ անգամ չեմ խղճալու... Ցտեսություն։ Ես շտապեմ հենց այսօր ևեթ տեսնելու իմ ասած մարդուն, որովհետև ուրիշ անգամ ժամանակ չեմ ունենալ։

— Սպասեցե՛ք, մի բան էլ ունիմ ասելու ձեզ,— պահեց նրան Դարիա Կիրիլովնան։— Մինչև գործի գլուխ գալը, աղա Գրիգոր Մոսեիչի հետ դուք պիտի վարվիք այնպես, ինչպես մինչև օրս էիք վարվում և ոչ մի բանով նրան կասկածելու տեղիք չպիտի տաք, որ իբրև թե դուք այդ բանի մասին մի մազաչափ անգամ տեղեկություն ունիք, հասկանո՞ւմ եք դուք ինձ։

— Այդ ես գիտեմ, Դարիա Կիրիլովնա, այդ ես գիտեմ...

Եվ Բարսեղն անհամբերությամբ սեղմելով նրա ձեռքը, ուզում էր շտապով դուրս գնալ, երբ հանկարծ մյուս սենյակից յուր ծանր ոտներով հատակը դնգդնգացնելով ներս ընկավ Օլյան և փաթաթվելով նրա վզովը, կանչեց.

— Վա՛սյա, Վա՛սյա, դու արդեն գնո՞ւմ ես... այսպես շո՞ւտ... վերջացրի՞ք ձեր գաղտնի խոսակցությունը։

— Այո, սիրելիս, այո,— կամաց, բայց հազիվ ազատվելով նրա ահագին, ծանր գրկից, ասաց Բարսեղը։— Այժմ շտապով գործ ունիմ և երեկոյան դարձյալ կգամ։

— Այո, երեկոյան անպատճառ եկեք և լուր բերեք, թե ինչպես է գնում գործը,— ասաց յուր կողմից Դարիա Կիրիլովնան։

— Անպատճառ կգամ, անպատճառ...

Եվ Բարսեղն այս անգամ համբուրելով թե՛ մոր և թե՛ աղջկա ձեռքը, շտապով դուրս գնաց սենյակից։

— Բայց տեսեք, Վասիլի Պետրովիչ, շատ զգույշ վարվեցեք,— կանչեց նրա հետևից Դարիա Կիրիլովնան։

Ը

Ամբողջ ութ տարի գտնվելով աղա Գրիգոր Մոսեիչի մոտ, Բարսեղը տակավին ոչ մի անգամ մտքովը չէր անցրել, թե ինքն երբևիցե կարող է տիրանալ նրա կարողության կամ նրա ժառանգը դառնալ, որովհետև չնայելով կյանքի և վաճառականական [ 386 ] արդեն հայտնի հիմնավոր ուսումնարանին, որի մեջ մեծանում էր նա, նրա ուղեղը տակավին այն աստիճան չէր ընդլայնել, զարգացել, որ կարողանար այդպիսի բաներ մտածել, օգուտ քաղելով բարեհաջող հանգամանքներից։ Եվ այժմ՝ Դարիա Կիրիլովնայի հայտնած խորամանկ և միևնույն ժամանակ ձեռնտու միտքը այն աստիճան գրավեց նրա սիրտն ու հոգին, որ մի րոպեում նա անհուն ցանկություն զգաց իրագործելու այդ միտքը։ Մի րոպեում նրա սրտի մեջ ծնվեց շահասիրության, շուտով հարստանալու անհուն ձգտում, մի ձգտում, որի բոլոր կախարդող ույժը կարող են հասկանալ միայն ժլատները և նրանք, որոնք փողի մեջ են միայն գտնում իրենց երջանկությունը, որոնք փողի համար են միայն ապրում և փողի համար մեռնում։ Այնպիսի րոպեներ են լինում, երբ հանկարծ մի որևիցե դեպքի ազդեցության տակ մարդու սրտի մեջ ծնվում են այդպիսի ձգտումներ, որոնք հետո փոքր առ փոքր սկսում են նպատակ դառնալ նրա ողջ կյանքի, մանավանդ, երբ այդ ձգտումներն իրագործելու համար ներկայանում են նրան բարեհաջող հանգամանքներ։ Այդպես՝ վառվռուն բնավորության տեր և երևակայություններով լի պատանին կամ երիտասարդը, լսելով կամ կարդալով մի որևիցե հայտնի աշխարհահռչակ բանաստեղծի մտքի հրաշալի արտադրությունը, մի րոպեում յուր սրտի մեջ անհուն ձգտում է զգում լինել բանաստեղծ, և այնուհետև այդ րոպեի խիստ ազդեցության տակ, այդ բանը նա իրեն նպատակ է շինում։ Նույնպիսի պատանի կամ երիտասարդը, տեսնելով արվեստագետ դերասանի հիանալի խաղը, ձգտում է լինել դերասան, կամ տեսնելով արվեստագետ նկարչի կենդանի նկարը, ձգտում է լինել նկարիչ։ Այդպես էր և Բարսեղը։ Նրան մինչև այդ րոպեն ծանոթ չէր շահասիրությունը, գոնե այն ուժով, ինչ ուժով որ պիտի հասկանալ այդ. բայց Դարիա Կիրիլովնայի միտքը և խորհուրդը լսելուն պես՝ այդ բանի սերմն ընկավ նրա երիտասարդ սրտի մեջ և մի րոպեում ահագին արմատներ բռնեց այնտեղ, մանավանդ, երբ տեսավ, որ իսկապես այդ միտքն ու խորհուրդն իրագործել շատ հեշտ է յուր համար։ Այդ րոպեից նա այլևս չէր հասկանում, թե ինչ է պատահում իրեն. նրա ամբողջ գոյությունը դարձել էր մի մարմնացյալ [ 387 ] միտք— շուտով տիրանալ աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությանը։

Դուրս գալով Դարիա Կիրիլովնայի տնից, նա շտապով նստեց մի կառք և հրամայեց քշել դեպի այն փողոցը, որտեղ գտնվում էր մեզ ծանոթ «շատ լավ մարդու» խրճիթը։ Հասնելով այնտեղ, նա կառքը կանգնեցնել տվեց մեծ փողոցում, ցած թռավ, վճարեց կառապանին և շտապով մտնելով նեղ փողոցը, կանգնեց Սարգսի խրճիթի առաջ, որ այժմ զառամյալ ծերունու նման գլուխը առաջ էր բերել և ամեն րոպե սպառնում էր անցնողին տակն առնելու։ Սակայն Բարսեղը դրա վրա ոչինչ ուշադրություն չդարձրեց և ուղղակի սկսեց ծեծել դուռը, որը ուրախությամբ տեսավ, որ ներսից էր փակած։ Դուռը ոչ ոք չբացեց։ Նա սկսեց խիստ ծեծել, ծեծեց և փոքրիկ լուսամուտը, բայց դուռը դարձյալ փակ մնաց։ Այդպես մոտ երկու րոպե անդադար և կատաղաբար ծեծում էր նա մերթ դուռը, մերթ լուսամուտը, վերջապես տեսնելով, որ ոչ ոք չի բացում, համբերությունից դուրս եկավ և հայհոյելով «շատ լավ մարդուն», պատրաստվում էր հեռանալ, երբ հանկարծ լսվեց սղնակի ձայնը, և դուռը ճռճռալով սկսեց բացվել։

— Սատկե՞լ ես, ի՜նչ է,— կանչեց Բարսեղը և առանց սպասելու, որ դուռը հանդարտ բացվի, ոտով սաստկությամբ այնպես խփեց նրան, որ նա ճռճռալով կռնակի վերա բաց եղավ և շրխկալով դիպավ պատին։

Շեմքում կանգնած էր Սարգիսը։ Նա նույն Սարգիսն էր, ինչ որ ութ տարի առաջ, նրա մեջ ոչինչ փոփոխություն չէր կատարվել, բացի արաբական դեմքի սև մազերից, որոնք թեթև կերպով սկսել էին ալեխառնվել և շորերից, որոնք առաջվանից ավելի վատթար դրության մեջ էին։ Քանի որ դեռ չգիտեր, թե ով էր իրեն այցելողը, որն այնպես սաստկությամբ ոտով խփեց առանց այն էլ աննախանձելի դռանը, նա յուր արաբական դեմքը սարսափելի կերպով խոժոռեց, բայց երբ հանկարծ տեսավ յուր առաջ Բարսեղին, իսկույն մի տեսակ զարմանքի և ուրախության արտահայտությունը ընդունեց և կանչեց յուր միևնույն խռպոտ ձայնով.

— Վա՜հ, Բարսե՛ղ... Դու ի՜նձ մոտ...

— Այո՛, ես քեզ մոտ, բայց դու ինձ համբերությունիցս [ 388 ] հանեցիր,— պատասխանեց Բարսեղը ներս մտնելով խրճիթը։— Այնքա՜ն ծեծեցի, որ հոգիս դուրս եկավ, հազար տարվա խուլ լիներ— կլսեր, քեզ ի՞նչ էր պատահել:

— Ներեցեք, ես քնած էի։

— Քնա՞ծ։

— Այո:

— Այս ժամանակ կքնե՞ն. արդեն կեսօր է։

— Ի՜նչ արած, եթե ես էլ ձեզ պես երիտասարդ լինեի և ձեզ պես իմ գրպանն էլ փողով լի լիներ, ես գիշերներն էլ չէի քնիլ, չէ՛ թե ցերեկը։ Բայց ես մի ծեր, աղքատ, պարապ մարդ եմ, որի համար ցերեկը ոչնչով չի զանազանվում գիշերից։ Ես այն ժամանակն եմ զարթուն լինում, երբ գրպանումս փող կա, հակառակ դեպքում ես միշտ քնած եմ լինում։

— Ուրեմն այսօր փող չունիս, որ քնել էիր:

— Մի գրոշ անգամ, մի գրոշ... Երեկվանից դես քաղցած սատկում եմ... Քաղցն էլի ոչինչ, գլխավորը օղի չունիմ, օ՛ղի... Նայեցեք՝ խեղճ շիշս դատարկ է... Այդ ա՛յն շիշն է, հիշո՞ւմ եք... երբ առաջին անգամ Թամամչյանի քարվանսարայի պատի տակից սառած ու սոված բերի ձեզ այստեղ և հաց պանիր տվի ձեզ ուտելու... այն հաց ու պանիրը դրված էր այստեղ, այս շշի կողքին, հիշո՞ւմ եք... Հա՛յ գիդի, հա՛... հիշո՞ւմ եք, թե ինչ դրության մեջ էիք այն ժամանակ, սառած, կապտած, շոր չունեիք հագներդ, սարսափելի կոնկոռնում էիք, ասում էիք, որ ամբողջ երեք օր ոչինչ չէիք կերել... իսկ ա՞յժմ— այժմ գեղեցիկ, կոկ հագնված եք. տաք, կուշտ, դեմքդ վարդի պես կարմիր, գրպաններդ փողով լի և ապրում եք, ինչպես թագավոր, ոչ ցավ ունեք, ոչ դարդ... Եվ այդ բոլորի համար ո՞ւմն եք պարտական— իհարկե ինձ և միայն ինձ... Այդպե՞ս է, թե ոչ։

— Այդպես է, այդպես, Սարգիս, այդպես է, — պատասխանեց ժպտալով Բարսեղը, որ արդեն նստել էր մեզ ծանոթ անմեջք աթոռի վերա, նույնպես հին սեղանի մոտ։

— Փա՛ռք աստծո, որ այդ չեք ուրանում,— ասաց Սարգիսը, որ բոլոր այդ ժամանակ մի տեսակ ողորմելի դրություն էր ընդունել։— Եվ հավատացած կացեք, որ ձեր կյանքով պարտական եք և պարտական պիտի լինիք միայն ինձ, [ 389 ] որովհետև եթե ես չլինեի, դուք այժմ — ուղղակի եմ ասում— կենդանի չէիք լինիլ... Այդպե՞ս է, թե ոչ։

— Այդպես է, այդպես,— նույնկերպ պատասխանեց Բարսեղը։

— Սակայն, չնայեյով դրան, դուք ապերախտ եք գտնվում դեպի ինձ,— ազնվությունը վիրավորված մարդու նման վերջ տվեց յուր խոսքերին Սարգիսը։

— Այդ ինչպե՞ս, Սարգիս,— հարցրեց իրեն զարմացած ձևացնելով Բարսեղը, որ արդեն հասկանում էր նրա գլխացավը։

— Ինչպե՞ս, հարցնում եք դուք ինձ... կարծես ինքներդ չգիտեք, թե ինչպես...

— Հավատացիր, չգիտեմ։

— Այնպես, որ այժմ ինձ շան տեղ էլ չեք գցում... չեք գալիս, չեք տեսնում՝ արդյոք կենդանի՞ եմ, մեռա՞ծ եմ, ինչպե՞ս եմ ապրում, ինչպե՞ս չեմ ապրում, սովա՞ծ եմ, կո՞ւշտ եմ, հիվա՞նդ եմ, առո՞ղջ եմ...

— Եվ այլն, և այլն,— կանչեց ծիծաղելով Բարսեղը։— Բայց գլխավոր բանը մոռանում ես,— արդյոք օղի ունի՞ս, չունի՞ս, հա՜, հա՜...

— Այդ ինքնըստինքյան,— ասաց ժպտալով Սարգիսը։

— Բայց ամենագլխավորը արդյոք փող ունի՞մ, չունի՞մ...

— Լսի՛ր, Սարգիս, այդ բոլորը հիմար բաներ են, ե՞րբ ես եկել ինձ մոտ, որ փող չեմ տվել... Կուզե՞ս հիմա տամ։

— Ինչի՞ չեմ ուզիլ,— շտապով կանչեց ուրախացած Սարգիսը։ Բարսեղը հանեց մի ռուբլի և տալով նրան ասաց.

— Ահա քեզ մի ռուբլի, Սարգիս, բայց հարյուրավոր այդպիսի ռուբլիներ կստանաս, եթե կատարես մի գործ, որ քեզ հանձնելու նպատակով եմ եկել այստեղ։

— Ի՞նչ գործ,— հարցրեց իսկույն Սարգիսը, որի վերա հարյուրավոր ռուբլիների անունը մոգական ազդեցություն ունեցավ։

— Մի գործ, կրկնում եմ, որ գլուխ բերելով այդպիսի հարյուրավոր ոուբլիներ կստանաս,— կրկնեց Բարսեղը, առանձին շեշտելով «հարյուրավոր ռուբլիների» վերա, որովհետև նա հասկանում էր, թե փողի անունն ինչ ազդեցություն էր անում նրա վերա։ [ 390 ]

— Ի՞նչ գործ, ի՞նչ գործ,— անհամբերությամբ կանչեց «շատ լավ մարդը» ուրախությունից չռած աչքերը հառելով նրա վերա։

— Որ աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը հենց յուր ձեռքով ինձ վերա հաստատել տաս։

— Ի՞նչ եք ասում,— սաստիկ զարմացած մի քանի քայլ ետ գնաց Սարգիսը։

— Ի՞նչ է, այդ քեզ անկարելի՞ է թվում...

— Որ աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը հենց յուր ձեռքով հաստատել տամ... բայց մի՞թե ես այդ կարող եմ...

— Սարգի՛ս, այդ քեզանի՞ց եմ լսում,— իրեն զարմացած ձևացնելով ասաց Բարսեղը՝ նրա գլուխը յուղելու համար։

— Դու քեզ վերա կասկածո՞ւմ ես․ ապա ինչի՞ համար է այդ լեզուդ, որ այդպիսի չնչին գործը չես կարող գլուխ բերել․․․ ճշմարիտն ասած, այդ բանը քո կողմից ես բոլորովին չէի սպասում, բոլորովին․․․ Սարգիսն ուշքի ընկավ, նա տեսավ, որ այդպես խոսելը ձեռնտու չէ իրեն, մանավանդ, երբ հիշեց «հարյուրավոր ռուբլիները», և հանկարծ փոխելով խոսակցության եղանակը, ասաց ժպտալով․

— Ես այնպես ասացի... և դուք էլ հավատացի՞ք։ Այն ինչ գործ պիտի լինի, որ ես— Սարգիսս, դալալ Սարգիսս չկարողանամ գլուխ բերել։ Ոչ թե աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը, այլ եթե բոլոր աշխարհն էլ ուզենաք, ձեզ վերա հաստատել կտամ․․․

Բարսեղն ազատ շունչ առավ։

— Ո՛չ, Սարգիս,— ասաց նա, — բոլոր աշխարհը քեզ մնա, այլ ինձ վերա հաստատել տուր միայն աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը։

— Շա՛տ բարի։ Այժմ ասացեք ինձ, թե ինչ եղանակով պիտի գործեմ։

Բարսեղն սկսեց սովորեցնել այն եղանակը, որ լսել էր Դարիա Կիրիլովնայից։

— Հը՛, ինչպե՞ս է, խելքումդ նստո՞ւմ է, թե ոչ,— հարցրեց նա վերջացնելուց հետո։ [ 391 ]

— Է՛հ, դա հիմար բան է,— ասաց Սարգիսը, որ մեծ ուշադրությամբ լսում էր նրան։— Այդպիսով ամեն բան կարելի է անել... Հավաստի կացեք, որ այս օրվանից աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունը ձերն է...

— Ուրեմն այդպե՞ս, այդ եղանակով կարելի՞ է հասնել նպատակին,— ուրախությամբ կանչեց Բարսեղը, տեղից վեր կենալով:

— Այդ մասին դուք անհոգ կացե՛ք և ամեն բան այսուհետև թողեք ինձ վերա,— յուր գործը հասկացող մարդու նման ասաց Սարգիսը,— բայց,— ավելացրեց նա լուրջ դեմք ընդունելով,— ինձ ինչքա՞ն եք խոստանում։

— Այդ իմ խղճի վերա թող։

— Ո՛չ, խիղճն ավելորդ է այստեղ. հենց հիմիկուց բարիշենք և սկսենք գործը։— Որքա՞ն եք խոստանում։

— Ո՛րքան ուզում ես, դեռ մի գործը գլուխ բեր...

— Գործը գլուխ բերելու մասին ավելորդ է խոսել, բայց դուք այս որոշեցեք, թե որքան պիտի տաք ինձ։

— Դե՜հ, ասում եմ, էլի՜. որքան ուզում ես...

— Եթե իմ կամքի վերա թողնեք, ես կասեմ— ամբողջ կարողությունը։

— Հարյուր ռուբլի... երկու հարյուր ռուբլի... հարյուր հիսուն ռուբլի...

— Երեխա՞ եք կարծում ինձ, ի՞նչ է,— ասաց ժպտալով Սարգիսը։

— Երեք հարյուր ռուբլի... չորս հարյուր... հինգ հարյուր...

Սարգիսը ժպտալով միայն գլուխը շարժում էր։

— Բա՞ս,— վերջապես կանչեց Բարսեղը, որի լեզուն այլևս չէր զորում առաջ գնալ։

— Ուղիղ հազար ռուբլի,— կտրական կերպով պատասխանեց Սարգիսը։— Հազար ռուբլի կտաք, կսկսեմ գործը, չեք տալ՝ ես ինձ համար, դուք ձեզ համար։

— Գնա՜, տվել եմ,— կանչեց Բարսեղն այն վճռականությամբ, որ ձեռք է բերվում երկար տատանմունքից հետո։ Տվել եմ, տվել, Սարգիս... Բայց ե՞րբ կգնաս աղա Գրիգոր Մոսեիչի մոտ։ [ 392 ]

— Ե՞րբ... ես ի՞նչ գիտեմ... երբ ավելի հարմար կլինի։

— Այսօր կարող ես, այսօր կիրակի է, և նա ողջ օրը տանն է։

— Ինձ համար միևնույն է, երբ կամենք, կգնամ։

— Ուրեմն այսօր, այսօր անպատճառ, ճաշից հետո, գիտե՞ս, ժամի չորսին կամ հինգին, երբ նա ամենալավ տրամադրության մեջ է լինում... Դե՜հ, էլ ի՞նչ ասեմ, Սարգիս, դու գիտես, էլի՜...

— Դուք բոլորովին անհոգ կացե՛ք, ես իմ գործը գիտեմ։

— Ուրեմն՝ ցտեսություն։

Եվ Բարսեղը պատրաստվեցավ դուրս գնալու։

— Բայց... պ. Բարսեղ, լավ կանեիք եթե մի քանի ռուբլի բեհ տայիք,— ասաց ժպտալով Սարգիսը։

— Մի ռուբլի տվի։

— Է՛հ, մի ռուբլին էլ ի՞նչ է, որ լայեղություն եք անում, բերան եք բերում... մի քանի ռուբլի պիտի լինի, որ մարդ սրտով կպչի գործին։

— Ահա՛, այս էլ քեզ երեք ռուբլի,— ասաց Բարսեղը, տալով նրան մի երեքանոց,— միայն թե դու սրտով կպչեիր գործին։

— Էլ խոսել հարկավոր չէ պ․ Բարսեղ, ես գիտեմ իմ բանը։

— Ուրեմն՝ դարձյալ ցտեսություն... Բայց լսիր, Սարգիս․ ձեր խոսակցության ժամանակ, իհարկե, ես այնտեղ չեմ լինիլ, իսկ թե գործն ինչ ելք կստանա— այդ աղա Գրիգոր Մոսեիչն ինձ այսօր թե հայտնեց՝ լավ, իսկ եթե ոչ՝ այս գիշեր ես կգամ այստեղ քեզանից իմանալու, և դու անպատճառ տանը կլինես։

— Անպատճառ տանը կլինեմ, անպատճառ...

— Դե՜հ, ցտեսություն։

Եվ Բարսեղը շտապով դուրս գնաց յուր փաստաբանի խրճիթից։ Նրա դուրս գնալուց հետո, «շատ լավ մարդը» ինքնաբավական կերպով սկսեց շփել միմյանց կոշտ, կեղտոտ ձեռքերը և փնթփնթալ ինքն իրեն․

«Հազա՜ր ռուբլի․․․ հազա՜ր․․․ Չէ՜, այս գործը պետք է անպատճառ գլուխ բերել... Ամեն կերպ պիտի աշխատել․․․ Չորս ռուբլին խո գրպանումս է... դեռ գնամ մի լավ կոնծեմ»... [ 393 ]
Թ

Ժամը մեկուկեսն էր, երբ Բարսեղը վերադարձավ աղա Գրիգոր Մոսեիչի մոտ։ Նա սաստիկ ուրախ էր, բայց ամեն կերպ աշխատում էր ծածկել այդ ուրախությունը յուր «բարերարից», որպեսզի դուրս եկած չլինի յուր սովորական լուրջ-խոնարհ դրությունից, ինչպես նա միշտ ցույց էր տալիս իրեն վերջինիս մոտ, և դրանով ոչինչ կասկած չզարթնեցնե նրա մեջ։

Ժամը երեքին նրանք ճաշ կերան։ Աղա Գրիգոր Մոսեիչը միշտ ճաշում էր յուր «որդեգրի» հետ միասին մի սեղանի վերա։ Ճաշելուց հետո «որդեգիրը» թույլտվություն խնդրեց «բարերարից» դուրս գնալ փոքր-ինչ զբոսնելու, որ և անհապաղ ստացավ։ Ուրիշ անգամ, քանի որ դեռ չէր ծերացել, աղա Գրիգոր Մոսեիչը, ճաշից հետո յուր սեփական կառքով ինքն էլ էր գնում զբոսանքի, բայց այժմ, երբ նա արդեն մոտ էր վաթսուն տարուն, այլևս չէր գնում զբոսանքի, մինչև անգամ տնից քիչ էր դուրս գալիս և այն էլ գնում էր մագազին։ Նա չէր հաճախում և ուրիշ ոչ մի զվարճության տեղ...

Դուրս գալով տնից, Բարսեղը չգիտեր ուր գնար և ինչպես սպաներ ժամանակը, մինչև որ լսեր, թե ինչպես պիտի վերջանա յուր այդ օրվա բռնած գործը, որի վերա միայն կենտրոնացրել էր յուր բոլոր ուշքն ու միտքը։ Նա նստեց մի կառք և քշել տվեց դեպի Մուշտայիդ։ Այնտեղ պատահեց Բախշոյին, հրավիրեց նրան գարեջրի և երկար ժամանակ նրա հետ կառքով զբոսնելուց հետո վերջապես սաստիկ անհամբերությամբ վերադարձավ տուն։ Դուռը բացող շվեյցարին հարցրեց, թե արդյոք յուր դուրս գնալուց հետո ոչ ոք խո չի՞ մտել աղայի մոտ։ Շվեյցարը պատասխանեց, որ մի մարդ է մտել և տակավին չէ դուրս եկել։

— Ինչպիսի՞ մարդ էր,— անհամբերությամբ հարցրեց Բարսեղը, որի սիրտն սկսել էր սաստիկ թրթռալ։

— Չգիտեմ, մի ինչ-որ սև մարդ էր, կեղտոտ, աղքատ շորերով,— պատասխանեց շվեյցարը։

Բարսեղին այլևս ոչինչ հարկավոր չէր հարցնել։ Նա շտապով բարձրացավ վեր և ներս մտավ յուր գեղեցիկ սենյակը։ [ 394 ]

«Նա է— Սարգիսը... և այժմ խոսում են այնտեղ,— խոսում էր նա ինքն մի անկյունից մյուս անկյունը քայլելով։— Օ՜, եթե այս գործը հաջողվեց, այն ժամանակ, հը՛, այն ժամանակ»..․

Նա ժպտաց և նստեց աթոռի վերա՝ սեղանի մոտ։ Մի քանի րոպե մտախոհ նա մնաց անշարժ նստած տեղում և աչքերը հառած մի կետի վերա, հետո վեր կացավ և դարձյալ սկսեց քայլել։ Անհամբերությունից նա չգիտեր ինչ աներ։ Շուտ֊շուտ մոտենում էր կիսաբաց դռանը և նախասենյակը ու ականջ էր դնում, թե Սարգիսը խո չէ՞ դուրս գալիս աղա Գրիգոր Մոսեիչի մոտից։ Նախասենյակից երկար ժամանակ ոչինչ չէր լսվում, մինչև որ, վերջապես, լսվեցան ինչ֊որ կոպիտ քայլերի ձայներ, որոնց Բարսեղը վերագրեց «շատ լավ մարդու» ոտներին։ Ուրեմն նա արդեն վերջացրել էր յուր փաստաբանությունը և տուն էր գնում։ Բարսեղը կիսաբաց դռնից գլուխը կամաց դուրս տարավ և շնորհիվ նոր վառած լամպարի— որովհետև մութն արդեն ընկել էր— տեսավ, որ իրավ այն Սարգիսն էր, որ սանդուղքներով իջնում էր։ Նա գլուխը դարձյալ ներս քաշեց։

«Այժմ պետք է մտնել աղա Գրիգոր Մոսեիչի մոտ,— ասաց նա ինքն իրեն։— Բայց ոչ, փոքր-ինչ սպասեմ, հետո»...

Մի կերպ մի քանի րոպե էլ սպասելով, վերջապես նա դուրս եկավ և գնաց դեպի Գրիգոր Մոսեիչի սենյակները։

Մտնելով առանձնասենյակը, տեսավ վերջինիս նստած բազկաթոռի վերա։ Խորին և վատ մտածմունքները, ըստ երևույթին, պաշարել էին նրան, նրա դեմքը գունատ էր և սաստիկ խոժոռված էր, որից և երևում էր, որ փոքր-ինչ առաջ նա վերին աստիճանի կատաղել էր։ Նա չլսեց Բարսեղի մտնելը, բայց երբ վերջինս նրան բարի երեկո մաղթեց, նա հանկարծ գլուխը բարձրացրեց և նայեց նրա դեմքին։ Նա ոչ մի խոսք չարտասանեց։

— Ի՞նչ է պատահել ձեզ, աղա Գրիգոր Մոսեիչ,— իրեն զարմացած ձևացնելով, հարցրեց Բարսեղը, որի սիրտը նրան այդ դրության մեջ տեսնելուն պես՝ ուրիշ կերպ էր սկսել տրոփել։ [ 395 ]

— Ոչինչ,— մեքենայաբար պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը և, վեր կենալով տեղից, մտազբաղ սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում։ Լամպարի լույսն ուղղակի ընկնում էր նրա դեմքի վերա, և նրա լույսից նրա աչքերը մի տեսակ պլպլում էին։

Բարսեղի դրությունը հետզհետե վատանում էր։ Նա զգում էր, որ անհամբերությունն ուզում է իրեն մատնել։

— Դուք հիվա՞նդ եք, աղա Գրիգոր Մոսեիչ,— վերջապես հարցրեց նա դարձյալ։

— Ո՜չ... ինձ հանգիստ թող,— նույնությամբ պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը, առանց նայելու նրան և շարունակելով ետ ու առաջ քայլել։

Այդ առաջին անգամն էր, որ նա մի այդպիսի չոր պատասխան էր տալիս յուր «որդեգրին»։

Բարսեղը դուրս եկավ նրա սենյակից և ինքն էլ չիմացավ, թե ինչպես տասը րոպեից հետո հասավ յուր փաստաբանի խրճիթը և ծեծեց դուռը, որն իսկույն ինքն իրեն ճռճռալով բացվեցավ։ Նա շտապով մտավ ներս։ Այնտեղ սաստիկ մութն էր, որովհետև ճրագ չկար վառած։

— Սարգի՛ս,— կանչեց նա։

Ձայն չկար։

— Սարգի՛ս,— կրկնեց նա։

Դարձյալ լռություն։

«Ո՞ւր է կորել անպիտանը,— ասաց նա ինքն իրեն։— Երևի դեռ չէ եկել... Բայց ինչի՞ դուռը բաց է... գնա՞մ... ո՞ւր... Ո՛չ, պետք է սպասեմ»...

Խարխափելով մթության մեջ, նա գտավ աթոռը և նստեց։ Ի՞նչ էր պատահում իրեն,— նա ինքն էլ չգիտեր, միայն նրա ուղեղը զբաղված էր մի անորոշ, մութ մտքով, և սիրտը զարկում էր մի անհամբեր ցանկությամբ, թե արդյոք ի՞նչ վախճան ունեցավ Սարգսի խոսակցությունը աղա Գրիգոր Մոսեիչի հետ։ Ժամանակն անտանելի կերպով դանդաղ էր անցնում։ Դրսից ամեն շշուկ լսելուն պես՝ նա շունչն իրեն քաշում և ականջ էր դնում, թե Սարգիսը խո չէ՞ գալիս։ Սարգիս չկար։

Խրճիթի կատարյալ մթության մեջ պատերից մինի վերա հանկարծ նա մի ինչ-որ փոքրիկ, աղոտ լույս նշմարեց։ Սկզբում նա չիմացավ, թե այդ լույսը որտեղից է, բայց հետո, [ 396 ] լավ նայելով տեսավ, որ նա երևում է պատի մեջ գտնված ծակից. ուրեմն հարևան տանը ճրագ էր վառած։ Նրա հետաքրքրությունը շարժվեցավ և որովհետև Սարգսին երկար սպասելուց արդեն թե՛ ձանձրացել և թե՛ համբերությունից դուրս էր եկել, նա ավելորդ չհամարեց իմանալ, թե ովքեր են հարևան տան բնակիչները, եթե միայն կային այնտեղ բնակիչներ, որովհետև այնտեղից ոչ մի ձայն չէր լսվում։ Նա վեր կացավ, վերցրեց աթոռը, կամաց֊կամաց տարավ, դրեց պատի տակ, որի ծակից երևում էր լույսը և կանգնեց վերան, որովհետև ծակը բարձր էր և առաստաղից փոքր-ինչ ցած։ Նա ձախ աչքը մոտեցրեց ծակին և ներս նայելով տեսավ հետևյալը։

Ճրագը, որն, ըստ երևույթին, դրված էր գետնին և որին Բարսեղը չէր տեսնում, աղոտ կերպով լուսավորում էր մի խրճիթ, որ ոչնչով չէր զանազանվում Սարգսի խրճիթից։ Խոնավ գետնին տարածված մի կոպիտ կապերտի վերա— անկողին, որի մեջ պառկած էր մի կին։ Չնայելով որ նրա դեմքը Բարսեղի կողմն էր, բայց վերջինս չէր կարողանում որոշել նրա գծերը, թե արդյոք ինչպիսի՞ կին էր նա՝ ջահել, թե ծեր, որովհետև բարձը խանգարում էր հետևում և, ըստ երևույթին, հեռու դրված ճրագի լույսն ընկնելու նրա դեմքին։ Պառկած կինը հիվանդ էր երևում, որովհետև խրճիթի լռության մեջ լսվում էր նրա ծանր շնչառությունը։ Նրա կողքին ձեռքերը կրծքի վերա խաչած, աղքատ շորերով և գլխին մի սպիտակ թաշկինակ կապած՝ նստած էր մոտ տասնևհինգ տարեկան մի աղջիկ։ Ճրագի աղոտ լույսն ուղղակի ընկնում էր նրա դեմքին։ Այդ դեմքը գեղեցիկ էր, հեզ և քնքուշ, բայց դժգույն և մաշված, որպես թշվառության անմեղ զոհի դեմքը։ Սիրուն, տխրամած աչքերը, որոնք մի ինչ-որ բութ, անզգա հայացքով նայում էին հիվանդի դեմքին, լցված էին արտասուքի կաթիլներով, որոնք ճրագի լույսից պսպղում էին, որպես հեռավոր փոքրիկ աստղիկներ մութ երկնքի վերա։ Նա նստած էր, կարծես, արձանացած և արտասվալից աչքերը բնավ չէր հեռացնում հիվանդի դեմքից։

— Ջուր... ջուր,— հանկարծ լսվեց հիվանդի թույլ ձայնը, և նա գլուխը մեծ դժվարությամբ բարձրացրեց։ [ 397 ]

Աղջիկն իսկույն վերցրեց առջևը դրված ջրով լի բաժակը և մոտեցրեց նրա շրթունքներին։

Մի րոպե ճրագի լույսն ընկավ հիվանդի դեմքին, և Բարսեղը տեսավ, որ նա միջահասակ մի կին է, որի այտոսկրները հիվանդությունից սուր֊սուր դուրս էին ցցվել, իսկ խոր ընկած մեծ֊մեծ բացած աչքերը փայլում էին մի ինչ֊որ արտասովոր ֆոսֆորային փայլով։ Նրա ողջ դեմքը վառվում էր, որից և երևում էր, որ նա հիվանդ էր ջերմով։

Ամբողջ բաժակը սաստիկ ագահությամբ խմելուց հետո նա նորից թուլացած ընկավ բարձի վերա, և խրճիթի լռության մեջ լսվեց նրա ծանր շնչառությունը։ Աղջիկը դատարկ բաԺակը վայր դրեց և նորից յուր առաջվա դրությունն ստացավ։

Արդյոք Բարսեղի սրտի մեջ արդեն մեռա՞ծ էին բոլոր քնքուշ, գեղեցիկ զգացմունքները, թե նրա միտքը դարձյալ զբաղված էր յուր գործով, որ այդ տեսարանը նրա վերա նույն ազդեցությունն ունեցավ, ինչ ազդեցություն որ ունենում է թատրոնական բեմի վրա ներկայացվող մի կենդանի պատկեր հանդիսատեսի վերա— այդ հայտնի չէ, միայն նա այլևս ոչինչ չուզեց տեսնել և իջավ աթոռից։ Նույն րոպեին խրճիթի ճռճռան դուռը բացվեցավ, և մեկը քթի տակ մի ինչ-որ երգ եղանակելով, մտավ ներս։

— Սարգի՞ս,— կանչեց իսկույն Բարսեղը, որին խրճիթի մթության մեջ այդ մռմռոցը առաջին նվագ բավական վախեցրեց։

— Ա՜, արդեն եկե՞լ եք,— հարցրեց մտնողը, որ ինքը Սարգիսն էր։

— Այո՛, եկել եմ․․․ Բայց ի՞նչ եղար այսքան ժամանակ... Նո՞ր ես գալիս։

— Ո՞րտեղից։

— Աղա Գրիգոր Մոսեիչի մոտից։

— Է՛, հա՛, նրա մոտից վաղուց եմ եկել, օղետնից նոր եմ գալիս․․․ Ձեր կենացը երկու բաժակ եմ անուշ արել, հավատացեք, իսկ սիրելի շիշս լցնել եմ տվել, տեսնո՞ւմ եք։

Նա վերև բարձրացրեց ձեռքին բռնած շիշը, ցույց տալու համար այն Բարսեղին, բայց Բարսեղն, իհարկե, ոչինչ չտեսավ, [ 398 ] որովհետև խրճիթում այն աստիճան մութն էր, որ մինչև անգամ միմյանց չէին տեսնում։

— Բայց ի՞նչ լուր ես բերել, Սարգի՛ս,— անհամբերությամբ հարցրեց Բարսեղը։

— Իսկույն կասեմ, բարեկամ, իսկույն. դեռ մի սիրելի շիշս տեղը դնեմ,— ասաց Սարգիսը և քայլերի ձայնից երևում էր, որ մոտենում է թարեքին։

— Հե՛յ, այժմ ուրախ ես, հա՞, որ փորդ տռզել ես... շնորհակալ եղիր ահա այս պարոնից, որովհետև եթե սա այսօր ինձ չորս ռուբլի չբախշեր, դու դարձյալ այդտեղ դատարկ փորով սատկելիս կլինեիր։

Նա խոսում էր շշի հետ։

— Բայց, ի սեր աստծո, Սարգիս, ճրագ վառիր, սիրտս պատռվեց,— կանչեց Բարսեղը։

— Ճրագ չունիմ, սիրելիս. աղքատ մարդուն ճրագ ո՞վ կտա...

— Տունդ չքանդվի, բայց այս մթնումը ի՞նչպես ես ապրում։

— Վա՜հ, այստեղ խո միշտ այսպես մութ չի՞ լինում։ Ցերեկը լույս է լինում, իսկ գիշերը — մութ։

— Ես էլ, իհարկե, գիշերն եմ ասում։

— Է՛հ, ինչ եմ անում գիշերը ճրագ, կին չունիմ, որդիք չունիմ. գործ էլ չունիմ գիշերը կատարելու․ մի օղի ունիմ ածելու և խմելու, իսկ այդ մթնումն էլ հեշտ է անել, ահա՛ այսպես։

Լսվեց շշի և բաժակի միմյանց դիպչելու ձայնը։

— Բայց չե՞ս վախենում, որ օղին թափվի,— հարցրեց Բարսեղը։

— Ո՛չ, օղին ածելիս ես երբեք չեմ թափիլ, իսկ ուզո՞ւմ եք իմանալ, թե ի՞նչպես եմ անում, որ չթափվի։ Ահա այսպես. մեծ մատս փոքր-ինչ ներս եմ կոխում բաժակի մեջ և սկսում եմ ածել օղին, երբ մատս դիպչում է օղիին, իմանում եմ, որ բաժակը լցվել է և իսկույն շիշը հեռացնում եմ բաժակից, դնում եմ տեղը և այնուհետև մոտեցնում եմ բերանիս, կոնծում եմ... Ձեր կենացը... Օխա՜յ, սրտիս նստեց... Տեսնո՞ւմ եք, ես միշտ այսպես եմ անում։ [ 399 ]

Բարսեղն, իհարկե, ոչինչ չէր տեսնում, բայց նրա խոսքերից իմանում էր, որ նա օղին ածեց, շիշը տեղը դրեց և խմեց. իսկ վերջը լսվեց, թե ինչպես բաժակը թրխկացնելով նա տեղը դրեց։

— Համբերությունս հատավ, Սարգիս...

— Որ ճրագ չկա վառած։

— Ո՛չ, թե ինչ լուր ես բերում ինձ համար։

— Հա՛, լուր բերելով, գեղեցիկ և հիանալի լուր եմ բերում ձեզ համար...

— Իրա՞վ,— ուրախությամբ կանչեց Բարսեղը։

— Այո։ Իսկ թե ինչ լուր, ես ձեզ իսկույն կպատմեմ գլխից։ Այստեղից նախ գնացի օղի կոնծեցի, ճաշ կերա, որովհետև շան պես քաղցած էի, հետո դես֊դեն թրև եկա, մինչև որ լրացավ ժամի հինգը. այնուհետև ուղղակի դիմեցի դեպի աղա Գրիգոր Մոսեիչի տունը։ Շվեյցարը տեսնելով իմ աղքատ շորերս, չէր ուզում ներս թողնել, բայց ես ասացի, որ շատ ու շատ հարկավոր գործ ունիմ աղայի հետ և անպատճառ պիտի տեսնեմ նրան։ Նա իմ անունս հարցրեց, գնաց վերև և մի րոպեից հետո վերադառնալով, ասաց, որ կարող եմ մտնել։ Մտա։

— Ի՞նչ ես այդպես երկարացնում,— անհամբերությամբ կանչեց Բարսեղը։— Ասա՛ այն, ինչ որ պետք է։

— Չէ՛, փոքր-ինչ համբերություն պետք է ունենաք, այդպես լավ չէ։ Մի բան մանրամասնաբար իմանալ ավելի լավ է, քան կարճ կերպով, բացի այդ, մի բան հանկարծ իմանալը վատ է։ Լսեցեք, շարունակում եմ։ Եվ այդպես, մտա։ Աղա Գրիգոր Մոսեիչն ընդունեց ինձ ուրախ կերպով և հարցրեց՝ որտեղ եմ, չեմ երևում։ Ես պատասխանեցի— գլխարկիս տակն եմ և իմ միղը չէ, որ ինքն ինձ չի տեսնում։ Նա ծիծաղեց և ասաց, որ նստեմ աթոռի վերա։ Նստեցի։ Այնուհետև նա հարցրեց, թե ինչի համար եմ եկել, և սկսեցի պատմել․․․ Պատմեցի այն նախագծով, որ դուք ինձ սովորեցրիք, հետևելով նրա բոլոր կետերին, բացի մեկից, որին փոխեցի այնպես, ինչպես ես ավելի հարմար դատեցի, այն է՝ փոխանակ ասելու իմ կողմից, որ նրա կինն ու որդիքը շատ կարելի է թունավորեն նրան, որպեսզի նա ժամանակ չունենա յուր կարողությունը ձեզ վերա հաստատելու, այլ իրենց մնա, ես [ 400 ] ուղղակի ասացի.— նրանք մտադիր են ձեզ թունավորել, աղա Գրիգոր Մոսեիչ...

— Ի՞նչ ես ասում,— կանչեց Բարսեղը,— չէ՞ որ նա քեզանից ապացույց կպահանջեր... Չասա՞ց, թե ո՞վ է քեզ այդ ասել կամ թե ո՞րտեղից գիտես դու այդ...

— Ես պատասխանեցի, որ ես ամեն բան գիտեմ և ոչ մի գաղտնիք չի լինիլ, որ ինձ հայտնի չլինի։

— Հետո նա քեզ հավատա՞ց...

— Ես այնպես չսկսեցի և այնպես չվերջացրի, որ նա ինձ չհավատար։

— Բայց վերջը, վերջն ի՜նչ...

— Վերջը նա սաստիկ կատաղեց և ասաց. «Լավ, տեսնենք, թե ինչպե՞ս են թունավորում նրանք ինձ և տեսնենք, թե իմ բոլոր կարողությունը ո՞ւմ կմնա,— նրա՞նց, թե՞ նրան, որին ես եմ կամենում»...

— Ուղի՞ղ, ուղի՞ղ ես ասում, Սարգիս,— սաստիկ ուրախությամբ իսկույն կանչեց Բարսեղը։

— Բաս սո՞ւտ եմ ասում...

— Հետո՞, հետո ի՞նչ, Սարգիս...

— Հետո նախազգուշացնելուս համար ինձ մի ռուբլի բախշեց և ասաց, որ դուրս գնամ. ես էլ դուրս եկա։ Եկա տուն և լավ համարեցի մինչև ձեր գալը սիրելի շիշս ձեռաց տանել օղետուն, լցնել տալ և բերել. իսկ դուռը բաց թողեցի, որպեսզի, ով գիտե, եթե ուշանայի, դուք ուղղակի ներս մտնեիք և ներսը սպասեիք ինձ, ինչպես և արել եք։

Բարսեղն այլև ոչինչ չէր լսում, նա ինքն էլ չէր իմացել, թե ինչպես մոտեցել էր դռանը։

— Բարի գիշեր, բարի գիշեր, Սարգիս, շնորհակալ եմ,— կանչեց և դուրս գնաց։

— Վա՛հ, արդեն գնում եք,— պոռաց նրա հետևից Սարգիսը։— Հազար ռուբլիս չմոռանաք, թե չէ...


Ժ

Անցավ մի շաբաթ։

Այդ բոլոր ժամանակամիջոցում աղա Գրիգոր Մոսեիչի տրամադրությունը շատ վատ էր։ Նա մագազին չէր գնում և [ 401 ] ողջ օրը մնում էր փակված յուր սենյակում, կամ զբոսնում էր յուր տան առաջ գտնված փոքրիկ պարտիզում։ Ամեն երեկո նա ընդունում էր միայն հաշվապահին, որ հանձնում էր նրան նույն օրվա մագազինում եղած ծախքի հաշիվները, իսկ Բարսեղին ընդունում էր թե՛ առավոտները, նրա մագազին գնալուց առաջ, միասին թեյ խմելու համար, թե ճաշին՝ միասին ճաշելու, որի համար և նա մագազինից վերադառնում էր տուն, և թե երեկոյան, մագազինը փակելուց հետո և նրա հետ դարձյալ միասին թեյ էր խմում և ընթրում։ Սակայն չնայելով այդ բոլորին, նա շատ քիչ էր խոսում «որդեգրի» հետ և այն էլ բոլորովին ավելորդ բաների մասին։ Բարսեղը ինչ մտածելը չէր իմանում յուր «բարերարին» այդ դրության մեջ տեսնելով։ Նա պարզ տեսնում էր, որ աղա Գրիգոր Մոսեիչը մի ինչ-որ բանի մասին սաստիկ մտատանջվում է, և նրա ներսը կատարվում է մի բան։ Նա, իհարկե, գիտեր դրա պատճառը, բայց որ աղա Գրիգոր Մոսեիչը յուր բերանով չէր ուզում այդ հայտնել նրան, լռություն պահպանելով Սարգսի՝ իրեն այցելության մասին անգամ — այդ նրան յուր կողմից մտատանջություն էր պատճառում։

«Ի՞նչ է մտածում արդյոք աղա Գրիգոր Մոսեիչը,— ասում էր նա այդ ժամանակ ինքն իրեն։— Խո հավատացե՞լ է Սարգսի խոսքերին, որ կինն ու որդիքը իբրև թե ուզում են նրան թունավորել, և այդ ժամանակ խո ասե՞լ է «լա՛վ, տեսնենք, թե իմ կարողությունն ո՞ւմն է մնում — նրա՞նց, թե նրան, որին ես եմ կամենում․․․»։ Էլ ինչի՞ նա հապաղում է... Բայց, գուցե աղա Գրիգոր Մոսեիչը չէ հավատացել Սարգսին և բոլորովին էլ չէ արտասանել այդ խոսքերը, այլ Սարգիսն այդ միայն հնարել է իրենից ինձ խաբելու համար, որպեսզի ես չխլեմ նրանից իմ տված չորս ռուբլին կամ ինձանից նոր ռուբլիներ կորզե... Ա՜, ես նրան ցույց կտամ․․․ անպատճառ այդպես է... խո ճանաչում եմ, թե ինչպիսի անպիտանն է նա..․ նա ինձ խաբել է...

Մի անգամ, երեկոյան մագազինից տուն վերադառնալիս, ճանապարհին նա հանկարծ պատահեց «շատ լավ մարդուն» և ասաց այդ մասին, բայց Սարգիսն երդումներով հավատացրեց, [ 402 ] որ ինքը բոլորովին չէ խաբել նրան։ Բարսեղն այնուամենայնիվ չհավատաց և անարգելով նրան, հեռացավ նրանից։

Ամեն երեկո նա ժամանակ էր գտնում գոնե մի քանի րոպեով տեսնվելու Դարիա Կիրիլովնայի հետ և հայտնելու նրան աղա Գրիգոր Մոսեիչի դրությունը, ընդնմին ասելով, որ անհուսալի է նրանից մի բան սպասել։ Բայց Դարիա Կիրիլովնան այնպիսի հաստատակամ կիներից էր, որոնք մի բան իրագործված տեսնել չեն շտապում և ամեն բանի, ամեն երևույթի վերա նայում են իրենց հատուկ խելքով։ Նա աղա Գրիգոր Մոսեիչի դրությանը ուրիշ բացատրություն էր տալիս, ասելով, որ նա իբր թե անվճռական մարդ է և տակավին մտածում է, թե ի՞նչպես վարվի յուր կարողության հետ, որի հետ միայն կապված են նրա սիրտն ու հոգին։ Դարիա Կիրիլովնան ավելացնում էր, որ աղա Գրիգոր Մոսեիչն ի սրտե է ատում կնոջն ու որդոցը և թե՛ հավատում է, և թե՛ սպասում, որ նրանք կարող են նրան թունավորել կարողությունն իրենց կողմը քաշելու համար, բայց միևնույն ժամանակ նա չէր ցանկանում յուր կարողությունից հանկարծ զրկվել, նրան ուրիշի վերա հաստատելով, չնայելով, որ այդ ուրիշն յուր «որդեգիրն» է։ Դարիա Կիրիլովնան այդ բացատրությունից հետո ասում էր Բարսեղին, որ նա սպասե մինչև որ աղա Գրիգոր Մոսեիչը դուրս կգա յուր անվճռականությունից և մի բան կվճռե, իսկ այդ բանն անպատճառ այն կլինի, որ նա յուր բոլոր կարողությունը նրա վերա կհաստատի։

Բարսեղն այդ խոսքերից սկսում էր հուսալ և սպասել։

Մի անգամ առավոտյան, նախքան մագազին գնալը, Բարսեղն յուր սովորության համեմատ մտավ աղա Գրիգոր Մոսեիչի մոտ միասին թեյ խմելու։ Աղա Գրիգոր Մոսեիչը խալաթով նստած էր մեծ բազկաթոռի վերա։ Չափազանց մտատանջությունից նա բավական նիհարացել էր, իսկ այդ առավոտ ավելի գունատ էր։

— Ի՞նչի դուք այդպես գունատ եք այսօր, աղա Գրիգոր Մոսեիչ,— բարևելուց հետո անմիջապես հարցրեց Բարսեղը։

— Ես գունա՞տ եմ... շատ կարելի է,— մի ինչ-որ խուլ ձայնով ասաց աղա Գրիգոր Մոսեիչը և լռեց։

— Բայց ի՞նչ է պատահել ձեզ, աղա Գրիգոր Մոսիչ․․․ [ 403 ] Ձեր առողջությունն, ինչպես երևում է, այսօր ավելի վատ է... Ինչի՞ չեք հրամայում, որ շուտով բժիշկ բերեն: Կամենո՛ւմ եք, ես ինքս կգնամ...

Աղա Գրիգոր Մոսեիչը մի րոպե, կարծես, մի ինչ-որ մտածելով, նայեց ուղղակի նրա աչքերի մեջ և ցույց տայով դիմացի բազկաթոռը, ասաց նույն խուլ ձայնով.

— Նստի՛ր, Բարսեղ, քեզ հետ խոսելիք ունիմ:

Բարսեղը նստեց և սպասում էր: Նա չէր համարձակվում մինչև անգամ շարժվել նստած տեղում, նրա սիրտն անհամբերությամբ բաբախում էր։

Աղա Գրիգոր Մոսեիչը շարունակում էր լուռ նայել նրա աչքերին, հետո յուր հայացքը նա հածեց յուր շուրջը և վերջապես սկսեց այս անգամ դողդոջուն ձայնով, որ, ինչպես երևում էր, նրա մեջ այդ րոպեին տիրող սաստիկ կատաղությունից էր առաջանում:

— Այս գիշեր ես բոլորովին աչքս չեմ խփել... կասկածն այնքան սոսկալի է, որ քունը գեթ մի րոպե մոտ չէ թողնում աչքերիս... Այո՛, դու չգիտես, Բարսեղ, թե այստեղ, իմ շուրջը, իմ սեփական տան մեջ իմ դեմ ի՜նչ սոսկալի բան է պատրաստվում, ի՜նչ սոսկալի բան...

— Ի՞նչ բան, աղա Գրիգոր Մոսեիչ, ի՞նչ եք ասում,— իրեն զարմացած և վախեցած ձևացնելով կանչեց Բարսեղը, որ իհարկե, իսկույն իմացավ, թե ինչ պիտի լսեր։

— Ինձ ուզում են թունավորել,— ասաց աղա Գրիգոր Մոսեիչը աչքերը ոլորելով, և նրա ձայնն այն աստիճան խլացավ ու դողաց, որ կարծես հորից էր դուրս գալիս։

Այդ խոսքերի վերա Բարսեղը վարվեց այնպես, ինչպես կարող է վարվել միայն մի հմուտ դերասան։ Նա վեր ցատկեց բազկաթոռից և միայն կանչեց.

— Ինչ եք ասում...

— Ա՜, այդ քեգ սարսափեցնո՞ւմ է, անփորձ տղա,— ասաց աղա Գրիգոր Մոսեիչը ձայնը բարձրացնելով և ձեռքերով ամուր սեղմելով բազկաթոռի թիկունքները։— Այդ քեգ սարսափեցնո՞ւմ է... Ապա ե՞ս, ես ինչպե՞ս պիտի սարսափելիս լինեմ դրանից, այդ դժոխային մտադրությունից... Այս ամբողջ մի շաբաթ ես մի րոպե անգամ հանգիստ չեմ ունեցել... Առանց ամենամեծ երկյուղի մի պատառ հաց չեմ [ 404 ] դրել բերանս, մի ումպ ջուր կամ ուրիշ խմիչք չեմ մոտեցրել շրթունքներիս— ամեն բան ինձ թվացել է, թե թունավորված է...

— Բայց... աղա՛ Գրիգոր Մոսեիչ, ես իմ ականջներին չեմ հավատում... Ի՞նչ եք ասում...

— Երբ որ ինձ մի օր թույնից հանկարծ մեռած կտեսնես, այն ժամանակ խո կհավատա՞ս...

— Բայց ո՞վ ունի այդ սոսկալի, ստոր մտադրությունը...

— Ո՞վ,— նրանք, որոնց ես վաղուց պիտի վռնդած լինեի, բայց որոնք մինչև օրս էլ բնակվում են իմ տանը...

— Ո՞վ...

— Իմ կինն ու զավակները...

— Այդ անկարելի՜ է, աղա Գրիգոր Մոսեիչ, այդ անկարելի՜ է... ձեր կինն ու զավակները մի՞թե կհամարձակվին, մի՞թե կարող են այդպիսի դժոխային գործ բռնել... և ո՞ւմ դեմ, ձեր՝ առանց որի նրանք չեն կարող ապրել...

— Միամի՛տ տղա, նրանք ինձ հենց նրա համար են ուզում թունավորել, որ առանց ինձ ավելի լավ, ավելի ազատ կարողանան ապրել...

— Ես ձեզ չեմ հասկանում...

— Որովհետև,— շարունակեց աղա Գրիգոր Մոսեիչը,— ինձ թունավորելուց հետո իմ բոլոր կարողությունը նրանց կմնա։

— Մի՞թե առանց այն էլ ձեր կարողությունը նրանց չպիտի մնա...

— Ի՜նչ,— շտապով կանչեց աղա Գրիգոր Մոսեիչը, դեմքն ավելի խոժոռելով,— դու կարծում ես, թե իմ մեռնելուց հետո նրա՞նք պիտի լինին իմ ժառանգները, նրա՞նք, որոնց ես հենց սկզբից ատել եմ, որպես դժոխքը... դու կարծում ես, թե իմ մեռնելուց առաջ նրա՞նց կկտակեմ իմ կարողությունը... Հիմա՜ր տղա, հիմար, ես ավելի շուտ կրակը կտամ իմ բոլոր կարողությունը, քան այդ նրանց կկտակեմ կամ կցանկանամ, որ նրանք լինին իմ ժառանգները...

— Ապա, բացի նրանցից ուրիշ ո՞վ կարող է լինել ձեր ժառանգը, աղա Գրիգոր Մոսեիչ,— ասաց Բարսեղը միամիտ տղայի նման։ [ 405 ]

— Ո՞վ... ով ավելի արժանի է և որին ես եմ կամենում,— պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը և, վեր կենալով տեղից, սկսեց քայլել սենյակում։

Բարսեղի սիրտն ուրախությունից այնպես թրթռաց, որ նա մինչև անգամ գույնը նետեց։

— Բայց,— ասաց նա գրեթե շշնջալով,— կարո՞ղ եմ արդյոք իմանալ, թե ո՞վ է այդ արժանավորը...

— Դու,— պատասխանեց աղա Գրիգոր Մոսեիչը, հանկարծ կանգնելով նրա առաջ և ուղղակի նայելով նրա աչքերի մեջ։

— Ե՜ս...

— Այո՛, դու և միայն դու... Առանց այն էլ ես վաղուց մտադիր էի քեզ իմ ժառանգը շինելու, որովհետև քո մի եղունգը ինձ ավելի սիրելի է, քան իմ կինն ու զավակները միասին վերցրած... Բայց ես չէի շտապում. ես սպասում էի մահվանս մոտենալուն, իսկ այդ անիծվածները չեն թողնում, որ ես իմ մահով մեռնեմ... և ես ստիպված եմ շտապելու, որովհետև վախենում եմ, թե մի գուցե, առանց իմ կարողությունը քեզ վերա հաստատելու, նրանք ինձ շուտով թունավորեն և քո տեղ իրենք ժառանգեն իմ կարողությունը... ինձ թունավորե՜ն, о՜...

Նա ատամները կրճտացրեց և նորից սկսեց քայլել սենյակում...

Բարսեղն ուրախությունից այլևս ոչինչ չէր զգում, անշարժ կանգնած մի տեղում՝ նա մեքենայաբար միայն շրջում էր աչքերը աղա Գրիգոր Մոսեիչի հետ։

— Բայց ես, իհարկե, երկար չեմ թողնիլ նրանց ապրելու իմ տանը,— խոսեց դարձյալ աղա Գրիգոր Մոսեիչը քայլերը հետզհետե արագացնելով։— Արյունարբու թշնամիներիս հետ ես չեմ կարող ապրել մի հարկի տակ... և հենց այսօր ես կվռնդեմ նրանց իմ տնից, անպատճառ կվռնդեմ, անպատճառ...

Նա լռեց և մոտ երկու րոպե առանց մի խոսք արտասանելու, արագ քայլերով չափում էր սենյակի՝ գորգով պատած հատակը։ Հանկարծ նա մոտեցավ գրասեղանին և վերցնելով փոքրիկ հնչակը, սաստկությամբ հնչեցրեց նրան։

Ներս մտավ ծառան։ [ 406 ]

— Գնա, իսկույն ասա, որ շուտով կառքը պատրաստեն,— հրամայեց նրան աղա Գրիգոր Մոսեիչը։

Ծառան դուրս գնաց։

— Բարսե՜ղ, օգնիր ինձ հագնվելու, ձեռքերս թուլացել են... Մենք այժմ իսկ պիտի գնանք նոտարի մոտ և ամեն բան վերջացնենք... Ես նրանց ցույց կտամ, թե ինչպե՞ս են մտադրվում թունավորելու։ Թունավորե՞լ, ի՛նչ հեշտ է արտասանվում այդ բառը... Բայց նրանք չեն մտածում, որ կա օրենք, արդարադատություն, որն այդպիսի հանցանքի համար կախաղան է բարձրացնում...

Այդ խոսքերի հետ նա հանեց խալաթը և Բարսեղի օգնությամբ հագավ շորերը։

Նա դարձյալ շատ խոսեց այդ մասին, մինչև որ վերջապես ծառան ներս մտավ և հայտնեց, որ կառքը պատրաստ է։ Նրանք դուրս գնացին, նստեցին կառքը և քշել տվեցին դեպի քաղաքի հայտնի նոտարների գրասենյակներից մինը։

ԺԱ

Նույն օրն երեկոյան աղա Գրիգոր Մոսեիչի սենյակներից մինում նստած խոսում էին չորս հոգի.— աղա Գրիգոր Մոսեիչի կինը՝ տ. Գայանեն, աղջիկն՝ Իսկուհին, տղան՝ Գարեգինը և վերջինիս ընկերը՝ Սմբատը։ Նրանք բոլորովին տեղեկություն չունեին նույն օրվա անցքի մասին և զբաղված էին ինչ-որ քաղցր խոսակցությամբ, երբ հանկարծ դուռը բացվեցավ, և շեմքում երևաց աղա Գրիգոր Մոսեիչը։ Նրա մտնելուն պես սենյակում բոլոր գտնվողները կարծես մի զսպանակով լարված՝ իսկույն բարձրացան տեղերից։ Ում ասես կսպասեին, բայց ոչ երբեք աղա Գրիգոր Մոսեիչին— և այդ պատճառով նրանք բոլորն էլ կարծես պապանձվեցան և դեռ մի րոպե մնացին արձանացած։

Աղա Գրիգոր Մոսեիչը մի քայլ միայն ոտը ներս դրեց և ասաց.

— Մի ժամից հետո ձեզանից և ոչ մինը չլինի ո՛չ սենյակում, և ո՛չ այս տանը, հակառակ դեպքում— ես գիտեմ...

Այդպիսի դիրք և այդպիսի եղանակ, որոնց նա գործ դրեց այդ խոսքերն արտասանելիս, վայել է միայն «ոտից [ 407 ] գլուխ արքային»։ Այնուհետև նա սուր֊սուր նայեց ուղղակի կնոջ աչքերի մեջ և ավելացրեց.

— Դուք ուզում էիք ինձ թունավորել, որպեսզի տիրանայիք իմ բոլոր կարողությանը, բայց ափսո՜ս, որ այդ ձեզ չհաջողվեցավ, և իմ բոլոր կարողությունը փոխանակ ձեզ մնալու, ես արդեն նոտարով հաստատեցի նրա վերա, որից դուք ուզում էիք խլել... ես ձեզ բոլորիդ վռնդում եմ այստեղից, որովհետև այս տունը, ինչպես և իմ բոլոր կարողությունն արդեն պատկանում է ուրիշին, իսկ ձեզ այստեղից մի ասեղ անգամ չի ընկնիլ... Կրկնում եմ, մի ժամից հետո ձեզանից և ո՛չ մեկը չլինի այստեղ։

Նա շուռ եկավ և ինչպես մտավ, այնպես էլ դուրս գնաց։

Սենյակում գտնվողները կարծես կախարդված շարունակում էին նայել նրա հետևից։ Նրանք կարծում էին, թե ինչ որ տեսան, լսեցին— բոլորն էլ երազ էր։

Ամենից առաջ ուշքի եկավ տ. Գայանեն։

— Թշվառ մարդ,— կանչեց նա նրա հետևից դառն ժպիտով և դարձավ մյուսներին.— Ի՞նչ եք այդպես կաշկանդված մնացել, ի՞նչ կա... Զարմացե՞լ եք, ապշել եք, չե՞ք հավատում ձեր աչքերին, ականջներին... Բայց այստեղ մի շատ չնչին, մի աննշան բան է կատարվել, որի վերա ուշադրություն անգամ չարժե դարձնել... Դուք միայն պիտի խղճաք, ցավիք այդ մարդու վերա, որովհետև նա այնքան ողորմելի և թշվառ է, որքան միամիտ և հիմար, որքան անպիտան և գարշելի...

— Բայց, մայրի՛կ, լսեցի՞ր ինչ ասաց նա,— կանչեց Իսկուհին, դուրս գալով յուր դրությունից։

— Այո՛, լսեցի․ նա ասաց, որ յուր բոլոր կարողությունն արդեն հաստատել է ուրիշի վերա, որից այդ կարողությունը խլելու դիտավորությամբ մենք կամեցել ենք նրան թունավորել. հա՜, հա՜, հա՜... որքա՜ն ծիծաղելի է... Եվ ասացե՛ք, խնդրեմ, մի՞թե այդ մարդն արժանի չէ կարեկցության, ցավակցության... մի՞թե դրանից ավելի թշվառ, ավելի ողորմելի մարդ կա աշխարհիս երեսին... Մենք կամեցել ենք նրան թունավորե՜լ, հա՜, հա՜, հա՜...

— Բայց այդ բանը նա ի՞նքն է հնարել, թե ուրիշներն են նրան մոլորեցրել,— ասաց յուր կողմից Գարեգինը։ [ 408 ]

— Ո՞վ գիտե,— պատասխանեց մայրը,— և՛ այս, և՛ այն: Այդպիսի մարդիկն իրենց գլուխն արդարացնելու համար միշտ այդպիսի ստոր միջոցների են դիմում... Թո՛ղ դիմեն, թո՛ղ հավատացնեն թեկուզ ամբողջ աշխարհին, որ բոլոր մեղքը մերն է, բայց մենք մեր խղճի առաջ արդար ենք. և ապագան ցույց կտա ճշմարիտը...

— Ո՞ւմ վերա է հաստատել յուր կարողությունը,— հարցրեց Սմբատը։

— Չգիտե՞ք ում վերա... ո՞վ կա ավելի սիրելի նրա համար աշխարհիս երեսին, քան յուր «որդեգիրը»։

— Ուրեմն այն տղայի վերա...— սաստիկ զարմացած կանչեց Սմբատը։

— Ասեք յուր որդեգրի վերա, ինչպե՞ս եք համարձակվում «որդեգրին» «այն տղան» անվանել։ Դրանով դուք մի այնպիսի սոսկալի կերպով վիրավորում եք խեղճ, անկեղծ «բարերարին», որի նմանը դեռ չէ լսված... Այդպես անգթորեն արատավորել «բարերարի» անունը նույնքան ծանր հանցանք է, որքան անմեղ մարդ սպանելը... Օ՜, աշխա՛րհ, որքա՞ն փչացած ես դու,— վերջապես կանչեց նա, և նրա ձայնը, թեթև կերպով դողաց։ Նա հեռացավ մի կողմ և դեմքը ծածկեց ձեռքերով։

Մի րոպե տիրեց այն ծանր լռություններից մինը, երբ մարդ զգում է յուր սրտի վերա մի ծանրություն։

Իսկուհին մոտեցավ մորը և կողքից գրկեց նրան։

— Մայրի՛կ, դու վհատվո՞ւմ ես,— ասաց նա դողդոջուն, բայց գորովալի ձայնով։

— Ես ամաչում եմ, որ այդ մարդն իմ ամուսինն է և ձեր հայրը,— պատասխանեց մայրը, առանց հեռացնելու ձեռքերը դեմքից։

— Հիմա ի՞նչ անենք, մայրիկ... Մի՞թե մարդիկ այնքան կույր և անգութ կգտնվին, որ դրա համար կնախատեն մեզ... մի՞թե մարդիկ չեն իմանալ, չգիտեն, որ մենք անմեղ ենք և զոհ մի անարժան ամուսնու և անարժան հոր... Ո՛չ, մայրիկ հասարակաց կարծիքը և ամբոխի դատը միշտ և անպայման չեն դատապարտում։ Ընդհակառակը, կան դեպքեր, երբ նրանք պաշտպան են հանդիսանում անմեղներին, հալածվածներին և պատժում են հանցավորներին, հալածողներին: [ 409 ] Արիացի՜ր, մայրիկ. մենք կհեռանանք այս տնից և երևի աշխարհիս երեսին կգտնենք մի խրճիթ, որտեղ կկարողանանք ապրել մեզ համար հանգիստ, խաղաղ, երջանիկ...

— Օ՜, ինչ եք ասում,— զգացված կանչեց Սմբատը։— Իմ տունը, որ իսկապես ձերն է, պատրաստ է միշտ ձեզ ծառայելու։ Գնանք, անգին բարեկամներս, հենց իսկույն գնանք...

-----

Մի քանի ժամից հետո աղա Գրիգոր Մոսեիչի տան վերին հարկը դատարկ էր բնակիչներից։ Նրանք իրենց հետ տարել էին միայն այն, ինչ որ իրենց էր պատկանում։

ԺԲ

Արդյոք հարկավո՞ր է ասել, թե այդ օրվա Բարսեղի ուրախությունը մինչև որ աստիճանի էր հասնում։ Այդ հասկանալու համար հարկավոր է լինել Բարսեղ և լինել նրա դրության մեջ։ Նա սաստիկ անհամբեր կերպով ցանկանում էր շուտով տեսնել Դարիա Կիրիլովնային և ավետել նրան կատարվածը, բաժանել նրա և նրա աղջկա հետ յուր անհուն ուրախությունը։

Նույն գիշեր նա թույլտվություն խնդրեց աղա Գրիգոր Մոսեիչից դուրս գնալ փոքր-ինչ զբոսնելու։ Աղա Գրիգոր Մոսեիչը, որ բավական հանգիստ էր երևում այդ ժամանակ, թույլտվություն տվեց, և Բարսեղը, սովորականից շատ վաղ, դուրս եկավ նրա սենյակից։ Նա անմիջապես դիմեց դեպի Դարիա Կիրիլովնայի տուն։ Վերջինս և յուր աղջիկը նստած էին մեզ ծանոթ սենյակում, կլոր սեղանի մոտ, որի վերա թանկագին գունավոր մի լամպար էր վառվում, և ձեռքերին բռնած «Русскии базар»-ի մի-մի թերթ՝ ուշադրությամբ նայում էին նրանց վերա նկարված նորաձև շորերին, տյուրնյուրավոր նկարներին, երբ հանկարծ ներս ընկավ Բարսեղը։

— Ա՜հ, Վասյա,— իբրև թե վախեցած՝ առաջինը կանչեց Օլյան, հանկարծ տեղից վեր թռչելով և ձեռքը սեղմելով քնքուշ կրծքի վերա։

— Վասիլի Պետրովիչ, ինչպե՞ս եք ներս ընկնում, ի՞նչ [ 410 ] է պատահել,— իրեն հատուկ ծանրությամբ ասաց Դարիա Կիրիլովնան։

— Ներեցեք ինձ,— կանչեց շնչասպառ Բարսեղը, համբուրելով նախ մոր, ապա աղջկա ձեռքը։— Բայց ես ձեզ համար մի ավետիք եմ բերել։— Աղա Գրիգոր Մոսեիչն արդեն հաստատեց նոտարական կարգով ինձ վերա յուր բոլոր կարողությունը և մի քանի օրից հետո, նոտարի հաստատությունը ստանալով, նրա բոլոր կարողությունը, վերջնականապես իմս կլինի։

— Իրա՞վ,— միաժամանակ կանչեցին մայր ու աղջիկ, և նրանց աչքերը վառվեցան։

— Ահա հաստատության թուղթը։

Եվ Բարսեղը ծոցից հանելով մի թերթ թուղթ, բացեց և ցույց տվավ յուր ապագա զոքանչին ու հարսին։

Դարիա Կիրիլովնան շտապով առավ այն նրա ձեռքից և կմկմալով սկսեց կարդալ։ Օլյան գլուխը կպցրեց նրա գլխին և աչքերով սկսեց հետևել նրա կարդացած բառերին՝ հարկավոր դեպքում ուղղելով նրա սխալ կարդացածը։

Երկար ժամանակ անցավ, մինչև որ մայր ու աղջիկ հավաքական ուժերով մի կերպ վերջացրին նոտարի արագ ու սահուն ձեռքով գրած ահագին թերթը, որին ստորագրած էր ինքն աղա Գրիգոր Մոսեիչը։

— Վերջապես,— ասաց Դարիա Կիրիլովնան, որ Բարսեղից պակաս չէր ուրախացել։— Այժմ դուք արդեն ազատ եք և հարուստ, և ես իմ աղջկա ձեռքը համարձակ տալիս եմ ձեզ։ Գնացե՜ք և ապրեցեք միասին երջանիկ և բախտավոր։

Օլյան անմեղ թռչնիկի նման թռչկոտելով փաթաթվեցավ Բարսեղի վզովը։

— Այո՜, երջանիկ և բախտավոր, այնպես չէ՞, Վասյա,— կանչեց նա միամիտ, անմեղ աղջկա նման յուր չաղ պարանոցը ծռելով և նայելով նրա աչքերի մեջ։

— Օ՜, ինչպե՞ս չէ,— յուր կողմից կանչեց Բարսեղը, որ քիչ էր մնում ճխլվի այդ վիթխարի աղջկա ուժեղ գրկի մեջ։— Ապա ո՞ւմ համար ես ձեռք բերի այսքան հարստությունը, չէ՞ որ միայն քեզ համար, ի՜մ հրեշտակ...

Օլյան առավել ևս պինդ սեղմեց նրան իր գրկի մեջ և թողնելով նրան, վազեց մոր մոտ։ [ 411 ]

— Մայրի՛կ, մայրի՛կ, ուրեմն հենց այս րոպեին օրհնիր մեզ,— ասաց նա այժմ նրան գրկելով։

— Օրհնելը հեշտ է, աղջիկս. սպասիր, դեռ ես ուրիշ գործ ունիմ պ. Վասիլի Պետրովիչի հետ,— պատասխանեց մայրը և ազատվելով նրա գրկից, դարձավ Բարսեղին.— պ. Վասիլի Պետրովիչ, նստեցեք խնդրեմ։

Բարսեղը նստեց, Օլյան՝ նրա կողքին։

— Աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությունն արդեն ձեզ վերա հաստատել տվիք,— ասաց Դարիա Կիրիլովնան,— այդ դժվար գործը գլուխ բերիք, պրծաք։ Բայց այժմ գիտե՞ք ինչ պիտի անեք։

— Այժմ ես պիտի պսակվեմ Օլյայիս հետ,— պատասխանեց Բարսեղը։

— Այո՛, այժմ մենք միմյանց հետ պիտի պսակվենք. մայրիկ,— դուրս ընկավ Օլյան։

— Պսակվելն ինքնըստինքյան,— ասաց Դարիա Կիրիլովնան։— Բայց նախքան պսակվելը գիտե՞ք ինչ պիտի անեք։

— Ի՞նչ պիտի անեմ,— զարմացած հարցրեց Բարսեղը։

— Աղա Գրիգոր Մոսեիչին պիտի ճանապարհ դնեք։

— Օ՜, այդ խո կա ու կա՛,— կանչեց Բարսեղը։— Իհարկե, հենց դրա համար էլ ձեռք բերինք այս թուղթը և դրանով էլ ես պիտի վրեժխնդիր լինեմ աղա Գրիգոր Մոսեիչին... Ես այսուհետև պիտի ապրեմ իբրև ազատ մարդ միայն իմ անգին Օլյայիս համար, չէ՞, իմ հրեշտակս,— դարձավ նա Օլյային։

— Օ՜, ինչպե՞ս չէ, մենք պիտի ապրենք միայն միմյանց համար,— պատասխանեց վերջինս, որ միշտ այդպիսի հարցերին էր սպասում, որ իսկույն փաթաթվի յուր ամուսնացվի վզովը։

— Եվ դուք այդ բանը հենց այս շաբաթ պիտի վերջացնեք,— ասաց Դարիա Կիրիլովնան. որքան շուտ, այնքան լավ... իսկ մի երկու շաբաթից հետո աղա Գրիգոր Մոսեիչի, այսինքն— ձեր սեփական տանը ամենափառավոր կերպով կկատարենք ձեր երկուսիդ հարսանյաց հանդեսը։

— Անշուշտ, անշուշտ, Դարիա Կիրիլովնա...

— Իսկ այս թուղթը որպեսզի ավելի ապահով լինի, թողեք ինձ մոտ մնա... և մի ուրիշ բան ասեմ։ Դյուրին բան չէ [ 412 ] Գրիգոր Մոսեիչին յուր տնից դուրս անելը, մտածելով, որ նրա կինը, զավակները զրկված են, և դուք տարօրինակ հանգամանքների շնորհիվ ուրիշի կարողության տեր եք դառնում, ես երկյուղ եմ կրում, որ մի գուցե դյուրությամբ ձեռք բերած կարողությունը ձեր ձեռքից գնա։

— Ճշմարիտն ասեմ, այդ երկյուղը իմ մեջս էլ կա և մի տեսակ անհանգիստ եմ, ինչ անեմ, ինչպե՞ս ապահովացնեմ ձեռք բերածս։ Գիտե՞ք ինչ կա, ես ձեզ մի քանի մեծագումար պարտամուրհակներ կտամ անցյալ թվականով և եթե հարկավոր լինի, դուք կպահանջեք և իմ կարողությունս կգրավեք։

— Արդյոք չէ՞ր կարելի այդ պարտամուրհակները մի տղամարդի տայիք. ես կին եմ, մի փոքր անհարմար է, կխոսեն ինձ վերա...— խորամանկությամբ նկատեց Դարիա Կիրիլովնան։

— Ո՛չ, ես ձեզանից ավելի ո՞ւմ վերա կարող եմ վստահանալ, ասածս ասած, վերջացրած է։

ԺԴ

Աղա Գրիգոր Մոսեիչը, յուր ընտանիքը դուրս անելուց հետո, իրեն բոլորովին հանգիստ էր զգում— նա այլևս ոչ ոքից երկյուղ չուներ թունավորվելու։ Միայն երբեմն-երբեմն նրան տիրում էր մի տեսակ երկյուղ, երբ մտածում էր, որ ինքն այլևս տեր չէ յուր կարողության, յուր հարստության, և Բարսեղն ամեն րոպե համարձակ կարող է նրան վռնդել տնից, առանց մի կոպեկ անգամ տալու նրան։ Այդ երկյուղը հատուկ է յուրաքանչյուր մարդու, որ առանց մտածելու մի որևիցե գործ բռնելուց հետո, սկսում է փոքր առ փոքր ուշքի գալ։ Աղա Գրիգոր Մոսեիչն ակամայից անձնատուր էր լինում այդ մտածությանը, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է պատահում իրեն. միայն նա զգում էր, որ սիրտը սաստիկ ծանրանում էր, աչքերը մթնում էին և թեթև կերպով սկսում էր դողալ... Հանկարծ վեր էր թռչում տեղից և սկսում էր ինքն յուր վերա ծիծաղել, որ այդպիսի հիմար մտքերին անձնատուր էր լինում։ Նա սկսում էր հավատացնել իրեն, որ Բարսեղն ավելի շուտ ինքնասպանություն կգործե, քան մի [ 413 ] այդպիսի գործ կբռնե։ Եվ նա իրեն սիրտ տալու համար սկսում էր ետ ու առաջ քայլել սենյակում և ուրախ երգեր եղանակել— մի բան, որ նա շատ քիչ էր արած յուր ծերության հասակում։ Նա ստեպ֊ստեպ կանչում էր յուր մոտ Բարսեղին, երկար ժամանակ նստում էր նրա հետ, սկսում էր խոսել, կատակներ անել, ծիծաղել և առաջվանից ավելի քաղցր վարմունք ցույց տալ նրան, որպեսզի հավաստիանա, որ նրա մասին տածած հույսերը, խաբուսիկ չեն։ Բարսեղը տակավին նրա մոտ իրեն պահում էր առաջվա նման և ոչ մի բանով չէր մատնում իրեն։ Աղա Գրիգոր Մոսեիչն այդ տեսնում էր, և նրա սիրտը բոլորովին թեթևանում էր։

Այդպես անցան շաբաթներ։

Գիշեր էր։

Աղա Գրիգոր Մոսեիչը՝ նստած յուր բազկաթոռի մեջ սպասում է Բարսեղին, որ նա գա, միասին թեյ խմեն։ Բայց վերջինս ուշանում էր։ Սովորական ժամանակից անցավ ամբողջ մի երկու ժամ, և տակավին Բարսեղը չկար։ «Ի՞նչ է նշանակում այս,— մտածում էր աղա Գրիգոր Մոսեիչը,— այս ժամանակ վաղուց փակած պիտի լինին մագազինը... իսկ առանց ինձ իմաց տալու նա երբեք ոչ մի տեղ չի գնալ... ինչի՞ նա այսպես ուշանում է»...

Նա մի քանի անգամ մտավ նրա սենյակը, կարծելով թե նա եկել է և մի որևիցե բանի պատճառով չէ մտել յուր մոտ։ Բայց ոչ մի անգամն էլ Բարսեղը չկար։ Համբերությունից դուրս գալով նա ծառային ուղարկեց մագազին, տեսնելու՝ փա՞կ է, թե բաց, թեև հավատացած էր, որ այդ ժամանակ անպատճառ փակ պիտի լիներ։ Ծառան վերադարձավ և ասաց, որ փակ է։ Աղա Գրիգոր Մոսեիչը չէր հասկանում, թե ինչ է պատահում իրեն, մի ինչ֊որ վատ նախազգացություն ճմլում էր նրա սիրտը, և որքան ուշանում էր Բարսեղը, այնքան նրա դրությունը վատանում էր։

Վերջապես երկար տանջող ակնկալությունից հետո սենյակի դուռը բացվեցավ, և ներս մտավ Բարսեղը։

Աղա Գրիգոր Մոսեիչը սաստիկ ուրախացավ, երեխայի նման վազելով նրա առաջ կանչեց.

— Օ՜հ, Բարսեղ, վերջապես եկա՞ր․․․ [ 414 ] Այդ խոսքերի հետ նա ուզեց նրան գրկել, բայց Բարսեղը սառնությամբ հրեց նրան մի կողմը։

— Խնդրեմ,— ասաց նա հպարտ, սուր հայացք ձգելով յուր «բարերարի» վերա։— Այլևս չհամարձակվեք...

Աղա Գրիգոր Մոսեիչը մի քանի քայլ ետ ու ետ գնաց։ Կարծես, նրա առաջ բացվեցավ մի սոսկալի անդունդ։ Նա նկատելի կերպով սկսեց դողալ և առանց մի շշնջյուն անգամ հանելու, չռած աչքերով միայն նայում էր յուր «որդեգրի» դեմքին։

— Այսուհետև ես ձեզ այլևս չեմ ճանաչում,— նույն կերպով շարունակեց Բարսեղը։— Եվ դուք վաղն ևեթ պիտի հեռանաք այս տնից.— այս տունն իմն է։

Նա գնաց մինչև դուռը, շուռ եկավ և ավելացրեց։

— Լսո՞ւմ եք, վաղը. վաղն այլևս չտեսնեմ ձեզ այս տանը... իսկ մինչև վաղը կարող եք մնալ այստեղ։

Եվ նա գոռոզությամբ դուրս գնաց։

Աղա Գրիգոր Մոսեիչը մնաց այնպես, ինչպես որ կար։ Եթե մինը կամենար մի արձան կերտել, որ ներկայացնելիս լիներ, եթե կարելի է այսպես ասել— մի սոսկալի անսպասելիություն, ապա աղա Գրիգոր Մոսեիչը յուր այդ դրությամբ կարող էր կենդանի և ամենաճիշտ օրինակի տեղ ծառայել։

Երկար ժամանակ նա կանգնած էր անշարժ... Ի՞նչ էր կատարվում նրա ներսը, դժվար չէր գուշակել... վերջապես նա աչքերը անորոշ հայացքով շրջեց այս և այն կողմը և հանկարծ երկու ձեռքով ամուր բռնեց գլուխը։ Մի քանի վայրկյան այդպես մնալուց հետո նա օրորվեց և մի խուլ մռնչյուն արձակելով հանկարծ գետին տապալվեցավ։

Մյուս օրն առավոտյան բժիշկներ եկան, քննեցին և գտան, որ աղա Գրիգոր Մոսեիչը մեռել է կաթվածով։

-----

Նրա թաղման հանդեսին ներկա էին «որդեգիրը», կինը, տղան, աղջիկը և Սմբատը։ Ներկա էր և հետաքրքիր ամբոխի մի ահագին բազմություն, որ ճանաչելով աղա Գրիգոր Մոսեիչին և նրա գործերը, ամեն կողմից շտապել էր տեսնելու այդ, յուր տեսակի մեջ նշանավոր մարդուն։ Ոչ ոք չգիտեր նրա հանկարծահաս մահվան ուղիղ պատճառը, բայց ամենքը [ 415 ] գիտեին, որ յուր բոլոր կարողությունը հաստատել է յուր «որդեգրի» վրա, իսկ կնոջն ու զավակներին դառ ու դատարկ վռնդել էր տնից։ Եվ այդ պատճառով գուցե ոչ մի բարեգործ մարդ այնքան օրհնանք չէր տարել յուր հետ գերեզման, որքան աղա Գրիգոր Մոսեիչը անեծք և հայհոյանք։

ԺԴ

Ամուսնու վռնդելուց հետո, տ. Գայանեն յուր երկու որդոց հեա ապրում էր Սմբատի տանը։ Այդ հանգամանքը սաստիկ ազդել էր նրա զգայուն սրտի վերա։ Որ աղա Գրիգոր Մոսեիչը յուր ամուսնական ողջ կյանքում անչափ անգութ և ստոր կերպով էր վարվում նրա հետ, ի վերջո խլելով նրանից և նրա զավակներից նրանց պատկանելիք օրինական ժառանգությունը, կտակում էր ուրիշին— այդ նա դեռ կարողանում էր տանել, բայց որ այժմ տեսնում է, որ ինքը յուր երկու որդոց հետ ամենաանարգ կերպով վռնդված է յուր տնից և ապաստան է գտնում ուրիշի տանը — այդ բանի հետ նրա հպարտ ու զգայուն սիրտը չէր ուզում հաշտվել... Շատ անգամ այդ բանի մասին մտածելիս նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես հանկարծ արտասուքը սկսում էր խեղդել նրան, բայց նա իսկույն զսպում էր իրեն և ջանում էլ չլալ։ Սակայն այդ առաջին օրերումն էր միայն այդպես, իսկ այնուհետև նա փոքր առ փոքր սկսեց հաշտվել յուր դրության հետ։ Մինչև անգամ նա սկսեց մի տեսակ թեթևություն զգալ յուր սրտի մեջ, երբ մտածում էր, որ արդեն ընդմիշտ ազատված է այն մարդուց, որ առանց թույնի թունավորել էր նրա ողջ կյանքը։

Աղա Գրիգոր Մոսեիչի մահից երկու-երեք ամիս հետո, ամենահամեստ կերպով ամուսնացան Իսկուհին և Սմբատը, որոնք վաղուց սիրելիս են եղել միմյանց։ Յուր աղջկա այդ բախտավորությունը բոլորովին թեթևացրեց տ. Գայանեի սիրտը, որ առաջին անգամ, ազատ ամեն տեսակ ծանր հոգսերից, երջանիկ կերպով բաբախեց... [ 416 ]
-----

Ամուսնացան նույնպես Բարսեղը և Օլյան։ Արդյոք ո՞րն ավելի հասավ յուր նպատակին... Բարսե՞ղը, թե Օլյան՝ յուր մայր— Դարիա Կիրիլովնայի հետ...

Պսակի հենց երկրորդ օրը Բարսեղի մեջ ծնվեց մի տեսակ հակազգացում դեպի յուր կինը, երբ առաջին անգամ տեսավ նրա դեմքը առանց կարմիր ու սպիտակ դեղերի։ Օլյան նրան երբեք այնպես մեծ, անճոռնի և տգեղ չէր երևացել, ինչպես այդ օրը առավոտյան. զանազան դեղերի գործածությունը կորցրել էր նրա, առանց այն էլ տգեղ դեմքի մորթի քնքշությունը, և մի տեսակ կնճիռների ակոս էր գցել այտերի և ճակատի վերա... Երրորդ օրն այդ զզվանքը կրկնապատկվեցավ... Նրա աչքերը, կարծես, նոր էին սկսում բացվել և խելքը գլուխը գալ. նա տեսնում էր, թե որքան անմիտ քայլ է արել ինքը՝ պսակվելով մի այդպիսի աղջկա հետ, որը, մարմնական տգեղությունը մի կողմ թողած, ոչինչ գրավիչ բան չուներ նույնիսկ որևիցե ներքին հատկությունների կողմից... Մի երկու տարի ևս անցներ, այդ աղջիկը կպառավեր. ինչպե՞ս պիտի ապրեր նա պառավ կնոջ հետ. չէ՞ որ նա դեռ շատ երիտասարդ էր, այնքան երիտասարդ, որ մինչև անգամ ժամանակ չէր նրան ամուսնանալու, ո՞ւր մնաց պառավ կին ունենալու... Եվ ի՞նչ կյանք պիտի լիներ յուր կյանքը մի այդպիսի կնոջ հետ, որից դեռ մեղրամիսի հենց ամենաառաջին օրերից զզվում էր, մինչև անգամ չէր ուզում երեսը տեսնել... Որքան նա շատ էր մտածում այդ մասին, այնքան ավելի ու ավելի հիասթափվում էր, ինչպես մի արբած մարդ, որ հետզհետե ուշքի գալով, տեսնում է, որ յուր բոլոր փողերը հանել են գրպանից։

Մի քանի օր էր անցել հարսանիքից։ Առավոտ էր։ Բարսեղը փակված էր այն սենյակում, որ մի ժամանակ աղա Գրիգոր Մոսեիչի առանձնասենյակն էր։ Փափուկ գորգերի վերա նա քայլում էր մի անկյունից դեպի մյուս անկյուն: Անհանգիստ և վատ մտքերը խռնվում էին նրա գլխում։ Նա դարձյալ մտածում էր յուր դրության մասին, անորոշ մտքերը խռովում էին նրան։

«Ի՞նչ արեցի ես, ի՞նչ արեցի,— խոսում էր նա ինքն իրեն։— Մատաղ, ծաղկափթիթ կյանքը կապել մի պառավ և [ 417 ] բավական չէ այդ— մի սարսափելի տգեղ աղջկա հետ, որին յուրաքանչյուր անգամ տեսնելիս զզվանք է պատճառում մարդու, որի գգվանքների, գրկախառնության, համբույրների ժամանակ զգում ես, թե գարշելի, լպրծուն գորտեր և օձեր են սողում մարմնիդ վերայով փոխանակ այն թովիչ երջանկության, քաղցրության, որ մարդ պետք է զգա այդպիսի ժամանակներում... Վա՛հ, այս երա՞զ է, թե իրականություն... Ես այդ աղջկա մեջ ի՞նչ գտա, որ հավանեցի, որ ինձ կին առա... Ո՞ւր էր խելքս, խոհականությունս, վերջապես աչքեր չունեի՞, չէի՞ տեսնում, որ այդ աղջիկն ամենաանճոռնին էր... Թե՞ նրանք ինձ կախարդեցին... մի՞թե աղա Գրիգոր Մոսեիչի կարողությունը նրա համար ձեռք բերի, որ այժմ այսպես ես մի րոպե անգամ հանգստություն չունենամ... Մի՞թե վատ կյանք էի վարում. մի՞թե դրությունս լավ չէր այն ժամանակ, երբ ես ապրում էի աղա Գրիգոր Մոսեիչի մոտ, երբ ստանում էի նրանից շաբաթական հիսուն ռուբլի անպակաս ռոճիկը և ապրում էի ինձ համար արքայի նման, ապրում էի բոլորովին հանգիստ և ազատ ամեն հոգսերից... Իսկ ա՞յժմ... Օ՜հ, ես չեմ կարող դիմանալ, ես այլևս չեմ կարող ապրել այդ աղջկա հետ, և կբաժանվեմ, անպատճառ կբաժանվեմ դրանից... Երիտասարդ լինեմ, այսքան հարստության տեր լինեմ և այսպիսի անհանգիստ, դառն կյա՞նք վարեմ... Երբե՛ք, երբե՛ք, ես ուզում եմ երջանիկ ապրել, երջանի՛կ...»։ Եվ հանկարծ Բարսեղը շանթահար կանգնեց սենյակի մեջ. «Երջանի՞կ»,— հարցրեց նա ինքն իրեն, և կրկին խորասուզվելով յուր մտքերի մեջ, աչքերը հառած գետնին, կարծես նա մի ինչ-որ աշխատում էր նորոգել յուր հիշողության մեջ... «Անմի՛տ»,— գոչեց նա վերջապես ձեռքով ուժգին ճակատին խփելով. «Բայց ինչո՞վ կարող եմ ես երջանիկ լինել, մի՞թե իմն է այս տունը, մագազինը... մի՞թե ես ևս նույնպիսի աղքատ չեմ, ինչպես յուրաքանչյուր մուրացկան... ա՜հ, անիծյալ կին... Ես այժմ հասկանում եմ ամեն բան»։ Բարսեղը թուլացած վեր ընկավ բազկաթոռի վերա, կայծակի արագությամբ մի վայրկյանում նրա աչքերի առաջից անցավ յուր ամբողջ կյանքը. ահա հայրը, մայրը... քարվանսարան... Սարգիսը... աղա Գրիգոր [ 418 ] Մոսեիչը... Դարիա Կիրիլովնան... և վերջապես աղա Գրիգոր Մոսեիչի մահը և... դողը անցավ նրա մարմնով, սառը քրտինքը պատեց նրա ճակատը։ Նա դեռ երբեք չէր մտածել, որ ինքը մարդասպան էր... «Ես կուրացա շատ հարստանալու փափագով... ինձ ստիպեցին այդ օրհասական քայլը անելու... ես կողոպտեցի նրան․ և ինչի՞ համար այս ամենը․․․ Դարիա Կիրիլովնայի համար։ Ո՞ւր է հարստությունը գոնե․․․ Մի՞թե իմ տված պարտամուրհակներով Դարիա Կիրիլովնայի ձեռքը չմատնեցի ինձ և բոլոր իմ հարստությունս»․..

Այդ միջոցին ներս մտավ ծառան և հայտնեց, որ մի մարդ ուզում է նրան տեսնել։ Բարսեղը իսկույն չհասկացավ բանի էությունը, և երբ ծառան կրկնեց, միայն այն ժամանակ, նա առանց հարցնելու, թե ով է այդ մարդը, հրամայեց ծառային, որ ներս հրավիրե նրան։ Ծառան դուրս գնաց, և ներս մտավ Սարգիսը, բայց ոչ առաջվա Սարգիսը, այլ մի նոր Սարգիս, որը գլխարկից սկսած մինչև կոշիկները փոխված և կոկված էր, իհարկե, շնորհիվ այն ամենակարող հազար ոուբլու, որով, յուր խոստման համաձայն, վարձատրել էր նրան նրա ծառայության համար աղա Գրիգոր Մոսեիչի «որդեգիրը»։

— Հը՛, ինչ կա, որ այսպես առավոտ֊առավոտ վազել ես ինձ մոտ,— նրա մտնելուն պես բավական կոպտությամբ հարցրեց Բարսեղը, որ բոլորովին չէր սպասում նրան։

Սարգիսը նայեց նրա սփրթնած դեմքին և կիտած հոնքերին և պատասխանելու փոխարեն հարցրեց։

— Ինչ է պատահել ձեզ, Վասիլի Պետրովիչ (նա Բարսեղին այժմ այդպես էր մեծարում)։

— Ինչ որ պատահել է՝ այդ քո գործը չէ,— անհամբերությամբ կանչեց Բարսեղը։— Ասա՛, ինչի՞ համար ես եկել...

— Ես եկել եմ ձեզ մի շատ ուրախալի լուր հաղորդելու, Վասիլի Պետրովիչ...

— Ուրախալի լո՞ւր․․․ ի՞նչ լուր։

— Ի՞նչ կտաք, որ հայտնեմ։

— Ինչ լուր,— այս անգամ գրեթե գոռաց Բարսեղը։

— Ձեր մորը գտել եմ․․․ [ 419 ]

Այդ լուրը բոլորովին այն ազդեցությունը չունեցավ Բարսեղի վերա, ինչ որ, գուցե, երևակայում էր Սարգիսը:

Բարսեղը սկզբում շատ զարմացավ, հետո մթագնեց և առավել ես կիտելով հոնքերը ասաց խուլ ձայնով։

— Ի՞նչ մայր, ի՞նչ ես դուրս տալիս...

— Արևս վկա, ճիշտ եմ ասում, Վասիլի Պետրովիչ։ Ձեր մի քույրն էլ հետն է: Նրանք ապրում են հենց իմ հարևան տանը. ահա չորս-հինգ ամիս է, ինչ նրանք ապրում են այնտեղ, բայց ես չգիտեի— և ինչպե՞ս կարող էի գիտենալ, թե ովքեր են նրանք: Երեկ երեկոյան միայն հետաքրքրվեցի այդ բանով և հարցուփորձ անելով իմացա, որ նրանք ձեր մայրն ու քույրն են եղել... Երևակայեցեք զարմանքս... Մայրդ լաց լինելով պատմում էր, թե ինչպես մի օր առավոտյան դուք հանկարծ կորել եք, թե ինչպես նա իսկույն սկսել է փնտրել ձեզ ամեն տեղ, ոստիկանության իմացում է տվել, բայց ոչ մի տեղ ձեզ չեն կարողացել գտնել... Նա պատմում էր նույնպես, թե ինչպես երկար տանջվելուց հետո այլևս չէ կարողացել համբերել և յուր աղջիկների հետ մի կերպ եկել է այս քաղաքը, հույս ունենալով, որ ձեզ կգտնի այստեղ, որովհետև սկզբում դուք թախանձելիս եք եղել նրան, որ նա ձեզ թույլ տա այստեղ գալու, բայց նա համաձայնելիս չէ եղել, իսկ ձեր կորստից նա եզրակացրել է, որ դուք անպատճառ այստեղ կլինեք փախած... Պատմում էր նույնպես, որ այստեղ էլ երկար փնտրելով և չկարողանալով ձեզ գտնել, նա ամեն հույս կտրել է և այլևս չէ կարողացել վերադառնալ հայրենի քաղաքը, մանավանդ, որ այստեղ մեռել է ձեր երկու քույրերից մեկը... Նա այստեղ ապրում է լվացարարությամբ, և մինչև այժմ սաստիկ հիվանդ է եղել, նոր է առողջացել... Բայց որ իմանայիք, թե այդ ամենը պատմելիս խեղճն ինչպե՜ս էր լալիս...

— Բայց նրան դեռ խո չե՞ս ասել իմ մասին,— կարծես նոր ուշքի գալով, հանկարծ հարցրեց Բարսեղը, որ արդեն իմացավ, թե մի գիշեր Սարգսի խրճիթի պատի ծակից հարևան խրճիթում յուր տեսած հիվանդ կինն և նրա մոտ նստած աղջիկն յուր մայրն ու քույրն են եղել։

— Ոչ, այդ մասին ես ոչ մի խոսք չեմ արտասանել,— [ 420 ] պատասխանեց Սարգիսը,— որովհետև առաջինը ես հիմար չեմ, երկրորդը՝ մտածում էի— գուցե դուք այլևս չեք ուզում ձեր մորն ու քրոջը և իզուր, հայտնելով նրանց ձեր տեղը, պատճառ պիտի դառնայի նրանց ավելի տանջվելուն և, ո՞վ գիտե, ուրիշ ինչե՛ր չպատահեին այդ ժամանակ... Ես ավելի լավ համարեցի նախ գալ ձեզ մոտ, հայտնել ձեզ այդ բանը և տեսնել դուք ինչ եք ասում, արդյոք ուզո՞ւմ եք ձեր մորն ու քրոջը, թե ոչ։

Բարսեղը դեռ մի րոպե լուռ է, ըստ երևույթին, մի ինչ-որ մտածելով նայեց նրա արաբական դեմքին, հետո հանկարծ ցույց տալով դուռը ասաց.

— Հեռացի՜ր գլխիցս. ես ո՛չ մայր եմ ճանաչում և ո՛չ քույր...

Սարգիսը մնաց անշարժ նրա աչքերին նայելով։

— Քեզ ասում եմ՝ հեռացի՛ր,— այս անգամ կանչեց Բարսեղը։

— Բայց...

— Առանց «բայցի».. հեռացիր գնա՛...

— Չե՞ք ուզում ձեր մորն ու քրոջը...

— Ո՛չ, ո՛չ, կորի՛ր այստեղից,— համբերությունից բոլորովին դուրս գալով աղաղակեց Բարսեղը։

Սարգիսն այլևս առանց մի ծպտուն հանելու դուրս գնաց։

Նույն րոպեին բացվեցավ հարևան սենյակի դուռը, և ներս մտավ Օլյան։ Նա հագած ուներ տնային սպիտակ հանդերձ, իսկ շեկ, անփայլ մազերը խճճված թափված էին ուսերի վերա։ Քնեած աչքերից երևում էր, որ նա նոր էր բարեհաճել զարթնելու և ոչ միայն տակավին դեմքը չէր ներկել գեղադեղերով, այլև մինչև անգամ չէր լվացվել, և այդ պատճառով նրա տգեղությունն յուր մերկությամբ երևան էր լինում նրա ահագին դեմքի վերա։

Բարսեղը նրան տեսնելուն պես զզվանքով դեմքը շրջեց և մոտեցավ լուսամուտին։

— Վա՛սյա, ինչո՞ւ դու այնպես գոռում էիր,— յուր շինծու բարակ ձայնով հարցրեց Օլյան, մոտենալով նրան։— Քո ձայնը ննջարանում լսվում էր... Ո՞վ կար քեզ մոտ... դու բարկացած ես երևում... Վա՜սյա, Վասյա, ի՞նչ է պատահել քեզ, հըա՞... [ 421 ]

Վերջին խոսքերի հետ նա փաղաքշանքով գրկեց Բարսեղին։

Վերջինս այլևս չկարողացավ համբերել։

— Օ, օ՜հ, ի՞նչ պիտի պատահի,— կանչեց նա և գրեթե կոպտությամբ դուրս խլվելով նրա գրկից, սկսեց քայլել սենյակում։

Օլյան մնաց սառած։ Նա ոչ մի խոսք չկարողացավ արտասանել և միայն քարացածի նման նայում էր յուր ամուսնու դեմքին։

— Վա՜սյա,— վերջապես կանչեց նա մի քանի քայլ անելով դեպի նա և նրա ձայնը դողաց, ինչպես այդ պատահում է ամենաքնքուշ արարածներին, երբ նրանց սիրտը վիրավորում են։

Բարսեղը, կարծես, չէր լսում. նա շարունակում էր քայլել ետ ու առաջ։

— Վա՛սյա, Վա՛սյա,— ավելի ձայնը դողացնելով կանչեց դարձյալ Օլյան։

— Հը՛ ի՞նչ է, «Վա՛սյա, Վա՛սյա»,— կանչեց Բարսեղը, հանկարծ կանգ առնելով նրա առաջ և նայելով նրա աչքերի մեջ։— Ի՞նչ կա, ի՞նչ ես ուզում...

— Վա՛սյա,— այս անգամ շշնջաց Օլյան և բոլորովին զարմացած ետ ու ետ գնաց։

— Մի անգամ էլ ասա «Վասյա», այդ քիչ էր... Ես քեզ հետ այլևս գործ չունեմ... ես քեզ չեմ սիրում, հասկացա՞ր, թե չէ... ես քեզանից զզվում եմ...

Եվ Բարսեղը նորից սկսեց քայլել ետ ու առաջ։

Օլյայի գլխին կարծես սառը ջուր ածեցին։ Նա մնաց այնպես, ինչպես որ կար, հետո հանկարծ բարձրաձայն հեկեկաց և դուրս վազեց սենյակից։

Չանցավ երկու-երեք րոպե, երբ մյուս սենյակից իրեն հատուկ ծանր քայլերով ներս մտավ Դարիա Կիրիլովնան, որին հետևում էր Օլյան դարձյալ հեկեկալով։ Բարսեղը յուր զոքանչին տեսնելուն պես ինքն էլ չհասկացավ, թե ինչու դողն անցավ յուր բոլոր անդամներով, և նա ակամայից կանգ առավ սենյակի մեջտեղում։ [ 422 ]

Դարիա Կիրիլովնան մի տեսակ գոռոզ հայացքով սկսեց նայել նրա աչքերին և ցույց տալով նրան յուր ձեռքում բռնած ինչ-որ թղթեր, ասաց հպարտությամբ.

— Վասիլի՛ Պետրովիչ, դուք մոռացե՞լ եք այս թղթերը...

Բարսեղը ճանաչեց այդ թղթերը.— դրանք այն պարտամուրհակներն էին, որ նա տվել էր այդ կնոջը...

Նա մնաց քարացած։